Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Արդեն այս տագնապալի օրերում շինականին իր ամբողջ անցյալը յուր լավ և վատ գույներով ներկայանում է երևակայությամբ: Այդ բանը նրան քաջալերում է և թույլ չի տալիս քաղցր կյանքից ձեռք քաշելու, ապագայի քաղցրագույն հույսով: Հիշում է, որ նա ունեցել է բարեհաջող տարիներ, լիքն են եղել հորերը ցորենով և քիլարները` բարով: Հաց է եղել նրա պահեստը ո՜չ միայն անցորդի, աղքատի, այլ մինչև անգամ սարի այս ու այն կողմի ազգակիցների համար, որոնք իրեն պես պատահարներից ընկճված, եկել ու պարկերը լցնելով առատությամբ, տարել ու ապրել էին: Հիշում է, որ ինքն էլ փոխադարձաբար գնացել է, բերել ու սև օրերը անցկացրել: Ավելի ևս այդ օրերը հիշում է, թե ում փոխ է տվել և ում ցորեն կամ մի ուրիշ նյութ պարտք ունի: Նեղ օրում պահանջները ուզելը ամոթ չէ, պարտապանը, պահանջատիրոջ կարոտությունը աչքի առաջ ունենալով, ձգտում է վերադարձնել պարտքը և փոխարինել բարիքը:

Վարդևան աղբա՜ր, — ասաց մի օր նրա հարևան Մարուքը, — թե կարելի է թոխլիների գինը տաս, գիտես մեր հալը: Գիտեմ, որ քու էլ միջոցդ շատ լավ չէ, մանավանդ որ թոխլիներն էլ տարիր քաղաք, այն դատարանի անդամների բերանը ոսկոր գցեցիր, քեզ էլ օգուտ չբերեց, բայց մեր վիճակը խո՞ լավ գիտես, մի թիզ արտերս չազատվեց... Փառք աստծո՛ւ, էլի քու արտերից մեկ-երկուսը կքաղվի, հերկերդ փրկվեցին խշմից:

Մարուք աղբա՜ր, աստված գիտե, մոլորվել եմ... Մտքիցդ չանցնի, թե Վարդևանը մոռացել է պարտքը կամ քեզ խաղցնում է... Միտքս դրել եմ մոզիկներս ծախել և նախիրն եմ ուղարկել, որ լավ գիրանան: Ուզում ես հիմիկուց գին դնենք, վեր առ, չես ուզում, մնա՜, աշնանը ծախեմ և թոխլիներիդ գինը տամ:

Ինչպես ուզում ես, այնպես արա, միայն մի՜ մոռանալ, որ շատ նեղության մեջ ենք:

Խոսքս խոսք է, վստահ գնա գործիդ:

Դեռ հազիվ ճանապարհել էր Վարդևանը Մարուքին, ինքն էլ շշմած մտածում էր անելիքի մասին, երբ նրա դուռը կտրեց մի ուրիշ հարևան, որից մի լիրա էր փոխ առել Վարդևանը ու դատաստանական գործադիր մարմնի ներկայացուցչին տվել որպես վարձ:

Այն մի լիրան, Վարդևան աղբար, հոգուդ մատաղ: Մուտուրկանցուց մի սոմար ցորեն գնեցի, կալին պիտի տա, այսօր նեղություն ունի, եկել է, պահանջում է:

Մի լիրա՛ն... Բայց փող չունե՜մ, ճար չկա: Չի սպասել մի տասնևհինգ օր, Ղարսից՝ Գեդևոնիցս փող պիտի գա, իսկույն կտամ:

Հավատացի՜ր, շատ նեղն եմ, մարդը եկել է դուռս, չտամ, վախենամ ցորենը թանկե, հետո մանր ու խոշորս նեղության մեջ գցեմ...

Մի տեղից գտի՜ր, Մարգար ջան, արևս վկա՜, Գեդևոնիցս փող ստանալուն պես առաջին անգամ բերեմ քեզ վճարեմ... Մի՜ վախենալ, շատ չեմ ուշացնի, մի՜ կասկածիլ, նամակ ունիմ, կարելի է, որ հիմի Պոլիս էլ եկած, քաղաք հասած լինի:

Իրար ետևից, կարծես միախորհուրդ, գալիս էին Վարդևանի պարտատերը, և նա մոլորված ամեն մեկին մի-մի պատասխան տալով ճանապարհում և մորմոքալով հառաչում էր: Քանի որ արտերը ցոլում էին, առատ բերք խոստանում, մարդ չէր հիշեցնում Վարդևանին յուր պարտքերը: Երբ կարկուտը ոչնչացրեց և փչացրեց նրա աշխատության պտուղը, ամենքն էլ կասկածեցան նրա պարտաճանաչության մասին (գոնե Վարդևանը այդպես էր բացատրում), սկսեցին խստիվ իրենց պահանջները ուզել: Մարդ է, դրացիություն է, կարիք է, ամենքն էլ ունին պարտք ու պահանջ, բայց պարտապանը չունեցածից ի՞նչ կարող է տալ:

Հենց այդ դառը մտքերը Վարդևանին պաշարած օրերը քաղաքից մի պաշտոնական եկավ և մի հայտարարություն ևս հանձնեց, թե օգոստոսի մեկին աճուրդով ծախվելու է Վարդևանի շարժական կարողությունը: Եթե այդ կարողությունը չլրացներ նրա Գևորգ աղային ունեցած պարտքը, այն ժամանակ հետևյալ ամսում ծախվելու էր ևս անշարժ կալվածքը: Բավական չէր այս գույժը, Վարդևանը պարտավոր էր գուժկանին կերակրել, պատվել և մի փեշքյաշ տալով, արձակել: Քեհյան և նրա խորհրդականները այդպես էին խորհուրդ տալիս: Թեև Վարդևանը հակառակվեց, բայց պաշտոնականը բռնությամբ մինչև չկորզեց մի մեջիդե (մոտ 2 ռ.), չհեռացավ, դեռ առանց հաշվելու կերած հավերն ու ձվերը, տարած մածունն ու կարագը, վառեկներն ու գառը:

Հարվածը սարսափելի էր, Մեղրենց արյունարբու լակոտը մտադրածը պիտի կատարեր: Գեղի մեջ պարծեցածը պիտի գլուխ բերեր... Վարդևանի կայքը, արտերը պիտի Արզրումի մեջ մունետիկի ձեռքով աճուրդով ծախել տար: Այս միտքը սպանում էր Վարդևանին, այս հարվածը խելաբժուժ արավ հողագործին, որը գիշեր և ցերեկ հանգստությունը կորցրեց: Քեհյան ու տերտերը անընդհատ հետևում էին Վարդևանին և երկուսն էլ քննում էին նրա բոլոր արարքները ու տեղեկացնում մանրամասնաբար Գևորգ աղային, որի մարաբաներն էին: Գևորգ աղան խոստացել էր աճուրդից գնել Վարդևանի կալվածները և հանձնել նրանց մշակելոլ մարաբայական կարգով: Այս բանից մասամբ տեղեկություն ստացել էր և ինքը` Վարդևանը:

Ողջո՜ւյն, — ասաց մի իրիկուն տուն մտնելով տերտերը Վարդևանին և անցավ բազմեցավ բազմոցի գլխին, առանց սպասելու տանտիրոջ բարի «հրամմեցեքներին»: Շատ չանցած նրան հետևեց քեհյան, որը նույնպես տեղ բռնեց տերտերի դիմաց: Վարդևանը անմռունչ նստած էր, առանց լսելու և մասնակցելու անգամ նրանց խոսակցությանը: Տրտնջում էին գյուղի ջոջերը իրենց վիճակից, անողորմ բախտից և հուսահատությունները արտահայտում: Վարդևանը միայն երբեմն-երբեմն հառաչում էր:

Է՜հ, Վարդևան աղբար, — ասաց տերտերը խրատչի տոն տալով յուր ձայնին, — ի՞նչ շատ հառաչեցի՜ր, ի՞նչ շատ մնջեցի՜ր; Աշխարհ է, մի օր այսպես, մի օր այնպես կմթնեցնենք, կանցնի, կերթա: Աշխարհի համար ի՞նչ ես այդքան հոգս քաշում: Այս անցավոր կյանքն ի՞նչ է, որ մարդ դրա համար այդքան մտատանջվի, դառն ցավերի ու հոգսերի մեջ մոլորվի: Ինչ ուզում ես արա, կերածդ մի փոր հաց, հագածդ մի ձեռք հալավ է: Դու հավիտենականի համար մտածի՜ր, որ կամ մշտնջենավոր երանություն է կամ անվերջ տանջանք: Վախենաս այս փուչ աշխարհի վրա մի աղքատ ապրուստ չճարե՞ս: Մի լինիլ մյուլքատեր, եղի՜ր մեզ նման մարաբա, ի՞նչդ կպակսի: Մյուլքատեր, թե մարաբա. զանազանությունն ինչի՞ մեջ է: Ամեն դեպքում էլ մի ապրուստ, մի աղքատիկ կեցություն: Քանի որ մեզ այնպես է վիճակվել, որ մեզ պիտի թալանեն մյուլթեզիմները, էղնամի մեմուրները, վաշխառուները, չարչիները և մեր բերքի մեծ մասը պիտի կողոպտեն, տանեն, ավելի լավ չէ՞, որ մենք էլ մտնենք մի-մի ուժեղ աղայի հովանու տակ, որ նա մեզ պաշտպանե... Ի՞նչ անենք, թե աղան պիտի կիսե մեր բերքերը, խո գոնե մեր բերքի կեսը մեզ կմնա և մեզ ամեն պատահական չի կարող ճզմել ու ճխլել: Արի ինձ լսե՜, գնանք, չթողնենք, որ հողերդ աճրդով ծախվեն, տանք Գևորգ աղային, պայման անենք, դարձիր մարաբա, պրծավ գնաց...

Ի՞նչ ես ասում, տերտե՜ր... Ես գնամ ու լիզեմ իմ թշնամուս ոտքե՞րը, այն անգութի՞, որը ինձ քարուքանդ արավ... Ես մարաբա դառնամ, ինքս ինձ իմ ձեռքով գերության մատնեմ և ամբողջ ընտանիքս աղային ճո՞րտ շինեմ...

Մարաբան չե՞ս. իբր թե ստրկությունից ազա՞տ ես: Ի՞նչ տարբերություն կա մի մարդու կամ տասը մարդու ճորտ լինելու մեջ: Եթե մարաբա լինես, մի մարդ պիտի քեզ դատեցնե ու լափե քու վաստակը, եթե անձնիշխան լինես, ոչ թե մեկ, այլ գուցե և հարյուր մարդ քեզ պիտի կեղեքե և առանց զգալու պիտի դրանց անուղղակի ճորտը լինիս:

Մարաբա լինելով էլ կողմնակի կեղեքողներից չե՜ն ազատվում... բայց հազար անգամ նախապատիվ եմ համարում հարյուրներից կեղեքվել, քան թե տանս, ընտանիքիս իշխանությունը հակառակորդիս հանձնել:

Մեկ է, առաջ թե վերջը, կալվածներդ ծախվելու են: Կարող է պատահել, որ աճուրդում մի թուրք կամ մի քուրդ գնե արտերդ և այն ժամանակ...

Ավելի լավ է թուրքի, քուրդի մարաբա լինել, քան թե հայի, արյունակցիս, որն ինձ կործանեց և աշխատում է գիշեր-ցերեկ կործանել իմ դրացիներիս էլ:

Այն, որ կորցնելու ես հողերդ, ավելի լավ չէ՞, որ համկրոնակիցդ առնե:

Ո՜չ, ո՜չ, ես ուրախությամբ քուրդին կտամ, մոլլին կտամ, թուրքին կտամ հողերս և նրանց ստրուկ կդառնամ, քան թե հայի, որ փափուկ-փափուկ օրորելով պիտի ծծե արյունս, ապականե կյանքս: Քուրդը, զանազան կամ յուր շահի համար ավելի լավ կպաշտպանե ինձ, կամ մի հարվածով կսպանե և չի տանջիլ բութ, սղոցի նման դանակով...

10

Գիշեր էր, մառախլամած գիշեր, նման աշնան գիշերներին, որոնք ձմռան շուտափույթ մերձենալն են բոթաբերում: Անձրևի, թոնի շատ մանրուք էր թափվում և ավելի գարնան, քան ամառային գիշերվան էր նմանում: Խոնաված, թորված հողի երեսով չստերը ցեխոտելով առաջ էր գնում Վարդևանը համր քայլերով և մտորելով: Գյուղում ոչ մի շշուկ չէր լսվում, ոչ իսկ քամու նշույլը կար, որ գոնե նրա սուլոցին վարժ ականջները չծակեր: Գնում էր պատից պատ բռնելով և երբեմն-երբեմն էլ կանգ առնելով: Նա մի երկու անգամ քայլերը ետ դարձուց և, երեք քայլ չփոխած, կրկին շարունակեց նախկին ընթացքը: Վարդևանը ավելի գլորվում էր, քան թե գնում, նա ավելի դիականման թավալումներով էր տատանվում: Նրա գույնը մեռելային տիպար էր ստացել, նրա խրոխտ աչքերը փոսն ընկած, հանգածի էին նմանվում և նրա անդամները սայթաքելով էին շարժվում: Կանգ առնելով, խորհելով վերջապես նա հասավ Մանուկի դռանը և բախեց: Ներսից երկար պատասխան չստանալով՝ կրկին բախեց, և վերջապես Մնացականը դուռը բաց արավ, առանց ճրագի մութ բակից ներս առաջնորդեց յուր ապագա աներոջը: Մանուկը նրան ուրախությամբ դիմավորեց և նստեցրեց յուր բարձր կողմը: Երկար տատանվելուց և սովորական խոսակցությունները կատարելուց հետո ասաց Վարդևանը.

Մանուկ աղբա՜ր, վաղը քու աղադ՝ շեյխը, գեղ պիտի գա՞:

Այո՜, նա ինձ այսօր խաբար էր արել:

Ուրեմն այգվան անպատճառ կգա՞:

Եթե մի արգելք չլինի:

Գիտե՞ս ինչ կա, ես ուզում եմ դրանից մի տասնևհինգ լիրա վերցնել և այդ Մեղրենց լակոտների գործը վերջացնել: Դու մեկ դրան կամաց իմացուր և տես, թե գլուխ գալու բան է` գամ ու վերջացնենք:

Բայց նա առանց գրավականի և դաշնագրի չի տալ:

Այդ էլ կտամ, ճարս ի՞նչ է... Փոխանակ թողնելու, որ աճուրդով ծախվի և այն անգութ արյուն ծծողների ձեռքն անցնի, ես ինքս գրավ կդնեմ: Գուցե բախտս բերեց, պարտքս կտամ և կայքերս կազատեմ... Թե ո՜չ, ավելի լավ է շեյխի ձեռքն անցնի և Շխնոցը շեյխին բաժին դառնա, քան թե այն տուն քանդող, օջախ կործանող Գևորգ աղան տիրե իմ կայքերիս: Հազար անգամ լավ է շեյխին մարաբա դառնալը Գևորգ աղային ստրկանալուց:

Դրան կարիք չկա, մանավանդ որ շեյխը հոգվով կպած է գործի և ոչ ոքի չի թույլ տալ, որ յուր մարաբային կեղեքե, այն ինչ Գևորգը, ինչ էլ որ լինի, էլի մի հայ է և կողոպտման ենթակա: Լավ, ես առավոտ կխոսեմ ու քեզ կկանչեմ:

Հետևյալ օրը, ճաշից առաջ, Մանուկը կանչել տվեց դրացուն և ներկայացրեց յուր աղային: Շեյխը Վարդևանին ոտից-գլուխ քննելուց հետո ասաց.

Տղա՜, փող ես ուզել, նեղության մեջ ես եղել, այդ անօրեն Գևորգը քեզ էլ յուր թակարդն է գցել: Բայց ի՛նչ օգուտ, փող չունի՜մ քեզ տալու:

Աղա ջա՜ն, դու գիտես, օջախդ եմ ընկել, դու պիտի ինձ ազատես: Տասնևհինգ լիրայով ինձ գերությունից կազատես:

Ես փող չունիմ, այսինքն՝ հիմի ազատ փող չունիմ, բայց տասնևհինգ օրից, մի ամսից հետո կարող եմ տալ, ոչ թե տասնևհինգ, այլ հիսուն, հարյուր, որքան որ ուզես:

Աղա ջա՜ն, քեզ մատաղ, քու զավակներիդ մատաղցուն հաշվելով, փրկի՜ր ծառայիդ մանր ու խոշորին այս գերությունից: Որ կամենաք, կարող եք գտնել... Ի՞նչ դժվար է քեզ համար տասնևհինգ կամ երեսուն լիրա գտնելը:

Ես մարդու դուռ չեմ գնալ և ոչ ոքից փող չեմ խնդրիլ: Եթե ուզում ես, կարող ես համբերել, մի չորս-հինգ օր հետո եկ քաղաք և եթե պատրաստի փող ունենամ՝ կտամ, չեմ խնայի. միայն գրավականով և ապահովությամբ:

Ինչպես կամենում եք, ես պատրաստ եմ բոլոր կայքերս ձեզ մոտ գրավ դնել:

Քու քոչաններդ (կալվածագիր) որտե՞ղ են, նրանք վեր առ և բեր: Մինչև օրինական դաշնադիր չկապես, մինչև բոլոր քոչաններդ չհանձնես ապահովության, չեմ տալ: Տոկոսն էլ օրինական, ես ձեր հայերի նման անխիղճ չեմ, մեկին տասը չեմ առնիլ, իմս հարյուրին քսանչորս, որոշ, կտրական, ոչ ավել և ոչ էլ պակաս: Խոսքս էլ տղամարդու խոսք, ինչպես կտամ, այնպես կկատարեմ, ինչպես խոսք առնեմ, այնպես էլ խիստ պահանջում եմ: Օրը-օրից չեմ անցկացնի, որոշյալ ժամին ու ժամանակին ետ կպահանջեմ: Ինչպես տալուց երես չեմ դարձնիլ, այնպես պահանջելուց չեմ վախենա, չեմ կասկածի և չեմ մեղմանա: Պայմանիցս մի մազ անգամ չեմ շեղվիլ և սկզբից գեշ մարդ կլինեմ, ճշմարիտը կհայտնեմ, որ ապագայում ո՜չ թե ես, այլ ինձ հետ գործ բռնող պարտազանց գտնվողը ամաչե և լեզուն չհամարձակվի առաջս շարժելու: Ուզում ես, ա՜ռ, չես ուզում, մի՜ առնի: Խելքդ կտրում է, մոտեցի՜ր փողերիս, թե ո՜չ, հեռու կեցի՜ր ինձանից, որովհետև ես խոստումնադրուժի գլուխը կփշրեմ:

Մարդն էլ այդպես է պետք, աղայի պարտականությունն էլ այդ է, որ ճշմարտությունը սկզբից խոսի և շողոքորթ շարժումներով ու խոսքերով չխաբե իրեն դիմողին:

Ուզում ես, տա՜ր, չես ուզում մի՜ տանիլ: Որքան ժամանակի ուզում ես, այժմվանից որոշիր և հաշիվդ լավ քննե, որ վերջը չզղջաս, — ասաց խրոխտ նայվածքով շեյխը, ջանալով դեմքին աղայական միմիկաներ տալ:

Արդեն ժամանակն էր, Վարդևանը հեռացավ, հուսադրված և հինգ օր հետո քաղաք գնալով, գրավ դրեց յուր բոլոր հողերը տանը հետ, շեյխի մոտ քսանվեց լիրայի: Նա ստացավ միայն տասնուվեց լիրա ու կես, որը հանձնեց Գևորգ աղային և արդարադատության պաշտոնյաներին ու ազատվեց Մեղրենց ժառանգների ճիրաններից: Կես ոսկի դրոշմաթղթի վճարեց, երկու ոսկի նոտարական ծախսերին, մի ոսկի ղադիին և մի ոսկի էլ կալվածական պաշտոնակալին, որ արձանագրություն կազմեց Վարդևանի կալվածագրերը շեյխի մոտ գրավական թողնելու մասին: Այնպես որ շեյխին, ճշմարիտ է, Վարդևանը տվեց միմիայն քսանչորս տոկոս՝ քսանմեկ լիրայի համար մի տարեկան հինգ լիրա շահ, բայց իսկապես Վարդևանը վճարեց ոչ թե քսանչորս տոկոս, այլ նա պարտավորվեց վճարելու մոտավորապես վաթսուն տոկոս:

Ուղիղ է, շեյխը քսանմեկ լիրա վճարեց և քսանվեցի մուրհակ ստացավ, այնպես որ ամեն տեղ կարող է արդարանալ, քանի որ վեր է առել լոկ յուր դրամի համար քսանչորս տոկոս, բայց Վարդևանը դրոշմաթղթի, նոտարի, ղադիի և կալվածական ատյանի ծախսերը, այդ փոխարինության պատճառով վճարելով, նրա գրպանից դուրս եկավ իրեն հարկավոր գումարի համար մոտ վաթսուն տոկոս: Հանկարծ երբ ամեն վճարումները կատարելուց հետո հաշիվը կարգի դրեց շեյխը և քննելով հայտնեց Վարդևանին տարեգլխին վճարելիք գումարի քանակը, վերջինս մնաց ապշած: Ամեն վճարում յուր ներկայությամբ էր եղել, շեյխը պարտական չէր նրա փոխարեն ծախսեր կատարել, հետևաբար ինքը պարտավոր էր դեռ համբուրել յուր շեյխ աղայի ջյուպպեի փեշերն ու հեռանալ անվերջ շնորհակալիք հայտնելով:

Բայց Արզրումից Շխնոց հինգ վերստաչափ ճանապարհը մինչև հասնելը, Վարդևանը դառն մտքերով և առաջիկայում իրեն սպասող սոսկալի ապագայի խնդրով այնքան տանջվեց, որ գունատված, մեռելատիպ հազիվ տուն ընկավ: «Քսանվեց լիրա», կրկնում էր նա անդադար, «քսանվեց օսմանյան ոսկի» և հուսահատվում: Այդքան գումար որտեղի՞ց պիտի միանվագ ձեռք բերեր և շեյխին տալով, կալվածքը գրավից ազատեր: Թեև զգում էր, հայելու նման աչքի առաջ տեսնում էր յուր սոսկալի անկումը, նկատում էր և հավատացած էր, որ պարտատերը ամենադաժան կերպով իրեն թևից բռնելով, դուրս էր վանելու հողերից ու տանից, բայց մի խաբուսիկ հույսով, մի աղոտ հույսի նշույլով նա տատանվում էր: — Կարելի է գալ տարի աստված տվեց հերկերս քսան-քսանհինգ սոմար ցորեն բերին: Կտամ, կպրծնեմ և կազատեմ հողերս...

Անբեր տարուն հետևեց ցրտաշունչ ձմեռը, յուր սոսկալի սառնամանիքով ու բքերով: Վարդևանը յուր մանր պարտատերերին գոհացնելու համար շատ բանից զրկվել էր այդ ձմեռ և մեծ զրկանքի մեջ էլ մնացել էր ընտանիքով: Ինչպես դատարկ էր նրա ամբարը, այնպես էլ պարպված էր քիլարը, մառանը: Արդեն օգոստոսի մեջ, երբ նկատել էր, որ քաղելու բան չէր մնացել արտերում, փոքր որդուն՝ Մելքոնին էլ ուղարկել էր Ղարս, յուր ծանոթ որմնադիրների մոտ քար տաշելու և օրական ստանալով, իրենց օգնելու: Գեդևոնի և Մելքոնի օրականները ոչ միայն պետական հարկերը պիտի ծածկեին, այլ պիտի ընտանիքի ուտելիքն էլ մատակարարեին, քանի որ իրենց բախտից տարին ստերջ էր եկել:

Բայց գործավորի օրավարձը, բանվորի էլ վիճակը շատ մխիթարական չէր Ղարսում, նրանք նոյեմբերի սկզբներին Ղարսի սառնամանիքից ստիպված հեռացել էին դեպի ԲաքուԲաթում՝ երկաթուղու գծի վրա գործ գտնելու և Միխայլովի կայարանում կամուրջների համար քար էին տաշում: Այդ հեռավոր անկյուններումն էլ շատ հեշտ չէր փող վաստակելը և տուն հասցնելը, այնպես որ Վարդևանը խիստ նեղության մեջն էր ինչպես մանր պարտքատերերից, նույնպես ուտելիքի կողմից: Օրեցօր վիճակը վատթարանում էր և հուսահատություն տիրում:

Այդ դժբախտությունների վրա ավելացավ մի նոր խայտառակություն ևս, մի գիշեր Մարգարիտը Մնացականի հետ փախավ: Այդ փախուստը ինչպե՞ս կայացրին, ոչինչ չիմացան ծնողները, մինչև անգամ տարակուսանքի մեջ էլ մնացին, կասկածելով, որ չլինի՞ թե թուրքերի ճանկն ընկան սիրահարները և փորձանքների մատնվեցան: Գարանը որքան ողբում էր և ինչ փաստեր ներկայացնում էր, չէր կարողանում Վարդևանին համոզել, յուր անմեղությունը հավատացնել: Առավոտից մինչև իրիկուն լացեց թշվառ մայրը, երդվեց, ողբաց ու սգաց, բայց Վարդևանը անհողդողդ մնաց յուր կարծիքի մեջ: Մանուկն էլ փնտրում էր յուր Մնացականին, բայց չէր համարձակվում մոտենալ յուր հարևանի դռանը: Վերջապես երկու խնամիներն էլ մոռացան անցյալը և սկսեցին միջոցներ ձեռք առնել, որոնելու և գտնելու տարփավորներին: Գյուղ-քաղաք, չորս կողմը մարդիկ սփռեցին, որ գտնեն իրենց կորուստը, բայց ոչ մի կողմից տեղեկություն, բացատրություն չեղավ, այնպես որ ամբողջ շաբաթն անցավ և չհայտնվեցավ, չիմացվեցավ սիրահար փախստականների հետքը: Սազում, Օվայում գյուղ չմնաց, որ չորոնեին, Բասենից, Թորթումից ու Դերջանից անհույս վերադարձան փնտրողները և բավական չէր քաղցի, ցրտի և պարտքերի մեջ նեղվիլը, Վարդևանին պետք էր ևս հալումաշ լինել Գարանի հետ իրենց փախստականների համար...

11

Անցավ տասնևհինգ օր, անցավ և ամիս, բայց Վարդևանն ու Մանուկը իրենց զավակների տեղը չիմացան: Եթե ձեռքերում մի քանի սև փող էր ընկնում, ախոռներում գառից, հորթից և հավից ինչ էլ որ ունեին, ծախում էին և վաղը փոստի, հեռագրի և մասնավոր անհատների վրա ծախսելով, անցկացնում էին օրերը: Սառնամանիքը օրեցօր սաստկանում էր, բուքն ու թիփին չէին կտրվում, սրանց հետ միասին չունևորությունը տանջում էր գյուղականին: Արդեն երեք ամսից ավելի էր, որ ո՜չ մի փարա փող, ոչ էլ նամակ էին ստացել Գեդևոնից ու Մելքոնից:

Բավական չէր, որ քաղցից ու բքից տանջվում էին Վարդևանն ու Գարանը, մանր պարտատերերն էլ նրանց դադարումը կտրել էին: Օր չէր անցնիլ, որ հինգ-տասը մարդ չկտրեր նրանց դուռը և փող չպահանջեր: Էլ ո՜չ պատիվ էր մնացել, ո՜չ էլ երեսի ջուր, խոսքի էլ հավատ չէին ընծայում, երդումի էլ, քանի որ անչափ անգամ խաբվել և միշտ դատարկաձեռն էին հեռացել պահանջատերերը Վարդևանի դռնից: Հաճախ Վարդևանը աղջկան փնտրելու պատրվակով գնում էր քաղաք մի քանի օրով, այս ու այն գյուղը, գլուխը մի կերպ պահելու պարտատերերի ձեռքից, որոնք նրան յուր տան մեջ հանգիստ չէին թողնում: Բայց ոչ մի միջոց չէր օգնում, գյուղից ձեռք չէր կարողանում քաշել, իսկ երբ վերադառնում էր, բոլոր պահանջատերերը միասին գալիս և սկսում էին իրենց պահանջներով տանջել:

Վախով ու ախով Վարդևանն անցկացրեց յուր տոները` ծնունդն ու մկրտությունը, չոր ու ցամաք խաշած խոտերով ու արմտիքներով կատարեցին բարիկենդանները և պահոց օրերին դիմավորեցին նվազած ու չորացած մարմնով: Թեքվեց փետրվարն էլ, և գարնանամուտն էլ հասավ, բայց ձյուները հալչելու կամք չունեին, հյուսիսի սոսկալի քամիները փչում էին դեռ և սարսռեցնում ամեն բան: Մարդիկ, անասունները իրենց որջերից, իրենց ախոռներից չէին կարողանում դուրս գալ:

Հենց այդ օրերում հազիվ մի նամակ էր ստացել Մանուկը յուր որդուց՝ Մնացականից, որը ձեռքին շտապել էր Վարդևանի քով՝ կարդալ տալու և մխիթարվելու հույսով: Վարդևանը վշտաբեկ և հուսահատ առավ նամակը և ծանր ու հեկեկալով, հեղձուցիչ ձայնով սկսեց կարդալ: Գարանը և Մանուկի կինը՝ Մարիամը, քիչ հեռուն, մթնում կանգնած լսում էին բովանդակությունը:

«Սիրելի ծնողնե՜ր, հայրե՜ր ու մայրե՜ր:

«Մենք լսեցինք, որ դուք մեզ շատ փնտրել, շատ տրորվել և շատ էլ տանջվել եք: Լացինք ձեզ համար, ցավեցանք ու մորմոքացինք, քանի որ աշխարհում ձեզանից ավելի սիրելի, ավելի մերձավոր ցավակից և բարեկամ չենք կարող գտնել: Որքան որ դուք մեզ համար եք տանջվել, այնքան էլ մենք ցավերով ենք տապակվել և հառաչել ձեզ համար: Այժմ սույն նամակով ձեզ դիմելով, խնդրում ենք, որ մոռանաք անցյալը, մոռանաք մեր պատճառած բոլոր սրտմաշուք կսկիծները և օրհնե՜ք մեր ամուսնությունը:

«Գյուղից հեռանալով մենք Բասենի վրայով եկանք հասանք Ղարաուրղան մի օրվա մեջ, այնպես որ երկրորդ օրը առավոտյան անցնելով ռուսական սահմանը, մենք արդեն ապահովված համարեցինք մեր կյանքը: Հայրի՜կ ջան, ապրի՜, շատ ապրի մեր Ֆաթման՝ մատյանը, նա կարծես զգում էր, որ մենք շտապում ենք փախչել ու ազատվել Շխնոցից, թուրքերից և աղաներից, փշրել մարաբայության շղթան, դրա համար էլ թռչում էր, թռչկոտում էր մինչև մեզ տեղ հասցնելը: Բայց ցավում եմ, սիրտս կտրտվում է, որ ես պարտավորվեցա այդ մատյանը ծախել Բաշ-քյոյի քեհյային և նրա գնով կաշառել տեղի տերտերներին, որ մեզ պսակեն: Առանց ձեզ մենք պսակվեցինք Բաշ-Քյո: Խնդրում ենք օրհնեցեք մեզ, ներեցե՜ք մեր կամապաշտությունը և թողություն տվեք:

«Հարյուր ռուբլով ծախեցինք Ֆաթմայիս, բայց երկու հարյուրից ավել կտային, եթե մենք անցագիր ունենայինք, վախ չունենայինք գյուղապետից: Լավ էր, այդ փողից մի քառասուն ռուբլի ետ պահեցինք, որով երեք ամիս գյուղերում գլուխներս պահելուց հետո, եկանք Ղարս և ահա քսան օր է Ղարսում տուն բռնած աշխատում և ապրում ենք: Գիտեմ, հայրի՜կ, շեյխը Ֆաթմայի համար քեզ շատ է տանջելու, շատ է զրկանքների մատնելու, բայց ի՞նչ անեմ, առանց Ֆաթմայի ո՜չ կարող էի Մարգարիտիս փախցնել, ո՜չ էլ գլուխս պահել ճանապարհին հետևիցս ընկած ստոր զապթիեներից և քուրդ ավազակներից: Այդ ձիու գինը մեզ փրկեց, օրինական պսակին արժանացուց և այս օտար երկրում մեզ ապրուստ տվեց երեք ամիս ավելի, մեկ խոսքով` մեզ նորից գնեց:

«Դուք գիտեք, որ մենք ճարահատ դիմեցինք այս միջոցին, եթե դուք օրհնեիք մեր ամուսնությունը, եթե Վարդևան ապարը դեմ չկենար մեր միացման, եթե մենք մարաբայության ենթարկված չլինեինք, հայտնի բան է, այս բոլորը չէր կատարվիլ, բայց մեր վիճակը մեզ ստիպեց ո՜չ միայն ձեզ զայրացնել մեր փախուստով, այլև ձեզ նեղության ենթարկել Ֆաթմայի` մատյանի, պատճառով: Հաշվի՜ր, հայրի՜կ, թե ինձ բաժին տվիր, տանից հեռացրիր: Լավ համոզված ես, որ ես այլևս չեմ կարող ետ դառնալ, քանի որ Վարդևան ապարը առողջ է, ես նրա աչքին երևալ չեմ համարձակվիր: Մանավանդ որ շեյխի նման աղայի ձեռքի տակ մարաբա լինելը մեզ բնավ հաճելի չէ: Տարին տասներկու ամիս նրա համար աշխատելուց, հոգնելուց, դադրելուց և մորմոքալուց հետո նրա և յուր տռփոտ լակոտների կրքերին զոհ դառնալու առիթներից փախչելու է...

«Ես արդեն այստեղ մտա դվնիկցի վարպետների մոտ քար տաշելու, օրական առայժմ մինչև մի ռուբլի վաստակում եմ, այնպես որ այդ փողով մենք երկուսով հանգիստ ապրելուց ջոկ, կարող ենք մի բան ետ գցել և ձեր նեղություններին էլ օգնության հասնել: Թեև այստեղ էլ գարուն չի եկել, բայց շատ գործ կա, որոնց համար քար են պատրաստել տալիս ձմեռը, տաշում և գարունը բացվելուն պես գործերը կարգի դնում:

«Ուղիղ է, այստեղ էլ աշխատում ենք ուրիշի դռանը, այստեղ էլ մեր աշխատանքից մաս ու բաժին են հանում վարպետները, վերակացուները, կապալառուները, այնպես որ մեր աշխատության գնի կեսն էլ մեզ չի հասնում, բայց համեմատաբար այդտեղից շատ ու անչափ հանգիստ ենք և հոգիներս չի խռովում անգութ աղաների, դաժան գործակալների և դատարկապորտ ոստիկանների ներկայությամբ: Այդտեղ պարտավորված էինք դառն աշխատելուց հետո ոչ միայն չոր ու ցամաք ապրուստով զրկանքների մատնել մեր անձը, այլ մինչև անգամ լռելու, մնջելու և գլուխներս կախած հնազանդելու այն հարվածների առաջ, խոնարհվելու այն ձեռքերի տակ, որոնք մեզ տանջում էին: Այնինչ այստեղ մենք ոչ միայն մեր վաստակը ուտում, խմում, կարգին հագնվում ենք, այլ մինչև անգամ մեզ գործ հանձնողների դեմ բողոքում ենք, երբ մեզանից բան են ուզում քաշել, մեր պահանջներից, օրավարձերից զեղչել:

«Միայն ձեր կարոտն է մեզ տանջում, միայն ձեր սերն է մեզ հիշեցնում հայրենի օջախը, թե չէ մարաբայական լուծը այնպես է դառնությամբ լցրել սիրտներս ու հոգիներս, որ հավիտյան Շխնոցի անունը չէինք ցանկալ տալ, շեյխին չհիշելու համար: Մեր վերադարձին մի՜ սպասեք, մեր վզին ձեր դառնության շղթան անցկացնելու մի՜ տքնիք, ո՜չ ետ կգանք, որ ոչ էլ թուրքի, բեգի և աղայի երես տեսնենք: Հերիք է, որքան սրտերումս կուտակված մաղձը, թույնը պարտավորվել ենք փսխել ու կրկին կլանել, կուլ տալ, լռել ու համբերել: Ավելի լավ է օրականի հույսով մնալ և այս պանդխտության մեջ չարչարվիլ, գլուխ պահել, քան թե տուն դառնալ և աղայի առաջ գլուխ թեքել ու մորմոքալ:

«Գիրս մասնավորի երկար գրել տվինք, մեր վիճակը ձեզ հայտնեցինք, որ էլ ո՜չ մեզ փնտրեք, ո՜չ էլ մեր վերադարձին սպասե՜ք: Միայն ձեզանից կրկին ու կրկին խնդրում ենք, որ մեզ օրհնե՜ք, մեր արարքը մոռանա՜ք, մեզ թողություն տաք:

«Համբուրում ենք ձեզ բոլորիդ`

Ձեր որդիքը՝ Մնացական և Մարգարիտ»:

«Հ. Գ. Գեդեոնն ու Մելքոնը Միխայլովո են աշխատում, գալողներից լուր ստացանք, որ առողջ են, հաջող և ինչ-որ կամուրջների վրա են աշխատում»:

Կարդացին ու հառաչեցին հայրերը, արտասվեցին մայրերը, և սրանց արտասուքը թրջեց իրենց կրծկալները, ողողելով իջավ գոգնոցները, թացցուց: Վարդևանը տեղ-տեղ նամակը մի քանի անգամ կարդաց, մի քանի անգամ զննեց և վար դրեց: Մանուկը մոլորված տնքում էր և խեղդված ձայնով շրթունքների միջից դուրս մղում յուր այրված սրտից բխած հառաչանքները: Երբ ընթերցանությունը ավարտեց Վարդևանը ու վար դրեց նամակը, Գարանն ու Մարիամը հեռացան հյուրասենյակի մթությունից տան խորքերը և սկսեցին հեկեկալ:

Հիմի բան չունիմ ասելու, — մրմնջաց Վարդևանը, — ղոչաղ տղա՜, հալալ լինի քեզ աղջիկս: Աշխատի՜ր ու ապրեցե՜ք: Մարաբայությունից փախչողը աստծուն կմոտենա, խելքը գլխին մարդն էլ երթա ու մարաբա՞ դառնա: Բայց ի՞նչ եղան այդ անխելքները: Այդ հիմար Մելքոնը չի էլ մտածում, որ ցանքերը մոտեցան, և հայրը մենակ է, միսմենակ: Ես այնքան հողս ինչպե՞ս կարգի բերեմ մենակ: Հիմարը չի մտածում, որ յուր ամբողջ տարվան վաստակից իմ արտերս ութ-տասն անգամ ավելի կբերեն, եթե փորձանքի չենթարկվեն:

Լռեցին երկու խնամիները, և Վարդևանը սուզվեց յուր ցավերի մեջ, այնպես որ իսկույն մոռացավ աղջկան: Նրա աչքերի առաջ ներկայացան Գևորգ աղան, շեյխը, պարտատերերը, որդիքը և նա թմրած, ինչ անելիքը չէր կարողանում վճռել: Մանուկն էլ նույնպես խրված էր յուր ցավերի մեջ: Որդուց հավիտյան բաժանվելու հարցը բաց արեց նրա աչքի վրայից այն քողը, որը թույլ չէր տալիս իսկությամբ զննելու յուր վիճակը:

Խնամիները իրարից շուտով բաժանվեցան, առօրյա հացի խնդիրը, տիրող սովը, քաղցից առաջացած մորմոքը նրանց ստիպեց առժամանակ մոռանալ նույնպես իրենց սիրելիների կորուստը, որոնց մասին նամակի առթիվ քիչ փղձկացել ու լացել էին: Իսկույն նրանք ընկան այս ու այն դատարկ ամանները, ողողեցին պտուկներն ու բղուղները, ավլեցին ամբարների անկյուններն ու արանքները, որպեսզի այդ օրն էլ լցնեն իրենց անհատակ ստամոքսները, մինչև հաջորդ օրվան մի կերպ հասնելու...

12

Օր-օրի վրա Վարդևանը գնում էր Արզրում և ետ գալիս, բայց ո՜չ միայն փող, այլ մինչև անգամ նամակ էլ չկար: Որտե՞ղ էին Գեդևոնն ու Մելքոնը, տեղեկություն անգամ չուներ Վարդևանը: Ցանքսի օրերը մոտենում էին, մոլորությունը տիրել էր թշվառ պարտապանին: Շեյխի պարտքի ժամանակամիջոցին մնացել էր և ոչ իսկ վեց ամիս, եթե արտերը չցանվեին, արդեն պետք էր ձեռք քաշել ամեն բանից: Ղարսից դարձողները ո՜չ մի տեղեկություն չէին բերում Գեդևոնից, իսկ համբերությունը համարյա թե կտրվել էր:

Այդ բոլորի վրա ավելացավ ևս զինվորական տուրքի (բեդելեթ ասքերիեի) խնդիրը. գործակալները գյուղ էին եկել և բռնադատում էին երեք օրվան մեջ հավաքել հանձնել տուրքը: Քեհյա ու գզիր, զապթիե ու զաբիթ ընկել էին դռնեդուռ, մտրակի հարվածներով գանակոծում, հայհոյում և անհամբեր պահանջում էին անմիջապես լրացնել գումարը: Այդ բոլոր նախատինքի հետ դեռևս ստիպում էին, որ իրենց հյուրասիրեն գառներով, հավերով, կարագով, շաքարով ու մեղրով:

Անօրեննե՜ր, — գոռում էր զապթիեն, — գարունը մտաք, դեռ տասը-քսան օր էլ անցավ, ինչի՞ չեք շտապում գլխագիններդ վճարել, որ ազատ ապրիք: Անհավատներ, ինչի՞ եք տանջում մեզ, ինչի՞ եք ստիպում գոռգոռալ ու պահանջել: Դուք ձեր կյանքերը փրկելու համար պարտավոր եք ինքներդ օր առաջ, ամեն գործից առաջ փրկանքներդ պատրաստել և վճարել: Այս ի՞նչ հարկ է, որ խաղ եք անում, ձեր գլխից ձե՞ռք եք քաշել, ի՞նչ է...

Ամեն մարդ ճար-ճուր էր անում, գրավական էր գտնում, պարտք անում, որպեսզի ազատվեր անօրենների ճիրաններից, գլուխը փրկեր փրկանք պահանջողներից: Ուղիղ է, սուլթանները եվրոպացիներին խաբելու համար գլխագնի փրկանքի (ջեզիե) անունը փոխել ու զինվորական տուրքի էին վերածել, բայց նրանց գործակալների համար, հարկը վճարողների համար դարձյալ այս տուրքը գլխագինն էր: Դեսից-դենից ոլոր-մոլոր գալարվելով գալիս էին շինականները և քառասուն կապոցների մեջ հանգուստած ոսկիներն ու արծաթները թափում հարկահավաքների առաջ:

Եկավ Վարդևանն էլ, բայց ճար չուներ, փող չուներ, մոլորվել էր ու մնացել: Վրա հասավ զապթիեին ու մտրակով լեռդին, գլխին ու ազդրերին սկսեց մտրակել ու գոռգոռալ,

Следующая страница