Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Հապա ո՞վ տվեց այն կարողությունը Հելեն խանումին, որտեղի՞ց էր այն ահավոր գումարը, որ դատարանը բռնեց նրա սնդուկում...

Առաքելը հաստատապես համոզված էր, թե Տիրան բեյը իրեն գիտությամբ է կողոպտել, և այնպես տանջվում էր այս մտքով, որ մի ամսի ընթացքում բոլորովին այլակերպվել էր: Օրեցօր, ժամից-ժամ, մազերի և պեխերի մեջ նորանոր սպիտակներ էին ցցվում և զգալի կերպով հալվում, մաշվում ու նիհարում էր: Ո՜չ կանոնավոր քուն ուներ և ո՜չ ախորժակ: Պողոս աղայի սենյակում, թե պատահում էր ճաշի, ընթրիքի ուտում էր, թե ո՜չ, մտքովն անգամ քաղց չէր անցնում, սովածություն չէր զգում: Առավոտները վաղ վեր էր կենում և վազում էր դատարանների մոտերը գտնված սրճարանները, որտեղ տասը փարա վճարելով, մի ղայֆա էր խմում և ժամերով նստում, ծխում ու մտածում:

Այդպիսի ղայֆանաներում էին հավաքվում բոլոր գանգատավորները և այդտեղ էին խորհրդակցում փաստաբանները իրենց կլիենտների հետ, մինչև դատավորների հավաքվելը և դատաստան սկսիլը: Որքան վշտացյալների էր պատահում այդ դռներում Առաքելը, այնքան սաստկանում էին յուր վշտերը: Կային այնպիսի թշվառներ, որոնք տասնյակ տարիներով սպասել էին իրենց գործերի վճռին, բայց դեռ ոչ միայն արդարադատության, այլ մինչև անգամ վերջնական վճռի չէին արժանացել: Այդ անգործ, աշխատությունից ձեռք քաշած թշվառների հուսահատ հառաչները, բարակացավի ենթարկված թոքերն ու քսակները, պատռտած, յուղոտած հագուստները և ծակծկված կոշիկները, ֆեսերը Առաքելին այնպես վատ էին ազդում, որ նա մոլեգնած, շատ անգամ փակում էր աչքերը չտեսնելու, խփում էր ականջները չլսելու համար: Բայց օրեցօր Առաքելն էլ նրանց հետ հալվելով, հալվում, մաշվում էր և յուր թշվառության անդունդը ավելի սոսկալի, ավելի խոր, անհատակ էր երևում:

Տիրան բեյի վրա պահանջք ունեին ընդհանրապես մեծ կապիտալիստները, Մանչեստրի, Լիվրպուլի, Դրեզդենի գործարանատերերը: Այդինի, Անգյուրիի և Ադանայի բրդի, բամբակի, քիթրայի, գղտորի վաճառականները և կալվածատերերը, բայց մանր-մունր պահանջատերեր էլ շատ կային: Միայն Առաքելը չէր նրա թշվառ զոհը, այդպիսի փոքրիկ դրամատերեր շատ կային, որոնք ինչ-ինչ ապագայի հույսերով իրենց տնտեսած գումարները պահ էին տվել սրա դրամարկղը և այսօր Առաքելի հետ սգում էին:

Մարգարե չես, բայց գուշակություններդ ուղիղ են, Առաքե՜լ, — ասաց մի օր սրճարան մտնելով Առաքելի թշվառ ընկերներից մեկը, որը նույնպես հարյուր քսան լիրա պահ էր տված Տիրան բեյի գրասենյակում, — Մարգարն ու Մարտիկը գնացել, լիզել են Հելեն խանումի կոշիկների գարշապարը և տասնական ոսկի ստանալով, փակել իրենց հաշիվները:

Մինաս աղբա՜ր, չասի՞, որ նրանք ստորաքարշ անասուններ են, նրանք ցածհոգի, լղպոր սողուններ են, որ կարող են ամեն ինչ մրոտել, աղտեղել: Նրանք, որ այնպես գոռում-գոչում, պոռնկի նման արտասվում էին, զգում էի, որ մեզ դավաճանելու էին...

Փողերն ստացել են ու իրիկունն իսկույն ճանապարհ ընկել:

Իբրև թե մենք ընտանիք, զավակներ, սիրելիներ չունենք, մենք պարտեզում աճած խոտեր ենք... Մենք էլ կարոտ ենք քաշում, տապակվում ենք, բայց գործը...

Հարյուրհիսունական լիրան տասնական լիրայով միմի բիլեթով են վերջացրել...

Գոնե գային, մարդ երեսներին երկու խոսք գոնե ասեր, սիրտը հովացներ, հետո էլի երթային... Այդպիսի ընկեր լքողներն են մարդու հուսահատեցնում, ապա թե ոչ, ինչի՞ Տիրան բեյերն ու Հելեն լրբերը պիտի կարողանան մեր դառն աշխատանքով ձեռք բերածը կուլ տալ: Բայց ոչինչ, ով ուզում է հրաժարվի, ես իմ մի փարայից հրաժարվողը չեմ, թե մինչև անգամ դրա համար զոհվելու էլ լինիմ...

Արդար քրտինքի աշխատանքով վաստակված չէ եղել նրանց փողերը, ապա թե ոչ, ո՞վ կհամաձայնի տարիներով, դառն տանջանքով դատած հարյուր հիսուն լիրայի փոխարեն տասը լիրայով բավականանալ... Ղայֆաջի, նարգիլես շուտ լից, — ասաց Մինասը, սրճարանի բազմոցի վրա տեղավորվելով և թիկունքը պատին հենելով:

Այսօր նորից բացատրություններ է պահանջելու դատարանի միջոցով մեր փաստաբանը Տիրան բեյից: Նրա առնելիքների ցուցակների մեջ ահագին զեղծումներ է գտել: Այնպիսի խարդախություններ, որոնցով կարելի է Տիրանի նենգավոր սնանկությունը ապացուցանել...

Մի՜ հավատալ այդ փաստաբաններին, — ասաց Առաքելը, — այնպես են հավատացնում, վստահեցնում մարդու, որ կուրացնում և կողոպտում են, իսկ ատյան մտնելիս շվարեցնում թողնում...

Չէ՜, այս մարդը գործին լավ է կպել: Ցուցակներից գտել է, որ Գալֆայանը ապառիկ ապրանքներ է բաց թողել ոչ միայն Սըվազի, էրզրումի, Դիարբեքիրի, Մոլսուլի, Հալեբի, Բաղդադի և մինչև անգամ Հեքյարի, Արաբիայի հեռավոր Հեջազի ու Եմենի վիլայեթների վաճառականներին, այլ մինչև անգամ Պարսկաստանի, Կովկասի վաճառականներին ու վերջինների վրա մեծ գումարով պահանջք է մնացել, այնպես որ սնանկության գլխավոր պատճառը այդ ապառիկներն են եղել: Բայց բանից դուրս է գալիս, որ այդ բոլոր անվանված վաճառականները, որոնք երբեք ապառիկ ապրանք չեն տարել Գալֆայանից, երևակայական են, գոյություն չունին և դրանք ստեղծվել են միայն Տիրան բեյի փաստաբանի գրչով և ուղեղով, կեղծված տոմարների մեջ:

«Մինարեն գողացողը կանխապես պատյանը պատրաստում է», — ասում է առածը, զուր բաներ են դրանք, դրանցով գործը կարգի չի գալ: Էգուց Գալֆայանը զանազան քաղաքներից և երկրներից վկայականներ բերել կտա, որոնցով կհաստատե, թե կային այդպիսի վաճառականներ, բայց կողոպրտվեցան, սպանվեցան, սնանկացան, մեռան և այլն, և այլն, և ցեղերն էլ բնաջինջ եղան: Ո՞վ ժամանակ և միջոց ունի, որ երկրից երկիր ման գա և հաստատե, որ այդ երկրների վարչական ատյաններից հաստատված և տրված այդ վկայականները շինծու են և դրանք կաշառքով կամ խաթեր համար են պատրաստված: Դու ասա՜, պիտի կարողանա՞ն այն լիրբ Հելենի անունով հաստատված կայքերը խլել և բաժանել պահանջատերերի մեջ: Ահա՜ թե որտեղից մենք կարող ենք փրկություն հուսալ...

Լավ ես ասում, թե կալվածաթղթերը կարողանան ջրել: Նենգավորը ութ տարվան ընթացքում մաս-մաս այլևայլ ձևերով, դարձվածներով կամաց-կամաց դարձրել է այդ կալվածները իրեն կնոջ անվան, այնպես որ դժվար թե...

Ավելի վատ, ուրեմն նա ութ-տասը տարի է ծրագրում է կողոպտել սրան-նրան, սգացնել և օրական հացի կարոտ թողնել թշվառներին...

Պարտատերերի պահանջի համեմատ, Տիրան բեյի ո՛չ միայն տունը-տեղը, կնոջ սենյակները և սնդուկները ցուցակագրվեցան, գրավվեցան և երաշխավորության հանձնվեցան, այլ մինչև անգամ կնոջ անունով հաստատված բոլոր կալվածների եկամուտները առժամանակ գրավվեցան, մինչև գործի քննության ավարտը և վաճառականական դատարանի վճիռ կայացնելը:

Երկու հարյուր հիսուն հազար լիրայով էր սնանկացել Տիրան բեյը, իսկ այդ գումարի դիմաց նա ուներ միայն յուր վաճառատան և մթերանոցների ապրանքները՝ մոտավորապես հիսուն հազար լիրայի: Այդ ապրանքը աճուրդով ծախելիս կամ վաճառականների մեջ բաժանելիս հազիվ երեսուն հազար լիրա բռներ, որովհետև, մինչև գործի ավարտը, ապրանքը կտրորվեր, կփչանար և մոդայից կընկներ: Այդ բոլորը աչքի առաջ ունենալով պարտատերերը մտածում Էին փոխանակ իրենց պահանջից տասը կամ տասնևմեկ տոկոս ստանալու, այդ ստացվելիք գումարով փաստաբաններ վարձել, դատավորներին կաշառել և ամեն միջոց գործ դնելով, խլել Հելենից այն կալվածները, որոնք նենգությամբ Տիրան բեյից անցել էին գեղանի խանումի տիրապետության: Նրանք վճռել էին, որ եթե չկարողանային էլ խլել, գոնե մի լավ խայտառակել Գալֆայաններին:

Երեսուն կտոր մեծ կալված էր ժառանգել Տիրան բեյը յուր հորից, որոնք գտնվում էին Պերայում, Ղալաթիայում , Սթամբոլ-Բեզեզթան, Յալիներ, Բեյուք-Դերե, Մեծ կղզի և ուրիշ տեղեր` մոտավորապես հարյուր հիսուն հազար լիրա արժողությամբ: Այդ կալվածները տարեկան բերում էին ոչ պակաս տասներկու հազար լիրա և Կ. Պոլսի աչքի ընկնող հայտնի տեղերում էին գտնվում: Տիրան բեյը յոթ-ութ տարվա ընթացքում կամաց-կամաց այդ կալվածներից մի քանիսը նախ ծախել էր յուր ծառաներին կամ բարեկամներին նենգությամբ և ապա նրանցից ետ գնել էր յուր կինը՝ Հելենը, այնպես որ օրենքի առաջ սա այդ բոլոր կալվածների օրինական տերն էր դարձել: Դեռ այդ հերիք չէ, Տիրան բեյի նստած տունն անգամ հաստատված էր Հելեն խանումի անունով, այնպես որ Տիրան բեյը յուր կնոջ տանն էր ապրում:

Թեև օրինազանցություն էր Հելեն խանումի անունով հաստատված կալվածների եկամուտները գրավելը, տան կահ-կարասիները ցուցակագրելը, տիկնոջ սնդուկի մեջ գտնված փողերը, գոհարեղենը կնքելով դատարան բերելը, բայց թուրքերի Կ. Պոլսի վաճառականական դատարանը պարտավորված էր զիջանիլ անգլիական, ֆրանսիական և ավստրիական կոնսուլների պահանջներին, որոնց հպատակները մեծամեծ վնասի ու կորուստի էին ենթարկվել Գալֆայանի սնանկությունից: Բայց Գալֆայանին և Հելենին ոչ մի անհանգստություն չէր պատճառում այդ բոլորը, քանի որ նրանք համոզված էին, որ և ոչ մի աշխարհի կամ պետության օրենք ուժ չուներ խլելու Հելեն խանումի կալվածները, սրա սեփականությունները և բաժանելու նրա ամուսնի պարտատերերի մեջ: Անհատական սեփականության օրենքները չէին զիջանիլ և թույլատրել, որ ոտնակոխ լինի դարերով սրբագործված այդ օրենքը: Թե՜ դատավորները և թե՜ փաստաբանները վստահեցնում էին, թե նրանք ոչինչ տուժելու չէին, բացի ժամանակի կորստից և սնանկի անվանարկությունից: Իսկ այդ կեղծ սնանկի տիտղոսն էլ մեծ կորուստ չէր նախկին որմնադրի և ապա մայր սուլթանի ճարտարապետի թոռի համար, քանի որ յուր գողացած փողով և կարողությունով միշտ կարող էր շլացնել իրեն շրջապատող հասարակությանը, որոնք ո՜չ միայն ուշք չէին դարձնելու այդ ստորության, այլ շուտով էլ մոռանալու էին այս տխուր միջադեպը: Մանավանդ որ փաստաբանների պատրաստած կեղծ վաճառական տոմարներով արդարանալու էր Տիրան բեյը ուրիշների գումարները նենգությունով յուրացնելու համար, իսկ դատարանով արդարացած սնանկը ամաչելու ի՞նչ կարիք կարող է ունենալ:

Առաքելը այդ բոլորը ուշի-ուշով քննեց, Գալֆայանի ամեն մի գործակատարից ու բարեկամից ծանոթացավ գործի մանրամասնությունների հետ և իմացավ, թե ի՞նչ ճարպկությունով Տիրան բեյը կարողացել էր ութ-տասը տարվան ընթացքում, ուրիշների դատած ու հավաքած գումարները առատապես շռայլելուց, փչացնելուց հետո, մոտ երկու հարյուր հազար լիրա էլ քաղել և իրեն նենգ սնանկ հրապարակել: Նույնպես զգացել էր, որ պահանջատերերի փաստաբանները ոչինչ չպիտի կարողանային շահել դատավարությունով, քանի որ սեփականության հիմունքների վրա կազմված բոլոր օրենքներն ու կարգերը պաշտպանելու էին նենգավոր սնանկին և նրա անբարոյական կնոջը պիտի ետ դարձնեին Գալֆայանի պապի շինել տված բոլոր կալվածքները: Բայց և այնպես հույսի մի աղոտ նշույլ ստիպում էր Առաքելին հետևել գործի ընթացքին և սպասել դատավարության վախճանին:

Օրեր և ամիսներ անցան, անձրևաշատ աշնանը հաջորդեց ցրտաշունչ ձմեռը իրեն փորիասով և սպիտակ սավանով, որը երկար հյուր չմնաց Կ. Պոլսում: Սրանց հաջորդեց դալարագեղ գարունը, որը յուր քաղցր բուրմունքով զարդարեց Կ. Պոլիսը շրջապատող դաշտերն ու բլուրները, ամեն կողմի այգիները հարսի նման ծաղիկներով ու տերևներով պճնվեցան, և վարդի թփերի միջից սկսեցին երգել սոխակները: Ամեն կողմ նոր գարունը նոր կյանք էր սփռում և ամեն մի բուռ հող ծլեցնում, բողբոջում, և դուրս էր ժայթքում երկրի սրտից բյուր բարիք: Բնությունը անդադար շարունակում էր յուր դերը, բեղմնավորում, աճեցնում, հասցնում, չորացնում և գետին թափելով ապականում, փտեցնում...

Այդ բոլորը մոռացնել էր տալիս մարդկանց ցրտաշունչ ձմեռը, դառնագին օրերը և սրտաճմլիկ ցավերը, բայց Առաքելի աչքերը չէին բացվում, չէր նկատում այս քաղցր բարիքների այլակերպությունները: Նրա մայրը, կինը, բալիկը մնացել էին անտեր, անտիրական և ո՞վ է իմանում, գուցե և քաղցած ու տկլոր: Ձմեռը նա յուր կնոջից երեք նամակ էր ստացել և ոչ մեկին պատասխանելու ո՜չ սիրտ ուներ, ո՜չ քաջություն: Կինն ու մայրը լսել էին Առաքելի գլխին եկած դժբախտությունը, խորհուրդ էին տվել թքել այդ գումարի վրա և վերադառնալ իրենց մոտ, բայց ո՜չ մի ազդեցություն չէր ունեցել Սառայի աղերսանքը, Առաքելի սիրտը չէր փափկել... Սա մտածում էր կամ փողերը ստանալ և կամ վրեժը լուծել...

Օ՛հ, այս ի՛նչ սոսկալի վիճակ է, այս իմ անողորմ բախտը... Պապը որմնադրությամբ Բաբերդից Կ. Պոլիս տրեխով գա, ձեռքի տակ բանացրած քարտաշների և մշակների օրականներից խուզելով, խուզելով հազարներ դիզե և այս կալվածները թոռին թողնե, որ սա էլ շրջապատող հասարակության մոտ վարկ ունենա, կողոպտե այդ հասարակոլթյան թշվառ անհատներին և հարյուր հազարները դիզե, անպատիժ, արդարացած ու սգացնե հազարավոր անհատներ... Տիրան բե՛յ, իշխա՛ն, վսեմաշո՛ւք... չեն ասում, գո՜ղ, ավաղա՜կ, հափշտակող գազան, — ասում էր դառնացած սրտով Առաքելը և հառաչում աղիողորմ ձայնով:

Մայիսի միջերքում նշանակված էր Գալֆայանի սնանկության դատավարության օրը: Առավոտ վաղ բոլոր պահանջատերերը կամ նրանց ներկայացուցիչները փաստաբանների հետ հավաքվել էին Այա-Սոֆիայի մոտ գտնված Թիջարեթ մեջլիսի (վաճառականական դատարան) մեծ դահլիճում և իրար հետ միտք էին փոխանակում: Ամեն մի փաստաբան յուր ձեռք բերած փաստերն էր ընկերակիցներին հայտնում և նրանց խորհուրդը լսում: Պահանջատերերն էլ, ճաշի նստած տիկնոջ բերանին ու աչքերին նայող շների նման, դիտում էին իրենց փաստաբանների շրթունքների ամեն մի շարժումները և ուշի-ուշով լսում արտասանած խոսքերը:

Դեռ ո՜չ դատավորներն էին հավաքված, ո՜չ էլ պատասխանատուները իրենց փաստաբաններով, բայց դատավարական սրահի բազմոցների վրա տեղ էին բռնել Կ. Պոլսի երկսեռ հասարակության հետաքրքիր ներկայացուցիչները: Ղարագյոզի տեսարաններին վազեվազ հաճախող հանդիսատեսխանումները իրար ետևից շտապում էին տեղ բռնելու և լսելու Հելեն խանումի դատավարությունը և դրա վախճանը: Դեռ սանդուխների տակ հանդիսականները պարտավոր են իրենց կրկնակոշիկները, հովանոցները, մահակները և վերարկուները պահ տալ դռնապահներին և սրանցից համարներ ստանալով կանխիկ վճարել դրանց վարձքը՝ քսանական փարա:

Նրբասրահում պտղեղեն, մրգեղեն, քաղցրեղեն և շաքարեղեն ծախողները անցուդարձ անողներին քծնանքով առաջարկում էին իրենց վաճառքները: Կարկանդակ ծախողները իրենց եռոտանիներով ուշադրություն էին գրավում, օշարակ և ջուր ծախողները պատրաստի բաժակները մեկնում էին դեպի այս ու այն անցորդը: Այնպես որ, եթե մինչև կեսգիշեր տևեր դատավարությունը, հանդիսականները քաղցն ու ծարավը հագեցնելու համար նեղություն չէին կրի: Հարկավոր էր միայն քսակների բերանները բանալ և մի քանի սև փող ցրել այս ու այն կողմը:

Մեծ աղմուկ էր տիրում նրբասենյակում, ամեն կողմ խումբ-խումբ հավաքված վիճում էին կամ դրա հարյուր քայլից ավելի երկայնությամբ ճեմելով՝ խոսակցում: Այդ աղմուկը երբեմն-երբեմն ընդհատվում էր պաշտոնականների և դատավորների ելումուտի ժամանակ և իսկույն շարունակվում: Մինչև դատավորների հավաքվելը, դատաստանասրահը ամբողջապես լցվել էր հանդիսականներով, այնպես որ ծառաները պարտավորվեցին օդը մաքրելու համար հրապարակին նայող լուսամուտների վարագույրները վերցնել և փեղկերը բանալ:

Երբ դատավորներն եկան և անցան իրենց խորհրդարանը, իսկույն լուր տարածվեց, որ դատաստանին նախագահելու է Միհդատ էֆենդին, Հելեն խանումի հոմանին և երեկույթների պարընկերը: Կոնսուլների թարգմանները եկել էին և իրենց որոշ աթոռները գրավել դատավորների աթոռների ետևը, պատերի տակ: Թեև մի քանի անգամ այդ թարգմանները դուրս եկան այս ու այն եվրոպացի կամ օտարական պահանջատերերի հարցերին բավականություն տալու, բայց հնար չգտան Միհդատ էֆենդիին մի կերպ հեռացնելու նախագահի աթոռից: Եկան նույնպես Տիրան բեյի և Հելեն խանումի փաստաբանները և իրարից հեռու մեկ-մեկի հակառակ դիրք բռնեցին:

Այդ բոլորը Առաքելին այնպես էր թվում, իբր թե թատերաբեմի վրա ներկայացումներ էին տալու: Առաքելը նախապես ամեն գործ լուծված և վերջացած էր համարում: Նա լուռումունջ աչքերը երբեմն այս, երբեմն այն կողմը ձգելով, դիտում էր և անշարժ պղլում, մնում: Հավատացած էր, որ իրենց բոլոր բողոքները և արդար պահանջները մերժվելու էին: Պահանջատերերին բաժին էր պահված միայն Գալֆայանի վաճառատան մնացորդ ապրանքը, որից դատավորները պահանջատերերին տասը տոկոս վճարելով, փակելու էին հաշիվները և կատակախաղը ավարտելու: Այս մտքերով խորասուզված, Առաքելը մինչև անգամ չէր էլ ըմբռնում շուրջը բոլորածների խոսակցությունները:

Երբ արդեն հանդիսատեսները րոպե առ րոպե սպասում էին դատավորների բեմ բարձրանալուն, դատասրահի դուռը բացվեցավ, և Հելեն խանումը ամուսնի թևը մտած ներս եկավ, այցելության դուրս եկած մի տիկնոջ նման պճնված մետաքսեղենների մեջ շողշղալով: Աղախինը նրանց հետևում էր ձեռքին բռնած eau-de-Cologne-ի շիշը, զանազան շալերով և թաշկինակներով: Մարդ ու կին առաջ գնացին, և յուրաքանչյուրը յուր փաստաբանի կողքին տեղ բռնեց, նստելով չոր, տախտակե բազմոցի վրա: Աղախինը թեև անմիջապես տեղ գտավ հանդիսականների կողքին, բայց մի քանի անգամ պարտավորվեց տիկնոջ ակնարկին հետևելով նրան մոտենալ, ինչ-ինչ իրեր առնել ու տալ:

Տիկին Հելենը այդ օրվա հերոսն էր, հանդիսականների աչքերը, կարճատեսների դիտակները ուղղված էին նրա կողմը. Մարդիկ նրա գեղեցկությունով, կորովամտությունով, վայելուչ շարժումներով, առնացի քաջասրտությունով և նազենի հայացքներով էին գրավված, իսկ տիկինները՝ նրա արդուզարդով, շրջազգեստի, ժապավենների, դանտելների, օղերի, մանյակների, ձեռնոցների մանրամասնություններով: Նախանձոտ կանանց սիրտը ավելի ծակում էր Հելենի այն խորամանկ և ճարպիկ խաղը, որով ոչ միայն գրավել էր իր ամուսնի ահագին կալվածներն ու կարողությունը, այլ մինչև անգամ շշմեցրել էր ողջ Կ. Պոլսի հասարակությանը:

Հելենը, նկատելով իրեն վրա սևեռված հայացքները, բոլոր ճիգով աշխատում էր, ճարպիկ դերասանուհու նման, արտաքին շարժումներով զբաղեցնել հասարակությանը, և նա այնքան ձիրք ուներ, որ կարող էր մտադրածը գործադրել: Նա այնպես դիրք էր բռնել, որ իբր չէր էլ նկատում, որ իրենով զբաղվողներ կային դատաստանասրահում և ողբերգակ երգչուհու նման գլուխը ուսերի վրա այնպես էր տատանում, որ կարծես վշտից տանջանքի ալիքների վրա ցնցվում և տարուբերվում էր:

Առաքելը, որ աչքից չէր փախցնում Հելենի ամեն մի շարժումը, իսկույն հիշեց Շիշմանի պարահանդեսի զարդին, որը պարտեզի քյոշքի մեջ պաղպաղակ էր վայելում Միհդատի հետ, այրված սրտի բաբախումները հանգստացնելու տենդով, թեև Միհդատի սիրաբուխ ճոռոմաբանություններով և կիզիչ համբույրներով ավելի ու ավելի արծարծվում էին նրա իրանի և երակների մեջ բորբոքումները: Այդ տեսարանը Առաքելին մտքով առաջնորդեց բոլոր այն վայրերը, որտեղ պատահել էր գեղանի Հելենին նրա անթիվ երկրպագուների շրջաններում և խորասուզվեց զարհուրելի մտքերի անսահման օվկիանում:

Դատավորների հանկարծակի մուտքը դատասրահի բեմը սթափեցրեց Առաքելին:

Դատավորների երևալուն պես լռություն տիրեց, և ամեն հայացք ուղղվեց նրանց կողմը, ուշադրությունները ամփոփած լռելյայն լսում Էին բոլոր հանդիսականները: Բայց նախագահի սովորական քննությունը, սկզբնական դատավարության արձանագրության երկար ու բարակ ընթերցանությունը ձանձրացուցիչ Էին մինչ այնքան, որ դատավոր-անդամները, քարտուղարն անգամ, մոռացած իրենց դերը, ստեպ իրենց հայացքը մեկնում Էին Տիրան բեյի, մանավանդ Հելեն խանումի վրա, այնպես որ ավելի զբաղված Էին գեղանի տիկնոջ հրապույրով և չէին էլ ըմբռնում ընթերցանության բովանդակությունը:

Միհդատ էֆենդին անդադար հանդարտ սրտով կարդում էր երկար ու ձիգ արձանագրությունները, Գալֆայանի սնանկության պատմությունը և այն հանգամանքները, որոնք առաջացրել էին Տիրան բեյի առևտրական տան ձախորդությունը: Երբեմն-երբեմն, ընդհատելով ընթերցանությունը, Միհդատ էֆենդին թեքում էր գլուխը աջ ու ձախ, իբրև թե հարցնում էր ընկերակիցներին, «կարդա՞լ և այսինչ արձանագրությունը», որին իսկույն մեքենաբար պատասխանում էին շփոթված ընկերակիցները, կիսասթափ իրենց ուշաթափությունից, «բելի էֆենդիմ, էվետ էֆենդիմ» (հրամմեր եք, այո՜):

Միհդատ էֆենդին, «ղասաբի» նման սառնասիրտ, առանց ուշք դարձնելու քերթված անասունի դիակին, անդամահատում էր միսը և դասավորում այս ու այն կողմը, այնպես որ նրա կարդացած արձանագրությունները, բացատրությունները և քննությունները կանխապես հայտնի լինելով հանդիսատես հասարակությանը, նրա տաղտուկը բերեց: Ամենքի ուշադրությունը դարձյալ կենտրոնացավ Հելեն խանումի վրա, որը թեև դիակնացած դիրքով, բայց պարբերական հառաչանքներով և ցնցումներով, դերասանական նրբությամբ քաշում էր իր կողմը բոլորի հայացքները և այնպես էր ձևացնում, որ իբր այդ բոլոր հոգեկան տանջանքները առաջանում էին սառնասիրտ նախագահի զրպարտություններով լի արձանագրությունների ընթերցումից: Նստած տեղում Հելենը երբեմն մեռելի դեմք և գույն էր ստանում, երբեմն բորբոքվում, շանթի նման կարմրում էր, այն աստիճան, որ կարծես աչքերից պեծեր էին ցայտում և երեսը ցոլում էր բոցափայլ շողքով: Երբեմն էլ արհամարհական ծիծաղով ժպտում էր այնքան նազենի, այնպես գողտրիկ, որ տասնևչորս տարվան անմեղ կույսի տիպար էր ընդունում և իրեն դիտող աչքերին խոնարհելու, ակամա ծնրադրելու ստիպում...

Ընթերցանության ավարտումից հետո, երբ պահանջատերերը պնդեցին իրենց փաստաբանների խնդրագրերով պահանջված քննությունները կատարելու, Միհդատ էֆենդին նախ գրավոր փաստերը պահանջեց և ապա վկաներին դատաստանասրահից հեռացնելով, սկսեց մեկ-մեկ վերջինների ցուցումները արձանագրել, փաստաբանների տված հարցերի հետ: Կողմերի վկաներն ու վկայագրերը հերքում էին իրար ցուցումները, դատավորներին մնաց միայն գրավոր փաստերի և գոյություն ունեցող օրենքների հիման վրա կայացնել իրենց վճիռը: Բայց որովհետև դատ վարողների մեծագույն մասը օտարականներ էին և ապելիացիայի իրավունքից զրկված, ուստի դատավորներն ամեն տեսակ նրբությամբ հետևում էին գործի մանրամասնությունների մեջ թափանցելու և ոչ մի կետ անուշադիր չէին բաց թողնում, որպեսզի կոնսուլների թարգմանների բողոքին առիթ չմնար:

Պահանջատերերի փաստաբանները աշխատեցան և իրենց ճառերով ուզեցին ապացուցանել, որ Տիրան բեյը երկար տարիների ընթացքում մտադրած է եղել կանխապես սնանկանալ և պարբերաբար բոլոր գործերին այնպիսի ընթացք է տվել, որ կարողանա ժամանակին արդարանալ: Այս բանի գլխավոր ապացույցը կալվածների կնոջ անվան դարձնելու կետն էին մատնացույց անում: Այդ բանը հերքեց Տիրան բեյի փաստաբանը, ապացուցանելով, որ Տիրան բեյը յուր ինչ-ինչ վճարումները բանկ Օտոմանին և Կրեդի-Լիոնեին լրացնելու համար պարտավորված էր եղել, այն էլ պակաս գնով, ծախել յուր կալվածները, որպեսզի կարողանար պատիվը պաշտպանել եվրոպական գործարանատերերի մոտ և գործերը շարունակելով կարգի բերել: Տիրան բեյի փաստաբանը ներկայացրեց վկայականներ, որոնք ստացված էին վերև հիշված բանկերից և ցույց էին տալիս ժամանակին նրա մեծաքանակ վճարումները, որով պահանջատերերի ենթադրական մեղադրանքները հերքեց, և դատավորները խոնարհեցան հավատ ընծայելու դրական փաստերին, որոնք վավերացված էին դարձյալ օտարականների վարկավոր հիմնարկություններից:

Վերջապես փաստաբաններից մեկը, պատշաճության սահմանից դուրս գալով և ընդունված դատաստանական համեստության քողը պատռելով, սկսեց այնպիսի հարցերի քննության մեջ մտնել, որոնք խավարի անդնդում գործվածները լույս աշխարհ էին կամենում դուրս բերել և որոնց լուծումը առևտրական դատարանի իրավասության սահմանից դուրս էր: Դատավորները երբ ցանկացան սանձել փաստաբանի նկարագրությունները, կյանքի մութ խավարի այս ու այն կողմը տարածումները, նա առանց քաշվելու, առանց տատանվելու դարձավ ժողովրդի կողմը և ասաց բողոքելով.

Էֆենդինե՜ր, խանումնե՜ր, ժողովրդին կողոպտում են, նրա հավատքը դեպի չարը գործադրելով, տարիների ընթացքում կյանքի գնով տնտեսածները խլում են ձեռքից, և երբ ուզում է փաստաբանը բացատրել և չարագործի դիմակը պատռելով մերկացնել նրան, ցույց տալ գազանական ժանիքները, մատնել արդարադատության ձեռքը, մեր դատավորները նեղանում են, ձանձրանում են լսելուց և շտապեցնում...

Ներեցե՜ք, մյուսյու, մենք չենք շտապեցնում, — ասաց ժպտալով Միհդատ էֆենդին, որի ժպիտը ավելի ժահրալի էր, քան թե օձի թույնը, — այլ խնդրում ենք, որ առանց դուրս գալու ներկա սնանկության գործի սահմանից, դուք տաք մեզ ձեր բացատրությունները:

Ներեցե՜ք, դատավոր էֆենդիներ, — շարունակեց փաստաբանը անվրդով, — իմ պարտքս է այն բոլոր պարագաները նկարագրել, որոնք պիտի ձեզ պարզեն իրերի դրությունը և պատկերացնեն ճշմարտությունը, որպեսզի դուք մի անսխալ համոզմունք կազմելով, տաք արդար վճիռ, որին սպասում են, եթե ոչ եվրոպացի գործարանատերերը, վաճառականները, բանկիրները, այլ այն թշվառները, որոնք իրենց տարիներով, հազար մի տանջանքներով տնտեսածները, իրենց կյանքի միակ կենսատու հյութը և փրկությունը կորցնելու են, կործանվելու են, եթե արդեն իսկ կործանված չեն: Ես այդ սնանկությունը մի ճարտար խաղ եմ համարում, որի դերակատարները ներկայումս ծիծաղում են արդարադատության վրա, մեզ վրա, ձեզ վրա, ծաղրում այս բոլոր ձևականությունները և կատակերգությունները, որոնք իրենց հեղինակությունն են համարում: Մի՜ վրդովվեք իմ այս խոսքերից, մի՜ ցնցվեք այս լոկ բառերից, թո՜ղ ձեր պատվազգացությունը չբորբոքվի այս չնչին հարձակողական լեզվիս բառերից, որին թույն են մատակարարում, աղու են տալիս թվարկյալներիս սոսկալի վիճակը, այլ սոսկացել՝ մակաբերելով թվարկյալներիս և նրանց ընտանիքի ապագան, ձեր վճիռը տալուց հետո: Գիտե՜ք, որ այդ բոլոր անհատները մի-մի ընտանիքի սյուներն են, մի-մի խումբ մարդիկ սնուցանողներն են, մի-մի տան նեցուկներն են և եթե դրանց կոտրենք, շպրտենք, կործանելու ենք ամբողջ ընտանիքներ: Երբե՜ք ես չէի կարող մտքիցս անցկացնել, որ թշվառացնեի, անբախտացնեի, անվանարկեի մի անհատ, թե ինչ է պիտի շենացնեի մի քանի տներ, պիտի փրկեի մի քանի ընտանիքներ, կուզե աշխարհներ: Բայց իմ աչքիս առաջ ես պարզ տեսնում եմ, որ նենգությամբ, նախամտածված չարությամբ կողոպտված են այս մարդիկ, չարամտությամբ և կանխապատրաստությամբ սարքված է Գալֆայանի սնանկությունը...

«Ասացե՜ք, խնդրում եմ, ո՞վ է Տիրան բեյը, ո՞վ է Հելեն խանումը: Մի՞թե միևնույն ընտանիքի երկու կողմի պատերը կամ երկու սյուները չեն կազմում, մի՞թե մի կապով չեն կապված երկուսն էլ: Եթե Հելեն խանումը այնքան գումար ուներ, որ կարողանար գնել Տիրանի կալվածները, ինչո՞ւ այդ փողով նա չէր օգնում յուր ամուսնին, ինչի՞ էր թողնում այդ կալվածները ծախելու կամ ինչի՞ ուղղակի ինքը չէր գնում, այլ նախ մի գործակալի, մի բարեկամի էր ծախվում այդ կայքերը, ապա նրանցից գնում էր տիկինը: Ինչի՞ էր թողնում Տիրան բեյը կամ Հելեն խանումը ավելորդ ծախսեր անելու, պակաս գներով ծախելու կամ կալվածական թղթերի հաստատության համար կրկնակի վճարումներ անելու: Եթե խորը դատե՜ք, արդարությունը ինքն իրեն կներկայանա ձեր աչքերին: Մի՞թե այս կետերը ձեր սրտերում կասկածներ չեն ծնեցնում:

«Կամ թե որտեղի՞ց այնքան մեծ-մեծ գումարներ մի տիկնոջ, որը յուր ծնողներից, բացի յուր բնական գեղեցկությունն ու ձիրքը, ոչինչ չէ ժառանգել և անձամբ որևէ առևտրական գործ չէ վարել: Ասացե՜ք, խնդրում եմ, պարբերաբար, տարեցտարի որտեղի՞ց էր ճարում Հելեն խանումը այն գումարները, որոնցով ետ էր գնում ամուսնի կալվածները»:

Ի՞նչ եք պատասխանում այս հարցերին, խանո՜ւմ, — – ասաց նախագահը` Միհդատ էֆենդին, — ո՞վ տվեց ձեզ այնքան փող, որ այդ կալվածները գնելուց հետո ձեր սնդուկից էլ դուրս եկավ ևս քսան հազար լիրա:

Ինչի՞ եք ինձ հարցնում, րեիս (նախագահ) Էֆենդի՜, — ասաց Հելեն խանումը, գլուխը բարձրացնելով և հայացքը հառելով նրա աչքերին, — ի՞նչի դուք անցյալ երեկո ինձ երկու հարյուր լիրա էիք ուղարկել... Ի՞նչ իրավունքով եք դուք միջամտում իմ անձնական և ներքին գործերի մեջ...

Նախագահը մոլորվեցավ...

Հելեն խանումն այս խոսքերը դողդողալով արտասանելուց հետո ջղաձգորեն ցնցումներ արավ, աչքերը ոլորեց, չռեց, չորս կողմը զննեց, կրկին կամաց փակեց և տատանվելով ուշաթափված ընկավ բազմոցի տախտակի վրա: Երբ ջղաձգությունը նկատեց հույն աղախինը, իսկույն թռավ, մոտեցավ յուր տիկնոջը, բռնեց և չթողեց, որ գլորվի, ընկնի հատակի վրա:

Տիրան բեյը հետևեց աղախնին քիչ թույլ շարժումներով, իսկ հեռվից տան էսկուլապը՝ յուր հաստ փորով ճեղքելով ամբոխը, արտորալով հասավ օգնության յուր պացիենտին: Ժողովուրդն արդեն այնպես աղմուկ բարձրացրեց, որ ոչինչ չէր լսում, իսկ դատավորներն այդ խառնաշփոթին վերջ տալու համար իսկույն հինգ րոպեով դատավարությունը ընդհատեցին և առանձնացան իրենց խորհրդարանում՝ ծխելու, հանգստանալու:

Հասարակությունը մոռացավ դատավարությունը, նա հետաքրքրվում էր, թե ինչ հետևանք ունեցավ Հելեն խանումի ուշագնացությունը: Ամեն մարդ հետամտում էր տեսնելու այդ րոպեին նրա դեմքի այլակերպումն ու արտահայտությունը: Բժիշկը զանազան հոտեր էր շնչել տալիս, աղախինը, տիկնոջը յուր կրծքի վրա հանգստացրած, նրա թիկունքը բազուկներով գրկել էր, որ չգլորվի: Տիրան բեյը, ձեռքերը բռնած, առաջը չոքած, կրկնում էր. հոգի՜ս, հոգյա՜կս, սթափվի՜ր, հանգստացի՜ր, աչքերդ բա՜ց, ների՜ր դահիճիդ, որ քեզ այսքան տանջանքների մատնեց:

Ջո՜ւր, մի բաժակ սառը ջուր, կամ մի կտոր ձյուն, — գոռում էր բժիշկը, քանդելով Հելենի կրծքի կոճակները:

Իսկ հասարակությունը խռնված, իրար գլուխ էր կոտրում, որ կարողանար անցքի մանրամասնություններին ականատես լինել: Ամենայն հետամտությամբ դիտում էին տիկնոջ շարժումները և ոչ մի ցնցում աչքից բաց չէին թողնում, կարծես Հելենը բեմական դերակատար լիներ: Ջուրը բերեցին, սառույցը տվին, բժիշկը կատարեց յուր պաշտոնը, և ուշագնացը սթափվեցավ: Այնքան կենդանի անցան այդ սթափման վայրկյանները, այնքան բնական, որ մի քանի գեղարվեստի սիրահարներ անզգայաբար ծափահարեցին, մեծ ուրախություն պատճառելով տիկնոջը:

Դատավարությունը շարունակվեց, և Հելեն խանումի փաստաբանը մի երկար ճառով ապացուցեց, որ իրավունք չունի առևտրական դատարանը քննել, թե ինչ միջոցով է ձեռք բերել Հելենը յուր անձնական-սեփական կարողությունը: Այս հարցը մի այնպիսի խնդիր է, որի քննությունը կապ չունի Տիրան բեյի սնանկության գործի հետ: Մանավանդ որ բոլորովին մի միություն չեն կազմում Տիրան բեյն ու Հելենը, այլ երկու, քանի որ կարող է նրանցից մեկը մեռնել և մյուսը գուցե շատ ու շատ ապրել կամ մի ուրիշ անձնավորության հետ ամուսնանալ: Մինչև անգամ կարող են ապահարզանով բաժանվել և նորանոր ամուսնություններ կազմել: Փաստաբանը կարճ, բայց օրենքների և մինչև անգամ շերիաթի հատվածների վրա կանգ առնելով, պնդեց, որ Հելենի բոլոր կալվածները, զարդերը և շորերի ու փոխնորդի սնդուկներից դուրս բերված փողերն ու գոհարները անմիջապես վերադարձնեն տիկնոջը:

Դատավորները երկու կողմից վերջին խոսքերը լսելուց հետո հեռացան իրենց խորհրդարանը՝ վճիռը կայացնելու: Հանդիսականները սրտատրոփ սպասում էին վճռի ընթերցանությանը: Փաստաբանները նրբանցքում ման էին գալիս ծխելով, մռայլ դեմքով և իրար ծուռ-ծուռ հայացքներով չափչփելով: Դատասրահից ոչ ոք դուրս չէր գալիս, որպեսզի տեղ չգրավեին ուրիշները և իրենք չզրկվեին կոմեդիայի վերջին տեսարանից: Հելեն խանումը, ամուսնի թևը մտած, գնաց քովի սենյակներից մեկը քիչ հանգստանալու, իսկ Առաքելը մեքենաբար, աչքը հառած փողոցում, սրճարանի առաջ դառն քրտինքով ողողված փայտահատի վրա, խորասուզվել էր կրկին տխուր մտքերի մեջ:

Ամեն կողմից ծիծաղում, քրքջում էին, ամեն մարդ յուր կարծիքն էր հայտնում դատավարության մասին և ամեն մեկը յուր եզրակացությունն անում: Բայց ընդհանուր կարծիքն այն էր, որ գործը վճռվելու էր ի օգուտ Գալֆայանի և Հելեն խանումի, քանի որ բոլորի կարծիքով և համոզմունքով աշխարհիս կարգն ու օրենքը դրանց կողմն էր: Երկու ժամից հետո դատավորները ներս եկան և կարդացին իրենց որոշումը, որով Հելեն խանումի ինչքը գրավելու և պահանջատերերի մեջ բաժանելու խնդիրը մերժեցին: Որոշեցին աճուրդով ծախել Տիրան բեյի վաճառանոցի ապրանքը և գումարը բաժանել պահանջատերերի մեջ: Տիրան բեյին էլ ճանաչեցին պատվավոր սնանկ:

Վճիռը վերջնական էր օտարահպատակների համար:

Այս ավետիսը այնպես կայտառացրեց Հելենին, որ նա անմիջապես մտավ ամուսնի թևը, դուրս գնաց:

Բե՜յ խանո՜ւմ, — ասաց նախագահը, — խնդրում եմ մի քանի րոպեով սպասել: Նախ ստորագրեցեք վճիռը և ապա ձեզ բարի ճանապարհ:

Մինչ այդ Առաքելը՝ վերջին հույսն էլ կտրած, մոլեգնած դուրս եկավ, իջավ փողոց, սկսեց զննել շուրջը և Գալֆայանի կառքը: Նա վայրկենաբար կայացրեց յուր վճիռը և որոշ դիրք բռնեց: Ամբոխը ցած իջավ դատարանից և սկսեց ցրվել: Դատարանի դռնից իրար հրելով էին դուրս գալիս, ամեն դուրս եկողի հրապարակի մեջ կանգնեցնում էին ծանոթները և հարցեր տալիս գործի վախճանի մասին:

Առաքելը աչքը չռած դիտում էր բակից ներս, սանդուխներից ներքև իջնողներին և ուշի-ուշով զննում ամեն բան: Վերջապես իջան և Գալֆայանները: Առաքելը տեղից ցատկեց, առավ փայտահատի կացինը կոճղի վրայից, մոտեցավ Գալֆայանների կառքին: Երբ Հելեն խանումը կառք բարձրացավ ամուսնի և աղախնի օգնությսւմբ, ու Տիրան բեյը ուզում էր կնոջ քովը տեղ բռնել, Առաքելը կացնի մի հարվածով փշրեց սնանկացածի գանգը:

Next page