Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Եղիկը ապուշ-ապուշ նայում էր Մելոյի երեսին և չէր կարողանում պատասխանել: Նա լսածները և յուր ծրագիրը կազմելու հետ էր: Մելոն էլ լռեց և մտքովը զայրանում էր անգամ, որ Եղիկը իրեն արհամարհում էր, իրեն խակ տղի տեղ էր դնում: Բայց բարկությունից երկար չկարողացավ զսպել ինքնիրեն, ասաց վրդովված.

Ինչի՞ չես պատասխանում, Եղիկ ախպեր, կասկածո՞ւմ ես ինձ վրա:

Ո՜չ կասկածում եմ, ո՜չ էլ մերժում քու խնդիրքը, ուզում ես կարող ես գալ, դու ինձ բեռ չես դառնալ: Բայց թո՜ղ ինձ, ես դեռ քիչ էլ մտածեմ:

Մելոն ուրախությունից գրկեց նրան, այնպես սեղմեց կրծքին, որ կարծես յուր պաշտած սիրականը լիներ, որի կարոտը յոթ տարի քաշելիս լիներ: Եղիկին թեև Միրզան յուր վշտերը պատմել էր, բայց նա նկարագրել էր յուր տեսակետով փողերի, մյուլքերի և այգեստանների կորուստն էր ողբացել, որոնցից իրենց զրկել էր մի անգութ ղադի, բայց Մելոյի խոսքերից երևում էր, որ դեռ շատ նեղ օրեր էլ տեսած էին եղել, որոնք այնքան չէին վրդովել ոսկեպաշտ չարչուն:

Ի՞նչ է դիտավորությունդ, ինչի՞ ես այդքան ուզում ինձ հետ գալ, — ասաց Եղիկը քիչ հետո:

Ես մի ժամ առաջ լսեցի քեհյի օդայում, թե ինչպես էին խոսում քո քաջությունների մասին, ինչպես էին ծաղրում այն սուտ բեգերին, որոնք ոչխարը թողել փախել էին քու առաջից: Իմացա, թե դու ինչպես վրեժդ լուծում ես թշնամիներից: Ինձ էլ այդ է հարկավոր, ե՜ս էլ, մե՜նք էլ ունենք թշնամիներ, մի օր, մի ժամ ֆրսանդ ընկներ ձեռքս, Ջավո բեգին, Աբդուլլահ էֆենդուն և Բեքիր աղայի արյունները խմեի, նրանց տղերքն էլ մեր օրը՝ քաղցած, մերկ, ուրիշների դռները գցեի, հետո մեռնեի:

Այդ մարդիկը ձեզ ի՞նչ են արել:

Հորս, պապիս, հավիս օջախները քանդել են, մեզ բոլոր կարողությունից զրկել... թողել ենք մեր պապերու գերեզմանները, մեր տներն ու մեր այգիք, եկել ընկել ենք Ղարս ողորմություն մուրալու: Դեռ հելե...

Ուրիշ էլ ի՞նչ:

Չասվելու, չխոսվելու շատ ու շատ բան, որոնք քեզ ճանապարհին կասեմ: Ողջ հայ, թուրք նախանձում էին մեր ունեցածին, հորս ապրանքների քարավանների մեկ ծայրը Տրապիզոն էր, մեկը Թավրիզ, մեր սուրիները Հալեբ ու Շամ էին, նախիրները Ղայսարի ու Անգյուրի... այդ բոլորը տարան, այդ բոլորի մասին երբեք էլ չեմ մտածում, բայց երբ միտքս է գալիս մորս գլխուն խաղացած խաղերը, ինձ տված տանջանքները...

Եղիկը դառն մտածությունների մեջ ընկավ, նա զգաց, որ Մելոն էլ եթե ոչ իրեն չափ, գոնե իրեն նման տանջված էր և անհաշտ թշնամի էր էֆենդիների, աղաների, բեգերի, որոնք թունավորել էին չարչու ընտանիքի կյանքը:

Ա՛խ, մեկ Բիթլիզ ընկնեինք, մեկ ես այդ անօրեններին ձեռքովս կտրատեի, նրանից հետո...

Լա՜վ, Մելո, մի վախենալ, քանի որ հաստատապես միտքդ դրել ես վրեժդ լուծել, կհասնես նպատակիդ, այդ մասին խոսելդ գործը կխանգարե: Գործողը գործը կկատարե, անելիքը չի խոսի: Ձիերը պատրաստ են, թամբքերը զարկ, զենքերից լավերը ջոկե քեզ համար, կեսգիշերին ճանապարհ ընկնենք:

Երեք օր հետո Եղիկն ու Մելոն Էրզրումում ձիերը ծախելուց հետո ճանապարհ ընկան Հասան-ղալայի վրայով դեպի Ալաշկերտ: Ուրախ գնում էր Մելոն, նա ըղձալի ասպարեզի վրա էր կանգնած, զարդարվել էր Էրզրումում ձեռք բերած զենքերով ու շորերով և ազատ դաշտերում, ձորերում ու սարերի վրա մտրակում էր ձին:

Եղիկը մտախոհ նրան էր հետևում: Ոչ մի բան նրա աչքից չէր հեռացնում Ասլիին. գիշեր-ցերեկ Ասլիի մոտ էր: Ո՞ւր տաներ Ասլիին. Քերսում նրան արդեն կարող էին մատնել, Շյորագյալում նրան բոլորը ճանաչում էին. ո՞ւր գնար, որ կարողանար երևակայած խաղաղ կյանքը գտնել: Այս մտածմունքները ժամերով նրան տանջում էին և ապահով կյանքի մի ապահով անկյուն նա չէր գտնում աշխարհում, ամեն տեղ երևակայում էր հարստահարողներ, կեղեքիչներ և թշվառի վարձը կուլ տվողներ:

Նա չէր կարող գողանալով ապրել, նա չէր ցանկանում ուրիշի վաստակածը հափշտակել, նա գիտեր, թե որքան ցավալի է աշխատողի համար յուր ամեն մի կոպեկից զրկվելը, նա գիտեր, թե ի՞նչ անտանելի վիշտ է դատողի համար տեսնել յուր դառն աշխատության ձեռք բերած բարիքներով իրեն կողոպտողի արած շռայլությունները, զեխությունները: Այդ կասկածները յուր կաշու վրա էր փորձել և այդ վերքերի սպիները սրտի վրա թարախոտվում, մաղձոտվում էին: Քսանևհինգ տարեկան էր, քսանհինգ տարին էլ տանջանքով ու զրկանքով էր անցկացրել, յոթ տարեկան հասակում վարձող ծառայության էր մտել, տասնևութ տարի ուրիշի դռանն էր ծառայել, տիրոջ` իրեն վարձողի դարդ էր քաշել ու միշտ զրկվել, անարգվել, հառաչել և ցանկացած վայելքների կարոտը քաշել:

Եղիկը մտածում էր՝ ինչպե՞ս ապրել այնպիսի դրացիներ հետ, որոնք գիշեր-ցերեկ աչք ունեին մեկը մյուսի ստացվածքի վրա, իրար շողոքորթում էին, ոտքերը լիզում, օրական հազար անգամ երդվում իրենց անկեղծ բարեկամության մասին, մեկը մյուսի համար կյանքերը զոհելու պատրաստականություն էին ցույց տալիս, բայց ամեն րոպե պատրաստվում էին իրար գլուխ փշրելու, փորը թափելու և արյունը ծծելու, պատեհ առիթ ձեռք ձգելուն պես:

Նա, որ ո՜չ կարող էր շողոքորթել, ո՜չ խաբել, ո՜չ էլ զրկել, ինչպե՞ս յոլա երթար այդպիսի դրացիների հետ: Այս մտածություններից երբեմն-երբեմն նրան սթափեցնում էին Մելոյի գնդակները, որոնք որոտալով գլորում էին այս ու այն կողմը զանազան որսեր:

Ո՞ւր էր գնում Եղիկը, ինքն էլ չգիտեր, միայն նրա բոլոր մտածմունքները կենտրոնացած էին Ասլիով, որը մագնիսի նման իրեն էր քաշում: Էրզրումհց նրա համար դարձյալ նոր-նոր զարդեր ու շորեր էր առել, դրանք մտածում էր մի կերպ տեղ հասցնել: Բայց չէր կարողանում վճռել հեռացնելու Ասլիին հոր բնակարանից, որտեղ խղճալին ալեկոծված նավի նման տատանվում, ծփում էր ամեն ժամ ապառաժների բախվելու զարհուրելի երկյուղից:

Երբ Ալաշկերտի գյուղն անցան, մտան Գելիձոր, նրանք պատահեցան մի հիսուն ձիուց բաղկացած քարավանի, որը Տրապիզոնից ապրանք էր տեղափոխում Պարսկաստան: Ամենանեղ կիրճում նրանք իրար դիմավորեցին:

Բարի հաջողում, — ասաց Եղիկը, ձին առաջ քշելով ղաթրջի բաշուն (քարավանապետին):

Աստծու բարին, — պատասխանեց զաթրջի բաշին, — ձեզ էլ բարի հաջողում:

Երբ քսան քայլի չափ հեռացան: Մելոն ասաց Եղիկին.

Նա՛ է:

Ո՞վ է:

Այն փուչ Օսման-Ղավազը, որ միանալով Ջավո բեգի, Բեքիր աղայի հետ, մեր հարյուր բեռ ապրանքը կուլ տվեց և սուտ վկաներով հաստատեց, որ իրեն կողոպտել են:

Ի՞նչ անենք:

Զոհի փոխարեն զո՜հ, կողոպտենք ապրանքը:

Գուցե ապրանքը թշվառ և բարի մարդկանց է պատկանում, որոնք հավիտյան կտանջվեն, եթե կորցնեն այս կարողությունը: Բայց գուցե սխալվում ես, լավ տեսա՞ր:

Մի՞թե քեզ չեմ ճանաչիլ, եթե սրանից տասը տարի էլ անցնի: Կուզե՞ս խոսեցնեմ:

Մելոն ետ դարձավ, մոտեցավ ղաթրջուն:

Օսման-Ղավազ, — ասաց, — այս ապրանքը մերը խո չէ՞:

Ես քեզ չեմ ճանաչում. ապրանքը Հյուսեին Ալի խանինն է, Իրան ենք գնում: Որտեղի՞ց եք, ո՞վ եք դուք, աղա՜:

Որ չես ճանաչում, էլ ինչի՞ ասեմ, մի՞թե մեր ապրանքը ավելի քիչ անգամ եք կրել, քան թե Հյուսեին Ալի խանինը, — ասաց ձին մտրակելով:

Ծանոթս գալիս եք, բայց չեմ հիշում, — պատասխանեց ղաթրջին, որի բառերը հազիվ թե լսեց Մելոն:

Եղիկ, — ասաց մոտենալով Մելոն, — ապրանքը թավրիզցի Հյուսեին Ալի խանինն է եղել: Ճանաչո՞ւմ ես այդ մարդուն:

Լսել եմ: Մի ժամանակ ղաչաղ-ավազակ է եղել Գյանջայում, Ղարաբաղում: Հարստացել, փախել է Թավրիզ, թյուջեր (վաճառական) ու խան է դարձել: Ձիդ քշե, գնանք Յուչքիլիսեի (ս. Հովհաննես) վանքը անցնենք, բարձրանանք Դիադինու ետևը ձորի մեջ, ճանապարհները կտրենք:

Օսման-Ղավազը, զինված ձիավորները տեսնելիս, սկզբում քիչ կասկածեցավ, բայց երբ նկատեց և իմացավ նրանց հայ և մանավանդ վաճառական լինելը՝ աներկյուղ առաջ գնաց: Հետինքը անցել էր, երբ քարավանը սկսեց մտնել ձորը: Ղաթրջի բաշին՝ 0սման-Ղավազը, պաշարով բեռնավորված ձիու վրա նստած, հրացանը ուսին, չիբուխը ծխելով առաջ էր վարում քարավանը, երբ Մելոյի գնդակը նրա գլուխը ցրվելով ձիուց վար գլորեց:

Գոռում-գոչյուն ընկավ տասնի չափ սեիսներու (ձիադարման) և ծառաներու մեջ. քարավանը ակամա կանգնեց: Ծառաներից ո՜րը լավ էր համարում ճանապարհը շարունակելը, ո՜րը փախչելը և լուռ տանելը Դիադին, ո՛րը միացած կռիվ մղելը, վերջապես ծառաներից մեկը քաջություն ունեցավ տիրոջ ձին նստել և ետ քշել Դիադին, օգնության կանչելու հույսով: Մելոն ժայռի ետևից մի երկրորդ գնդակով գլորեց այդ արիասիրտ ծառային էլ: Ծառաները բոլորովին թուլացան, երբ իրենց ընկերն էլ գլորվեց:

Որքան զենք որ ունիք, բերեք թափեցեք ջուրը, — գոռաց Եղիկը, — եթե չեք ցանկանում բոլորդ էլ կոտորվել:

Իսկույն զենքերը թափեցին վտակը:

Քարավանի գլուխը դարձրեք դեպի Սարիբեգ, — հրամայեց Եղիկը երկու ծառաների, իսկ մնացյալներին մտցրեց վտակը և ջուրը լցրած զենքերը դուրս հանելով՝ դրեց բեռների վրա: Հետո մտցրեց նրանց ապառաժի մեջ մի այր, բոլորի ձեռքերը կապկպեցին, թողին և այրի բերանը մեծ քարով ծածկելուց հետո գնացին, մեջգիշերին մտան Սարիբեգ:

Այդտեղ Եղիկի մի ծանոթ ընկերը, որ ղաչաղլի էր (կոնտրաբանտիստ), մեծ ուրախությամբ ընդունեց նրանց, ձիերը և ապրանքը ապահով տեղ տեղավորելուց հետո խոստացավ նրանց օգնել` գյուղի մի քանի ուրիշ երիտասարդների միջոցով ապրանքը անցկացնել ռուսի հողը:

Ի՞նչ ասել կուզի, որ Եղիկը իշխանավայել առատությամբ վարձատրեց ոչ միայն իրեն օգնող, ապրանքը ռուսաց սահմանն անցկացնող երիտասարդներին, այլ գյուղի բոլոր աղքատ, թշվառ և կարոտ դասակարգը անխնա լիացավ ավարի առատությունով: Իգդիրում հայտնի մի ծանոթի տանը ապրանքները տեղավորելուց հետո մի մասը երկու ձիաբեռ ընտիր կտորները բարձած Եղիկը երեք ընկերներով դեմեց դեպի Գյոկչա: Եղիկը սովորած էր մեծամեծների դռներում ծառայելիս կաշառելու ձևերը: Նա մի համեստ հարկի տակ իջևանելուց հետո ապրանքից մի-մի խալաթացու ընտիր կերպասներ Հին-Բայազետի աղաներին փեշքյաշ տարավ և միջոցներ ձեռք առավ ոչ միայն նրանց հայացքին հաճոյանալու, այլ մինչև անգամ նրանց շրթունքները քաղցրացնելով, իրեն գործիք և զենք շինեց:

Ա՛յ տղա, դու որտեղի՞ց ես, — հարցրեց այդ հին հաջի աղաներից մինը, որն իրեն ամիրաների, մելիքների ժառանգն էր համարում և արդեն ազնվականների մատյաններում էր արձանագրել տվել յուր տոհմանունը, Հին Հայաստանի իշխանական անուններից մինը Հայոց պատմությունից գողանալով:

Քեզ ծառա՜, — ասաց Եղիկը, — Հին-Բայազետից, Մրտոյենց Սգոյի տղան եմ:

Հա՜ն, գիտեմ որ այս թայ մարդ չես, շենք, շնորհք, մարդավարություն հասկացող էլ որտեղի՞ց, եթե ոչ Բայազետից: Է՜հ, ի՞նչ կա, ի՞նչ չկա մեր Բայազետում, հաջո՞ղ եք, լա՞վ եք:

Լա՜վ, փա՜ռք աստծու, ամմա անօրեններից ազատվելիք չունենք: Տունս էլ լավ էր, տեղս էլ, գործս էլ, բայց ի՞նչ օգուտ, Շեյխ Սլոյի հետ թշնամացա, քանդեց, ավերեց, թե չփախչեի տնով-տեղով ինձ կործանելու էր:

Աստված անիծե այդ անօրեններին, լավ ես արել: Ես քեզ այստեղ կամերալ գրել կտամ, եղիր մեզի ժողովուրդ, պրծիր, հետո, թե կուզե՜ս, էլի գնա Բայազետ, առուտուրդ արա՜, բայց երբ պասպորտ ունենաս, քու շվաքիդ չեն կարող մոտենալ:

Իմ էլ խնդիրքս այդ է, հաջի աղա՜:

Լա՜վ, լա՜վ, այդ հեշտ է, անունդ ի՞նչ է:

Ղազա՜ր, քեզ ծառա:

Ղազար ջան, այսօր ես պիտի մովրովի քով երթամ, դու միամիտ եղի՜ր, քեզ կազատեմ:

Սեպե թե, հաջի աղա՜, ինձ եսիրությունից ես գնում ազատում:

Դու մի՜ վախենալ, ինչ որ պետք է, աղան խո մեռած չէ, իրեն ժողովրդին ինչի՞ պիտի թողնի տանջվի: Հա՜, ասիր ապրանք ես բերել ծախելու:

Հրամմեր ես, աղա՜, քիչ բան, մի չորս հակ ֆրանկի ապրանք:

Դու միտք ունիս այստեղ խանո՞ւթ բանալ, թե...

Ո՜չ, իմ ի՞նչ բանս է, աղա ջան, այստեղ ձեզ պես աղաների առաջ ոտք ձգել... այնպես բոլորը միասին միտք ունիմ թողնել մի տեղ ծախելու:

Լա՜վ է, ես մեր Բաղդոյին կասեմ թող գին դնեն, վերցնեն,

Աման, աղա ջան, մարդ չիմանա, մաքսից փախցրած եմ, գլխիս փորձանք չբերեն, — ասաց Եղիկը ավելի հրապուրելու համար աղային:

Ձայնդ կտրի՜ր, չարն ու բարին ես նո՞ր եմ սովորելու: Դու քու բանիդ գնա, դու էլ իմս ես, ապրանքդ էլ... Ես խո քու երկու ղուռուշ-հարյուր փարայիդ վնաս կթողնե՞մ հասցնեն: Ամբողջ կայքս կկորցնեմ, չեմ թողնի, որ իմ շվաքումս թառող թռչնի մի փետուրը թափվի: Գնա, գնա բանիդ և հանգիստ կաց:

Քիչ հետո Եղիկը Բաղդասար աղայի հետ գնաց Հաջի աղայի խանութը, որտեղ կամաց-կամաց ցուցակ կազմեցին, և երկու հազար մանեթից ավելի արժեք ունեցող ապրանքը հինգ հարյուր մանեթով տվեց: Հաջի աղան այնքան բարի եղավ, որ երկու հարյուր մանեթը կանխիկ վճարեց, իսկ երեք հարյուր մանեթին էլ վեց ամիս ժամանակ որոշեցին: Բայց սրա փոխարեն Եղիկը գյոկչեցի գրվեց և դրանից հետո ամեն տեղ սկսան նրան գյոկչեցի Ղազար կանչել:

Երբ այդ բոլորը կարգի դրեց Եղիկը, մնացյալ ապրանքներից մի մասն էլ Իգդիրից Երևան փոխադրեց, ծախեց և մի հազար ռուբլի կանխիկ փող ձեռք ձգելով, Մելոյի հետ Երևանից քշեցին ձիերը, Ապարաններով երկու օրում հասան Ղարաքիլիսա:

Մինչ այդ՝ Եղոն քարավանից վեր առած ավարի մի քառորդն անգամ չէր բաժանել, այնինչ դրանով հարյուր մարդու բախտավորել էր, մի քանի վաճառականների մեծ-մեծ պատառներ էր նվիրել, համարյա գիտությամբ և գրպանում բացի հազար ռուբլուց մի երկու երեք հարյուր ռուբլու ոսկի-գոհար, մարգարիտ ուներ, որը նշանածին՝ Ասլիին էր տանում, բացի հագուստի համար վեր առած ատլասն ու խասը, ընտիր ոսկեթել դիպակները: Երկու նժույգ էին նստած Եղիկն ու Մելոն, երկուսն էլ լավ զինված թարաքյամի կարգ ու սարքով, զենքով ու զրահով:

Գիշեր էր, երբ նրանք հասան Ղարաքիլիսա. ձիերից իջան խրամատում, և Մելոն ձիերի հետ այստեղ մնաց, իսկ Եղոն վազեց դեպի Գալո քեհյենց տան կողմը: Մութ գիշեր էր, աշնանային ցուրտը թեև զգալի էր, բայց Եղոն ներսից այրվում էր, ցուրտը նրան ե՞րբ կազդեր: Մոտեցավ սովորական կտուրին, վերցրեց տախտակը և սողալով վար իջավ: Բայց սիրեկանին՝ Ասլիին, չգտավ այնտեղ, ոչ էլ անկողին կար այնտեղ տարածված: Եղիկը մնաց շվարած. նա լսել էր, որ նշանել էին Ասլիին դնդրշկած Մուքեի հետ, բայց հարսանիքը պիտի բարեկենդանին անեին, յոթ շաբաթները չմտած աղջիկը խո չէի՞ն տանիր: Մոտեցավ դռանը, որ մտնի տուն (խոհանոց), բայց դուռը դրսից կողպած էր:

Նախորդ դեպքից հետո Թոմասը՝ Ասլիի եղբայրը, այլևս չէր թողնում, որ Ասլին քիլարում քնի և քիլարի դռանը պինդ ախ էր զարկել տվել ապահովության համար: Եղիկը գիտեր, որ չէր կարելի որևէ աղմուկ բարձրացնել, հակառակ դեպքում տնեցիք կզարթնեին, և նա ոչ միայն չէր կարող Ասլիին փախցնել, այլ նրան տեսնելու էլ չէր արժանանալ: Նա տան ամեն ծակը-ճյուղը ճանաչում էր իրենց տան նման, իսկույն դուրս եկավ և իջավ մեծ ախոռը, որտեղից ուղղվեցավ Գալո քեհյի ննջարանը, համոզված լինելով, որ ծնողները իրենց աղջկան իրենց սենյակից դուրս չէին թողնիլ: Նրա ենթադրությունը սխալ չէր: Ասլին այն սենյակումն էր: Դուռը սովորաբար բաց էր, բայց ծերուկն ու պառավը արդեն վաղուց իրենց հանգիստ քունը կորցրած էին: Եղիկի պատից իջնելը և բարձրացրած աղմուկը լսեցին, բայց կարծելով, որ մատակ գոմեշները իրենց եղջյուրները խփեցին պատերին, տեղերից անգամ չշարժվեցան: Եղիկը թաթերի վրա առաջ գնաց, սողալով ներս ստավ. մթնումը միակ աչքը չռեց և ոտքով շփելով Ասլիի անկողինը, գտավ: Եղիկը գիտեր, որ ծերուկն ու պառավը իրենց սովորական տեղը ցմահ չէին փոխիլ, ուրեմն շնչառության հետևելով, յուր շունչը խեղդելով, հասավ Ասլիի մոտ:

Խեղճ կույսը քնած էր, գուցե երազում էր: Հույսը կտրած, արդեն իրեն գերեզմանի ճանապարհին մոտեցած էր զգում կույր-կտրիճի սիրուհին: Մոլորվել էր Եղիկը, մի սովորականից բարձր աղմուկ, պառավները կարող էին իսկույն սթափվել, իսկ այդպիսի տարտամ դրություն անտանելի էր: Ալևորի հանգստությունը կարծես կտրված էր. նա անդադար հազում էր, իսկ յուրաքանչյուր հազի ձայնը շնչասպառ էր անում Եղիկին: Պառավը խռկում էր, խռմփում, նրանից շատ երկյուղ չկար: Քիչ խաղաղելուց հետո Եղիկը կամաց շրթունքները մոտեցրեց և մի համբույր դրոշմեց Ասլիի ճակատին: Անմեղ հրեշտակ, բոլորովին չիմացավ էլ: Գուցե երազեց, և երազում երջանկությունը գոնե վայելելու տենչով չէր ցանկանում սթափվել: Խորասուզված սիրահարը աներկյուղ երկրորդ համբույրը դրոշմեց: Բայց խեղճ աղջիկն ամբողջ օրը այնքան էր հոգս քաշել, այնքան էր չարչարվել և այնքան սգացել յուր վիճակը, որ բոլորովին չզգաց:

Դողդողալով կամաց կողքը հրեց և ձեռքը կրծքին դրեց. բայց զուր, տարբերություն չարավ. նա անվրդով շարունակում էր յուր քունը, յուր հանգստությունը: Քիչ մտածելուց հետո Եղիկը յուր դաշույնի արծաթյա սառը պատյանը դրեց Ասլիի կրծքի վրա, որը սրսփալով վեր թռավ և «վա՛յ, օ՜ձ, վա՛յ, օ՜ձ կա» — գոռգոռաց: Եղիկը մինչև նրա ականջում «մի՜ վախենալ, ես եմ» փսրտալը, ծերուկ Գալո քեհյեն անկողնից վեր կենալով ասաց.

Ա՛յ կնիկ, քուքուրդն ո՞ւր ես դրել, ա՜յ կնիկ:

Մարդու չես թողնի դադարի, — ասաց պառավը տրտնջալով, — էլի չիբուխիդ համար քունս կտրեցիր:

Կնի՜կ, քուքուրդը, ձայնդ կտրիր, աղջիկը գոռում է, օձ կա, ինչ կա, դու քուքուրդի տեղն ասա՜:

Օջախի թարեքի վրա է, ձեռքդ երկարացրու, վե՜ր առ:

Մինչ այդ, Եղիկը դուրս թռավ ախոռը և անմիջապես, երբ Գալո քեհյեն լուցկին խփեց ու վառեց, նա բարձրացավ կտուրը մրմնջալով. Որտեղի՞ց այդ գյուտը հնարեցին ֆրանգները, որ իսկույն լուսավորում է և չի թույլ տալիս մարդկանց մթնումը իրենց գործերը տեսնելու:

Ասլին շատ ցավեց, բայց արդեն ուշ էր. հայրը ճրագը վառելուց հետո ասաց,

Ի՞նչ կա, աղջիկս, ի՞նչ կա, Ասլի ջան:

Բան չկա, տա՛ու, բան չկա, — կակազեց դողդողալով Ասլին, բայց դեմքն արդեն ցույց էր տալիս, որ տարօրինակ դեպք էր պատահել:

Ի՞նչ օձ էիր գոռում, ի՞նչ էիր ասում:

Բան չկա, երազումս էր, տացու, վախեցա և զարթնեցի:

Բայց ծերուկը չհանգստացավ, նա ճրագը ձեռքը դուրս եկավ ախոռը, բակը, հյուրանոցը, ամեն կողմը քննեց, երբ ոչինչ չնկատեց, սկսեց ավելի ուշադրությամբ կտուրի լուսամուտները քննել: Եղիկը շտապել էր և ախոռի կտուրի լուսամուտի տախտակը ծուռն էր դրել: Գալո քեհյեն իսկույն հասկացավ բանն ինչումն է ու գոռաց,

Ասլի, այն շան կաթ ծծածը խո չէ՞ր:

Ի՞նչ ես ասում, տացու:

Եղիկը խո չէ՞ր քեզ զարթեցնողը, — ասաց Ասլիին մոտենալով և երբ նկատեց Եղիկի թողած կապոցով գոհարն ու ապրանքը, կանչեց, — Ադա Թոմաս, Բարսեղ, տո՜ ելե՜ք, տո՜ բարձրացե՜ք, տո՜ աբուռներս տարավ էս նյուսյուբաթը, տո հասեք, է՛, — աղմուկը գցեց ծերուկը, և մի քանի վայրկյան հետո ողջ գյուղը զարթնեց: Ընկան Եղիկի ետև, ո՜րը ձիով, ո՜րը հետի, շներն սկսեցին հալածել, բայց Եղիկը Մելոյի հետ նստան ձիերն ու դիմեցին դեպի Մոլլա-Մուսա, լույսը չբացված անցան Զռչին և կեսօրին մտան Քերս՝ Միրզի ջրաղացը, հանգստացան:

Հետևյալ առավոտ վաղ ձիեր նստան Եղիկն ու Մելոն և ճանապարհ ընկան: Մութնուլույսը դեռ չէր զանազանվում: Մելոն հետևում էր Եղիկին, բայց թե առաջնորդի միտքը ո՞ր կողմն էր, նրան հայտնի չէր:

Գիտե՞ ս, Եղիկ աղբեր, ի՜նչ կա, — ասաց Մելոն:

Ի՞նչ, — ասաց մտախոհ Եղիկը:

Իմ ձիս չի քայլում, քուկդ էլ մի բանի նման չէ, մեզ լավ խաբեցին անօրենները: Բեռկիրը քյոհլանի տեղ տվին մեզ: Ես այն ժամանակ զգացի, բայց միջամտելն ինձ չէր վերաբերում:

Դու գիտես ես չճանաչեցի՞. խոսելու ժամանակ չկար: Ի՞նչ ես վախենում, կարծես այսօր լավ ձիաներ ձեռք չբերենք: Դու առաջ գնա:

Մի ժամանակ երկու ձիավորներն էլ լուռ առաջ էին գնում, երկուսն էլ մտախոհ, ծրագիրներ էին պատրաստում: Արշալույսին նրանք անցան Յաղլուճան, բարձրացան Հաջի-վելի սարահարթը, երբ նոր արեգակը ճառագայթները հորիզոնից սկսեց արձակել:

Երկուսն էլ մտախոհ, յորղա ձիերը տակները, քշում էին արագ-արագ: Եղիկը երկար-բարակ դիտելուց հետո հեռուն, սարի ստորոտում արածող ջոկը, ասաց.

Մելո, քանի՞ մարդ ես նկատում իլխիի քով:

Ո՞ր իլխիի, — ասաց Մելոն, աչքերը չորս կողմ հածելով:

Ա՛յ, այն սարի տակը, — ասաց մատով նշան տալով Եղիկը:

Է՛յ այն Մեդեդ բեգի իլխին է, կաշի կքերթե, հետո Շյորագյալի տերը: Զգույշ պետք է լինել, այդպիսի կծանների պոչը կոխելու չէ:

Երեխա ես, դեռ չգիտե՞ս թե իմ նպատակս ինչ է, ես ինչ մտքի եմ ծառայում: Քշե՜, քշե՜ գնանք:

Ջոկին չմոտեցած, Եղիկը հրացանը լցրեց և ուղղեց ջոկի պահապաններից մեկի վրա, որն իսկույն ընկավ: Երկրորդ պահապանը ընկերոջ վրեժը լուծելու և կյանքը փրկելու հույսով անցավ մի քարի ետև և գնդակն ուղղեց Եղիկի վրա, բայց գնդակը նրա կողքով անցավ: Մելոն, նկատած լինելով ջոկի պահապանի քարի ետև պահվելը, հրացանը պատրաստեց և երբ վերջինս լցնում էր կրկին անգամ դատարկելու, արձակեց, որի գնդակը ցրվեց պահապանի ուղեղը: Մնացած երկու պահապանները այդ նկատելով խույս տվին և պահվեցին: Իսկ Եղիկը հարձակվեց նրանց վրա և մեկի ականջները կտրելով՝ ասաց.

Գնա՜, Մեդեդ բեգիդ ասա, որ Քոռ-Եղիկը նրա իլխից երկու քյոհլանի պետք ունենալով, եկավ ջոկեց և տարավ, փոխարենը երկու ձի թողնելով:

Իսկույն երկու ընտիր նժույգներ ջոկեցին և իրենց ձիերի սարքը նրանց վրա դնելով, հեծան, ճանապարհ ընկան դեպի Չրփլի, որտեղից ջուրը զարկելով անցան ռուսաց սահմանը՝ արևը մայր մտնելուց քիչ հետո: Ձիերն ընտիր էին և օրվա մեծագույն մասը Ղոշավանքի ձորում արածել էին, այնպես որ Եղիկը որոշեց այդ իրիկուն ևս հարձակվել Գալո քեհյի վրա և Ասլիին փախցնել:

Անխոհեմ է մտադրությունդ, — ասաց Մելոն, — երկու գիշեր առաջ դուրս եկանք մենք Ղարաքիլիսայից անպատվությամբ, ուզում ես կրկին անպատվելու գնա՞նք:

Առավոտյան էլ եթե քու խոսքով գնայի, Մեդեդ բեգի իլխից ձի չէինք դուրս բերելու, բայց տեսա՞ր ինչ քյոհլաններ ձեռք բերինք:

Բերելը բերինք և ես վստահ էի բերելու մասին, միայն հետևանքը վատ է, այժմ Մեդեդ բեգը կատաղեց քեզ վրա: Եթե մի օր ճանկն ընկնես խեղդել կտա:

Եթե կընկնեմ, թող խեղդել տա, — ասաց Եղիկը ձին մտրակելով, — գնանք:

Նրանք ուղղվեցին Ղարաքիլիսա և մեջգիշերին հասան գյուղի սահմանը: Մելոյի սրտովը չէր, բայց Եղիկի կամքից դուրս գալ երբեք չէր էլ ցանկանում: Հասան ավելի մոտ և երբ ուզում էին դեպի խրամատը ծռվել, մի քանի տեղից շներն սկսեցին հաչել:

Հավա՛ր, հասա՛ն, օգնեցեք, Եղիկը վրա տվեց, հասեք, յաման հասեք, տղա՜ք, հասե՛ք, — քառասուն տեղից ձայն դուրս եկավ: Գյուղացիք գիշերվա պահապաններ էին դրել Եղիկի ահից, և նրանք իսկույն ողջ գյուղը ոտքի հանեցին:

Երկու հոգով գյուղի վրա տալ և հարյուրից ավելի զինված, պատրաստված մարդկանց դեմ դնելը խելքի բան չէր. նրանց ճանկից փախչել ազատվելն էլ մեծ շնորհք էր: Մութ գիշերը նպաստեց, և Եղիկը այնպես վարժվել էր խրամատի անցքերի հետ, որտեղ ինչ քար լինելը գիտեր և դրա համաձայն առաջ էր վարում ձին, իսկ նժույգները իրենց հատուկ ընդունակությամբ այնպես սահեցան, թռան, անցան, որ ոչ մի ձիավոր նրանց առաջը կտրել չկարողացավ: Մթնումը մի քանի գնդակներ արձակեցին ղարաքիլիսեցիք, բայց ապարդյուն, միայն աղաղակը սաստկացրին այն գնդակները և ստիպեցին Եղիկին շուտով հեռանալ: Երբ արդեն հանդը դուրս եկան, Եղիկը շուռ եկավ և մի գնդակ ուղղեց գյուղացիներին, հուսալով, որ դրանով հրավիրե գյուղացոց իրեն հետևելու, բայց նրա ցանկացածը չեղավ, գյուղացիք շեմքից դուրս չեկան: Արդեն նրա գնդակի գիշերը գործած հրաշքների մասին առասպելներ էին պատմում Շիրակի բոլոր գյուղերում:

Զուր քիչ դեսուդեն տատանվելուց հետո Եղիկը դեպի Ապարաններն ուղղեց յուր ձիու գլուխը: Արևածագին նրանք հասան Բաշ-Ապարան և ուղղվեցին դեպի Աշտարակ ու Իգդիր: Արդեն ունեցած-չունեցածը ցրվել էր Եղիկը, ո՜րը Միրզային էր տվել առևտուրը կարգի բերելու համար, ո՜րն էլ մահուդ և ընտիր ապրանքների ծախսից, ստացած գումարները քիչ-քիչ հավաքելով, պատրաստում էր մի ուժեղ հարձակումով առնել ու փախցնել Ասլիին:

Բայց կրակն առել ու բորբոքում էր Գալո քեհյին և մղդսի Կյուրեղին: Նրանք շվարել մնացել էին այս անզուսպ ղաչաղի ձեռքին: Գիտեին, համոզված էին, որ Ասլիի պատճառով իրենց հանգիստ չէր թողնելու Եղիկը, և անպատճառ մեծ-մեծ վտանգների էին ենթարկվելու: Գալոն զղջացել էր, որ աղջկա կամքին հակառակ, կնոջ խոսքը կոտրելով, որդուն՝ Թորոսին, հետևելով մեծ փորձանքի մեջ էր գցել իր օջախը, բայց արդեն ուշ էր... տերտերը նշանն աշխարհի առաջ օրհնելուց հետո ինչպե՞ս կարելի էր գեղի մեջ, դաշտի մեջ խաղք ու խայտառակ լինել, տված էր ու պրծած... Թող այս աղջիկն էլ զոհ գնար հոր անունի ու նամուսի համար: Բայց այնքան աղջկա համար չէր մտածում, որքան խորհում էր տան գլխին գալիք որևէ փորձանքի համար: Եղիկն ու նրա կույր գնդակը հանկարծ կարող էին Գալո քեհյի տան սյուներից մեկն ու մեկը գլորել, սարի նման կտրիճ որդիներից մեկը կարող էր նրա անգութ վրեժին զոհ դառնալ և հավիտյան իրեն սգի, հարսներին, թոռներին ողբի և թշվառության մատնել:

Մղդսի Կյուրեղն էլ պակաս չէր տանջվում. նա համոզվեց, որ Ասլին իրեն տան հարս չի դառնալ, դեռ ո՞վ գիտե, գուլպայի քանդուցքի նման յուր այնքան տարվա աշխատած կարողությունը ետ պիտի քանդե: Նա էլ մտածում էր, որ սխալ էր այդ իրեն արած քայլը, օձի պոչը կոխելու չէր, բայց բանը բանից անց էր կացել, արդեն Եղիկին սրտից էր խոցել, այժմ պետք էր պաշտպանության մասին մտածել: Գյուղի ջահիլները շատ ուրախ էին Եղիկի արարքի մասին, ոչ ոքի սրտովը չէր, որ Ասլիի նման մարալ աղջիկը դնդրշկած Մուքեի բաժին դառնա և ամենքի աչքը նրա վրա էր, իսկ Եղիկի նման ղոչաղին շատ չէին տեսնում:

Բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե Ասլիի սրտում ի՞նչ էր կատարվում: Խեղճ աղջիկը վայ էր կարդում յուր գլխին, որ երկու անգամ իրեն քնածության պատճառով խանգարել էր Եղիկի ձեռնարկությունը: Դրանից հետո էլ զգաստ էր, ցավը, մտածությունը նրան ստիպել էին, որ ուշքը հավաքե. վիշտը կորցրել էր նրա քունը, նա գիշերները արտասվալի աչքերով լուսացնում էր, հալվելով, մաշվելով, բայց ուշ էր՝ տունը, տեղը, ամեն կողմը ամրացրել էին, պահապան շներով դուռ ու երդիկ ապահովել, իրենք էլ տնով-տեղով աչք ու ականջ էին դարձել, որ սևերես չմնան դուռ-դրկցի առաջ: Եվ այս բոլորի մասին տեղեկություն էին հասցրել Եղիկին, այնպես որ այլևս այդպիսի հարձակումից օգուտ չլինելը նա հասկացել էր:

Ասլիի սերը օրեցօր բորբոքվել էր. օրեցօր նրա առաջ ավելի հզորացել էր յուր սիրեկանը և բարձրացել: Եղիկի արարքների պատմությունը գյուղից գյուղ, գավառից գավառ, ամեն տեղ տարածվել էր. ամեն ախոռի օդայում, ամեն եկեղեցու բակում ու ամեն կալի մեջ, որտեղ որ գյուղացիք հավաքվեին, քաղաքացիք բոլորվեին, Եղիկի արարքները մեջտեղ կգար: Սրախոսները, շաղակրատները ամեն մինը մի-մի հավելվածով և զարդարանքներով կսկսեր պատմել:

Աղա՜ ջան, անցած օրը անիրավը մտել էր Մեդեդ բեգի իլխիի մեջ, — ասում էր Գյումրի ղայֆախանում աղաներից մեկը, — սրան կհավանե՞ս, թե նրան, մեկ ժամ ջոկելջոկջկել, հինգ-տասը քյոհլան է դուրս բերել, որ ամեն մեկի գինը երկու-երեք հարյուր մանեթ, ախպերն ախպորը չի տալ: Ութ-տասը մարդ զարկել, կոտորել, անցել է:

Տո՜, մարդն էլ մարդ լինի՜, մի աչք ունի, էն էլ թքնես, կքոռանա, վրան հալ չկա, փչես գետին կընկնի, բռնած գործերը... արմանք ու զարմանք է աշխարհի բաները:

Գնում էին երկու ձիավորներ՝ Եղիկն ու Մելոն, Աշտարակից դեպի Օշական: Հանկարծ ձորում նրանց առաջը կտրեցին երկու ձիավորներ, որոնցից մինը կանչեց:

Զենքերդ թափեցե՜ք, թե չեք ուզում գյուլլուլա պաղեցնել:

Արի՜ տար, — գոռաց Եղիկը, անվրդով ճանապարհը շարունակելով, — թե քաջ ես առա՜ջ անցիր, մի մեկ կողմը քաշված կանգնիլ տմարդու նման:

Առաջ մի՜ գաք, թե չէ Եղիկի գյուլլեն զուր չի անցնիլ:

Ախպե՜ր, թե դու Եղիկն ես, հանձնվում ենք, — խղճալի կերպով պատասխանեց Եղիկը և կանգնեց, ծիծաղը չկարողանալով զսպել:

Եղի՜կ ախպե՜ր, լավ է, քու անունով քեզ ուզում են վախեցնել, — ասաց Մելոն:

Լավ է, թող շարունակեն, հիմի որտեղ ինչ ավազակություն, մարդասպանություն կատարվի Եղիկի անունը կխոսվի:

Դեռ շա՞տ եք մեզ սպասեցնելու, — ասաց կեղծ Եղիկը, — զենքերդ, զարդերդ թափեցեք:

Ա՛յ ղոչաղ, դու շատ ես լեզվիդ տալիս, առաջ արի, ահա այս գնդակը քու գդակիդ, գլուխդ մեղք է, շահել ես, կարելի է մեծանաս, պետքական մարդ դառնաս:

Եվ իրավի, Եղիկի գնդակը կեղծ Եղիկի փափախը իսկույն ծակեց ու անցավ: Մինչ նա ծխի մեջ կոլորված, հանկարծակիի եկած ուզում էր հրացանը ուղղել, Մելոն գոռաց շտապ-շտապ.

Տղա՜, մեղք ես, տղա՜, զենքերդ թափե, արի անձնատուր եղիր Եղիկին:

Սրա վրա ձիավորը վար իջեցրեց թվանքը, թևերը թուլացան և մյուս ընկերը պատասխանեց.

Լոռիից Եղիկին գտնելու ենք եկել, նրա գերին ենք, հանձնվում ենք: Եղիկը թող մեզ առաջնորդե, կուզե յուր ձեռքովն սպանե:

Մոտ արե՜ք, մի՜ վախենաք, — գոռաց Եղիկը և գրկեց, համբուրեց նրանց:

Լոռեցիք մոտեցան, Եղիկի խումբը ուժեղացավ, չորս հոգի դարձան: Չորսն էլ գլխներից անցած, չորսն էլ վրեժի ծարավ, չորսն էլ հարստահարված, հալածված, գրկված և անարգված: Բոլորի սիրտը միևնույն կրակով էր բորբոքվել:

Լոռեցիների մեծի անունը Գրիգոր էր, փոքրինը՝ Մոսո, երկուսն էլ դսեղցի էին: Երբ ծանոթացան և ընկերական դաշն ուխտեցին, Եղիկն ասաց.

Տղերք, ձիերդ քշեցեք, մինչև Իգդիր դեռ շատ ճանապարհ ունենք, գնանք, դեռ գործեր շատ ունենք:

Այնպես էին գնում, կարծես անցած սարերն այդ խմբերն ստեղծած լինեին, իսկ դաշտերը իրենց սեփականությունը, իրենց հարկատուները լինեին: Սլանում էին սրաթև թռչունի նման և ամեհի երիվարները որքան գնում էին, կարծես է՜լ ավելի բորբոքված առաջ անցնել էին փափագում:

Եղիկն անչափ ուրախ էր. արդեն խումբը պատրաստ էր նպատակը իրագործելու սկզբնավորությունն էր, կատարելագործության ծրագիր էր պատրաստում: Իրիկվան դեմ Իգդիրի մոտերքին պատահեցին մի քանի հայ գյուղացիների՝ վիրավորված, արյունաշաղախ. գնում էին մովրովի մոտ:

Ա՛յ տղերք, էդ ի՞նչ է պատահել, — ասաց Եղիկը գյուղացիներին:

Следующая страница