Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Անհավա՜տ, այս երեք օր է խաբում ես, խաբում ու մինչև անգամ չես էլ գալիս աղային (պաշտոնյային) տեսնելու: Մենք ձեր գերի՞ն ենք, որ գանք այստեղ սպասենք, օրեր մթնեցնենք, թե ի՞նչ է դուք ջեզիե պիտի տաք:

Բոլորը դողդողում էին, և Վարդևանը, աչքերը արյունով լցված, չէր իմանում, թե ինչպես զսպի յուր արդար զայրույթը: Նա բորբոքված, բայց հանդարտ ձայնով ասաց.

Աղա, ի՞նչ իրավունքով թողնում եք, որ այս զապթիեն սուլթանի շնորհած օրենքների հակառակ բռնություններ կատարե, մարդ մտրակե, արյունլվա անե: Այս ի՞նչ խիղճ է, այս ի՞նչ կարգ է, որ սուլթանի պաշտոնականը նրա հրովարտակների հակառակ շարժվի: Ես, աղա, հիմա գնալու, բողոքելու եմ վալիին, հեռագիր եմ տալու սադրազամին... Ես այս անարգանքը չեմ կարող տանել... ես...

Անհավատին նայի՜ր, անօրենին մտիկ տո՜ւր, մեզ օրենք պիտի սովորեցնե, — ասաց մտրակելով զապթիեն, սարսափ սփռելով քեհյայի, գզիրի ու գյուղացիների վրա: — Անհավատ հաստակողե՜ր, մինչև չմտրակեն, մինչև որ թոփուզը ձեր գլխին չտան, պարտքերդ չեք վճարիլ:

Աղա, խոսք հասկացրեք այս զապթիեին, լսեցեք, ի՞նչ եմ ասում, հետո վճիռ տվե՜ք, ինչ անելու եք արեք:

Օսմա՜ն, — ասաց գործակալը զապթիեին և նշան արավ, որ դադարի...

Աղա՜, դուք տեղեկություն չունի՜ք, սրանք տերության պաշտոնականներին դիմադրելու համար հոգի են տալիս: Խելքերը, մտքերը մեզ ընդդիմանալու հետ է, — ասաց զապթիեն և ետ քաշվեց, սպասելով տիրոջ ակնարկին: Վարդևանը մոտեցավ և ասաց աղային.

Դուք ինձանից ի՞նչ եք պահանջում:

Քեզանից պահանջում ենք յոթ լիրա և քսան ղուրուշ:

Պատճա՞ռը, ես քանի՞ հոգի ունիմ, խնդրում եմ, կարդացեք ցուցակը:

Անհավա՜տ, կարծում ես քեզանից ավել են պահանջո՞ւմ, ինչ որ գրված է տոմարում, այն էլ պիտի տաս: Տասնևմեկ հոգի եք (նուֆուզշնչավոր) և որպես համբա կորածների և աղքատների համար էլ մի գումար, մի նուֆուզի փող ավել պիտի տաք, վաթսուն ղուրուշ, գումարը յոթ հարյուր քսան ղուրուշ:

Ախր ես երեք շնչավոր (նուֆուզ) ունիմ, ինչի՞ պիտի տասնևմեկ հոգու հարկ տամ: Ախր գութ ունեցե՜ք, խիղճ ունեցե՜ք: Հավատի կրոնի կեսը խիղճն է կազմում: Երեք հոգու փոխարեն ես ինչի՞ պիտի տասներկու հոգու ջեզիեն տամ: Ես եմ ու իմ երկու որդիքս:

Այդ մեր գործը չէ, գնա՜ բողոքիր նահանգական արձանագրության ատյանում և արձանագրությունները փոխել տուր: Ահա քու ընտանիքի ցուցակը: Գալո՜...

Այդ հայրս է, որ մեռել է տասներկու տարի առաջ, քանի՛ մեկ ես դրա հարկը պիտի վճարեմ, մեռածի համար էլ փրկանք կվճարե՞ն: Ամեն տարի գնում եմ ու ջնջել տալիս ցուցակից դրա անունը, իսկ դուք ամեն տարի գալիս ու կրկին պահանջում եք:

Այդպես չի կարելի, անհավա՜ տ, ձայնդ կտրիր, մեր հիմնարկությունները մի՜ գցի կասկածանքներիդ տակ: Դու լսիր, Վարդո, Մաքո, Սաքո:

Աղա, Վարդոն ես եմ, բայց Մաքոն ու Սաքոն գնացին Ամերիկա և այնտեղացի են գրվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ եղբայրներիս հարկն էլ տամ:

Այդ մենք չգիտենք, դու լսիր: Օհան, Արթին, Գեդևոն, Մելքոն:

Աղա ջան, Օհանն ու Արթինը մեռան հե՛ խոլերին:

Ձայնդ կտրի՜ր, անօրե՜ն, խոսք իմացիր: Մանի՜ կ, Փիլո և Գրիգոր:

Աղա ջան, ալլահի սիրուն, աղա ջան, սուլթանի կյանքի արևշատության համար խնդիրքս լսեցեք ու էլի ձեր ասածն արեք: Մանուկ, Փիլո և Գրիգոր իմ որդիքս էին, որոնք մեռել են երեք-չորս ամսական ժամանակները, ախր ես...

Մենք չգիտենք, խո իմացա՞ր, որ մենք տոմարի համաձայն ենք պահանջում քեզանից այդ փողը և տերության մատյանի մեջ սուտ չի կարող սպրդիլ:

Չեմ ասում սուտ, մեղա, բայց կարող են սխալվել, մեռածներին չջնջել կամ մոռանալ ջնջելու...

Դատարկ խոսքեր պետք չէ, փողե՛րը, թե չէ ես մարդ կուղարկեմ հիմա, բերել կտամ և աճուրդով կծախեմ քո տանդ եղածն ու չեղածը:

Ես փող չունիմ և երեք մարդուց էլ ավելի չունիմ, որ չորս անգամ ավելի հարկ տամ, ինչպես ուզում եք արեք:

Անհավատի համարձակությանը նայիր, զարկ այդ շանը, ձայնը կտրե, — ասաց գործակալը նշան տալով զապթիեին, որն իսկույն տեղաց մտրակի հարվածները:

Բայց զուր, Վարդևանը փող չուներ, վարկ էլ չէր մնացել, հնարք չկար, որ կաշին ազատեր հարկահանների ձեռքից: Գյուղում ոչ ոք նրան փոխ տալու սիրտ չէր անում, քաղաքացիք բոլորն էլ իմացել էին, որ նրա կալվածները գրավ էին դրված շեյխի մոտ: Հարկահանները պարտավորված ծախեցին Վարդևանի լծկան անասունները, կովերը և փողերը, մի բան էլ ավելի գանձեցին ու հեռացան: Անասուններից զրկված, անսերմ, օրական ուտելու հացի կարոտ և կարևոր կարասիքներից ու գործիքներից բաժանված մնաց ապուշի նման Վարդևանը յուր տան մի անկյունում: Ամոթից դռնից չէր կարողանում դուրս գալ, մարդու աչքի երևալ:

Բարեսիրտ և ցավակից տերտերն ու քեհյան երես շուռ տվին Վարդևանից, քանի որ նրանց իղձը չկատարվեց, կալվածները չանցավ Մեղրենց ձեռքը: Դուռ-դրացի երես էին պահում, որ չպարտավորվեին Գարանին կամ Վարդևանին բան փոխ տալ: Պահանջատերերն էլ հարկահաններից ավելի ագահաբար մոտեցան և Վարդևանի տանը մնացած տան կարասիներով փակեցին իրենց հաշիվները:

Էլ հնար չգտավ Վարդևանը արտերը ցանելու, էլ ոչ ոք սիրտ չարավ նրան ձեռք բռնելու, ցանքսի ժամանակը հասավ ու անցավ, և նա չկարողացավ մի բուռ ցորեն ցանել: Գեդևոնից ու Մելքոնից խաբար չկար, իրենք էլ համարյա մուրացկանությունով էին ապրում: Ամենքը, գյուղացիք միաբերան ասում էին. «Շեյխը կուլ տվեց Վարդևանի կալվածները»:

Վարդևանն էլ հուզված ու բորբոքված, կրկնում էր. Ավելի լավ է շեյխն ուտե, շեյխը տիրապետե իմ մյուլքերը, քան թե անօրեն, անխիղճ ազգակիցս:

Վերջապես անտանելի դարձավ կյանքը Վարդևանի և Գարանի համար, նրանք մի գիշեր հավաքեցին մի քանի կարևոր իրեր ու ճանապարհ ընկան դեպի Ղարս: Վարդևանը տարավ իրեն հետ ևս յուր հյուսնության գործիքները, հուսալով երկու զավակների հետ գարունն ու ամառը մի կերպ քսանհինգ լիրա աշխատել, գալ գույքերն ազատել: Բայց պանդխտության մեջ վաստակածից, օրական ստացածից բան չէին կարողանում ետ գցել...

Ասում են շեյխը հետևյալ տարին Վարդևանի տունը հանձնել է Մանուկին՝ արտերի հետ և բերքերը կիսում են: Վարդևանը հույս ունի մի կերպ քսանհինգ լիրա վաստակել, հողերը ազատել և նախկին խաղաղ ու անկախ գործը ձեռք բերել...

1898 թ.

ԺԱՌԱՆԳՆԵՐ

(Թուրքահայերի կյանքից)

ՔԵՀՅԱ

Ա

Ես ողջ, առողջ... թողնեմ, որ Կարճ-Օհանի տղան` այն խլնքոտ Մինասը քեհյայությունը ձեռքիցս խլե՞: Ես, Ամիրխան քեհյայի փեսաս, յոթ պորտով քեհյաների օջախի վերջին ծուխը, իմ աներոջ` գզիրի, որդու առաջ գլուխ իջեցնե՞մ... Չէ՜, ավելի լավ է չապրել, թան թե Մինասի հրամանները կատարել: Յոթը տարվա մեջ տասնևյոթն անգամ ես մտրակիս տակ նրա մեջքի կաշին եմ պոկել, հիմի ինչպե՞ս նրա առաջ վիզս ծռեմ... Անօրեն ծխե՜ր, Թեմրանը կվառեմ, ողջ գեղը մոխրի կույտ կշինեմ, ծծի կաթնակերին ու անդամալույծներին անգամ չեմ խնայիլ և չեմ թույլ տալ, որ ձեր կամքը կատարվի, ձեր նոր ընտրածը իմ գլխին հրամաններ կարդա: Դուք ձեր ուզածն արիք, այն խլնքոտին հաստատել տվիք, արդար իրավունքս ձեռքիցս խլեցիք, դե՛հ, տեսնենք, կկարողանա՞ք ձեր նպատակին էլ հասնել, թե ոչ...

Այսպես շարունակում էր Քյալաշը` նախկին քեհյան, յուր մենախոսությունները, չարդախում ման գալով և ագահաբար չիբուխից ծխախոտի ծուխը ծծելով, երբ ներս մտավ նրանց մշակ Մրոն ու ասաց, թե ձիերը պատրաստ են: Պաշտոնանկ քեհյան իսկույն տուն մտավ և լավ զինվելուց հետո դուրս եկավ, նստեցին ձիերն ու Մրոյի հետ ճանապարհ ընկան Քղի` գավառական ավանը:

Թեմրանցիները վախ չունեին իրենց նախկին բռնավոր քեհյայից, վալիից հրաման էին դուրս բերած ղայմաղամի վրա, որն իսկույն գյուղի վարչության ղեկը հանձնել էր Մինասին, որին գյուղացիք սրտանց հարգում էին նրա արդարասիրության համար: Ղայմաղամը չէր կարող միջամտել այս դատում, և Քյալաշն էլ երբեք չէր կարող գրավել գյուղացոց, որ կարողանար կրկին բարձրանալ գյուղապետության բարձին: Կաշառակերության, անիրավ պահանջներին, անտեղի տուրքերին և հարկերին վերջ էր տրվել, վաշխառուները, հարկահանները, մուբաշիրները (աշար՝ տասանորդ հավաքող) է՜լ իրենց ընկերակից չունեին Թեմրանի քեհյա Քյալաշին, և գյուղացիներն ազատվել էին քեհյայի արտերը ամենից առաջ անվարձ վարելուց, ցանելուց, քաղելուց ու կրելուց:

Հայտնի բան է, այս բոլորը մեծ ցավ էր Քյալաշի համար, բայց նրան ավելի վշտացնում էր յուր պարտությունը, նա գլխիկոր չէր կարող տանել յուր դրացիների ծաղրալի արհամարհանքները: Քյալաշը անդադար մտրակում էր յուր նժույգը նեղ կածաններից, ժայռոտ զառիվայրերից թե վեր, թե վար, դեպի նպատակատեղին, անմռունչ և մտազբաղ: Նույն օրը, երկու-երեք ժամից հետո, մի նեղ ձորից մտան Քղի ավանը և ծուռումուռ փողոցներից անցնելով բարձրացան գյուղի ամենաբարձր թաղը, ջրաղացների շարքում, նախկին թնդանոթի ձուլարանի մոտ, և մի փոքրիկ խրճիթի առաջ ձիերից իջան: Այդ միջոցին խրճիթից դուրս եկավ մի թխադեմ կին, որն աղբի քթոցը շալակը կտուրն էր բարձրանալու աթար թխելու համար:

Ֆաթի՛, Մամո բեգը տա՞նն է, — հարցրեց Քյալաշը, որին փոխանակ պատասխան տալու, քրդուհին կեղտոտ լաչակի պոչով երեսը մասամբ ծածկեց և, խրճիթի դուռը կիսատ բանալով, կանչեց ամուսնուն.

Կոռո Մամո՜, Կոռո Մամո՛ (ծո Մամո՛). — և առանց ուշք դարձնելու յուր անկոչ հյուրերին, առանց քաշվելու գնաց յուր գործին:

Մի քանի վայրկյանից հետո դուրս եկավ Մամոն, հյուրերի ձիերը ներս քաշեց, հրավիրեց ախոռի օդան և նրանց տակ խոտերի վրա երկու կտոր պատռած խսիր փռելով, նստեցրեց: Թե ի՞նչ խոսեցան կամ ի՞նչ պայմանավորվածություն ունեցան, հայտնի չէ, բայց նույն գիշերը մի լավ մուշտակ գնեց Քյալաշը Մամոյի համար, հանեց նրա հագի փալասներն ու չլերը, նոր լաթերով զուգեց, զարդարեց և առաջ ընկած տարավ ղայմաղամի մոտ: Ղայմաղամը Քյալաշի խնդիրը չմերժեց ու նրա ծրագրի համաձայն մի թուղթ գրեց վալիին, հայտնելով, որ անհրաժեշտ էր մի օգնական ունենալ Թեմրանի նման հարյուր քսան տնվոր հայ գյուղում, որը մի երկու տասնյակ հայ գյուղերով էր շրջապատված: Նամանավանդ որ, այդ օգնականը ծանրանալու չէր գանձարանի վրա, Մամո բեգը առաջարկում էր յուր պատրաստակամությունը անվարձ ծառայելու խալիֆին ու երկրին: Ղայմաղամի առաջարկությունը այնպիսի ձև ուներ, որ վալին չկարողացավ մերժել և մի ամիս չանցած վիլայեթի մեջլիսի (ժողով) կողմից հրամանագրեց ղայմաղամին՝ հանձնել Մամոյին Թեմրանի և շրջակա գյուղերի վերատեսչության պաշտոնը:

Ղայմաղամը վալիի հրամանը ստանալուն պես կանչել տվեց Թեմրանի և մոտակա գյուղերի քեհյաներին, նրանց առաջ կարդաց վալիի հրամանը և Մամոյին հրավիրեց օր առաջ ստանձնել յուր պաշտոնը: Թշվառ գյուղացիք անճրկեցան մնացին, երբ նկատեցին իրենց հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչների կնիքները վալիից ուղարկված հրամանի տակ:

Բ

Մի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը: Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից: Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր: Փետրվարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեինք խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին էին:

Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին էլ կեր տալ: Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին:

Քեհյաներին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ սրտով մտան սրանց հովանավորության տակ:

Քեզ էլ նեղություն եմ տալիս, — ասաց մի օր Մամոն Քյալաշին, — հյուրասենյակդ գրավեցի:

Այդպես բան մի՜ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք: Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ: Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը:

Այդ լավ ես ասում, ես էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա, առայժմ պետք է յոլա գնալ:

Փողի դա՞րդն ես անում. ինչի՞դ է պետք փողը: Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայիր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կտրե շինության համար: Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ: Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էլ ես բերել կտամ Օվայից (Էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյաղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է:

Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել: Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ: Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի:

Բան ասի՜ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞: Ո՞վ է թևդ բռնելու, շինի՜ր որտեղ որ հարմար է:

Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող ես որոշել:

Ա՛յ, մեր կալի գլխին, այնտեղից ողջ գյուղն երևում է, կարող ես ամեն տան ելումուտը դիտել:

Շինենք մի այնպիսի սարայ, որ Էրզրումի վալին էլ չունենա:

Ամեն մարդ յուր տանը, յուր վիճակումը վալի է ու թագավոր: Վալին ինչո՞վ է քեզանից բարձր:

Երթամ Սուլոյին ուղարկեմ քեհյաներին կանչե, — ասելով Մամոն հեռացավ ուրախ-ուրախ, նոր շորեր հագած, յոթը տարեկան երեխայի նման:

Կարծում է, թե իրեն համար եմ աշխատում, — ասաց քթի տակ Քյալաշ քեհյան, նրա հեռանալուց հետո: — Հողն իմն է, դու շինիր իմ գետնի վրա սարայը, երբ էգուց մեկէլ օրը ոտքիդ տակ սապոն դնեմ, քեզ պլստացնեմ անդունդը, հայտնի բան է, ինձ կմնա սարայն էլ, միջի սարքն էլ: Բայց ոչինչ, դա առժամանակ ուրախացի՜ր, մեկ թշնամիներս գլորիր ոտքիս տակ, ճզմեմ ես նրանց գլուխը, քեգ բմբուլի պես թռցնելը ինձ համար ջուր խմելուց հեշտ է:

Գ

Մտրակի հարվածով Սուլոն և ընկերները գյուղերից հալածում էին շինականներին դեպի Թեմրան բանելու, և սարայի պատերը աստիճանաբար բարձրանում էին: Մամոն հրճվում էր յուր պալատի զուգսի և զարդարանքների մասին երազելով, Քյալաշը գիշեր-ցերեկ անխոնջ աշխատում էր, որ կարելույն չափ հիմնավոր և փառավոր լինի այդ դղյակը:

Այդ պատերն ինչի՞ այդքան հաստ ես գցել տվել, Քյալաշ քեհյա՜, — ասաց Մամոն, — ինչի՞ այդ մասի վրա մյուսներից ավելի խնամք ես տանում:

Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս:

Ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները:

Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես:

Ախա՜ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ: Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային:

Դրա մասին էլ մտածված է: Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն: Պետք է լսեն, որպեսզի է՜լ դառնանա իրենց տաժանելի կյանքը:

Դու, Քյալաշ քեհյա... քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՛ս, ափսո՛ս, որ ես թագավոր չեմ:

Դ

Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը: Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը: Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին:

Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում, ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան: Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում: Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին: Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում: Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան: Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին: Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան:

Երանի՛ թե, եղբա՜յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի: Այս ի՛նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՜չ կռնակիս շապիկ կա, ո՜չ ոտքիս տրեխ:

Է՛հ, դուք գիտե՜ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք... Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում... Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՜ք, շինեցե՜ք, շարեցե՜ք... Դե՜հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ... Մեկ մտածեցե՜ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են... Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան. մի փոր հացից ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել: Մի՜ խոսացնեք, եղբա՜յր, ցավերս, կսկիծներս մի՜ նորոգեք: Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան:

Ե

Մինաս քեհյա, — ասաց կատակի ձևով մի օր Մամոն Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, — այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել: Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու: Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգարտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը: Է՛հ, փուչ աշխա՜րհ, ապերախտ մարդի՜կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին...

Իրավունք ունիս, բե՜գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք... Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է:

Երկարաբանություն պետք չէ, — ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը: — Գնացեք, գեղովի ժողով արե՜ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հող տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ: Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե:

Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի: Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող չունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ... Ի՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե...

Այդպե՛ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները: Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՜մ տանելու, էլի՜, իրենց: Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար:

Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ, — ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհլան:

Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա, — ասաց Մինասը, — դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարդի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա:

Ինչի՞, քեզ ի՞նչ է եղել:

Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնևհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել: Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք. թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին:

Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ: Դու խո տալիս ես երկու օրավար: Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք:

Բայց...

Բայց-մայց պետք չէ՜, դու գնա, գզիրը ուղարկի՜ր, համբաներին կանչի՜ր քեզ մոտ, խոսի՜ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք:

Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները: Շա՛տ խոսեցին, շա՛տ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց վերջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին, մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեգին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով էլ ցանել:

Զ

Ա՛յ մարդ, էս ի՞նչ է քու արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում, — ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին:

Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել:

Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՜ր տունդ կոխեցիր, քանի մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ: Հորս կտակը ոտքի տակ գցեցիր. ժամ և ուսումնարան շինելու համար չտվի՜ր էն հողը, որտեղ այժմ ավազակը իրեն համար սարայ է շինում: Էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավար հող էլ ես բաշխում... Ո՞ւմ հողը ո՞ւմն ես տալիս... Գյուղերը քանդեց, դատարկեց, մարզիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում: Քանի՞ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քու գլխին գյուղ ու գավառը, քանի մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը պիտի վրդովվի, էս ի՛նչ սև օրի թողիր դու ինձ, ո՜չ տանից դուրս կարող եմ գալ, ո՜չ մի դրկիցի տուն մտնել, ո՜չ էլ երկնավոր թագավորին մի խնդրվածք անելու համար աղոթարանի դուռը գնալ:

Զահլա մի՜ տանիլ, դու ի՞նչ գիտես իմ միտքս, ես իմ կարողության թշնամին խո չե՞մ, որ ցրիվ տամ ունեցածս:

Ա՛յ մարդ, էդ սառած օձը մի տաքացնիլ կրծքիդ վրա, դա զորանալու պես ամենից առաջ քեզ կխայթե, ամենից առաջ քու սիրտը կծակե... Դրա գալուց հետո քունս ու դադարումս կտրվել է, աչքերը աչքերիս հառելիս ողջ մարմնով սոսկում եմ, գիշեր չի լինում, որ գեշ-գեշ երազները քունս չխռովեն...

Դեռ շա՛տ ես զահլա տանելու, շնթռկի՜ր, թո՜ղ քնեմ, հերիք լեզվիդ տաս:

Ա՛խ, էս ի՞նչ սև օրը մնացինք, մարդ էլ ձեռքով յուր ոչխարի հոտը գայլին պահ տա...

Ձայնդ կտրե, թե չէ հիմի քեզ ոտքիս տակը կգցեմ, խաշիլ կշինեմ... Ձա՜յնդ, ձա՜յնդ, թող քիչ հանգստանամ...

Օ՛ֆ, համբերությունս կտրվեց, սիրտս տրաքվում է, գլուխս խոստուկից բժժել է, ես էս համառ, ամբարտավան մարդու ձեռքում քանի՞ մեկ պիտի տանջվիմ: Անխի՜ղճ, անհոգի՜, մի՞թե կարելի է Մատոյի տղի՝ Մինասի, հախից գալու համար ամբողջ գեղը-գավառը կրակին դնել ու խորովել, հինգ-տասը մարդու պատժելու համար հազար տան ծուխը կտրել: Թեմրանցիներին խոնարհեցնելու համար ողջ գավառը սգացնել: Ինչի՞դ էր պետք քեհյայությունը:

Աղջի՜, ձայնդ կտրի՜ր, կնի՜կ, ինձ մի կատաղեցնիլ, ես գիտեմ, քու սատկելիքդ մոտեցել է, մի ինձ ստիպիլ քեզ վրա ձեռք բարձրացնելու...

Քեզ պես անխիղճ մարդու հետ ապրելուց, չապրելը հազար անգամ ավելի բարի է:

Լռի՜ր, սատկի՜ր, դո՜ւրս կորիր, ձայնդ էլ ականջիս չհասնի, — ասելով բարձրացավ պառկած տեղից Քյալաշը և մի քանի հարվածներ տալով, հրելով դուրս արավ սենյակից Անթառամին: Բայց ինքն էլ գիշերը հանգիստ քուն չունեցավ:

Անթառամը նույն գիշերը գնաց աղջկա՝ Աննմանի կողքին ընկավ, քնեցավ մինչև, արևագալը:

Առավոտ վաղ Մամո բեգը յուր նախաճաշը կատարելուց և ղայֆան խմելուց հետո Անթառամին կանչել տվեց յուր մոտ: Քյալաշը նստած էր բեգի դիմաց, բազմոցի գլխին, օջախի ձախ կողմը:

Անթառա՜մ խաթուն, — ասաց Մամոն հրամայական ձայնով, — մեր սարայը վերջանալու մոտ է, մեկ-երկու ամսից կգնանք այնտեղ և քեզ էլ նեղությունից կազատենք: Բայց մինչև սենյակների պատրաստելը, ես քեզ վրա մի պարտք եմ ուզում դնել, նախ խոստացիր, որ կկատարես:

Անթառամը գլխով նշան արավ, իբր թե լսում էր բեգի հրամանները:

Ջահել տղերքը խոստացան սարայիս ընդունարանի համար մի մեծ թաղիք թափելու, դու էլ գեղի հարս-աղջիկները հավաքիր և մի այնպիսի խալի պատրաստիր, որ ամբողջ սենյակի հատակը ծածկե: Շատ մեծ չէ, երկայնությունը տասներեք արշին, լայնությունը յոթ արշին: Բայց այնպես գեղեցիկ բան պիտի լինի, որ վալիի սարայում էլ նմանը չգտնվի: Ուշացնելու չէ, պիտի այս շաբաթ սկսես, որ ժամանակին հասնի:

Անթառամը չգիտեր ի՞նչ պատասխան տալ անօրենին: Նա յուր որդու` Արտաշի, ականջում ասաց, որ բեգին հայտնի, թէ շուտով գյուղացիք յայլա էին գնալու, այդ բանը հետաձգելու էր մինչև ձմեռ: Իսկ Քյալաշը որդու խոսքը ընդմիջեց և կնոջ կողմից խոստացավ բեգին, որ հրամանը անպատճառ ժամանակին կկատարվի: Անթառամը, Քյալաշի սպառնալիքներից ստիպված, հավաքեց յուր շուրջը հարս-աղջիկ և ամառանոցում կաթնային գործերը կատարելուց հետո, մնացյալ ժամանակը զբաղվում էին թելեր մանելով, ներկելով, հինելով և գործելով: Թշվառ կանայք այնքան զբաղված էին, որ մայիսի մեջ երկնքի առատապես շնորհած պարգևը հավաքելու ժամանակ չէին գտնում, որով գոնե կարողանային ձմեռը, մեծ պասին կերակրել իրենց կաթնակերներին:

Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը: Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներով չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը: Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դռներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել: Ո՞ր ջինգյանան չէ հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ազդրը զարդարելու: Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները: Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերերին:

Քյալա՜շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՜ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր-ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը:

Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել: Այնտեղ ինչ որ պետք է կգտնես:

— «Կգտնե՜ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ` մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում:

Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք: Տիրեց խորհրդավոր լռություն, երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով: Ո՜չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՜չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել: Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ-ուրախ կանչեց.

Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՜ր, Մատոլին էլ ասա պատրաստվի:

Ո՞ւր ես մտադիր գնալու, — ասաց Քյալաշը:

Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՜ր ճանապարհը որ բռնե: Հա՜, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ...

Քեզ փեշքյաշ, Սուլո՜, գնա՜ թամբիր, — թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր: Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ տար, որ մի մուրացկան, ջինգյանա նստի՞ ... բայց արդեն ուշ էր, նժույգի համար չէր կարելի նրա սիրտը կոտրել: Երբ մի ժամ հետո Սամոն յուր ձիավորների հետ սլացավ գնաց, Քյալաշը նրանց ետևից երկար ժամ տնակ դիտելուց հետո ասաց քթի տակ.

Next page