Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Շների ոռնոցը աստիճանաբար սաստկանում էր, և գյուղի սահմանից լսվում էին սոսկալի հաչոցները: Մարդիկ՝ գյուղացիք, այնպես էին հոգնել ու դադրել, այնպես էին լքանել ու թմրել, քնել ու խորթացել, որ ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հաչոցներին: Բայց հավատարիմ կենդանիները իրար հետ բոլոր ուժերով հաչում էին անընդհատ: Հեռվից լսվում էր ևս ձիերի ոտնաձայներ, որոնք աստիճանաբար մոտենում էին գյուղին, և կարծես ձիերն էլ հոգնած, ուժասպառ գյուղի շների ոռնոցի ձայնից քաջալերված, աշխատում էին ժամ առաջ հասնել իջևան և հանգստանալ: Ձիավորները շատվոր չէին, չորս հոգի էին և բոլորն էլ զինված: Նրանց բարձրացրած աղմուկը բորբոքում էր Շխնոցի շներին:

Վերջապես մտան գյուղ և այս ու այն կողմ ոլորվելուց հետո եկան իջան Վարդևանի դռանը: Մի քանի անգամ դուռը զարկին և ձիավորներից ավելի համարձակը իջավ ձիուց, բարձրացավ կտուրը և ձեռքի մտրակով շների հետ կռվշտելով երդիկից ձայն տվեց.

Վարդևա՜ն, Վարդևա՜ն, դուռը բաց:

Մի քիչ հետո Վարդևանը ճրագը ձեռքը դուրս եկավ և բակից ինչ-ինչ հարցեր տալուց, պատասխաններն ստանալուց հետո դուռը բացեց և ներս քաշեց անկոչ հյուրերի ձիերը: Չորս ձիավորներից երկուսը դատաստանական ատյանի ծառայող էին, մինը ոստիկան և չորրորդը Վարդևանի պահանջատերը` Գևորգ աղան էր: Հենց այդ միջոցին ամպերը սաստիկ գոռգոռում էին, և օդը փայլատակում էր, բայց Գևորգ աղայի անակնկալ գալուստը միայն շանթահարեց Վարդևանին:

Հյուրերին ներս առաջնորդեց Վարդևանը, ձիերը ախոռը կապելով, բայց դրանց կերակրելու ոչինչ չուներ տանը: Ո՜չ կաթ ուներ, ո՜չ մածուն, եղն ու պանիրը վաղուց էր սպառել, իսկ հացը առավոտ միայն թխելու էր Գարանը: Խոտ, գարի, դարման, յոնջա՝ նշույլն անգամ չէր մնացել:

Ձիերին յոնջա տո՜ւր, — ասաց ոստիկանը հրամայական եղանակով:

Յոնջա՞, — ասաց ապուշապուշ Վարդևանը, — այս տարվան բքերն ու ցրտերը տունը երդ շատ թողի՞ն, որ ես մարագի անկյուններից ձեր ձիերի համար յոնջա գտնեմ:

Խոտ բե՜ր, — ասաց վրդովված ոստիկանը:

— «Ես ասում եմ, թև ներքինի եմ, նա կրկին հարցնում է, քանի՞ որդի ունիս»:

Ահա, էֆենդի, թե ի՞նչ անխիղճ են այս գյուղացիք... Ես որ ձեզ պատմում եմ, դուք չեք հավատում, — ասաց բորբոքված Գևորգ աղան: Կեսգիշերին, այս անձրևին, փայլատակումներին ու ցեխին ես ո՞ւմ դուռը գնամ և պարեն գտնեմ մեր ձիերին: Դադրած անասունները հիմի տանջանքից կկոտորվեն:

Ինչի՞ չեք հավատում, աղա՛, ինչի՞ եք ամբաստանում, ահա ճրագը, ահա մարագներս... Հրամմեցե՜ք, ես ձեզ կառաջնորդեմ ամեն տեղ, դուք խո տանս լավ ծանո՞թ եք: Եթե մի բան գտնեք, ես արժանի եմ ձեր նախատինքին ու մեղավոր, ապա թե ոչ, դուք ինչ եք պատասխան տալու ձեր խղճին...

Ծո՜, հիմի հավատա՞մ, որ մի բուռը խոտ կամ դարման էլ չունիս:

Արևս վկա՜, գլուխդ վկա՜, աղա՜, ինչի՞ ես անհավատացել:

Ախար անլեզու անասուններին խո չե՞նք կարող սպանել:

Ի՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ:

Դրկիցից փոխ ա՜ռ, պարտք վերցրու, գնա փողով գնե, ես կվճարեմ:

Այո՜ , եթե լինի, եթե ունենան, — ասաց Վարդևանը հառաչելով:

Ծո՜, փողն որ ցույց տաս, հոգիներն անգամ կծախեն, — ասաց Գևորգ աղան:

Չկա, չունին... Հավատա՜ խոսքիս:

Գնա՜, — ասաց պաշտոնապես էֆենդին Վարդևանին, — այս ոստիկանին էլ տար և ձեր քեհյային ասա, որ մեզ համար խոտ, գարի գտնի և ինքն էլ գա, նա մեզ անմիջապես հարկավոր է:

Վարդևանը ոստիկանի հետ գնաց և բավական ուշացան, մինչև մի խուրձ հոտած ու ապականած խոտ գտան ու բերին: Մինչ երկուսով էին մնացել սենյակում՝ վաշխառուն ու պաշտոնականը, առաջինն ասաց.

Էֆենդի՜, սաստիկ համառ է այս անիծածը, դուք պիտի աշխատիք սրան վախեցնել, հետո քիչ-քիչ համոզել, որ գրավ դնե ինձ մոտ հողերը, մինչ փողիս վճարելը: Հակառակ պարագայում դուք սպառնացեք, որ աճուրդով ծախել կտաք ինչպես շարժական, նույնպես անշարժ կալվածները:

Դու անհոգ կաց, Գևորգ աղա՜, ես նրան մեղրամոմից կփափկացնեմ:

Դուք չգիտեք, էֆենդի, սրանք ի՞նչ սերունդից են, որ կտրտես, դարձյալ իրենց խոսքը չեն փոխիլ: Պետք է խիստ վարվել և դաժան դեմք ստանալ: Հակառակ պարագայում զուր կանցնի մեր այցելությունը...

Զուր կանցնի՞: Դու շնորհքս չտեսա՞ր այսօր այնտեղ, այստեղ էլ միևնույն բանը կպատահի...

Այնտեղ ուրիշ էր դրությունը, այնտեղ ձեռքումդ հրամանագիր ունեիր դատարանից, այնտեղ կարգադրված էր անել, այն բոլորը, իսկ այստեղ պետք է հանգամանքից օգուտ քաղել և նենգությամբ, երկյուղի ազդեցությամբ գործ տեսնել: Դուք վստահ եղեք, ես կարող եմ երեք-չորս օրից կարևոր թղթերը դուրս բերել հուգուգից (դատարան) և սրա համար, բայց ասում եմ, որ առանց այդ ծախսին այս գործն էլ կարգի բերենք:

Քու խոստացածդ երկու լիրան պատրաստիր, ես քո գործդ, ինչպես խոսք տվի, գլուխ կբերեմ: Գրավականով մուրհակ չե՞ս ուզում, կալվածների ապահովագրության թերթը չէ՞ քու կամեցածը, ես կարգի կբերեմ, էլ ի՞նչ ես ուզում:

Վերջապես քեհյան եկավ Վարդևանի հետ: Գյուղում դեսից-դենից քիչ գարի էին գտել, հավի կուտից, բունկալների խոտից հավաքել, բերել էին ձիերին: Էֆենդին երկար-բարակ գյուղապետ քեհյային նախատելուց, անարգելուց և հայհոյելուք հետո ասաց.

Քեզ կանչել եմ, քեհյա՜, որ վկա լինիս այստեղ: Գիշերս ես, Արզրումի հուգուգ մեջլիսի կարգադրության համաձայն, ցուցակագրելու և գրավելու եմ Վարդևանի կայքը Գևորգ աղային ունեցած պարտքի հաշվին: Թե՜ շարժական և թե՜ անշարժ, ինչ որ ունի, բոլորը պիտի ցուցակագրեմ: Քեզ կանչելուս պատճառն այն է, որ ինչ որ ունի, չունի, բոլորը մեկ-մեկ մեզ հայտնես, առանց ծածկելու, որպեսզի ապագայումն էլ պատասխանատու մնաս ծածկված ապրանքների համար:

Իշխանության հրամանին հնազանդելու պարտավոր ենք, բայց խնդրում եմ թողե՜ք այդ գործը մինչև լույս: Մինչև այն ժամանակ գուցե աղան հաշտվի մի կերպ Վարդևան աղբոր հետ: Եթե չհաշտվեն, գոնե ես միջոց կունենամ առավոտ դրացիներից նրա ունեցած չունեցածի մասին տեղեկություններ հավաքել և ձեզ լիովին, ճշգրիտ զեկուցում տալ:

Այդ ես չգիտեմ, — ասաց Էֆենդին, — եթե Գևորգ աղան համաձայնի, ես արգելք չունիմ: Ես էլ կխնդրեմ, որ եթե հնարավոր է` հաշտվի...

Վարդևան աղբար, ախր գործդ ինչի՞ ժամանակին կարգի չես դնում, — ասաց քեհյան, — որ դուռդ կեսգիշերին պաշտոնյա գա: Ամոթ է, մենք հայ քրիստոնյա ենք, ես կխնդրեմ Գևորգ աղայից, որ ներողամիտ լինի քու պակասությանը: Մենք առանձնանանք ու կարգի բերենք հաշիվդ, առանց դրացիներդ բանը լսելու: Առավոտ վաղ վեր կենան ու գնան, պատիվդ էլ դուռ-դրկիցի մոտ հողի հետ չհավասարվի:

Չգիտեմ ի՞նչ պատասխանեմ,.. Մի՞թե այս քրիստոնեություն է, մի՞թե այս մարդկություն է... Մի՞թե աստված չկա, խիղճ չկա, — ասաց հեկեկալով Վարդևանը և ձայնը կոկորդի խորքերում խեղդվեց:

Անխի՜ղճը, անաստվածը, դո՜ւ, դո՜ւ, ես, ապերախտ, — ասաց կատաղած Գևորգ աղան: — Փող ուզելու գալիս հրեշտակ եք դառնում, ողորմելի, անմեղ արարածներ, իսկ մենք երբ փողերս ետ պահանջելու լինենք, օձի նման՝ ազուն ու թույնը բերաններդ, մոտենում եք մեզ խայթելու: Մեղավո՞ր եմ, որ փողս ետ եմ պահանջում, հանցավո՜ր եմ, երբ իրավունքս եմ պաշտպանում...

Փողդ պահանջելու իրավունք ունիս, քեզ բան ասող չկա, բայց պաշտոնյայով դուռս գալդ օջախս քանդեց, կրակամարեց...

Ես տասնևհինգ օր առաջ աղբորս ուղարկեցի, քեզ կանչեցի քաղաք, բայց դու անտարբեր, մի պատասխան անգամ չճամփեցիր:

Ես խոստացա գալ, բայց ցանքից չպրծա:

Ո՜չ, ո՜չ, դու փախս ես տալիս, դու երեք տարի է ինձ մատի վրա խաղացնում ես, խաբխբում ես...

Ի՞նչ երեք տարի, ի՞նչ խաբխբել, աշունքը քեզ մոտ չեի՞, որ երկու լիրա տվի, կալին ինձ մոտ չէի՞ր, որ երկու սոմար գարի տարիր, անցյալ գարնան մատակներս չծախեցի և քեզ չհանձնեցի՞ երեք լիրա: Ախր, խի՜ղճ ունեցիր: Հինգ լիրա հինգ տարի առաջ փող ես տվել, քանի տարի է վճարում եմ, տալիս եմ, չեմ պրծնում, հիմա էլ...

Անօրենի լեզվին աշե՜, խոսածն իմացիր և զրպարտությունները լսե... Թե մուրհակդ մոտս չլիներ, պիտի ուրանաիր և կուլ տայիր փողերս: Երեք տարի առաջ տասներկու լիրա եմ տվել կանխիկ փողով, ահա՛, կարդա մուրհակդ...

4

Այո՜, այո՜, ես չեմ ուրանում, ճիշտ է, այդ մուրհակը ես եմ տվել, միայն հինգ ոսկի փոխարինությանս վրա երկու տարեկան տոկոսիքը, ծախսերը և տուգանքը վրա եկաք, ինձ պարտավորեցրիք, ստիպեցիք ստորագրելու այդ մուրհակը: Նեղն էի, հանգամանքից օգտվեցիք և հարյուրին քառասունութ տոկոս վեր առիք, տոկոսի էլ տոկոսը վրա եկաք, գլորեցիք ինձ հորը և այժմ ի՞նչ է մտքերինդ, աղա՜, եկել եք ձեր ոչխարին մորթելու, ահա՜, մորթեցեք... Բայց առաջ մանր ու խոշորիս խեղդեցե՜ք, սպանեցե՜ք, հետո էլ ինձ ուզում եք բութ դանակով...

Այդ հիմար ցնդաբանություններիդ մարդ չի հավատալ ես քեզ հինգ ոսկի տվել էի, նորն էլ չգիտեմ որքա՛ն տվի, տոկոսն էլ վրա եկանք ու մուրհակ ստացանք...

Անխի՜ղճ, անհոգի՜, դու էլ ե՞րբ ես ինձ փող տվել, բացի հինգ ոսկին... Երդվի՜ր, մի երդվի՜ր զավակներիդ արևովը, ես, ես ոչ թե տասներկու-քսանչորս ոսկի էլ կտամ: Շատ բանդ իմացել էի, բայց երես-երես ստելու աստիճան աներեսությունդ չէի գիտեցել:

Ես սո՞ւտ եմ խոսում: Երբ քեզ նման զզվելի արարածին հանում, կարմիր ոսկի փող եմ տալիս, ցավում վրան, օգնության հասնում, աներե՞ս եմ դառնում: Հայտնի բան է. տոկոս էլ պիտի ստանամ: Հապա որտե՞ղ ես իմացել, որ առանց տոկոսի փող տան:

Տոկո՞ս, անխիղճ, անհոգի, երկու տարվան մեջ հինգ ոսկին ինչպե՞ս տասներկու ոսկի դարձավ, իսկ երեք տարի է տալիս եմ, տալիս եմ, փողը փող, կալի մեջ ցորենը, եղն ու պանիրը, հավն ու գառը, էլի չե՞մ պրծնում...

Դե՛հ տեսե՜ք, տեսեք ի՞նչ խայտառակն է եղել: Մի պուտուկ յուղ է բերել կամ տոպրակով մածուն, կամ մեկ-երկու կամ պանիր և ուզում է դրանցով պարտքը վճարած համարել:

Ինչպես թե մի պուտուկ եղ. ախար տաշտով չորս լիտր դուռդ բերի անցած տարի, չորս լիտր այս տարի: Հերու տասը լիտր անքաշ պանիր բերի, դու մանր-մունր բերածներս ինչի՞ ես հիշեցնում և խոշորները մոռանում...

Հապա իմ փողս տոկոս չունի՞, գյադա՜: Ես խո քեզ նման էշ գյուղացի չե՞մ, որ ցորեն ցանեմ, գարի ցանեմ և տարեկան մեկ անգամ քաղեմ: Ես յոնջա եմ ցանում, յոնջա, որ քեզ նման իշաներիս ջրել տամ և տարեկան չորս-հինգ անգամ ժողովեմ: Եղն էլ պիտի տաս, պանիրն էլ, խոտն էլ, ցորենն էլ, գարին էլ, գառն էլ ու ձին էլ և այդ բոլորը տոկոսի տոկոսի մեջ... Չեք ուզում վճարել, ինչի՞ եք գալիս վիզ ծռում ու փոխ ուզում: Ով որ ինձանից փոխ ուզե, պիտի ամեն բան աչքն առնե: Ես ոչխար, կով չեմ պահում, ինձ մատյան պետք չէ, իմ փողերս խոզի նման տարեկան երեք-չորս անգամ են ցնգնում և ամեն անգամ տասնյակներով...

Հապա տվածս երկու լիրան մեկ անգամ, երեք լիրան անցած տարվան, երկու սոմար գարին, հերու չէ առաջին տարվան երկու սոմար ցորենը, երինջներս գլխից չե՞ս իջնելու...

Տոկո՜սը, շահը, շա՜հի շահը, քանի՞ տարի է...

Որ այդպես է, ուժն էլ քու կողմիդ է, ահա՝ էֆենդին, ոստիկանն ու գործակալը քեզ թև ու թիկունք են կանգնած, վեր առ, մի անգամ ինչ ունեմ չունեմ, վեր ա՜ռ, մեզ էլ բոլորիս մորթե ու տար... Տա՜ր, տա՜ր, ամենն էլ քեզ լինի, աստծու կրակն էլ, գուցե կշտանաս...

Էֆենդի, սա այնպես հաստակող անիծվածն է, այնքան համառ ու անկոտրում, որ մինչև ուժ ու բռնության չենթարկվի, չի փափկիր: Ես խնդրում եմ հենց գիշերս անմիջապես գրեցեք սրա ունեցածն ու չունեցածը, ցուցակագրեցեք, պահ տվեք ու գնանք: Ես այս գեղի մեջ քառասուն մարդու վրա պահանջ ունիմ, ոչ մեկին սրա նման դիմադարձ ու համառ չեմ տեսել, ոչ մեկից այս պատասխանները չեմ ստացել: Սազի գյուղերում չորս հազար մարդու հետ գործ եմ բռնել, լավ ու գեշ եմ եղել, ոչ մեկը ինձ այս պատասխանները չի հանդգնել տալ: Ես ամբողջ կարողությունս կփչացնեմ և չեմ թույլ տալ, որ սրա նման հաստակողերն իմ ո՜չ թե փոխս, այլ նրա տոկոսի տոկոսը և ո՜չ պոչն անգամ կուլ տան: Սրանք անխիղճ, անհոգի գյուղացի են, եթե իրավունք ձեռք ձգեն, մարդու կաշին առանց մորթելու կքերթեն: Գրեցեք, խնդրում եմ, մի՜ ժամանակը կորցնե՜ք, ես մինչև որ սրա ունեցածը չունեմ ցածը, պապենական մնացած արտերը աճուրդով չծախել տամ, չեմ հանգստանալ: Սրա նման օձերի գլուխը պետք է փշրեի որ մնացյալները իրենց պարտականությունը ճանաչեն և ուրիշի իրավունքը կուլ տալու աչք չտնկեն:

Աչքդ ես գիտեմ, որ արտերիս վրա է, բայց ականջիդ ետևը կտեսնես, իսկ մյուլքերիս կոչանը (купчий) չես տեսնիլ... Անխիղճ, անհոգի, խելքդ, միտքդ խեղճ գյուղացու մի թիզ հողի վրա է: Աշխարհք շորթեցի՜ր, չկշտացա՜ր, ո՜րի հետ հաշիվ ունեցար, տունը, տեղը, հանդն ու մարգը խլեցիր, մոխրի վրա մանր ու խոշորին թողիր: Իրենց էլ առանց ծախու գնելու գերեցի՜ր ու վարեցի՜ր... հիմի էլ հերթն ի՞նձ հասավ; Առաջ ես կտանեմ, իմ ձեռքով որդիքս, կնիկս կմորթեմ և հետո դու էլ ինձ սպանիր ու այնպես զավթիր Վարդևանի հողերը...

Ի՞նչ ես շատ լեզվիդ տալիս, — ասաց քեհյան խոսքի մեջ մտնելով, — նա քու արտի վրա ինչի՞ պիտի աչք տնկե: Հող չունի, հողի կարոտ է՞, մարգ չունի, մարգի պետք ունի՞, թե աշխարհի վրա նրան մարաբա՞ է պակաս:

Ծո՜, դու իմ փողս տուր, ծո՜, դու կարմիր ոսկիս տուր, գլուխդ խռով մնա քու հողդ էլ, մյուլքդ էլ, բեր փողերս տուր ես գնամ...

Ավելորդ խոսակցությունների ժամանակ չէ, — ասաց էֆենդին, — հիմի քեզ հարցնում եմ, այս մարդուն ունեցած պարտքդ անմիջապես կարո՞ղ ես կանխիկ դրամով վճարել ավելացնելով դրա վրա դատաստանական ծախսերը և իմ ճանապարհի ծախսը վարձիս հետ: Հակառակ դեպքում, ես համաձայն Արզրումի բիդայեթի վճռի, գիշերս պարտավոր եմ իսկույն գրել և գրավել բոլոր կայքդ ու կարողությունդ:

Ես բան չունեմ ասելու, — պատասխանեց հառաչելով Վարդևանը, — միայն խնդրում եմ, որ այդ վճռի պատճենը տաք ինձ, առավոտ մեր մոլլային կարդալ տամ և բովանդակությունը հասկնամ, ապա դուք էլ կատարեցեք ձեր պարտականությունը:

Ես մինչև առավոտ չեմ կարող սպասել, իսկույն պետք է սկսեմ ցուցակագրել:

Ես, էֆենդի, ձեզ դեմ բան չունիմ, կարող եք իսկույն կատարել ձեր գործը. բայց ես կասկածում եմ Գևորգ աղայի վրա... նա շատ անգամ կեղծ վճիռներով և սուտ պաշտոնականներով այս ու այն գեղն է գնացել և խաբեություններով ժողովրդին կեղեքել: Ես չեմ ասում, որ ձեզ նման մի մարդ կարող է խարդախել, բայց Գևորգ աղան ձեզ էլ կարո՛ղ է խաբել մի սուտ թղթով: Առաջ կարդանք, վճռի բովանդակությունը լսենք, հետո:

Անհավա՜տ, անօրե՜ն, շո՜ւն, կարծում ես ես քեզ խաբո՞ւմ եմ, թե ես գիր չգիտե՞մ և կամ չե՞մ ճանաչում բիդայեթի վճռի իսկությունն ու կեղծությունը: Հիմի թևերդ կապել կտամ, այնքան կթակեմ, որ կաշիդ կպոկեմ... Առաջս կխառնեմ, շղթայակապ ջարդելով քեզ քաղաք կտանեմ և բանտ գցել տալով տարիներով ոսկորներդ կփտեցնեմ... Դու տերության պաշտոնականին դիմադրո՞ւմ ես, նրան խարդա՞խ ես անվանում...

Էֆենդի՜, ախր...

Լի՛րբ, անզգա՛մ կարծում ես չգիտե՞մ, որ անցյալ շաբաթ ութ օր հինգ ջանֆիդան (անձնազոհ) տունդ պահեցիր, մյուզիր (վնասակար) ավազա՜կ, ես քու գլուխդ փշրել կտամ:

Էֆենդի՜, ներողություն եմ խնդրում, ես ձեզ անպատվելու ո՜չ մի միտք չունեի, ես միայն խնդրում եմ վճիռը, վճռի պատճենը տվեք, կարդանք...

Ես քեզ այդ դասերը տվող ջանֆիդանների տեղն էլ գիտեմ, ես քեզ նրանց քով գցել կտամ, բանտում թող էլի քեզ նորանոր դասեր տան:

Էֆենդի՜ մի՜ ինձ վրա զայրանալ, ես մեղավո՞ր եմ, եթե իրավունքս ցանկանում եմ պաշտպանել: Եթե կամենում եք, գնամ խնդրեմ, անկողնից բարձրացնեմ մեր գյուղի մոլլային, գա, կարդա վճիռը և ապա արե՜ք, ցուցակագրեցեք ինք որ կամենում եք:

Դու, անօրե՜ն, անհավա՜տ, ուզում ես փախչել, որպեսզի ես գործս չկարողանամ առաջ տանիլ, Գևորգ աղայի գործը ետ մնա և ինքդ ազատվիս դատավորների ձեռքից: Բռնեցե՜ք այդ անօրենին, մի թողնեք շեմքից դուրս գնալու:

Ո՜չ մի տեղ չեմ գնալ, բայց թող վկա լինի քեհյան, որ դուք առանց բիդայեթի վճիռը ներկայացնելու եք ցուցակագրում իմ կայքս: Ես արդեն գիտեմ իմ անելիքս, տարե՜ք քաղաք, այնտեղ դատարանի առաջ կխոսիմ ես Գևորգ աղայի հետ, թող նա այս գիշեր յուր ցանկությանը հասնի, իսկ վաղը...

Ահավասիկ բիդայեթի վճիռը, կարգադրությունը, — ասաց էֆենդին կակազելով և ծոցի վճիռքի պատճենը ցույց տվեց ու կրկին ծոցը դրեց:

Վարդևանը դատարանի պաշտոնականի թույլ շարժումներից և բորբոքումներից զգացել էր, որ նրա ձեռքում վճիռ չկա, իսկ երբ իբրև վճիռ ցույց տվեց մի թուղթ ու կրկին ծոցը դրեց, բոլորովին գյուղականի համար պարզվեց, որ դա մի շինծու գործ էր և դրանով ցանկանում էին իրեն նեղը գցել և ձեռքից մի բան կորզել: Այդ իսկ պատճառով նա ավելի համառեց և պնդեց յուր խոսքը:

Վարդևան աղբա՜ր, — ասաց մեկ կողմ քաշելով քեհյան թշվառ արտապանին, — մի՜ պնդիլ և զայրացնիլ անհավատներին, կարող են քեզ վնասել: Չտեսա՞ր, չիմացա՞ր անօրենը, անխիղճը ինչ զրպարտությունների պոչից բռնեց: Իսկ խո Գևորգ աղային գիտե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե, ամեն ցած միջոցի կդիմե և քու հախից կգա:

Վարդևանը, վրդովված, թույլ հառաչանքներ արձակելով, լսում էր յուր դրացուն, որի խոսքերը թունավորված սլաքի նման մտնում, թափանցում Էին նրա հոգու խորքերը:

Արի՜, համառությունը բաց թո՜ղ, մի կերպ յոլա գնա, խաղաղվիր, պրծի՜ր: Դու խո չե՞ս կարող Գևորգ աղայի դեմ ասպարեզ դուրս գալ: Այն գործը, որ լավությունով կարելի է վերջացնել, քանի՛-քանի տեսակ պիտի վնասվիք, որ գեշությունով իրարից վրեժ լուծեք: Բե՜ր մի բանի կապենք:

Չեմ կարողանում դատել, ուշքս վրաս չէ, քեհյա, արա ինչ որ կամենում ես:

Բե՜ ր, բե՜ ր մի նոր մուրհակ գրենք, մեկ էլ գրավականի թուղթ տուր Գևորգ աղային, ու գործը վերջանա: Ինչ որ է, ես կերթամ, կխնդրեմ, որ հաշվե ու վրան գալով նոր մուրհակ գրե, մինչև կալ կամ մի տարի ժամանակի...

Այնքան տվածներից ջոկ նորի՞ց վրան տոկոս գա... Արտերս գրավ դնեմ, որ տունս-տեղս քանդե՞, ինձ էլ մաբաբա շինե, յոթ պորտիս իրեն լակոտներին առանց գնելու գերե ու ստրկացնե: Ո՜չ, ո՜չ, թող ինչ ուզում է անե, ես նրան, քանի որ ողջ եմ, և ո՜չ մի ականջ հող կտամ, ո՜չ էլ ճորտ կդառնամ...

5

Գևորգ աղան նպատակին չհասավ, Վարդևանը համառեց և թեև մտրակի տակ ընկավ, ոստիկանն ու դատավորի ներկայացուցիչները նրան մի լավ գզեցին, բայց առանց կարողանալու արձանագրություն կազմել, լուսադեմին պարտավորվեցան հեռանալ: Քեհյան էլ ձեռքը մնաց դատարկ, թեև պատրաստվել էր մատնել ճշտությամբ Վարդևանի ինչքը: Դառն տանջանքով, վիրավորված և ջարդված մարմնով Վարդևանին յուր տարած հաղթությունը այնքան վսեմ, այնքան բարձր էր թվում, որ չէր էլ զգում մարմնի կապտածների ցավը: Այդ հաղթանակի քաղցրությունն ու փառքը նրան այնպես էր ոգևորել, որ նա ավելի մի բերդի տիրող զորավարի էր նմանվում այդ օրը, քան թե հասարակ հողագործի:

Ճշմարիտ որ նա այդ օրը Շխնոցի հերոսն էր: Հերոս, որը ոչ միայն ոստիկաններին, դատարանի գործակալներին դատարկ էր ճամփել յուր դռնից, այլ մինչև անգամ Գևորգ աղայի նման տզրուկին, որ քամել էր ամբողջ Սազի դաշտեցոց արյունը, խայտառակ ետ էր դարձրել: Որքա՛ն սրտեր այդ օրը հրճվել էին, որքա՛ն հոգիներ ոգևորվել և մխիթարվել... Նրանք, որոնք տնքում և տնքացել էին Գևորգ աղայի վաշխառուական ճանկերի տակ, հույսի հառաչներով էին լսել դեպքի մանրամասնությունները: Արքա՛ն բերաններ օրհնել էին Վարդևանին և այդ անցքի պատճառով անիծել ու երկնքից պատիժներ ու պատուհասներ հայցել անօրենի համար: Գևորգ աղայի ճնշած ու հարստահարված ոգիների սրտում զարթնել էր մի միտք, մի զգացմունք, ուժով ընդդիմանալու այդ արյուն քամող հարստահարիչին, պաշտպանվել նրա գազանային ժանիքների դեմ: Բայց շատերի համար շատ ուշ էր, արդեն դրանք կորցրել էին ոչ միայն իրենց կարողությունը, հողը, այլև դարձել էին մարաբա... Իսկ մարաբան ի՞նչ կարող էր անել իր տիրոջ դեմ, որին պատկանում էին յուր տունը, կայքը, անասունները, գործիքները, երկրամշակության բոլոր պարագաները և հողը... Զայրացած տերը՝ աղան, եթե վեր առներ այդ բոլորը, չէ՞ որ սոված ու քաղցած կկոտորվեր նրա ընտանիքը: Իսկ անունը կոտրված, դուրս հանված մարաբային ո՞վ հաց կտա, ո՞վ գործ կտա...

Որքա՛ն կանայք այդ օրը երնեկ էին տալիս Գարանին, որը Վարդևանի նման մարդ ուներ, որը կյանքի այնքան դառը բովերի մեջ ամեն նեղություն քաշել, բայց մի թիզ հող չէր ծախել, ամեն թակարդ քանդել էր և ծուղակներից ազատվել... Խեղճ կանայք լալիս էին իրենց վիճակը, որ անզգայաբար իրենց ամուսինների թուլության ու մեղկության, տգիտության ու կարճատեսության պատճառով ամբողջ գերդաստաններով մարաբա էին ընկել և տարեկան սոսկալի տանջանքների արդյունքը, ձնին, բքին ու տոթին, քամուն ու փոթորկին դիմադրելով ձեռք գցած բարու կեսը, ձեռքերն ու ոտքերը ջարդելով, գլուխն ու զբունը դառն քրտինքի մեջ ողողելով ու ծնկները փետացնելով ժողոված պտուղը կիսելու էին իրենց տերերի հետ, իրենց աղաների հետ: Առանց գնի, առանց վաճառքի հանվելու, առանց սակարկվելու և առանց դաշնագրի ծախվել էին, մատնվել էին հավիտենական գերության, և մատնողները չէին էլ զգացել, որ մարաբա մտնելով ի՞նչ սոսկալի անարգ վիճակ էին պատրաստել իրենց տան համար:

Մարաբայի աղան հանդում ցանված բարու բերքը կիսում է, խոտն ու հերթը պարտավոր է ժողովել մարաբան, տանել քաղաք և աղայի ցույց տված վայրը հանձնել: Կովերը, մատակները կամ ոչխարները կթել, յուղ, պանիր պատրաստել և աղայի որոշված, հայտնի բան է, կեսից շատ բաժինը նրա տունը տանել: Հավից հավ, ձվից ձու, գառն ու հորթը, գյադակն ու քուռակը, ամեն բերքը կիսում էր աղան: Դեռ այդ հերիք չէ, ասրեկտուրից ժողովված բրդից մարաբայի կինն ու աղջիկները պարտավոր էին մանել ու ներկել կարպետ կամ խալի, շալ թե ջեջիմ գործել և տանել աղային հանձնել, սայլերը լծել, անտառ գնալ փայտ բերել, աղային տանել: Աղբը «բասմա» գցել և աթար կտրել ու կեսը տանել աղային հանձնել: Դեռ այդ հերիք չէ, մարաբայի հարսն ու աղջիկը գարնան թե աշնան սարն են բարձրանալու` ժախ ու զոխ, երիժնակ թե սունկ ժողովելու և ջվալներով աղայի տունը կրելու: Չի կարելի նկարագրելով հասկացնել, թե ինչ սոսկալի և տաժանելի աշխատանքով ժողովում են գազը, որ տանեն հանձնեն առատաբար վառելու աղայի տան թոնիրը:

Բազմապահանջ աղան չբավականանալով այս ծառայություններից, ոչ միայն տեղի-անտեղի առաջարկներ է անում, որ մարաբայի կինն ու հարսը, տղան կամ աղջիկը գնան իրեն տունը, ցորենը լվան, չորացնեն, տանեն ջրաղաց, բնաղունը աղան, կորկոտը թեփից հանեն և դեռ ամբարների ցորենը մաղեն և մաքրեն: Էլ չգիտեմ ինչ-ինչ ծառայություններ կատարեն, դեռ պահանջում է գյուղացուն հանձնված կայքի, անասունների, գործիքների ու կալվածքի արժեքի փողի տոկոսիքը վճարել իրեն... իսկ ընտանիքը օդով և ջրով կերակրել, ափսոսալով, որ չի կարող և դրանց վրա հարկեր սահմանել:

Այս վիճակից էր խույս տվել Վարդևանը և երբեք մարաբայության հետ չէր կարողանում հաշտվել, չնայելով, որ իրենց գյուղի բնակության մեծ մասը արդեն մարաբա էր դարձել և օրեցօր մարաբա դառնալը անխուսափելի պահանջ էր դարձել գյուղացու համար, կյանքը մի կերպ պաշտպանելու և անկումը քիչ հեռացնելու դիտմամբ: Վարդևանի սկզբունքն էր, և նա համառությամբ չէր բաժանվում այդ մտքից՝ կամ անկախ գործել և կամ իսպառ չլինել:

Հենց այդ օրերում, երբ ցանքսից ու տափանելուց նոր էին ազատվել գյուղացիք, երբ դեռ բախտ փորձուկ չէին մտել, մի իրիկուն Մանուկը՝ Վարդևանի հարևանը, գյուղի տերտերի և ուրիշ երկու դրացու հետ դիմեցին Վարդևանի տունը: Գարանն ու Մարգարիտը բանից խաբար էին, իսկ Վարդևանը հանկարծակիի եկավ: Տաք օրեր էին, անուշ եղանակներ, աստեղազարդ կապուտակ երկինքը պարզ և լուսնկան առաջի իրիկվորե յուր նորամահիկը ցույց տվել ու աներևութացել էր: Ներսը գուբ սենյակում կամ ախոռի կողքի սյաքուներում նստելու կարիք չկար բաց օդում, դռան առաջի երկու կողմից տան պատերով պաշտպանված շվաքում էին նստել քարի նստարանների վրա և խոսակցում դրացիները դեսից-դենից:

Վարդևանը այդ օրերը շատ այցելություններ էր ընդունել: Յուր դրացիները դաս-դաս եկել ուրախակցություններն էին հայտնել` Գևորգ աղային խայտառակ դռնից ճանապարհելու համար: Ոչ միայն շխնոցիները, այլ մինչև անգամ մոտակա գյուղացիները, Գևորգ աղայից վառվածները մեկ-մեկ եկել խնդակցել և մանրամասնությունների հետ ծանոթանալով, հեռացել էին: Արդեն ոչ միայն Սազում, այլ մինչև անգամ Արզրում քաղաքում ամեն փողոցում ու սրճատներում խոսակցում էին Գևորգ աղայի անհաջող խաբեության և Վարդևանի դռնից խայտառակ հեռանալու մասին: Բանը այն դրության էր հասել, որ Գևորգ աղան ոչ միայն գանգատ էր սկսել Վարդևանի վրա ունեցած տասներկու լիրա պահանջի մասին, այլ տքնում էր օր առաջ պաշտոնյա տանել ու խայտառակել, ստորացնել և քարուքանդ անել մի այդպիսի ըմբոստ շինականի, որպեսզի պատիվը վերականգնի, և մյուս պարտապանները նույնանման քայլեր անելու սիրտ չանեն: Բայց գործը օրեցօր հետաձգում էին պաշտոնականները, որպեսզի մի բան կարողանան պոկել ժլատ վաշխառուից, որի քսակի բերանը անհամեմատ նեղ էր դրամ դուրս հանելու դեպքում:

Վարդևանը սկզբում սովորական մի այցելություն կարծեց այդ դեպքը, բայց երբ առակներով ու օրինակներով տերտերն սկսեց Մանուկ աղբոր դիտավորությունը հայտնել Մարգարիտին իրենց տունը հարս խնդրելու մասին, մռայլեցավ Վարդևանը, դառն մտքերը և ծանր վշտերը նորոգվեցան նրա սրտի խորքերում, և նա մոլորված չէր իմանում ինչ կերպ պատասխան տալ իրեն այցելուներին: Տերտերն ու ընկերակիցները այդ բանը վերագրելով Վարդևանի պատրաստակամության, կամաց-կամաց իրենց պատգամավորության նպատակը պարզեցին և հայտնեցին, թե իրենք վստահ են, որ Վարդևանը չի մերժիլ յուր դրացու հետ այդ խնամիական կապը կապելու:

Բայց այդ առաջարկը սրտի խորքերից խոցեց Վարդևանին: Նախ, որ նա հիշեց, որ ինքը որպես հայր մի մեծ հանցանք էր գործել յուր անդրանիկ որդու՝ Գեդևոնի նկատմամբ, նրան ամբողջ երեք-չորս տարով նշանած թողնելով և ապա երկրորդ որդու վերաբերմամբ, որի ընկերակցին-տարեկցին արդեն ուզում էր նշանել յուր դրացի Մանուկը: Բացի այդ, որ նրա աղջիկը արդեն վաղուց էր հասել և յուր նեղությունների պատճառով այնքան տունն էր մնացել, որ շեյխի մարաբա Մանուկը եկել էր, նրան հարս էր խնդրել... Ինքն, որ մարաբայությունից այնքան խորշում էր, եկել էին մարաբաների տուն աղջկան հարս խնդրելու: Կտրատվեցավ հոր սիրտը, մտածելով յուր զավակների տարաբախտ վիճակի մասին, բայց հնար չէր գտնում դրանց այդ անել վիճակից ազատելու... Հողը պառավել էր, պարարտացնելու միջոց չուներ, անասունները կոտորվել էին, ծախվել, լծկանները ավելացնելու հնար չուներ, փող չկար, գտնելու էլ ո՜չ հնար կար, ո՜չ էլ ցանկություն, իսկ դաժան պահանջատեր-վաշխառուն քիչ թե շատ եղած-չեղածը տանելուց հետո դեռ սպառնում էր...

Մոլորվել էր Վարդևանը, ո՜չ այո և ոչ էլ ո՜չ ասելու սիրտ չէր անում, իսկ Գարանը դռան ետևից, Մարգարիտը պատուհանից անհամբեր սպասում էին պատգամավորների հետ նրա վճռին: Գոռոզ մշակը չզիջավ, չընկճվեց և հաստատ մնաց յուր գաղափարին: Երկար երերումներից հետո համառությամբ ասաց,

Մանուկ աղբար, զուր տեղ ես նեղություն քաշել և այս բարեկամներիս էլ ծանրություն պատճառել: Ես քեզ մի տարի առաջ ասացի, որ ես ժամանակ չունիմ հարսնիք անելու: Դեռ նախ իմ որդուս եմ կարգելու, հարսիս տուն բերելու և ապա աղջկաս մասին վճիռ կայացնելու: Բայց քանի որ բանը այդտեղ հասավ, ես քեզանից խնդրում եմ, որ քու տղիդ համար դու աղջիկ ուրիշ դռնում ման արի, ես աղջիկ չեմ կարող տալ մարաբայի տան: Եղբայր, ես ճշմարիտը խոսող մի մարդ եմ, հա՜ անասունը, հա՜ մարաբան, երկուսն էլ նույն բանն են ինձ համար: Քանի որ դու աղաներ ունիս, ո՜չ տունդ քուկդ է, ո՜չ արտդ, ո՜չ լծկանդ, ո՜չ կթանդ, նույնպես քուկդ չեն ո՜չ աղջիկներդ, ո՜չ հարսներդ և ո՜չ էլ կնիկդ: Ուզում եք ելեք բերանիս զարկե՜ք, բայց տեր ունեցողը, իմ կարծիքով, իրեն սեփականություն չի կարող ունենալ: Ավելի լավ է աղջիկս դնեմ մորթեմ, քան թե մարաբայի տուն հարս տամ...

Այնպես սառը տպավորություն գործեցին այս բառերը պատգամավորների վրա, որ նրանցից ոչ ոք չկարողացավ պատասխանել: Երբ դրանք երկար լուռումունջ, միայն տխուր ու աղեկեզ հառաչում էին՝ հանկարծ Գևորգ աղան պաշտոնականներով և ոստիկաններով եկավ, իջավ Վարդևանի դռանը: Տունը շրջապատեցին և սկսեցին ցուցակագրել նրա կարողությունը...

6

Խոփը ժայռի դեմ առավ, — ասաց Վարդևանը, երբ սկսեց դատարանի գործադիր վարչության գործակալը մեկ-մեկ արձանագրել նրա կայքն ու անասունները: Նա թեև ջանում էր դիմանալ և այս հարվածին, բայց մորմոքի սաստկությունից չէր կարողանում զսպել այլայլությունը և արդեն նկատվում էր, որ մոլորությունը նրան տիրել էր: Երբ գործակալը արձանագրությունն էր կազմում, Վարդևանը բոլոր ճիգը թափեց, մոտեցավ նրան ու ասաց.

Ի՞նչի եք արձանագրում իմ կայքերս, էֆենդի՛:

Կգաս քաղաք, բիդայեթում կիմանաս պատճառները:

Բայց ինձ պետք չէ՞, որ հայտնեք, թե ինչ պատճառով կազմեցիք այս ցուցակը:

Գևորգ աղային ունեցածդ տասներկու լիրա պարտքի. նրա տոկոսների ու դատաստանական ծախսերի համար:

Լավ, բայց չէ՞ որ ես այդ տասներկու ոսկի պարտքի դեմ վճարել եմ կանխիկ փողով երկու անգամով երեք և երկուս, ընդամենը հինգ լիրա:

Ստացական ունի՞ս:

Բայց նա չի կարող ուրանալ, քանի որ ութ օր առաջ ձեզ մոտ, այսքան մարդու մոտ խոստովանեցավ, թե ստացել է:

Ես ոչինչ չեմ ստացել, — ասաց լրբաբար Գևորգ աղան: — Այն տվածդ ուրիշ հաշիվ էր, ուրիշ գործի համար էր:

Երկու սոմար գարի, սոմար ու կես ցորեն է տարել, որ նույնպես չորս լիրա արժե: Չորս լիտր յուղ եմ տարել այս տարի, չորս լիտր անցյալ տարի և տասը լիտր պանիր, որ արժեր երեք լիրա: Էլ ես քեզ ի՞նչ եմ պարտք:

Next page