Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Следующая Конец

Վա՜յ, ես քեզ մատաղ, Ղազար ախպեր (այդ սահմանում Եղիկին գյոկչեցի անունով էին ճանաչում), ոչխարս քրդերը տարան, անցկացրին օսմանլիի կողմը, ինչքան դեմ ընկանք՝ հնար չեղավ, երկու էլ ղազախի սպանեցին: Ղազախի ափիցերն էլ չթողեց անցնենք օսմանլիի կողմը, թուղթ գրեց, տվեց, ահա տանում ենք մովրովին, ինքն էլ գիր գրեց իրեն մեծավորին:

Ամոթ չէ՞, գետին չմտա՞ք, որ թողիք քրդերին ձեր կթանը տանելու. անաբուռ մարդիկ եք, գլխներիդ կարծես կնկա լաչակ գցած լինիք:

Ղազար ախպեր, արդար է խոսքդ, բայց ի՞նչ օգուտ, ուշ իմացանք, ուշ հասանք... մեկ էլ որ անօրենները առանց արգելքի անցան իրենց սահմանը, բայց մեր ղազախի մեծն չթողեց անցնելու, թե չէ կբերեինք:

Լա՜ վ, լա՜ վ, հասեք, ուշ է, շտապեցեք:

Եղիկը ձին քշեց, նրան հետևեցին ընկերները, անցան: Նույն գիշերը Եղիկը չկարողացավ քնել: Ամբողջ գիշերը բորբոքված մտածում էր և ծրագրում: Մեջգիշերին ասաց. Մելո՜, Մոսո՜, ելեք ձիաների գարին կախեցեք:

Դեռ երկու ժամ լուսանալուն մնացած՝ ճանապարհ ընկան և արշալույսին անցան Պալակցիս լճի մոտով: Այն հրաշալիքներով զարդարված լեռներն ու լեռնագագաթները իրենց ձագարով արևագալի ժամանակները սքանչացնում էին անցորդին իրենց գույնզգույն տեսարաններով, բայց Եղիկը բոլորովին ուրիշ բանով էր հրապուրված: Սահմանը շրջվելուց հետո արդեն քրդական սև վրանները և քարուքանդ խարաբաները նկատվեցան: Աշուն էր, բայց մեղմ եղանակներին դեռ ոչխարն ու կթանը սարի միջին լանջերում, տեղ-տեղ ձորակներում ու արևի կողերում հանդարտ արածում էին: Հովիվները հարյուրներով առաջները խառնած՝ իրենց հոտերին մագլցեցնում էին քարափներից, ապառաժներից և հասցնում ճարակ եղած տեղերը:

Արդեն խաշները դուրս հանած էին, երբ որ Եղիկի խումբը դարիվար էր իջնում: Նախկին փորձառու հովիվը, աչքերը շուրջն ածելուց հետո, ձիու գլուխը դարձրեց, որին անմռունչ հետևեցին ընկերները: Կես ժամ հետո արդեն երկու հազար քայլ հեռավորության վրա կանգնած էին մի ընտիր հոտի մոտ, որը հինգ-վեց հարյուր գլուխ կթանից էր կազմված: Եղիկը գիտեր, որ քուրդը մինչև ուժ չտեսնի, չի զիջանիլ. այդ պատճառով մի գնդակ ուղղեց հովիվի մահակին, որը ձեռքից ընկավ: Հովիվը փոխանակ անձնատուր լինելու, հրացանը ձեռքն առավ և ընկերներին օգնության կանչեց: Գրիգորը, որպեսզի յուր ճարտարությունը ցույց տա, ասաց.

Իմ թվանքս պատրաստ է. մինչև քու լցնելդ, քրդին գլորեմ, միջոց չունենա շարժվելու, — առանց պատասխանի սպասելու՝ արձակեց:

Քուրդը գլորվեց. ընկերը սկսեց գոռալ.

Աղա՜, մի՜ սպանեք, ես ձեր ստրուկն եմ, — ու անձնատուր լինելու նշան ցույց տվեց: Եղիկը մոտեցավ, անշնչացածի շվին առավ և սկսեց նվագել ու ոչխարը հավաքել. քուրդը մնաց շվարած, կարծեց, որ Եղիկը քուրդ է ու ասաց քրդերեն.

Տո՜ւնդ շինվի, կասկանցի Փրդո բեգի եղբորն սպանեցիր, շո՜ւտ արա հեռացիր, թե չէ հիմի կասկանցիները կթափվին, ու դու գլուխդ չես ազատիլ նրանց ձեռքից:

Հա՜, քու կասկանցիներդ էլ կոտորվին, հայդարանցիներդ էլ: Զենքերդ տուր: — Այնպես մաքուր քրդերեն էր խոսում Եղիկը, որ քուրդը մնաց շվարած, չէր կարողանում բացատրել, թե ինչպես մի քուրդ՝ մի քուրդ Էլլիքի բեգի եղբորն սպանելուց հետո, լույս ցերեկով նրա ապրանքն էլ ուզում էր քշել տանել:

Ահա՜, զենքերս, բայց կուռո, լավ բան չես անում, — ասաց տատանվելով հովիվի օգնականը:

Զենքերն առնելուց հետո ասաց.

Դե՜հ, ոչխարը բարձրացրու դեպի սարը: — Քուրդը հնազանդվեց: Մոսոն նրա հետ սկսավ բարձրանալ, իսկ Եղիկը ընկերներով գառների հոտի ետևից գնաց:

Առանց ընդդիմադրության գառներն էլ հանձնեցին, և Եղիկը շվին առած, ձիու վրայից ածելով հավաքեց բոլորին և կամաց-կամաց հասավ ոչխարին: Երբ արդեն բավական հեռացան, ասաց քրդի հովիվին.

Մո՜տ արի: — Քուրդը հնազանդվեցավ:

Դե՜հ, այժմ գնա, քու կասկանցիներիդ, քու հայդարանցիներիդ բեղերին ու աղաներին, օջախներին ու շեյխերին պատմիր, թե մի հայ՝ Քոռ-Եղիկը, նրանց կթանն ու գառները տարավ: Այս նրանց խրատ, ուրիշ անգամ մեր սահմանը չգան ու մեր ժողովրդին վնաս չհասցնեն:

Աղա ջան, բեգը մեղք չունի, այդ անօրեն Սլոն էր ձեր ոչխարները բերողը:

Դու խաբարը տար, թող Սլոյին ու Մլոյին խելքի բերեն, մեր ապրանքին չմոտենան: Դե՜հ, բարի ճանապարհ:

Երբ նրանք ուրախ-ուրախ մոտենում էին սահմանին, հանկարծ նկատեցին ձիավորների մի մեծ խումբ, որոնք շտապում էին իրենց հասնելու: Եղիկը անտարբեր սկսեց ավելի դանդաղ շարժվել, ոչխարն արածեցնելով բարձրացնել: Քրդերը մոտեցան, այնպես որ գնդակ կարելի էր հասցնել:

Ժամանակն է, — ասաց Գրիգորը, — դառնանք:

Սպասիր, թող է՜լ մոտենան:

Քրդերը պատրաստության մեջ էին և զարմացած էին մնացել, որ չորս հոգին քառասուն ձիավորին մարդատեղ չէին դնում: Վերջապես ավելի երկյուղից, քան թե մի ուրիշ բանից դրդված, նրանք գոռացին.

Այդ ո՞ւր եք տանում Փրդո բեգի կթանը, տմարդինե՛ր, անզեն հովիվին ինչի՞ սպանեցիք:

Սուտ եք ասում, — գոռաց Եղիկը, — ահա Փրդո բեգի եղբոր թվանքը, որն ավար առա:

Մինչ այս՝ մի գնդակ հասցրին քրդերը, Եղիկը ձին մեղմ առաջ քշելով՝ ինքը ետ դարձավ ձիու վրա և մի գնդակ ուղղեց քրդի ձիավորների առաջնորդին, որը իսկույն գլորվեց: Գրիգորը չուզեց ետ մնալ և մի գնդակ էլ նա հասցրեց, որ տապալեց մի երկրորդին: Քրդերը քսան-երեսուն գնդակ իրար ետևից արձակեցին, բայց բոլորը զուր անցան: Մինչ այս` Եղիկը ոչխարը շվիով առաջ էր քշում, ինքն էլ թիկունքը ձիու կողմը, երեսը բրդերին դարձրած, կամաց-կամաց առաջ էր գնում: Մինչ քրդերի երկրորդ անգամ շեշխանաները լցնելը, չորս ընկերները նորից կրակեցին, և երեք մարդ նորից գլորվեցին: Քրդերը պատասխանեցին, բայց միայն Մոսոյի ձիու գլուխը կերան, իսկ մնացյալները ազատ ձեռքները տարան լագզու փշտովներին: Թվանքները նորից լցնել չէր կարելի, պետք էր մի քանի րոպե սպասել: Քրդերի մեջ վլվլոցն ընկավ, յոթ հոգի, այն էլ առաջավորները, ընկել էին: Նրանք կանգնեցին: Եղիկը առաջ էր գնում անընդհատ ընկերների և հոտի հետ: Քրդերը երկար չհամբերեցին, մի քանիսը դիակների մոտ մնացին, մյուսները կատաղած առաջ ընկան: Մոսոն ոտով էր գնում, դեռ զենքերն էլ շալակը: Նա մի քարի ետև անցավ և հրացանը ուղղեց եկողներից մեկի վրա, որի անակնկալ ընկնելու վրա քրդերը թուլացան: Մինչ այդ Եղիկն ընկերների հետ մի-մի գնդակ էլ արձակեց, որը քրդերին հուսահատեցրեց: Երեք քրդեր նորից ընկան, այնինչ նրանց և ոչ մի գնդակը նպատակին չհասավ: Տղերքն այնպես արագ էին շարժվում, այնպես այս ու այն կողմն էին ձգձգում, որ քրդերը շվարեցան:

Հրացաններդ լցրեք, — ասաց Եղիկը, — նրանց միտքը մոտենալ և սրի կռիվ սկսելն է: Պատրա՞ստ կացեք, սրի կռվում մենք նրանց չենք կարող հաղթել, նրանք շատվոր են:

Մինչ այդ քարի ետևից Մոսոն մի ուրիշի էլ գլորեց, որը սարսափ ազդեց քրդերի մեջ: Նրանք կարծեցին, թե շատվոր են ապաստանած քարերի մեջ: Քրդերը կանգնեցին, ո՜չ առաջ էին կարողանում գնալ, ո՜չ ետև, երկյուղն ու ամոթը կռվում էր նրանց մեջ, բոլորը կփախչեին, եթե մեկը մյուսից չամաչեր, և ոչ ոք առաջին փախչողը չէր ուզում լինել: Մի գնդակ էլ արձակեին քրդերի բազմությանը՝ մեկն ու մեկին դիպչում էր, այնինչ հայերը, երեք հոգի և ցրված, խույս էին տալիս նրանց նշաններից: Իսկ վերջին գնդակների վրա քրդերը սկսեցին փախչելու պատրաստություն տեսնել: Արդեն քրդերը ընկնողներին իրենց ձիերի վրա էին դնում կապում: Հրացանները միմի անգամ ևս լցրին, պատրաստ ձեռքերին հեռանում էին:

Գրիգո՜ր Մոսոն առանց ձիի ինչպե՞ս պիտի գա, նրան ձի է պետք, — ասաց Եղիկը:

Հավատացե՜ք, ես ձեզ հետ չեմ դառնալ, — ասաց Գրիգորը, — պետք է Մոսոյի համար մի ձի վեր առնել քրդերից: Այսքան վառոդն ու գնդակը մուֆթա խո չէ՞ր:

Մելո՜, դու կամաց-կամաց ոչխարը առաջ տար, — ասաց Եղիկը:

Հավատա, ես ոչխարի հետ գլուխ չեմ կարող դնել, — ասաց Մելոն, — այդ իմ բանը չէ:

Մոսո՜, արի ոչխարը դու քշե, — ասաց Գրիգորը, — ոչխար շատ ես արածացրել, այդ քու փեշակն է:

Ճարահատյալ Մոսոն ոչխարն սկսեց քշել, իսկ երեք ընկերները ետ դարձան: Քրդերի ձիավորների մի մասը փախել, առաջ էր անցել, մյուս մասը սպանվածներին էր տանում: Սարսափելի էր կացությունը. նրանք, որոնց հետ կարելի էր ազատ կռվել, փախել էին, իսկ դիակներով բեռնավորվածներին ձեռք տալը տմարդություն էր: Եղիկը, քիչ մտածելուց հետո, քրդերեն գոռաց.

Մի ձի փոխ տվե՜ք, մեր ընկերներից մեկն առանց ձիու մնաց: Պարտքս լինի մի ուրիշ անգամ նրա փոխարեն ձեզ երեք ձի վերադարձնեմ:

Քրդերը մնացին շվարած, չէին իմանում ի՞նչ պատասխան տալ:

Ես ձեզ վրա գնդակ արձակողը չեմ. դուք առաջին անգամ եթե գնդակ չարձակեիք, այդ զոհերը չէիք տալ: Մարդկությունով մեզ մի ձի տվեք մեր ձիու փոխարեն:

Արի տար, — գոռաց քրդերից մեկը:

Փախչողները դուք եք, հետևաբար, մեր ծառայությունն էլ պիտի կատարեք, բերեք մեզ մոտ:

Քրդերը բավական վիճելուց հետո մի ձի ետ դարձրին, որին Գրիգորը մոտեցավ, բռնեց և ետևից քաշելով բերեց:

Մարդավարի, քաջի վայել, թե որ մարդ տեսնեք, գնացե՜ք և այնպես խաբարը տարեք Փրդո բեգին: Ասեք մի կույր հայ էր ձեզ հալածողը:

Իրիկնադեմին, երբ ոչխարը մոտեցրին սահմանին, ղազախները հակառակեցան, չէին ուզում ընդունել սահմանից ներս: Եղիկը ձին առաջ քշեց, գնաց ղազախների զորականի մոտ, ասաց.

Երեկվա քրդերի տարած, փախցրած ապրանքն է, գնացինք բերինք, խնդրում եմ թույլ տաք ներս անցկացնելու:

Որ այդպես է, ապրի՜ք, անցկացրե՜ք:

Բայց երբ զորականը նկատեց հինգ-վեց հարյուր կթանը իրենց գառներով, ասաց.

Երկրացի, լավ տոկոսով եք վերադարձրել, վաթսուն ոչխարի փոխարեն վեց հարյուր, ապրիք, լավ է, թող այդ անօրենները խելքի գան և մեր սահմանին չմոտենան: Դեռ ես նրանց փաշային կախել պիտի տամ, նրանք իմ երկու, կազակիս երեկ սպանեցին:

Երբ ոչխարը տեղավորեցին, ցրվեցին պրծան, Եղիկի իգդիրցի բարեկամն ասաց.

Ղազարը ապրանքի նմուշները ճանաչել է, քեզ փնտրել է տալիս:

Հետևյալ առավոտ Եղիկը ընկերներով անցավ օսմանցու սահմանը և այնտեղից քշեց դեպի Ալաշկերտ: Ճանապարհին ամեն տեղ մեկի կարողությունը կողոպտելով, անճարին հասցնելով, երկու շաբաթ սարսափ տարածեց Ալաշկերտում և Բասենում: Վերջապես հոգնած, դադրած, նամանավանդ Ասլիին կարոտած՝ մտավ Արաքսի ձորը և գիշերով հասան Քերս, Միրզի ջրաղացը: Այդ ապաստանում երկար հանգստանալ չէր կարելի, գիշերը քիչ քնելուց հետո դուրս եկան դեպի Շիրակ: Բարձրացան Ալաջի կողքերը, նրանց պատահեց մի ծերուկ, որ գալիս էր Թախտից և պիտի անցներ Արփաչայը: Ծերուկը ողորմելի պարկ ուներ ուսին և մի նեցուկ գավազան: Եղիկը հետաքրքրվեց, թշվառի վիճակը ուզեց իմանալ:

Ափի, որտեղի՞ց ես, — հարցրեց:

Աստված էլ կորցրել է իմ դավթարս, գիտե՞մ որտեղից եմ. մի ժամանակ արզրումցի էի, հետո ախլցխացի դարձա, հիմի էլ եկել Գյումրի ենք ապրում:

Որտեղի՞ց ես գալիս, — ասաց Եղիկը:

Արզրումից գնում եմ Գյումրի:

Ինչպես երևում է, ընտանիքդ մե՞ծ է:

Աստված տվել, չէ խնայել, յոթ աղջիկ ունեմ, գնում եմ մեծին կարգելու:

Էրզրումից փող շատ բերած կլինի՞ս, ափ...

Քանդվի այն Արզրումը, ինչպես քանդվել է, հարյուր քեսա առնելիք ունեմ, քսան ղուրուշ չկարողացա ստանալ. ունեցած-չունեցածս էլ թողի, գնում եմ խայտառակ, չեմ իմանում ի՞նչ երեսով դուրս պիտի գամ մանր ու խոշորիս առաջ:

Մինչ այդ Եղիկը քսակը հանեց և երկնցուց ծերուկին, ասելով.

Աստված մեծ է, ի՞նչ ես շատ դարդ անում, կհասցնե:

Աստված մեկին հազար վարձատրե, — ասաց ծերուկը լացակումած, ձեռքն երկնցուց և քիչ էր մնում Եղիկի ձեռքը համբուրե, բայց նա չթողեց:

Էհ, ուրիշ ի՞նչ կա, ի՞նչ չկա, — ասաց Եղիկը ծերուկից բան իմանալու մտքով:

Կռվի տարին օսմանցու զորքին հարյուր բեռն Երևանա բրինձ տվի, տասն անգամ փաշաների մոտ գնացի և փողիցս գոնե մի ողորմություն անգամ չստացա: Բանակի հրամանատարի մուրհակն եմ ներկայացնում, ինձ ասում են՝ գնա, նրանից ստացի, ես այն գոռբեգյոռի թաղած տեղն անգամ չգիտեի, որ մի գնայի և սիրտս հովցնեի:

Ուրիշ ի՞նչ են խոսում, կռիվ խո չկա՞:

Այդպես բան չկա, բայց չեմ իմանում, թե ինչի Սթամբոլից Ղարս փող են ղրկում, մի ծածուկ բան կա, բայց ես չհասկացա:

Ինչի՞ց իմացար, որ փող են բերելու Ղարս:

Պարտեզում հիսուն ձիավոր սպասում են, որ Արզրումից եկող չափարին առնեն տանեն: Դեռ խոսք եղավ, թե մի ինչ-որ ղաչաղ է դուրս ընկել Եղիկ անունով, նրանից վախենում են, այդ պատճառով էլ պատրաստություն են տեսել վաղօրոք:

Այս որ լսեց Եղիկը՝ փառավորվեցավ, և ընկերները ժպտացին:

Ափո, — ասաց Եղիկը, — ի՞նչ տամ, որ ինձի տաս օսմանցու բանակի փաշայի հարյուր բեռն բրնձի մուրհակը:

Որդի՜, ինչի՞ս է պետք, ա՜ռ քեզի. ո՜չ հաց կտա, ո՜չ ջուր:

Քու ինչի՞ն է պետք, ես փաշաների հետ գործ ունիմ, հաշիվներ ունիմ մաքրելու, կարելի է պետք գա:

Եղիկը մուրհակը ծալեց, գրպանը դրեց և աչքով արավ Մելոյին, որը հարյուր մանեթ փող տվեց ծերուկին, և Եղիկը մնաս բարով անելով ծերուկին, ետ դարձան դեպի Թախթ: Եղիկը նպատակը չհայտնեց ընկերներին, բայց նրանք նկատեցին, որ հոգեկան ծանր մտածմունքի մեջ էր իրենց առաջնորդը: Երբ Սուբաթանի մոտով, Յահնիների կողքից անցան, հեռվից երկու ձիավոր նկատեցին, որոնք Ղարսից էին գալիս: Եղիկը ընկերներով մի կողմ քաշվեցավ, Մոսոյին ճանապարհի վրա թողեց, որ լրտեսե անցորդներին: Ճանապարհորդները գյուղականներ էին, որոնք ռուսների սահմանի մարդիկ էին, Ղարսից բան-ման առել, վերադառնում էին դեպի իրենց բնակավայրերը: Երբ սովորական հարց-բարևները վերջացրին.

Ո՞ւր եք գնում, — հարցրեց Մոսոն:

Այն կողմը, Արփաչայից դենը, — պատասխանեցին: — Մեր գյուղում այս կիրակի հարսանիք կա, քիչ ռոմ, շաքար, ային-օյին ենք տանում:

Խե՞ր է, ի՞նչ հարսանիք է:

Մեր գյուղի համփան՝ քեհյի աղջկան, Ասլիին՝ Եղիկի նշանածին, տանում է յուր տուն: Ա՛խ Եղիկ, որտե՞ղ ես:

Մոսոն նկատեց, որ դրանք Եղիկի բարեկամ տղերք էին, բայց չէր իմանում ինչպե՞ս վարվի: Քիչ մտածելուց հետո՝

Արեք գնանք Եղիկի մոտ, — ասաց Մոսոն, և ճանապարհորդները, թեև տատանվելով, վախենալով, հետևեցին Մոսոյին, բայց երբ հեռվից նկատեցին Եղիկին՝ հանգստացան: Նրանք գյուղական ընկեր տղերք էին և Եղիկի հետ միասին մեծացած, վստահ էին, որ նրանից իրենց վնաս չի հասնիլ, իսկ տեսնել այդ հերոս դարձած ընկերին, վաղուց փափագում էին:

Եղիկը փաթաթվեց նրանց, կարծես հարազատ եղբայրները լինեին... Խեղճը սրտակցից, հարազատից գաղափար չուներ, ինքը մոր մինուճարն էր, հայրն էլ մամի մինուճարն էր եղել: Բոլոր գյուղական բարեկամ-ծանոթներին շատ բարև ուղարկեց, և ինքը մնաց մոլորված: Չգիտեր՝ դառնա՞ր դեպի Ղարաքիլիսա, թե շարունակեր յուր ուղին:

Գրիգոր, այսօր ի՞նչ օր է, — հարցրեց նա:

Հինգշաբթի, — ասաց Գրիգորը:

Լավ է, — ասաց, — քշեցեք ձիաներդ դեպի Պարտեզ: Նույն գիշերը հասան, բայց գյուղ չմտան, այլ առաջ գնացին դեպի անտառ: Մինչև լույս անտառի խորքում կրակ վառեցին ու հանգստացան: Լուսադեմին ճանապարհի նշանավոր կետերում զետեղվելուց հետո կարևոր հրամաններ տվեց ընկերներին Եղիկը և բարձրացավ ՀարամՎարդանի բարձունքներից դիտելու ճանապարհների անցուղարձը: Երկար չսպասեցին. տնանկ վաճառականի ասածն ուղիղ էր և Արզրումից մասնավոր չափարը (սուրհանդակ) մեծ ձիավորների խմբով գալիս էր: Եղիկը ետ դարձավ և ընկերներին հավաքելով անտառում մի կիրճի մեջ, որոշ տեղերում իրենց դիրքը բռնած՝ նստան: Բավական ժամանակ անցնելուց հետո առաջավոր երեք ձիավորներ եկան անցան, որոնց հետևում էին երկու հազար քայլ հեռու ևս երեք ձիավոր: Սրանց թույլ տվին անցնելու: Իսկ սրանից քառորդ ժամ հետո եկան մոտ երեսուն ձիավորներ, ծանր քայլերով, հետները չորս ջորի, բեռնավորված փողով: Եղիկը նշանը տվեց, և չորս գնդակները չորս գլխավորների գլորեցին: Առանց սպասելու չորս էլ փշտովի գնդակ արձակեցին, որոնք նույնպես իրենց զոհերն ունեցան: Չափարների գլխավորների գլորվելուց հետո արդեն հետևողները շվարեցան: Ահագին անտառ, ծառերի միջից գալիս է գնդակը. ո՞վ գիտե, որտեղ են ապաստանած և քանի՛ հոգի են: Մի քանի գնդակ արձակեցին չափարները, բայց զուր, ծառերի բներում մնացին այդ գնդակները: Դրությունը սոսկալի էր: Եղիկը երկրորդ, երրորդ անգամ լցրեց հրացանը և ամեն անգամ ճարպիկ ձիավորների վրա էր ուղղում գնդակը: Գրիգորը, Մելոն ու Մոսոն նույնպես կրակ դարձած, իրար ետևից կարկուտի նման գնդակ թափեցին չափարի ձիավորների վրա, այնպես որ սրանք կարծեցին, թե անտառում առնվազն քսան-երեսուն մարդ է թաքնված: Դրանից հետո մի քանի գնդակ էլ հասցրին ջորիներին, որոնք թավալվեցան իրենց գանձով: Ճար չկար, միայն փախուստը կարող էր չափարի ձիավորներին փրկել, այդպես էլ արին, բայց Եղիկի և ընկերների գնդակները նրանց չէին թողնում խույս տալով մահից ազատվելու:

Երեք հոգի մնացին սատկած ջորիների գլխին, — ասաց Եղիկը:

Այդ ջորիների բեռները բարձեցեք ձեր ձիաներին, եթե մեռնիլ չեք ուզում:

Իսկույն հրամանը կատարեցին:

Դե՜հ, ձեր զենքերը թափեցեք այդտեղ և բեռնավորված ձիերը քշեցեք այս կողմը:

Այդ էլ կատարեցին, և երբ բավական հեռացան, ասաց Եղիկը.

Այս օրդու մյուչյուրի (բանակի հրամանատար) սերքին տարեք Ղարս, փաշային տվեք և ասեք կռվի տարին զորքին տրված հարյուր բեռն բրնձի փողը եկավ տարավ Քոռ-Եղիկը: Այս սպանություններն էլ նրա համար կատարվեցին, որ փաշաները, տասը տարի է հարյուր անգամ նրանց խնդիր տրվեց, և չկատարեցին աղքատի, թշվառի խնդիրը: Թող ուրիշ անգամ ժողովրդին չկողոպտեն և անմեղների կոտորածի պատճառ դառնան:

Չափարները ետ դարձան հետի, իսկ Եղիկը և յուր ընկերները Սողանլու անտառների խորքերից առաջ գնացին դեպի Փանակի կողմերը, որտեղ երեք ձիաբեռն ոսկին թաղելուց հետո մի ձիաբեռը լցրին մաս-մաս չորս ձիու խուրջինները և Գյոլայի անտառով Արդահանի վրայով դիմեցին դեպի Ախալքալաք:

Կիրակի առավոտ Ախալքալաքից դուրս եկան. եղանակը ամպամած էր, և երբեմն մանր ձյուն էր բրդում, երբեմն էլ քամին մոլորեցնում էր: Արփա լճի մոտ քիչ մնաց նրանք մոլորվեին. ճանապարհից արդեն դուրս էին ընկել: Վերջապես զանգերու ժամանակ հազիվ հասան Շիշթափա: Թեև նոյեմբերի սկիզբն էր, բայց Գուգարքի սարերն ու սարահարթերը հոկտեմբերից ծածկվում են սպիտակ սավանով: Ձիաներին հարկավոր էր կեր տալ: Իջան, գյուղ մտան և մի երկու ժամ ձիերին կերակրելուց և երեքն էլ հանգստանալուց հետո, երբ մութը լավ ընկած էր, դուրս եկան: Աշնանային մառախլապատ մութ գիշեր և երկար ճանապարհ, հազիվ մեջգիշերին նրանք հասան գյումրի:

Տղե՛րք, քշեցե՛ք, — ասաց Եղիկը, — քշեցեք, թե չէ հարսը տարավ մղդսի Կյուրեղը: Եվ ուղիղ: Հարսանիքը բռնել էին այդ գիշեր: Ողջ Ղարաքիլիսան հավաքվել էր մղդսի Կյուրեղենց տունը, էլ դափ, էլ զուռնա, էլ դահալ, էլ մեյ, ձայն-ձայնի էին տվել, երկինքը թնդացնում: Մղդսի Կյուրեղը արզրումցի աղաներին էլ էր կանչել, որոնց համար սազ-քյամանչա չէ, աշղներ ու ասողներ, մի խոսքով՝ իրար էին խառնվել:

Մինչև էրզրումցի աղաներին քառասուն տեսակ կերակրով, աշբազով ու չերեզբազով (խոհարար և կարկանդակագործ) ծանր ու բարակ հյուրասիրել էր մղդսի Կյուրեղը, մինչև ահագին բազմություն գյուղացիներին կշտացրել էր, մինչև խնամոնց և խաչախպոր դասին շահել էր, արդեն կեսգիշերն անցել էր: Մինչև դուրս եկան, մինչև հասան խնամոնց տունը, մի ժամ էլ այդտեղ կորցրին: Ասլին էլ մի ժամ ավելի տանջեց տալցուներին և ներցուներին, որոնց հազար ու մի տանջանքով, մոր, քրոջ, հարսի և մորաքրոջ աղջիկներին հազիվ զիջավ և մի կերպ հագնվեցավ հարսանեկան զարդերը: Լաց էր լինում, մռնչում էր, կատաղում էր Ասլին, բայց ճար չուներ:

Մենք էլ նազ անելով ենք հագել այդ շորերը, մենք էլ լացել ենք, բայց երկու օրից հետո ոչ միայն մոռացել, այլ անչափ ուրախացել ենք, — ասում էին ազգական տիկինները:

Վերջապես Ասլին, երկար մտածելուց հետո, վճռեց մտքումը՝ պսակվել, գնալ մղդսի Կյուրեղենց տունը, բայց ո՜չ նրանց հարս դառնալ, ո՜չ Մուքեին կնիկ: Նա համոզված էր, որ երբեք Եղիկը իրեն չէր մոռանալու և թողնելու ուրիշի դռանը:

Էլի փողերը հնչվեցան, էլի դուրս եկավ հարսնևորը, և թագավորն ու թագուհին թափորով կողք-կողքի գնացին եկեղեցի: Մուքեն երանության մեջ էր զգում իրեն, իսկ Ասլին չարչարանքի: Շատ հույս ուներ Ասլին, որ մինչև եկեղեցի մտնելը մի ճար կհասնի, բայց զուր: Երբ երգերն սկսեցին, երբ տերտերն Ասլու ձեռքը հանձնեց Մուքեին, սարսռաց խեղճ կույսը, բայց ակամա ձեռքը բաց չէր թողնում Մուքեն:

Աչքալույս, հա, աչքալույս, — գոռում էին ամեն կողմից: Թափորը ետ շարժվեց, դուրս եկան եկեղեցուց և նույն եղանակով սկսեցին դիմել մղդսի Կյուրեղենց տունը: Հանկարծ երկու, երեք, չորս փշտովի կրակ իրար ետևից: Բոլորը կարծեցին, թե հարսնևորներն են, ջիրիդ խաղացող ձիավորները: Ասլին ցնցվեց, զգաց, հոտ առավ, որ մի բան պիտի կատարվեր, բայց սաստիկ զայրացել էր, որ այնքան ուշացել էր:

Մեկ էլ գոռացին.

Եղի՛կը, Եղի՛կը զենք առե՜ք, հասե՜ք, օգնեցե՜ք... — Մելոն մի քանի բուռ ոսկի սփռեց հարսնևորներին: Հարսնևորները խառնվեցան, վազեցին ոսկին ժողովելու, տակնուվրա եղան: Եղիկը ձին քշեց, Ասլիի թևից բռնելն ու թարքը գցելը մեկ եղավ: Ձին մտրակեց ու առաջ անցավ: Գրիգորը, Մոսոն ու Մելոն նրա քամակից հեռացան: Գրիգորը գոռում էր.

Գյուլլա պաղեցնող չկա՛, հրամեցե՛ք:

Մելոն կանչում էր. ոսկի՛ ժողվողներ, եկե՛ք, թալան է:

Բայց ուշ էր:

Երրորդ օրը Եղիկը յուր Գյոկչայի տանն էր՝ Ասլիի հետ:

1898թ.

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Следующая Конец