Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Սրբություն էիք առնում՝ մեզ հետըներդ տալ տալիս, ժամ էիք գնում՝ մեր ձեռը մոմ տալիս. զատիկ էր գալիս, ջրօրհնեք ըլելիս, կիրակու ժամին, սուրբ պատարագին՝ մեզ խտիտ անում կամ ձեռով տանում, քար, ավետարան, սեղանի, բեմի, խաչի, պատկերի առաջին, սրբերի ոտի տակին, գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի առաջը դնում, մեզ համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք, անում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորհքը մեզ վրա մնա. ջուրն ընկնինք, մեզ պահի, կրակն ընկնինք, մեզ պրծացնի, մեզ զորացնի, որ Էսօր է՞ս կրակումը, է՞ս բոցումը էրվինք, տանջվինք, մեր ձենը չիմա՞նաք, մաշվինք, փչանանք, մեր սուգը չանե՞ք, թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատե՞ք:

Ո՜վ արարիչ, մեր հոգու տվող աստված, ինչպես մեզ ստեղծեցիր, էլ ետ մեզ սպանի՛ր. ինչպես կյանք տվիր, էլ ետ դու խլի՛ր. հող էինք քեզ մոտ, էլ ետ հող շինի՛ր. շունչ տվիր` ապրինք. էլի շունչդ ետ ուզի՛ր: Ի՞նչ ենք անում մենք էլ փառքն ու կյանքը, մեզ ի՞նչ հարկավոր՝ երկիր, աշխարքը: Մեր չունենաս, լա` դու լաց ըլելիս, հեր չունենաս, գա՝ դու կսկծալիս, քիրդ մոտիդ չըլի` դու սուգ անելիս, ախպերդ ձենդ չլսի՝ սիրտդ պատըռվելիս: Ո՜վ մեր արարիչ, մեր տե՛ր ու մեր հե՛ր. հերնըմերըներս տարար, մեզ էլ տանեիր, քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր. էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում, որ պահես մեր կյանքը, հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, բոցեղեն քերովբեդ թո՛ղ մեզ էրի, խորովի, մեզ ղրախտը մի՛ տանիր, դժոխքը ուղարկի՛ր. հրեշտակի մի՛ տար, սատանեն թո՛ղ գար. մեր ծնողքը մի տեսնեինք, թող դևը մեզ կո՛ւլ տար. նրանց սերն առնեինք, նրանց տեսնեինք. մեր հոգին տայինք, նրանցն ստանայինք ու էս դառն օրը հե՛չ չտեսնեինք, ա՜խ, չտեսնեինք: Էսքան մեծամեծ մարդիկ՝ խաներ, բեկեր, աղեք, ֆառաշ, մոլլա, ախունդ, էս ի՞նչ են էստեղ կանգնել, հավաքվել, չե՞ս ուզում դու էլ մի աչքդ քցես, նայե՞ս: Հայ սարվազները աչք ու բերան կալել, փափախով են անում, որ հեռանանք, մոտ չգնանք: Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ. միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի: Ետ դա՛ռ, ես քեզ կասեմ: Քսան-երեսուն էրեխա փարչալամիշ արին: Մոլլի թույնը քյար չարեց, չեն թուրքանում, պտի մատաղ ըլին: Դահիճը մեկը-մեկի ետևիցը շախկա տալով կոտորում ա: Վարդանը՝ էս թագավորածին պատանին, երեսը լուսափայլել, հրեշտակի պես կանգնել ա, ո՛չ Հասան խանի պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլեքանց խրատին, ո՛ չ հայերի աղաչանքին, ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ թրին, սրին, վառած կրակին, տաքացրած շամփրին, որ պտի միսը կոխեն, ո՛չ քարփջին, որ պտի ոտների արանքը դնեն, ո՛չ քյալփաթնին, որ հենց, էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն, ո՛չ կրակած պղնձին, որ պտի գլխին դնեն, սարի պես դոշը դեմ ա տվել, ո՛չ պատժիցը վախում, ո՛չ պատվիցը խաբվում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձեն ա տալիս, սիրտ դնում:

Էս է՛ն անիրավ թուրն ա, սի՛րելիք, որ մեր հորնըմոր սիրտը էսօր մեր առաջին դուս ճոթռեց: Էս է՛ն անաստված ձեռներն են, որ էսօր մեր մանուկ, ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա-թիքա արին, կտրատեցին: Էս է՛ն անողորմ ազգն ա, որ մեր նաչար ազգի արինը մինչև էսօր խմել ու խմում ա. էլ ի՞նչ ենք կանգնել սրանց միջին ա սրանց գարշելի երեսին նայում: Ձեր ջանին մեռնիմ, երեխե՛ք ջան. մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք, ո՞ւմ զավակներն ենք, որ կրակը մեզ թուլացնի: Մեր ծնողք ու ախպերները չէի՞ն, որ էրեկ էնպես քաջությամբ մեռան, որ արարած աշխարքը զարմացավ ու հուրն հավիտենական պտի զարմանա:

Մտի՛կ արեք, ձեր երե՛սին ղուրբան, Էն պայծառ երկնքին. Է՛նտեղ, է՛նտեղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամքն ու ազգականքը մեզ սպասում: Մի՛տք արեք՝ թե գլխըներդ ցավի, ո՞վ պետք է ձեզ մեկ ջան ասի. հիվանդ ըլիք, ո՞ւմ կռան վրա պետք է քնիք. լաք, ո՞վ ձեր արտասունքը կսրբի. մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի: Մեր սո՛ւրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխե՞նք. մեր սո՛ւրբ պատագարն ու ժամը թողանք, ազանի ձենին անկաջ դնե՛նք, մեր սո՛ւրբ մեռոնը մոռանանք, մեր խաչ, ավետարանը մտքից հանենք, Ալուն, ղուռանին հետևի՞նք: Մտի՛կ արեք սրանց էս դժոխք, ժանդ, մրրած, կեղտոտ երեսին, դժոխքը սրանից լավ կըլի՞. սրանց աչքերիցը կրա՞կ չի վեր թափում: Վա՜յ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորնըմորը սպանողներին, մեր ժամն ու աշխարքը քանդողներին նոքար դառնա՞նք: Ա՜խ, թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք: Ասենք, թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, բաս չե՞ք ուզիլ, որ երկնքումն էլա նրանց հետ միանանք, նրանց երեսը տեսնինք, նրանց սերը վայելենք:

Չէ՛, չէ՛, մեռնի՛նք միասին, երթա՛նք միասին, հասնի՛նք մեր ծնողաց փառքին, պսակին: Երկինքն մեզ համար է իր սիրտը բացել հրեշտակք մեր գլխին թևները փռել. նահատակք, կուսանք, սուրբք և մարտիրոսք մեզ ձե՛ն են տալիս, մեզ կանչում ամոք: Նրա՛նց մոտ գնանք, նրանց սիրուն մեռնինք, մեր մարմինը տանք, որ հոգով ծաղկինք: Ձեզ մոտ ենք գալիս, ծնո՛ղք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք մի՛շտ պաշտելիք. ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը մենք ե՞րբ կմոռանանք, որ մտնինք կրակը:

Արի՛, երկնային հրեշտա՛կդ լուսեղեն,
Տա՛ր մեր աղաչանքն աստծուն էս կողմեն:
Բարո՛վ մնաք դուք՝ լերի՛նք, հո՛ղ, աշխարհ,
Բարո՛վ կացեք դուք՝ ծառք ու ձո՛րք, անտա՛ռ:
Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,
Մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին:
Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը,
Ձեր շվաքի տակին, ձեր ծաղիկն, խոտը
Մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք:
Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը,
Ձեր ղադրն ու խաթրը մենք բնավ չիմացանք:
Աղբրի գլխին, առվի ղրաղին,
Սիրելյաց միջին, ծնողաց գոգին
Սեր վայելեցինք, մեր օրն անց կացրինք:
Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին,
Լուսին, արեգակ իրանց լիսը տվ՛ին.
Թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով
Մեզ քնացրին, մեզ զարթեցրին.
Բայց, ա՜խ, անիրավ մեր ձեռն, երեսը
Քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք:
Քո սուրբ հողին, մեր քա՛ղցր Հայրենիք,
Ծունր չդրինք, մենք չպաշտեցինք,
Սիրուն վաթանին մենք կյանք չտվինք,
Մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք:
Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք.
Թե որ ուզենան էլ, որ տան մեզ կյանք,
Էլ չի՛ հարկավոր, դո՛ւ ա՛ռ մեր հոգին,
Ո՜վ բարի հրեշտակ, որ կաս մեր գլխին:
Մնացե՛ք բարով, հողեր ու դաշտեր,
Ա՜խ, թո՛ղ վայելեն ձեր սերն ուրիշներ.
Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը
էլ ձեզ չե՛ն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ,
Ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ:
Ո՛չ հոր ոտ կգա մեր գերեզմանը,
Ո՛չ մոր արտասունք կթափի մեր տանը.
Ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ կամ բաժակ
Մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ:
Ո՛չ քիր ու ախպեր կգան մեր քովը,
Ո՛չ մեկ անց կենող կըլի մեր մոտովը.
Մեր ծնողաց մարմինը մեր գեղի չոլումն,
Մեր փուչ ոսկորներն էս օտար հանդումն՝
Չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ.
Նրանք գազանի, մենք գիլի, ղշի
Փայ կըլինք, մեզ վրա մեկ ասող չի ըլիլ.
«Աստված ձեր հողին միշտ լուսավորի,
Իր սուրբ երեսին արժանի անի»:
Կըլի, որ դուք մեկ էլ ետ հոտ տալիս,
Գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս՝
Մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք,
Մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք,
Ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք,
Ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք,
Ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք,
Մեր տված շունչը առնիք ու պահեք,
Ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք;
Ա՜խ, թե մեկ ճամփորդ էս կողմովն անցնի,
Ձեր միջին վեր գա ու Էստեղ քնի,
Ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս,
Բալքի թե հոգին իմանա, ասի,
Միտքը բերի, թե էս է՛ն դաշտերն են,
Որ էսօր մեր չար թշնամու ծառեն
Ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա,
Մեր ջանը խլի, մեզ անի ղիմա:
Ի՞նչ կըլեր, ա՜խ, որ մեկ օրհնած հողում,
Մեր ազգուտակի, սիրելյաց միջումն
Մեր հոգին տայինք, նրանց խառնըվեինք:

Ա՜խ, խա՛չ զորավոր, քո հրաշքիդ ղուրբան.
Մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական
Էսպես կտանջվի, էսպես կմաշվի,
Էսպես կքանդվի, էսպես կխաշվի:
Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում,
Խա՛չ, քեզ բռնողին ընչի՞ սպանում.
Քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս,
Քեզ պարսավողի սիրտը ո՛չ խրվիս:
Ա՜խ, տե՛ր իմ աստված, թե մենք առաջիդ
Մեղավոր էինք, որ պատվիրանիդ
Չհնազանդեցանք, անիրավ էինք,
Մեզ սպանեիր, ընչի՞ մեզ թողիր.
Մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր.
Մեզ կրակ տվին, ընչի՞ չէրեցիր:
Թողիր, որ էսպես տանջվենք չարաչար
Անհեր ու անտեր, անմեր, անհավար
Մնանք էս չոլումն, գազանաց միջումն,
Մեր լաշը թռչնոց, մեր արինը հողին
Մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետին:
Մնացե՛ք բարով, ա՜յ մեր խեղճ ազգ Հայ,
Էյ մի՛ լաք, ողբաք, ցավիք մեզ վրա:
Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը,
էլ ի՞նչ օգուտ մեզ մեզ սուգն ու լալը:
Թուրը գլխներիս, մահն առաջներիս,
Կրակն էրելիս, շամփուրն ծակելիս,
Բոցն խորովելիս, մեր հոգին տալիս.
Մեր կեսն փոթոթված, կեսն անձող դառած,
Մեր ոտներն մոխիր, շնչերս կրակված.
Մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած,
Պդինձն գլխըներիս, քարփիչն ոտներումս,
Սրտներումս արին, արտասունքն աչքումս.
Ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ հրեշտակ տեսնի,
Ո՛չ դահիճն ցավի, ո՛չ երկիրն ճղվի:
Դուք ո՞ւր եք լալիս, որ մենք չենք լալիս.
Դուք ո՞ւր մղկտում, որ մենք չենք խնդրում:
Պահեցե՛ք ձեր սուգն սև օրի համար.
Ձե՛զ վրա լաց էլե՛ք ու տեսե՛ք ձեր ճար:
Մենք մեր ծնողաց հետ կմիանանք,
էսօր նրանց տեսուն մենք կարժանանանք.
Էս դառն աշխարքիցս կհանգստանանք,
Դրախտը կերթանք ու միշտ կխնդանք:

Բայց վա՜յ ձեր օրին, ձեր օղլուշաղին,
Թե դուք կենդանի կանգնիք, ձեր աչքով
Տեսնիք սիրելյաց տանջանքն՝ մղկտալով.
Ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով,
Հող տաք ձեր գլխին, թաղեք ձեր որդին.
Ձեր սիրտը հանողին, կյանքը քանդողին
Եսիր դառնաք ու էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք
Ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք,
Ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք
Ու դեռ սիրտ չանեք, դուք չմիաբանիք,
Մեկ օր էս սուր, թուրն, էս կրակն ու բոցը,
էս պղինձն, շամփուրն, էս վառ հնոցը
Դուք ձեր թշնամուն միշտ հազիր չպահեք,
Նրան դուք չէրեք, նրան չկոտորեք,
Ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք
Ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք:
Մնա՛ք դուք բարով, տարե՛ք ձեր որդոցն
Մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովն.
Պատմեցե՛ք նրանց մեր խեղճ օրերը,
Թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները.
է՛ս օրին չհասնին, է՛ս ցավը չտեսնին,
Տա՛ն իրանց կյանքը ու պահեն աշխարքը.
Մնա՛ք բարո՜վ, բարո՜վ...

Վա՜յ... վա՜յ... ա՜խ... նա՛նի ջան... բա՛բի ջան... Աստված, քե՛զ ղուրբան... ամա՜ն... ամա՜ն... ամա՜ն... Մեռա՜նքէրվեցի՜նք... խորովվեցի՜նք... ամա՜ն... վա՜յ... Հրես պրծա՜նք, հրես էկա՜նք. Ո՜վ Վարդան նահատակ, սուրբ ծնողք, ձեր զավակք գալիս են, մոտ էկեք. Կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան: Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան:

«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք,
Առաջ փորն, հետո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք,
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք,
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցե՛ք,
Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի:
Ուսուլով ու յավաշ կամ կաշին հանեցե՛ք,
Կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք:
Թո՛ղ ոտներն էրվելիս՝ աչքը տեսնի, սիրտն էրվի.
Թո՛ղ ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի,
Սիրտները ու դարձ գան, մեր հավատն ընդունին,
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին»:
Հասան խանն անիրավ՝ էս հրամանն ասելով,
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն՝ տանջելով:
Բայց արդարքն, վաղուց էր, տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին:
Ողջակեզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն.
Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ,
Նրանց մարմինն ամփոփեց, պատեց, բարձրացավ:
Ու հանկարծ՝ սոսկալի վերևիցը ձեն էկավ.
«Հասան խա՛ն, դու գազա՛ն, անօրե՛ն, դիվակա՛ն.
Բա՛ց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան:
Ո՛չ գետինն քեզ կպահի, ո՛չ անդունդն քեզ կքաշի,
Ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի.
Կենդանի դու պետք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես:
Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տամ տանջանքի.
Երերյա՛լ մնասցես, տատանյա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պա՛տի, թե հողն էլ դու մտնիս»:

Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ.
Անմե՛ղ երեխեք, արդա՛ր դուք հոգիք:
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ.
Ա՛խ, իմ ազգի դուք հրեշտա՛կ, սո՛ւրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք:
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված՝
Ընկնիմ, ա՜խ, գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի.
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստուծո ատենին, սրբոց խորանին
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց աստծուն,
էլ չի՛ ավերվի, չմնանք գերի,
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն:

ՎԱԽՃԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Հայաստան աշխարքը շատ վախտ էր նեղության, ավերման, տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացավ: Սար ու ձոր դառել էր գողի, ավազակի բնակարան: Ամեն կողմից պարսիկք է՛նպես ոտը բարձրացրին հանկարծ, որ էլ դեմ կենալու ճար չկար: Բայց է՛ս նեղությունն էր, որ հայոց էլ է՛ն հոգին էր տվել, որ թե մեկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, մյուս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս: Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ` դռնմիշ էլել: էրակլի որդի Ալեքսանդրեն, որ Վրաստան առնելուցը ետը փախել, պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ ետ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենա, որ բալքի թե իր, սրտի մուրազը կատարի: Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գավառները՝ ձեռըները հինա էին դրել, թև առել, որ թռչին ու ռսի իշխանությունը ստանան: Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր. յա կոտորում, յա թալանում: Ինչքան թույն ունեին, մեր ազգի գլխին էին թափում: Յա պատիվ, մեծություն խոստանում, որ խաբեն նրանց, յա պատիժ, պատուհաս տալիս, որ վախենան ռսիցը ձեռք վերցնեն: Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրա էր գալիս, բայց հայոց արդար սիրտը, ուղիղ սերը, որ ռուսաց հետ ունեւն, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակ դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում յա կրակումն էրվում: Ինչ որ Պարսից կռվի ժամանակին հայք արին, աստուծո է հայտնի, ու ամենողորմած կայսրն էլ շնորհակալությունով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լավության տեղը շատ անգամ լցրեց: Թո՛ղ բազի հիմար, անաստված մարդ հայոց ոտը ձգի. թե մարդ չիմանա, քարերը վկայաթյուն կտան: Հալբաթ որ մեկ օր մեկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմությունը կգրի, էն ժամանակը կերևի, թե հայք ի՞նչ արին, ի՞նչ հավատարմություն են ցույց տվել տերությանը, ի՞նչ արին են վեր ածել:

Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան խանը՝ արևմտից, Աբաս Միրզեն` արևելից, ավազակի պես հանկարծ էկան, մեր սահմանը մեր կողմը ամենևին խաբար չունեին: Ընչանք ռուսք իրանց զորքը կհավաքեին, ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ եթե հայք չէին ամեն տեղ նրա ճամփեն կտրել: Միմիայն Ներսես ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհդուբովի արածը բավական է, որ աշխարք իմանա, թե ի՞նչ հոգի ուներ էն ժամանակը մեր ազգը:

Առաջին՝ խաչը ձեռին, հայոց քարոզում, զորք էր հավաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար, երկրորդը՝ Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը փոխած, չերքեզի շոր հաքած, յարաղասպաբ կապած՝ որ Թիֆլիզու, Ղազախ-Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը, թե իրանց փրկիչն էր գալիս:

էն ժամանակը, որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ ետ ե՛տ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ-Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին՝ իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, գրաֆ Սիմոնիչին, որ Գյանջուցը փախած՝ գալիս էր, իր բոլոր զորքովը իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարությունն ստացավ, մինչև Թիֆլիզուցը օգնություն գար: … Գեղը, որ պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր յոթանասուն տանից ավելի էր, երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը ետ բերեց: էս միջոցին Երմալովն էլ էկավ, հասավ: Մեկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս.

Պարսից միսը թողած` ի՞նչ հարկավոր է տավարի միս ուտիլ: Էս միջումը Ալեքսանդր վալին ու Զոհրաբ խանը էկան, Շամշադինը կոխեցին, ու քիչ էր մնացել, որ բոլորը տակ ու գլուխ անեն, քաջ եպիսկոպոսը իր ընտիր հայերով նրանց քամակը կտրեց, զորքըները կոտորեց ու հինգ պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փեշքաշ արեց: Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թե ի՞նչ պարգև ա ուզում թագավորիցը, բերիլ տա: Անմահ եպիսկոպոսը է՛ն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ-Բոռչալվի հայ ազգը թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչև էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղություն էին քաշում: Խնդիրքը կատարվեցավ, ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիա) արժանացավ:

Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը ինչ ժամանակ Հասան խանի ձեռը գերի ընկավ, ու ուզում էին, որ գլուխը տան, Նաղի խանը մեջ ընկավ ու նրան արձակիլ տվեց: Սարդարն էլ Էն պայմանով նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ-Բոռչլավի մեծությունը որդոց-որդիս նրան կբաշխեր, թե կարողանար հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն: Հրամանն Էնպես էր տված, որ թե չորս օրվա միջի խարար չբերի, գլուխը հազար կտոր պետք է ըլեր: Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած՝ Էկավ ու թղթերը Մատաթովին տվեց: Հասան խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար` նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել: Շամշադնու սարերը, ձորերը գիշեր-ցերեկ գող ու ավազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգևն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգև արեց: Է՛սքան անվանի, է՛սքան քաջության տեր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսներ, հոգին հետը կերթար. Է՛ն զարմանալի սրտի տերն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնությունն ուներ: Երեխի պես կնստեր, կպատմեր, ինչ գլխովն անց էր կացել: Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ: Քանի Կավկասյան սարը կա, Մատաթովի ու սրանց արածը հավիտյան կհիշվի, կասվի: Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր, որ գրաֆ Պասքևիչի հետ մտավ Հայաստան ու հայոց մեծ մասը քարոզելով, հորդորելով, ռսի ձեռի տակը բերեց: Քանի՜, քանի՜ քաղաքներ, գեղեր դարտակվեցան ղզլբաշի ու օսմանցվի երկրումը ու քանի՜սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել:

Ո՞ւր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան ղարսցի, որ, ինչպես հայր, իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովուրդը պահելով՝ բերին էս կողմը: էսօր էլ նրանց անուն տալիս՝ բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունն ու լավությունը ազգի վրա:

Միթե էս բայազդցի՞ք չէին, որ երբ մեր զորքը նրանց քաղաքն առավ, մեկ քանի օրից ետը հանկարծ Վանա փաշեն մեծ ղոնշունով որ էկավ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ հայերը հոգին ատամների տակն առած, է՛ն տղամարդությունը ցույց տվին, որ դեռ Երևան չեկած՝ շատը աստիճան, խաչ ստացավ: էսօր էլ որ էս ողորմելիքը Թիֆլիզումը, մշակություն անելիս կամ բաղնսներումը ծառայելիս, խոսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզությունով ցույց են տալիս իրանց արնի գինը:

Կարելի է, թե պատմությունը, որ հայի համար քոռացել, մեծ-մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանա, բայց աղգասեր հայն ի՞նչպես չպաշտի Էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջությունը ու հըսկայությունը, որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես, քառասուն քաջ հայազգի քամակին, Մասսա սարին նայելով, իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ թև էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գավառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում: Տասը տարուց ավելի Էսպես իր աշխարքին տիրություն էր անում. վաթսուն մարդով շատ անգամ երկու-իրեք հարիր քրդի մեջ մտել, ջախըբուրդ արել, դուրս էր Էկել, ու ինչ ժամանակ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր: էնպես որ, խանը անճարացած՝ գրեց փաշին, որ յա Մանուկին կորցնի, յա թե չէ հազրվի, որ վրեն կռիվ կգնա: Հսկա, բայց տարաբախտ Մանուկ աղեն էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա, որ բարութ առնի: Փաշեն, որ նրան աչքի լսի պես էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում ա, որ անպատճառ գլուխն առնի, քաշվի, բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդությանն ապավինելով` ասածն անկաջըվեր անում ու գալիս, մեկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը ղզլբաշ հանկարծ վրա չեն թափվում, վեցին էլ սպանում ա ու հետո ա հոգին տալիս ու խաչվում: Էսօր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս: Լիս կտրի՛ գերեզմանդ ու հողդ, անպարտելի՛ հսկա: Ա՜խ, ե՞րբ կըլի, որ քո հոգին գա, մեր ազգի վրա իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պես տիրություն անենք, քե՛զ պես մեռնինք:

Ո՞ւր թողանք ղարաբաղցոց, երևանցոց ու լոռըցոնց արածները, որ քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել: Ղորդ ա, Էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել: Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան:

Ա՜խ, ո՞ւմ մտքից կերթա է՛ն հսկա կերպարանքը, է՛ն գեղեցիկ պատկերը, Էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդությունն ու սիրտը, որ շուլավերցի Սոսի աղեն ու մելիք Հոհանջանն ունեին: Հրեղեն վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թե Նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիճ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մեջըներումը` է՛ն վախտն են վրա հասնում, որ քուրդ Օքյուզ աղեն վաղուց Կոլոնիեն քանդել ու իրեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել, տանում ա: Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը էն անթիվ բազմությունի ետևիցը: Քուրդ ու ղարափափախ` եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում: Էս միջոցումը մովրովը հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը, պրծացնի, միմիայն քաջն Սոսի մեկ քարի տակի, իր կտրիճ ընկեր մելիք Հոհանջանի հետ ղայիմանում, ու մեկը մեկին ձեն են տալիս.

Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ, ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել: Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ: Չոլումը մեռնիլը տղամարդություն է:

Ճանանչ թուրքեր ձեն են տալիս.

Սո՛սի աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք: Մենք քեզ կտանինք, սաղսալամաթ ճամփու կքցենք, մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր:

Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կա՛նեն, նրանց խոսքին չի՛ նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ձիու շլինքովն ընկնում: Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիճ հսկայքը ու թուրըները հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը, առյուծի պես: Ընչանք իրանց հողին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում ու իրանք աստծուն մատաղ ըլում:

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը, ո՜վ քաջ նահատակք: Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա: Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի: Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ. Էդպես պատվական արինն էր, որ աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց ու Էսօր էլ է՛ն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս.

Հա՛յք, մե՛զ պես մեռեք, որ անուն ճարե՛ք:

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք: Բարեխնամ կառավարությունը տեսնելով, որ աշխարքն Էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան Լոռի, որ իրանց պրծացնեն: Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր: Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը: Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սգատուն, գողադարան: Անօրեն պարսիկքն ու թուրքերը ձորից, սարից, օրը ճաշին, մեր աչքի առաջին, մեկ թվանքի մանգզիլ տեղ, վրա էին տալիս գազանի պես ու տավար, մարդ եսիր անում՝ կամ տանում, կամ գլուխը կտրում: Ո՛չ ցերեկն ունեինք քուն, ո՛չ գիշերը: Մեկ ձիու ոտի կամ թվանքի ձեն մերուցը գալիս` աշխարքն աշխարքով էր դիպչում: Հերը որդին ուրանում էր ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը՝ մտիկ անում, թե հրես, որտեղ որ ա, հարամին կգա, նրան սուրը կքաշի: Մեկ դաստա սալդաթ ու մեկ քանի ղազախ, որ գնացել էին ճամփեն բռնեն, Էնպես ջարդված, յարալու-փարալու ետ Էկան, որ մարդի գլխին կրակ էր վառվում: Մեկ օր Նաղի խանը էսպես վրա տվեց, Ղշլաղ ասած գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրա էկավ: էլած-չէլած ղոնշունը թոփերն առած՝ քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ բաց թողին ու իրանց էրեխեքանց ձեռը բռնած՝ գնացին, թոփի տակը մտան: Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց: — Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքըներս կթել: Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պետք է ընկնեին, ու չէին ուզում էլ, որ իրանց քաղցր հողիցը բաժանվին: Մըտքիցս չի գնալ էն դառն օրը, որ հրամանն էկավ, թե անպատճառ քոչին: Ո՞վ կուզեր ախր է՛ն տունն էրել, որտեղ որ իր հերնըմերը կացել, իրան կաթը տվել, պահել, մեծացրել, մեռել էին. է՛ն իգին իր ձեռովը քանդիլ, որ դառը քրտնքով բհամ բերել, էն տեղն էր հասցրել: Հաջաթ, զարդ, տան կայենք, ինչ կար չկար, բոլոր կրակ տվին, ինչ ժամանակ ռսի ժամի մուխը տեսան, որը որ մեծավորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իր քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանը համբուրի, բարով մնա ասիլ իրանց հողին, ջրին, թոփի, սալդաթի մեջն ընկնիլ ու Դվալի սարի է՛ն կողմն անցնիլ. Դեռ կիսաճամփի էինք, որ Նաղի խանը իր ղոնշունովը էկավ, մտավ Ղարաքիլիսա, ու սարի դոշիցը ամեն մարդ իր տան Կրակի ծուխը տեսնելով՝ քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլա չտեսնի: Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մեկը դեռ հլա սարի էն կողմն էր: Թուրքերը շամդաքակեր գիլի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից, ձորից թվանքները մեզ վրա կրակում: Էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ մեր հալն էր: Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում: Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրա էր թափել. ո՛չ տուն կար, ո՛չ տեղ, ո՛չ հաց, ո՛չ ապրուստ: Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց, նրա մոտ վեր Էկավ. ով հարուստ էր, գլուխը պահում էր. ով մեկ աստվածասեր ռաստ էր գալիս, գեղարենքումը իր քյուլֆաթին մեկ տաք գոմ էլա ճարում, նրանց տեղավորում էր, ով չէ՛, սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում ու գլուխն ու մեջքը լեռ քարին տալիս: Լոռվա ձորի մեջը, էս գլխիցը էն գլուխը, խալխ էր, որ իրար վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել, մեջը մտել, շատը փետեր իրար վրա տվել տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ ո՞րդիանց ստանային ողորմելիքը: Հացի կոտը դաոավ օխտը-ութ մանեթ, էն էլ չէր ճարվում: Սարերումն` էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին: Ձուկը բռնելով, ֆորս անելով ի՞նչպես կարելի էր տուն պահիլ. Քչիցը, ամեն մեկ տան տասը ջան կըլեին: էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն: Շատ հեր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփա էրեխեքանց ձենին չդիմանալով` տասնով, քսանով հավաքվում, գլխըները փեշըներին էին դնում, էլ ետ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն, բայց, ա՜խ, որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում:

Ձմեռն էլ էկավ, վրա հասավ: Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկավ: Աստված ո՛չ շհանց տա, ի՜նչ էս խեղճերի հալն էր: Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան-ջիվան երեխեք, իրեքչորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում: Մեկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ` շլինքը ծուռը, դուռըդ կտրում, չտայիր, սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված, կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք: Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որը գրավ դրեց: Շատը որդիքը տարան Շուլավեր, Բոռչալու, եսիր տվին: Իմ տան տերը դերձիկ էր: Որ գնում չէր, բանում ու մեկ քանի շաբթից ետը մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս: էսպես՝ հազարավորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկավ, ընկավ Վրաստանու հողը ու գլուխը պրծացրեց: էսպես ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել իրան էս տեղ հասցրել, մեկ թշնամի ոտը բարձրացնելիս՝ նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ պետք է ըլի, որ հայի միսն ուտի ու նրան չխղճա: Հիմիկ էս թողա՛նք, գնա՛նք էլի մեր սիրելի Աղասու մոտ, տեսնինք ո՞ւր մնաց, ու ի՞նչպես պետքը նրա բանը վերջանա:

Next page