Ատրպետ՝   Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

Ամեն անգամ գուսանները մի տուն երգելուց հետո նույնը կրկնում էին պարուհիները և ոգևորված ետ ու առաջ տարուբերվում, ծածանվում էին իրար թևանցուկ, ոգևորությամբ զեղված: Մեղմ զեփյուռը շոյում, ոգևորում էր երիտասարդության ալ ու վարդավառ դեմքերը, մազերն ու կրծքերը, արևի պայծառ ճառագայթների տակ ցոլացնում էր նրանց հրացայտ աչքերը, ոսկեփայլ մազերը և ողորկ մորթերը:

Աստղիկի պաշտամունքի երկրպագուները բնազդին էին ստրկացած և քարոզում էին հետևել զգացումներին, իսկ Անահիտի սպասուհիները առողջ դատողությանը բնազդից նախադասություն էին տալիս: Անահիտը Վիշապամոր մարմնացած հանճարն էր, Աստղիկը՝ Ոսկեմոր զգացումների կենդանացած տիպարը:

Այս մրցումները և տեսարանները այնքան հրապուրիչ և գրավիչ էին, որ յոթ օրվան ճանապարհ էին կտրում հազարավոր ուխտավորներ, շտապում էին, բարձրանում Վիշապազանց լեռնադաշտը, շրջապատում էին Ջրաբաշխի և Կենսաբաշխի անդրիները և նրանց սպասին ընծայված գուսանների, երգչուհիների և կաքավիչների ուրախություններին հանդիսատես լինելու և հրճվանքին մասնակցելու:

Մինչ ուխտավորները բոլորվել, հիացած զննում ու լսում էին վիշապանվեր կույսերին, զբաղված էին նրանց պարերգով, ճառագայթյալ ժամին մատակարարներն առաջ եկան և ձողիկների վրա շամփրած խորովածներ բաժանեցին ինչպես հանդիսադիրներին, նույնպես և ուխտավորներին: Սրանց հետևեցին սկուտեղներով և տեփուրներով կարագ, խորիզի բաղարջ, կարկանդակ և գինի-օշարակ բաժանողները: Ոտքի վրա կատարված այս նախաճաշը երբեք արգելք չէր պարերի և նվագների անխափան շարունակության, ընդհակառակը, այդ նախաճաշով զորացած, ավելի ոգևորությամբ էին երգում, թռչկոտում և զմայլեցնում ուխտավորներին:

Շառավիղյալ ժամին մատաղն արդեն պատրաստ էր: Սպասավորները բաժանեցին հանդիսականներին լոշի մեջ փաթաթված թերխաշ մատաղի միս: Ցանկացողները իրենց պատառները թաց էին անում քարղաններով դրված մատաղի աղաջրում: Մաքուր լեռնային օդում, անմահական ավազանների ափին ժողովուրդն ուտում էր, խմում էր լճակների սառն ջուրը, իսկույն մարսում և դարձյալ քաղցում: Բայց այնքան մեծ էր զոհված արջառների, ոչխարների, ուլերի թիվը, որ անխնայաբար բաժանում էին և կշտացնում բոլորին:

Դեռ մատաղը չվերջացրած Վարդեհեր Աստղկան նվիրված քառասուն ծիրանազգեստ կույսեր, ուսերին սփռած իրենց սաթանման մազերը, գլուխները վարդերով պսակած, մերկ վզերն ու դաստակները ուլունքների շարաններով գարդարած, նազաճեմ իջան բարձունքից, մոտեցան նվագածուներին և սկսեցին իրենց երգն ու պարը: Գուսանները սրանց բոլորած կրկնեցին Վարդեհերին նվիրված բազմաթիվ տաղեր: Երբ ոգևորված փոխընդփոխ շարունակում էին պարը, կաքավը, արևն արդեն երկնակամարի ամենից բարձունքում էր տեղ բռնած, և օդը աստիճանաբար այնքան էր խստացել, որ մարգարտափայլ քրտնաշարով ծածկել էր գուսանների և կաքավիչների ճակատները:

Այս միջոցին խումբ-խումբ կույսեր ու պատանիներ մի-մի սափոր ու փարչ վերցրին ու սկսեցին սրսկել իրենց սիրելիների վրա ու նրանց զովացնել, հովացնել: Անվերջ ջուր էին սրսկում իրար վրա, աղաղակում, աղմկում, փախչում, բայց ջրվելուց ոչ ոք չէր կարողանում գլուխն ազատել: «Վարդեհերն է», — գոռում էին ու անխնա սրսկում զով ջուրը ոտքից գլուխ: Երգիչները, կաքավիչները, նվագածուները և ժողովուրդը առանց դիրքերը փոխելու շարունակեցին իրենց ուրախությունը մինչև հագուստների արևի ճառագայթների տակ չչորանալը: Դեռատիներն ու պատանիները անվերջ ջուր էին կրում ու ածում ուխտավորների գլխին, որոնք թուլացել կամ մտքերի մեջ սուզվել, մի կողմ էին քաշվել:

Այսօր Վարդեհերի տոնն է, խնդալու և պարելու օր է, — գոռում էին ջուր սրսկողները, թռչկոտում և ցատկում: — Այսօր մեր հովանավորի տոնն է, Վարդավառ է, պետք է միայն երգել, պարել ու ծիծաղել, ոչ թե թմրել ու նիրհել:

Երանի թե այդ ջուրը երկնքից մաղվեր, — հառաչելով պատասխանում էին ծերերն ու հասակավորները, — մենք էլ հոգով հրճվեինք:

Դեռահասներն այնքան ջրեցին ու թրջեցին ուխտավորին, որ թրջվելուց ազատվելու համար բոլորն էլ գնացին մտան պարողների շրջանն ու սկսեցին նրանց հետ երգել ու ցատկոտել: Պարը տևեց մինչև արևի մայր մտնելը: Թեև հետինքին ուխտավորները բազմեցան դալարի վրա ճաշելու, բայց չդադարեցին երգն ու նվագը, պարն ու կաքավը: Արևմտի ողբը նվագելուց հետո մեծամեծ կրակներ ջեռուցին ուխտավորները իրենց վրանների մոտ, որոնց բոլորած մինչև կեսգիշեր երգեցին, նվագեցին և լսեցին գուսանների պատմությունները, որոնք պապերից լսածները ավանդում էին թոռներին:

Հետին ժամին ամեն մի սիրահար գտավ իր սիրեկանին, թաղիքները տարածեցին գետին, ծաղկուն կարպետները վրաներն առին, ծածկվեցին ու ընկան քնեցան: Պահապանները կրակները բորբոքեցին մինչև առավոտ, մինչև Վարդամատի և Լուսահոր այցը, երբ ամենքն սթափված, դիմեցին լճի ափ՝ Վիշապամոր այցին արժանանալու: Բայց երեք առավոտ Վիշապամայրն էլ չայցելեց ուխտավորներին: Ամեն օր զոհեր կատարվեցան, գուսաններն երգեցին, կույսերը, պատանիները կաքավեցին ու պարեցին և դրվագեցին ինչպես Վիշապամորը, նույնպես և Վարդեհեր Աստղիկին ու Անահիտին: Երեք օր, երեք գիշեր կերուխումը շարունակվեց, խնդացին ու հրճվեցին և օրհնեցին, ոչ շրթունքներն ու կոկորդները դադարեցան, ոչ սրունքներն ու ոտքերը հոգնեցան, ոչ էլ քնարներն ու տավիղները լռեցին:

Բայց մի մռայլ միտք հաճախ պատում էր ծերուկներին ու պառավներին: Անընդհատ զննում Էին լեռների կատարները, երկնքի բարձունքը, ոչ մի սպիտակ ամպ, ոչ մի կաթիլ անձրև, ոչ էլ մառախուղ, ջինջ էր երկինքը, պարզ էր լուսնկան, ու պայծառ արեգակը: Իսկ դաշտերում առանց ջրի ու թոնի մնացած բերքն ու այգեստանը ջրի կարոտ չորանում ու դեղնում Էին, սպառնալով սովի մատնել Ուրարդա աշխարհին ամբողջ ձմեռը: Դեռատիների երգն ու ծիծաղը, նվագն ու կաքավը չէին կարողանում ցրել չափահասների այս տխուր մտքերը:

Առիթից օգտվելով, Անահիտի պաշտամունքի քրմապետուհին երրորդ իրիկունը իր երգչուհիների, կաքավիչների ու գուսանների խմբով բարձրացավ ամբիոն, շրջապատված ժողովրդի մեծ բազմությամբ և խոսեց շարադրած դյուցազներգությունը, որով հուզեց ու մրրկեց ուխտավորների սիրտը: Նա սկսեց մի այնպիսի բնաբանով, որ բոլորի ուշքն ու միտքը կենտրոնացրեց դեպի իր նվագները: Նա իր խրոխտ ճառով, գեղեցիկ դարձվածքներով և համոզիչ փաստերով ստիպեց ուխտավորներին անվերջ իր արծարծած խնդրով զբաղվելու և մտածելու միմիայն այդ հարցի մասին:

«Խոլամիտ մարդիկ, ես՝ Վիշապահայրս,
Ամպերն եմ կապել, անձրև չեմ շաղ տալ.
Մի՞թե դուք անջուր կըչորացնեք ձեր հանդը.
Եթե երկնքից անձրև չստանաք:

Ամեն մի ընդհատումի այս քառյակը երգում էին գուսանները, և քրմապետուհին ազատ շունչ առնելուց հետո, երբ հանգստանում էր, նորից սկսում էր իր ընդհատված ճառը: «Դուք, — ասում էր քրմապետուհին, — Վիշապահոր պատկերն եք, նրա հոգին ձեր կրծքումն է բնակված, մի՞թե նրա ուղեղի հյուլեներից ձեր գանգերում չեն տարածված, որ դուք էլ խորհիք և ձեր կյանքը չմատնեք պատահականությունների: Վիշապամայրը ձեզ շնորհել է լճակներ, ծովակներ և գետեր, դուք էլ հնար գտեք և ջուրն ուղղեցեք դեպի ձեր այգեստանները: Վիշապահայրը ձեզ առատ անձրև ու ձյուն է տալիս, դուք էլ մտածեցեք այդ շնորհից այնպես օգտվել, որ կարողանաք կյանքը զարդարել և ազնվացնել: Միայն այն ժամանակ ձեզ վրա հաշտ աչքով կնայի Վիշապահայրը, երբ դուք ձեր անապատները դրախտի վերածելու համար ջրանցքներ կշինեք, քանքաններ կփորեք և ավազուտներն ու կավուտները ջրելով կենդանությունը կընդարձակեք, ամայությունը կշենացնեք:

«Մինչև որ Գեղամա լճից ջրանցք չվարեք և ջուրը չտանեք դեպի դաշտ, արապարներն ու անապատները դրախտի չվերածեք, երբեք չեք ապահովիլ ձեր կյանքը: Իսկ ապահովելով ձեր կյանքը, ընդարձակելով պարտեզները, այգիներն ու անտառները, պիտի զորացնեք կենդանությունը, պիտի ընդարձակեք Վիշապահոր իշխանությունը. դուք պիտի աջակցեք և աշխատակից դառնաք նրա ցանկությունների կատարմանը:

Ձեր պապերը հարյուր տարի առաջ Վիշապազանց ավազանների ջրանցքները շինեցին, ամբարտակները կառուցեցին, աշխարհքն ուրախացուցին, մի թե գաք այդ պապերի զավակները չեք: «Եթե ամբողջ գեղն ոտքի կանգնի, գերան կկոտրի»: Ապա եթե ամբողջ դաշտը փետատ վերցնի, ինչի սարը չպիտի ծակե ու ջուրը չպիտի տանի դաշտի բամբակն ու այգին ջրելու:

«Խալդի զավակներ, Խալդի որդիներ, դուք որ կտրել եք Վիշապազանց լեռների լանջերն ու ջուրը դաշտ հասցնելու համար յոթանասուն փարսախ առու եք տարել, եթե միաբանիք և վճռեք, մենք ձեզ առաջնորդելով Գեղամա լճակի ջուրը դաշտ կհասցնենք, մինչև Արմավիրի սահմանները:

«Եթե սիրում եք երջանիկ և բարեբախտ կյանքը, եթե տենչում եք դրախտում ապրել, եթե ձգտում եք առաջ գնալ, այսօր ուխտավորներդ ուխտեցեք անմիջապես գործի ձեռնամուխ լինել և ջրանցքը բանալ: Վիշապամայրը այնպիսի առատ ու անուշ ջուր է մատակարարել Գեղամա ծովին, այնքան անսպառ են նրա աղբյուրներն ու վտակները, որ այդ առվակի ջրով կարող եք ոռոգել ու հագեցնել ամբողջ Ուրարդա լեռնաշխարհը»:

Ցոլակ իշխանը բարձրացավ իր տեղից և մոտենալով քրմապետուհուն, ասաց.

Ես ուխտ եմ գնում և խոսք եմ տալիս Վիշապազանց բարձունքում, որ ամբողջ գյուղիս ժողովրդով, երեք հազար բանվորով, մեր փետատով ու բահով իննսունը մի օր ամեն տարի աշխատենք այս սուրբ գործի համար և անմահական անապական ջուրը տանենք հասցնենք դաշտ:

Ցոլակ իշխանին հետևեցին մյուս գյուղատերերը, տիկիններն ու օրիորդները, և ամենքը սիրով հանձն առին երեք տարի աշխատել և առուն փորել: Այս ուխտի վրա սկսեցին գովաբանական երգեր երգել, անուշ գինին խմեցին և վճիռը հաստատեցին: Անահիտին ընծայված կույսերն սկսեցին իրենց վարդ պարը, ժողովրդի ուխտավորների հետ խառն թռան ու թռչկոտեցան, երգեցին ու զվարթացան մինչև, հետին ժամերը և ընկան զույգ-զույգ ու մրափեցին:

Չորրորդ առավոտը դեռ չբացված ամբողջ երկինքը ծածկվեց մռայլ ամպերով, ոչ միայն Վիշապազանց բարձունքը, այլ նույնիսկ դաշտի շրջակա բոլոր լեռները մինչև Բորդող, Սուկավետ, Արագած ու Զարիշատ մթագնել էր երկինքը: Թեև մեգն ու մառախուղը պատել էր ուխտավորներին, անձրևը սպառնում էր նրանց թրջել ու տզկել, բայց ցնծության չափն ու սահմանը ավելի ոգևորիչ էր, քանի որ Վիշապամայրը հաշտվել էր ժողովրդի հետ, Վիշապահայրը ամպերը մղել էր դեպի դաշտերը ու շուտով ոռոգելու, վերակենդանացնելու էր բույսն ու բարին, անասունն ու կենդանին: Լուսաբացին երկու ժամ մնացած սկսեց հորդ անձրև տեղալ ոչ միայն Ուրարդայի դաշտում, այլև Շիրակում և շրջակա բոլոր սարահարթներում: Երեք ժամ այնքան անձրև տեղաց, որ ամբողջ երկրի բուսականությունը թարմացավ, դեղնած ծառերը դալարեցան, պտուղները ուռճացան, խոտերը զվարթացան, բանջարները տռզեցան և անասունների ճարակը հրապուրիչ և սննդալի դարձավ:

Ուրախությանը չափ ու սահման չկար:

Ամեն բերան օրհնություն էր կարդում, ամենքն էլ ցնծում էին և աղոթք մրմնջում Վիշապամորն ու Վիշապահորը, որ աշխարհը լցրել էին բյուր բարով: Լույսի հետ միասին նոր կյանք, նոր կենդանություն էր աշխարհ եկել և մարդու ճակատի մռայլ կնճիռները ցրվել ու անհետացել: Հրճվանքը հասել էր գագաթնակետին, երբ առավոտ արևի ճառագայթները պատռեցին ամպերն ու իրենց ոսկեզեղուն փայլով աշխարհը խնդացրին: Ծիրանի գոտին պատեց երկրի վրա յոթ գույնով, յոթանասուն յոթ տեսակ ցնծություն և ուրախություն աշխարհ բերելով: Ամեն շրթունք, ամեն բերան միևնույն խոսքերն էին կրկնում.

Աշխարհը լիացավ, կյանքը վերածնավ, Անուշ մայրը հաշտվեց ժողովրդի հետ:

Վիշապազանց քրմուհիները պատգամ բերին ժողովրդին, թե Վիշապամայրը ընդունել է նրանց զոհերը, պաշտվել է այն ժողովրդի հետ, որն ուխտել է անմիջապես գործի ձեռնամուխ լինել և Գեղամա ծովի ափերից առու տանել դեպի Արմավիր: Ամեն մարդ, ոգևորված այդ ավետիսից, նորից ու նորից կրկնեց իր ուխտը և խոստացան անհնարինը հնարավոր դարձնել և անմահական ջուրը դաշտ իջեցնել:

«Վիշապահայրը հրամայել է Վիշապառյուծին հալածել Վիշապաքաղին, երկնային ողորմության դռները բաց թողնել, որ մարդը փրկվի հավիտենական կորստից, երկիրն ազատվի անապատանալուց», — ասում էր քրմապետի մունետիկը ման գալով ժողովրդի մեջ:

Այս պատգամներից հետո ուխտավորները նորանոր զոհաբերություններ կատարեցին, ամենքը իրենց զարդերը բաժին տվին ջրաբաշխական գործին, որ հսկեն, առուները մաքրեն, վերանորոգեն և սկսեն նույն առվի գործն առաջ տանել, որպեսզի առատ ջուր հասնի մինչև դաշտերը, ծարավի չմնան այգեստաններն ու բանջարանոցները:

Երեք օր և երեք գիշեր ընդհատումներով և շող արեգակով անձրև տեղաց, ավազանները լցվեցին, լցրին ուրախությամբ հուսակտուր ժողովրդի սիրտը: Երգիչները, կաքավիչները, գուսաններն ու նվագածուները առանց ուշք դարձնելու տեղացող անձրևին, փայլակին ու որոտին, անվերջ երգում ու պարում էին, ժողովուրդն էլ նրանց ձայնակցում ու թռչկոտում էր: Կերան, խմեցին, զվարթացան, վերակենդանացան և յոթերորդ օրը ուխտավորները հավաքեցին իրենց վրաններն ու մախաղները, բարձին գրաստներին և ճանապարհ ընկան դեպի իրենց դաշտերը:

Նվագածուներն ու երգիչները ուխտավորներին ընկերացան, իրենց երգերով ու պարերով առաջնորդեցին նրանց մինչև Գեղարդի սահմանները, ապա բաժանվեցին իրարից: Մինչև ժողովուրդը իջնում էր բարձունքից, նա տեսավ, թե ինչ մեծ ոգևորությամբ Ջրաբաշխը իր հարյուրավոր բանվորներով վերանորոգում էին առուներն ու ամբարտակները, որոնք քարուքանդ էին եղել վերջին հեղեղներից:

Ուխտավորների քարավանի հետ Վիշապազանց բարձունքից ցած իջավ Անահիտի պաշտամունքին նվիրված քրմապետը իր հետևորդներով, դիմեց Գեղամա ծովի ափերը, որ ուրվագծե այն անցքը, որտեղից շինվելու էր նոր ջրանցքը դաշտը ոռոգելու համար:

Երբ ուխտավորները մտան դաշտը, հանդերն ու այգեստանները փրկված տեսան: Այս ուրախությունն այնպես ոգևորեց ժողովրդին, որ մոռացան տխուր անցյալն ու ավելի եռանդով շարունակեցին իրենց երկրի մշակությունը և նոր ջրանցքի շինությունը:

1912 թ.

ԲԵՐՍԱՅԻ ԱՌԱՔԵԼԸ

1870 թվականի աշնան մեջ քաղցր եղանակներ էին: Երկրամշակը յուր աշխատության պտուղն էր հնձում, բերքն ու բարիքն էր տուն կրում, ձմեռվա պաշարը դիզում և պատրաստվում բքաբեր ձմռան: Այգեկութի առատ հնձից ուրախացած, մշակը կայտառանում էր, շիրան ու պտուղները իշով ու ձիով տուն կրելով: Մի օր, իրիկնադեմին, վերջալույսի ժամանակ մի դեռահաս երիտասարդ բարձրանում էր Էշկինարի ձորից դեպի Արդանուչի բերդը: Մռայլ էր երիտասարդի դեմքը և կարծես չէր ուզում աչքերը շուրջն ածել ու դիտել բարեզեղուն այգեստաններն ու անդաստանները, որոնք իրենց գեղեցիկ տեսարաններով, գույնզգույն պտուղներով և անուշահոտ բուրումներով գրավում էին անցորդի սիրտը: Նա անդադար հառաչում էր և ոլոր-մոլոր, համընթաց քայլերով բարձրանում այդ դիք դարիվերը: Վերջապես նա Ծայգի դռնից մտավ բերդը և անմիջապես ուղղվեց իրենց տան կողմը: Ներս մտավ առանց բարևելու և երբ երիտասարդը տատանվեց նստելիս, նրա մայրը որդու մոլորված շարժումները նկատելով ասա.

Առաքե՜լ, որդի՜, որտե՞ղ էիր մինչև հիմի:

Քիչ լեղուտ գնեցի, — ասաց կակազելով երիտասարդը և ավելացրեց, — Էշկինարից եմ գալիս: Ապսպրեցի, որ քիչ կորկոտցու և բլղուրցու ճերմակ հատիկ ուղարկեն տուն:

Դադրել ես, որդի, նստի՜ր, ոտքերդ տարածի՜ր, քիչ հանգստացիր:

Բերսան դառնալով հարսի կողմը, ավելացրեց.

Սառա՜, քիչ ջուր բե՜ր, Առաքելս թող լվացվի:

Չեմ ուզում, — ասաց Առաքելը, — ջուր պետք չէ, Բերսա՜, դու նստիր:

Մայրը մոտեցավ և բազմոցի ծայրին նստեց որդու մոտ մտախոհ, ձեռքով որդու ճակատը շոյելով:

Որդի՜, գլուխդ խո չի՞ ցավում, մի դարդ խո չունի՞ս, — ասաց վշտաբեկ մայրը, սրտատրոփ զննելով որդու դիմագծերի արտահայտությունները:

Բան չկա, Բերսա՜, ոչինչ չունիմ, — պատասխանեց հանդարտությամբ Առաքելը:

Մի ցավ ունիս, մի վիշտ ունիս, Առաքել, և ումնի՞ց ես ծածկում:

Ոչինչ չունիմ, թաքցնելու բան չկա, բայց...

Էլ ի՞նչ բայց, ասա ու մի՜ սիրտս հատցնիլ:

Փողերս հատավ... ես եմ ու այս ոսկի ու կեսը, — ասաց Առաքելը, ցույց տալով քսակի որքը, որը ժամանակից շատ վաղ դատարկվել էր:

Ի՞նչ անենք, որդի՜, — ասաց սրտի խորքից մի աղեկեզ հառաչանք բաց թողնելով Բերսան, — մեր ճակատին էլ աստված երևի այդ է գրել: Մի կտոր հող չունինք, ո՜չ այգի, ո՜չ արտ, ո՜չ էլ մի խարխուլ խանութ: Քսան տարի առաջ հայրդ էլ քեզ նման կարգվեց, երեք ամիս ամբողջապես քովս չկեցավ, գնա՛ց, կորավ, էլ չվերադարձավ...

Բերսայի աչքերը ցոլացին, արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ նրա այտերի վրայից գլորվեցին: Նա ակամա ընդհատեց յուր խոսքը, բայց քիչ հետո հերոսաբար զսպեց կրքերը, սիրտը պնդացրեց ու շարունակեց.

Բրիշակ դառնա այդ Սթամբոլն իրեն մեծ իմամի գլխին, որ աշխարհքն ազատվի: Տարին քանիները պիտի երթան ու չվերադառնան: Քանդվի, կործանվի ու չքանա Իսթամբոլն էլ, իրեն ոսկին էլ, որ քանդեց ու ավերեց մեր տներն ու բները: Ի՞նչ ասեմ, որդի՜, «մի՜ երթալ» չեմ կարող ասել, քանի որ քաղցած չենք կարող ապրել, ուրիշի դռան վրա մի հույս չենք կարող կապել: «Բարով երթաս» էլ ի՞նչ սրտով ասեմ:

Մի փոքր ժամանակ մթնշող սենյակում լռություն տիրեց, մայր ու որդի, առանց իրար դեմքերը զննել կարողանալու, խորասուզվեցան դառն մտքերի անհատակ անդունդը: Բայց Բերսան, կրկին ուշքը հավաքած, խզեց լռությունը և որդուն հույս տալու, քաջալերելու համար ավելացրեց.

Որդի՜, ի՞նչ անենք, ինչի՞ ես այդքան մտածում, մեր տղերանց վիճակն այս է, որ գնան, վաստակեն պանդխտության մեջ, տուն բերեն և ուտեն: Գնա՜, աստված քեզ հետ, բայց...

Էլ ի՞նչ բայց... քաջա՜ն, կերթամ էլ, կգամ էլ և հույս ունիմ, որ այս անգամ այնպես գամ, որ էլ հավիտյան կարիք չզգամ նորից պանդխտելու: Ես խո էլ խամ չե՞մ, յոթ տարի կեցել եմ, սովորել ու փորձվել: Այժմ ո՞վ ասես ինձ լավ ռոճիկով խոհարար չի պահի Բեյ-օղլիում: Շատ, շատ, եթե չորս հինգ տարի Սթամբոլ մնամ, այնպես ետ կդառնամ, որ էլ բոլորովին ապահովված կլինինք և մինչև մահ իրարից բաժանվելու կարիք չենք ունենալ:

Տանը խոսք տալը արժեք չունի, բանը մտադրածը գործադրելու մեջն է: Մոր ու կնոջ մոտ մեծամտելու չէ, այլ հեռանալուց հետո մտքից հանելու չէ ընտանիքն ու օջախը հավիտյան: Ինչ ասեմ, որդիս, մեկ գնացիր յոթ տարի մնացիր, հիմի որ գնաս քանի՞ տարուց պիտի վերադառնաս, այդ միայն տերը գիտե: Դրսի մարդը ի՞նչ գիտե, բայց դու իմ ներքին բոլոր դարդերը երեք տարեկան հասակից զգացել ես ու քաշել, քեզ խո կրկնել պե՞տք չէ: Բեմուրադ հորդ ճանապարհը սպասելով, քեզ հետ ամառ-ձմեռ սրա-նրա մանածն եմ մանել, մանուսան գործել, հազիվ ցամաք հաց ճարել ու ապրել... Բայց էլ ծնկներումս ճար չկա, թևերումս ուժ չմնաց, սիրտս էլ մաշվել, մարմաշի պես բարակել է, դիմանալու հալ չէ մնացել: Չորս-հինգ տարի՛ ... ասելը շատ հեշտ է, բայց դիմանալը տաժանելի: Գնա, ճար չունինք: Առաքել ջան, պիտի երթաս, բայց մի մոռանալ մեր անցյալը... Խղճմտանքդ զարթուն պահե, գութ ունեցիր մանավանդ այս կնոջդ վրա, որի արյունը մտար, որը քեզ շուտով մի զավակ է տալու: Այն, ինչ որ ես եմ քաշել, աստված ո՜չ անե, ո՜չ թե Սառաս, այլ թշնամիս անգամ չքաշե: Այն, ինչ որ դու ես կրել քու մատղաշ օրերում, չլինի թե մեզ երեսի վրա թողնես, որ քու ապագա զավակն էլ կրե:

Քաջա՜ն, դու անհանգիստ մի՜ լինիր, հակառակը մի՜ մտածիլ: Այդ քարոզները քեզանից շատ վաղ եմ լսել: Ինքդ էլ համոզված ես, որ քու որդին երբեք չի կարող այն մեր քաշած դառն օրերը մոռանալ ու նույն սոսկալի վիճակին մատնել յուր սիրասուն մորը և դեռափթիթ կնոջը: Միայն ինձ համար մի նպատակ ունիմ, որոշ և պարզ, այդ նպատակիս հասնելն էլ դժվար չէ ինձ համար: Սթամբոլում մի համեստ դրամագլուխ կազմելն ու վերադառնալը ծանր գործ չէ ինձ նման աշխատող մի արհեստավորի համար: Ինձ ոչ հազար է պետք, ոչ էլ հարյուր հազար, մի-երկու հարյուր լիրան անվերջանալի դրամագլուխ է մեզ նման մի համեստ ընտանիքի համար:

Գնա՜, որդի՜ս, մի՜ վհատիր, գնա գործիդ, խիղճդ զարթուն պահիր ու միշտ հիշիր մանկական օրերիդ դառնությունները...

Մի-երկու օրից, արդեն ճանապարհի բոլոր պատրաստությունները տեսած, ուղի ընկավ Առաքելը: Նրան ուղեկցեցին կինը, մայրը, զոքանչը և խաչեղբայրը` Սրապիոնենց Պապոն: Փոքրիկ պայուսակը ուսին գցած, մի մահակ էլ ձեռին գնում էր Առաքելը, ջանալով որքան կարող էր ուրախ ու զվարթ դեմքով անջատվել սիրելիներից: Բերսան նույնպես պահպանում էր կեղծ ժպիտը, իսկ Սառան տրտում էր, թախծալի դեմքով: Օրն ամպամած էր, աշնան տխրաշունչ քամին փչում էր, ծառերի տերևները օդի մեջ ծածանվելով թափվում էին, գետինը ծածկված էր բոցակիզված, դեղնած խոտերով, որոնք քամու՝հետ սփռվում էին օդի մեջ: Հազիվ թե մի հարյուր քայլ բերդից հեռացել էին, Բերսան ետ դարձավ և ասաց.

Խնամի Մարթա՛, Սառա՛, աղջիկս, բավական է, ետ դարձեք, գնացեք տուն: Մենք էլ շուտով կգանք:

Մի վերջին համբույր ևս տվին Մարթան ու Սառան Առաքելին, արտասվալի աչքերով, անմռունչ տուն դարձան: Երբ քիչ էլ առաջ գնացին, Առաքելը դեմքը շուռ տվեց բերդի կողմը, մի դառնաշունչ հառաչանք արձակեց անզգայաբար և մոլեգնած քայլերով շարունակեց իր ուղին, Սույոլի արտերի կողքերով: Բերսան այնքան խորասուզված էր բաժանման դառն մտքերով, որ ոչինչ չնկատեց, իսկ Պապոն այնպես ձևացրեց, որ իբր թե չտեսավ ու անցավ:

Երեքով ճանապարհները անմռունչ շարունակեցին մինչև Կտրած ապառաժը, որտեղ Բերսան կանգնեց բարի չու մաղթելու յուր որդուն: Դարձյալ համբուրվեցին մայր ու որդի, և Բերսան չկարողացավ զսպել իր արտասուքը, որ գլորվում է յուր չորացած այտերից, ինչպես ապառաժի երեսից սահում են իրար հետևից հալված ձյունի կաթիլները: Մռայլ էր և Առաքելը, հոգով տխրած, բայց մայրը նրան մանկությունից այնպես էր վարժեցրել տոկալու, որ բոլոր ճիգովը ջղերը սանձած, անզգա, անկենդան ձևացած, սպասում էր մորից բաժանվելու վայրկյանին: Չէր ուզում երիտասարդը, որ այդ վերջին րոպեում յուր որևէ անզգույշ բորբոքումով, փղձկել ու մղկտացնել մոր սիրտը, որն ինքնըստինքյան մորմոքումից ժայթքելու պատրաստ էր: Բայց ուժերն սպառվեցին, և ջղերի լարերը կտրատվեցին, մայրն էլ, որդին էլ հեկեկացին, գրկվեցին ու չէին կարողանում բաժանվել: Լեզուները չէին շարժվում, մթնած աչքերը չէին տեսնում իրար դեմքերի, մկանների արտահայտությունները, բայց իրար սրտերի միջից անցածները զգում էին: Կարող էին նրանք երկար ժամանակ այդ դրության մեջ մնալ, եթե Պապոն, որ նվազ չէր զգացված այդ պատկերով, սրտակտուր ձայնով նրանց չհիշեցներ, որ բաժանվելու ժամանակն է:

Քեզ էլի ի՞նչ պատահեց, Բերսա՜, — ասաց Պապոն վշտաբեկ տիկնոջ թևից բռնելով, — նոր տեսածդ է, մի՞թե հարազատներիցդ այս առաջին անգամն է, որ բաժանվում ես: Առաքելի այս ճանապարհից տուն գալուց քանի՞ օր է անցել, որ դու այդպես շուտ մոռացար և այսպես խիստ ընկճվեցար: Գնա՜, Առաքել ջան, տերը քեզ հետ: Մեր վիճակն էլ այս է: Թե որ տունը նստիս, ո՞վ պիտի կերակրե քու ընտանիքը: Գնա՜ բարով, վաստակիր խերով, ետ դարձիր հազար բարով:

Ստեղծողիդ եմ քեզ հանձնում, որդի՜ս, — ասաց Բերսան ետ դառնալով:

Պապո ապար, դուն ու քու հոգիդ, դրանք քեզ ամանաթ: Դու գիտես, էլ ի՞նչ ասեմ, — ասաց վերջին անգամ լցված սրտով Առաքելը և երեսը դարձրեց դեպի յուր ճանապարհը:

Բարի ճանապարհ, բարով հասնիս, դու հոգս մի անիլ, — ասաց առանց ետ նայելու Պապոն և պառավի հետ շարունակեց յուր քայլերը դեպի բերդը:

Ցուպը ձեռքին, մեծ-մեծ քայլերով իջնում էր դեպի ձորերը Առաքելը, մտազբաղ և մռայլ, երբեմն-երբեմն ետ դարձնելով գլուխը դեպի բերդը և սրտի խորքերից ծանր ու բոցակեզ հառաչելով: Արևը թեև բավական բարձրացել էր հորիզոնից, բայց ոչ մի նեղություն չէր պատճառում հետի ճանապարհորդի, քանի որ անտառներն ու այգեստանները նրա ուղին հովանավորում էին: Երբ դուրս եկավ ձորից ու ծառաստաններից, անցավ Արդանուչի վտակը, անպաճույճ ու անհովանի զառիվերով սկսեց բարձրանալ կիզիչ արևի ճառագայթների տակով, կամաց-կամաց սիրտը պատած թուխ-մութ պատկերները անհետացան, չիջավ հոգու փոթորիկը, դադարեցան հառաչանքները: Երբ նեղ ձորից դուրս գալով Շավշեթի գետափում Առաքելի աչքերի առաջ լայնացավ հորիզոնը, երևցան հեռուն՝ Խարխանի անտառները, օձապտույտ, ահեղընթաց ճորոխի հորձանքները, մշտադալար ձիթենիի այգեստանները, կապուտակ երկնակամարը և նրա մեջ տարածված արծաթափայլ, բամբականման, քուլա-քուլա ամպիկները իրենց սքանչելի ծփանքով: Բնության այդ զվարթագույն պատկերներով Առաքելի սիրտը, աչքերը գրավվեցին, այնպիսի նոր-նոր հույսեր ծնվեցան նրա սրտի խորքերում և ուղեղում, որ նա, առժամանակյա անջատման բոլոր ցավերը մոռացած, լիահույս վստահ հաջողությունների մասին, ավելի թռչկոտելով, քան թե քայլելով ձգվում էր դեպի յուր նպատակակետը:

Ետինքին հասավ Կամուրջի գլուխը՝ Կորձուլ: Խառնաշփոթ երազներով անցկացրեց գիշերը և արշալույսին նավակ նստելով, բազմաթիվ ընկերներով հետևյալ իրիկնադեմին հասան Բաթում: Առանց ժամավաճառ լինելու, գնաց ու մուրհակ տվեց սիմսար Կարապետին՝ երեք լիրայի, երեք ամիս ժամանակի, որով տոմսակ գնեց ու ճանապարհ ընկավ ռուսական ընկերության Ալեքսանդր II շոգենավով դեպի Կ. Պոլիս:

Ուղիղ է, այդ փոխառինության համար մի լիրա տոկոս էր տալու Առաքելը, բայց նրա ուրախությանը չափ չկար շոգենավի մեջ: Պարզ լուսնկա գիշեր էր, և խաղաղ ծովը նմանում էր հայելու, որի մեջ լողանում էին լուսինն ու աստղերը: Մինչև կեսգիշեր Առաքելը դիտում էր, թե ինչպես յոնուզ-ձկները նավի քթի հետ մրցում էին և խայտալով առաջ-առաջ սլանում, կարծես նրանք էլ իրեն հետ Կ. Պոլիս էին գնում, նրանք էլ բախտ որոնելու էին դիմում: Լուսնի ճառագայթները սփռված մակարթափ ծովի երեսին, բոլոր պար բռնողների նման, հանդարտ ծփանքով ցոլում էին անվերջ ծածանումներով և ինքը լուսինը, կարծես նախանձելով ձկների վիճակից, իջել էր ծովի խորքերը լողալու, զովանալու և թարմանալու: Այս տեսարանը հետզհետե խորասուզեց Առաքելին տխուր մտքերի մեջ, ինքն էլ լուսնի նման գոնե շքով ընկավ յուր հայրենի օջախը, յուր սիրելիների գիրկը և երևակայական օդային համբույրներով սկսեց զովացնել յուր սիրտը, հոգին: Բայց Առաքելը լուսնի նման երկնքի վերնահարկերում թռչկոտելու հարմար թևեր չուներ, որ կարողանար դիտել յուր հայրենի օջախը եթերի բարձունքից, զննել յուր պաշտելիները...

Առաքելի Կ. Պոլիս հասնելուց արդեն երեք ամիս անցել էր: Նա գալուն պես Շիշմանի տունը մտել էր խոհարար, ամսական երկու լիրայով: Անմիջապես շոգենավի տոմսակի պարտքը վճարելուց հետո մի լիրա էլ տուն էր փոխադրել, որպեսզի մայրն ու կինը կարոտություն չքաշեն: Ինքը անձնական ծախսեր չուներ, յուր պարոնի տան մեջ ուտում, ծխում, լվացվում, տիրոջ հին շորերը հագնում և բոլոր կարիքները հոգացվում էին: Իսկ շռայլությունը ընտանիքից հեռացած պանդխտին սազ չէր գալ, նամանավանդ Առաքելին, որ փարայի ղադրը շատ լավ գիտեր, քանի որ օրական տասնևվեց ժամ խոհանոցի ճենճերում, ճթրտան ածուխի օջախի առաջ և դրանից բարձրացած կյանք մաշող ծխի ու գազերի մեջ տապակվելով էր ձեռք բերում այդ փարաները: Նա արդեն հիմք դրել էր ստացած գումարները տնտեսելու և երկու լիրա Ղալաթիայում մի հայտնի սարրաֆի տվել էր վեց տոկոսով, խոստանալով ամեն ամիս նրան հանձնել լիովին յուր ռոճիկը և ձեռքն ընկածները:

Ձմեռ էր, բայց ո՜չ թե Հայաստանի բուքն ու բորանը: Փորլասը (զեփյուռ) ձյան հատիկները խփում էր փողոցներից անցուդարձողների երեսին, թրջում դեմքերն ու ձեռքերը և կարմրացնում այտերն ու ականջները: Պերայի փողոցները անտանելի ցեխոտ էին, քանի որ եկած ձյունը իսկույն հալվում և խառնվում էր մայթերի և սալահատակների վրա գտնված փոշիների մեջ: Հարուստների և տաք հագնվածների համար մեծ զվարճություն էր կառքերով կամ հետի փողոցներում զբոսնելն ու չափչփելը: Նրանց իրանները ամեն կերպով պաշտպանված էին ցրտից, խոնավությունից և ցեխից, իսկ կերած յուղալի ու ճարպալի խորտիկները մարսելու համար կարևոր էր այդ զբոսանքը, մանավանդ զվարթացուցիչ ու կազդուրիչ: Ցուրտ քամին, ձյան հատիկները թարմացնում էին նրանց և անհետացնում ոգելից խմիչքների գոլորշին նրանց մարմնից:

Բայց այդպես չէր աղքատի համար, պանդխտի համար, որն ամառվան վերարկուի մեջն էր ձմեռն էլ, որի կոշիկների ծակոտիներից երևում էին մերկ մատները և մաշված թևերի միջից՝ արմունկները: Նա դեռ հաճախ ենթակա էր հարուստին ճանապարհ տալու համար նեղլիկ մայթերից իջնել ցեխալի փողոցները և մինչև սրունքները լողալ տիղմերի մեջ:

Դեռ այդ հերիք չէ, էֆենդիների և բեյերի կառքերի, ձիանների և անիվների բարձրացրած տիլը ցայտելով, գլխից դարիվար ապականում էր ցնցոտիների մեջ կոլոլվածներին: Այսպես ցեխոտված ու ցրտից ամբողջ մարմնով դողդղալով, Առաքելի հայրենակից Պեխքեյենց Պոտոն զարկեց Շիշմանների դուռը. Առաքելը նրան իսկույն խոհանոց տարավ և օջախի մոտ մի իսկեմլու (աթոռ) վրա նստեցնելով, ասաց.

Պոտո՜, դու տաքցիր, մինչև ես տեսնեմ դուդուն (տիկին) ի՞նչ է ասում:

Գնա՜ ռոցով, տեղավորվեց օջախի առաջ:

Մի հավաքածու էր ներկայացնում Պոտոն յուր հագուստով, գդակը՝ թուրքի, փուշին՝ պարսկի, վերարկուն՝ ֆրանսիացու, ձիկվեն ու շալվարը լազի, չստերը հայի ու զբունը՜ քրդի: Բայց բոլոր հագուստը մաշված ու մաղված էր, այնպես որ խոնավությունն ու ցուրտը անարգել թափանցում էին նրա շորերի ամեն կողմից, և թշվառ Պոտոն սրսփում էր ու ցնցվում ամբողջ մարմնով: Առաքելը վերադարձավ և հայրենակցին հանգստացնելու համար կրկնեց.

Պոտո, դուդուն կերակուր ուզեց, ես նրանց հաց պիտի տամ, դու հանգիստ տաքցիր, մինչև ես գործս կարգի դնեմ:

Լա՜վ, բանիդ աշե՜ , — ասաց կզակը դողդողացնելով Պոտոն, — քեզի գիր ունիմ, բայց հետո, հետո: Ձեռքս չի բռնում, որ ծոցիցս դուրս հանեմ:

Առաքելը արդեն չլսեց Պոտոյի խոսքերը, նա պահարանները բաց անում, խփում էր, զանազան նյութեր էր առնում, այս կողմ, այն կողմ թռչկոտում, կարգի բերում յուր կերակուրները: Մի քանի րոպեից եկավ աղախինը, մատուցարանները ձեռքին, հետզհետե սկսեց կերակուրների հոտը բուրել: Պոտոյի դատարկ ստամոքսը բորբոքվեց և, ախորժակը գրգռված աչքը չռեց նրանց վրա, բայց Առաքելն այնքան զբաղված էր, որ այդ շարժումները չնկատեց անգամ: Նա անդադար ձգվում էր այս ու այն կողմ և կարգի բերում ամեն բան, որ չլինի թե պակասավոր գտնվի և խոսք գա վրան: Պոտոն տաքացավ, չորացավ և թմրած տեղից բերանի ջրերը վազելով, զննում է այն բոլոր համեղ պատառները, որոնք իրար ետևից Առաքելը լցնելով պնակները, դարսելով մատուցարանները, աղախնի ձեռքով վեր էր ուղարկում:

Պոտո ջա՜ն, քիչ էլ համբերի՜ր, ահա՜ պրծա, մնաց միայն պաղպաղակը, — ասաց դարձյալ Առաքելը, մաքրելով հախճապակե պնակները: Երբ այդ էլ վերջացրեց, մի աթոռ առավ, նստավ յուր սեղանի առաջ և ծխատուփը գրպանից հանելով ասաց. — Պոտո ջա՜ն, չտաքցա՞ր, հերիք այդ մախրոցի մոտ նստիս: Արի քովս պատմե տեսնենք ի՞նչ կա, ի՞նչ չկա: Արի քովս, շունչ առնեմ, մի սիգարս ծխեմ, մենք էլ հաց ուտենք: Լավ որ եկար. մինակ հաց ուտելը անդուր բան է:

Պոտոն մոտեցավ և, ծոցից նամակը հանելով, տվեց Առաքելին, որը հասցեն նկատելուն պես ճանաչեց յուր հոգեկցի Սառայի ձեռագիրը: Առաքելը չկարողացավ համբերել, սիգարը վար դրեց և սկսեց կարդալ: Կարդաց ու հուզվեցավ և դառն մտքերի մեջ խորասուզվեցավ, այնպես որ կիսակարդալ ծոցը դրեց կնոջ գիրը, ծխելը շարունակելով: Հեշտ չէր Առաքելի նման կակազելով կարդացողի համար չորս երեսը գրված մի նամակ կարդալը, այն էլ թերուս, մի անվարժ կնոջ ձեռքով գրված:

Պոտո՜, դու քաղցած կլինիս, — ասաց քիչ հետո Առաքելը, — հացներս ուտենք, ես գիշերս կկարդամ այս նամակը:

Ու նստան հացի: Ի՞նչ կխնայեր հայրենակիցը երկրացուն, մանավանդ` էֆենդիի անհաշիվ պահարաններից:

Следующая страница