Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Տեսա՞ր, որ «մարդավարի հաց ուտել» անգամ չգիտես, ես որ ասացի, մի՞թե կարծում էիր, թե ես ուզեցի քեզ անտեղի վրդովել:

Ուրեմն, Ազիզ սահաբ, խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ պակասություն ունինք, որ կարողանանք ուղղվել: Մեզ ավանդվածները կատարելապես գործադրում ենք, էլ ինչ ոք չգիտենք, խնդրեմ սովորեցնեք:

Սեղան նստելուց առաջ պետք է ընկղմվել մտավոր աշխարհը և խղճին հարց տալ, թե արդյոք որևէ մերձավորի կամ հեռավորի խո չե՞ք զրկել: Պետք է անկեղծությամբ խորհել, թե ձեզնից զրկանքի մատնվածը քաղցի, ծարավի, մերկության և ցրտի խո չէր դատապարտված, սրտով, հոգով խո գանգատ չի բարձրացնում դեպի արարիչը ձեր դեմ կրած զրկանքների, տանջանքների մեջ: Այն հացին, պանրին, մսին, մրգին ձեռ տալուց առաջ պետք է ներքին աշխարհի խղճին հարց տալ, թե արդյոք դրանց տերերի վարձը ամբողջությամբ վճարել ես, այդ վճարածդ դրամը քո հալալ ճակատիդ աշխատանքով ես ձեռք բերել, թե այդ դրամի մեջ ուրիշի քրտինքի մաս կա: Ահա թե աղոթքից, լվացումից և ձևականությունից առաջ ինչ պարտականություն ունիս խղճիդ հետ վճռելու, որ ապա կարողանաս սեղանին մոտենալ: Իսկապես իսլամի ամենագլխավոր պարտքն է, որ նախ զրկանքների մատնվածներին, ով ուզում է թող լինի, իսլամ թե ոչ-իսլամ, վերադարձնե կատարելապես իրեն չպատկանածը, որ ապա կարողանա արդարադատի վայել բարեխղճությամբ սեղան նստել: Իսկ քանի որ այս չես կատարել մինչև օրս, ես քո սեղանին չեմ կարող մասնակցել:

Ասաց ու հեռացավ արդարադատ հյուրը, խռովելով հյուրընկալի սիրտն ու հոգին:

1909 թ.

ԾՈՄԱԲԱՑԻՆ

(Պատկեր)

Ծոմապահության (Ռամազան) ամսի 15-ին Հաջի Ալի Հարիրֆրուշը (բեհեզավաճառ) խոսք էր առել Քեր-Բելայից եկած դենպետից յուր տունը այցելելու և միասին ծոմաբացին ընթրելու: Վաճառականը անչափ ուրախացել էր, որ շիաների երկրպագության արժանացած մյուջթեհիդը խոստացել էր նրա տանը ընթրիքի բազմելով բախտավորեցնել:

Ահա այս պատճառով հաջին լավ պատրաստություն էր տեսել և իր աչքի ընկնող դրացիներին, մրցակիցներին և բարեկամներին հրավիրել էր նույն իրիկուն ներկա գտնվելու իր տանը և սրբակրոն հոր օրհնություններին ու բարոյական վսեմ հորդորներին մասնակցելու:

Արևը մայր մտնելուց մի ժամ առաջ բոլոր հրավիրյալները ներկայացել էին հարգևորի տունը և անհամբեր սպասում էին դենպետի գալուն, որի տանից ճանապարհ ընկնելու լուրը արդեն հասցրել էին արագավազ լրաբերները: Եկավ վերջապես դենպետն էլ, հրավիրյալները պարտեզի ծաղկանոցից անցան թենեբին (մեծ սրահը) և ծնկների վրա կարգով չոքեցին սրահի չորս կողմը փռված մինդարների վրա, որոնք ծածկված էին ընտիր գորգերով:

Երբ սկսեց չորս բոլորի հրավիրյալների վիճակից հարցուփորձ անել մեծ դենպետը, սենյակի մեջ այնպիսի լռություն տիրեց, որ օդի մեջ թռչկոտող ճանճերի ձայնն անգամ այնպես աղմկալի էր թվում, որ տանտերը մտորում էր մի կերպ դուրս վանել դրանց, որ չխանգարեն բարձրագույն հյուրին: Բայց ճանճերը խո չէի՞ն կարող մտնել տանտիրոջ հոգեկան աշխարհը, չվրդովել հյուրընկալին և նրա բարեկամներին:

Այդ միջոցին մոտի ընդարձակ սրահում պատրաստում էին սեղանը, որտեղ սպասավորները ամենայն զգուշությամբ և ճաշակով դասավորում էին կերակուրները: Սուփրի ծայրերին ութ սինի փլավ ու չլավ էր դրած, բոլորն էլ զանազան համեմունքներով, իսկ մեջտեղը շարած էին որսի, գառի, հավի մսերից, կաթնեղեն, քաղցրեղեն և ուրիշ կերակուրներ: Խոշոր, հախճապակե բադիաներով շարած էր օշարակը, որոնց մեջ լցրած էր շիմշատից շինած գեղեցիկ շերեփներ: Մրգերը իրենց վառվռուն գույնով հրապուրում էին աչքերը, կերակուրները իրենց քաղցր բույրով գրգռում ախորժակը:

Երբ արևը մտավ հորիզոնից, դենպետը, արևամուտի աղոթքի ժամանակը հասած համարելով, զննեց կողմնացույցը և կամենում էր աղոթքի կանգնել: Հանկարծ պարտեզի դռնից աղմկելով ներս մտավ մի պառավ թրքուհի, ոտից մինչև գլուխ չարսավում փաթաթված, ձեռքում աղերսագիր և ուղղվեց դեպի թենեբիի լայն բաց լուսամուտը:

Թեև տանտիրոջ ծառաները շատ աշխատեցին, որ արգելեն պառավին խնդիրը ներկայացնելու, բայց մեծ մյուջթեհիդի հավատարիմը նրանց առաջը կտրեց ասելով.

Արդարադատության դուռը ոչ մի րոպե չի կարելի փակել: Խնդրատուի առաջ միշտ բաց են դատարանի դռները:

Կինը ներկայացրեց խնդիրը, որը թենեբիից դենպետն առավ ասելով.

Աղոթելուց առաջ անհրաժեշտ է հուզվածների ու բորբոքվածների բողոքը լսել:

Հանդիսականները անմռունչ լսում ու զննում էին իրենց դենպետի խոսքն ու արարքը, որը ակնոցն ուղղեց և սկսեց կարդալ խնդիրը:

Ինչո՞վ ես հաստատում, որ այս տունը քոնն է, խանում, — հարցրեց դենպետը:

Թեև մարդու չեմ հավատացել իմ կապալես, բայց ձեզ վրա լիովին վստահ եմ, կարդացեք, սահաբ, — ասաց ու ծոցից դուրս հանելով կալվածագիրը, հանձնեց դենպետին:

Մյուջթեհիդը կարդաց կալվածագիրը, զննեց կնիքները և հարցրեց մոտը նստած մյուջթեհիդից, թե կնիքն ու ստորագրությունը ծանո՞թ են նրան:

Ծանոթ է. Հաջի Միրզա-Բաղր աղայի ձեռագիրն է, — պատասխանեց կղերականը:

Հաջի-Ալի, առաջ արի տեսնենք, թե ինչ է ասում այս կինը, որ տեր է կանգնել քո այս բնակարանիդ և ինձ զգուշացնում է չաղոթել իր տան մեջ առանց իր համաձայնության:

Սահաբ, — ասաց դենպետի առաջը չոքելով տանտերը, — ահա երեսուն տարի է, որ իմ ձեռքին է այս տունը, և ես գնել եմ Դալալ-Բաշուց:

Ուրեմն այս տները շինել է Դալալ-Բաշի՞ն:

Այո, բայց ես նրանից գնել եմ և թղթերս վավերացրել են բոլոր հայտնի մյուջթեհիդները:

Տեսնեմ թղթերդ, — ասաց դենպետը:

Հաջի-Ալին երբ ներս գնաց թղթերը բերելու, թրքուհին ասաց,

Սահաբ, երբ ամուսինս վալիահթը կանչել էր, նա վախենալով, որ իրեն կարող են կողոպտել, անմիջապես գնացինք մյուջթեհիդի մոտ, և ինձ ծախեց տները, որ ապահովե վտանգից: Բանտում Դալալ-Բաշուն այնքան տանջել տվեց վալիահթը, մինչև ստիպեց տունը ծախել և յոթ հազար թուման տուգանք վճարել: Թեև ամուսինս շատ դիմադրեց, բայց տանջանքի տակ անճարացած զիջավ և յոթ ամիս հետո մի երկրորդ կապալե տվեց Հաջի-Ալիին, իսկ այս անիրավը բռնության ենթարկվածից հափշտակողի նման գրավեց կայքը և տիրացավ:

Բանտից դուրս եկա՞վ Դալալ-Բաշին:

Ոչ, այնտեղ նրան թունավորեցին:

Այս ժամանակ ներս եկավ Հաջի-Ալին և իր կալվածագիրը ներկայացրեց դենպետին:

Սահաբ, բացի այս կապալագիրը, ինքը վալիահթը և շահը հաստատել են իմ դոկումենտներս:

Աղբ են կերել շահը և վալիահթը, նրանց ի՞նչ գործն է արդարադատությունը: Այս կինը այս տունը քեզանից յոթն ամիս առաջ գնել է իր ամուսնուց, սիղան կարդացվել է, նրա սեփականությունն է:

Սահաբ, ես ի՞նչ մեղք ունիմ, երբ ինձ խաբել են. երկրորդ կապալե են տվել, ես վալիահթի ստիպմամբ եմ գնել այս տունը, Դալալ-Բաշու խնդիրքով նրան ազատել եմ քսան հազար թումանի պարտքից:

Լսիր, բռնակալների մասին խոսելն ավելորդ է: Տունը այս կնոջն է, և երեսուն տարվա ընթացքում այս տան մեջ կատարած աղոթքներդ, տված ողորմությունդ, բաժանածդ բարիքները, բոլորը զուր են անցել, քանի որ տանտիրոջ կամքի հակառակ նստել ես այս տանը և նրան հոգեպես տանջել: Այս տան մեջ կատարված բոլոր ամուսնությունները պոռնկության է փոխարկվել և ծնվածները պոռնկորդի են դարձել: Այստեղ ոչ միայն աղոթելը, ընթրելը հարամ է, այլ նստելն ու խոսելն էլ հանցանք: Ես այլևս չեմ կարող մնալ հափշտակիչի տանը:

Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես, — ասաց գունատված Հաջի-Ալին:

Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները մինչև չդարձնես, չես կարող փրկվել:

Պատրաստ եմ, սահաբ, միայն թե իմ հարկս մի խայտառակեք:

Երբ բոլոր խոստացածդ կկատարես, այն ժամանակ կմտնեմ քո հարկը քեզ մխիթարելու, իսկ այսօր առանց այս կնոջ հաճության չեմ կարող մնալ այս տանը, — ասաց, վեր կացավ դենպետը և ուղղվեց դեպի փողոց:

Բոլոր հանդիսականները նրան հետևեցին: Հաջի-Ալին կաթվածահար ընկավ և դարձրեց տները Դալալ-Բաշու կնոջը:

1909 թ.

ԵՐԱԽՏԻՔ

(Պատմած)

Ամբողջ Թավրիզը մեծ իրարանցումի մեջ էր, ամեն կողմից ժողովուրդը դիմում էր դեպի փողոց, որտեղից անց էին կացնելու դահիճները քյալբալա Ղասըմին և Թոփ-Խանեի հրապարակն էին տանելու, որպեսզի մյուջթեհիդի վճիռը գործադրեին: Էլ հասակավոր, երիտասարդ թե երեխա, կին, պառավ թե աղջիկ, ամենքը շտապ-շտապ Թավրիզի նեղ-նեղ փողոցներից անցնելով, դիմում էին մյուջթեհիդի բնակարանի շրջապատի նեղ-նեղ փողոցները և այդ նեղլիկ անցքերում, որոնց միջով չորս-հինգ մարդ կշտեկուշտ չէին քայլել, ամբոխի ահավոր բազմությունը ղժվրտում էր իր բազմազան դասերով և խայտաբղետ տարազներով:

Ժխորը այնպես էր տարածվել օդի մեջ, որ կողք-կողքի կանգնած մարդիկ իրար չէին կարողանում լսել, երկու խոսք իմանալու համար ականջ խլացնելու աստիճանի պետք էր ճվալ:

Ամառային տաք օր էր, թեև մութ փողոցների թանձր կամարակապ ծածկույթներից արևի ճառագայթները չէին կարող ներս թափանցել, բայց աղբերով, կեղտոտություններով նեխված փողոցներում արդեն այնպիսի գարշահոտություն էր տիրում, օդն այնպես էր թանձրացել և տոթը սաստկացել, որ ժողովուրդը, բավականություն չստանալով, ծանրությամբ էր շնչում: Թեև ամեն կողմ բարձրահասակ, առույգ, առողջ ու պնդակազմ մարդիկ էին երևում, բայց այդ ապականված մթնոլորտում իրար հրելով, հրմշտելով այնպես էին կարմրել, որ կարծես այտերը, ճակատները բոցավառվում էին, քրտինքները անվերջ քունքերից, ծոծրակներից ու ճակատներից գլորվում էին, և գոլորշին աննկատ բարձրանում էր նրանց գլխից:

Հանկարծ մի սեիդ ձիավորված դուրս եկավ մյուջթեհիդի բնակարանից և սկսեց գոռալ. — Ճանապարհ բացե՜ք, բացվեցե՜ք, ճանապարհ տվեք: — Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում:

Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ. իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը էլ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս:

Թեև երկու-երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս չէին բերում իր որջից: Թեև մի քանի անգամ նաիբ-յուլ-հաքիմից մարդ եկավ մյուջթեհիդից խնդրելու, որ չարագործին կառավարության հանձնեն, որ նա պատիժը գործադրել տա, բայց ձեռնունայն հեռացան, շերիաթի պաշտոնյան չէր զիջանում, որ գործին միջամտի դիվանը: Երկինքը իր հայտնություններով հպատակների (իսլամ) դատն ու դատաստանը հանձնել էր կրոնի պաշտոնականին, որի արարքը չէր կարող աշխարհային որևէ վարչության կամայականության ենթարկվել:

Ախար, ի՞նչ է պատահել, — հարցրեց մի ծերունի, խառնված բազմության մեջ, իրեն խոսակից մուսուլմանին, — ի՞նչ մեղք է գործել քյալբալա Ղասըմը, որ մյուջթեհիդի պատուհասին է արժանացել:

Էլ ի՞նչ պիտի աներ, — պատասխանեց խոսակիցը, — Փողոցի մեջ լույս ցերեկով այնպես է ծեծել մի սեիդի, որ ոչ միայն փակեղն է գլորել գետին, երեսն արյունել, այլ մինչև անգամ վերարկուն է պատռել:

Մի՞թե, մի՞թե... — ասաց ծերունին մտախոհ զարմանք արտահայտելով: Ապա քիչ հետո կրկին հարցրեց. — Արդյոք ի՞նչն է ստիպել, որ քյալբալան այդ մարգարեի տոհմիկի վրա ձեռք է բարձրացրել:

Պատճառը իսկապես հայտնի չէ, բայց ասում են, իբր թե սեիդը սուտ վկայություն է տվել Ղասըմի դեմ և ահագին տուգանքի ենթարկել:

Եվ դրա համար ի՞նչ պատիժ է սահմանել մյուջթեհիդը:

Դեռ որոշ հայտնի չէ, բայց ասում են թևն են կտրելու:

Բայց եթե իսկապես սեիդն է մեղավորը, — սա հոգին սևացրել, կաշառվել և սուտ վկայություն է տվել, — մի՞թե անարդար չի լինիլ Ղասըմի պատիժը, մի՞թե ներողամտության չի արժանանալ...

Ի՞նչ եք ասում, ապագադ բարի լինի, ծերուկ, աշխարհի չնշին բանի համար մի՞թե կարելի է մարգարեի տոհմիկների վրա ձեռք բարձրացնել: Մի՞թե պետք չէ կտրել, դեն գցել այդպիսի կեղտոտ դաստակը:

Ձեր ասածը զուտ ճշմարտություն է, — վրա բերեց ծերուկը կրոնամոլ ընդդիմախոսին հանդարտեցնելու համար, — – բայց հակառակն եմ ասում, եթե իսկապես սեիդը սուտ է վկայել որով տանջել, կրակի մեջ է գցել Ղասմին ինչ պետք է անել: Գուցե այդպիսի սուտ վկայողը երբեք չի կարող մարգարեի սերունդից լինել, նա կեղծ տոհմիկներից է, որոնք հազար սուտը մի բիստիով7 են վկայում:

Թե սուտ է վկայել սեիդը, այդ մեր գործը չէ, թող նա պատասխան տա երկնավոր թագավորին, իսկ եթե կեղծ տոհմիկ է, այդ մասին էլ թող նրա հոգին քաշե պատիժն ու տանջվի, ինձ ինչ... Բայց լռիր, թող, ինձ հանգիստ թող, ահա դուրս են բերում չարագործին:

Այդ միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի տանից, ոտքերը շղթայած, դաստակները թևակապում զետեղված: Երկու անութների տակից մի հաստ պարանով նրան կապել էին, որի երկու ծայրերը երկու ձիավոր սեիդներ բռնած տանում էին երկու կողքից: Հետևից, առջևից մի քանի տասնյակ հետի մոլեգնած սեիդներ և ախունդներ էին շրջապատել և ահագին աղմուկով առաջ էին գնում: Ամբոխը իր նախատինքով, թքով ու կնճիռներով նրան ընդունեց և առաջնորդեց գեպի Թոփ-Խանե, իսկ Ղասըմը այդ սոսկալի դրությամբ, համր քայլերով առաջ էր գնում ժողովրդի միջով: Դատապարտյալը վշտաբեկ առաջ գնալիս աչքերը վեր անգամ չէր կարողանում բարձրացնել, մռայլ դեմքով, գետնին նայելով, առանց ուշք դարձնելու իրեն դեմ տեղացող սոսկալի հայհոյանքներին, քայլերը փոխում էր առաջ ու առաջ:

Այդ պահուն ձիավորված և ծառաների ընկերակցությամբ կողքի փողոցից անցնում էր Թաջիր Միր-Մուրթուզան, որը Թավրիզի մեջ անվանի հարուստ վաճառական էր, անհամար գանձեր ուներ, մեծամեծ կալվածներ և անթիվ գյուղեր: Սա իր բազմաթիվ ծանոթների, իր հարստության և գանձերի երկրպագուների շնորհիվ միշտ մտքից անցածը, ցանկացածը գլուխ էր բերել: Միր-Մուրթուզան այնպիսի դիրք էր ստեղծել իր անբավ գանձերով, որ նրա խնդիրքը ինչպես շահի պալատում, այնպես էլ դենպետների դռներում երբեք չէր մերժվել: Նա Ղասըմին շատ լավ էր ճանաչւււմ, այդ քանքան փորող արհեստավորը նրա համար շատ ջրանցքներ էր փորել, սարերից, ձորերից անցկացրել, նրա կալվածները, հանդերն ու այգեստանները ջրելու միջոց էր տվել և ամայի անապատները դրախտի վերածելու հնարներն էր գտել: Շնորհիվ իր սրամտության, տաղանդի, կորովամտության և անխոնջ աշխատության, Միր-Մուրթուզայի կայքերի եկամուտները ոչ թէ կրկնապատկվել, այլ քառապատկվել էին, իսկ Միր-Մուրթազան դեռ շատ կարիք ուներ, Ղասըմը նրա համար հարկավոր մարդ էր: Բայց որովհետև Միր-Մուրթուզան, ինչպես սովորաբար բոլոր հարուստները և կալվածատերերը, անչափ ագահ էր և սարսափելի ժլատ, միշտ խոստացածից շատ չնչին վարձով էր Ղասըմի հաշիվները փակել, ուստի Ղասըմը ոչ միայն նրան վիրավորելով հեռացել էր, այլ մինչև անգամ այս նեղ օրումն էլ չէր դիմել մեծատան օգնությանը:

Այդ սոսկալի թափորը տեսնելուց հետո, Միր-Մուրթուզան գործի մանրամասնությունների մասին իր սպասավորներից կարևոր տեղեկություններ իմանալուց հետո մտածեց ինքն իրեն, թե Ղասըմը իրեն կարևոր անձ էր, դրան այնպիսի մի փորձանքից, մի պատուհասից ազատելով, կարող էր ընդմիշտ ստրկացնել, ցմահ պարտավորեցնել և դրա ձեռքով իր կալվածները ծաղկեցնել: Ուստի առանց ժամավաճառ լինելու, ձիու սանձը թեքեց, գլուխն ուղղեց մյուջթեհիդի տան կողմը և շտապեցրեց, որ կարողանա մտադրությունը կատարել:

Մյուջթեհիդը մի բարի մարդ էր, ամեն գործ ծանրությամբ ու մանրազննությամբ քննող: Միանգամայն Միր-Մուրթուզային չհնազանդելու առիթ չուներ, քանի որ վերջինս էլ, ճշմարիտ հավատացյալների նման, ամեն տարի իր եկամուտների տասներորդը և աղքատների բաժինը այս դենպետի ձեռքով էր բաժանել տալիս կարոտյալներին: Ինքն էլ ճշմարիտ հավատացյալի, ջերմեռանդ տոհմիկի և պարտաճանաչ մուսուլմանի համբավ ուներ, ուստի դենպետը հավատաց իր ծխական վաճառականի խոսքերին:

Ղասըմը ազնիվ մարդ է, — ասում էր կալվածատերը, — իսկ նրա հակառակորդը խաբեբա, կեղծավոր, խարդախ և սուտ վկա: Մինչև անգամ բաբիների մեջ են նրան տեսել քանի՛-քանի՛ անգամ իմ ծառաները: Այդ փուչ խաբեբան, իսկապես, արժանի էր դրանից էլ սոսկալի անարգանքի ու ծեծի, քանի որ ես համոզված եմ և գիտեմ, որ նա պարզ ճշմարտության հակառակ էր վկայել, և Ղասըմը անճարացած ստիպվել էր այդ քայլն անելու...

Միր-Մուրթուզան այնպիսի ճարտարությամբ խոսեցավ, որ մյուջթեհիդը համոզվեց և իսկույն իր մերձավորներից մեկի ձեռքով մի հրաման գրեց, կնքեց, տվեց, որ գնա, անմիջապես հասնի և Ղասըմին ետ բերի իրեն բնակարանը, որպեսզի գործը կրկին քննելով, հաստատ համոզմունք կազմե, որ ապագայում պարտավոր չմնա խղճի դեմ:

Այսպես էլ եղավ: Անմիջապես մյոլջթեհիդի հրամանը հասավ, և դահիճը, երբ արդեն կացինն էր սրում, որ բարձրացնե ու կտրե կոճղի վրա դրված-կապված Ղասըմի թեև, մյուջթեհիդի գործակալի ձայնը նրան կաշկանդեց և դատապարտյալին ետ տարան որտեղից որ բերել էին: Միր-Մուրթուզան այնքան խոսեցավ և այնպիսի ցուցումներ տվեց, որ Ղասըմին մինչև հետը տանելու հրամանը չառավ, դուրս չեկավ մյուջթեհիդի ապարանքից:

Ղասըմը, որ մի այսպիսի բարեպատեհ պաշտպանության բոլորովին հույս չուներ, անչափ շնորհակալությամբ բաժանվեց Միր-Մուրթուզայից և դիմեց իր տունը, անհուն ուրախության մեջ զեղելով իր կնոջը, մորը, զավակներին և արյունակիցներին, որոնք սրա ձերբակալված օրից սուգի և թախիծի մեջ ընկած, ողբում էին իրենց սոսկալի վիճակը:

Բայց քյալբալա Ղասըմին, որը շատ լավ ուսումնասիրած էր հարուստ վաճառականի հոգեկան աշխարհը, անչափ տարօրինակ թվաց Միր-Մուրթուզայի վերաբերմունքը և նա խրվեց խոր մտածությունների մեջ, թե արդյոք ինչ բանն ստիպեց կալվածատիրոջը՝ իրեն պաշտպան հանդիսանալ, նամանավանդ որ ինքը նրան վշտացնելով հեռացած էր: Ղասըմը գիտեր, որ Միր-Մուրթուզան օգուտ չսպասած գործի համար չէր զիջանիլ այդպիսի նեղություն հանձն առնել և այնքան թախանձանքով ու երաշխավորությամբ իրեն փրկել:

Մի քանի օրից Ղասըմը կրկին կպավ իր գործին, սկսեց ման գալ կալվածատերերի դռները, որ գործ գտնի և քիչ թե շատ փող ձեռք գցե իր բազմաթիվ ընտանիքը կերակրելու համար: Նա, ինչպես ասացինք, հայտնի քանքան փորող էր և ազատ ժամանակ չուներ, իսկ այս գործի մեջ արդար դուրս գալով այնպես հռչակ ստացավ, որ մեծամեծները, կալվածատերերը իրենց բոլոր գործերը նրան էին հանձնում, այնպես էր, ինչպես ասում են, «Էլ գլուխը քորելու ժամանակ չուներ», առավոտից մինչև իրիկուն, գիշերն անգամ գետնիտակ, խլուրդի նման, փորում էր ու ծածկվում և սարերի լանջով հուրը պտտեցնելով, ոլորելով հասցնում էր այս ու այն խանի-խավանի կալվածները:

Բայց շաբաթական մի կամ երկու անգամ անպատճառ նա այցելում էր իր բարերարին՝ նրա ապարանքում, այնպես որ աղոթատան նման էր դարձել Ղասըմի համար Միր-Մուրթուզայի թանաբին. ազատ ժամանակ գտնելուն պես գնում, չոքում էր նա բարերարի դիմաց, լսում նրա հրամանները կամ խրատները, պատմում էր նրան անկեղծությամբ իր գլխին պատահած առօրյա արկածները, մի խոսքով սիրտը բացել, դրել էր նրա ոտքերի տակ: Դեռ այդ բավական չէ, Ղասըմը Միր-Մուրթուզայի կալվածների վերաբերյալ բոլոր խորհուրդները ոչ միայն առանց վարձի էր գնում, զննում ու տալիս, քանքանները համարյա թե առանց վարձի էր փորում, դեռ մշակներին տալիս էր սովորական վարձագնի կեսից էլ պակաս և ամեն կերպ աշխատում էր նրա շահերը կարելի եղածին չափ պաշտպանել, իրեն հանձնարարված գործերն ամենաբարեխղճաբար կատարել:

Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով, ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.

Ապերախտ մի լինիր Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դադող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր:

Անչափ շնորհապարտ եմ, — միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը, — քու հովանին միայն ինձ փրկեց, քու ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում: Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից:

Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը: Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և ընտանիքը զրկանքների ենթարկած, բոլոր ուժը կենտրոնացրած, արյուն-քրտինքով տանջվում էր ու աշխատում ՄիրՄուրթուզայի կալվածներում:

Մինչև անգամ այնքան անբարեխիղճ էր կալվածատերը, որ Ղասըմի ձեռքի տակ բանող գործավորներից ամենահետնյալ մշակի կեսի չափովն էլ չէր մտածում Ղասըմին բավականացնել, այնպես որ խղճալին պարտավորված էր լինում երբեմն-երբեմն կողմնակի կալվածատերերից Պարսկաստանին հատուկ քառասուն-հիսուն տոկոսով փող փոխ առնել ընտանիքը քաղցից փրկելու համար: Եվ եթե այս պարտքի վճարման համար մի երկու օրով ուրիշի կալվածներն էր կարգի բերում, նրանց քանքաններն էր վարել տալիս, Միր-Մուրթուզան նրան կանչել տալով, ասում էր հանդիմանությամբ.

Երախտամոռ, թողել իմ գործերս, ձգել ես երեսի վրա իմ կալվածներս, գնացել աշխատում ես այն մարդկանց գործերում, որոնք քեզանից երես թեքեցին, երբ դահիճը ձեռքդ էր կտրելու:

Ախր, աղա ջան, ղուրբան, — ասում էր Ղասըմը հանգստությամբ, — ներեցեք համարձակությանս, մեր տանը ութ-տասը բերան կա, որ առավոտիրիկուն հաց են ուզում, դրանց մարմինները ծածկելու համար հագուստ է պետք: Ես ձեր գործերը կարգի դրած միայն հեռանում եմ, այնպես որ իմ բացակայությանս առաջ են տանում գործը բանվորներս և եթե ինձ պետք են ունենում, կանչում են: Իմ գնալովս ոչ միայն գործերիդ վնաս չի հասնում, այլ ես միջոց եմ գտնում ընտանիքիս կարիքները հոգալու և ձեզ այդ նեղությունից ազատելու:

Էհ, մի արդարանալ, պատճառաբանություններ մի գտնիլ, — ասում էր ագահ կալվածատերը: — Վարձ չես ստանում, դրա համար ես փախչում: Քանի-քանի անգամ առաջարկել եմ, որ վարձ չես առնում, խո ես մեղք չունի՞մ: Լավ է, լավ, թող հավաքվի քո վարձը ինձ մոտ, միանգամից այնպես բան անեմ, որ դու մարդ դառնաս, — ասում էր Միր-Մուրթուզան, բան չհասկանալ ձևանալով և կարծում էր, որ իր տված հույսի քամիներով կարողանում էր խաբել Ղասըմին:

Իսկ Ղասըմը չարատանջ կյանքը մի կերպ քարշ էր տալիս, Միր-Մուրթուզայի փրկած թևը չխնայելով նրա գործերում բանեցնելու:

Տարեցտարի ահագին հարստություն էր ձեռք բերում հարուստ վաճառականը և ձեռն անցած գումարով նորանոր գյուղեր էր գնում ու ընդարձակում իր կալվածները և Ղասըմի գործի ասպարեզը: Միր-Մուրթուզան քառասուն տարվա մեջ հորից ժառանգած չորս գյուղերի թիվը քառասուն անգամ բազմապատկել էր, այնպես որ հարյուր վաթսուն գյուղի մեջ ապրող այնքան հազարավոր շինականները, էրիկմարդ, կին, տղա, աղջիկ, բոլորը միասին աշխատում էին, տարվա չորս եղանակներում տանջվում, երկիր մշակում, այգիները, պարտեզները և հանդերը պարարտացնում, խնամում, ջրում, ցանում ու քաղում իրենց մշակած ահավոր հողերի բոլոր բերքը, կիսում կալվածատիրոջ հետ:

Անկուշտ կալվածատերը, որ հարյուր-հազարավոր խալվարներով գարին ու ցորենը ամբարում ծախում էր, բրինձը շտեմարանում մաքրել տալիս և հեռու աշխարհներ ուղարկելով ահավոր գումարներ էր ստանում, չորացած միրգը, նուշը, չամիչը, ծիրանն ու սալորը Թավրիզի հայ վաճառականների վրա իր տեղում ծախում, ոսկին ու արծաթը քաշում էր իր սնդուկը, այդ անչափ գումարներով չկշտանալով, ոչ միայն կալվածների բարիքից տափերի ջրերը կարգի բերող մշակի` Ղասըմի տունը մի ջվալ ցորեն, մի բուռ բրինձ չէր ուղարկում կամ մի քանի շահի սև փող չէր տալիս, այլ իրաններին էլ չէր թողնում շռայլելու: Խելք ու միտքը տվել էր կայքերը շատացնելուն, եկամուտները ամբողջապես նորանոր կալվածների էր հատկացնում և երազում էր ամբողջ Ատրպատականի գյուղերին տիրել և մի օր նրա տերը դառնալ:

Իսկ Ղասըմը առանց ծախվելու ստրկացել էր և գլուխը քաշ արած Միր-Մուրթուզայի գնած նորանոր կալվածների քանքաններն էր կարգի բերում ոչ միայն առանց վարձի, այլ մինչև անգամ գոհունակության էլ չէր արժանանում: Դեռևս բարերար կալվածատերը տեղի անտեղի չէր մոռանում ամեն դեպքում նրան հիշեցնել, սիրտը ծակելով և կյանքը դառնացնելով, որ Ղասըմի թևը, հետևաբար և կյանքը ինքն էր փրկել, նա պարտական էր իրեն:

Ամբողջ տասը տարի Միր-Մուրթուզայի համար աշխատեց, հուսալով, որ վերջապես այդ անխիղճ արարածի սիրտը կհագեցնե և կբավականացնե, բայց զուր անցան Ղասըմի ցանքերը: Սա ամեն տեսակ դառնություն, նախատինք, զըրկանք սիրով տարավ, որ փոխարինե թևը կտրելուց ազատողի բարիքը, իսկ բարերարը փոխանակ բավարարվելու, օրեցօր գործերը ծանրացնում էր և ավելի պահանջող դառնում:

Միր-Մուրթուզան մի րնդարձակ կալվածք էր ձեռք բերել առնելիքի մեջ, որի անջրդի տափաստանները անապատի տեսք ունեին: Շատ անգամ Ղասըմի հետ նրանք այդ կալվածքի համար հատուկ Թավրիզից երկու օրվա ճանապարհ էին գնացել, ամեն մի անգամին երեք-չորս օրով ման էին եկել այդ կալվածքի սահմանները, բայց ջուրը բերելու հնար չէին գտել: Երևում էր, որ ժամանակին այդտեղ բնակություն եղել էր, հետևաբար պետք է որ ջուր էլ ունենար, բայց դարեր էին անցել, երկիրը անմարդացել, անապատ էր դարձել և ով կարող էր գուշակել, որ որտեղից էին ջուրը անցկացրել, տարել: Բայց այնպես լավ հողեր ուներ այդ անապատը, այնպիսի դիրք, որ եթե հնարավոր լիներ ջրել, մի քանի հազար մարդու կերակրելուց ջոկ, տիրոջը ահագին գումար տալուց հետո, այնպիսի հազվագյուտ բերքեր կարելի էր առաջացնել այդտեղ, որ իսկապես անապատը կարելի էր դրախտի փոխարկել: Այս պարագան կտրել էր Միր-Մուրթուզայի դադարումը, նա գիշեր-ցերեկ խելքը, միտքը կենտրոնացած մտածում էր այդ կալվածքի մասին:

Երկար խորհելուց հետո Ղասըմը կալվածատիրոջը խորհուրդ տվեց, որ սահմանակից լեռնային գյուղը գնե, որի սարերի լանջերում կարելի է ջուր գտնել և ցած բերելով անջրդի անապատը կենդանացնել: Միր-Մուրթուզան հավանեց այդ խորհուրդը, լսեց Ղասըմին և գնեց սահմանակից լեռնային գյուղը: Բայց այս գյուղի ջրերը հազիվ իր հողերին էին բավականություն տալիս, այնպես որ Ղասըմի անընդհատ ջանքերն ու աշխատությունները անպտուղ մնացին:

Ագահ կալվածատերը այնքան ման էր եկել Ղասըմի հետ, որ ինքն էլ արդեն քիչ թե շատ հասկանում էր. նա նկատեց, որ վերջին անգամ գնած լեռնային գյուղի սահմանակից մի Շահզադի կալվածք շատ մեծ ջուր է պարունակում, որը գյուղացիների բոլոր մշակությունները ջրելուց հետո Շահզադի ահավոր այգեստաններին, մարգաստաններին և նոր տնկած անտառներին էլ բավականություն էր տալիս: Այդ ջրերի ակունքներն այնքան մոտ էին Միր-Մուրթուզայի նոր գնած լեռնային գյուղին, որ եթե Ղասըմը ցանկանար, մի քանի գաղտնի քանքաններ վարեր, կարող էր Շահզադի կալվածքի ջրերը ակունքներից նրանց կեսը աննկատելի կերպով քաշել, դարձնել, իջեցնել դաշտը և իր բարերարի անապատը կենդանացնել:

Միր-Մուրթուզան, երբ երկար-բարակ քննեց և ըմբռնեց, որ կարելի է այդ կերպով իր ամայի երկիրը բնակության հարմարեցնել, սկսեց այլևայլ ձևերով, անուղղակի դարձվածներով հասկացնել Ղասըմին, որ սկսի այդ ջրերի` դեպ իր կալվածները դարձնելու հնարների մասին խորհել: Իսկ Ղասըմը ցույց տալով, թե իբր չի ըմբռնում բարերարի խորհրդավոր ակնարկները, ասում էր.

Աղա, քեզ մատաղ, ի՞նչ նշանակություն ունի քեզ համար փողը, տուր քսան հազար, քսանհինգ հազար թուման և գնիր Շահզադի կալվածքը, արա՜, ինչպես որ կկամենաս:

Բայց Միր-Մուրթուզան արդեն վաղ էր փորձել. Շահզադեն հիսուն հազար թումանով էլ չէր ծախի իր կայքը: Նա հույս ուներ, թե նոր տնկած անտառը, որ արդեն տասը տարվան էր և հարյուր-հազարից ավելի բարդի էր բովանդակում, արդեն տասը տարուց հետո իրեն հարյուր հազար թումանից ավելի օգուտ կտար, էլ ինչի էր ծախում:

Այս բոլորը աչքի առաջ բերելով, Միր-Մուրթուզան հաշվում էր, որ եթե հնար գտներ և իր կալվածքը կարողանար մի կերպ ջրել, նա տարեկան քսան-երեսուն հազար թումանից ավելի եկամուտ կունենար, ուստի վառված սրտով, առիթը պատահած ժամանակ, սուր-սուր սլաքներով խայթում էր Ղասըմի սիրտը, որ նրան ամաչեցնե, թուլացնե, ստիպե և պարտավորեցնե, որ նա սկսի դարանավոր քանքաններ փորելու, որով համոզված էր բարերարը, թե նպատակին կհասնի: Իսկ Ղասըմը սաստիկ էր բորբոքվում ու կատաղում, երբ նկատում էր, թե հեռվից-հեռու, զարտուղի ճանապարհներով դեպի ուր էր մղում նրան իր ազատարարը:

Վերջապես համբերությունը կտրված, մի օր Միր-Մուրթուզան իր թանաբու մոտի սենյակը կանչել տվեց Ղասըմին, որոնք կես արշին բարձրությամբ պատուհաններով բաժանված էին իրարից: Կալվածատիրոջ թանաբին լցված էր բազմությամբ, որոնք շատ ցածր ձայնով իրար հետ մեծ ակնածությամբ խոսակցում էին տանտիրոջ մասին: Երբ Ղասըմը մոտեցավ այն պատուհանին, որտեղ նստած էր Միր-Մուրթուզան, վերջինս նշան արավ, որ չոքի, և երկուսը սկսեցին իրար ականջում պատուհանի միջով իրար հետ այնպես ցածր խոսել, որ հանդիսականներից մարդ բան չէր կարող լսել: Երբ Ղասըմը մոտ հրավիրվեց, նա արդեն իսկույն ըմբռնեց, թե բարերարը մի ինչ-որ ծանր առաջարկություն էր անելու: Թեև դժկամած, բայց անճարացած մոտեցել, չոքել էր նրա առաջ խոստովանորդու նման և լսում էր հրամանները:

Ճա՛ր չկա, — ասաց Միր-Մուրթուզան Ղասըմին, — քանի մարդի մեջ գցեցի, որքան մեծ գումար խոստացա, հնար չգտա, Շահզադան չի ծախում կալվածքը, իսկ մեր հողերը այնպես անջրդի, անապատ թողնելը մեղք է: Քեզանից է կախված ամեն բան, որ ուզենաս կկենդանացնես, դրախտի կվերածես մեր անապատը, այն ժամանակ գուցե Շահզադան էլ խոնարհի ու ծախե իր գյուղը, այդ մեր սահմանակից կալվածքը:

Ղասըմը այս առաջարկությունը լսելով, աչքերը չռեց, հառեց ազատչի աչքերին և այնպիսի դաժան հայացքով զննեց, որ նույնիսկ ագահի սրտի խորքերը թափանցեց, կարդաց. այնպես որ նա մոլորվեց, մի քանի վայրկյան անշարժ մնաց: Բայց իր արհեստի մեջ տոկուն վաճառականը շուտով ուշքը հավաքեց ու ավելացրեց.

Ի՞նչ ես աչքերիս մեջ նայում, ի՞նչ ես մտածում կամ ինչի՞ ես զարմանում: Մի՞թե ես իրավունք չունիմ իմ կալվածներիս մեջ ջուր որոնելու, իմ հողերս բարեկարգելու, քանքաններ փորելու...

Ունիս, քեզ մարդ ոչինչ չի ասում դրա համար, բայց քո բոլոր հողերդ այնպես ենք քննել ու քրքրել, որ դու էլ համոզված ես ինձ հետ, որ այնտեղ ջուր չկա: Իսկ Շահզադի քանքանների հոսանքների հակառակ քանքան փորելիս ոչ թե նոր ջուր ենք գտնելու, այլ նրա ջուրը պիտի կիսենք-գողանանք...

Следующая страница