Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Դարդիմանդ տանտիկինը մարգի խայտառակությունը տեսավ թե չէ, իր ցավը մոռացավ ու տեղիցը ժաժ էկավ, որ իր հալևորին մի քիչ քոմակ անի. հալևորն էլ հենց է՛ն էր ուզում, որ գլուխը էս անոշ բարձիցը բարձրացնի ու իր խաթունի՛ն էս ռուսվայությունիցը ազատի, ձեռըները իրար չի հասան, քամակ-քամակի դիպավ, ա՛ռ քեզ տրաքոց, էլ ետ դուբարա իրանց վարդահոտի մեջը էնպես խրվեցան, որ երկու լուծ գոմեշը անջախ կարող էր նրանց էստեղանց հանի:

Տո՛, ջրատա՛ր, տո՛, գլուխդ հողեմ, ախր ի՞նչ բանըդ էր կտրվել, որ դու էլ էկար, էստեղ ընկար: Ես քիչ ռուսվա էլա, դու էլ ուզեցար, որ հետս ընկեր դառնա՞ս: էս հո խուրմա չէ՛ր, որ մենակ ուտեի, քեզ չտայի, ի՞նչ էր սիրտդ պատռում: Կրեմ էդ գլուխդ, որ դու ես: էդ հունարիդ տերն ես, որ մեկ էշ բզիլ չե՛ս իմանում: Ժամն էլ գլխիդ խռով կենա՛, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ: Մենք մեր բարիկենդանն արինք, հըմիկ որ ջհանդամը գնում են, թո՛ղ գնան դրանք: Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխեր էս ի՞նչ բան էր, որ մեր գլուխն էկավ. գեղի, աշխարքի միջում խայտառակ էլանք: Մերը մեզ հասավ: Թե մենք, թե մեր գզիր Կոտանը: Ով ասես, մեզ վրա պտի բերանը բաց անի:

Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած կըլեինք: Կնիկարմատն ու ձուն մեկ օրինակի են, հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթր փխլվում են: Շատ կնկա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, ետ գնում: Տե՛ր աստված, քեզ մեղա. խաթա՛-բալա ա, էլի: Կրակն ընկանք, տո՛: Փասա-փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս: էս խոսքումը ղոնաղներն, Էն ա, Էնքան ծիծաղել էին, որ սիրտըներն Էկել, բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աղ դրած կաշի էր դառել: Ախր ո՞վ տեսնի Էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի: Լավ իրանք էլ չէին ուզում, ամա, նալլաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել: Ինչևիցե, փոր ու բերան բռնած՝ էլ ետ մոտ էկան, որ իրանց տանդրոջ հավարին հասնին: Սա էլ քթի տակին փնթփնթալով, ոտ ու ձեո հինաթաթախ՝ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ: էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել դեռ գզիր Կոտանը ո՛չինչ բանից խաբարություն չուներ: էս հարայ-հրոցը որ ընկավ` «Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին»,-հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց, թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ-ղոչաղ, բրդի կծկի պես, մեկ կճուճ խտտեց կժի տեղ ու խալխին՝ «Հա՜յ, ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին, ափալ-թափալ ներս պրծավ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես-մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր, որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անոշ թիքա մնացել էին: Շատ փայը հո՛, բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեոը ո՛չինչ չէր ընկնում, հազալ-մազալու վախտը անց էր կացել: Սոված փոր, ծեր մարդ, դարտակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա: էլ ի՞նչ ասեմ: էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած արջի պես փորը բռնել պտիտ գալիս:

Վա՜յ, իմ աչքս դուս գա, տա՛նուտեր ջան, վա՜յ, ես դժոխքի փայ ըլիմ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, էդ ի՞նչ ա քո հալը, գլխիդ մեռնիմ, մկամ քո Կոտանը մեռել, կորել ա, որ դու էդ օրն ես ընկել, — ասեց խեղճ գզիրն ու աչքը կեռացրած, մեկ դհի վրա թեքված՝ վրա թռավ, որ նրա գլուխը լա, նրա ցավին մեկ դարման անի:

Հենց քիչ էր մնացել, որ տանուտերը սիլեն ետ քաշի ու նրա մեկ քոռ աչքն էլ դզի, ատամները փորն ածի, որ իր տերն էնպես թողել, իր քեֆի ետևիցն էր ընկել, դովթալաբ գզիրը էլ սիլամիլին մտիկ չտվեց, ղաստ արեց, որ իր ծուռը դզի, աղի խաթրն առնի, ու էրկու ձեռով որ կճուճը շուռ չտվեց տանդրոջ գլխին, աստված ազատի, ինչ նրան հանդիպեց: Մեկ եքա կճուճ, հինգ տարվա թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էլ էնպես անկոծում, էնպես զուլում չէ՛ր էլած, չէ՛ր տեսնված յա լսված: Տանուտերը հո տանուտերը, քոռ գզրի սիրտը ջուր կապվեցավ: Բազկաթանի հոտը էնպես քյալլին դիպավ, որ տասը գազ ծուլ էլավ ու գող շան պես վրվրթալով, սրսրթալով, հեթեթալով ետ թռավ գոմի պուճախն ու մնաց քար կտրած, սառած: Մեկ մկան բունը որ հազար թումանի տվել էին, կառներ, մեջը կմտներ, որ իր սև օրը լա ու տանդրոջ ձեռիցը պրծնի: Քու դուշմանի գլուխը չի գա, ինչ նրա հալն էր. Տանդրոջը հո, աստված ո՛չ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ: Միրուք, բերան, քամակ, ծոց, քուրք-մուրք՝ հոտած բազկաթանի մեջը չխչխպում, ծլծլում էին: Ջեբ, լաբչին՝ բոլոր լցվել էին, տուտը պճեղն էր հասել: Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էին, թե ուզում էլ էր, որ ժաժ գա չէ, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով, որ փաչեքը իրար դիպչելիս դափի, զուռնի ձեն էին հանում, չփչփում:

Էս շան հալին էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեոները դես ու դեն քցում, որ գզրին ճանկի ու սպանի: Քոռ հավի պես մնացել էր պատի տակին կանգնած, ամա էլի հենց է՛ն էր ձեն տալիս.

Թողե՛ք, թողե՛ք, դրա քոռ աչքն անիծած, թողե՛ք, դրան սպանեմ, շնսատակ անեմ, դա՞ էր մնացել, որ իմ գլխիս օյին գա՞: Դրան է՛ն օրը քցեմ, որ մեծ թիքեն անկաջը մնա:

Ընչանք ջուր կբերեին, ամենին իրանցը իրանց էր հասել, շատը նվաղել, քամակի վրա վեր էր ընկել: էլ ի՞նչ կանեին իրար երեսի ալիր փչիլ յա մածուն քսիլ, որ շատ անգամ, ուրախ վախտներն, անում էին: էս բավական ալիր էլ էր, մածուն էլ: էս ղալմաղալումը տանդրոջ կնիկը ճրրալով, թոնթորալով դուս էր գնացել, որ իր գլուխը լա, իր մեղքիցը ազատվի: Խալխը տանդրոջ բնությունը լավ գիտելով, որ բարկացած ժամանակին հրեշտակ էլ ձեռն ընկներ, չէ՛ր խնայիլ, ո՞ւր մնաց գզիր Կոտանը, տերտերին աչքով արին, որ նա, քանի աչքը բաց չի՛ արել, մուննաթ անի, որ բալքի խղճին մեկ ճար ըլի, ու էլ ետ գզրին բերեն, տանդրոջ ձեռը պաչիլ տան: Հենց իմանում էին, թե կարգավորի պատիվն էլա կպահի:

Բարիկենդան օրեր ա, խնամի Օհանես, խելքըներս կորել ա, տնա՛շեն,— բերանը բաց արեց ծանրագոգոթ մեր փառավոր տերտերը, որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում էր, որ բալքի հաշտություն քցի միջըները ու էրկուսին էլ բարըշացնի: — Աշխարք ա, է՛դպես կըլի. հո աղջիկ չե՛ս որ խասդ ու վարաղդ գնա. հո շուշա չես, որ կոտրվեիր, խանի՛ խարաբ. Մոմ չե՛ս, որ հալչիս. Մի քիչ սիրտդ լե՛ն պահի, ի՞նչ էլավ քեզ: Քրիստոս իր սուրբ ավետարանի միջումը գրում ա, ամենիդ մուրազն էլ տա, թե՝ երանի՛ խաղաղարարաց, կամ թե՝ թշնամուդ գլխին կրակ կածես, թե որ նրան սի՛... ռը՜... ղռ՜... րե՜ս... Վա՛յ քո հերն էլ անիծած, քո մեռոն քսողինն էլ, քո օխտը, պորտին նալլաթ, քեզ բարի օր ասողին, բարի լիս տվողի շլինքը հախ միսն տերը կոտրի:

Էս ի՞նչ ա իմ հալը, — տերտերը բուխարուց ձեն տվեց՝ գլուխը քորելով, միրուքը թափ տալով:

Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ Էկանք էսօր, տո՛, հենց ամեն բանն էլ թարս ա գալիս: Հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ խաթա-բալի մեջ ընկանք, է՛լի: էս ի՞նչ կրակ ա, որ մեզ էրում ա:

Իրավ որ ողորմելի կարգավորը կրակի մեջ էր ընկել: Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոջ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում, թե նրա արինն ու հերսը աչք ու միտք կալել, քոռացրել էին: Անաստված տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա (մուշտի) տվեց էս քո խեղճ տերտերի դոշին, որ փիլոնը մի տեղ ընկավ, գդակը՝ մի, ու ինքն էլ չոքըչոք անելով` գլուխն էնպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ երեսմերես բոլոր խանձվեցավ: Խեղճի բերանը մրով, մոխրով լցվել էր, միրքի կեսը հո, կես տարի անջախ դուս կգար, էնպես էր քոքիցը խանձվել պլոկվել: էստեղանց էր է՛ն քաղցր օրհնությունը տալիս, որ մեկ դութմի էլա ինքը չի՛ դիմացավ ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, մեղրաթաթախ, վարդահոտ տանուտերին ճամփու բերի:

Ժամումը գլխըներս տանում են, հերիք չի՛, գոմումն էլ են ուզում իշխանություն բանացնեն, ախր ի՞նչպես մարդ համբերի, — վրա բերեց տանուտերը: — Ձեր օրհնողին ի՞նչ ասեմ, նալլաթ չար սատանին, բերանս ի՞նչ ա գալիս-ետ գնում:

էլի երկար էսպես քթի տակին մռթմռթում էր տանուտերը, որ գզրին վախցրին, պահեցին: Աստված բարի ճամփա տա, որ Էնպես ղալաթ բան մյուս անգամ չբռնի՛, և մեր գրի սև ու սպիտակը ճանաչողներին էլ խելք, իմաստություն տա, որ Էսպես տեղը իրանց պատիվը չկորցնեն:

Տանուտերը գեգջանգեջ աչքը բաց արեց, դուռն ու պուճախն ընկավ, որ իր սիրտը մի քիչ հովացնի, բայց գզիրը թռել էր: Քեդխուդեքը մեկ կողմից, կնիկը մյուս կողմիցը թոփ էլան, տանդրոջ սիրտն առան, տերտերին էլ բարշացրին, տանդրոջն էլ, գզիրն էլ Էկավ, չոքըչոք ոտներն ընկավ, մեղա ասեց, ձեոը պաչեց, մեկ թաս արաղ էլ կոնծեց. ծուխն էլ քիչ-քիչ պակսեց, բուղն էլ, ամեն բան սկսեց իր կարգն ընկնիլ: Տերտերը «Պահպանիչն» ասեց, քեդխուդի մեկը` «Եվ ևս խաղաղությունը», տանտիկինը «Ամեն» ձեն տվեց, տանուտերը՝ «Մեղա Աստուծո», «Հայր սուրբ, զքեզ ունիմ միջնորդը» ու վերջապես արաղ-մազեն էլ որ տուն չբերին, ամենի սիրտն էլ տեղն ընկավ: Ինչ անց էր կացել, քամուն տվին, խունկ ծխեցին, երդիկ ու դուռը բաց արին, հոտը-մոտը քաշվեցավ, կատարները տաքացավ, ու մեր պարոն քեդխուդեքը հացի նստեցին, սուփրեն քաշեցին, մեկ գլխին տերտերը բազմեց, մյուս գլխին՝ տանուտերը, մեկելներն էլ պատի տակին Էնպես սրով բազմեցին ու ոտըները ծալեցին, որ սուփրի մեջը էկող-գնացողի, անց ու, դարձ անողի համար րաց էր մնացել:

Նոքարը որ արաղը չածեց, ավալի սֆթա տերտերին դեմ արեց, սա էլ խաչակնքեց, օրհնեց, տվողին խմացրեց, որ մեր գզիրն էր, ու ետո ինքն առավ թասը ձեոը ու օրհնության տուտը սկսեց:

Աստված աշխարքիս խաղաղություն, թագավորաց հաշտություն, քրիստոնեից ազատություն տա՛: Ընչանք մեռնինք ո՛չ, որ մեկ օր էլ էսպես՝ էլով, գյունով, ռուսի ձեռի տակին նստինք, քեֆ անենք:

Ամե՛ն, ամե՛ն,— ձեն տվին ամենն էլ:

Տունդ շե՛ն կենա, տունդ, տա՛նուտեր, որդիքդ ապրի՛ն: Աստված օջախդ հաստատ պահի՛, նամարդի մուհդաջ չանի՛, մեր գլխի թագն ես, մեր աչքի ծաղիկը, Հայր Աբրահամի օրհնությունը քեզ վրա, Սիմեոն ծերունի պես քո ըմբրի խերը տեսնիս: Քեզ ծուռը մտիկ անողի աչքը քոռանա, ո՛ւմ սրտումը մեկ խեթ կա, աստված բարին կատարի՛: Ինչ էլավ`աստված վերջը բարի անի՛, քաշած զահմաթդ ապաշխարանք համարի՛. Էսօր` քեզ, Էգուց` մեզ. մենք էլ քո ջրերն ընկանք: Ով խռով ա, սառը ջուր խմի՛: Իմ գլխիս ջաղաց էլ աղան, թաք ըլի տեղս տաք ըլի, ձեռիս` թաս, սիրտս` ուրախ: Տո՛, քեֆ արե՛ք, տո՛, դուշմանի աչքը հանեցե՛ք: Շնորհավոր բարիկենդան. աստված զատկին էլ մեզ արժանի անի. քանի կարանք, մեր օրը վայելենք. Էգուց ո՛չ էլօր մեծ պասը ոտները երդկիցը ճոլոլակ կանի, հա կա՛ց ու բազկաթթու կե՛ր: Հավասարական սաղ ըլի՛ք, ուրա՛խ,— Տեր աստված, քեզ փառք. մեր երեսը քո ոտիդ տակը: Քո ստեղծվածն ենք, մեզ չի՛ կորցնես: Տե՛ր աստված, դու մեր Ռուս թագավորի սիրտը ռահմ քցես, որ գա, մեզ ազատի. ընչանք մահ մի՛ տար մեզ, մինչև նրանց երեսը տեսնինք: Կենդանություն, — ասեց ու արաղի թասը շպռտեց:

Կենդանի մնաս, սա՛ղ ըլիս. Կարգիդ` հաստատ, տե՛րտեր ջան. Անո՛շ, խմածդ անո՛շ, հենց իմացանք՝ մե՛ր սրտովը գնաց,— ձեն տվին ամենն էլ, ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված յա խաշլամա, լոշում փաթաթած, թավազա արին: Տերտերն էլ առաջ ձեռը տվողի բթի վրա դրեց, թիքեն առավ, բերնին, ճակատին դրեց, «Հա՜յ, ձեռդ ապրի, հա՜յ զորանաս» ասելով, ձգվելով, օրհնելով, գովելով` թիքեն ծամեց, կուլ տվեց ու ինքը մյուսների օրհնանքին անկաջ դրեց, անո՜շ ասեց:

Էսպես` արաղի թասն սկսեց պտիտ գալ, ձեռնեձեռ ընկնիլ ու ամեն մեկի ձեռին մեկ սհաթ տանջվիլ, չխմողին տանջիլ, չունքի ամենն էլ մեկ եքա պարկ օրհնություն բերնըներումը հազիր ունին, ու ում լեզվումը, մի քիչ հունար կա, սուփրի ու գինու կամ արաղի թասի վրա ա փորձում: Բայց ամենի խոսքի տուտն է՛ս էր.

Օրհնյա՛ ի տեր, աստված կարգիդ հաստատ պահի՛: Քո աղոթքը մեր գլխիցն անպակա՛ս ըլի: Տա՛նուտեր, սաղ ըլիս. տանուտեր, քո շվաքը մեզ վրա ղայիմ-ղադըմի ըլի: Մի՛րզամ, աստված որդիքդ պահի՛: Ավետի՛ք, քո որդու կարմիրը կապե՛նք: Խնա՛մի, աչքի լիս ես, աստված քեզ մեկ ղոչ որդի տա՛: Հավասարական սաղ ըլի՛ք, ուրա՛խ: Տե՛ր աստված, վերջըներս բարի անես: Կենդանություն:

Էսպես` ամեն մեկ խմող ամենին ջոկ-ջոկ մեկ բան պտի ասեր ու Էն էլ ամեն թասի վրա: Թեկուզ քսա՛ն թաս էլ մեկ մարդ խմի, քսա՛ն մարդ էլ նստած, ամեն թաս խմելուն ամենին էլ հատուկ-հատուկ մեկ բան որ չասի, թասը կուլ չի գնալ, բկումը կմնա: Շատն էլ թասը մեկ սհաթ քիմի ձեռին բռնում ա, որ վրեն մի տաղ յա մի խաղ ասեն ու իրան անունի շարականը վրա բերեն: Հայտնի բան ա, որ տերտերից յա տիրացվից գյուման շարական ասող` գեղ տեղն ո՞վ կա: Ամա սրանք էլ խեղճ շարականի բուրդը շատ անգամ էնպես են գզում, որ աստված հեռու տանի: Լսողը մինչև Երուսաղեմ մին կփախչի: Բայց ի՞նչ կանես, բախտըներիցը հազար շուն կա, հազար գել, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն: Լավն էլ էս ա, շատ գլուխ չի՛ ցավիլ:

Մեր երկրումը առաջ ձեռըները լվանում, սրբում (Էն էլ նստած տեղն ա նոքարը՝ փեշկիրն ուսին, ավթաֆա լագանը ձեռին, ամեն մեկի առաջին կռանում յա չոքում, ձեռին ջուր ածում), ետո են սուփրեն քաշում, աղամանը, պանրամանը, ձկնամանը մեջտեղը շարում, ապա հացը քաշում, ամենի առաջին կիտում, բազի վախտ կանաչի էլ ա ըլում: Գդալ, չանգալ-դանակի ոտը դեռ մեր աշխարքը չի մտել: Մատներն էլած տեղը ի՞նչ հարկավոր ա չանգալ-դանակ: Կերակրներն էլ մեկ սինով (պոթնոս) ներս են բերում, ու մեկ նոքար փեշն ու թևերը վեր քաշած, ուսին քցած, կուզըկուզ անելով` երկուսի առաջին մեկ աման ա դնում: Հացից ետը էլի ջրով որ ձեռք ու բերան չողողեն, չլվանան, կերածը հարամ կըլի: Գդակ վերցնիլ սեղանի վրա յա գլուխ տալ ադաթ չի՛: Երկրի ծեսն էսպես ա, Եվրոպա չի, որ կովը վեր քաշեն, տեսնեն՝ տակին հորթ կա, թե՛ չէ:

Հենց մի քիչ աղի կողակ ու պանիր որ անոշ չարին, գելը կատաղեցավ:

Տո՛, լերդս կպավ, է՜, բերանս հո ցամաքեցավ. Էդ զահրըմարը մի ածա՛, որ տեսնինք՝ ի՞նչ համ ունի, է՜, ա՜յ տնաշեն: Կողակի թիքեն հրես բկիս դեմ ա ընկել, ի՞նչ էլավ ձեզ, մեզ հո սպանելու չե՞ք բերել էստեղ,— ձեն տվին էս տեղանց, էն տեղանց քեդխուդեքը, որ գինին շուտով ածեն:

Լսողը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ ազգերի նման, հենց էն ա, գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան կամ, ինչպես բազի Կավկասյան սարը դեռ չտեսած մարդ, գինու ռումբին որ տեսնում են, երեսներին խաչ են հանում կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ դնում, կամ թե չէ՝ ցխում, վեր ընկնում, երազ տեսնում, դելը տալիս: Աստված մի՛ արասցե, էս պակասությունը չունին, նրանք էս շնորհքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, որովհետև աշխարհ չեն տեսել, ու Էշ կերել, Էշ մենծացել, ո՛չ բարոյականության ձեն լսել, ո՛չ կրոնագիտության, որ գինու գինը լավ իմանան ու երկու թաս խմելիս ոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված` երկինքը համբառնան: Չէ՛, չէ՛, նրանք շատ բռի են ու էլած-չէլածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոջ ջանին մուննաթ, էնքան են խմում, որ երեսները վարդ ա դաոնում, գլխըները` նաղրախանա, լեզվըները՝ բլբլի, սիրտըները՝ ասլանի և ո՛չ խոզի, չունքի մեկ հայ չես տեսնիլ քո օրումը հարբած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունգի էլ խմի: Մա՜շալա, տղեն սրան կասեմ, ա՜յ թե մարդ ա, ուրիշն էլ էս բանը կանի:

Հաց քցող տղեն էրկու ստաքանանոց տոլուն էլի տերտերին դեմ արեց. նա էլ օրհնությունը տվեց ու ճամփու քցեց: Ետո մեկելներին տվեց. Էսպես` բոլոր հացի ժամանակը մեկն էլա ինքը չէ՛ր ածում իր գինին. էս նոքարի ու ղուլուղ անողի գործն ա. որ քսան մարդ էլ որ ըլին, հենց մեկ թասից պտի խմեն, էնպես որ, ընչանք թասը պտիտ կգա ու վերջին մարդին կհասնի, սրա բողազն ա ցամաքում, վերի նստողի՝ թուքը: Կենաց-մենաց խմիլն Երևանումն էնքան ադաթ չի, ամա մարդ իր լեզվի հունարը ձեռաց պետք է չթողա, ամեն թասի, վրա մեկ խոսք ասի. ինչ կըլի՝ ըլի, հաջաթ չի. բեինդ տաքացած ժամանակը ինչ կուզես, ասա՛, վատ խոսք էլ որ ասես, լավի տեղ անց կկենա: Սովորական կերակրներն էլ մեր երկրի սրանք են` բոզբաշ կամ քուֆթա, կամ խաշ, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, գառան մսով փլավ, խաշած հավ ու ոչխարի խորոված, որ հենց էնտեղ ևեթ բուխարումը խորովում ու շատ անգամ շամփրով, տաք-տաք իրար թավազա անում. Բազի անգամ էլ տոլուչին պետք է բերանը բաց անի, որ մեկ թիքա խորոված իրանց ձեռովը բերանը դնեն կամ մեկ թաս գինի կոնծիլ տան:

Էսպես` մեկ քանի տոլու մաքրազարդեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց: Կրչոնց Վիրապն էլ հո՛ էնտեղ էր, էլ ի՞նչն էր պակաս, սազը կողքին հազիր ուներ. Անկաջ պտեր, որ նրա ձենին հայիլ-մայիլ մնար: Հենց ջուրն իր ճամփեն քթավ թե չէ, սա էլ իր սազը քոքեց, ճնգճնգացրեց. Հա՛ կաց ու քեֆ արա՛: Պատերը դրմբում էին, գետինը զրնգզրնգում, օճորքը տեղըհան ըլում, նրա ձենը մարդի քյալլին ցցվում: էնպես զոռբա ձեն ուներ Վիրապը, որ հինգ սհաթվա ճամփից լսվում էր.

Փի՛ր օլսան, փի՛ր, ջանմ սան, ջանմ. ի՞նչ կըլեր, որ քո մերն քեզ նման մեկ հինգն էլ էր բերել, որ աշխարքի միջումը մի հատ չըլեիր: Ասա՛, բերանիդ ղուրբան, ասա՛, բերանդ ապրի, ըմբրով կշտանաս, — հազար տեղից ձեն էին տալիս մեր պարոն քեդխուդեքը՝ գլխըները տրմբացնելով, անոշ-անոշ զկռտալով:

Շատի բերնի ջուրը հետը գնում էր: Շատ անգամ, քեֆը քոք ժամանակին, տերտերն էլ ի՛ր ձենի հունարն էր ուզում նշանց տա, ու կամ Վիրապի հետ էր բաս մտնում, գոռում, կամ թե չէ «Երևեցավ խնկաբերիցն» ասում, խալխի թասըները վեր դնիլ տալիս, կամ ձեռըներին բանդ անում. ամա էնպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի, քացախած ձենով, որ մարդի գլուխը տեղիցը պոկ էր գալիս: Քեդխուդեքը հո, մաջալ չէին տալիս. Ինչ բերանները գալիս էր, հենց է՛ն էին քյոնդալանա ասում, զռում, էնպես, որ խեղճ սազանդարի ասածը բերնումը հարամ էր ըլում:

Ամենը հո ամենը, իլլահիմ մեր մեղրաբերան տանուտերը, անատամ ռեխը որ բաց չէ՛ր անում, պատերը դողում էին, կատվըները մլավում, հավերը բակումը իրանց տիրոջ ձենը լսելով՝ շարքով կանգնում, կռկռում յա կչկչում: Ֆորթ, եզը, ձի, տավար ուզում էին, որ ուրախությունիցը կապըները կտրեն: Էշը զռում էր, գոմեշը տրլնգում, Էծը մկկում, կովը բառանչում, ֆորթը բղավում, որը ֆշտացնում, որը փստացնում, որը վզզացնում, որը բզզացնում: Մյուս բաները չեմ ասում, ամոթ ա: Գարի, դարման կերած՝ տավար, հայտնի բան ա, որ ինչ ասես, նրանցից դուս կգար: Խուլասա, ի՞նչ գլուխ ցավացնեմ. Էսպես նաղրախանի ու մուզիկի ձեն շահի դռանն էլ, չէր լսված: Բայց գինու տակռին դալար մնա: Էս թոփ ու թոփխանեն, էս զարբազանը մեկին էլա քյար չէ՛ր անում: Շատի, հենց բռնես, քեֆը գալիս էր: Բայց ամեն սհաթ հո մեկ չի՛ ըլիլ, ու ում ուժն ասես՝ տերտերին յա գզրին ա հաղթում: Սրանց մեկը էս ալեկոծության ժամանակին հենց շարքյասեն առավ, օրհնեց, պրծավ ու պռնկին դրեց, որ մաքրազարդի թե չէ, էշն էն կողմիցը էնպես մեկ թունդ տրաքացրեց, որ էլած-չէլած խելքը գլխիցը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրքին թափեցավ, ու հենց ուզում էր, որ թասն էլա չի՛ կոտրի, ու բեղաֆիլ ձախու ձեոը որ չի՛ վրա բերեց, սատանի աչքը քոռանա, էնպես սաստիկ խփեց տանդրոջ գլխին, որ փափախը կրակի վրա ծունդր դրեց, խորովածի շամփուրը վեր քցեց, հատիկ ատամների մեկն էլ բերնիցը վազեց, փորը գնաց, որ գլուխը պրծացնի: Թե ուրիշ վախտ էր էլել, ես գիտեմ, թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին-մին կպոկեր, բերանը կըտեր, ամա էս սհաթին, որ քար էլ աղային գլխին, ձեն չէ՛ր տալ:

Լավ հարաքյաթ ես անում, հա՛: է՜հ, ի՞նչ անենք. բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, դու սաղ ըլիս: Ա՜յ տղա, ածա՛, լցրո՛ւ: Վիրա՛պ ջան, մեկ լավ զլի՛. խմե՛նք, քե՛ֆ անենք, ո՞վ ա խաբար, թե էգուց գլխըներիս ի՞նչ ա գալացուկ: Գյոռն չաթլասն, տերտե՛ր ջան, գյոռն. էդ չալ միրուքդ ուտեմ, որ մի սիրտս կշտանա. կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա,— ասում էր ու տերտերի ուսերին լավ բաբաթ վեր հատում. սա էլ պարտքի տակին չէ՛ր մնում ու մեկի տեղակ հինգն էլա ետ տալիս:

էսպես՝ դինջ, տանստանու, ինչպես հեր ու որդի, քեֆ էին անում մեր պարոն քեդխուդեքը, հանաք անում, իրար սիրտ շահում ու հազար բաբաթ նաղլ, մասալա, առակ, շախա ասում, անում, լսողի սիրտը բանում, իրանց օրը անց կացնում: Վաղուց էին կշտացել, էլ հո հաց չէին ուտում, մազա էին անում, գինի խմում. բազինն էլ վեր էր կենում, պար գալիս: Տերտերը մեկ թաս գինի մեկին դեմ անելիս հո, հազար տեղ գլխի վրա կունդկի էր տալիս, որ նրա սուրբ ձեոիցը բաժակն առնի, ձեռը պաչի: Էսպես` վախտին էին մտիկ տալիս, որ դուս գան, գնան, ջահել տղերքանց ջիրիդին թամաշա անեն: 5

Արեգակն էկել, երկնքի մեջտեղը բռնել էր. օրվան փուշը մի քիչ կոտրըվել, տաքացել էր: Սար ու ձոր արծաթի պես փլփլում, պլպլում էին: էս հադաղին ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմանար, թե երկնքիցը մեկ ավետյաց ձեն ա էկել, աշխարքս արքայություն ա դառել, մարդի աչքն էլ ցավ, կսկիծ չի պետք է տեսնի, և Քանաքռու խարաբեքն էլ էին թև առել, ծափ տալիս, թե էլ էնպես չեն մնալ, թե իրանց մեջն էլ շունչ կմըտնի շեն կընկնի, էնքան տղամարդ, ջահել տղերք, էրեխեք էին տներիցը դուս էկել, քուչեքումն ու կտրներին քեֆ անում: Օտար մարդը հենց կիմանար, թե էս գեղըցիք աշխարքի տերն են. ո՛չ դարդ ունեն, ո՛չ ղասավաթ. Ամեն մեկը հազար թումանի տեր են: Ռհաթ խալխը՝ որը ձեռնաբռնուկ էին արել, պար գալիս, որը բոլորեշուրջ նստել, քեֆ էին անում, որը խաղ էր ասում, որը դամ քաշում: Էստեղ զուռնեն էր փչում, Էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղը փահլևաններն էին կոխ պրծնում, յա ղարաչիքը ֆալ բաց անում: Մանր տղերքն էլ յա ձնաթոփի էին խաղում, յա աչքակապուկ, յա սալդաթի պես կռվում: Դաբխփի (դհոլ), զուռնի ձենն ու հարայ հրոցը աշխարք էին վեր կալել:

Աղասին էլ քեֆն արել, պրծել, իր դաստեն ետևին քցած՝ էկավ մեկ տասը ձիավորով, գեղի միջովն անց կացավ, որ գնա, կալերի դզումը, ջաղացների մոտին իր հունարը նշանց տա, ջիրիդ խաղա, չունքի գեղամիջին էնպես դուզ տեղ չկա: Հենց իմանաս` մեկ թագավորի որդի ա գալիս: Յարաղ-ասպաբը կապած, թվանքն ուսին, թուրը կողքիցը կախ, ջուխտ փշտովն ու ղամեն գոտկումը, կանաչ մով շալվարը, զառ կապեն հաքին, գյուլբանգի աղլուխը ճտին. նուղայի թուխ գդակը գլխին կոտրել, աջու անկաջի վրա էր քցել. ոսկեթել թուխ-թուխ մազերը ձախու կողմիցը քամու հետ խաղում` յա ազնիվ երեսին էր դիպչում, յա բկի տակովն ընկնում: Բեղերն ապրշումի պես ոլորել, էնպես էր թշի վրովը դուս տարել, որ ամեն մեկի մեկ ծերը անկաջներին էին դիպչում: Մտիկ անողի խելքը գնում էր: Գեղըցիք հենց նրան տեսան թե չէ, ծափ տվին, պար էկան, ձեն-ձենի տվին ու սկսեցին նրա խաղն ասիլ, նրա գովքն ածիլ:

Աղասի՛ ջան, գլխիդ ղուրբան, էս թասը խմե՛նք քո արևսադաղին, արևիդ մեռնիմ. մեր գլխիցը ո՛չ պակսիս, գնա՛, մենք էլ էս ա, կգանք, — ամեն կողմից ձեն տվին ու Աղասու թասը խմեցին:

Ազնիվ երիտասարդն էլ, ով որ իրան էսպես պատիվ էր տալիս, գդակով էր անում, քաղցր երեսով գլուխ տալիս ու անց կենում:

Հեռըվանց երևում է, թե ի՞նչ ղիամաթ էր անում իգիթը: Ձիու անկաջը մտած՝ էնպե՜ս էր քաշում, կրակին տալիս, որ, հենց իմանաս, թևավոր ղուշ ըլի: Շատ անգամ ջրիդը հեռու տեղից շպրտում, ձին չափ էր քցում, ու գետնիցը ծուլ ըլելիս` ձիու վրիցը բռնում էր, էլ ետ քցում: Շատ անգամ հենց էնպես դուզ շպրտում էր ու կրակի պես ետևիցը հասնում, կալնում, էլ ետ ծուլ անում: Գետնին վեր ընկած տեղիցն էլ էնպես էր թամքի միջիցը կռանում, բարձրացնում, որ ջիրիդն առաջին դողում էր: Ընկերտանց վրա էլ որ վախտ-վախտ ջիրիդ չէ՛ր քցում, է՛նպես էր նշանում, որ գդակների ծերին էր դիպչում կամ գդակը հետը տանում, որ իմանան, թե նա նրանց ղիմիշ չի՛ անում: Շատ անգամ թամքի միջին ջուխտ ոտի վրա կանգնում, էնպես էր ձին չափ քցում: Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը, տղամարդությունը, հունարը տեսներ ու զարմանար:

Ջանմ սան, ջանմ, Աղա՛սի. մերդ մեկ հատ ա քեզանից բերել, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլա չի՛ բհամ տալ,— ասում էին թամաշավորքն ու խնդում, ուրախանում, ծափ տալիս: Հանկարծ էս քեֆի միջումը, հենց բռնես, մեկ ամպ տրաքեց, երկիրը շարժեց, յա թոփի, թոփխանի ձեն էկավ, յա երկինքը փուլ էկավ:

Տարա՜ն... տարա՜ն... աստվածասե՛րք, մոտ էկե՛ք... քոմակ արե՛ք, գլուխս լացե՛ք: Տունս կոխեցի՜ն, օջախս, քանդեցի՜նաչքիս լիսը հանում ե՜ն, սիրտս դուս են ճոթռում, տո՛, մեկ հասե՜ք, ի՞նչ կըլի: Ա՛ստված, երկի՛նք, ծո՛վ, ցամա՛ք... Էս ի՞նչ կրակ ա, էս ի՞նչ զուլում ա... Վա՜յ, օրս ու ումբրս խավարի, էս ի՞նչ եմ տեսնում: Ձեր թուրը կոտրվի, ձեր Էկած ճամփեն փուշ ու տատասկ դաոնա... Վա՜յ իմ ըմբրիս, արևիս... ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ր ջհանդամը գնամ... Գետինն էլա չի՛ պատռվում, որ ինձ մեջը տանի, աչքս հանի. էլ ի՞նչ աչքով իմ սև օրս լաց ըլիմ... էրեխիս տարա՜ն... քոմակ արե՛ք... Աստվա՛ծ, յարադանդ քոռանա, էս ի՞նչ կրակ ա, որ մեր գլխին ես ածում, մեզ էրում, փոթոթում: Ա՛ո, ա՛ռ քո տված հոգին, էլ չի՛ հարկավոր. հոգի, չե՛ս տվել, կրակ ես տվել, որ էրվի, ինքը չիմանա, մեր ջանը փոթոթի... Ամա՜ն... հարա՜յ... դա՜տ... մադա՜թ... Ե՛րկինք, մեկ փուլ արի՛, ինձ տակովդ արա՛, ի՞նչ կըլի... Ձեր փափախը ձեռ գլխին խռով կենա, ի՞նչ տղամարդիկ եք, տո՛, մեկ ձեռն էլա հասցըրե՛ք, է՜, ի՞նչ եք քարացել, փետացել: Թագուհի ջան, գլխիդ մատաղ գնամ... Թա՛գուհի... Անումիդ մեռնիմ... երեսս ոտիդ տակը. Թ՛ագուհի ջան... էդ չախմուր աչքերիդ ղուրբան ըլիմ, ազիզ ջան: Աչքիս լսի պես մեծացրի, որ է՞դ տեղն ընկնիս... Թո՛ղ ինձ սպանեն... էդ թուրը թո՛ղ իմ սիրտս խրենթո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ... թո՛ղ ես հողը մտնիմ... էն վախտին ուր տանում են քեզ, թո՛ղ տանին: Թո՛ղ քո նեղ օրը չտեսնիմ, ո՞ր դժոխքն ուզում ա, թո՛ղ ինձ ներս տանի...

էս կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում էր, որ մեկ տղամարդ թուրքերեն ասում, հարբա էր գալիս, որ ձենը կտրի:

Ձենդ կտրի՛, ղանջղ, ղարաչի... Հենց էս սհաթին փորդ վեր կածեմ. ջինգյանությունն ի՞նչ պետք ա. սարդարի հրամանն ա, պետք է ձեր աղջիկը քաշենք, տանինք. ի՞նչ խոսք ունիք, ի՞նչ կարողություն, սարդարի հրամանին սարը չի՛ դիմանալ, դուք ի՞նչ կարաք անիլ:

Խալխի գլխին ջուր մաղվեցավ: Ամենն էլ իմացան, թե ի՞նչ խաբար ա: Սարդարի ֆառաշներն (ծառայք) Էկել էին, որ աղջիկ քաշեն, ո՞վ հադդ ուներ, որ ծպտա: Բարիկենդանը սուգ դառավ: Երեխեքը լալով, դողալով տուն փախան. կնանիքը դռները կողպեցին ու շիրախանի կարասների տակը մտան, կամ վերնատներումը տափ կացան, կամ դարմանի ու խոտի խրձերի մեջը մտան: Գեղը, հենց բռնես, բիրադի քանդվեցավ: Տղամարդկերանց, որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ. որը որ մի քիչ պինդ սիրտ ուներ, զարզանդելով, դողդողալով մոտ էկավ, չէ՛ թե օգնություն անի, չէ՛, այլ թե տեսնի, ի՞նչպես մարդիկ են էկողները, ի՞նչպես են տանում խեղճ ջրատար աղջկանը: Ռանգ-մռանգները թռած, սփրթնած՝ էկան մեռելի պես ու տան բաշին շարվեցան: Շատի լեզուն բերնումը շաղվել, փետացել էր: Շատի լերդն ու թոքը ջուր էր կտրըվել: Շատի պռոշները ահու ճաքել` արինը շռռալով գնում էր: Լավ ուզում էին, որ քոմակ անեն, լավ ուզում էին իրանց էլած-չէլածը տան, որ խեղճերին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար: Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող, որ ձեռք վրա բերի: Թե մեկ ծպտոն էլ հանել էին, Էն սհաթը տուն, տեղ կրակ կտային ու իրանց էլ թոփի բերնին կդնեին, կքցեին: Աստված ո՛չ շհանց տա: Անօրենի ձեռը դուշմանս չի՛ ընկնի: Մարդ ո՞ր հողը տա գլխին. ինչ ուզում են, է՛ն են անում: Դատաստան չկա՛, իրավունք չկա՛, ու հայ ազգն էլ Էնքան Էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խոսքըմին չէ՛ր ըլում, որ իր գլուխն ազատի: Աղջիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ էլ գլուխը կտրում, էրում, նահատակում: Ո՛չ տունն էր իրանը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ ջանը, ո՛չ օղլուշաղը: Զարմանալուն էս ա, որ էսպես կրակի, զուլումի մեջը էլի նրանց աչքը ուրախություն, նրանց երեսը ծիծաղ էր գալիս: էսպես, ինչպես ասեցի, հարիր մարդից ավելի վրա էին թափել, ձեռըները ծոցըներումը դրել ու պատի ծերիցը մտիկ էին տալիս: Սուգ ու շիվանն աշխարքն առել էր: Ֆառաշները կատաղել, փրփրում էին. շատ անգամ թվանքները դեմ էին անում, որ խալխին խփեն, վեր քցեն, որ բալքի ռադ ըլին, կորչին. բայց էլի հուշտ էլած ոչխարի պես ետ էին դառնում, էլ ետ՝ ետ փախչում, էլ ետ՝ ետ գալիս, մտիկ տալիս:

Следующая страница