Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Այս թասն էլ, Գալո քեհյա ջա՜ն, քու ազիզ աղբերության կենացը, քեզ պես դրկից, քեզ պես բարեկամ և տանս լավը կամեցող չունիմ այս գյուղում, քեզ համար դրած է այս օջախը. ես չեմ տանտերը, դու ես, քեհյա ջա՜ն, հրամայե՜, թող հրամանը կատարվի: Բայց չէ, ես կհրամայեմ, այսօր իմ ուրախությունը մեծ է. ձեր շնորհիվ, ձեզ պես բարեկամների կամեցողությամբ իմ կորուստը վերադարձավ: Ֆարաշը քեզ փեշքյաշ, Պետո, տար քյոհլանը կապե քեհյենց ախոռը, մի ձին ի՞նչ է որ, ես խո ձիու դարդը չէի, ես ձախորդության դարդն էի, էն էլ, փառք աստուծո, դեպի բարին փոխվեց: Պետո, Մատո, մի ոչխար մորթե, մատաղ արա, մենք էլ կուտենք, թե՜զ, դանակդ սրե՜:

Մղդսի ապա՜ր, ֆարաշը ես տանեմ քեհյենց տունը, — ասաց Մուքեն կակազելով:

Հա՜, որդի, տա՜ր, դու տա՜ր, քու ձեռքով փեշքյաշ արա, քու ախպերացուին, ախոռը կապիր ու արի:

Չէ, ախպե՜ր, չէ՜, շնորհակալ եմ, ձին տիրոջը փեշքյաշ: Թող Մուքայելը բարով վայելե, մուրազն առնե, տունը աչքի առաջ պահե, որ միշտ հիշե, որ տան դուշմանի հախից ինչպես պետք է գալ:

Մի՜ խոսիլ, Գալո քեհյա, կցավիմ, մի՜ դեմ կենալ, բաշխածը բաշխած է, վերջացած է. տա՜ր, որդի, տար կապի՜ր:

Մուքո, մի՜ տանիլ, ախպեր, տե՜ղը կապիր, դու ինձ լսիր, հայրդ ինձ բաշխեց, ես էլ քեզ եմ բաշխում, — ասաց մոտենալով Գալո քեհյան:

Տա՜ր, ասում եմ քեզ, — ձայնը ավելի բարձրացնելով մոտեցավ մղդսի Կյուրեղը, — տա՜ր կապիր, ետ արի:

Ախպեր ջան, ինչի՞ ես ամաչացնում Մուքեյին, դու տեղը կապիր, դու ինձ լսիր, — ասաց ու քաշեց, գրկելով ներս տարավ մղդսի Կյուրեղին Գալո քեհյեն:

Մուքեն, երևակայական հաղթությունից հետո, ուզում էր մտնել Գալո քեհյենց տունը, Ասլիի աչքին երևնալու, նրա ուշքը գրավելու հույսով, բայց հանգամանքը չնպաստեց, ցանկությունը անկատար փորը մնաց:

Մղդսի Կյուրեղը քիշմիշի արաղով հետզհետե տաքացրեց գյուղի բոլոր քեհյաների գլուխները, մատաղները եփվեցան, խորոված, խաշած բաժանեցին, մինչև իրիկուն քեֆ արին: Մղդսին Գալո քեհյին աջ կողմը նստեցրած, ամեն մի լավ պատառը կիսում էր նրա հետ և ամեն մի թասին մի-մի խոսք էր գցում, նրա հետ ժառանգական բարեկամությամբ կապված լինելու ցանկությունը արտահայտելով: Գալո քեհյեն հասկանում էր նրա մտադրությունը, բայց փախչելու, ազատվելու հույս չուներ: Սեղանից հետո, երբ արդեն հավաքել էին ամեն բան, մղդսի Կյուրեղը ասաց.

Ախպրտա՜նք, ես ուզում եմ քեֆը առաջ տանել. մինչև իրիկուն մեր տանը քեֆ արինք: Արեք այստեղից էլ գիշերս էրթանք ախպորս՝ Գալո քեհյի տունը, շարունակենք մեր ուրախությունը:

Երթա՜նք, երթա՜նք, — ձայն տվին ամեն կողմից:

Արա՜ղ, ախպեր, դեռ մեր տկճորը կիսատած չի լինիլ, չորս օր էլ որ խմենք, չի պարպիլ, հինգ վեդրո բան է. քաղաք մարդ ուղարկելուց ավելի լավ է մենք շալակենք տկճորը, հետներս տանենք: Գիտեմ թե, Գալո քեհյա ջան, մեր մեջ իմ ու քու չպիտի լինի. քյոհլանս չընդունեցիր, արաղս պիտի ընդունես...

Կընդունի՜, կընդունի՜, — աղաղակում էին ամեն կողմից:

Տղերք, մաշալեքը վառեցե՜ ք:

Քսանի չափ միջահասակ և հասակավոր համբաներ շրջապատած մղդսի Կյուրեղին և Գալո քեհյին, դիմեցին վերջինիս տունը: Նրանց առաջից և կողքերից չորս-հինգ մաշալլաներ, վառած, երեխեքը տանում էին: Արդեն մի երկու ճարպիկ տղա վազել, ժամանակին հյուրերի գալուստը իմացրել էին քեհյի մեծ որդուն՝ Թոմասին: Երբ մոտեցան անկոչ հյուրերը քեհյենց դռանը, Թոմասը հրամայեց մորթել մի գեր ոչխար: Նրա առատասրտությունը գովեց մղդսի Կյուրեղը և եղբոր՝ Պետոյի, ականջին ասաց, որ գնա ֆարաշը Մուքեի հետ ուղարկե քեհյենց տունը: Սա մի կաշառք էր, որ տալիս էր մղդսին Թոմասին, գիտենալով, որ նրա կամքից կախված էր ամեն բան:

Օդան նստած, ուրախությունները շարունակած միջոցին Թոմասի ու Մուքեի վեճի ձայնը հասավ Գալո քեհյի և մղդսի Կյուրեղի ականջը: Գալո քեհյեն երբ ուզում էր դուրս գնալ, մղդսի Կյուրեղը նրա թևից բռնեց ու նստեցրեց քովը՝ ասելով.

Ախպե՜ր, նստի՜ր, քեզ ի՞նչ:

Այս միջոցին ներս մտավ մի երեխա և քեհյի ականջին մի քանի խոսք ասաց:

Ախր, ինչի՞ այդպես բան եք անում, մղդսի, ֆարաշն ինչի՞ են բերել:

Այդ քու գործը չէ, ես բաշխել եմ Թոմասին:

Ճարահատյալ Թոմասը ախոռը կապեց քյոհլանը և եկավ շնորհակալությունը հայտնեց: Հետզհետե հրավիրյալները շատանում էին: Այդ միջոցին Կարնի գաղթական աղաներից և սարրաֆներից մի քանիսը ապրում էին Ղարաքիլիսա: Գյումրին քաղաք դեռ չէր դարձած, նրանց էլ հրավիրեցին: Սրանց հետ եկան սազանդարները, որոնք իրենց երգերով և նվագածությամբ ավելի բորբոքեցին այդ ուրախությունը:

Այդ միջոցին ուրախության լրումը պահանջեց մղդսի Կյուրեղը. նա խնդրեց Գալո քեհյի աղջկա ձեռքը յուր որդու` Մուքեի, համար: Երկար ձևական խնդրվածքներից հետո համոզեցին հորը և Ասլիին նշանեցին Մուքեի հետ: Տեր Մլեն, որ սեղանակիցների թվումն էր, նշանը օրհնեց, և հանդիսականների հետ մինչև լույս շարունակեցին ուրախությունը:

Ասլին նշանդրեքից հետո սկսեց օրեցօր մաշվել: Նա քանի որ Եղիկին հիշում էր, աչքերը մթնում էին, կրակ էին կտրում և անընդհատ հառաչանքներով աշխատում էր մի կերպ սիրտը հովացնել: Բայց զուր, ո՜չ մի րոպե ցերեկը Եղիկի պատկերը չէր հեռանում նրա մտապատկերներից և ո՜չ քնած ժամանակը երազից: Հերիքնազը՝ պառավ մայրը, տեսնում էր աղջկա մաշվելը, բայց անճարացած էր՝ ո՜չ մարդուն կրնար խոսք հասկացնել, ո՜չ էլ տղին:

Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ասում, ի՞նչ, ուզում ես, որ գդակս վար դնե՞մ, թքածս լիզե՞մ, ասեմ կնիկս համաձայն չէ՞: «Աղջիկս մղդսի Կյուրեղի տղին չի՜ առնում», ասում էր ամեն անգամ Գալո քեհյեն, երբ Հերիքնազը մի կերպ բացատրում էր աղջկա վիճակը: Ի՞նչ է, ուզում ես, որ ողջ Շյորագյալում ծամոն դառնամ, ամենքը թքեն իմ երեսին, որ այդպիսի անկոտրում աղջիկ եմ մեծացրել. իմ օջախի անունը հողի հետ հավասարեցնեմ, աշխարհ խոսի, թե հերը տվեց, աղջիկը չառա՞վ:

Հերիքնազը լռում էր և ուրիշ պատասխան չէր գտնում, միայն ասում էր միշտ, առանց պատասխանը լսելու.

Քեզ ո՞վ ասաց այդքան շուտ իմ աղջիկը նշանել:

Գալո քեհյեն ավելի խոսակցության չբռնվելու համար երեսը առնում փախչում էր, բայց իսկապես նրա սրտովն էլ չէր Մուքեի նման փեսա ունենալը. նամանավանդ, որ նա էլ շատ բարեսիրտ մարդ էր, աղջկան այդ դրությամբ նկատելիս սիրտը կտրտվում էր: Բայց որ խոստացել էր այն համբաների, կարնեցի աղաների և քահանայի ներկայությամբ, խո չէ՞ր կարող խոստումը ետ առնել:

Աղջի՜կս, — ասում էր Հերիքնազը շատ անգամ գաղտնի, նրա արտասվելը նկատելով, — լացով մեռելը կառողջանա՞, մեռելի ետևից կընկնե՞ն, կմեռնե՞ն: Խելքի արի, քու հայրդ, քու եղբայրդ, ես, մի՞թե քու գեշը կուզենք: Մոռացի՜ր ամեն բան և ծնողներիդ օրհնանքը ստացիր:

Ասլին լռում էր և մի կերպ երեսը պահում մորը չպատասխանելու համար: Բայց յուրաքանչյուր անցած օրը նրա իրանից մի-մի շապիկ հաստություն տանում էր, գույնը թառամում, երեսը թոշնում, աչքերը կարմրում ու կծկվում, նվազում էին: Որպես նշանված աղջիկ, տանից էլ քիչ էր դուրս գալիս, որով ավելի գույնը սկսեց դեղնել և այտերի վարդագույնը թափվել: Նրա բարձր հասակը, երկար վիզը, առույգ կազմվածքը, խրոխտ հայացքը, սև ու հրացայտ աչքերը, սաթի նման մինչև ծնկները հասնող մազերն էլ այն գրավիչ տպավորությունը չէին թողնում. էլ ամեն րոպե չէր լսվում նրա քաղցր ձայնը, յուր ճկուն և ոլորուն ելևէջներով. նրա յայլիներով է՜լ չէին պարում գյուղի հարս ու աղջիկները, նա միայն առանձնության մեջ վիճակն էր ողբում աղիողորմ մանիներով, որոնց հազարը միանգամից իրար ետևից շարում, ասում էր, հառաչում, հեկեկում և վայր ընկնում մեռելի նման անձայն, անզգա:

Թեև լաց էր լինում, թեև սգում էր, բայց Ասլիի հավատալը չէր գալիս, որ Եղիկը մեռած լինի, որ յուր առյուծասիրտ և այնքան արագաշարժ Եղիկը դնդրշկած Մուքեի գնդակից մեռած լինի: Այդ հույսը նրան քաջալերում էր ապրելու, մի օր Եղիկին կրկին հասնելու տենչանքով: Եկավ վերջապես որոշված շաբաթ գիշերը. հասավ որոշված ժամը, բայց Եղիկը չեկավ, չեկավ, թեև մինչև լույս անքուն և անհանգիստ, սրտատրոփ սպասեց նրան Ասլին: Այս թեև բավական մեծ հարված էր, բայց նա խոստացել էր շաբաթ կամ կիրակի գիշեր գալ, հետևապես սպասեց և հետևյալ գիշերը: Իսկ Եղիկը, ինչպես տեսավ ընթերցողը, այդ պայմանավորյալ գիշերը անցկացրեց Մեդեդ բեգի ախոռում շղթայակապ, հառաչանքներով, այնպես, ինչպես նրան սպասողը:

Իսկ այդ գիշերն էլ անցկացնելուց հետո Ասլիին տիրեց մի տեսակ հուսահատություն, նա եզրակացնում էր, որ Եղիկը կամ մեռած էր կամ մի փորձանքի մեջ, որ չվերադարձավ խոստացյալ ժամանակին: Երկու դեպքն էլ մահացու էր Ասլիի համար, որովհետև եթե մեռած էր, իրեն էլ ի՞նչ հարկավոր էր կյանքը, մի՞թե Եղիկի թշնամուն, նրան սպանող կարծվածին գգվելու, գուրգուրելու և հաճոյանալու համար: Եթե փորձանքումն էր, շուտով դարձյալ մեռնելու էր, որովհետև ո՞վ պիտի օգներ նրա նման թշվառ և անտեր մարդուն, ո՞վ պիտի պաշտպաներ, ո՞վ պիտի փրկեր:

Այս մտքերը նրան սկսեցին օրեցօր սաստիկ մաշել` նա մահվան դիմողի նման աշխատում էր ավելի շատ ժամանակ անցկացնել այն սիրելի վայրերում, որտեղ երկար ժամանակ էր անցկացրել յուր սիրեկանի հետ, ավելի շատ մնալ այն քիլարում, որը եղել էր նրանց առանձնարանը, որպեսզի մեռնելուց առաջ մի կարոտն առնի, հագենա և այնպես գնա, մտնի սև հող: Գալո քեհյենց քիլարը դարձել էր նրան ննջարան, առանձնարան, ամեն բան: Թեև անկողնում չէր, թեև ֆիզիկապես ցավ չուներ Ասլին, բայց հոգով տկար էր, սրտով, մտքով հիվանդ: Դարերից ավելի երկարացավ այդ քսան օրը Ասլիի համար, այդ օրերում շղթայակապ բանտարկյալ Եղիկը ավելի երջանիկ էր, քան թե Ասլին, նա գիտեր, որ Ասլին ապրում էր և իրեն սպասում, բայց Ասլին արդեն սկսում էր կասկածել, որ էլ հավիտյան վերադառնալու չէր յուր Եղիկը: Երազներով էր միայն մխիթարվում, որոնք միշտ իրեն խաբում էին:

Վերջապես, մի գիշեր լուսամուտի տախտակի բացվելը նկատեց Ասլին, ճչաց, բայց կարծում էր դարձյալ երազ է: Վայրկենական արագությամբ իջավ Եղիկը, գրկեց նրան, բայց նա ուրախությունից ուշագնաց մնաց նրա կրծքի վրա:

Մինչդեռ մութ քիլարում Եղիկը աշխատում էր մի կերպ սթափեցնել Ասլիին, պառավ Հերիքնազը, որ աղջկա այս տանջանքների շրջանում քունը բոլորովին կորցրել էր, խարխափելով ներս մտավ: Թեև Եղիկի համար այդտեղ՝ մթնումը, երրորդ անձի ներս մտնելը կյանքի և մահու խնդիր էր, բայց նա իրեն անձը մոռացած՝ գոռաց.

Մի թաս սառը ջուր բեր:

Պառավը ցնորածի նման ետ վազեց, խոհանոցի միջով անցնելիս այնքան ուշքը գլխին չէր, որ կոխելով անցավ հատակի վրա պառկած երեխաների վրայով, որոնցից մանրները ցավից զարթնեցին և սկսեցին բարձր ձայնով լալ: Երեխաների ձայնը զարթեցրեց նրանց ծնողներին, որոնք հետաքրքրվեցան լացի պատճառն իմանալու: Պառավը մի կերպ ջուրը հասցրեց Եղիկին, առանց բացատրություն տալու որդիներին և հարսներին: Բայց Թոմասի կնիկը երեխաներին քնեցնելու պատրվակով վերկացավ, որոնց դեռ չհանգստացրած մոտեցավ քիլարի դռանը, լրտեսելու սկեսրոջ և տալի արարքը: Քիչ հետո մարդուն էլ կանչեց:

Պառավը, առանց իմանալու, թե ո՞վ էր աղջկա մոտ եկողը, մթնումը կատարում էր նրա բոլոր հրամանները, նա օգնում էր աղջկան և չէր կարող երևակայել անգամ, որ երդիկից մտած մարդ կար քիլարում: Ասլին վերջապես սթափվեցավ և, առանց գիտենալու մոր ներկայությունը՝ կակազեց.

Եղի՜կ, դո՞ւ ես, խո երազում չե՞մ...

Ո՜չ, ո՜չ, տե՜ս, ջուրը թրջեց քու շորերը, լսո՞ւմ ես իմ ձայնը: Ասլին երազներով այնքան խաբվել էր այդ օրերը, որ համոզվելու համար զգուշությամբ շփեց Եղիկի վիզը, գլուխը և երեսը: Հերիքնազը լուռ, ապշած, շվարած մնացել էր, չէր իմանում ինչ անել:

Եղի՜կ, տա՜ր ինձ, Եղի՜կ, ազատի՜ր ինձ, — ասաց հառաչելով Ասլին, — այս անխիղճներն ուզում են ինձ քեզանից խլել, դնդրշկածի ճանկը գցել: Եղի՜կ, փրկի՜ր ինձ...

Եղիկի անընդհատ կրկնությունը սթափեցրեց պառավին, որը մոտեցավ, գրկեց աղջկան, մի կողմ քաշելով ասաց.

Տո՜, տղա, տո՜, շան տղա, դուրս ելի՜ր, կորի՜ր, գնա իմ դռնից, թե չէ քեզ կտոր-կտոր կանեն իմ տղերքը:

Քալա ջա՜ն, թող քու տղերքը ինձ կտոր-կտոր անեն, — ասաց Եղիկը, — քու տղերքը ինձ մորթեն, քերթեն, ետև իրենց քույրը մուրազի ձեռքից խլեն, տան դնդրոշկած Մուքեին:

Ձենդ կտրե՜, նա իմ փեսեն է, դուրս կորի՜ր, հիմի կկանչեմ Թոմասիս ու Բարսեղիս, լեշդ փռել կտամ, դո՜ւրս կորիր, — ասաց, դուրս գալով, տանելով գրկում նվաղած աղջկան:

Գո՜ղ ավազակի տղա՜, տղե՜րք, ելե՜ք, Բարսե՜ղ, Մարկո՛ս, Մուրա՛դ, Համբո՛, գող կա՝ ելե՜ք, ելե՜ք, — աղաղակը բարձրացրեց Թոմասը և սկսեց շորերը հագնել; Մինչև նրանք աբեթը և կայծաքարը գտան, Եղիկը տանիք բարձրացավ և ոլորվելով մյուս փողոցն անցավ, ձին նստավ, զենքերը քննեց և պատրաստվեց դիմադրելու յուր վրա հարձակվելու պատրաստվողներին: Ողջ գյուղը զարթեց այդ աղաղակից՝ շների ոռնոցն ու հաչոցը ոտքի հանեց բոլորին, և կես ժամ չանցած քեհյի և մղդսու բարեկամ երիտասարդներից երեսուն ձիավոր սկսեցին հալածել Եղիկին: Երբ ձիավորները մոտեցան Արփաչային՝ սկսեցին գնդակներ արձակել Եղիկի ետևից և իրենց բարձրացրած աղմուկը լսելով, սահմանապահ կազակները մոտեցան նրանց և իմանալով պատճառը նրանց հետ ութ-տասը կազակ էլ միացած, անցան սահմանը և, մի քանի ժամ զուր չարչարվելուց հետո, դատարկաձեռն վերադարձան:

Լուսադեմին Եղիկը անցավ Ալաջա սարի լանջքերի վրա ոչխար արածացնող քրդերի մոտից: Սաստիկ հոգնած էր և սոված: Ղոզլուճի մոտ առաջի պատահած երիտասարդ հովիվին ճանաչեց, որը յուր նախորդ տիրոջ որդին էր: Վերջինս մերժեց նրա խնդիրքը, չուզեց նրան կաթ և հաց տալ, դեռ մի քանի նախատական խոսքեր ասելուց հետո «մուրտառ-գյավուր» տիտղոսն էլ Եղիկի երեսովը տվեց:

Կթանները քո՞ւկդ են, — հարցրեց հեգնությամբ Եղիկը, թե՞ հորդ:

Իմ հորս է, Դահար բեգինն է, — պատասխանեց գոռոզությամբ:

Քիչ անցնելուց հետո ետ դարձավ հովիվը և ավելացրեց.

Ինչի՞ ես մուրացկանություն անում, ինչի՞ թողիր մեր գառները ու փախար, ծո՜ւյլ կենդանի, գիտես թե չե՞մ ճանաչում քեզ, արի նորից գառները արածեցրու և՜ հաց, և՜ վարձք ստացիր: Չե՞ս ամաչում, ջահել տղա ես, բայց, ինչպես ասել եմ, երեսիցդ երևում է, որ մթրուբ (մուրացկանի սերունդ) ես:

Ես ո՜չ ծույլ եմ, ո՜չ էլ մուրացկան: Անցորդ եմ սոված, որին ոչ ոք չի խնայում մի փոր հաց... Ի՞նչ է, ուզում ես, որ գամ դարձյալ երկու տարի ծառայեմ ձեր դռանը մի փոր հացով, հախս էլ կտրեք, վռնդե՞ք:

Ասա՜ խաբեբա եմ:

Ձենդ կտրե՜, մի՜ ինձ բորբոքիլ...

Թե չէ... — ասաց հեգնությամբ քուրդը:

Պատրաստվիր, ես չեմ ուզում անզեն մարդու վրա զենք բարձրացնել, — ասաց Եղիկը և ղարաբինի բերանը բարձրացրեց:

Կորոնիր, գյավուրը ինձ վրա տվեց, կորոնիր, հասեք, — սկսեց գոռալ քուրդը: — Հեռվից երկու հովիվներ իրենց մահակներով վազեցին օգնության Դահար բեգի որդուն: Մեկը մի քարի կողք անցավ և հրացանի փողը ուղղեց, որը Եղիկի կողքովն անցավ: Եղիկը, առանց ձիուց իջնելու, հրացանը ուղղեց և քարի ետև անցածի ուղեղը ցրվեց: Մյուս քուրդը սկսեց վազել դեպի չադրները: Եղիկը մինչև մի գնդակ էլ նրան հասցնելը, ետևից Դահար բեգի որդուն ուրիշ երկու քրդեր էլ օգնության հասան, որոնք ղարաբինաներով հարձակվեցին եղիկի վրա: Ետ դարձավ Եղիկը և, ղարաբինան դատարկելով, գետին փռեց բեգի որդուն: Այս որ տեսան օգնության եկող քրդերը, սկսեցին փախչել: Եղիկը, ավելի մեծ խմբից չշրջապատվելու համար, նրանց հետևեց, բայց անկարելի էր շեշխանա թվանքը լցնել, փողը տաքացել էր, վտանգավոր էր իսկույն երրորդ անգամ լցնելը: Մինչև հրացանի սառչելը նրանք բարձրացան Ալաջի գագաթը, երկյուղից մինչև կեսօր այնտեղ պահվտեցան:

Եղիկը Դահար բեգի որդու ղավալը առավ և եղանակ ածելով հինգ հովվի կթանը հավաքեց, որոնց թիվը երեք հարյուրի մոտ էր, առաջը խառնեց և քշեց Տիկորի կողքից, անցավ իջավ ուղիղ Ծբնի: Մթան ժամանակ նա այդտեղից բարձրացավ դեպի Յաղլուճա և այնտեղ յանլա գնացող հայերին բաժանեց ոչխարը կիսովի պահելու: Այնտեղ գիշերը չկարողանալով հանգստանալ, ելավ հեծավ ձին, քշեց դեպի Քերս:

Ա՜յ տղերք, — ասաց նրա գնալուց հետո ծբնեցի տերտերը, — այս մարդը խելառ էր, գող էր, կթան ոչխարը առանց գառի որտեղի՞ց բերեց ու ցրվեց քյասումի (կտրվածքով):

Բան չունի՞ս, տերտեր, ամեն խեղճ տուն իրեն համար հինգ-տասը կթան ունի, նրանց գառներով դրանք էլ կկթվեն, թող աղքատ մարդիկ շահվին:

Բան չեմ ասում, բայց...

Երևի քեզ քիչ տվեց...

Չէ, դուն էլ, Գոգոր ամի, մենք մերը շա՞տ շահեցինք. բայց ես վախենում եմ, որ էգուց կթանների տերերը գան ու մերն էլ հետը ետ տանեն:

Ո՞վ գիտե, ո՞վ կարող է ճանաչել, գիշերս ամենքն էլ կխուզեն, էգուց քառասուն սատանա գա, չի ճանաչիլ նրանց:

Աստված տա այդպես լինի, բայց վախենում եմ...

Ես ու դու թե բան չխոսենք, վախենալու ոչինչ չի լինիլ. ամենից մեծ վախը մեր լեզվիցն է, — ասաց խոսքը կտրելով Գոգոր ամին:

Գիտե՞ք ինչ կա, տերտեր, — մեջ մտավ մի ուրիշ ծերուկ, — այդ մարդու նստած ձին գիտես, թե մեր Մատո քեհյի իլխից փախցրած ձին է:

Ես հավատացած եմ, որ այդ մարդը էլ ետ չի՜ գալ, — կրկնեց մի ուրիշը:

Էհ, լավ կշինեք մեր տունը, «գիտես թե», «ինչի՞ մնաց», «վախենում եմ», «ես հավատացած եմ»... թողե՜ք, աստված սիրեք, այդպիսի ենթադրությունները, գործերիդ աշեցեք, — ասաց նեղացած Գոգոր ամին: — Չի՜ գալ, գլուխը քարը, թե չի գալ, մենք վնաս խո չե՞նք ունենալ: Փառք աստծու, մեր երեսուն աղքատ տանը ամեն, մեկին տասը-տասը կթան բաժանեց. էլ ի՞նչ կուզեք: Գիտեմ, ձեր քեֆով կլիներ, եթե բոլոր ոչխարը ձեր երեքին տար գնար... բայց իշտահներիդ պրաս ջարդեցեք, մարդը արդար դատաստան տեսավ: Չտես մարդ եք, ի՞նչ պիտի լինի, փորերումդ մի գաղտնիք չեք կարող թաղել: Այնքան ծակաչք եք, այնքան նախանձ, որ Էգուց գնացող-եկող քուրդին ու թուրքին այսօրվա բաժանած կթանի մասին կխոսեք, ձեր արմանքն ու զարմանքը ցույց տալով:

Գոգոր ամին լավ է ասում, — մեջ մտավ մեկը, բերաններդ սրբեցեք, տներդ քաշվեցեք: Մի անգամ էլ փորձեցեք գաղտնիքը փորերումդ պահել, տեսնեք խո չի՞ ծակվի, թափվի:

Սարը փախած երկու քուրդ հովիվները երկյուղից այնտեղից դուրս չեկան մինչև իրիկուն: Գիշերը մթանը գնացին իրենց վրանները, և որպեսզի ընկերներից ու մեծերից չնախատվին՝ խաբեցին, որ տասը-քսան ձիավոր թյարաքամա իրենց հետ կռվել, ընկերներին գնդակահար արել և ոչխարն էլ քշել տարել էին դեպի Չըլդըր: Քուրդերը հավաքվեցան, խորհրդի նստան և ձիավորներ հանեցին դեպի Չըլդըր, բողոքեցին փաշային ու ղայմաղամին, բայց ոչխարի հետքը չգտան:

Ծբնեցիք մարսեցին կթանները:

Ծբնու յայլեցիք դեռ չէին ցրվել, հանկարծ մի աղմուկ բարձրացավ և տասնի չափ ձիավորներով Մադո քեհյի տղան՝ Վարդգեսը, մտավ յայլա: Բոլորը շրջապատեցին նրան, և նա, առանց ձիուց իջնելու՝ հարցրեց.

Տերտե՜ր, մի ձիավոր չոբան այստեղ է եկել, ո՞ւր է:

Որդի՜, Վարդգե՜ս, — ասաց տերտերը, — մի ինչ-որ չոբան յուր կթանները բերեց քյասումով բաժանեց ու գնաց:

Ո՞ր կողմը գնաց:

Չգիտեմ, բայց կես ժամ հազիվ կա նրա գնալը:

Ո՞ւմ բաժանեց կթանը:

Խեղճերուն, որոնք չունեին, ասաց չունևորներին տամ, որ լավ պահեն ապրանքս:

Ի՞նչ ձի էր նստել, տեսա՞ր:

Բաց կապույտ ձի էր, լավ չաշեցի:

Վարդգես ջան, — մեջ մտավ մի գյուղացի, — գիտես, թե ձեր քյոհլանն էր:

Տեսաք ու չբռնեցի՜ք նրան, ինձ իմաց չտվի՜ք: Իմացա՜, իմացա՜, տերտեր, դո՜ւ եղել ես յաթաղ (իջևան պահպանող), ամեն գող քեզ մոտ է վար գալիս: Գյուղացու էլ բերանը կապելու համար տունգլուխ տասը-տասը կթան ես բաժանում: Էգուց Մեդեդ բեգին դու պատասխան տուր: Տղե՜րք, քշեցեք, հալբաթ տեսնող չեղա՞վ, որ կողմը գնաց:

Մութ գիշեր, ո՞վ է իմանում, բայց այդ խոսքերդ լավ միտքդ պահե, գնա ձիդ տանողի ետևից, բայց մի՜ մոռանալ, որ ասածներդ հաստատելու ես, — ասաց տերտերն ու հեռացավ:

Քեզ հետ Մեդեդ բեգի քով կխոսիմ, տերտեր: Տղե՜րք, քշեցե՜ք, — ասաց ու առաջ անցավ Վարդգեսը:

Մեդեդ բեգեր շատ է տեսել տերտերն ու Ծբնին. դու գնա նրա ոտքերը լիզե, տեսնենք կարո՞ղ է առանց ինձ հորդ միշտ քեհյա պահել, որ դու էլ բրդբրդաս: Գնացե՜ք տներդ, թե մեկը մի խոսք կասե, ասեք տերտերն առավ ոչխարը, մեզ պահ տվեց:

Աստված կարգիդ հաստատ պահե, տերտեր ջան, — ասաց մի ծերուկ, — դու որ մեզ հովվես, հովանավորես, էլ մեր ի՞նչը կպակսի:

Վարդգեսը յուր ձիաներով ճանապարհի հովիվների մոտից անցնելիս հարցնում էր` խո չէի՞ն տեսել ձիավոր:

Վարդգես ախպեր, — ասաց մի զռչեցի հովիվ, — նոր մի ձիավոր Բվիկի կողմը գնաց:

Բվի՛կ, — ասաց ու գոռաց, — տղե՜րք, քշեցե՜ք, բռնենք այդ անիծածին:

Ղաթար-ղալա ավերակների մոտ նրանք հասան Եղիկին: Վերջինս, հասկանալով, որ իրեն են հետևում, մտավ ավերակների մեջ և ձիուց իջնելով նրան մի պատի ետև կապեց, ինքը հրացանը առած անցավ մի ուրիշ պատի տակ և մթնումը բավական դիտելուց և նրանց բարձրացրած աղմուկը լսելուց հետո նկատեց, որ խմբով, մեծ արագությամբ գնում են ճանապարհով:

Տղե՜րք, — գոռում էր Վարդգեսը, — հասե՛ք, շտապեցե՜ք հասնենք:

Կհասնեք, — գոռաց Եղիկը և հրացանը դատարկեց:

Վա՛յ, — գոռաց մեկը, ընկավ ձիուց: Մի քանիսը նրան շրջապատեցին: Վարդգեսի խումբը շվարեց և չկարողացավ իմանալ, թե որ կողմից եկավ գնդակը: Մինչ նրանք շփոթության մեջ էին, Եղիկը սառեցրեց, լցրեց թվանքը և տեղը փոխելով, երկրորդ գնդակը արձակեց իրեն հետքը փնտրող մի ուրիշ խմբի մեջ:

Վա՛յ, մեռա՛, — գոռաց մի ուրիշն ընկնելով:

Տղե՜րք, այդ գյուլլեն ուրիշ տեղից եկավ, — ասաց մի ուրիշը, — այս խարաբում շատ մարդ կա, փախչենք:

Եղիկը տեղը փոխեց և կրակեց լեզգու փշտովը, որը նույնպես վիրավորեց մի երրորդի:

Կրակեցե՜ք, — գոռաց Վարդգեսը: Չորս հրացանավորներ միասին կրակեցին, և գնդակները թաղվեցան Ղաթար-ղալայի ավերակների որմերի մեջ: Եղիկի ուզածն այդ էր. նրանց հրացանները մինչև կրկին անգամ լցնելը, նա կարող էր չորս կրակ էլ անել, ուստի համարձակ գոռաց.

Մի՜ վախենաք, վախկոտներ, ձեր դեմ մի՜ հայ է, ձեր տասը ձիավորի դեմ դնողը ղարաքիլիսեցի Եղիկն է:

Տղե՜րք, վրա տվեք, — գոռաց դարձյալ Վարդգեսը, — տո՜ մեր մշակն է, տո այն սատկած Եղիկն է, ձայնից ճանաչեցի, վրա տվեք:

Տղոց արյունը մի՜ մտնիլ, դու առաջ արի, Մատո քեհյի տղա, մի՜ թուլանալ, քու դեմ կանգնած է այն մշակը, որի մի տարվա հախը կուլ տվիր, — ասաց և հրացանը ուղղեց Վարդգեսի կողմը: Վարդգեսը հրացանը դատարկելու չմնաց, ձեռքից ընկավ, ինքն էլ ձիուց վայր ընկավ: Մի ուրիշ քաջասիրտն առաջ անցավ և գոռաց.

Թե ղոչաղ ես, դուրս արի, խարաբաների ետևից անսիրտ կնկտիքն են կռվում:

Քսան հոգով մի ասլանի դեմ էլ որ դուրս գան, նա էլ կփնտրե իրեն համար մի ապահով անկյուն, — ասաց, և երբ պատասխանում էր առաջինը, հրացանի գնդակը նրան էլ գլորեց:

Տղե՜րք, — գոռաց մի ուրիշը, որ մինչև այդ ժամանակ նախկին ընկնողի քովն էր, — դարձե՜ք, ետ դարձե՜ք, — և ինքը ձին մտրակեց:

Ձիերդ թողե՜ք, թե չէ ո՜չ մեկդ չեք ազատվիլ իմ գյուլլուլից, — գոռաց Եղիկը:

Արի տա՜ր, — գոռաց փախչողներից մեկը: Եղիկը մի գնդակ էլ հասցրեց: Նրանց խումբը մեծ էր, մեկն ու մեկին հասնում էր գնդակը:

Քշեցեք, տղերք, քշեցե՜ք, մի՜ վախենաք, — գոռում էին իրար սիրտ տալով և փախչում մնացյալ երեքը, առանց ետևները մտիկ տալու:

Եղիկը ձիերը հավաքեց, իրար կապկպեց, մեռածների զենքերն ու զարդերը նրանց վրա բարձեց, առաջը խառնեց և մինչև արշալույս մտավ Քերս, առանց դժվարության գնաց մտավ Միրզայի տունը՝ ջրաղացի մոտ:

Եղիկը, գիշերը սաստիկ հոգնած լինելով, ընկավ և խորդալով քնեց: Կեսօրից մի երկու ժամ անցնելուց հետո նա դարձյալ խռկում էր: Միրզան ջրաղացի ներքնատանը որդու հետ երկար աշխատանքով հազիվ կարողացան մի կերպ թաքցնել ու ծածկել Եղիկի բերած զենքերն ու զարդերը, իսկ ախոռի երդիկը լավ կապել էին, որ եթե հանկարծ մարդ ներս մտներ, ոչինչ չնկատեր: Ողջ օրը հսկում էր Միրզան ճանապարհները և ամեն անցորդ նրա սիրտը խռովեցնում էր, հազար ու մի կասկածներ բարձրացնելով: Նախկին վաճառական չարչին մտքովը հաշվում էր ձիերի գինը, զենքերի արժեքը և նրանց վրա գտնված ոսկու և արծաթի կշիռը, նրանց վաճառելու եղանակը, ձեռք բերելիք դրամը և դրանով ձեռնարկելիք նոր-նոր գործերը, որոնք խոստանում էին մի քիչ բարվոքված ապագա: Միրզան անհամբեր սպասում էր գիշերվա գալուն, բայց արեգակը համառվել, ծանր էր հեռանում: Մելոն` վաճառականի որդին, զենքերով էր զբաղված, նա արդեն նրանց միջից ամենաընտիրները իրեն բաժին էր դուրս բերում և երևակայում էր դրանցով զարդարված, գլուխը գույնզգույն աղլուխներով կապված քոլոլ դրած, ձեռքին երկար նիզակ, քյոհլանը տակին, սարերի և ձորերի մեջ ազատ, ինքնիշխան և քուրդն ու զաբիթը (ոստիկան) առաջը խոնարհած: Նա երևակայությամբ գնում էր Բիթլիզ և պատրաստվում էր հոր տունը քանդող բեգերից և էֆենդիներից վրեժ լուծելու:

Այդ միջոցին հեռվից երևցան երեք ձիավոր հայեր, որոնք ուղղակի դիմեցին գյուղ քեհյի տունը: Միրզան դողում էր, նրա կյանքը մազից էր կախված, բավական էր, որ նրա տունը մեկը քններ այդ ժամին, բավական էր, որ ջրաղացում աղացողները լսեին մի որևէ ձիու ոտնաձայն կամ խրխնջոց: Բարեբախտաբար ջրաղաց եկողներից ոչ ոք չէր հեռանում յուր ցորենի կամ ալյուրի պարկի մոտից, իսկ աղորիքների բարձրացրած աղմուկը խլացնում էր նրանց, ուրիշ ձայն լսելու անկարող էին:

Տո՜, տղա՜ Մելո՜, գնա քեհյենց տուն, տես այս ձիավորներն ի՞նչ կխոսին, — ասաց Միրզան որդուն և ուղարկեց լրտեսելու. Մելոն սլացավ: Հինգ վայրկյան չանցած նա մտավ քեհյի օդեն, երբ դեռ նոր էին ձիուց ցած գալիս ճանապարհորդները:

Բարի հաջողում, խե՜ր է, բարի հրամեցեք, — ասելով քեհյեն վեր հրամցուց ձիավորների առաջնորդին:

Խերն ու չարը աստված գիտե, քեհյա ջան, ո՞վ գիտե, իրիկունը մի մեծ փորձանք է պատահել, մեր մի քանի տղերքն ընկել են, մեկ-երկուսը գլուխները հազիվ են ազատել:

Ձիավորները առավոտ մեզ էլ իմացուցին, բալո տեղով չհասկացանք, թե ի՞նչ բան է:

Մի ինչ որ ավազակ, մեր Մատո քեհյենց անցած տարվա մշակը, մի նիհար, կարճ, քոռ, սատկած լակոտ փախել է ուռուսի հողից, ընկել է սարեսար, գյուղեգյուղ, չարած փչությունը չմնաց:

Ախր մեկ ասա՛, ի՞նչ է արել:

Երեկ մեր տղերքր տեսել են նրա տակը խնամուս՝ Մատո քեհյի, քյոհլանը, որը սրանից ութ-տասն օր առաջ իլխից փախցրած է եղել, ընկել են ետևը, բերել նեղն են գցել Ձաթար-ղալայի մոտ: Անիծածը մի աչք ունի, բայց որ մթնումն էլ է տեսնում, մեկ-մեկ վեցյոթ մարդ կոտորել թողել է, քեհյի տղեն՝ Վարդգեսը, ընկել է: Ողջ գեղը սուգ ու շիվան է ընկել, անիծում են ամենքը մեր քեհյին, որ իրենց տղերանց մեռնելու պաաճառ է դարձել:

Ո՞վ է այդ ղոչաղը, թե հոգիդ սիրես:

Մի լպուզ լակոտ, տեսնե՜ս, երեսը չես թքի, ձեռքդ վրան բարձրացնես՝ հոգին կտա: Մի քաղցած խոզարածի մեկը: Տ՜ո, մարդս էլ մարդ լինի, տղամարդու շնորհք ունենա, ցավ չի գալ: Եղիկ է անունը, բայց Քոռ-Եղիկ են կանչում:

Հերիք չէր մինչև օրս եղած ղաչաղները, թարաքյամաները, քրդերն ու բեգզադաները, այդ էլ ավելացավ:

Այդպես սատկած մի ղաչաղ, այն էլ հա՜յ... Տո՜, թե դա մի կատարյալ տղամարդ լիներ, աշխարհ պիտի քանդեր:

Սխալ ես, խնամի Ասատուր, դու միշտ վախեցի՜ր կույրերից, կաղերից, չոլախներից, կուզերից, քաչալներից... այդպիսի մարդիկ հազար անգամ ավելի ճարպիկ են, քան քու սովորական տեսքով մարդիկը:

Այս կողմերը, խնամի, այսօր եկող կամ այդպիսի ձիավորի տեսնող, կամ ձիաներ բերող չե՞ք իմացել:

Ոչի՜նչ ո՜չ մի բան: Դու խո գիտես, Քերսում մի ճնճղուկ էլ որ թռչի, խաբարը իմ ականջին իսկույն կհասնի: Ուղիղ է, ես մեր տան կտուրին եմ միշտ նստած լինում, բայց յոթ սարից այն կողմը քրդերի չադրաներում ի՜նչ էլ որ պատահի, իսկույն իմանում եմ:

Ոսկի ճնճղուկ ունիմ, ինձ խաբար է բերում: Ձեր գեղը այս խաբարը չիմացած, ես արդեն ամեն բանից տեղյակ էի: Էգուց կամ մեկել օր ինձ տեղեկություն կբերեն, թե որտե՞ղ են ձեր նժույգները, եթե ռուսի մեջ չանցնին: Տղե՜րք, հաց բերեք խնամիներուն:

Մինչ տղերքը պատրաստվում էին սեղանը սարքելու, Մելոն լուրը տեղ հասցրեց: Միրզան որ լսեց, երկյուղից շրթունքները ճաքեցան, նա գժվում էր մտածելով: Մելոն ուրախ էր և նախանձում էր իրենց բարերար փոքրահասակ, կույր ու վտիտ Եղիկի վրա: Ողջ գյուղը նրա արկածներն էր խոսում, ամեն բերան նրան էր գովում, ամեն տեղ հետաքրքրվում էին այդ հարցով, որ հանդգնել էր քրդերին գնդակահար անել, կթան ոչխարները հափշտակել, հայերին բաժանել, կապված ախոռներից բխոված քյոհլաններ փախցնել, յուր անունով սարսափ գցել: Մելոն խո դեռ շատ բան էլ էր լսել. նա գիտեր Եղիկի հովիվ ժամանակ պատահած արկածները, կրած զրկանքները:

Եղի՜կ ախպեր, ինձ էլ հետդ տանես, ես զզվել եմ, էլ չեմ ուզում տանը նստել, — ասաց Մելոն իրիկվա հացից հետո, երբ առանձնացած նստած էին: Եղիկն էլ նույն պահուն մտածում էր յուր մենակության մասին և չէր իմանում ինչպես ճար գտնել: Մելոյի խոսքերը նրա մեջ նոր մտքեր ծնեցին, բայց նա կասկածում էր պատանու վրա, որը դեռ տասնութ տարեկան էր: Նա շվարած մնաց, չէր իմանում ինչ պատասխանել:

Մի՜ վախենալ, Մելոն վախկոտ չէ, երեխա չէ, այսպես ապրելը չապրելուց ավելի վատ է ինձ համար:

Եղիկը՝ խորասուզված, կարծես բոլորովին չլսեց այս վերջին խոսքերը, Մելոն` աչքերը հառած նրա երեսին, պատասխանի էին սպասում:

Այս սրտիս վրա այնքան վերքեր կան, այնքան խոցեր կան, որ երեք հարյուր տարի էլ դեղ անեն՝ չի բուժվիլ, միայն սարն ու թվանքը կհովացնեն, կհանգստացնեն: Տա՜ր ինձ քեզ հետ, հետո լավ կճանաչես Մելոյին: Այնքան լացով ու հառաչանքով ողջ գիշերներ քաղցած եմ անցկացրել, պատառոտած շորերով գիշերները բաց օդում սրա-նրա մարագում կամ հավանոցում այնքան զնգզնգացել եմ, այնքան ծխաններից եմ իջել մի փոր հացի համար, որ ամեն նեղությունների դիմանալու սովորել եմ, մարդու բեռ չեմ դառնալ, ո՜չ հարստանալու աչք ունիմ, ո՜չ էլ փաշա դառնալու եմ, մեկ այս բորբոքված սրտիս կրակը մարեմ, նրանից հետո մեռնելը մեծ դարդ չէ:

Следующая страница