Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Յա ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար,
Ո՜վ դու երկնային ստեղծող բարերար.
Յա իմ հոգիս էլ հանի՛ր, քեզ մոտ տա՛ր,
Յա քո երկընքիցդ արա՛ ինձ մեկ ճար:
Քանի շունչս վրես ա, քանի ձեռքս գլուխս,
Կրակ էլ որ թափես, խորովես իմ սիրտս,
էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ:
Աչքե՛ր, քոռացե՛ք, բալքի թե էլ բաց,
Չտեսնիք դուք Անու լուսահողն օրհնած.
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
Հույս էլա հողին չմնա կորած:
Թո՛ղ հոգիս դժոխքը գնա՛, խորովվի՛.
Իմ սուրբ նախնյաց տեղ՝ իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի, քո ծոցումն, ինձ դրախտ պետքը չի՛:
Թո՛ղ էն անեծքը, որ քեզ են տվել,
Բանան անդունդը, կուլ տան ինձ սաղ էլ.
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին էլ ես չե՛մ կարոտիլ:
Սուրբ երզնկացի, սուրբ Երզնկացի,
Պարծեցի՛ր, թե ես չեմ շինիլ Անի.
Անեծքդ Էն վախտը թրի, կայծակի
Պես թո՛ղ ինձ էրեն, իմ հոգիս տանջվի:
Ջանս ձեզ ղուրբան, ա՜յ սուրբ քար, հողեր,
Տաճարք, ապարանք, պարիսպք, տապաններ
Թ»ե մուրազս սրտումս պետք է մեռնի, մնա,
Էս չոքած տեղս թող ջանս քարանա:
Քարացած տեղիցս կանգնիմ ու ասեմ,
Ամեն անցնողին ետևից կանչեմ
Քարացած լեզվով վա՜յ տամ, աղաչեմ.
«Ու՞ր եք գնում, թողում, ձեր նախնյաց տեղն եմ»:

10

Առավոտը, էն ա, լսին էր տալիս, որ իշխանն և քաջահաղթն գեներալ-մայոր Մատաթովն վեր կացավ, Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ, տվեց, ու ինքը՝ արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու հայերի իշխանները քամակը քցած, օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբընով, որ թշնամին հանկարծ վրա չտա, ու իր պատրաստությունը տեսնում էր: Զորքը ղորդ ա, շատ քիչ էր, ամա Մատաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ աստուծո տեղ պաշտում էին, որ ղզլբաշի հոգին ջուր էր կտրում անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը, հազիր, վառված, քամակին՝ որ տուն, տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դովլաթ թշնամուն յա գերի տան, յա ռսի թուրը նրանց աչքը խրիլ տան: Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլա դեռ չէր գիտում, թե ո՞ր կողմովը գնան:

Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ՝ էն: էս կողմիցը՝ Աբաս Միրզեն, էն կողմիցը՝ Հասան խանը, քանդելով, ավերելով էկել, հասել էին, որ գնան Պետերբուրգ: Թիֆլիզ, ինչպես որ տեսանք, սհաթե-սհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մահմադ խանի կրակը, որդիանց որ ա, էլ կրկին իր գլխին կթափի: Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ, գործ դրեց: Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ ու ցույց տար աշխարքի, թե հայոց հոգումը իրանց հին հսկայության կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար ու վաղուց մխում էր, որ մեկ հով դիպչի՝ հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի:

Պտտելով՝ էլ ետ չադիրը մտավ զորապետը ու միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, թուրքերին խաբի, թե ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը՝ ֆլան, անթիվ զորքով գալիս են, որ թշնամու գլուխը ջնջխեն, հանկարծ զշղրուն ընկավ զորաց մեջը: «Կարաու՜լ ձեն տվին, թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «Քրիստիան, Արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդահա որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն ետի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած. ընչանք մարդ կկանչեր, անծանոթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց: Կտրիճ ձիավորը մզրախը գետնին ցցեց, ղարավուլի, բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ: Քաջ գեներալը, թե եվրոպացի էր էլել, հուշտ կըլեր յա կզարմանար ու էնպես հանդգնությունը, կարելի ա, պատժեր, բայց նա մեր երկրի մարդի խասիաթը լավ գիտելով՝ տեղը մնաց կանգնած, ու էլ էկողին ժամանակ չտվեց, որ խոսի, ինքը հարցրեց, թե ի՞նչ խաբար ա: Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլեր: Երկար Ժամանակ լեզուն խոսք չէ՛ր բռնում: Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց.

Կնյա՛զ, թադարեքդ տե՛ս, որ էսօր ա՝ ձեզ դաղթմիշ կանեն, էս գիշեր ա՝ նմանապես:

Ու պատմեց, թե ինքն ո՞վ ա, Խլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի ի՞նչ, Ապարան, Դիլի՝ ի՞նչ, ու քսաներեսուն ձիավորով հազար հարամու աչք հանելով, էստեղ-էնտեղ կոտորելով՝ ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել: էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս, թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ- երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել, ընկել ռսի հողը, ընկել, որ գա Թիֆլիզ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել:

Ղզլբաշի շատը, որ ինձ հետ էին ածում, հենց նոր քամակիցս ռադ էլան, երբ ձեզ տեսան, փախան, հմիկ ի՜նչ գիտես, էնպես ա՛րա. Գլուխս ետ եմ դրել, որ ռսին ղուրբան անեմ: Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում: Հույս ունիմ, որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ: էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ՝ մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ: Ի՞նչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրո՛ւ: Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը, չեմ ուզել: Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն, հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել: Միտքս Էն էր, որ Անի քաղաքը շինեի: Հայերը, հայերը, աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին. էնքան էսօր-էգուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլղը ընկավ: Ճարս որ կտրեց, էլ ո՛չ փաշի մտիկ արի, ո՛չ փաշության, ետ էկա էլի, Անուն ապավինեցի: Լավ աստված Հասան խանին ձեռս քցեց, ես ջահելություն արի, հոգին չհանեցի. ուզում էի նրան թաքուն սպանեմ: Ղզլբաշը որ ետ դառավ Փամբակից, ես էս սարի, էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ. աստված գլխիս բարկացավ ու էս հալիս ինձ քո ոտը բերեց, որ շատ չի՛ հպարտանամ, շատ չի՛ ամբարտավանամ: Որքան բարութ ունեի, հատավ: Ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ. ինչ հրաման ունիս, ասա՛. մեկ գլուխ ունիմ, էն էլ ռուս թագավորին ղուրբան: Թաք ըլի՝ մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թո՛ղ մեր կերածը ցամաք հաց ըլի: Երևան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ: Մեկ ծեր հեր ունիմ, բանտումն ա փտում. մեկ պառավ մեր ունեի, ճամփին, քոչելիս ա հոգին տվել. մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի, ռուսի հողը քցեցի: էլ ուրիշ բան չե՛մ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թո՛ղ աստված, ինչ իմ ճակատիս գրվածն ա, Էն կատարի:

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ: Ջիգյարի կրակը բերանը փակեցին, աչքի արտասունքը՝ տեսությունը: Հսկայն Մատաթով երկար ժամանակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի Էնպես ճարտար բերնի, Էնպես քաջ սրտի վրա, Էնպես հիանալի, պարթև բոյի ու փափուկ ջիգյարի վրա: Խնդրեց, որ քիչ-մի հանգստանա, ու ինքը իրան թադարեքը տեսավ: Ով Էն ժամանակը կար, տեսած կամ լսած կլինի, թե Մատաթովն ի՞նչ արեց: Նհախ տեղը չի նրա անունը հայի, թուրքի, զղլբաշի բերնումը մնացել: Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը: Դեռ վարժատան աշակերտ էի ու, ինչպես Էսօր, կենդանի է մտքումս՝ Աղասին ի՞նչպես մտավ Թիֆլիզ: Երևելի իշխանի որդի չէ՛ր, որ նրան մեծ փառքով ներս բերին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի: Մեկ թղթի միջում ծալած՝ իրան ոսկորները քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կովըներումը կոտրել, հանել էին: Մեկ քանի ժամանակից ետո, հայտնի ա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուցը ազատվեցավ, Ապարան, Երևան դառան ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը: Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա երկինքը հասցրեց: Ո՞ր հայը իրան պարծանք չի համարիլ, որ օսմանցվի, ղզլբաշի ու Պոլշիո աստվածը էսօր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել: Իշխանն Վարշավի և կոմսն Երևանի՝ Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզ խանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց ու ոուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց: Քանդելու միայն էին սովոր ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան: Ուրիշ՝ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, ետո իրանց քաղաքն ու օղլուշաղը, ռուսաց, ընդհակառակն, բալանիքն էին ընծայում, ետո իրանց տունն ու ընտանիքը: Գոռոզ կարծիքն պարսից, թե խաչը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր, ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ շնորհք, ողորմություն տեսան: Հայոց արտասվալից աղոթքը, որ գիշեր-ցերեկ անում էին, թե ե՞րբ կըլի՝ ռուսաց, իրանց հավատակցի երեսը տեսնին, ետո հողը մտնին, լսեց աստված ու կատարեց: Խաչի լիսը ու ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին, ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը էսօր մարդաբնակ են դառել ու ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում: Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի՛ տեսնիլ, իրան Հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի ու քոռ, նախանձոտ մարդին գործով ցույց կտա, թե Հայ ազգը ո՛չ թե փողի կամ շահի խաթեր ա ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ա ուզում կատարի, որ իրան հավատն ու ազգը պահողին արինը, կյանքը, որդին չխնայի: Հայ ազգը, որ ո՛չ թե թուլ էր յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ: Երկիրն ինքն էր պարտական: Աշխարքումն ով ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր, որ իր թշնամու հախիցը կարենար գալ: Ո՛չ ասորիք, ո՛չ պարսիկք, ո՛չ մակեդոնացիք, ո՛չ հռովմայեցիք, ո՛չ պարթևը, ո՛չ մոնգոլք, ո՛չ օսմանցիք չէին կարող էն զորությունն ստանալ, եթե հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել: Դեհը պահելով, ղորդ ա, իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց ետո իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՞նչքան հոգի ուներ, ի՞նչքան կամաց զորություն, սրտի հաստատություն որ իրան չորս կողմի Էն հզոր ազգերը կորան, փչացան, անունները չկա, հայոց ազզը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև Էսօր իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլա Էսպես օրինակ չունի: Երևան թևին տվեց, երբ ռուսաց զորքը իր մեջը մտան: Էջմիածնի խնկի, մմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ: Քաջահաղթ հսկայն՝ կոմսն Երևանի, Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտավ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն: Էն ժամանակվան խաղերը, որ հանել, ասում էին, հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ, թե թուրք ու հայ հենց իմացան, թե աստված վեր Էկավ իրանց համար: Հարիր տեսակ խաղ՝ հայերեն, թուրքերեն, Երևանու բաղերն ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր, ուրախ վախտը, ձեռը բերնին ա դնում ու ասում: Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թո՛ղ օրինակի խաթեր գրվի էստեղ:

Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարի ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ էլան.
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սիրտս էդ քարը մի՛ քցի:
Մատաթովն Ղարաբաղ առավ, ազատեց,
Կրասովսկին Ապարան ոտնատակ տվեց:
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած՝ գլխին վա՜յ տվեց:
Բեկենդորֆն Սարդարին ջախըբուրդ արեց,
Ասլանի գլուխն արծվին ռուսն մատաղ արեց:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՛, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՛վ և այլն:
Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի՝ հոգևոր տիրոջն ղուլ դառնամ:
Սուրբ Գեղարդն, մեռոնի զորքն մալում էլան,
Թշնամին քոռացավ, հայքն ուրախացան:
Հայ ազզի աղոթքը երկինքը հասան:
Անաստվա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ և այլն:
Մենք քամակ-քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք:
Հասան խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի ղոնշունը ցիր ու ցան էլավ:
Մեր խաչին, անհավա՛տ, արի՛, ճանաչի՛:
Անաստվա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ և այլն:

12

էջմիածին, Թավրիզ, Աբասաբադ, Սարդարաբադ ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու հետին շունչն ընկած՝ ուզում էր, որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի՝ կոմսն Երևանի, իշխանն Վարշավի, էկավ՝ էնտեղանց բանտում, զընդանում մաշված հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի:

... ամսի ... էր, որ երևանու բերդը ծխումը կորավ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ: ... օր ... գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը Էսօր ա վեր գալիս: Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել: Սարդարը, շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել: Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի, ու Էն մարգարեական ձենը կատարվի, որ Ապարանումը նրա անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չեկավ: Նհախ, որքան բերնումը լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝իրանց գլուխը ձեռ չքցեն: ... օրվանից հետո խալխը, որ տեսավ՝ ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց, Էն ա, վերջին սհաթն էր մնացել որ բերդը հոգին տա, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան:

Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի ա, թե է՛ն օրը, է՛ն տեսարանը, է՛ն անունը չէ՛ր տեսել, չէ՛ր ճարել, որ էսօր տեսավ ու իմացավ: Կարելի է աշխարք աշխարքով դիպչի, ազգեր գան ու էլ ետ ո՛չնչանան, բայց քանի որ հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, գեներալն Գրասովսկիյ, մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ, ավետարան ձեռին, մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն: Պետք է աշխարքումն էլ հայի հոգի չըլի, որ իրանց փրկիչ Պասքովիչի անմահ հիշատակը արտասընքով ու լալով չհիշեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ Հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես չպաշտեն: Կամիլլոս, ղորդ ա, Հռովմ ազատեց: Սցիպիոն՝ հռովմայեցվոց թուրը Աֆրիկումը ցցեց՝ Կեսար՝ Գալլիա ու Բրիտանիա ոտի տակն առավ, Նապալեոն՝ Իտալիո, Սպանիո և Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ հռովմայեցիք, գալլիացիք, եգիպտացիք է՛ն սրտովը, է՛ն սիրովը իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես հայք, հա՛յք, որ առավոտն էին վեր կենում, է՛ն էին աղաչանք անում աստվածանից, րիգունն էին քնում, է՛ն էր նրանց աչքի արտասունքը: Մեծ էր հիրավի ու անմոռանալի ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես հայք էս արժանահիշատակ օրը:

Սալդաթի տուտը հենց բերդը մտավ թե չէ, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասունքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի: Բայց ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ է՛ն ձեռներն, է՛ն աչքե՛րը, որ քարացել, սառել, երկնքին էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէ՛ր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար:

Ինչպես բարեկամ, ինչպես երկնային ավետաբեր հրեշտակ, ազատության ու ողորմության պսակը ձեռին՝ մտավ իշխանն Պասքևիչ սարդարի ամարաթը: Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թե ինչպես էին ծեր, մանուկ, աղջիկ, պառավ՝ չէ՛ թե մենակ իր ոտը համբուրում, այլև շատը ընկնում էին սալդաթների ճտովն ու էնպես նվաղած, հոգին քաղված մնում: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել:

Էջմիածնա եպիսկոպոսունքը, որ բերդումը, հենց բռնի՛ր, մաշվել, հետին թելն էին ընկել, մեկ կողմից, Շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք մյուս կողմիցը որ դուս չէկան՝ երեսները գետինը քսելով, էնպես գիտես, թե քաջն Վարդան նո՛ր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենյաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կյանք իրանց ազգին տան:

Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինեի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում, աչքը բռնել, լալիս, որ հռովմայեցվոց գազան բնությունը նրանց արինը խմեց, կշտացավ, Պասքևիչ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախությունիցը աչքը սրբում, Տիգրանա, Վաղարշակի, Անիբալա, Տրդատի, Վարդանի պատմությունն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել: Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձեն տալիս, — Տե՛ս Հայկ աստղի կամարը, է՛ն լուսեղեն, է՛ն կապտագույն գըրքումն քո անունը գրվեց, փրկի՛չ որդվոց մերոց: էնտեղ տարանք քո մեծագործության պատգամը: Հայկի մոտ, Լուսավորչու գրկումն իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը:

Հայկա որդիքն էին նրան երկրպագություն տալիս, հայոց անմեղ լեզուն էր նրա կյանքը օրհնում, հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել, նրան պատվում, պաշտում: Երևանու բերդի անվան կեղտը պետք էր նա սրբեր ու իր անունովը նոր կնքեր, երևանցվոց, հայոց մեծ ազգին հավիտյանս հավիտենից հեր, տեր դառնար: Ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս չվերանար, չմեծանար: Ի՞նչ աչք ըլեր, որ էս սհաթին իրան բռներ ու էնքան օրհնության, ուրախության ձենը լսելով՝ դինջ մնար, ծով չդառնար: Նա արեգակ էր դառել Հայաստանի, ոուսք մոլորակի պես նրա գլխովը պտտելով՝ նո՛ր կենդանություն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուո կանգնիլ, որ էնպես քաջ հսկայն կարողանար դիմանալ: Հասան խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում, նա չէ՛ թե Սցիպիոնի պես իր ազգի կատաղի բնությունն իմանալով՝ ոտնահար արեց, այլ ռուսաց ազնիվ հոգին ճանաչելով՝ էնպես անօրեն ավազակին գրկեց, էլ իր պատվով՝ հրամայեց, որ ճամփա քցեն, գնա, դհա ավելի իմանա, թե ո՜րքան ողորմած է հզոր տերությունն Ռուսաց: Ռուսք էն մութը հոգին չունեին, որ Նապալեոնի պես մարդին, իրանց մեծահոգությանը ապավինելիս, նավ քցեն, որ գնա, իր դառն օրը Օվկիանոսի միջումը վերջացնի, չէ՛: Ռուսք իրանց թշնամուն, Էնպես անարգ հոգուն էլ, ցույց տվին էսօր, որ իրանց ոտքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտավորություն ու խաղաղություն պետք է ըլի: Հասան խանը գլուխն էր դեմ անում, որ կտրեն, պարսիկը երեսներն էին փռում, որ ոտնակոխ անեն, բայց Պասքևիչ անօրինակ հսկայն, մեկին հանդիսով Թիֆլիս ուղարկեց, մյուսոցը շնորհք, ողորմություն ցույց տվեց: Այլ եվրոպացիք Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցին, ռուսք Հայաստան կանգնացրին ու ասիացվոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին, աստված ի՞նչպես չի՛ պետք է նրանց թուրը կտրուկ անի, պատմությունն ի՞նչպես չի պետք Պասքևիչին աստվածացնի, հայք ե՞րբ կարեն ռուսաց արածը մոռանալ, քանի որ շունչ ունին:

13

Բայց ա՜խ, սիրելի կարդացող, մի հարցնես, թե ախր էսքան բանը որ անց կացավ, ո՞ւր մնաց մեր ջրատար, սիրտը փորումը մեռած Աղասին, որ չի՛ գալիս՝ իր մուրազն առնի, իր մահվան դուռն ընկած խեղճ հորն ազատի, նրա օրհնությունն առնի, թողություն խնդրի, որ Էնքան նեղությունն ու տանջանքը իր խաթեր էր քաշել, հինգ տարի բանտումը չորացել, ցամաքել, հազար անգամ գերեզմանի դուռը գնացել, ետ եկել, որ իր որդուն տեսնի, փափագն առնի, Էնպես հողը մտնի, որ սրտումն էլ դարդ չմնա, գերեզմանն իր համար դժոխք չդառնա:

Բերդի մեջն ու չորս կողմը, որ ասեղ քցեիր, գետնին չէ՛ր հասնիլ. աշխարքը իրարոցով էր դիպել: Աչք էր, որ խնդում էր ու լալիս, բերան էր, որ գովում էր ու օրհնություն տալիս, ազգական, բարեկամք էին, որ իրար փաթութված՝ մնացել էին փետացած: Լեզվի տեղակ արտասունքն էին նրանց էրված սիրտը հովացնում: Սար ու ձոր խնդացին, բաղբաղաստան ցնծացին, որ իրանց տերերն էլ ետ ճամփու էին ուզում ընկնիլ, որ գնան, նրանց զվարթացնեն: Բերդի դռներն ու քուչեքը դրմբում էին ոտի ու ուրախությունի ձենիցը: Ռսի ղարավուլները ամեն տեղ բռնեցին, խալխը Քիչ-քիչ սկսել էր, որ քաշվի, բայց որտեղ որ Հասան խանի խերիցը քոռացրած, քոթրոմացրած, ոտից-ձեռից ընկած անդամալույծ կար, Էկել, բերդի դուռը բռնել էին, որ իրանը սև օրին մեկ լիս, մեկ ողորմություն. մեկ դինջություն գտնեն:

էս միջոցին էր, որ Ներսես սրբազանը Սահակ աղի ձեռիցը բռնած ընկել էր բրջերի, բադանների գլուխն ու հենց գիտեր, թե երկնքիցն ա Երևանու դաշտին մտիկ տալիս, նոր ըլի դրախտը նրա աչքի առաջին բաց էլել, նոր ըլի ջրհեղեղը դադարել, նոր ըլի որդին միածին վեր էկել, որ իր արդար, սիրելի հայոց ազգին փրկություն բերի: Անց կացած ժամանակները երազի պես էին նրա աչքի առաջին կանգնել: Չէ՛ր իմանում, թե Երևա՞ն ա տեսածը, թե՞ Թիֆլիզ: է՛ն պուճախներումը, է՛ն ձորերումն ու բաղերումը, որ սև ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, ռուս էր տեսնում ցրված, նստած, ո՞վ չէր տեսածը երազ համարիլ յա հրաշք:

էս մտածմանց մեջը խրված՝ էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրա էր քցել ու մնացել վերացած, գավազանի վրա թինկը տված, որ մեկ քաղցր ձեն ետևիցը որ «Հա՛յր սուրբ ջան» չասեց ու ձեռն առաջ դոշին, հետո երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց:

Հա՛յր սուրբ ջան, սրբազան տե՛ր, ա՛խ, էս ի՞նչ օր ա, — մեկ ձեն էլ մյուս կողմիցն էկավ ու մյուս ձեռը բերան ընկավ:

Սմբատով ջան, Երոուսալեմսկ ջան, ո՛րդիք. Թաղեցե՛ք ինձ այսուհետև ձեր ձեռովը: Թե որ մեկ քանի օր էլ աստված ինձ կյանք պետք է տա, թո՛ղ էնդուր համար տա, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվյալ ազգը էլ ետ իրանց աշխարհը բերեմ, էս մեկ բանն էլ թո՛ղ էս կարոտ աչքս տեսնի, հետո, ա՛խ, հետո Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ: Խնդրեցե՛ք, խնդացե ք, խնդացե՛ք, խնդրեցե՛ք, ո՛րդիք ջան, որ ձեր ծերունի հոր էս մեկ խնդիրն էլ աստված լսի, էլ ուրիշ բան չե՛մ ուզում: Հայաստա՛ն, Հայաստա՛ն, տո՛ւր ինձ քո սիրտը, տու՛ր ինձ գերեզման: էլ որ նոր ազգեր թե գան ու երթան, ա՜խ, չի մոռանաս քո սև, դառն օրվան նեղությունն, տանջանքն, կա՛ց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանի՛ր, էլ քո զավակը գերի մի՛ քցիր: Սուրբ հողդ իմ երեսս, ընտի՛ր Հայաստան, աթոռ աստուծո, տուն Արշակունյան: Ախր որտեղանց որտեղ թռաք, էկաք, սիրելի ո՛րդիք, որ ձեր Հայրենիքը տեսնիք, — վերջապես հարցրեց սրբազանը զարմացած աչքերը սրբելով ու էս ազնիվ հայկազանց գլուխը դոշին կպցնելով, — ախր մի ասեցե՛ք, որ դինջանամ. ձեր կարոտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ որ էս սհաթին իմ սիրտն իմանաք, իմ ուրախությանը մասնակից ըլիք, ո՛րդիք ջան, հայոց ազգի բարի շառավիղք: էդ ո՞ր աստվածը իմ մեղավոր սրտի խոհուրդն իմացավ ու ձեզ ինձ մոտ բերեց:

Մենք էլ հենց է՛դ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրեք գիշեր ա, չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք, էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախությունն ու օրհնությունն առնինք, մեր Հայրենյաց ազատությունը տեսնինք, մեր կարոտ աչքը մի կշտանա, ու էլ հենց էս սհաթին պետք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիմանՀա յ անիրավս ձեզ, էտու՞ր համար եք էդպես չերքեզի շորերում կուչ էկել, որ մարդ ձեզ չճանաչի՞, շատ լա՛վ, հանաքն հո էդպես չե՛ն անիլ. դուք ձեր խաղն եք խաղացել ձեր ջահել տեղովը, ես էլ իմը կխաղամ էս ծեր տեղովս, տեսնինք՝ ո՞րս կհաղթենք: Ձեզ բանտ պետք է քցած, որ մի քիչ քիթըներդ տրորվի, իմանաք, թե Հայրենյաց համար էդքան նեղություն քաշողը, էղքան ճամփա էկողը ու իր ղուլլուղից ձեռք վերցնողը՝ թուր էլ որ դեմ անեն սրտին, կրակ էլ որ ածեն գլխին, պետք է երեսը ետ չի՛ թեքի: Դուք էսքան տեղն անահ, աներկյուղ անց եք կացել, ոտի տակ տվել, որ մարդ են ուտում, հիմիկ սիրտ չե՛ք անում, որ կուսակալի առաջը գա՞ք: Տո՛, Հայաստանու փրկիչը որ ձեր էդ ազնվական գործն իմանա, հասկանա, թե դուք ձեր աշխարքի ու ազգի ազատության հանդեսը էկել եք, որ տեսնիք, ձեր ձենն էլ նրանց ձենի հետ խառնեք, ձեր ազնիվ սիրտն էլ նրանց սրտի հետ միացնեք, էն էլ է՛ս հրաշալի, է՛ս արժանահիշատակ Ժամանակին, ձեզ սիրելու, ձեզ գրկելու խաթեր ձեզ վրա պետք է բարկանա՞: էն ի՞նչ սիրտ պետք է ըլի, որ տեսնի մեկ որդի սարեսար ա ընկել, գլուխը մահու տվել, որ իր ծնողին նեղությունից պրծած տեսնի, ինքն էլ ջանը ետ դնի, ինքն էլ հետը ուրախանա ու, մահապարտ էլ որ ըլի որդին, նրան թողություն չտա՞: Ձեզ պես որդիք շա՛տ ունենամ, շա՛տ, էկե՛ք, էկե՛ք, ձեր երեսին մեռնիմ, ձեր էդ ազնիվ աչքերին ղուրբան, իմ սիրուն պահած որդիք, էկե՛ք, ձեր էդ մաքուր ճակատը մեկ էլ համբուրեմ, մեկ էլ ձեր էդ սիրուն երեսը դոշիս կպցնեմ, հետո ձեր շունչն իմ վզին: Կուսակալը թե խոսք ունի, առաջ ինձ ասի: Դուք է՛ն օրինակն եք ցույց տվել, որ մեկ որդի Սիբիրից ոտով գնացել ա Մոսկով, որ իր հորն ազատի, ձեզ ո՞վ կարա ղնամիշ անիլ: Հայոց ղոնշունն էլ, է՛ն ա, հա՛, հազրել եմ. քիչ-քիչ սովորում են կովելու կերպը: Մելի՛ք, էսպես զավակներ որ թագավորն էլ ունենա, չի՞ ուրախանալ: Հայոց ազգը էս՛պես որդոց ա կարոտ, է՛սպես, ի՞նչ կըլի, որ սրանց նման մեկ հարիրն էլ ըլին: Հլա մտիկ տո՛ւր սրանց բոյին, սրանց պատկերին, սրանց լեզվին, սրանց աննման աչքերին, աստծուն հայտնի ա, ուզում եմ, թե էս սհաթը հոգիս հանեմ, սրանց տամ: Օրհնվի՛ էն արգանդը, որ էսպես զավակներ կբերի: Ամեն մեկը, էնպես գիտես, թե թագավորազունք ըլին: Ձեզ ստեղծող աստծուն զո՛հ ըլիմ, զո՛հ, ինձ պետք է թաղեք, որ հետո վրըներովդ դուշ անց կենա: Ձեր հայրենիքն էիք ուզում, էս էլ ձեր հայ՛րենիքը: Ես էլ գիտեմ, որ չոր, հալևոր սևագլխի խաթեր էդքան ինջըմիշ չէիք ըլիլ: Ինձ սիրեք, չսիրեք, ձեր ազգն ու աշխարհը որ էդքան սիրում եք, հենց գիտեմ, թե Գաբրիել ու Միքայել հրեշտակն եք ինձ համար, որ մեր Լուսավորիչ պապին Խոր Վիրապումը մխիթարում էին: Գնա՛նք, իմ հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում, հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար, թե ի՞նչ դուս կգա: Խալխի հոգսը պետք է քաշենք, բանտ ու զընդան լիքն են մեր անմեղ զավակներովը, նրանց ախր հանիլ, ազատություն ու տերություն կուզի, ո՞վ ա խաբար, թե ղրաղ-պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կկենա, չունքի ղզլբաշը, ղորդ ա, կոտրվել ա, ամա դեռ ոխն ա քենը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երևանու տերը, մեր ազգի գլուխը, Էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագություն տան: Գնա՛նք:

Էս խոսքը բերնիցը դուս գալը ա մեկ ողբալի ձեն հենց Էն վրեն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մեկ էլավ.

Հա՛յր սրբազան, գլխիդ ղուրբան, հասի՛ր, մեկ հայ աֆիցերի սպանեցին իր հոր հետ. Ճար ունիս, տե՛ս:

Բրջի դռանը մարդ չէ՛ր երեում, որ մի քիչ կռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մեկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան, որ էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձեն տալիս:

Ախ, սի՛րելի կարդացող, էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմությունը: Կըլի, որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պետք էր Էնպես դժոխք մանիլ, որ գլուխը մահու տա, եթե ո՛չ մեր ջիվա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի՛ տվեց, պահե՛ց, Էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամաորդի արած կըլի, վերջը Գրասովսկիյ գեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը, որ իր ջրատար հոր հետին շնչին հասնի, ու հենց բերդն առան թե չէ, նա, մերը կորցրած գառան պես, էլ չի՛ համբերեց, որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկավ բրջե-բուրջ ու որ հոր անունը չհարցրեց, մեկ երևանցի հայ առաջն ընկավ, տարավ նրան էն բրջի դուռը, որտեղ որ նրա տարաբախտ, հերը, մեկ քանի հայերի հետ, բռնված էր: Բայց անիրավ պարսիկքը վաղուց էին իմացել նրա ղոնշունի հետ գալը, ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական՝ մինչև տասը մարդ, գնացել, էն բրջումը տափ էին կացել: Ախ, էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում... Ա՛խ, բաս Աղասու սուգն ո՞վ անի, նրա ջիվան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի: Ե՛ս, ես, ողորմելիս, նրա գերեզմանին ղուրբան... Ախ, բաս նա, որ ինձ էնքան էրեխա ժամանակս իր ծնկա, վրա խաղացրել ու ինձանով մխիթարվել ա, բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուգը չանեմ: Բաս սիրտս կհամբերի՞, որ Էսօր չուզենամ Էնպես հսկա, Էնպես ազնի՛վ, քաջ երիտասարդի վրա հոգիս տամ: Բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուգն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտը շարժի, էրի, խորովի: Նրա սուգ անողը հետո կգա, ես իմ դառը պատմությունն անեմ:

Next page