Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Այդ դեպքերից հետո հունաց բանակը, հանվելով յուր տեղից, առաջ շարժվեց դեպի Հայաստանի ներսը` նպատակ ունենալով հասնել Անի: Այդ բանակին առաջնորդում էր Վեստ Սարգիսը և ամեն քայլափոխում ցույց տալիս ճանապարհը, հայտնում, թե ով է դեմ գնում և ով է համամիտ իրեն:

Եվ նրանք առաջ էին գնում քանդելով, ավերելով ու կոտորելով, այնինչ Վեստ Սարգսի սիրտը, քանի մոտենում էին Անիին, թունդ էր առնում: Նա մոխրի և ավերակների կույտեր էր թողնում յուր ետևը և շտապում Անի, որ դափնյա պսակների արժանանա:

Հենց այդ ժամանակ էր, երբ հունաց հրամանատարին լուր բերին, թե յուր առաջապահ խումբը վերադառնալու ժամանակ ջարդ է կրել ինչ-որ երկու ավազակներից:

Գոռոզ հույնը վրդովվեց, և բարկությամբ լցվեցին նրա մանր, բայց խորամանկ աչքերը, ապա, դառնալով Վեստ Սարգսին, ասաց.

Իշխա՜ն, ո՞վքեր են այդ հանդուգն մարդիկ, որ համարձակվում են հարձակվել իմ առաջապահ խմբի վրա, մի՞թե դրանք չգիտեն, թե ինչպես կպատժեմ իրենց:

Դա լեռների ավազակներն են անշուշտ, իշխա՜ն, որոնք անհանգիստ են անում շրջակայքը: Պետք է պատժել այդ հանդուգններին:

Ո՞վքեր են այդ լեռների ավազակները:

Պաղին գավառի իշխան Հաբելի որդիք, տե՜ր, նրանք վաղուց է, որ հանգիստ չեն մնում իրենց տեղը:

Ավազակներ և հարձակում գործեն բանակի՞ վրա, այդ ի՞նչ խաղ է, Վե՜ստ Սարգիս, որ անում են, մի՞թե կարծում են, թե դրանով մեզ ետ կդարձնենհա՛, հա՛, հա՛, — հեգնորեն խնդաց հրամանատարը:

Եվ դրանցով է ահա շրջապատված Վահրամ իշխանը, որ ցանկանում է Հայաստանի գահը հաստատուն պահել և ընդդիմանալ կայսեր, — ասաց Վեստ Սարգիսը:

Լավ, եթե այդպես է, մենք առաջ նրա կողմնակից ավազակների երկրները մոխիր կդարձնենք և ապա իրեն կհասնենք:

Այդպես էլ պետք է, տե՜ր, իմացեք, որ առաջին ավազակը և Վահրամի կողմնակիցը Հաբել իշխանն է, պետք է ոտնատակ տալ նրա երկիրը:

Մենք մոտ ենք Պաղին գավառին, ուրեմն պետք է շտապ ոչնչացնել նրա երկիրը, քանի նա պատրաստություն չի տեսել:

Այո, պետք է շտապել, բայց միևնույն ժամանակ պետք է զգույշ մնալ: Հաբելը խորամանկ աղվես է և նա մեր հոտը վաղուց է առել ու դարան մտել:

Է՛հ, բան ասացիր, իշխա՜ն, դարան մտնելչեմ հասկանում, ի՞նչ նշանակություն ունի մի խումբ ավազակների դարան մտնելը: Եվ դու կտեսնես, թե ինչպես այդ ավազակները կարճ ժամանակից հետո ոտքերս կլիզեն և թողություն կխնդրեն, բայց, իսկապես ասած, այժմ այդ մանր բաներով զբաղվելու ժամանակը չէ, պետք է շտապել Անի, — ասաց մեծամիտ հույնը ինքն իրեն գովելով և հրամայեց բանակին շարժվել:

Հունաց բանակը դեռ առաջին իջևանատեղիս նոր էր հասել, երբ Վեստ Սարգիսը և հույն հրամանատարը հեռվում, ճանապարհի վրա, փոշու ամպ նկատեցին: Երևում էր, որ մի խումբ դեպի իրենց բանակն է սլանում, բայց թե ո՞վքեր են դրանք, թշնամի՞, թե բարեկամ, անհայտ էր:

Թմբուկ զարկիր և հրամայիր պատրաստ լինել դիմադրելու, — ասաց հույն հրամանատարը և զենքի կոչեց զինվորներին: Բայց նրանց զարմանքը մեծ եղավ, երբ իրենց առաջ մի փոքրիկ խումբ նկատեցին, որոնց առաջնորդը հեռվից կանչում էր:

Է՛յ կայսեր քաջ զինվորներ, ցած դրեք զենքներդ, ձեր թշնամին չենք, այլ բարեկամը:

Հունաց բանակը միամտվեց և ներս թողեց այդ փոքրիկ խմբին, որի առաջնորդը շուտով ներկայացավ հույն հրամանատարին:

Ո՞վքեր եք դուք և ի՞նչ եք կամենում, — ասաց գոռոզությամբ հույն հրամանատարը առանց նայելու յուր առաջ կանգնած իշխանին:

Տե՜ր, մենք մեծազոր կայսեր հլու հպատակներն ենք և եկել ենք հայտնելու մեր հպատակության զգացմունքները նրա քաջ հրամանատարին:

Հույն հրամանատարի դեմքը ցնցվեց ուրախությունից:

Ի՞նչ է քո անունը, իշխա՜ն, — ասաց նա ավելի քաղցր ձայնով:

Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկ, քո ծառան, — պատասխանեց հայ իշխանը խոնարհ գլուխ տալով:

Ուրեմն բարի, դու կվարձատրվես մեր կայսրից:

Ես միշտ նրա ստրուկն եմ, տե՜ր, և այժմ էլ պատրաստ եմ գործով ցույց տալու:

Ապրիս, Թորոսի՜կ իշխան, բայց ասա, ի՞նչ է անում այդ ավազակը` Պաղինի տերը:

Տե՜ր, նա յուր գնդերը պատրաստել է և դարան մտել, նա չի ճանաչում կայսեր իրավունքը:

Մենք շուտով կհասկացնենք նրան, թե ու՞մ հետ գործ ունի, իշխա՜ն, հոգ մի անեք, շուտով նրա դիակը շներին պիտի տամ, — ասաց հույն հրամանատարը:

Այո, պետք է, պետք է նրանց դիակները շներին տալ, բայց դրանով սիրտս չի հովանա: Եթե ձեռքս ընկնի այն ծեր աղվեսը, ես նրա արյունը կխմեմ:

Հույն հրամանատարը ցնծում էր ներքուստ ուրախությունից:

Ինչու՞, մի՞թե նա քեզ այդքան ցավեցրել է, — հարցրեց Վեստ Սարգիսը, որ մինչ այդ լուռ լսում էր նրանց խոսակցությունը:

Այո, իշխա՜ն, նա խլել է մինչև անգամ որդուս և զինել իմ դեմ: Որդուն հոր դեմ զինե՞լմի՞թե այդ տանելի է, մի՞թե այդ դառն հարվածը կարող է մոռանալ Թորոսիկ իշխանը:

Համբերությո՛ւն, իշխա՜ն, ամեն բան լավ կերթա, և մենք շուտով Պաղինը մոխիր կդարձնենք, — ասաց հույն հրամանատարը և հրամայեց պատիվներ տալ Թորոսիկ իշխանին:

Վեստ Սարգիսն էլ ցնծում էր յուր սրտում, նա իրեն դաշնակից գտավ, և մի դավաճանը երկուսի փոխվեց

Թշվա՛ռ Հայաստան...

ԺԹ

ԽԵՆԹԸ ԼԱԼԻՍ Է

Խենթը, յուր վրա դրված պարտավորությունը կատարելով, Հաբելի մոտից վերադառնում էր Անի: Այժմ նա բոլորովին փոխվել էր և ամենևին խենթի նմանություն չուներ: Նա նստած էր յուր կարմիր ձին և զինված ու զրահ հագած արագ արշավում էր: Նրա դեմքն այդ միջոցին խիստ մտախոհ էր և տխուր: Երևում էր, որ ծանր, սրտամաշ մտքերը կեղեքում ու ալեկոծում էին նրա սիրտը: Հայաստանի վերջին դեպքերը խիստ վրդովել էին նրա սիրտը և նա զգում էր, որ Հովհաննես թագավորի մահից հետո, Հայաստանի գլխին ինչ-որ մի չարագուշակ բան է պտտվում, որը սարսռեցնում էր նրա մարմինը: Այդ բանն զգում էր թե՜ ինքը և թե՜ նրա տերը` Վահրամ իշխանը:

Այո, նա լավ հիշում էր այն օրը, երբ Վահրամ իշխանը, մոտենալով իրեն, շեշտակի նայեց յուր վշտալից ու թախծալից աչքերով և դառնագին սրտով ասաց.

Ներսե՜ս, ի՜մ Ներսես, սիրու՞մ ես ինձ:

Ես զարմացա և նրա դեմքը դիտեցի, կարծես հենց այս րոպեիս լիներ: Իմ տիրոջ դեմքը մռայլ էր ու գունատ, իսկ աչքերը` արտասուքով լի: Ես հուզվեցի, ընկա Վահրամ իշիանի ոտքերը և ասացի.

Ի՞նչ ես հրամայում, տե՜ր, քեզ որ չսիրեմ` ո՞ւմ պիտի սիրեմ, քո տան մեջ եմ ծնվել և սնվել:

Նա կրկին հարցրեց.

Ներսե՜ս, ի՜մ Ներսես, սիրու՞մ ես ինձ:

Ես կրկին նայեցի նրա երեսին, տեսա, որ նա կատակ չի անում, որ նա ինքն է հարցնում, այնպես, ինչպես Հիսուսը հարցնում էր յուր աշակերտին. «Սիմովն Հովնանու, սիրու՞մ ես ինձ»: Աստված իմ, մտածեցի ես, մի՞թե իմ տերը անհավատարմության մի բան է տեսել իմ մեջ, որ ուզում է փորձել ինձ, մի՞թե չգիտե, որ ես յուր դռան հավատարիմ շունն եմ և պատրաստ եմ իմ արյան վերջին կաթիլը թափել նրա համար:

Նա դարձյալ կմկմաց.

Ներսե՜ս, ի՜մ Ներսես, սիրու՞մ ես ինձ:

Ես վրդովված ընկա նրա ոտքերը և, արտասունքներովս լվանալով նրա ոտքերը, ասացի.

Տե՜ր, մի՞թե չգիտես, որ ես քո հավատարիմ շունն եմ:

Ուրեմն, եթե այդպես է, վեր կաց և լսիր ինձ, — ասաց նա և մոտը նստեցնելով ավելացրեց.

Այսուհետև քո անունը Ներսես չի լինելու, այլ Խենթ, հասկանու՞մ ես, Ներսեսը մեռավ և Խենթը ծնվեց:

Ես սոսկացի. քրտնքի խոշոր կաթիլները դուրս ցոլացին ճակատիցս և սարսափով նրա դեմքը դիտեցի՝ «Ի՞նչ է ասում իշխանը, մի՞թե նա խելքը կորցրել է»:

Մի՜ զարմանա, Ներսե՜ս, այսուհետև քեզ Խենթ կանվանենք և դու էլ Ներսես չես կոչվի: Եթե սիրում ես տիրոջդ, եթե սիրում ես հայրենիքդ, այդպես պիտի անվանվես:

Ես հասկացա նրա միտքը և առանց երկար մտածելու պատասխանեցի.

Համաձայն եմ, իշխա՜ն, հրամայիր, թե ի՞նչ պիտի անեմ:

Լսիր ինձ, քեզ հայտնի է, որ իմ ծառաներից մեկը մեռել է: Ես կհայտարարեմ, որ Ներսեսն է մեռել և նա այլևս չկա աշխարհիս երեսին, իսկ դու փոխելով քո հանդերձները, դեմքիդ արտահայտությունը, խենթություններ պիտի անես Անիի փողոցներում և ապա գազանի կերպով ամեն ինչ տեղեկացնես ինձ: Կարճ ասած, դու Խենթ անվան տակ իմ լրտեսը պիտի լինես: Հայաստանի գլխին փոթորիկ է պտտվում և Հայոց խնամակալը` իշխան Վեստ Սարգիսը ձգտում է Հայաստանի գահը հափշտակել և դու գլխավորապես պիտի լրտեսես նրա ամեն մի քայլը, թե նա ի՞նչ է անում, ո՞վ է գալիս նրա մոտ, ո՞վ գնում:

Ես խոստացա Վահրամ իշխանին և այն օրից Անիի փողոցներում հռչակվեցի ինչպես Խենթ: Ամենքը ինձ Խենթ են ճանաչում, ամենքը բացի դարբին Ղևոնդից և Լուսիկից, որոնք ճանաչում են, թե ո՞վ եմ ես և ինչու՞ խենթ: Բայց մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս տաղտկալի վիճակը, մինչև ե՞րբ իմ իշխանը` ծերուկ Վահրամը պիտի տանջվի դառն մտքերով: Օրավուր դրությունը ծանրանում է, և այժմ հույներն են գլուխ բարձրացրել: Տե՜ր, դու փրկիր մեր Անին, մեր Գագիկ Բագրատունուն, որը դեռ մատաղ հասակում փոթորիկների է հանդիպում:

Եվ Խենթը երեսը խաչ քաշելով, խթեց ձիու կողերը և առաջ գնաց: Մի ամբողջ շաբաթ էր, ինչ նա ճանապարհին էր և հոգնածությունը խիստ նկատելի էր նրա վրա: Նա շտապեցնում էր յուր ձիուն, որ շուտով հասնի դարբնի խրճիթը և Լուսիկի պատրաստած ապուրը ուտի, սակայն նա որքա՛ն զարմացավ, երբ այդ խրճիթը քարուքանդ գտավ: Ի՞նչ էր արդյոք պատահել նրանց, ու՞ր էր դարբին Ղևոնդը, նրա աղջիկը` Լուսիկը:

Եվ Խենթը կանգնած այդ խրճիթի առաջ ապուշ աչքերով նայում էր քարուքանդ խրճիթին և յուր աչքերին չէր հավատում:

Խենթը զգում էր, որ յուր հետ ինչ-որ մի բան է կատարվում, որ իր սիրտը բաբախում է արագ-արագ, որ աչքերը մթնում են և գլուխը սկսվում է պտտվել:

Լուսի՜կ, աղջիկս, ու՞ր ես, — կանչեց Խենթը մի այնպիսի աղիողորմ ձայնով, որ քարերն էլ կարտասվեին:

Լուսի՜կ, Լուսի՜կ, ձայն տուր, Խենթն է, մի՞թե ապուրը չես պատրաստել, — կանչեց դարձյալ Խենթը և զգաց, որ կսկծից իսկապես ինքը խենթանում է:

Կանգ առավ Խենթը, շատ կանգ առավ և հանկարծ, իջնելով ձիուց, խելագարի նման ամայի պատերը գրկեց և արտասուքները սկսեցին հեղեղել նրա ցամաքած աչքերից:

Խենթը լալիս էր

Եվ հիրավի բան ուներ արտասվելու: Նա այնպես չէր սիրում յուր Լուսիկին, որ այդպիսի գույժը չցնցեր նրա ուղեղը: Յուր ընտանիքը կորցնելուց հետո հոգու բոլոր զորությամբ սիրում էր Լուսիկին` յուր եղբոր աղջկան...

Դարբին Ղևոնդը Խենթի հարազատ եղբայրն էր:

Իսկ այժմ ո՜չ Ղևոնդը կար և ո՜չ եղբոր աղջիկը: Աշխարհիս երեսին միայն դրանց մոտ էր բանում յուր սիրտը, հայտնում յուր վիշտն ու ուրախությունները... Իսկ այժմ ու՞ր են դրանք:

Հանկարծ Խենթը ցնցվեց, նրա խենթությունը միտքն ընկավ ու գոռաց.

Է՛յ, է՛յ ինձ մի՜ հարցնեք` ո՞վ եմ ես...
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ...

Կգտնեմ քեզ, Լուսիկ, եթե մեռած չես, կգտնեմ, և վա՜յ նրան, ով քո սիրուն պարտեզը ոտնատակ տվեց,— ասաց հենթը և կրկին ձի նստելով Անի մտավ:

Բ ՄԱՍՆ

Ա

ԴԱՎԱՃԱՆԻ ՈՐԴԻՆ

Հույն պատգամավորին ժողովից վռնդելուց հետո Վահրամ Պահլավունին հանգստություն չուներ: Նա զգում էր, որ Հայաստանի գլխին կուտակվում են սպառնալից ամպեր և թե այդ ամպերը առանց սոսկալի հետք թողնելու չեն անցնի Հայաստանից: Բայց թե ի՞նչ կլինի Հայաստանի ապագան, ինչո՞վ կվերջանա այդ բոլորըահա դրանք սարսափեցնում էին ծերունի Վահրամին և ցավեցնում նրա հայրենասեր սիրտը:

Ո՛հ, մի՞թե Հայաստանը յուր ազատությունը պիտի կորցնի, մի՞թե չարանենգ մարդիկ պիտի հասնեն իրենց նպատակներին և ջախջախեն Հայաստանի գահը, մի՞թե ես իմ աչքով պիտի տեսնեմ Բագրատունյաց գահի անկումը... Բայց մի՞թե իմ սիրտը կտանի այդ հարվածը, — ասում էր ծերունին, և խոր կսկիծը ցնցում էր նրան:

Ո՜չ, ես իմ ծերունի կուրծքը պատնեշ կշինեմ և կպաշտպանեմ հայրենիքս, այն ժամանակ թող թշնամիները կոխկռտեն դիակս և այնպես մեր ազատությունը խլեն: Թող գոնե մեր հետնորդները անեծքով չհիշեն իմ անունը, թե Վահրամ Պահլավունին ձեռքերը ծալած չէր նստած, երբ թշնամիները ուզեցան խլել հայրենիքի ազատությունը:

Վահրամ Պահլավունին այդպես խոր մտքերի մեջ էր ընկղմված, երբ ներս եկավ նրա սպասավորներից մեկը և հայտնեց Հարպիկ իշխանի գալուստը: Վահրամի կնճիռները բացվեցին, հրամայեց ներս հրավիրել նրան: Երբ ներս եկավ իշխանը, Վահրամը նայեց նրա հաղթանդամ կազմվածքին և մի տեսակ գոհունակության ժպիտ անցավ նրա դեմքի վրայով, կարծես նրա մտքով անցավ «Հայաստանը չի՜ մեռնի, ո՜չ, չի՜ մեռնի, քանի այսպիսի զավակներ ունի». ապա, դառնալով Հարպիկին, ասաց.

Բարի ես եկել, Հարպի՜կ իշխան, դու քաջի պես ես սլացել:

Այո՜, իշխան, պետք էր շտապել. քո նամակը ստանալուն պես, անկարելի էր մի րոպե էլ ուշանալ, թեև անիծված հույները ճանապարհին մի քիչ զբաղեցրին, — պատասխանեց Հարպիկը` առանց համարձակվելու նստել:

Նստի՜ր, իշխան, և պատմիր, թե ի՞նչպես հույները քեզ զբաղեցրին: Հույս ունեմ, որ նրանք քեզ խնջույքի չէին հրավիրի:

Օ՛ո՜չ, լեռների ավազակին նրանք խնջույքի չէին հրավիրի, այդ կողմից միամիտ մնա, բայց թե նրանց մի խմբին փոքրիկ դաս տվի և ծանոթացրի լեռների ավազակի հետ: Նրանք լսել էին գուցե անունս, բայց ինձ հետ անձամբ ծանոթ չէին, — ասաց Հարպիկը և պատմեց առաջապահ խմբի ջարդը:

Ապրիս, Հարպի՜կ, այդպես էլ պետք էր, բայց թողնենք այդ, դու լավ ժամանակ հասար, շուտով իշխանները կժողովվեն և մենք մեր անելիքի մասին կխորհենք, — ասաց Վահրամը և ապա երկար իրար հետ խոսելով Հայաստանի ներկա տագնապալի դրության մասին, միջոցներ էին որոնում առաջն առնելու, երբ մեկը մյուսի ետևից ժողովվեցան մոտ երեսուն իշխան և խորհրդի նստան: Բոլոր իշխաններն էլ Վահրամին լավ ծանոթ և ազգականներ էին: Այդ ժողովին ներկայացավ և Ստեփանիկը, որը առանց համարձակվելու առաջ գնալ, դահլիճի մի անկյունում կանգ էր առել և ձեռքը յուր սրի դաստակին դրած լուռ լսում էր ժողովականներին:

Ո՞վ է այդ պատանին, — դարձավ հանկարծ Վահրամը, երբ աչքը նրան ձգեց:

Իշխանները բոլորն էլ Ստեփանիկին նայեցին, որն ամոթից կաս-կարմիր էր կտրել և ոչինչ չէր պատասխանում:

Տե՜ր, դա ինձ հետ է եկել, Թլպաղտո ամրոցի Թորոսիկ իշխանի որդին է, — ասաց Հարպիկ իշխանը:

Ո՞ր Թորոսիկի, այն որ հույների հետ հարաբերություն ունի և յուր ազգը ծախու՞մ է, — հարցրեց իշխաններից մեկը` ոտքի կանգնելով.

Ներեցեք, իշխաննե՜ր, դուք իրավունք ունիք զարմանալու, որ ես` դավաճան Թորոսիկ իշխանի որդին, ձեր ժողովում ներկա եմ լինում, բայց մեղքը իմս չէ, այլ Հարպիկ իշխանինը, որն ինձ այս ժողովին ներկայացրեց: Ես գիտեի, որ իմ ներկայությունը ձեր սրտերը պիտի վրդովի, պատճառը` գայլը գառան հետ չի ընկերանա, այդպես էլ դավաճանը հայրենիքի պաշտպանների հետ չի կարող մնալ. նրանք միմյանց պիտի ոչնչացնեն, որովհետև նրանց հայացքները բոլորովին տարբեր են իրարից: Սակայն խոսք կխնդրեմ ձեզանից, տյա՜րք, և կհարցնեմ, թե ի՞նչ մեղավոր է որդին, երբ հայրը դավաճան է, ստոր է և խաբեբա, մի՞թե ես մեղք ունեմ, որ իմ հայրը դավաճան է: Միայն ձեզ հայտնում եմ, որ հորս ամոթալի արատը ես պիտի քավեմ, ես պիտի ջնջեմ մեր տոհմի անունից այն սև բիծը, որ դնում է հայրս և պիտի ջնջեմ սուրը ձեռքիս մինչև իմ արյան վերջին կաթիլը, պաշտպանելով հայրենիքս: Իսկ եթե դեմ առ դեմ հայրս դուրս գա, այն ժամանակ, երդվում եմ այս սրովս և իմ պատանի պատվովս, որ այս իսկ սուրը պիտի մխեմ հորս կուրծքը և դուրս թափեմ նրա լերթ ու թոքը, այն ժամանակ թող ասեն, թե Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկը դավաճան էր, բայց նրա որդի Ստեփանիկը ջնջեց այդ արատը, որովհետև դուրս թափեց յուր հոր այն անարգ սիրտը, որի մեջ ամրացած էին դավաճանության անարգ արյունը: Կրկին երդվում եմ սրիս վրա, երդվում Անիի 1001 եկեղեցիների վրա, որ այդ այդպես էլ պետք է լինի, — ասաց Ստեփանիկը, և նրա ձայնը դողդողաց, բարկությունից աչքերից կայծակներ թռան և դեմքը բոցավառվեց:

Իշխանները լուռ լսում էին նրան և երբ վերջացրեց ու դուրս հանեց յուր սրտի կրակը, յուր մաղձը դեպի հայրը, այն ժամանակ Վահրամ իշխանը, դառնալով նրան, ասաց.

Ապրի՛ ս, Ստեփանի՜կ իշխան, հայրենիքի առաջ ծնող և որդի չկա և նա, ով ծնողին վեր է դասում, քան հայրենիքը, դավաճան է,— ապա, դառնալով իշխաններին,

ավելացրեց.

Իշխաննե՜ր, ձեզ հայտնի է Հայաստանի տագնապալից դրությունը, ձեզ արդեն հայտնի պիտի լինի, որ մեր այստեղ ժողովվելու պատճառը հայրենիքի պաշտպանությունն է: Բագրատունյաց գահը թափուր է, իսկ խնամակալը անհետացած: Նա հեռացել է, ո՞վ գիտե, ինչ նպատակներով, բայց ձեզ արդեն հայտնի է, որ Վեստ Սարգիսը ծուռ աչքով է նայում ամեն բանին և այդ գահը ինքն է ուզում հափշտակել: Մենք չպետք է թույլ տանք նրան այդ անիրավություններն անելու և գահը օրինական ժառանգին պիտի հանձնենք, իսկ այդ օրինական ժառանգը պատանի Բագրատունի Գագիկն է:

Կեցցե՜ Գագիկ թագավորը, — գոռացին մի քանիսը:

Բայց, սպասեցեք, իշխաննե՜ր, — ընդհատեց մեկը, — նախքան գահը պաշտպանելը, մենք պիտի հեռացնենք մեր երկրի սահմաններից վտանգը, հույներն արդեն ոտնատակ են տալիս Հայաստանի արևմտյան սահմանները:

Այո՛, այդ այդպես է, այդ հոգսը մենք կհանձնենք Հարպիկ իշխանին: Նա մի քանի գնդերով կպաշտպանի երկիրը հույներից, մինչև, որ մենք Գագիկին Անի կբերենք և թագավոր օծել կտանք:

Այդ շատ դժվար խնդիր է, Վահրա՜մ իշխան: Գագիկը դեռ պատանի է, իսկ Վեստ Սարգիսը` նրա հակառակորդը և, բացի դրանից, նրա ձեռքումն է տերության թե՜ գանձը և թե՜ բերդերից շատերը: Եվ ես երկյուղ եմ կրում, թե միգուցե իշխաններից շատերը նրա կողմը պահեն:

Եվ այդ շատ հավանական է, իշխա՜ն, բայց մեր ջանքն էլ այն պիտի լինի, որ գահը թափուր չթողնենք, որ Վեստ Սարգիսը աչքը հեռացնի այդ գահից: Չէ որ նրա ձգտումն էլ հենց այն է, որ Գագիկին արգելք դառնա թագավոր օծվելու: Նա մի ստոր փորձ էլ արավ պատանու կյանքի դեմ, բայց անհաջող: Տերը փրկեց Գագիկին և նա էլ կօգնի նրան ժառանգելու յուր գահը, — ավելացրեց Վահրամը:

Լա՜վ, թող այդպես լինի: Մենք նախ աշխատենք հեռացնել հույներին և հարմար ժամանակ Գագիկին Անի բերել տանք թագավոր օծելու, որպեսզի փշրվեն Վեստ Սարգսի հույսերը, — համաձայնվեցին իշխանները և ցրվեցին, որոշելով, որ ամեն մեկը յուր գնդերը պատրաստի և մինչև վերջին շունչը կռվի հույների դեմ և ոչ մի դեպքում Անին չհանձնեն նրանց:

Այդ որոշումը կայացնելուց մի քանի օր հետո Հարպիկը և Ստեփանիկը մի գնդի գլուխ անցած արդեն պատրաստ էին Անիից դուրս գալու և դեպի Հայաստանի արևմտյան սահմաններն արշավելու:

Բ

ԼՈՒՍԻԿԸ ԲԱՆՏՈՒՄ

Խենթը Անի մտնելուց հետո արդեն տեսնվել էր դարբին Ղևոնդի հետ, որը թեև վիրավոր, բայց ամեն վտանգից ազատ ծառայում էր մահճին: Բայց Խենթը նրանից ոչ մի տեղեկություն չկարողացավ ստանալ, թե ո՞վ էր հարձակվողը և թե ի՞նչ եղավ Լուսիկը: Խենթի համար պարզ էր, որ Լուսիկը հափշտակված է, բայց թե ո՞վ էր հափշտակել և ինչու՞, այդ նրա համար դեռ մութն էր:

Խոր մտքերի մեջ ընկղմված նա անցնում էր Անիի փողոցներով, երբ պատահեց Ստեփանիկը և նրա թևից քաշելով ասաց.

Խե՜նթ, Լուսիկիս գտիր, ու՞ր է նա

Հը՛մ, Ստեփանի՜կ իշխան, այդ դու՞ ես, — ասաց Խենթը և կարեկցաբար դիտեց նրա դեմքը:

Ես եմ, Խե՜նթ, բայց ես կխելագարվեմ, եթե Լուսիկիս չգտնես: Ա՛խ, ես այդ օրին չէի սպասում:

Գնա՜, — ասաց Խենթը հրամայողաբար:

Ու՞ր գնամ, Խենթ:

Գնա՜, — կրկնեց Խենթը:

Իսկ Լուսի՞կս:

Գնա՜:

Հա՜, հասկանում եմ քեզ, Խե՜նթ, և վստահում: Ես անում եմ, որովհետև հայրենիքս ինձ կանչում է:

Գնա և վստահ եղիր Խենթի վրա: Նա կգտնի Լուսիկին, — ասաց Խենթը և յուր երկար փայտը շարժելով առաջ գնաց առանց ուշք դարձնելու Ստեփանիկին, որը դեռ սառած նրա ետևից էր նայում:

Իսկական խենթ է, ո՞վ կասի, թե սա դիտմամբ է խենթ ձևանում: Վստահ եմ, որ կգտնի Լուսիկիս,— ասաց Ստեփանիկը և շուտով անհետացավ: Քիչ հետո նա մի գնդի գլուխ անցած Հարպիկի հետ միասին դուրս եկավ Անիից, այնինչ Խենթը յուր փայտը օրորելով, գզգզված մազերով և յուր վայերն ասելով անցնում էր Անիի մի փողոցից մյուսը և ամեն տեղ կանգ առնելով աջ ու ձախ նայում, լսում էր մարդկանց խոսակցությունները և կրկին առաջ գնում: Եթե նայողը լավ ուշադրություն դարձներ, կտեսներ, որ Խենթի աչքերից երբեմն արտասունքներ են գլորվում և կորչում նրա մորուքի մեջ:

Չէ, չկա Լուսիկը, Անիում ոչ մի տեղ չէ երևում, ով գիտե այժմ որտե՞ղ է հեծեծում և յուր Խենթին ձայն տալիս: Իսկ Խենթը ուժ չունի նրան ազատելու... բայց չէ, ես կրկին պետք է սև մարդու պոչից բռնեմ, սիրտս գուշակում է, որ այդ նրա գործն է և Լուսիկը ահա այս պատերի մեջն է: Ո՛հ, եթե հնար ունենայի քարուքանդ անել այս պատերը, այն ժամանակ Լուսիկիս կգտնեի, — ասաց նա և կատաղության հայացք գցեց դեպի Վեստ Սարգսի պալատը:

Նա առաջ գնաց և մտավ Վեստ Սարգսի պալատը:

Է՛յ, հե՛յ, գիտեք` ով եմ ես կանչեց նա օրորվելով:

Օհո՛, Խե՜նթ, այս ու՞ր էիր, — ասացին ծառաները և շրջապատեցին Խենթին: Նրանք այսօր կարծես տրամադիր էին շատ ուրախանալու:

Աստծու մոտ, — ասաց Խենթը:

Աստծու մո՞տ, հետո ի՞նչ տեսար:

Մեռելնե՛ր, մեռելնե՛ր, մեռելնե՛ր

Հա՛, հա՛, հա՛, — հռհռացին ծառաները:

Հետո մեռելների մոտ ի՞նչ էիր շինում:

Վա՛հ, ես էլ մեռած էի,— ասաց Խենթը և սկսեց պարել, զանազան ծամածռություններ անել, որ խելագարեցնելու չափ ծիծաղ էր պատճառում ծառաներին: Հետո նա սկսեց վազ տալ գավթի զանազան կողմը և բախելով մի դուռ կանչեց.

Այստեղ ո՞վ է ապրում:

Ես, Խե՜նթ, ի՞նչ ես ուզում:

Իսկ այստե՞ղ:

Իշխանը:

Իսկ գետնի՞ տակ, մութ բանտու՞մ:

Մի սիրուն աղջիկ, — ասաց հանկարծ ծառաներից մեկը:

Խենթի գույնը թռավ: Նա զգաց, որ աչքերը մթնում են` սրունքները դողդողում:

Է՛յ, հիմարնե՜ր, ինչ եմ անում աղջիկ, ինձ գինի՜ տվեք, գինի՜, ահա հենց այստեղ, այս պատի տակ, — ասաց նա և ծալապատիկ անշարժ նստեց: Ծառաները քիչ-քիչ հեռացան նրանից, երբ տեսան, որ Խենթը այլևս չի ծիծաղեցնում իրենց, այլ գլուխը պատին հենած ուզում է ննջել:

Անցավ մի փոքր ժամանակ: Խենթը տեղից չէր շարժվում. ինչպես մի արձան անշարժ էր, անձայն: Նրա դեմքի ոչ մի մկանը չէր շարժվում, աչքերը բաց, անթարթ, իսկ դիրքն` անփոփոխ: Տեսնողը կասեր, թե Խենթի մեջ այդ միջոցին հոգի, շունչ չկա: Հիրավի, այդ միջոցին նրա հոգին այդտեղ չէր, կարծես բաժանվելով մարմնից թռել գնացել էր նա ով գիտե ուր, դեպի որ աշխարհը... Այո, Խենթը այդ միջոցին թմրած էր, քարացած, բայց եթե սրատես աչքեր լինեին և կարողանային թափանցել մինչև նրա սրտի խորքը, կտեսնեին, որ նրա սրտի ամենամութ խորշերում, նրա հոգին կաշկանդված տանջվում է ու հեծծում... Սոսկալի է նրա հոգու տանջանքը: Հեշտ է ասել հոգու տանջանք, դա մարմնական տանջանք չէ, երբ մենք ցավ ու կսկիծ ենք զգում ու գոռում, ախ ու վախ քաշում, արտասվում և թեթևացնում մեր ցավը: Իսկ հոգեկան տանջանքի ցավն ու կսկիծը այդպես չէ, նա արտասուք չունի, որ գոռա, աղաղակի, այլ լուռ ու անձայն կրծում է մեր սիրտը, շամփրում սրտի ամենաքնքուշ տեղերը, ցամաքեցնում արտասուքները աչքերի մեջ և գեհենը վառում հոգու մեջ... Եվ Խենթն էլ այդ իսկ վայրկյանին տանջվում էր հոգեպես: Դառն մտքերը վիթխարի գազանների նման իրար հետ կռիվ էին մտել, իրար արյուն էին ծծում, և սոսկալի մռնչյունով խորտակվում, ոչնչանում, նրանց տեղ նոր մտքեր էին բարձրանում օվկիանի ալիքներից էլ բարձր, գրկվում իրար հետ, փրփրում և խորտակվում... Եվ Խենթի գլխի մեջ այդ իսկ րոպեին լսվում էին և՜ որոտմունքի գոռ ձայներ, և՜ գազանների կատաղի մռնչյուն, և՜ թնդյուն, և՜ սուլոց, և՜ ահեղ դժոխային ձայներԱյդ ժամանակ մարդուս մարմինը թեկուզ կտոր-կտոր արա, ասեղներով ծակծակիր, հավատացած եղիր, որ նրանից չես լսի հառաչանքի ո՜չ մի ձայն, ցավի ո՜չ մի կսկիծ, դեմքի մկանունքի և ո՜չ մի շարժում

Եվ Խենթն էլ երկար ժամանակ չէր զգում այն աքացիները, որ շարունակ հասցնում էր նրա մոտը կանգնած մի մարդ:

Է՛յ, Խե՜նթ, չե՞ս զգում, վեր կաց, այստեղ մնալ չի կարելի, — ասում էր այդ մարդը` շարունակ աքացի տալով նրան: Բայց Խենթը չէր զգում, չէր իմանում:

Մեռա՞ր, ի՞նչ է, — ասաց մարդը նորից և նրա թևից այնպիսի ուժգնությամբ քաշեց, որ Խենթը շփոթված ոտքի կանգնեց և ապուշի նման նայեց այդ զինված և իր մոտ կանգնած մարդուն:

Հը՛, կորի՜ր այստեղից, սա խենթերու տեղը չէ, թե որ իշխանը քեզ այստեղ տեսնի, ինձ էլ արևի երես ցույց չի տա:

Ինչու՞, ի՞նչ է պատահել, — ասաց Խենթը լուրջ կերպով, դուրս գալով խենթության դերից:

Ինչու՞Բայց մի՞թե ես պարտավոր եմ հաշիվ տալ:

Ի՞նչ կա, որ ես էլ իմանամ:

Գնա՜, — ասաց մարդը հրամայողաբար:

Խենթը զգաց, որ հեռու գնալ չի կարելի: Նա փայտը օրորեց, մի քանի խենթական ոստյուններ արեց և հենց ուզում էր ետ դառնալ, երբ մի սուր ծղրտոց, լսեց և Խենթին սարսափահար տեղն ու տեղը մեխեց:

Խենթը մի վայրկյան քարացած մնաց: Կսկիծը նորից ցնցեց նրա ուղեղը և սառեցրեց արյունը: Այդ ձայնը, ծղրտոցը ծանոթ էր Խենթին, դա կարծես Լուսիկի ձայնը լիներ, որ տեսնելով Խենթին, սոսկալի ծղրտոց էր արձակել և ո՞վ գիտե ուշագնաց եղել: Բայց թե ու՞ր էր Լուսիկը և որտեղի՞ց լսվեց նրա ծղրտոցը, այդ չկարողացավ իմանալ Խենթը և դեռ քարացածի նման կանգ էր առել, երբ պահապան զինվորը հրեց նրան և, դիմելով ծառաներին, ասաց.

Է՛յ, տարեք Խենթին այստեղից, թե չէ նիզակիս համը կտեսնի:

Ծառաները մոտ վազեցին և, համարյա շալակելով Խենթին, դուրս տարան այդ տեղից, ուր մնաց նրա սիրտն ու հոգին

Գ

ՀՈՒՆԱՑ ԶԱՐԴԸ

Հունաց բանակը հետզհետե մոտենում էր Անիին՝ յուր ետևից թողնելով ավերի և մոխրի կույտեր: Այդ բանակի հետ էր Վեստ Սարգիսը, որ խորհուրդներ էր տալիս, հայերի թույլ կողմերը նշում, որպեսզի հույներն ավելի հեշտ տիրեն Հայաստանին, հեշտ ձեռք ձգեն Անի քաղաքը: Նա տվեց յուր խորհուրդները և ասաց, որ եթե Վահրամյանք Անիի դռները փակեն, ինքը խոստանում է գաղտնի աջակցել հույներին: Եվ ապա որպեսզի յուր սև գործերը ոչ ոք չտեսնի, որպեսզի յուր անամոթ դավաճանությունը հայերը չիմանան, թողեց բանակը և հեռացավ ուր որ:

Հունաց հրամանատարը մեծ պատվով նրան ճանապարհ ձգեց, սակայն երբ անհետացավ Վեստ Սարգիսը, հեգնական ժպիտ արձակեց նրա ետևից և ասաց.

Հայի խե՜լք, յուր ազգը մատնելով ուզում է իշխանություն ձեռք ձգել, բայց չի հասկանում թշվառականը, որ յուր համար էլ է հոր փորում:

Եվ հունաց բանակը, կանգ առնելով մի կանաչապատ դաշտավայրում, սկսեց յուր հանգստության վրա մտածել, որպեսզի մյուս օրը մեծ հանդեսով մուտք գործի Շիրակի դաշտավայրը, ուր գտնվում էր և հռչակավոր Անին:

Շուտով մութը պատեց, և աջ ու ձախ սկսեցին խարույկներ վառվել, որոնք հետզհետե սկսում էին բազմանալ և մի տեսակ կենդանություն տալ ամայի դաշտավայրին: Իշխաններն սկսեցին իրենց քեֆը, իսկ զինվորներից ոմանք կերակուր էին պատրաստում, ոմանք էլ, թիկն տալով խարույկների մոտ, տաքանում էին և քաղցր զրույց անում մինչև որ իրենց ընթրիքը պատրաստվեր: Փչում էր սառը, հյուսիսային քամին, որը սարսռեցնում էր զինվորների մարմինները: Թեև եղանակը գարուն էր, բայց Հայաստանի ցուրտ քամին գիշերները անպակաս էր այն կողմերում: Երկինքը պարզ էր ու անամպ, և այդ անհուն մուգ-կապույտի մեջ լողում էին անթիվ աստղեր և ինչպես ադամանդներ փայլփլում: Լուսին չկար, նրա վերջին չքման ժամանակն էր, ուստի և աստղերը երևում էին երկնակամարի վրա իրենց ամբողջ պերճությամբ, իրենց ամբողջ շքեղությամբ, այնինչ Հայաստանի զով ու սառն քամին ով գիտե որտեղից գալով, սուլելով անցնում էր հունաց բանակի միջով` հանգցնում նրանց խարույկները և կորչում հեռու՛-հեռո՛ւ...

Ընթրիքը վերջացավ: Զինվորներից շատերը, հոգնածությունից նեղացած, քաշվեցին իրենց վրանները, փաթաթվեցին իրենց լայնածավալ վերարկուների մեջ, և շուտով լսվեց նրանց անուշ խռմփոցը, այնինչ մի քանիսը դեռ շարունակում էին իրենց զրույցը: Միայն պահապանները արթուն հսկում էին բանակի շուրջը և, իրենց չափավոր քայլվածքը երբեմն դադարեցնելով, խմբվում էին երկուսը կամ երեքը միասին և սկսում իրար հետ զրույց անել, որպեսզի մոտեցող քունը կարողանային իրենցից փախցնել:

Ահա բանակի մի կողմում երկու պահապան կանգ են առել և խոսում են:

Ցուրտ է, ցուրտ, — ասում է նրանցից մեկը, որի բեղերը նոր էին ծլել նրա արևակեզ դեմքին:

Հա՜, ճիշտ է, փչում է հյուսիսային սառը քամին, այնինչ, եթե քամին դադարեր, տաք կլիներ:

Բայց քամին դադարելու ամենևին միտք չունի, իսկ ես սառչում եմ:

Պետք է դիմանալ, մինչև լույս մեզ իրավունք չկա շարժվելու:

Ս՛սմեր հրամանատարը շրջում է, նա աչք է անցնում բանակը, պետք է ամեն մի պահապան յուր տեղում կանգնի, — ասաց երիտասարդ հույնը և, նիզակը ձեռքն առնելով, սկսեք նշանակված տեղում անց ու դարձ անել:

Քիչ հետո, հիրավի, հույն հրամանատարը, մի քանի իշխաններով շրջապատված, բանակն էր դիտում և պահապաններին ստուգում: Նա մոտեցավ երիտասարդ հույն պահապանին էլ, որ զինվորական պատիվ տվեց իրեն: Եվ հրամանատարը տեսնելով, որ ամեն ինչ կարգին է, որ պահապանները լուրջ կերպով հսկում են բանակը, միամիտ յուր վրանը մտավ: Բանակի մեջ հետզհետե տիրեց խոր լռություն և խարույկներն էլ կամաց-կամաց սկսեցին հանգչել, չքանալ, և բանակը ընկղմվեց խավարի մեջ:

Next page