Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Անոթի գա՜յլ, հերիք չէր որ փորդ կշտացրի, թիկունքիդ և ազդրիդ մերկությունը ծածկեցի, բոբլիկ ոտքերդ տաքացրի, հիմի էլ աչքդ տնկեցիր իմ քյոհլանիս վրա՞:

Հայտնի բան է, այս խոսքերը ոչ միայն չէր լսում Մամոն, այլ մտքովն անգամ չէր անցնում, որ յուր ընթացքով վրդովում էր Քյալաշին: Քուրդը, որ հազիվ նպատակին հասել ու ձեռք էր բերել նժույգը, անընդհատ սանձարձակ մղում էր, մինչև բոլորովին հեռացան Թեմրանի սահմաններից:

Կոռո՜, Սուլո՜, — ասաց ճանապարհին Մամոն, — երեկվա Եկավեկացվենց քարավանը ո՞ր կողմը գնաց:

Բալու:

Հիմա նրանք որտե՞ղ կլինեն:

Բալվա սահմանը դեռ անցած չեն լինիլ:

Քշենք, նրանց հասնենք:

Ամեհի երիվարները անդադար արշավելով անցնում էին դաշտեր, սարեր ու ձորեր: Քրդական օբաներում երբեմն-երբեմն իջնելով, թե՜ իրենց և թե՜ անասուններին կերակրում, կշտացնում և, առանց հանգստանալու, դիմում էին իրենց նպատակին:

Ութ օր հետո Մամոն յուր ձիավորներով Մշում յուր ծանոթներին այցելելուց հետո դիմեց Արզրում: Մի ամիս Արզրում մնաց, մինչև որ ոսկերիչներն ապսպրած զանազան անոթները պատրաստեցին և այդ ժամանակամիջոցում Սուլոն և ընկերները քաղաքից Թեմրան էին կրում բեգի գնած զանազան հախճապակյա ամանները, էպինոսի զարդերը, հայելիները, Ղարսից բերել տված նիկելի հեշտաեռները՝ իրենց պարագաներով: Արդուզարդի բոլոր պարագաները գնելուց հետո նա Արզրումից վեր առավ հայտնի հալաջ (драпироещик) ստամբուլցի Յուսուֆ ուստային, դիմեց Թեմրան: Մի ամիս չանցած հալաջը Լիոնի, Դամասկոսի և Լահորի թանկագին կերպասներով և դիպակներով զարդարեց Մամո բեգի դահլիճների և սենյակների բազմոցները, գահավորակները, բազկաթոռները, աթոռները, դռների ու լուսամուտների վարագույրները, և Անթառամի գործած ծաղկուն գորգը սրահի հատակի վրա փռելուց հետո մեծ վարձատրությամբ վերադարձավ իր տունը:

Ամեն բան պատրաստ էր, Մամոն էլ տեղափոխվել էր յուր սարայը, միայն պակասում էր տան դշխուհին. մի տիկին էր պետք, որ կառավարեր այդ ապարանքը: Կեղտոտ, մրոտ Ֆաթիին չարժեր բերել բազմեցնել այդ դղյակում, նա յուր գարշահոտությամբ վաղուց զզվացրել էր բեգին: Իսկ այնպես արժանավոր մեկն էլ չկար, նամանավանդ որ Մամոյի իշխանության տակ գտնված բոլոր գյուղերում հայեր էին բնակվում, իսկ ոչ մի հայ աղջիկ յուր կամքով երբեք չէր զիջանիլ ոչ թե բեգի, այլ սուլթանի հարեմն էլ հարճ գնալ: Լեռնական քրդերի աղջիկներն էլ իրենց ազատությունը չէին փոխի հարեմի ճոխ, բայց ստրկական կյանքի հետ, նրանք հովիվ երիտասարդի աղքատիկ, բայց սիրալիր վրանը, յուր սակավաթիվ խաշներով, հազար անգամ նախապատիվ էին դասում Մամոյի ոսկեզեղուն բանտից:

Մամոն ցանկանում էր մի գեղանի, խելացի և բարձրադիրք տիկին ունենալ, որը կարողանար կառավարել յուր տունը, յուր ներքին ելումուտը, իսկ այնպիսի մի կնոջ մասին խնամություն չէր հանդգնում առաջարկել յուր նախանձորդ, գոռոզ հարևան բեգերին, որոնք իրեն ջինգյանությանը, մուրացկանությանը ականատես էին եղել: Նա պարտավորված էր այս գործի թնջուկն էլ Քյալաշ քեհյային առաջարկել լուծելու, բայց շինգյանայի սրտում մի այնպիսի գաղտնիք կար, որ անկարելի էր պարզել: Դեռ Քյալաշ քեհյայի տանը ապրելիս, մի ինչ-որ միտք ժամերով ջինգյանային զբաղեցնում էր: Ամեն անգամ դռները բացվելիս նրա աչքերը իսկույն ուղղվում էին անցող-դարձողների վրա և միշտ նրա սրտի խորքերից մի ծանր հառաչ էր բարձրանում, որը թեև խորամանկ քուրդը խեղդում էր բերանի մեջ ատամները և շրթունքները սեղմելով, բայց չէր կարողանում բոլորովին ծածկել իրեն շրջապատողներից: Հուսախաբ հայացքը իսկույն մատնում էր նրան և մտածմունքի նյութ դառնում իրեն շրջապատողներին: Իսկ նորաշեն սարայը տեղափոխվելուց հետո նա օրվա մեծ մասը անցկացնում էր պատշգամբում և հայացքը ուղղած դիտում գյուղի անցուդարձը:

Այդ օրերը մի շրջաբերական էր եկել վալիից Մամոյին, Բալուի մոտերքը Սև ջրի ափերում երկու ամիս առաջ կատարված մարդասպանության և ավազակության մասին, որի մեջ հրամայված էր բոլոր ծառայողներին ամեն միջոց գործ դնել ավազակների հետքը գտնելու համար: Վալին այդ ավազակներին գտնողին խոստանում էր ոչ միայն պատվանշան, այլև կանխիկ փող՝ հարյուր ոսկի: Այդ սպանության գործը նույնպես քիչ չէր զբաղեցնում Մամոյին, որը սաստիկ երկյուղի մեջ էր: Երբ այդ մտածմունքները սաստիկ տխրեցնում էին Մամոյին, իսկույն կանչել էր տալիս յուր միակ բարեկամ Քյալաշին, որը յուր խորհուրդներով հուսադրում և ցրում էր նրա տանջող տխուր մտքերը:

Գիտե՞ս ինչ կա, նոր բան եմ իմացել, — ասաց մի օր Քյալաշը Մամոյին ներս մտնելով:

Ի՞նչ:

Շատ հետաքրքիր բան:

Ախար ի՞նչ է պատահել, — ասաց անհամբեր կիսազայրալի դեմքով Մամոն, աչքերը հառելով քեհյալի երեսին և անմռունչ ծծելով չիբուխը:

Երեկ իրիկուն երկու ձիավոր իջել են Մինասի տունը և այսօր առավոտ ծեգը չծագած ճանապարհ ընկել:

Որտեղի՞ց են եկել:

Դերսիմից:

Դերսիմի՞ց:

Այո՜, բայց բանը միայն այդքան չէ, գաղտնիքն այն է, որ երբ դուք Արզրում գնացիք, այն օրերը այս մարդիկը դարձյալ մտած են եղել մեր գեղը, մի գիշեր մնալով, այստեղից գնացել են Դերսիմ: Այս բանը այնքան ծածուկ են պահել գյուղում, որ ես այս գաղտնիքը հավիտյան չպիտի լսեի:

Ովքե՞ր են եղել:

Ոչ ոք չի իմանում, այն գիշերը քեհյայի օդայում մարդ է եղել, բայց զենքերից և շորերից կարծում են, — որ անպատճառ ուռուսի մարդ են եղել:

Դերսիմում երկու ամիս ի՞նչ գործ են ունեցել:

Բանն այդտեղ է: Բայց դու այս մտածիր, թե ինչպե՞ս են մտնում գեղ, ինչպե՞ս դուրս գալիս, որ մարդ չի իմանում: Վալիի գթած ավազակների գործը ե՞րբ է պատահել, ես կարծում...

Հան... երկու ամիս առաջ, եկել անցել են, ասիր, այդ օրերին մոտ է... կարելի է կասկածել...

Ախր, ինչպես գրած էր շրջաբերականում, ավազակները սպանել էին վաճառականներին բերդյանի թվանքով, իսկ ուռուսի միջից գալողները ամենքն էլ խո այդ թվանքից ունին: Տարած փողերից մի մասը Դերսիմի բեգերին կտային, որոնք միշտ պատրաստ են ընկերանալ այդպիսի քաջերի հետ:

Խելքի մոտիկ բան է, — ասաց բեգը, — շատ կարելի է: Պետք է Մինասին կանչել և քննություն անել:

Այդպես էլ հարկավոր է... Ցտեսություն: Մինասը հիմի յուր ձեռքով կբերե աղջկան քո դուռը, դու քիչ խրոխտա, — ասաց քթի տակ Քյալաշը Մամոյի սարայից դուրս գալով:

Ուղիղ, լավ է ասած, — մրմնջաց Մամոն Քյալաշի հեռանալուց հետո: — Ո՞վ ուտե եղն ու ճմուռը, ո՞վ գլուխը դեմ տա սուրը:

Լավ է, այս գործը այդպես կփակենք, կքնացնենք և սրանից հետո ամեն հանցանք կբարդենք սահմանից անցնողների վրա: Թեև վաճառականների ոսկիները մարսված են, բայց և այնպես վնաս չունի, եթե Մինասին էլ բանտի մեջ քիչ ճնճրտացնենք` դժոխքի ճիվաղներին ծիծաղեցնելու համար: Կարելի է գյավուրը վախից աղջկանն էլ ինձ համար մատաղ բերե: Հա՜, հա՜ հա՜, Սուլո՜, Սուլո՜:

Հրամայե՛, բեգ, — –– ասելով ներս մտավ Մամոյի ընկերը քմծիծաղով:

Սուլո՜, գնա գյավուրին կանչե:

Մինասի՞ն, թե՞ Քյալաշին:

Մինասին:

Սուլոն սլացավ բարակի նման, տիրոջ որսը բերելու:

Լա՜վ, ասենք թե Մինասին բռնեցի, բանտարկեցի, տանջեցի, — ասաց մտածելով Մամոն, — ինձ ի՞նչ օգուտ... Ինչ եմ անում նրա աղջիկը, որը կարող է մեկ-երկու ամսից, մեկ-երկու տարուց թառամել, մի՞թե նրա աղջկա նման հազարավորները չկան իմ շուրջը... Ո՞ր գեղից, ո՞ր տանից չեմ կարող փախցնել տասնյակներով այդպիսի դատարկ աղջիկներ: Ինչի՞ս է պետք նախշունը, որ ներկարարի ներկած դռների ու պատերի նման թեև այժմ նախշուն է, բայց ներկը թափվելուց հետո դարձյալ կմնա նույն հասարակ փայտը... Ինձ խանում-խաթուն կին է պետք, սարայի դշխուհի է պետք, ես սիրտս այրող ու լափող Անթառամին կուզեմ... Որ Անթառամն իմս լինի, Թեմրանն էլ խո՜ հավիտյան իմս կլինի, Ամիրխան քեհյայի ունեցած-չունեցածն էլ Անթառամի տիրոջը կլինի... Էլ զահլաս չի տանի Քյալաշը իրեն տեղի-անտեղի նկատողություններով, և էս սարայում, հուրիիս գրկում, ցմահ կվայելեմ երջանիկ օրեր...

Դեռ Մինասը չեկած, քաղաքացի հյուրեր եկան իջան Մամոյի դռան առաջ: Անակնկալ հյուրերը տանտիրոջ զարմանքն ու երկյուղը սաստկացրին իրենց արտասովոր շարժումներով: Քուրդը որքան որ աշխատում էր իրեն սառնասիրտ և անվրդով ցույց տալ, բայց սրտի սաստիկ բաբախումները չէին հնազանդում նրա թույլ կամքին: Չինական ձևերով ամեն տեսակ հարգանքներ տվեց բեգը այդ քաղաքացի պաշտոնյաներին, որոնց շարժումները անթարթ հայացքով դիտում և ամենայն ուշադրությամբ խոսակցությունները լսում էր: Խոսակցություններից պարզվեց, որ եկողը դատախազի օգնականն էր, որը քննիչի հետ քննություն էր կատարելու գավառում: Այս հանգամանքը ավելի շփոթեցրեց Մամոյին, որը վախենում էր, որ չլինի թե կառուցած փառավոր սարայից Արզրումի միջնաբերդի բանտը տեղափոխվի: Քիչ հանգստանալուց հետո դատախազը սկսեց քննությունը:

Այդ բոլորի մասին ձեզ լիովին տեղեկություն կարող է տալ մեր Քյալաշ քեհյան, — ասաց Մամոն: — Նրան պետք է կանչել: Այս իրիկուն նա ինձ մի գաղտնիք հայտնեց, որը ես արդեն պատրաստվում էի մի առանձին նամակով վալիին հայտնել:

Կանչել տվին Քյալաշին: Վերջինս զանազան զարդարանքներով և յուր նկատողություններով ու կարծիքներով նկարագրեց ձիավորների պատմությունը ականատեսի նման, դատախազի ներկայության քննիչին, որը մեկ-մեկ արձանագրում էր լսածները: Քյալաշը խոսքը ավարտելուն պես Մինասին ներս կանչեցին, որը բոլորովին ապշած մնաց, երբ լսեց յուր հակառակորդի և մերժած խնամու զարհուրելի զրպարտությունը, իսկ արհամարհված խնամին անգութ կերպով պնդեց քննիչի առաջ յուր զրպարտությունները: Մինասը դատապարտյալների դասն անցավ, որին քննիչն ու դատախազը կապկպած ուղարկեցին Արզրումի միջնաբերդի բանտը, մեծապես շնորհակալ լինելով Մամոյից և Քյալաշից, որ կարողացել էին մի այնպիսի կնճռոտ գործ այդպես շուտ պարզել:

Գույժը իսկույն տարածվեց գյուղում և գավառում: Լացի, կոծի, հառաչանքի, ախուվախի ձայնը լսվում էր ամեն կողմից, ամեն մարդ՝ կին, ծեր, երեխա դուրս թափվեցին և արտասուքները աչքերին, վզերը ծռած, սկսեցին դիտել, թե ինչպես շղթայակապ, անարգանքներով, մտրակելով զապթիեները տանում էին իրենց սիրելի քեհյային դեպի քաղաք: Ժամերով կանգնած դիտեցին նրա գնացած ճանապարհը ու հառաչեցին: Նրանցից ոչ ոք չհամարձակվեց մոտենալ, երկու մխիթարական խոսք ասել, քաջալերելու այն անմեղ մշակին, որը կյանքը թշվառներին մխիթարելով էր մաշել:

Դատախազի անունը սարսափ էր սփռել գավառում, նամանավանդ այն ժամանակ, երբ դեռ նոր էր հաստատվել այդ պաշտոնը Քրդահայաստանի գավառներում: Նրանց անսահման իրավունքները առասպելականացնում էին, մինչև անգամ Արզրումի վալին՝ Ֆոսֆոր Մուստաֆա փաշան, մի անգամ ժողովում դատախազների իրավունքների մասին խոսելիս վերջիններին նմանեցրել էր ենիչերիական շրջանի հայթաներին, որոնք դատավորների, փաշաների և կրոնականների վճիռները քանդում, փոխում էին իրենց քմքի համաձայն:

Այս խառնաշփոթությունները վերջացնելուց հետո Մամոն թեմրանցիներից հինգ-տասը ծերեր հավաքեց, որ նոր քեհյա ընտրեն: Գյուղացիք բեգին դուր գալու և չարություններին վերջ տալու հույսով ընտրեցին Քյալաշին, որը նախապես մի քանի ծերերի խոստացել էր ութ-տասն օրից հեռացնել տալ Մամոյին գավառակից:

Այս ընտրությունը թեև բոլորովին Մամոյի քեֆով չէր, բայց առժամանակ ստիպված էր լռելու, մինչև հաջող առիթ ներկայանալը:

Քննիչի և դատախազի օգնականին լավ փեշքյաշներ տալով ճանապարհ դրեց Մամոն, որոնք վերջինիս խոստացան իրենց պատրաստակամությունը` հարկավոր դեպքում ծառայելու:

Քյալաշը, դեռ չհաստատված յուր պաշտոնի մեջ, մի փոքր վեճ ունեցավ Մամոյի հետ: Բեգն առաջարկել էր Քյալաշին յուր աղբյուրի մոտի փոքրիկ մարագն ու ախոռը բնակության համար Սուլոյին տալ: Նորընտիր քեհյան էի գյուղացիների աչքը կապելու և նրանց զայրույթն ու ատելությունը կրկին բորբոքելու համար ուզում էր հակառակվել և չթողնել, որ օձը բուն դնե գյուղի սրտի մեջ: Բայց այդ ընդդիմությունը էժան չնստեց Քյալաշին, նա փափագած պաշտոնում հաստատվելու և Մամոյի սիրտն առնելու համար ստիպվեցավ բաշխելու Սուլոյին ոչ միայն պահանջված կայքերը, այլև մի լուծ եզ և մի սարք արոր: Քյալաշի այս հակառակությունը նոր մտքեր ծնեցրինին Մամոյի գլխում: Նա հեռու տեղերից երկու-երեք աղքատ քուրդ հովվական ընտանիք հրավիրել տվեց իրեն խաշները արածելու և գյուղացիներին ստիպեց, որ դրանց համար էլ տուն շինեն և իրենց հողերից բաժին հանեն վարուցանքի համար: Մամոն էլ Մինասին բանտից ազատելու հույսեր տալով և խոստումներ անելով, նրա եղբայրներից նախապես մի լավ տուն վարձ ստացավ:

Բայց ո՜չ սարայը, ո՜չ նրա ճոխ կահ-կարասիները, ո՜չ ախոռում կապված նժույգները, ո՜չ էլ գյուղական հարս-աղջիկները չէին կարողանում գրավել Մամոյի աչքերը: Նա պատշգամբից անդադար երբեմն դիտում էր թեմրանի շրջապատի ընդարձակ տափերը, Ամիրխան քեհյայի թողած ջրարբի հանդերն ու հանդաստանները, այգիներն ու ջրաղացները, երբեմն էլ աչքերը դարձնում էր նրանց չարդախում բանի-գործի ետևից վազող Անթառամին, որն արշալույսից մինչև կեսգիշեր անդուլ շրջում էր բանանողների գլխին, եփում, թափում, մաքրում, րոպեն զուր չէր կորցնում: Շատ անգամ Մամոն այնքան սնշարժ, անթարթ աչքով նայում էր մի առարկայի վրա, որ տեղն ու տեղը թմրում, մրափում, մնում էր, մինչև որ Սուլոն և ընկերները գալիս, թևն ընկած տանում էին անկողին դնում: Իսկ չիբուխը աֆիոնի փշրանքով ծխած օրերը, ութ-տասը ժամ դիակի նման անշարժ տարածվում էր բազմոցների մեջ և երազներով հյուրի-մելեքների հետ ժամանակն անցկացնում:

Անթառամին ձեռք բերելու և մանավանդ Ամիրխանենց կայքն ու կարողությունը հափշտակելու տենչով վառված, Մամոն գիշեր-ցերեկ մտածում էր մի կերպ Քյալաշի գոյությունը ոչնչացնել, որը յուր նպատակին հասնելու ամենամեծ արգելքն էր կազմում: Նա ամեն օր անզգալի կերպով տանջում էր Քյալաշին, որը թեև սրտի խորքում սաստիկ բորբոքվում էր, բայց դեմքի վրա ծիծաղ ու ժպիտ կեղծելով, անցկացնում էր օրերը, հարմար առիթի սպասելով: Քղիի ղայմաղամը Քյալաշին թեև երկու անգամ խոստացել էր շուտով հեռացնել տալ Մամոյին յուր պաշտոնից, բայց գործը օրեցօր հետաձգում էր, պատվիրելով միանգամայն համբերությամբ տանել ամեն բան, մինչև պատեհ առիթի ներկայանալը:

Բայց տարաբախտաբար Քյալաշի բարեկամին՝ Քղիի ղայմաղամին էլ փոխեցին և նրա տեղը նշանակեցին մի պոլսեցի երիտասարդի, որի հետ Մամոն շատ զվարճալի օրեր էր անցկացրել Արզրում եղած ժամանակ: Այս փոփոխությունը հուսակտուր արավ Քյալաշին: Նա թեև ոչ ոքի մոտ չէր զիջանում խոստովանել յուր հանցանքը կամ զգացած վիշտը, բայց ցավը ներսից նրան տանջում, մաշում էր: Տանջվում մաշվում էին Քյալաշի հետ թեմրանցիք Մամոյի և նրա ընկերների սոսկալի ճնշումների տակ...

Քյալաշ քեհյա, — դողդողալով ասաց նրան մի օր գյուղի ծերերից մինը, — այս մեր վերջը ո՞ւր է հասնելու...

Աստված ողորմած է, Օհան աղբար, մի լույս կհասցնե, մի՜ դարդ անիլ...

Էլ ո՞ր օրն է հասցնելու, երբ տաշտումը թթխմոր անգամ չմնաց, ընկալումն էլ՝ հավկիթ... Ցանքսի ժամանակ է, սերմ էլ չունենք ցանելու:

Օհան ամի, մի նեղանա, տղերքը մեր տուն ուղարկե, թող հինգ-վեց կարաս ցորեն տանեն, կալոցին ետ կդարձնեն...

Այդ ինձ տվիր, դրկցիս տվիր, լավ, բան չեմ ասում, հապա այս հարյուր քսան տանը որտեղի՞ց պիտի հասցնես: Մի ծաղկով գարուն չի գալ...

Նրանք էլ մի ճար կանեն, մեկ այս երկու-երեք ամիսն էլ յոլա գնանք, հույս ունիմ, որ կազատվենք...

Այդպես զուր հույսերով ոչինչ չի դուրս գալ, մենք մեզի ենք խաբխբում... Մանր ու խոշորը դարաքաշ տանջանքներով բավական չէր, որ մաշվեցան ու հալվեցան, հիմի էլ սովը նրանց կկոտորե, կպրծնենք: Այդ անօրենը գեղ մտնելուց հետո հանգստություններս կտրվեց հերիք չէր, հիմի էլ քղեցիների պես մեր երիտասարդները տուն, տեղ, կնիկ, երեխաներ թողած պանդխտության ճանապարհ ընկան: Այսօր Մինասենց Սաքոն էլ Սթամբոլ է գնացել...

Բավական չէր Քյալաշի ներքին տանջանքը, նրան ավելի հուզում էին Անթառամի անվերջ նախատինքներն ու կշտամբանքները: Թշվառ կինը շուրջը կատարված անթիվ անգութ տեսարաններից զգացված, վշտի սաստկությունից բորբոքված, հարբածի ու խելագարի նման անխնա ամեն օր կծու ու սուր խոսքերով ծակում էր Քյալաշի սիրտը, մերկացնելով նրա անարգ և ստոր ընթացքը:

Անթառամը, դիտելով Մամոյի աչքերը, արդեն վաղ էր զգացել, թե ի՛նչ մտքեր էր որոճում անօրենը և այդ բանը ուղղակի կերպով մի քանի անգամ հայտնել էր ամուսնուն, իսկ վերջինս չհասկանալ ձևացնելով, միշտ լռել էր այդ կետի վերաբերմամբ: Մինասի աղջկա նկատմամբ Մամոյի սառնասիրտ վարվելու պատճառը մասամբ թեև նախազգացել էր Քյալաշը, բայց երբեք չէր կարողանում համոզվել, որ այնքան ապերախտ կլինի յուր բարերարը: Իսկ վերջերքը, ղայմաղամի փոխվելուց հետո, երբ լսեց ու դիտեց, թե ինչպես ազատ անօրենը գիշեր-ցերեկ թափառում էր յուր տան շուրջը, ամոթից ու երկյուղից չհամարձակվելով վիշտը արտահայտել, ընկավ մելամաղձոտության մեջ և սկսեց առանձին թափառել օրվա մեծ մասը գեղի շուրջը, գետափի մոտ և ծառերի շվաքի տակ, այնպես որ խույս էր տալիս մարդու երես տեսնելուց: Այն աստիճանի հասավ, որ գեղի պառավներն ասում էին, թե աստված պատժեց անմեղներին, որբերին ու այրիներին տանջել տվողին:

Մամոն ամեն բան դիտում էր և հրճվում: Նա վերջապես հույս ուներ, որ շուտով կհասնի յուր նպատակին: Բռնությամբ թեև նա կարող էր անմիջապես մտնել ու հափշտակել Անթառամին, բայց նա խոհեմությամբ էր ուզում գործ բռնել, դրացիների ու մեծավորների աչքը կապել և իրեն անմեղ ձևացնել: Թեև գիտեր, որ երբեք չէր զիջանիլ Անթառամը ջինգյանայի կին դառնալ, Ամիրխան քեհյայի կարողությունը նրա ձեռքը գցել, բայց համոզված էր նույնպես, որ առանց մեծ դժվարությունների կարող էր խեղդել մի անտեր կնոջ ձայնը:

Այս մտածություններով մի օր Մամոն աննկատելի կերպով սողաց, մտավ Ամիրխան քեհյայի տունը և Անթառամին գտավ յուր առանձնարանում սև օրը սգալիս: Երկյուղն ու սարսափը հանկարծ տիրեց թշվառ կնոջը, որի լեզուն կապ ընկավ, ուշքը անցավ, մարեցավ... Մամոն աղախիններին կանչեց և հրամայեց, որ շուտով ուշքի բերեն տիկնոջը, իսկ ինքը համարձակ հեռացավ:

Այս անցքը մի քանի րոպեում տարածվեց գյուղի մեջ և ամեն բերան վայ տվեց յուր գլխին, որ դեռ էլի ապրում է` այդպիսի սև օր էլ տեսնելու համար:

Այս բոլորի վրա պետք է ավելացնել այն անկարգությունները, հափշտակությունները, գողությունները և հայտնի լիրբ առաջարկությունները, որոնք կատարվում էին Մամոյի ընկեր Սուլոյի, Հասոյի և սրանց ազգականների ձեռքով գյուղում և գավառում: Հուսահատեցրել էին թշվառ ժողովրդին, այնպես որ գյուղացիներից շատերը պանդխտության էին դիմել Սթամբոլ ու Թիֆլիս՝ սովից իրենց ընտանիքը ազատելու: Շատերն էլ իրենց հողերից զրկված և Մամոյի ընկերների հետ թշնամացած լինելով, թողնում էին իրենց սիրելի հայրենիքը, ընտանիքով դիմում օտար աշխարհ:

Այս բոլորին մի ճար անելու, կործանումից ազատվելու և անօրեններին էլ գեղից հալածելու համար մի քանի փորձառու ծերեր իրար հետ գաղտնի վշտակցելուց հետո որոշեցին մի գիշեր խորհուրդ կազմել: Ժողովին կանչված էին միայն քսանի չափ ազդեցիկ և ամբողջ գավառին սիրելի մարդիկ:

Բարեկենդանի երեքշաբթի գիշերը, ուշ ժամանակ ծերերը հավաքվեցին Մինասենց օդան՝ խորհրդի: Գիշերը, որ անցյալ տարիներում միմիայն կերուխումի և ուրախության էր հատկացրած, կարմրացրած գառի մսի, հավի, սագի, բադի ու հնդկահավի, փլավի ու քյաշկակի տեղ՝ գարու ալյուրից խավիծ ու փոխինձ էլ չէին գտել անատամ ծերունիները փորները կշտացնելու: Թթի արաղի, Խարբերդի գինու տեղ մածնի չախլամա էլ չէին կարողացել խմել: Հեքիաթներ ասել տալու տաղեր երգել տալու, սազ ու սանթուր ածել տալու, պար բռնելու փոխարեն սև սուգերը պատած մռայլ դեմքով նստոտել էին ծալապատիկ իրար դեմ և ոչ ոք սիրտ չէր անում խոսք բաց անելու: Սենյակում թագավորում էր տխուր լռությունը, միայն օջախում վառված փայտի բոցերից առաջացած վշտաբեր սուլումը, հանկարծակի ահագին ճայթյունները և երբեմն-երբեմն ոստերից բարձրացած սրսփացնող տժտժոցը խանգարում էին նրան: Այդ մեռելային դրությունը ավելի սաստկացնում էր ծերերի վիշտը, որոնք մասամբ այդ ցավերը չզգալու համար անընդհատ լցնում էին իրենց չիբուխների լուլաները Մուշի դաշտից ստացած կոնտրաբանդ ծխախոտով և ագահաբար ծխում:

Հյուրերը տերտերին էին սպասում, բայց տառապյալներին մխիթարելու կանչվածը Մամո բեգին էր զբաղեցնում նորաշեն ապարանքում յուր շողոքորթություններով: Տերտերը թեև գյուղացիներին մուննաթ էր անում, թե գիշեր-ցերեկ բեգի առաջ քծնում, աշխատում էր նրա սիրտը գրավել, որպեսզի խղճա, գթա, ողորմի նրանց և թեթևացնի ծանր լուծը, բայց բուն նպատակը բեգի միջոցով Քյալաշի ձեռքից իրենց այգուն կից մի արտը գրավելն ու եղբորը քեհյայության աստիճանին բարձրացնելն էր:

Մամոյին էլ արբանյակ էր պետք, հոգևորականից էլ լավ գործակատար խո չէ՞ր կարող գտնել, անխնա մեծ-մեծ խոստումներ էր անում և հույսեր տալիս:

Էլ ի՞նչ եք սպասում, — ասաց ծերունի Օհան աղբարը, — երևում է, որ էլ նա չի գալ... Ինչ որ ունիք խոսելու, սկսեցեք, էլի մենք մեր գլխի ճարը տեսնենք, թե չէ մեծատունն ու հոգևորականը իրենց գլխի դարդը թողած, խեղճի ու անճարի հոգսը չեն քաշիլ:

Այսպիսի օր, երբ արյուն-արտասուք է թափում թշվառ ժողովուրդը, — ասաց մի ուրիշը, — նա բեգի սեղանին բազմած, որսերով լցնում է փորը և կուշտ-կուշտ ծիծաղեցնում մեր դահիճներին...

Դրանք թողեք, դուք այն ասեք, թե ի՞նչ եք մտածում անել... Էգուց չէ մեկէլ օր ժամանակը գալիս է, որտեղի՞ց ենք տալու էղնամի (անասնական հարկ) չորս հազար հինգ հարյուր ղուրուշը (450 ռուբլի):

Դրանք բոլորը վերջի բան է, — ասաց խոսքը կտրելով ծերունի Օհանը: — Դուք այն ասեք, ինչպե՞ս անենք, որ այս անօրենին գավառից դուրս հանենք: Սա իր ավազակներով թե կորչի, մնացյալներից ազատվելը հեշտ է:

Բանն էլ այդտեղ է, որ այնպիսի դևերից չէ, որ մի խաչ հանելով չքվի...

Գիտե՞ք ինչ կաասաց բանտարկյալ Մինաս քեհյայի եղբայրը, բոլորի ուշադրությունը գրավելով յուր ծանր խոսակցությամբ, — եկեք մի աղերսագիր գրենք, վալիին տանենք և մեր ցավերը մեկ-մեկ հայտնենք ու ետ չդառնանք, մինչև արդար վճիռ չստանանք...

Ո՞ւմ վրա, ո՞ւմ եք գանգատի գնում, — խոսքը ընդմիջեց Քյալաշ քեհյան, որ նոր ներս մտնելով դռան միջից լսում էր խոսակցությունը: — Դրանք դատարկ բաներ են, զուր տեղը մի քանի ամիս Արզրումի սարայի դռներում ու խաների (քարվանսարա) անկյուններում պիտի տանջվիք և հուսակտուր ետ դառնաք, այն էլ՝ թե բաց թողնեն... Այստեղ տուն-տեղ անտեր, անտիրական թողնել ու Արզրումի փողոցներում թափառելը խելքի մոտիկ բան չէ:

Դու սովոր ես խոշոր-խոշոր խոսելու, մեծ-մեծ խոստումներ անելու, — ասաց ծանրությամբ ծերունի Օհանը, — բայց գլուխ բերած օգտաբեր գործդ չտեսանք, հիմի չես էլ թողնում, որ ուրիշները խոսին, տեսնենք նրանք ի՞նչ են մտածում...

Ով ինչ կուզե մտածե, բայց բոլորը զուր է, ես իմ վերջնական որոշումս արել պրծել եմ, Թեմրանը շուտով կազատվի այդ անօրենի ձեռքից... Ավել խոսելու կարողություն չունիմ:

Այդ խոսքերը շատ-շատ ենք իմացել, — կրկնեց ծերունին, — բայց մեր դառը վիճակը ոչնչով չի փոխվել...

Թողե՜ք խոսի, տեսնենք ինչ բան է նրա որոշումը, — ասաց գեղի համբաներից մեկը...

Էլի մի զուր հույս, — պատասխանեց ծերունին:

Այո՜, Թեմրանը շատ շուտով կազատվի Մամոյի ձեռքից, բայց թե ինչպե՞ս, այդ մի գաղտնիք է, որ վերջը կիմանաք...

Ախր ի՞նչ գաղտնիք...

Հրամմեր եք, դա մի խորհրդավոր գաղտնիք է, — ծաղրալի դեմքով յուր ընկերակիցների հետ ներս մտնելով ասաց Մամո բեգը: — Գաղտնիքը չի կարելի այդքան բազմության առաջ պարզել... Սուլո՜, Մստո՜, Հասո՜, կապկպեցե՜ք, շղթայեցե՜ք այս գյավուրներին, տարեք բանտ, այնտեղ ավելի լավ խորհուրդ կարող են կազմել:

Զինված ավազակները հարձակվեցան անզեն թշվառների վրա և սկսեցին պինդ-պինդ շղթայել նրանց ձեռքերն ու ոտքերը: Այդ միջոցին մի քանի ճարպիկ ժողովականներ կարողացան խույս տալ, մի քանիսն էլ մտան ախոռ և անասունների մսուրքների մեջ պահվեցան: Քյալաշ քեհյան շղթայակապ ամենից առաջ արժանացավ յուր շինել տված հաստ ու պինդ որմերով բանտում առանձնական կյանք վարելու:

Բ Ե Գ

Մինչդեռ Քյալաշը բանտի խորքերում գժվելու աստիճանի բորբոքված տառապում, տանջվում էր, մինչդեռ նրա աչքի առաջից և ոչ մի ակնթարթ չէր հեռանում յուր չարաշահ անցյալի զարհուրելի պատկերը, մինչդեռ բանտի այլ սենյակներում ողբալով սգում էին իրենց ընտանիքների սև օրը Թեմրանի համբաները, մինչդեռ կոծում էին գյուղի մանկահասներն ու հասակավորներն իրենց հոր, եղբոր, ամուսնի, որդու սոսկալի վիճակը, մի դժոխական բռնաբարություն էր կատարվում Ամիրխանենց տան մեջ: Մամո բեգը յուր հրոսակներով մտնելով Անթառամի սենյակը, հափշտակեց նրան և նվաղած ու անզգայացած տարավ յուր սարայը: Նահապետական նվիրական օջախը պղծելուց, նրա զարդերն ու հարստությունները կողոպտելուց հետո, մնացորդը թողեց իր գործակատարներին բաժանելու... Քյալաշի որդին՝ Արտաշը, և աղջիկը՝ Աննմանը, որպես գերի տարվեցան բեգի հովիվների խրճիթները, իսկ զառամյալ քույրը ոտքի տակ ճմլվեցավ: Մինչև լուսանալը, ոչ միայն դատարկեցին ավարառուները Ամիրխանենց տան կայքն ու կարողությունը, այլ նրա դռներն էլ քանդեցին, տարան: Լուսադեմին Ամիրխանենց տունը ավելի ավերակի, քան թե բնակարանի էր նման... Նույն գիշերը ավարառության ենթարկվեցին գյուղացիներից շատերի տները և մի քանի ունևորների գեղանի աղջիկներին հարճ տարին Մամոյի արբանյակները... Սուգը, ողբն ու կոծը ընդհանուր էր և վշտի սաստկությունը մոլորեցրել էր ամենքին: Ամեն մարդու սրտի խորքերից անվերջ հառաչանքներ էին բարձրանում, ամեն շրթունքներից անեծքներ էին թափվում անգութ դահիճների գլխին և ոչ ոք չէր կարողանում մի ճար գտնել այդ գազանների ճանկերից իրենց սրտակիցներին ազատելու համար:

Անթառամը Մամոյի ննջարանում յուրաքանչյուր անգամ սթափվելիս ի՛նչ սոսկալի ցնցումներ էր կատարում, ինչպե՛ս բորբոքվում էին նրա թոքերը հարեմական վարագույրների ու որմերի մեջ նեխված օդը ծծելով, ինչպե՛ս մորմոքում էր նրա մայրական սիրտը, երբ նրա վառ աչքերը չէին նկատում շուրջը յուր սիրասուն զավակներին, ինչպե՛ս մթնում էին նրա աչքերը, երբ գազանաբարո դահիճը յուր զզվելի դեմքով ներկայանում էր նրան զանազան հաճոյախոսություններով` չի կարելի բառերով արտահայտել: Նա երբեմն կատաղում էր մատակ առյուծի նման և ուզում էր հարձակվել-բզկտել յուր ձագերը հափշտակող, չարչարող, տանջող, անգութ դահիճներին, բայց հարեմական երկաթե վանդակը արգելում էր նրա այդ ոստյունը, և նա բախվելով երկաթի հաստ ու պինդ ճաղերին վիրավորում, կոտորում, փշրում էր յուր անձը, արյունլվա, կսկծից ու խոստուկից անզգայացած, դարձյալ ընկնում էր նվաղած, ուժասպառ դիակի նման: Նրա ողբը, նրա կոծը, նրա մռնչյունն ու աղաղակը խեղդվում էին հարեմի պատերի մեջ և միայն անզգա որմերն էին լսում նրա ձայնը, միմիայն նրանք էին տալիս նրան իրենց տխուր արձագանքը: Անթառամի ծայրահեղ ընդդիմությունները թեև տանջում էին Մամոյին և այդ պատճառով ահն ու երկյուղը չէր հեռանում նրա սրտից, գիշեր-ցերեկ անընդհատ հափշտակածին զսպելու և նրա սիրտը գրավելու մտքով էր զբաղված, բայց և այնպես չէր էլ հուսահատվում ջինգյանան, նա կարծում էր որ վերջիվերջո կհաղթե այդ համառ հայ կնոջը: Նախազգուշությունների համար Մամոն բոլորովին արգելեց, որ մի հայ մտնի յուր սարայը և կասկածելի անձնավորություններին բոլորովին հեռացրեց յուր դռներից:

Արտաշը տասներկու տարեկան էր, երբ Մամո բեգը քարուքանդ արավ նրանց տունը, հորը բանտարկեց և մորն էլ յուր հարեմը տարավ: Նա ականատես եղավ այն բոլոր արկածներին, որոնք կատարվեցան գազանաբարո ավազակների ձեռքով: Տեսավ նա հորը, երբ Մինասենց տանից կապկպած բանտ էին տանում, թե ինչպես հուսահատությունից գժվածի նման սկսեց հարձակվել իրեն շրջապատողների վրա, իրենց տան մեջ ինչպես մոր սիրտը անցավ, մարեցավ, թուլացավ զինգյանայի գրկում, որը տարավ նրան յուր հարեմը, դիակի նման անշարժ ու անզգա: Նա տեսավ, թե ինչպես ավարառուները մեջ գիշերին կատաղի երիվարներին իրենց մսուրքներից արձակում և անխնա մտրակելով տանում էին, ինչպես գութանավոր գոմեշներին ու լծկան եզներին մահակի տակ կոտորում և մղում էին իրենց տները, ինչպես իրար մեջ բաժանում էին մատակներին, կովերին ու ոչխարներին և լսեց անլեզու անասունների խրխնջոցը, բառաչը և մայոցը, որոնք կարծես բողոքում էին ավազակների դեմ, չէին հեռանում ախոռներից ու գոմերից և որոնում իրենց ձագերին... Նա տեսավ, թե ինչպես փշրում էին սնդուկները, քանդում էին սենյակներն իրենց զարդարանքներից, կոտորում, թափում, ոտնատակ էին տալիս կարասների միջի բարին, եղն ու ձեթը, թթուն ու աղունը, ալյուրն ու պանիրը և այդ սոսկալի րոպեներում անդադար տան այս անկյունից այն անկյունն էր քաշվում պաշտպանվելու և յոթ տարեկան քրոջը Աննմանին, պաշտպանելու, ոտքի տակ չթողնելու համար: Դեռ ինքը երեխա, եղբայրական և այրական պարտականությունը կատարելու էր պարտավորվել, դեռ ինքը պաշտպանության կարոտ, արենակցական սերը ստիպել էր իրենից թույլին պաշտպանելու հոգսը քաշել:

Ավազակները տունը բոլորովին մերկացնելուց հետո մի անկյունում երկուսին անբաժան կերպով իրար գրկած ու քնած էին գտել և առանց իրարից բաժանելու, որպես ավարի մաս, տարել գցել էին մի հովվի տուն: Այն փափկասուն զավակները, որոնց ամեն մի պետքերն Անթառամը յուր ձեռքով էր կատարում, այն սիրասուն զավակները, որոնց ամեն մի ցանկություններին Քյալաշը հրամայում էր անմիջապես բավականություն տալ, այն մատաղահասները, որոնք մեծացել էին միմիայն գգվանքներով և փայփայանքներով, որոնց ականջները չէին լսել ո՜չ կոշտ խոսքեր, ո՜չ անառակ հիշոցներ, այն արարածները, որոնք ո՜չ ցրտի սաստկությունը և ո՜չ տոթի տապն էին զգացել, վայրենի հովիվների անարգանքներին մատնված, դատապարտվել էին ծառայելու և ստրկաբար կատարելու անզգա և անգութ տերերի անխիղճ ու անողորմ հրամանները:

Փետրվարի մեջերքին էր, երբ առաջին անգամ Մամոյի հովիվ Հասոն հրամայեց Արտաշին իրենց հիսունի չափ կթան ոչխարները տանել և արածացնել գետափում, ձորի մեջ: Այդ առաջին անգամ էր, որ քեհյայի որդին, խլիկը թիկունքին գցած, մահակը ձեռին, գամփռների հետ ոչխարը առաջը խառնած, դիմեց դեպի ձորը: Նրա պաշարը գարի հաց էր և լոռի փշրանք, որոնք հովվի կինը՝ Սոնան, զետեղեց խլիկի թիկունքից կախված գլխանոցում և ճանապարհ գցեց:

Աննմանը, որ մինչև այդ ժամանակ ոչ մի րոպե չէր բաժանվել եղբորից, սիրտը լցվեց և արտասուքը աչքերին, առանց ուշք դարձնելու Սոնայի սպառնալիքներին, վազեց եղբոր ետևից և նրա հետ ամբողջ օրը արևի, քամու և բքի տակ անցկացրեց: Հովերի կատաղած ու ցրտի սաստկացած ժամանակը փոքրիկ հովիվը յուր խլիկի մեջ էր առնում քրոջը և երկուսով իրար փաթաթվելով, մեկ-մեկի տաքացնում էին: Գամփռները, որոնք երբեմն-երբեմն շրջում էին ոչխարների չորս կողմը, չէին բաժանվում իրենց մանկահաս առաջնորդներից, որոնց ոտքի տակ պառկելով, աչքերը չորս կողմ չռած դիտում էին իրենց պաշտպանության հանձնված անզեն արարածներին:

Հասոյի կինը՝ Սոնան, երբ նկատեց, թե դժվար է բաժանել քրոջը եղբորից, նրանց մի քանի շաբաթ թողեց, որ միասին տանեն ոչխարը արածելու, նամանավանդ որ այդ օրերը ծնում էին ոչխարները, և մատղաշ գառներին իրիկունները հարկավոր էր գրկով տուն բերել, իսկ Արտաշը մենակ հո չէր կարող երկու-երեք գառ գրկել: Գործի պետք եկավ, նա արդեն սկսեց եղբորը օգնել և գրկով հովվի տունը տանել նորածին գառներին: Գոհ էր Աննմանը, որ իրեն չէին բաժանում յուր եղբորից և մեծ ուրախություն էր պատճառում անմեղ երեխային, երբ քնքշիկ գառը գրկին վերադառնում էր տուն: Քիչ Ժամանակից հետո գառները արդեն շատացան և ժրացան, նրանք էլ կարող էին գարնանամտի քնքշիկ թարմ գալարները արածել: Աննմանին էլ տվին մահակ ու գամփռներ և քույր ու եղբայր իրարից ոչ շատ հեռու շարունակեցին արածացնել կթան ոչխարներին ու նրանց գառներին:

Следующая страница