Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Լա՜վ, աղբեր, ինչպես որ կուզես, մենք քո ծառան ենք:

Ինձ ծառա պետք չէ, ես ընկերի կարոտ եմ:

Եղիկը, միայն խանջարով ու թվանքով զինված, ճանապարհ ընկավ, անցավ Շիրակը և ուղղվեց դեպի Աղբաբա: Իրիկվան մթանը նա մի քարափի տակ իջավ, թվանքը և խանջարը զգուշությամբ պահեց, ուղղեց քայլերը դարձյալ Կամարվան ու գնաց իջավ Քոռ-Հեմեդի տանը: Տանտերը թեև տանը չէր, բայց որդիքը նրան սիրով ընդունեցին, որպես իրենց բարեկամի ծառային:

Աղայիս արծաթե մուշտուկը այստեղ խո չէ՞ մնացել, — հարցրեց Եղիկը միամիտ դեմք ընդունելով:

Ոչ, մենք չենք տեսել, — ասացին:

Երբ իրիկվա հացը կերան պրծան, ելավ պատրաստություն տեսավ Եղիկը ճանապարհ ընկնելու:

Ո՞ւր, ո՞ւր ես գնում, — ձայն տվին ամեն կողմից, — գիշերս կաց, առավոտ կգնաս:

— «Շուտով ետ դարձիր», հրամայեց ինձ աղաս, գնամ, թե չէ խոսք կգա վրաս: Հախով ծառայող մարդու վիճակը հո գիտե՞ք:

Մենք քեզ չենք թողնիլ, — ամեն կողմից մեջ մտան, — այս գիշեր ժամանակ հազար ու մի շուն ու գել կա, կարող է փորձանք պատահել, հետո մենք չենք ազատվիլ մեր հոր ձեռքից: Մեր հյուրն ես մինչև առավոտ, լուսուն բարի ճանապարհ, ուր կուզես գնա՜:

Այս միջոցով բոլորովին ապահովեցրեց ՔոռՀեմեդի տանեցվոց, որոնք տեղ շինեցին և հանգիստ քնեցան: Բայց Եղիկը, թեև սաստիկ հոգնած էր՝ վաթսուն վերստ ճանապարհ ոտքով էր եկել այդ օրը, անկողնում չկարողացավ հանգստանալ: Նա մտածում էր Ասլիի մասին, մտածում իրեն կողոպտողներից վրեժը լուծելու մասին:

Մեջ գիշերին նա վեր կացավ, ներսեներս ախոռից զգուշությամբ դուրս քաշեց ֆարաշը առանց թամքի, միայն մի համետով և առանց ուշադրություն դարձնելու սլացավ դեպի այն քարափը, որտեղ պահել էր զենքերը: Նժույգը դեռ չհասած ապառաժի տակը, համառեց, կանգնեց և չէր ուզում առաջ գնալ: Եղիկը իջավ ձիուց, քաշեց յուր ետևից, մի կերպով առաջ գնաց, մոտեցավ այն քարքարուտին, որտեղ թաքցված էր հրացանն ու խանջարը: Գիշերը սոսկալի կերպով մութն էր, և Եղիկը անդադար զարկվում էր այս ու այն ժայռի կտորներին: Հանկարծ նրան շրջապատեցին երկու կողմից երեք հոգի և փշտովները կրակեցին: Նժույգը կատաղած քաշեց յուր համետը թուլացած ձեռքից, ետ փախավ: Հարձակվողները պինդ կապեցին Եղիկին ու ընկան նժույգի ետևից, որն ուղղակի ճանապարհ ընկավ դեպի Ղարաքիլիսա, յուր տանտիրոջ մոտ: Մթնումը նրա հետքը կորցրին թուրքերը, վերադարձան, քիչ թուլացրին Եղիկի կապերը և առաջները խառնած ճանապարհ ընկան դեպի Հաջի Վելի Մեդեդ բեգի բնակարանը: Մեդեդ բեգի մարդիկը Շյորագյալում հեռվից տեսած լինելով օտարական հրացաններով Եղիկին, կասկածել էին և նրա հետքից գնալով ու քարափում զենքերը պահելը նկատելով, դարան էին մտել, համոզված լինելով, որ կրկին գիշերը այնտեղ վերադառնալու էր:

Մեդեդ բեգը Շիրակի վերջին վասալական իշխանն էր, որի հորից սուլթանը գավառական հողերը մի կերպ խլել էր, բայց դրա փոխարեն ժառանգական թոշակ տալուց հետո դարձյալ յուր վիճակին ղայմաղամ էր նշանակել, այնքան, որ յուր գլխատված հոր և պապերի նման էլ Մազխաս բերդում չէր ապրում և սեփական ձիավոր, հետի և թնդանոթաձիգ զորք չուներ, բայց Հաջի-Վելիում յուր առանձին սարայն ուներ և առաջվանից ավելի մեծ իշխանություն ժողովրդի վրա: Թեև Ղարս այալաթի փաշան էր նստում, բայց Շյորագյալի գավառից զատ այալաթի գլխավոր գործերը տնօրինում էր նույնպես Մեդեդ բեգը: Այալաթի ժողովի ամենապատվավոր անդամն էր, և ժողովականները առանց նրա կնիքը տեսնելու ո՜չ մի թղթի վրա չէին հանդգնիլ դնել իրենց մատանին: Մեդեդ բեգը գավառապետի անունով դարձյալ մի իշխան էր. նրա կամքից էր կախված կախել տալ մեկին, ազատել մի ուրիշին, մեկին զրկել յուր բոլոր կարողությունից, մյուսին բարձրացնել հայտնի պաշտոնների: Նրա Հաջի-Վելիում ունեցած բանտում միշտ լինում էին ութ-տասը թյարաքամա գողեր և պարտատեր հայեր: Դրանց թվում ընկավ նույնպես Եղիկը:

Բանտը առաջ գոմ էր եղել և ձմեռը դարձյալ այդ նպատակին էր ծառայում, միայն մսուրքների վրա ամրացրած էր պինդ «լալա» կոչված շղթաներ, որոնցով շատ անգամ ավազակներին անասունների հետ միասին էին կապկպում, այն տարբերությամբ, որ անասուններին միայն վզերից էին կապում, իսկ հանցավորների, վզերից ջոկ, ոտքերն ու ձեռքերն էլ էին շղթայում: Եղիկի ոտքերը շղթայած էին, իսկ գիշերները ձեռքերն ու վիզն էլ էին շղթայում: Բանտում մի քանի ընկեր ուներ Եղիկը, որոնց մեջ հայ չկար:

Առավոտից մինչև իրիկուն տխուր-տրտում, բորբոքված նրան տանջում էր Ասլիի վիճակը, արդեն խոսք տված օրը եկել անցել էր: Այնքան տանջում էր նրան այդ միտքը, որ երբեմն խելագարի նման կատաղում, կռվում էր ինքն իրեն հետ, երբեմն ցնորածի նման անզգա ընկնում էր մսուրքի տակ և խորասուզվում մտքերի մեջ: Ախորժակն անգամ կորցրել էր և որպես ողորմություն Մեդեդ բեգի հարճերն օրական մի անգամ ուղարկած թանապուրն անգամ երբեմն չէր կարողանում ուտել: Թյարաքյամա անտարբեր ավազակները ցավում էին թշվառի վրա և որքան աշխատում էին մխիթարել, հնար չէր լինում: Բանտարկվելուց արդեն ութ-տասն օր անցել էր, ո՜չ ոք չէր հարցրել, թե արդյոք ի՞նչ հանցանքի համար էր բանտարկվել և ոչ ոքի հայտնի էլ չէր, թե երբ է ինքն ազատվելու այդ գոմից: Դատի, դատաստանի, մեղքը լսելու նրանցից ոչ ոք չէր արժանանալ: Մեդեդ բեգին եթե մի որդի ծնվեր, կամ ինքը մի լավ երազ տեսներ, կամ Գյուրջիստանից մի գեղեցիկ աղջիկ փախցրած կույս նվեր բերին, կամ մի լավ տրամադրության մեջ լիներ, կմտներ և բանտարկյալներից մի քանիսին կազատեր իբր զոհաբերություն ալլահին իրեն հասած բարիքների փոխարեն, իսկ եթե զայրացած լիներ, կամ մի դժբախտություն պատահած, դուրս կհաներ մի քանիսին, լավ ծեծել կտար ոտքերը փալախա դրած, մի քանիսին մահամերձ կարձակեր, մի քանիսին էլ Ղարսի բանտը կուղարկեր գործերը քննելու:

Այս ընթացքը ավելի ձեռնտու էր չարագործներին էլ, Մեդեդ բեգին էլ: Եթե իսկույն դատաստանի հանձնեին, կարող էին դատապարտվել կախաղանի, գլխատության, երկար տարիների բանտարգելության և ուրիշ զանազան տանջանքների, այնինչ, մնալով բեգի ախոռում նրանք ազատության հույսը չէին կորցնում: Կանցներ ժամանակ, բեգը կմոռանար, բարկությունը կիջներ, և բանտարկյալների ազգականները, բարեկամները կհավաքվեին, մի գումար պատրաստելով պատգամավորություն կուղարկեին բեգի մոտ և կազատեին իրենց ազգականին այլևայլ միջնորդների միջամտությամբ:

Բայց ո՞վ էր մտածելու Եղիկի համար, ո՞վ կգար նրա համար բեգից ազատություն խնդրելու, ո՞վ ուներ: Մինչև անգամ եթե յուր գյուղի համբաները, նախկին հայ-թուրք տերերը իմանային նրա բռնված լինելը, մի պատգամավորություն կուղարկեին, Մեդեդ բեգին կկաշառեին և մի կերպ նրան կախել կտային: Եղիկը քիչ հույս ուներ չարչի Միրզայի վրա. նա էլ ինչպե՞ս իմանար, որ Եղիկը բանտարկված էր, կամ թե նա էլ յուր ընտանիքը թողած կմտածե՞ր Եղիկի մասին: Երկնքի և երկրի տակ իրեն օգնելու պատրաստ մարդ չէր գտնում, իրեն համար տանջվող և մտածող երկու անզոր արարած կային, որոնք երկուսն էլ յուր պաշտպանության կարոտ էին, իսկ իրեն օգնելու անկարող: Այդ թշվառները մայրն ու նշանածն էին, որոնք առանց Եղիկի, ողբով ու կոծով գերեզման էին իջնելու, և միայն Եղիկը կարող էր նրանց փրկել, երջանկացնել:

Երբեք Եղիկի աչքի առաջից չէր հեռանում Ասլիի պատկերը, նրա հրացայտ աչքերը մարած, արյուն արտասուքով լեցված, գլուխը կախած, վշտի քողը դեմքը պատած կանգնած էր նրա մտապատկերներում: Այնքան հափշտակվում էր, այնքան վրդովվում Եղիկը, որ կարծես լսում էր սիրեկանի անվերջ հառաչանքները, հեկեկանքները և ողբաձայն մանիներն ու երգերը: Մռնչում էր այդպիսի րոպեներում վանդակում կապված առյուծի նման, զարկվում պատերին, քաշքշում էր շղթաները, փոքրիկ միակ աչքը չռելով շուռ էր տալիս շուրջը և սթափվելով, հուսահատ ընկնում դարձյալ սալահատակի վրա անզգա և անշունչ:

Ծերունի բանտապետը և բեգի հարճերը, նրա սոսկալի տանջանքները տեսնելով ցավում էին նրա վրա և ամեն կերպ աշխատում էին մխիթարել, ծածուկ կերակուր էին բերում նրան, թուլացնում էին տանջանքները, և բանտապետը շատ անգամ գիշերները չէր շղթայում նրա ձեռքերն ու վիզը:

Մի օր բավական տաքություն ուներ Եղիկը: Բանտապետը ձածուկ բեգի հարճերից մեկին ապսպրել էր հավի ջրով, բրնձով մի լավ ապուր եփել, որ Եղիկը ուտելով բավական կազդուրվել էր: Երեկոյան մի կարպետ և մի կտոր թաղիք բերել, գցել էր նրա տակը և յուր քյավալով (ոչխարի մորթուց մուշտակ) ծածկել նրան, քրտնեցրել էր բարեսիրտ բանտապետը: Այդ գիշերը նրա ձեռքերը և վիզը չէր շղթայել, միայն ոտքերի շղթայով էր թողել Եղիկին: Ինքը՝ բանտապետը մինչև կեսգիշեր հսկելուց հետո հոգնած, դադրած ընկել, քնել էր գոմի սյաքյուն (գոմի մեջ տախտակով կապած վերին հարկ):

Եղիկը մեջ գիշերից հետո բավական կազդուրված լինելով վեր կացավ, նստեց անկողնում, չորս բոլորը զննեց, հազաց, խորխեց և բոլոր ընկերներին ու բանտապետին խոր քնի մեջ գտավ: Նա մի քիչ մտածելուց հետո յուր ծրագիրը կազմեց: Տասնևհինգ օրվա ընթացքում նա լավ էր ուսումնասիրել Մեդեդ բեգի տունը: Զգուշությամբ ձեռքերը, ոտքերը տարավ և սկսեց փորձել մի կերպ շղթաներից ազատվելու: Նրա սրունքները շատ բարակ էին, ոտքերը մանր, դրա համար էլ որքան որ փոքր շղթաներ էին ջոկել նրա համար, դարձյալ լայն և ազատ լինելով, դարբնին կանչել փոքրացրել էին տվել, բայց դարբինը նորից ծակ չբանալու, այդ սոխրա (անվարձ) գործը գլխից մի կերպ ռադ անելու համար մի քանի մուրճի հարվածներով նեղացրել, բայց երկարացրել ու զարկել էր Եղիկի ոտքերը: Բանտապետը՝ Եղիկի նիհար, վտիտ ու թույլ կազմվածքը աչքի առաջ ունենալով, բավականացել էր, վստահ լինելով, որ գյավուրը փախչելու փորձ երբեք չի անիլ:

Եղիկը մի քանի անգամ սրունքների շղթայի երկաթե օղերը քաշելուց հետո բավական լայնացրեց և ձախ ոտքը լավ թքոտելուց հետո բավական չարչարվեց և դուրս հանեց: Այս աշխատությունը նրան քրտնեցրեց, և նա ուժասպառ մի քիչ տարածվեց կազդուրվելու: Բայց ուրախությունից նա այնքան ոգևորվել էր, որ էլ երկար չսպասեց, մի կերպ մյուսն էլ դուրս հանեց: Բանտի դուռը ներսից-դրսից հաստ երկաթե կողպեքներով փակված էր. պահապանները, Մեդեդ բեգի դռան ծառաները շնից շատ էին, հույս չկար բակերից անցնելու, պետք էր շտապել անմիջապես ճանապարհ ընկնել: Եղիկը յուր թևի ու ոտքերի շղթաները շալակած, ճանկռտելով պատից բարձրացավ և երդիկից դուրս եկավ: Կտուրների վրայից մի քանի պտույտներ անելուց հետո ճանապարհ ընկավ դեպի ձորը: Այդտեղ քարի տակ դրեց շղթաները, կոտրեց և կտորները ցրվեց, որպեսզի հետևյալ օրը ջրի եկող կանայք գտնեն, Մեդեղ բեգին համոզեն, որ Եղիկը շղթայակապ է բանտից փախել, որպեսզի ծերունի բանտապետին չնեղացնե:

Այդտեղից ճանապարհ ընկավ դեպի Ծբնի լեռների և կիրճերի ճանապարհով և չորս ժամվա ճանապարհը գնաց տասնևչորս ժամում: Գիշերը ուշ ժամանակ մտավ գյուղը: Չարչի Միրզան և կինը շատ ուրախացան նրան տեսնելով, բայց հարսին՝ Ասլիին, չբերելու իսկական պատճառը և Եղիկի գլխին անցած արկածները չկարողացան իմանալ: Եղիկը նրանց հարցերին վերջ տալու համար ինքն սկսեց հարցեր տալ.

Հա՜ն, դո՞ւք ինչ արիք, ապրանքը լավ ծախվո՞ւմ է:

Լավ, լավ, բայց...

Էլ բայցը ո՞րն է, ասա, ի՞նչ կա:

Մատո քեհյեն մեզ նեղացուց...

Ինչպե՞ս թե...

Ասաց. — ի՞նչ անենք, թե Դանելը ձեզ քրեհով է տվել յուր տունը. քրեհել եք, նստե՜ք, բայց առուտուր անելու չեմ թույլ տալ... այստեղ առուտուր անելու համար ինձնից պիտի իրավունք ստանայիր: — Նրա դարդն այն է, որ ուզում էր իրեն մարագը տուն ու խանութ շինելով մեզ տալ: Տեսա, որ ուզում է կապել խանութս և ինձ էլ Մեդեդ բեգի քով ուղարկել, երկար մտածեցի, վերջապես կնիկս մի լավ փիրուզ խզմա (քթի գինդ) ուներ, որ չէր բանացնում, տվի ձեռքը և ուղարկեցի նրա կնոջ մոտ խնդիրքի: Այդ փիրուզ խզման արժեր հիսուն ղուռուշ. վեր առավ, լեզուն քաշեց և իրիկունը մի քանի մարդով եկավ ութ-տասը ղուռուշի էլ առուտուր արավ, փողը չտվեց: Չուզեցինք գլուխն ուտե, թույլ տա ազատ առուտուրը շարունակեմ:

Լա՜վ, լա՜վ, — ասաց մտածելով Եղիկը և սկսեց ծոծրակն ու գլուխը քորել. քիչ լսելուց հետո ասաց, — ուրիշ առուտուրներդ...

Փառք աստծո, լավ է, բայց...

Էլի՞ բայց...

Ապրանքս քիչ է, թե մի հազար ղուռուշի ապրանք ունենամ, ես էլ դարդ չեմ ունենալ...

Կունենա՜ս, կունենա՜ս, դարդ մի՜ անիլ, ութ-տասն օր էլ սպասիր, — ասաց Եղիկը հուսադրելով: — Բայց ավելորդ չէ ապրանք ավելցնելդ, էգուց էլի Մատո քեհյեն կգա առանց վճարելու կտանի:

Քու կյանքդ ողջ մնա, դու որ իմ գլխի վրա ես, էլ իմ ի՞նչս կպակսի:

Ես գիշեր-ցերեկ քեզ վրա ղարաուլ խո չե՞մ կարող կանգնել. ախր դու էլ տղամարդ ես, գլխիդ գդակ կա դրած, ինչի՞ ես թողնում, որ քոսոտ քեհյեն գլխիդ նստի, այսօր տասը ղուռուշի տանողը էգուց հարյուրի էլ կտանի:

Այդ ոչինչ, մեկ գյուղում հաստատվիմ, նրա տարածով չեմ քանդվի: Աստված ողորմած է, էգուց մեկել օր նրան այնպիսի գնով ապրանք տամ, որ տարածից երեք անգամ ավելի վզին բեռ բառնամ: Դավթարն իմ ձեռքս չէ՞:

Դու գրե դավթարը. աղքատը վիզը ծռած, անճարացած ունեցած չունեցածը քեզ պիտի բերե պարտքից ազատվելու համար, բայց համբաների ու քեհյաների հետևից ման արի, խնդրի՜ր, աղաչի՜ր, որ քեզ փող տան:

Մի վախենալ, ես նրանց չեմ թույլ տալ, որ փողս կուլ տան: Մեկ էլ որ, աշխարհի կարգն է, ով որ զորեղ է, տկարին պիտի կուլ տա: Դրանց պիտի քիչ շահենք, պատվենք, որ մեր առաջը քար չդնեն: Երեսանց որ ես ասում եմ` քեհյա ջան, ես քոնն եմ, ինչ որ ունիմ քոնն է, թե մի պատառ հաց էլ ուտում են իմ մանրը ու խոշորը, էդ էլ քու շնորհիվն է, մի՞թե մտքովս էդ եմ ասում: Ի՛նչ անեմ, որպեսզի կաշիս ազատեմ, ես նրան կուլ չգնամ, քիչ շողոքորթում եմ, նա էլ ուռչում է տկի պես, թող ուռի, մի օր այնպես կողքը կծակեմ, որ իջնի, գետնի հետ հավասարվի: Միրզան իր բանը գիտե:

Եղիկը նույն գիշերը հանգիստ չկարողացավ քնել:

Մտածում էր առավոտ վաղ գնալ սահմանը անցնել և Ասլիին փախցնել մի կերպ Ծբնի, բայց գյուղի քեհյեն, չկամ դրացիները, Շյորագյալի ղայմաղամ Մեդեդ բեգը, անապահով դրությունը, յուր հետքը փնտրողները նրան տատանման մեջ էին գցել, չէր իմանում ինչ ընթացք բռնի: Թեև սրընթաց ֆարաշը փախել էր, բայց Եղիկի համար այդպիսի նժույգներ ձեռք բերելը դժվար չէր. Շիրակի ամեն մի մեծատան ախոռում այդպիսի քյոհլաններ կարելի էր գտնել, բայց նա հավատարիմ բարեկամ և չնախանձող ընկեր չուներ, որին հնարավոր լիներ կյանքը հավատալ: Միրզայի շարժումները արտահայտում էր նրա հոգու ստորությունները և ամեն կեղտոտություն անելու ընդունակությունը, բայց չէր գտնում երկնքի տակ մի ուրիշ անձնավորություն, որ նրանից նվազ վնասակար լիներ իրեն համար: Առանց մեկին վարձելու հիմարություն էր համարում անձնատուր լինելը:

Բայց ճանապարհորդությունը անհետաձգելի էր, մղդսի Կյուրեղը և Մուքեն կարող էին դեպքից օգտվել և Ասլիին տանջելուց ջոկ, իրենց ճիրանները գցել:

Թեև մտածում էր նախ մի կերպ Մատո քեհյից վրեժ առնել և նրան ստիպել, որ չհանդգնի Միրզայի շվաքովն անգամ անցնելու, բայց ժամանակը չէր: Վերջապես երկար մտածելուց հետո որոշեց դուրս գալ Մեդեդ բեգի վիճակից: Գիշերը վեր կացավ Միրզային ձայն տվեց.

Աղբե՜ր, էգուց ելիր, գնա Քերս: Ապրանքից մի մաս տա՜ր, տուն բռնե, կարգի դի՜ր, Մելոյին այնտեղ թող, հետո տունն էլ վերցրու տար: Աշխատիր գեղի ամենից ուժեղ քեհյի տունը վարձել և տանտիրոջը շահել: Եթե Ղազար քեհյի ջրաղացի քովը տուն բռնես ամենքից լավ է: Ես երեք օրից հետո կգամ Քերս, կարելի է նշանածս էլ բերեմ:

Լա՜վ, բայց այստեղ տվածս քրեհը, քեհյի կուլ տվածնե՞րը:

Ես նրա քթից կհանեմ, այդ քու բանը չէ:

Լա՜վ, ինչպես որ կհրամայես:

Միրզան դիմադրելու ուժ չուներ, նա Եղիկի կամքին երբեք չէր հակառակվել: Գիշերվանից սկսեց յուր պատրաստությունը:

Դրանք թո՜ղ, վերջն էլ կարող ես կարգի դնել, ձիդ թամբե՜, լավ թամբ զարկ, — ասաց Եղիկը հրամայական եղանակով, — ես կերթամ, Զռչու ճսւնապարհին կնստեմ, շուտ արի, հասի, թվանքը հետդ վեր առ. այնպես բռնե, որ մարդ չտեսնի:

Եղիկը կնոջ համար առած ոսկին և շորերը մի փոքր կապոց շինած, թևի տակը դրած գյուղից դուրս ելավ, ճանապարհ ընկավ: Մի քանի րոպեից հետո Միրզան նրա ետևից հասավ: Երկուսով ձին քշեցին դեպի Գյունե լեռան փեշերը, որտեղ արածում էր Մատո քեհյի մադյանների իլխին: Եղիկը ձիուց իջավ և իլխիին մոտենալուց հետո սողալով մտավ նրանց մեջ: Երկար սողալուց հետո լարը մի լավ ձիու վզովը գցեց, բռնեց ու շալակը թռչելով քշեց դեպի Միրզան:

Շո՜ւտ ձիու թամբը քանդե և սանձը ինձ տուր, — ասաց Եղիկը: — Միրզան կատարեց, և անսանձ ու առանց թամբի յուր ձին նստած, վերադարձավ Ծբնի: Եղիկը մտրակեց Մատո քեհյի իլխիից ջոկած ձին և արշալույսը չբացված մոտեցավ Անիի ավերակներին, որոնց կողքից ձին քշեց դեպի Տայլար և ձորն իջնելով Ախուրյանին մոտեցավ: Այստեղ Մատո քեհյի իլխիից ընտրած ձին ցույց տվեց յուր շնորհքը, նա կռվեց վարարած գետի հետ և քաջությամբ անցավ, թեև գետափից ջուր տանելու եկած կարմիրվանքցի կանայք հույսերը կտրած արդեն վայ տվին ղոչաղ ձիավորի տիրոջը:

Երբ անվնաս ափը դուրս եկավ օսմանցու սահմանից այդ քաջասիրտ տղեն, բարեսիրտ կանայք շուրջը հավաքվեցին, ամենքն էլ սկսեցին նրան իրենց տուն հրավիրել: Ամեն կին ուզում էր բախտ ունենալ ավելի շատ ժամանակ տեսնելու այդ առանց անձնագրի ղոչաղին, որին արիությունն ու բախտը օգնել էին բարի լուսին: Ողջ օրը նրանց շրջանում անցկացրեց Եղիկը, ամեն տեսակ պատիվ արին նրան: Կերուխումից հետո նա մի քանի ժամ էլ հանգստացավ և ետինքի ժամանակ ձին նստավ, ճանապարհ ընկավ դեպի հյուսիս, դեպի յուր սերը Ասլին, որը մագնիսի նման քաշում էր Եղիկի խելքը, միտքը, սիրտն ու հոգին:

Եղիկի` մղդսի Կյուրեղենց տանից ֆարաշը, զենքերն ու շորերը փախցրած առավոտը Ասլիին երազող դնդրոշ Մուքեն վաղ վեր կացավ, քանդեց ֆարաշի ոտքից բխովը, հանի կապը, շորերը հագավ, մտավ ախոռը խոտ տալու յուր նժույգին: Ահագին խուրձը գրկած մոտեցավ Մուքեն` «ֆարաշ ջան, քյոհլանս» կրկնելով և մսուրքում զետեղելուց հետո երբ ձին չգտավ, մնաց ապշած: Բխովու չվանը քաշեց և երբ նկատեց, որ ալ ձիու ոտքն էր զարկած, իսկույն կասկածեց և կանչեց.

Մղդսի՜ ապեր, Մատո՜ ամի, Պետո՜ ամի, Սեթո՜, Համո՜, Կարո՜:

Է՛յ, ի՞նչ է, ի՞նչ ես ղալմաղալ գցել, չես թողնում քնենք, — ասաց Սեթոն պառկած տեղից. — ի՞նչ ես դիվահարի նման մեջ գիշերին վեր կացել ու մարդու անուշ քունը հարամ անում:

Տո՜, տղա, ե՜լ, տո՜, ո՞ւր է ֆարաշը:

Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալի...

Մղդսի ապեր, քյոհլանս չկա...

Իսկույն թափվեցին, քրքրեցին, դռները բացին և նկատեցին ձիու քայլերի հետքերը: Արշալույսը արդեն բացվել էր, ղալմաղալն ընկավ տունը, պառավները վեր կացան, հարսները շորերը հագնվեցան, ծծկեր երեխաների ձայնն ընկավ, կովերն սկսեցին բառաչել, հորթերն արձագանք տվին իրենց մայրերին, նախրչիները թափվեցան, և աղմուկը սկսեց սաստկանալ,

Տո՜, տղա՜, վազեցե՜ք, այս իզով գնացեք, — գոռում էր մղդսի Կյուրեղը, ցույց տալով ձիու սմբակի տեղերը յուր եղբայրներին և որդիներին...

Աղջի Սանդո, աբես բե՜ր, — գոռում էր Մատո ամին յուր կնոջը:

Տո՜, տղա՜, Պետո, չարըխներդ հագի՜ր, այնպե՜ս գնա, — գոռում էր պառավ տատը յուր փոքր որդուն:

Հավա՛ր, հասե՛ք, է՜ս կողմն արեք, — գոռում, կանչում էին ամեն կողմից, և այդ ձայնը միախառնվելով անթիվ անասունների բառաչների, մայողների, կտկտոցների և խրխինջների հետ, կազմում էր մի գյուղական մուզիկա, որը սովորական է ամեն գյուղերում, մանավանդ գարնան սկզբներին, յայլա գնալուց առաջ: Ձայները քանի գնում հեռանում էին, ավելի նվազում և քաղցր տպավորություն թողնում: Նախիրները գյուղից բավական հեռացել էին, և Եղիկի ետևից գնացողների ձայնը էլ չէր լսվում:

Գյուղում խոսելու նյութ դարձավ, ամենքը իրար տեսնելիս գողության մասին էին խոսում և ամեն մարդ հետաքրքրությամբ սպասում էր գնացողների վերադարձին: Կանայք հետզհետե մտնում էին մղդսի Կյուրեղենց տունը՝ մխիթարելու մտքով, նոր-նոր հարցեր տալով նրանց սիրտը ավելի վրդովում էին և գողցված իրերի պատմությունը լսելով, դուրս էին գալիս և հազար ու մի վրադիրով իրար պատմում: Կովերը կթող հարս-աղջիկները կաթ փռելու համար մարագ գնալիս ու դառնալիս իրար հարցնում էին իրերի գրությունը և հազար ու մի ծաղրալի ածականներով կնքում Մուքեին: Ուրիշները քթոցով շալակած ախոռի աղբը թափելիս, գոմերի թրիքը թխելու համար դուրս կրելիս հեգնական հայացքներով իրենց սիրելիներին կամ մտքում ունեցած ջահիլներին զգալ էին տալիս ամոթալի արկածը, մանիներով հազար ու մի նախատինք էին թափում անկար մարդու գլխին և վայ տալիս տիրոջը:

Վա՛յ, ֆողը գլխուդ, մարդու ոտքից քնած տեղը ձիու կապը քանդեն ու չիմանա՛, — ասում էր մի կին յուր հարևանին:

Էդ ես ասում, — վրա էր բերում մի ուրիշը, — հագի ղանավուզ արխալուղը հանին տանեն, նա մեռելի պես տեր չլինի՞:

Զաթի (արդեն) դնդրշկածի մեկն է, էն ինչ տղամարդ է որ, — ասում էր մեկ ուրիշ կին:

Մղդսի Կյուրեղի տղեն է. հոր մալը շատ է ու տղի պակասությունները ծածկում է... Դուք ձեր դարդը քաշեցեք, — ասում էր մի ուրիշը, — էգուց կերթա Գյումրի, նոր շորեր կարել կտա, նոր ձի կառնե... նրանից ի՞նչ կպակսի:

Մինչև կեսօր ընկան սարից-սար, քարից-քար, վերջապես հետքը գտան, հասկացան, որ Եղիկն էր կատարել այդ ավազակությունը, որն անցկացել էր և սահմանը:

Տխրությունը պատեց մղդսի Կյուրեղին. այս անպատվությունը և կորուստը նրա սիրտը այնպես խոր խոցեց, որ նա քիչ էր մնում գժվի: Իսկույն ձին նստավ, գրպանը լցրեց արծաթ մանեթներով և բաջաղլի ոսկիներով ու ճանապարհ ընկավ դեպի Գյումրի՝ մովրովի դուռը, իսկ Մուքեն մի քանի ձիավորով ընկավ սարեսար, անցավ սահմանը:

Գյումրի նստած մովրովը մղդսի Կյուրեղի համար հարկ եղած թղթերը գրեց, ուղարկեց Երևան, այնտեղից էլ ուղարկեցին Թիֆլիս, որպեսզի կարգադրություն անեն, Էրզրումի կոնսուլին իմացնեն, որպեսզի Ղարս գրեն և գողը փնտրել տան: Մովրովի գրասենյակի գրագիրները և թարգմանները էգուց կգան, մյուս օր կգա քու թղթերի պատասխանը, — ասում էին մղդսի Կյուրեղին և բերած փայլուն բաջաղլիները և ցոլուն մանեթները մեկ-մեկ կուլ տալիս: Խեղճ մարդ, լեզու չէր հասկանում, որ անձամբ գլխավորից կտրական պատասխան ստանար, գնար յուր գյուղը, իսկ գրասենյակի դռան քաղցած սպասավորները, десяток-ուց սկսած մինչև սեկրետարը թեթևացնում էին մղդսի Կյուրեղի գրպանը:

Աղբե՜ր, ես խո ձիու և հինգ-տասը կովի դարդը չեմ, աստված տվել, չէ խնայել, էլի տեղը կա, էլի կարող եմ ավելացնել, բայց ինձ սպանում է այս արարքը, այն քնձռոտ Եղիկը, որ փչես կգլորի, մեկ զարկես ոսկորները կփշրի, նա իմ տնից ու դռնից մալ փախցնե՞: Այս տարածը ոչինչ, ապա թե որ գործի պոչը բաց թողնես, էգուց էլի նույն խաղը պիտի խաղա իմ գլխին:

Մի՜ վախենալ, մղդսի ամի, մովրովը այնպես թուղթ է գրել, որ Ղարսի փաշան սատանի ծակից էլ գտնել կտա ու կուղարկի քու մալն էլ, քու գողն էլ: Երբ ձեռքերս անցնի Եղիկը, այն ժամանակ դու տե՜ս ինչ դատաստան անել կտա պստի դիլբանդը նրա գլխուն: Դու այսօր ինձ մի բաջաղլու տուր, մեկ անգամ նշանածիս ուրախացնեմ, քեզ ուրախացնելս՝ այս իմ վզիս պարտքը:

Մուքեն երեքչորս օր ման եկավ Շիրակում, իրենց ծանոթ բոլոր գյուղերը շրջեց, ամեն տեղի անցքերը հարցուփորձ արավ, լսեց և հուսահատ ետ դարձավ: Ճանապարհին նա մտածում էր, թե ի՞նչ ասե գյուղում յուր ընկերներին, եթե իրեն ծաղրածության առարկա դարձնեն: Վերջապես գլխիկոր ձին առաջ էր քշում մոլորածի պես և չէր իմանում ինչ ընթացք բռնել: Որպեսզի դատարկաձեռն ետ դառնալը չնկատեն գյուղացիք և չծաղրեն նրա անկարողությունը, նա իրիկվան դեմ մտավ թուրքի Ղարաքիլիսա և իջավ իրենց ծանոթ և պարտական մեշադի Մահմեդ Ալու տունը: Մինչև կեսգիշեր նա խոսում էր նրանց հետ այդ օրերը պատահած արկածների մասին, իսկ նրանք գովում էին այն ճարպիկ երիտասարդներին, որոնք կարողանում էին հեռվից գնալ և գողանալ ընտիր նժույգներ, ուժեղ եզներ, կաթնասուն կովեր և այլն: Գյուղացիք առանց քաշվելու և առանց ուշադրություն դարձնելու մեշադի Մահմեդ Ալու զայրացկոտ ունքերին ու մռութներին գովում էին Եղիկի քաջասրտությունը, որը կարողացել էր ֆարաշը փախցնել:

Մեջգիշերին Մուքեն զինվեցավ, ձին նստավ և դիմեց իրենց գյուղը: Ճանապարհին մինչև Արփաչայի ափը նրան ընկերացավ մեշադի Մահմեդ Ալու կրտսեր որդին՝ Հասանը: Արփաչայը անցնելուց հետո շնորհակալություն տվեց, և Հասանը վերադարձավ: Դեռ շատ չէր հեռացած Արփաչայից, Մուքեն լսեց մի ձիու արագընթաց քայլերի ձայնը, որը Արփաչայի մեջ կանգնեց ջուր խմելու: Մուքեն կարծեց, որ ղաչախչի թարաքամ է, զգուշանալու համար ճանապարհից դուրս եկավ և կազակների մարգերի գլուխը մի թումբի ետևն անցավ: Քիչ հետո ձին անցավ ջուրը և արագ քայլերով ճանապարհն ուղղեց դեպի Ղարաքիլիսա: Թեև գիշերը մութն էր, ամպապատ, ոչինչ չէր կարելի տեսնել, բայց Մուքեն նրա քայլերի ձայնից հասկացավ, որ ձին բեռնավորված չէր: Գուցե, մտածեց, իրեն էին հետևում, գուցե Եղիկն էր, գուցե... Այնքան մտատանջության մեջ ընկավ, որ երկյուղից չէր համարձակվում հետևել: Վերջապես սիրտ առավ, մտածելով, որ իրենց գյուղի սահմանումն էր գտնվում և նստած ձին իրեն ամեն դեպքում կարող էր օգնել, առաջ գնալ: Ձին ուղղվեց գյուղ և գնաց կանգնեց մղդսի Կյուրեղենց դռան առաջ: Այնտեղ հասավ Մուքեն էլ և ֆարաշը առանց թամբքի, կտրտած սանձով, արյուն-քրտինքի մեջ կորած գտնելով՝ ապշած մնաց: Բայց իսկույն ուրախությամբ լցվեցավ և սիրտը հրճվանքով զեղված, դուռը սկսեց արագ-արագ բախել: Գյուղի շները ամեն կողմից հաչոցը գցել էին և նրանց որոտման ձայնը զարթեցրել էր շատերին: Պետո ամին ճրագը ձեռքը դուրս եկավ և Մուքեի ձայնը լսելուց հետո դուռը բացեց: Դուռ-դրացի իսկույն թափվեցին և ամեն կողմից հարցնում էին Մուքեից, թե ինչպես կարողացավ ֆարաշը ետ բերել: Մուքեն առիթից օգուտ քաղեց և հավատացրեց, որ Եղիկին պատահել էր մթանը, Քյուրակ-դարայում սպանել, ձին առել ու վերադարձել:

Թեև շատերը չէին հավատում ստախոս ու դնդրոշ Մուքեին, բայց ֆարաշի ներկայությունը մասամբ ստիպում էր հավատալու նրա խոսքերին:

Ախպեր, — ասում էր մեկը, — թե ես Եղիկին գիտեմ, նա հոգին բերանը դրան ձի չէր տալ:

Տո՜, ախպե՜ր, — ասում էր մի ուրիշը, — դա ի՞նչ թվանք գցող է, որ Եղիկին զարկեր, վար գցեր ու ձին ձեռքից խլեր:

Ախպե՜ր, թե ես ճանաչում եմ Եղիկին, դա նրա գյուլլի առաջից գլուխը պրծցնողը չէր, բայց մի բան կա...

Տնաշեններ, — ասում էր մի ուրիշը, — գնանք քնենք, վախենաք էգուց էլօր բանը չպարզվի՞: Ստի մենզիլը (տարածություն, երկայնություն) կարճ է, շուտ կհայտնվի:

Եղիկի արարքը շատերին ուրախացրել էր ներքուստ: Վերջապես մղդսի Կյուրեղին վնասված տեսել էին, իսկ այս դեպքը շատ դուր չեկավ:

Մուքեի մայրը առաջ եկավ, յուր ղոչաղ որդու ճակատը պաչեց: Ներս տարին, ձիերին հանգստացրին, խոտ, գարի տվին, և մինչև լույս հանգստություն չտվին տանեցիք և բարեկամները Մուքեին: Օրվա կեղծ հերոսն էր և ամենքը ուզում էին արկածի պատմության հետ իսկությամբ ծանոթանալ:

Լուրը հասավ Ասլիին: Նրա մեծ եղբայրը լսել և տուն դարձել, պատմում էր հորը Մուքեի արկածը: Ասլին, որ գյուղում պատահած աղաղակներից զարթնել էր, էլ չէր քնել, եղբոր տուն վերադառնալուց հետո ծածուկ մոտեցել էր լսելու հոր և եղբոր խոսակցությունը: Եղիկի մահվան պատմությանը թեև նա չհավատաց, բայց տխրությամբ լցված գնաց պառկեց և սկսեց անկողնի մեջ անձայն լալ և աղի արտասուքով բարձը թրջել: Նախազգում էր, որ յուր սիրելուն վտանգ էր սպառնում և այդ վտանգի առաջն առնելու ճար չուներ: Հորը հաղթելը հեշտ էր, բայց մեծ եղբայրն ավելի զորավոր էր, ավելի ազդեցություն կարող էր բանեցնել հոր վրա և մտադրությունը գլուխ բերել: Գալո քեհյեն թեև չէր համոզվում որդու խոսքերով, բայց չէր էլ հերքում նրա ասածները:

Այնքան անկողնում լաց էր եղել, այնքան հեկեկացել էր և այնքան տանջվել, որ թմրել, քնել, մնացել էր: Արշալույսին, երբ նրա ընկերները բանի-գործի էին, երբ նրան փնտրում էին ոչխար կթողները, մայրը մտավ քիլարը և նրան քնած գտավ: Քնած տեղը անդադար նա տնքում էր և հառաչում: Թշվառ մայրը զգաց, որ մի ցավ ուներ աղջիկը, նրան չզարթեցրեց և հարսներին ու թոռներին հրամայեց նրա պարտականությունները կատարել: Տրտնջում էին հարսները սկեսուրի դատաստանի վրա, հայացքներով իրենց դժգոհությունը հայտնում էին ամուսիններին, որոնք թեև անտեղյակ գործից, հայհոյում էին իրենց կանանց:

Երբ ամեն մարդ յուր բանի-գործին էր, պառավն էլ թոնդիրը վառել, պղնձով ջուրը դրել, խմորի տաշտը մոտեցրել էր օրական հացը թխելու համար, մինչև թոնդրի իջնելը, հարսի գալը, գրդնակն սկսելը, կրկին մտավ աղջկա մոտ և բռնելով նրա դաստակը, ասաց.

Ասլի ջան, աղջիկս, ի՞նչ ունես, վե՜ր կաց:

Ասլին իսկույն թռավ, ելավ հագավ. «Բան չկա, մայրիկ» ասելով գնաց յուր գործին: Բայց մայրը նրա գունատ դեմքը նկատած լինելով, թեև գնաց հացը թխելու, միայն անվերջ մտածում էր Ասլիի վրա:

Մղդսի Կյուրեղը Մուքեին ֆարաշի հետ դառնալու խաբարը առնելուն պես արդեն զզված լինելով գրագիրների ձեռքից, վերադարձավ գյուղ: Աչքի լույսի եկան ամեն կողմից, և Գալո քեհյեն էլ շտապեց ուրախակցություն հայտնելու: Մղդսի Կյուրեղը վերադարձին հետը մի տկճոր քիշմիշի արաղ էր բերել, եկող գնացողին շահեց, պատվեց, անխնա խմում էին հյուրերը: Ուրախությունն ու խմիչքը հարբեցրել էր մղդսի Կյուրեղին, և նա արտահայտում էր ամեն թասին յուր անչափ ուրախությունը:

Next page