Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Իրեք թուրք ջոկ էին ընկել բրջի մեկ ղրաղումը, մյուսները փախել. ախ, լե՛զու, լռվիս, ի՞նչ կըլի: Աղասին, հրեշտակ Աղասին. երկու խանչալ սրտումը ցցված, իրեքը քամակումը, ու ոտ ու ձեռ հազար տեղ յարալու-փարալու՝ իր ողորմելի հոր դոշին, արինը ծովի պես չորս կողմը բռնած, որ սրբազանը վրա հասավ: Աջու ձեռը որ չէր տարել, որ հոր գլուխը, էն ձնի պես սպիտակ մազերը, մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղնուտեղը ուսըվեր էին բերել, ու կտրած ձեռը մնացել էր հոր գլխատակին, երեսը՝ երեսին, ու ձախու ձեռն՝ էնպես փետացած, դոշի վրա ընկած:

Վա՛յ, աչքս դուս գա, ա՛յ իմ ազգի ազիզ որդի, վայ, մեր ճամփեն փուշ դառնար, ա՛յ ջիվան, ա՛յ մեր ախպեր, հայի զավակ, վայ մեր օրին ու արևին, Երևանա ճրագ, իմ պահած-մեծացրած, սիրուն Աղասի, քո արինն է՞ստեղ պտի թափե՛ր, — ասացին էս ազգասեր հոգիքն ու աղլխներն աչքներին դրած՝ ամեն մեկը մեկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին, ու էլ որ մեկն ու մեկը հանկարծ աչքը կամ հոր երեսին՝ էն լիս դառած պատկերին, յա տղի կտրատած ջանին՝ էն արնաթաթախ մարմնին, չէ՛ր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով՝ բիրդանբիր ձեն տալիս ու գոռում.

Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խտտել: Տո՛, էն ծերին նայեցե՛ք, տեսե՛ք, աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում:

Սի՛րտ, տրաքի՛, սի՛րտ, էլ չեմ կարում տանիլ, ո՛վ ջիգյար ունի, ինքն իմանա, մնացածը էգուց կգրեմ:

14

Հայոց ազգը էնպես ռաշիդ, էնպես ջիվան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը. էլ ո՞ւր կհասներ, էլ ի՞նչ օգուտ շատ սգալն ու մղկտալն, բայց, ախ, Աղասու մերը քոչի ճամփին էր իր սև օրը վերջացրել, հերը՝ որդու արնովը իր փետացած լաշը լվացել, նշանածը՝ ողորմելի Նազլուն, դեռ Փամբակ էր. միմիայն տես ու ճանաչ էին նրա վրա ցավում, կսկծում, իր ռաշիդ ընկերներ«ից» հո, քանի Մատաթովի մոտ էր գնացել, ո՛չինչ խաբար չէ՛ր իմացել, էկող-գնացող էնպես էին պատմում, թե նրանց եսիր էին արել, Հասան խանի մոտ տարել: Ո՞վ էր խաբար, բալքի թե էն անդամալուծների շատը նրա բարեկամքն էին, բայց մարդ չէ՛ր գիտում: էն բրջից ձեն տվող երևանցի հայիցը հենց էսքան իմացան, թե երբ քաջն Աղասի՝ ռսի ապելատով, բրջի դռանը երևեցավ, ղարավուլ սալդաթը ղրաղ կանգնեց, պատիվ տվեց:

Ինչպես մեկ հրեշտակ, է՛նպես ներս ընկավ իգիթը, — վրա բերեց երևանցի հայն: — Անօրեն թուրքերը մեկ ղրաղում, թուր ու խանչալ պլոկած, տափ էին կացել: Բերդի առնիլը դեռ չէինք իմացել: Հենց իմացանք, թե էն թուրքերն էկել են՝ մեզ յա սուրը քաշեն, յա դուրս տանին, կախ տան: Լերդ ու թոք ջուր կտրած՝ մնացել էինք սառած, որ հսկայն Աղասի ներս ընկավ, հենց իմացանք, թե եկել ա, որ էն անիրավներին բռնիլ տա ու մեզ ազատի: Ո՞վ կիմանար, թե ի՞նչ մարդ ա ու ընչի՞ համար ա էկել: Խեղճ հոր հո, շունչն էր մնացել բերնումը. աչքի լիսը վաղուց էր հատել, վաղուց էին ոտ ու ձեռք նրան թողել, չորացել: Փորն էկել էր, ուռել, բերնին դեմ առել, հենց գիտես, թե հոգին ինքը նրանից չէ՛ր ուզում ձեռք վերցնի, չունքի շատ անգամ, էն ուշագնաց վախտը, լավ պարզ լսում էինք, որ ուզում էր գլուխը բարձրացնի ու մեռած ձենով մղկտում էր. «Բաս ո՞ւր ա... թո՛ղ, թո՛ղ, մի տեսնիմ... Ա՛ղասի, ո՛րդի, հո՛գի, քա՞նի մի քանի ինձ մաշես, երկնքումը վաղուց եմ տեղս տեսել, ա՜յ իմ ջիվան որդի, քանի՞ մի քանի ինձ մաշես: Արի՛, արի՛, երեսիդ մեռնիմ, արի՛, մեկ շունչդ առնիմ, էլ հո աչք չունի՞մ, որ քեզ տեսնիմ. էլ հո ձեռք չունի՞մ, որ քեզ գրկեմ, լեզուս ա մնացել, անկաջս. Թո՛ղ մեկ էլ ձենդ լսեմ, որ մորդ էլա մեկ խաբար տանիմ: Հռի՛փսիմե, Նազլու, Կա՛րո, փարիխան, Ա՛ղասի»: Սանգարի ժամանակին ձենը իսպառ կարվել էր: Մենք հենց իմանում էինք, թե վաղուց ա հոգին տվել: Թոփի, ղոմբարի ձենը մեզ խլացրել էր: Երբ ոտը խաղաղվեց, էլի առաջվան պես նղղալով՝ խոր հոգոց քաշեց, էլի էս խոսքերը սկսեց ետ ասիլ ու հոգու հետ կռիվ տալ: Վերջին խոսքն էլի էն էր՝ «Արի՛, արի՛, Ա՛ղասի, ո՛րդի, հո՛գի ջան», որ դռները ճոոացին, ու ջիվան որդին հոր ձենը որ չիմացավ, «Ա՛փու ջան, գլխովդ ման տամ, դեռ սա՞ղ ես, երեսիդ ղուրբան, ա՛փու ջան», «Ափու ջան» ասիլը, գժվածի պես հոր վրա ընկնիլն ու թուր ու խանչալ վրա գալը մեկ էլան: Հերը հենց ձենիցը մեռավ. որդուն, ա՜խ, ջրատար որդուն էլ ժամանակ չմնաց, որ յա հորը ետ բերի, յա իրան մեկ չարա անի: էլի աստված մեզ էր խեղճ եկել որ սալդաթը էս ձենըձորը որ լսեց, խիշտն առած՝ ասլանի պես ներս ընկավ, իրեքին սպանեց, մյուսները փախան, քոռանա իմ աչքս, որ Էսպես բան չէ՛ի տեսել: Հազար անգամ Աղասու հոր հացը կտրել, հետը քեֆ եմ արել: Բարիկենդանին էլ, որ Աղասին փախավ, նրանց տան քեֆ անողների մեկն էլ ես էի: Իմ որդիս, ա՜խ, իմ ջիվան Մոսին էլ էր նրա հետ փախել: Բայց ես լսում եմ, թե նա դեռ սաղ ա: Աստված, դատաստանդ քաղցր ըլի, էսպես զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ո՛չ տեսնինք, երեսս ոտիդ տակն, — ասեց ողորմելին ու փեշն աչքերին դրեց:

Րիգնահովն ընկել էր, թոզ ու դուման՝ բերդի չորս կողմը բռնել: Էսպես վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարհն էկել, Երևանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիվան Աղասու խաթեր, որը նրա մեիդը դուս բերելու, չունքի լսել էին, որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն, ու էսպես բան, էսպես տեսարան, Երևանումը դեռ առաջինն էր: Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին. ժանդարմեքը ճամփա էին բաց անում: Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպես էր սևին, սպիտակին տալիս ու դես ու դեն ծփում, ինչպես մեկ փրփրած ծով, որ քամու ձեռին յա սպիտակ փրփուրն ա, կիտուկ-կիտուկ, քարին, ապառաժին խփում, յա սև ջուրն ա դրմբալով դես ու դեն քցում: Թոզն էլ հո բոլորը թամամ էր անում:

Տամբուր մայորը թոփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն իր կսկծալի ձենն սկսեց, սև ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երևեցան, ու գեներալ, աֆիցեր՝ Ներսես սրբազանին մեջ արած, դուս Էկան. ոտը շարժիլն ու սգի ձենը մեկ էլավ: Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ մրմնջում էր. սիրտ էր, որ էրվում, մղկտում էր. բերան էր, որ ա՜խ քաշելիս՝ քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում:

Մեծ ա Անապատի հայաթը, բայց ռուս, հայ, թուրք, մեծ, պստիկ է՛նպես էին լցվել, որ շունչ չէր դուս գալիս: Տերտերներն եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռըներին՝ մտիկ տալիս, որ մեիդը ժամը տանին: Խալխին դեն անելուցը զվիրն էին էկել. շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մեկ տեղ ճարեն: էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մեկ անդամալույծ էլ սուրութմիշ ըլելով, քանի որ ոտը խաղաղ էր, գլխին-դոշին վեր հատելով, մազերը պոկելով, «Սուրբ Սարգիս» ձեն տալով՝ հասավ, ընկավ մեկ տերտերի ոտ, որ թողա, ժամի դռանը վեր ընկնի: Աստվածասեր քահանեն՝ Տեր Մարուքը՝ Հովսեփ եպիսկոպոսի հերը, հենց իմացավ, թե յա ուխտ ա էկել ողորմելին, յա ուզում ա մեկ ողորմություն խնդրի, սիրտը մրմնջաց, հանեց, մեկ-երկու գռոշ էլ առաջը քցեց ու տիրացվերին ասեց, որ նրան ձեռ չի՛ տան:

Ա՜խ, քոռանա քո քոռացնողի աչքը, մեկ բուռը հողի հասրաթ մնա, որ քեզ էդ տեղն ա քցել, ա՜յ խեղճ տղա. էդ պատվական սուրաթը, էդ գյովդեն ու սիրուն բոյը, որ քոնն ա, ընչի՞ պետք է էդպես չուռումիշ ըլեր, չուռումիշ ըլի քո էդպես անողի կյանքը,— ասեց աչքը տրորելով ազնիվ քահանեն ու երեսը շուռ տվեց:

Հենց պատվական մարմինը տեղ հասավ, հենց մուզիկի ու շարականի ձենը կտրեցին, մեիդը վեր բերին, որ հոգոց ասեն, հենց Ներսես սրբազանը էն սուրբ բերանը բաց արեց, ա՛ստված, ո՞վ ունի էն լեզուն, պատմի, ինչ որ էստեղ պատահեցավ: Սար ու ձոր կրակ ընկավ, խալխի գլխին ջուր մաղվեցավ, էլ բերան չէ՛ր բաց ըլում. աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները փոխում, շունչն էր իր ծուխն ու բոցը քթիցը քուլա-քուլա դուս փչում: Ալամ-աշխարք մնաց քարացած, կանգնած: Երազ չէ՜ր, որ աչքըները բաց անեին, պրծնեին, կրակ չէ՛ր, որ փախչեին, դինջանային. ջիգյար էր, որ էրվում էր, սիրտ էր, որ պատռվում էր:

Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, աչքիս լիսը վաղուց ա խավարել որ մեկ էրեսդ էլա տեսնիմ,— մեկ ձեն գոռաց,— ոտներիս ջլերը վաղուց են փետացել, որ վրեդ էլա մի կանգնիմ, սուգ անեմ, ձեռներս քոթուկի պես դոշիս են կպել, որ մեկ նաշդ էլա խտտեմ, որ մեկ նաշդ էլա դոշիս կպցնեմ, որ մեկ երեսիդ վրա ընկնիմ, երեսդ երեսիս տամ, հոգիս հոգուդ հետ ճամփու քցեմ, Էդ լիս երեսիդ ղուրբան, Ա՛ղասի, Էդ ջիվան ջանիդ մեռնիմ, թա՛գավոր Ա՛ղասի: Է՞դպես էիր ուզում քո խեղճ հոր հավարին հասնիս, է՞դպես էիր ուզում քո դոստբարեկամի սիրտն առնիս, է՞դպես էիր ուզում Անի շինես, ումբրդ ու արևդ խավարացնես, որ բալքի քո ազգին ու աշխարքին մեկ ճար անես, ա՜յ քո հրեշտակ ջանին ղուրբան: Ա՜խ, մկամ երկիրը քեզ պես ծնունդ ո՞ւնի, քեզ պես զավակ բե՞րել ա, որ Էդպես անջիգյար քեզ տանում ա. մկամ երկինքը քեզ պես հողեղեն տեսել, ստեղծե՞լ ա, որ քեզ խլում ա. մկամ հայոց ազգը քեզ պես որդի, քեզ պես ճրագ էլ ո՞ւնի, որ քեզ բերել ա, հողը դնի, քեզանից ձեռք վերցնի, քո ջիվան ջանը գետնին, գերեզմանին պահ տա, Էդ երկնքի՛ նման լուսեղեն պատկերիդ մեռնիմ, Ա՛ղասի:

Լոռվա սարերը քեզ պահեցին, քեզ սիրեցին. Անու խարաբեքը քեզ ղվաթ տվին, հարամուց ազատեցին, բաս հենց վա՞թանն էր քոռացել, վա՞թանն էր խարաբ էլել, որ խորթ մոր պես իրան գլուխը պրծացրեց, քեզ մահու տվեց, քե՛զ, որ հազար տարի անց կենա, էլ քեզ նման զավակ Ո՛չ ունեցել ա, ո՛չ կունենա: Հինգ տարի բոլոր դո՛ւ էիր մեր դաշտերի, սարերի աստվածը, հազար գերի ու անճար քո՛ ձեռիցը իրանց կյանքը նորեն ստացան, բաս է՞նքան սիրտ էլա չուներ քո աշխարքը, որ մեկ սհաթ էլա քեզ պահեր, քո արևը էդպես շուտով չթո՞ղար մեր մտնի: Աչքերս Հասան խանը հանիլ տվեց. ոտ ու ձեռ նրան ղուրբան էլան, Ա՛ղասի ջան. երկինք ու երկիր ինձ համար հավիտյան խավարեցան, ջան ու զորություն վաղուց ինձանից ձեռք վերցրին, արեգակ ու լուսին վաղուց ինձ համար մեր մտան, ծնող, ազգական դեռ չե՛մ տեսել, որ սիրտս չէրվեր, բայց էլած շունչս էլ քե՛զ համար էի պահում, քառացած անկաջներս քո՛ ձենին էին հասրաթ մնացել, խավարած սիրտս քո՛ անունովն էր պայծառանում, մխիթարվում, քո անուշ ձենին էի մնում, որ մեկ լսեմ, հետո հոգիս տամ. քո լուսեղեն պատկերին էի կարոտ, որ մեկ գայիր, էն խավա՛ր զնդանին լիս տայիր, որտեղ ինձ պտի դնեին, էն սա՛ռը գերեզմանին շունչ տայիր, որ ինձ պտի ծածկեր, էն տեսնող- լսողին էրեիր, որ իմանային, թե դո՛ւ, դո՛ւ ես ինձ վրա սուգ անում, քո արևին մատաղ, հմիկ, ա՜խ, ի՞նչ կըլի, երկնքիցը մեկ կրակ ընկնի գլխիս, ինձ էրի, փոթոթի, կամ երկիրը պատռվի, ինձ նեքսև տանի, ա՜խ, ե՞ս պետք է քո սուգն անեմ, որ աչք էլ չունիմ. Ե՞ս պետք է քո վրեդ գամ, որ չե՛մ էլ տեսնում, հո՞ղը պտի ըլի քո գերեզմանը, թե՞ սիրտս, մարդիկ են մենակ վրեդ լալի՞ս, թե՞ սար ու ձոր էլ. գիշե՞ր ա, որ քեզ թաղում են, թե ցերեկ. արեգա՞կն ա աչքը բռնել, խավարել, թե՞ լուսինը, հրեշտա՞կք են քեզ շրջապատել, քեզ ողբում, թե՞ մարդիկ, երկընքո՞ւմն եմ քեզ հետ, թե՞ երկրումս, էդ սիրուն ջանիդ մեռնիմ, Աղասի՛:

Հերնումերդ առաջիս կանգնել, խնդում են, հրճվում են, քե՛զ են կանչում, թագ ու պսակ, լիս ու ծաղիկ քե՛զ վրա են վեր գալիս, քե՛զ պետք է զարդարեն, թագավոր ու նահատակ քո առաջն են եկել, բոլորը տեսնում եմ, բոլորի միջումն դո՛ւ ես արեգակի պես փայլում, բաս էս ի՞նչ տխուր ձեն ա, որ անկաջս ա ընկնում, բաս էս ի՞նչ կոծ, կսկիծ ա, որ վեր ա ըլում. բաս ո՞ւր ա Նազլուդ, ո՞ւր քո ջիվան երեխեքդ, որ թողել գնում ես, չե՛ս հարցնում, բաս էս ի՞նչ քարեր են, որ չոքած տեղս ծնկերս ջարդում, մաշում են. չէ՛, վա՜յ իմ գլխիս, արևիս. դո՛ւ ես երկնքումը, ե՛ս, ե՛ս, ողորմելիս միայն երկրումը, էս փուչ աշխարքումը, էս խավար տարտարոսումը, էս փշալից ձորումը, ե՛ս՝ առանց քեզ. Մոսին, ու ո՛չ Աղասին, մարմինն, ու ոչ հոգին, լաշը դարտակ, բայց ո՞ւր հրեշտակն: Քե՛զ հետ կյանք քաշեցի, առանց քեզ թո՛ղ չըլի. քո կողքին արևս բայց էլավ, առաջին՝ քոնը մեր մտավ, էս շունչը կրակ կդառնա, ինձ կէրի, էս հողը դժոխք կդառնա, ինձ կմաշի, էս մարմինը, որ ինձ պետքը չի՛, քե՛զ, թո՛ղ քեզ ղուրբան ըլի, քե՛զ, ինձ ո՞ւր ես թողում, դու գնում, ինձ ո՞ւր ես թաղում, դու թռչում, երկիրն մեկտեղ վայելեցինք, օրորոցում, չոլում դու էիր իմ կենաց ընկերը, դու՝ իմ սրտիս սիրեկանը, ես՝ քո ազիզ բարեկամը: Մկամ հերնըմեր, որ քեզ լաց չըլին, ազգական, սիրելի՝ վրեդ չկանգնին, բաս քո ջրատար Մոսին՝ քո պահած որդին, քեզ կուղարկի, ինքը կմխիթարվի՞, քեզ հոգին կտա, որ հետդ չի՛ գա՞, չէ՛ չէ՛, էդ սուրբ երեսիդ մեռնիմ, որ էլ չեմ տեսնիլ. դու գնա արքայությունը, ինձ տա՛ր դժոխքը, տա՛ր, էս աշխարքն էլ չի՛ կարող ինձ պահիլ. մարմնիս աչքը քեզ չի տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի, քո ջանին մեռնիմ, թե երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ, գրկիլ, հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը նայելիս, լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ, քե՛զ, Ա՛ղասի ջան. սուր խրեն սիրտս, էլի կխնդամ, կրակ վառեն գլխիս, էլի կցնծամ, տա՛ր, տա՛ր քո բարեկամն, թե չէ ես կգամ, որ ետ չմնամ... Ա՜խ...

Ա՜խ, էս ո՞ւմ ձենն էր, որ լսեցի, քար առե՛ք, ա՛յ ջամըհաթ, ինձ սպանեցեք, սուր առե՛ք, ինձ թիքա-թիքա արե՛ք, — մեկ ձեն էլ Խալխի միջիցն վեր էլավ ու, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց: — Մոսի՛, ո՛րդի, առաջ ի՛նձ սպանի, ի՛նձ թաղի, ա՜յ իմ կորած որդի, որ իմ ջանը հանեցիր, իմ սիրտը մաշեցիր, քո հալևոր հորը խեղճ արի՛, էս սպիտակ մազերը քեզ ղուրբան, բա՛լա ջան: Թո՛ղ մեկ շունչդ էլա առնիմ, է՜. վա՜յ իմ գլխիս, արևիս: Մո՛սի, Ա՛ղասի, երկի՛նք, քանդվեցե՛ք, աշխարք, հիմքըդ կործանվի՛: Հա՛սան խան, դժո՛խք, դժո՛խք, ինձ տարե՛ք, ինձ կերե՛ք: Մո՛սի ջան, բալա՛ ջան, դու ինձ թողիր, դե՛, կշտացի՛ր, ե՞ս պետք է քո հողը բուռն անեմ, էս չորացած ձե՞ռները պետք է քեզ թաղե՞ն, ընչանք ես գետինը չմտնիմ, քեզ երկնքումը տե՞ղ կանեն: Գնա՛ք բարով, ազիզ ո՛րդիք ջան, գնա՛ք բարով, սիրով ինձ էրեցիք, ես էլ էս սրով հոգիս ձեզ կտամ, մարմինս՝ հողին, որ ձեր առաջին, աստուծո բեմին, իրար հետ խնդանք, իրար հետ ցնծանք, իրար հետ տանջվինք, իրար հետ մաշվինք. գնա՛ք բարով՝ հերնըմերով, — ասաց ողորմելին:

Թուրը պսպղաց, արինը շռռաց, ամպը գոռաց, օրը խավարեց, թվանքները ճռռացին, դագաղները բարձրացրին, շարական ու երգ վերջացրին, ու Քանաքռու Վերի եկեղեցին էրկու հեր, էրկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև էսօրը առել՝ պահել ա իր սուրբ ծոցումը, որ դատաստանի օրը լիս քցի, իրանց փառքին հասցնի:

Գերեզմանն կորած, հողումը թաղված,
Աչքից հեռռացած, մտքից մոռացած,
Իրանք անլեզու, աշխարհն անիրավ,
Որ հայոց ազգիցն անթիվ ու անբավ
Էսպես քաջ որդիք խլեց, չկշտացավ.
Ո՛չ մատուռ նրանց գլխին կանգնեցավ,
Ո՛չ արձան նրանց անունը թողեց,
Ո՛չ ազգի միջումն հիշատակն լսվեց:
Դո՛ւ, քնքուշ Մուսա՛, որ ինձ շարժեցիր,
Իմ էրված սրտին զորություն տվիր,
Ա՜խ, Էնքան չառնիս հոգիս, չմեռնիմ,
Որ իմ ազգի սուգն անեմ, հետո մտնիմ
Քո թևի տակը, նազելի՛ Մուսա:
Քեզ թո՛ղ Աղասին, իմ սիրուն Մուսա,
Էնքան ամանաթ մնա, որ սրտիս
Մուրազն, ա՜խ, առնիմ, հետո ես գալիս՝
Իմ ագգի հսկայքն ինձ որ ճանաչեն,
Ինձ իրանց կշտիցն չզրկեն, չասեն.
«Անիրա՛վ որդի, մեր հողի վրա
Էնքան կանգնեցիր, կացար համեշա,
Մեր արի՞նը չէիր, որ չի՛ ցավեցիր,
Մեր արինը տեսած՝ դու մեզ չհիշեցիր»:
Ո՛չ, քեզ՝ Ա՛ղասի, սիրուն իմ Մուսա,
Որքան շունչս, արինս դեռ իմ վրես ա,
Ինձ քուն ու հանգիստ, ինձ փառք ու պարծանք
Ես էն կհամարեմ, որ իմ բոլոր կյանքն
Զոհ տամ իմ ազգին, որ ձեր առաջին
Ես, ա՜խ, պարզերես լինիմ, երևիմ,
Ձեր գերեզմանին, սուրբ հողին մեռնիմ:

«ԵՐՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐՋԸ»

ԶԱՆԳԻ

1

Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված, մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փընչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խևանդ-խևանդ կտրատած փորն ու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մեկ թևն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւր կաքավասարի տակիցը որ ական թոթափել դուս չի՛ պրծնում, վազում, — ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խոնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, — ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Ջանգին ու Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին, մեր նախնյաց մաքուր գերեզմանները քանդողին, կործանողին, մեր նահատակաց սուրբ, անմեղ, արդար արինը թափողին, կխչորողին, մեր Աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը ավերողին, ապականողին, մեր հոյակապ թախտերը, քաղաքները խլողին, փչացնողին, մեր անճար, օրվան հացին կարոտ, եթիմ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու, թշնամու ձեռին կոտորված, երկրե-երկիր կորած, փչացած, խեղճ, անտեր ազգի տունը քանդողին, հողի հետ հավասարողին՝ ու մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը, մեր արինը խմողի թախտը, մեր աշխարքը քանդողի ամարաթը, նրա արինաշաղախ բերդը, նրա ոսկորաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը՝ քանդի՛, տապալի՛ Փշրի՛, ավերի՛, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի՛, քարեքար, պատեպատ տա՛, հիմնատակ, բրիշակ անի՛, կլանի ու՝ նրանց միջի ըլողներին, դրսի, թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին՝ քշի՛, տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա-թիքա, փառչա-փառչա անի՛ ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի աղի արտասունքը սրբի՛, էրված, խորովված սիրտը հովացնի՛, զովացնի՛, մեր հազար տարվան թունալից, անբժշկելի յարեն կտրի՛, վերջացնի՛, որ հազարների, բյուրավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ-սաղ, դալար ու զվարթ՝ էս անգո՛ւթ ազգին, անողո՛րմ գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր տալիս, վերջացնում:

Գիշերվան մութը գետինն առած ժամանակին, որ մարդ իր շվաքիցն էլ սասանում, սարսափում ա, ու բազի դիվահալած, մահատագնապ անցավոր՝ երեսին խաչ հանելով, Հավատով խոստովանիմն ասելով, սրբոց, մարգարեից անունը տալով որ Զանգվի կարմնջի վրովը անց չի կենում ու Կոնդի չոր դարդուսը նի ըլում, սարսափը ջանն աոած, լեզուն բերնումը սառած, աջու կողմն՝ Երևանու զարհուրելի բերդն ու թուրքի գյոռխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմն՝ գնդերը, ջաղացները, որ չեն ձորումը թխթխկացնում, չխչխկացնում, ու փոքր ինչ հեռու չանգը կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը՝ փոսումն ընկած, ձենըները փորըները քցած, առաջին՝ Երևանու Շհարը, տրտում, դառնավարամ սգի քողն երեսին փռած, — որ չե՛ն երևում, հենց իմանաս, բոլորն անդունդն ա գնում, բաթմիշ ըլում, քանի մարդ բարձրանում ա, վեր ըլում, — ու հեռըվանց որ արթուն շները տների կտրներիցը չեն վնգվնգում, օռնում, հաչում, ղշղրու տալիս, էլի ձենները փորըները քցում, բարակ ձգում, զլում ու քթերիցը իրանց տխուր, սարսափելի կոնգոռնալը դուս թողում, նվում, -որ սուրսուր սարերի, թափեքանց գլխներիցը, տակըներիցը սովամահ գիլանը ֆորսի հոտն առած, փրփրած, անկուշտ բողազներն ու ռխըները չե՛ն բան քցում, ոռնում, շան պես կոնձկոնձում, որ նրանց խաբեն, մոտ գան, ներս մտնին՝ կամ իրանց գզգզեն, պատառեն, խեղդեն, դաղըթմիշ անեն, կամ մեկ անմեղ գառն, մեկ կաթնակեր, ճամփեն մոլորած, տունը կորցրած ֆորթ, կամ մեկ նախրիցը ետ ընկած, քուչում կամ քարի տակի կուչ էկած արդար կով, կամ առըխ յաբու, կամ ծնած ղսրաղ, կամ մեկ բեզարած, իրան համար հանգիստ, խաթրջամ նստած արոճող ոչխար գտնեն ու լափեն, կամ մեկ շատ բանացրած, հալից իսպառ ընկած, տիրոջիցը խռոված, տանից դուս արած, էստեղ-Էնտեղ չոր-չոփ, ծերը սուր փուշ կրծելով, ծամելով, ղոթուր անկաջները թափեթավ, տալով, իր սև օրիցը բեզարած, ձեոք վերցրած, անատամ, անպոչ, անլեզու, հայվան՝ մեկ խղճալի է՛շ, պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունգ-ծլունգ ըլին, ջահելությունը միտքը քցեն, որ մեկ քեֆը բացվի, սազը քոքի, ու հետո իրանք իրանց բանը տեսնին, մաքրազարդեն: Սրանց սոսկալի ձենի հետ էլ որ ձորերի միջիցը, քարափների արանքներիցը, ապառաժների գլխներիցը, բաշերիցը, թփերի, քոլերի տակերիցը, դզերիցը, չոլերիցը, բներիցը մեկ կատաղած արջ կամ խորամանկ աղվես, կամ վախլուկ չախկալ, կամ մեկ ամեհի քաֆթառ, կամ գլխիցը ձեռք վերցրած ալապաստրակ իրանց սոսկալի, զարզանդելի ձեներն իրար չեն խառնում, գոռում, մոռում, բըռռում, մնկմնկում, ճնկճնկում, ճչում, խառանչում, բառանչում, բղղում, ճղղում, — կամ անքուն աքլորները իրանց տիրոջը կամենալով արթուն պահպանիլ լեղապատառ, սասանահար վախտ-բեվախտ որ չեն թրպըրտում, թևըները թափեթափ տալիս ու ճղլանի ձենները նեղ բողազներիցը՝ մեկ խոր ձորից, մեկ փոսից, մեկ բաշից յա կտրից հանում, կանչում, անկաջ դնում, էլ ետ ծղրտալով կանչում, — կամ հիմիկ ռսի սալդաթը, էն ժամանակը թուրքի ղարավուլ սարվազը, ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դիվանոնց ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սարն առաջին հանած, մահապարտ մեղավորի պես որ ուզում ըլին՝ հոգին հանեն, թե բերանը բաց անի յա ծպտա, սևամորթ փափախը խոր, քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր, կամաց, սուս, փուս ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ արշտոտալով մեկ մութը պուճախից կամ մեկ բուդկի տակից որ գլուխը չի՛ հանում ու խուլ, խոր, զարհուրելի, փորն ընկած ձենով «Սլո՜ւ-շա՜յ» կամ «խաբա՜ր-դա՜ր, սա՜ր-հե՜-սա՜բ» գոռում, կանչում, որ քամին մեկ կողմից, բուքն ու բորյազը մյուս դեհից, ինչպես կատաղած դահիճ, սրարձակ ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով՝ սարերի գլխըներիցը, ձորերի միջիցն թո՛զ, ա՛վազ, հո՛ղ, ա՛ղբ, զի՛բիլ առաջն արած՝ փոսերիցը հանում, պատեպատ չի՛ տալիս, գետնիցը պոկում, քարափին խփում ու՝ ծառերը ջարդելով, խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուղք մյուս ճղքի, մեկ պատ մյուս պատի, մեկ տախտակ մյուսին չի՛ սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, զրխկզրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցքում, մեկ էն սարի գլխին դմբզում, բամբաչում, զրխկացնում, թրխկացնում ու մեկ կիտուկ հող, ավազ՝ շունչդ քաշելիս կամ աչքդ բանալիս, էրկու ձեռով բերանդ ու բաց քիթդ չի՛ խցկում, լցնում, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում, աչքերդ խավարացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլլի պես կամ սուր նետի նման վզվզալով, դզդզալով ետ դառնում շուտով, երեսիդ Էնպես խփում, որ աչքերդ մթնած՝ կեծակին են տալիս, ու դու տեղնուտեղդ չե՛ս շշմում, շշկլում, թմբըրում, սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում, ու աներևույթ թշնամիդ էլ ետ ձին չափ քցած, էլ ետ հրեղեն բոցով որ չի՛ սարերի, ձորերի ջանին ղաստ անում, հասնում, թակում, մեյդանը բաց անում ու՝ թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում, դռնչում, գլուխը թափեթափ տալիս, նայում, ձենը կտրում, որ աչքդ կիրացած, ջանդ սասանահար, խելքդ թռած՝ հանկարծ, ինչպես մեկ խոր քնից, գլուխդ ահիվ, սասանմամբ չե՛ս բարձրացնում, առաջըդ քցում ու՝ ամեն մեկ խորից, փոսից, ամեն մեկ ճեղքից, մութը արանքից էս կողմն, Էն կողմն՝ հեոու տեղերից, ծառերի տակից, բաղերի միջից, սարերի գլխից, զանգվի ղրաղներիցը ծիրանի փետի չաղ ալավը, կրակի վառ բոցը հրեղեն ձողու պես վռվռալով, խավար գիշերը թրի պես ճղելով, սև մութը, թանձրամած ծուխը, պեծն ու վառ կայծակը վերըվեր չե՛ն խփում, ձորերն ու երկինքը կրակում ու՝ խավարը կոխած սև խոռոչների, բերանները բաց էրերի, օձի պես ոլորված ճեղքերի, քաջքի պես ճոլոլակ էլած, չանգըները դես ու դեն քցած, մազերը խճճված, ծամերը կախ ընկած, դոշ ու ծիծ ետ ճոթռած՝ բարձր ծառերի, դիվի պես երեսը դեմ տված կանգնած, անահ, անվախ, սուր, ցից, իրար վրա թինկը տված, երես-երեսի դրած, բերան-բերնի խփած, խավարադեմ ծոցըները բաց արած, ատամները սրած զարհուրելի քարափների սոսկալի սֆաթները չե՛ն բաց անում ու էլ ետ խփում, ու էլի՝ խելքը ցնդած, ընկնավորի (թուլացկոտ) պես շատ թրպրտալուց, ծեծվելուց, դես ու դեն գլորվելուց, ղրճտացնելուց, ղնջռտացնելուց հետո իրանց-իրանց էլ ետ աչքըները չեն խփում, տազ անում, անշունչ, անսաս մնում, դադարում:

Ու է՛ս հադաղին, է՛ս սարսափելի սհաթին, որ բազի վախտ էլ երկինքը իր ալեկոծությունը չի՛ սկսում, սարերը ջարդում, ամպերը տրաքացնում, կեծակի լախտին աշխարքի չորս կողմի գլխին վեր հատում, փշուր-փշուր անում, ու Զանգին, սարսափելի Զանգին էլ որ մեկ կողմից չի՛ գոռում, մռնչում ու թուլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալիս՛ թոզ, դուման անում, բառանչում, ու քամու վզվզոցը, երկնքի տրաքոցը, քարափի ճռճռոցը, սարերի դրմբդրմբոցը, ձորերի դրնգդրնգոցը, ծառերի խշխշոցը, էրերի խռնչոցը, դնգերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքոցը, շների, գիլանոնց, արջերի, ղարավուլների, աքլորների ծղրտալը, ճչալը, ծվալը, բառանչիլը, խառանչիլը, վնգվնգոցը, կոնձկոնձալը, ճնկճնկալը իր ահագին ձենի հետ չի՛ խառնում, ոլորում, փորը քաշում, էլ ետ, մեկ րոպեից հետո, հազար կողմերով դուս փչում, ցանում ու սարերի, ձորերի, քարափների բերանը էլ ետ լեզու դնում, էլ ետ շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆն արամիշ անեն, պար գան, ծափ, ծիկա տան, ծղրտան, ղիժինա քցեն, քեֆ անեն, խնդան, ցնծան, էս հադաղին, որ աստված ո՛չ շհանց տա, մեկ անծանոթ անցավոր որ Կոնդի դուզը չի՛ նի ըլում յա Ապրանքափոսիցը վեր գալիս, որ Զանգվի վրովն անց կենա, աչքը շաղվում ա, գլուխը շվարում, ու հենց իմանում ա, թե մեկ ահագին սար վրեն փուլ Էկավ: էլ ո՛չ աոաջն ա տեսնում, ո՛չ ետևը: Քարացած, փետացած՝ մնում ա տեղնուտեղը սառած, ցցված: Ինչպես երազում՝ մեկ հեռու, խոր տեղից մեկ խուլ ղղրդոց անկաջդ ընկնի, ու հենց իմանաս, թե երկինք, արեգակ, լուսին, աստղեր իրարոցով դիպան, փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին ու գռգռալով, գոռռգոռալով, պատռելով, պատռվելով վեր թափեցին, ու՝ անդո՛ւնդ, դժոխք, արքայություն, տարտարոս, հրեշտակք, դիվանք, սերովբեք, քերովբեք, Սադայել, Սադանայել, սասանած, սփրթնած՝ հրեղեն սրով, բոցեղեն թրով, ամպով, կայծակով թոթափում են, վեր ընկնում, որ աշխարհս վերջացնեն ու հետին դատաստանի տեղը պատրաստեն, որ Աթոռ աստվածությանը իջանի, բազմի ու անիրավ մարդիցը հեսաբ պահանջի, որ հենց իմանում ա, թե աշխարքն իրն ա, ինչ ուզենա, է՛ն պետք է անի,— էսպես ա ողորմելի անցավորի հոգին ու սիրտը խառնվում, երկրից երկինքը գնում, իր վախճանը տեսնում ու արյան քրտինքը երեսիցը՝ մեղա, ասելով, իր մեղքն հիշելով սրբում, երբ աչքի առաջին կամ Քանաքեռ ա բացվում, կամ Նորագեղի դուզը:

2

էսպես մեկ սարսափելի գիշեր էր, որ Ապովենց Հարությունը՝ Քանաքռու ազնվական անձանց մեկը, Ապրանքափոսիցը դուս էկավ, մտավ իրանց մենծ իգին, տեսավ կատեպանները (բաղմանչի) բոլոր քնած են, էլ ղիմիշ չարավ, որ նրանց վեր կացնի, ինքը, քյահլան ձին տակին, ասեց՝ մեկ Գորգոչանը դիպչի յա բանդը գնա, տեսնի, թե ջուրն ընչի՞ չի՛ գալիս: Մութն էնպես էր գետինն առել, որ մատդ կռխեիր մարդի աչքը, չէ՛ր իմանալ: Բայց բոլոր քարերն էլ, որ բերանները բաց անեին, նրան չէ՛ին կարող վախացնիլ, է՛ն աներկյուղ սիրտն ուներ մեր քաջ հայազգին: Թուրք ու հայ էսօր էլ կասեն, թե նրա ո՛չ սրտին, ո՛չ լեզվին սարն էլ չի՛ դիմանալ: Բաղերի գլխովը տվեց մեր սրտոտ իգիթն ու հասավ Գորգոչանի գլուխը, ջրի բաժանվելու տեղն էս էր: Տեսավ, որ էստեղ էլ ա ջուրը պակաս: Հենց Վերի եկեղեցու գլխովը պտտեց, որ մեկ բանդին հասնի, ջուրը կապի, աչքը որ ետևը չքցեց, մնաց տեղնուտեղը սառած: Չէ՛ր գիտում, թե ի՞նչ տեղ ա: Ուզում էր ետ դառնա, սիրտը չէ՛ր տալիս, ամոթ էր համարում իր գլխին. ձիուն էր զոռ անում, ձին անկաջները խլշացնում, փընչացնում էր, ետ վազում: Չորս կողմը բոլոր մութն ու խավարը կոխել էր, բայց եկեղեցու գլուխը արեգակի պես փայլում, ճաճանչում էր:

Следующая страница