Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Ես ասում եմ, որ էլ Էդքոքին չբերես, ես այլևս կարողություն չունեմ նրա դեղերը քսվելու, տաք անկողնում պառկելու և նրա պատվիրած կերակուրներն ընդունելու:

Այդ քու կամքից չի կախված, սիրելիս, ահա փափուկ դոշակ, բարձ ու վերմակ եմ բերել քեզ համար: Կարպետ եմ գնել, պառկիր, և ես դեղերդ քսեմ: Ուտելիք, ինչ որ հարկավոր է, ես կբերեմ ամեն օր: Մի ամիս որ համբերես, բոլոր վերքերդ կլավանան, և դու կազատվես այս դժոխային որջից: Ես խոսեցա վերզիացիների հետ, նրանք իրենց գյուղում մի տուն են ծախում ինձ և քեզ էլ այնտեղ պիտի ընդունեն: Այնտեղ էլ կան քյուֆթեր, բայց դեղ են արել, առողջացել և ապրում են: Դու էլ կլավանաս և այնտեղ կապրես մի ժամանակ, մինչև բոլորովին առողջանալդ:

Ես ապրել չեմ ուզում, Ղուլի, ես մեռնելու եմ, ես երբեք չեմ կարող առողջանալ, հասկանո՞ւմ ես: Զուր հույսերով դու քեզ մի խաբիր: Գնա՜, տար անկողինը և կարպետը: Գիշերս գողերը կգան այդ բոլորը կքաշեն ու կտանեն: Դեռ դրանց համար գուցե մեզ էլ սպանեն:

Թող տանեն, Էլի կգնեմ: Մի՜ վախենալ, թանկագին բան չեմ առել: Ձեր հին կարպետը և մորդ դոշակն ու վերմակը, որ գրավ էիք դրել բախալ Ամոյի մոտ, նրանից գնեցի: Ամենքը վախենում Էին, թե հիվանդի ապրանք է, վարակված և ձեռք չէին տալիս: Նա էլ աժան տվեց, այդ բոլորին հինգ ղռան եմ տվել:

Ես երեք ղռանի էի գրավ դրել, էլի երկու ղռան շահել է: Միևնույն է, տար, մի ուրիշի կբաշխես, ինձ պետք չէ, հասկանո՞ւմ ես, գիշերս կգան ու կտանեն:

Լսի՜ր, դու հնազանդի՜ր: Ես փռել եմ կարպետն ու դոշակը. դու վեր կաց պառկիր, այս դեղով պիտի օծեմ ամբողջ մարմինդ:

Գնա՜, կյանքդ սիրես, Ղուլի, գնա՜, չեմ ուզում, մեղք ես: Ես վարակվեցի, նեխվեցի, դու ինչ մեղք ունիս, եկել ինձ կպել ես, ուզում ես դեղ անել, վարակվե՞ս: Չեմ թողնի. գնա՜, գնա՜, հեռացիր:

Անկարելի բան է: Մի ամիս, միայն մի ամիս եթե այս դեղերը շարունակ քսես, դու էլ կառողջանաս: Իսկ իմ մասին մի մտածիլ: Ես սափրիչի տղա եմ, քանիլ չգիտեմ: Բժիշկն ինձ սովորեցրել է ամեն միջոցներ, որ թե քեզ դեղ անեմ և թե չվարակվեմ: Մի՜ վախենալ, ես չեմ եկել վարակվելու, այլ հասել եմ քեզ փրկելու:

Մի՜ պնդիլ, Ղուլի, — ասաց Քադիջեն:

Վե՜ր կաց, եթե խիղճ ունիս, եթե սիրում ես մեր երանելի անցյալն ու բախտավոր գիշերները, ինձ մի տանջիլ: Վե՜ր կաց, պառկիր:

Անօգուտ է, հոգիս, վտանգավոր է...

Դու սխալվում ես, — ասաց Իմամ-Ղուլին, պառկեցրեց ախտաժետին, թևերը ետ դարձուց և դեղի շշի բերանը բացեց ու սկսեց թանձր ասվի կտորներով օծել ու շփել հիվանդի ամբողջ մարմինը:

Միառժամանակ դադարեց խոսակցությունր, միայն լսում էի մանուկի խռկոցի ձայնը և Իմամ-Ղուլիի ձեռքերի շփոցից երբեմն-երբեմն առաջացած աղմուկը: Ես այնպես էի նստել, որ ոչ այրից և ոչ էլ ճանապարհից անցնողները կարող էին ինձ տեսնել, այնինչ ես տեսնում էի երկու կողմն էլ ինչ որ կատարվում էր: Քարավաններն անվերջ անցնում էին. ուղտեր, ջորիներ, ձիեր և էշեր իրենց ջորեպաններով: Անվերջ աղմկում, խոսում էին, բայց ոչ ոք չէր խանգարում ինչպես ինձ, նույնպես Իմամ-Ղուլիին, որը քրտնաթոր ճակատով, կիսով չափ կռացած, Քադիջեի անկողնի մոտ չոքած անվերջ դեղերը քսում և շփում էր:

Բավական է, հոգի՜ս, հերիք է, Ղուլի, — մրմնջում էր Քադիջեն:

Հիմա կպրծնեմ, իսկույն, — արձագանք էր տալիս տնքալով Իմամ-Ղուլին և շարունակում էր գործը:

Այնքան տրորեց ու շփեց ախտաժետին, որ նա թմրեց ու քնեցավ: Իմամ-Ղուլին նրա վրան ծածկելուց հետո զգուշությամբ երեխային էլ բերեց մոր մոտ, նրա մարմինն էլ օծեց, տրորեց, շփեց առանց քնից սթափեցնելու և մոր կողքին զետեղելուց հետո դուրս եկավ այրից: Փշրված տախտակի կտորներով փակեց դուռը, մեծ-մեծ քարերով ամրացուց և կամաց-կամաց իջավ, անցավ դեպի քանքանի բերանը՝ լվացվելու:

Ես զգուշությամբ իջա և գնացի ճանապարհի կողքին գտնված պարտեզի խրճիթի առաջ նստա: Շունը սկսեց պարտեզի մեջ ոռնալ ու հաչել: Ես չիբուխս լցրի ու սկսեցի ծխել առանց ուշք դարձնելու բարձրացած աղմուկին: Աչքս մթնումը չռած անհամբեր սպասում էի Իմամ-կուլիի գալուն: Մտքումս ծրագրում էի, թե ինչ հառաջաբանով սկսեմ հորդորներս: Երկրորդ անգամ չիբուխս լցրի և ծխեցի, վերջապես եկավ, Իմամ-Ղուլին աբայի թևերը հագած, փեշերը քաշած, հանդարտ ու մեղմ քայլերով: Երևի քրտնած էր և վախենում էր ցրտահարից:

Ես ոտքի ելա և ուղի ընկա ծխացնելով չիբուխս: ԻմամՂուլին առանց դանդաղելու եկավ հասավ ինձ և սովորական բարև տվեց: Բարևը որ ընդունեցի, նա ձայնիցս ճանաչեց և ցնցված կանգ առավ ու ասաց.

Աղա Միրզա, դու այս ժամին այստեղ ի՞նչ գործ ունիս:

Իմամ-Ղուլի, — պատասխանեցի, — դու որտե՞ղ էիր, ի՞նչ գործ ունեիր քյուֆթի մոտ:

Մի րոպե երկուսս էլ կանգ առած իրար նայեցանք: ԻմԼուլին պաղած մնաց: Այնպես որ ես պարտավորվեցի նորից կրկնելու.

Ախար այս ժամին դու տնից ինչի՞ ես բացակայում, որ ես էլ պարտավորված լինեմ քեզ որոնելու:

Դու իմ ետևիցս եկել, ինձ հետամտե՞լ ես:

Ո՜չ, դու կեսօրից աներևութացել էիր, իսկ ես ընթրիքից հետո եկա քեզ գտնելու: Երանի համբերությանդ, բայց անխելք ես, չես մտածում, որ կարող ես դու էլ վարակվել: Մի՞թե չգիտես, որ քյուֆթն անբուժելի է: Ինչի՞ ես կյանքդ զոհում մի մեռածի համար: Մեռելների համար չեն զոհվում:

Ին՞չ անեմ, աղա Միրզա, քանի որ սիրտս չի դադարում: Ամբողջ տասներկու տարի ես ապրել եմ երևակայությամբ թե իրականությամբ Քադիջեի հետ, այժմ այնպիսի մի բաց է մնացել սրտումս, որ ոչնչով չեմ կարողանում լցնել:

Մեռել է, մեռելին խո չե՞ս կարող հարություն տալ, — ասացի հուզված:

Այդ մտքի հետ չեմ կարողանում հաշտվել, թե նա կարող է մեռնել: Մանավանդ որ դոկտոր Էդքոքը խոստանում է բուժել:

Զուր բան է, դոքտորը փողիդ հավասին դեղեր է տալիս, քեզ մխիթարում և հուսադրում է, բայց ինքդ էլ համոզված ես, որ անբուժելի է:

Ո՜չ, Միրզա, արդեն զգալի փոփոխություն եմ նկատում մի շաբաթվան մեջ: Եթե մի ամիս շարունակեմ, բոլոր վերքերը կծակվեն և կկարողանա հանգիստ մանգալ ու տեսնել:

Դրանից ի՞նչ օգուտ, դու Քադիջեի տանջանքն ես երկարում: Նրա խոցերը կարող ես բուժել, բայց նրա արյունը, ջղերը, մկանները, մինչև իսկ ոսկորները ապականված են: Նա չի կարող վերածնվել:

Ես գիտեմ, որ նա այլևս չի կարող ինձ կին դառնալ, բայց նրա շունչը, խոսակցությունը, կենդանությունը մասամբ կծածկեն սրտիս բացը, և ես մխիթարված կլինեմ:

Բավակա՜ն է, տհաս մտքերդ մի արտահայտիլ գոնե ուրիշին: Մտածիր, որ մենք կռապաշտ չենք, չենք կարող ալլահի կամքի դեմ կռվել: Բախտը չէր կամեցել, որ դու Քադիջեի հետ ապրես, ինչպե՞ս կարող ես ճակատագիրդ փոխել: Նա մեռավ և թաղվեցավ, գերեզմանում երկու տարուց ի վեր թաղված մեռելը նեխված կլինի, նրա ոսկորտիքին ձեռք տալը մեղք է, ոճիր է:

Սեպիր թե նրա ոսկորտիքը հանել եմ, որ Քեր-Բելա տանեմ, մեծ Իմամի մարտիրոսված հողում թաղելու:

Այս տասնհինգ օրը ինչքան որ զբաղեցար այդ դիակի հետ, բավական համարիր և Քադիջեի խոսքը լսելով, նրանից ձեռք քաշիր, ազատվիր: Եկ, գիշերս քեզ նշանեմ, մի աղջիկ ուզենք, ամուսնացիր, և նա Քադիջեի բաց թողած տեղը կլցնե:

Ոչինչ, ոչինչ չի կարող լցնել: Այն իմ երազներս, իմ ձգտումներս, բոլորը կործանվեցան ու ցնդեցին: Կյանքն առանց Քադիջեի խավարել է ինձ համար: Ես պետք է բուժեմ նրան, որ ինքս էլ ապրեմ, եթե ոչ, առանց Քադիջեի ես կյանք չունիմ: Ես նրան կտանեմ Թիֆլիզ, Խարկով և մեծ բժիշկներին կհանձնեմ, որ բուժեն:

Նա ճանապարհին շնչասպառ կլինի, նրան չես կարող մինչև Արաքսի ափը հասցնել:

Ես էլ Արաքսը կգլորվեմ, և երկուսս էլ կազատվենք այս դառն աշխարհից:

Վա՛խ, վա՛խ, վա՛խ, — ասացի քմծիծաղով, — դուք որ մեռնիք ու խեղդվիք, աշխարհ կկործանվի: Բավական է տխմար ու տհաս դուրս տաս, վերջ տուր այդ ցնորքին և հաշտվիր այն կյանքի հետ, որ ամբողջ աշխարհը վարում է:

Անհաշտները չեն կարող զիջանել ու ընկճվել այս աղտեղության մեջ: Ավելի ուրախությամբ ես կշփեմ ու կտրորեմ քյուֆթի ապականված մարմինը, նրան բուժելու հույսով, քան թե կգնամ, կբարեկամանամ այն ասլականված բարքերի հետ, որոնք աղքատ ժամանակս ինձ անասունից չէին զանազանում, իսկ այսօր չորս բոլորս են ման գալիս, գրպանումս ոսկի տեսնելով:

Ախր, չէ որ Քադիջեդ էլ այդպես վարվեց, քանի որ աղքատ էիր, քեզնից երես էր թեքում, գնաց ախտաժետ Քերիմին առավ ոսկու փայլից շլացած...

Ո՜չ, նա ինձ սիրում էր հոգով, նա ինձ կյանք և հույս էր ներշնչում: Նա ինձ խրախուսեց գնալ Բաքու փող աշխատել և վերադառնալով կոտրել իր ծնողների տխմար փառասիրությունը: Բայց ի՛նչ օգուտ, որ մինչև վերադարձս Քերիմը սպանեց կյանքս ու ծրագիրներս կործանեց:

Հետևյալ օրը Իմամ-Ղուլին գնաց ու վարձեց այն պարտեզի խրճիթը, որը Քադիջեի որջից ընդամենը քառասուն քայլ հեռավորության վրա էր: Կահավորեց, մի վերզիացի կին վարձեց, որ խնամե հիվանդին և ամեն օր կանոնավոր կերպով դեղ, ուտելիք և կարևոր իրեր տանում էր Քադիջեի համար: Այլևս առանց քաշվելու ինձնից, մորից ու դրացիներից, նա համարյա թե օրվա մեծ մասը անց էր կացնում քյուֆթի մոտ և անձամբ նրան խնամում:

Համարյա ամիս ու կես ամեն օր դեղ էր տանում, և շաբաթական երկու անգամ Էդքոքը ու մի անգամ էլ ամերիկացի բժշկուհին այցելում էին հիվանդին, ստանում իրենց վարձը և գնում դեղերը ուղարկում: Մինչև անգամ Իմամ-Ղուլին իր անկողինն էլ տարավ և շատ գիշեր այնտեղ էր քնում: Խրատչհորդոր, մոր աղերսը, քույրերի արտասուքը, մորաքրոջ նախատինքը ոչ մի ներգործություն չունեցան, անդրդվելի մնաց:

Քադիջեն գրեթե ամեն օր աղերսում և ստիպում էր, որ իրեն թողնի, հեռանա, վախենում էր, որ վարակի Իմամ-Ղուլիին, բայց նա համառացած չէր հեռանում և ամենայն եռանդով տքնում էր առողջացնել ախտաժետին: Բայց բոլոր միջոցները զուր անցան, մինչև իսկ վերքերը սկսեցին բորբոքվիլ: Այս սոսկալի տանջանքների մեջ Քադիջեն ամեն րոպե մահ էլ խնդրում, իսկ անողորմ հոգեառը փոխանակ գոսացած մարմնից բաժանելու վերջին շունչը, իր անգութ մանգաղով կոկոն ու նորաբաց ծաղիկներ էր քաղում:

Քադիջեն զգալով, որ չպիտի կարողանա խնդիրքով, աղերսով ու փաղաքշանքով իրենից հեռացնել Իմամ-Ղուլիին, սկսեց, նրա հետ վատ վարվել: Նախատում էր ինչպես նրա հորեղբորորդուն, նույնպես և իրեն: Ոչ միայն որևէ քաղցր խոսք չէր արտասանում, այլ անվերջ հառաչում և նզովում էր սափրիչների տոհմը, ոչ միայն բերած կերակուրը չէր ուտում, այլ երեսն էր թեքում նրանից, փախչում վարձած բնակարանը և գնում գլորվում էր իր որջը: Վիրատապ կինը մի օր ինձ ասաց առանձնության մեջ.

Աղա Միրզա՛, խելք դիր Ղուլիի գլուխը, զգուշացրու. ես սարսափում եմ, երբ մտածում եմ, որ նա կարող է վարակվել: Ես տանջվեցի, բավական է, նա ինչի՞ է գլորվում այս ապականության մեջ: Ամեն միջոցի դիմեցի, որ նրան զզվեցնեմ ու փախցնեմ, ճարս կտրվեց: Անգամ հետը չեմ խոսում, հարցերին չեմ պատասխանում, հնար չկա, ինձնից չի պոկ գալիս: Ախար մեղք է, ախար խեղճ է, ջահել է, ինչի՞ իմ օրս ընկնի: Ինձ այս օրը գցողի հոգին այնպես խոցոտի, ինչպես խոցոտվել է իմ մարմինս վերքերով:

Ոչ ոքի չի լսում, քո սերը նրա սրտում պատրույգ է դարձել ու կյանքը վառում է, Քադիջե, էլի դու պիտի մի հնարով նրան քեզնից հեռացնես, — ասացի ու հեռացա:

Քադիջեն խռովեց ու հեռացավ իր այրը, վերջնականապես վճռելով չընդունել ոչ Իմամ-Ղուլիին, ոչ էլ Էդքոքի դեղերը և մեռնել՝ Իմամ-Ղուլիին փրկելու համար:

Երբ Քադիջեի համառությունը չկարողացավ կոտրել, երբ զգաց Իմամ-Ղուլին, թե անհնար է այլևս նրա համառությունը կոտրել, նա էլ վճռեց մտքում վերջ տալ իր կյանքին: Ինչքան խոսեցա, խնդրեցի, հորդորեցի, որ ամուսնացնեմ, հնար չեղավ, Քադիջեից հետո էլ ուրիշ կին չուզեցավ առնել: Լավ գործեր ցույց տվի, որտեղերից կարող էր օգտվիլ, հանձն չառավ:

Ես ապրուստ ունիմ, — ասաց մի օր վշտացած, — փողի պետք չունիմ: Փող վաստակելու ճանապարհն էլ գիտեմ, առաջնորդի կարիք չունիմ: Ի՞նչ եմ անում գործն ու փողը, երբ հոգիս հիվանդ է, սիրտս դատարկ, աչքերս մթնակալած, գանգումս փոթորիկ: Ախ, Քերիմ, Քերիմ...

Վերջապես վճռեց Բաքու վերադառնալ: Բերած երեք հազար թումանից մի հազարը ծախսել էր երեք ամսում: Քիչ բան թողեց մորը, տունը լցրեց, կով, ոչխար առավ, որ մայրը կթե ու ապրի, ինքը գնաց Բաքու:

Բայց Բաքու չէր կարողացել ապրել, ուղղակի անցել էր Թեհրան: Այդտեղ հետամտել էր հորեղբորորդուն՝ Քերիմին, որպեսզի սրտի մաղձը, հոգու վիշտը թափի: Անակնկալ, փողոցում սկսել էր հայհոյել ու նախատել, նրա դիմակը պատռելով, պատանեկությունից մինչև այդ օրը կատարած բոլոր լրբությունները, անառակությունները և գազանությունները երեսին էր տվել թուք ու մրով: Քերիմը սարսափահար երբ տքնել էր փախչել, նրա ղուլամներից մեկը ատրճանակի գնդակով վիրավորել էր Իմամ-Ղուլիին:

Թեև ազատվեց ԻմամՂուլին, բայց արյունահեղությունը էժան չնստեց Քերիմի վրա, նա դատից ու դատաստանից ազատվելու համար քսանհինգ տարվան մեջ ժողոված կանխիկ դրամները, որոնք եվրոպական բանկերումն էր պահում, տվեց սադրազամին, որ Շահի սիրտը շահե, իրեն ազատե: Դրանից հետո ահա ութ-ինն ամիս է, որ Քերիմին չեն թողնում Թեհրանից: Ինչպես լսեցի, նրան Կ. Պոլսի դեսպան են նշանակել, շուտով պիտի դա հորը տեսնելու և այստեղից մեկնելու դեպի Բոսֆոր:

Ուրեմն նուխեցիների աղջկան վիճակված չի եղել բախտավոր օր տեսնելու:

Գաղթականին ո՞վ կթողնե, որ աչք բանա, — ասաց Միրզա Մեհթին: Եթե նրանք իրենց տեղից չշարժվեին, այս թշվառության չէին մատնվիր:

Մի՞թե ամբողջ Թավրիզը գաղթական է, որ ամենքի տունն էլ թշվառություն կա:

Այդ էլ ուղիղ է, այո՛, ամենքս էլ գաղթական ենք: Կյանքի մեջ ո՞վ է տեսել, որ մարդ որևէ վիշտ չունենա, վիճակից գոհ լինի: Ամեն հարկի տակ վիշտը մի կերպարանքով է մտնում, բայց գաղթականի տունը՝ խոժոռ դեմքով:

Խոժոռ դեմքով և կնճիռներով, — ասացի, ու լռեցինք:

Արդեն սեղանը պատրաստ էր, և մենք հացի նստանք: Անմռունչ երկուսս էլ ուտում և մտովի երևակայում էինք այն բոլոր տեսարանների մասին, ինչ-որ անցել էր Քադիջեի և սափրիչների որդիների հետ: Մի ժամից ավելի տևեց մեր ճաշը, բայց ոչ մի խոսք չկարողացանք փոխանակել: Սեղաններս էլ շատ ճոխ էին, ինչպես թվում էր` կոնսուլի խոհարարը միջոց էր գտել մեզ սիրաշահելու, որ լավ անամ (վարձ) ստանա: Մանավանդ որ այդ օրը պարսիկ մեծամեծները այցելության միանգամայն ճաշի հյուր էին եկել կոնսուլին, այնպես որ ծառայողների վրա կոնտրոլ չկար:

Պարտեզի վերևի տան դահլիճում հրճվում էին տնատերն ու հյուրերը, առանց մտքերից անգամ անցկացնելու, թե գրասենյակի մոտի այցելուների սենյակներում հպատակներն էլ ընկերակցում էին իրենց սեղանին ծառաների միջոցով: Երբ Միրզա-Մեհթին ճաշից հետո լվացվեց, ասաց,

Այսպես է աշխարհիս բանը, ամեն մարդ, ամեն մի հնարավոր առիթից տքնում է օգտվել: Էլ ինչի ենք մեղադրում Քերիմ-խանին, որ կողոպտել է ժողովրդին: Մենք էլ միջոց տվինք խոհարարին գողանալու տիրոջից և մեզ էժան կշտացնելու այդ գողացածով:

Ուրեմն այս բոլորը կոնսուլի խոհարարի՞ց եկավ:

Այսպիսի կերակուր ծառաները չէին կարող եփել, — ասաց Միրզա-Մեհթին, ատամները քչփորելով:

Եթե ես գիտենայի, ձեռ չէի մեկնիլ...

Շատ հարկավոր է, կտաներ մեր վճարածի կես գնով կծախեր գյուղացիներին: Այդ կերակուրները պիտի թռչեին, մենք չգնեինք, գնորդներ շատ: Ահա այս չարագործությունն է, որ զարգացնում է ոճրագործությունները: Շուտով և շատ քանակով հարստանալու համար մարդիկ ինչեր չեն կատարում:

Մինչև ժամի վեցը մնացինք այցելության սենյակում: Երբ դուրս եկանք Թավրիզ վերադառնալու, հեռվից երևեցան հյուպատոսարանի խան-հյուրերը, որոնց ճանապարհ էին դնում կոնսուլն ու իր երկսեռ զավակները: Մինչ պարսիկ սպասավորները կառքերի ձիերն էին լծում, կոնսուլատի ախոռապաններն էլ մեր ձիերը սանձեցին ու դուրս քաշեցին:

Երբ մեր ձիերը աշտանակած դուրս էինք գալու, Միրզա-Մեհթին ասաց.

Լավ նայիր այն բարակ ու բարձրահասակ պաշտոնակալին, դա է Քերիմ-խանը: Փուչը անձայն ու ծպտյալ քաղաք է մտել, որ կրկին Իմամ-Ղուլիի հարձակմանը չենթարկվի:

Այս խոսքերն ինձ ստիպեցին մի լավ զննելու տխուր հերոսին, որը սափրիչի կրպակից դեսպանության և պրինցության էր հասել: Նույնիսկ վերջերքը արքայական տան փեսա էր դարձել Թեհրանում: Երբ հյուպատոսարանի գավթի դռնից դուրս եկանք, ռահընկերիցս հարցրի.

Ինչո՞վ վերջացավ Իմամ-Ղուլիի վիճակը:

Թավրիզից հեռանալուց երեք ամիս հետո Իմամ-Ղուլին կրկին վերադարձավ ծննդավայրը՝ աջ ոտքով կաղալով, գնդակի վերքը դեռ կատարելապես չէր առողջացել, և նա անութափայտով էր ման գալիս: Նրան դեպի Թավրիզ չէր ձգել ոչ բարեկամների ու ընկերների սերը, նա չէր կարողացել առանց Քադիջեի ապրել, նա եկել էր անշուշտ իր նշանածին առողջացնելու կամ նրա հետ մեռնելու:

Թավրիզ հասնելուն պես գնաց Վարզիե գյուղում մի տուն վարձեց, կահավորեց և եկավ բռնությամբ Քադիջեին ու աղջկան վերցրեց, տարավ գյուղ: Դարձյալ սկսվեցին դեղերը, բժիշկ Էդքոքի և բժշկուհի Վանգուդի այցելությունները: Քաղաքից ուտելիք, դեղ և կարևոր պետքերը անձամբ տանում էր Իմամ-Ղուլին և գիշերներն էլ այնտեղ էր ապրում: Ոչ միայն վարզիացի աղախին էր վարձել իրենց խնամելու համար, այլ մինչև անգամ մայրը գնաց գյուղ, որպեսզի որդու վերքը անձամբ խնամի և զգուշացնի, որ նա չվարակվի:

Քադիջեն սկզբում շատ էր հակառակվել Իմամ-Ղուլիին և տքնել էր չգնալ գյուղ, բայց երբ նկատել էր, որ իր սիրած մարդը անդառնալի կերպով վճռել էր կյանքին վերջ տալ, եթե իրեն չհետևեր նշանածը, զիջել էր: Ամեն օր անձամբ հսկում էր Իմամ-Ղուլին, որ բժշկի պատվիրած ժամերին դեղերը տան հիվանդին, օծեն ու շփեն, ինչպես որ պատվիրում էին: Բայց զուր, մի քանի օր դեղերը օգնում, նպաստում էին առողջանալու, ապա ավելի ևս բորբոքում: Իմամ-Ղուլին լիահույս պնդում և ստիպում էր անվերջ շարունակել: Քադիջեն, որպեսզի ինքը պատճառ չդառնա սիրականի գլխին մի փորձանք հասնելուն, լռելյայն տանում էր ամեն տանջանք և թողնում, որ իրեն դարմանեն:

Բայց երկու ամիս չանցած ձանձրացան բոլորն էլ: Ոչ ոք չէր ուզում շարունակել այդ սոսկալի կյանքը, բացի ԻմամՂուլիից, որը պահանջում էր անընդհատ շարունակել և հետևել եվրոպական բժիշկների խորհուրդներին: Երբ ձանձրությունը հասավ գագաթնակետին, մի օր Քադիջեն խնդրեց սկեսուրից, որ մի քիչ մկնդեղ բերե, իրեն տա ուտելու, ազատվելու տանջանքներից և ազատելու Իմամ-Ղուլիին փորձանքից ու մտորումներից: Հայտնի բան է, քենիս սկզբում սոսկում է այդ դժոխային մտքից, տատանվում է, հանդիմանում է Քադիջեին, չի լսում մի շաբաթ, բայց վերջիվերջո համակերպվում է ախտաժետի հետ:

Անա, — ասել է մի օր Քադիջեն սկեսուրին, — ես համոզված եմ, որ առողջանալիք չունիմ, վերջիվերջո մեռնելու եմ, բայց չեմ ուզում, որ դու, որդիդ վարակվեք կամ նույնիսկ ինձ համար տանջվիք: Ինչ որ ձեզ չարչարեցի բավական է, խիղճս էլ սիրտս կրծում է փոխադարձաբար ամեն ժամ: Այս պատճառով աղաչում եմ, գնա բազար մի կտոր մկնդեղ բեր, ես կուտեմ ու ձեզ կազատեմ: Միևնույնը չէ՞ այսօր եմ մեռել, թե մի տարի հետո: Ինչ օգուտ իմ ապրելուց, երբ ես ոչ միայն ոչ մի հաճույք ու վայելք չեմ զգալու այս կյանքից, այլև միմիայն վիշտ ու հառաչ պիտի պատճառեմ քեզ ու որդուդ: Երդվեցնում եմ քեզ զավակիդ արևով, եթե սիրում ես Իմամ-Ղուլիիդ, եթե թանկ է քեզ համար միակիդ կյանքը, գնա բեր և ազատվենք:

Այնքան հորդոր էր կարդացել, այնքան թախանձել, որ թշվառ կինը մի կերպ որդուն փրկելու հույսով իջել էր քաղաք, մի մսխալ արսենիկ առել ու դարձել էր գյուղ: Բայց ճանապարհին խղճահարվել էր, սոսկացել էր իր արարմունքից, սարսափել էր մարդասպանության պատճառ դառնալու մտքից ու թափել էր: Տուն դառնալուց հետո երբ պատմել էր արածը Քադիջեին, վերջինս այնպես ողբագին թախանձել էր, որ խեղճ պառավը պարտավորված ետ էր դարձել, ժողովել էր ու տուն տարել թափած արսենիկը: Բայց որպեսզի շատ տանջելուց և շուտ սպանելուց զգուշանա, ուրիշներին կասկածի տեղիք չտա, ժողոված արսենիկը, որի մի մասը թափված տեղը փչացել էր, հինգ մասի է բաժանում և մի մասն է տալիս ախտաժետին:

Քադիջեն ուրախությամբ կուլ է տալիս թույնը և կրկնում է սկեսուրին.

Ուրախությամբ ես կուլ կտամ այս թույնը, որպեսզի ազատվեմ ֆրանգների տված դեղերից, որոնք թույնից ավելի աղու են:

Հայտնի բան է, Իմամ-Ղուլին ոչինչ չի իմանում այս մասին. երբեք էլ չի կարողանում կասկածել, թե նշանածը թույն է ընդունել: Երկու ժամ հետո Քադիջեն խիստ տաքության է ենթարկվում, որին հետևում է սաստիկ քրտինք: Մինչ հարս ու սկեսուր սպասում էին մոտալուտ մահվան տագնապներին, անուշ քուն է գալիս Քադիջեի վրա և այնպես խոր նիրհում, որ տասներկու ժամ է տևում: Ծծկեր երեխան, որ պառկեցրած էր մոր մոտ, ագահաբար սկսում է ծծել մոր կաթը: Փորը լավ կշտանալուց հետո նա էլ քնում է անդորր կերպով, խաղաղ քրտինքով:

Հետևյալ օրը արևագալին, երբ զարթնում է Քադիջեն, իրեն ավելի լավ է զգում, քան Էդքոքի դեղերից հետո: Քենիս նկատում է, որ արսենիկից հետո երեխան ավելի կայտառ է դարձել, քան առաջ էր: Քադիջեն մնում է շվարած: Նա, որ մահ էր որոնում, մահը նրանից փախչում էր: Ամբողջ մի շաբաթ Քադիջեն քնում է լավ քրտնած և զարթնում է օրեցօր զվարթ: Վերքերը քիչ-քիչ սկսում են չորանալ և լավանալ, իսկ աղջիկը բոլորովին կայտառանում է:

Գալիս է բժիշկ Էդքոքը և հիվանդին քննելուց հետո սկսում է հուսադրել, պարծենալով իբր թե իր դեղերը օգնել են և գոդավորն սկսել է արդեն ապաքինվել: Այնպես է ուրախանում Էդքոքը, որ անմիջապես իր կառքը վերադարձնում է քաղաք բժշկուհուն բերելու: Երկու բժիշկները ամբողջ մի ժամ քննում են հիվանդին, վիճում են իրենց լեզվով, հարցեր են տալիս, բայց չեն կարողանում ըմբռնել, թե ինչից է առաջացել այդ անակնկալ բժշկությունը: Հայտնի բան է քենիս ու Քադիջեն երկյուղից ոչինչ չեն հայտնում բժիշկներին:

Քադիջեի ապաքինության հակումը մեծ ուրախություն է պատճառում Իմամ-Ղուլիին, որը ավելի եռանդով շարունակել է տալիս դեղերը: Քադիջեն դարձյալ հուսահատ ապաքինվելու գաղափարից, թեև խնդրում է քենուցս իրեն քիչ էլ տալ այդ դեղից, բայց նա իսպառ մերժում է: Միայն թե մի քիչ արսենիկ փշրում, խառնում է այն օծանելիքի մեջ, որով ամեն օր օծում էին հիվանդին, հուսալով, որ դա կարող է օգնել: Տասնևհինգ օր շարունակելով այդ դեղերը, Քադիջեի քաշված մկաններն այնպես են արձակվում, մսակալած աչքերն այնպես են բացվում, որ նա ոչ միայն ազատ ման է գալիս, այլև տեսնում է ամեն բան և վերակենդանանում է:

Իմամ-Ղուլիի ուրախությանն էլ սահման չկար: Ամեն օր բժիշկները այցելում էին Վերզիա, հրճվում իրենց առողջացրած հիվանդով, մանավանդ նրա մանկիկով, որը այդ ամսում սկսեց արդեն ման գալ:

Երկու ամիս հետո առանց անութափայտի Իմամ-Ղուլին իջավ քաղաք, ետ գնեց նուխեցու տունը գրավականից, կահավորեց, սարքեց և այնտեղ փոխադրեց Քադիջեին, երեխային և իր մորը: Քադիջեի կոկորդի ու կողի ծակվածները առողջացան, նրա արյունը մաքրվեց ապականությունից, միայն փլած քիթը մնաց, որը թեև Էդքոքն ուզեց կտրել և նորը փակցնել, բայց Քադիջեն չհամաձայնեց:

Թող այդ նշանը ցմահ դեմքիս մեջտեղը մնա, որ հիշեմ, թե ես որքան ստորացա, որ թողի Իմամ-Ղուլիիս և հրապուրվեցի Քերիմի ոսկիներով ու գոհարներով:

Իմամ-Ղուլին ամուսնացավ իր սիրած կնոջ հետ և այժմ Թավրիզում առևտրով է զբաղված: Նա, որ իր եռանդով ազատեց Քադիջեին այն դժոխային կյանքից ու գերեզմանից, ինչի չի կարելի ազատել այս գոդավորներին, եթե քաղաքի ազգաբնակությունը այդ ցանկանա և միջոցներ չխնայե կարգին հիվանդանոց ու անկելանոց կանգնելու:

1911 թ.

ՎԻՇԱՊԱՄԱՅՐ

Ամառվան ջերմ ու պայծառ օր էր:

Կեսօրվան արեգակի ջերմ ճառագայթների խիստ տոթի ներգործությունից գալարվել, սմքել էին կենդանությունն ու բուսականությունը: Մարդիկ քաշվել էին սաղարթախիտ ծառերի, շվաքների տակ կամ մտել էին ներքնատները զովանալու և հանգստանալու: Կենդանիները, թռչունները, նույնիսկ միջատներն ու մժղուկները պատսպարվել են տերևների, քարերի տակ, ապառաժի ճեղքերում, խույս են տվել կիզիչ արևի խանձող ճառագայթներից: Ծառերի տերևները, պարտեզի ծաղիկներն ու բանջարները, բամբակի թփերը, նույնիսկ բրնձի մարգի մեջ ճոճվող եղեգները թոռոմել, թորմշել էին: Գոմեշները մտել էին գետերի, լճակների կամ ճահիճների ջրերը, տարածվել, հովանում էին: Գետինը սոսկալի տոթից տեղ-տեղ ճաքճքել էր, ծառերի արմատները դուրս էին թափվել, չորացել ու ճեղճղվել էին:

Տոթից հառաչող ամեն մի շրթունք աչքերը երկինք հառած մրմնջում էր.

Ա՛խ, գթառատ տե՜ր, մի կաթիլ անձրև շնորհիր, ողորմիր ու աշխարհ զովացրու:

Նույնիսկ անասունները բառաչելով, կարծես երկնքից թոն ու թաթավ էին աղերսում: Թոռոմած բույսերի ցմքած, թուլացած կատարները վար էին կախվել, անձրևի սպասում:

Այս խեղդող տոթին Արարատյան դաշտում, Դվին քաղաքի արևելքում տարածված Բլրակ ավանում մի մեծ ապարանքի շվաքում սպասավորները ճանապարհորդական պատրաստությամբ էին զբաղված: Հատկապես կանչված վարպետները կարգի էին գցում ջորիների համետները, եզների պարկերը, ուղտերի վզնոցները, զանգակները, բոժոժները, ձիերի սանձերն ու թամքերը: Մի կողմը ջորիների, մատյանների սմբակներն էին տաշում ու պայտում, մյուս կողմը պայուսակներն ու պարկերը մաքրում, մախաղները կարկատում: Բակում հյուսները պատգարակներն էին վերանորոգում, ներկում, զարդարում:

Վարպետների պահանջած իրերի մատակարարներն ու մառանապետերը մեծ հապճեպով նրանց հասցնում էին: Թեև օդը շնչահեղձ դարձնելու աստիճան ջերմացել էր, բայց վարպետները անընդհատ շարունակում էին վերանորոգությունը խիստ շտապ:

Շտապեցե՛ք, — գոռում էր կալվածատեր Եզնակ իշխանը, — զուր ժամ մի վատնեք: Այսօր անշուշտ նվիրակի հետ ճանապարհ պիտի ընկնեք, որ առավոտ Վարդեհերի տոնին հանդիսատես լինեք Վիշապամոր այցին և ականջներով լսեք նրա պատգամները:

Դուռ ու բակ լցվել-կտրել էին դրացիներն ու ծանոթները, որոնք անվերջ կրկնում էին.

Երանի ձեզ, երանի աչքերիդ, թող Վիշապամորը հաճելի լինի ձեր պատարագը և նա որդուն՝ Վիշապահորը թախանձե առատ թաթավով օգնության հասնելու մեր հանդաստանին:

Ետինք դեռ չեղած, Եզնակ իշխանի ապարանքից դուրս եկան և ճանապարհ ընկան ուխտավորները իրենց բեռնավորված ջորիներով, ուղտերով, գրաստներով և եզներով: Սրանց շրջապատել էին գույնզգույն տարազներով զարդարված ջորեպաններն ու անասնադարմանները, որոնք աղմկալի առաջ էին գնում` անվերջ զննելով անասունների բեռներին: Սպասավորների խայտաճամուկ տարազի նման բազմերանգ զարդարված էին քարավանի գրաստները իրենց զարդարուն վզնոցներով, երասանակներով, ու բեռները ծածկված էին գունագեղ և շերտավոր ջեջիմներով, կարպետներով:

Քարավանը դեռ ավանից դուրս չէր եկել, երբ Եզնակ իշխանի տիկինը բազմեց սպիտակ և վիթխարի ջորիների բարձրացրած պատգարակը իր կրկնակ նաժիշտներով: Տիկնոջ պատգարակին հետևեցին ուրիշ հինգ պատգարակներ, որոնց մեջ տեղ բռնեցին իշխանի դստրիկները, հարսները, թոռները նաժիշտներով և աղախիններով: Պատգարակներին շրջապատվել էին վաթսունևվեց կտրիճ ձիավորներ, որոնք զինված էին գոտուց կախված կարճ ու լայն դաշույններով և երկար նիզակներով, երկծայր արույրե բզանները ոսկու նման շողշողում էին արևի ճառագայթների տակ:

Մի քանի րոպեից պատգարակները հասան բեռնակիրների քարավանին և շարունակեցին իրենց ուղին բեռնակիր անասունների վզերից կախված զանգակների ղողանջյունով: Ջորեպանները ետ չմնալու համար անվերջ բզում էին ջորիներին իրենց սրածայր մահակներով և կրկնում, «Չո, չո», որոնք դաշտից դուրս գալիս և դարիվերի տակ հասնելուց հետո ավելի դանդաղեցրին իրենց քայլերը: Գրաստներին ավելի խրախուսում էր և առաջ մղում այն երգերի և չվերգների եղանակները, երգիչների ուժեղ և խրոխտ ձայնը, քան թե ջորեպանների բզանները: իսկ դաշտից դուրս գալուց և Գառնու հովիտը մտնելուց հետո արևամտի ժամին, վերջալույսի բազմերանգ գույների, արծաթափայլ, ոսկեզեղուն ամպիկների և բոցավառ ու մանիշակի ցոլքերի ազդեցության տակ այնպես Էին երգում երիտասարդներն ու պատանիները, որ հովիտի ամբողջ կողերը ապառաժներն ու բարձունքները որոտընդոստ արձագանք Էին տալիս նրանց երգերին:

Գլխավոր պատգարակի մեջ բազմած էր տիկին Անուշը՝ իշխանի սիրելին և ժողովրդի պաշտելի կինը, որի կողքերին չոքած մատաղահաս նաժիշտները անվերջ հովհարում Էին կիսաթմբիր ընկողմանած տիրուհուն: Անուշը դեռահաս չէր, նա քառասուն գարուն էր անցկացրել, բայց նրա կազմը, թարմությունը, փայլուն աչքերը, մանավանդ սաթի նման սև ծամերի հյուսքերի շարանները տիկնոջը դեռատի օրիորդի տեսք էին տալիս: Նաժիշտները հազիվ տասնևհինգ տարեկան լինեին, բայց այնքան ուշիմ էին շարժվում, որ նկատողը կարող էր նրանց կրթության վրա հիանալ: Նաժիշտներից մեկը ոսկեհեր, կապույտ երկնագույն աչքեր ուներ, մյուսը շագանակի մազեր, ձիթագույն բիբերով: Երկուսի էլ մորթը ձյունի նման սպիտակ էր, երկուսի էլ այտերը վարդի նման, իսկ շուրթերն ու ականջները կարծես որդան կարմրով ներկած լինեին:

Թե տիկինը և թե նաժիշտները բեհեզի թափանցիկ հանդերձ էին հագած, տիկնոջը՝ վարդագույն, իսկ նաժիշտներինը՝ մարմնագույն, որոնց մեջ ամփոփված մարմնի ձևն ու կազմը նկատվում էր: Տիկնոջ գլխի վարսակալը, ոսկեզօծ կապերն ու նրանց միջի գույնզգույն գոհարները նրան զանազանում էին հարճերից, որոնց վարսակալը թարմ վարդերից էր հյուսված: Քարավանի երիտասարդների և քաջամարտիկների աչքերն ու ուշքը կենտրոնացած էին տիկնոջ, հարսների ու օրիորդների պատգարակներին, որոնց բոլորի էլ հագուստի ու զուգսի մեջ շատ քիչ տարբերություն կար:

Զրահավորված կտրիճները գնում էին պատգարակները շրջապատած, նետ-աղեղները, սուր նիզակները միշտ ձեռքներին պատրաստ, շրջահայաց, որ կարևոր դեպքում կարողանան անակնկալների դեմ մարտնչել, վայրի գազաններից և լեռնական հրոսակներից պաշտպանվել: Կտրիճները շրջապատած էին երկու դեռահաս իշխանի, որոնցից անդրանիկը պատգարակների աջ և կրտսերը ձախ կողմից էին առաջնորդում հետևորդներին:

Ջորիներին, ուղտերին և գրաստներին բեռնավորված տանում էին ուխտավորների վրանները, փռվածքը, ուտելիքի պարկերը և զոհերը: Յոթ զարդարված երկծին խոշոր ցուլեր առաջ էին վարում, յոթ վարազ, հատկապես որսված Արմավիրի շամբում և փակված պատգարակ վանդակներում կրում էին հատուկ գրաստներ: Յոթանասունը յոթնական գառ և ուլ` հինգական ամսվան, յոթ մեծամեծ վանդակներում զետեղված էին հավ, բադ, սագ, տատրակ, կաքավ, փասիան և աղավնի, որոնք ուղտերին էին բեռցած: Գրաստները տանում էին յոթ զույգ այծի տկերով գինի, եզներին բարձել էին յոթ կրկնաջվալ շարմաղ ալյուր, յոթ մախաղ օսլա, յոթ պարկ չամիչ ու նուշ և յոթանասուն խախալով բաղարջ ու գաթա:

Next page