Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Աբդուլ-Ալի, — ասաց ծերուկը, — ինչի՞ ինձ համար ներսը տեղը չպատրաստեցիք, ես կարոտել էի թոռներիս և, նրանց մեջ ուզում էի գիշերել, նրանց շնչի ներգործության տակ քնել:

Թող նրանք գան քեզ մոտ, Հաջի-աղա, — ասաց որդին սառը ձայնով ու քաշվեցավ ննջարանը:

Թեև երկսեռ թոռներն եկան շրջապատեցին պապին, մի քանիսն էլ իրենց անկողինը բերին պապի սենյակում քնելու համար, բայց ծերուկի շատ դժվարն եկավ, որ իրեն հարազատների շրջանից դուրս թողին: Այս բանն այնքան խոր վերք դարձավ, որ նա այլևս ո՜չ կրկնեց և ո՜չ էլ պահանջեց, որ կանանոցում իրեն համար սենյակ հատկացնեն, այլ մնաց արտաքին ընդունարանի սենյակում, որտեղ նրան թեյ, ճաշ, ընթրիք էին բերում և օտարական օգնության կարոտ հյուրի նման մենակ էր ապրում:

Ծերուկը իր շինած, կազմած և կահավորած տանը հյուր էր: Ահա այս պատճառով նա իրավունք չէր համարում որևէ նշանով հասկացնել Աբդուլ-Ալիին, թե նա, եղբայրները, հարսները պարտավոր են իրեն հարազատի տեղ ընդունել:

Երրորդ առավոտ վաղ երկրորդ որդին՝ Աբդուլ-Ռզան, եկավ հոր մոտ և ասաց.

Հայրի՜կ, գնանք բաղնիք:

Ծերուկը համակերպեցավ: Բաղնիքումն էլ նրա մորուքն ու մազերը խուզել տվեց, ներկեց, ապա տարավ իրեն տունը, ուր պահեց երկու օր:

Հերթով երրորդ որդին՝ Աբդուլ-Թաղին, էլ բաղնիք ու տուն տարավ հորը: Այդտեղից փոխադրվեց չորրորդ որդու՝ Աբդուլ-Մեհթիի, մոտ: Որտեղից էլ չեկան հորը տանելու մեծ եղբայրները: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը երեք շաբաթ ապրեց փոքրիկ որդու ընդունարանում: Ո՜չ ճաշն էր պակաս, ո՜չ հագուստը, ո՜չ էլ խոսակիցը, անընդհատ նրա մոտավոր և հեռավոր ազգականները անվերջ այցելում և զբաղեցնում Էին: Երբեմներբեմն էլ ճաշից հետո գնում էր շուկա, մտնում էր այն վաճառատունը, որտեղ քառասուն տարի օրն էր մթնեցրել, խոսակցում էր հաճախորդների, գործավորների հետ, բայց և այնպես բավականություն չէր գտնում: Նրան ընդունում էին ամեն տեղ իբրև անկոչ հյուր, անսպասելի բեռ:

Տանն էլ այնքան գոհունակությամբ չէին խնամում Հաջի Աբդուլ-Հյուսեյնին: Երբեմն կերակուրը սառն էր լինում, երբեմն սեղանն անմաքուր, ոչ ոք չէր ուշք դարձնում նրա լվացքի մասին, նրա անկողնի սավաններին, բարձի երեսներին, նույնիսկ սրբիչներին: Ծերուկն անմռունչ տանում էր, սպասելով կատակերգության ավարտին: Մի օր էլ ճաշը սովորականից երեք ժամ ուշացրին, մի ուրիշ անգամ թեյը սարքող չկար: Հաճախ երկարում էր ծխախոտի քսակը ծառաներին, որ գնան ծխախոտ առնեն ու բերեն, և երեք-չորս ժամով առանց ծխելու էր մնում:

Ամբողջ երեք շաբաթվան ընթացքում որդիներից և ոչ մեկը չասաց. հայր, վերցրու այս դրամը, քեզ պետք կգա, ծախսիր:

Թշվառ ծերուկը սև փող չուներ գրպանում, որ ողորմություն տար դիմող աղքատներին կամ մի խաղալիք գներ ու բերեր թոռներին: Հոր դիզած հարստությունը, եկամուտները շռայլում էին որդիները առանց գնահատելու, իսկ այդ հազարներից ոչ թե թումանով, այլ մինչև անգամ մի ղռան էլ չէին մտածում ծերուկին սև փող վճարելու: Իրենց և իրենց կիների ու երեխաների համար բեհեզ և քնքուշ կտորներ էին գնում, ձևում, կարում ու պատառոտում, բայց ոչ ոք չէր մտածում, թե ծերուկի լվացքը քրքրվել է, պետք է կարկատել կամ նորել: Ամեն ամիս նորանոր գույնի ասվից ու քաթանից իրենց համար բոլորն էլ հագուստ էին կտրել տալիս, իսկ հարստությունը դիզող հոր վերարկուի օձիքը մի թիզ տարածությամբ ճարպակալվել էր, չէին տեսնում: Ամեն օր տանից կապոցներով կտոր, սապոն և ուրիշ նյութ էին դուրս տանում հարսները, իսկ իրեն մի շապիկ խնայում էին:

Խորը մտածող հայր էր, չէր ցանկանում որևէ աղմուկով դրացիներին, հեռավորներին, բարեկամներին ու չարակամներին իմացնել իր անտանելի դրությունը: Չէր ցանկանում, որ իրեն ծաղրեն մրցակիցները և նախատեն անհեռատեսությունը, որ ամբողջ իշխանությունը հանձնել էր որդիներին, հեռացել և ետ դառնալուց հետո մուրացկան դարձել: Չէր թույլ տալ, որ նույնիսկ իր արարքից, խոսքից, ասացվածքներից, շարժումներից և տատանումներից մարդ նկատեր, կռահեր, թե ինքը տանջվում է իր հարազատ այն զավակներից, որոնց չէր խնայել ամբողջ կյանքում դատած ու վաստակած հարստությունը: Իսկ այդ զավակները, բացի այն, որ իրեն կարգին հագուստի, կապուստի, բնակարանի մեջ չէին պահում, այլ կերած հացն էլ դժգոհությամբ էին հասցնում:

Աշնանը հաջորդեց ձմեռը, եղանակների վատությունը, խոնավությունը շատ էր նեղացնում ծերուկին: Իսկ որդին՝ Աբդուլ-Մեհթին, և հարսը չէին թողնում, որ ծերունին օջախը առատ վառե և սենյակը տաքացնե այն նշենու մանրվածքով, որոնք ծերունու Բաղմեշե տնկած այգու ծառերը անխնա կոտորելով բերում էին որդիները և վառում կանանոցի սենյակներում: Լվացքը, որ հանում, թողնում էր իր սենյակի պահարանում, ամբողջ ամսով ներս չէին տանում ու լվանում:

Մի օր ծերունի Հաջի Աբդուլ-Հյուսեյնը փայտ պահանջեց վառելու: Նրան չլսեցին ո՜չ թոռները, ո՜չ էլ ծառաները: Նա վրդովված ինքն անձամբ իջավ, փայտը գրկեց և սկսեց բարձրանալ սանդուխներից, որ տանե վառե իր ննջարանի օջախը: Այս տեսնելով հարսը վրա հասավ, թափեց փայտը ծերուկի գրկից և վրան գոռալով ասաց,

Մարագում փայտ չթողիր, մեզ կործանելու խո չեկա՞ր: Գնա, քիչ էլ մյուս որդիներիդ տանն ապրիր, քավթա՜ռ...

Ծերուկը զայրացած գոռաց.

Շան ճարած, հորդ այգո՞ւց են բերել այդ փայտը, թե՞ մարդիդ մեջքն է կոտրվել այդ նշենիները տնկելիս: Փայտը գողանալ, ծախել, հորդ տունը և քույրերիդ ուղարկել կարելի է, սենյակս չի՞ կարելի տաքացնել: Դու ո՞վ ես, որ ինձ հրամայում ես մյուս որդիներիս մոտ գնալ: Մի՞թե ես զանազանել եմ մի օր մեծին փոքրից:

Ես այլևս սիրտ չունիմ սկեսրայր շահելու, ես չեմ կարող էլ այստեղ ապրելասաց գոռալով հարսը, — կամ դու, կամ ես: — Ապա գոռալով կանչեց ուժը պատածի չափ ձայնը բարձրացնելով.

Մեհթի՜, ա՜յ Մեհթի, դուրս արի և հորդ ճանապարհ դիր, կամ թե ինձ ապահարզան տուր, գնամ հորս տունը:

Այդ րոպեին Աբդուլ-Մեհթին դուրս եկավ և լսելով կնոջ ձայնը, հոր վրա ճչալով ասաց.

Ի՞նչ ես աբուռդ թափել և կնոջս հետ կռվում. խո քեզ համար չեմ կարող երեխաներիս մորը` մորքուրիս աղջկան տանիցս դուրս անել: Քիչ էլ զգացում ունեցիր, գնա մի երկու ամիս էլ մեծ որդիներիդ մոտ ապրիր:

Ծերուկի ձայնը կոկորդի մեջ խեղդվեց: Նա չկարողացավ ծպտուն հանել: Նա բարձրացավ, գոտին կապեց, ապարոշը դրեց, աբան վրան գցած տնից դուրս եկավ:

Կորի՜ր և էլ տունս ետ չդառնաս, — գոռաց նրա ետևից հարսը:

Երեսդ էլ չտեսնեմ, — ասաց որդին՝ Արդուլ-Մեհթին, և դուռը փակեցին:

Ծերուկը մնաց փողոցում: Նա չէր կարողանում վճռել, թե ուր երթա. արդյոք որդիների՞ն, թե՞ մի ծանոթի դիմե: Նա տատանվում էր, չէր իմանում որդիների՞ն գնա, թե՞ աղջիկներից մեկի տունը հյուր երթա, մեծ որդիներին կանչե և հայտնե իր վիճակը: Բայց նա դարձյալ չէր ցանկանում, որ իր տան գաղտնիքը լսեն ոչ թե յուր հակառակորդներն ու թշնամիները, այլ նույնիսկ յուր փեսաներն ու աղջիկները: Երկար փողոցներում թափառելուց հետո վերջապես գնաց Աբդոլ-Ալիի դուռը բախեց: Ծառաները բացին և անմիջապես ծերուկին առաջնորդեցին ընդունարան և ներսը որդուն իմաց տվին: Մեծ որդին կես ժամից հետո կանանոցից դուրս եկավ, գնաց հոր իջևանած սենյակը, որտեղ ծառաները ճրագ ու կրակ էին վառել Հաջի Աբդուլ-Հյուսեյնի պահանջման համաձայն:

Ծերունուն թեյ տվին, ծխամորճը լցրին, թոռները շրջապատեցին, բայց չկարողացան սիրտն առնել և ուրախացնել: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մռայլ նստել, չէր խոսում: Աբդուլ-Ալին նստեց հոր դիմաց, նստեց նույնպես մռայլ, առանց որևէ մի բառ արտահայտելու: Ո՜չ հայրը զիջավ իր վիճակը որդուն պատմելու, ո՜չ էլ որդին հետաքրքրվեց նրանից բան իմանալու: Երբ զգաց, որ հայրն եկել է այնտեղ մնալու, ասաց ծառաներին, որ ընթրիք բերեն իրենց, և միասին ընթրելուց հետո անմռունչ բաժանվեցին. հայրը մտավ ննջարան քնելու, իսկ որդին մտավ կանանոց:

Հայտնի բան է՝ երկրորդ օրը եղբայրներն իրար պատմեցին հոր արկածները, հարսները իրար հայտնեցին անցածն ու դարձածը: Լուրը արդեն ընտանիքից դուրս թռավ և դրացիների սեփականությունը դարձավ, որոնք ըստ քմաց զարդարեցին, մեծացրին և տարածեցին: Այս դեպքը այնպես հուզեց չորս եղբորը, որ նրանք վճռեցին ապագա անախորժությունների առաջն առնելու համար միջոցների դիմել:

Ես երբեք տանս այլևս չեմ կարող թողնել այդ զառամյալին, — ասաց ԱրդուլՄեհթին, — դա իմ կնոջս հայհոյեց և նախատեց: Ինչ ուզում եք արեք, որքան որ ամսական թոշակ որոշում եք, պատրաստ եմ վճարելու, բայց իմ տունս էլ չպիտի մտնի:

Ես դրա մռմռոցը չեմ կարող տանել, — ասաց Աբդուլ-Ռզան, — դա սովոր է ամեն բանի վրա խոսել: Ես ամսական ինչքան որ առաջարկեք, կտամ, որ նա ապրի, բայց հեռու...

Եղբա՛յր, — ասաց Աբդուլ-Թաղին, — կինս խիստ ջղային է, երեխաներս էլ շատ: Տանս մի քանի հատ էլ հարճ եմ պահում, ես չեմ կարող դրան տուն թողնել: Մի տուն սահմանեցեք, երթա ապրի, մի բան տվեք ընդհանուրիս հաշվից, վերջացավ գնաց, — ասաց երրորդ որդին:

Շատ հիմար-հիմար դուրս եք տալիս, — ասաց ավագ որդին, — ես գիտեմ, որ հորս չեք սիրում, ես էլ ձեզ նման ատում եմ նրան, բայց երբեք չեք մտածում ձեր պատվի, անվան և արժանավորության մասին, եթե նրան տանից դուրս անենք, մեր աբուռն ո՞ւր կմնա: Վաղն ամբողջ քաղաքը պիտի ասի, թե նուխեցիները չկարողացան մի հայր պահել և փողոց շպրտեցին: Ես կպահեմ նրան, միայն թե...

Պահե, եղբայր, պահե, քեզ փեշքաշ, — ասաց ԱբդուլՄեհթին: — Ինչ որ ուզում ես ամսական ես կվճարեմ, միայն թե իմ տունս թող չմտնի և արյունս չպղտորե:

Ինչպես ուզում եք, որոշեցեք, ես նրան պահելու համար փող չեմ ուզում, բայց մեր աբուռը պահպանելու համար հարկավոր է նրան պատվով պահել, որ ամբողջ Թավրիզի բերանը ծամոն չդառնանք: Ոչ ոք չի ցանկալ խորը թափանցել, ներքինը քննել և պղտոր տիլը վերլուծել, բայց ամենքը քննադատ դարձած կանարգեն մեզ, որ մեր հորը չենք շահել, չենք պահպանել և պատճառ ենք դարձել նրա հոգեկան տանջանքին:

Եղբա՛ր, լավ, լռենք, օգնենք, ծախսենք, պահենք, ինչ որ ցանկանում ես կատարենք, — ասաց Աբդուլ-Ռզան, բայց ես տունս չեմ կարող տանել, դո՜ւ պահիր:

Քեզ մոտ մնա, — ասաց Աբդուլ-Թաղին, — և նրա համար ծախսիր ինչքան որ քեֆդ ուզե ընդհանուրիս հաշվից:

Ես չեմ ասում, — կրկնեց Աբդուլ-Ալին, — թե տարեք նրան ձեր տները պահեցեք: Այստեղ սենյակ շատ կա, կարող եմ նրան առանձին բնակարան հատկացնել, պահել, դուք բոլորդ էլ շարունակ պիտի հաճախեք նրա մոտ, երբեմն-երբեմն էլ ձեր տները պիտի տանեք, որ աշխարհ չասեք թե դուք ապերախտ որդիք եք:

Ես չեմ կարող կեղծել, — ասաց Աբդուլ-Մեհթին, — չեմ կարող նրա առաջը քծնել, ուրիշին դուր գալու համար նրան շողոքորթել:

Ես հորս համար տանս և երեխաներիս մեջ չեմ կարող շփոթություն բարձրացնել, — ասաց Աբդուլ-Թաղին:

Եղբա՜յր, դու տեղավորիր մի կերպ, այնպես կձևացնենք, թե բոլորս էլ նրան փայփայում ենք:

Այո՜, այո՜, այո՜, — ասացին բոլորը:

Պետք է, — ասաց Աբդուլ-Ալին, — այնպես ցույց տանք աշխարհին, որ մենք առաքինի որդիք ենք և պաշտում ենք մեր հորը:

Դուք ինչպես ուզում եք ցույց տվեք, ինձ ազատեցեք, — կրկնեց Մեհթին: Եվ եղբայրները հեռացան:

Աբդուլ-Ալին յուր ընդունարան սենյակներից մեկը կահավորեց, կարգադրեց և փողոցից էլ հատուկ հարաբերության ճանապարհ հարմարեցնելով հորն այնտեղ տեղավորեց:

Որպեսզի հայրը իր կանանոցի հետ հարաբերություն չունենա և այդ պատճառով չընդհարվի, Աբդուլ-Ալին հատուկ մի ծառա վարձեց հոր համար, որպեսզի նրա անկողինը հարդարե, սենյակը լուսավորե, տաքացնե, մաքրե, թեյն ու սուրճն եփե և կերակուրը պատրաստե: Սրա համար էլ կարգադրեց, որ հայրը ամեն ամիս վաճառատնից յոթ թուման վերցնե (14 ռուբլի) և ինքը կատարե բոլոր ծախսերը, որ իր ցանկացած կերպովն ապրի: Ամեն մի եղբայրը օրական յոթ թուման էր ծախսում, իսկ հորը ամսական այդքան նշանակեցին: Հաջի Արդուլ-Հյուսեյնը ոչինչ չխոսեց, նա լռելյայն համաձայնեց ու համակերպեց անդրանկի արարքի հետ: Բայց այնքան հոգվով վրդովված էր, որ այլևս դադարեց վաճառատուն հաճախելուց և որդիների երեսը տեսնելուց: Նա չէր խոսում ոչ ոքի հետ, նույնիսկ ծառային էլ բան չէր ասում: Պատրաստած թեյն ու սուրճն անմռունչ ընդունում էր, փուռից բերած կերակուրն ուտում, քնում, վեր կենում և յուր աղոթքը կատարելով նստում էր մտածելու այն դառն կյանքի՝ դժոխքի մասին, ուր ինքն ընկել էր:

Հաճախ հյուրեր ունեցած ժամանակ Աբդուլ-Ալին ծառային ուղարկում էր ձայն տալու և հորը ընդունարան կանչելու, թշվառ ծերուկը հիվանդություն պատրվակելով մերժում էր: Որպեսզի դրացիների նկատողության չենթարկվի, Աբդուլ-Ալին հոր յուղոտած շորերն էլ փոխեց, նոր աբա ու ապարոշ գնեց, դրանք երբեք հորը չմխիթարեցին: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ընկեր, սրտակից, մտերիմ և անկեղծ բարեկամ էր որոնում, այնինչ համոզված էր, որ աշխարհի երեսին ոչ միայն օտարները, այլև իր հարազատ որդիներն էլ իրեն ատում և նրա մահն էին ցանկանում: Մահն էլ փախչում ու չէր մոտենում ծերուկին:

Այս հուզված օրերին նա երբեմն գնում էր հանգստարան, իր հանգուցյալ կնոջ գերեզմանի մոտ նստում և մտորում էր, թե նա որքան երանելի էր, որ մեռել էր ինչպես սիրված իր ամուսնուց, նույնպես և գգված զավակներից: Իսկ ինքը ապրելու դժբախտության համար ատելի էր դարձել զավակներին և հարսներին: Այս այցելությունները հաճախ կատարելով, այս մտքի շուրջը տատանվելով օրն էր մթնացնում և մխիթարվում Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, սպասելով մահվան, երբ իրեն էլ բերելու հանգստացնելու էին սիրելի կնոջ կողքին:

Ամեն օր իրիկնադեմին մի այրի ևս գալիս էր այդ հանգստարանը, մի ժամ նստում էր ամուսնի գերեզմանի մոտ և ողբում իր կորցրած պաշտելուն, որը մի տարի առաջ գերեզման էր իջել: Այնքան հաճախ իրար հանդիպեցան երկու այրիները, որ ընտելացան իրար, մեկը հանգստարան մտնելիս մյուսին դիմավորում էր կամ սպասում նրա գալուն: Թշվառությունը նրանց մոտեցրեց և մի օր էլ իրար սիրտ բացին:

Երանելի կին, — ասաց որբեվայրին մի օր, — որ քեզ նման մարդ է ունեցել: Յոթ տարի է մեռել է, ոչ միայն ուրիշ կին չառար, այլ մինչև անգամ չես կարողանում իրեն մոռանալ: Եթե մարդիկ քեզ նման սիրեին իրենց կիներին, աշխարհի վրա իգական սեռը ամենից երջանիկ դասակարգը կկազմեին:

Դու էլ աննման կին ես, — ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, — որ մարդուդ չես մոռանում և ամեն օր գալիս ես նրան ողբալու: Երևի ազնիվ հիշատակ է թողել, որ ահա յոթ ամիս է քեզ շարունակ այդ գերեզմանի մոտ արտասվալի աչքերով եմ տեսնում:

Էհ, դարիս զավակր չէր, նա մի կատարելատիպ հոգի էր: Անողորմ բախտը նրան խլեց ինձանից: Յոթ տարի միայն այր ու կին մնացինք, բայց հորիցս գթած և մորիցս քնքուշ եղավ ինձ համար: Յոթ տարվան մեջ մի օր բերանը չբացավ մի դառն խոսքով, մի կծու բառով, մի նախատալի դարձվածով: Հարուստ չէր, բայց ինձ քաղցած ու քրչոտ չթողեց, մեծատուն չէր, բայց ինձ կարոտ չպահեց: Օրական վաստակածը օրվա ընթացքում կերանք, միայն թե ապագան չմտածեց: Փառք ալլահին, բան չթողեց ինձ ու վեց տարեկան որդուս, բայց քաղցից չմեռանք: Ամեն օր մոտիկ հայ դրացիների կեղտոտ շորերը, երեխաների ապականված բալուլները լվանում, 510 շահի վաստակում և ապրում ենք: Էլի փառք, որ գոնե մի տուն թողեց, և մենք օտարի դուռը քաշ գալու չպարտավորվեցինք:

Փառքն այնտեղ է, որ դու գոհ ես վիճակիցդ, գործող ձեռքեր ունիս, կարողանում ես ապրուստդ ինքդ հոգալ և ոչ ոքի մուննաթ չքաշել: Աշխատող թևերը քաղցից չեն թուլանա, — ասաց ծերուկը հառաչելով:

Կարիքն ստիպող է: Քաղցն ամենահզոր խթանն է, նա պարտավորեցնում է վազելու և տքնելու, Հաջի-աղա: Երբ օրականս վաստակում եմ, մի րոպե էլ սրտիս ու հոգուս եմ զոհում: Հիշում եմ ողորմածիկիս, որ ամեն տանջանք քաշում էր ինձ հառաչելուց ազատելու համար: Իսկ այժմ ինքն հանգստանում է, որ ես այրվեմ... հալվեմ ու մաշվեմ, — ասաց ու տան կողմն ուղղվեցավ այրին, դառն մտքերի մեջ թողնելով ծերունի Հաջի Աբդուլ-Հյուսեյնին, որը արձանացած տեղից սկսեց զննել հեռացող կնոջը:

Այրին խորապես ցնցեց Հաջի Աբդուլ-Հյուսեյնի հոգին: Ծերուկը երեք-չորս ամսից ի վեր ոչ ոքի հետ այսքան խոսակցություն չէր ունեցել: Նրա հոգին քաղցրությամբ լցվեց այս տեսակցությամբ: Յուր կնոջ մահվանից հետո Հաջի ԱբդուլՀյուսեյնը ոչ մի կնոջ հետ այսքան մտերմական խոսքի չէր բռնված: Ծերուկը ընդհանրապես վատ կարծիք ուներ կիների մասին: Նա ենթադրում էր, որ միայն իր հանգուցյալ կինը՝ մորքուրի աղջիկը այնպիսի առաքինություններով օժտված էր, իսկ մնացյալ թավրիզեցի կիները կործանող, փչացնող, կեղծավոր, խաբեբա և ավազակներ էին: Ամբողջ մի ժամ նստած տեղից չշարժվեց և անչափ գոհ էր այդ պատահարից:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի խոհերի մեջ ներկայացան անմիջապես իր հարսները իրենց ագահ պահանջներով, շռայլ ծախսերով, մեծամիտ բարքերով և անխիղճ սրտով: Նա, որ ինքն էր ընտրել չորս հարսին էլ իրենց հեռավոր և մերձավոր ազգականներից, նրանց զուգել, զարդարել, տարել իրեն տունը փառքի էր հասցրել, իր թողած ահավոր հարստության, ոսկու, մարգարիտի, գոհարի, ծիրանու ու բեհեզի մեջ թաղված լողում էին, այդ ապերախտները ոչ միայն չէին աշխատում, չէին օգնում իրենց տան տնտեսականի բարձրացման, ոչ միայն գողանում, բազում, մերձավորների, ազգականների միջոցով դուրս էին կրում իր դիզած հարստությունը, այլ իրենց ամուսիններին էշ շինած, համետել, նրանց մեջքին էին նստել ու դեպի անդունդ էին մղում:

Աշխատանքով ապրող և որբին պահող այրին դիցուհու նման կանգնել էր Հաջի Աբդուլ-Հյուսեյնի մտքի առաջ և ձեռքով ցույց տալով իր թզուկ, բայց մեծասիրտ հարսներին, ծաղրից ու ծիծաղից թուլանում էր: Այրին լվացք անելով օրական ապրուստ էր տուն տանում և սիրասուն որբի հետ պատառը բաժանելով, ոգևորված ու մխիթարված անկողին էր մտնում, այնինչ այդ միջոցին, երբ իրեն որդիքը օղիով և խաշխաշով հարբած ընկնում, մրափում էին, հարսները նրանց գրպանները, սնդուկները, մառանները, պահարաններն ու ներքնատները ճրագով ման էին գալիս, կողոպտում ու դուրս տանում, որ իրենց համար հոգեպահուստ դրամագլուխ պատրաստեն:

Այս պարագաները, իր թողած հարստության չարաչար ավարի ենթարկվելու մտքերը այնպես հուզեցին ծերուկին, որ նա մռայլած ու բորբոքված դիմեց տուն և առանձնարան մտնելով, տարածվեց իր բազմոցի վրա և սկսեց մտորել: Նա չէր կարողանում որդիներին սթափեցնել և իր 40 տարվան տանջանքով կազմակերպած տունը կործանումից փրկել: Հաջին զգում էր, որ այդ գործելու անընդունակ, իսկ գողանալու ճարպիկ մատները անշուշտ պիտի քայքայեին իր 46 տարվան մեջ շինած գործարանը և նրա մոխրի կույտի տակ զավակները մի պատսպարան էլ չպիտի գտնեին ապաստանելու:

Ամբողջ 24 ժամ այս հույզերով տանջվելուց հետո Հաջի Աբդուլ-Հյուսեյնը դարձյալ իր գավազանը վերցրեց և ծանր քայլերով, բորբոքված սրտով գնաց հանգստարան հոգին հուզող այրուն նորից տեսնելու և մի քանի րոպեների բավականությամբ մխիթարվելու: Այրին չուշացավ, և ծերուկը դեռ չէր վերջացրել իր աղոթքը, երբ խեղճ կինը չոքեց իր ամուսնու սառը գերեզմանի կողքին և սկսեց հեկեկալ ու արտասվել: Երբ իրենց հոգեկան հարաբերությունները հանգուցյալների հետ վերջացրին, դարձյալ խոսքի բռնվեցին այրիները, միայն թե ավելի մտերմական ձայնով:

Որդիդ որտե՞ղ է սովորում, ո՞ւմ մոտ ես աշակերտ տվել, — ասաց ծերուկը այրուն, — որ մենակ ես գալիս:

Նուխեցիների գործարանում գորգ է հյուսում, — ասաց այրին հառաչելով: Ապա ավելացրեց.

Թեև վեց տարեկան է, բայց ահա վեց ամիս է, որ նա բանում է: Ալլահը ինձ չկորցրեց, ես հավատացած եմ, որ զավակիս խեղճ չի թողնելու, վեց ամսվան մեջ այնքան առաջ գնաց, որ շաբաթական մի ղռան արծաթ փող է բերում: Արդեն այսօրվանից նա ինձ այլևս բեռ չէ, նրան ամեն օր հացն ու ճաշը տալիս են գործարանում: Դեռ ես օգտվում եմ նրա աշխատածով: Շաբաթականները ոչ միայն շորի, կոշիկի գինն է տալիս, այլ ինձ էլ կարող է հագցնել:

Ապրի, Ալիի աջը նրա գլխից անպակաս լինի, — ասաց ծերուկը, ապա հարցրեց, — անունն ի՞նչ է:

Ջաֆեր, բայց ցավում եմ, որ երեխաս գրել-կարդալ չպիտի կարողանա սովորել: Ինքը շատ հավաս ունի: Մատիտ ու թուղթ է բերել և ամեն իրիկուն նկարում, գրում և հաշվում է: Ի՞նչ անեմ, եթե չաշխատի, քաղցած կմնանք:

Թող բանի ժամանակ գործարանում աշխատի, իսկ ազատ ժամանակ տանը գրել-կարդալ սովորի, հաշվե ու նկարե:

Շատ աշխույժ, ժիր տղա է, ընդունակ և զգայուն: Երկու ամսի մեջ սովորեց հաշվել և գորգ գործել, վերակացուներն այնքան սիրում են, որ շաբաթականը վեց ամսվա ընթացքում մի աբասուց մի ղռանի բարձրացրին (420 կոպեկ): Հիմի ուրիշ գործարանից եկել են և երկու ղռան են առաջարկում, բայց տեղը հեռու է, ես չեմ թողնում աչքիս առաջից հեռանալու:

Աներևույթի աջը դրան պահե. դա անշուշտ մարդ կդառնա, տուն կպահե, քանի որ ինքը չքավորության դառնությունը մանուկ օրերում քաշել ու զգացել է:

Ինչ դառնություններ եմ քաշել միայն խորաքննիչը գիտե: Բախտս էր, ինչ կարող էի անել: Պիտի համբերեմ... Բայց դուք էլ շատ բախտավոր չեք երևում: Կենդանի մարդերի շրջանները թողնում եք և մեռելների հետ ժամերդ անցկացնում:

Իմ էլ բախտս այդպես է սահմանել: Կինս թաղեցի, ուրիշ կին չհանդգնեցա առնելու և մնացի մենակ: Խոսակից և մխիթարիչ չունիմ, գալիս եմ պառավի հոգու հետ մասլահաթ անելու, նա ինձ շատ հավատարիմ էր, բայց ափսոս որ թողեց, գնաց: Ինձ գոնե շուտ քաշե տանե, ես էլ ազատվեմ:

Այդ արարչի կամքն է. բայց դուք, Հաջի-աղա, ինչի՞ պիտի շերիաթի հակառակ վարվիք. ձեր ի՞նչն է պակաս, ինչի՞ պիտի չկարգվեիք, որ մի հոգեկից բարեկամ գտնեիք...

Վատ կնոջ զրպարտությունից և նենգությունից վախեցա ու հարսների աբով մնացի:

Ափսո՛ս: Աղջիկներդ գոնե վշտիդ պիտի մասնակցեին, քեզ պիտի կարեկցեին ու ամուսնացնեին, որ ծերությանդ մեջ մի մխիթարիչ ունենայիր: Հարսը սկեսրայրին այնպես է զննում, ինչպես ուղտը պատառին:

Ճիշտ ես ասում, բայց աղջիկներիս ես վաղ ինձնից հեռացրի և աշխատեցա, որ նրանք իրենց ամուսնու տունը պաշտեն, աչքերը չտնկեն հայրական օջախի կողմը:

Այդպես էլ հարկավոր էր, բայց նրանք պետք է կարեկցեին իրենց հորը և թույլ չպիտի տային, որ նա տանջվիր...

Ինձ համար տարբերություն չունի, այժմ ամբողջ աշխարհն էլ իմ զավակներս են: Կար ժամանակ, որ ես զանազանում էի, բայց այսօր եկել եմ այն համոզման, որ մարդկային կույր եսականությունն է, որ նրան մոլորեցնում է: Իմ գործարաններիս բանվորները ավելի քաղցր աչքով են ինձ զննում, քան թե հարազատ աղջիկներս ու որդիներս, իմ դրացիներս ավելի զգայուն սրտով են ինձ բարևում, քան թե իմ բանվորներս և արյունակիցներս:

Այո, մարդ մարդուն քաղցր ժպտով կարող է նայել, բայց ամեն մի զվարթ հայացքի տեր պատրաստ չէ զոհողություն անելու: Այնինչ աղջիկներդ պետք է որ...

Ահա տեսնում ես, դու ավելի կարեկից ես անմխիթար հոգուս, քան թե աղջիկներս: Ուրեմն ես եմ եսամոլ և անձնապաշտ եղել, ամփոփվել եմ ինքս տանս մեջ և չեմ զգացել, որ իմ որդիները ավելի ագահությամբ են կրծում իմ կուրծքս, մարմինս ու ոսկորներս, քան թե այդ կարող էին անել օտարները:

Ծառին չորացնում է իր մեջ ընկած որդը. մարդու կյանքը կրծում է իր մարմնից դուրս եկած որդունքը: Սրանց դեմ կռվել չի կարելի, միայն թե պետք է զգուշանալ և կրքերը չափավորել: Իմ հայրս ախունդ էր, նա ասում էր, որ սրի խոցից ավելի թունավոր է լեզվի խոցը: Օտարի հասցրած վերքից ավելի կսկծեցնող է հարազատի բացած վերքը: Թշնամու և հակառակորդի զարկած գնդակի վերքերը կլավանան, բայց զավակի խփած վերքը գերեզման կտանե:

Շատ ճիշտ է, անչափ ուղիղ է...

Էհ, ի՞նչ օգուտ, որ մարդ գիտե, բայց դարձյալ զգացումներին գերի է ապրում:

Մենք մեր դատողությամբ և հաճությամբ չենք ապրում, — ասաց շեշտելով Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, — այլ մենք շրջապատի գերին ենք: Ինչպես որ կյանք են վարել մեր նախորդները, ինչպես որ ապրում են մեր դրացիները, նույնն էլ մենք ենք շարունակում: Գիտենք և համոզված ենք, որ կործանարար ճանապարհի վրա ենք կանգնած, ոտքերիս տակի շավիղը մեզ անդունդն է տանում, բայց ճիգ չենք թափում շեղվել այդ ուղուց և բռնել մեր կյանքին ավելի նպաստավոր պողոտան:

Այո՜ , Հաջի-աղա, մենք մեր ոտքերով ենք գնում անդունդ գլորվելու... Մնաք բարով, գնամ երեխայիս դիմավորելու, նա հիմի կգա:

Պաշտիր նրան, նա քեզ բեհիշտ կտանի, — ասաց հառաչելով ծերուկը:

Եթե քու զավակներդ քեզ դրախտ առաջնորդեցին, իմն էլ ինձ Եդեմ կտանի...

Որ այդ գիտես, ի՞նչ ես գլուխդ զոհել և չես կարողանում հինգ-տասը րոպե ավելի մնալ, ինձ մխիթարել և միասին դուրս գալ հանգստարանից:

Քեզ աներևույթը թող մխիթարե, իսկ ես ուրիշ հույս չունենալով, միակ զավակիս եմ ապաստանել:

Եթե դու ցանկայիր, կարող էիր հույս ու նեցուկ գտնել:

Բախտը միշտ քիթը վեր ցցած է քովիցս անցել: Նա ոտքերի տակ չի աշում, որ ինձ նման վշտահեղձին տեսնի, — ասաց այրին հառաչելով:

Բախտը կույր է, նրա աչքերը կապված են, չգիտե ում օձիքն է բռնում: Եթե մարդ նրան հետամտի, վերջիվերջո կբռնի: Օրինակ, եթե դու ինձ ամեն օր այստեղ չտեսնեիր, ինձ հետ չխոսեիր, ես ե՞րբ կկարողանայի քո կրծքի տակ մտնել, հոգիդ ճանաչել և քեզ առաջարկել, որ ինձ կին դառնաս: Այս առաջարկիս ի՞նչ ես պատասխանում:

Դու ծեր ես, թշվառ, արդյոք կկարողանա՞նք իրար բեռ թեթևացնել:

Եթե անշահախնդիր և անկեղծ կապվենք, իրարուց ակընկալություն չունենանք, երևակայական հույսերով մենք մեզի չխաբենք, կկարողանանք խաղաղ ապրել և իրար բեռ թեթևացնել:

Ես խոստացել եմ մարդուս՝ նրա բնակարանը և նրա զավակին չլքել: Խոստմանս դեմ չեմ կարող գնալ:

Դու դարձյալ ապրիր քո տանը զավակիդ մոտ, ես էլ իմ տանս: Երբ որ ուզենամ, կգամ քեզ մոտ զրուցելու և մխիթարվելու: Դու ոտքդ չես կոխիլ իմ դժոխային որջս, որտեղ ցեցերս կյանքս կրծոտում են: Քո բնակարանը կդառնա իմ սփոփարանս:

Բայց ես դժվար թե կարողանամ ամոքել հույզերդ, Հաջի-աղա, ես ինքս էլ թշվառ եմ և կարոտ:

Ես քեզ օրական հինգ շահի (5 կոպեկ) ապրուստի փող կտամ, քեզնից մի բաժակ թեյ էլ չեմ խմիր: Քո վաստակը, երեխայիդ բերածը և ամսական իմ քեզ տալիք 7 և կես ղռանը կարող է թեթևացնել քո դառը վիճակը: Համաձա՞յն ես, գնանք ախունդին, թող սղան (դաշնաղոթքը) կարդա:

Ուրիշ կին խո չունե՞ս:

Դու գիտես, որ այրի եմ և տանս մեջ կամ դուրսը ոչ ոքի հետ հարաբերություն չունիմ:

Ինչ ասեմ, չեմ կարող մերժել ձեր առաջարկը, մանավանդ որ ձեր անունն ու հովանին ինձ կպահպանեն:

Որ համաձայն ես, գնանք այն մեջիդի ախունդի մոտ, թող այսօր կարդա սղան և գրե քյաբինը: Հարյուր զռան քյաբին կկտրեմ:

Ես ձեր աղախինն եմ, ինչպես որ կամենաք:

Գնանք, — ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, և նրանք ուղղվեցան մոտակա մզկիթի կողմը:

Ախունդը սղան կարդալուց հետո, երբ այրին երեսը բաց արավ, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մնաց շվարած, ոչ միայն դեռահաս էր ու գեղեցիկ Քյուլսունը, այլ մինչև անգամ աչքերով, ունքերով և քթովը հիշեցնում էր իր հանգուցյալ կնոջը: Հաջին ախունդից ամուսնական դաշնագիրն առավ, վճարեց մի ղռան, հանձնեց կնոջը և միասին գնացին Քյուլսունի տունը:

Ճանապարհին Հաջին քիչ խնձոր առավ, մի ֆունտի չափ էլ քաղցրեղեն վերցրեց, իսկ Քյուլսունը ինքնաեռը դրեց ու մի բաժակ չայ խմեցրեց ամուսնուն: Քիչ հետո գործարանից տուն վերադարձավ Ջաֆերը և գրպանից լոշի մեշ փաթաթված փլավն ու խորովածը մորը երկնցնելով, ասաց.

Մայրիկ, ինձ այսօր աղան երկու բաժին տվեց, ուստի ես էլ մեկը քեզ բերի:

Ինչի՞ պիտի երկու բաժին տար:

Երբ ինձ բաժին տվին, ես բրդուճ շինեցի և գրպանս դրի, որ քեզ համար բերեմ: Վարպետս տեսավ և ասաց. «Ջաֆեր, ինչի՞ չես ուտում, խո հիվանդ չե՞ս», — «Ոչ, ասի, կուշտեմ, այս էլ կտանեմ մորս»: Այս խոսքս որ լսեց աղան, ասաց. «Ջաֆերին մի բաժին էլ տվեք»:

Ապրին բարեսիրտ մարդիկ...

Մայրիկ, Հաջի-աղան մեր տունն ինչի՞ է եկել:

Զավակս, ես քու հայրդ եմ, — ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը: — Ապրիս, լավ տղա ես դարձել, որ մորդ չես մոռանում:

Իմ հայրս մեռավ, — ասաց Ջաֆերը ետ-ետ գնալով:

Նա մեռավ, բայց խո առանց մարդու չի կարելի ապրել Հաջի-աղան քո հայրդ է. իմացա՞ր, տղաս:

Ջաֆերը թեև չկարողացավ ըմբռնել, թե ինչպես Հաջի Աբդուլաղան իրեն հայր դարձավ, բայց ուրախացավ, որ տունը մենակությունից ազատվել է և ուրախությամբ քաղցրեղեն, խաղող ու խնձոր կերավ, թեյ խմեց:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը իր ամուսնությունը երկու ղռանի մրգով և մի ղռանի էլ մոլլային վճարով վերջացնելուց հետո հանեց կնոջը ամսական 7 և կես ղռանն էլ կանխիկ տվեց և մթնաշողով գնաց տուն:

Ամբողջ երեք ամիս Հաջի Աբդուլ-Հյուսեյնը շարունակ հարաբերություն ունեցավ Քյուլսունի հետ, մխիթարվեց և այնտեղ միշտ խաղաղություն գտավ, երբ իր տանը հարսներն ու զավակները իրեն վրդովում և հուզում էին: Ոչ ոք չհետաքրքրվեց ամուսնացած այրիների ընթացքով, ոչ ոք էլ չկարողացավ նկատել Հաջիի ելևմուտքը այրի Քյուլսունի տունը: Միայն Աբդուլ-Ալիի կինը երեք ամսից հետո նկատեց, որ սկեսրայրը այդքան երկար միջոցում լվացքը լի տվել լվանալու: Նա անմիջապես քննեց և տեսավ, որ ծերունու բոլոր սպիտակեղենը մաքուր, լվացած և այնպես ծալված, դրված էր, որ իրենց աղախինները չէին կարող այդքան խնամքով գործ կատարել: Ուրեմն պարզ էր, որ սկեսրայրը դուրսն էր լվանալ տվել իր լվացքը: Նենգամիտ կինը ամբողջ երեք օր հետամտեց սկեսրայրին և նկատեց, թե նա ինչպես գնաց, մտավ Քյուլսունի տունը և երեք ժամից հետո դուրս եկավ:

Փոթորիկ բարձրացավ նուխեցու տանը: Նրա հարսները լսելով եղելությունը, իսկույն հավաքվեցան Աբդուլ-Ալիի բնակարանում խորհուրդ անելու, թե ինչ միջոցի դիմեն, որ ծերուկը արձակե Քյուլսունին, որը, ինչպես պարզվեց, իրենց հանգուցյալ սկեսուրի մորքուրի թոռն էր: Բավական չէ, որ մեր ամուսինները նրան պահում են, այսօր գնացել մի դուրս ընկած բանանողի հետ է ամուսնացել, որպեսզի իր որդիներից քաշե, նրան ուտացնե և մահվանից հետո էլ մեր գլխուն փորձանք դառնա, դատարան քաշե մեր ամուսիններին:

Next page