Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Վայնասուն բարձրացավ ամբոխի մեջ, ամեն մարդ գոռալով սկսեց փախչել, սարսափ տիրեց ամեն կողմ: Տիրան բեյը շնչասպառ տեղից տեղ ընկավ:

Առաքելը, ճեղքելով ամբոխը, կացինը ձեռին մտավ դատարան և չորս կողմը սարսափ տարածելով, բարձրացավ սանդուխներից, մտավ վաճառականական դատարանի նախագահի գրասենյակը և կացինը ցույց տալով, ասաց Միհդատ էֆենդիին.

Սրանով փշրեցի Տիրան բեյի գանգը: Խնդրում եմ սրանից հետո ինչպես ուզում եք վճռեցեք...

Ամբողջ Կ. Պոլիսը դղրդացրեց Տիրան բեյի մահը, ամեն անկյուն խոսում էին այս մասին: Եթե կային հինգ-տասը անիծողներ Առաքելին, հազարավոր օրհնողներ էլ կային, որոնք սրտի խորքերից հառաչելով, ցանկանում էին տեսնել այդ թշվառին, երկու խոսքով մխիթարել, մինչև իսկ համբուրել և գգվել: Տիրան բեյի սնանկությունը մի քանի տասնյակ առաքելների տունն էր կործանել, իսկ Տիրան բեյի նման սնանկների թիվը Կ. Պոլսում օրեցօր աճում էր: Առաքելի հանդուգն արարքը որքա՛ն վշտացած հոգիներ էր մխիթարել, որքա՛ն հուսահատ և հացի կարոտ ընտանիքների սիրտն էր ամոքել: Փայտահատի կացինը ինչպիսի՛ սարսափ էր սփռել այն նենգամիտների սրտում, որոնք պատրաստվում էին Տիրան բեյին հետևել իրենց կանխապես մտածված տոմարներով և փաստաթղթերով:

Բայց Առաքելը անմռունչ նստած էր Կ. Պոլսի խոնավ բանտերից մեկում շղթայակապ, նիհարած, մեռելային հանգստության մեջ: Քննիչներին նա բացատրություն չէր տվել, ոչ ոքի չէր պարզել յուր վիշտը և միայն ամեն տեղ ասել էր, թե ինքն է սպանել այն նենգավոր սնանկին, որը յուր երեք հարյուր լիրան հափշտակել էր: Առաքելի տերերը և տիրուհիները վկայել էին, որ նա անչափ համեստ, բարեսիրտ, ծայրահեղ ճշտասեր և ազնիվ մարդ էր: Իսկ բժիշկները մատնացույց էին արել նրա խելագարության նշանների վրա: Եվ, իսկապես, Առաքելը դուրս էր եկել յուր սովորական դրությունից:

Քրեական դատարանը չպարտավորեցրեց Առաքելին երկար տանջվելու բանտի որջերում: Եղեռնագործությունից չորս ամիս չանցած պիտի քննվեր նրա գործը: Առաքելի նախկին փաստաբանը հանձն էր առել նրան պաշտպանել և ազատել: Առաքելի հայրենակիցները գրեթե բոլորն էլ իրենց պահանջքի տասներորդ մասը ստանալով, վերջացրել էին գործերը և ամեն մեկը մի կողմ էր հեռացել յուր ընտանիքի պարենը ճարելու: Միայն Մինասը երբեմն-երբեմն նրա համար տնական կերակուրներ էր տանում բանտ:

Դատավարության օրը հավաքվել էին փաստաբանները եղեռնադատ ատյանի նրբասենյակում, որը առևտրական դատարանի վերին հարկումն էր գտնվում: Այդտեղ էին և ոճրագործները, միայն իրենց հատուկ սենյակում, որի դուռը բաց էր: Նրանց մեջ մի անկյունում նստած էր Առաքելը անդորր և անվրդով: Փաստաբան Հակոբ էֆենդին մոտեցավ կալանավորների դռանը և Առաքելին մոտ կանչելով, ասաց.

Էլ բան ունի՞ս ասելու:

Ո՜չ, միայն թե ես ձեր ծրագիրը չեմ ընդունում: Թո՜ղ ինձ պատժեն, կախեն, ես ապրել չեմ կարող, այս կյանքը այլևս ուժ չունիմ կրելու:

Հանգստացի՜ր, մի՜ բորբոքվիր, մի՜ ցնցվիր, մտածի՜ր, որ կին ունիս, մայր, զավակ, դրանք բոլորը քեզ են սպասում:

Էլ թող ինձ չսպասեն, էլ ես նրանց ինչի՞ն եմ պետք: Կարողությունս, հարստությունս կողոպտեցին, առողջությունս, ուժս և տոկունությունս խլեցին, այժմ այս տկար մարմնով ես նրանց բեռ դառնա՞մ... Գնամ պառկե՞մ, տքամ ու տանջվե՞մ... Կինս, մայրս, զավակս առավոտից մինչև իրիկուն չարչարվեն և հա՞ց ճարեն իրենց անդամալույծի համար: Իմ գոյությամբ, անպետք կյանքովս նրանց դարաքաշ և ողբալի կյա՞նքն էլ դառնացնեմ, թունավորեմ: Ո՜չ, Հակոբ էֆենդի՜, ավելի լավ է ինձ կախեն, ինձ գլխատեն, ինձ բզկտեն ու մահացնեն Կ. Պոլսում, իմ ոսկորներս այստեղի շները կրծոտեն, ծովի ձկներին կեր թափեն, թող հայրենի գերեզմանին անգամ չարժանանա դիակս և արտասուք չքաղե իմ մոր, կնոջ առանց այն էլ չորացած աչքերի աղբերակից:

Առաքե՜լ, մի՜ հուսահատվիլ, մի՜ այդպես ընկճվիլ, դու այն հերոսը չե՞ս, որ ողջ Կ. Պոլիսը դղրդացրիր քու արարքով: Ինչի՞ ես հուսակտուր մնացել...

Էֆենդի՜, էֆենդի՜, եթե գիտենայիք քաղցածության դառնությունը, եթե զգայիք մերկության կսկիծը, եթե երևակայել կարողանայիք կարիքի մորմոքը, աղքատության և չքավորության սարսափը, այն էլ մեր թշվառների մեջ, ուր գազանաբար մտրակում է հարկահանը տուգանքը պահանջելիս, հարկի փոխարեն կնոջ վրայից հագուստն է հանում, օջախի վրայից կաթսան է տանում, թոնրի երեսից խաչերկաթն է քաշում և պղինձը շուռ տալով, թշվառի կրակն է հանգցնում, բանտի խորքերումն է փտեցնում, և ծաղր ու ծանակ շինում մարդու նախանձոտ և արհամարհող դրացու աչքերի առաջ, այն ժամանակ այդ առաջարկը ինձ չէի՜ք անիլ: Եթե երբևիցե մակաբերել կարողանայիք, թե ի՛նչ արհամարհանքի, նախատինքի, ծաղր ու ծանակի է մատնված մեր երկրում չքավորությունը, եթե գաղափար կարողանայիք կազմել, թե ի՛նչ զրկանքների, կողոպուտների և ավարի է մատնված յուր դրացիներից չքավորի աշխատանքը մեր երկրում, դուք երբե՜ք չէիք ցանկանալ ինձ հանգստաբեր մահճի ճիրաններից ազատել և հավիտենական խաղաղությունից զրկել: Երբե՜ք, երբե՜ք դատարկ գրպաններով, ձեռքերս կրծքիս ծալած, իմ քայլերս չեմ ուղղիլ դեպի իմ տունս, այն էլ այս կմախքիս հետ, — ասաց Առաքելը վշտացած, երկու ձեռքերով կողերն այնպես պինդ սեղմելով, որ կարծես ցանկանում էր փշրել և վերջ տալ յուր բազմատանջ կյանքին:

Մռայլեց Հակոբ էֆենդիի դեմքը, չգիտեր, թե ինչ խոսեր, ինչ պատասխաներ: Ցավում էր, որ յուր թևարկյալը այդպես հաստատ վճռել էր կյանքից ձեռք քաշել: Նա միայն դիտում էր Առաքելին, նրա ձևերը, շարժումները, դիմագծերը, գունափոխությունը, դիտում ու հառաչում:

Էֆենդի՜, էֆենդի՜, ինձ մի՜ տանջի, դահիճ մի՜ դառնա: Այս վիճակի մեջ ինձ ապրելու ստիպելը ամենամեծ ոճրագործությունն է: Մի՞թե դու չգիտես, որ դատարկ գրպանը, անգործ ձեռքը ատելի է, անտանելի ամենամերձավորներին, սիրելիներին անգամ: Մի՜ կարծիր, որ միայն Կ. Պոլսում է բարոյականությունն ընկել, մի՜ կարծիր, որ անսիրտ, անխիղճ հարազատները միայն մայրաքաղաքներում են կուտակվել, ո՜չ, ո՜չ, ամեն տեղ, ամեն երկրում մարդիկ միատեսակ են: Միայն երկու օր կարելի է թշվառին կարեկցել, երրորդ օրը երես կդարձնեն, մահ կխնդրեն, չոռին ու գրողին կտան անպետք մարդու: Խնդրում եմ, աղաչում եմ, թողե՜ք, թույլ տվեք, թող ինձ մահվան դատապարտեն, սպանեն, որ ապրելուց, տանջանքից ազատվեմ...

Տեսնենք, — ասաց հուսահատ փաստաբանը և հեռացավ:

Դատավորները դեռ դատաստանասրահը չմտած ներս տարան նախ և առաջ Առաքելին: Փաստաբանները նույնպես ներս գնացին: Առաքելը մեղավորներին հատուկ նստարանի վրա նստած էր, երկու հրացանակիր զինվոր կանգնած էին նրա երկու կողքին: Դատաստանասրահում գրեթե հանդիսատեսներ չկային, ո՞վ պիտի հետաքրքրվեր մի դուրսեցու վիճակով, որի գոյությունն ու մահը Կ. Պոլսեցու աչքում մի մրջյունից ավելի արժեք չունի:

Գիտե՞ս ինչ կա, — ասաց փաստաբաններից մեկը Առաքելի փաստաբանին խոսքն ուղղելով, — մարգարեությունդ կատարվում է: Այս իրիկուն Միհդատ էֆենդին պսակվում Հելեն խանումի հետ:

Մի՞թե, այսքան էլ շո՞ւտ, հազիվ չորս ամիս անցած լինի նրա մարդու սպանվելու օրից:

Այո, արդեն ամեն պատրաստություն տեսնված է և գիշերս պաշտոնապես Միհդատ էֆենդին տիրելու է Տիրան բեյի գեղանի կնոջը և սրա հետ կալվածներին...

Ահա՜ մեր օրենքները, ահա աշխարհի կարգերը: Բայց որ մարդիկ չեն սթափվում, — ասաց զայրացած Հակոբ Էֆենդին, աչքերը ուղղելով Առաքելի կողմը, որը ուշադրությամբ լսում էր նրանց խոսակցությունները:

Անիրավը զրկեց այնքան թշվառներին, աղքատներին և երբ կողոպտած գանձերով երազում էր բարեբաստիկ կյանք վարել, բարեբախտ ժամեր անցկացնել, պատվի, անվան, խղճի հետ կյանքն էլ զոհեց: Իսկ այժմ ովքեր են լափելու, շռայլելու և փչացնելու այն գանձերը, որոնք հազարավոր թշվառների դառն դատումով, աղի արտասուքով և արյան գնով Էին հավաքվել, բարդվել և բազմացել...

Հակոբ Էֆենդին տխրեց ու ավելի դառն մտածությունների մեջ ընկավ այս խոսքերից հետո: Մանավանդ որ նկատեց, թե ինչ սոսկալի ազդեցություն ներգործեց ընկերակցի պատմությունը յուր թևարկյալի սրտում: Նա լուռ խորասուզվեց յուր երևակայությունների մեջ, իսկ ընկերն անուշադիր, բորբոքված սրտով շարունակում էր.

Ահա՜ և մեր դատավորները: Ես չէի հավատում քու կանխատեսությանը, եթե այժմ քիչ առաջ երթամ և ասեմ, թե Հելենը շատ ուրախացավ Տիրան բեյի սպանման համար, մի՜ խնդաք ինձ վրա, ինձ մի՜ ծաղրեք և մի՜ զարմանաք, թե ավելացնեմ, որ եթե Առաքելը չսպաներ Տիրան բեյին, Հելենը նրան կամ սպանել տալու էր և կամ լքանելով փախչելու յուր հոմանու հետ:

Միառժամանակ լռեց փաստաբանն էլ, նկատելով Հակոբ էֆենդիի հուզմունքը, որը աստիճանաբար սաստկանում էր: Հենց այդ միջոցին ներս մտավ Միհդատ էֆենդին, թևն առած Հելեն խանումին: Տիկինը հրավիրված էր թե՜ որպես վկա, թե՜ որպես դատախազ յուր ամուսնու կողմից, որի որբերի խնամակալն էր: Չուշացան ևս դատավորները, նրանք էլ իրենց տեղը բռնեցին:

Երկար քննությունների և վկաների հարցաքննության կարիք չկար, մեղավորն ինքը խոստովանում էր հանցանքը, և դատավորներն էլ երկու վկա ունեին, որոնք տեսել և հաստատում էին ոճրագործի խոսքերը. Հելեն խանումը և փայտահատը: Փայտահատը գուցե չգար էլ վկայության, եթե ժամանակին յուր կացինը իրեն վերադարձրած լինեին, նա ավելի յուր կացնով, քան թե Տիրան բեյի սպանողի հարցովն էր հետաքրքրվում: Դատավորները մի քանի խոսքով գործին ավարտ տալուց հետո խոսք տվին Հակոբ էֆենդիին, որ պաշտպանե յուր թևարկյալ եղեռնագործին:

Հակոբ էֆենդին շատ երկար չխոսեց, սիրտ չուներ և ո՜չ էլ ուժ: Մանավանդ, որ Առաքելն էլ ընդմիջում էր նրա ճառը և փաստաբանի ապացուցածի հակառակը պնդում: Փաստաբանը նախ հայտնեց, թե ինչ հոգեկան դրության մեջ էր Առաքելը ոճիրը գործելուց առաջ և նույն պահին: Նկարագրեց, թե յոթ տարով հեռացած ընտանիքից, գիշեր-ցերեկ տքնելով դիզած կարողությունից Առաքելը հանկարծակի զրկվելով, երբ դատարանի արձակած վճռով նկատեց, որ անդառնալի կերպով կորցրեց յուր կապիտալը, նա մոլորվեց և մինչև անգամ այդ իսկ ժամում խելագարվեց: Առաքելը սպանեց Տիրան բեյին խելացնոր վիճակում և ամեն մի մահկանացու մի այդպիսի կորուստից հետո կասկած չկա, որ կարող է ենթարկվել այդ վիճակին: Իսկ խելագարի արարքը, դատավորներիդ հայտնի է, թե պատժի չի ենթարկվում:

Հելեն խանումը հրաժարվեց Առաքելի դեմ դատախազ կանգնելու իրավունքից:

Դատավորներն առանձնացան և մի ժամից հետո վճիռը դուրս բերին: Նրանք որոշել էին և վճռել դուրս բերել բանտից, ազատել շղթաներից Առաքելին և ուղարկել փրկիչ գժանոցը: Փաստաբանի խնդիրքի համաձայն, իսկույն արձակեցին Առաքելի շղթաները և մի թուղթ սկսեցին գրել պատրիարքարան, որ անմիջապես Առաքելին ուղարկեն գժանոց և հավիտյան այնտեղից դուրս չթողնեն:

Այդ վճիռը նույնպես Առաքելի կամքի հակառակ տրվեց, ինչպես նախորդ վճիռը, որով Հելենը ընդմիշտ տիրել էր ամուսնի պապական կալվածներին, բայց ուժ չուներ, առաջը չէր կարող առնել, քանի որ նրա խոսքերը, որպես խելագարի, դատավորները լսել անգամ չէին կամենում: Կողքի սենյակում, երբ քարտուղարն ու ոստիկանական պաշտոնյան հրամանագրով էին զբաղված, Առաքելը սրունքներից քանդված շղթան վեր առավ, դուրս թռավ, հասավ Միհդատ էֆենդիի ետևից և մի հուժկու հարվածով յուր չորս ամիս կրած շղթաներով փշրեց սրա էլ գանգը: Երբ ոստիկանները և զինվորները Առաքելի ետևից վազում էին, որ բռնեն, Առաքելը երրորդ հարկի սանդուխների գլխի լուսամուտի պատուհանը բարձրացավ և ինքն իրեն գցեց դատարանի գավիթը տասնևհինգ կանգուն բարձրությունից:

Գավթում, սալահատակի վրա, Առաքելը ընկած տեղը փշրված մնաց, հոգին ավանդած: Ոստիկանությունը Առաքելի փոխարեն նրա ոսկորները մի կառքի մեջ դրին և ուղարկեցին պատրիարքարան, որտեղից տարին գերեզմանոց և թաղեցին դարսեցիների շարքում:

Հելենը մեծ ուրախություն զգաց, որ ազատվեց Միհդատի ճիրաններից: Նա այժմ անկախ ու ազատ կյանք է վարում, յուրաքանչյուր տարի ճանապարհորդություններ կատարելով դեպի արևմուտք յուր զավակների ուսուցիչների հետ, որոնց շուտ-շուտ փոփոխում է:

Թեև անպատմելի և աննկարագրելի տանջանքներ քաշեցին հարս և սկեսուր՝ Բերսան ու Սառան, բայց ուխտեցին այլևս իրենց զավակին՝ Լևոնին պանդխտության չուղարկել: Բարեբախտաբար վրա հասավ 187778 թվականի պատերազմը, ազատվեց Արդանուչի բերդը իսլամի խալիֆաթի լծից և Լևոնը այժմ գաղթական իսլամներից մի լավ ագարակ գնած, պարտիզպանությամբ և այգեպանությամբ է պարապում: Նա այժմ լավ պլանտացիա ունի և ծխախոտ է ստանում ահագին քանակությամբ, այնպես որ վարդի պես ընտանիք է պահում:

1898 թ.

ՈՐԴԵՍԵՐ ՀԱՅՐԸ

(վիպակ)

Աբդուլ-Հյուսեյնը մի կարճահասակ մարդ էր, որը վաթսունին մոտ տարիք ուներ: Թեև ալևորված չէր, կուզը դուրս չէր ցցված, դեմքը կնճիռներով չէր այլանդակված, բայց տարիքը նրան հաղթել էր, նա երիտասարդության թարմության հետ ուժն էլ կորցրել էր: Թեև մազն ու մորուսն սպիտակել էին, բայց նա այնպիսի հմտությամբ սև էր ներկում, որ ոչ ոք չէր կարող նկատել, թե նրա մազերը գունավորված էին: Սև ունքերի տակ այնպիսի խոշոր աչքեր ուներ, այնպիսի ճոխ ընչացք, որ կարող էր հրապուրել ամեն մի դեռահաս աղջկա:

Հարուստ էր Աբդուլ-Հյուսեյնը, լավ կալվածներ, առատ եկամուտ, բավականին էլ կանխիկ դրամագլուխ ուներ, բայց զավակները չէին թողնում, որ խեղճ մարդը հաճույքով կյանք վարե: Ամեն գույքի բացարձակ տերն ինքն էր, իր ողջության ժամանակ որդիները կամ որևէ ուրիշը իրավունք չունեին առանց նրա թույլտվության այդ գույքից օգտվելու, բայց Աբդուլ-Հյուսեյնը իր չորս որդիներին կրթելու նպատակով իր գրասենյակի, դրամարկղի, ելումուտքի բոլոր բանալիներն ու մատյանները նրանց էր հանձնել և ինքն էլ չորս բոլորները պտտվում էր, որպեսզի նրանց գործերի կառավարելը սովորեցնի, ղեկավարության վարժեցնի, որ իր մահվանից հետո նրանք անվարժությունից չկործանվեն:

Թեև ամբողջ գույքը հանձնել էր չորս որդիներին, որքան էլ որ ամեն բան նրանց ձեռքովն էր կատարել տալիս, բայց նա վերահսկիչի պաշտոնը ձեռքից չէր բաց թողել: Ամեն օր գնում էր գրասենյակ, զննում էր մատյանները, կարդում և կնքում էր թղթակցությունները, խուզարկում էր դրամարկղը, վաճառատան ապրանքները և քննում ամեն մի պատահական նամակ ու մուրհակ: Այդ բոլորը անում էր միմիայն զավակներին ցույց տալու, թե ինչպես ինքը սիրում է գործը, որպեսզի նրանց մեջ ավելի արծարծե աշխատությունը սիրելու եռանդը:

Աբդուլ-Հյուսեյնը մետաքսի վալայի (քալակղիե) գործարան ուներ: Նա Ռաշտից բերել էր տալիս մետաքսը, Թավրիզում զանազան չափի քառակուսի գլխակապեր, ծածկոցներ, վերմակի երեսներ էր գործել տալիս: Ապա հանձնում էր ներկարարներին, որոնք ձեռնակար գույնզգույն ծաղիկներ էին բանում, ներկում ու պատրաստի ապրանքը վերադարձնում էին: Աբդուլ-Հյուսեյնի գործարանում մշտական քառասուն հոգի բանում էին, իսկ ներկարարներից էլ 810 մարդ նրա տված գործով ընտանիք էին պահում: Այս գործով ԱբդուլՀյուսեյնը ոչ միայն իր ընտանիքն էր պահում, այլև հիսուն ընտանիքի ապրուստին հնարավորություն էր տալիս իր վաճառատնով: Աբդուլ-Հյուսեյնի ընտանիքն ու բանվորների ընտանիքը նահապետական սովորությամբ շաղկապված էին իրար հետ և ամենքի միակ ձգտումն այն էր, որ այնպիսի գեղեցիկ ապրանք դուրս բերեն, այնքան աժան նստեցնեն, որ մրցակիցներին հաղթեն և միշտ շուկային տիրեն:

Աբդուլ-Հյուսեյնը ամբողջ կանխիկ դրամագլուխը հատկացնում էր մետաքսի, երբ ապրանքի գինը կոտրվում էր: Նա միշտ իր պահեստում երկու տարվան գործին բավականացնող մետաքս էր ամբարում: Եթե մետաքսը անհաջող տարիներում թանկանում էր, Աբդուլ-Հյուսեյնի գործարանը ոչ միայն աշխատությունները չէր դադարեցնում, այլ անզգալի կերպով անգամ չէր բարձրացնում ապրանքի գինը, որպեսզի չկորցնե իր հին հաճախորդներին:

Աբդուլ-Հյուսեյնը թեև այնքան սիրում էր իր բանվորներին, սիրված ու հարգված էր նրանցից, բայց որպես հեռատես վաճառական և գործարանատեր, նա իր որդիներից մեծին սովորեցրել էր վալան նկարել և ներկել, երկրորդին՝ մետաքսը հինել ու գործել, երրորդին հարթել ու փոքրին նկարչություն էր սովորեցրել, որպեսզի նորանոր ծաղիկների դաջեր փորագրե և վալաների ծաղիկների ձևն ու տեսակը տարեցտարի փոփոխե ու կատարելության հասցնե:

Այսպես հիմնավորած գործով Աբդուլ-Հյուսեյնը այնպիսի բարեկեցիկ վիճակ էր ստեղծել, որ դրացիների նախանձի առարկա էր դարձել: Ամեն մի մրցակից իր տանը հորդոր խոսելիս օրինակ էր բերում Աբդուլ-Հյուսեյնին և նրա զավակներին, որոնք մի-մի անխոնջ ու անվեհեր զինվորի նման առաջ էին վարում իրենց հայրական վաճառատան գործերը:

Աբդուլ-Հյուսեյնը մի կին էր առել, որը նրան տվել էր չորս որդի և չորս էլ աղջիկ: Նա իր չորս աղջիկներին ամուսնացրել էր իր գործարանի աչքի ընկնող հմուտ վարպետներին, որպեսզի նրանց բոլորովին կապե իր գործի հետ: Զավակներին էլ ամուսնացրել էր բանվորների աղջիկների և քույրերի հետ: Պետք է ասած, որ Աբդուլ-Հյուսեյնի գործի մեջ աշխատող բանվոր, վարպետ, բոլորն էլ նուխեցի գաղթականներ էին, որոնք բոլորն էլ իրար հետ մերձավոր ազգականներ էին կամ Աբդուլ-Հյուսեյնի հայրական ու մայրական ցեղակիցներ կամ նրա կնոջ հարազատները:

Աբդուլ-Հյուսեյնի կինը մեռավ, երբ նա դեռ չէր անցկացրել իր վաթսուներորդ տարին: Ծերուկը այնքան սիրում էր զավակներին ու թոռներին, որ երկրորդ կին չորոնեց, չուզեց խորթ մայր բերել տուն, հարամ անել իր սերնդի կյանքը: Նա միայն մտածում էր զավակների ապագայի և իր վաճառատան շարունակության մասին: Չէր ցանկանում մի այնպիսի գործ բռնել, որ տան քայքայման պատճառ դառնա:

Նա աղջիկներին ամուսնացնելիս իր կարողությունից նրանց հասանելի բաժինը շերիաթի ցուցման համաձայն հանել, հատկացրել, տվել և ձեռքերից էլ թուղթ էր առել, որ ապագային եղբայրների գլխին փորձանք չդառնան և գործերի անհաջողության առիթ չլինեն: Որպես ճշմարիտ հավատացյալ, երկրպագու իսլամի վարդապետության, միշտ տքնել էր արդարություն պահպանել: Ամեն տարի օգուտի տասներորդը բաժանել էր աղքատներին և չէր զրկել որևէ մշակի, բանվորի նրանց հետ խոսված, որոշված վարձից:

Որպես աշխատավոր և կոպեկներից հարստության հասած, Աբդուլ-Հյուսեյնը չափավոր ապրող մարդ էր: Ինչպես միշտ, տքնել էր պարտքի վերջին փողը վճարել, այնպես էլ ջանացել էր պահանջի վերջին բեստին (1/3 կոպ.) գանձել պարտապաններից: Նա զրկանքով չէր ապրել և չէր պահել իր ընտանիքը, բայց չափավորության սահմանից էլ երբեք չէր անցել: Սովորական չափի միսը, հացը, միրգը, պանիրը և ուրիշ նյութերը տուն էր հասցրել այնպիսի քանակությամբ, որ հազիվ կշտացներ տան բոլոր անդամներին և ոչինչ չավելանար, չբաժանվեր կամ չցրվեին աղքատներին: Նա ամեն տարվա վերջը օգուտից միանվագ դուրս հանած պարտադիր տասնորդականից ավելի դուրս տալն էլ հանցանք էր համարում:

«Ալլահի շնորհը մարդը փչացնելու արտոնված չէ: Ինչպես տասներորդը չտալը հանցանք է, այդպես էլ տասներորդից ավելի տալն էլ շռայլություն էհետևաբար մեղք է»:

Այս ժլատության պատճառով Աբդուլ-Հյուսեյնը հաճախ պարտավորված էր որդիների հետ կռվելու: Երբ վաճառատանը ճաշի էին նստում տանից ուղարկված կերակուրն ուտելու, որդիներից մեկը երկու կոպեկ ուղարկում էր խաղողի կամ նույնիսկ մի երրորդը չէր հավանում տանն եփված ճաշը, 510 կոպեկ ուղարկում էր խորոված կամ փլավ բերել էր տալիս: Ծերուկը զայրանում էր ու նկատում.

Ձեզնից ստորներին նայեցեք, տեսեք, որ նրանք ցամաք սանգակ էլ չեն գտնում կշտանալու չափով, իսկ դուք ալլահի շնորհից դժգոհ, նորանոր ծախսեր եք անում:

Բայց այնքան էր խոսել ու մրթմրթացել Աբդուլ-Հյուսեյնը, որ խոսքի նշանակությունը կորցրել, հարգից ընկել էր: Այս պատճառով ոչ միայն հոր խոսքին էլ ուշք չէին դարձնում զավակները, այլ նրան ատում, շատ անգամ նույնիսկ կծու պատասխաններ էին տալիս, ծակում, թունավորում և վշտացնում էին դարաքաշ ծերուկին: Թեև ժլատ էր Աբդուլ-Հյուսեյնը և չէր կարող իր հաճույքի համար շռայլել, թեև խոսում, զայրանում էր որդիների վրա, որոնք ժամանակի հոսանքին հետևելով մի քիչ լայն էին ուզում ապրել, բայց նրանց զսպելու և սանձելու ուժ չուներ:

Նախ, որ Աբդուլ-Հյուսեյնը նկատում էր նույնպես, թե ինչ էր կատարվում շուրջը, ինչպես էին շռայլում խաների, սարաֆների, մոլլաների ջահելները, որոնց ընթացքը չէր կարող չվարակել ամբողջ քաղաքն ու գավառը: Նա նկատում էր, թե ինչ անդառնալի կերպով անհետացել էր չափավորության դարը: Այլևս ախունդների, մյուջթեհիդների քարոզողները չէին ներգործում ժամանակի երիտասարդության հոգու վրա, այլևս իմամների շռայլության, զեխության դեմ տված հանդիսները (պատգամ) կորցրել էին իրենց նշանակությունը: Մանավանդ որ մյուջթեհիդների կիներն ու հարճերն անգամ Եվրոպայից ստացած նրբին բեհեզ էին հագնում, բաճկոնների և շրջազգեստների շուրջը ոսկեթել երիզներով էին զարդարում, սամույրի մազերով էին պճնում իրենց տարազը, գոհարազարդ մաշիկներ էին հագնում և ասեղնագործ շապիկներով զուգվում:

Երբ օրենքի պաշտպան մյուջթեհիդների սեղանները ութսուն տեսակ կերակուրներով, համեմունքներով և քաղցրավենիքով էին զարդարվում, ինչպե՞ս կարող էր Աբդուլ-Հյուսեյնը արգելել, որ իր զավակները ճաշին ու ընթրիքին գոնե 810 տեսակ կերակուր պատրաստել չտան կամ շուկայի խոհարարից սրտի ուզած ուտելիքը բերել չտան: Կամ թե ինչպե՞ս ստիպեր նրանց, որ իրեն հետևին, ղադաք արխալուղ հագնին, գետնագործ շալից շալվար կարել տան և տեղական գործված բրդի աբա գցեն ուսերին Սաքսոնիայի ընտիր ասվի փոխարեն:

Նկատելով, որ զավակները ամեն տարի դրամագլուխը ավելացնելու փոխարեն հազիվհազ ծածկում են ծախսերը, Աբդուլ-Հյուսեյնը վրդովված ավելի շատ էր խոսում: Նա քառասուն տարվա ընթացքում տարեցտարի ավելացրել էր իր մյուջթեհիդին ուղարկած աղքատներին հատուկ տասնորդական բաժինը, իսկ վերջին տարիները աստիճանաբար պակասեցրել էին չափահաս որդիները այդ տուրքի քանակը շնորհիվ իրենց շռայլ ապրուստին: Ահա այս պատճառով նա հաճախ այնպես էր հուզվում, որ ամեն մի ծախսի մասին տեղի թե անտեղի նկատողություններ անելով, բոլորովին դիրքը կորցրել էր որդիների մոտ:

Իսկ նրա հույզերը ոչնչով չէին կրճատում ծախսերը:

Մի հանգամանք ևս խիստ արգելք էր լինում ծախսերի չափը նվազեցնելուն: Թեև Աբդուլ-Հյուսեյնը փող շատ էր սիրում, բայց ոսկին ուզում էր ամուր պահել ոչ թե իրեն, այլ դարձյալ զավակների համար չէր ցանկալ, որ զավակները կորցնեն իր դիզածը և նեղ օրն ընկնեն: Չքավորության դառնությունը 1850 թ. գաղթից հետո զգացել և անձամբ տարել էր Աբդուլ-Հյուսեյնը, ուստի չէր ցանկանում, որ իր զավակները այդ օրերը տեսնեն: Նա համոզված էր, որ որդիները այնքան քաջություն չունեին, որ կարողանային տանել տնանկի սոսկալի վիճակը, տոկային, կոպեկ-կոպեկ իրար վրա դնելով փող դիզեին և կարողանային նորից այնպիսի մի դիրք ստեղծել, ինչ որ ինքն առաջացրել էր պողպատային կամքով:

Ճանաչելով զավակների կրքերը, նկատելով իր դեմ աճած ատելությունը, նա սպանում էր իր սրտի խորքում հույզերը և ծայրահեղ միջոցների չէր դիմում նրանց առատաձեռն ծախսերը սանձելու: Իսկ որդիները օրեցօր լայնացնում էին իրենց ծախսերը Աբդուլ-Հյուսեյնի հակառակ և շռայլությամբ իրար գերազանցում: Իսկ հորը կծծի և ոսկեպաշտ էին անվանում՝ նախատելով և հայհոյելով:

Որդիների իր դեմ տածած ատելությունից զզված, նրանց զսպելու, նրանց համոզելու համար, թե ինքը ոսկեպաշտ չէ, այլ տքնում է նրանց բարիքի համար, Աբդուլ-Հյուսեյնը վճռեց հարստությունից ձեռք քաշել, ամբողջ գույքը նրանց թողնել և հեռանալ: Այս պատճառով ծերուկը բոլոր պարտքերը վճարեց, ամենքի հետ հաշիվները մաքրեց, կարողությունից հազար թուման վերցրեց «հաջ գնալու» բաժին և ախունդին տուն կանչելով, եղած-չեղած բոլոր գույքը փոխադրեց իր որդիների անվանը: Նա հուզված երեսը թեքեց ախունդի և ծերունի դրացիների կողմը ու արտասվալի աչքերով ասաց.

Զավակներս, ես շատ ապրեցա, շատ գոհ եմ վիճակիցս: Ալլահը ինձ ոչինչ չխնայեց, տուն, տեղ, զավակներ, թոռներ, գործարան, վաճառատուն, ամեն տեսակ առատությամբ լցրեց: Հայտնի բան է, երբ էլ որ ժամանակս լցվի, ես էլ գնալու եմ դեպի հավիտենականություն: Բայց գնալուց առաջ պարտավոր եմ և վերջին պարտքս վճարել. Մեքքե հաջ-գնալ, ուխտս կատարել և պատրաստվել մեծ ճանապարհորդության: Ես մերկ ծնա, մերկ էլ պիտի երթամ. հետս ոչինչ չունիմ տանելու: Ինձ հայրս, մայրս, ազգականներս և ոչ մի դինարի (1/50 կոպեկ) ժառանգություն չեն թողել, հետևաբար գույքերս բոլորն էլ ալլահի ինձ արած շնորհն է, որը ես երկու ձեռքով պինդ պահեցի: Որովհետև դուք էլ Վերին տեսչության ինձ տված շնորհն եք, հետևաբար շառի համաձայն կարողությունս ձերն է: Քույրերիդ ես հասցրել եմ կատարելապես իրենց բաժինները, ուստի ուրիշ ժառանգորդ չունիք, այդ չորսիդ է պատկանում: Ապրեցեք, ինչպես կամենաք, գործեցեք, ինչ որ առողջ դատողությունը ձեզ կթելադրե: Այլևս ձեր կարողության գործադրությանը միջամտելու ես իրավունք չունիմ: Մնացեք խաղաղությունով, ես էլ գնում եմ պարտքս կատարելու և պատրաստվելու հավիտենականին ներկայանալու համար:

Անմիջապես ձիերը դուրս քաշեցին, Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ, աշտանակեց գրաստին և ճանապարհ ընկավ: Զավակները իրենց հորը ճանապարհ դրին մինչև Մարանդ, ուր գիշերելուց հետո հետևյալ առավոտ հայրը մեկնեց Ջուլֆա, իսկ որդիները վերադարձան տուն:

Ամբողջ երկու տարի Մեքքեում և Մեդինեում ապրեց հաջի Աբդուլ-Հյուսեյնը, առանց որևէ թղթակցության: Միայն հաջից վերադարձողները նրա առողջության և վիճակի մասին լուր էին բերում զավակներին: Նա գիր չէր գրում, իսկ որդիքն էլ երբեք նրան ո՜չ գրեցին, ո՜չ էլ փնտրեցին: Երրորդ տարին Հյուսեյնը եկավ Քերբելա, որտեղ մտածում էր մեռնել և թաղվել Իմամ-Հյուսեյնի արյունով ողողված դաշտում: Բայց բախտը այլ կերպ էր տնօրինել, մահը նրանից փախչում էր: Հազար թուման ծախսի դրամն էլ սպառեց: Օտար երկրում ծերուկը ոչ կարող էր փող աշխատել և ոչ էլ կզիջեր մուրալ: Իսկ որդիները նրան ծախսի դրամ չէին ուղարկում և չէին հետաքրքրվում նրա վիճակով:

Մինչ այս անել վիճակումն էր, Քերբելա ուխտի էր եկել իր ներկատան բանվորներից մեկը, որը, տեսնելով Հաջի ԱբդուլՀյուսեյնի անել կացությունը, հարյուր թուման փող տվեց և միասին վերադարձան Թավրիզ: Որքան որ զայրացած էր ծերուկը իր որդիների վրա, բայց և այնպես խիստ կարոտել էր նրանց, թոռներին և մեծ հրճվանքով քառասնօրյա ձիավոր ճանապարհորդությունը սիրով հանձն առավ և համբերությամբ տարավ:

Կասկած չկա, որ ներկատան բանվորը իր տիրոջը միևնույն հարգանքով ծառայում և խնամում էր ճանապարհին, ինչպես վերաբերվել էր երեսուն տարի նրա գործարանում ծառայած շրջանում և աչալրջությամբ կատարում էր ծերուկի ցանկությունները: Եվ ուխտավորները օրեցօր մոտենում էին իրենց ծննդավայրին:

Մինչ այդ բանվորը իր ծանոթների հետ թուղթ ու լուր էր ուղարկել Թավրիզ՝ թե՜ իրենց տունը և թե՜ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի զավակներին՝ իրենց վերադարձի մասին: Թավրիզին երկու իջևան մնացած հեռագրել էր, որպեսզի բոլոր գործավարներն ու բանվորները ընդառաջեն իրենց նախկին տիրոջը: Ամբողջ Միար-Միար թաղում լուր էր տարածվել ծերուկի վերադարձի մասին, և բոլոր դրացիները, ծանոթները, ազգականներն ու բարեկամները պատրաստություն էին տեսել ընդառաջելու իրենց գործարանի տիրոջը: Ամեն մարդ իր կարողության համաձայն ձի, ջորի, էշ էր վարձել, որ գնան մի օրվան ճանապարհ և այնտեղից հանդիսավորապես տուն դարձնեն ուխտից վերադարձողներին:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները հոր հեռանալոլց հետո թեև ընտանիքները և տան ծախսերը բաժանել էին, բայց գործը ավելի սերտ կերպով առաջ էին տարել: Տնական ծախսերը ավելի մեծացրել էին, բայց գործերը այնպիսի ընթացքի մեջ էին դրել, որ տարեկան իրենց ծախսից եռապատիկ ավելի էին վաստակում: Նրանք չբավականանալով Քալակղեի գործարանով, բացել էին նույնպես մետաքսի և բրգի գորգերի գործարան: Այս գործարանի մեջ երեք հարյուր մարդ էին բանեցնում և ամսական 4050 գորգ էին հասցնում Ամերիկա՝ Միացյալ Նահանգները, մի վաճառատուն, որի հետ տասը տարով պայման էին կապել, ավանս ստացել: Սրանց գործարանը միմիայն այդ ամերիկական տան ապսպրանքը պիտի կատարեր, այն էլ նրանց ցույց տված չափով, ձևով, նկարներով և որակով:

Գործն այնքան արդյունավետ էր, որ գործարանի տերերը սովի տարին՝ 189799 թվականին, իրենք էին կերակրում բանվորներին տաք կերակրով՝ փլավով և գառան մսով: Սա այնպիսի մի արտակարգ երևույթ էր, որ քաղաքի ամբողջ ազգաբնակության նախանձն էր բորբոքում: Ամենքն էլ լռվել էին, քանի որ չէին հանդգնել քաղցածին հաց բաժանողին հրապարակով անարգել, անգործին բանի դնողին պախարակել, երեք հարյուր բանվորի ռոճիկ տվողին բամբասել: Իսկ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները առանց ուշք դարձնելու օրեցոր գործարանն ընդարձակում և կյանքը եռացնում էին իրենց շուրջը: Մի կողմը 70 դազգահի առաջը 200-ի չափ բանվոր-երեխաներ գործում էին, մյուս կողմը պառավ կիները մասրա լցնում, մի սրահում կիները բուրդ էին գզում, մի ուրիշում՝ ջահառ պտտացնում, թել մանում: Մի մեծ գավթում ներկարարները գույնզգույն թելեր էին ներկում, իսկ նկարիչները ցանցավոր թղթերի (կանվա) վրա գույներով օրինակներ պատրաստում, որպեսզի երեխաները համրեն ու գորգերը գույնզգույն թելերով գործեն:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի վերադարձը այս գործարանների տերերին այնքան էլ հաճելի չէր, նրանց հոգին մռայլվեց: Բայց դրացիների նախատինքից ազատվելու համար կառք բռնեցին, երկու եղբայր նստեցին, մյուս եղբոր որդիներն էլ ձիավորվեցին, գնացին, որ արտաքին ձևով «առոք-փառոք» տուն բերեն իրենց հորը: Ամեն պատրաստություն տեսան և Հաջի ԱբդուլՀյուսեյնին իջեցրին ավագ որդու՝ Աբդուլ-Ալիի տան նորաշեն ընդունարանում, որտեղ երկու հարյուր մարդ ազատ կարող էր տեղավորվել:

Կեղծ և ձևական համբույրի, հրճվանքի և մաղթանքի չափը չկար: Ամենքն էլ իրենց անսահման զգացումները հայտնելու համար սրտաբուխ ճառեր էին արտասանում: Շարբաթ, զալիոն, ղայֆե, չայ, ընթրիք, սեղաններ մի քանի տեղ ճոխ ու անխնա բացել էին բոլոր այցելուների համար: Իսկ մերսիախանրը (կրոնական երգիչներ) դնգդնգացնելով իրենց ձայնը, աղոթում և հասարակության ուշքն էին գրավում: Առատ սեղաններից ոչ ոք չէր ուզում ետ քաշվել: Իրար ետևից գալիս էին, իսկ կշտացողները կամաց-կամաց հեռանում:

Վերջապես հյուրերը հետզհետե հեռացան, մնացին հարազատներն ու մերձավորները: Որքան որ հրճվում էին թոռները, այնքան մռայլ Էին զավակները, կարծես թե սրանք մեծ դժբախտության Էին ենթարկվել: Մեծ էր աղջիկների ուրախությունը, նույնքան խիստ էր հարսների տխրությունը, կարծես թե սկեսրայրն եկել էր նրանց ապահարզան տալու: Թեև ոչ մի խոսքով կամ գործով չարտահայտեցին իրենց հույզերը, բայց փորձառու ծերունին նրանց աչքերից, դեմքի կնճիռներից կարդում էր նրանց սրտում և հոգում անցածն ու դարձածը:

Այս արտահայտությունները թեև վրդովեցին ծերունոտ հոգին, բայց կասկածները իրականացնող ոչ մի դեպք չնկատելով, նա համբերում էր, մինչև շոշափելի փաստի արտահայտվելը: Վերջապես ընդունելության դահլիճի մոտի սենյակում անկողին պատրաստեցին, ճրագ ու կրակ վառեցին և առաջնորդեցին ծերուկին այնտեղ քնելու: Ծերուկի դժվարն եկավ, որ իրեն արտաքին տան, ընդունելության բաժնում Էին անկողին պատրաստել և ոչ իր շինել տված կանանոցում, որտեղ 2030 տարի ինքն ապրել էր որդիների և հարսների հետ: Այժմ, որ երեք որդիքն իրենց ընտանիքով հեռացել Էին այդ բնակարանից, հոր համար սենյակ պետք է հատկացնեին կանանոցում, քանի որ նա օտար չէր և նրանից ծածկվելու պարտավորված չէին հարսն ու իրեն աղջիկները:

Next page