Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Աննո՜ (քրդուհին արդեն կրճատել էր նրանց անունները), — ասում էր Սոնան, — չլինի՞ թե թողնես, որ գառները մոտենան ու ծծեն, հոգիդ կհանեմ:

Իրարից հեռու արածեցրե՜ք, Արտո՜, կաշիդ կքերթեմ, թե ոչխարները քիչ կաթ տան, — ասում էր ամեն անգամ ճանապարհ գցելիս Սոնան Արտաշին: Թշվառ երեխաները իրենց քաղցը հագեցնելու համար անգամ չէին համարձակվում ոչխարներին կթել, գարի հացը կաթով փափկացնել և ուտել: Պետք էր տեսնել, թե որքան էր չարանում Արտաշը և ինչպես էր հարձակվում, երբ ոչխարներից մեկը, իր գառնուկի մկմկոցին չդիմանալով, մոտենում ու դիեցնում էր նրան: Շատ անգամ զայրանում էր Աննմանը, դուրս էր քաշում մոր ծիծը և ասում.

Արտա՜շ, մեղք չէ՞ այդ անասունը, որ այդպես բաժանում, հեռացնում ես յուր ձագից: Մոր կաթը` յուր գառնուկին խնայում ես:

Իրիկվան, իրիկվան, ես ի՞նչ պատասխան տամ Սոնային, — ասում էր հեռանալով Արտաշը:

Սոնան ի՞նչ է իմանում, թե գառնուկը ծծել է:

Նա սատանի աչքեր ունի, նա իմանում է ամեն բան:

Արտա՜շ, դու խիղճ չունի՞ս, չե՞ս լսում գառնուկի մկկոցը, տե՜ս, ինչպե՞ս վազում է մոր ետևից...

Արտաշը սլացած, հեռացած էր լինում շատ անգամ այսպիսի դեպքերում, և Աննմանը մենակ փաթաթվում էր գառնուկին, գգվում նրան և արտասվում: Այսպիսի րոպեներում նա հիշում էր մորը, որի պատկերը երբեք չէր հեռանում յուր աչքի առաջից, հիշում էր Անթառամին, որը երբեք իրեն լալու չէր թողել և ոչինչ չէր խնայել, որին տեսնելու և կրկին գրկվելու փափագով տառապում էր թշվառ դուստրը երազներում անգամ, բայց անողորմ Մամոն արգիլել էր և իրենց շեմքից անցնելու անգամ չէր թողնում ողորմելի որբերին:

Քույր և եղբայր երկու տարի շարունակ ծառայեցին Սոնային, առանց մի օր, մի ժամ անգործ անցկացնելու, և այդքան ժամանակամիջոցում ոչ մի գայլ չկարողացավ մոտենալ նրանց գառներին, և ոչ մի գող՝ նրանց խաշներին: Ամեն առավոտ վաղ, առանց տրտունջի և պահանջի, գլխները կախած, եղբայր և քույր, առաջները խառնած իրենց հանձնված հոտը, տանում էին ամենալավ արոտատեղերը, ժամանակին տուն բերում կթելու և կրկին դիմում իրենց գործին: Տարվա մեծագույն մասը, գիշեր-ցերեկ անցկացնում էին բաց օդում, անձրևի, ցողի, եղյամի և ձյունի տակ, իսկ սաստիկ ցրտերին կովերի հետ պառկում էին տաք գոմերի սալահատակի վրա, առանց ծածկոցների: Բացի խլիկից, ցրտի դեմ պատսպարվելու ո՜չ մի տաք շոր չունեին, կրծքերը, թևերը, սրունքները մերկ, ոտքերը բոբիկ անցկացնում էին տարվա բոլոր եղանակները մարգերում և քարքարոտ գետափում: Քույր և եղբայր, բացի Սոնայի անողորմ հրամաններից, միայն իրար ձայն էին լսում, իրար հետ խոսակցում և իրար հաղորդում զգացածները, աշխարհի երեսին չունեին ոչ մի բարեկամ և ոչ մի ընկեր, բացի գամփռներից:

Արտաշը բաց օդի մեջ, բարձր լեռների լանջերի վրա, ազատ մտավոր զբաղմունքներից աճեցավ, լցվեցավ ու զվարթացավ և սկսեց անվախ յուր հովանավորության հանձնած ոչխարի վրա հարձակվող աղվեսների, շնագայլերի և գայլերի վրա հարձակվել: Նա մի անգամ մի գայլ տապալեց յուր մատակի մի հարվածով և նրա դիակը իրիկունը հետը տուն տարավ: Սոնան ղազի մորթը երզնկացի վաճառականին տվեց, որի փոխարեն ստացավ մի լաչակ: Այդ առևտուրը ուրախացրեց Հասոյին, որը պարս դրեց Արտաշի վզին՝ ամեն օր մի այդպիսի որսով տուն գալ: Այդ պատճառով Արտաշը հրացան ու վառոդ պահանջեց քրդից, որը շտապեց կատարել նրա ցանկությունը:

Դրանից հետո Արտաշն ու Աննմանը սկսեցին իրենց խաշները արածեցնել մութ անտառների մոտ, խոր-խոր ձորերում և այրերում, ապառաժների տակ: Արտաշը առանց որսի և ոչ մեկ օր տուն չէր վերադառնում, իսկ Հասոն ու Սոնան միշտ զայրանում էին, թե քիչ որս էր տուն տանում: Արտաշը նրանց նախատինքներից ազատվելու, ագահ սրտերը հագեցնելու համար կյանքն ամեն րոպե վտանգի ենթարկած մտնում էր ամենավտանգավոր այրերը, անտառների խորքերը, բարձրանում էր ապառաժների լանջերով և օրեցօր աճեցնում էր տուն տարած որսերի թիվը: Այդ բոլորի մասին ոչ միայն մի գոհունակ նշան չէին ցույց տալիս Հասոն ու Սոնան, այլ Աննմանի հովվության ազատ ժամերին Արտաշի համար գառի բրդից մանած ու գործած բաճկոնն ու շալվարը խլում, հագցնում էին իրենց որդիներին, միշտ ասելով, թե նորից գործե եղբոր համար: Եվ միշտ քույր-եղբայր չէին արժանանում վայելելու իրենց աշխատությամբ ձեռք բերած բարու ամենաչնչին մասն անգամ:

Արտաշի լավ որսորդության, գնդակը ճիշտ նպատակին հասցնելու և աչքաբաց հովվության համբավը տարածվեց ամեն կողմ, ողջ գավառում սկսեցին խոսել նրա ճարպիկության, անվեհերության և արիության մասին: Հասոն թեև Արտաշին երբեք ուրախ երես չէր ցույց տալիս, բայց քրդական շրջանում լիաբերան գովում էր յուր ռայայի գործունեությունը: Արտաշի անվախության համբավը հասավ մինչև Մամոյի ականջը, որին Անթառամի հարազատ որդու այդքան արիաջանությունը մտածության առարկա դարձավ և չէր իմանում, թե ի՞նչ միջոցով մեռցնե նրա սրտի մեջ սնված այդ անվեհեր հոգին:

Ամիրխանենց հանդերը և ագարակները Մամոյի ձեռքն անցնելուց հետո այն բերքը չէին տալիս, տափերից էլ այն նախկին արդյունքը չէր ստացվում: Պատճառը շատ պարզ էր. քրդերը վարուցանք անելու գլուխ չունեին, իսկ անտեր արտերում վարձու մշակների ցանած սերմերն էլ ճնճղուկներն ու մկներն էին ուտում: Գործը այն աստիճանի էր հասել, որ Ամիրխանենց այնքան արտերի բերքը ո՜չ միայն բավականություն չէր տալիս բեգի բազմաթիվ ծառայողներին և ազգականներին, որոնց թիվը տարեցտարի բազմապատկվում էր, այլև գավառի կողոպուտն էլ չբավելով, շատ անգամ Մամոն պարտավորված էր սայլեր, ջորիներ և էշեր ուղարկել հարևան նահանգները՝ փողով հաց գնելու: Արտաշի ժրաջանությունը և աշխատասիրությունը նկատելով, Մամոն նրա ձեռքից խլեց Հասոյի տված հովվական գավազանն ու հրացանը և քրոջ հետ իրենց ավերակ տան մի անդուռ սենյակում զետեղելով, Ամիրխանենց բոլոր հողերի վարուցանքը կատարելը նրան հանձնեց: Արտաշը պարտավորված դեսից, դենից հայրական տան կողոպուտների մնացորդներից հավաքեց մի քանի լուծ գոմեշ, եզ, գութան, արոր, սայլ, շղթա, կաշի և կամաց-կամաց սկսեց մի կողմից աշնան վար անել, գութանի մաճը բռնել և արտերը հերկել գարնան ցանքի համար, մյուս կողմից ուրագն ու կացինը ձեռքին տունը կտոր-փշուր տախտակներով ծածկել, պատրաստել և գարնան հերկի պատրաստություն տեսնել:

Մամոյի բարեկամների, ազգականների, ծանոթների թիվը օրեցօր աճում էր: Ձեռքերը ծոցերին, նրանք անգործ ու անհոգ ուտում, խմում, պատռում, թափում էին և նրանցից ոչ ոքի մտքովն անգամ չէր անցնում, թե իրենց ձրիակերությամբ անելանելի կացության մեջ էին գցում բեգին: Բայց ովքե՞ր էին այդ ձրիակեր ազգականներն ու բարեկամները, ինքը Մամոն էլ չէր իմանում: Առավոտ վաղ հարավից կամ արևելքից մի դերվիշ, մի շեյխ, մի յուլեմա (գիտնական), մի մոլլա կամ մի որևէ էվլիա (երանելի) գալիս էր հետի, կամ էշի վրա բազմած ու իջնում հռչակ ստացած հյուրասեր և կրոնասեր Մամոյի դռան առաջ: Իսկույն ընդունարանի դռները բացվում էին և ընդունում բեգի ներկայության: Հյուրը մեծարվելուց և կերակրվելուց հետո օրհնում էր, մաղթելով բեգին երկնքից ուժ ու կարողություն և է՜լ բարձր փառք: Շա՛տ էր ուրախանում բեգը, երբ որևիցե փողով կամ գույքով նպաստ տալով, ազատվում էր այդպիսի անկոչ աղոթողների ճանկից: Շատ անգամ դրանք պահանջողական ձևով խնդրում էին, որ իրենց հովանավորե բեգը, մի վայելուչ պաշտոն տա և մի կտոր հացի արժանացնե: Բեգը պարտավորված էր այդպիսի դիմողների համար մի-մի պաշտոն, մի-մի աստիճան հնարելով զետեղել իրեն հովանավորությանը հանձնված գյուղերում: Ամեն մի հայ գյուղում արդեն Մամոյի մինիատուր մի-մի փոքրիկ բեգ էր գտնվում՝ թշվառ գյուղացիների օրապահիկ պատառները կտրելու: Շատ անգամ Մամոն ստիպված էր լինում ամիսներով, տարիներով այսպիսի հյուրերին յուր տանը կերակրել, մինչև մի հարմարավոր պաշտոն բացվիլը:

Միայն իսլամական կրոնականների քողի տակ ծածկված հացկատակ տզրուկները չէին Մամոյի դուռը բախողները: Մեջ գիշերին կամ արևագալից քիչ առաջ հանկարծ մի ձիավոր իջնում էր Մամոյի հարեմի դռան առաջ և սաստիկ կերպով բախում այդ մահկանացուներին անմատչելի բնակության դուռը: Ներքինի նեգրը, յուր կոչումից պարտավորված, վեր էր կենում յուր հազիվ տաքացրած անկողնից, քթի տակ հազար ու մի անեծք և նզովք կարդալով, բաց անում դուռը: Հանկարծ ներս էր մտնում ձիավոր չերքեզը՝ սպիտակ սավաններում պատած զոհը գրկումը, ասելով. «Էս էլ գյավուր Խնկոյի աղջիկը»: Թեև բակը միշտ աղոտ լույսով էր լուսավորված, բայց ներքինին, աչքերը ճմռելով, տեսնում էր հրեշտականման գեղանի օրիորդի անմեղ տիպարը: Շատ անգամ զոհը նվաղած էր լինում, գլուխը կախ գցած, սև ունքերի տակ երկար, սև-սև թարթիչներով աչքերը փակված, դեմքը սպիտակ մարմարի նման, տխուր և անշարժ: Երկար և սաթի նման փայլուն մազերը սփռված սավանի վրա, իսկ կիսով չափ բաց, փղոսկրի նման ողորկ և փայլուն կուրծքը հազիվ նկատվելու չափ բարձրանում և իջնում էր: Ներքինին կանչում էր աղախիններին, որոնք իսկույն առնում էին զոհը չերքեզի գրկից և տանում նրա համար վաղօրոք պատրաստված ննջարանը, իսկ առևանգողը դուրս գալով կանանոցի բակից, մտնում էր հյուրանոցը, որտեղ սպասում էր մինչև իրենց խոստացած պաշտոնին հասնելը կամ որոշված գինը վճարելը: Ահա մի հայր, մի լեռնական քուրդ, դուստրը առաջը գցած, յուր ոտքով բերում է զոհը հարեմի զենման սեղանի վրա զոհելու: Քրդուհին ողջ ճանապարհին լացել է, սգացել է յուր անողոքելի վիճակը, աղաչել է հորը, աղերսել է, արյուն-արտասուք թափել, բայց անգութ հայրը յուր դիրքը պաշտպանելու, յուր նպատակին հասնելու համար նախատինքներով ու սպառնալիքներով լռեցրել, խեղդել է նրա ձայնը կրծքի մեջ: Քրդուհին հարեմն է մտնում յուր սիրեկան հովվի տանջանքները ողբալու, յուր վիճակը սգալու, իսկ հայրը սարերի վրա վրանաբնակ հարևան հովիվների ոչխարները համրելու, հարկերը ժողովելու իրավունքն ստացած, վերադառնում է յուր վրանը:

Այսպես ամեն եկող, համաձայն յուր ճարպկության, ուտում, խմում, կողոպտում, տանում էր, ամեն պաշտոնական յուր ձեռքով ժողովածից նախապես յուր առատ բաժինը հանում, վեր էր առնում և ամեն գործակալ ու գործակատար իրենց գրպաններն ու քսակները լցնում, ուռեցնում էին: Ամեն տեղ, ամեն պաշտոնյա միևնույն համոզմունքն ուներ. «Հացի հասել եմ, չուտելը հանցանք է: Մեղրի տիկը դարտկողը պետք է մատները լիզե»:

Անկոչ ու անպետք պաշտոնականների թիվը այն աստիճան շատացավ Մամոյին հանձնված վիճակում, ձրիակերները և հացկատակների հաշիվն ու համարը այն աստիճան ստվարացավ և նրանք այն աստիճան ծանրացան բեգի վզին, որ գիշեր-ցերեկ նրա մտածության առարկա դարձան: Նա կղերի շորերով ծպտյալ շեյխերի, մոլլաների, յուլեմների հետ երկար խորհրդակցելուց հետո նրանց ցրեց յուր վիճակի շրջակա գյուղերն ու ձմեռանոցները, որպեսզի ժողովրդի մեջ հանրագրություններ բաց անեն և խնդրեն, որ իրենց գյուղերի վերահսկողությունն էլ հանձնեն Մամո բեգին: Թեմրանի տերտերին էլ, որի եղբոր ձեռքն էր անցել Քյալաշի քեհյայության պաշտոնը, նրանց ետևից ուղարկեց, որ խրատե և քարոզե, որ բեգի հրամանները կուրաբար ընդունեն, հնազանդին և առանց քննության ստորագրեն առաջարկված թղթերը: Բոլոր հարևան հայ գյուղերը, որոնք ականատես էին եղել Թեմրանի քարուքանդ լինելուն, որի բնակիչների երեք քառորդ մասը արդեն ցրվել փչացել էին, մնացորդների էլ տղամարդիկը, ուժեղ թևերը պանդխտության մեջ տապկվում Էին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի հարկերն ու խարջերը տալ, ստրկությունից ազատվել և հայրենի հողերը գրավականից ազատել: Բայց ի՞նչ կարող էին անել, ձիավորները, շեյխերն ու մոլլաները կրակով ու սրով էին սպառնում անզեն ու անտեր ժողովրդին՝ կնքելու և ստորագրելու արաբերեն տառերով խազմզված մեծ-մեծ թղթերի վրա: Քղիի ղայմաղամը, Արզրումի մեջ Մամոյի հաշվով քեֆեր անող պոլսեցի թուլումբաջին, ամեն միջոց գործ դրեց հաջողեցնելու յուր բարեկամի մտադրությունը, որից պարբերաբար ստանում էր քսակների լիքը-լիքը ծրարներ:

Այսպիսի միջոցներով թեև մեծացան, ընդարձակվեցան Մամոյի իշխանության սահմանները, բայց բազմապատկվեցան նույնպես նրա կարիքները, այնպես որ նրա եկամուտները չէին ծածկում նրա պարտքերը, որոնք օրեցօր անսպասելի կերպով աճում էին և բարդվում: Նա այնպիսի հռչակ ստացավ, որ ոչ միայն պարտավորված էր յուր հրամանները կատարողներին, իրեն շրջապատողներին կերակրելու, հագցնելու, ցանկությունները հագեցնելու մասին հոգալու, այլ նաև յուր հեռավոր ծանոթներին, Քղիի, Արզրումի և Կ. Պոլսի պաշտոնականներին, կրոնականներին, Շամի, Մեդինեի, Մեքքեի իսլամականության մեջ հեղինակություն ունեցող հոգևորականներին էլ նպաստներ հասցնել տարին մի քանի անգամ, որպեսզի յուր կրոնի մասին ունեցած եռանդը ցույց տա և նրանց պաշտպանությունից չզրկվի: Մոլի իսլամական ժողովրդի մեջ մի հոգևորականի աննպաստ քարոզը կարող էր նրա վարկը գցել թե՜ ժողովրդի և թե՜ վարչության աչքում, իսկ այդպիսի դեպքում նա դատապարտված կլիներ դարձյալ մի հյուղում քաղցածության մատնվելու:

Այդ պատճառով ոչ միայն Արտաշի ցանած ու վարած արտերը, Աննմանի տնտեսած եղն ու պանիրը, խաշների հոտը, ձիերի իլխին չէին բավականացնում նրան, այլ նա, միացած յուր գործակալների հետ, այնպես քամում էին թշվառ շինականներին նրանց աշխատություններով ձեռք բերված արդյունքները, այնպես բոլորովին հավաքում, լցնում էին իրենց ամբարները, որ թշվառները մնում էին տկլոր, բոբլիկ, լոկ ցամաք հացի և եղած բույսերի կարոտ: Տարին տասներկու ամիս ծոմ ու պաս, տարին տասներկու ամիս հոգնած, չարչարված, աղի արտասուքները աչքերին, բոցակեզ հառաչանքներով տապակվում էին ալևոր ծերերը, պառավները, մատղաշները և մանկահասները, չկարողանալով իրենց ձեռքով պատրաստված բարու համն ու հոտն անգամ առնել, ոչ թե վայելել: Եվ այդ բոլոր մուտքերը նրա պարտքերը չծածկելու պատճառով, նա պարտավորված էր միանալու զանազան ավազակային և հրոսակային խմբերի հետ, որոնք կողոպտում էին քարավանները, դատարկում էին տները, մերկացնում էին եկեղեցիները իրենց զարդերից, հրդեհելով ավարի էին տալիս վաճառանոցները և մինչև անգամ քաղաքներում և գավառներում ծակում էին պետական գանձարանների առանց այն էլ դատարկ սնդուկները...

Արդեն երրորդ կալոցն էլ անցել էր, Արտաշը երրորդ անգամ էլ յուր ցանածներից պտուղը քաղել և ոսկեհատ ցորենը լցրել էր Ամիրխանենց փառավոր անցյալից մնացած ահագին ամբարները: Նրա երկրագործության կպչելովը նորից կենդանացել էին Թեմրանի հանդերը: Գյուղի մեջ մնացած ծեր, երեխա, կին, աղջիկ, բոլորը ձեռք-ձեռքի տված, իրար արտերը միասին հերկելով, վարելով թեթևացրել էին գործը, անճարի, անօգնականի, որբի ու այրու հողերը մեռելությունից ազատվել էին, և Մամոն էլ, մի քանի անգամ փողով հաց գնելու պատճառով մասամբ խրատված լինելով, մեծ հսկողություն էր սահմանել ցանքերի վրա: Հողերն էլ, մեկ-երկու տարի հանգստացած լինելով, լավ պարարտացել էին, այնպես որ մեկին երեսուն-քառասուն արդյունք էին տվել:

Բայց անօգուտ, պետական հարկերը, խարջերը, վաշխառուների պարտքերն ու նրանց տոկոսները բեգին ու պտղին տալուց հետո դարձյալ չարատանջ գյուղացիներին մնացել էր կալի երդոտ ու որոմոտ տկուցքը, որից աղված, շաղված ու թխված դառը հացը, աղած ու թթված բանջարների հետ ուտելով պիտի մարեին, պիտի մարմռեին և գալ տարվա ընթացքում իրենց վիճակը ավելի բարեփոխվելու հույսով անցկացնեին ողջ ձմեռը:

Արտաշի դրությունը թեև փոխվել էր, նա Հասոյի և Սոնայի նախատինքներից և տմարդի հրամանները կատարելուց ազատվել էր, գործում էր յուր խելքի ուժով, առանց ուրիշների միջամտության, բայց դարձյալ կենսական վիճակը անփոփոխ էր մնացել: Նա ոչ գիշերը հանգիստ ուներ և ոչ ցերեկը դադարում, տաժանակիր դատապարտյալի նման աշխատում էր օրական տասնութքսան ժամ: Նույն վիճակումն էր և Աննմանը, օր-գիշեր անդադար կթում էր, մակարդում, հարում, քամում, եփում, թափում, լվանում, գործում և պառկած ժամանակն էլ անընդհատ աշխատությունից, հոգնածությունից և ձեռքերի, մատների մորթու ճեղքվածքների ցավից ու կսկծից նվաղում, թմրում էր: Այնքան աշխատանքից հետո այնպես թուլացած էին լինում, որ ո՜չ ուտելու ժամանակ էին գտնում և ո՜չ էլ իրենց հագուստի, կապուստի մասին մտածում: Ոտքի վրա թե կարողանում էին, մի բան ուտում էին, թե ոչ, քաղցած լինելը չէին էլ հիշում, չէին էլ զգում:

Արտաշի աշխատության արդյունքներից, պետական և հասարակական հարկերը տալուց հետո Մամոն սերմն էլ վերցնում էր և մնացորդը երեք բաժին անելով, երկուսը` որպես կալվածատեր ինքն էր վեր առնում և մի երրորդը նրան թողնում, որպես աշխատության մաս: Արտաշը այդ երրորդ մասից պիտի զինվորական, կալվածական, անասնական, արդյունաբերական և մաքսային հարկերը տար, պիտի վարձ տար յուր հոտաղներին, մշակներին, ծառայողներին և հովիվներին, դրանց պիտի կերակրեր, հագցներ, տարին տասներկու ամիս պիտի յուր կողմից հարկ տար բեգին, նրա ծառայողներին, տերտերին, քեհյային, պտղին, աղքատին, այրուն և այլն: Այն լիքը-լիքը ամբարները, որ կալոցից հետո իսկույն լցվում էին և ժամանակավորապես ուրախացնում մատաղահաս մշակին, չանցած մի ամիս դատարկվում էին, մինչև նոր ցանքն ուտելու էլ հաց չէր մնում, այնպես որ Արտաշը նոր ցանքին դարձյալ պարտավորված դիմում էր բեգին սերմացու խնդրելու: Այդ բոլորից հետո բեգը սարքել էր տվել նրա հյուրասենյակը ու պատահական հասարակ հյուրերին և անցնողներից շատերին ուղարկում էր նրա տունն իջևանելու և կերակրվելու...

Արտաշը թեև ինքը միակ արու անհատն էր յուր տան, բայց չորս մարդու զինվորական հարկն էին պահանջում նրանից և առանց խոսեցնելու ստանում էին. մինը հորը համար, որը որպես խելագար կապկպված էր յուր շինել տված բանտում, Մամոյի սարայում, երկրորդը՝ հորեղբոր համար, որ վաղ ժամանակներից Կ. Պոլիս պանդխտության գնացած, ետ չէր դարձած և որի տեղը ոչ ոքի հայտնի չէր, մին էլ յուր կրտսեր մեռած եղբոր համար, որի անունը նեղություն չէին քաշում հարկապահանջները ջնջել ցուցակի միջից: Նա վճարել էր երկու անգամ յուր հովվական տարիներում չվճարած հարկերը, բայց ստացականի մեջ պաշտոնականները միայն ներկա տարվա հարկը գրած լինելով, պարտավորվել էր երրորդ անգամ էլ տալու:

Անչափ էր Անթառամի փափագը յուր զավակներին տեսնելու, գգվելու և գրկվելու համար, բայց ներքինիին, հարեմի ծառայողներին և աղախիններին սաստիկ պատվիրված էր, որ լավ հսկեն, որպեսզի ո՜չ մայրը կարողանա հեռվից անգամ տեսնել յուր զավակներին և ո՜չ որդիքը իրենց մորը: Միևնույն գյուղի մեջ, իրարից մի հարյուր քայլ հեռավորությամբ, ապրում էին սարայի, կանանոցի բանտերում ծնողները, հայրենի ավերակներում զավակները և իրար կարոտով տոչորվում, բայց հնար չէին կարողանում գտնել տեսնելու և հագեցնելու իրենց սրտի ջերմ ցանկությունները: Միմիայն երբեմն-երբեմն երազներով այդ բաղձանքներին հասնում էին թշվառները, բայց կանանոցում Մամոյի ահարկու ձայնը, բանտապետի խրոխտալի աղաղակները, Սուլոյի, Լասոյի գյուղի մեջ գոռում-գոչյունները ընդհատում էին այդ երջանկալի ժամերը, սթափեցնելով քնից վշտաբեկ արարածներին... Այդ հուսախաբ սթափությունից հետո կրկին սգի սև քողը պատում էր նրանց սրտին ու հոգուն և խորասուզում վշտի օվկիանոսում: Բայց աննկարագրելի էր Անթառամի կսկիծը, նրա վշտի ահավորության չափը միայն կարող են երևակայել, ըմբռնել այն միակ որդեկորույս մայրերը, որոնց սիրասուն զավակները իրենց մատաղ հասակում ավարի են մատնվել և գերեվարվել անողորմ թշնամու ձեռքով հեռու աշխարհ: Գորովասիրտ մայրը շատ հեռվից, ավելի երևակայությամբ, դիտում էր յուր դարաքաշ զավակներին, խուլ կերպով լսում էր նրանց վշտալի մրմունջներն ու ողբերը և ավելի բորբոքվում սրտի հատորների կարոտով: Կարծես բավական չէր նրա ամենազգայուն սրտի համար յուր չարատանջ հարազատների տաժանելի վիճակը, բավական չէր սիրելիներից և սրտակիցներից անջատվելը և հարեմի պինդ որմերի մեջ բանտարկվելն ու մղկտալը, բավական չէր սիրելիների աղի արտասուքով աչքերը և արյունլվա վերքերը նկատելը, բավական չէր ամենայն օր անխիղճ բեգից կրած նախատինքները, նրա աղախինների, հարճերի և գերիների անարգանքներն ու արհամարհանքները, նա համարյա թե ամեն օր լսելով նոր-նոր առևանգված և հարեմում գերեվարված փափկասուն և թուլասիրտ արարածների աղիողորմ վայն ու կոծր, ողբն ու աղաղակը, ցավից ու կսկծից մորմոքում էր և վշտի սաստկությունից խելաբժուժ եղած, հարբածի նման ընկնում էր յուր որջի մի անկյունը անշարժ և անզգա:

Անթառամը` Մամոյի հարեմը գերի տարվելուց հետո թեև ամբողջ հինգ տարի էր անցել և ամեն մի տարին վշտաբեկ կնոջ համար դարից էլ ավելի էր երկարել, բայց նա Մամոյին կին չէր դարձել, նա նրան չէր հանձնվել, քրդի բոլոր ջանքերը զուր էին անցել: Ո՜չ աղերսանքը, ո՛չ սպառնալիքը, ո՜չ փաղաքշանքը, ո՜չ նախանձը, ո՜չ ատելությունն ո՜ւ արհամարհանքը և ո՜չ էլ ժամանակը չէին կարողացել ընկճել հաստատամիտ և համառ հայ կնոջը, նա մատակ առյուծի նման, չէ՜ր հպատակվել իրեն հափշտակող դահճին, թեև վերջինս սպառնացել էր մինչև անգամ սրախողխող անել նրա ձագերին: Հուսահատ ջինգյանան չէր իմանում, թե ինչպես յուրացներ խստասիրտ տիկնոջը, որի անհաղթելի կամքը և անզուսպ կիրքը բորբոքում էր յուր սիրտը և անվերջ մտածմունքների ու կասկածանքների մեջ գցում: Նա վախենում էր դիպչել Անթառամի կյանքին, կասկածելով, որ չլինի թե նրա մահվանից հետո ժառանգները դատ բանան և խլեն յուր ձեռքից հափշտակած կայքերը, որոնք կազմում էին յուր հարստության ամենահիմնավոր և ամենաբեղմնավոր մասը:

Մամոյի անվերջ մտածմունքներին զարհուրելի երազներն էին հաջորդում, որոնք սաստկացնում էին Մամոյի երկյուղը, որի ազդեցության տակ նա մի օր գլխատել տվեց Քյալաշին, որին ամբողջ հինգ տարի իբրև խելագար տանջել էր նրա շինել տված բանտի խորքերում: Քյալաշ քեհյան յուր բանտարկության օրից հետո առանց տեսնելու երկնքի լույսը, առանց կրկին անգամ գրկելու յուր զավակներին, առանց մի անգամ էլ դիտելու Ամիրխանենց այն ահավոր կայքերը, որոնք յուրացնելու համար այնքան նեղություններ էր քաշել, առանց կրկին անգամ ձեռք բերելու քեհյայության մտրակը, որի համար այդ օրին էր արժանացել, մտել էր խավարի անդառնալի պետության սահմանները՝ փնտրելու յուր կրքերին զոհված նահատակներին...

Տարիները իրար ետևից գլորվում էին. բնությունը ինչպես յուր հարկը պահանջում էր հասածներից, այնպես էլ առատապես վճարում էր յուր տուրքը դեռահասներին:

Աննմանը՝ փոքրիկ հովվուհին, արդեն մտել էր յուր տասնևհինգերորդ գարունը: Նա փթթել էր դեռահաս վարդի կոկոնի նման, բարձրացել էր Երիզայի Անահիտին նվիրված մշտադալար անտառի գեղատեսիլ նոճիների նման և զարդարվել Մուրադ գետի ափերում աճող նունուֆարի նման: Բնությունը յուր բոլոր գեղեցկություններով մարմնացել, բնակություն էր հաստատել այդ քնքուշ հրաշակերտի մեջ, որի ամեն մի հայացք, ամեն մի շարժումը, ամեն մի խոսքը խոնարհեցնում էին նրան դիտող աչքերը, ծնրադրել էին տալիս և ձայնը թնդացնում ապառաժի նման անզգա սրտերն անգամ: Թեև հարավի հրատապ հողմերը և կիզիչ արևը նրա ձյունի նման սպիտակ մորթի վրա հովվական տարիներում թողել էին իրենց կնիքը, բայց Աննմանը տնական կյանքում ավելի գեղեցկացել էր, ընդունելով Շիրակի ցորենի զվարթադեմ գույնը: Նրա մինչև կրունկները հասնող սաթի նման սև մազերը, նրա լայն ճակատը, կամար ունքերը, խոշոր աչքերը իրենց երկար թարթիչներով, վարդից էլ կարմիր այտերն ու շրթունքները թովում էին դիտող մահկանացուների աչքերը և գրավում սիրտն ու հոգին: Նրա հետ շնչելը, նրա հետ հառաչելը, նրա ամբրոսական բուրմունքը ծծելը, նրա հետ գրկախառնվելը կարող էր ամենաթշվառ արարածին թևեր տալ և սերովբեական թռիչքներով երկինք բարձրացնել:

Բայց Աննմանի սիրտը փակված էր աշխարհի համար, նա ժամանակից վաղ բռնված էր, գրավված էր և այդ պատճառող շուրջը միայն զմայլմունք ու սրտի խորքերից դառն հառաչանք էր սփռում: Նա, որ ծնողներին կորցնելուց հետո աշխարհի երեսին սերն ու գորովը ամփոփել էր միայն եղբոր՝ Արտաշի վրա, չէր էլ կարողանում բացատրել, թե ինչի այնքան համակրում էր Օհան ամիի կրտսեր որդուն՝ Ավագին, որն արածեցնում էր Սուլոյի ոչխարները, հետևելով Արտաշի ընթացքին: Ավագն ու Արտաշը մի օրվա երեխաներ էին, այդ բանը իրենց ծնողներից շատ անգամ լսած լինելով, թեև եղբոր նման ընկերներ էին դարձել իրար հետ, բայց Արտաշը շատ անգամ յուր մտքում նախանձում էր, երբ նկատում էր, որ քույրը իրեն վրա ունեցած սիրուց բաժին էր հանում նույնպես Ավագին: Սարի լանջերում, պաղ աղբյուրների կողքին, երբ նստում էին իրենց սոխ ու հացով ճաշելու, Աննմանը պարզաբար ասում էր.

Արտա՜շ, կա՜ց, թո՜ղ Ավագն էլ գա, միասին ճաշենք:

Արտաշը թեև լսում էր քրոջը, բայց յուր մտքի մեջ խորհում էր և չէր կարողանում բացատրել այդ համակրության պատճառները:

Երբ Արտաշին հանձնեց Մամոն Ամիրխանենց կայքերի կառավարչությունը, Ավագը թողեց Սուլոյի հոտը և սկսեց արածեցնել Արտաշի ոչխարները: Ամեն առավոտ, երբ Աննմանը պաշարը տալով ճանապարհ էր գցում Ավագին, ասում էր.

Տե՜ս, գառներիս լավ պահպանի՜ր, չլինի՜ թե նրանց գայլը տանե: Մի քիչ հեռանալուց հետո ետևից կանչում էր.

Ավա՜գ, շատ մի ուշանալ, ոչխարները շուտ տուն բեր կթելու: Շատ անգամ, երբ Ավագը ոչխարի գլուխը բռնած կանգնած էր լինում, Աննմանը նրա ներկայության ուրախությունից հրճված և ամեն վիշտ ու հոգնածություն մոռացած, ոչխար կթելով ասում էր.

Ա՜յ տղա, ոչխարները քու թևի տակ գառի պես խելոք կանգնում են, քեֆս գալիս է կթելիս, իսկ անշնորհք Օհանի գրկից թողնում փախչում են, կաթն էլ թափում:

Ավագը սիրուց հարբած, թովված շատ անգամ լռում էր և երբեմն-երբեմն էլ կցկտուր պատասխաններով բավականանում.

Այդ նրա համար է, որ դու...

Արտաշը բանի էությունը հասկանալով, Ավագից ոչխարները ետ առել, տվել էր ուրիշ հովվի և սրա հետ ընկերանալով, միասին էին կատարում վարուցանքը: Ավագը զրկվել էր Աննմանի հետ ազատ տեսակցելուց ու խոսակցելուց, երջանիկ օրերը արդեն պաշտոնական ձևերի էին փոխվել, և նրանք պատրաստվում էին շուտով իրենց մուրազին հասնելու: Քրոջ այսպես բուռն սերը և նրանից այնքան շուտ բաժանվելու և առանց տանտիկնոջ մնալու հարցը այնպես էր ազդել Արտաշին, որ վճռել էր ինքն էլ ամուսնանալ, և Աննմանը հանգամանքների հետ ծանոթ լինելով, հայտնել էր եղբորը, որ ինքը տանից չի դուրս գալ, մինչև որ նա հարսը տուն չբերե և յուր ձեռքով տան ամեն կարգն ու սարքը չհանձնե եղբոր կողակցին:

Աննմանը բոլորովին իրավացի և արդարացի էր համարում յուր պնդումները: Նա, որպես հայի աղջիկ, չէր ուզում, որ յուր հոր օջախի ծուխը, որը թեև մի կարճ Ժամանակ կտրել էր թշնամին, բայց ինքը եղբոր հետ նորից բարձրացրել, իր հեռանալովը դարձյալ մեռելության դատապարտվի: Նա սրտի վշտից կմեռներ, եթե յուր մատաղ տարիներում կարգած ու սարքած տունը առանց կառավարչի մնալով, կործանման դատապարտվեր՝ կամ երբայրը, առանց օգնականի մնալով, հուսահատության մատնվեր: Բացի այդ, նրա սիրահար աչքերը, որոնք վարժված էին յուր նմանների սրտի խորքերը թափանցելու, արդեն վաղ նկատել էին եղբոր՝ Արտաշի սրտի գրավված լինելը: Աննմանը յուր հեռատեսությամբ շատ վաղ դիտել էր և նկատել, թե ինչպես Արտաշի քայլերն ակամա ուղղվում էին միշտ Մինասենց դռան առաջից, թե ինչպես նրա վախկոտ հայացքները որոնում էին Անահիտի դեմքը:

Արտաշը սիրահարված էր, ինչպես ջերմ կերպով սիրահարվում են տասնևութ տարեկան պատանիները, և Մինասի աղջիկը՝ Անահիտը, համապատասխանում էր նրան: Արտաշը սրտի խորքերում յոթ ամիս փայփայած այս գաղտնիքը չկարողացավ ծածկել քրոջից, որը եղբորից երեք-չորս տարով առաջ գաղափար էր կազմել սիրո մասին և պաշտում էր անհուն սիրով:

Սերը Արտաշի հոգեկան բոլոր զգացումները վերափոխել էր և նրա մտավոր հայացքներն ընդարձակել: Նա անհագ խմելով սիրո բաժակը, հարբել, սկսել էր երևակայել, երազել և մակաբերել այն ապագան, որն իրենց էր սպասում: Նրա վառվռուն երևակայությունը ի՛նչ զմայլելի և ի՛նչ զարհուրելի տեսարաններ չէր պատկերացնում, ի՛նչ սոսկալի մտքեր չէր ծնեցնում նրա գլխում: Արտաշի սրտում, սիրո աճած ամիսներում, ինչ տեսակ նոր-նոր մտքեր չէին աճում նրա գլխումը կյանքի, վայելքի, գոյության և ապագայի մասին... Նա շատ անգամ խորասուզվում էր այդ մտածությունների ծովում և ժամերով, օրերով չէր կարողանում խաղաղության ափը հասնել...

Այսպիսի րոպեներում նրա մտքի առաջ ներկայանում էր իսկույն գոռոզ հայրը, որի առաջ խոնարհվում էին ոչ միայն թշվառ գյուղացիք, այլև շատ անգամ բեգերն ու պաշտոնականները: Հիշում էր և հոր ձերբակալվելը, հայրական տան կործանումը և իրենց ստրկական վիճակը Սոնայի և Հասոյի դռանը: Այս տեսարաններին հաջորդում էին այն սոսկալի անցքերը, որոնք պատահել էին իրենց հարևանների և շրջակա գյուղացիների հետ, և այս բոլորից հետո նա զգում էր կատարելապես իրենց վիճակի անապահովությունը, իրենց ամենազարհուրելի կացությունը: Նա բավական կլիներ, եթե յուր մշակած հողի արդյունքից մի քսաներորդ բաժինը իրեն թողնեին, յուր երևակայած երջանիկ ընտանիքը խաղաղությամբ կերակրելու համար, բայց փորձը և մտածմունքները բերին նրան այն եզրակացության, որ ինքը մի կատարյալ ստրուկ է, որի ոչ միայն ինչքը, բոլոր աշխատության պտուղը պատկանում էր յուր տիրոջը, այլև ինքը, կինը, որդիքը, սերունդը կույր կերպով հնազանդվելու, ծառայելու և իրենց բռնակալ բեգի ամեն պահանջները կատարելու պարտավոր են: Նա ծախված գերուց է՜լ սոսկալի էր գտնում յուր դրությունը, որովհետև փողով գնած գերու տերը, յուր փողի սիրուց ստիպյալ կերակրում, հագցնում և պատսպարում էր յուր գերիներին իրենց արժեքի համեմատ, բայց Մամո բեգը ոչինչ չէր կորցնի, եթե չգնած ստրուկներից մի քանի տասնյակներ սովից կոտորվեին:

Մամոյի կինը, արաբի նման թխամորթ և կեղտոտ Ֆաթին, թեև մինչև վերջը համառացել, չէր գնում իրեն դավաճանող ամուսնու մոտ և չէր էլ տալիս զավակներին իրենց հորը, դիմադրելով մինչև անգամ շերի դատարանին, բայց որդին՝ Փրթոն, տասնևվեց տարեկան ժամանակը թողել էր մոր աղքատ ու խեղճ տնակը և փախել գնացել հոր սարայը: Շռայլ և զեխ կյանքը, մետաքսի և ասվի խայտաճամուկ շորերը, ոսկեթելով զարդարված չեքմանն ու աբան գրավել, հափշտակել էին պատանու սիրտը, և նա մոռացած թշվառ մոր սերն ու գգվանքը, քաղցած քույրերին ու եղբայրներին, ամեն ջանք գործ էր գնում հոր սիրտը գրավելու: Մամոն, որ յուր հարճերից և աղախիններից ծնված զավակների մեջ յուր տիպարը չգտնելով, խեղդել էր տալիս հարեմի նկուղներում ծնողների հետ միասին, Փրթոյին դռնից վռնդելու չափ անգութ չգտնվեցավ, որովհետև նա չէր էլ ուզում հասարակական խոսակցության և ատելության նյութ դառնալ յուր տմարդի ընթացքով, այդ պատճառով ուրախ դեմքով ընդունեց և նրա համար սարայում առանձին բաժին հատկացրեց: Թեև երկար տարիներ իրարից հեռու ապրելով, հոր և որդու մեջ սառնասրտություն էր տիրում և նրանց հարաբերությունները միշտ կեղծ, շինծու բնույթ ունեին, բայց երկուսն էլ իրարից կախում ունենալով, իրար հետ զվարթերես էին տեսակցում: Մամոն, որ աշխարհի երեսին և ոչ մի անկեղծ ու հարազատ բարեկամ չուներ, երբեմն հույս էր տածում, որ դեռահաս որդին կարող էր նրան ջերմ սրտով պաշտպան կանգնել, կարեկցել և նեցուկ դառնալ զառամյալ օրերում: Բայց այդ հույսը ցնդում էր, երբ մտածում էր, որ որդին ժառանգությունը և իշխանությունը հոր ձեռքից խլելու համար կարող էր նրան մի հարվածով կամ մի պտղունց թույնով քնեցնել, էլ չզարթնելու պայմանով:

Next page