Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Վա՛րդան ջան, արևիդ մեռնիմ, մի՛ լար, քո արտասունքը սիրտս էրում, խորովում ա: Մի՛ լար, էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան: Քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա ա, սրբի՛ր աչքերդ: Մկամ քեզ որ օրհնեմ, ես պտի մեռնի՞մ. քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չե՛մ գովել ու երեսդ երեսիս, աչքերս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել: Արի՛, ո՜րդյակ իմ. արի՛, հոգի՛ իմ. իմ տան սին, իմ կենաց գավազան, իմ օրհնությունը հոր օրհնություն ա: Հոր ձենն աստված թեզ կլսի: Արի՛, քեզ օրհնեմ. , վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը, մյուս տղերքանցս սիրտն ա՛ո, քեզ պահի՛ր: Աստված էս ձեոը, որ մինչև էսօր մեկի մազի չի դիպել, չի թուլացնիլ: Դուք ինձ համար աղոթք արե՛ք ձեր արդար բերնովը: էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ. արծիվը երկնքիցը վեր կբերենք:

Տե՛րտեր ջան, Պահպանիչդ ասա՛, ավետարանը կարդա՛, մեկ կարճ աղոթք անե՛նք, աստուծո էս սուրբ երկնքի տակին, բալքի թե դհա շուտով մեր ձենը առ աստված հասնի: Երեխե՛ք, չոքեցե՛ք, ծունր դրե՛ք, ձեր՝ էս սհաթի ամեն մի շունչը Աբելյան պատարագի պես երկինքը կվերանա. հանեցե՛ք թրըներդ, թո՛ղ տեր հայրն օրհնի:

Տան կտրներին, հայաթի միջին,
Դաշտի երեսին, հողի բաց դոշին,
Երկնից առաջին, աստղերի տակին
Նրանք չոքեցին, նրանք կանգնեցին:
Էրեխանց ձենը, տղայոց լացը,
Ծնողաց սուգը, նրանց մաղթանքը
Իրար հետ խառը երկինքն վերացան:
Հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ:
Մութն ու խավարը քիչ-քիչ հեռանար,
Լիսն ու արևը ծանր մոտանար:
Երկիրը նրանց արաասունքը սրբեց,
Երկինքը նրանց աղոթքը լսեց.
Ուրախ երեսոք տեղից վեր կացան.
Տերտերի ձեռը, խաչն, ավետարան
Ճակատին դրին նրանք, համբուրեցին.
Ձեռ-ձեռի տված՝ իրար սիրտ դրին,
Աչքները սիրով երկինքը քցեցին.
Թե մահ էլ, թէ կյանք նրանց հանդիպին,
Իրար հետ ապրին, իրար հետ մեռնին,
Իրար հետ արին թափեն ու կռվին,
Իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին:
Ահ ու տխրություն էլ չէ՛ր երևում.
Երեսն արև՝ լիս դառած փայլում,
Արինն սրտիցը կրակի պես վառվում,
Հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում.
«Էլ մի՛ կորցնեք դուք ձեր ժամանակն,
Գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակն:
Սար ու ձոր հրեն ոտն են վերցրել,
Գալիս ձեզ վրա՝ ոտնատակ անել,
Բայց ձեր քաջությունն, երկնից զորությունն
Կարեն աշխարքումս թողալ ձեր անունն.
Թե սերն ու հավատն, հայրենյաց նախանձն
Որքան զորավոր են ու շնորհապանծ,
Որ մինն հազարին կարա խորտակիլ,
Երկուսը բյուրին՝ կոտրիլ, նվաճիլ»:
Ձեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց,
Օրհնություն առան, գնացին ի բաց:
Բայց անմեղ Վարդանն մինչև էն վախտը,
Շլինքը ծուռը, աչքերը գետնին՝
Մեկ հորը նայելով, մեկ լացը սրբելով,
Մեկ ա՜խ քաշելով, մեկ սիրտը բռնելով,
Խալխին նայելով, սուգը կուլ տալով,
Երկնքին աղոթքը, երկրին արտասունքը
Տալով, հանելով՝ մեկ ձեռը թրին,
Մյուսը հոր ուսին, հոր ճտովն ընկած՝
Լար ու մղկտար՝ աչքերը լցրած:
«Անուշ իմ դու հա՛յր, անգին բարերա՛ր,
Իմ կենաց տվո՛ղ, իմ հոգուս դու ճա՛ր.
Մկամ տո՞ւնն կարա իմ ոտը փակել,
Մկամ չե՞մ կարա իմ աչքը կապել:
Մի՞թե էս արինն ինձ դո՞ւ չե՛ս տվել,
Մի՞թե էս ջանը ինձ դո՞ւ չե՛ս բաշխել.
Կարե՞ն դինջանալ, ինձ հանդարտ թողալ:
Բանտումն էլ ըլիմ՝ ոտս բխովումն,
Մահն իմ առաջիս, սուրն իմ դոշումս,
էլ քեզ կուզեմ, որ ես իմ հոգիս տամ,
Ք՛ո ոտիդ տակին մեռնիմ, հող դառնամ,
Որ ես քո կողքումն, ա՜խ, չըլիմ կանգնած,
Իմ կյանքը քեզ չտամ, հոգիս քեզ առաջ,
Հետո քո ոտը երեսս կոխի,
Հետո բերանդ իմ հոգիս օրհնի:
Ա՜խ, հա՛յր իմ, հա՛յր իմ. քո ըմբրիդ մեռնիմ,
Աոանց քեզ մեկ օր թո՛ղ ես լիս չտեսնիմ.
Մեռնիմ՝ ինձ թաղի՛ր. ապրիմ՝ ինձ պահի՛ր,
Ինձ տա՛ր քո հետը, ինձ մի՛ սպանիր:
Տե՛ս, էս սուրը, որ ձեռիս բռնած եմ,
Առանց թշնամու իմ սիրտս կխրեմ.
Մինչև քո աչքի, քո տան առաջին
Հարիր թշնամի քեզ մատաղ չըլին.
Մինչև էս ձեռը քեզ գյուլլա քցողին՝
Հավի պես չմորթի քո ոտիդ տակին.
Մինչև էս թուրը հարիր թրավորի
Շլինքն առաջին կամ ձիու փորի
Տակին չջարդի, էլ ո՞ւր ես ծնա.
Իմ կերած հացը քթովս չի՞ դուս գա:
Չէ՛, հա՛յր իմ, հա՛յր իմ, քեզ մատա՛ղ ըլիմ,
Ինձ էլ տա՛ր հետդ, որ ես էլ կռվիմ:
Աշխարք իմանա, թե քաջ Վարդանի
Ցեղն ու բոլոր ագգն՝ անմահ, անվանի,
Հայրենյաց սիրուն, հավատի խաթեր
Պատրաստ են զոհ տալ իրանց կյանքն, օրեր»:

Սելավն վրա պրծավ, գլուխդ պահի՛ր, Վա՛րդ ջան. տուտը բաց էլավ, մնաս բարով, ղո՛ւրբան:

«Ինձ ո՛չ սելավի, ո՛չ թրի, թվանքի,
Ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնա ծովի
Չե՛ն կարող հաղթել, քեզանից խլել:
Տե՛ս, սֆթա Էկողն ի՛մ ֆորսս պտի ըլիլ.
Թե սելի տակիցն չե՛ս ուզում՝ կռվիմ,
Դուս կգամ դաշտը, մենակ կկանգնիմ,
Կընկնիմ նրանց մեջը կեծակի նման,
Դաղըթմիշ կանեմ, ինձ կտամ դուրբան:
Յա՛ արագահաս զինավոր Սարգիս,
Քեզ եմ կանչել, դու ղվաթ տո՛ւր ձեռիս»,
Ասեց պատանին՝ Վարդիկն Հայկազուն,
Ոտը վեր քաշեց թվանքի ու իսկույն
Ական թոթափել՝ թշնամու գլուխն
Ձիու ճտովն ընկավ, լիսը բացվեցավ:
Կամեցավ երկինքն՝ ամպերն հավաքի,
Որ էս դառն վիճակն բնավ չտեսնի,
Բայց արեգակի լիսն, քամու թևն
Առան, տարան նրանց սարերի ետևն,
Որ տեսնին Հայոց քաջության հանդեսն,
Թշնամու հաղթվիլն ու նրանց սև երեսն:
Ինպես կատաղի գազան՝ Հասան խանն
Թափի տակիցը դուս պրծավ, հասավ.
Շորագյալի դոշն մթնեց, սևացավ.
Խլղարաքիլիսեն մխումը կորավ.
Հենց բռնես, երկինքն հանկարծ փուլ էկավ,
Ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր.
էսպես էր նրանց խեղճ հալը էսօր:
Տավարն մեկ կողմից քշեցին, տարան,
Գեղը մեկ կողմից կրակ տվին, առան:
Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի՝
Սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի,
Կամ մեկ անմեղ գառը հարիր գազանի
Ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի,
էնպես մնացին չորս կողմը պատած.
Վերևն՝ երկինքը, ներքևն՝ հողը սառած:
Բայց քաջ Հայկազունք սիրտ-սրտի տվին,
Վարդանն մեջ արած՝ իրար կանչեցին.
«Մեռնի՛նք թո՛ղ էսօր մենք էլ միասին,
Որ սուրբ Վարդանի հասնինք, ա՜խ, փառքին:
Ընկե՛րք, մի՛ վախիք, դուք ղոչաղ կացե՛ք,
Քամակ-քամակի տվե՛ք, միացե՛ք,
Թո՛ղ մեկ հող, մեկ սուր փրթի, մեզ թաղի,
Մինչև ետին մարդն, մեկն էլա չփախչի»:

Արեգակը կրակ դառած՝ Ալագյազի կողմիցը բարձրացավ. աչքերը սրել երկրի մեջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջահաղթությունն ու տղամարդությունը: Ամպերի գլխին բոց էր վեր ածում, որ չհամարձակին նրա երեսը կալնին ու իրանց տեղը տազ արած մնան: Սար ու ձոր սիրտ ու գլուխ բաց էին արել ու իրանց խոնարհությունը, իրանց ծառայությունը ցույց տալիս: Բայց խլղարաքիսեն է՛ն խավարն էր բռնել, է՛ն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում: Թվանքի ձենը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու դումանը Շորագյալու դաշտը բռնել, կապել էին: Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ո՛չինչ օր էնպես իրար չէին դիպել, ինչպես էս սհաթը:

Հարյուր անգամ պարսից սևագունդ զորքը զու արին, երիշ քաշեցին, ամեն անգամ էլ հարյուրով կոտորվեցան, իրանք իրանց լաշերի վրովը, էլի ետ փախան, շունչ առան, էլ կրկին Էկան, էլ կրկին մեկ բուռը խալխի թվանքի համն առան, էլի ամոթով ետ դարձան: Ո՛չ Նազի խանն էր կարում իր հունարը ցույց տալ, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանղուլի խանը: Ղազախ, քուրդ սարվազ` ինչ տղամարդություն ունեին, թափեցին, ո՛չ նիզամով կարացին, ո՛չ երշով մեկ քանի հողագործի տուն առնեն: Որտեղ մոտանում էին, տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպես էին ճռռում, որ շատ պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս: Տա՛վար, ո՛չխար գնացին. արտերի կրակի բոցը և ծուխն երկինքն էր հասել:

Հասան խանը հուսակտուր սկսեց Սահակ աղին ղրկել, որ նրանց սիրով հորդորի, գան, նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դռնմիշ ըլին, իրան հնազանդին, նա նրանց մազին չէր դիպչիլ: Բայց Սահակ աղեն՝ էս երեվանցվոց փրկիչը, որ օրը հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր, օրը հարիր աղքատ հայի դարդին հասնում ու թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պետք էր նրանց խրատ տա, որ աստված թողան, սատանին հնազանդին: Բայց հրամանը ծանր էր. չաներ, հազար հայի սարվազ ու ձիավոր, որ ղոնշունումն էին, մեկ րոպեումը սուրը կքաշեին: Աղլուխը աչքին դրած՝ մոտացավ էս պաշտելի իշխանը: Նա չէր արտասվում, թե գան, հնազանդին, նա լաց էր ըլում, թե իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին: Հենց հայի ղոնշունը մոտացավ, Սահակ աղեն՝ նրանց գլխին, հենց բերանը բաց արեց, որ խոսի, ո՛չ թե նրանց դարձնի, այլ խրատ տա ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց.

Գնա՛, աջամի հայ, էդ երեսիդ միռոնին ենք խաթր անում, թե չէ վաղուց ձեր արինը մեր հողը կներկեր, վաղուց ձեր հոգին մեզ ղուրբան կըլեր: Լուսավորչուն գնացե՛ք, խունկ ու մոմ վառեցե՛ք, որ ձեզ սաղ-սաղ ետ ենք դարձնում: Մենք աջամի հացը չե՛նք կերել, աջամի ձեռի տակին չե՛նք մեծացել, որ նոքար դառնանք: Դուք մեր թրի հունարը լավ գիտեք, դուք ղրաղ կացե՛ք, ձեր ի՞նչ գործն ա. թո՛ղ մեր թշնամին մեր աոաջը գա, սիրտ ունի, մոտանա, սովորել ա գողի պես գեղեր քանդի, տավար հետ ածի. թե կտրիճ ա, թո՛ղ իր հունարը ցույց տա: Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ ավելի ա. քանի շունչ ունինք, մեր հողն ու օղլուշաղը ձեզ չե՛նք տալ, ե՛տ դառ:

Ինչպես մեկ կատաղած ղափլան (վագր), էս բանը որ լսեց Հասան խանն, հրամայեց զորացը, որ թրի, թվանքի մտիկ չանեն, յա՛ Էն օրը մեռնին, յա՛ իրանց ամոթը ծածկեն, յա՛ Խլղարաքիլիսեն տակնուվեր անեն, յա՛ իրանք տակովն ըլին: Ինքը թուրը հանած՝ ուզում էր, որ նրանց առաջին գնա ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի ավալի եսրի գլուխն ինքը թռցնի, Օքյուզ աղեն մեկ կողմից, Նաղի խանը մյուսից` հազար մուննաթով նրան կակղացրին, որ իր անօրեն կենացը խնայի, իր գլխի պատիվը չի՛ կորցնի, ինքը չադրումը նստի, սարիցը նայի, տեսնի, թե ի՞նչ հրաշք կգործեն նրա ծառեքը. երբ իրանք կմեռնին, Էն ժամանակը թո՛ղ գա, որ նրանց արնի ջաոմեն հանի: Խնդրները կատարվեցավ. երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոսա միրուքը սղալեց ու քավթառ քոսի աչքերը դես ու դեն քցելով, անատամ չանեքը իրար խփելով` նոթերը կիտեց, ղայլանը քաշեց, որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը` իր դժոխքի բերանը բաց արեց, որ ինչ հայի ձիավոր ու սարվազ կան, առաջ քցեն, իրանք ետևիցը գնան, որ սրանք կոտորվին, նրանց բարութը հատնի, որն էլ իրանք ետևիցը սպանեն, թե իրան հավատակցին ղիմիշ անի ու երըմիշ չըլի. կամ թե խլղարաքիլիսեցիք իրանց դավանակիցը տեսնելով` թուլանան, թվանք չի քցեն, որ ետո իրանք հանկարծ վրա թափին, սելերը դաղըթմիշ անեն ու նրանց ապավինողներին կամ սրով ջարդեն, կամ սաղ՛սաղ կրակը դնեն, էրեն:

Հասան խանը մեկ քանի ձիավորով նի էլավ սարը, դուրբինը առավ ձեռքը, մեկ քարի վրա պըպզեց ու ձեոով արեց: Օքյուզ աղեն իր քրդերովը, Նաղի խանը իր ղազախներովը՝ աջ ու ձախ բռնած, Սվանղուլի խանը իր սարվաղներովը, Ջաֆար խանը՝ սարդարի մեծացրած փեշղսմաթը (փոքրավորը), իր ղոնշունովը, հայերին, ինչպես մեկ սուրու ոչխար, մեջ արած՝ ծեծելով, ջարդելով սկսեցին առաջ խաղալ: Քաջածաղիկ պատանին Վարդան, որ հինգ սհաթումը քառասնից ավելի մարդ կամ սպանել էր, կամ յարալու արել, որ արծվի պես էս կտրից էն կտուրն էր ընկնում ու որին բարութ, որին սիրտ տալիս, մխիթարում, լեղապատառ վազեց, հոր անկաջը մտավ ու լացակրկնած, մազերը պոկելով հորը ցույց տվեց, ճտովն ընկավ, երեսը համբուրեց, ոտները պաչեց, որ չունքի մեկ օր պետք է մեռնեին, թո՛ղ էսօր մեռնեին, սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրեին ու իրանք ընկնեին թշնամու մեջը, որ որտեղ թուրը կոտրվեր, բարութը հատներ, իրանք էլ էնտեղ նահատակվեին, որ իրանց ազգի վրա ո՛չ թուր քաշեն, ո՛չ թվանք քցեն:

Ամեն մարդ իր գլխի տերն ա, — գոռաց էս անսիրտ հալև»որը էնպես, որ աչքերիցը կրակ էր վեր թափում, — ընչի՞ են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտն են կոխում: Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայիթ չի՛ կենա, իր հողի ղադրը չգիտենա, մեռնի մեկ օր առաջ լա՛վ ա, քանց սաղ մնա. հողն էլա հո կդինջանա՞: Նրանք էն վախտը կըլին մեր ազգը` հայ Քրիստոնյա, որ թե էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանեն: Գլխիցս ձեռք վերցրո՛ւ, դու դեռ ջահել ես. հալա մեծացի՛ր, ետո ինձ խրատ տո՛ւր: Աշխարքը դեռ փակ ա քո աչքին:

Հա՛յր, հա յր, նրանք ի՞նչ մեղավոր են, գլխիդ մեռնիմ, Էդ սիրտը մի՛ ունենար, մեր ազգին խեղճ արի. Թո՛ղ մենք մեռնինք, նրանք ապրին: Մեր օղլուշաղը մեր մոտին ա, նրանցի աչքը՝ ճամփի, մի՛ անիլ:

Ձեռք վերցրո՛ւ, ասում եմ, հրես Էկան: Տղե՛րք, էլ մե՛ք մտիկ անիլ:

Աղա՛, ձեր ազգն ենք, աղա՛, քո արևի սադաղին, ամեն մեկս տասը, քսան գլուխ քյուլֆաթ տանը վեր ածած՝ թողել, էկել ենք. թրով են բերել, մենք չէինք գալիս: Աղա՛, գլխիդ ղուրբան, տեսնո՞ւմ ես, որ մեզ զոռով կրակն են ածում, յա՛ բաց արե՛ք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մեջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տերն էլ աստված, յա՛ թող հայի թրով մենք չմեռնինք: Մեզ մորթի՛ր, գլխիդ մեռնիմ, չէ՞, մենք էլ քո ազգն ենք, մեկ ավազանում ծնված, մեկ խաչի պաշտող: Մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի՛ սպանիր, մեր դառն օրը մեզ հերիք ա: Մեր փրկիչն էսօր դու դա՛ռ: Թուր էլ ունինք, թվանք էլ, ամա հազար թուր՝ մեր գլխին սրած, հազար գազան՝ չորս կողմներս բռնած: Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք:

Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ, երկինքը երեսը ետ բարձացրեց. արեգակը աչքը խփեց: Արին էին ուզում հայոց հսկայքը պրծացնիլ, իրանց ազգի արինը պետք է թափեին, հազար մարդ էին ուզում պահպանիլ, հինգ հազար ջիվան տղերք սրախորով անիլ, տասը հազար մանր երեխա՝ մեծ, պստիկ, անհեր, անաախպեր թողալ: Մեկ գեղ էին ուզում շինիլ, մեկ սաղ աշխարհ քանդիլ: Իրանք բոլոր մեռնեին, ետի եկողները կասեին, թե թշնամին նրանց կոտորեց, բայց թե իրանք իրանց ազգի վրա սուր քաշեին, հազար բերան ազգե-ազգս պետք է նրանց անիծեր, թե հայը հայի տունը քանդեց, հայը հային կոտորեց: Տղամարդություն էին ջանք անում ճարեն, ամոթք, նախատինք պետք է նրանց հավիտյանս հավիտենից մնար: Շատ էլ ուզեց, որ աղա Սարգիսը աչքին, սրտին հուպ տա, բայց արինը ետ դառավ, արտասունքն էկավ, լցվեց, կրակը հանգավ, դող ու սրսուռ ընկավ ջանը: Առաջին էր նայում՝ իր ազգն էր լալիս, ետևն էր նայում՝ գեղը վա՜յ տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում.

էկա՛ն, էկա՛ն, վա՜յ մեր օրին:

Բայց ո՛չ երեխեքանց սուգը, ո՛չ կնանոնց լացը, ո՛չ մահն ու կյանքը էլ նրանց աչքը չէկան: Երկնային հրեշտակն՝ անմահության պսակը ձեռին, էկավ, նրանց վրա կանգնեց, նրանց ձեն տվեց.

Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին, թե ազդ եք ուզում պահիլ, ահա՛, ձեր առաջին.մեռե՛ք նրանց ուղուրին, որ քանի աշխարհս կա, ձեր անունն հիշվի, թե դուք ձեր ազգի արինը լավ համարեցիք, քանց ձեր իսկ կյանքը, քանց ձեր որդիքը: էյ ի՞նչ եք կանգնել, կրակ տվե ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք ու վրա թափեցե՛ք:

Կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք. Տղե՛րք, երեխե՛ք, մնա՛ք բարով, ամպեր, թափեցե՛ք, երկինք, գոռացե՛ք. Հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր՝ սուգ արե՛ք, վկա կացե՛ք: Ով անց կենա էստեղ, ասեցե՛ք, թե մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք: Սելավ ըլեր, մեզ տանիլ չէ՛ր. դժոխք ըլեր, մեզ մոտանալ կարող չէ՛ր. երկիրը բացվեր, մեզ կուլ տալ կարող չէ՛ր. սաղ Պարսկաստան պոկ գար, մեր մեկ մազը թեքիլ չէ՛ր. Հասան խան, քո ամեն մեկ թիքեդ հազար սատանի ձեռ ընկնի՛, քո ջիդեն սրտումդ ցցվի՛: Որդիք, բալա, օղուլ, չողուլ, ղովում, ղարդաշ` էլ սուգ մե՛ք անիլ: Մեր տները թո՛ղ մեզ գերեզման ըլին, մեր արինը՝ մեզ մեռլաջուր, մեր հողը՝ մեզ պատան, մեր ձենը՝ մեզ ժամ, պատարագ: Սուրբդ Վարդան քաջ նահատակ, դո՛ւ տուր մեզ պսակն:

Խոտի դեզերի կրակն ու բոցը,
Խեղճ օղլուշաղի հարայ հրոցը,
Դարմանի ծուխը, կալերի մուխը
Ամպի պես ելին, օրը խավարացրին:
Գեղի չորս կողմը առավ ալավը,
Տների մեջը ծով դարձավ լացը.
էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի,
էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի:
Հարսի սրտումը իր սերը մեռավ,
Փեսի բերնումը լեզուն չորացավ.
Քիրն ուզեց ախպորն ջան էլա ասի,
Ախպերն՝ քվորը իր խտիտն առնի:
Մեր ու խեղճ հարսներ՝ իրանց երեխեքն,
Տդերք, ծերունիք իրանց սուրն ու զենքն
Դոշին կպցրին, երկինքն նայեցին,
Աչքները խփեցին ու ա՜խ քաշեցին:
Մեկը դուոը փակեց, որ կրակումն էրվի,
Մեկն աչքը խփեց, որ ցավ չտեսնի:
Տղերքը գեղիցը դուս թռան դաշտը.
Տանըցիք փախան, որ ընկնին կրակը,
էլ լաց չէ՛ր գալիս նրանց կարոտ աչքը,
Նրանց բուրջ, բադան մնաց երկինքը:
«Տունը քանդեցին տանըցոնց գլխին,
Սելը քանդեցին, վրա թափեցին»,
Ձայն տվեց Վարդանն՝ հզոր պատանին,
Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին,
Մեկն Նաղի խանի, մեկն Օքյուզ աղի,
Մեկն Ջաֆար խանի քամակը բռնեցին.
Երկուսն հրեշտակի պես թռան, գնացին:
Բայց սուրն Վարդանի՝ Օքյուզ աժդհին,
Որ սաղ առյուծին թե խփեր գլխին,
Իսկույն կսատկեր, կճապաղեր գետնին,
Միջիցն երկու կես արեց էն սհաթին.
Կեսն ձիու էս կողմը քաշ էլավ,
Կեսն մյուս կողմին դիպավ ու կպավ:
Իսկույն սարիցը ամպը տրաքեց,
Երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց՝
Ք՛սան ձիավորով հսկայն Աղասի
Ղարսի սարերիցն թռած, իր ղշի
Ձիու ականջումն մտած՝ վեր էկավ
Քրդի շորերով, սարին վրա պրծավ:
Գազան Հասան խան նրանց քուրդ կարծելով՝
Հենց որ մոտացան, ընկավ քարերով:
Փեշղսմաթքյարի, խանի, բեկերի
Գլխըներն, ինչպես մեկ անջան ծտի,
Թռան առաջները, ձիանոնց տակերը:
Ձարամու գլխին ջուր, կրակ մաղվեց.
Ձին էլ տիրոջ վրա ոտը բարձրացրեց.
Գյումբրու դզիցը ռսի բալաբան,
Քաջ սալդաթների դաստեն, կապիտանն
Արծվի պես հասան, թշնամուն մեջ առան:
Թոփը մեկ կողմիցն, թուրը մյուսիցն,
Մինը առաջիցն, մինը ետևիցն
Հնձեցին թշվառ թշնամու զորքը,
Ջարդեցին, բերին էլ թոփի կողքը:
Արինը ծովի պես գնում էր, կանգնում,
Հայերն լաշերի վրով անց կենում.
Նոր հոգի առած՝ իրանց տունն ընկան,
Հեր ու մեր, որդի դոշ-դոշի կպան.
Հարսն ու փեսայի ջուր դառած աչ՝քը,
Երկինքն վերացած հոգին ու կյանքը
Էլ աշխարհ Էկան, էլ իրար քթան,
Իրար գրկեցին, իրար մոռացան,
Իրար ձեռք տվին, բայց դեռ չիմացան՝
Երկնքո՞ւմն են, թե՞ աշխարքիս վրա,
Երազո՞ւմ, քնա՞ծ, թե՞ աչքները բաց:
Հազար անգամ էն սուրբ հողին, գետնին
Ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին,
Աղոթք, պաղատանք աստծուն մատուցին:
Սար ու ձոր նրանց վրա խնդային.
Դեզերի բոցը դառավ չրաղդան.
Որդի ու ծնող իրար ճտով ընկան.
Ինչ որ ունեին՝ առան ու էկան.
Որ թոփի տակին, սալդաթի մոտին
Հավաքվին, որ էլ վնաս չտեսնին,
Մինչև թշնամիքն գնան ու կորչին:
Բայց էս հադաղին քաջն Աղասին՝
Հազար աչք ուզեց, որ տեսնի նրան,
Գյում էլավ իսպառ, կորավ նա անձայն:

Արեգակը դեռ երկնքի մեջտեղը չհասած ուզում էր, որ կրակ վեր ածի, սար ու ձոր խորովի: Հյուսիսային կողմիցը մեկ մթնած, սևակոլոլ ամպ, երկնքի երեսը ջարդելով, վազում էր, որ նրա առաջը բռնի: Ալագյազի քլխիցը մեկ դառնաշունչ բորյազ վեր կացավ ու քար ու հող իրար գլխի տալով՝ էկավ, Խլղարաքիլիսի վրա դահիճի պես բռնեց: Արինակեր Հասան խանը, որ էսօր ավելի իր ձիուն, քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց, կատաղած գազանի պես հոգին բերանն առած որ ետ չի՛ մտիկ արեց, աստված ո՛չ շհանց տա. զորքը ամեն մեկը սար ու ձոր ընկած, շատի ձիանն՝ որը լկամը կոտրած, որի թամքը փորի տակին, որն էլ իր տերը Էնքան էր գլխի վրա քաշ տվել, քարեքար տվել, որ գլուխ, երես ջարդվել, կոտրատվել, ոտներն էին օրզանգվումը մնացել ոլորված, կախ ընկած, կամ կես մարմինը ջախըբուրդ էլել, սիրտն ու թոքը արինքամ էլել, փորիցը դուս թափել, ու խրտնած ձին, քանի ոտներին էր դիպչում, է՛նքան խրխնջում, սար ու ձոր ընկնում:

Ղուլ ու նոքար Աղասու թրին էին ղուրբան էլել, որ էս միջոցումը Ղարսա սարերի վրա մեկ քանի ղոչաղ քրդստանցի հայ ետևն էր քցել ու արծվի պես, որտեղ մեկ ֆորս ճանկում էր, ական թոթափել վրա էր հասնում, ցրվում, փարա-փարա անում: Հարիր տեղ նրան ղզլբաշի ղոնշունը՝ Մաստարա, Ղոշավանքի դզերումն, ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրա տվել ու քառասունով, հիսունով ջարդվել, էլ ետ դառել: Սուդագյան մեկ օր Նաղի խանին` էս ահագին գազանին, որ հարյուր մարդզի չէ՛ր ասիլ, թե աստված ա ստեղծել, է՛ն տեղը քցեց, որ իր մարդկերանցովը մեկ բարձր թափից վեր ընկավ ու ղզլբաշի հողը մտավ, որ պըրծավ, թե չէ՛ Աղասու ձեռին պետք է իր բոլոր սպանած անմեղ հայերի արնի ջառըմեն տար: Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի ու գնանք մեր բանը:

Հասան խանը որ աչքը չի՛ բարձրացրեց ու Աղասուն` ձիու անկաջը մտած, ետևիցը քշելիս տեսավ, ոտն ու ձեռքը թուլացան. ուզում էր ձին բաց թողի ու քարափնվեր, Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր, որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն, թե Հասան խանին սպանեցին, քարին իր գլուխը մատաղ տա, քանց մեկ ռհաթ հայի, որ հազարներով հենց էն տեղարենքն էր սուրը քաշել, տանով, տեղով էրել, գերի արել. բայց էլի ոաշդի սիրտը ո՛չինչ տեղ էնքան ղայիմ չի՛ ըլիլ, որքան ետին սհաթումը, կյանք ու մահ կռվելիս: Մեկ չարեք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տա, հենց էն ա, թուր, ասպաբ ուզում էր, որ ետ անի, ձին բաց թողա, մեկ քարի տակ չոքի ու բալքի իր թշնամուն գյուլլով էլա վախացնի կամ սպանի, վախտն անց էր կացել: Հսկայն Աղասի թուրը սրտին դեմ արեց.

Վե՛ր քցի թուր ու թվանք ձեռիցդ, որ էս սհաթիս փառչալամիշ կանեմ: Դու էստեղ չի՛ պետք է սատկիս, հայակեր շո՛ւն, իմ թուրն ափսո՛ս ա, որ քեզ պես թշվառ ճիճուն սպանի, չէ՛, ամոթ ա իմ տղամարդությանը, որ քեզ քարի տակի կամ չոլումն սատկացնեմ, որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողը Էնպես կարծի, թե կռվումը մեռար. Է՛դ անիրավ լաշդ չի՛ գտնի, մեռած հողիդ վրա էլ չի՛ թքի, ու ամեն անց կենող մեկ քար չի՛ վրեդ քցի ու գյոռիդ ուշունց տա, թե քո անաստված ոսկերքն են Էնտեղ հող դառել: Հլա քանի Երևան չե՛ն առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ: Ճանճը սպանիլ ի՞նչ տղամարդություն ա: Հլա շատ օր պետք է հայի հաց, խոզի միս ուտես, հայի մեծահոգությունը ու մարդասիրությունը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանա՛ս, թե տնաքանդությունը, մարդասպանությունը ի՞նչ զատ ա, իմանա՛ս, թե Քրիստոսի օրենքն ո՞րքան սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հավատը պաշտես, որ հոգուդ փրկություն ըլի, յա թե չէ, որ էդ արինաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգվովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ, քեզ էն հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել «ես», որ միսդ` ղիմա-ղիմա, արինդ շանը տան ու գլուխդ գեղեգեղ, աշխարքե-աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթեն աստծու համար, չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարավ էր քո հարամ սիրտը, որ բալքի թե իմ խեղճ ազգի սիրտը հովանա: Հազար-հազար գլուխ ես կըտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, ավերել, ափսոս չի՞ էդ ղոչ գլուխդ քարի տակի մնա: Չէ՛, չէ՛, Հասան շուն, հայի սիրտը մեծ ա. քեզ վրա պետք է գյոռ շինած, քար կաղնացրած, անունդ ա պատմությունդ վրեն գրած, որ մեր որդիքն էլ քո տղամարդությունն իմանան ու ձեզ պես շան ձեռին գերի չընկնին, ձե՛զ գերի անեն, ձե՛զ կոտորեն, ձե՛ր հողին հանեն: էս էն քարերն են, որ ոտնատակ էիր տալիս ու հազար գերի վրներովը տանում կամ սպանում, որ հմիկ ոտդ բռնել են, քեզ ուզում են կուլ տան, քեզանից վրեժ պահանջեն. բայց ես չե՛մ տալ, ես քո արինը էդպես էժան չե՛մ ծախիլ, էդ թանկ ջանդ ի՞նչպես շուտով վարթարաֆ կանեմ. հլա ինձ շատ պետք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես, դու ամաչես, որ հայի ղուլ ես դառել. ես ուրախանամ, որ քեզ լավություն կարողացա անիլ ու մեկ քանի ժամանակ էլ կյանքդ երկարացրի: Երեսիդ խաչ հանի՛ր, երեսդ մեր աղոթարանը դարձրո՛ւ, դու մեր անտեր հայերին շատ ես քո քյաբի կողմը դարձրել ու շլինքը կտրել. էսօր էլ դու մեր աղոթարանը ճանաչի՛ր. մերիցը արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում: Չոքի՛ր, Հա՛սան խան. տերտեր չե՛մ, ամա գետը մոտիկ ա, ջուրը կքաշեմ, Հասան անունդ կդնենք Օհան: Մեր պասը դեռ չե՛ս պահել, չունքի միս ուտելու սովոր ես: Օ՜, մեր սրբությունը, որ էնքան ոտի տակ ես տվել, թե որ աստված տա, համն առնիս, էն ժամանակը է՛դ սև երեսդ կսպիտակի, է՛դ գիլի աչքերդ գառնի կդառնա, է՛դ հոտած բերանդ կդառնա աստուծո տաճար: Մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի, մեր տերտերի ձեռը չպաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ՛ թե բաց թողամ, փառչա-փառչա կանեմ, էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ: Շո՛ւտ, չոքի՛ր, չոքի՛ր, թե չէ, տեսնո՞ւմ ես թուրը, գլուխդ սոխի պես կթռցնե՛մ, չոքի՛ր...

Քար ըլեր` կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հասան խանը՝ աշխարքի տերը, երկրի քանդողը: Ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի՛ հանեց: Քուրդ ասեր, օսմանցի ասեր նրան էս խոսքերը, ե՞րբ էնքան կցավեր. հայից էսպես թուք և մուր ստանա, որ մինչև էն օրը խո՛տ, ա՛ղբ էր համարո՞ւմ: Հայը նրա հավատը ոտի տակ տա՞: Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին, հենց գիտես, նոր շունչ առավ. ատամները ղըրճըտացրեց, աչքերը կայծակին տալով տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ.

Հայի շուն, դո՞ւ մնացիր Հասան խանի վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր ձեր հոտած հավատի լափն իմ գլխին ածես, գյոռդ պատըռվի, Հասան խան, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում: Գլխիդ փափախը քամին տանի, քոռանայիր, ո՛չ լսեիր, էս ի՞նչ իմացար: Հազար-հազար մարդի փոր վեր ածես, մեկ հայի կտորի առաջին էսպես կո՞ւչ գա՞ս. էլ ո՞ւր եմ ուզում աշխարհներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի: Ընչի՞ չի՛ պետք է ես հայ-օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր,— ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց, որ թե ձին չէ՛ր խրտնել, ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր:

Աղասին քարիցը կկարծեր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը:

Խա՛ն, կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակը կըլի, արինակե՛ր գազան. էդպես հո չե՞ն խփիլ կամ գողի պես վրա պրծնի՞լ: Ձեռս ափսո՛ս ա, որ քեզ դիպչի, գազանին գազանով պետք է պատժած: Խա՛ն, հլա ձիուս հունարը տե՛ս, հետո կիմանաս, թե ի՛նչ թուր ա վրեդ խաղում, — ասաց հսկայն ու ձիուն ղամշեց:

Կատաղած ձին՝ բերանը փրփուրը լիքը, առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռավ, Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բախտը բանեց. ձին որ թռավ, նա մնաց մեջտեղը անվնաս: Մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու ետ կդառնար, Հասան խանը հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը ետ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ: Հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես չոքեց ու գետնին դիպավ, որ Աղասու ոտի մատները օրզանգվին կպավ, աչքը կեծակին տվեց, սևացավ, արինը սրտումը թան դառավ: Մինչև Աղսին ոտը օրզանգվիցը կհաներ, մինչև ձեռը թրին կհասներ ու ձիու տակիցը կբարձրանար, ասլան Հասան խանը վրա հասավ, երկու լտրանոց թուրը շողաց. քար ու ձոր սկսեցին, էն ա, էլ իրանց գլուխը լալ ասլան Աղասին գլուխը որ սաստիկ թափ չի՛ տվեց, էլ ետ փոքր արինը տաքացավ, մեկ ոտը օրզանգվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դեմը բռնելով, աջու ձեոը որ Հասան խանի գլխովը չի՛ պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ չանեն ընկավ ձեռքը, մատները բերնումը, բիթը բողազի տակին` չանին որ հուպ չտվեց, էն թաք-թաք հին ատամներն էլ, որ էստեղ-էնտեղ երևում էին, ճռռացին, իրար կպան ու փշուր-փշուր էլան. գլուխը հավի գլխի պես պտտելով` էնպես սաստիկ ոլորեց, որ բոլոր տամարները ճռճռացին, ու Երևանու աստուծո գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը` մյուս, ու էսպես կաղնած վրեն, ինչպես սուրբ Գևորգ իր վիշապի գլխին, սկսեց մեր հսկայն մուշամբեն հանիլ, որ միշտ հետը ման էր ածում, դեմն ատամով ու աջու ձեռով յարեն կապիլ, ղեմը էլ հավատի քարոզը կարդալ.

Next page