Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Ինչքա՜ն կոտորած, — շշնջաց նա, — ամեն կողմը դիաթավալ ընկած են զոհերը, իսկ նա չկա ու չկա: Հայը հային կոտորեց, հայը հայ ընտանիքի կորստյան պատճառ եղավ, ինչո՞ւ համար` փառքի, այն փառքի, որի ետևից ամենքս ենք վազում: Բայց ես արդեն, այս իսկ վայրկյանից, զզվեցի այդ փառքից, էլ չեմ ուզում ես գահ, տվեք միայն իմ դստերը` Հեղինեին... Ատե՛լի Աշոտ, դարձրու աղջկաս, դարձրու, թե չէ երկնքին վկա եմ կանչում, որ աշխարհիս թույնը քեզ վրա կթափեմ: Այս կռվում հաղթվեցիր դո՛ւ, բայց կրկին տարար իմ սիրտը, իմ հոգին...

Գագիկ Արծրունին լռեց, յուր պղտոր հայացքը շուրջը դարձրեց և ապա դանդաղ կրկին ետ դարձավ:

Գագիկ Արծրունու հեռանալուց հետո զինվորները ազատ շունչ քաշեցին:

Պետք է ետ դառնալ, լավ էր, որ մեզ չնկատեց. թշվառականը չի իմանում, որ մենք էլ իր աղջկան ենք փնտրում:

Լավ բան իմացանք, դրա խոսքերից երևում է, որ նա գիտի բռնված: Ուրեմն Հեղինեն և Աստղիկը կամ սպանված պիտի լինեն, կամ փախուստ տված: Եթե սպանված են, դիակները պիտի գտնենք, իսկ եթե չէ` հո ավելի լավ, վաղ թե ուշ նրանք կերևան:

Գնանք դեպի ցած, այնտեղ էլ տեսնենք և ապա վերադառնանք մեր խմբի մոտ:

Ճիշտ է, ցած պիտի գնալ, ես նկատում եմ, որ բանակի մոտերքը արդեն դիակները հավաքում են, չե՞ս տեսնում ինչ ահագին կույտեր են կազմել, — ասաց մեկը` բարձրացնելով գլուխը:

Ճիշտ որ, նրանք շուտով մեզ էլ կհասնեն:

Նրանք շտապ թեքվեցան մի կողմ և հանկարծ կանգ առան:

Գտանք, — կանչեցին երկուսը միասին և վրա վազեցին դեպի մի դիակ, որի կրծքից դուրս բխած արյունը լճացել էր շուրջը և թանձրացել:

Նրանք բարձրացրին դիակի գլուխը, և խորին կսկիծը անցավ երկու զինվորների սրտով:

Սա Աստղիկի դիակն է, — ասաց մեկը:

Խե՛ղճ, ինչքա՛ն սիրուն է, դեմքի քնքուշ գծագրությունը մեռած ժամանակ էլ է պահել:

Բարձրացրու դիակը, պետք է տանել սրան, Մարտիրոս հոր հրամանը այդպես է: Այստեղ կարելի է ծունկ չոքած գնալ, մեզ չեն նկատի, վնաս չկա, թող մի փոքր մեր ծնկները քարերին քսվեն:

Նրանք առաջ անցան տանելով իրենց բեռը, երբ նրանց առաջը մի փոս բացվեցավ, իսկ փոսի մոտ` ձիու անշունչ դիակ:

Սպասի՛ր, ցած դիր, այս ձին ես ճանաչում եմ, Հեղինեի ձին է, — ասաց մեկը և իսկույն ցած թռավ վիհի մեջ, բայց այնտեղ, բացի ձիու դիակից, ոչինչ չնկատեց:

Է՛հ... կամ Հեղինեի դիակը տարել են, կամ նա այստեղ մոտերքումն է, ինչպես երևում է, հենց այստեղ էլ ընկել է:

Ահա արյան հետքեր խոտերի վրա, պետք է հետևել արյանը, գուցե գտնվի:

Նրանք թողեցին Աստղիկի դիակը և մի քանի քայլ առաջ գնացին, երբ մի ահագին քարի տակ երևացավ Հեղինեի դժգույն, մեռելային դեմքը: Նրա սաղավարտը ընկած էր մի կողմ, իսկ ալիքանման մազերը թաթախվել էին արյան մեջ:

Աստվա՛ծ իմ, կենդանի է, — ասաց զինվորներից մեկը և ձեռքը դրեց նրա սրտին: Սիրտը բաբախում էր թույլ, աննշան: Կյանքի վերջին թելն էր մնացել նրա մեջ:

Հեռու չէր Մարտիրոս հայրը և մնացած խումբը: Շուտով Հեղինեի կիսաշունչ մարմինը և Աստղիկի դիակը տեղափոխեցին այնտեղ, ուր Մարտիրոս հայրը կարճ աղոթք մրմնջաց: Հեղինեի վերքը յուր ձեռքով կապեց, և ապա, պատգարակ շինելով, Հեղինեին վրան դրին և Աստղիկի դիակն էլ հետները վերցնելով ետ քաշվեցան դիակների դաշտից:

Երբ հասան մոտակա վանքը, Աստղիկի մարմինը հողին հանձնեցին, ուր սգալից թաղման կարգը Մարտիրոս հայրը կատարեց, իսկ զինյալ խումբը իրենց նիզակները ցած իջեցրին ի պատիվ Աստղիկի: Երբ նրա մարմինը կլանեց սև հողը, մի քար դրին նրա գերեզմանի վրա, իսկ իրենք շուտով հեռացան` տանելով իրենց հետ կիսամեռ Հեղինեին

ԺԶ

Աշոտ Երկաթը, մի փոքրիկ խմբով ետ քաշվելով պատերազմի դաշտից, կանգ էր առել մի լեռան լանջին, որպեսզի մի փոքր դադար տա հոգնած ձիերին և ապա կրկին ճանապարհը շարունակի: Ձիերը արածում էին կանաչ, սիզավետ խոտերի մեջ, իսկ ինքը թիկն տված մի հաղթանդամ կաղնու բնին, լուռ նայում էր յուր առաջ վառվող խարույկին, որի թույլ ճառագայթները լուսավորում էին նրա դժգույն, մեռելային դեմքը:

Մոտ քսան թիկնապահ զինվորներ էլ մի փոքր հեռու նույնպես կրակ էին վառել և շտապով մի գառն էին խորովում և իրենց թագավորի համար ընթրիք պատրաստում: Բայց Աշոտ Երկաթը չէր էլ տեսնում, թե ի՞նչ է կատարվում շուրջը և թէ ու՞ր է գտնվում ինքը. նա յուր պղտոր հայացքը դարձրել էր դեպի այն կողմը, ուր տարածվում էր Դվին քաղաքը և ուր ընկան յուր գնդերը: Այնտեղ` հեռու, խորին մթության մեջ, երևում էին կրակե թույլ ցոլմունքներ, որոնք հայոց թագավորի սրտում թողնում էին խորին, անբուժելի կսկիծներ: Դեռ մի քանի ժամ առաջ ինքն էր այդ խարույկների մոտ հաղթական կերպով նստած և յուր անպարտելի դրոշակն էր ծածանվում, իսկ այժմ ովքե՞ր էին այնտեղ կրակ վառել և ո՞ւմ դրոշակն էր ծածանվումյուր թշնամիներինը, դավաճան հայ գնդերինը, որոնց վրա մտածելիս սարսռում էր Աշոտ Երկաթը և բարկության ալիքները անցնում էին նրա դեմքի վրայով: Օ՛... ի՛նչ ամոթալի դրություն, խայտառակ վիճակ: Եվ քանի միտն էր բերում յուրայնոց կոտորածը, այնքան նրա սիրտը ճնշվում էր և խորին կսկծից արտասուքները պատրաստ էին դուրս ժայթքելու աչքերից:

Ու նա երկար ժամանակ անթարթ, ապուշ կտրած աչքերով նայում էր դեպի Դվին և ավելի ու ավելի հուզվում: Կամաց-կամաց մոռանում էր յուր ներկա դրությունը և մի տեսակ անհասկանալի դրության մեջ ընկնում հին-հին, անցած գնացած մտքերը նորից պաշարում էին նրան և հոգնեցնում նրա` առանց այն էլ հոգնած ուղեղը, և նա ընկնում էր մտքերի այն տեսակ քաոսի մեջ, որոնք ոչ մի բանի վրա կանգ չէին առնում, բայց մի տեսակ շվարման մեջ էին ձգում իրեն:

Նրա մտքով անցավ նաև հայրը. հիշեց յուր մանկությունը, հիշեց հոր` Սմբատ արքայի խանդաղատանքը և ուզեցավ փղձկալ, լալ երեխայի նման, որպեսզի ամոքի յուր վշտերը, թեթևանա կսկիծը, բայց այդ իսկ րոպեին մտաբերեց հոր նահատակությունը, երկնքից իջնող լույսը և նրա աղերսող ու դալկացած աչքերը:

Հա՛յր, օգնիր որդուդ, դուրս բեր ինձ այս անելանելի դրությունից և խորհուրդ տուր ինձ,— մրմնջաց Աշոտ Երկաթը և թախիծով լի աչքերը դարձրեց դեպի երկինք, որտեղից իջել էր լույսը և հոր ստվերը:

Զարմանալի բան... գորշ, մթին ամպերի մեջ, այդ իսկ րոպեին, երևաց մի թույլ լուսավորություն, որը ցնցեց Աշոտ Երկաթի ուղեղը, և նրա սիրտը սկսեց արագ-արագ տրոփել, կարծես թե նա ուզում էր դուրս թռչել այն նեղ կապանքներից, ուր նա չէր կարողանում ազատ ու հանգիստ տրոփել...

Աշոտ Երկաթը խելագարի նման ամպի այդ թույլ լույսին էր նայում և սպասում նրան` յուր հորը: Նա կարոտ էր Սմբատ արքայի խրախուսանքին, և նա սպասեցնել չէր տալիս: Աշոտ Երկաթը տեսնում էր, թե ինչպես այդ թույլ լույսը կամաց-կամաց իջնում էր ցած, թե ինչպես ամպերը քսվում էին մոտակա բլրի գագաթին և այնտեղ առաջացնում մի անորոշ բոց: Անթարթ, անշարժ աչքերով Աշոտ Երկաթը նայում էր այդ բոցին, որ հետզհետե մոտենում էր իրեն և մարդկային կերպարանքի ձև ստանում...

Անցան մի քանի տանջալից րոպեներ, և Աշոտ Երկաթը տեսավ հորը յուր առաջ կանգնած, որը թախիծով լի աչքերը դարձրել էր դեպի իրեն: Նա զենք ու զրահի մեջ էր կորած, ճիշտ այնպես, ինչպես երևեցավ Դվինում. նույն անշարժ, աղերսող հայացքը, ինչպես առաջ...

Հա՛յր, գթա ինձ... — կանչեց Աշոտ Երկաթը և ձեռքերը տարածելով դեպի արքան, հեկեկաց երեխայի նման:

Քաջացի՛ր, որդյակ, թող հեռու փախչի քեզանից հուսահատությունը: Կյանքը փորձանքների ու տանջանքների մի բով է, որի միջով անցնում է մարդկությունը: Առանց փորձանքի, առանց անհաջողությունների չկա կյանք և այդ փորձանքների ու տանջանքների վրա պիտի մարդս կանգնեցնի յուր անդորրությունը: Մի՛ երկնչիր, այն, ինչ որ ասելու եմ քեզ, թող չկոտրե քո երկաթե կամքը: Դու հալածեցիր արաբներին, դու առար նրանցից իմ վրեժը և ես հանգիստ եմ. բայց ցավում է սիրտս, որ Հայաստանը քարուքանդ է լինում նույնիսկ հայերի ձեռքով, որոնք նախանձից և փառասիրությունից կուրացած` չեն տեսնում իրենց լավը և աշխատելով քեզ ոչնչացնել, իրենց կորստյան ճանապարհն են հարթում... Ա՜խ, Աշոտ, զգուշացիր, ավելի վատթար փորձանքը մոտենում է քեզ: Քո կյանքի դեմ որոգայթներ են լարում և հարազատներդ պատրաստվում են շաղախել իրենց ձեռքերը քո արյան մեջ...

Օ՜հ, սոսկալի ոճրագործություն, — մռնչաց Աշոտ Երկաթը, — ասա, հա՛յր իմ, մի՞թե ես արժանի եմ դրան, մի՞թե ես վատ եմ և անարգ, որ հարազատներս էլ իմ դեմ են զինվում:

Ո՛չ, լսի՛ր ինձ: Քո ցանկությունը բարի է, հայր ես դու ժողովրդյան, բայց նենգավոր լեզուները թույն են պատրաստում քեզ համար: Զգուշացիր ամեն բանից, փոթորիկը մոտենում է քեզ... — ասաց Սմբատ արքան և երեսը շուռ տվեց, որ որդին չտեսնի յուր արտասուքները. ապա նա դանդաղ քայլերով սկսեց հեռանալ:

Բայց, հա՛յր, սպասիր մի փոքր էլ, — կանչեց Աշոտը և հուսահատությունից սկսեց մատները կոտրատել:

Ես ասացի ամեն բան, — կրկնեց ստվերը և հանկարծ հանգավ, չքացավ նա` թողնելով Աշոտ Երկաթին հուսահատ և բեկված սրտով:

Այդ միջոցին արևելյան հորիզոնը շառագունել էր, և լույսը կամաց-կամաց բացվում էր: Աշոտ Երկաթը վեր կացավ տեղից, նրա մարմինը կարծես ջարդված լիներ, իսկ գլխին կարծես մի ծանրություն լիներ դրած: Նա թոթափեց իրենից թմրությունը և նշան տվեց թիկնապահներին, որոնք մի ակնթարթում ձի նստեցին և սլացան առաջ:

Այդ դեպքից մի ամիս հետո Աշոտ Երկաթը նույն տեղով գնում էր դեպի Դվին` մի ահավոր գնդի գլուխ անցած, որպեսզի տակնուվրա անի Դվինը, բայց քաղաքի առաջ զիջանելով Հովհաննես կաթողիկոսի թախանձանքներին, թողեց Աշոտ սպարապետին և յուր զորքերով քաշվեց դեպի Ուտիք, ուր ապստամբել էր ուտիացվոց վրա կարգված Մովսեսը:

Ուտիքում Աշոտ Երկաթը մեծ ջարդ տվեց ապստամբ Մովսեսին, ուր սպանվեց նաև Մովսեսը և ապա նրա տեղ կարգելով Ամրամ անունով մի ուժեղ մարդու, որ յուր ուժեղության համար Ցլիկ էր կոչվում, շտապեց վերադառնալ Շիրակ:

ԺԷ

Չարաբաստիկ կոտորածից անցել էր մի քանի ամիս: Գևորգ Մարզպետունի իշխանը փոքրաթիվ թիկնապահներով դեպի Երազգավորս էր շտապում:

Գիշեր էր: Լիալուսինը յուր խորհրդավոր աղոտ լուսավորությունը տարածել էր շուրջը և մի տեսակ ինքնամոռացության մեջ ձգել իշխանին: Նա գնում էր անհոգ, առանց երկյուղ կրելու թշնամիներից: Այդ գիշեր Գևորգ իշխանը շատ տխուր էր, և զանազան մտքեր ալեկոծում էին նրա հոգին:

Է՜հ, ինչ որ լինի, ես պիտի բանամ սիրտս նրա առաջ և ամեն բան խոստովանեմ: Համբերել այլևս անկարելի է, սրտիս բոցը քանի գնում սաստկանում է և գիշեր-ցերեկ այլևս հանգստություն չունեմ: Հեղինե՛, գոռոզ Գագիկի դուստր, քո մի խոսքից է կախված իմ կյանքը, նա այլևս պետք չէ ինձ, հրամայիր կրակը նետվել և Գևորգ Մարզպետունյաց իշխանը առանց վարանման կկատարե այդ, միայն թե իմանա, որ դու քաղցր աչքով ես նայում նրան, — ասաց Գևորգ իշխանը ինքն իրեն և հանկարծ մտրակեց ձիուն ու սլացավ առաջ:

Կարծես մի ինչ-որ աներևույթ ուժ առաջ մղեց նրան, բայց իսկույն դանդաղեցրեց ձիու ընթացքը:

Իսկ Արծրունի Գագիկը մի՞թե կհամաձայնի ինձ նման թափառականի յուր աղջկա ձեռքը տալու:

Նա թագավոր է Վասպուրականի, իսկ ես ի՞նչ եմ... մի աննշան իշխան, որը, աստանդական կյանք վարելով, ուզում է իրեն զոհել օրինական թագավորի համար: Գագիկ Արծրունին փառքի, շքեղության մեջ է և կրկին վազում է դրա ետևից, իսկ ինձ համար չկա փառք, չկա անդորրություն, և իմ թշվառ կյանքը պիտի վերջանա կռվի դաշտում, իսկ իմ մարմինը պիտի լափեն գիշակեր թռչուններըԽելացնոր եմ ես, որ ձգտում եմ այդ բանին: Իսկ եթե Հեղինեն սիրո՞ւմ է ինձ... Մի՞թե սրտերը հարցնում են բարձր և ցածր աստիճան: Մի՞թե սիրո համար էլ կա խտրություն... Եվ, վերջապես, մի՞թե Գագիկ Արծրունին կարող է արգելք լինել, քանի որ Հեղինեն ատում է հորը` նրա վատ և անարգ արարքների համար... Օ՛... եթե Հեղինեն սիրում է ինձ, այն ժամանակ ոչ մի արգելք չի կարող մեզ միմյանցից բաժանել, եթե անգամ անտակ վիհեր բացվեն մեր առաջ: Նրա սերն է ինձ պետք, նրա մի բառն է ինձ համար թանկագին, քան աշխարհիս փառքն ու գանձերը...

Նրանք արդեն մտնում էին Երազգավորս քաղաքը, բայց Գևորգ իշխանը դեռ այդ չէր զգում:

Տե՛ր, ո՞ւր կհրամայես իջնել, մենք արդեն մտանք Երազգավորս, — ասաց թիկնապահներից մեկը` մոտենալով Գևորգին:

Ճիշտ որ, բայց շուտ հասանք, ուղղակի իջևանատանը պիտի իջնենք: Ես այս գիշեր ձեզ մոտ կանցկացնեմ և վաղը գործերս վերջանալուն պես կամ դեպի կորուստ կերթանք, կամ դեպի փրկություն, — պատասխանեց Գևորգ իշխանը:

Թիկնապահը նրա վերջին միտքը չհասկացավ, բայց չհամարձակվեց հարցնել, միայն շատ զարմացավ, որ Գևորգ իշխանը, ըստ սովորականի, դեպի պալատ չէր շտապում, քանի որ պալատի դռները գիշեր-ցերեկ բաց էին յուր տիրոջ համար:

Նրանք մտան իջևանատուն, և շտապով խոր քունը պատեց թիկնապահներին, այնինչ Գևորգ իշխանը քնել չկարողացավ:

Երբ բացվեց առավոտվա կենարար լույսը, նա սրտատրոփ դեպի պալատ դիմեց, ուր ապրում էր Հեղինեն:

Հեղինեն, որին Մարտիրոս հայրը ազատել էր կռվի դաշտից, այժմ բոլորովին առողջ էր:

Վաղորդյան արևի ճառագայթների տակ, նստած պալատի պարտեզի կանաչ խոտի վրա, նա ձեռքին մի գիրք ուներ, որ ագահությամբ կարդում էր, երբ ներս մտավ Գևորգ իշխանը և առանց նրա ընթերցմունքը խանգարելու կանգ առավ նրանից մի փոքր հեռու: Ի՞նչ հիանալի դիրք էր տվել օրիորդը իրեն: Նրա սևորակ, հրաշալի աչքերը հառած էին գրքի տողերին և այնտեղից ագահաբար քաղում էին մտքերը և յուր հոգվո մեջ սերմանում վեհ և աստվածային խոսքեր: Այդ երևում էր նրա դեմքի յուրաքանչյուր արտահայտությունից, ուր այնպես պարզ արտացոլվում էր հոգվո յուրաքանչյուր ելևէջը: Նրա մազերը խառնիխուռն թափթփվել էին ուսերին, և նա նմանվում էր դյութական մի հավերժահարսի, որը կարող էր շարժել ամենաքարասիրտ մարդուն անգամ: Նա սուրբ գիրք էր կարդում և կուսական սիրտը զարդարում էր սրբազան իմաստներով: Այդ րոպեին գոյություն չուներ նրա համար մարդկությունը յուր ստոր արարքներով, այլ նա ամբողջովին ամփոփված էր աստվածային բարձր և վսեմ գաղափարներով... Նայում էր Գևորգ իշխանը նրան, նայում և չէր կշտանում նրա աննման դեմքը դիտելով: Նա կարդում էր Հեղինեի հոգին նրա դեմքի նուրբ գծագրության վրա և ինքն էլ ընկնում էր մի տեսակ հափշտակության մեջ, որ տանում էր իրեն դեպի ինքնամոռացություն:

Օ՜հ, աննման հրեշտակ, անարատ հոգի, անբիծ էակ, — մրմնջում էր Գևորգ իշխանը և լուռ դիտում նրան:

Հանկարծ օրիորդը դադարեցրեց ընթերցումը և խոր, խոհուն աչքերով նայեց Գևորգ իշխանին:

Գևորգ իշխանը սարսռեց:

Մի քանի վայրկյան լուռ կացավ Հեղինեն, կարծես դեռ մտածում էր սրբազան խոսքերի վրա, ապա, դիմելով Գևորգ իշխանին, ձեռքը մեկնեց նրան և ասաց.

Ա՛... Գևո՛րգ իշխան, բարի ես եկել:

Գևորգ իշխանը ծունկ չոքեց և համբուրեց նրա ձեռքը:

Ի՞նչ լուր ունիս հայր Մարտիրոսից, — հարցրեց Հեղինեն և մի այնպիսի հայացք ձգեց Գևորգ իշխանի վրա, որ քիչ մնաց նա վայր ընկներ:

Հայր Մարտիրոսը ողջ է և աղոթում է քեզ համար, — ասաց Գևորգ իշխանը:

Ապրի նա, — ասաց Հեղինեն և, գիրքը ծալելով, ոտքի կանգնեց:

Դու շտապո՞ւմ ես, օրիո՛րդ, բայց ես քեզ բան ունեի հայտնելու, — ասաց Գևորգ իշխանը և մի տեսակ շառագունումն անցավ նրա դեմքով:

Ի՞նչ բան, հայտնիր, ես պատրաստ եմ ամեն բան լսելու, թե լավ, թե վատ: Այժմ իմ սիրտը ամեն բանի կդիմանա, նա արդեն սովորեց ամեն վիշտ տանել:

Եթե թույլ կտաս միայն, որովհետև

Հայտնիր, բայց ինչո՞ւ ես դողում, ի՞նչ սոսկալի լուր ունիս հաղորդելու ինձ, որ շրթունքներդ չեն զորում ասելու:

Չէ՛, օրիորդ, սոսկալի ոչինչ չկա, այն ինչ որ ուզում եմ հայտնել քեզ, իմ թշվառ կյանքին է վերաբերում:

Թշվա՞ռ.., չե՛մ կարծում: Քո կյանքն ամենաերջանիկ կյանքն է, քանի որ ծառայում ես ազգին:

Վերջին խոսքերը սիրտ տվին Գևորգ իշխանին և առանց տատանվելու չոքեց օրիորդի առաջ ու ասաց.

Օրիո՛րդ, թշվառ է այդ կյանքը, քանի որ լափվում է բոցերով: Այդ կյանքը առանց քեզ ոչինչ չարժե: Ես սիրում եմ քեզ...

Հեղինեն լուռ կացավ, բայց նրա կրծքի արագ բաբախելը ցույց էր տալիս, թե ինչ փոթորիկ բարձրացրին այնտեղ Գևորգ իշխանի խոսքերը:

Դու լուռ ես. արհամարհում ե՞ս ինձ, այնպես չէ՞...

Շառագունումն անցնում էր Հեղինեի դեմքով և նրա աչքերը մի այնպիսի փայլ էին ստանում, որ նայողին հալեցնում էին: Բայց նա շուտով զսպեց վրդովմունքը, հոգու մեջ խեղդեց արտավիժող զգացմունքը և բռնելով իշխանի ձեռքը` բարձրացրեց նրան:

Վեր կաց, իշխա՛ն, դու չպետք է չոքես այն օրիորդի առաջ, որին կորստյան ճանապարհից ես փրկել:

Բայց ասա, օրիո՛րդ, մի խոսք միայն, սիրո՞ւմ ես ինձ, թե արհամարհում և հանդուգն քայլ համարում իմ այս առաջարկությունը:

Մի՛ վրդովվիր, իշխա՜ն, և լավ լսիր, թե ինչ եմ ասում: Դու արդյոք լավ հասկանո՞ւմ ես, թե ինչ ես առաջարկում ինձ: Կշռե՞լ ես քո ասածներդ, թե սիրո բորբոքման տակ հայտնում ես քո սերը:

Օրիո՛րդ, անքուն գիշերներ եմ անցրել և տեսել, որ առանց քո սիրո մի րոպե անգամ չպիտի ապրեմ աշխարհում:

Իսկ ես այդպես չեմ մտածում: Քո կյանքը շատ է պետք մեզ: Այս ժամանակներում, երբ մենք ապրում ենք, քեզ նմանների կյանքը շատ թանկագին է: Սերը պիտի լռե այնտեղ, ուր սիրուց վսեմ գործեր կան կատարելու: Ի՞նչ նշանակություն ունի անհատական սերը հայրենիքի սիրո առաջ: Ինչո՞ւ չզոհել անհատական սերը վսեմ գործերին, որին նվիրված ես:

Բայց անհնարին է կռվել սիրո հետ:

Եվ հենց դա է վսեմը, երբ հաղթում ես ամեն մի արգելք և հայրենիքի սիրուն զոհում: Մի՞թե ես էլ չէի կարող սիրել և սիրվել, բայց զոհեցի և զոհում եմ այդ, լսո՞ւմ ես, զոհում եմ, որովհետև սրտերի սիրուց ավելի բարձր սեր կա և այդ սերը հայրենիքին ծառայելն է: Գնա, իշխա՛ն, կրակը մտիր, կրկին ծառայիր հայրենիքիդ և այն ժամանակ...

Եվ այն ժամանակ ի՞նչ...

Եվ այն ժամանակ, երբ հայրենիքդ խաղաղ կլինի, հանգստացիր քո սիրո անուշ գրկում:

Բայց մի՞թե ես չեմ ծառայում հայրենիքիս:

Այդ չեմ ասում: Դու արժանի ես ամեն գովասանքի, բայց թե ի՞նչ դրության մեջ է այժմ Հայաստանը: Դու ինքդ լավ գիտես, որ ներքին և արտաքին թշնամիներից երկիրը ալեկոծ ծովի է նման: Խաղաղեցրու նրանց, և այն ժամանակ ես պատրաստ եմ քո հաղթական ճակատը համբուրելու:

Լավ, ես պատրաստ եմ կրկին կրակի ու բոցերի մեջ մտնելու, միայն թե դու, Հեղինե՛, ինձ սիրես:

Ես սիրում եմ քեզ հենց այս րոպեիս, իշխա՛ն, քեզ համար է միայն բաբախում սիրտս, բայց երդվում եմ ամենասուրբ կույսով, որ ես քո կինը չեմ դառնա, մինչև Հայաստանի մեջ խաղաղություն չտիրի: Կրկնում եմ, գնա դեպի կրակը և քո օրինակով ամաչեցրու Գագիկ Արծրունուն, այնուհետև իմ բազուկները պատրաստ են քեզ, իմ սիրելույս գրկելու:

Գևորգ իշխանը հափշտակված Հեղինեի խոսքերից, էլ չհամբերեց, առավ Հեղինեին յուր բազուկների մեջ, և նրանց շրթունքները հպվեցան իրար:

Ես մեղավոր եմ քո առաջ, օրիո՛րդ, բայց հույս ունեմ արդարացնելու քո խոսքերը: Եթե աստված իմ կյանքը բաշխեց, դու ինձանից բացի ոչ ոքի չես պատկանի, այժմ մնաս բարև, էլ երկար ժամանակ չենք տեսնվի, — ասաց Գևորգ իշխանը և, մի վերջին համբույր տալով, շտապ քայլերով հեռացավ:

Հեղինեն երկար ժամանակ նայեց նրա ետևից, մի խոր հոգոց քաշեց և ինքն իրեն մրմնջաց.

Աստված տա, որ այդպես լինի:

Այդ ժամանակ արտասուքի առատ շիթեր դարս վիժեցին նրա աչքերից, և նա բռնեց սիրտը, կարծես այնտեղ բռնկեց մի այնպիսի բոց, որը կրակ տվեց նրան...

ԺԸ

Գևորգ իշխանը, բաժանվելով Հեղինեից, թեթևացած սրտով դառնում էր դեպի յուր թիկնապահները: Նրա սրտից կարծես ընկել էր մի ծանր բեռ, և Հեղինեին ավելի արժանի լինելու համար պատրաստվում էր յուր կյանքն անգամ զոհելու հայրենիքի և թագավորի սիրույն: Բախտը կարծես մղում էր նրան շուտով այդ բանը ցույց տալու: Զանազան գործերի պատճառով Գևորգ իշխանը այդ օրը չկարողացավ դուրս գալ Երազգավորսից, ուստի հետաձգեց մինչև վաղը առավոտ:

Տաղտկալից օրը շուտով փոխվեցավ մութ գիշերի: Անամպ երկնակամարի վրա դեռ չէր երևացել լուսինը, մի քանի ժամից հետո նա պիտի սփռեր յուր աղոտ լուսավորությունը:

Գևորգ իշխանի թիկնապահները, կանխապես գիտենալով, որ այդ գիշեր ոչ մի տեղ չեն գնալու, արդեն հանգիստ քուն էին մտել: Բայց Գևորգ իշխանը չէր կարողանում քնել, նա դուրս եկավ սենյակից և սկսեց աննպատակ շրջել Երազգավորսի փողոցներում: Յուր մտքի հետ ընկած, աննկատելի կերպով մոտեցավ Աշոտ Երկաթի պալատին, որ նոր էր վերադարձել Ուտիքից: Երկու պահապան միայն հսկում էին պալատի դուռը, որոնք իրար հետ ցած ձայնով խոսում էին:

Գևորգ իշխանը ուշադրություն չէր դարձնի պահապանների խոսակցությանը, եթե նրանք հանկարծ չլռեին և սանդուղքների վրա չերևային երկու անձնավորություն, որոնք լուռ իջնում էին: Նրանց ճանապարհը լուսավորում էր մի ծառա` վառած ահագին ջահը ձեռքին: Գևորգ իշխանը ճանաչեց նրանց. ուստի մտավ պատի տակ, որպեսզի աննկատելի լինի: Նրանցից մեկը Աշոտ Երկաթի եղբայրն էր` Աբասը, իսկ մյուսը նրա աները` Ափխազաց Գուրգենը, որոնք Աշոտ Երկաթի հետ միասին Երազգավորս գալով, այս երեկո վերջին հրաժեշտն էին տվել թագավորին և վաղը, իբր թե, պիտի դառնային իրենց երկիրը:

Նրանք շուտով անցան: Եվ Գևորգ իշխանը հենց ուզում էր թաքստից դուրս գալ, երբ չորս թե հինգ կասկածավոր մարդիկ նկատեց, որոնք կանգ առնելով իրենից մի փոքր հեռու, սկսեցին իրար հետ խոսել խիստ զգուշավոր շշնջյունով: Մթության մեջ Գևորգ իշխանը նրանց դեմքերը լավ չկարողացավ դիտել, բայց նայելով շորերին նրանք խիստ կասկածավոր թվացին: Դրանք ո՛չ խաղաղ շինականներ էին երևում և ո՛չ գիշերապահ զինվորներ: Կասկածը մտավ իշխանի սիրտը, և նա առանց դուրս գալու թաքստի տեղից, ուզեց իմանալ բանի էությունը:

Այստեղ մի բան կա, — մտածեց նա և ձեռքը դեպի սրի երախակալը տարավ:

Զգուշությամբ մի քանի քայլ առաջ գնաց, որպեսզի պարզ լսի այդ կասկածավոր խմբի խոսակցությունը, երբ մի ուրիշ խումբ էլ նկատեց, որ նույնպես կանգ առավ պալատի մյուս պատի տակ և թաքնվեցավ մութ տեղում:

Է՜ ... ինչպես երևում է, պալատը պաշարվում է սրիկաներով, մի սոսկալի եղեռնագործություն է պատրաստվում այստեղ, բայց թե ո՞ւմ դեմ, այդ պիտի իմանալ և ազատել դրան, — մտածեց իշխանը, բայց սարսուռ զգաց, երբ լսեց այդ սրիկաների խոսակցությունը:

Քոսակը չի երևում, — ասում էր մեկը մյուսներին:

Մենք շատ վաղ եկանք, տեսնո՞ւմ ես, պահապանները դեռ արթուն են. այնպես պիտի Աշոտ Երկաթին սպանենք, որ ոչ մի աղմուկ չլինի և չիմանան էլ, թե ո՞վ և ինչպե՞ս սպանվեցավ:

Դավաճանությո՜ւն... — ուզում էր մռնչալ Գևորգ իշխանը, բայց զսպեց իրեն, երբ լսեց, որ շարունակում են խոսակցությունը:

Քանի՞ հոգով ենք սկսելու, — շարունակեց նույն ձայնը:

Բոլորս քսան հոգի ենք վարձված, բայց դժվար գործը մենք պիտի կատարենք: Մի մասը դուրսը պիտի հսկի, մի երկուսը պահապաններին պիտի քնեցնեն, իսկ մենք Քոսակի հետ միասին պիտի ներս մտնենք և Աշոտ Երկաթին դեպի մյուս աշխարհը բարի ճանապարհ մաղթենք:

Լա՛վ, բայց, ի՞նչ օգուտ ունին Աբաս և Գուրգեն իշխանները, որ Աշոտ Երկաթին սպանել են տալիս:

Եղբայր եղբոր դեմ... Օ՛հ, աստված իմ, դու փրկես թագավորին այդ տարապարտ մահվանից, — մրմնջաց Գևորգը, և նրա աչքերում մի այնպիսի կատաղության բոց երևաց, որ քիչ մնաց ցնցեր յուր ուղեղը:

Ի՞նչ մեր գիտենալու բանն է. մերն այն է, որ մեզ լավ վարձատրեն: Ահա մի ամբողջ շաբաթ է քարշ ենք գալիս այդ բանի ետևից, բայց չենք կարողանում գլուխ բերել, մեզ այդ չհաջողվեց կատարել Որմանի գյուղում, ուր Աշոտ Երկաթը միամտաբար այնպիսի պատիվներ տվեց Աբասին և Գուրգենին, բայց հույս ունիմ այստեղ կհաջողվի:

Ասում են` Գագիկ Արծրունու սարքած բաներն են:

Ես էլ եմ լսել: Մեր իշխաններն իրար միս են ուտում և միմյանց դեմ որոգայթներ լարում, տեսնենք վերջը ուր է հասնելու:

Իսկ Հեղինեին ի՞նչ պիտի անենք, մի՞թե նրան էլ պիտի սպանենք:

Չէ, հիմա՛ր, այդ հրամայված չէ, որքան հնարավոր է քիչ արյուն պիտի թափենք: Մեր գործը պիտի լինի Աշոտ Երկաթին սպանել, իսկ Հեղինեին ողջ նրանց ձեռքը հասցնել. այնուհետև մեր գործը ավարտված է, և մենք մեզ խոստացած ոսկիների տերն ենք:

Իսկ եթե չհաջողվի՞...

Հիմա՛ր... Ինչու՞ չի հաջողվի: Քաղաքումս թագավորը բացի յուր փոքրաթիվ թիկնապահներից ուրիշ զորք չունի, այնինչ Աբասն ու Գուրգենը ահագին թիկնապահներ ունին, որոնք մեզ օգնության կգան, հենց որ մեր գործը անհաջող գնա:

Նրանք լռեցին: Գևորգ իշխանը մի քանի վայրկյան սառած մնաց: Նա ամեն բան լսեց: Աշոտ Երկաթի կորուստը անխուսափելի էր, եթե նրան շուտով իմաց չտրվեր և նա փախուստ չտար քաղաքից: Աբասն ու Գուրգենը իրենց թիկնապահներով կարող էին հուր ու մոխիր դարձնել ամբողջ քաղաքը: Պետք էր շտապել, առանց մի վայրկյան անգամ կորցնելու թագավորին իմաց տալ, թե չէ Աշոտ Երկաթը կկորչեր: Բայց ինչպե՞ս գնալ, ինչպե՞ս դուրս գալ թաքստից, որ աննկատելի լիներ, ահա այդ էր մտածում Գևորգ իշխանը, երբ սրիկաներից մեկն ասաց.

Գնանք, դեռ վաղ է մինչև նշան տալը:

Գնանք, մի փոքր էլ կոկորդներս գինով թրջենք, — պատասխանեց մյուսը, և նրանք շուտով հեռացան:

Գևորգ իշխանը ազատ շունչ քաշեց, աննկատելի կերպով իրեն դեպի պալատի պարտեզը ձգեց, այնտեղից շուտով մտավ պալատ և ներկայացավ Աշոտ Երկաթին:

Աշոտ Երկաթը զարմանքով նայեց Գևորգ իշխանի գունատ դեմքին:

Թագավո՛ր, փախիր շուտով, քո կյանքի դեմ սոսկալի դավադրություն կա:

Աշոտ Երկաթը վեր թռավ տեղից և շփոթված նրա դեմքը դիտեց, որ տեսնի, թե նա ճի՞շտ է ասում, թե խելագարվել է:

Բայց քո դեմքին գույն չկա, իշխա՛ն, հանգստացիր և այնպես պատմիր գործի դրությունը:

Թագավո՛ր, հանգստանալու ժամանակ չէ, շուտով հեռացեք և թողեք ինձ այստեղ իմ փոքրաթիվ մարդկանցով պահպանել պալատը, մինչև կհեռանաք: Շտապեցեք, ապա թե ոչ, մի քանի րոպեից հետո ուշ կլինի,— ասաց Գևորգ իշխանը և մանրամասն պատմեց յուր անակնկալ հանդիպումը սրիկաներին և նրանց խոսակցությունը: Աշոտ Երկաթը գլուխը շարժեց և խորին ցավակցությամբ հիշեց հոր ստվերի երևալը և նրա նախազգուշացումը:

Արդարև, դժբախտ եմ ես, քանի որ իմ հարազատ եղբայրն էլ է իմ դեմ սուր բարձրացնում: Թող գան, սպանեն ինձ, եթե իմ կյանքը հարկավոր է դրանց, պատրաստ եմ զոհվելու, միայն թե գիտենամ, որ այնուհետև Հայաստանը ազատ կլինի, և նախարարներն ու իշխանները կդադարեն իրար միս ուտելուց:

Բայց, տե՛ր, շտապեցեք, ձեր կյանքը հարկավոր է թշվառ ժողովրդին: Նրանք դրանով էլ չեն բավականանա, ձեր արյան մեջ ընկնելուց հետո ոտնատակ կտան ամբողջ Հայաստանը:

Աշոտ Երկաթը մի փոքր լուռ մնաց և ապա ասաց.

Լա՛վ, թող քո խոսքը լինի, — ապա շտապ հավաքելով անհրաժեշտ պիտույքները, վերցրեց յուր ընտանիքը, Հեղինեին, Աբասի որդուն և գաղտնի ճանապարհով դուրս եկավ քաղաքից:

Երբ Գևորգ իշխանը տեսավ նրա հեռանալը, ազատ շունչ քաշեց և ապա յուր թիկնապահներով պալատում դարան մտավ սպասելով դավադիրներին: Շատ ժամանակ չանցավ, և նա տեսավ, թե ինչպես մոտ քսան հոգի զգուշությամբ մոտենում են դեպի պալատի այն կողմը, ուր քիչ առաջ երկու պահապան էին կանգնած: Այժմ այդ պահապանները չկային և մուտքը, ըստ երևույթին, ազատ էր սրիկաների համար: Սանդուղքների տակ շփոթված նրանք կանգ առան, երբ պահապաններից ոչ ոքի չտեսան: Անորոշ կասկած մտավ նրանց սիրտը:

Այս ո՞ւր են պահապանները, ինչո՞ւ նրանք չկան,— շշնջաց մեկը ցած ձայնով:

Ուր պիտի լինեն, մի անկյունում կուչ եկած, քնած կլինեն, այդ մեզ համար ավելի լավ է, մեր ճանապարհը ազատ կլինի, — պատասխանեց մի ձայն, որ մեզ ծանոթ Քոսակն էր:

Նրանք զգուշությամբ սկսեցին վեր բարձրանալ, երբ քսան նետ միասին դեպի նրանց սլացան և շատերին պառկեցրին տեղն ու տեղը:

Վա՜յ, մեռանք, — կանչեցին մի քանիսը, իսկ ոմանք սարսափահաը ետ դարձան:

Դավաճանությո՛ւն, — կանչեց Քոսակը և մի ակնթարթում կորավ մթության մեջ: Նետերի հենց առաջին տարափից ամեն ինչ խաղաղվեց: Լսվում էր միայն վիրավորների թույլ հառաչանքը:

Տղե՛րք, սրանով դեռ սկսվում է մեր այս գիշերվա խաղը, տեսնենք ինչո՞վ կվերջանա,— ասաց Գևորգ իշխանը` դառնալով թիկնապահներին:

Ինչով էլ վերջանա մենք քեզ հետ պիտի մեռնենք, իշխա՛ն, — պատասխանեցին թիկնապահները:

Ապրի՛ք, տղերք, բայց տեսեք, ահա սկսվում է իսկական կռիվը: Աբասն ու Գուրգենը իրենց զորքերով են շտապում:

Ճիշտ որ` Աբասն ու Գուրգենը իրենց զորքերով շտապով կանգ առան պալատի առաջ և մտածում էին, թե ինչպես ներս մտնեն: Քիչ հետո զորքը երկու մասի բաժանվեցավ, մի մասը սկսեց բարձրանալ գլխավոր մուտքից, ուր պահված էին Գևորգ իշխանն ու յուր թիկնապահները, իսկ մյուս մասը շրջան տվեց և պատերից սկսեց վեր բարձրանալ:

Գևորգ իշխանի և յուր թիկնապահների նետերի տարափը նորից թափվեցավ դրանց վրա, բայց մեծ վնաս չկարողացավ տալ, որովհետև նրանց նետերից շատերը դիպան թշնամիների վահաններին:

Գևորգ իշխանը նկատեց, որ երկար դիմադրել անհնար է դրանց զորությանը և թե ինքը ու յուր մարդիկ ամենքն էլ կկոտորվեն, եթե մնան իրենց տեղում, ուստի բարվոք համարեց ետ քաշվել: Գաղտնի դռան կողմը սպասում էին իրենց ձիերը, բայց նա դեռ ուզում էր պաշտպանվել, ո՛չ թե պալատը փրկելու, այլ ժամանակ վաստակելու, որպեսզի Աշոտ Երկաթը յուր ընտանիքով ավելի հեռացած լինի:

Next page