Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Խլի-Ղարաքիլիսի գյուղի առվակի ամենաստորին մասում գտնվում էր Քոռ-Եղիկի տունը, որ հոր թողած միակ ժառանգությունն էր: Տուն ասելով պետք է իսկական բառի նշանակությամբ չհասկանալ, այլ աչքի առաջ բերել միաչքանի բոստանի բալական, հողի մեջ փորված և կոշտ ու կոպիտ քարերով երեք կողմը երեք արշինի շափ բարձրացրած, կտուրն էլ բարդու և ուռիի ճոներով մի կերպ ծածկած: Դուռը, որ յուր հնությամբ հնագիտական արխիվը մտնելու արժանավորություն ուներ, վարից-վերից մեկ-մեկ թիզ բաց էր մնում ծածկելիս, որոնք լուսամուտի և օդանցքի տեղ էին ծառայում: Սյովա չուներ և պատի մնացորդ մասը հինգ-վեց ջարակով կապած էր, որոնց միջոցները ներսից-դրսից թրքով ծեփել էր Եղիկի մայրը՝ Սոնա բաջին, ձմեռվա ցրտի ազատ ներս մտնելը արգելելու մտքով: Նահապետական թոնդիրը տան մեջ էր թաղած, որի ծուխը հաց եփած ժամանակ դուրս էր գալու դռնից: Մի կողմ մի հին խսիր էր փռած, որը հասան խանի ավերածի ժամանակ սարդարի սարվազների ոտքի տակ քրքրվելու պատիվ էր ունեցել: Մի կարպետ երեսով բարձ կար, որն այնքան մաշված էր, որ ավարի նյութ դառնալու չէր արժանացել Աղա Մահմադ խանի հրոսակների ձեռքը: Թարեքի վրա մի սահան, մի լանգարի և մի թանջարա երևում էին ժանգի մեջ կորած: Գդակալում՝ մի շերեփ, այն էլ կոտրած: Ծալքում մութ տեղը կեղտոտ անկողնու նման մի բան էր երևում, որը կարելի էր փաթաթել և մի աքաղաղի վրա բառնալով, երեք օրվա ճանապարհ հեռու տեղափոխել:

Վերջապես դռան ետևը երևում էր հայկական տների կահ-կարասիների պարծանքը՝ բոլորակ խոնչան, որի երկու ոտքը կոտրած էր, և հյուրերի առաջ դրվելու համար Սոնան անձյունում երկու միաչափ քարեր ուներ, որոնք լրացնում էին կարասիների պակասորդը:

Այս տունը համարյա միշտ ցերեկը դատարկ էր լինում, և գիշերն էլ շատ ուշ ժամանակ Սոնան գալիս էր հանգստանալու, կազդուրվելու և առավոտները արշալույսին հեռանում ծառայելու ուրիշի դռները: Ծառայելու միայն մի փոր հացի և ուրիշի հին ու նորով, պատռած-ճեղքածով հագնվելու փորձով: Նրա էնթարիից մի թել քաշեիր՝ հազար կարկատան կթափվեր, նրա գլխի չիթը ախտի մեջ կորած էր, միշտ բոբիկ և արմունկներն ու սրունքները մերկ, կուրծքը կիսով չափ բաց և դառնալի արտասուքով աչքերը միշտ լցված:

Գարնան ամպամած մութ գիշեր էր: Երկինքը անընդհասո փայլատակում և գոռգոռում էր: Տանը, քուրջերի մեջ փաթաթված պառկած էր Սոնան: Պառավը տնքում էր՝ սրտի խորքերից հառաչանքներ բարձրացնելով: Մենք պառավ ենք անվանում Սոնային՝ համաձայն նկատողի աչքում նրա թողած տպավորության, այնինչ թշվառը քառասունհինգ տարին դեռ չէր լրացրել: Սոնայի օջախի մուխը տարիներով դադարել էր, իսկ ճրագը ամուսնու կախվելուց հետո հանգել էր և չէր վառվել: Լսի էլ կարիք չէր զգում, դատարկ տանը փնտրելու ի՞նչ ուներ: Թեև սովորական անկողնու վրա տարածել էր յուր կարկատած շորերը, բայց դարձյալ դողում էր: Կուչ էր եկել պառավը, գլուխն էլ ծածկել և շնչառությունը վերմակի տակ էր կատարում քիչ տաքանալու հույսով, բայց իզուր, ցուրտ ու խոնավ օդը ազատ մտնում էր նրա ծածկոցների անթիվ պատռվածքներից: Մի կատու անգամ չուներ Սոնան, որ անկողնի վրա պառկեր և թիկունքը մի քիչ տաքացներ: Մկների սնունդ չգտած տան մեջ կատուն ե՞րբ կապրի:

Թեև խռխռոցի հետ մի տեսակ հեկեկալու ձայն էր լսվում, բայց պառավը չէր լալիս, նա այնքան դառնություններ էր կրել որ լալու և արտասվելու ընդունակությունը կորցրել էր: Ո՜չ դուռ ուներ, ո՜չ դրկից, որոնց կանչեր, և որոնք լսեին, գային իրեն օգնելու: Կարիք էլ չկար, նրա համար սովորական էր, ամեն իրիկուն միևնույն տեսարանն էր կատարվում, միայն թե օդի ցրտության և խոնավության պատճառով երբեմն ավելի սաստկանում էր պառավի տնքոցն ու խռխռոցը: Այդ գիշերը սաստկագույն տեսակիցն էր. պառավն անկողին մտնելուց երկու-երեք ժամ թեև անցել էր, բայց խաղաղացող քունը դեռ վրան չէր եկել: Ցավի սաստկությունը նրան ակամա խոսեցնում էր, պառավը դելին էր տալիս, տրտնջում էր, անիծում էր վիճակը, անիծում էր յուր ծնունդը, անիծում էր յուր բախտը, յուր թշնամիներին, յուր մարդու դահիճներին, հարստահարիչներին, մինչև անգամ երկնային դատաստանը: Մի՞թե դեռ քիչ է, մի՞թե դեռ քաշելու եմ, աստվա՜ծ, դավթարս գտիր ու ինձի տա՜ր, տա՜ր, տա՜ր...

Կեսգիշերին մոտ դուռը բացվեցավ, Եղիկը ներս մտավ, պառավը ոչինչ չլսեց. նա մահակը և խլիկը վայր դնելուց հետո ասաց.

Ազի՜, ազի՜:

Ջա՜ն, Եղիկ, ա՛յ տղա, ո՞ւր թողիր նախիրն ու եկար...

Նախիրն էլ սատկի, նախրի տիրվտանքն էլ: Բողարն ու Բասարն (գամփռ շներ) այնտեղ են, իմ անունս էլ վրաներն է, մի՜ վախենալ, մարդ չի անցնիլ Եղիկի նախրի մոտովը:

Ա՜յ տղա, ինչի՞ ես եկել, ի՞ նչ ունիս մեջ գիշերին:

Ուզում եմ թողնել ու գնալ օսմանցու հողը, ինձ ի՞նչ օգուտ նախրից. ահա տասնևհինգ տարի է սրա-նրա դուռի նոքրություն արի, սրա-նրա մալի համար կռիվ տվի, կյանքը չխնայեցի, տարի չեղավ, որ հախիս կեսն էլ ձեռքս անցներ, վա՛յ էն անցածին էլ. ո՛րը ցորնով, ո՛րը շորով կտոր, փսոր... Հային ծառայեցի՝ չեղավ, թուրքին ծառայեցի՝ չեղավ, քաղաքում ծառայեցի՝ չեղավ, վերջապես, ինչպես տեսնում եմ ծառայելով մարդ դառնալու չեմ:

Տղա՜, խելռա՞ր, ի՞նչ է, էդ ամենը էսօ՞ր միտքդ ընկավ:

Չէ՜, էլ՜ կեցողը չեմ, թե գեղը մնամ, իմ գլխիս մի փորձանք կբերեմ: Էսօր մղդսի Կյուրեղը ետևիցս գոռում էր. կեցի՜ր, հալբաթ հախ ուզելու կգաս, թե գրոշ հախ ստացար, պարծեցիր: Էս անձրևին, քամուն ես հոգիս բերանս առած նրանց նախիրը ամենալավ տեղերը տանեմ արածեցնեմ, օգուտս ի՞նչ...

Օսմանցուի մարդիկն էլ հողից չե՞ն, այնտեղ նոքար, այստեղ նոքար, քեզ փաշայություն խո չե՞ն տալ:

Ես նոքար էլ չեմ դառնար...

Էդ էն օսմանլին չէ՞, որ հորդ կախեց:

Թե ձեռքներն ընկնեմ՝ թո՜ղ կախեն, կախվելը չոբանությունից գեշ խո չէ՞, մի անգամ մեռնել պրծնել...

Լա՛վ, լա՛վ, էլի իծանդ եկել են: Այդտեղ թարաքը գաթա եմ դրել, ինձ փայ տվին Մղդսենք, չկերա, վեր առ կեր ու գնա գործիդ:

Էդ ի՞նչ գաթա է:

Ես գիտե՞մ, խնամախոս պիտ էրթան, ի՛նչ է:

Խնամախո՞ս... Էդ ի՞նչ խնամախոս է...

Ես գիտե՞մ, — ասաց Սոնան և հազիվ տաքացրած տեղից գլուխը բարձրացրեց նստավ: — Տղա՜, դուռը վրա դիր օ՛ֆ, ինչ ցուրտ է, դողոցս բռնեց:

Հալբաթ ի՞նչ խնամախոս է:

Գիտե՞մ, ինձ կասե՞ն... Գիտես թե՝ էգուց միտք ունեն Գալո քեհյի տուն երթալ...

Գալո քեհյի՛...

Հա՜, օղուլ, Գալո քեհյի, — կրկնեց պառավը խորհրդավոր ձև տալով խոսակցությանը և սրտի խորքից հառաչեց: Բավական լռություն տիրեց, և երկուսն էլ խոր մտածության մեջ ընկան: Վերջապես հարցրեց Եղիկը.

Ղոնաղ խո չունե՞ր գիշերս մղդսին:

Չէ՜:

Ախպրտանքը, տղերքը, ամենը տո՞ւնն էին:

Քուլլի: — Մի քիչ լռությունից հետո ասաց կրկին Եղիկը:

Ազի՜, ես գիշերս կերթամ, էգուց թե քեզ բան հարցնելու կլինին, ասա՝ խաբար չեմ:

Տղա, ո՞ւր... ինձ ո՞ւր ես թողնում...

Մի ամիս էլ կեցիր, քեզ այնպես տեղ տանիմ, որ էլ սրա-նրա դուռը չծառայես, ուրիշները քեզ ծառայեն...

Որդի՜, ես բան չեմ ուզեր, դու լավ եղիր, դու ազատվիր էդ անօրենների ձեռքից, ինձ բան հարկավոր չէ... մղդսի Կյուրեղի տունը ավիրվի, ինչպես նա ավերել տվեց քո հոր տունը, Ահմեդ փաշային կաշառելով, սուտումուտ, զուրումուր քսելով քո հոր վրա: Տուն էլ ունեի, ծառա էլ ունեի, տունս բարի էլ, կարողություն էլ կար: — Է՛՜յ, որդի՛, մոռացիր էդ դատարկ բաները, գլուխդ քաշ գցի, հախըդ կստանաս, քեհյեն խոստացել է, որ քեզ վարուցանքի հող տա, բալքի հորդ տներն էլ ազատես պարտատիրոջ ձեռքից...

Թո՜ղ էդ քարոզներդ, ես քեզ ինչ որ ասացի՝ լավ միտքդ պահիր:

Տղա՜, ես կխելռիմ, ես կմեռնիմ առանց քեզ...

Ես էլ կխելռիմ, եթե էլի գլուխս կախած մղդսի Կյուրեղի մալերը արածելու տանիմ տարին տասներկու ամիս, առանց հախի սարերում, ձորերում մի չոր հացով փորս կշտացնեմ և թողնեմ, որ մղդսու դնդրշած տղեն երթա նշանածս ձեռքիցս խլե՞...

Երազներ մի՜ տեսնի, Գալո քեհյեն քեզ աղջիկ չի տալ, զուր տեղը դուշմաններդ մի՜ շատացնիլ: Տուն չունիս, տեղ չունիս, երկնքի տակ չոր գլխիցդ ջոկ բան չունիս, կուզես Գալո քեհյի աղջիկը հա՞րս բերես:

Հա՜, եթե իմ տասնևութ տարվան հախը չուտեին, ինձ հասանելիքը եթե այսօր բերեին, համրեին, ես էլ կդառնայի մեկ համփա, մղդսի, ես էլ կունենայի նախիր, իլխի, լավ մատակներ... Հորս փաշայի ձեռքից ազատելու համար Ավագ ամին հիսուն մանեթ է տվել (հազար ղուրուշ), տներիս տիրացել է... Քանի՛-քանի՛ հիսուն ռուբլի պիտի խարջես, որ այնպես տներ շինես:

Է՛հ, ի՞նչ անենք, մեր բախտն է, որդի՜...

Էդ քու խելքի բանը չէ, աշխարհքում թե գլուխդ կախես, մինչի մահ վզիդ նստողներն անպակաս կլինին, — ասաց ու դուրս եկավ Եղիկը:

Դռան առաջ մի քիչ կանգ առավ, ուշքը հավաքած անշարժ և անշշուկ ականջ դրեց: Միայն մեղմ անձրևի ձայնն էլ լսվում, ամեն մարդ, ամեն կենդանի խոր քնի և հանգստության մեջն էր: Տների պահապան շներն անգամ մտել էին իրենց բները, կուչ արել մնացել: Այդ անշարժության մեջ Եղիկի մտքից չէր հեռանում յուր անցյալի զարհուրելի, տխուր պատկերը, և ներկա սոսկալի կացության մեջ բարեհաջող ապագայի մասին հույսը կորցրել էր:

Երեսուն մանեթի ամբողջ տարին ծառայիր, կռվիր եսիրի պես գիշեր-ցերեկ, արևի այրող ճառագայթների տակ, քամու զարհուրելի մռնչյունի դեմ, անձրևի, կարկտի, ձյունի, բքի հետ, ամեն րոպե պատրաստ կեցիր գայլի, արջի, փելենդի հետ կռվելու, հոգիդ բերանդ ա՜ռ, գլխիդ հետ խաղա՜, ինչ է տարեկան երեսուն մանեթ ձեռք գցելու հույսով, և այդ աշխատությանդ վարձը, որ ողջ գյուղից հավաքում են արյունդ ծծող համփաները, առանց իրենց քիսային դիպչելու, իրենք կուլ տան ու դուն էլ տկլոր, էլի պատառոտած, էլի դատարկ արորե փորդ ու ա՛խ քաշե: Ծնածս գյուղումն էլ ինձ զրկեն. քովի գյուղումն էլ, հայն էլ, թուրքն էլ, ազգականս էլ, դուշմանս էլ... Հայրենական տներդ ուրիշը նստի, պապենական արտերդ ուրիշը վարի, մարգերդ դուշմանդ քաղե, ինչ է, ինչ է... հորդ կախել են, դու որբ ու խեղճ ես մնացել և մինչև մահդ էլ դու գնա՜ աշխատիր, որ մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Գալո քեհյի, Կուրղին աղբոր տղերքը հանգիստ ուտեն... Օխտը տարվա սիրականդ էլ, Ասլիիդ էլ դնդրոշ Մուքեն ձեռքիցդ խլե... Չէ՜, չէ՜, դրկիցներ, չէ. Եղիկը էլ չէ կարող, թող ինձ էլ կախեն, գլուխս կտրեն, գյուլլի բռնեն...

Եղիկը կամաց-կամաց առաջ գնաց, կարծես կատվի նման ճանկերը մոտ էր քաղել, գնում էր առանց քայլերի ձայնը բարձրացնելու: Մի քանի օձապտույտ թաղեր անցնելուց հետո հասավ Գալո քեհյի դռան առաջ, քարե սանդուխներից բարձրացավ և երդիքի տախտակը վերցնելով կամաց քիլարն իջավ: Այնքան վարժ էր կատարում բոլոր շարժումները, որ կարելի էր կարծել, թե տան տերն ինքը լիներ և ոչ ոքից երկյուղ չունենար: Երկու քայլ առաջ նրա քայլերը դիպան խեղճ Ասլիին, որը սպասել, սպասել ու քնել էր: Ո՛վ է իմանում, թշվառ աղջիկը ի՛նչ էր երազում: Եղիկը մի քանի անգամ քաշեց նրա թևերից, բարձրացրեց, բայց նա անզգա կրկին գլորվեց գետին:

Ասլի՜, Ասլի՜, — խեղդված ձայնով կանչում էր բորբոքված երիտասարդը, բայց անմեղ կույսը չէր սթափվում: Ժամանակը սահում էր: Եղիկը դեռ շատ գործ ուներ կատարելու: Նա պարտավորված էր բուռն միջոցներ գործ դնելու: Կռացավ չոբանը, երկու ձեռքերով գրկեց սիրեկանին, երկու կողերից ու այնպես բարձրացրեց, որ կարծես նորածին գառ գրկած լիներ հոտի հետ տուն հասցնելու համար: Սարսափելի էր Եղիկի կացությունը, դողում էր ամբողջ մարմնով, կարծես ծնկները անճարացել, անկարող էին դիմանալու և թևերում ուժ չէր մնացել կանգնած բռնելու յուր սրտի հատորին: Սրտատրոփ նա թոթովում էր. Ասլի՜, Ասլի՜, և ցնցում հոգյակին: Հանկարծ աչքերը բացեց Գալո քեհյի աղջիկը, զարթնեց և թևերը Եղիկի վզով տարածելուց և գանգուր մազերը շոյելուց հետո. — Եղի՜կ, դո՞ւ ես, — հարցրեց և դեռ պատասխանը չլսած կրկին ուժը սպառվեց, գլուխը կախեց նրա կրծքին, ուշքը անցավ, մարեցավ... Եղիկը ձախ թևով գրկած Ասլիին, մոտեցավ բղուղներին և աջ ձեռքով զոխի ու ժախի աղի, բայց սառը ջրով այնքան տրորեց թշվառ աղջկա կուրծքն ու ճակատը, մինչև նրան բոլորովին սթափեցրեց:

Բավական երկար վշտակցելուց, երկար տատանվելուց և զանազան առաջաբաններ անելուց հետո ասաց Եղիկը.

Ասլի, ես այս գիշեր անցնելու եմ օսմանցու սահմանը:

Ինչի՞:

Պատճառները շատ են, — ասաց հառաչելով Եղիկը: — Չոբանություն անելով այս դարին մարդ դառնալ անկարելի է, ուրիշ գործի պետք է ձեռք զարկել:

Էդ քո գործն է, ամա...

— «Ամա» չի ուզիլ, ութ օր, ութ օր ինչ կուզես արա և մի՜ թողնիր, որ մարդ քու փեշին դիպչի ես ութ օրից այստեղ կլինեմ և քեզ թե հայրդ չտա, կփախցնեմ...

Ութ օր... թե ուշացա՞ր...

Թե սաղ եմ, էսօր ի՞նչ է, լուս կիրակի, մեկել կիրակի գիշեր էլի այստեղ ինձ սպասե:

Աստված քեզ հետ:

Երկու սիրահարները գրկվեցին, և Եղիկը մի կերպ Ասլիի գրկից պոկ եկավ, ճանկռտելով պատից վեր ելավ և եկած ճանապարհով ետ դարձավ դեպի մղդսի Կյուրեղի տունը, որ իրենց քոխից շատ հեռու չէր:

Ո՜չ, քեզ առանց ոսկու, առանց խաս ու ատլաս կտորների չեմ թողնիլ: Դու, որ ինձի՝ որբ և անտերիս, սիրտ տալով գյուղի ամեն տղերքից բարձրացրիր, ես էլ քեզ զուգսով ու զարդարանքով Շյորագյալի քուլլի աղջիկներից բարձրացնելու եմ, — ասում էր Եղիկը մտքումը մղդսի Կյուրեղի տանը մոտենալիս: Գալո քեհյի տունը մտնելիս էլի զգուշանում էր, վախենում էր բամբասանքից և պատրաստ էր զոհվելու Ասլիի պատիվը չարատավորելու համար, իսկ մղդսի Կյուրեղի տունը մտնելու համար նախազգուշությունների չդիմեց, նա այդ տանն էր մեծացել, ամեն մի մանրամասնություն գիտեր և եթե դեմը մեկը դուրս գար, կարող էր մի առիթ գտնել և առանց կասկածանքի պատճառ տալու հեռանալ:

Եղիկը ձախ ձեռքը գցեց դռան ճակատի լուսամուտին, ողջ մարմնով կախվեցավ, աջ թևը լուսամատից ներս կոխեց և փայտե հաստ մանտալը ետ հրեց ու վար իջավ: Խլիկը և միակ զենքը՝ մահակը, բակը թողեց և հյուրանոցի սենյակի դռնից ներս մտնելով, շտկվեցավ գոմի կողմը: Գոմից այնքան հանդարտ անցավ, որ ոչ մի անասուն տեղից չշարժվեց: Այդտեղից մտավ ախոռը, մոտեցավ մղդսի Կյուրեղի որդու դնդրոշ Մուքեի միակ պարծանք ֆարաշին (նժույգ-ձի՝ արաբական ընտիր տեսակից): Քյահլանը ճանաչում էր Եղիկին, ոչ մի անսովոր նշան չարեց, բայց Մուքեն ֆարաշի ոտքը բխովել էր և նրա չվանի կապը ղոչաղ տղի նման պատը ծակել, անցկացրել էր յուր ննջարանը և գիշերները քնելիս մեջքովն էր կապում, որպեսզի ձիուն փորձանք պատահելիս իսկույն լսի, դուշմանների հախից գա ու ծաղրի չմատնվի ընկերների մեջ: Մուքեի ննջարանի դուռը տան խոհանոցի կողմից էր, որտեղից անցնելը կարող էր տան մեծ ու պստկին ոտքի հանել: Կամ պետք էր մի կերպ բխովը կոտրել՝ ձին դուրս հանելու համար, կամ պատի ծակը մի քիչ լայնացնել, մտնել Մուքեի բարձի տակից բանալին դուրս բերել: Եղիկը պառկեցավ ու փորձեց յուր փոքր մարմնով մի կերպ ներս սողալ այդ ծակից, բայց հնար չեղավ, գլուխը չէր մտնում, ճանկերին ու մատներին դիմեց, մի քար հանեց ծակի մի կողմից և ներս սողաց:

Մուքեն խորդալով հանգիստ քնած էր սենյակի մեջտեղը, հատակի վրա: Եղիկը չորս կողմը պտույտ արավ՝ թաթերի ծայրին ման գալով, բանալին բարձի տակը չէր, սխալվել էր յուր ենթադրության մեջ: Եղիկը զգուշությամբ ձեռքերը շուռ տվեց անկողնի չորս բոլորը, այնտեղ էլ չկար: Մուքեի արխալուղի, շալվարի գրպաններում փնտրեց՝ չկար, չգտավ: Մտածմունքի հետ քրտինքը պատեց Եղիկին, և նա հոգնածություն զգալով, հարբածի նման նստեց բղուղների տակի կոնդին: Մի քիչ զովանալու հույսով ձեռքերը ետևը տարավ բղուղները շփելու, և հանկարծ մի թել դիպավ ձեռքին, որ քաշելուն պես բխովի բանալին մի դատարկ կարասի դիպավ և բավական բարձր ձայն բարձրացրեց: Այդ ձայնը սոսկացրեց և սթափեցրեց Եղիկին, որը գանձ գողացողի նման պատրաստվեց գանձի տիրոջ հետ ցմահ կռվելու: Բայց անտեղի էր նրա երկյուղը: Մուքեն խաղաղ խորդում էր: Քիչ սպասելուց հետո, երբ ապահովեցավ Եղիկը, զգուշությամբ բացեց Մուքեի սնդուկը, նրա նոր շորերը հագավ, զանգյալները կապեց, չստերը ոտքը քաշեց և յուր հները նրա մեջ տեղավորելուց հետո՝ դուռը ծածկեց: Պատից վար առավ շեշխանա թվանքը, ղարաբինեն, լագզու փշտովը, խանջալը և ֆիշանգլղները ու ետ սողաց ախոռը:

Ֆարաշի բխովը բանալուց հետո զգուշությամբ մադյանի ոտքերին կապեց, որպեսզի եթե Մուքեն զարթնի և քաշե շղթան, բխովի ձայնը լսե: Հետո թամքեց քյահլանը և խանջալովը չլի քեչաներից մի քանի կտոր կտրեց կապեց նրա ոտքերին, որպեսզի աղմուկ չբարձրացնե: Նժույգը սանձելուց հետո նախ գնաց և գոմի միջի ճանապարհը կրկին քննեց, ետ եկավ «Հայր, Որդի և Հոգի Սուրբ» ասաց ու քաշեց:

Անձրևը դարձյալ բարակ մաղում էր. երկինքը մութ, գետինը թաց, տեղ-տեղ լճացած: Եղիկը ձին քշեց նախիրի կողմը: Բողարն ու Բասարը սարսափելի հաչոցով վրա տվին և երբ իրենց հովվի ձայնն առան` ձայները իջեցրին, բայց դարձյալ չրմխտում Էին, կարծես ուզում էին ասել «մեզ ինչի՞ թողնում-հեռանում ես»:

Եղիկը մտավ անձրևի տակ թրջված մալի մեջ և մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Կուրդին աղբոր ապրանքից տասը գլուխ լավ կով ջոկեց և առաջը խառնելով, դիմեց դեպի Արփաչայ, սահմանը անցավ թուրքի Ղարաքիլիսի մոտով, դիմեց դեպի Մոլլա-Մուսա: Սահմանապահ կազակներն ու օսմանլուի սուվարիները անձրևից ու ցրտից կուչ եկած քնել մնացել էին, ո՜չ մի կողմից չնկատեցին նրան: Մոլլա-Մուսայի ձորով անցավ սարը, կարճ ճանապարհով դիմեց դեպի Աղբաբա: Արշալույսին նա արդեն անցել էր Շիրակի սահմանը:

Արևը բարձրանալուն պես Աղբարա լեռան փեշերի վրա երևցան անհամար հովվական չադրներ ու քրդերը և նրանք մոտերքը՝ անթիվ խաշների հոտեր, որոնք կամաց-կամաց բարձրանում էին արոտները: Հազարավոր տեղերից ծուխ էր բարձրանում, բարձունքում մնացած հատուկտոր ամպերի հետ միապաղաղվում և ծածկում Ոսկե-Գլուխ (Ղզլ-Թեփե) դիցուհու հանգստավայրը մահկանացուների աչքերից: Արեգակի անդրանիկ ճառագայթների մի մասը այդ ամպերի վրա կոտրվելով ետ էին դառնում ցոլալով, մյուս մասը կողքերից սահելով ընկնում էր լեռան գագաթին ու լանջքերին, որի վրայի մանուշակագույն, դալար խոտերը իրենց վճիտ ցողիկներով պսպղում էին թավիշի նման: Եղիկը հանդարտ քայլերով քշում էր նժույգը և նախիրից ջոկած տասը կովերը: Ինչպես նժույգը, նույնպես և ինքը պարտավորվել էին կովերի քայլով գնալու և այդ դանդաղկոտ ընթացքը զանազան տխուր մտքեր էր առաջացնում կլապիտոնով զարդարված հովվին:

Որքան հիմարություն արի, — ասում էր Եղիկը մտքումը, — շորերս ինչի՞ թողի դնդրոշի սնդուկում, այս հալավը կարող է կասկածներ ծնեցնել թարաքյամաների մեջ, քանի որ լեն ու երկար է ինձ համար:

Քանի առաջ էր գնում, այնքան սաստկանում էին կասկածներն ու երկյուղը, որոնք ստիպում էին նրան լեռնային ճանապարհներով, բնակություններից հեռու շարունակել յուր ընթացքը: Որքան աշխատում էր խույս տալ այդ մտքերից, ուրիշ բանի մասին մտածել, հնար չէր լինում:

Հիմար մեծսրտություն, — ասում էր ինքն իրեն, — Մուքեին և մղդսի Կյուրեղին տրաքացնելու համար շորերս թողի նրա սնդուկում, այն շորերը, որոնք ամեն ժամանակ ինձ հարկավոր են:

Երբեմն մտածում էր թողնել կովերին սարի գլուխը, քշեք ձին, դիմել դեպի Արդահան, Օլթի, բայց ափսոսում էր, նամանավանդ, որ փողի կարիք էր զգում, Ասլիի համար զարդարանք էր գնելու, տուն էր վարձելու և տեղ էր պատրաստելու յուր ապագա ամուսնու համար: Մտատանջության մեջ խորասուզված, առաջ էր գնում մեքենաբար և չէր էլ զգում ենչ էր կատարվում շուրջը: Այդ միջոցին հեռվից երևցավ ցնցոտիների մեջ փաթաթված մի չարչի, որը վազելով դիմում էր Եղիկին՝ թևի տակ մի փոքրիկ կապոցով: Նրան հալածող երկու թարաքյամա լակոտները, նկատելով զինվորված ձիավորին փափախը գլխին, թողին և ետ փախան: Չարչին մոտենալով, ընկավ Եղիկի ոտքերն ու ասաց.

Աղա, դու գիտես, քո ոտքն եմ ընկել, ազատե՜ ինձ, քեզ մատաղ ունեցած-չունեցածս:

Ա՛յ տղա՜, — ասաց Եղիկը զայրացած, — դու որտեղի՞ց ես:

Աղա, ես Ղարսա եմ...

Զայնդ կտրե, ստախո՜ս, լեզուդ ցույց է տալիս, որ դու ղարսեցի չես:

Աղա՜, մենք Բիթլիզու ենք (Բաղեշ), եկել ենք Ղարս կու մնանք:

Հա՜, լա՜վ, ադ եղավ: Հաց ունի՞ս ուտելու:

Խրամանքա, աղա՜, — ասաց ու գոտին բացեց չարչին: Եղիկը վար իջավ և չարչու հետ նստավ հացի: Տխուր մտքերը ճաշելիս էլ չհեռացան Եղիկից, և նա կցկտուր հարցեր էր տալիս չարչուն, որ նույնպես մտածությունների մեջ ընկավ տարօրինակ մարդու հանդիպումից:

Ինչի՞ էիր փախչում, չէի՞ր կարող այդ լակոտների հախից գալ:

Ի՞նչ արած, աղա, թուրք են, հյուքմաթը (պետությունը) իրենցն է:

Ահագին մարդ ես, ի՞նչ պիտի անեն նրանք քեզ:

Բոխչես կթալնեին:

Դեմ դնեիր կամ թե թող տանեին: Ի՛նչ մեծ կորուստ կունենայիր:

Աղա՜, եղածս-չեղածս էս է, էս էլ որ տանեին՝ մանր ու խոշորս քաղցած կմնային:

Քանի՞ տղա ունիս:

Խինգ, քեզ ծառա...

Արի քեզ հետ ընկերություն անենք, բայց մի պայմանով, որ վախկոտությունդ թողնես:

Դու որ ինձ խետ ըլնիս, աղա՜, էլ չեմ վախենա:

Էդ շորերդ հանի՜, իմ շորերս հագի՜ր, ձիս էլ նստի՜ր, ես քու շորերդ հագնեմ դառնամ քեզ նոքար:

Ինչի՞:

Տանենք մալերը ծախենք, քեզ էլ բաժին կտամ:

Լա՜վ, լա՜վ, խրամանը քոնն է:

Եղիկը չարչու պատռած շորերը հագավ, թվանքը, ղարաբինեքն ու ֆիշանգլըղը ինքը վեր առավ, մնացյալով չարչուն զարդարեց, ձին հեծցրուց, ինքն էլ մահակը ձեռքին՝ հո՜, հո՜ անելով դիմեցին դեպի թուրքի գյուղերը:

Գողը, ավազակը կարծում է, որ աշխարհի բոլոր մարդիկ գողեր են: Չլդրի թարաքյամաները, որոնց միակ պարծանքն է ճարպիկ գողությունը, ամեն անցքի, արկածի մեջ գողության հետքեր են որոնում և գողածունն անհետացնելը իրենց սրբազան պարտականությունն են համարում, հայտնի բան է, հուսալով, որ իրենք էլ իրենց բաժինը, աշխատության վարձը կունենան: Երեկոյան դեմ Կամարվան գյուղի հայտնի մի թուրք հանդից տուն էր դիմում ծանր քայլերով: Նա ափսոսում էր առանց մի ճարպիկ գողության կորցրած օրը: Թեև հիսուն տարիքն անցկացրած մարդ էր, բայց ուժն ու ճարպկությունը դեռ չէր կորցրել: Նա պատրաստ էր ձիավորվելու գիշերները հարձակումներ անելու համար, բայց արդեն այնքան կարողության տեր էր, գավառում այնպես դիրք էր բռնում, որ հայտնի աղաների շարքն էր անցել և ամեն մարդ նրան ճանաչում էր, ծպտիլ չէր կարող: Հեմեդ աղա էին անվանում և որովհետև կույր էր, Քոռ-Հեմեդ էին կանչում նրա ետևից: Այս տիտղոսից ազատվելու և ավելի մեծ հավատարմության արժանանալու դիտմամբ, նա մոտ հարյուր հիսուն ոսկի էր ծախսել, Մեքքե էր գնացել և հաջի էր դարձել, բայց շատերը դարձյալ երեսին Հաջի աղա և ետևից Քոռ-Հեմեդ էին կանչում: Ինչպես որ սարդը, այնպես էլ Քոռ-Հեմեդը ման գալիս միշտ ձախ աչքը պտտեցնում էր հորիզոնի շուրջը մի որս ձեռք ձգելու հույսով: Նա շատ վաղ տեսել էր չարչի ձիավորին յուր արաբական ընտիր նժույգով և Եղիկին՝ եզները արածացնելիս, որոնք իրեն կասկածանքների մեջ էին գցել:

Մի քանի ժամ շարունակ նա անտեսանելի պտույտներ էր արել և վերջապես, երբ նրանք յուր գյուղը ուղղվելու դիրք էին բռնել, ինքը ճանապարհները կտրել էր և այնպես ընթացք էր բռնել, որ իբր թե անմեղ գնում է յուր տունը: Մինչև անգամ նա ետևը չնայեց, մինչև որ չարչին և Եղիկը չբարևեցին նրան:

Բարով եկաք, հազար բարով, — ասաց Քոռ-Հեմեդը նահապետական հյուրասեր մեծատան ձևերով, կարծես առանց հյուրի գիշերելը իրեն մեծ տխրություն էր համարում: — Ո՞ւր առաջ բարի, գիշերս չե՞ք հաճիլ հյուր մնալ մեր տանը և մեզ ուրախացնել:

Ճշմարիտը, — ասաց չարչին, — Ուրթա ենք գնալու, բայց արդեն ուշ է, ձեզանից խնդրում եմ, որ գիշերս մեր ապրանքներին տեղ տաք, առավոտը կշարունակենք մեր ճանապարհը:

Ուրախությամբ, ուրախությամբ, — ասաց Քոռ-Հեմեդը և աչքի ծայրով ագահաբար զննեց ֆարաշին: — Ո՞ր կողմից է ձեր բարի գալուստը, — ավելացրեց, հետաքրքրությունը չկարողանալով զսպել:

Մենք ուռուսի սահմանից ենք գալիս, իմացանք, որ Ուրթա մեկ-երկու չստար մատղաշ մալը մեծ մալի հետ փոխում են, եկանք առուտուր անելու: Մենք որ տանենք քաղաք ծախելու, մեր ապրանքին գին չեն տալ, բայց չստարը ամեն ապրանք յուր գնովն է առնում-ծախում:

Այդ միշտ այդպես է՝ «Խմորը հացթուխին տուր, մի հաց էլ վրեն տուր»:

Զանազան խոսակցություններով եկան հասան Քոռ-Հեմեդի տունը և մալը, նժույգը ներս քաշեցին: Ճանապարհին ֆարաշը Քոռ-Հեմեդի մուխը մարեց, նա շատ նշանավոր քյահլաններ էր տեսել, բայց սրանցից ոչ մեկը սրա մի սմբակի հետ չէր փոխիլ: Երբ ձին շեմից ներս էին քաշում, Հեմեդը ասաց չարչիին.

Մաշալլա (տերը պահե), աննման ձի ունիս, դեռ մեր ախոռը այդպիսի ձի մտած չէ: Ես պիտի պարծենամ սրանից հետո, որ մի գիշեր մի աղա հյուր ունեցա իմ տանը, այսպիսի ընտիր նժույգով:

Քեզ փեշքեշ, Հաջի աղա, — ասաց վեհանձնությամբ չարչին, տուն մտնելով Հեմեդի հետ:

Տիրոջը փեշքեշ ինձանից էլ, բարով վայելես:

Երեկոյան երկար խոսակցությունից և ընթրիքից հետո փորձի համար ասաց Քոռ-Հեմեդը.

Միրզա աղա (այսպես էր կոչվում չարչին), արի մեզ ծախիր կովերը, ինչի՞ ես գնում Ուրթա, կուզես փող կտանք, կուզես ջահիլ մալ կտանք:

Հաջի աղա, դու մեզ այնպես սիրով ըդունեցիր ու պարտավորեցրիր, որ բոլորը քեզ փեշքեշ որ անենք, կորուստ չենք ունենալ, բայց ինչպես ասի, մեզ ջահիլ մալ է պետք, թե ունիք, փոխենք:

Ինչի՞ չէ, առավոտ բարի լուսուն ես խաբար կանեմ տղերքին, որ մեր մալը բերեն գյուղ. ջոկենք, նրանց էլ գին դնենք, սրանց էլ, և ապա առուտուրներս գլուխ բերենք: Եթե չհամաձայնիք, Էլի գնացեք Ուրթա:

Լա՜վ, լա՜վ, — ասաց կիսաբերան չարչի Միրզան և խոսքը կտրեց այնպես, որ լռություն տիրեց: Եղիկը չէր սխալվել չարչիին ընկեր վեր առնելով, ինքը ո՜չ առևտուր արած ուներ, և ո՜չ էլ մարդու շարք նստած-ելած: Միրզան բիթլիսի սնանկացած բազիրգյաններից էր, նա գիտեր ամեն մարդու դամարը գտնել և նրա համաձայն շարժվել: Ապրանքը թանկ ծախելու համար այնպիսի դիրք բռնեց և այնքա՜ն ճարպիկ շարժվեց, որ Քոռ-Հեմեդը շվարեցավ. և նա, որ մինչև այդ ժամանակ գողածուն ապրանք էր համարում կովերը, սկսեց տարակուսել: Այնինչ Հեմեդը բոլորովին միտք չուներ դրանք գնել, նա փորձեր էր անում ձիու մասին հարց առաջարկելու և եթե ձին էլ գողացված ապրանք չլիներ, դժվար կլիներ գնել: Հյուրասիրական օրենքների դեմ չէր կարող մեղանչել, նամանավանդ որ կարող էր բոլորովին պատվից ընկնել: Երկար լուռումունջ ծխելուց և գյուղական հյուրերը ճանապար դնելուց հետո Հեմեդը կրկին խզեց լռությունը և ասաց,

Միրզա աղա, չի՞ կարելի, որ մեր արաբական մադյանի վրա քաշենք առավոտ ձեր ֆարաշը, ձեզ մի լավ խալի ձիու ղուլ փեշքեշ կտամ:

Հաջի աղա, ֆարաշը քեզ փեշքեշ, բայց եթե էգուց ճանապարհ չգնայի, իմ կողմից արգելք չէր լինիլ:

Ողջ կարողությունս կզոհեի այդպիսի մի ընտիր ձի ունենալու համար, կառաջարկեի ծախել, բայց դա, որ կա, մուրազ է, դուք բարով վայելեք:

Ես առևտրական մարդ եմ, կծախեի այդ ձին քեզ, բայց տանը մի փոքր նշանած եղբայր ունիմ, որ ջիրիդ խաղացող է, հետո նրա ձեռքից չեմ ազատվիլ:

Նա ձեր առաջ բան չի կարող խոսել, — մեջ մտավ Եղիկը, — եթե դուք կամենաք...

Բայց այնպես պիտի գործ բռնե մեծ եղբայրը, որ յուր փոքրերի սիրտը չցավեցնե: Այս ձիու մայրն էլ, հայրն էլ մեր ախոռումն են, ամեն տարի մի-մի թայ տալիս են. տանը մի հատ կա սրանից մի տարի փոքր, բայց սա նրա անունովն է:

Որ այդպես է, աղա, ծախիր ինձ այդ քյահլանը, քո շնորհիվ մեր տանն էլ մի այդպիսի զարդ ունենանք:

Ախր ծախեմ, բայց էգուց ես ինչպե՞ս ետ երթամ...

Քեզ փեշքյաշ, մեր ախոռում տասներկու ձի կա, ընտրի՜ր, որը կամենաս:

Եղիկը կատաղում էր սրանց երկար ու ձիգ խոսակցություններից և յուր միսն էր ուտում, նկատելով, որ Հեմեդը ամեն ջանք գործ էր դնում մի կերպ իրենց ձին խլելու:

Առավոտյան վաղ վեր կացան և երկար բանակցություններից հետո նժույգի և տասը կովի տեղ` վեց մոզիկ, չորս աչառ, երկու ձի և մեկ էլ մի մեջիդիե ոսկի ստացան, լավ նախաճաշ արին, մի կարպետ և երկու խալի ձիու չուլ փեշքյաշ թարքները կապեցին ու դիմեցին դեպի Ղարս:

Շան որդին լավ կապերս քաշեց, — ասաց Եղիկը ճանապարհ ընկնելով:

Հյուքյումաթը իրենցն է, — պատասխանեց Միրզան:

Քոռ-Հեմեդի տանից բերած ապրանքը Միրզան աներկյուղ բազարում ծախելուց հետո քսան մեջիդիե ոսկու չափ փող հանձնեց Եղիկին, որը առատությամբ տասը ոսկի բաժին տվեց չարչի Միրզային: Եղիկը Ասլիի ճակատի համար քառասուն ղազի գնեց, թանկագին շորեր առավ և Միրզայի ընտանիքով վեր առնելով Ղարսից, դիմեցին դեպի Ծբնի, տանելով իրենց հետ զանազան բազազի ու էթարի ապրանքներ: Գյուղում մի հարմարավոր տուն վարձելուց հետո չարչին սկսեց յուր առուտուրը: Եղիկին տիրել էին մտածմունքները, երկու օր հետո նա անպատճառ լինելու էր յուր Ասլիի մոտ, իսկ նա դեռ պատրաստություն չէր տեսել:

Գիտե՞ս ինչ կա, — ասաց Եղիկը Միրզային, — ես կիրակի կամ երկուշաբթի գիշեր կմտնեմ գյուղ, այնպես պիտի անեք, որ իսկույն գիշերը դուռը բանաք, և գյուղացիք բան չհասկանան: Դեռ ավելի լավ է ես գիշերը կբերեմ նրան մինչև յառի տակը, դու Գյուլնազի հետ արի, այնտեղից Գյուլնազը (Միրզայի կինը) թող նրան տուն տանե, մենք կերթանք մեկերկու օր ուրիշ գյուղեր կպտտինք առուտուրի ու հետո օրը ցերեկով կմտնենք գյուղ, այնպես որ մարդ բան չհասկանա:

Next page