Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Մի՞թե մենք էլ նրա նման իրավունք չունինք սարի ջրից օգտվելու:

Բայց մեր սահմանի սարերը ջուր չունին, նրա սարի կողքը որ փորես՝ մեր կողմը ջուր դարձյալ չի գալ:

Եթե դու ուզենաս, կգա՛:

Ուրեմն գողությո՞ւն անեմ. նրա աղբյուրների ջրերը կտրեմ, բերեմ քո կալվածները ջրեմ, — ասաց ձայնը բարձրացնելով Ղասըմը:

Այդպե՞ս ես խոսում ազատարարիդ հետ, այդպե՞ս ես պատասխանում, ա՞յդ ձևո՞վ ես փոխարինում բարիքը, ապերախտ, — ասաց ձայնը նույնպես բարձրացնելով Միր-Մուրթուզան:

Ինձ էլ պետք չէ քո ազատած թևը, — ասաց զայրացած Ղասըմը, — եթե նրան այնքան պարտավոր եմ ստորացնելու, որ քեզ համար գողություններ էլ անե, ես ինքս կկտրեմ, կկտրեմ այն թևը, որ դու ազատեցիր, — ասաց կատաղած Ղասըմը և ձախ թևը պատուհանի գոգը դնելով, ինչպես մի ժամանակ դահիճը կոճղին էր կապել, որ կտրե, հանեց աջ ձեռքով դաշույնը և մի հարվածով կտրեց, արյունլվա թաթը շպրտեց բարերարի երեսին ու շարունակեց.

«Այդ էլ ինձ պետք չէ, վեր առ, ոչ էլ քո մուննաթը: Երանի թե տասը տարի առաջ դահիճը կտրեր և այնքան ժամանակ պարտավորված չլինեի քեզ ծառայելու: Մի՞թե պահելու համար ես այնքան էլ չեմ կարող ստորանալ, որ ուրիշի կալվածների ջրերը գողանամ, քո հողերդ իջեցնեմ, նրա այգիների և անտառների մատղաշ ծառերը չորացնեմ...

Արյունը սկսեց շատրվանի նման ցատկոտել և ներկել Միր-Մուրթուզայի դեմքն ու մորուքը, ապարոշն ու շապիկը, թիկնոցն ու բազմոցը, բեհեզի և գորգի փռվածքը: Հանդիսականները ափիբերան պապանձվեցան, ոչ ոք սիրտ չարավ մի սրբիչ բերել և կապել կտրված թևը և արյան հոսման առաջն առնել:

1899 թ.

ԳՈԴԱՎՈՐՆԵՐ

(վիպակ)

Սամաթավա ամառանոցի հյուպատոսարանի հյուրասենյակում երբ տեղավորվեցանք, բոլոր սպասավորները մեզ թողին առանձին ու հեռացան, որ ձիերը դարմանեն, մեզ համար կերակուր պատրաստեն: Մի քիչ լուռ հանգստանալուց հետո, երբ չէի կարողանում աչքիս առաջից հեռացնել քյուֆթերի սոսկալի պատկերը և նրանց խեղդուկ ձայնը չէր թողել ականջներիս ղժղժոցը, դարձա ռահընկերիս և հարցրի.

Մի՞թե չի կարելի, որ հիվանդանոցներ հիմնեք, անկելանոցներ շինել տաք և այդ թշվառներին խնամեք, քան թե վերվարեք ամայի հեղեղատները:

Ինչի՞ չի կարելի, բայց ո՞վ անի, — ասաց հառաչելով Միրզա-Մեհթին և նստած տեղը դիրք բռնեց ինչ-որ մի բան պատմելու:

Ես ուշքս կենտրոնացրի խոսակցիս դեմքի խորշոմների վրա, որոնք աստիճանաբար խստանում, կնճռվում Էին: Պետք է ասել, որ Միրզա-Մեհթին շուշեցի էր, ժամանակին ավարտել էր գավառական վարժարանը: Սա ոչ միայն ռուսերեն գիտեր, իր խնդիրները անձամբ էր գրում, այլ բավական ծանոթություն ուներ աշխարհագրությունից, պատմությունից, բնական գիտություններից և շատ անգամ խոսակցությունը համեմում էր Գրիբոեդովից, Կռիլովից, Պուշկինից ու Լերմոնտովից սովորած ոտանավորներով ու առածներով: Այս պատճառով Միրզա-Մեհթիին սիրել Էին բոլոր հյուպատոսները, և նա արժանավայել դիրք էր գրավել ամենքի մոտ: Քիչ մտածելուց հետո նա կրկնեց.

Մի դեռահաս կին և իր ծծկեր աղջիկը իրենց խոթության պատճառով մի տարի առաջ մեր թաղից արտաքսվեցան: Մի աննման գեղանի աղջիկ էր մայրը, որը ամբողջ Թավրիզում նմանը քիչ ուներ: Եթե լավ ուշք դարձնեին, ախտաժետի վիճակումն էլ նա դարձյալ լիովին չէր կորցրել իր բնատուր կազմի գեղը: Այնպիսի հասակ ուներ, այնպիսի մազեր, որ հազարավոր կույսերի մեջ դժվար էր հավասարը գտնել, Այնպիսի նուրբ մորթ ուներ, այնպես վառվում էին նրա դեմքն ու շրթունքները, որ գրավում էր ամեն տեսնողի:

Միակ պակասությունն այն էր, որ տնանկի աղջիկ էր: Հայրը և եղբայրները փչացրել էին պապական մեծ կարողությունը: Չքավորությունից ընկճված եղբայրները գնացել էին Ռուսաստանի խորքերը և էլ չէին վերադարձել, իսկ անգործ մնացած հայրը ամբողջ քսան տարի տնից ծախել ու կերել էր եղած-չեղածը: Սրանք նուխեցի էին, Թավրիզ գաղթելուց հետո կորցրել էին իրենց նախկին փառքը և օտար քաղաքում մերձավոր ազգականներ չունեին, որ աղջիկը կարողանային ամուսնացնել: Մեր սովորությունը գիտես, ընդհանրապես զարմիկներն (cousin) են մեր մեջ իրար առնում, օտարներից միայն հարճ ենք վերցնում:

Այս աղջիկը տանը մնաց մինչև 18 տարեկան հասակը: Այս տարիքումն է միայն կուսական աղջիկը կատարելապես կազդուրվում և հասնում վարդային գեղի: Բայց թուրքը այդ բանը քիչ էր հասկանում, նա որոնում էր մատաղահաս, 1012 տարեկան աղջիկ: Սրա անունը Քադիջե էր և ամբողջ թաղում հայտնի էր «Քադիջե-բեյում» անունով, քանի որ նրա ծնողները բեյի ծագում ունեին: Քադիջեն այդ 18 տարվան հասակում մնացած էր համարվում, ոչ մի կարգին ուզող չուներ: Ծնողները թեև չքավոր էին, բայց դեռ չէին կորցրել նախկին մեծատան մեծասրտությունը: Նրանք դեռ հույս ունեին, թե Նուխուց իրենց հարազատներից որևէ տղա անշուշտ կգա իր զարմուհուն կին առնելու:

Աղքատի հույսերը հազարից մի անգամ չեն կատարվում: Հարուստ ժամանակները իրենց ազգականներից շատերի առաջարկը մերժել էին, իսկ իրենք աղքատանալուց հետո փոխադարձաբար նրանք էլ սրանց երես էին թեքել: Բավական չէր չքավորության տառապանքը՝ սրանց տանջում էր աղջկա ապագայի մտորումները: Ոչ միայն Թավրիզի շեն տներից ոչ ոք նրանց հետ չէր մտերմանում, այլ նույնիսկ աղքատները խույս էին տալիս սրանց հետ ծանոթանալուց: Ձախորդ մարդուց սատանան էլ երես է թեքում:

Քադիջեի ծնողներին այն աստիճանի էր ճնշել չքավորությունը, որ նրանք Նուխուց բերած բոլոր զարդերը ծախելուց հետո սկսել էին տան կահ-կարասիներից ավելորդներն էլ ծախել ու ծախսել: Ամեն զրկանք կրել, բայց ձայները դուրս չէին հանել: Հերիք չէր իրենց ներքին տանջանքը, ծանոթներն էլ այնպես էին ձևացնում, իբր թե տեղյակ չէին նրանց ներքին վիճակին:

Թավրիզի յոթանասունհինգ հազար ընտանիք բնակչությունից միայն մի բարեկամ էր մնացել նուխեցիներին. դա էլ սափրիչ Հյուսեյնի որդին՝ Իմամ-Ղուլին էր: Բայց ոչ նուխեցիները և ոչ էլ Քադիջեն չէին ընդունում այդ բարեկամին, քանի որ վերջինն էլ աղքատ և մի հասարակ սափրիչի աշակերտ էր: Մանավանդ որ հույս չէին տածում, թե Իմամ-Ղուլին կկարողանա ճարպիկ մարդ դառնալ և ընտանիք պահել:

Իմամ-Ղուլին մանուկ հասակից ընկերակցել և հավանել էր Քադիջեին: Դեռ այն ժամանակից որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց Քադիջեն միշտ նրան հակառակել էր, քանի որ սափրիչի որդին միշտ ցնցոտիներով էր կյանքը վարել և միջոց չէր ունեցել արտաքին փայլով գրավել սիրած աղջկա սիրտը: Իմամ-Ղուլին, համառած, անպայման վճռել էր ամուսնանալ Քադիջեի հետ և այս նպատակին հասնելու համար յոթ տարի անվերջ ընկել էր սիրած աղջկա ետևից, նրան համոզելու, գրավելու և տիրելու հույսով:

Սկզբներում Քադիջեն միշտ նախատել, անարգել և վանել էր մոտից ԻմամՂուլիին, մերժել էր նրա առաջարկած ամեն մի նվերը: Սափրիչի որդու ամեն մի Ժպտին արհամարհանքով և ծամածռությամբ էր պատասխանել: Այնքան անտարբեր էր Քադիջեն դեպի Իմամ-Ղուլին, որ վերջինիս հուսահատեցնելու և խելագարեցնելու աստիճանին էր հասցրել:

Իմամ-Ղուլին ոչ միայն մեզ դրացի էր, այլև վերջին կնոջս քեռորդին էր: Սա հաճախ գալիս էր մեր տուն և մորաքրոջը պատմում էր գլխի անցքերը, հոգու վշտերը` նրանից մխիթարվելու հույսով, այնպես որ ինձանից ծածկածը մորաքրոջն էր հայտնում, նրանից պահածը ինձ էր պարզում:

Իմամ-Ղուլին խելացնոր չէր, բայց սերը նրան գժվացրել էր: Ամբողջ կյանքը Քադիջեի շուրջն էր անցկացնում: Ամառանային մի գիշեր, երբ ծառերի պտուղները կարմրել հասել էին, երբ ծիրանը աչք էր պարուրում և սիրտ գրավում, երբ խաղողի թափանցիկ սպիտակ ու սև ողկույզները ախորժակ էին բորբոքում, երբ ջերմությունից ամենքը սենյակներից դուրս էին թափվել, կտուրներին կամ բակերում էին պառկում, Քադիջեի զառամյալ ծնողները իրենց տան զավթում գլորվել քնել էին, իսկ արյունը բորբոքված, ջղերը գրգռված թշվառ աղջիկը բարձրացել էր ծիրանի ծառի ճղներին, թե չորացած բերանի ծարավն էր հագեցնում ջրալի դեղձիկներով և թե աչքը կտուրից դուրս ցցած զննում ու դիտում էր ինչպես աստղալից երկինքը, նույնպես և Այնալ-Զեյնալի կատարն ու նրա լանջերին տարածված հազարավոր բնակարանների լուսամուտներից ցոլացած ճրագները:

Իմամ-Ղուլին, որ բլբուլի նման հսկում էր իր կոկոն Քադիջեի բացվելուն, երբ աղիողորմ ձայնով երգում էր նրա սերն ու գեղը, վարսերն ու ունքերը, աչքերն ու այտերը, թիկունքն ու կուրծքը, սիրուհուն ծառի ճղների մեջ նկատելուն պես օձի նման սողաց, անցավ պատից և ծառին փաթաթվելով բարձրացավ ու հասավ, գրկեց նրան այն րոպեին, երբ կույսը իր դժգույն մտքերով տարված, մտածել էր տխուր ապագան և հուզված թմրել էր ճղների մեջ տարածված:

Այս գրկախառնությունն ու համբույրը մի այնպիսի բերկրալի հաճույք և հրապույր պատճառեց, որ թմբիրից սթափված օրիորդը չուզեց մի վայրկյան զրկվել այդ քաղցր վայելքից և թույլ տվեց, որ ավելի պինդ հպի Իմամ-Ղուլիի աղվամազոտ դեմքը և բոցավառ շրթունքները իր եղնիկի երկար վզին ու փղոսկրի նման ողորկ կզակներին: Մի քանի րոպեի այդ գրկախառնությունն այնպես հարբեցրեց ու գինովցրեց նրանց, որ նրանք ազատ ու սիրահոժար համբույրներ փոխանակեցին և խոստացան իրար սիրել ու միմիայն իրար համար ապրել ցմահ:

Ամբողջ ամառը, մինչև աշնան սկիզբը ամեն իրիկուն սիրահարները իրենց ծնողներից ծածուկ շարունակեցին այս հարաբերությունը, առանց համարձակվելու արկածները հաղորդել իրենց ծնողներին: Մանավանդ, ինչպես ձեզ էլ հայտնի է, այսպիսի սիրային հարաբերությունները, սիրահարությունները իսլամի մեջ խստիվ արգելված է և չարաչար պատժվում է, այդ պատճառով էլ նրանք անչափ գաղտնի պահելու պարտավորված էին: նույնիսկ Իմամ-Ղուլին չէր հայտնել ծնողներին, հարազատներին, սպասելով գործի որևէ բարեբախտ վախճանին:

Այս լռությունը սիրահարներին կործանեց:

Որպեսզի սիրահարները իրենց փափագին հասնին, որպեսզի կարողանան ընկճել Քադիջեի գոռոզ ծնողների համառությունը, վճռեցին, որ Իմամ-Ղուլին գնա, պանդխտե և փող վաստակած վերադառնա Թավրիզ, վաճառական դառնա և ապա ամուսնանան: Այս վճռի վրա Իմամ-Ղուլին նույն աշնանը թողեց Թավրիզը և գնաց Բաքու, առանց մարդու հայտնելու իր սրտի գաղտնիքը և այնտեղ մնաց մոտ երեք տարի: Այնպես էր կորցրել նա իր հետքը, որ ոչ ծնողները, ոչ բարեկամները, ոչ էլ նույնիսկ Քադիջեն տեղեկություն չունեին նրանից: Ատրպատականից տարեկան հիսուն հազար մարդ է պանդխտում դեպի Կովկաս ու Ռուսաստան, որոնցից մի տոկոսը այլևս երբեք չի վերադառնում իր ծննդավայրը, մեռնում են, կորչում են, կրոնափոխ են լինում, կամ դիրք ու գործ են ստեղծում իրենց համար և էլ չեն վերադառնում:

Երբ բոլորովին տեղեկություն չկարողացանք առնել ԻմամՂուլիից, այն աստիճանի հուսահատվեցանք, որ ենթադրեցինք, թե նա հավիտյան կորավ:

ԻմամՂուլին մի ուրիշ հորեղբայր ուներ, նա էլ սափրիչ էր, Աշրաֆ անունով: Որքան որ աղքատ էր Իմամ-Ղուլիի հայրը, այնքան էլ հարուստ էր սափրիչ Աշրաֆը, որը 1015 տարուց ի վեր այլևս արհեստը թողել, կալվածային հասույթով էր ապրում: Այդ աշնանը Աշրաֆի որդին` Քերիմ-խանը, վերադարձավ Եվրոպայից և իջավ հոր տունը: Քերիմը մանուկ հասակից իր գեղեցկությամբ և ընդունակություններով հաճելի էր դարձել շրջապատողներին: Նա իր բնատուր տաղանդով հասել էր բարձր աստիճանների և հարստության: Քերիմը 1214 տարեկան մոլլայի մոտ աշակերտ եղած ժամանակ մեծ ընդունակություն էր ցույց տվել, այնպես որ 14 տարվան գրագիր էր մտել Հաջիոֆների մոտ: Այնքան արագ և գեղեցիկ գրում էր թղթակցությունները` հատուկ ոճով, այնպես դյուրությամբ լուծում էը թվաբանական լուրջ և բարդ տոկոսային խնդիրներ, որ նույն տարին Քերիմին Թիֆլիզի վաճառատուն փոխադրեցին ամսական 30 ռուբլի ռոճիկով, բացի բնակարան, ապրուստ և հագնելիքը:

Թիֆլիզում Քերիմը ամբողջ ռոճիկը հատկացրեց երկու ուսուցչի, որոնք մի տարվան մեջ նրան սովորեցրին ռուսերեն և ֆրանսերեն: Լեզուների հետ նա սովորեց գրահաշիվ, պատմություն, աշխարհագրություն: Երկու տարվան մեջ Քերիմն այնքան առաջ գնաց, որ ոչ միայն խոսում, գրում էր ֆրանսերեն և ռուսերեն, այլև լայն հայացք ուներ մարդկային քաղաքակրթության մասին:

Այն ժամանակի Թիֆլիզի Պարսկաստանի գեներալ կոնսուլը Հաջիոֆի մոտից հանեց Քերիմին, տարավ իր մոտ քարտուղար նշանակեց` ամսական ութսուն ռուբլի վճարով: Թե ինչպես են կողոպտում համշարիներին պասպորտի պատճառով Պարսկաստանի կոնսուլները, ձեզ հայտնի է, իսկ Քերիմը նորանոր կեղեքումների դաս էր տալիս իր վարպետներին: Այնքան աչք մտավ Քերիմը, որ երբ կոնսուլը Պետերբուրգի դեսպան գնաց, շահից խնդրեց, որ Քերիմին Թիֆլիզի կոնսուլ նշանակե խանի ու սերթիբի աստիճանի բարձրացնելով:

Քերիմ-Խանը 11 տարի վարեց Թիֆլիզի կոնսուլի պաշտոնը և միլիոն թուման փող դիզեց բանկը: Հարստությունը հիմնավորվելուց հետո դեսպան նշանակվեց` նախ Պետերբուրգ, ապա Բեռլին, Լոնդոն և Հռոմ: Մեծ վեզիրը ագահ, Քերիմ-խանը ճարպիկ, Քերիմին բարձրից ցած էին գլորում, որպեսզի կողոպտեն, նա էլ սուտ էշ ձևանալով, սիրահոժար գլորվում էր, որտեղ որ հրամայում էին: Վերջապես նրան Բուխարեստ փոխադրեցին, որտեղից Աթենք մեկնելու հրամանը որ ստացավ, հիվանդության պատրվակով խնդրեց իրեն թույլ տալ ծննդավայրը վերադառնալու, հանգստանալու և հորը տեսնելու:

Սափրիչ Աշրաֆը որդու փողերով վաղուց մեր թաղում քառասուն ավերակ տներ էր գնել և մի մեծ ապարանք կառուցել: Էլ այգի, էլ ջրաղաց, կրպակ, բաղնիք, գյուղեր, ա՛մեն ինչ ձեռք էր բերել և ապրում էր խանավայել կյանքով: Էլ քաչալ սափրիչ չէր, ամենքը Աշրաֆ աղա էին կանչում, որը դռանը քսան ծառա և քառասուն հարճ ուներ:

Քերիմ-խանը ապրեց հոր տանը մի քանի ամիս: Սա Թիֆլիզում մի վրացի կին էր առել, երեխա ուներ, ապահարզան էր տվել, ապահովել, այնտեղ էլ թողել ու գնացել էր Պետերբուրգ: Այդտեղ էլ մի ֆին աղջիկ էր առել, ապահովել, թողել գնացել էր Լոնդոն: Այսպես ամեն մի քաղաքում կին ու զավակներ էր թողել և հեռացել:

Թեև ամեն մի քաղաքում հատուկ կին էր պահում, բայց մի պարկ գարի երբեք չէր կարող հագեցնել այդ անկուշտ ջորուն: Ինչպես անհնար է պարկով գարին մի ժամում համրել, այդպես էլ անհնար էր Քերիմ-խանի ճանկած կիների թիվը որոշել: Այս պատճառով էլ նա շարունակ սեռական ախտերի մեջ բորբոքվում էր, փողն ու բժիշկները չէին օգնում: Ինչպես ասում են՝ ապականությունը արյունից մկաններին, ոսկորներին ու ոլոգներին էր հասել:

Իմամ-Ղուլիի հեռանալուց հետո, Թավրիզ հասնելու երկրորդ օրը պատշգամբից թե կտուրից Քերիմ-խանը տեսնում է նուխեցու հասած ու կազդուրված աղջկան` Քադիջեին: Իսկույն խնդրակ է ուղարկում, Քադիջեին կին է ուզում հազար թուման քյաբինով8: Աղջիկը հասած, ծնողները չքավոր, անմիջապես առաջարկը ընդունում են և նույն գիշերը թաղի ախունդը սղան` ամուսնության դաշինքի աղոթքը կարդում և կնքում է քյաբինի թղթերը: Հենց նույն գիշերը Քադիջեն մտնում է Քերիմ-խանի կանանոցը և հագուրդ է տալիս նրա կրքերին: Մեծ բախտի, հարստության, կերուխումի, հագուստի, կապուստի, զարդարանքի է հասնում, բայց ափսոս որ մի ամիս չանցած թե հղիանում և թե դոդով վարակվում է Քադիջեն, այն էլ ամենախիստ բորբոքումով:

Մի-երկու ամսի ընթացքում Քերիմ-խանը աղքատ դրացիներից տասնչորս աղջիկ էր սղա արել և կանանոցը լցրել, այնպես որ Քադիջեի բորբոքումները նրան այնքան էլ չէր հետաքրքրում: Թշվառ Քադիջեն այս սոսկալի վերքերից ոչ միայն վշտահեղձ էր եղել, այլ ամոթից նույնիսկ հարազատներին չէր համարձակվել հայտնելու իր ցավը, որը օրեցօր տարածվում էր ամբողջ մարմնի վրա: Ոսկի, մարգարիտ ու գոհար զարդերի հետ Քադիջեն մսի վրա կրում էր ալ ու կարմիր վերքեր, որոնց ծայրերին շողակի նման փայլում էին ժահրակալած խոցերը: Ճշմարիտ է, Քերիմ-խանը հագցրել էր Քադիջեին ընտիր քաթանի շապիկներ, բայց այդ բոլորն ամեն օր վերքերից ապականվում էին, թոռոմացնելով նրա չքնաղ մարմինը:

Վերջապես սադրազամի խնդիրներից դրդված Նասր-ԷդԴին շահը Քերիմ-խանին Թեհրան կանչեց, որպեսզի կողոպտի: Սափրիչի որդին պարտավորված բոլոր հարճերին ապահարզան տվեց, վճարեց քյաբինները, իրենց ծնողների տունը դարձրեց խոստանալով ողջ վերադարձին նրանց կրկին իր տունը տանել, ապա մեկնեց դեպի մայրաքաղաք, որ եթե այնտեղ կյանքը կարճեն, տանը նստած հարճերը հորն ու եղբայրներին նեղություն չպատճառեն, ժառանգությունից քառորդ բաժին չպահանջեն:

Աղքատ ծնողների համար վայնասուն էր այդ օրը, երբ աղջիկները իրենց կապոցները ղուլամների շալակը տված, մի-մի քսակ դրամով տուն վերադարձան: Բայց ինչ կարող էին անել, իսլամի կարգն էր, օրինական բոլոր ձևականությունները կատարված և քյաբինների մեջ նշանակված ապահարզանի դրամներն էլ ամբողջապես հանձնված էր արձակված կիներին:

Քադիջեն հրեշտակային տիպով, անմեղ, ձյունի նման մաքուր, ցողի նման վճիտ դուրս էր եկել հոր տանից, վերադարձավ խոցոտ մարմնով, ապականված արյունով ու սրտով: Նրան խաբել կին էր ուզել, բայց կաշառված ախունդը նենգել հարճի սղա էր կարդացել: Հազար թուման քյաբինի փոխարեն հազար ղռան էր գրել անօրեն ախունդը: Խեղճ կինը թագուհի մտել, որպես աղախին դուրս էր շպրտվել: Տուն վերադառնալուց հետո բոլորովին դառնացավ Քադիջեի կյանքը: Նա զգաց, թե ինչ անդառնալի կերպով կորցրել էր իր խաղաղությունն ու թունավորել էր կյանքը: Հայրենի բնակարանը, որ մանկության դրախտն էր, պատանության տանջարանը, այդ օրվանից դարձավ իր դժոխքը: Քադիջեն ու ծնողները դառն կերպով ողբացին սև օրը, սգացին, բայց անօգուտ: Անմեղությունը, սրբությունը կորել էր, արտասուքով չէր կարելի ետ գնել: Դեռ ականջիս մեջն է ծերունի դրացուս խոսքերը, որը կնճռելով թորշոմած ճակատը, դարձավ դեպի կինն ու աղջիկը և ասաց.

Փառք ալլահին մենք մուսուլման ենք, ինչի անօրեն ու հայհոյող ենք դարձել: Ինչ որ ճակատագրված է, հնազանդ ենք: Չենք կարող վերին կամեցողության ընդդիմանալ: Ո՞վ կարող է ամենակարողի կամքին հակառակել: Մուսուլմանի անօրենից առավելությունն այն է, որ կյանքի մեջ քաջությամբ պիտի դիմավորե և հպատակվի Բարձրագույնի կամքին: Չէ որ ամեն բան նախախնամությունն է տնօրինել:

Մի՞թե ալլահին հաճելի էր, — ասաց պառավը բորբոքված, — որ կաթի նման անարատ աղջիկս տանեին և ժահրոտած վերադարձնեին: Մի՞թե լսված բան է, որ հազար թուման քյաբին խոստանա և այսօր նենգված թղթով հազար ղռան տա հղի կնոջ ձեռքը և տուն ճամփե: Մի՞թե շերիաթը թույլ է տալիս այս անգթությունները: Մի՞թե կարելի է հղի կնոջն ապահարզան տալ:

Ասա, կնիկ, մեղա, ասա` հաշա ալլահի շերիաթը ոչ մի անգթություն չի թույլ տալ: Ալլահի շերիաթը սուրբ է: Շերիաթն ի՞նչ անե, երբ ախունդը իր մի քանի ղռան վարձի կաշառքի համար ստել է, նենգել է, ամուսնության դաշնագիրը խարդախել ու փոխել է: Այս կեղծիքները ինչի՞ պիտի անարգեն շերիաթը, որը այդ խարդախներին ուղղելու համար է երկիր իջել:

Մի՞թե ալլահի կամքն էր, նախախնամությունն էր սահմանել, այ մարդ, որ սափրիչ Աշրաֆի լակոտը հարյուր հազարներ թալանե, Թավրիզ վերադառնա մեզ խաբե: Մի՞թե այսպիսի գարշելի արկածներ բյուրավոր դարեր առաջ նախասահմանել էր ալլահը, որպեսզի տանջի ինձ, իմ անմեղ Քադիջեիս և ո՞ր հանցանքներիս համար:

Այ կին, ասա՝ հաշա, ասա՝ մեղա, մի մեղանչիլ, մի հուսահատվիլ, մի հայհոյիլ և մի անօրինանալ: Այո՛, այդ բոլորը մեր ճակատին գրված էր, մենք պիտի քաշեինք և այսօր պարտավոր ենք լռությամբ և համբերությամբ տանել: Դու կարծում ես, որ մեղք չունիս, բայց հենց այս րոպեին քո շրթունքներից օձեր ու կարիճներ են թափվում, որոնք այնտեղ բույն էին դրել ու զարգացել: Ասա մեղա՛, ա՛յ բեյնամազի (տխմար-չաղոթող) աղջիկ:

Ամբողջ օրերով ու շաբաթներով վիճում էին ամուսինները կինը նախատում էր անարդար նախախնամությունը, իսկ մարդը՝ կնոջ անհավատությունը: Եվ այս տխուր ու մռայլ օրերի մեջ այլևայլ սափրիչներ, դեղատուրներ և հմայողներ ամեն օր իրենց հաբերով, մահլամներով և հմայիլներով հարստահարում էին Քադիջեի տուն բերած աղքատ քսակը, որը երկար չդիմացավ, յոթ ամսից դատարկվեց:

Բավական չէր այդ սոսկալի վիճակը, Քադիջեն էլ ազատվեց, աղջիկ բերեց, բոլորովին հար և նման մորը, նույնիսկ հիվանդությունն էլ ժառանգած: Մինչ այդ զառամյալները ողբում էին իրենց աղջկան, նրա մանուկը սուգը կրկնապատկեց: Հետզհետե ծախվեցան Քադիջեի զարդերը, ինչպես ծախվել էին մոր երբեմնի օժիտի գոհարները և կերպասները: Այս տանջանքներին չդիմացան զառամյալները, իրար ետևից ընկան մեռան:

Քադիջեն այնքան նեղը մնաց, որ պարտավորված գրավ դրեց հայրենի տունը ծնողներին թաղելու և ուրիշ ծախսերը ծածկելու համար արած պարտքը վճարելու: Չքավորությունը, անտերությունը այնպես ճնշեցին, որ ախտաժետ կինը հայրենի տան հետ կորցրեց քիթը, ջղերը քաշվեցան, աչքերը մսակալվեցան, կողը և կոկորդը ծակվեց, այլանդակվեցավ:

Մի առավոտ թաղեցիները հավաքվեցան և մեծ աղմուկով ստիպեցին Քադիջեին թողնել թաղը, դուրս գալ քաղաքից և բնակություն հաստատել քյուֆթերի այրերում:

Մեզ, մեր զավակներին կվարակե այս գարշելին, — աղաղակում էին բոլորը:

Արդեն տանը բան չէր թողել թշվառ կինը, պղնձեղեն, բրդեղեն, կավեղեն, փայտեղեն, ամեն բան ծախել, գրավ դրել ու կերել էր: Մի սև չարսավ գլխին գցած, մի աղտեղի վերմակի մեջ աղջկան փաթաթած դուրս եկավ հոր տանից, որը գրավ վերցնողը եկել էր տիրելու: Ամբոխն այնպես էր գազանացել, որ Քադիջեի ողբը, արտասուքը, թախանձը ներգործություն չունեցան:

Կորի՜ր, գնա՜ դժոխքը, — գոռում էին պառավներն ու ծերերը:

Աներևութացի՜ր, անհետացի՜ր, — աղաղակում էին ջահելները:

Քադիջեն, սարսափահար, արյունակալած աչքերը մոտեցրեց հայրենի դռան շրջանակին, համբուրեց փեղկերը, ախերը, թակն ու փակը, հառաչեց ու ասաց ողբագին.

Կերթա՜մ, կերթա՜մ, դրացինե՜ր, անգութ հարևաններ, ապառաժ այրերն ինձ գերեզման ու պատսպարան կտան, որ հանգչեմ:

Չարաճճի լաճերը, ստահակ պատանիները Քադիջեին հետևեցին մինչև Սահաբ-Դիվանի այգին: Թշվառ կինը սավանում փաթաթած, վերմակի մեջ բալուլած տարեկան մանկիկը գրկած, ձեռքին մի թիթեղյա ջրաման՝ կամաց-կամաց դողդողալով բարձրացավ դարիվերը, իջավ հեղեղատ և մտավ առաջին պատահած այրը, որի բնիկ քյուֆթը երեք օր առաջ մեռել չորցել, անթաղ մնացել և գազանների կեր էր դարձել:

Հայտնի բան է, մթության մեջ Քադիջեն չէր էլ նկատել իր նախորդի ոսկորների մանրուքը, որոնք մնացել Էին գազանների ճաշից հետո: Այնտեղ նա տեղավորեց իր մանուկին, նստավ այրի մուտքին հանգստանալու: Այդ օրվանից որջը դարձավ նրա «կենդանի գերեզմանը»:

«Բայց ո՞ւր մնաց քո ազգական Իմամ-Ղուլին, լավ թե նա թողեց, որ իր սիրասուն Քադիջեն այդ օրն ընկնիր:

Ոչ միայն Քադիջեն ոչինչ չէր պատմել իրենց սիրո մասին ծնողներին, այլ սիրուհուն տված խոստման համաձայն Իմամ-Ղուլին էլ ոչինչ չէր հայտնել ազգականներին: Նրանց իրար տված խոստման մասին բան չգիտեր ոչ ոք: Միայն Քադիջեն Իմամ-Ղուլիին հավատացրել էր, որ ինքը մարդու չի գնալ, բացի նրանից, և փոխադարձաբար պահանջել էր, որ Իմամ-Ղուլին թողնե սափրիչությունը և մի այնպիսի գործ բռնե, որ կարողանա դիրք վաստակել և ծնողների հաճությունն ստանալ: Այս պայմանն այնպես էր ընկճել Իմամ-Ղուլիին, որ սա ածելիները, հայելի, սանր, բոլոր գործիքները ծախել և վճռել էր հարուստ տուն վերադառնալ:

Ամբողջ երեք տարի Իմամ-Ղուլին ամեն ճիգ գործ դնելով, Բաքվում երեք հազար թուման էր աշխատել, որով շաքար ու նավթ գնելով, վերադարձել էր, որ վաճառականությամբ պարապի, տուն գնե, կահավորե և ամուսնանա իր սիրած Քադիջեի հետ: Թավրիզ հասնելուց հետո, երբ իմացավ հորեղբոր որդու արարքը, Քադիջեի թաղից արտաքսվելը, քիչ մնաց որ Իմամ-Ղուլին խելագարվի:

Ամբողջ տասն օր նա ո՜չ խանութ վարձեց, ո՜չ տուն կահավորեց, ո՜չ էլ խելամտությամբ գործին հետևեց: Բերած ապրանքը շատ չնչին օգուտով մաքսատան մեջ ծախեց վաճառականներին, դրամագլուխը հանձնեց սեղանավորի և սկսեց թափ առնել քաղաքում խելացնորի նման:

Իմամ-Ղուլիի հայրը արդեն մեռած էր: Նա եղբայր չուներ, այնպես որ քենիս անճարացած անընդհատ ինձ թախանձում էր հետևել իր միակ որդուն` տան նեցուկին, որ չլինի թե գլխին փորձանք գա: Կնոջս թախանձանքից դրդված, անճարացած հետամտում էի նրան, որ հաճախ կորչում և ժամերով չէր վերադառնում: Իմամ-Ղուլին այնպես էր հետքը կորցնում, այնպես էր հրապարակ գալիս, որ ոչ ոք չէր կարողանում գուշակել, թե նա ուր էր առանձնանում:

Երբեմն Իմամ-Ղուլիին գտնում էինք մզկիթում, ուր ժամերով նստում քարոզ էր լսում և վիճաբանում էր ախունդների հետ: Երբեմն նա գնում էր ուխտատեղիները, բարձրանում էր Այնալ-Զեյնալի գագաթը, գնում էր Լալա գյուղը՝ բանջարեղեն ուտելու կամ որևէ թաղի թեյարաններում լսում էր դարվիշների նկարագրությունները: Ոչ մի գիշեր ժամանակին տուն չէր գալ, միշտ անորոշ ժամին մտնում էր անկողին քնելու և հաճախ առավոտ արշալույսին աներևութանում էր:

Տան ծախսը շատ չափավոր կերպով էր կատարում: Երբեմն Իմամ-Ղուլին աղքատ քույրերին օգնության էր հասնում, նրանց համար հագուստի կտոր, կոշիկ էր գնում, նրանց երեխաներին նույնպես հագցնում էր: Երբեք մորը չէր վշտացրել, բայց և ոչ մի օր կարգին հետը նստել, խոսել, խորհրդակցել չէր. հին ընկերներից խույս էր տալիս, ծածկվում էր:

Մորը և հարազատներին տանջում էր այն միտքը, թե Իմամ-Ղուլին ո՞ւր էր առանձնանում երկար ժամեր, նույնիսկ գիշերներն էլ աներևութանում էր: Դարձյալ մայրը գտավ որդու հետքը: Նա մի օր վաղ, արտասուքն աչքերին մոտեցավ ինձ և ասաց.

Իմամ-Ղուլիիս այս գիշեր գնացի և գտա քյուֆթերի մեջ, նուխեցիների աղջկա այրում, որտեղ նրան պառկեցրել ու ամբողջ մարմնին դեղ էր քսում:

Ես մնացի շվարած, այլևս բացատրություն պահանջելս ավելորդ էր: Պարզ էր, որ Իմամ-Ղուլիի սերը չէր հանգել: Ո՜չ երեք տարվան բացակայությունը, ո՜չ Քադիջեի ամուսնությունը, ո՜չ թշվառ կնոջ այլանդակությունը, զավակը, ոչինչ և ոչինչ չէին սառեցրել նրա սերը: Ես զգացի, թե Իմամ-Ղուլին ինչպես էր բոցակալված այդ սուրբ սիրով և ինչպես տանջվում ու տապակվում էր: Ի՞նչ կարելի էր անել, ինչո՞վ սառեցնել և ուշքի բերել այդ դեռահաս մարդուն, որը անդունդի բերան, ապառաժների ծայրին կանգնած մտածում էր գլորվել ու հավիտյան կորչել:

Աղա Միրզա, — ասաց դարաքաշ մայրը արտասուքն աչքերին, — զավակս ձեռքիցս գնում է, դու, միայն դու կարող ես նրան փրկել: Իմամ-Ղուլիս բացի քեզնից ոչ ոքի չի լսիլ, քեզնից ջոկ տեր չունի: Արա ինչ որ հարկավոր է, պառավիս ազատիր այս սոսկալի դժոխքից:

Ի՞նչ կարող եմ անել, քույր, ես ինչ անեմ, երբ նրա հոգին ու զգացմունքները կապվել են Քադիջեի հետ:

Նրան դևերն են կապել, նրան կախարդել են, աղա Միրզա, նրան պետք է փրկես: Ահա քառասուն օր է, թուղթ ու գիր անել տվի, եղեգի, թասի աշել տվի, դերվիշի, քեշիշի մոտ անդամ գնացի, անօգուտ:

Քույր, նախ քեզ խորհուրդս այս է, որ համբերես: Ամենևին որդուդ հետ այս մասին չխոսես: Ոչ ոք չիմանա, որ դու նրան տեսել ես, այրում` քյուֆթի մոտ: Ես կաշխատեմ և հույսս մեծ է, գուցե նրան խելքի բերեմ և ազատեմ:

Ես քո խոսքից չեմ դուրս գալ, բայց քո էլ օձիքը չեմ թաց թողնիլ: Ահա եկել ու կպել եմ փեշիդ, էլ դու գիտես, — ասաց ու բռնեց աբայիս փեշն ու համբուրեց:

Այն իրիկունը գործս կարգի դնելուց, ընթրելուց հետո կնոջս ասի, թե մզկիթ պիտի երթամ, գուցե ուշ տուն դառնամ, բանալիքն առա, դուրս եկա: Նախ մոտեցա քենուս դռանը և իմացա, որ Իմամ-Ղուլին տանը չէ: Ապա կամաց-կամաց ճանապարհ ընկա դեպի Խալաթ-Փուշանի հեղեղատը:

Գիշեր էր: Լուսնյակը երկնքումը ամբողջապես կանգնած էր: Աշնան պարզ ու զով գիշեր էր: Զեփյուռը Սահանդից մեղմ փչում էր, և կյանքը հանգստացած էր ամեն կողմ: Խիավանից անցնելիս շատ քիչ մարդու պատահեցի: Միայն ջորեպաններն անվերջ իրենց քարավանի հետ սովորական զանգակների ղողանջյունով առաջ էին գնում: Կամ գյուղացիները մեկ-մեկ ձիավորված վերադառնում էին մոտակա գյուղերը:

Մի ժամից հետո հասա Քադիջեի այրի մոտ և հանդարտ քայլերով մոտեցա: Այրը ճանապարհից 8-10 քայլ հեռու էր, բերանն էլ ապառաժի ծերպով պաշտպանված: Քսան քայլ հեռավորությամբ նստած չիբուխս լցրի, սկսա ծխել և մտածել, թե ինչ ընթացքով մոտենում սիրահարներին, որ կարողանում երկուսին էլ տրամադրել խորհուրդս լսելու և ետ մնալու իրենց կործանիչ մտքից: Հազարավոր մտքեր անցան գլխիցս, որոնք բոլորն էլ ապարդյուն թվեցան: Վերջապես որոշեցի մոտենալ և բախտին թողնել հետևանքը:

Երբ այրի բերանի ծերպին մոտեցա, ականջիս հասան խոսակցության ձայները: Զգուշությամբ քարի վրա նստա աննկատելի կերպով և սկսեցի լսել:

Ղալի ջան, — ասաց Քադիջեն, — զուր է քո տանջանքը, ինձ հեքիմներն ասացին, թե ցավս անբուժելի է:

Այո, բայց այդ քո հեքիմները իրենք բան չգիտեն. ես ինգլիզի դոկտորին եմ բերում քեզ դեղ տալու: Նա խաբեբա չէ և եթե հույս չունենա, չի էլ գալ: Էդքոքն ասաց, որ մինչև երեք ամիս ես Քադիջեի բոլոր վերքերը կբուժեմ: էդքոքը շահի բժիշկն է, նա ուղարկել է Թեհրանից, որ վալիահթին ամորձիքների հիվանդությունից ազատե:

Կուզե թող երկնքից իջած լինի, հոգիս, — ասաց հառաչելով Քադիջեն, — ես համոզված եմ, որ էլ ինձ փրկություն չկա: Դու մի քիչ մկան դեղ բեր ես ուտեմ, դու էլ հույսդ կտրիր, ազատվիր, գնա գլուխդ ճարը տես, կարգվիր...

Ես որ կարգվել ուզենայի, էլ Բաքվից ինչի՞ կգայի Թավրիզ. գո՞րծս էր պակաս, փողս էր պակաս, թե պատիվս: Այնպես աղջիկներ ինձ առաջարկեցին, որ ամեն մեկը հետը տասնյակ հազարով փող, օժիտ և հող ունեին, բայց ես ուխտել էի ապրել միմիայն Քադիջեիս բախտավորացնելու համար:

Քադիջեդ ընկավ, մեռավ, չկա: Քերիմը նրան ողջ-ողջ գլորեց հորը, թաղեց վերջացավ: Դու ինչի՞ ես մեռելի ետևից ընկել: Մի՞թե գերեզմաններից կարելի է դիակ հանել և նրա հետ ապրել: Գնա՜, հոգիս, գնա՜ և մոռացիր ինձ այնպես, ինչպես ես քեզ աղքատ վիճակումդ մերժեցի և հարճ գնացի հարուստ հորեղբոր որդուդ` Քերիմ -խան ավազակապետին:

Դու մեղք չունիս, այդ ես համոզված եմ: Եթե ես Թավրիզ լինեի, Քերիմ չէ, Նասր-էդ-Դին շահն էլ չէր կարող քեզ իմ ճանկից հանել: Ես գնացի, երեք տարի մնացի, դու հուսահատվեցար, ծնողներդ էլ սև փողի համար քեզ տարան, ծախեցին...

Եթե ես քեզ նման հաստատակամ լինեի, ծնողներս ինձ ստիպել չէին կարող: Հորեղբորորդուդ գոհարն ու մարգարիտը, ոսկին ու մետաքսը, ուղարկած սնդուսն ու թավիշը ինձ խաբեցին, և ես ծնողներիս ասացի, թե կերթամ Քերիմենց տունը և գնացի իմ հոժար կամքով:

Հայտնի բան է, այնքա՛ն սոված օրեր էիր անցկացրել, այնքա՛ն հագուստի ու զարդի կարոտ էիր քաշել, որ պիտի խաբվեիր: Բայց եթե ես մոտդ լինեի, այն ախտաժետր չէր կարող քեզ ճանկել, վարակել և այս վիճակին թողնել ու փախչել:

Следующая страница