Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Հանկարծ նա կրակի բոց նկատեց, որ ագահությամբ չափում էր Աշոտ Երկաթի սենյակներից մեկը: Ինչպես երևում է, թշնամին նպատակ ուներ Աշոտ Երկաթի հետ միասին ոչնչացնել նաև նրա պալատը: Բայց գլխավոր մուտքի առաջ կռիվը հետզհետե տաք կերպարանք էր ստանում: Երկու կողմից էլ արդեն սպանվածներ կային:

Աշո՛տ Երկաթ, անձնատուր եղիր, քեզ այլևս փրկություն չկա, — կանչեց Գուրգենը` կարծելով, թե Աշոտ Երկաթի հետ է կռվում:

Թշվառակա՛ն, ճանաչիր ում հետ ես կռվում: Նախախնամությունը փրկեց նրան, — ասաց Գևորգ իշխանը և կամաց-կամաց ետ գնաց, իսկ քիչ հետո քսան հոգուց տասնևհինգ հոգի միայն նստեցին իրենց ձիերը և աննկատելի կերպով դուրս եկան քաղաքից:

Աբասն ու Գուրգենը մտան դատարկ ապարանքը և, չգտնելով այնտեղ Աշոտ Երկաթին, բարկությունից սկսեցին քարուքանդ անել պալատը և կողոպտել այն: Որսը թռել էր նրանց ձեռքից, և նրանք սկսեցին կրակ տալ այդ ապարանքը: Գևորգ իշխանը բավականին տեղ հեռացել էր քաղաքից, երբ ետ նայեց և դառն ժպիտ անցավ նրա դեմքի վրայով: Այնտեղ` Երազգավորս քաղաքում, ուր կառուցված էր Աշոտ Երկաթի պալատը, բարձրանում էր կարմրածիրանագույն բոց: Այդ բոցը հետզհետե աճում էր, և կրակի լեզուները ավելի և ավելի բարձր էին գնում ու իրենց շուրջը տարածում աղոտ լուսավորություն:

Գոհությո՛ւն աստծո, — կանչեց Գևորգ իշխանը, — թագավորը փրկված է, իսկ պալատը որքան ուզում է թող այրվի: — Եվ ապա նրանք մտրակելով իրենց ձիերին շուտով անհետացան նոր ծագող լուսնի լուսավորության մեջ

ԺԹ

Կայծակի արագությամբ տարածվեց Աշոտ Երկաթի կյանքի դեմ լարած դավադրության լուրը, և շարժվեց նա, ով ավելի հալածված և տանջված էր: Ժողովրդի ստորին խավերն սկսան ալեկոծվել, և արդար բարկությունը նրանց ոտքի կանգնեցրեց: Հուզվեց նրանց սիրտը, և նրանք, որոնք իբրև մի մեռած, անշարժ ու թմրած տարր էին կազմում, այժմ մի այնպիսի զարկ ստացան, որ արդեն դժվար էր նրան ետ կանգնեցնել: Նրանց առաջնորդ էր պետք և այդ առաջնորդը կար, դա հայր Մարտիրոսն էր, որի քարոզները, կենդանի խոսքը չէին մեռել նրանց մեջ, այլ դեռ պահվում էին նրանց սրտում:

Ժողովուրդը, հասարակ ամբոխը, որ չուներ իշխանների ու նախարարների եսասիրությունն ու փառամոլությունը, սիրում էր թագավորին, սիրում էր Աշոտ Երկաթին անկեղծ, անարատ սիրով, բայց այդ սերը խեղդվում էր իշխանների ու նախարարների ճնշման տակ և ոչ մի բանով չէր արտահայտվում: Բայց բաժակը արդեն լցված էր: Այժմ մի ձայն էր պետք նրանց ի մի գումարելու և այդ ձայնը լսվեց:

Մարտիրոս հոր ձայնը լսվեց Հայաստանի մի անկյունից մյուսը, և նրա կազմած փոքրիկ խմբերը ստվարանալով գունդագունդ դեպի իրենց «սուրբը» դիմեցին:

Ծերունին հուզվեց. մի կողմից նրա սիրտը լցվեց, կսկիծը տոչորեց նրան` լսելով Աբասի արարմունքը յուր եղբոր` թագավորի դեմ, իսկ մյուս կողմից, նկատելով իշխաններից արհամարհված այդ շինականներին, որոնք զենքը ձեռքերն առած եկել էին պահպանելու իրենց սիրելի թագավորին, նրա սիրտը լցվեց գոհունակությամբ և աչքերը վեր ուղղելով աղոթում էր աստծուն, որ հաստատ և անխախտ պահի այդ ժողովուրդը, որի վրա է միայն հենված եկեղեցին ու պետությունը:

Իշխա՛ն, — դարձավ Մարտիրոս հայրը դեպի յուր մոտ կանգնած Գևորգ Մարզպետունին, — հրամայիր թմբուկ զարկել, որ ժողովվեն բոլոր գնդերը և պատրաստվեն թագավորի թևի տակ մտնելու:

Գևորգը խոր գլուխ տվեց և հեռացավ նրա մոտից: Քիչ ժամանակից հետո Բյուրականի ամբողջ պարիսպները դղրդացին փողի և թմբուկի ձայներից, և գնդերը պատրաստվեցան լսելու Մարտիրոս հոր հրամանը:

Երկու բաժին էին եղած գնդերը, որոնցից մի մասը հեծելագունդ էր, իսկ մյուսը` հետիոտն: Մոտ տասն հազար կտրիճ տղամարդիկ ինքնակամ ժողովվել էին իրենց թագավորին պաշտպանելու:

Երբ Մարտիրոս հայրը դուրս եկավ և կանգնեց բարձր պատվանդանի վրա, որտեղից երևում էր ամբողջ բանակը, բոլոր զինվորները իջեցրին նիզակները և հանելով գլխարկները, նայեցին դեպի Մարտիրոս հայրը:

Պատկառելի և հրաշալի դեմք ուներ նա:

Աստվածածին սուրբ լույսով էր պատած նրա առանց այն էլ սպիտակ ալեզարդ դեմքը: Հեզ, բայց ոգևորությամբ լի աչքերը հույս ու հավատ էին ներշնչում նայողներին և անսովոր ոգևորությամբ լցնում նրանց սիրտը:

Որդիա՛կք իմ, — կանչեց Մարտիրոս հայրը, և նրա ձայնը, այն անհողդողդ և ուժեղ ձայնը դողդողաց: Փղձկանքը կտրեց նրան և արտասուքներ երևացին նրա աչքերի մեջ, որոնք մարգարիտների նման գլորվեցան նրա ալեզարդ մորուքին:

Զորքը տեսավ Մարտիրոս հոր արտասուքները և մի տեսակ անորոշ, խուլ շշունջ անցավ նրանց մեջ, որը ցնցեց նրանց մարմինը:

Սուրբը լաց է լինում, արտասվում է, տեսնո՞ւմ եք, ադամանդներ են գլորվում նրա աչքերից, — ասում էին նրանք միմյանց, և նրանց սիրտն էլ էր սկսում հուզվել, նրանք էլ պատրաստվում էին լալու:

Որդյա՛կք իմ, — շարունակեց Մարտիրոս հայրը, — ինձ և ձեզ սեր է պետք և խաղաղություն, որ թողեց մեզ մեր տերը` նա, ով խաչվեցավ մեզ համար, բայց այդ սերն ու խաղաղությունը խլում են մեզանից նույնիսկ նրանք, ովքեր պիտի պահպանեին այն: Դառն և սոսկալի է ներկա ժամանակը, երբ եղբայրը եղբոր դեմ դարանամուտ է լինում: Սոսկալի չէ, երբ մի ազգ գործ է ունենում արտաքին թշնամիների հետ, լինեն դրանք թեև տասնապատիկ շատ, բայց սոսկալի է ունենալ ներքին թշնամիներ: Հայոց ազգի և եկեղեցու համար էլ այնքան վտանգավոր չեն արաբներն ու պարսիկները, որքան սոսկալի են այն դավաճան, ստոր իշխանները, որոնք իրենց հարազատ թագավորին դեմ են գնում: Արտաքին թշնամիները նման են այն տեսակ հիվանդության, որոնք գոյանում են մեր մարմնի կաշվի զանազան մասերում և որոնց մենք աչքով տեսնում ենք, ուստի և հոգ ենք տանում սպեղանի դնելու հենց այնտեղ, ուր գոյացած է խոցը: Բայց ներքին թշնամին, ներքին անտեսանելի հիվանդությանն է նման, որ չենք իմանում, թե ո՞ւր է նա կենտրոնացած և որտե՞ղ թաքնված, այնինչ նա կամաց-կամաց, աննկատելի կերպով քայքայում է մեր մարմինը և ապա, հասնելով մեր սրտին, ոչնչացնում է մեր գոյությունը և գերեզման իջեցնում մեզ...

Մենք ունենք երկու տեսակ թշնամի էլ: Արտաքին թշնամին մեր արյունից չէ, օտար է, բայց ներքին թշնամին մեր արյունից է և մարմնից: Ես ուղարկում եմ ձեզ կռվելու երկուսի դեմ էլ: Ես ուղարկում եմ ձեզ կոտորելու ձեր հարազատներին անգամ, եթե նրանք գնում են թագավորի դեմ և վրդովում ընդհանուր խաղաղությունը:

Աղոթենք առ ամենաբարձրյալը, որ նա ուժ և կարողություն տա հնազանդ լինելու Աշոտ Երկաթին և մինչև վերջին շունչը կռվելու նրա համար: Թող հուր և մոխիր դառնան մեր ներքին ու արտաքին թշնամիները, որպեսզի վերականգնվի խաղաղությունը: Կորչե՛ն դավաճանները և անիծյալ լինեն նրանք:

Մա՛հ դավաճաններին, — կանչեցին տասն հազար բերաններ և, սրերը մերկացնելով, երդվեցին հնազանդ լինել Աշոտ Երկաթին:

Ապա բոլորը չոքեցին, և Մարտիրոս հայրը սկսեց պահպանիչը: Երբ վերջացրեց, Գևորգ իշխանը համբուրեց խաչը և նշան տվեց զորքին:

Բոլորը շարժվեցին դեպի Կաքավաբերդ, ուր կանգ էր առել Աշոտ Երկաթը: Մարտիրոս հայրը և Գևորգ իշխանը առաջնորդում էին նրանց:

Ի

Ամեն կողմից Հայաստանը քարուքանդ էր լինում:

Աբասն ու Գուրգենը տակնուվրա էին անում Այրարատյան երկիրը, Գագիկ Արծրունին յուր վասալ Անձևացյաց և Ռշտունյաց իշխաններով ծածուկ և հայտնի կերպով ոտնատակ էին տալիս Հայաստանը և այդ բավական չլինելով` Գագիկ Արծրունին դաշն էր կռում արաբների հետ, ամիրապետից թագ ստանալու: Որոմն էր ցանում նաև Աշոտ սպարապետը և յուր ժանիքները Աշոտ Երկաթի վրա սրում, այնինչ աները` Սևադան ևս հետզհետե սառչում էր յուր փեսայից: Աշոտ Երկաթը այդպիսով շրջապատվում էր հզոր դավաճաններով և թշնամիներով, որոնք ամեն կերպ ուզում էին ոչնչացնել նրան:

Աշոտ Երկաթը, գլուխ անցնելով Մարտիրոս հոր կազմած գնդերին, իսկույն հարձակվում է Գուրգենի երկրի վրա և հրո ճարակի մատնում այն: Այդ ժամանակ նա Վասակ Սյունյաց իշխանին բանտարկում է Կայեան բերդում` գտնելով նրա մոտ դավաճանության թղթեր, գրված Աշոտ սպարապետից, Գուրգենից և Աբասից:

Վասակ Սյունի իշխանը լավ հարաբերության մեջ էր Գարդմանաց Սևադայի հետ: Վերջինս այդ պատրվակ առնելով յուր զորքերը առաջ է քաշում դեպի Աշոտ Երկաթի երկրները և բանակ է ձգում Սխայեան գետի մոտ, բայց այդտեղ կռիվ տեղի չի ունենում և Աշոտ Երկաթը շտապում է Դվին, ուր այդ ժամանակ գլուխ էր բարձրացրել Աշոտ Բռնավորը:

Խորին թախիծը սրտում Աշոտ Երկաթը յուր գնդի առաջն ընկած շտապում էր դեպի Դվին: Վիշտն ու բարկությունը ճնշում էին նրա սիրտը: Նա զգում էր, որ ճակատագիրը անողոք կերպով հալածում է իրեն, բայց մինչև ե՞րբ:

Անողո՛ք ճակատագիր, ապերա՛խտ բախտ, մինչև ե՞րբ պիտի խաղալիք դարձնես ինձ, մինչև ե՞րբ պիտի հալածես... Մի ապստամբություն ճնշում եմ, և դեռ արյան հետքերը սրիս վրա չչորացած, դու ստեղծում ես ուրիշ ապստամբություն, այդ էլ եմ ճնշում, մի նոր ապստամբություն է լսվում, և կարծես ինձ դատապարտել ես հավիտյան կռվել, հավիտյան պատերազմների մեջ անց կանցնեի, այնինչ ես հանգստություն եմ ուզում... Ապիրատ երկինք, խղճա՛ ինձ, դու զինեցիր իմ դեմ հարազատ եղբորս էլ, բավականացիր դրանով և թող ինձ հանգիստ... — այդպես մտածում էր Աշոտ Երկաթը` նստած յուր նժույգը: Կողքին, նույնպես ձի նստած, գնում էր Գևորգ իշխանը:

Սա էլ լուռ էր և, ըստ երևույթին, խորին մտքերի մեջ ընկած: Հեղինեի սիրուն պատկերը նրա առջևից չէր հեռանում, իսկ նրա խոսքերը ամուր մեխվել էին յուր մտքի մեջ: Նա մտածում էր Հեղինեի վրա:

Մի՞թե նա չի սիրում ինձ, մի՞թե նա ինձ դիտմամբ դեպի կրակն է ուղարկում, որ ես կյանքս վայր դնեմ և նա այդպիսով ազատվի ինձանից... Բայց չէ՛, Հեղինեն ընդունակ չէ խաբեության, նա խոսք տվեց և կկատարի տված խոսքը, դեպի արյունը պիտի շտապել, դեպի կրակը, դավաճանների և անօրենների արյունով պիտի ձեռք բերեմ Հեղինեիս: Այդ ծանր գնով է ծախում նա յուր սերը...

Ու Գևորգ իշխանը, երևակայելով իրեն կրակի և մոխրի մեջ, այնպիսի ուժգնությամբ մտրակեց, որ ձին հանկարծակի մի այնպիսի թռիչք արավ, որ քիչ մնաց վայր ձգեր ձիավորին: Աշոտ Երկաթը զարմացավ այդ բանի վրա և առաջ քշելով ձին` մոտեցավ Գևորգ իշխանին, որը յուր ձիուն զսպելով հանցավորի նման իջեցրել էր գլուխը:

Ի՞նչ պատահեց քեզ, — հարցրեց Աշոտ Երկաթը:

Գևորգ իշխանը իսկույն չկարողացավ պատասխանել, նա չէր ուզում իսկությունը հայտնել, բայց և չէր կարող խաբել նրան:

Տե՛ր, ձին հանկարծ թռիչք արավ:

Բայց ինչո՞ւ հանկարծ մտրակեցիր, նա հանգիստ էր գնում:

Իմ կյանքը, տե՛ր թագավոր, հանգիստ ժամանակ էլ ինձ փոթորիկ է թվում և ես, մտքիս հետ ընկնելով, կարծում էի, թե կռվի մեջ եմ գտնվում:

Հա՛, մեր կյանքը այնպես է, որ քնած ժամանակներս էլ պիտի արթուն լինենք և մեզ միշտ արյան մեջ կարծենք: Ո՞վ գիտե մի ժամից հետո ի՞նչ է լինելու... Փոթորկալից է մեր կյանքը, իշխա՛ն, խիստ փոթորկալից և ե՞րբ արդյոք պիտի խաղաղվի, այդ տերը միայն գիտե: — Նրանք երկուսն էլ լռեցին և ամեն մեկը կրկին յուր մտքերի մեջ ընկավ: Քիչ հետո նրանք պիտի հասնեին այնտեղ, ուր բանակված էր ապստամբների գունդը:

Բավական ժամանակ նրանք առաջ էին գնում, երբ հեռու անտառների մեջ մի քանի կրակներ երևեցան: Այդ կրակները թշնամյաց խարույկներն էին, որոնք երբեմն հանգչում, երբեմն բոցավառվում էին:

Իշխա՛ն, թշնամին արդեն երևում է, ավելի առաջ գնալը վտանգավոր է. մենք պիտի այստեղ հանգստանանք մինչև մեր լրտեսներից տեղեկություն ստանալը,— ասաց Աշոտ Երկաթը և հրաման տվեց զորքին կանգ առնել ու հանգստանալ: Զորքը լուռ, առանց աղմուկի, կանգ առավ և տարածվեցավ կանաչ խոտի վրա: Բավական ժամանակ նրանք հանգստացան, ապա զորքը երկու մասի բաժանվեց. մի բաժնի գլուխն անցավ ինքն Աշոտ Երկաթը, իսկ մյուս բաժնի գլուխը` Գևորգ իշխանը:

Իշխա՛ն, քո գունդը լռությամբ առաջ տար մինչև լեռան աջակողմյան լանջը և երբ կհասնես այնտեղ` հնչեցնել տուր փողերը և սկսիր հարձակումը, իսկ մենք էլ պատասխանելով ձեզ` կնեղենք թշնամու ձախ կողմը:

Գևորգ իշխանը խոր գլուխ տվեց և յուր գունդը լռությամբ առաջ տարավ, և երբ հասան նշանակված տեղը, խորին լռությունը դղրդացրեց փողերի սարսափեցուցիչ ձայները, որին արձագանք տվեցին Աշոտ Երկաթի գնդի փողերը: Աշոտ սպարապետը սարսափեց. նա այդպես շուտով չէր սպասում Աշոտ Երկաթին, թեև գիտեր, որ նա կայծակի արագությամբ անցնում է մի տեղից մյուսը և յուր ծանր սրի զորությունը ցույց տալիս ամեն տեղ:

Մի քանի վայրկյան անցավ, և տիրեց խորին, ահավոր լռություն, և ապա լսվեցան Աշոտ սպարապետի բանակից փողի ձայներ և քիչ հետո սրերի, նիզակների և գոռում-գոչյունների ձայներ: Կռիվն արդեն սկսվել էր անտառի մեջ: Թեև Աշոտ սպարապետի բանակի դիրքը շատ լավ էր, բայց Աշոտ Երկաթը ամենևին չէր վհատվում նրանց համառ դիմադրությունից, այլ մտնելով նրանց ամենախիտ շարքերի մեջ` ջարդ ու փշուր էր անում նրանց և ետ մղում, այնինչ մյուս կողմից Գևորգ իշխանը մտնում էր ուղղակի թշնամու սիրտը և այնտեղ յուր ավերմունքը անելով քշում ետ:

Աշոտ սպարապետը դառնությամբ նկատեց, որ յուր զորքերը փախուստ են տալիս, որ ինքը հաղթվում է, և նա դառն կսկիծով կանչեց.

Ա՛յս էլ չհաջողվեց, չար բախտը հալածում է ինձ և աստված Երկաթին է պահպանում : Օ՜հ, Երկաթի արյանը վաղուց եմ կարոտ, բայց նա ձեռքս չի ընկնում, մինչև ե՞րբ...

Իշխա՛ն, թշնամին մոտենում է, այլևս անհնար է դիմադրել, — ասաց Անձևացյաց իշխանը` մոտենալով Աշոտ սպարապետին:

Ո՞ւր է թշնամին,— ասաց Աշոտ սպարապետը վրդովված ձայնով, առանց հասկանալու, թե ինչ է հարցնում:

Մի՞թե չես տեսնում. ահա երկու կողմից մեզ վրա են գալիս, մի կողմից ինքը Աշոտ Երկաթը, իսկ մյուս կողմից Գևորգ իշխանը: Եթե մենք նրանց ձեռքն ընկնենք, վաղը արևի ծագելը չենք տեսնի:

Ճիշտ է, պետք է նահանջել, իսկ ո՞ւր են իմ զորքերը, անիծվածները ամենքը ցրվեցան, ամենքը փախան:

Փախչե՜նք, տե՛ր, ահա Աշոտ Երկաթը մեզ վրա է գալիս, — ասաց Անձևացյաց իշխանը, և երկուսն էլ իրենց ձիերի գլուխները ետ դարձնելով, կորան անտառի ծառերի ետևը:

Աշոտ Երկաթը, որ հեռու չէր նրանցից, նկատեց նրանց փախուստը և կանչեց ետևից.

Վախկո՜տ, անա՛րգ սպարապետ, ո՞ւր ես փախչում...

Հետզհետե Աշոտ սպարապետի գնդերը ցրիվ էին գալիս և փախուստ տալիս, մի քանի տեղ միայն դեռ կատաղի կերպով շարունակվում էր կռիվը, բայց նրանք էլ շուտով վհատեցին, տեսնելով մեծի փախուստը և ցրիվ գալով անտառի մեջ, սկսեցին փախչել կռվի տեղից: Նրանց հալածում էր Գևորգ իշխանը մի խումբ կտրիճներով, երբ նկատեց, որ երկու մարդ ամենայն արագությամբ վազում են մացառների միջով և ամեն կերպ աշխատում են թաքնվել: Նրանցից մեկի, դեմքը ծանոթ երևաց, բացի դրանից, նա իշխանական զգեստներ ուներ հագին, որով ավելի հետաքրքրեց իշխանին, ուստի երկու զինակից ուղարկեց դրանց բռնելու, իսկ ինքը սկսեց հալածել մյուս փախստականներին:

Կատվի դյուրաշարժությամբ այդ երկու փախստականները մտան փշի մացառների մեջ և անհետացան այնտեղ: Դրանց հալածողները նկատեցին այդ և բարկությունից ատամները կրճտացրին: Փշի մացառները բռնում էին բավականին տարածություն, իսկ ձիերով ներս մտնել այդ փշի մեջ անհնար էր, այնինչ որսը փախուստ տվեց, նրանց ձեռքից ու նրանք ձեռնունայն ետ դարձան: Երկու փախստականները ներս մտնելով մացառի մեջ, փորսող տալով սկսեցին, առաջ քայլել: Փշերը պատառոտում էին նրանց շորերը և արյունլվա անում ձեռքերն ու երեսը, իսկ հոգնածությունից և երկյուղից առաջացած քրտինքը ծորում էր նրանց երեսից: Դեմքերն արդեն այլանդակվել էին, աչքները լցվել էին արյունով, որ սարսափելի արտահայտություն էր տվել նրանց: Հոգնածությունից և ցավի կսկծից հազիվ կարողանում էին շարժել իրենց ոտքերը, այնինչ սարսափը այն աստիճան էր ազդել, որ նրանք գերբնական ուժ էին գործ դնում և թեև դանդաղ, բայց կրկին շարժվում էին առաջ:

Քոսա՛կ, կանգնիր, շունչս կտրվում է, մի վայրկյան հանգստանանք:

Առա՜ջ, իշխա՛ն, առա՜ջ, ժամանակ չէ հանգստանալու, — պատասխանեց մեզ ծանոթ Քոսակը և, սոսկալի ճիգ թափելով, ձեռքերով ճղեց փշերի արմատները և տեղ բանալով մի քանի քայլ առաջ գնաց:

Խղճա՜ ինձ, Քոսա՛կ, մի՛ թողնիր ինձ միայնակ, թող գոնե մի վայրկյան շունչ առնեմ, — կրկին աղաղակեց Քոսակի ետևից սողացող մարդը, որ Ռշտունյաց իշխանն էր:

Քոսակը մի վայրկյան կանգ առավ, Ռշտունյաց իշխանի աղիողորմ ձայնը թափանցեց յուր սիրտը, խղճաց նրան և ուզեց հանգստություն տալ, բայց այդ ժամանակ փշի թփից դուրս թռավ մի թռչուն, որն աղմուկ հանելով` սարսռեցրեց նրան: Քոսակը կարծեց, թե թշնամին հետևում է իրենց այդ դժոխային ճանապարհով, ուստի կրկին ճիգ թափելով առաջ անցավ: Այդ ժամանակ Քոսակի ականջին դիպավ առվի խոխոջը, որը նրան ուրախություն պատճառեց և նա, առանց ուշք դարձնելու յուր ետևից սողացող իշխանին, որ տեղն ու տեղը մնացել էր սառած, կանչեց.

Իշխա՛ն, մենք ազատված ենք, դժոխքը վերջանում է այստեղ: — Բայց Ռշտունյաց իշխանը չլսեց էլ Քոսակի խոսքերը, այդ ժամանակ նա փշերի մեջ սեղմված, արյունաթաթավ, հողի մեջ կոլոլված խռխռացնում էր անորոշ խուլ բացականչություններ, որոնք ավելի մահամերձ մարդու ձայների էին նմանվում: Նրա երեսի վրա թռչկոտում էին զանազան զեղուններ և սողում զզվելի միջատներ, բայց նա ոչինչ չէր զգում, այլ կռվում էր մահվան հետ:

Մինչդեռ Քոսակը արդեն դուրս էր եկել փշերի միջից և մի բարձր ծառի տակ թեք ընկել: Նա ապահով էր, որ իրեն այստեղ ոչ ոք չէր հալածի, որովհետև մի կողմում փշերի դժոխքն էր, մյուս կողմում` ահռելի անդունդը, որի խորքում գոռում էր լեռնային մի վտակ:

Մի տեսակ կիսաթմրած դրության մեջ էր Քոսակը, նա ոչինչ չէր հասկանում, թե ու՞ր է ինքը և թե ի՞նչ է պատահել իրեն: Նա մինչև անգամ մոռացել էր Ռշտունյաց իշխանի գոյությունը, որ մի քանի քայլ այն կողմ, փշերի մեջ, անօգնական խեղդվում էր, Քոսակ էր կանչում, նրան ոսկի, հարստություն խոստանում, բայց Քոսակը նրան չէր լսում: Հոգնած, ուժասպառ Քոսակը խոր քուն էր մտել ծառի տակ և մոռացել ամեն ինչ:

Երբ նա զարթնեց, ձեռքերով սրբեց չորացած արյունը և մաքրեց աչքերը: Շփոթված աջ ու ձախ նայեց, խորին լռությունը տարածվել էր չորս կողմ և թռչունները ուրախ-ուրախ հնչեցնում էին իրենց երգը: Հենց նույն ծառի գլխին, որի ստվերի տակ պառկած էր ինքը, բլբուլը թառ էր արել և երգում էր յուր անուշ մեղեդին: Բայց բլբուլի երգը նրա քարացած սրտի վրա ազդեցություն չարավ, այլ մոտի անդնդի ահռելի տեսքը և յուր միայնակությունը սարսափով լցրին Քոսակի սիրտը: Նա հիշեց Ռշտունյաց իշխանին և զարհուրեց: «Ի՞նչ եղավ նա, չէ՞ որ իմ ետևից էր գալիս, չլինի թե նրան բռնեցին», — մտածեց Քոսակը և փշերը սկսեց զգուշությամբ ետ քաշել և փնտրել իշխանին: Առաջին ջանքը ապարդյուն անցավ, բայց մի փոքր էլ առաջ գնալով` սարսափահար կանգ առավ, երբ նկատեց Ռշտունյաց իշխանի այլանդակված դեմքը... Քոսակի նման քար սիրտն անգամ վախեցավ և տհաճությամբ երեսը շուռ տալով` ուզում էր ետ գնալ, բայց մի փոքր ժամանակ կանգ առնելով, բռնեց իշխանի մազերից և սկսեց քարշ տալ դեպի անդունդի եզրը: Ապա նա ետ արավ նրա սուրը, քրքրեց գրպանները և շպրտելով նրան անդունդը, կանչեց.

Գնա՛, դժոխքի բաժին եղիր, ա՛յդ է դավաճանների վախճանը, ո՞վ գիտե, ես ավելի վատթար մահով մեռնեմ, բայց ես սոված եմ, հաց եմ ուզում և հացի համար միայն հանձն եմ առել այդ ստոր պաշտոնը, իսկ դուք հանգիստ կյանք ունիք, բայց կրկին փառքի ետևից եք վազում, ահա ձեզ փառք, գնացեք, վայելեցեք: — Քոսակը ցած նայեց և սառնասրտությամբ գլուխը շարժեց: Ռշտունյաց իշխանի գլուխը դիպել էր ժայռի սուր ծայրին և ուղեղը ցաքուցրիվ եղել, այնինչ ցածում, նրա մարմինը ինչպես մի մսի գունդ, դեռ շարունակում էր գլորվել

ԻԱ

Մի քանի գորշ ամպերի կույտեր սլանում էին երկնակամարի վրա և իրենց հետ միասին երկրիս վրա ցանում տխրության սերմեր... Հեղինեն կանգնած Կայեան բերդի սենյակներից մեկում, ուր առ ժամանակ տեղափոխված էր Աշոտ Երկաթի ընտանիքը, ինչպես մի արձան, լուռ դիտում էր ամպերի կուտակվելուն, և նրա սիրտը քաղվում էր: Անթարթ աչքերը ամպերից չհեռացնելով, կարծես տեղեկություն էր ուզում նրանցից, մի լուր, մի համբավ, հույսի մի նշույլ էր խնդրում, բայց պատասխան չէր ստանում: Տխուր և հուսահատ էին այդ ամպերը, որոնք ավելի տխրեցնում, ավելի հուսահատեցնում էին նրան:

Նա իջեցրեց հայացքը դեպի յուր ոտքերի տակ, ուր ահռելի անդունդի մեջ, օձի նման գալարվելով, վազում էր Ձորագետը և քերում բերդի ստորոտները: Խորին ուշադրությամբ Հեղինեն լսում է գետի հառաչանքը և կիսատ թեքվելով դեպի ձորը` պատասխանի սպասում: Սոսկալով նա լսում է, որ Ձորագետն էլ է լալիս, երկնքի պես նա էլ է հառաչում, և որ յուր սրտի նման ամենքն են տանջվում... Ի՞նչ կա արդյոք, մի՞թե իրեն նման որբ են բոլորը, անտեր, թշվառ, ծնողներից հեռացած, ի՞նչ վիշտ է ստիպում դրանց հառաչելու... Եվ Հեղինեն դյութական զորությամբ ուզում է ցած թռչել, ընկղմվել այդ խոր, անհասկանալի զորությունն իմանալու և հարցնելու նրանց վիշտը, բայց ուժասպառ ընկնելով պատնեշին, կրծքից դուրս է թռչում միայն խեղդող հեկեկանքը, և նա սկսում է երեխայի նման արտասվել...

Գևո՛րգ, ես քեզ սիրում եմ, հասի՛ր ինձ, սիրտս մաշվում է, հոգիս քաղվում: Ես միայնակ եմ այս հառաչող ու լացող տարերքի մեջ, միայնա՛կ, հասիր, Գևո՛րգ իշխան, հասիր, քո Հեղինեն քեզ է կանչում,— ասում էր նա և բազուկները տարածում դեպի ձորը` յուր սիրելույն գրկելու:

Բայց ձայն չկա: Գևորգը նրան չի պատասխանում, և Հեղինեի տարածված ձեռքերը թրջվում են անձրևի կաթիլներով. նա սոսկալով ետ քաշելով ձեռքերը` խեղդում է յուր մեջ հեկեկանքի ձայնը: Հիշում է յուր տեսակցությունը Գևորգ իշխանի հետ, երբ իշխանը տարածվելով յուր ոտքերի տակ, սեր էր պաղատում: Հիշում է այդ պատկերը, և սառը դողը ցնցում է Հեղինեի մարմինը:

Օ՜... ի՞նչ իրավունքով եմ կանչում, քանի որ ես նրան դեպի հուր ու մոխիր ուղարկեցի: Նա ինձանից հաց ուզեց, ես նրան քար տվի, ջուր ուզեց յուր մորմոքված սիրտը հովացնելու, իսկ ես լեղի տվի... Ի՞նչ արի ես, ի՞նչ քարե սիրտ կար իմ մեջ, որ ես այդպես վարվեցի, իսկ հիմա կանչում եմ նրան... Բայց սրտիս մեջ անհայտ զորությունը էլ չի թաքնվում, այն ժամանակ ես խեղդեցի իմ մեջ, իսկ այժմ նա ժայթքում է, էլ չի դիմանում: Րոպե առ րոպե հոգիս մաշվում է և չծաղկած կյանքս թառամում: Իշխա՛ն, հասի՜ր, հասիր քո Հեղիներն, ես սիրում եմ քեզ:

Կրկին ձայն չկար: Մեկը մյուսից դառն և սոսկալի մտքերը կրկին տանջում էին նրան և ավելի ու ավելի մաշում:

Բայց կիրքը, վրդովմունքը և հոգեկան այլայլմունքը հետզհետե դադարում էին և տեղի տալիս սառն դատողությանը:

Իսկ եթե նա արհամարհի՞ ինձ, մոռանա՞... կամ սիրուցս ցնորված` յուր կյանքը վտանգների մեջ ձգի՞, այն ժամանակ ես ի՞նչ անեմ: Օ՜... սարսափելի է իմ դրությունը: Ես ճանաչում եմ Գևորգ իշխանի հոգին, չէ՛, նա ինձ չի մոռանա, ինձ չի արհամարհի, բայց վախենում եմ նրա հանդուգն բնավորությունից, նա կմտնի կրակի մեջ, թշնամու խիտ շարքերը, և թշնամու նիզակն ու սուրը չեն խնայի ինձ համար թանկագին կյանքը: Գևո՛րգ իշխան, ետ դառ, ես ետ եմ վերցնում իմ խոսքերը, — կրկնեց Հեղինեն և հեկեկանքը կրկին սկսեց խեղդել նրան: Ապա նա վճռեց նամակով ետ կանչել իշխանին պատերազմի դաշտից, բայց կրկին կանգ առնելով յուր վճռի վրա, երկար, շատ երկար մտածեց և ժողովելով յուր բոլոր արիությունը` կանչեց.

Է՛հ, ինչ լինում է թող լինի, թող խորտակվեմ ես, ոչնչանամ, նա պետք է հայրենիքին, և ես արգելք չպիտի լինեմ նրան...

Եվ Հեղինեն այնքան հափշտակվել էր յուր մտքերով, որ չնկատեց անգամ, թե ինչ խլրտում ընկավ այդ ժամանակ բերդի մեջ և թե ինչպես նրա երկաթե դռները ահագին շառաչյունով փակվեցան: Միայն այն ժամանակ նա գլուխը բարձրացրեց, երբ հեռու անտառի միջից լսվեցան պատերազմական փողերի ձայներ և ապա Կայեան բերդը, ուր գտնվում էր Աշոտ Երկաթի ընտանիքը և ուր բանտարկված էր Սյունաց Վասակ իշխանը, շրջապատվեց թշնամիներով:

Հեղինեն վեր թռավ և դեպի թագուհին վազեց: Թագուհին գունատ ու տխուր էր: Նրա աչքերում երևում էխն արտասուքի կաթիլներ, որ Հեղինեի ներս գալով ուզեց ծածկել, բայց չհաջոզվեցավ:

Թագուհի՛, ովքե՞ր են շրջապատել բերդը, — հարցրեց Հեղինեն` համբուրելով թագուհու ձեռքը:

Թագուհին արտասվալից աչքերը դեպի Հեղինեն դարձրեց և դողդոջուն ձայնով ասաց.

Հայրս:

Ինչպե՞ս հայրդ, մի՞թե ճշտվեցան լուրերը:

Այո՛, Հեղինե, ժամանակս այդպես է, աները փեսայի դեմ է կռվում, բարեկամը` բարեկամի, իսկ արտաքին թշնամին հանգամանքից օգտվելով` կամաց-կամաց ներս է խուժում: Արաբներն արդեն ներս են մտել Այրարատյան երկիրը և սկսել են ավերել:

Թող աստված լինի թագավորի պահապանը, — ասաց Հեղինեն:

Ամե՜ն, — պատասխանեց թագուհին: Եվ այդ ժամանակ կրկին լսվեցավ փողերի ձայնը, որ երկուսին էլ ցնցեց:

Փոթորիկը մոտենում էր, և նրանք չոքեցին աղոթելու....

ԻԲ

Ալեկոծվում էր Հայաստանը...

Շանթալից փոթորիկները բարձրանում էին ամեն անկյունից: Մինչդեռ Աշոտ Երկաթը զբաղված էր Աշոտ սպարապետին ընկճելով, յուր աներոջ` Սևադայի գնդերը արդեն ավերում էին յուր երկրները: Ամեն կողմից կարծես փոթորիկները պատրաստվում էին թափվելու Աշոտ Երկաթի գլխին և նրան բոլորին խորտակելու: Նախարարների և իշխանների մեջ զանազան կուսակցություններ ու զազրելի եսասիրությունը սաստկացել էին այն աստիճանի, որ ամեն մարդ ուզում էր օգուտ քաղել հանգամանքից և ինքնիշխան տեր դառնալ: Յուր հարազատ եղբայրը, աները, Աշոտ Սպարապետը, Գագիկ Արծրունին և Ափխազաց Գուրգեն իշխանը տակնուվրա էին անում յուր երկրները: Սևադան` Աահակ իշխանը, ինչպես մենք տեսանք, պաշարելով Կայեան բերդը, կարճ ժամանակից հետո առավ այն: Երբ նա ներս մտավ այն դահլիճը, ուր գտնվում էին թագուհին` յուր աղջիկը և Հեղինեն, նա` Գարդմանաց հզոր իշխանը, շփոթված կանգ առավ և յուր արյունաներկ սուրը իջեցրեց ցած:

Այնտեղ` դահլիճի խորքում թագուհին և Հեղինեն չոքած աղոթում էին. նրանք չլսեցին մինչև անգամ, թե ինչպես ներս մտավ Սևադան և շանթահարի նման կանգ առավ դռներում: Խորին կսկիծը մի վայրկյան կրծեց Սևադայի սիրտը, բայց շուտով զսպեց իրեն և հաստատ քայլերով մոտեցավ նրանց:

Աղջի՛կս, — ասաց նա և ուզեց գրկել թագուհուն, բայց թագուհին նայեց նրան, մի ճիչ արձակեց և անշնչացած ցած ընկավ: Հեղինեն փաթաթվեց նրան և սկսեց ուշքի բերել:

Դու թո՛ղ նրան, — հրամայեց Աևադան և համբուրեց թագուհու մարմարյա ճակատը. նրա աչքերում երևեցան արտասուքի կաթիլներ: Բայց շուտով զսպեց յուր հոգու վրդովմունքը և դառնալով դեպի յուր նիզակակիցները` հրամայեց.

Սյունյաց Վասակ իշխանին ազատել բանտից, իսկ այս թռչնակին լավ պահպանել, մինչև որ հասցնենք Գագիկ Արծրունու ձեռքը, — ասաց նա` ցույց տալով Հեղինեին:

Հեղինեի մարմնով մի ցնցում անցավ և չոքելով արդեն ուշքի եկած թագուհու առաջ` կանչեց.

Ո՛չ ինձ մի բաժանեք թագուհուց, կամ սպանեցեք այստեղ:

Թողեք դրան ինձ հետ, ինչպես նա, նույնպես և ես քո գերին եմ, հա՛յր, արա ինչ անելու ես, — ասաց դողդոջուն ձայնով թագուհին և բռնեց Հեղինեի ձեռքը:

Լա՛վ, այդ հետո կտեսնենք, — ասաց խրոխտ ձայնով Սևադան և դուրս գնաց:

Հափշտակելով Կայեան բերդը և միջի կանանց ու տղամարդկանց գերի քշելով, Սևադան մի ուրիշ բերդ է առնում և յուր անցած ճանապարհի վրա գտնված գյուղերն ու շեները քարուքանդ անում, հրո ճարակ դարձնում: Անգթաբար նա կրակի է մատնում չհասունացած արտերը և ապա գնալով կանգ է առնում Տավրիշո լեռան ձորի վրա: Լուրը հասնում է Աշոտ Երկաթին, և նրա սիրտը լցվում է թախիծով: Կայծակի արագությամբ նա 300 մարդով թռչում է դեպի Տավրիշո լեռները և առանց ուշք դարձնելու Սևադայի ուժեղ գնդին` պատրաստվում է հարձակվելու նրա վրա:

Աշոտ Երկաթը բարկությունից մռմռում էր, կատաղության ամենասոսկալի բոցը կրծում էր նրա սիրտը, բայց նա դեռ զսպում էր իրեն: Մարտիրոս հայրը կանգնած էր մոտը և համոզում էր թագավորին` արյուն չթափել, եթե հնարավոր է:

Սևադան բանակ էր խփել մի քարաժայռի մոտ և յուր զորքերի վրա վստահացած` արհամարհում էր Աշոտ Երկաթին, երբ Մարտիրոս հայրը խաչը ձեռքին երևեցավ նրա բանակում: Սևադան զարմացավ և միևնույն ժամանակ մի տեսակ սառը դող անցավ նրա մարմնով, երբ տեսավ յուր առաջ կանգնած Մարտիրոս հորը, որի մասին շատ բան էր լսել: Նա հավատում էր, թե այդ ալևոր ծերունին կարող է դյութել յուր ամբողջ գունդը, և այն ժամանակ, կռվի բախտը ուրիշ ելք կստանա: Բայց Սևադան զսպեց իրեն և ուզեց իմանալ նրա գալու պատճառը:

Ծերունի՛, ինչու՞ ես կռվի դաշտում, երբ քո տեղը վանքի խուցն է, ուր պիտի աղոթես քո հոգու փրկության համար: Ասա՛, ինչ ասելու ես, շտապի՛ր, իմ սուրը ծարավ է Աշոտ Երկաթի արյանը:

Սահա՛կ իշխան, իջեցրու քո բարկությունը և հիշիր, որ վերը կա աստված, որն ամենքին ըստ արժանվույն է վարձատրում: Հիշիր, որ Աշոտ Երկաթը քո փեսան է: Զուր արյուն մի՛ թափեք: Ես իջեցրի Աշոտ Երկաթի բարկությունը, և նա խնդրեց հայտնել, թե «ի՞նչ չար բան կամ ի՞նչ վնաս եմ հասցրել քեզ, որ քեզանից այսպիսի ծանր աղետներ եմ ստանում: Ինչու՞ դու մոռանում ես քո երդումը Ախայեան գյուղի մոտ և պատրաստվել ես թափելու իմ արյունը: Արդ, դարձի՛ր քո բարկությունից, վերադարձրու ինձ երկու բերդը և իմ ընտանիքը, որ հափշտակել ես, ու հեռացիր իմ երկրից: Եվ այն ժամանակ մեր մեջ խաղաղություն կտիրի, ու մենք կլինենք հարազատ հայր և որդի»17:

Սևադան մինչև վերջը լսեց նրան և ապա, դառնալով դեպի վանահայրը, ասաց.

Next page