Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Շարժումը դադարեց, և մեռելությունը տիրեց ամեն տեղ: Աստղերի թույլ լուսավորության տակ երևում էին միայն պահապանների սև ուրվագծերը, որոնք ինչպես գիշերային վհուկներ` դանդաղ, բայց չափավոր քայլերով շրջում էին մի տեղից մյուսը: Երիտասարդ հույն պահապանը, որ նույնպես շրջում էր, հանկարծ կանգնեց և լայն բաց արած աչքերով նայեց իր առջև: Բայց այնտեղ ոչինչ չկար, մութ էր ու խավար: Նա լույս ժամանակից հիշում էր, որ իրենից քիչ առաջ տարածվում էր մի փոքրիկ ձոր, որի միջով վազում էր փոքրիկ առվակը, իսկ այժմ այնքան մութ էր, որ այդ առվակը, այդ ձորը չէր երևում, թեև պարզ լսվում էր առվակի խոխոջը:

Ո՛հ, ինչ հիմար բան է գիշերը պահապան լինել անծանոթ տեղ, օտար երկրում, ուր չես իմանում, թե ինչ կա, ինչ չկա: Հիմա ես ի՞նչ անեմ, որ այստեղից, հանկարծ մի գունդ դուրս գա և վրա տա մեր բանակին... Դոքա առաջ ինձ կսպանեն, իմ մատաղ կյանքը կխավարեցնեն` առանց հնար ունենալու ընկերներիս ձայն տալու. բայց ես ի՞նչով եմ մեղավոր, մի՞թե մեղք չեմ, — ասում էր պահապանը ինքն իրեն և միևնույն ժամանակ զգում, որ քունը ամեն կերպ հաղթահարում է իրեն: — Է՛հ, գոնե շուտ լուսանար, ես իմ հերթից պրծնեի, վաղը անուշ քնեի... Բայց այս ի՞նչ բան է, — ասաց նա և աչքերը սկսեց տրորել: Նրա աչքին երևաց, որ ինչ-որ մի սև կետ երբեմն բարձրանում է ձորի միջից, երբեմն անհետանում: — Զարմանք բան, այժմ ոչինչ չկա, մի՞թե ես խաբվում եմ... այս կողմերը գազաններ էլ շատ կլինեն, ի՞նչ կլինի, եթե մի խումբ գայլեր հանկարծ վրաս թափվեն... Օ՛... սարսափելի է գայլերի ատամների տակ. անպիտանները մի վայրկյանում ինձ կուլ կտան, ոսկորներս անգամ չեն թողնիբայց քունս սաստիկ տանում է, ի՞նչ կլինի, եթե այս կանաչ խոտի վրա պառկեմ և քիչ, շատ քիչ քնեմ, գոնե մի րոպե, ո՞վ կտեսնի ինձ, կամ ի՞նչ վտանգ կարող է սպառնալ բանակին` ոչի՜նչ: Ես հավատացած եմ, որ ոչինչ. հայերը չեն համարձակվի մեր բանակի վրա արշավել, — ասաց զինվորը և կիսաթեք ընկավ գետնին` գլուխը դնելով ձեռքերի վրա:

Այս անպիտան քամին էլ հոգիս հանեց. ես դողում եմ ամբողջ մարմնովս, ու՛ֆ, — ասաց դարձյալ պահապանը, կոլոլվեց վերարկուի մեջ, նրա աչքերը ծածկվեցան, և անուշ նիրհը պատեց նրան: Չնկատեց էլ, թե ինչպես ձորի միջից մի գլուխ երևաց, որն աջ ու ձախ նայելուց հետո, փորսող տալով առաջ եկավ դեպի պահապան զինվորը: Այդ մարդը մերկ սուր ուներ ձեռքին` պատրաստ յուր հակառակորդի կուրծքը մխելու:

Փորսող տալով նա մի փոքր առաջ եկավ և կանգ առավ, կարծես շունչը ետ բերելու և դիտելու, թե ոչ ոք հո չի տեսնում իրեն: Երբ համոզվեց, որ ամեն ինչ շուրջը խաղաղ է, որ պահապանները բոլորն էլ քնած են, կրկին առաջ սողաց և վայրենի աչքերով դեպի քնած պահապանը նայեց, ապա նա կզեց և սուրը պատրաստեց մի ոստյուն անելու դեպի յուր զոհը, բայց հենց այդ միջոցին պահապան զինվորը շարժվեց և բաց արավ աչքերը: Նա իրենից մի քայլ այն կողմ երկու փայլուն աչքեր տեսավ, որոնք ուղղված էին իրեն, կարծես ուզում էին կլանել իրեն: §Ի՞նչ է այդ, մի՞թե աչքերս խաբում են ինձ», — մտածեց զինվորը և մի վայրկյան փակելով աչքերը` նորից բաց արավ և սարսափեցՆա տեսավ հենց յուր առջև չոքած մի մարդ, որի ձեռքի սուրը մի ակնթարթ միայն փայլեց, ապա զգաց սուր ցավ, որից իմացավ, որ սուրը մխվեցավ յուր կոկորդի մեջ:

Երիտասարդ պահապան զինվորը մահվան մի քանի ցնցումներ արավ և մնաց անշարժ, այնինչ ձորից դուրս եկող մարդը կրկին փորսող տալով ետ-ետ գնաց և կորավ մթության մեջ...

Անցավ շատ կարճ ժամանակ. այն կողմից, որտեղից առաջ երևացավ փորսող տվող մարդը, այժմ խումբ-խումբ մարդիկ երևացին, որոնք, մի փոքր կանգ առնելով, զգուշությամբ դիմեցին դեպի բանակը:

Ստեփանի՜կ, քո գունդը աջ կողմից տար, իսկ ես կաշխատեմ նրանց փախուստը արգելել, — ասաց մի մարդ, որ ձեռքին ահագին սուր էր ճոճում:

Լավ, Հարպի՜կ իշխան, միամիտ մնա, հույներին լավ դաս կտանք, նրանց պահապանները բոլորն էլ մորթված են և մեր ճանապարհը հարթված է, մինչև նրանք զարթնեն, մենք նրանց գլուխները կկտրենք, — ասաց Ստեփանիկը և յուր գունդը դեպի աջ տարավ:

Սկսվեց կոտորածը լուռ, առանց աղմուկի, երբ հանկարծ, կեսգիշերին, հունաց բանակից բարձրացավ վայնասունի, ճիչ ու գոռոցի ձայներ: Քնած զինվորները ոտքի կանգնեցան. նրանցից ո՜րը զենք առավ, ո՜րը ուզեցավ փախուստ տալ, բայց հայ կտրիճների սուրը ամեն տեղ հասնում էր նրանց և յուր հունձը անում:

Կոտորածը դեռ շարունակվում էր, երբ բացվեցավ արշալույսը և լուսավորեց պատերազմի դաշտը: Սոսկալի էր այդ դաշտը: Մի խումբ կտրիճ հայերից կոտորվել էր հունաց բանակի մեծ մասը, իսկ մնացածը լեղապատառ փախուստ էր տալիս, ո՜րը ձիով, ո՜րը ոտքով:

Այդ ժամանակն էր, որ Հարպիկ իշխանը յուր արյունալի սուրը ձեռքին պտրում էր մեկին և գտավ նրան: Հարպիկ իշխանը տեսավ, որ հույն հրամանատարը հույն գնդի առաջ ընկած քաջությամբ կռվում է և ուզում է ճանապարհ բանալ Ստեփանիկի կտրիճների միջից:

Անիծյա՜լ հույն, մի՞թե չես ճանաչում լեռների ավազակին, — գոռաց նա և մղվեցավ կռվողների մեջ:

Հույն հրամանատարը նայեց նրան և սոսկաց: Նա ուզեց ետ դարձնել յուր ձիու գլուխը և փախուստ տալ, բայց ուշ էր: Հարպիկի սուրը կես արեց նրա գլուխը, և նա արյունաթաթախ ցած գլորվեց:

Երբ հույները նկատեցին իրենց հրամանատարի ընկնելը, շտապեցին փախուստ տալ կռվի դաշտից: Եվ Հարպիկ իշխանը արգելք չեղավ նրանց: Նա տեսավ, որ հունաց այդ բանակը բոլորովին ջախջախվեցավ և թե նա այլևս պետք էլ չի կարող գալ:

Այդ ջարդը լավ դաս էր հույներին, թող հունաց կայսրը նոր բանակ կազմի և Հայաստան ուղարկի, — ասաց Հարպիկը յուր արյունոտ սուրը սրբելով...

Դ

ԴԱՎԱՃԱՆԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Հունաց բանակի ջարդվելու լուրը Անի հասավ և ցնծությամբ լցրեց հայերի սիրտը: Ամբոխն սկսեց ջերմեռանդ աղոթքներ առաքել առ Ամենաբարձրյալը, որ նա հովանի կացավ Հայաստանին և չձգեց հույների ձեռքը, այնինչ իշխաններն էլ մյուս կողմից ցնծության խրախճանք կազմեցին և տոնեցին հայոց գնդի այդ մեծ հաղթությունը: Այդ ժամանակն էր, որ Վեստ Սարգիսն էլ մուտք գործեց Անի և երբ տեսավ անեցվոց ուրախությունները, երբ լսեց նրանց զվարթ հաղթական երգերը, մռայլվեցավ, հուզվեց նրա սիրտը և խռովեց հոգին:

«Ի՞նչ է արդյոք պատահել, — մտածում էր նա, — ինչու՞ անեցիք այդպես ուրախ են և հաղթական երգեր են երգում. մի՞թե դրանց հայտնի չէ, որ հունաց բանակի քաջ լեգեոնները ուր որ են կերևան և մոխրի ու կրակի կույտեր կդարձնեն Անին

Խելացնորներ, ի՞նչ են ուրախանում, ի՞նչ են երգում, չէ՞ որ Վեստ Սարգիսը սպասում էր, որ տեսնի անեցիներին մռայլ, հուսահատ... Այս ի՞նչ է պատահել», — մտածում էր Վեստ Սարգիսը և մռայլված առաջ գնում դեպի յուր պալատը:

Վեստ Սարգիսը դեռ չգիտեր Հունաց բանակի ջարդը:

Եղո՜, ի՞նչ է պատահել անեցիներին, ինչու՞ նրանք ուրախ են, — դարձավ Վեստ Սարգիսը մռայլ դեմքով իրենից անբաժան Եղոյին: Եղոն ոչինչ չպատասխանեց: Նա էլ մռայլ էր, նա էլ հուսահատ. երևում էր, որ դժվարանում էր յուր տիրոջը ուղիղ պատասխան տալ. չէ՞ որ դրանով կվշտացներ յուր տիրոջը:

Եղո՜, մի՞թե ճիշտ է, որ անեցիք ուրախ են, թե այդպես է թվում միայն ինձ, — հարցրեց նա դարձյալ:

Այո, տե՜ր, չեք սխալվում, — պատասխանեց Եղոն:

Բայց ինչու՞, ի՞նչ է պատահել:

Մի ցավալի բան, տե՜ր:

Ի՞նչմի՞թե Գագիկը

Ո՜չ, տե՛ր, ո՜չ, Գագիկը չի համարձակվի Անի մտնել,— ընդհատեց Եղոն շշնջալով:

Վեստ Սարգիսը մի փոքր հանգստացավ:

Ուրեմն ի՞նչ է պատահել, խելագարվել են, ի՞նչ է, ինչո՞ւ են նրանք ուրախանում, երբ մի քանի օրից հետո պիտի կոտորվեն հունաց բանակի ձեռքով: Մի՞թե այդ չեն հասկանում:

Հը՛մ, դա անցավ, — ասաց Եղոն` մի հեգնական ժպիտ արձակելով:

Ի՞նչպես թե անցավ:

Այնպես անցավ, որ հունաց բանակի հետքն էլ չի մնացել, մինչդեռ մենք ոլորուն ճանապարհներով ժամանակ էինք վատնում և սպասում հունաց բանակին, որ Անի հասնի, անեցիք քնած չեն եղել: Հարպիկ իշխանը Վահրամյանց գնդերի գլուխ անցած մեծ ջարդ էր տվել նրանց հենց այնտեղ, ուր մենք թողինք նրանց:

Բայց մի՞թե այդ ճշմարիտ է, Եղո՜, մի՞թե ահեղ հունաց բանակը մի ավազակից ջարդվեց:

Կատարելապես ճշմարիտ: Ես այդ բոլորը ստուգեցի հենց որ Անիի դռներին հասանք:

Եվ այդ հաղթության վրա՞ են ուրախանում անեցիք, — հարցրեց Վեստ Սարգիսը գունատ դեմքով:

Հե՜նց դրա վրա:

Լավ, այդ առաջինը ջարդվեց, բայց տասն ուրիշ բանակներ կգան, քնած չէ Վեստ Սարգիսը, — պատասխանեց նա սրտի կսկիծից գունատված դեմքով և ձին առաջ քշեց: Երբ նա հասավ ս. Լուսավորչյա մայր եկեղեցու մոտ, ուր խմբված էին իշխաններ, հոգևորականներ և ժողովուրդ, մի րոպեում նրա դեմքի մռայլը անհետացավ և մի այնպիսի գոհունակության և ուրախության արտացոլումն ստացավ, որ ժողովուրդը նայելով նրա դեմքին` փսփսաց իրար մեջ.

Ահա խնամակալը եկավ, տեսեք ինչքա՛ն նա ուրախ է:

Կեղծ է նրա ժպիտը, — ասաց կանգնածներից մեկը:

Ո՜չ, կեղծ չի կարող լինել, նայեցե՜ք, — ասաց նրա խոսակիցը և մատով ցույց տվեց դեպի Վեստ Սարգիսը:

Ամենքը դեպի Հայաստանի գահի խնամակալը նայեցին: Վեստ Սարգիսը ձիուց ցած էր իջել և համբուրելով եկեղեցու դռները, ուրախության առատ արտասուքներ էր թափում և բարձր, լսելի ձայնով ասում.

Ո՛հ, ամենակա՜լ տեր, դու չկորցրիր որբացած հայերին և նրա թափուր գահը պահպանեցիր: Տե՛ր, ընդունիր իմ գոհունակության անարժան աղոթքը և հաստատ պահիր Բագրատունյաց գահը մինչև հավիտյան:

Ապա նա դառնալով իշխաններին, հոգևորականությանը, սեղմում էր նրանց ձեռքերը և Հուդայի համբույրներ տալիս:

Կեցե՛ք և իմ անկեղծ ուրախությունը ձեր ուրախությանը: Վեստ Սարգիսը հոգով ուրախ է հայերի քաջության և հաղթության համար: Թող խորտակվեն հույները, թող կորչեն մեր թշնամիները, — ասում էր նա և աչքերից թափում ուրախության արցունքներ:

Տեսնու՞մ ես, բարեկա՜մ, ինչքա՛ն նա ուրախանում է, — ասաց ժողովրդի միջից առաջին բարձրահասակ մարդը:

Տեսնում եմ, տեսնում: Ես նկատում եմ, որ Վեստ Սարգիսը ուրախությունից արտասվում է,— պատասխանեց խոսակիցը մտամոլոր:

Բայց չէ՞ որ ասում էին, թե Վեստ Սարգիսը դավաճան է:

Հա՜, ասում են:

Բայց մի՞թե դավաճանը այդպես կուրախանա հունաց բանակի ջարդվելուց կամ մի՞թե նա այդպիսի խոսքեր կասի…: Դու լսեցի՞ր` նա ինչ ասաց:

Լսեցի, բարեկա՜մ:

Ուրեմն նա դավաճան չէ, ինչպես ասում են:

Չգիտեմ, — պատասխանեց խոսակիցը, — գուցե նա դավաճան չէ և զուր մեղադրում են:

Չէ, ես հավատում եմ, որ մեր թագավորության խնամակալը բարի մարդ է, շատ բարի և դավաճան չէ, — ասաց առաջին խոսակիցը:

Ո՞վ գիտե, բարեկա՜մ, մեր խելքը հեռու չի կտրում, ո՞վ գիտե` ի՞նչ կա նրա սրտի մեջ թաքնված, իսկ դա մեզ այդպես է ցույց տալիս, — ասաց երկրորդ մարդը և շուտով խառնվեցավ ամբոխի մեջ:

Այդ ժամանակ իշխաններն արդեն ցրվել էին և Վեստ Սարգիսն էլ հեռացել դեպի յուր պալատը:

Բայց ամբոխը դեռ խումբ-խումբ կանգնած խոսակցում էր, երբ հանկարծ փողոցի ծայրում մի մարդ երևաց, որ գրավեց բոլորի ուշադրությունը:

Խե՛նթը, Խե՛նթը գալիս է, — կանչեցին մի քանի ձայներ:

Հիրավի Խենթն էր, որ երևաց փողոցի ծայրին յուր անբաժան երկար փայտը ձեռքին: Նա մոտեցավ ամբոխին և աչքերը վայրենաբար աջ ու ձախ պտտեց: Ամբոխը տեղ բացեց և շրջապատեց Խենթին: Ամբոխը տրամադիր էր այսօր ուրախանալու և լսելու Խենթին:

Հե՛յ, հե՛յ, ճանապարհ տվեք, ինձ ճանապարհ տվեք, — կանչեց նա և բարձրանալով մի քարի վրա, նայեց շուրջը և ապա խիստ սրտակտոր ձայնով ասաց.

Ինձ մի հարցնեք` ո՞վ եմ ես,

Վա՛յ ինձ, վա՛յ ինձ

Սիրուն ու շեն Անին եմ ես,

Վա՛յ ինձ, վա՛յ ինձ...

Խե՜նթ, ինչո՞ւ ես վայ կանչում, չէ՞ որ այսօր ուրախանալու օր է: Չե՞ս տեսնում` ամենքը ուրախ են, որովհետև հույներին ջարդել են հայերը, — ասաց ամբոխից մի ծեր մարդ:

Սուտ է այդ բոլորը, ամենքը ուրախ չեն, — պատասխանեց Խենթը:

Ամենքը ուրախ են, Խե՜նթ, թե՜ իշխան, թե՜ ռամիկ. միայն դու ես, որ կրկին վայ ես կանչում, — պատասխանեց նույն մարդը:

Ես պիտի կանչեմ վա՛յ, մինչև որ նա կա և ապրում է:

Ո՞վ, Խե՜նթ, ո՞վ կա և ապրում է, — հետաքրքրությամբ հարցրեցին զանազան կողմերից:

Նա, նա, ով լալիս է և ուրախանում, ով ժպտում է և տրտմում, ով աղոթում է և անիծում:

Ի՞նչ ես ասում, Խե՜նթ, մենք ոչինչ չենք հասկանում: Ասա՜, ո՞վ է այդ մարդը, որ ուրախության ժամանակ տրտմում է, իսկ տրտմության ժամանակ ուրախանում, — պատասխանեց նույն ծերունին և հետաքրքրությամբ Խենթին նայեց:

Վա՛հ, մի՞թե դուք աչքեր չունեք, որ տեսնեք, ականջ չունեք, որ լսեք: Օձը թույն է պատրաստում և յուր քաղցր խոսքերով ձեզ քնեցնում:

Ո՞վ է այդ մարդը, Խե՜նթ, մի՞թե Վեստ Սարգիսն է, որ այսօր լիասիրտ արտասվում էր և գոհունակության մաղթանքներ ուղղում հայոց հաղթության համար:

Խենթի աչքերում ուրախության կայծակներ շողացին: Նա հասել էր յուր նպատակին և ամբոխը արդեն գլխի էր ընկնում:

Սուտ է, նա դավաճան չէ, — լսվեց հանկարծ մի ձայն ամբոխի միջից: Ամենքը այն կողմ նայեցին և տեսան մի բարձրահասակ մարդ, որ յուր փոքրիկ աչքերը դեպի Խենթն էր դարձրել և ուշադրությամբ լսում էր նրան:

Դու ի՞նչ գիտես, որ սուտ է, — պատասխանեց ծերունին:

Սուտ է: Եթե դավաճանը եկեղեցու դուռը համբուրի, իսկույն գետինը կպատռվի և նրան կուլ կտա:

Երեխա՞ ես, բարեկա՜մ, աստված յուր դատաստանը այդպես շուտ չի անում, դեռ ժամանակ է տալիս նրան ապաշխարելու, — պատասխանեց մեկը:

Բայց ես չեմ հավատում, որ Վեստ Սարգիսը վատ մարդ է:

Այո՛, ես էլ չեմ հավատում, ոչինչ չեմ տեսել, բայց շատ բան լսել եմ: Ասում են, որ նա մինչև անգամ ուզում է թագավոր դառնալ և այդ պատճառով ուզեցել է Գագիկ Բագրատունուն սպանել տա:

Ո՜չ, այդ անկարելի է: Ով կհամարձակվի նրա մի մազին դիպչել: Մենք կխորտակենք Վեստ Սարգսի պալատը և իրեն էլ կտոր-կտոր կանենք:

Ամբոխի միջից վիճաբանությունը հետզհետե տաք կերպարանք էր ստանում: Խենթը կայծը գցել էր և կռթնած յուր փայտին լուռ կացել. նա տեսնում էր, թե ինչպես այդ կայծը հետզհետե բորբոքվում ու աճում էր:

Մարդի՜կ, դատարկ-դատարկ խոսել պետք չէ, — ասաց նույն ծերունին, — մենք ավելի լավ կանենք, որ շուտով Գագիկին թագավոր օծել տանք:

Բայց նա փոքր է:

Ի՞նչ անենք, որ փոքր է. բայց նա քաջ է և խելոք:

Ու՞մ դիմենք, տղե՜րք:

Վահրամ իշխանին, մեր անգին Վահրամ իշխանին խնդրենք: Նա սիրում է մեզ և մեր խնդիրը ոտքի տակ չի ձգի:

Կեցցե՛ Գագիկ թագավորը, ապրի՛ Վահրամ իշխանը, — գոռաց ամբոխը, և նրա ձայնին արձագանք տվին Անիի շքեղ պալատներն ու շինությունները:

Գնա՛նք, գնա՛նք Վահրամ իշխանի մոտ, — կանչեց ամբոխից մի ձայն, — պետք չէ ուշացնել երկաթը տաք-տաք կծեծեն:

Գնա՛նք, գնա՛նք, — կանչեց ամբոխը և շարժվեց դեպի Վահրամ Պահլավունու պալատը, ճանապարհին շարունակ գոռալով.

Կեցցե՛ Գագիկ թագավորը, ապրի՛ Վահրամ իշխանը...

Ամբոխին առաջնորդում էր Խենթը:

Ե

ՍԵՎ ՁԵՌՔԸ

Վեստ Սարգիսը լսում էր ամբոխի գոռ ձայնը և նրա սիրտը կսկծում էր: Ամեն անգամ, երբ ամբոխը «կեցցե՜ Գագիկ, ապրի՜ Վահրամ» խոսքերն էր ասում, նրա մարմինը փշաքաղվում էր և արյունը սառչում երակների մեջ: Բայց լուռ նայում էր այդ ամբոխին, և կատաղի վրեժխնդրության ալիքներն անցնում էին նրա մռայլ դեմքի վրայով: Սա նայում էր ամբոխին, նայում և սեղմված բռունցքով սպառնում նրան:

Դու, ցնորամի՜տ ամբոխ, մոռացած մի ուժեղ առյուծ, լամուկին քեզ համար թագավոր ես հռչակում և սողում ծեր աղվեսի ոտքերի տակ, բայց կգա ժամանակ, երբ դու նույն կեցցեները ինձ համար կկանչես և կսողաս ոտքերիս տակ ինչպես մի թույլ, անզոր մրջյուն... Բայց լավ իմացիր, որ այն ժամանակ քեզ փրկություն չի լինի, և Վեստ Սարգիսը, Հայաստանի օծյալ թագավորը միայն անիծյալ տնեցիների ոսկորների վրա պիտի թագավորի, միայն այն ժամանակ հոգիս կհանգստանա և կմոռանա այն վերքերը, որ այժմ հասցնում ես ինձ... Այն ժամանակ, երբ տեսնեմ, որ այդ ամբոխը սողալով գալիս է ինձ մոտ և ոտքերս ընկնում, դրան ոտքերիս տակ տրորելով միայն կառնեմ վրեժխնդրության ծարավս... Օ՛, կգա այն ժամը, երբ կկոխկրտեմ այդ գարշելի ամբոխի արնաթաթախ դիակները և իմ թագավորության գահը նրա ոսկորների վրա կկանգնեմ: Վնաս չկա, հունաց մի բանակը չարգվեցավ, բայց Հունաստանը չկործանվեց: Այնտեղ շատ լեգեոններ կան և այդ լեգեոնները գունդ-գունդ Հայաստանի վրա կարշավեն, իսկ եթե դրանք էլ չեն օգնի, թաթարաց գնդերը կգրգռեմ և գործ կդնեմ իմ խորամանկության ու խաբեության բոլոր հնարները մինչև որ ինձ հաջողվի Հայաստանի գահը բարձրանալ, կամ կործանել նրանՄիայն երկու ճանապարհ եմ ընտրել. կամ պիտի կործանվի Հայաստանը և ամայի անապատ դառնա, կամ ես պիտի ժառանգեմ այդ գահը: Իսկ նպատակիս հասնելու համար չեմ խնայի ո՜չ մի միջոց, ո՜չ հարազատիս արցունքը, ո՜չ հայրենիքիս սերը և ո՜չ աստծուն: Թույն և մահ պիտի սփռեմ Հայաստանի մի ծայրից մյուսը և ավերակների ու մոխրի կույտեր պիտի դարձնեմ շեն քաղաքներն ու գյուղերը... Ահա թե ինչ է ցանկանում Վեստ Սարգիսը:

Եվ Վեստ Սարգիսը սկսեց պղտոր հայացքով նայել ամբոխին, որ ծովի ալիքների նման ալեկոծվում էր և հառաջանում դեպի Վահրամ Պահլավունու շքեղ պալատը:

Նա տեսավ մինչև անգամ, թե ինչպես դուրս եկավ ամբոխի առաջ ծերունի Վահրամը և ինչ-որ բան ասաց ամբոխին. իսկ ամբոխը ինչպես մի մարմին կրկին հնչեցրեց յուր գոռ ձայնը և շուտով ցրվեցավ Անիի փողոցներում:

Ի՞նչ ասաց ծեր աղվեսը, երևի խոստացավ նրանց, թե շուտով Հայաստանի թափուր գահի վրա կբարձրանա մանուկ Գագիկը... հա՛, հա՛, հա՛, խելացնո՜ր Վահրամ, մի՞թե չգիտես, որ Հայաստանի գահը այժմ թափուր չէ, այլ գտնվում է «Սև Մարդու» երկաթե ճիրանների մեջ, որի ձեռքից ո՜չ ոք, ո՜չ Գագիկ, ո՜չ Վահրամ և ո՜չ աստված չեն կարող խլել...

Վեստ Սարգսի խոսքերն ընդհատվեցան, նա ետ նայեց ու տեսավ յուր սիրելի Եղոյին, որը քրտնած, շունչը հազիվ ետ բերելով, ասաց.

Իշխա՜ն, մեր գործը հետզհետե դեպի վատն է գնում:

Ի՞նչ կա, Եղո՜ , ի՞նչ է պատահել, — հարցրեց Վեստ Սարգիսը, իբր թե ոչինչ տեղեկություն չուներ:

Տե՜ր, ամբոխը Գագիկին կեցցե է կանչում և, դիմելով Վահրամ իշխանին, խնդրում է շուտով Գագիկին Անի բերել և բազմեցնել թագավորության գահին:

Հետո՞, ի՞նչ պատասխանեց Վահրամ իշխանը:

Նա խոստացավ շատ շուտով այդ բանը գլուխ բերել, հասկացնելով, թե ինքն էլ նույն կարծիքին է, որովհետև Հայաստանը տանջվում է «Սև Մարդու» երկաթե ճիրանների մեջ:

Ինչպե՞ս, նա համարձակվեց հայտնի կերպով իմ դեմ խոսել:

Այո, տե՜ր, Սև Մարդ ասելով քեզ էր ակնարկում և ամբոխն էլ կարծես համամիտ էր նրան: Մի կայծ, փոքրիկ մի կայծ էր պետք, որ ամբոխը բորբոքվեր քո դեմ: Միայն այդ ժամանակ նա, յուր տրտունջը հայտնելով, բավականացավ և ցրվեց, բայց երկյուղ կա, որ մյուս անգամ այդպես թեթև չի անցնի:

Այդ ամբոխը չի համարձակվի շշունջ հանել, իսկ եթե հանդգնի, ես կխեղդեմ նրան իմ ճիրանների մեջ: Բայց այդ թողնենք, Եղո՜, ասա ինձ, ու՞ր են թաքցրել Գագիկին: Պետք է մինչև հույների Անի մտնելը նրան ուղարկել յուր պապերի մոտ: Սուրը չհաջողեց, այժմ կարելի է թույն գործածել:

Առայժմ ինձ անհայտ է, տե՜ր, սատանան միայն գիտե, թե ուր են նրան թաքցրել, — ասաց Եղոն:

Լավ, մենք շուտով կգտնենք: Լուսիկի բերանից ամեն ինչ կարելի է իմանալ, հետևիր ինձ, — ասաց նա և Եղոյի հետ միասին գնաց յուր պալատի ներքնատներից մեկը, ուր խոնավ, մութ պատերի մեջ փակված էր Լուսիկը:

Նա պառկած էր հարդի վրա լուռ, անձայն, որ կարծես կենդանության նշույլ չունենար վրան:

Եղոն լուսավորում էր ջահով նրա գունատ, մեռելային դեմքը:

Նա կարծես քնած է, — ասաց Եղոն` մոտեցնելով ջահը Լուսիկի դժգույն դեմքին:

Եթե քնած է, պետք է զարթեցնել, — ասաց խրոխտ ձայնով Վեստ Սարգիսը:

Է՛յ, օրիո՜րդ, վեր կաց, իշխանը քեզ հետ ուզում է խոսել, — ասաց Եղոն հրելով օրիորդին:

Լուսիկը սարսափահար վեր թռավ յուր հարդե անկողնից և վայրենաբար շուրջը նայեց: Խեղճը երկար արթուն մնալուց հետո նոր էր քուն մտել, նոր էր փակել հոգնած արտասվալից աչքերը և ընկղմվել երազների մեջ: Տանջալից և սոսկալի էին այդ երազները, երբ զարթեցրեց նրան Եղոն:

Ա՛հ, հա՜յր, մի՞թե դու ես, բայց ինչու՞ քո վրայից կաթկաթում է արյունը, այդ ի՞նչ է, ես սարսափում եմ, — ասաց Լուսիկը` սարսափահար դիտելով Վեստ Աարգսի դեմքը:

Խելքի արի, օրիո՜րդ, հայրդ չէ քո առաջ կանգնած, այլ իշխան Վեստ Սարգիսը: Հայրդ վաղուց ոգիների աշխարհն է գնացել: Զառանցանքներով մի՜ ապրի, այլ լսիր, թե ի՞նչ են հարցնում քեզ և ուղիղ պատասխանիր:

Լուսիկը նայեց խոսակցին, նայեց և հիշեց դառն իրողությունը: Նա զգաց, որ ինքը բանտարկված է, միայնակ, անօգնական, անտեր յուր բանտի մեջ, ուր տանջում են դահիճները: Բայց նա իրեն չկորցրեց. թափահարեց իրանից թուլասրտության հոգին և խրոխտ կերպարանք առնելով հարցրեց.

Ի՞նչ է պահանջում ինձանից Հայաստանի գահի խնամակալը:

Վեստ Սարգսի դեմքը ավելի խոժոռվեց: Նա զգաց, որ օրիորդը հեգնում է իրեն, որ նա ծիծաղում է խնամակալ բառի վրա:

Այս րոպեիս կիմանաս, թե Հայաստանի գահի խնամակալը քեզանից ի՞նչ է ուզում իմանալ: Ասա, խելա՜ռ աղջիկ, թե դու և քո հայրը ի՞նչ հարաբերության մեջ էիք իրար հետ և ի՞նչ էիք նյութում իմ դեմ:

Միայն այդքա՞ն, իշխա՜ն, էլ ուրիշ ոչինչ չե՞ս պահանջում, — ասաց Լուսիկը և մի այնպիսի արհամարհական հայացք ձգեց Վեստ Սարգսի վրա, որ վերջինիս համբերությունը հատնում էր:

Բացի դրանից, — շարունակեց Վեստ Սարգիսը, — դու ինձ պիտի հայտնես, թե որտե՞ղ է թաքնված Գագիկ Բագրատունին` Հայաստանի գահի ժառանգը: Եթե դու այդ երկու հարցիս ճիշտ պատասխան տաս, այս խոնավ բանտից կազատվես և առ ժամանակ ապահով տեղ տեղափոխվելուց հետո ազատություն կստանաս:

Իշխա՛ն, զուր նեղություն ես կրել այդ բանի համար ինձ այցելելու, զուր ես աշխատում քո սև հոգին ներշնչել իմ մեջ և կեղտոտել իմ մաքուր հոգին: Ինձ ազատություն ես խոստանում, որ ես հայրենիքիս ազատությունը քո ձեռքը մատնեմ, որ ես գաղտնիքները քեզ հայտնեմ և օրինական թագավորի բախտը քո անգութ ճիրանների մեջ ձգեմ, սակայն իմացիր, որ իմ հոգին սև չէ, ինչպես քոնը: Կտանջվեմ, կչարչարվեմ, բայց հայրենիքս չեմ մատնի, չեմ դավաճանի, ինչպես դու

Լռի՛ր, անզգա՜մ աղջիկ, թե չէ քեզ կսովորեցնեմ, թե ում հետ գործ ունես:

Գիտեմ այդ, իշխա՜ն:

Ի՞նչ գիտես:

Որ մի ստոր դավաճանի հետ գործ ունեմ, որը զուրկ է և՜ գութից, և՜ խղճից...

Ես քո լեզուն կկտրեմ, — ասաց Վեստ Սարգիսը գունատված և սուրը պատյանից հանեց: Այդ ժամանակ Եղոն մեջ մտավ:

Իշխա՜ն, ինձ բաշխիր սրա կյանքը, և թույլ տուր ինձ խոստովանեցնել սրան: Ես գիտեմ սրա լեզուն:

Վեստ Սարգիսը սուրը պատյանը դրեց և դուրս գնաց Եղոյի հետ: Լուսիկը մնաց միայնակ:

Զ

ՔԱՄՈՒ ՀԱՌԱՉԱՆՔԸ

Մինչ այս, մինչ այն վրա հասավ Հայաստանի ցուրտ և սարսռալից ձմեռը:

Դաշտերն ու ձորերը ամայացան և շարժումը դադարեց: Ճչեցին ցուրտ քամիները և ամայի դաշտերի ու ձորերի վրա սկսեցին իրենց վայրենի պարը պարել ու տաղտկալից մեղեդին երգել...

Անին և յուր շրջակայքն էլ հագան ձմռան վերարկուն ու ծածկվեցան թանձր ձյունով: Կարծես թե մեռած էր բնությունը, կարծես թե Անիի վրա իշխելիս լիներ միայն սառը քամին և ձմռան մեռելությունը, որն անարգել բախում էր հարստի ու աղքատի, ռամիկի ու իշխանի դուռը, ինչ-որ բան փսփսում դռների արանքներից և ապա, խելագարի նման դուրս թռչելով, կորչում, հեռանում Անիից և անհետանում ո՞վ գիտե ուր, ո՞վ գիտե որ լեռան կամ ձորի ծոցում... Ինչու՞, ի՞նչ էր տեսնում նա դռները արանքից, որ այդպես հուզվում, այդպես ալեկոծվում էր: Մի՞թե նրան դուր չէին գալիս այն տեսարանները, ուր կյանքը եռում էր և ուր մայրը յուր բալիկին նանիկ էր ասում. ծերունի պապը յուր նախնյաց քաջագործությունը պատմում շուրջը ժողոված կարմրերես հարսներին, սիրուն կույսերին և լայնաթիկունք պատանիներին, որոնց դեմքերը փայլում էին ներքին ոգևորությունից և ցանկանում, որ անվերջ, անծայր շարունակվի պապի պատմածները, որ նրանք միշտ լսեն նախնյաց քաջագործությունները և որոնց հետ իրենք էլ լան և ուրախանան... Եվ քամին նայում էր ամեն տուն, ականջ դնում և շտապ հեռանում: Դարձյալ գալիս էր, դարձյալ հեռանում: Նա տեսնում էր ամեն բան, իմանում ամեն գաղտնիք, լսում էր ամեն խոսակցություն, շշունջ, ծիծաղ ու խնդություն, հառաչանք ու հեծկլտանք և, ապա, ինքն էլ մի հառաչանք, մի ճիչ, մի շվվոց արձակելով, անհետանում...

Եվ քամին, այդ ազատ դաշտերի ազատ որդին զարմանում էր ու մտածում. §Ինչո՞ւ մի տեղ լալիս են, մյուս տեղ` ուրախանում, մի տանը հրճվում են, մյուս տանը` ախ ու վուշ անում: Եվ ինչու՞ տնեցիների մեծ մասի դեմքերին չի երևում ժպիտի և ոչ մի նշան, այլ մի տեսակ վհատություն է պատել նրանց սիրտը: Ինչու՞, ի՞նչ էր պատահել, մի՞թե նրանք վհատ են և տխուր ձմռան ներկայությունից: Բայց մի՞թե նրանք չգիտեն, որ շուտով կանցնի այդ տաղտկալից ձմեռը և կբացվի սիրուն ու զվարթ գարունը...»: Բայց չէ, նրանց վհատեցնում և տխրեցնում է մի ուրիշ բան. կարծես մի սև թաթ ճնշում է բոլոր տնեցիների սրտերը և գցում նրանց հուսահատության մեջ: Նրանք կարծես զգում են, որ ինչ-որ բան է կատարվում Անիի գլխին, որ ինչ-որ բան է պատրաստվում նրա համար և թե այդ պատրաստողը, չարիքի այդ ստեղծողը ձեռք է ձգել բոլորին էլ և յուր անգութ ճիրաններով խեղդում, շնչասպառ է անում նրանց` չթողնելով անգամ մի փոքր ազատ շնչելու... «Անարդար է, տե՜ր, քո սուրբ դատաստանը», կարծես մրմնջում էր քամին ամեն անգամ և ուժգին հառաչելով մի քանի պտույտ անում և անհետանում...

Բայց անեցիք քամու հառաչանքից ավելի հուսաբեկված, ավելի սաստիկ էին զգում Սև Մարդու ահռելի շնչառությունը և դողում, իսկ այդ Սև Մարդը շատ զորավոր, շատ ուժեղ էր, և ոչ ոք չէր համարձակվում դեմ կենալ նրան, հակառակվել:

Դա հայոց թագավորության գահի խնամակալ Վեստ Սարգիսն էր:

Եվ Վեստ Սարգիսը քնած չէր:

Նա տենդագին եռանդով գործում էր ձմեռը և փորում գահի շուրջը: Նա վախենում էր, գոռում, որ այդ գահը կխլեն իրենից, չեն տա իրեն, ուստի և խոր խրամատներ էր փորում, իբր թե գահը տանող ճանապարհն էր պաշտպանում, առանց կասկածելու, որ այդ գահը կարող է խորտակվել և իրեն էլ ոչնչացնել նրա փլատակների տակ...

Եվ խելացնորի նման գիշեր-ցերեկ փորում էր, փորում ու չար օձի խինդը պատում էր նրա մռայլ դեմքը: Նա արդեն այդ գահը իրենն էր համարում և երևակայում, որ ինքը արդեն բազմել է Բագրատունյաց գահին, և փայլուն թագը զարդարում է յուր դավաճան գլուխը...

Սնոտի՛ երազ...

Փառասիրության տենչը կուրացրել էր նրան: Ո՜չ մի բան նրա աչքին չէր գալիս: Ո՜չ մի ազնիվ զգացմունք չէր շարժվում խնամակալի սրտում: Նա ուզում էր մոխիր և ավերակ դարձնել Հայաստանը, սուր և մահ սփռել չորս կողմը և վայնասունի ու հառաչանքի միջից անցնելով` բազմել գահին

Այդ էր Սև Մարդու` դավաճան Վեստ Սարգսի փափագը, նրա սրտի ցանկությունը, նրա ամբողջ էությունը...

Եվ նա իր ցանկությանը հասնելու համար անում էր ամեն բան, դավաճանում էր յուր ազգին, հայրենիքին...

Ինչո՞ւ...

Փառքի, սնոտի անցողական փառքի համար:

Իսկ անտո՞ւնը, պատի՞վը...

Դավաճանը այդ չէր հարցնում: Այդ հարցերը ետ էին մղվել դավաճանի գիտակցության մեջ, և փառքից կուրացած, նա ուզում էր միայն մի օր, մի ժամ, գոնե մի րոպե բազմել գահին, որ աշխարհը տեսնի, թե Վեստ Սարգիսը տարավ հաղթանակը, թե նա թագավոր է հայոց... Եվ նա գիշեր-ցերեկ մտածում էր յուր նպատակին հասնելու մասին, իսկ դրան հասնելու համար պետք էր ջարդեր, խորտակեր, ոչնչացներ յուր արգելքները, գահի օրինական ժառանգներին և նրանց պաշտպաններին: Եվ նա ոչնչացնում էր ու անխնա ջարդում: Թույն և սուր կար յուր ձեռքին, և այդ թույն ու սրով ոչնչացնում էր հակառակորդներին:

Հունական առաջին բանակը ջարդվելուց հետո Վեստ Սարգիսը հանգստություն չուներ: Նա, ինչպես տերության խնամակալ, բոլոր գանձերը ձեռքն առավ, բերդերը ամրացրեց և աղավնու տեսքով, բայց օձի բնավորությամբ սկսեց հայ իշխանների սիրտը պղտորել, նրանց յուր թակարդը ձգել և զինել Գագիկի ու Վահրամ իշխանի դեմ: Իշխաններից շատերը, ոմանք կուրացած Վեստ Սարգսի ոսկիներից, ոմանք էլ վախենալով նրա ուժից, միացան նրան և որոշեցին կամ տապալել գահը, կամ բազմեցնել այնտեղ Վեստ Սարգսին: Եվ Վեստ Սարգիսը օրավուր զորանում էր, այնինչ հակառակ կուսակցությունը` Վահրամյանք, որոնք գահի օրինական իրավունքներն էին պաշտպանում, հետզհետե թուլանում էին և միայնակ մնում:

Վահրամյանք տեսնում էին այդ բոլորը, զգում Վեստ Սարգսի մեքենայությունները և պատրաստվում կյանքները վայր դնելու գահը դավաճանների ձեռքը չձգելու համար:

Ամբոխը դեռ լուռ էր: Նա տեսնում էր, բայց դեռ լուռ էր: Այդ լռությունը նման էր ծովի այն խաղաղությանը, երբ նա պատրաստվում է ահեղ փոթորկիԲայց թե երբ նա պիտի հուզվի, երբ պիտի փրփրի, այդ տերը գիտե... Վեստ Սարգիսը տեսնում էր այդ բոլորը և հեգնորեն ժպտում: Թեև Հայաստանի ուժը և գանձը յուր ձեռքին էր, բայց նա դեռ վստահ չէր այդ ուժի և գահի վրա: Նրան օտարի ուժ էլ էր պետք, և ահա նա նորից ոտքի կանգնեցրեց հունաց ուժը: Գիշեր-ցերեկ գրություններ էր ուղարկում հունաց կայսեր և գրգռում հույներին նորից արշավեղու, նորից ոտնատակ անելու Հայաստանը` խոստանալով, որ ինքն էլ կաջակցի հույներին Անի մտնելու:

Next page