Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Հարսները իրենց սրտի մաղձը նույն իրիկունը թափեցին իրենց ամուսինների գլխին, բորբոքեցին և առավոտ նրանց ճանապարհ դրին դեպի շուկա: Աբդուլ-Ալին շուկա չգնաց, ախունդին դիմել և լսել էր, որ երեք ամիս առաջ էր կատարված այդ ամուսնական դաշնագիրը: Ամեն բան օրինական էր, հետևաբար ոչինչ չէին կարող ասել իրենց հորը: Շերիաթի համաձայն նա իրավունք ուներ կին առնելու: Մանավանդ որ կինը չէր եկել Աբդուլ-Ալիի տունը, այլ մնացել էր իր սեփական տանը, հետևաբար ոչ մի ճնշում չէր կարող անել: Եթե ծերուկը նրան ապրելու համար շնորհված բնակարանը կին բերեր, Աբդուլ-Ալին կարող էր իսկույն վռնդել:

Անկարելի էր բռնի կերպով կնոջից բաժանել, իսկ եթե հոր վրա ճնշում գործ դներ, պիտի խայտառակվեր դրացիների առաջ: Այնինչ հարսներն ու եղբայրները բորբոքված պահանջում էին կարճել ծերուկին տրված թոշակը և տանից դուրս հանել: Աբդուլ-Ալին մտածում էր՝ ի՞նչ միջոցով հորը ճնշել, որ կարողանա կնոջը թողնել տալ: Նա գիտեր, որ հայրը ոչ միայն կարճամիտ չէր, այլ օրենքն էլ լավ գիտեր: Անհնար էր նրա համառությունն ընկճել:

Այդ օրը նա սովորականից վաղ տուն դարձավ, որպեսզի հորը տեսնի, գուցե մի հնար գտնի և կարողանա բորբոքված եղբայրներին զսպել: Բայց հայրը տանը չէր: Նա երկար սպասեց իրենց պարտեզում, ղալիոն ծխեց, թեյ խմեց, ծառերը, ծաղիկները ուղղեց, ապականությունները մաքրել տվեց, քանդած-փլվածը ուղղել տվեց: Ամբողջ ամիսներով չնկատածը և չքննածը այդ օրն իմացավ: Զայրացած նա ման էր գալիս պարտեզում, նախատում ու հայհոյում ծառաներին, անվերջ հրամաններ էր տալիս և ստիպում այս ու այն պակաս-պռատը դրստել:

Ճրագները վառելուց հետո միայն Հաջի Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ կնոջ տանից և ուղղվեց դեպի իր տուն: Առաջին անգամ փոքր որդին՝ Աբդուլ-Մեհթին, հոր ճանապարհը կտրեց և ասաց.

Ցնդած, երիտասարդացել նոր կի՞ն ես առել: Ալևորված մազիցդ, մորուքիցդ չե՞ս ամաչում:

Երբ դուք երես թեքեցիք ձեր հորից, — ասաց ծերուկը, — ես մի տեղ մխիթարություն պիտի որոնեի, ուր ինձ ցնդված չանվանեն և քաղցր աչքով երեսիս նայեն:

Հայտնի բան է, պոռնիկները փող կորզելու համար քեզ թե՜ կշողոքորթեն և թե՜ կխնդացնեն:

Պոռնիկը քո կինն է, որ իմ տնկած պարտեզից բերել տված, վառած փայտը ինձ շատ տեսավ և քեզ նման ապուշի ձեռքով իմ փողերովս շինածդ տնից ինձ դուրս վռնդել տվեց ինձնից ծնած որդուս ձեռքով:

Լռի՜ր, խելագա՜ր, բերանդ կպատռեմ, — ասաց անզգամ որդին, վրա պրծավ ծերուկի վրա և սկսեց բռնցքոտել ու խեղդրտել: Իսկույն փողոցից անցնողները վրա հասան և հազիվ ազատեցին գազազած որդու ճանկերից թշվառ ծերուկին, որը քիչ էր մնացել թե շնչասպառի:

Մի քանի բարեսիրտ դրացիներ տուն բերին թշվառին թևի տակ մտած և հանգստացրին: Այս լուրը Աբդուլ-Ռզային ու Աբդուլ-Թաղիին հասնելուն պես, սրանք հավաքվեցան իրենց մեծ եղբոր մոտ խայտառակության առաջն առնելու համար խորհրդակցելու: Ընտանիքի պատիվն արատավորված էր, այլևս Աբդուլ-Մեհթին չէր կարող հրապարակ դուրս գալ և ընկերական շրջան մտնել առանց շրջապատի ծաղրին ու արհամարհանքին մատնվելու: Այս պատճառով եղբայրները որոշեցին, որ իսկույն Մեհթիին ճանապարհեն դեպի Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Ամերիկա, որպեսզի թե՜ դեպքը մոռացվի, թե՜ Ամերիկայում գորգի գործը տեսնի և ուսումնասիրի:

Աբդուլ-Մեհթին դատաստանից և հասարակական կարծիքից ազատվելու համար նույն գիշերը թողեց Թավրիզն ու հեռացավ, իսկ դրացիների մեջ տարածեցին, իբր թե Քյուլսունի ինչ-որ անհայտ սիրականն է վրա տվել Հաջի ԱբդուլՀյուսեյնի վրա և երբ բազմությունը տեսել է, թողել ու փախել է:

Այս արկածից հետևյալ առավոտը Հաջի Աբդուլ-Հյուսեյնը կանչեց իր մոտ մեծ որդուն և ասաց.

Այլևս չեմ կարող ապրել ձեր մեջ: Ես կյանքիս ապահովություն էլ չունիմ հարկիս տակ, որի ամեն մի աղյուսն ու քարը իմ քրտինքով է շաղախված: Իմ և ձեր մեջ էլ ուրիշ կապ չմնաց: Ես այսօր պիտի երթամ ինձ համար տուն քրեհելու, քանի որ ես չեմ կարող զիջել կնոջս տանը ապրելու: Ճշմարիտ է, ինձ համար այնտեղ շատ արձակ բազմոց կա, որտեղ հարգված, սիրված եմ, բայց չեմ կարող լաչակ կապել և կնոջս բնակարանում ապրել: Կասկած չունիմ, որ այնտեղ ինձ սիրում են անշահախնդրությամբ, անկեղծ և առանց ապագա ակնկալությունների, բայց Աբդուլ-Հյուսեյնը չի զիջանիլ կնոջ շվաքը մտնելու:

Ախր, ինչի՞ ես գնում, քեզ ո՞վ է ստիպում, որ մեզնից հեռանաս, ի՞նչդ է պակաս...

Դու կեղծավոր ես, ինձ շատ բան պակաս է, որը քեզնից երբեք չեմ խնդրել: Այն՝ ինչ որ ես իմ ձեռքով բաշխեցի և ցրվեցի, ես դրանից մաս չեմ մուրալ: Գլխիս գդակ կա, ձեռքումս գրիչ և ծնկներումս ուժ: Վաղը կարող եմ մի նոր քաչակղեի գործարան հիմնել, ինձ ոչ ոք չի խնայիլ ապրանք և փող: Աշխարհք գիտե, որ Հաջի Աբդուլ-Հյուսեյն ուրիշի փողն ուտողը չէ: Բայց ես այդ չեմ անիլ, ձեռքովս հիմնած գործարանը ինքս չեմ քանդիլ և ձեզ բաշխածս հարստության դեմ չեմ մրցիլ, որ կործանեմ:

Հա՜յր, մի բորբոքվիլ...

Եթե ես չբորբոքվիմ, ալլահն է ինձ վրա բորբոքվելու, որ ձեզ նման անզգամ որդիներ եմ մեծացրել, անարգ զավակներ, որոնք արժանի չեն հայրական այն անհուն շնորհներին, որը ես թողի ձեզ հեռացա: Եթե ես չբորբոքվիմ ու ձեզնից չհեռանամ, հավիտենական դաժան հալածիչը չպիտի հեռանա ետևիցս: Ես պիտի դուրս գամ այս հարկից, որ Թավրիզի բոլոր հայրերը տեսնեն և զգուշանան, որպեսզի այլևս ոչ ոք իր կենդանությանը իր կարողությունը, իշխանությունը ձեզ նման անխիղճ որդիներին չհանձնե...

Հայրիկ, չէ՞ որ մենք բոլորս քո որդիքն ենք և մեր պակասության հաշիվը քեզնից ենք պահանջելու:

Այդ տխմար միտքը ինձ այնքան խիստ է տանջել, որ այլևս համբերել չեմ կարող: Մեր պակասությունները ծածկելով, թաքցնելով ես այսօրն ընկա: Եթե ձեր անզգամության համար ես ևս մեղավոր եմ, թող մարդիկ ինձ էլ դատապարտեն: Հանցավորն ու մեղավորը պետք է պատժվին և ապաշխարեն, որ հոգեկան խաղաղության հասնին: Բավական է, ապերախտ և չարագործ զավակներ, աշխարհը լայն է, դուք ձեզ համար, ես ինձ համար, իրարից հեռու ապրենք: Ես նոր գործ սկսելու ոչ սիրտ ունիմ, ոչ էլ հավաս, բայց մեր թաղի շուկայում մի փոքրիկ կրպակ կարող եմ կառավարել, ասեղ, թել, կոճակ և ուրիշ մանրուք ծախել, օրական մի-երկու ղռան շահել ու ապրել:

Հայրիկ, դու առաջ մեզ թաղիր, ապա գնա կրպակ բռնե և մուրացիկի գործ կատարիր:

Ո՛չ, դա շատ ազնիվ և բարոյական գործ է, քան թե յոթ անգամ ծառային ձեր կրպակը ուղարկել և ձեր ղրկելիք 70 ղռան ողորմությանն սպասել: Անկախ կրպակի գործը հազար անգամ ավելի վսեմ է, քան թե ձեզնից մուրացկանի նման ամսականի սպասելը:

Հայրիկ, եթե սնդուկում դրամ չենք ունեցել և մի քիչ ուշացրել ենք...

Քաղցածները պարտավոր են ողորմության ամիսներով էլ սպասել: Բայց երբ ես իմ գործս կունենամ, այն ժամանակ օրական վաստակածս առանց մուննաթի կուտեմ: Մանավանդ որ հանցանք է ձեզնից ամսական թոշակ մուրալը...

Հայրի՜կ, աղաչում եմ, մեզ մի խայտառակի:

Զավա՜կ, ո՜չ որդունք, որ կրծոտում են սիրտդ ու ոսկորներդ...

Այս խոսակցության հետևյալ օրը Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մի փոքրիկ կրպակ վարձեց՝ ներսը մի կոկիկ սենյակով: Վարձը վեց ամիս հետո պիտի տար: Բայց նա կանխիկ փող չուներ, որ գոնե կահավորե սենյակը: Գնաց շուկա, ապառիկ ապրանք գնեց, բերեց կրպակը լցրեց, կշեռք կախեց և տնից էլ լվացքն առավ ու եկավ նստավ առուտուրի: Նա չընկճվեց, իսկույն դիմեց ծանոթների, ապառիկ ձեռք բերեց նույնպես սենյակի կահավորությունն ու գիշերը քնեց իր վարձած սենյակում: Թավրիզ հասնելուց հետո այդ առաջին գիշերն էր, որ Հաջին հանգիստ և առանց հոգեկան տանջանքի քնեց իր վարձած անձնական բնակարանում, որի մասին նա ոչ ոքի մուննաթը քաշելու պարտավորված չէր:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնին հարգում էին նրա նախկին գործարանի բանվորներն ու վարպետները, թաղեցիներն ու դրացիները, այնպես որ ամեն մարդ նրա դառնացած սիրտը սփոփելու, ստոր զավակներից քաշած տառապանքները ամոքելու համար դիմում էր նրա կրպակը թեյ, շաքար, համեմունք, թել ու կոճակ գնելու և նրա քաղցր խոսքը լսելու:

Այնպես հաջող էր գնում Հաջի Աբդուլ-Հյուսեյնի գործը, որ նա ութ օրից հետո վճարեց իր սենյակի կահավորության դրամը և խանութի երեք ամսվան քրեհը, որոնց բոլորի գումարը 810 թումանից ավելի չէր: Ծանոթները, ծերունի հաջիներ ու թաջիրներ, բոլորն էլ երեկոները իրենց էշերի վրա նստած տուն դառնալիս կանգ էին առնում Հաջիի կրպակի առաջ, 510 կոպեկի բան առնում, քիչ խոսում և անցնում էին:

Հաջին ոչ միայն հանգիստ էր իր կրպակում, հրճվանք էր ազդում իր կնոջը՝ Քյուլսունին, ուրախացնում էր ընկերակիցներին, մտերիմներին, մխիթարում բանվորներին, այլև կենդանի օրինակ էր դարձել ողջ Թավրիզին: Ամենքը խոսում ու նախատում Էին Հաջիի որդիներին, որոնք այնքան անբարեխիղճ և գազանաբար Էին վարվել իրենց ծերունի հոր հետ: Ոչ միայն ամենքի նախատինքի առարկան եղբայրներն Էին, այլ ամենքը նրանց երեսնիվար անարգում Էին, թե ինչի այդ վիճակումն Էին թողել իրենց թշվառ հորը:

Աբդուլ-Ալին և եղբայրները ինչ միջոցի դիմեցին, չկարողացան այլևս համոզել ծերուկին, որ թողնե կրպակը և դառնա իր տունը: Մինչև անգամ Աբդուլ-Ալին խոստացավ կանանոցի մեջ նրա համար առանձին երեք սենյակ հատկացնել: Ծերունին ասում էր.

Ես ամեն բան ձեզ տվի, ամեն ինչ հանձնեցի, այլևս ձեզնից չեմ կարող մուրալ, ողորմություն խնդրել: Ինչ որ ունեի, չխնայեցի, բայց կյանքս ձեզ չեմ կարող տալ: Կաշխատեմ և կապրեմ:

Թեև Հաջիի որդիները շատ միջոցի դիմեցին, որ կարողանան իրենց բանվորներին, ծառայողներին արգելել, որ հորից ապրանք չառնեն, բայց հնար չգտան: Օրեցօր ավելի և ավելի հաջող էր գնում ծերուկի առուտուրը: Հանգիստ նստած կրպակում ծախում էր, վաճառատունները ապսպրած ապրանքները իսկույն ուղարկում էին, մինչ այն աստիճան, որ իր նստած Բազարչայի (փոքր շուկա) դրացիներն անգամ սկսան նրա վրա նախանձել, թեև նրա երևալը այնքան հաճախորդ էր քաշում դեպի այդ շուկան, որ նույնիսկ դրացիների առուտուրի էլ զարգացման պատճառ էր դարձել: Նույնիսկ Հաջիի երաշխավորությամբ և միջնորդությամբ մեծ վաճառատները նրա դրացիներին էլ մեծ քանակի ապառիկ ապրանք էին բաց թողնում, որով ավելի կենդանացավ թաղի առուտուրը, միայն թե այդ լավությունը այնքան նկատելի չէր դրացիների համար, որքան ծակում էր նրանց սիրտը Հաջիի հաջող գործը:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի այս համառ և հաջող ընթացքը այնպես էր բորբոքում նրա հարսներին, մանավանդ զավակներին, որ սրանց հանգստությունը իսպառ դադարել էր: Նրանցից երես էին դարձրել ինչպես ախունդներն ու մյուջթեհիդները, այնպես և իրենց գործավորները, կառավարիչները, մանավանդ արհեստակիցները: Աբդուլ-Ալիին խիստ ճնշում էին եղբայրները, Ռզան ու Թաղին, որոնք ծրագրում էին մի խիստ և ծայրահեղ միջոցի դիմել ու վերջ տալ ծերուկի կրպակին: Բայց Աբդուլ-Ալին ճանաչելով հորը, հորդորում էր քիչ էլ համբերել, մինչև որ հարմար առիթը ներկայանա:

Մի գիշեր Աբդուլ-Թաղին ուշ ժամանակ մենակ տանից դուրս եկավ նավթի թիթեղյա գյոլգյումը աբայի տակ բռնած: Նա գնաց բարձրացավ շուկայիկի կտուրը, հասավ հոր կրպակի սենյակի երթի մոտ, այնտեղից նավթը ներս լցնելով կրակ տվեց ու իջավ: Պատից ցած գալիս թիթեղը չարագործի դող-դողան ձեռքից վայր գլորվեց և քնած գիշերապահը գյուգյումի ձայնից սթափված, ոտքի ելավ և դիմավորեց Աբդուլ-Թաղիին պատից իջած պահին:

Աղա Աբդուլ-Թաղի, այդ դու ե՞ս, — հարցրեց գիշերապահը, զննելով նրա դեմքը:

Ես եմ, ես, ահա քեզ երկու ղռան, գնա չայ խմե, — ասաց Աբդուլ-Թաղին, թողնելով թիթեղը գլորված այգում, ուղղվեց դեպի տուն:

Գիշերապահը վեր առավ երկու ղռանը, մտավ սրճարան տաքանալու, թեյ խմելու և չիբուխը վառելու: Դեռ տասը րոպե չէր անցել, որ բոցերը բռնեցին ամբողջ Բազարչայի փայտածածկ գերանները, եղեգները և կրպակները, փեղկերն ու դռները: Ծուխն այնպես բռնեց ողջ թաղը, բոցերն այնպես արծարծվեցան, որ ժողովուրդը ոտքի ելավ, և ամենքը վազեցին Ղալայի դուռը Բազարչայի հրդեհին հանդիսատես դառնալու: Շինության փայտեղեն արևի խիստ ճառագայթների տակ այնպես էր չորացած, եղեգներից հյուսած ծածկի խսիրները այնպես էին բոցավառվում, որ ոչ ջուր, ոչ հող չէր կարող նրա առաջն առնել:

Մի ժամի մեջ ամեն բան վառեցավ: Աբդուլ-Թաղին հավատացած էր, որ հայրն էլ իր կրպակի ետևի սենյակում բոցերում խորովվեց, ու եղբայրներն ազատվեցան նրա անտանելի ներկայությունից, բայց բախտը տարբեր էր սահմանել: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը այդ գիշեր քիչ կողի ցավ զգալով պարտավորվել էր կնոջ Քյուլսունի, տանը պառկելու: Ոչ միայն Հաջին ազատվեցավ փորձանքից, այլ անմիջապես հրդեհի վայրը հասնելով, այնպիսի միջոցներ ձեռք առավ, որ շուկայի կրպակավորների ապրանքի մեծ մասը և շինությունների մի մասը փրկեց հրդեհի բոցերի լափը դառնալուց:

Այս բավական չէր, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը սկսեց քննել ինչպես անցորդներին, նույնպես պահնորդ ֆարրաշներին և բազարի գիշերապահին:

Գիշերապահը խոստովանեց, թե ինքը տեսել էր Աբդուլ-Թաղին՝ Հաջիի որդուն պատից իջնելիս, որի ձեռքից գլորվել էր քովի պարտեզը թիթեղի նավթի գյուգյումը: Իսկույն Հաջին գիշերապահի, դրացիների հետ գնացին մտան պարտեզը և նավթի ամանը, որպես ոճրագործության առարկա լական փաստ, վերցրին ու տարան թաղապետին` ղալաբեգին: Բայց վալիահթից հովանավորված Աբդուլ-Թաղիին չհանդգնեց կալանավորել թաղապետը, սպասեց, որ առավոտ Թավրիզի ոստիկանապետի հետ ներկայանա Իրանի գահաժառանգին և նրանից թույլտվություն ստանալուց հետո միայն բռնե ոճրագործին:

Մինչ այդ Աբդուլ-Ալին պարագաների մանրամասնությունները ստորին կաշառված ֆարրաշներից (ոստիկաններից) իմանալով, իսկույն գնաց եղբոր` Աբդուլ-Թաղիի տունը և նրան ճանապարհեց դեպի Թեհրան: Աբդուլ-Ալին վաղուց սադրազամին գրաված էր մեծամեծ կաշառքներով և շահին մի քանի անգամ սիրաշահած: Նա վստահ էր, որ ոչ միայն պիտի ազատեին եղբորը պատասխանատվությունից, այլ չպիտի թողնեին, որ եղբոր համար իրենց անողորմաբար կողոպտեն վալիահթն ու փիշիքարը: Առավոտ մինչև վալիահթին ներկայացան ոստիկանապետն ու թաղապետը և կիսատ-պռատ հրաման ստացան, Աբդուլ-Թաղին աշտանակած նժույգը արդեն անցել էր Ատրպատականի սահմանը և մտել էր Զենջանի նահանգը:

Առավոտյան Հաջի Աբդուլ-Հյուսեյնը իր դրացի կրպակաորների և կալվածատերերի հետ ներկայացան Ամիր-Նիզամ գերուսին, ցույց տվին, թե հրձիգը Աբդուլ-Թաղին է և բավարարություն պահանջեցին: Իսկույն Ամիրը մարդ ուղարկեց և դիվանատուն հրավիրեց ինչպես Աբդուլ-Թաղիին, նույնպես և նրա մեծ եղբորը՝ Աբդուլ-Ալիին: Եղբայրները Ամիր-Նիզամի բռնություններից զերծ մնալու, մի քանի օր գործը քաշքշելու, ժամանակ վաստակելու նպատակով, որպեսզի Աբդուլ-Թաղին Թեհրան հասնի և այնտեղից կարևոր հրամանները հեռագրել տա, գնացին վալիահթին ներկայացան և նրա հովանավորությունը խնդրեցին Ամիր-Նիզամի դեմ:

Վալիահթն սպասում էր Աբդուլ-Թաղիին: Երբ նկատեց մեծ եղբայրներին, նա ժպտալի ասաց.

Ես երբեք ձեզ չեմ կանչել, գնացեք և Թաղիին ուղարկեցեք:

Ղուրբան, — ասաց Աբդուլ-Ալին, — նա երկու օրից ի վեր ճանապարհորդում է դեպի Թեհրան:

Նա գիշերս այստեղ չէ՞ր:

Թաղին երեկ առավոտ ճանապարհ է ընկել:

Ուրեմն թաղապետն ու ոստիկանապետը ինձ խաբե՞լ են, զրպարտե՞լ են:

Ղուրբան, նրանց խաբել են սուտ խոսքերով և հավատացրել, որ իբր...

Բայց եթե հաստատվեց, որ երեկ և գիշերս Թաղին քաղաքումն էր, այն ժամանակ ձեր եղբոր տեղը դուք կտուժեք... — ասաց վալիահթը, զննելով նրանց դեմքերը:

Մենք պատրաստ ենք ձեր բոլոր տուգանքները սիրահոժար տանելու, — ասաց Աբդուլ-Ալին, — միայն թե արդարություն ենք խնդրում:

Մոտ արի, — ասաց վալիահթը և նշան արավ, որ ծառայողները հեռանան դահլիճից:

Աբդուլ-Ալին մոտ գնաց և այնքան մոտեցավ վալիահթին, որ նրանց խոսակցությունը մարդ չէր կարող լսել:

Դու ինձ ճիշտն ասա, Թաղին գիշերս այստե՞ղ էր, թե ոչ:

Ղուրբան, — ասաց Աբդուլ-Ալին ցածր ձայնով, — ես երեկ առավոտ նրան մնաս բարովասացի և տնից դուրս հանեցի (նագլ-խանե): Ճանապարհ ընկավ, թե ոչ, դրական պատասխան չեմ կարող տար:

Ռզան գիտե՞ ճիշտը, — հարցրեց վալիահթը:

Նա էլ ինձ հետ էր:

Ուրեմն վկաների ցուցումները ճիշտ են: Նա գլխանե արել է, բայց հրդեհը գցելուց հետո է ճանապարհ ընկել: Այդ դեպքում ես չեմ կարող ձեզ պաշտպանել. գնացեք Ամիրին, նա ձեզ փնտրում է:

Ղուրբան, մենք այստեղ բաստի (ապաստանի) ենք եկել, — ասաց արտասվակալ աչքերով Աբդուլ-Ալին, — հրամայեցեք, ինչ-որ ուզում եք, պատրաստ եմ ձեր ամեն մի վճիռը ուրախությամբ տանելու: Գերուսի դուռը չենք գնալ: Դուք կարող եք աղիքներս թափել տալ, վիզներս կտրել տալ, կախաղան հանել, տներս կործանել, ինչ որ ուզում եք: Ստացեք տասը հազար թուման, միայն թե հովանավորեցեք մեզ:

Այս տասը հազար թումանի գործ չէ: Քսանչորս կրպակ եք այրել, որոնց շինությունը հինգ հազար թուման արժե: Ամեն մեկ կրպակի մեջ 500 թումանի ապրանք եթե հաշվենք, տասներկու հազար թումանի ապրանք էլ այնտեղ է փչացել: Բացի այդ, ասում են ծերունի Սադգը մնացել է կրպակների մեջ, խորովվել է:

Ղուրբան, ձեր կամքն է, ինչ որ ունինք, բոլորն էլ ձերն է: Ամեն ինչ պատրաստ ենք ձեզ զոհելու, նույնիսկ մեր կյանքը: Մենք ձեր ողորմությանն ենք սպասում:

Լավ, գնացեք, տասը հազար թուման տվեք Մյուջելալին, որ տանի բանկում պարտքս վճարի, հինգ հազար թուման էլ տվեք Ամիրին, որպեսզի Բազարչան շինել տա և այն աղքատ կրպակավորներին բավականացնե:

Ղուրբան, մենք ապաստանել ենք ձեր դռանը, Ամիրի մոտ չենք գնալ: Դուք ուղարկեցեք Ամիրին հինգ հազար թուման, որ նա կարգադրե և մեզ հանգիստ թողնե:

Լավ, Մյուջելալը կտանի, կտա Ամիրին, — ասաց վալիահթը և նշան արավ, որ քիչ հեռանա Աբդուլ-Ալին: Այս միջոցին ներս եկան սպասավորներն ու շրջապատեցին նուխեցիներին: Վալիահթն ասաց.

Գնացեք և դիվանատնից կանչեցեք Ամիրին:

Ապա Մյուջելալին նշան արավ իրեն մոտենալու, որին հրամայեց գնալ շուկա Աբդուլ-Ռզայի հետ և 15.000 թուման ստանալ, հանձնել բանկը, տասը իր, հինգը Ամիրի անունով և շուտով վերադառնալ:

Երբ Ամիր-Նիզամն եկավ, վալիահթն ասաց.

Գերազանցությո՜ւն, այսօր կստանաս հինգ հազար թուման և նորոգել կտաս Ղալայի դռան Բազարչայի 24 խանութները, որոնք գիշերս վառվել էին:

Ղուրբան, միայն կալվածները չեն, վնասվածք խանթվորներ էլ կան:

Ես միջոց գտա Բազարչան վերաշինելու, իսկ դու էլ վնասվածներին օգնելու միջոց գտիր: Նուխեցիները մեր քաղաքի զարդերն են: Նրանք սովի տարին գործարան բացին և 3400 ընտանիքի գործ ու ապրուստ տվին: Աղա Աբդուլ-Ալին մեր քաղաքում գործված խալիները Ամերիկայի շուկաները հասցնելով, այն տեղերից դրամ է քաշում մեր քաղցածներին կերակրելու համար: Սրանք այնպիսի շահաբեր ձեռնարկություն հիմնեցին մեր քաղաքում, որ այսօր իսկապես մենք նրանցով կարող ենք պարծենալ: Այդ բավական չէ, եկել են հինգ հազար թուման բերել, որ գիշերս հրդեհված Բազարչան շինվի, և թշվառները կրկին պատսպարվին: Այս մասին գրեցեք սադրազամին, որ սրանց տիտղոսով և առաջնակարգ շքանշանով վարձատրե: Դուք էլ տարեք սրանց և պատվեցեք:

Ձեր խոնարհ ծառան եմ, — ասաց Ամիր-Նիզամը դողդղալով և դուրս եկավ վրդովմունքը հազիվ զսպելով:

Երբ Աբդուլ-Ալին մտավ Ամիրի ատենական սրահը, առանձնացան, ծերունի պաշտոնակալը գլուխը և կզակը ճոճելով, ասաց.

Ա՜յ, ստահակնե՛ր, փախաք, մտաք վալիահթի ախոռը, որ իմ ճանկերից ազատվե՞ք: Եղբայրդ, եղբայրներդ ո՞ւր կորան:

Խա՜ն, խնայի՜ր մեզ, որդուդ գլխուն զոհիր, մենք ինչի՞ քեզնից պիտի փախչենք, որդին էլ հորից երես թեքե ու խույս տա:

Ա, սինլքոր, որ դու քու հորդ տանիցդ վռնդեցիր, տքնեցար նրան քաղցով սպանել, գիշերս էլ մյուս եղբայրդ ուզեց նրան նավթով վառել, այդ բավական չէ, այժմ էլ ի՞նձ ես ձգտում խաբել...

Սուտ խոսքեր են, զրպարտություններ են, ինքներդ քննեցեք և պիտի համոզվիք, որ ամբողջապես հերյուրանքներ են:

Ես ձեզ կղրկեմ շառը, թող այնտեղ կամ հաստատեն այդ զրպարտիչները իրենց բողոքը և կամ իրենք դատապարտվին զրպարտության համար:

Ո՞վ կհամարձակվի շառի դռնից փախչելու, մենք պատրաստ ենք, — ասաց համարձակություն ձևացնելով Աբդուլ-Ալին, այնինչ հին գայլը նկատեց, թե ինչպես սարսափեց կաշառատուն շառի և մյուջթեհիդի անունից, այս պատճառով հարեց.

Գանգատավորները ներսը սպասում են, ես նրանց կանչել կտամ: Կողմնակի համաձայնությամբ մի մյուջթեհիդ ընտրեցեք, գնացեք նրա ատյանը և թող շառով որոշում կայացնեն: Եթե անմեղ եք, զրպարտողներին պատժել տամ, եթե մեղավոր, այդ դեպքում գնացեք շինել տվեք և ամբողջ շուկայիկը, և՜ վճարեցեք քսանչորս կրպակավորների հրդեհին զոհ գնացած ապրանքի գինը:

Ես հակառակ չեմ շառ գնալու, բայց վալիահթի հրամանով սիրահոժար հանձն առա շուկայիկը իմ հաշվով շինելու: Իսկ եթե դուք կարծում եք, որ մենք որպես հանցավոր պարտավոր ենք հրկիզյալների վնասները տուժելու, այդ դեպքում Բազարչան էլ չենք շինիլ: Թող նախ հաստատեն եղբորս վրա կատարած զրպարտությունը, ապա ստանան վնասները: Այն հինգ հազար թումանը, որ վալիահթի հրամանով ձեզ բերելու են այսօր, խնդրում եմ ինքներդ վերցնեք, առանց մի գրոշ վճարելու Բազարչայի վերաշինությանը: Մեզ էլ ուղարկեցեք Հաջի Միրզա-Մյոհսին աղա մյուջթեհիդի մոտ: Շատ շուտով կբռնեք, թե ով է մեղավորը:

Ես լավ գիտեմ, թե ով է մեղավորը, բայց ինչ օգուտ, որ վալիահթը Մեհմեդ-Ալի-Միրզան է: Գնացեք և Բազարչան ձեր քսակից շինել տվեք, եթե ոչ, մոխրի վրա կնստեցնեմ ձեզ:

Այս ասելով նշան տվեց, որ հեռանա Աբդուլ-Ալին, որի դուրս եկած րոպեին նրան դիմավորեցին Մյուջելալն ու եղբայրը, որոնք 5000 թումանի բանկային ստացագիրը ներս էին տանում Ամիրին ներկայացնելու: Աբդուլ-Ալին չթողեց, որ Ռզան ընկերակցի Մյուջելալին, և երկու եղբայրը մռայլած դեմքով վերադարձան իրենց վաճառատունը:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնն ու ընկերակիցները իրենց գանգատից ետ չկանգնեցան: Նրանք անընդհատ Ամիրից և գլխավոր մյուջդթեհիդներից դատաստան էին խնդրում: Սրանք էլ իրենց սովորականի համաձայն գանգատավորներին խաղաղեցնում էին: Մյուս կողմից էլ ստիպում էին նուխեցիներին անպայման շուտով վերջացնել հրկիզված շուկան: Մեծ եռանդով շուկան շինվեցավ երեք շաբաթվա ընթացքում և ամեն մի կրպակավոր իր գործին կպավ:

Աբդուլ-Ալին շուկայի գլխավոր առևտրականներից մի քանիսին գաղտնաբար վնասները վճարեց, թղթեր առավ: Սրանք իրենց գանգատից ետ կեցան, երբ նկատեցին, որ չպիտի կարողանան միջոց գտնել մեծամեծներին կաշառելու, նպատակին հասնելու: Բավարարվածները իրենց խոստման համաձայն ոչ միայն դադարեցան դատարանների դռները բախելուց, այլև հորդորեցին, հուսահատեցրին իրենց ընկերակիցներին և ընկճեցին:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչ միայն վնասները չստացավ, այլ մտատանջությունից ընկավ անկողին: Թշվառ ծերուկին տանջում էին պարտքերը, որոնք մնացել էին այլևայլ առևտրականներից բերած ապրանքի փոխարեն: Թեև ոչ ոք Հաջիից առնելիքը չէր պահանջում, բայց որպես հին վաճառական, խստապահանջ մարդ, անչափ մտորում էր այդ պարտքերի համար:

Մանավանդ որ ինքը մտածմունքից հիվանդացել էր, Քյուլսունը հղի էր և ապրուստի միջոցներն էլ սպառվել էին: Երբ անկողնում պառկած անվերջ հառաչում էր, կինը նրան մխիթարելու համար կրկնում էր.

Ա՜յ մարդ, ինչի՞ ես հուսահատվում, վախենում ես, որ քաղցած մնանք: Մի տարի այրի անցկացրած օրերումս եթե սովամահ չեղանք, էլ այժմ ի՞նչ վախ կա:

Ա՜յ կնիկ, մի՜ բորբոքիլ սրտիս կրակը, Հաջին չի կարող ուրիշի աշխատանքով ապրել, մանավանդ պարտքը վզին գերեզման իջնել:

Հայրիկ, — ասաց մի օր փոքրիկ Ջաֆերը, — ես այժմ օրական կես ղռան եմ ստանում, հոգս մի քաշիլ, թե՜ կապրենք և թե՜ պարտքդ կտանք:

Ես քեզ ղուրբան, — ասաց մայրը, — թող աշխարհք, մեզ հալածե, դո՜ւ միայն կարող ես ամոքել մեր վշտերը:

Որդի՜, — ասաց ծերուկը, — բարի սրտիդ համեմատ բարիքներով լցվիս:

Որքան որ պատվազգացությունից տանջվում էր Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, այնքան էլ նրա հարգանքը բարձրանում էր բարեկամների շրջանում: Ոչ միայն նրանից պարտքերը չէին պահանջում, այլ ամեն իրիկուն ծերունի բարեկամները գալիս էին նրան, մխիթարելու, քաջալերելու, հուսադրելու և հորդորելու, որ կրպակը բանա և գործը աննկուն շարունակե: Հաջին այդ խրախուսանքից սրտապնդված կազդուրվեց, ոտքի ելավ, գնաց շուկա, նորից ապրանքով լցրեց կրպակը և շարունակեց գործերը:

Այն ծերունիները, որոնք շաբաթը մի քանի անգամ իրենց որդիներից ծեծվում, նախատվում էին, Հաջիի սրտակից բարեկամներն էին, գալիս էին նրա մոտ, վշտակցում և քաջալերում նրան, որպեսզի անարգ որդիներին պատժել տա, գուցե և դրանց օրինակը սանձե մյուսների գազանացած զավակներին:

Հաջին թեև կրպակից դուրս գալու հնարավորություն չուներ, նա տքնում էր պարտքերը վճարել, պարզ ճակատով միշտ հրապարակ իջնել, բայց և այնպես չէր հանգստանում: Ամեն օր կրպակը կապում, գնում էր ինչպես մյուջթեհիդների, նույնպես և Ամիրի դուռը, որպեսզի պատժել տա իր ոճրագործ որդիներին:

Խա՜ն, — ասաց մի օր Ամիրին, — դու ծերացել, անպետքացել ես, շահը հրաման է ուղարկել, որ քեզ զնդանը գլորեն և որդուդ նշանակեն Ատրպատականի փիշիքար:

Ո՞վ ասաց, պատճա՞ռը, — հարցրեց ծիծաղելով զառամյալ վարչապետը, որպեսզի խոսացնի վշտահեղձ ծերունուն:

Ես հեռագրեցի, ես խնդրեցի շահից, որ քեզ գլորե: Պատճառն այն է, որ դու ցնդել ես, ցնորել ես, տարիներդ խելքդ տարել են: Այժմ ոչ թե մտածում ես այս ժողովրդի բարօրության մասին, այլ ձգտում ես սև փող ձեռք բերելու, որպեսզի լակոտներդ տանեն շռայլեն շվայտության մեջ: Փոխանակ արդարության ու բարոյականության ծառայելու, թունավոր օձեր ես սնուցանում, որպեսզի նրանք զորանան, թույն պատրաստեն և աղուեն աղքատ ու անճար աշխատավորներին: Եթե դու խելքդ կորցրած չլինեիր, պատժել կտայիր չարագործ որդիներիդ և կապահովեիր բյուրավոր և միլիոնավոր հայրերի վիճակը իրենց ընտանիքում: Քեզ ո՞վ ասաց, որ խելագարվես, եղած-չեղածը որդիներիդ բաժանես և ինքդ այսօր դատարանների դռները չափչփելու պարտավորվիս:

Ես սխալվեցա: Իսկ եթե դու Իրանի զարգացման նախանձախնդիր պաշտոնակալ ես, պատուհասիր անզգամ զավակներին, որպեսզի հայրենիքի կործանման առաջն առնես:

Բայց եթե երկրի ամբողջ ազգաբնակությունը իր կառավարության հետ դեպի անդունդ է վազում, — ասաց Ամիրը ծիծաղելով, — ես ո՞ր մեկի առաջն առնեմ: Դու գնացել շառով ու կապալագրով ամեն բան տվել ես որդիներիդ: Այսօր նրանք քեզ վռնդել են քո շինած տնից, դատավորն ի՞նչ անե, երբ օրենքը նրա ճանապարհը կապկպել է քու կամքով:

Ո՜չ, դու սխալվում ես. ոչ թե որդիներս են ինձ իմ տանից վռնդել, այլ ես նրանցից փախել եմ, որ կյանքս չկարճեն: Երբեք ես նրանցից ապրուստ կամ փող չեմ պահանջել կամ բաշխածս չեմ ետ ուզել, այլ կյանքիս դեմ դավաճանողներին, Բազարչան այրողներին, վալիահթին կաշառողներին պատիժ եմ պահանջում, հասկանո՞ւմ ես, աղա Ամիր...

Որ խելքդ թռցրած չլինես, մի՞թե կարող ես հանդգնել և պահանջել, որ ես իմ իշխանավորիս կամքի հակառակ գանգատ ընդունեմ: Եթե ես կաշառատու որդիներիդ պատմեմ, չէ որ կաշառ վերցնողին էլ դատաստանի պիտի մատնեմ... Հետո՞ ... Չէ՞ որ այդ պարագային դահիճը աղիքներս կթափե: Ավելի լավ չէ՞, որ ես բարեկամ մնամ թե՜ մեծավորիս և թե՜ որդիներիդ, նրանց բերած փեշքեշներն ու կաշառքները ստանամ ու կրքերիս բավականություն տամ, քան թե քեզ լսելով գլուխս փորձանքի մատնեմ:

Ուրեմն չարագործը անսանձ պիտի տանջե՞ քաղաքի խաղաղ ազգաբնակությանը, և պաշտոնակալներդ պիտի համակերպի՞ք, որպեսզի նրանց լավ կողոպտեք և ձեր ապարանքներում արծարծեք ու զարգացնեք շվայտությունն ու անբարոյականությունը:

Եթե խելագար չլինեիր, չէիր հանդգնիլ այդ խնդիրը շոշափել: Ո՞ւմ հայտնի չէ, որ քեզ նման էշերի դիզածը պետք է քո սնուցած օձերից խլեն արժանավորները և իրենց վայելչության համար ծախսեն: Չե՞ս իմացել, որ կան ճշմարտություններ, որոնք խոսողի լեզուն են կտրում: Բայց որովհետև ես ութսուն տարիս անցկացրել եմ, էլ չեմ ուզում ոչ թե ծառայել, այլ նույնիսկ ապրել, քանի որ կենսական բոլոր ուժերս սպառվել են և վայելելու ընդունակությունից զրկվել եմ, ուստի սրտիս մաղձը թափում եմ և զվարճանում եմ քեզ նման ապուշի աչքերը բանալուց: Իսկ դու թեև 60 տարվան ես, բայց կողոպտված ես և կենսական բարիքներից զրկված: Այդ պատճառով կյանքը քեզ համար դժոխք է դարձել և այս բոլորը լավ ես անում, որ քեզ սպանեն ու ազատվես հոգեկան տանջանքներից: Միայն թե ես էլ այնքան ապուշներից չեմ, որ քեզ հավիտյան լռեցնեմ և ինձ զրկեմ այս մեծ բավականությունից՝ քո տանջանքներին ականատես լինելու հաճույքից: Ուստի, բարեկամս, ցնորած ու գազազված Հաջի Աբդուլ-Հյուսեյն, որքան որ շատ բորբոքվիս, այնքան խիստ պիտի զվարճացնես ինձ: Այս պատճառով լիազոր ես խոսելու, հայհոյելու և անարգելու անսահման չափերով:

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը հանկարծ սթափվեց և զգաց, որ զառանցող Ամիրը իրեն ապուշի տեղ է ընդունել և իր վշտերի արտահայտություններով միմիայն զվարճացել է: Այս հիասթափությունը նրան ստիպեց նույնիսկ առանց մնաք բարև ասելու թողնել ու հեռանալ Ատրպատականի վարչապետ ատյանից: Ճանապարհին նա սկսեց մտորալ, թե արդյոք իսկապե՞ս ինքը դատողությունն ու ողջամտությունը կորցրել է:

Որքան խորն էր մտածում, այնքան ավելի համոզիչ փաստերը Հաջիին ապացուցանում էին, որ նա չէ խելագարված, որ նա միայն միջավայրի զոհն է: Նա թեև դարձավ տուն, տեսավ իր Քյուլսունին, որը ընթրիքի պատրաստություն էր տեսել և ուրբաթ իրիկուն ամուսնու ու որդու հետ մտադիր էր սեղան նստելու և քիչ շաղակրատելու:

Քյուլսունը նրա այլայլությունը հեռացնելու, զվարթացնելու համար ասաց.

Հաջի, այսօր մի այնպիսի փայծաղի տոլմա եմ պատրաստել, որ հոգուդ պատած տխրությունները ամբողջապես կքաշե ու կտանե:

Հաջին չըմբռնեց Քյուլսունի հանաքի միտքը: Նա մի կողմը քաշված դեռ մտմտում էր, երբ կինը գնաց կոնքով տաք ջուր բերեց և կրկնեց.

Դու այսօր շատ ես հոգնել, բեր ոտքերդ լվանամ հանգստացիր և ապա ընթրենք:

Ծերունին ակամա հնազանդվեց և երբ կինը ոտքերը մաքրեց ու չորացուց, ասաց.

Ա՜յ կին, «բան-ման» նկատո՞ւմ ես:

Ինչպես չէ, — ասաց Քյուլսունը, — դու այսօր առավոտ գնացիր մի փոքրիկ նախաճաշով միայն, ահա ճրագ վառելու ժամանակ է, նոր ես վերադառնում տանջված ու սոված: Գնամ սեղան պատրաստեմ, ընթրենք և ամեն ինչ կարգի կընկնի:

Ա՜յ կին, խո խելքիս բան չի՞ եկել:

Ինչպե՞ս չէ, քեզ ասել էի, որ ձմերուկ առնես, իսկ դու կամապաշտ, քո սիրած խաղողն ես բերել: Ողորմածիկս էլ այդպես էր, միշտ խաղող էր բերում և ինձ ասում էր. «Ձմերուկը ջուր է, խաղողը տեղն ու տեղը միս ու արյուն»: Դեռ գնամ ճաշը բերեմ, այդ մասին հետո, — ասաց ու գնաց թոնրից դուրս հանեց փայծաղի տոլման, բերեց, սեղանը զարդարեց և ընթրեցին:

Следующая страница