Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Next Last

ԱՏՐՊԵՏ

(1860-1937)

Գրականության պատմության մեջ կան դեմքեր, որոնց ստեղծագործության տեղը և արժեքը որոշվում են տվյալ պատմական ժամանակաշրջանի մեջ միայն: Այս իմաստով նրանք պատկանում են անցյալին. նրանց վաստակը, ձեռք բերումները գեղարվեստական տեսակետից կապված են գրական զարգացման պրոցեսի այս կամ այն շրջափուլի հետ: Եվ քանի որ գրական-գեղարվեստական մտքի այսօրինակ ներկայացուցիչների ժառանգությունը գրականության պատմության թեև ոչ էական, բայց անբաժանելի մասն է կազմում, ուստի այն զուրկ չէ գիտական ու գրապատմական հետաքրքրությունից: Այս վերջին հանգամանքը թերևս այն վճռական գործոնն է, որով այդ գրողների ստեղծագործությունը ժամանակակից ընթերցողի համար արժեք ու նշանակություն է ձեռք բերում:

Հայ նոր գրականության պատմությունը տվել է մի շարք այդպիսի դեմքեր: Մասնավորապես 1890-ական թվականներին նրանք գրական ինքնուրույնություն են ձեռք բերում այն իմաստով, որ ստեղծագործական բեղմնավորությամբ և օրվա ազգային հարցերին արձագանքելու զարմանալի ակտիվությամբ ժամանակ առ ժամանակ դառնում են գրական ասպարեզի տերեր` երբեմն որոշելով մեծ գրականության թեմատիկ և անգամ ժանրային ուղղվածությունը: Այնպիսի գրողներ, ինչպիսիք էին՝ Բ. Այվազյանը, Ատրպետը, Լեոն, Տմբլաչի-Խաչանը, Բ. Քեչյանը, Սիպիլը, Լ. Բաշալյանը և այլք 90-ական թվականների գրական շարժման մեջ կարևոր դեր խաղացին որպես դարավերջի հայ գրականության գաղափարական-գեղարվեստական շրջադարձի լծակիցներ: Ատրպետը այս ընդհանուր շղթայից չի առանձնանում, և նրա ստեղծագործության գրա-պատմական նշանակությունը պետք է բացահայտել այդ փոխհարաբերակցության ընդհանուր սահմաններում միայն:

Ատրպետը (Սարգիս Մուբայաջյան) ծնվել է 1860 թվականի փետրվարի 1-ին, Կարս քաղաքում, հարուստ առևտրականի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի կաթոլիկների վարժարանում: 1874 թվականին մեկնում է Կ. Պոլիս և ընդունվում Փանկալթիի Վիեննայի Մխիթարյանների դպրոցը: Շուրջ մեկ տարի այստեղ սովորելուց հետո տեղափոխվում է օսմանյան լիցեյ, ուր ուսանում է 18751877 թվականներին: Ատրպետի հայրը, որ Պոլսում փաստաբանությամբ և առևտրական գործարքներով էր զբաղվում, խոստանում է որդուն Եվրոպա ուղարկել: Սակայն ռուս-տաճկական պատերազմը փոխում է նրանց ծրագիրը, և Աարգիսը ստիպված է լինում հոր հետ վերադառնալ Կարս ու միջոցներ որոնել արդեն ինքնուրույն ապրելու համար:

1879 թվականին գնալով Կարին (Էրզրում) Ատրպետը մտնում է Գերեկցյանի և Իդրիսի ղեկավարած հեղափոխականների գաղտնի ընկերության մեջ: Սկսվում է նրա թափառումների և պատահական զբաղմունքների շրջանը: 1880-ական թվականների սկզբներին նա տեղափոխվում է մի քաղաքից մյուսը` Թիֆլիս, Կարս, Ալեքսանդրապոլ, Ախալքալաք և այլն և վերջապես որպես ուսուցիչ հաստատվում Կարսում: 1885 թվականին, երբ փակվում են Հայկական դպրոցները, Ատրպետը մեկնում է Թիֆլիս, ուր փորձում է հրատարակել իր անդրանիկ վեպը` «Դև Դանելը»: Կարսում մի կարճ միջոց ուսուցչությամբ զբաղվելուց հետո, երիտասարդ գրողը նորից գնում է Թիֆլիս, իսկ այստեղից էլ` Բաքու` նավթագործարանի կառավարչի պաշտոնով: 1889 թվականին «Մուրճ»-ում հրատարակվում է նրա երախայրիքներից մեկը` «Խև Կարապետը»: Այս տարեթիվը շրջադարձային էր գրողի կյանքում. մեկը մյուսի ետևից սկսվում են հրատարակվել նրա վեպերը, պատմվածքները, վիպակները, դրամաները, հոդվածները: 1893 թվականին կազմակերպվում է Թիֆլիսի Ս. Դ. Հնչակյան հեղափոխական կոմիտեն, որի մեջ մանում են Ղ. Աղայանը, Շիրվանզադեն, Ատրպետը և այլք:

1890ական թվականների հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ մեր բոլոր մտավորականները, համենայն դեպս, պետք է մի ինչ-որ կուսակցական կողմնորոշում ձեռք բերեին: Եվ Ատրպետը, որ դեռ Կարսում մի որոշ ժամանակ զբաղվել էր սոցիալիստական ուսմունքների հետազոտությամբ ու մասնակցել Գերեկցյանի սոցիալ-հեղափոխական խմբակի աշխատանքներին, անմիջապես Ս. Դ. Հնչակյան կազմակերպության մեջ է մտնում՝ պաշտպանելով դարավերջին մարքսիստական գունավորումով հանդես եկած մանր բուրժուական սոցիալիզմի տարատեսակներից մեկը: Այս հանգամանքը վճռական նշանակություն ունեցավ նրա հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման գործում: Արդեն «Թուլումբաջիներ» վեպիկում (1898 թ.) գրողը փորձում էր մի միջակ դիրք գրավել կուսակցական համոզմունքներում այն ժամանակ ավելի ու ավելի որոշակի դարձած հակասությունները հաղթահարելու կողմնորոշման մեջ: Նրա գրական երկերը` հաճախ հրապարակախոսական շեշտվածությամբ` ընդդիմախոսականների ձև էին առնում, և նա չէր էլ թաքցնում իր միտումը, քանի որ կուսակցական պայքարի եռուն օրերին հարկավոր էր գտնել ոչ միայն պատմական ճշմարտությունը` դրա կողմն անցնելու համար, այլև մի ինչ-որ ձևով վեր բարձրանալ ներկուսակցական և միջկուսակցական տարաձայնություններից ու հակասություններից: Քաղաքական բնույթի նրա բոլոր գրվածքները այս մտայնության հաստատումն են տալիս:

1893 թվականին Ատրպետը գնում է Թավրիզ` առևտրական փաստաբանի պաշտոնով: Երեք տարի Թավրիզում ապրելուց հետո նա վերադառնում է Թիֆլիս և անմիջապես բանտարկվում ու ապա աքսորվում Ռոստով` Ղ. Աղայանի, Շիրվանզադեի և մյուսների հետ: 1899 թվականին Ատրպետը թույլտվություն է ստանում թողնել աքսորավայրը և նորից մեկնել Թավրիզ: Այստեղ Մուրատյան տպարանում (որ վարձով էր վերցրել) նա հրատարակում է իր երկերի 10 հատորյակը: 1905 թվականին վերադառնում է Թիֆլիս և այստեղից մեկնում արտասահման` շրջագայելով Եվրոպայի բոլոր խոշորագույն քաղաքները: Արտասահմանյան ճանապարհորդությունից հետո սկսում է հրատարակել «Ապագա» լրագիրը (1907 թ.), ապա աշխատակցել է «Ախուրյանին» և քիչ անց` «Սուրհանդակին»: Այս տարիներին Ալեքսանդրապոլում ռուսերեն լեզվով հրատարակում է իր պատմական հետազոտություններից մի քանիսը` «Մահմեդ Ալի Շահ» և «Իմամաթ», նաև առանձին գեղարվեստական երկեր ու պատկերներ: Լ. Ն. Տոլստոյը կարդալով «Մահմեդ Ալի Շահ» հետազոտությունը, մի այսպիսի գրություն է ուղարկում Ատրպետին` «Շատ շնորհակալ եմ Ձեր գրքի առաքման առթիվ. ես այնտեղ գտա ինձ համար ծայր աստիճան հետաքրքիր և շատ նոր բան: Իրենց վերնագրերով ինձ նույնպես հետաքրքրում են և Ձեր ուրիշ գործերը, որոնք հիշված են հայտարարության մեջ. «Շիա հոգևորականությունը», «Բաբիզմ», «Հարկատվության սիստեմը Պարսկաստանում», «Երիտասարդ-թուրքական շարժումը»1:

Ատրպետի պատմական հետազոտությունները բավական հարուստ նյութ են պարունակում Արևելքի ժողովուրդների իրավական, տնտեսական և մշակութային անցյալի վերաբերյալ: Օրիենտալիստական պչրանքն ու շարադրանքի այսպես ասած «արկածային ոճը», այդ գրքերը զրկում էին գիտական ծանրակշռությունից: Սակայն «Իմամաթի» հեղինակը համենայն դեպս պատմական երևույթների տնտեսական շարժառիթները նշմարել գիտեր, այդ պատճառով էլ նրա հետազոտությունները մի առավելություն էին ստանում, թեկուզ պատմության գնահատության ճիշտ չափանիշների ընտրության իմաստով:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ատրպետը ռազմական թղթակից էր Արևելյան ճակատում: Նրա այդ ժամանակվա հոդվածներն ու ակնարկները տպագրվել են մեծ մասամբ «Մշակ»-ում և «Тифлисский Листок»-ում: 1915 թվականից նա աշխատում է Ալեքսանդրապոլի գաղթականների հիվանդանոցում: Սովետական իշխանության տարիներին Ատրպետը ապրում էր Լենինականում և զբաղվում գրական-հասարակական գործունեությամբ:

Ատրպետը մահանում է 1937 թվականին, 77 տարեկան հասակում:

Չափազանց բեղմնավոր էր Ատրպետի գրիչը: Երկերի 10-հատորյակից բացի, նա թողել է առանձին գրքերով հրատարակված բազմաթիվ գեղարվեստական գործեր ու պատմա-բանասիրական հետազոտություններ: Մամուլում ցրված նրա հոդվածները, ակնարկները, գեղարվեստական պատկերները, տնտեսագիտական ուսումնասիրությունները, դրամագիտական նկարագրությունները կբավականացնեն` ևս մեկ տասհատորյակ կազմելու: Ցայտուն է հետևյալ օրինակը. «Ապագա» լրագրի հրատարակված 57 համարներից յուրաքանչյուրում, առաջնորդողից բացի, գրողը տպագրել է մի պատկեր, վեպիկ կամ ակնարկ, հեռագրալուր, բանավիճային նյութեր և այլն: Արտակարգորեն շատ էր գրում նա և մղվում էր գրական կյանքի ետնախորքում չմնալ ամեն անգամ, երբ համազգային խնդիրները հրապարակ էին հանվում կուսակցական և ոչ-կուսակցական նկատառումներով: Իր գրական գործունեության նախաշեմքին կարդալով Լասսալ և հեղափոխական գրականություն, գրողը, ինչպես հիշատակում է մեմուարներում, որոշում է գրիչ չվերցնել, մինչև հստակ աշխարհայացքային կողմնորոշում ձեռք բերելը: Արդեն 1880-ական թվականների կեսերին, պաշտպանելով Կարինի հայ-թուրքական հեղափոխական համագործակցությունը ընդդեմ խալիֆաթի, երիտասարդ Ատրպետը ելնում էր սոցիալական որոշակի համոզմունքներից՝ ավատական վարչա-տնտեսական սիստեմը դիտելով որպես ասիական ժողովուրդների քաղաքակրթական առաջընթացի գլխավոր խոչընդոտ: «Խև Կարապետ» վիպակում, օրինակ, Ատրպետը երկրում գործող քաղաքական ու տնտեսական ուժերի բավական խճողված հարաբերություններում` նշմարում էր ավատական կենսաձևերի ավերիչ դերը: Բացի դրանից, կաթոլիկ հոգևորականության և տեղական մեծահարուստների մրցակցությունը նա պատկերում էր արդեն որպես ներքին տնտեսական պայքար, որից մեծ մասամբ օգտվում էին Վատիկանն ու Ելդզ-Քյոշկի մինիստրները: Ճիզվիտության դեմ պայքարի այն մոտիվները, որ առաջ էր քաշել լուսավորչական եկեղեցին և հայկական կղերապահպանողական բուրժուական հոսանքը, դարավերջին արծարծվում են մի փոքր այլ քաղաքական նկատառումներով: «Խև Կարապետ» վեպը «Մշակը» չի տպագրում, թեև Ատրպետը առաջինը Արծրունուն էր տվել այն: Արծրունին նշմարում էր Ատրպետի «մեղվական» դիրքորոշումը տարբեր դավանանք ունեցող ազգային խմբավորումների նկատմամբ: «Մշակի» խմբագրին չկաշառեց վեպի սոցիալական հարցադրումների օբյեկտիվ իմաստն անգամ. նա գտնում էր, որ դավանանքի տարբերությունները ոչ մի դեր չպիտի ունենան ազգի քաղաքական համախմբվածության և միասնության գործում: Ատրպետի գրական երախայրիքը իրոք «մեղվական» մտայնության ակներև ազդեցությունն էր կրում: Կաթոլիկ հոգևորականը կործանում է կաթոլիկ աշխարհականին՝ սրա անբավ հարստությունը Վատիկանին նվիրաբերելու դիտավորությամբ, մի հորինվածք, որ հազիվ թե իրական որևէ հիմք ուներ, մանավանդ եթե նկատի առնենք, որ կաթոլիկ հոգևորականներն ու մեծահարուստները դաշնում էին ամեն անգամ, երբ հարցը վերաբերում էր համայնքի գոյատևությանը: Ատրպետին բոլորովին էլ չէր զբաղեցնում խնդրի այս կողմը. նրան թվում էր, թե Վատիկանը ճիզվիտներին օգտագործում է միմիայն ավազակաբարո ավարառությունների համար: Մինչդեռ ավելի խորն էին Վատիկանի սոցիալական և քաղաքական ակնկալիքները` Մերձավոր և Միջին արևելքի երկրներում: Այնպես որ, Խև Կարապետի նման մեկը հազիվ թե աշխատեր կործանել բարեպաշտ ու կրոնավախ Մելիք-Ղարագյոզյանին` միմիայն սրա հարստությունը շորթելու համար: Չէ որ վերջին հաշվով հենց Մելիք-Ղարագյոզյանների տնտեսական ուժն էր ապահովում հայ կաթոլիկ համայնքի գոյությունը փոքրասիական գավառներում:

«Ալմաստ» (18911892) վեպը գրելիս Ատրպետն արդեն այլ տեսանկյունից էր մեկնաբանում ճիզվիտների գործունեության սոցիալ-պատմական բովանդակությունը: Այստեղ արդեն նրանք միացել են սուլթանական Թուրքիայի ամենառեակցիոն ուժերին` տապալելու համար հայ-թուրք հեղափոխական համագործակցությունը: Հայ կաթոլիկ հոգևորականությունը հետապնդում է այն հեղափոխական տարրերին, որոնց քաղաքական ձգտումն էր ժողովրդապետական կարգերի հաստատումը Թուրքիայում: Հայ և թուրք երիտասարդության որոշ շրջաններ միավորվում էին թուրքական միապետական ինքնիշխանությունից ազատվելու համար: Խալիֆաթը, ինչպես ասում էր Ատրպետը, երկիրը եվրոպական պետությունների «խնամքին» էր հանձնել և թույլատրում էր ազատ կողոպուտ այնտեղ, ուր օրենքը և իրվունքը սահմանում էր ինքը ավարառուն: Ճիզվիտները չէին կարող չպաշտպանել կայսրության վարչատնտեսական սիստեմը, քանի որ սա ամենադյուրին միջոցներն էր տալիս Վատիկանի քաղաքականությունը փոքրասիական երկրներում կենսագործելու համար: Կաթոլիկ հոգևորականները արդեն այդ իմաստով դատապարտում էին ոչ միայն փոքր ժողովուրդների ազզային-ազատագրական շարժումները, այլև ավատական վարչակարգի դեմ ուղղված ամեն մի հեղափոխական ելույթ: Ահա թե ինչու նրանք միանում են սոֆթաներին, թուրք և քուրդ շեյխերին ու բեգերին, դիվանագիտական ճանապարհներով սրում սուլթանի զգոնությանը՝ երկրում ազգային հեղափոխական խլրտումները արյան մեջ խեղդելու համար: «Քանի որ, — ասում է «Ալմաստ» վեպի հերոսներից մեկը, — այդ վեց պետությունների համերաշխությունը կեղծ է, արտաքուստ, պաշտոնապես դրվածների հակառակն է թելադրվում գաղտնապես, քանի որ այդ վեց պետությունները տենչում են կողոպտել ու կեղեքել իսլամի տիրապետության տակ գտնված երկիրը և նրա բեկորները յուրացնել, ինչ էլ որ անենք, որքան էլ որ ճնշենք, որքան զարհուրելի արյունահեղություններ էլ որ կատարվեն, զուր է, չպիտի կարողանանք ընկճել մեր արտաքին թշնամիներին: Նրանք պիտի կոտորել տան ազգաբնակությունը, պիտի ջնջել տան երկրի կուլտուրական տարրը, պիտի քայքայեն տնտեսապես, պիտի ընկճեն հոգեպես, որ վեց նահանգներում սոսկ ստրուկների և ստորաքարշների ոհմակներ թողնեն և նրանց դյուրախաբ կլանեն Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, նույնիսկ Ռուսաստանից միսիոներներ են գալիս, որ քրիստոնեություն տարածեն իսլամի ճիրանների տակ ապրող քրիստոնյաների մեջ, որոնց նախորդներից քրիստոնեական գաղափարն ստացել են»: 2

Վիպական գործողությունների հետագա ընթացքը որոշում է նորագյուտ քաղաքական հայացքներով հանդես եկող հերոսների ճակատագիրը: Կարինի հեղափոխական խմբակի անդամներից միայն մի քանիսն են փրկվում. սրանց ապագան դեռ անորոշ է և գործողության ծրագիրն էլ բավական մութ: Բայց ուղեգիծը մեկն է` ազգային սոցիալ-հեղափոխական պայքարը: «Գաղափարական անմռունչ կռիվը պիտի շարունակվի, մինչև իրականանա ժողովրդի ցանկությունը: Այժմ մեզ հետ է թուրք ու քուրդ երիտասարդությունը, նա էլ կռվում է սոֆթաների ոհմակի դեմ: Պետք է թույլ տալ, որ նա զորանա և ապա միասին կործանել սյունիի կղերին, որպեսզի ժողովրդական ձայնը տիրի բոլորին և նրա կամքով կառավարվի երկիրը»: 3

Հայ-թուրք համագործակցությամբ համիդյան ռեժիմի տապալումը ըստ երևույթին ծրագրային նպատակ էր դարավերջին Թուրքիայում գործող հեղափոխականխմբավորումների համար: Հայերի սոցիալական պայքարը համաթուրքական հեղափոխության մի մասը պիտի կազմեր և այդպիսով համահարթեր նրանց ագգային ազատագրության և ինքնորոշման ուղին: Այս քաղաքական ծրագիրը լայն առումով առաջադիմական էր, քանի որ «հայոց հարցի» լուծումը վերջին հաշվով կապվում էր թուրքական բուրժուադեմոկրատական հեղափոխության հեռանկարների հետ: Այլ հարց է, թե ինչպես վճռեց այդ հեղափոխությունը փոքր ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունքը: Դասակարգային և միջկուսակցական պայքարի արյունոտ իրադարձությունները, թուրքական հեղափոխության ուլտրա-ազգայնական բնույթը ինքնին կանխորոշեցին գալիք ողբերգությունը: Ատրպետն ինքն ապրել է գործչի և մտածողի այն խոր հիասթափությունը, որ տանուլ տված գործի անմիջական հոգեբանական հետևանքն էր:

Արևմտահայ գյուղաշխարհից է Ատրպետը հիմնականում վերցրել իր գրվածքների թեման և սյուժետային հորինվածքները: Գաղափարական համոզումները մեծ չափով պայմանավորել են ինչպես գրողի թեմատիկ նախասիրությունները, այնպես էլ այն ասպեկտները, որով վերարտադրվում և շատ հաճախ վերլուծվում են գավառահայության սոցիալ-տնտեսական հարաբերությունները: Ամենից առաջ նա ուրվագծում է ավատական վարչակարգի ծայրահեղորեն հետամնաց և բռնատիրական բնույթը: «Այիշե խանում», «Ղադի» պատկերներում Ատրպետը, ասես արտանկարելով, կենդանագրում է սուլթանական Թուրքիայում գործող ավատական սովորույթների և իրավական հարաբերությունների բազմակնճիռ, խայտաբղետ, բարոյամերժ և կամայական որպիսությունը: Այստեղ ամեն ինչ ենթարկված է դրամի տրամաբանությանը: Այն ներքին ուժերը, որոնք միապետության սատարիչներն են, դրամատագնապի թելադրանքով կարող են կործանել նույն այդ միապետությունը: Ատրպետի հայացքը կանգ չի առնում միայն պետական կողոպտիչների վիթխարի բանակի վրա, նա ժամանակ առ ժամանակ իր տեսադաշտն է առնում ներքնախավային հարստահարիչներին, որոնք երկրի ներսում, գավառներում հատկապես, ավարառու ավատատերերի հետ ձեռքձեռքի վայրաշրջում են պետական հարկատվության, դատավարության, առուծախի, անձի ու գույքի ապահովության, կրոնական տարբերությունների Թանզիմաթով հաստատված օրենքները: Հացկատակների, մարդասպանների, վարձու կողոպտիչների, ելուզակ քրդերի խմբերը ոտնատակ են տալիս երկիրը` Կ. Պոլսից մինչև Ատրպատական: Գլուխը Եվրոպայից ապարոշով վարագուրող սուլթանական Թուրքիան տագնապահար ներքին խլրտումներից, շտապում էր կարգ հաստատել անկարգության մեջ: Բայց ամեն մի նման փորձ ձախողման էր դատապարտված, քանի որ անօրինությունը անօրինությամբ պիտի պատուհասվեր, և նորից դրամը վերափոխելու էր երիտասարդ առաջադիմականների ազգափրկիչ ծրագրերը: Այիշե խանումի խումբը կործանվում է, որովհետև թուրք երիտասարդները միապետության քայքայվող մարմինը ախտահանելու համար, իբրև դրա դեղամիջոց, ընտրել էին օրենք գիրքը, դրամն ու բարձր շրջաններում ունեցած իրենց ծանոթությունները, այսինքն՝ թուրք երիտասարդությունը միապետության դեմ կռվելու էր միապետությունը կանգուն պահող միջոցներով: Սա չափազանց տղայական վճիռ էր իհարկե: Ատրպետն ինքն էլ կռահում էր այդ պայքարի վրիպվածությունը: Հետագայում նա փորձում էր արդեն բուրժուա-դեմոկրատական սահմանադրական կարգի հեռանկարն ուրվագծել ավատական վարչակարգի թիկունքում, որի համար և շեփորում էր հայթուրք հեղափոխական համագործակցության միտքը:

Ազգային գյուղացիության գոյամարտի ամբողջ պատմական փորձը Ատրպետը դիտում էր երկու տեսանկյունից, գավառահայությունը չի կարող սոցիալական ելք գտնել, եթե ավատական կարգերի դեմ մղվող պայքարը չի զուգակցվելու զենքին կամ գոնե ապստամբական տրամադրությանը: Իսկ հողային հարաբերությունների կարգավորմանը կարելի է հասնել միայն «մարաբայական» հողօգտագործման ամբողջ սիստեմի հեղաշրջմամբ: Հողային ռենտան, որ միապետության տնտեսական հասույթների մեջ անկյունաքարային նշանակություն ուներ, գյուղական գրեթե բոլոր չարաշահումների միակ աղբյուրն էր: Ստեղծվել էր բազմաստիճան թալանի ու կողոպուտի ասիական մի սիստեմ, որտեղ գյուղացին ըստ Էության միակ ունեզրկվողն էր: Կողոպտիչներին կողոպտում էին իհարկե փոխհարաբերությունների մեկ ուրիշ՝ բարձր աստիճանում, բայց դա ոչնչով չէր փոխում հայ գյուղացու տնտեսական ճակատագիրը:

«Շխնոց» վիպակում ազատ հողագործի ողբերգության ակունքը վաշխառու-ավատատիրոջ տնտեսական ձգտումն էր` ճորտացնել գյուղացուն: «Մարաբայությունը», որից այնպես սարսափում է Վարդևանը, ուրիշ բան չէր, բայց եթե ստրկության մի եղանակ, որով գյուղացին կապվում էր ավատատիրոջ հողակտորին` այս անգամ պարտավորվելով ոչ միայն պետության պահանջած բոլոր հարկերը վճարել, այլև վաստակածի կեսը կամ երկու երրորդը ուղարկել ֆեոդալին և մնացածով (իսկ մնո՞ւմ էր արդյոք) քարշ տալ գոյությունը մինչև գալ տարի, մինչև նոր բերքահավաք: Հողի վարձակալման այս եղանակը սուլթանական Թուրքիայում դարերի խորքից էր գալիս: Դարավերջին քաղաքներում տնտեսական հզորության հասած վաշխառուները ձգտում էին օգտագործել իրենց կանխիկ դրամը` հողային ռենտայից ևս օգտվելու համար: Նրանք ունեզրկում էին մասնավորապես հայ գյուղացիներին, քանի որ սրանք կարողացել էին սեփական հողակտորին ավելի երկարատև համառությամբ կառչած մնալ: Վաշխառու ֆեոդալների դասը շուտով սկսեց նեղել ոչ միայն ազատ հողագործներին, այլև թուրք և քուրդ մանր ավատատերերին: «Ջավահիր» վեպում Ատրպետը նկարագրել է Բեգո բեգին, որ վերջում կործանվում է վաշխառու ֆեոդալի և սրա հայ դավակիցների օգնությամբ:

Ազատ գյուղացիները «մարաբայության» դեմ պայքարելու միայն մի միջոց ունեին. սեփական հողակտորը պարտքի դիմաց չհանձնել վաշխառուին: Գյուղացի Վարդևանը այդպես էլ անում է: Գյուղ հասած Գևորգ աղային նա ճանապարհ է դնում` պարտքը վճարելու խոստումով: Վաշխառուն սակայն ըմբռնում է սրա անել վիճակը: Գավառական դատարան կանչված Վարդևանը տենդային շտապով դիմում է ամենքին, խնդրում, աղերսում, պահանջում օգնության հասնել: Մարաբա համագյուղացիները չէին կարող օգնել, կրկնապարտքի հեռանկարը նույնքան սոսկալի էր, որքան Գևորգ աղայի անխղճությունը: Քեհյան (տանուտերը) և գյուղական քահանան խորհուրդ են տալիս չհամառել: Սակայն իրասածի ու անզիջում էր Վարդևանը: «Չէ՛, քեհյա, — ասում է նա, — ավելի լավ է, որ ես ինձ սպանեմ, ես իմ մանր ու խոշորին դնեմ դանակի տակ մորթեմ, քան թե մի թիզ հող ծախեմ: Հող չկա, սահմանը քեզ հայտնի է, ամբողջ Սազում մի թիզ հող չկա, իսկ մենք այս պապենական դաշտից չենք կարող դուրս գալ: Հինգ ոսկով նա ինձ գերեց ու ստրկացրեց, հինգի փոխարեն տասնուհինգ լիրա է ստացել, տասնուհինգ լիրայի էլ ձեռքում վճիռքն առած, ուզում է տունս-տեղս բրիշա անել, հողերս տիրել... Ո՜չ, ո՜չ, այդ բանը նա չի տեսնիլ»4: Որքան համառում է Վարդևանը, այնքան նրա համար պարզ է դառնում պարտության հեռանկարը: Չարացած, վրեժի ծարավ, նա նախընտրում է մարաբա դառնալ թուրք շեյխին և հետո արդեն մերկ ու անօթևան թողնել հեռանալ Կարս` որդու մոտ` հացի կարոտ չմեռնելու համար:

Անիրավությունը պատուհասելու միակ միջոցը Վարդևանը գտնում է հողակտորը համերկրացի վաշխառուին չտալու մեջ: Սակայն այն բնավորությունը, որ ոչ միայն չի հաշտվում կատարվածի հետ, այլև ընդդիմանում է շահաստացության տիրապետող ձևերին` արդեն ծնվել է: Գյուղական բունտարը Վարդևանի հոգում նստած է նույնքան ուժեղ, որքան հողի նկատմամբ նրա անվարան սերը: Վերջինը պայմանավորում էր ըմբոստության հնարավորությունն ու հայտնությունը այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ կեղեքողը արդեն բացահայտում էր իրեն:

«Ժառանգներ» վիպակում Ատրպետը փորձում է հողային հարաբերությունների ոլորտը մտցնել ազգային և ժառանգական իրավունքի խնդիրները: Քուրդ բեգերի ավազակաբարո ինքնիշխանությունը եռապատկում է քրիստոնյա «ռայաթի» սոցիալական ցավերը: Գյուղում անհաշտություն է ընկել: Տանուտեր Քյալաշի դեմ բողոքում են շատերը և վերջապես հաջողեցնում ազատվել սրանից: Վրեժխնդրությամբ լցված Քյալաշը դիմում է գավառապետին և մի քուրդ վերատեսուչ պահանջում Թերմանի և շրջակա երկու տասնյակ հայ գյուղերի համար: Մամո բեգը, որ մի աղքատ և տկլոր քուրդ էր, աստծո միջամտությունն է տեսնում այս գործում: Երկու-երեք տարում նա տիրում է ընդարձակ կալվածների, շինում գեղեցիկ ապարանքներ, ծանոթություններ հաստատում ոչ միայն Կարինի փաշաների, այլև սուլթանի մինիստրների հետ: Մամո բեգը առաջինը Քյալաշին է խեղդում` սրա անբավ հարստությանը տիրանալու համար: Հետո որոգայթներ լարում տանուտիրոջ զավակներին ճանապարհից մաքրելու: Սկսվում է մի ներքին պայքար բեգի և Քյալաշի ժառանգների միջև: Գյուղացիները կրակ են տալիս նրա ապարանքը: Տարերայնորեն ծայր է առնում ավատական ինքնիշխանության դեմ ուղղված ապստամբական կռիվը: Ընկնում են և այս և այն կողմից, ու ասես թե վերջ է տրվում ազգայինսոցիալական հալածանքին: Համենայն դեպս հեղինակը Մամո բեգի դեմ զինված պայքարի տեսարանները գծագրում է հատկապես այդ մտայնությունը հաստատելու համար: Որդու դիակի առաջ Քյալաշի կինը՝ Անթառամը, ասում է. «Դու քավեցիր հորդ մեղքը քո կյանքովը, որդի, դու ազատեցիր ինձ և քո սիրելի քրոջը անօրեն Մամո բեգի ճիրաններից: Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծն ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ, որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը»: 5 Բունտարարության քարոզը ինքնափրկության այն ուղիներից մեկն էր նախանշում, որ տանում էր դեպի ազգային-ազատագրական պայքարի մեծ ճանապարհը: Ըմբոստության սոցիալ-տնտեսական շարժառիթները համախոս էին ազգային զրկանքներից բխած տրամադրություններին: Այդ պատճառով Ատրպետն աշխատում էր գյուղացիության հասարակական բաղձանքներից ծնունդ առած արդարության և իրավունքի նորօրյա խոհերը շաղկապել ազգային-ազատագրական պայքարի ուժեղ և արթուն ոգևորումներին: Նա նույնիսկ երբեմն համակվում էր այն մտքով, թե մի բունտար կամ գաղափարական ավազակ կարող է ավատապետական ռեժիմը սասանել ու հիմնափոխել հարուստների վերաբերմունքը աղքատների նկատմամբ կամ, համենայն դեպս, սանձել նրանց ընչաքաղցության անսանձահար ոգին:

«Քոռ-Եղիկ» վիպակում, օրինակ, սովորական ավարառուն դառնում է կարոտյալների և ունեզրկվածների մխիթարիչը: Էֆենդիների, աղաների, բեգերի, սարաֆների դեմ պայքարի ելած այս նախկին հոտաղը սոցիալ-հեղափոխականի մտորումներով է ապրում: «Նա չէր կարող գողանալով ապրել, — ասում է Ատրպետը, — նա չէր կարող ցանկալ ուրիշի վաստակածը հափշտակել, նա գիտեր, թե որքան ցավալի է աշխատողի համար յուր ամեն մի կոպեկից զրկվելը, նա գիտեր, թե ինչ անտանելի վիշտ է դատողի համար տեսնելու յուր դառն աշխատության ձեռք բերած բարիքներով իրեն կողոպտողի արած շռայլությունները, զեխությունները»6: Հազիվ թե Քոռ-Եղիկի նկարագիրը բարձրանում է մինչև նրա խոհերի մակարդակը: Բայց Ատրպետն ունի իր որոշակի տենդենցը, որին էլ ենթարկում է ավազակի մտաշխարհը: Այստեղ է, որ սպառվում են ավազակությամբ հարստացող մեկի և աղքատներին օգնության հասնող գաղափարական հերոսի` միևնույն մարդու մեջ երևան գալու իրական հնարավորությունն, երբ է Քոռ-Եղիկը հեղինակի ցանկության համաձայն լուծում անլուծելի թվացող աշխատանքի և հարստության հակասությունը:

Արևմտահայ աշխատավորական խավերի հեղափոխական լիցքավորվածությունը անշուշտ հետևանք էր բազմաթիվ սոցիալական գործոնների: Դրանց մեջ, տնտեսականից բացի, ազգայինը երկրորդական նշանակություն չուներ: Ատրպետը միշտ էլ աշխատել է համադրել այդ երկուսի գոնե հոգեբանական կողմերը` սյուժեի համաձայն ընդգծելով մեկի կամ մյուսի առաջնայնությունը: «Կաղ Նազո» պատմվածքում քրդական ավատատերերի դեմ բարձրանում է սասունցու անընկճելի համառությունը: Մահվան դեմ մահ, արյան դեմ արյունահա Նազոյի սոցիալական բարոյականության նշանաբանը: Այստեղից արդեն մի քայլ էր մնում դեպի ինքնակամ ըմբոստացումն ու արևմտահայ աշխատավորական խավերի ազատագրության հեղափոխական ծրագիրը: «Պարտիք» վիպակում Ատրպետը ուրվագծում է ինքնակամորեն ազատագրական շարժման երթուղին բռնած հայդուկի անցյալ կյանքը: Դա դժոխային եղելությունների մի հարատև շղթա է: Օր-օրի կուտակված դառնությունների ու զրկանքների թույնը ատելության և վրեժխնդրության կրակն է բորբոքում: Փակվել են խաղաղորեն ապրելու բոլոր ուղիները: Մարդը այլևս հաշտ չէ ինքն իր հետ, էլ ուր մնաց անիրավության հանդեպ, որ օղակ-օղակ սեղմում է կոկորդը և աստիճանաբար շնչահեղձում: Աղետալի և ծայրահեղորեն հուսահատական դրությունը կամավորական շարժման միակ պատճառն էՊարտիք»): Ժողովուրդը զենքի էր դիմում այն ժամանակ, երբ ոչ թե դանակը ոսկորին էր հասել, այլ պարզապես արդեն կտրում էին նրա զարկերակը: Ազգային ու սոցիալական կենսապայմանների տրամաբանությամբ էր հռչակվում ըմբոստության և ինքնապաշտպան գոյամարտի կոչը:

Ատրպետի պատմվածքները և նովելատիպ գրվածքները նրա գրական ժառանգության մի ստվար մասն են կազմում: Դրանց մեջ կան գեղարվեստական իմաստով արժեքավոր և մնայուն գործեր: Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր «Երախտապահանջ կամ տժվժիկ» պատմվածքով, որը նկարահանվել է Հայֆիլմի կողմից: «Տժվժիկը» հոգեբանական էտյուդ է կենցաղանկարի ֆոնի վրա, երգիծական ինչ-որ շեշտվածությամբ: Մանրավեպերում Ատրպետը միշտ չէ, որ կարողանում էր հասնել խոսքի հակիրճության: Նրան չափազանց շատ զբաղեցնող սյուժետային հորինվածքը հաճախ պատճառ էր դառնում երկարաբանությունների և գեղարվեստական զգացման կորստի: «Տժվժիկում» Ատրպետը ժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթաց հոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից` խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Պատմվածքի զավեշտական գույները եռապատկում են հակադրումների գեղարվեստական զորությունը: Նիկողոս-աղայի համառ հետապնդումները գունանկարված են զարմանալի անշտապողականությամբ և սա է, որ ըստ էության մի ներքին լարում է հաղորդել իրադրությունից իրադրություն ընթացող դրամայի բոլոր մանրամասներին: Ներսես-ախպարի համբերությունը սպառվում է նույնքան դանդաղորեն, որքան անշտապ Նիկողոս-աղան առաջ է տանում «տժվժիկի» պատմությունը: Բայց գրողը այստեղ լավ է ըմբռնել, որ սպառվող համբերության տեղ աստիճանաբար պիտի կուտակվի նվաստացած Ներսես-ախպարի ներքին զայրույթը և միաժամանակ ավելի ու ավելի սրվի Նիկողոս-աղայի դաժան բնազդը` անողոքորեն հետապնդելու բարերարվածին: Պատմվածքի վերջընթեր դրվագներում արդեն երախտապահանջի բոլոր ձևական կողմերը մեկդի են գրված: Նիկողոս-աղան այլևս չի թաքցնում իր չարախոսությունը, բայց Ներսես-ախպարն էլ արդեն կայացրել է իր վճիռը: Տաք, արյունոտ թոքը Ներսես-ախպարը շպրտում է Նիկողոս-աղային` բարոյապես սպանելով վերջինիս:

Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը «Երախտիք» վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: Առհասարակ արևելյան բարեբարության ձաղկումը գրողի բարոյախոսական ծրագրի մեջ էր մտնում: «Գոգավորներ» և «Որդեսեր հայրը» պատմվածքներում Ատրպետը անձնազոհության և երախտամոռության այնպիսի բևեռումներ է ստեղծում, որոնք մատնում են հասարակական բարոյականության առողջացման նկատմամբ գրողի հետևողական մտահոգությունը: Հազիվ թե այդ իմաստով հետաքրքիր չէ «Ծպտյալ սուլթանը», «Օրինական ժառանգ կամ խոփ» զրույցների մշակումը, որտեղ բռնատիրության ու բռնակալի բարոյական ըմբռնումներին հակադրված են ժողովրդի դարափորձ իմաստության կռահումները:

Ատրպետի սոցիալական պատմվածքներումՔյուլհան բեյի», «Ղադի, «Կաղ Նազո», «Խառա-Խրխա» և այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումն ունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության և աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձևավորվող սոցիալական պայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ: Ազատախոհ և հանդուգն համարձակությամբ գրողը որոնում էր այն պրոբլեմների լուծման ուղիները, որոնց առաջ դարավերջին կանգնած էր նրա ժողովուրդը:

Անուրանալի է Ատրպետի գրական ժառանգության գրա-պատմական կշիռը: Գեղարվեստական իմաստով սակայն նրա գործերը այժմ չեն կարող քննություն բռնել: Դարավերջին դրանք կատարեցին իրենց դերը` ինչպես ընթացիկ գրականության ամեն մի հուշարձան: Րաֆֆու ռոմանտիկարկածային վիպագրության ավանդները մեծ չափով նպաստել են գրողի գրական նախասիրությունների ձևավորմանը: Նա սիրում էր ստեղծել բարդ ու խճճված սյուժեներ, բազմապլանայնություն, արկածային անակնկալներ, ձախող ու սենտիմենտալ բնավորություններ: Հաճախ էր Ատրպետը դիմում նեղ իմաստով դրական հորինաբանությանը, թեև նրա ստեղծագործությունների հիմքում միշտ էլ ընկած էին իրական դեպքերն ու եղելությունները: Հնարավորն ու անհնարինը ձեռք-ձեռքի են ընթանում մասնավորապես նրա վիպական գործերում: Արժե հիշատակել, որ դեռ վարժարանի աշակերտ, նա հրապուրվում է հատկապես Էժեն Սյուի գրվածքներով, բարձրաձայն ընթերցում, կազմակերպում տանը և իր բարեկամների մոտ: Այս սուբյեկտիվ գործոնից զատ կար և նախասիրության օբյեկտիվ պատճառը: Լինելով այն կարգի գրողներից, որոնց համար գրական վարպետության հարցերը երկրորդական նշանակություն ունեին, նա մղվում էր իրադարձություններով հարուստ, ազատագրական ու կուսակցական պայքարի դրվագներով ողողված իրականության ինչ-որ ռոմանտիկ նկարապատկերն ստեղծել` ոգեշնչելով իր ընթերցողներին ըմբոստահույզ մտքերով ու տրամադրություններով:

Ներկա ժողովածուն Ատրպետի գրական ժառանգության միայն մի փոքրիկ մասն է ընդգրկում: Սակայն այստեղ տեղադրված են գրողի լավագույն գործերից շատերը, մի հանգամանք, որ մեծապես գնահատելի է դարձնում նրա երկերի առաջին սովետական հրատարակությունը:

Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՏԺՎԺԻԿ

Սրանից շատ տարի առաջ Էրզրումի մեջ ապրում էին տնանկ Ներսես-ախպարն ու մեծ կարողության տեր Նիկողոս-աղան: Վերջինս Կ. Պոլսում երկար ապրած լինելով` լավ հունարեն գիտեր, այդ պատճառով էլ կարնեցիք նրան մյուս Նիկողոս-աղաներից զանազանելու համար Ուռում-Նիկողոս էին կանչում:

Ներսես-ախպարն էլ ժամանակին շատ հարուստ է եղել, մեծ օջախի որդի, խոսքը փաշաների, վեզիրների քով անց, բայց չարաչար ձախորդությունների է հանդիպել: Նրա ապրանքների քարավանները Կ. Պոլսի, Դամասկոսի ճանապարհների վրա ավարի են մատնվել ավազակների ձեռքը, նավերը Սև ու Միջերկրական ծովերում ծովահենների ձեռքն են անցել, ոչխարների հոտերը քշել տարել են, իսկ քաղաքում ունեցած ապրանքների մթերանոցները և հացի շտեմարանները կրակի են տվել, վառել նրա հակառակորդները: Այնպես քայքայվել էին նրա մյուլքերը, խաները, խանութները, որ բոլորի հիմքն արեգակն էր ելել, այս ու այն եկել, բռնի տիրացել ու իրենց համար կալվածներ էին շինել: Ներսես-ախպարն այնպես մոլորվել, այնպես հուսահատվել էր, որ ամեն բան` ապրելը, կյանքն անգամ աչքից ընկել էր, զզվել չարասիրտ դրացիներից և տանջանքով քաշքշվում էր:

Թեև փլված, խարխլած, բայց մեծության նշանները դեռ երևում էին նրա տան արտաքին տեսքից, իսկ ինքն էլ թեև հին հագուստ էր հագնում, մաշված ու մաղված, բայց ժամանակին այդ շորերն ինչ թանկագին կերպասներից կազմված լինելը հայտնապես նշմարվում էր: Նա ծերացել, կորացել, դեմքը կնճիռներով ծածկվել էր, բայց վեհ հոգին դեռ չէր կորցրել: Խեղճ էր, աղքատ էր Ներսես-ախպարը, դրացիների, բարեկամների նպաստներին կարոտ, բայց երբեք չէր մուրացել, երբեք չէր զիջել ողորմություն խնդրելու և ուրիշների մուննաթներով չէր ապրել:

Մի օր բազարում Նիկողոս-աղան մսագործի խանութի առաջ պատահեց Ներսես-ախպորն ու նրա համար տասը փարայի (մեկևկես կոպ.) մի ոչխարի թոք գնելով՝ ասաց,

Ներսես-ախպար, այս թոքն էլ դու տար ձեր տուն:

Շնորհակալ եմ, — ասաց Ներսես-ախպարն ու թոքը մսագործի ձեռքից առնելով` Նիկողոս-աղայի հետ վերադարձան իրենց տները: Նիկողոս-աղան մի շախկա միս էր առել, ամբողջ դմակն էլ հետը, տվել էր ծառայի կռնակը, որ ետևից գալիս էր, իսկ Ներսես-ախպարն էլ, համեմատաբար մի քայլ ետ ընկած, հետևում էր Նիկողոս-աղային:

Երբ շուկայից դուրս եկան, Նիկողոս-աղան ասաց Ներսեսախպորը, փորձված մարդու խրատական շեշտով.

Գիտես, քրոջս (այսինքն` Ներսեսի կնոջը) ասա, թող թոքերի, սրտի ճարպերն առաջ սուր դանակով լավ մաքրե, հետո այդ ճարպը կրակի վրա սկավառակում հանդարտ հալեցնե, մի օր այդ ճարպի մեջ սպիտակ թոքերը տապկե, մյուս օրը սևը և երրորդ օրը սիրտը: Պատվիրիր, որ լավ մանրե թոքերը, թե չէ տժվժիկը համով չի լինիլ: Գիտես, Ներսես-ախպար, մենք բարեկամ ենք, այդ պատճառով բարեկամական խորհուրդ եմ տալիս: Խո տեսնում ես, թե որքան դժվար է մի բան առնելն ու տանելը: Կես կյանքդ մաշվում է, հապա որքան դժվարությամբ է մարդ տասը փարա աշխատում: Պետք է տնտեսությամբ ապրել, ատամի տակից պետք է ավելացնել, ետ ձգել: Ասա քրոջս, թող կրակը մեղմ վառե, որ ճարպը չսևանա ու չփչանա, փայտին էլ խնայողություն կլինի, կերակրի էլ համը չի կորչի, և սեղան բերելիս՝ թող ճարպը լավ քամե, պահե, որ մյուս օրվան տապկոցին բանեցնե: Դեռ եթե լավ տնտես լինի մարդուս կինը, կարգին տնարար, տժվժիկի եղն այնպես խնայողությամբ կբանացնե, օր չորրորդ օրը նրա մեջ կարողանա բիշի եփել և մանր ու խոշորին կշտացնել: Տժվժիկը շատ համով բան է, բայց հարկավոր է լավ, զգուշությամբ աղը, տաքդեղը կարգին լցնել և մեղմ կրակով տապակել: Ավելի լավ կլինի, որ սև թոքի և սպիտակ թոքի կեսերը մի օր եփե, մյուս օրը` մնացորդները: Որքան համով կլինի տաք-տաք մարդ փափուկ լավաշի մեջ բրդուճ անե ու խշտե: Ներսես-ախպար, երբ երևակայում ես, թուքդ չի՞ վազում...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Next Last