Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Որդին, հիշելով մոր քաշած անտանելի տանջանքները, աչքի առաջ բերելով այն սև օրերը, երբ մուրալով ձեռք բերած մի կտոր չոր հացը սառը ջրի մեջ թրջելով, դառն արտասուքը աչքերին, կերել էին մայր և որդի, անդադար հառաչելով, չէր կարողանում համոզվել, որ անկեղծ սրտով և հաստատ լինեին անգութ հոր շողոքորթ վարմունքները: Եվ այս կեղծ հարաբերությունները շարունակվում էին, աշխատելով իրար անկեղծության վրա մեկմեկու խաբել:

Բայց Փրթոյի գալով է՜լ անտանելի դարձավ Մամոյի վիճակը: Նրա անթիվ ստորադրյալները, որոնք բեգի անունով հավաքված զանազան տուրքերից մի քառորդ բաժին անգամ չէին հասցնում պատկանելույն և միշտ տրտնջում էին, իբր թե գավառի բոլոր եկամուտները կուլ էր տալիս մենակ ինքը՝ Մամոն, սկսեցին ավելի քրթմնջալ, ապագա ժառանգը հոր թևի տակ նկատելով: Նրանք մինչև այդ ժամանակ նրա համար գլուխները կախած յոլա էին գնում, որովհետև ամեն մեկը իր սրտի խորքում թաքցրած և ծածկած նպատակ, հույս ուներ, բայց երբ տեսան անգութ Ֆաթիի արյունով ու թույնով դիեցրած ձագը, սթափվեցան իրենց հուսախաբությունից և սկսեցին իրենց սրտի կրակը թափել ոչ միայն այն թշվառ ժողովրդի գլխին, չորս անգամ ավելի ծանր-ծանր պահանջներ դնելով, չարչարելով և տանջելով, այլ բեգի սնդուկին հասանելի եկամուտի առաջները հասցրած տուրքի քառորդ բաժնից էլ պակասեցրին: Փրթոյի գալով, բավական չէր նոր բացված ծախսերը, բեգի հեռավոր բարեկամներն էլ սկսել էին մեծ-մեծ պահանջներ անել, իսկ եկամուտը ոչ միայն չորս անգամ նվազել էր, այլև թշվառ գյուղացիները այն աստիճանի դատարկվել, կողոպտվել էին, որ նրանցից մեծագույն մասը սովից ազատվելու համար ցրվել էր շրջակա գավառները բանվոր մտնելու և մուրալու: Մամոյի այս աննախանձելի դրությանը հաջորդեց մի մեծ և հուսալի մխիթարություն: Փրթոյի նշանածի ընտրությունը նրան նոր ոգի ներշնչեց և այդ բանը նենգավոր հորը անչափ ուրախություն պատճառեց, որովհետև նկատում էր, որ խորամանկ որդին հոր ձեռք բերած հարստության և աստիճանի հետ ուզում էր է՜լ պինդ շղթաներով կապվել:

ՀՈւՍԱՀԱՏ

Փրթոյի քայլերը բոլորովին դուր չէին գալիս Արտաշին: Նա նկատում էր բեգի որդու չարամիտ ակնարկները, որոնք հառած էին միշտ յուր սիրասուն քրոջ վրա: Օրեցօր ավելի աչքի էր ընկնում Փրթոյի վարմունքը, նա աներկյուղ պտտվում էր Ամիրխանենց տան շուրջը: Դեռ մի քանի անգամ նա խոսք էր գցել և միտքը հասկացրել Աննմանին էլ, Արտաշին էլ: Այս սոսկալի կացությունից ազատվելու համար Արտաշը Ավագի հետ խոսեց և վճռեցին օր առաջ պսակվել և գործին վերջ տալ: Համբարձման օրերի մոտ սկսեցին պատրաստություն տեսնել, գնացին, խնդրեցին տերտերին, որ առաջիկա կիրակի պսակի խորհուրդը կատարե:

Մինչ նոր պսակ պիտի սպասեք, — ասաց տերտերը: — Հայրապետների գիրքը խո ես չե՞մ կարող փոխել և նրանց խոսքը կտրեց:

Ախր մենք չարության վերջ տալու համար ենք խնդրում, մեզ ազատեցեք սպառնացող վտանգից, — թախանձում էր Արտաշը:

Տերը կպահպանե, ինչ որ ձեր ճակատին գրել է, այն էլ կլինի: Այսքան տարի սպասելուց հետո երեք շաբաթ էլ կարող եք սպասել: Այն ժամանակ տերտերն էլ կպսակե:

Գոնե, տերտեր, այս խնդիրը ձեզ մոտ խոստովանանք մնա, այն օձի ծնունդի ականջը չհասնի, մինչև պսակենք, վերջացնենք:

Դուք հանգիստ եղեք, աստված կպահպանե մեզ ամեն չարիքից, թե ապաշխարելու մեղք չունենք:

Մե՞ղք... արդյոք ի՞նչ մեղք ենք գործել նրա դեմ:

Այս անցքերից հետո Ավագի հանգստությունը կտրվեց, և նա պահապան շների հետ Ամիրխանենց կտուրի վրա էր անցկացնում գիշերները, մահակը ձեռքին, դաշույնը գոտուց կախ գցած և յափնջին ուսերին: Բավական չէր ամբողջ ցերեկը ոտքի վրա անդադար դատելը, գիշերն էլ անքուն երգելով ու երևակայելով էր անցկացնում Ավագը: Խեղճ պատանին, ականջները սրած, ամեն մի շշուկ, ամեն մի ձայն լսելիս պատրաստ էր դիմադրելու դժոխքից փախած ճիվաղին անգամ: Քամին, ցուրտը, ցողը, եղյամը նա ուրախությամբ տանում էր և բուռն սիրո կրակով բորբոքված՝ չէր էլ զգում սրանց ազդեցությունը: Աննմանի համար նա պատրաստ էր զոհվելու, նրա սիրո համար շատ աննշան էր համարում մի այդպիսի զոհը և համոզված լինելով յուր պաշտելուց կատարելապես սիրվիլը, ինքն իրեն աշխարհի ամենաերջանիկ արարածն էր համարում: Արշալույսին, արևագալից դեռ շատ վաղ, երբ դուռը բաց էր անում Աննմանը ոչխարը կթելու և հովիվներին ճանապարհ գցելու, նրա յուր պահապանի կողմը դարձրած մի քաղցր հայացքը, մի բերկրալի ժպիտը անվերջ ուրախությամբ էր լցնում Ավագի սիրտը, որը նույն տեսարանի նկարը անջինջ կերպով մտքումը տպավորած, հեռանում էր, դիմում յուր առօրյա գործին:

Այդ երեք շաբաթվա ընթացքում Ավագը յուր շներով երեք անգամ դիմադրել էր Փրթոյի և նրա լեռնական ընկերների հարձակումներին: Այնպես ահագին աղմուկ էր բարձրացնում, որ ողջ գյուղը զարթնելով օգնության էր վազում, և չարամիտները թողնում, հեռանում էին: Այդ հարձակումները ավելի ու ավելի սաստկացնում էին Արտաշի մտածությունները, և նա օրեցօր սոսկալի էր գտնում յուր թշվառ վիճակը:

Երկար մտատանջություններից հետո Արտաշն ու Ավագը գյուղի մեջ գտնվող իրենց քաջասիրտ ընկերների հետ խորհուրդ արին և որոշեցին, որ ամեն գիշեր քսանի չափ երիտասարդ հսկեն Ամիրխանենց տան շուրջը: Որովհետև երիտասարդներից շատերն էլ ունեին իրենց նշանածները, կամ հասած քույրերը, որոնց նույնպես սպառնում էին Մամոյի ծառաները, հովիվներն ու հոտաղները, այդ իսկ պատճառով բոլորն էլ անկեղծ կերպով միացան և հանձն առին իրար համար ամեն տեսակ զոհողություններ կատարել: Մամոն, թեև ամեն մի տան ծակ ու ճեղը ման գալով, բոլոր զենքերը հավաքել էր տվել, բայց արի երիտասարդներից շատերը իրենց ղամաները (դաշույն), կեռ թրերը և ղարաբինաները կարողացել էին թաքցնել, որոնցով զինվում էին հերթապահ գիշերները:

Այս գիշերային հսկողությունները շատ զայրացրին Փրթոյին և ընկերներին, որոնք հանգամանքներն իմացրին Մամոյին: Սա սաստիկ կերպով կատաղեց և երկյուղից չէր իմանում, թե նրանց ինչպես դիմադրեր: Ամեն օր, Մամոն կանչում էր յուր մոտ Տեր-Մելիքսեթին և պատվիրում, որ գնա, գյուղացիներին քարոզե, որ ով որ զենք ունի, տանե բեգին հանձնե, սպառնալով, որ հակառակ գտնվողը կբանտարկվի և նրա ինչքը կգրավվի: Իսկ Սուլոն և ընկերները առավոտից մինչև իրիկուն այս տունն ու այն տունը մտնելով, բոլոր կահ-կարասիները քանդում, տակնուվրա էին անում՝ զենք փնտրելու պատրվակով, և աչքերն ընկած առարկաները հափշտակելով, հեռանում:

Մի քանի անհաջող հարձակումները սաստկացրին Մամոյի երկյուղը, որն անդադար նախատում էր, հայհոյում անշնորհք ծառաներին և որդուն: Այս անհաջողություններին հաջորդեց մի է՜լ զարհուրելի լուր, որը թեմրանցիք միայն իրար ականջի մեջ էին փսրտում, թե.

Մինաս քեհյան, որ Արզրումի միջնաբերդի բանտից փախչելուց հետո Ղարս էր գնացել, լոռեցի մի քանի տասնյակ երիտասարդների հետ եկել, անցել է Դերսիմ: Այս լուրը մեռելային սարսուռ գցեց Մամոյի սրտում:

Բավական մտատանջվելուց հետո. Մամոն գնաց Քղի, յուր բարեկամ ղայմաղամի մոտ և նրա հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ շատացնեն զապթիեների թիվը: Վալիին հարկ եղած զեկուցումը գրելուց հետո անմիջապես վերադարձավ Թեմրան և շրջակա քրդերից քսանի չափ երիտասարդներ զինեց մարտինի հրացաններով, հանձնեց որդուն, որպեսզի նրանց հետ ձիավորված շրջի յուր վիճակի սահմանները, կասկածելի անձնավորություններին ձերբակալելու:

Այս ձիավորները թե՜ իրենց, թե՜ ձիերի ուտելիքը, խմելքը, հագնելիքը բռնի գյուղացիներից մտրակելով հափշտակելուց հետո Մամոյից էլ պահանջում էին իրենց ռոճիկը և ուրիշ ծախսերը: Մամոն էլ այս ծախսերը թեև բարդեց գյուղացիների հարկի վրա և տանուտերերին բռնադատում էր, որ հավաքեն իրեն հանձնեն, բայց գյուղացիներն է՜լ ոչինչ չունեին վճարելու, լոկ կյանքներն էր մնացել, այն էլ կծախեին, բայց գնող չկար:

Հոգեգալստի կիրակին էլ անցավ: Ամբողջ Թեմրանի դաշտն ու սարերը դալարով էին ծածկվել: Բարեբախտաբար այդ տարին էլ առատ էր անձրևը, ցանքերը մեկին երեսուն-քառասուն էին խոստանում: Ուրախ էր ժողովուրդը, ուրախ էին երիտասարդները, նամանավանդ աղջիկները, որոնց ամուսնանալու, հարսանիքի ծախսերի ու զարդերի համար առատ շնորհել էր բնությունը և պսակել նրանց ջանքերը առատ բերքերով: Թեմրանցի երիտասարդները միախորհուրդ իրար օգնելու վճռից հետո, քրդերի և Մամոյի տղի ատամները մի քանի անգամ փշրել էին, էլ չէին հանդգնում և ոչ մի տան մոտենալու: Տղերքն իրար ետևից նշաններ էին դնում, աղջիկները մեկ-մեկ իրենց մուրազին հասնում: Աղի էր խմածները, լեղի էր կերածները, արտասուքները այտերի վրա դեռ չէին չորացել, վերքերը դեռ չէին բուժվել, սրտերից կսկիծը դեռ չէր դուրս եկել, բայց մի հանգիստ շունչ քաշելով, հուսադրվել էին և ապագա հույսերով առաջ էին մղվում: Առաջին պսակին երկու հարսանիք միասին էին կատարվելու գյուղում, և ողջ գյուղը այդ հանդիսով էր զբաղված:

Ավագը Աննմանի հետ էր պսակվելու, Արտաշն Անահիտին էր իրենց տուն բերելու: Ամիրխանենց տունը նորից շենանում, փարթամանում և նրա ծուխը երկինք էր բարձրանում ու ամեն բերան բարի մաղթանք էր կարդում այդ տան նորաբողբոջ տնվորների համար:

Օ՛հ, — ասում էր մի ծերունի իրեն շրջապատողներին, — տաշված քարը գետին չի մնալ, այդ քարը կվերցնեն էլի պատի ճակատին կդնեն:

Աստված մեծ է, ողորմությունն անչափ: Հոր հազարները փչացնելը ամեն տեղ տեսնված է, բայց ղոչաղ տղեն էլի կծխացնե հոր քանդված օջախը:

Աստված զորացնե այդպիսի տղերքը, մարդը սյուն դարձավ, կանգնեցրեց հոր պապենական օջախը, — ասում էր մի ուրիշը:

Եվ որքա՛ն քաջասրտություն տվեց մեր մատղաշներին: Մեր ցախավելով մոտ արած տղերքին սերտ գործի կպցրեց, հանդը, սարը, ձորը ծաղկեցրեց: Աստված օրհնե դրա ծնունդը, շատ ապրի այդպիսի բարի զավակը:

Հարսանիքի պատրաստությունները վրդովում Էին Փրթոյին ու Մամոյին: Բեգի երազը, Փրթոյի իղձը խեղդվելու էին: Գիշեր-ցերեկ Մամոն մտածելով, մի ճանապարհ չէր գտնում, որ կարողանա նպատակին հասնել՝ Ամիրխանենց ժառանգի հետ իր որդուն Փրթոյին կապելով, իսպառ յուրացնել Թեմրանի ընտիր կալվածները: Ինչպես համառ Անթառամը ոչ մի կերպ չէր զիջել, չէր անձնատուր եղել Մամոյին, նրա համառագույն որդին ու աղջիկն էլ խիստ կերպով ընդդիմադրում էին Փրթոյին և ընկերներին:

Մամոն, ճարը կտրված, հարսանիքի նախընթաց իրիկունը, կանչեց յուր մոտ տեր-Մելիքսեթին և զանազան սպառնալիքներով, նախատինքներով ուղարկեց Արտաշի մոտ, որ քրոջը չտա գոնե այն մուրացկանի որդուն՝ Ավագին: Միաժամանակ տերտերին էլ սպառնաց, որ եթե պսակե, եղբորը քեհյայությունից կզրկե, երկուսին էլ միասին կբանտարկե: Այս բանը ավելի կատաղեցրեց Արտաշին, Ավագին, որոնք ընկերների հետ ուխտեցին, կամ ամբողջապես մեռնել և կամ գլուխ բերել սիրահարների ամուսնությունը:

Արտա՛շ, — ասաց տերտերը բեգի մոտից դուրս գալով և Ամիրխանենց դուռը դիմելով, — արի ետ կեցիր այդ մտքից: Մի ուրիշի կտաս Աննմանին, ինչի՞ ես այդ պատճառով զայրացնում բեգին, վախենում ես տա՞նը մնա քույրդ: Բեգը համաձայն չէ, որ դու քրոջդ տաս այդ մուրացկանի տղին:

Տերտեր, բավակա՛ն է, բավակա՛ն: Դու էլ նրա եղանակով հերիք է պար գաս: Հանդերս տիրեց, կայքերս խլեց, մալերս գրավեց, հերի՜ք է, խո հոգիներս էլ չի կարող առնել:

Ախր, որդի՜, «այն ձեռքն, որ չես կարող կտրել, պագ ու ճակատիդ դիր», ահա մեր մեծարանց խոսքը:

Տերտե՜ր, թե դու էլ ցնորվել ես, թե քու սրտից էլ դուրս է եկել ավետարանի խոսքը, այդ ուրիշ բան է, բայց ես կմորթեմ Աննմանին իմ ձեռքով և չեմ թողնի, որ նրա հոգին սևանա, թուրքանա, քրդի լաճին կնիկ դառնա: Ես իմ ձեռքով իմ քրոջը չեմ տալ ջինգյանա Մամոյի ու Ֆաթոյի լամուկի ճանկը:

Դու գիտես, որդի՜, բայց արի ինձ լսիր, մի թույլ տալ, որ մեծ իրարանցում, սրածություն գա մեր գեղի գլխին: Մեկ Աննմանի պատճառով քանի-քանի անմեղ, աննման տղերք ու աղջիկներ կարող են կոտորել բեգի մարդիկը: Արի՜ դու քու ձեռքով զոհիր այդ մեկին ու ազատիր մնացող խեղճերին: Բեգի տղեն խելռում է Աննմանի համար, նա յուր ընկերներով արյունով կողողե մեր գեղը, և դու պատասխանատու կմնաս առաջին աստծու և առաջին մարդկանց:

Տերտե՜ր, տերտե՜ր, եթե ես թողնեմ, մենք թողնենք... Այսօր իմ քրոջս կտանեն, էգուց քու աղջիկը, մյուս օրը՝ դրացիինը և այդպես անվերջ կտանեն ու կտանեն: Ո՜չ, ո՜չ, տերտեր, այդ ճանապարհը մեզ կջնջե աշխարհից, ավելի լավ է ես առաջ իմ քրոջս խեղդեմ, արյունաքամ անեմ, հետո տամ այդ անիծածի ձեռքը նրա սառած դիակը: Ես իմ ձեռքով ողջ-ողջ չեմ հանձնիլ քրոջս անհավատին:

Մեղքը քու վզին, ես իմս ասի, էլ չեմ խոսի, — ասաց հեռանալով ավետարանի անարժան աշակերտը:

Տերտե՜ր, տերտե՜ր, այդ խոսքերն ինձ ասիր, ուրիշին չասես, — ետևիցն ասաց Արտաշը, — ուրիշ տեղ բերանդ չբանաս, թե չէ գլուխդ մի հարվածով կթռցնեմ:

Տերտերը սաստիկ էլ վախկոտ էր, Արտաշից սոսկում էր: Սա մնացել էր երկու կրակի մեջ, բեգը մի կողմից, Արտաշը մյուս կողմից նրան սպառնալիք էին կարդում: Էլի բեգի ճիրաններից մի կերպ ազատվելու հույս ուներ, բայց Արտաշը անողորմաբար կիրագործեր ասածը, եթե տերտերը հանդգներ նրան հակառակ գործել:

Կիրակի իրիկուն դհոլն ու զուռնան փչում էր Ամիրխանենց դռնից, և ձայնը տարածվում ողջ դաշտն ու սարերը: Թեմրանը ուրախության մեջ էր: Հարս, աղջիկ բոլորն իրենց տոն օրերի կարմիր ու կանաչ շորերը հագած, զուգված, զարդարված, դիմում էին Աննմանի և Անահիտի հարսնետունը: Գեր երինջը մորթվել էր, հարիսայի պղինձը կալում կրակի վրա դրվել, ոչխարները քերթում էին ջահելները, հարսները բրինձ էին իստակում, պառավները փլավի պատրաստություն տեսնում: Երկու հարսանիքն էլ մի տան մեջ էին կատարում, երկու ծախս միացրել էին:

Արևը մայր մտնելու պահին, արդեն հարյուրից ավելի հարս, աղջիկ, տղա, մոռացած իրենց դառը տանջանքները, ձեռք-ձեռքի տված, յայլի էին պարում, դհոլն ու զուռնեն նրանց ոգևորած, թռցնում էին: Ամենքն էլ, միառժամանակ իրենց վիշտը մոռացած, ուրախ ցատկոտում էին նվագածուների եղանակների բախումներով: Ամեն մի սիրահար ուզում էր ավելի կայտառ և եռանդուն երևալ յուր սիրեկանի առաջ, ամեն մի սիրեկան յուր սիրահարով էր զբաղված այդ ժամում և մեկը մյուսի սիրտը գոհացնելու և բավականացնելու համար պատրաստ էր ամեն բան անելու:

Արաղն ու գինին, ծերերի բաժինը, անխնա բաժանվում էին հյուրերի սենյակում հասակավորներին, որոնք անուշ էին անում՝ օրհնելով իրենց մատաղահաս սերունդը և իրար գովելով: Ներս ու դուրս վառված կրակներն ու ձեթի ճրագները կազմում էին նրանց ճրագալույսը, որի ճառագայթները սփռվել էին գյուղի ամեն կողմը և ծակում քրդերի սիրտը: Իսկ տերտերը չէր երևում, թեև երեք-չորս մարդ գնացել էին նրա ետևից, և այդ բանը մեծ անհանգստություն էր պատճառում գյուղական ծերուկներին:

Մի քանի անգամ ծերերը արդեն իրենց կողմից էին մարդ ուղարկել տերտերի ետևից, իսկ գնացողները ետ էին դարձել, հայտնել, որ տանը չէ, չեն գտել: Սկզբում կարծում էին, որ նա շուտով կգա, մի կողմից կերևա, բայց ժամերն անցնում էին ու չէր երևում: Կասկածներն աստիճանաբար սաստկանում էին, առանց այն էլ գյուղացին լավ համարում չուներ յուր ստորաքարշ տերտերի վրա:

Ո՞ւր մնաց, ախր, այսպես իրիկուն, հանդեսի ու հարսանիքի մեջ չերևալ կվայելե՞ մի հոգևորականի: Որտե՞ղ կլինի: Ո՞ւմ տունն է: Ո՞ւր մնաց: Ո՞ւր է գնացել: Այսպիսի զանազան հարցեր էին տալիս ծերունիները իրար, քիչ-քիչ գլուխները արաղով տաքացնելով:

Իրիկվան դեմ ժամի դռանը մեզ հետ էր, — ասաց մինը:

Ես տեսա, ժամից տուն գնաց, — ասաց մյուսը:

Ես տեսա, տնից դուրս եկավ, կարծեցի, թե այստեղ կգա:

Նա անպատճառ բեգի քով գնացած կլինի:

Տերտերին նույն իրիկունը յուր մոտ էր կանչել դարձյալ Մամո բեգը: Արդեն վաղ մոլորվել, մնացել էր ավետարանի անարժան սպասավորը: Ո՜չ քաջություն ուներ, որ անհավատ, անագորույն բեգի առաջ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպաներ և պարտականությունը կատարելու համար մինչև անգամ անձը զոհելու պատրաստ լիներ, ո՜չ էլ կարող էր և ուզում էր նրա հրամաններին անպայման հպատակվել, քանի որ գիտեր և համոզված էր, որ յուր կրոնական պարտազանցության համար Արտաշը կարող էր նրան խողխողել: Երկու սրի մեջն էր գտնվում տերտերը, երկուսն էլ անողոք:

Տերտեր, — ասաց կատաղած Մամո բեգը, — եթե դու պսակես այս իրիկուն այդ անկոտրումներին, քու մորուքի մազերը ես մեկ-մեկ հանել կտամ, քեզ մերկացրած, կապկպած կղրկեմ Արզրումի միջնաբերդը, որտեղից էլ հավիտյան չես կարող դուրս գալ:

Քու կամքիդ ես չեմ կարող հակառակել, բայց ի՞նչ ասեմ, որ չպսակեմ, ժողովուրդը հետո ինձ կբզկտե:

Ես նրանց բոլորին, որպես դավադիրներ, բանտարկել կտամ, ես նրանց կքշեմ, ես նրանց կոտորել կտամ, ես քեզ այստեղից չեմ թողնիլ գիշերս դուրս գալ: Դու այստեղ կա՜ց, մի՜ գնա: Առանց քեզ ո՞վ կարող է նրանց պսակել:

Կգնան մի ուրիշ գյուղ, կպսակվեն, կամ մի ուրիշ գյուղից կարող են քահանա բերել տալ, պսակվել:

Այս գիշեր չեն կարող, իսկ մինչև առավոտ մի ճար կգտնենք, կխափանենք կամ մի հնարով աղջիկը կփախցնենք:

Այժմ նրանք ինձ են սպասում, եթե չգնամ, տունս կրակ կտան, էգուց ինձ կքարկոծեն, կհեռացնեն եկեղեցուց:

Դու մի վախենա, ես եմ քու տերը, ես եմ քու պահապանը: Նրանց բոլորին գյուղից քշել կտամ, իսկ դու դարձյալ կմնաս հաստատ քու աթոռի վրա:

Ո՜չ, ո՜չ, այդպես չի լինի, էլի մի հնար պետք է մտածել, մի ճար գտնել, որ ես արդարանամ: Ես եթե այստեղ ձեզ մոտ մնամ, ես չեմ կարող ազատվել Արտաշեսի ձեռքից, նա ինձ կսպանե: Լավ է ես կգնամ Խուլփ, մի ծանր հիվանդ ունիմ: Ես նրան հաղորդություն կտանեմ և ժողովրդի մոտ կասեմ, որ հոգվույս պարտքը կատարեցի, նախ մեռնողին պարտավոր եմ հասնել, հոգին փրկել, իսկ պսակվողները իրենց պսակը միշտ կարող են կատարել, թեև մի երկու օր ուշ:

Այդ լավ մտածեցիր, ապրի՜ս, ա՜յ խելոք, ա՜յ գիտնական: Գնա, գնա, միայն մինակ մի գնալ, կարող է վնաս պատահել: Թող Սուլոն կամ Հասոն քեզ ճանապարհ գցեն: Ա՜յ Սուլո, Հասո՜, տերտերին մինչև Խուլփ տարեք, նրա մազին մարդ չդիպչի, թե ոչ կրակ կտամ, ձեզ կվառեմ:

Տերտերը արդեն Խուլփ հասած կլիներ, իսկ հարսնևորները դեռ նրան սպասում էին: Ընթրիքի էին ուզում նստել, իսկ սեղան օրհնող չկար: Արդեն բավական ուշ էր: Հարսնետան մեջ մեծ իրարանցում էր ընկել, պառավները շվարել, մնացել էին, առանց տերտերի ինչպե՞ս հարսանիքի սեղան սփռեին: Բոլորը մտատանջության մեջ էին, բոլորի դեմքի վրա երևում էր տխրության քողը, թեև աշխատում էին ուրախ երևալ: Միայն Արտաշը ուրախ, զվարթ, առանց ուշադրություն դարձնելու փսրտոցին, շարունակել էր տալիս ամենքին ուրախությունը, պարը և կերուխումը:

Օհան ամի՜, — ասաց Արտաշը մոտենալով ծերերին, — եթե թույլ կտաք, թող սեղանը բաց անեն: Թե տերտերը հասավ, նա հացը կօրհնե, թե չէ քու օրհնածը ավելի ընդունելի է աստծուն էլ, մեզ էլ:

Որդի՜, թող բերեն սեղանը, աստված բարին կատարե, մեր հարսնիքն էլ կատարածին հասցնե:

Ամե՛ն, — ձայն տվին գլուխները տաքացրած ծերերը:

Սեղանը Օհան ամին օրհնեց, սկսվեց հարսանեկան ընթրիքը: Ներսը կերուխում էր, իսկ դուրսը երիտասարդները շարունակում էին իրենց պարերգը բոլոր-պարով: Գոռում էին ամեն կողմից ուրախ-ուրախ, իսկ հարս-աղջիկներից մի քանիսը ոտքի վրա հարսանքավորներին բաժանում էին գաթա, լոխում, հավի և որսի միս, գինի կամ կազբենի օշարակ: Ծերերը դեռ սեղանից չբարձրացած, կանայք և երիտասարդները միասին սեղան նստան: Կերուխումը մի-երկու ժամ ավելի տևեց: Արտաշի ու Աննմանի երկու-երեք տարում տնտեսածն ու ետ ձգած ամեն բանն առաջ եկավ: Բայց տերտերը չկար ու չկար:

Հերթը եկավ հարսների ու թագավորների շորերի հագցնելուն եկեղեցի տանելու համար, բայց շորերը օրհնող չկար: Արդեն ծերերի համբերությունը կտրվել էր, սկսել էին նախատական խոսքեր ուղղել տերտերի հասցեին: Ամեն կողմից հրապարակով զզվանք, նախատինք և հայհոյանք էր թափվում պարտազանց քահանայի հասցեին:

Ի՞նչ պետք է անել, — ասաց Օհան ամին, — ով որ քաջ է, գնա խոսի և տերտերին առնե, բերե:

Թո՜ղ երկու-երեք հոգի գնան, լավ ձիաները տանեն, բերեն, — ասաց մի ուրիշը:

Արտաշ ջան, Արտաշ, մեր մադյանը քեզ ղուրբան, ասա Գիգոյին հեծնի գնա՜, թո՜ղ չխնայե, թո՜ղ ճանապարհին սպանե, միայն թե տերտերին բերե...

Տո՜, թող մեր երկու մատյան էլ քաշեն, տանեն, — ասում էր մի ուրիշը:

Հանգիստ եղեք, ամիներ, ձեր քեֆը մի՜ խանգարեք, ուր որ է հիմի կգա ինձ պսակողը: Արդեն հրավեր եղած է առավոտից:

Ապրի՜ս, տղերք, զարկե՜ք դահուլը, — գոռացին ամեն կողմից:

Կեցցե՛ն մեր թագավորներն ու թագուհիները, կեցցե՛ն:

Այդ միջոցին մի քանի ձիավորներ իջան Ամիրխանենց դռան առաջ և մի վարդապետ ձիուց ցած գալով, մտավ հարսանեկան հանդիսականների օդան:

Աստված օգնական, հայր սուրբ, վեր հրամմեցեք, — ասելով, ոտքի ելան բոլոր հանդիսականները և տեղ տվին Գետահայաց ս. Աստվածածնի վանքի վանահորը:

Արդեն ժամանակն անցել էր, շտապեցին, հագցրին թագավորներին և հարսներին, ճանապարհ ընկան եկեղեցի: Մեծ թափոր էր գնում նրանց հետ: Թեմրանի երիտասարդները, Արտաշի ու Ավագի ընկերակիցները զինված պտտվում էին հարսնևորների շուրջը, տաբանջաներն էին կրակում, ղարաբինաները դատարկում:

Մամո բեգի քուրդ լրտեսները, անցածի ու դարձածի մասին մանրամասն ամեն լուր հասցնում էին: Վարդապետի գալը կատաղեցրել էր նրանց, Փրթոն մանավանդ անձի միսն էր ուտում, այս ու այն կողմը հրամաններ էր արձակում:

Իսկ հարսնևորները երգելով, պարելով, ծանր քայլերով առաջնորդում էին հարսներին ու թագավորներին դեպի եկեղեցի: Դեռ երիտասարդներից շատերը կանգնեցնում էին տեղ-տեղ թափորը և դհոլի, զուռնի ածած եղանակներով հարս-աղջիկների հետ կաքավում, ամուսնացողների պատվի համար: Հասակավորները բոլորվում էին պարող երիտասարդների հունարը տեսնելու համար: Ժողովուրդը կիսված էր, ծերունիները դեռ շարունակում էին հարսնետանը իրենց կերուխումը, իսկ երիտասարդները չէին ուզում անգամ հեռացնել իրենց հայացքները բախտավոր ամոլների վրայից:

Հասան եկեղեցի, վարդապետը կատարեց պսակը, և հարսնևորները ավելի ուրախ, սիրահարների թագերն ու պսակները տեսնելուն արժանացած, ավելի շատ տրամադրված, ավելի մեծ աղմուկով դուրս եկան եկեղեցու բակից:

Կրկին սկսեցին պարերն ու պարերգերը, կրկին դղրդացրեց գյուղը տաբանջաների ու ղարաբինաների որոտումները, որը ավելի սարսափ էր ձգում Մամո բեգի սրտում, կեցցեներն ու հուռաները թնդացնում էին օդը: Կամաց-կամաց առաջ էր գնում հարսնևորների թափորը և ամեն քայլափոխին մի քանի երիտասարդներ ուտելիք, խմելիք և քաղցրեղեն էին բաժանում հանդիսականներին:

Թափորը դեռ չհասած Ամիրխանենց դռանը, հանկարծ Փրթոն յուր ձիավորների խմբով հարձակվեց հարսնևորների վրա, ճեղքեց հարս-աղջիկների դասը (մի քանի գնդակներ արձակեցին այնալու հրացաններից, շփոթություն տարածելով, ոտնատակ տալով մի քանի աղջիկների), վրա հասավ, մոտեցավ Արտաշեսին և սրով մի քանի թեթև հարված տալով անզեն թագավորին, խլեց, քաշեց, թարքն արավ Անահիտին, որն այդ ժամանակ փաթաթված էր Արտաշեսի վզովը, և հեռացան: Մինչ այդ, Փրթոյի հրոսակները երեք աղջիկ էլ քաշել էին իրենց ձիաների գավակը և շրջապատվելով հիսուն-վաթսուն ձիավորով, հեռացել սրընթաց արաշավանքով: Այդ միջոցին երիտասարդներն առանց շփոթվելու բոլորել էին Աննմանին ու Ավագին և նրանց պաշտպանել, գիտենալով, որ թշնամու հարձակումը միայն նրա համար էր: Փրթոն կարծում էր, որ Արտաշեսի հետ գնացողը և նրան փաթաթվողը Աննմանն էր, այդ իսկ պատճառով նրա վրա էր հարձակվել: Հարսանեկան թանձր քողի տակ խո չէ՞ր կարող զանազանել Անահիտին Աննմանից: Մինչև ձիավորները շարժվեցին, ձիավորվեցին, արդեն ավարառուները բավական հեռացել էին գյուղից:

Մինչև Թեմրանցի երիտասարդների Փրթոյի խմբի ետևից հասնիլը սրանք կռվի էին բռնվել վարդապետի ձիավորների հետ և երկու կողմից արձակած հրացանների ձայնը հասնում էր Թեմրան: Մինչև թեմրանցիների հասնիլը, Փրթոյի խումբը, արդեն քսանի չափ զոհ տալով, ետ էր փախչում: Թեմրանցիք չկարողացան Փրթոյի խմբի կատաղի երիվարների ճանապարհը կտրել, նրանք սրարշավ դիմեցին Մամո բեգի ապարանքը: Թեև հետևեցին թեմրանցիք սրանց և ճանապարհին քսանի չափ զոհ ևս ընկան, բայց Փրթոն հաջողությամբ ազատվեցավ, մտավ Մամոյի ապարանքը, ներս տանելով Անահիտին և երեք առևանգած աղջիկներին:

Կատաղել, առյուծ էր դարձել Արտաշեսը, չէին զսպվում առևանգված աղջիկների նշանածներն ու եղբայրները: Ձիավորների խումբը եկավ, պաշարեց Մամոյի ապարանքը և գոռում-գոչումով իր հարազատներին պահանջեց: Մամոն հրամայեց ներսից հրացաններով պատասխանել հարսնևորներին: Հրացաններով էլ հարսնևորները նրանց պատասխանեցին, բայց Մամոյի սպասավորների հրացանները տապալում էին հարսնևորներին, իսկ վերջիններիս հրացանները փշրում էին միայն ապարանքի լուսամուտների ապակիները:

Մի խումբ տղերք Արտաշեսի հետ բահերով, գերաններով աշխատում էին փշրել ապարանքի դուռը, բայց Քյալաշ քեհյան այնպես պինդ էր շինել տվել, որ հեշտ չէր ջարդել: Կես ժամ չանցած ողջ գյուղը հավաքվել էր ապարանքի շուրջը, մեծ աղմուկով, մեծ իրարանցումով դղրդացնում էին ապարանքը: Մամոն, երկյուղից ապարանքի խորքերը քաշված, հրամայում էր գնդակներ տեղացնելով, կոտորել գյավուրներին: Այդ միջոցին ժողովուրդը կատաղած գոռում էր. «Այրե՛լ սարայը», և սկսեցին, որքան որ հին դարման, խոտ կար գյուղում, հավաքել, բերել դիզել ապարանքի շուրջը: Ամենից առաջ Մամո բեգի խոտերին կրակ տվին, հետո մյուսներին, այնպես որ քիչ ժամանակից ամբողջ ապարանքը շրջապատեց ծուխն ու բոցը, և կրակը կպավ շինության ներքին մասին:

Ապարանքը լողում էր բոցերի մեջ: Կանանոցի մեջ ընկել էր վայնասունը: Ձիերը խրխնջում էին իրենց ախոռում, գետինը դոփելով: Արտաշեսը անընդհատ, մի քանի ընկերներով, աշխատում էր կոտորել դռները, բայց չէր հաջողում: Հանկարծ քսանի չափ երիտասարդ քրդեր ներսից դռները բացին և այնալուն ձեռքերում կրակելով դուրս եկան: Հենց առաջին հարվածով մի գնդակ հասցրեց Փրթոն Արտաշեսին, որն արդեն առաջուց սրի վերքերից արյունաքամ եղած և սաստիկ հոգնած լինելով, իսկույն ընկավ, գլորվեց թափկլտելով: Անմիջապես մի գնդակով Ավագն էլ գլորեց Փրթոյին, որը նույնպես տեղն ու տեղը թավալվեց: Դրանից ավելի կատաղեցին տղերքը և վրա հասնելով կտոր-կտոր արին քրդերին, ձեռքերից խլեցին զենքերը և մտան Մամո բեգի ապարանքը:

Կրակն արդեն ամեն կողմ տարածվել էր, կանանոցում թշվառ հարճերից շատերը խեղդվել էին: Փրթոն դուրս գալուց առաջ տեսնելով, որ սխալված է եղել, Աննմանի փոխարեն Անահիտին է փախցրել, կատաղությունից սպանել էր թե՜ թշվառ կույսին և թե՜ հորը՝ Մամոյին, ու պատահած հարճերին: Ապարանքի բոցերի մեջ մտնող ամբոխն սկսեց ավերել Մամոյի կայքը, ազատել թշվառ հարճերին գերությունից, քանդել արդեն բոցերի մեջ կոլոլված դղյակը:

Արդեն արշալույսը շողշողում էր արևելքում, խավարն ու աղջամուղջը հետզհետե տեղի էին տալիս լույսին, կործանվել էր Մամոյի ապարանքը, և դադարել էին սոսկալի բոցերը, մոխրակույտը թողնելով իրենց հետքից, երբ ներքին բանտից դողդողալով դուրս եկավ Անթառամը և որդու դիակի շուրջը խռնված ամբոխի մեջ մտնելով, փռվեց Արտաշեսի մարմնի վրա, հեկեկաց, համբուրեց ու մրմնջաց.

Դու քավեցիր հորդ մեղքը քու կյանքովը, որդի՜, դու ազատեցիր ինձ և քու սիրելի քրոջը անօրեն Մամոյի ճիրաններից: Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծը ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ, որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը:

1898 թ.

ՔՈՌ-ԵՂԻԿ

(Շիարկեցիների կյանքից)

1840-ական թ.

Տո՜, շան ցնդնած, կզարկեմ մեկ աչքդ էլ ես կքոռացնեմ, աստծու լսից կզրկեմ, — ասաց գյուղից դուրս գնացող հովվին մղդսի Կյուրեղը, աչքերը կատաղությունից չռած: Հովիվը, որ նրան անվերջ հեգնական շարժումներով էր պատասխանել, դարձյալ ուսերը թոթվեց և նախիրի ետևից մահակը բարձրացնելով, կանչեց. — Հո՜, հո՜, հո՜:

Մղդսի Կյուրեղը ավելի կոտրված՝ կրկին պոռաց չոբանի ետևից.

Մեկ էլ դու Գալո քեհյենց դռնից անցի՜ր, տես ոտքդ կկոտրե՞մ, թե չէ:

Զը՜րթ, — պատասխանեց ետ դառնալով չոբանը, որով բոլորովին կատաղեցրեց ալևոր մղդսուն, որ առանց ամաչելու կռացավ, մի քար առավ ու շպրտեց չոբանի ետևից ասելով, ա՜յ ոչուփուչ, կեցիր, հալբաթ հախ ուզելու կգաս, թե քոռ ղռոշ ստանաս՝ դու իմ մեռելս լացուր: — Հովիվն արդեն վտակն անցել, բավական հեռացել էր. քարը ո՜չ միայն չհասավ, այլ հայհոյանքներն անգամ բոլորովին անլսելի մնացին: Գլուխը շարժելով, մղդսին դարձավ դեպի տուն:

Տո՜, աշխարհը քարուքանդ եղավ, կարգն ու օրենքը վերցավ, թիզուկես լակոտին էլ չենք կրնար զսպել: Որտե՞ղ գտնեմ Ահմադ փաշան, որն անօրեն տեղովը հասկացավ սրա, ոչուփուչ հորն ու կախել տվեց... Կախաղանն ու ջալաթն (գլուխ կտրողդահիճ) էլ վերցավ աշխարհից: Ո՜չ մենծի պատիվ մնաց, ո՜չ պստիկի, ո՜չ համփա, ո՜չ չոբան, ո՜չ մղդսի, ո՜չ քեհյա, ո՜չ տերտեր, քուլլի հավասարվեցին պրծան: Գող Պապիկի տղան իմ որդուս դեմ մեյդան գա ու Գալու քեհյի աղջկա վրա ա՞չք տնկե: Քաղցած փորը զկռտում է, չլոտ արխալուղի մեջ դողում է, կյանքը անցուցել է ուրիշի դռանը ծառայելով, վարը կշտացուցել է սրա-նրա սեղանի փշրանքով, մերը խալխի բանն անելով չորացել է. մի բլբլկած տուն ունի, որ մեր հավի բնիցն էլ պստիկ է, եկել է ոտք է գցում մղդսի Կյուրեղի որդու հետ: Տո՜, մարդու շնորհք էլ ունենա, էլի գլուխը քարը, թիզուկես լայ ունի, կաշու վրայից ոսկորները մեկ-մեկ կարելի է համրել, ռանգը արաբից չի ջոկվիլ, քսան տարին անցուցել է, դեռ երեսին տղամարդու շնորհք չկա՝ քյոսա: Աչքի մեկը Զքեի տղերքը զարկին փչացուցին (վարդ բուսնի դրան կուրացնող ձեռքերի վրա), երեսի չեչերի մեջ բուռմ լաբլաբու գցես, ոչ մեկը վար չի թափվիլ, էդ օրին գեշ կատվի պես էլի մեջքին չի գալ ու գիշեր-ցերեկ կտրել է խեղճ Ասլի ճարն ու ճանապարհը: Հա՜ն, ես քո մորն ինչ ասեմ, շո՜ւն ցնգներ ու անցներ ավելի լավ չէ՞ր... Մղդսի Կյուրեղը պտպտալով փողոցից անցնելիս, նրա զայրույթը նկատեց հարևան Թորոս աղբարն ու հարցրեց. էլի ի՞նչ է եղել, մղդսի, ինչի ես նեղացել...

Էլ ի՞նչ պիտի եղնի, Նեռը ծնվել է, աշխարհիս վերջը հասել: Տո՜, գեղվորի մի մարդավարի չոբան չգտաք, գնացիք եկաք գող Պապիկի տղին բռնեցիք: Իրիկունը նախիրը բերելիս կովին յառից գցել է, ոտքը կոտրել...

Բան մի ասիլ, մղդսի ջան, ես կկապեմ, ի՞նչ անենք, մեր աղքատն է, մենք պիտի տիրություն անենք: Քուրդ որ բերենք՝ դրանից լավ չոբանություն անելու խո չէ՞: Փառք աստծո, դեռ մինչև օրս դրա ձեռքից մի մազիկ անգամ գողցել չեն: Տնաշենի գյուլլի ձեռքից թարաքյամեքը «յամանալլահ» են կանչում:

Ինքն էլ սատկի, իրեն գյուլլեն էլ... Զաթի էդ չի՞ մեր տունը քանդողը...

Եվ ուղիղ, մղդսի Կյուրեղը վախենում էր Եղիկի գնդակից, թե չէ վաղ գնացել Գալո քեհյի աղջկա նշանն օրհնել էր տվել Տեր-Ելեին: Գալո քեհյեն էլ հարուստ մղդսուն չէ չէր ասիլ, բայց դեռ աղջիկը փոքր էր՝ տասնևչորս տարեկան, չտապելու ի՞նչ ուներ: Եղիկը մի քանի անգամ մղդսու որդու՝ Բարսեղի ականջում ասել էր. «Գյուլլա պաղեցնել թե չես ուզում, հեռու ման արի Ասլիիցտև այդ խոսքը հասել էր մղդսու ականջին:

Next page