Աբովյան Խաչատուր՝   Պարապ վախտի խաղալիք

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец

ԱՐԱԲԵՔԸ

Արաբեքումը բարձած կճճներ
Գեղըցին կուզեր գնալ դարնըվեր:
Մեկել ձիանոնցն թողեց սարի գլխին,
Ուզեց՝ որ տանի առջևի արաբին:
Խելոք ձին նրան քամակին տարավ,
Որ չի գլորվի սելը, ղաստ արավ:
Սարի գլխիցը ջահել ձիու մեկն
Որ դեռ ոտներումն ուներ բոլոր խելքն,
Ամեն մեկ ոտը փոխելիս անճար
Ձիուն նախատեց, գժվեց չարաչար:
Թուք ու մուր ու ախպ նրա գլխին ածեց,
Ոտները քարին ծեծելով՝ ասեց:
«Հլա մեր գոված ձիուն նայեցե՛ք,
Աստված կսիրե՛ք, ի՞նչպես ա, տեսե՛ք,
Գորդի պես գետնին կպել, ճապաղել,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ամա՜ն, քիչ մնաց մեկ էլ
Էդ քարին դիպչի: Ծո՛ւռն է, թե՛ք, ա՜խ՝ թե՛ք:
Ղոչաղ կա՛ց, ղոչաղ: Տո մի մտիկ արե՛ք:
Մեր եզը յաբուն քարին կպավ էլի,
Ա՜յ էդ հաստ գլուխդ փորըդ պրծնի՛:
Ձախ դհիդ վրա՝ ա՞յ տնով քանդված.
Տո է՛շ անասուն՝ ի՞նչ ես մոլորված
Մնացել էդ տեղ: Սարն ըլիս գնում,
էհ էլ գիշերը, ո՞վ կըլի զարմանում:
Թե չէ դարիվեր, էն էլ ցերեկը՝
Ի՞նչ դժար բան ա, թո՛ղ ասի մեկը:
Մտիկ անելիս՝ սիրտս պատռվում ա:
Թե քեզանում էլ ուրիշ հունար չկա:
Ջուր կկրեիր՝ չա՛ռլամիշ էլած,
էդպես սրսգալով՝ չէիր գնալ ցած:
Թե սրեն մեզ գա՝ ապա համբերի՛ր,
Ի՞նչպես կթոչինք, դու դարդ մի՛ անիր:
Վախտ չենք կորցնիլ, մեր վրի բեռը
Չէ թե կքաշենք, կվազինք դարնըվեր»: —
Էս տեղ շունչ քաշեց, դոշը դուզ ցցեց,
Ու ճամփա ընկավ, ջուր տու քշի արեց:
Հենց իր տեղիցն թռավ, ընկավ դարնըվեր,
Բեռը լխլխկաց, սելը դես ու դեն՝
Մեկ առաջ քցեց ձիուն, մեկ եդը:
Ճարը որ կտրվեց, մեր ղոչաղ էս ձին
Չորս ոտն վեր առավ. հա՜յդե՝ գնաց քեֆին:
Աստված հաջողա՛ նրա բանն՝ ախպեր՝
էլ ի՞նչ եդ պատմեմ նրա տիրոնչ ցավերն:
Քարով, քարափով ընկավ ջարդվելով,
Չափ քցեց ու զու քաշեց՝ գնալով՝
Ընկավ չորս ոտովն մեկ խանդակի մեջ,
էլ ի՞նչ կմնար սաղ սալամաթ հեչ:
Գլուխդ ապրի՛՝ կճճնե՛րի տեր.
Էլ ի՞նչ կանեն քեզ նրանք ախր խեր:
Էս աշխարքումն էլ էս ջուոա մարդիք
Շատ կան: Իրանցից ունին մեծ կարծիք:
Ուրշի արածին միշտ չեն հավանում,
Բայց երբ որ բանը իրանց է մնում,
Ձուկն ու մածունը իրար են խառնում,
Տասն էնքան՝ բանը խժժում, մժժում: -

ՃԳՆԱՎՈՐՆ ՈՒ ԱՌՋԸ

Հարկավոր տեղը լավություն անիլ
Խիստ շատ լավ բան է. Էս ո՞վ չի ասիլ:
Ամա ամենի ձեռիցը չի գալ.
Վա՜յ նրան՝ որ գժին կուզի յախեն տալ:
Խաթրապահ հիմարն թշնամուց վատ է,
Փորձանքի կտա, հառաջ, հետո թե:
Ժամանակավ մեկ սարում, կորած տեղ
Մեկ մարդ էր կենում անտուն, ու անգեղ:
Մենակ կենալը խելքից կհանի,
Քիչը յաբանի տեղն կհամբերի:
Իր սրտի հալը ամեն մարդ կուզի
Ընկերին ասի, որ շատ չտանջվի:
Թո՛ղ ասեն՝ բաս էն չայիր չիմանը
Էն ձորի կանաչն, էն ծառաստանը,
Էն շվաք տեղը, սաոն աղբյուրն, հովը,
Ծաղիկների հոտը, դշերի քովը՝
Ի՞նչ տեղ կա, որ մարդ սիրտը բաց անի,
Շատ լավ՝ խոսք չունիմ, ի՞նչ ասիլ կուզի:
Բայց էլի մարդի սիրտը տրաքում է,
Երբ զրից տվող չունի, մենակ է:
Էսպես էլ մեր խեղճ ճգնավորի սիրտն
Շատ էր նեղանում, որ մարդ չկար մոտն:
Ընկավ նա մեշեն, որ ընկեր ճարի,
Հետը ճանաչվի, օրը անցկացնի:
Մեշեն ու իսա՜ն:
Արջն ու գելն ի՞նչ են, թե որ ռաստ գան:
Էսպես էլ էլավ, մեր ճգնավորին
Մեկ արջ ռաստ էկավ, խոր մեշի միջին:
Ի՞նչ պետք էր արած՝ գդակն վերցրեց,
Գտած սիրելուն խոր գլուխ տվեց:
Արջն էլ իր թաթլուկն դեմ արեց նրան:
Ին՞չ գլուխ ցավացնեմ: Հենց իրար տեսան,
Բարով տվին, առան, բարեկամ դառան,
Սիրտներն կպան, էլ ո՞ւր հեռանան:
Սաղ օր իրարից չէին բաժանվում:
Թե ընչից խոսում, ի՞նչ զրից անում,
Ի՞նչ առակ ասում, ընչո՞վ պարապում,
Կամ ի՞նչպես իրար միտքը իմանում,
Մինչև էս օր էլ էս ինձ չէ հայտնի:
Ընչի՞ սուտ ասեմ, որ հոգիս տանջվի:
Ո՛չ ճգնա՛վորն էր շատախոս անչափ.
Արջ ախպորն էլ հո՝ մորուց լեզուն կապ.
էսպես նրանց բնիցն կռիվ լիս ընկավ,
Ինչպես որ ըլեր, ճգնավորն ասավ,
Թե գանձ է ճարել նա իր ընկերումն:
Արջի եդևիցն ընկած նա մեշումն:
Աոանց նրան սիրտը հեչ չէր դիմանում,
Ի՞նչպես գովի նրան, ինքն էլ չէր գիտում:
Մեկ օր էլ նրանց մտքովն անց կացավ,
Հենց հավեն մի քիչ որ չի տաքացավ,
Կանաչ ու մեշա նրանք դուս էկան,
Սար ու ձոր ու ջուր ընկան, հովանան:
Բայց չունքի մարդը տկար է արջից,
էսպես ճգնավորն աոաջ նրանից
Բեզարեց ճամփին ու մնաց եդը,
Ընկերն հենց տեսավ, խոսեց նրա հետը:
«Քնի՛ր՝ ա՛չքի լիս՝ մի քիչ դինջացի՛ր.
ես քեզ կպահեմ, հեչ դարդ մի՛ անիր»: —
Արջի խոսքը նրա անկաջը մըտավ,
Արշտոտաց, պարկեց, քունը տարավ:
Ղարավուլն արջն էր, պարապ չնստեց:
Քոռաղադինա մեկ ճանճ վրա վազեց:
Արջը ընկերին դինջ՝ հով էր տալիս,
Աչքը երեսը քցած՝ նստելիս:
Ճանճին հետ ածեց, թշի վրա նըստեց,
Էլի որ քշեց, քթին նա ծրտեց:
Քիչ քիչ կատաղեց, էլ չուզեց փախչի,
Ինքն իրան ասեց ասանց մեկ խոսքի,
Թաթլուկը լիզեց, անսաս պպզեց,
Շուն < չ>ը փորն առավ ու խոր՝ միտք արեց
«Ես քեզ կթռցնեմ»: Ասեց, «համբերի»:
Ճանճը հենց էկավ ճակատին նստեց,
Ինչքան զոռ ուներ, մեկ քար վերցրեց:
Ու ղոյմաղոչում հենց տո՛ւր, թե կտաս,
էնպես վրա բերեց քարն, ու մունջ, անսաս,
Որ ճգնավորի ջարդեց ճակատը
Ջախըփուրթ արեց, ջնջխեց գագաթը:
Ընկերի հոգին վա՛ղ էր տեղ հասել,
Բայց ախմախ արջը դեռ կուշտը կտրել,
Հով տալիս նրան, որ անոշ քնի,
Բայց քուն ու երազ մեռլին ի՞նչ կանի:
Մեռելն իր տեղը, արջը իր մերին՝
Բարեկամ էկան, բարեկամ գնացին: —

ԱՌԱՍՊԵԼՔ

ԱՆՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԷՇԸ

Ձին հանկարծ իշին մեկ տեղ ռաստ էկավ,
Ճամփեն շատ նեղ էր, անց կենալ չէլավ:
Ձին կարծեց՝ թե էշն իրան պատիվ կտա,
Բալքի ինքն իրան ճամփից դուս կգա:
Բայց ի՞նչ տեղ էր էշն մարիֆաթ առել,
Կոպիտ ծնվել էր, կոպիտ մեծացել:
էնպես դունչը դուզ՝ ձիու վրա գնաց.
Ձին քաղաքավարի ղոդուղին ասաց:
«Չի՞ լինիլ, մի քիչ դու ղրաղ կանգնիս,
Որ ինձ տեղ ըլի, դու էլ ճամփա գտնիս:
Կամ թո՛ղ տուր, որ ես էլա առաջ գնամ»: —
Բայց իշի ուշը երբ ա մեկ անգամ
Էնպես անոշ խոսք մտել, տեղ արել,
Ոտն ու պոչն սկսեց դհա պինդ ցցել,
Ձիուն տեղ չտալ ու ճամփեն կտրել:
Ձին որ էս տեսավ, ինքն ղրաղ կանգնեց,
Մեր փաշա իշին համեցեք արեց:
«Չեմ ուզում, ասեց, քեզ պատվից քցեմ,
Ու քո իշության փառքիցն քեզ զրկեմ»: —

ԱՆՑՎՈՐԱԿԱՆՔՆ ՈԻ ՇՈՒՆԸ

Իրիկնադեմին մեկ ղրաղ քուչով
Երկու մարդ իրար հետ զրից տալով՝
Անց էին կենում, մեկ էլ էն տեսան,
Դռան շեմի տակիցն մեկ շուն հենց բիրդան
Ծղրդաց, իսկույն վնգվնգալ սկսեց:
էս ձենի վրա սաղ քուչեն լցվեց.
Հիսունից ավել՝ շներ մոտ էլան,
Մեր անցվորների գլուխը տարան:
Մեկը կռացավ՝ որ քար վերցնի,
Մյուսը ձեռիցն բռնեց ընկերի,
«Սի՛րելի՝ ասեց՝ տեղըդ ծանր կա՛ց,
Շան փեշակն ա, որ հաչի հանապազ:
Քարով դու շանը ճամփա չես բերիլ.
Թե չես ուզում նրանց դհա կատաղացնիլ,
Գլխըներս առնի՛նք, գնանք մեր բանը.
Թե չէ քար քցիլն կօգտի շանը»: —
Իրավ մի քիչ տեղ որ չի հեռացան,
Շներն էլ անսաս քաշվեցին բիրդան:
Բերանը պատռած հայվարա մարդի
Փեշակն է՛ն ա, որ մեզ վրա հաչի:
Բայց դու քու ճամփեն՝ դուզ բռնի, գնա՛լ
Կհաչի, կըհաչի, էլ եդ կդինջանա:

ԱԼԱՊՍՏՐԱԿԸ ՖՈՐՍ ԱՆԵԼԻՍ

Մեկ թաբուն գազան մեկ տեղ թոփ էլան.
Արջին բռնեցին, մեկ դուզ չոլ տարան:
Հոգին հանեցին, կաշին քերթեցին.
Ինչքան ուժ ուներ, ամենն իր քեֆին
Մեր լուսահոգի արջին քրքրեցին:
Որդիանց որտեղ՝ նալա՛թ սատանին,
Ալապստրակն էլ հենց էն հադաղին,
Ծուռ անկաջները խլըշացրած,
Արջի անկաջի ծերիցը բռնած՝
Քաշում էր, որ նա էլ իր փայն հանի,
«Ախ դու թոփալ կաղ», տվին ձեն ձենի:
Մեր գազանները ու վրա թափեցին:
Դո՞ւ ինչ տեղից ես խառնվել մեր միջին,
Քեզ ֆորս անելիս՝ ախր ո՞վ ա տեսել»: —
«Տո ի՞նչ եք ասում», սկսեց խոսիլ:
«Բաս աստված չո՞ւնիք, որ չեք մտածում,
Թե ես չըլեի, դուք հեչ ձեր օրումն
Սրան կտեսնեի՞ք, որ քեֆ եք անում:
Ե՞ս չի մեշիցը սրան դուս խռկեցի,
Ու թո՛ւշ էս տափը՝ ձեր առաջն արի»: —
Լավ տեսան, որ էլ ինչպես էր փչում:
Քեֆըներն էկավ սրա էս խոսքում:
Արջի անկաջի ծերը կտրեցին,
Ու բաժին տվին մեր Ալապստրակին:
Յավա մարդի վրա շատ ծիծաղին էլ,
Էլի նրա բաժինն չեն պակսացնել:

ԿԱՏՈՒՆ ՈՒ ՄՈՒԿԸ

«Ընկել եմ ձեռըդ՝ դե ուտում ես, կե՛ր,
էլ ի՞նչ ես խառնում իմ դառը ցավեր:
Գիտեմ, որ իմ վերջս էս օր հասել ա,
Խեղճ ձագս իր բնումն անտեր պետք է մնա»:
Ասեց մեկ խեղճ մուկն անիրավ կատվին,
Որ չանգել նրան դրել էր առաջին:
«Մկամ ուտիլն ա մենակ իմ ուզածն»,
Պատասխան տվեց կատուն չարացած:
«Ամեն մեկ ձենդ, էդ քաղցր ծվծվալդ
Որ անկաջս ընկնում, ու էդ թուլանալդ
Տեսնելիս՝ սիրտս էնպես ա ցնծում,
Հենց իմանում եմ, նո՛ր կյանք եմ ստանում»: —
Անգութ անիրավ իսանի սրտին
Ուրախություն է տանջիլն ընկերին: —

ԵԶՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Մեկ չաղ շուն ընկած ախոռի մոտին,
Հով տեղը ձգված՝ անսաս, իր քեֆին,
Իր սիրուն օրը անց էր կացընում.
Որ մեկ խեղճ եզը իրիկվան մթնումն
Հանդիցն էկավ տուն ու գոմը մտավ,
Բերնի ջուրն գնաց, խոտը որ տեսավ,
Շատ բանելուցը ոսկոռն ու կաշին
Իրար էին կպել: Ու խեղճն էս հալին
Մոտացավ, մի քիչ բերանն ե՛մ քցի,
Շունը մռռաց, չթողեց, որ ուտի:
«Տո անիրո՛վ դու՝ քեզ ի՞նչ ա պակսում»,
Ասեց մեր եզը. «Դու է՞լ ես հաչում:
Սաղ օրը հոգիս արևի տակին՝
Հանդը վարելիս կրակի առաջին՝
Հո դուս է գալիս: Ու դու քեզ համար
էս շվաք տեղը ընկած մուղարար,
էնքան ես ուտում, խմում, քեֆ անում,
Որ հենց էն ա հա՝ ճաքում ես տրաքում:
Ի՞նչ քո խարջ բան ա էս չորացած խոտն.
Որ չես ուզում ես էլա գնամ մոտն»: —
Ա՜խ, ով չի գիտի՝ նախանձոտ մարդի
Աչքը կրակ ա ու սիրտը լեղի:
Լավ օրըդ տեսնի, սիրտը կտրաքի,
Վատդ լսելիս՝ մի թիզ կըեղվի: —

ՋՂԱՐԻ ՇՈԻՆԸ ՈԻ ՖԻԼԸ

Քուչեքանցովն մեկ ֆիլ էին տանում,
Որ ցույց տան էնպես էր բանն երևում:
Ո՞վ չի գիտի ֆիլն հրաշք է մեր կողմերն:
էսպես եդևիցն հազարն ընկել էր:
Ով բանից փախած՝ հայվարա մարդ էր
Որդիանց որտեղ մեկ պստիկ շուն էլ
Ռաստ էկավ թե չէ՝ սկսեց հաչել,
Վրա թռչիլ, կոնձալ, բողազը ճոթռել
Էսպես կռվելով՝ հետը քաշ ընկնիլ:
«Ա՛չքի լիս՝ կտրի ձենդ ու անսաս կաց:
Չե՞ս ամաչում՝ որ երեսդ պատռած,
Քաշ ես ընգել դու, քեզ ու քեզ սպանում:
Ախր ի՞նչ քո բանն ա տո ջանմ, գյոզմ:
Չափդ ճանաչես, քո գլուխդ լաս:
Լեղիդ հո պատռեց, հերի՞ք չի գոռաս:
Չե՞ս տեսնում, որ դու խռռում ես, ճաքում,
Ֆիլն իրան համար՝ իր ճամփեն գնում:
Քո հաչալը նա բանի տեղ չքցում»: —
Նրան մեկ ուրիշ շուն խրատ տվեց: —
Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ՝ նրան պատասխան տվեց
Մեր պստիկ շունն, ու էլ սազն սկսեց:
«Հենց է՛դ ա սրտիս շատ ղվաթ տալիս.
Որ առանց կռվի անունս լսելիս
Մեր հարևանի շները կասեն:
Տե՛ս՝ Զղարի շունն ի՞նչ ղոչաղ շուն ա
Որ ֆլի վրա էլ հաչիլ կարում ա»:
Բազի քնձոտ մարդ էլ է՛ս ա ասում,
Երբ մեծ մարդի վրա նա իր ձին քշում: —

ԾԱՌԸ

Մեկ ծառ մեկ ձորում էր բհամ էկել:
Մեկ օր սկսեց տրտնջալ, ասել,
Թե ընչի՞ չի ինքն մեկ սարի ծերի
Դուս էկել, որ նրան ամենն էլ տեսնի:
Հենց է՛ս էր ասածն ցերեկ ու գիշեր.
Համը որ տարավ, աստված ի՞նչ աներ:
Նա կուզի աշխարքն միշտ խաղաղ մնա,
Որ չէլավ ծառի մուրազն էլ տվեց նա,
Ու նրան ասեց:
«Շա՛տ բարի՝ քո տեղն՝ կասեմ՝ որ փոխեն,
Թո՛ղ սիրտդ հովանա, գանգատ ինձ պետք չեն»:
Իսկույն գետնիցը կրակ դուս էկավ,
Ձորը սար դառավ ծառը բարձրացավ.
Ջանը դինջացավ,
Աչքը սկսեց չորս կողմը քցել,
Իր բախտի վրա քեֆը քոք անել:
Ի՞նչ պատահեցավ. Էլ ինձ չի հայտնի:
Աստված բարկացավ մեշին բիրադի,
Բոլոր քամուն՝ թունդ տվեց հրաման,
Ինչքան մեշեք կան, անեն քոքըհան:
Կատաղած քամիքն վրա թափեցին,
Սար ու ձոր իրար տվին, ջարդեցին.
Դող ընկավ մեշեն, ճուխկ ասես, տերև
Ջախըփուրթ Էլան, լցվեցին մեկ խև:
Ամենն իր սև օրն սկսեց լաց ըլիլ՝
Բայց երկնքիցը քոմակ չէր հասնիլ:
Ճուխկ ու կոխք ջարդված, քոք ու տակ ցրված՝
Միտք արին ծառերն՝ սարի վրա բուսած:
«Երանի՛ նրանց՝ որ ձորի միջին
Ա՜խ՝ դուս են էկել ու էլ դարդ չունին:
էն սա՝ռն աղբրի, էն հով շվաքի,
Էն կանաչ խոտի, ու սիրուն ծաղկի
Վրեն ու միջումն՝ չորս կողմը բռնած,
Դինջ, անմեղ խնդան արևովն իրանց:
Ո՛չ քամին նրանց ձեռը կխփի,
Ո՛չ արև՝ քոքն ու տերևներն կէրի:
Խոսքը դեռ կիսատ: Էնպես թափ տվեց
Քամին՝ որ նրանց քոքըհան արեց:
Ի՛նձ վրա եմ ասում էս պարզ աոակը:
Ի՞նչ հարկավոր ա մարդիս՝ թագ, պսակը,
Քանի ցած է տեղդ ու միտքդ հանդարտ,
Էնքան քեզանից հեռու փորձանք, դարտ:
Ա՜խ՝ մի՛ ցանկար, մի՛՝ հոգվույս սիրելի,
Որ բարձր պատվի հասնիս բիրադի:
Պատիվն, պատուհասն՝ որդի են մեկ մոր՝
Փուչ կանեն՝ սիրուն արևդ ու քո օր:

ԳԵԼՆ ՈԻ ԳԱՌԸ

Ով զոռ ունի, հենց անճարի գլխին
Է քացի տալիս, հանում աչքն, հոգին:
Իր արած մեղքն էլ նրա վզին դնում:
Օրինակ շատ կա էս մեր աշխարքումն:
Գառը մեկ շոք օր աղբրի վրա
Ջուր էր խմում, որ քոռաղադինա
Մեկ սոված գել էլ ՝ էն կողմը կամաց
Հոտ առավ, էկավ գառին մոտացած:
Բայց էլի բանը օրենքով ուզեց
Բռնի, ու հանկարծ գառին ձեն տվեց:
«Հա՞ յ դու անզգամ, վատթար կենդանի,
Ի՜նչպես սիրտ արիր՝ իմ խմելու ջրի
Համն ապականել, էսպես պղտորել՝
էդ մուռտառ դնչովդ՝ էսքան ախպ, զիբիլ
Սրա մեջը խառնել, իշտահս կոտրել:
Նայի՛ր՝ թե ի՞ նչ դառն օրի կհասնիս,
Գլուխդ որ չուտեմ, ե՞րբ կպրծնիս»: —
«Քո գլխիդ ղուրբան՝ մեղքս ինձ բաշխի՛ր,
Արածս լավ տե՛ս, հետո ինձ պատժի՛ր:
Քո ջուրն պղտորիլ ի՞նչպես կարող եմ,
Հարիր ոտ հեռու քեզանից ցած եմ:
Իմ հադդս ի՞նչ ա, որ էդ բանն անեմ,
Ու քո մեծության աչքիցը ընկնիմ».: -
«Թշվա՛ռ՝ ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,
Էդպես լիրբ՝ բերանդ ի՞նչպես ես ցրվում:
Էս թողանք, անցած տարին դո՞ւ չէիր,
Որ ինձ՝ հենց է՛ս տեղ փիս խոսք ասեցիր,
Սիրտս կոտրեցիր:
Հենց գիտես, էստոնք ես մոռացե՞լ եմ,
Ու դրա ջիգրը մեկ օր հա՞նիլ չեմ»:
«Տե՛ր իմ և Աստված՝ էս ի՞նչ լսեցի,
Տարիս թամամ չի. քեզ ո՞նց վնասեցի»: —
«Բաս քո ախպերն էր»: — «Ախպեր էլ չունիմ»: _
«Բաս խնամիդ, կամ կնքահերդ էր: — Իմ
Ասածս ասած է, ինչ որ էլ անես,
Ազգականներիդ մեկը կըլեր: Ես
Կարճ՝ քեզ ասում եմ, որ թե դու, թե ձեր
Չոբանն ու շունը. բոլոր նոքարներ
Իմ թշնամին եք, արինս եք ուզում,
Որ խմեք, ու էս կանաչ տեղերումն
Ձեր քեֆին ման գաք, մեզ փչացնեք.
Բայց դուք մեր հունարն հլա տեսել չեք:
Աստված է էս օր քեզ իմ ճանկս քցել,
Բոլորի մեղքն էլ քեզանից ուզել»: —
«Ե՞ս ինչ եմ արել, որ ինձ ես բռնում»—
«Կտրի՛ր՝ ա՛նգամ, ձենդ, քե՛զ եմ ասում:
Գլու՞խ ունիմ, որ քեզ հետ չանա տամ,
Քո արածն է՛ն ա, որ ես էս անգամ
Սոված ըլելով քեզ ձեռք եմ քցել,
Ուզում եմ ուտել, փորս կշտացնել:
Ի՞նչ իմ բանն ա, որ նստիմ, քննեմ,
Կամ մեղք հարցնեմ, կամ քեզ ազատեմ»: —
Ասեց ու գառի վզիցը բռնած՝
Քաշեց մութ մերին, ատամներն սրած:

ԱՌՅՈԻԾՆ ՈՒ ՄՈԾԱԿԸ

Խղճի վրա մի՛ ծիծաղիր,
Անճարին մի՛ վիրավորիր:
Խեղճ մարդն էլ շատ անգամ քեզ էնպես
Կկծի, որ կմնաս սևերես:
Քո գլխին շատ էլ մի՛ հավատար,
Լսի՛ր էս մասալեն, անկաջդ ա՛ռ:
Էսպես պատահեց, առյուծ թագավորն
Մոծակի սիրտը խիստ խոցեց մեկ օր:
Մոծակ շահզադեն մարսիլ չկարաց,
Կռիվ բաց արեց՝ հաքված, հազրված:
Կռվողն էլ ինքն էր, շվի ածողն էլ,
Թոփն էլ վրեն հազիր, յարաղ, ասպաբն էլ:
Բզզալով թռավ թշնամու վրա:
Առյուծ փադիշահն հենց իմացավ նա
Հանաք էր անում, վրեն ծիծաղեց,
Սայմիշ չարեց նրան, ու մնաց նստած:
Մոծակն ի՞նչ կաներ էս հալին հանաք:
Մեկ՝ թիկունքիցը, մեկ՝ անկաջ ու աչք
Սազ ածելով՝ նա ծակում էր, դաղում,
Առյուծն եռալիս՝ վեր կենում, թռչում:
էլ եդ վախտ, ֆռսանդ հենց որ ճարում էր,
էլ եդ վեր գալիս, միսը պոկում էր:
Առյուծի ջանը որ շատ կրակ ընկավ,
Պոչովը ղամշեց: Էլ եդ ճար չէլավ:
Ղոչաղ մոծակը արնի համն առած՝
Սիրտն էլ նեղացած՝ էնպես բարկացած,
Թուշ էկավ, նստեց ճակատի վրա,
Ա՛րինը ծծեց տզրըկի պես նա:
Անճար առյուծը շատ էլ զոռ արեց.
Յալը թափ տվեց, գլուխը շարժեց:
Բայց դու ո՛չ մեռնիս: Մոծակն իր քեֆին
Նստած՝ մեկ՝ քթին, դնչին, անկաջին
էնպես էր զարբում, որ հոգին հանեց:
Առյուծի ճարը հենց որ կտրվեց,
Պարկեց գետնի վրա, սկսեց գոռալ,
Ջանն առել էր ցավն, ի՞նչպես լար իր հալն:
Դեմն ատամներն էր նա ղրճտացնում,
Դեմը գետինը չանգռում ու պոկում:
Գոռոցն ընկել էր մեշա, ձոր ու սար,
Թև, ոտ ունեցողն հո սասանահար
Գլուխն առել, կորչում լալով, դողալով:
Հենց բռնես մեշեն բռնած՝ կրակով
Վառվում ըլի, կամ ջրհեղեղ գալիս:
Նոր հասած ետին վերջը աշխարքիս:
Բայց ո՞ւմ հունարն էր էսքան ղալմաղալ
Մոծակին, որ չի կարաց դիմանալ:
Առյուծն սկսեց գոռալ, մռնչալ,
Գետնի վրա չոքիլ, նրան մեղա գալ:
Խնդրեց, որ իրան հանցանքը բաշխի,
Ու մեջըները հաշտություն ընկնի:
Մոծակն առյուծի հալը տեսնելով,
Մեղքն էկավ, հաշտվեց, նրան ներելով:
Ջիգրը հանած ու սիրտը հովացած,
Թշնամուն էնպես քարովը տված,
Ընկավ սարեսար՝ ինքն իրան բերնով
Պատմեց իր արածն, գլուխը գովելով: —

ԱՐՏՈԻՏԸ ԻՐ ՁԱԳԵՐՈՎԸ ՈԻ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ

Առակ է ասած: — Ընկերիդ խոսքին
Հավատա՛, էլի պինդ կա՛ց քո բանին:
Շատ դրուստ խոսք է, օրհնվի բերանն,
Որ էս ասել ա՝ բաս լսե՛նք առակն:
Գարունքն որ բացվեց, Ղրերն քաղցրացան,
Սար ու ձոր ծաղկեց, դաշտք ու անդաստան
Իրանց զարդարանքն հաքան, զուգվեցան:
Ծաղիկ, հոտ ու հով ամեն տեղ առան:
Ամենն էլ ուրախ ձեն ձենի տվին,
Արջը մերումը, ձուկն ծովի տակին,
Ղշերն հանդերումն, սարերի գլխին
Իրանց արևի վրա խնդացին:
Չգիտեմ՝ կամ ո՞վ էր, թե հենց զոռով.
Մեկ արտուտ թռչուն քեֆին նայելով.
Թռչում էր, գնում, ման գալիս սիրուն,
Էլ չէ՛ր մտածում, թե էկել էր գարունն:
Քիչ էլ որ մնար, պետք էր անց կենար:
Վերջը նրա էլ բնությունը քաշեց,
Սիրտը ուզեց, որ որդոց մեր դառնար,
Ձագերն եդևին քցեր ու ման գար:
Ղշին ի՞նչ պետք էր շատ մեծ թադարեք,
Ո՛չ տուն կուզի նա, ո՛չ մեծ թանթանեք:
Բուն դրեց հարդումն, ձու ածեց, նստեց:
Մեկ քանի օրից հետո ճուտ հանեց:
Ցորենը հասավ, հնձի վախտն էկավ,
Բայց ձագերի դեռ օրը չհասավ,
Որ թռչին, գնան, ուտելիք ճարեն,
Մորն էին նայում, կուտ բերի, ուտեն:
Մեկ օր էլ որ մերն բնիցն հեռացավ,
խրատ տվեց նրանց, ու էնպես թռավ:
«Մնա՛ք բարովի ասեց՝ իմ ազիզ որդիք,
Կացե՛ք դուք էստեղ, նաբաթ ա՝ մարդիք
Թե գալու ըլին, որ հարդը հնձեն,
Իմացե՛ք՝ նրանք ինչ խոսին, ասեն:
Ու ինձ ասեցե՛ք, ուրիշ տեղ ճարեմ,
Հմիկ գնում եմ, որ պաշար բերեմ»:
Հենց նա դուս գնաց, հարդի տերն էկավ,
Ցորնին մտիկ արեց ու որդուն ասավ:
«Հարդը հասել ա, դու էլ ես տեսնում,
Հասկի ճիթը կախ մեր ցորենի միջումն:
Էլ վախտ չի կորցնես, Էքուց կգնաս,
Մեր բարեկամներին իմացում կտաս,
Որ գան մեր հանդը, մեզ քոմակ անեն»: _
Հենց խեղճ ձագերը իմացան էս ձենն,
Լվլվացին ու անսաս վշվշացին:
Ա՜խ՝ ո՞ւր ես մեր մեր, ի՞նչ տեղ՝ ասեցին.
Արի՛, դու հասի՛ր, ա՜խ՝ մեր հավարին»:
«Ի՞նչ ա պատահել», մերը հարցրեց:
«Ի՞նչ պետք է ըլի, հանդի տերն ասեց,
Բարեկամներին որդին գնա, կանչի,
Որ էքուց հարդը հնձվի, պրծնի»: —
«էլ ոչինչ չասե՞ց», մերը հարցրեց: —
«էստուր համար դուք հեչ դարդ մի՛ անեք:
Թող լիսը բացվի, հետո իմացե՛ք:
Էս ձեր կերակուրն, կերե՛ք, կշտացե՛ք,
Որդիք, ու պարկինք: Դուք հաց կերել չեք»: _
Ինչպես որ էլավ, նրանք կտկտացրին,
Գլուխ գլխի տված մոր թևի տակին
Կուչ էկան ու շուտ աչքը խփեցին:
Օրը լուսացավ, բարեկամ չէկավ,
Ղուշն էլի պաշար բերելու թռավ:
Ու խեղճ երկրագործն էլ իր Հանդն էկավ:
Ժաժ <եց> գլուխն, որդուն էլ ասավ:
«Հեռու բարեկամն, մոտիկ ազգականն
Ի՞նչպես մեկ կըլին՝ որդի՛ սիրեկան:
Աստծու անունը տո՛ւր, Էքուց գնա՛,
Հորախպորդ ու մեր խնամուն ասա՛»: —
Ղլվլոցն ընկավ մեր ձագերի մեջ.
Էլի իրանց մորն ձեն տվին՝ որ հենց
Էն սհաթին եդ գա, իրանց ճար անի:
«Ա՜խ՝ մեր ազիզ մե՛ր՝ արի, ա՜խ՝ արի՛:
Ազգականներին որդին գնաց բերի»:
«Հե՛չ ձեն մի հանե՛ք», մերն պատասխանեց:
«Մի էլ վախենաք ամենևին հեչ:
Աստված հիշեցե՛ք ու էս տեղ կացե՛ք.
Թո՛ղ օրը բացվի, հետո դուք տեսե՛ք,
Ազգականն էլ իր դարդը կունենա:
Մուխանաթ մարդի մհանեն շատ ա:
Երրորդ անգամը տերն իր հանդն էկավ:
«Ամա՜ օյին են գալիս մեզ», ասավ:
Շա՛տ բարի՝ էս թո՛ղ մեզ խրատ ըլի,
Որ ումուդ չանենք էլ ուրշի խոսքի:
Ու մեր սրտումը լավ տպավորենք:
Որ մարդիս ախպերն, բարեկամն ինքն ա,
Գնա՛՝ սի՛րելի՝ մորդ ու քվերդ ասա՛,
Որ մանգաղն առնին, էքուց հանդը գան,
«Վա՜յ նրանց՝ որ այլոց ապով կմնան»: —
Արտուտն որ լսեց, ձագերին կանչեց
«Հիմիկ վախտն էկավ, որ գնանք», ասեց:
Ձագերն էլ իսկույն մոտ էլան գլխին,
Առաջին անգամն թևեր բացին
Ու մոր եդևիցն ինչպես որ էլավ,
Հանդիցն դուս էկան քիչ քիչ բարձրացան
Ու թռռալով, ու ճռվղալով
Ու ծլվլալով, ու ճթճթալով
Ծվալով, գվալով
Արտի վրովը գնացին, անց կացան,
Հասան ամպի տակն, աչքից հեռացան:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец