Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Բայց դառնության բաժակը լցվել էր, և հայրենիքը վտանգի մեջ էր:

Երկար պետք չէր մտածել, կա՛մ փրկություն, կա՛մ մահ: Եվ ծերունի Վահրամը գնում էր մեռնելու յուր հայրենիքի փրկության համար: Եվ Վահրամ իշխանը գնաց, շրջեց բոլոր պահակակետերը, բոլոր աշտարակները, հրամաններ տվեց և կարգադրություններ արավ: Ուր որ անցնում էր, հոգի ու սիրտ էր ներշնչում նրանց մեջ, և նրանք ոգևորվում էին ծերունի Վահրամի վեհ պատկերը տեսնելով:

Իշխա՜ն, պարիսպների մոտ բաբաններ են բարձրացնում և սպառնում պատերը քանդելու, — ասաց իշխաններից մեկը` դառնալով Վահրամին:

Վահրամը նայեց այն կողմ և հիրավի նկատեց, որ հույները մեծ գործի մեջ են և աշխատում են մի ահագին բաբան կանգնեցնել, որի ուժին չպիտի դիմանար Անիի պարիսպը:

Մենք կայրենք դրանց բաբանները, — պատասխանեց Վահրամ իշխանը:

Բայց ինչպե՞ս, իշխա՜ն, ո՞վ կհամարձակվի մտնել հունաց բանակը և այրել այդ բաբանը: Չե՞ք տեսնում, որ նրանք բաբանների առաջ հակերով բամբակներ են դարսել, որպեսզի մեր ձգած քարերը ոչինչ վնաս չտան նրանց:

Մենք կայրենք նրանց բաբանները, — կրկնեց Վահրամ իշխանը վճռական ձայնով, որի դեմ ոչինչ չկարողացավ ասել նրա հետ խոսող իշխանը:

Բայց մինչև այրելը դեռ մի վճռական կռիվ պիտի տանք, — շարունակեց Վահրամը` աչքը հունաց բանակից չհեռացնելով:

Ե՞րբ, իշխա՜ն, ե՞րբ պիտի այդ ճակատագրական կռիվը տեղի ունենա, մենք անհամբեր սպասում ենք այդ ժամին, — ասաց խոսակիցը:

Հենց այս գիշեր, երբ կեսգիշեր լինի: Ես իսկույն կհրամայեմ, որ այդ միջոցին բոլորը պատրաստ լինեն հարձակում գործելու հունաց բանակի վրա, — ասաց Վահրամը և իջավ աշտարակից:

Գիշերը վրա հասավ, հույների բանակի խարույկները վառվեցան և այնտեղ լսվեցան նրանց խինդի և ուրախության աղաղակները: Իսկ անեցիք լուռ, անձայն պատրաստվում էին գունդ-գունդ դուրս գալու Անիից: Նրանք միայն վերջին հրամանին էին սպասում, այնինչ այդ հրամանը ուշանում էր, դեռ Վահրամ իշխանը չէր երևում, դեռ իրենց հրամանատարը չկար: Ո՞ւր էր նա արդյոք և ինչի՞ էր սպասում, ոչ ոքի հայտնի չէր, միայն եթե սրատես աչքեր լինեին, եթե ուշադրություն դարձնող լիներ, կտեսներ, որ ծերունի Վահրամը այդ միջոցին ս. Լուսավորիչ եկեղեցու բեմի առաջ ծունկ էր չոքել և բազկատարած աղոթում էր առ Ամենաբարձրյալը: Նա, ինչպես արձան, լուռ էր և անշարժ: Բայց այդ լռության ու անշարժության մեջ նրա վեհ հոգին տանջվում էր, այրվում և յուր միակ հույսը Բարձրյալի վրա դրած, աղոթում էր ու ասում.

Տե՜ր, անցրու ինձանից այս դառն բաժակը, տե՜ր, պատասխանատվությունը ծանր է թե՜ քո և թե՜ ազգի առաջ: Դու հոգի ու սիրտ ներշնչիր մի բուռ քաջերիս և հալածիր թշնամիներին...

Եվ այդ աղոթքը թեթևացնում էր 86-ամյա ծերունի Վահրամի սիրտը, և նրա փառահեղ դեմքը` լուսավորված կանթեղի թույլ լույսով, հետզհետե բորբոքվում էր աստվածային կրակով:

Հանկարծ նա, կարծես մի ինչ-որ բանից թեթևացած, երիտասարդի նման վեր թռավ տեղից, համբուրեց ս. խաչելությունը և ապա աննկատելի կերպով դուրս եկավ եկեղեցուց: Նա դիմեց դեպի բանակ, որ կազմ ու պատրաստ վաղուց սպասում էր իրեն:

Հենց այդ միջոցին մի մարդ կարծես գետնիցը բուսավ նրա առջև և խոր գլուխ տալով` ասաց.

Իշխա՜ն, ես այստեղ եմ:

Խե՜նթ, վաղուց քեզ սպասում էի, բայց կարծում էի, թե հույները արդեն կաշիդ քերթել են, — ասաց իշխանը ուրախացած:

Ո՛չ, իշխա՜ն, նրանք ինձ էին ուզում հիմարացնել, բայց ես նրանց հիմարացրի ու ամեն բան լավ տեսա:

Ի՞նչ կա, Խե՜նթ: Ասա, կարո՞ղ ենք մեր մի բուռ քաջերով դիմադրել նրանց ահեղ բանակին, — հարցրեց իշխանը մտազբաղ:

Տե՜ր, եթե նրանք արբած չլինեին ինքնավստահությամբ, դժվար էր, բայց նրանք արբած են սնոտի ուրախությամբ, Անին յուր հարուստ ավարով իրենցն են համարում, ուստի անհոգ իրենց բավականությամբ են զբաղված, — պատասխանեց Խենթը:

Ծերունի Վահրամի մռայլը պարզվեցավ: Այդ տեղեկությունները յուր ծրագրին խիստ հարմար էին գալիս:

Իսկ ե՞րբ է նրանց վրա արշավելու հարմար ժամանակը:

Հենց հիմա, եթե ցանկանաք: Այժմ նրանք քաղցր երազների մեջ են:

Լավ, ապրիս, Խե՜նթ, քո խենթությունները զուր չեն անցնում, — ասաց Վահրամ իշխանը և հեռանալով նրանից, հրաման տվեց գնդերին բանալ Անիի դռները և արշավել դուրս:

Հայոց զորքը, որ բաղկացած էր 30.000 հոգուց, առաջ անցավ ծերունի Վահրամի առաջնորդությամբ, և քիչ հետո սկսվեց սոսկալի կռիվը: Կռիվ մահու և կյանքի: Կռիվ հայրենիքի ազատության:

Հույները, վստահ իրենց թվի վրա (100.000), նույնպես հարձակվեցան հայերի վրա, և երկուստեք սկսվեց կոտորածը: Բայց հայերը կռվոււմ էին հուսահատ, նրանք գիտեին, որ իրենց ետև էլ նահանջի ճանապարհ չկա, որ իրենք կամ պիտի հաղթեն հույներին, կամ մեռնեն, հակառակ դեպքում պիտի տեսնեն Անիի ավերվելը և իրենց որդոց ու կանանց ճիչն ու վայնասունը:

Այդ աչքի առաջ ունենալով, հայերը ոգևորված նաև ծերունի Վահրամի խրախուսանքներից, այնպես գրոհ տվին հունաց բանակի վրա, որ հույները առժամանակ մնացին սառած, կարկամած: Նրանք հայերից և այն էլ մի բուռ հայերից այդպիսի քաջություն չէին սպասում: Հայերը անխնա կոտորում էին, երբ հանկարծ հունաց շարքերը խանգարվեցան և նրանց զորքը սկսեց տատանվել, շարժվել և, նկատելով յուրայինների սոսկալի կոտորածը, սարսափահար սկսեց ետ նահանջել և, մեջքը ցույց տալով, դեպի փախուստ աճապարել:

Օրհնյա՛լ է աստված, հաղթությունը մերն է, — կանչեց ծերունի Վահրամը:

Կեցցե Վահրամը, կեցցե՛ Գագիկը, հաղթությո՛ւն, — կանչում էին ոգևորված հայերը և հալածում փախչողներին: Արյունը արդեն հոսում էր աղբյուրի պես և Անիի տափարակի վրա միայն հույներից արդեն ընկած էին մոտ 20.000 հոգի, երբ հայերը դադարեցրին հալածանքը և սկսեցին գոհաբանական մաղթանքներ վեր առաքել առ Ամենաբարձրյալը իրենց փայլուն հաղթության համար:

Հունաց գոռոզ ու ահեղ բանակը այլևս չկար Անիի պարիսպների տակ և հայերի հաղթությունը կատարյալ էր...

ԺԱ

ԴԻԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՎ

Անիի պայծառ առավոտը լուսացավ և լուսավորեց դիակների դաշտը: Սոսկալի էր այդ դաշտը: Անթիվ ու անհամար դիակներ և մարդկային վիրավոր մարմիններ փռված էին այդտեղ, ուր անողորմ մահը կարծես դյութական զորությամբ, մի վայրկյանում, կարճացրել էր նրանց կյանքը...

Սոսկալի էր տեսնել ընկածների դեմքի արտահայտությունը և սառած աչքերի մեջ դեռ մնացած զարհուրանքի տպավորությունը: Այդ աչքերը, այդ արտահայտությունը սոսկալի ու զարհուրելի էին և փշաքաղում էին տեսնողին:

Բայց անշարժ չէին բոլոր ընկածները: Նրանց մեջ շատերը շարժվում էին, քարշ գալիս մի տեղից մյուսը, բարձրանում մի դիակից մյուսը և իրենց ձեռքերով ճանկռոտում հողը և սրտակտուր հառաչանքներ արձակում: Դրանք մահամերձ վիրավորներ էին, որոնք չկարողանալով պատերազմի դաշտից հեռանալ, մնացել էին դիակների կույտերի մեջ և զարհուրելի տանջանքներ կրելով` սպասում էին իրենց վերջին րոպեներին. իսկ այդ վերջին րոպեները կարծես հավիտենականություն լինեին, նրանք կարծես դիտմամբ ուշանում էին ավելի տանջելու, ավելի չարչարելու թշնամիներին... Եվ այդ վիրավորները, չդիմանալով սոսկալի տանջանքներին, վերջին ճիգն էին թափում, մի քանի քայլ քարշ գալիս, թաթախվում արյան գբերի մեջ և ապա սոսկալի հառաչանքներ արձակելով մի քանի ցնցումներ անում ու մնում անշարժ...

Անիի երփներանգ ծաղիկներով ծածկված դաշտը այդ միջոցին արյան դաշտի էր փոխվել և դիակների կույտերով ծածկվել: Լսվում էին մեռնողների մահամերձ հառաչանքները և ագռավների երամների կռնչյունները, որ երամներով պտտվում էին դիակների կույտերի վերևում: Արեգակն էր միայն, որ կրկին հանգիստ, կրկին պայծառ փայլում էր այդ սգապատ տեսարանների վրա:

Հենց այդ միջոցին էր, որ Անիից դուրս եկավ մի մարդ և դիմեց դեպի պատերազմի դաշտը: Նա գնում էր լուռ ու անձայն և խորին մտածմունքի մեջ ընկղմված: Նրա աչքերը ընկած էին խոր ակնակապիճների մեջ, այտի ոսկորները դուրս էին ցցված, գլխի ճերմակ մազերը` գզգզված: Նա նմանվում էր կմախքի և եթե նրա փայլուն աչքերը չլինեին, տեսնողը նրան կենդանի արարած չէր համարի, այլ ոսկորներից կազմված մի զանգված, որ պատած էր մորթով: Բայց նրա աչքերը վայրենի կերպով փայլում էին և աջ ու ձախ շրջում: Երևվում էր, որ նրա հոգին այդ րոպեին տանջվում էր, խիստ տանջվում, իսկ սիրտը` մաշվում:

Ահա նա հասավ պատերազմի դաշտ, ուր փռված էին դիակները, և ոտքը դրեց մի փռված դիակի կրծքին ու լուռ նրա սարսափահար դեմքը դիտեց: Այդ դեմքը սառն էր ու ցուրտ, այնպես սառն, ինչպես այն ծերունի մարդու դեմքը, որ նայում էր այդ դիակին և ոչ մի տպավորություն չէր թողնում նրա հոգում, կարծես յուր ոտքի տակ տարածված չլիներ մարդկային մի դիակ, որը մի պահ առաջ յուր նման շարժվում էր, խոսում, ծիծաղում, իսկ այժմ անշունչ առարկայի նման ընկած է դաշտի մեջ և յուր կրծքին ծերուկներն անգամ անխնա ոտք են դնում և արհամարհում իրեն... Սա ինչ բախտի խաղալիք է, բնության սա ի՞նչ ծաղր է, որ դեռ երեկ նա կենդանի էր, իսկ այսօր` մեռած...

Բայց ծերունին ապուշ-ապուշ դեռ նայում էր դիակին և ցուցամատն էլ դեպի յուր ճակատը տանելով, կարծես ինչ-որ բան էր ուզում մտաբերել, բայց չէր կարողանում: Կարծես նա ճիգ էր թափում ազատվել իրեն պաշարող մտքերից և գտնել տանջող միտքը, սակայն չէր հաջողում:

Հանկարծ ծերունին ժպտաց, երևացնելով յուր դեղնած և սևացած ատամները: Այդ ժպիտը խիստ տարօրինակ էր և ահաբեկ:

Հը՛մ... հը՛մ... լավ է, այդպես էլ պետք էր: Եվ ես էլ պետք է կոխկրտեմ այս դիակները ու այնպես անցնեմ, — ասաց ծերուկը և ոտքը դնելով մյուս դիակի կրծքին` անցավ առաջ:

Հետզհետե դիակները շատանում էին և ծերունին, կոխկրտելով ամեն մի դիակ, առաջ էր գնում և ինքն իրեն ասում.

Այս մերը չէ, պետք է սրանց ոտնատակ տալ, պետք է սրանց կոխկրտել:

Հանկարծ ծերունին կանգ առավ և դեպի ագռավների երամը նայեց, որ իջավ մի կույտի վրա:

Ծերուկը նախ չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում այնտեղ, ապա, հանկարծ, կարծես գլխի ընկավ և նրա աչքերը դուրս թափվեցան ակնակապիճներից, բարկացած նա մի քար վերցրեց և շպրտելով դեպի ագռավները` գոռաց.

Է՛յ, չի կարելի, սպասեցեք, մերոնց պետք է ջոկել: Մի՞թե չգիտեք, որ այստեղ հայ էլ կա, հույն էլ: Հույնը եկել էր մեզ ջարդելու, բայց մենք նրանց ջարդեցինք: Խի՛, խի՛, խի՛, — արձակեց ծերուկը մի վայրենի քրքիջ, երբ ագռավների թռիչքը տեսավ, ապա սկսեց դիակները կոխկրտելով մի պար պարել ու կանչել.

Ամենքդ ուրախացեք, Լուսիկիս հարսանիքն է սաԵրգեցեք, պարեցեք, չե՞ք լսում... — ասում էր նա և հետզհետե յուր խելագար ոստյուններն արագացնում:

Թշվառ ծերուկը Լուսիկի հայրն էր, դարբին Ղևոնդը, որ չգիտեմ ինչու պատերազմի դաշտն էր իջել և կոխկրտում էր դիակները...

Հենց այդ ժամանակ հեռվից երևացին երկու ձիավոր, որոնք շտապ առաջ էին գալիս դեպի դարբին Ղևոնդը: Ղարբին Ղևոնդը դեռ յուր պարն էր պարում, երբ նկատեց այդ ձիավորներին և թափանցող հայացք գցելով նրանց վրա` սառածի նման կանգ առավ և սկսեց սարսափահար ցնցվել: Կարծես այդ ձիավորների մեջ նկատում էր մի զարհուրելի բան, որ սառցնում էր նրա արյունը և ստիպում դողացնելու:

Անթարթ, ապուշ կտրած աչքերով նայում էր խելագար Ղևոնդը ձիավորներին և դողում. այնինչ ձիավորները արագ-արագ մոտենում էին նրան: Մի քանի քայլ էլ և այդ ձիավորները մոտեցան նրան և այն է ուզում էին առաջ գնալ, երբ դարբին Ղևոնդը սոսկալի մռնչյուն արձակեց ու կանչեց.

Ա՛….

Ձիավորները լսեցին այդ մռնչյունը և մեխվածի նման կանգ առան: Նրանք նայեցին դարբին Ղևոնդին և զարհուրեցան: Սառը դողը ցնցեց երկուսի մարմինն էլ և քրտինքի խոշոր կաթիլները դուրս ցոլացին նրանց ճակատին:

Անցան մի քանի զարհուրելի վայրկյաններ, և հանկարծ ձիավորները խելքի գալով` ուզեցին առաջ սլանալ, բայց այդ միջոցին խելագար Ղևոնդը մի ոստյուն արավ և բռնելով առաջինի ձիու սանձը` կանչեց.

Ողջո՛ւյն քեզ, արյա՜ն թագավոր:

Ապա խելագարի մի քրքիջ արձակեց, որ ցնցեց ձիավորի մարմինը: Ձիավորը աշխատեց խույս տալ դրանից, բայց դարբինը ամուր բռնել էր սանձը և քարարձանի նման առաջը տնկվել:

Այդ ժամանակ երկրորդ ձիավորը առաջ անցավ և ասաց.

Իշխա՜ն, մի՞թե չեք ճանաչում, սա դարբին Ղևոնդն է, որը ինչպե՞ս է, որ կենդանի է մնացել, չգիտեմ: Պետք է սպանել սրան:

Հա՛, պետք է սպանել, — կրկնեց իշխանը և սուրը պատյանից հանեց:

Ողջո՛ւյն քեզ, դիակների թագավոր, — կանչեց դարձյալ խուլ ձայնով դարբին Ղևոնդը և սառն աչքերով նայեց ձիավորի աչքերին, որ ինքը Վեստ Սարգիսն էր:

Մեռի՜ր, անամոթ, — ասաց Վեստ Սարգիսը և սուրը ուղղակի դարբին Ղևոնդի կուրծքը մխեց, — իմացիր, որ արյան թագավորը արյուն է սիրում:

Դարբին Ղևոնդի աչքերում կարծես փայլակներ թռան: Նա չնկատեց մինչև անգամ, թե ինչպես սուրը մխվեցավ յուր կուրծքը և թե ինչպես սեփական արյունը սկսեց սրի վրայից վազել: Նա այդ ժամանակ չէր զգում ո՜չ ցավ, ո՜չ կսկիծ, չնկատեց մինչև անգամ, թե ինչպես ինքը բաց թողեց ձիու սանձը և գետին գլորվելով` գերեզմանային ձայնով գոռաց.

Անիծյա՛լ լինես, արյա՜ն թագավոր...

Բայց ձիավորները չլսեցին նրա վերջին խոսքերը և սրարշավ դեպի Անի գնացին:

Վեստ Սարգիսը կրկին գնում էր յուր ուրախությունները միացնելու անեցիների ուրախությանը, նրանց տարած մեծ հաղթության վրա:

Բայց անեցիք էլ չէին խաբվի

ԺԲ

ԳԱԳԻԿ Բ. ԹԱԳԱՎՈՐԸ

Պատանի Գագիկը յուր կյանքի դեմ անհաջող փորձ կատարվելուց հետո է՜լ հանգստություն չուներ: Գիշեր-ցերեկ նա մղվում էր առաջ, ուզում էր զենքը ձեռքն առնել և հայտնի կերպով, կանգնել յուր թշնամիների առաջ, դեմ առ դեմ, սակայն ծերունի Վահրամը թույլ չէր տալիս: Նա դեռ վաղ, շատ վաղ էր համարում պատանու կյանքը փոթորիկների մեջ գցել, առանց գիտենալու, թե ինչ սիրտ, ինչ հոգի կա թաքնված մատաղ հասակի մեջ: Բայց պատանի Գագիկը օր ավուր աճում էր ու զարգանում: Նրա երակների մեջ եռում էր երիտասարդական արյունը և սրտի մեջ բորբոքվում պատանեկան անհամբերությունը: Գագիկը կրակ ու մոխիր էր ուզում, որ ցույց տա աշխարհին, թե ինքը վախկոտներից չէ, թե յուր երակներում հոսում է յուր անվախ պապերի արյունը...

Եվ այդ օրը շուտով հասավ:

Երկու ձիգ տարիներ էին անցել այն օրից, երբ նա թողեց Անապատի վանքը, ուր յուր կյանքի դեմ փորձ էին արել և այդ ժամանակից, Վեստ Սարգիսի երեսից փախուստ տալով, գտնվում էր Վայոց ձորի Հիրհեր ամրոցում: Այդտեղ էր նա, երբ լուրեր էր ստանում հունաց դեպի Անի արշավելու մասին և սիրտը քաղվում էր:

Հույներն իրենց վերջին ջարդն էին կրել Անիի պարիսպների տակ: Մի պայծառ օր, երբ Գագիկը յուր Հայրենիքի մասին մտածելով, լուռ հեռուն էր դիտում, մի խումբ զինյալ մարդիկ շտապաքայլ դեպի յուր բերդն էին գալիս: Ո՞վքեր էին նրանք, թշնամի՞, թե բարեկամ. նա դեռ չգիտեր և կասկածանքով հեռուն էր նայում. այդ խումբը մոտեցավ, և պատանի Գագիկի սիրտը թունդ առավ, երբ խմբի մեջ նկատեց ծերունի Վահրամին ու մի քանի ուրիշ իշխանների, որոնց վաղուց ճանաչում էր: Ի՞նչ էր նշանակում նրանց գալուստը, մտածում էր պատանի, 17 տարեկան Գագիկը և տարակուսանքով նրանց նայում:

Բայց խումբը արդեն մոտեցել էր բերդին և շուտով ներս կմտներ:

Լևոնի՜կ, նայիր, Վահրամ իշխանը ինքն է անձամբ մեզ մոտ գալիս: Ի՞նչ է նշանակում այդ, երևի մի կարևոր բան է պատահել Անիի գլխին, — ասաց Գագիկը` դառնալով մոտը կանգնած Լևոնիկին:

Այո, տե՜ր, անշուշտ մի կարևոր բան կա: Իշխանների մեջ ես տեսնում եմ նրան և եղբորս` Հարպիկին և Ստեփանիկին, — պատասխանեց Լևոնիկը` անթարթ աչքերով նայելով խմբին:

Գնա, Լևոնի՜կ, հրամայիր ամրոցի դռները բանալ և ընդունիր մեր իշխաններին, ինչպես հարկն է:

Լևոնիկը գլուխ տվեց և հեռացավ: Քիչ ժամանակից հետո խումբը ամրոց մտավ: Գագիկը ներս մտավ բերդի ընդունարան և այնտեղ սրտատրոփ սպասում էր իշխաններին: Երբ նրանք ներս մտան, բոլորն էլ ծունկ չոքեցին պատանի Գագիկի առաջ և կանչեցին.

Ողջո՛ւյն քեզ, հայո՜ց թագավոր:

Գագիկի աչքերը փայլատակեցին և մի տեսակ շառագունումն անցավ նրա դեմքին, որը գեղեցկացրեց ու մի տեսակ վեհ արտահայտություն տվեց նրան:

Գագիկը շփոթմունքից թե հուզմունքից մի վայրկյան լուռ կացավ, ապա, մոտենալով Վահրամ իշխանին, ոտքի կանգնեցրեց, համբուրեց նրան և դիմելով իշխաններին` ասաց.

Ոտքի՜ կանգնեցեք, իմ իշխաններ և պատմեցեք իմ սիրած Հայրենիքի դրությունը: Ի՞նչ դրության մեջ է արդյոք Անին:

Թագավո՛ր, Անին րոպե առ րոպե սպասում է քեզ: Բագրատունյաց թափուր գահը քեզ է սպասում, որպեսզի նենգ մարդիկ այլևս աչք չունենան այդ գահին, որը ըստ օրինի քեզ է պատկանում: Ահա այս սրերը քո ոտքի տակ ենք դնում ու երդվում՝ հավատարիմ լինել քեզ և մեր կյանքը զոհել քո Հայրենիքի փրկության համար, — ասաց Վահրամը և սուրը մերկացնելով խոնարհեցրեց Գագիկի ոտքերի տակ: Սույնն արին և մյուս իշխանները և ապա միաբերան ասացին.

Երդվո՛ւմ ենք:

Ես հավատում եմ ձեզ և ընդունում ձեր առաջարկությունը: Թող աստված ինձ ուժ ու կարողություն տա տանելու այդ ծանր լուծը, որպեսզի ամոթապարտ չմնամ թե՜ աստծո և թե՜ Հայրենիքիս առաջ:

Եվ թող աստված պահե քո կյանքը, թագավո՜ր, Հայաստանը այս վայրկյանին խիստ երերուն դրության մեջ է, և կարող է կործանվել մեր պապերից ավանդած գահը:

Հույնը և ներքին թշնամին աշխատում են քարուքանդ անել այդ գահը և ավերել Անին: Հույնը այնքան սարսափելի չէ, որքան ներքին թշնամին, որ անտեսանելի ցեցի նման աշխատում է գահի հիմքերը փչացնել: Ազգը Հովհաննես-Սմբատ թագավորի մահից հետո անգլուխ էր մնացել և հուսահատ տատանվում էր:

Այժմ նա, էլ չի ուզում Բագրատունյաց գահը թափուր տեսնել և խնդրում է քեզ, որ բազմես այս գահին: Ժողովրդի հետ միաբանված մենք` իշխաններս, Պետրոս կաթողիկոսի հետ միաբանված, համոզվեցինք, որ ժողովրդի պահանջը արդարացի է, անհետաձգելի: Ուստի Անիի հազար ու մի եկեղեցիները քեզ սպասում են, որ տեսնեն քո ճակատը զարդարված թագավորական թագով և ուսերիդ ձգված արքայական ծիրանին: Այ՛դ է ահա ժողովրդի և մեր խնդիրը, — ասաց Վահրամ իշխանը:

Թող լինի ազգի կամքը, — պատասխանեց Գագիկը:

Այդ դեպքից հետո մի քանի շաբաթ անցավ, և Գագիկը յուր շքախմբով Անի մտավ և Անիի ս. Լուսավորիչ եկեղեցում հանդիսավոր կերպով թագավոր օծվեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսից Գագիկ Բ. կոչումով (1042 թվին): Ժողովուրդը ցնծում էր ուրախությունից, բայց չէր ցնծում Վեստ Սարգսի սիրտը: Նա զգաց, որ հաղթությունը տարան Վահրամյանք, որ յուր ձեռքից փախչում է ցանկացած գահը և յուր սրտի մեջ սկսեց ավելի թույներ պատրաստել, մի օր էլ, հանկարծ, թագավորական բոլոր գանձերը հափշտակելով, մտավ Անիի միջնաբերդը և փակվեցավ այնտեղ, սպասելով թե ահա ուր որ է Գագիկը կհարձակվի յուր վրա, և այդ ժամանակ կսկսվի իշխանների մեջ ներքին գժտությունը: Բայց Վեստ Սարգիսը սխալվում էր յուր հաշիվներում:

Այդ գործողությունից մի քանի օր անց, երբ Վեստ Սարգիսը մտքերի մեջ ընկղմված անց ու դարձ էր անում Անիի միջնաբերդի սենյակներից մեկում, հանկարծ դռների վարագույրները ետ քաշվեցին և այնտեղ երևաց պատանի Գագիկը: Երբ Վեստ Սարգիսը տեսավ նրան` սարսափեց, դողաց և սառը դողը ցնցեց նրա մարմինը: Պատանի Գագիկը` հայոց թագավորը, միայնակ էր յուր առաջ կանգնած, առանց ուղեկցի, առանց զորքի: Այդ ի՞նչ էր նշանակում: Չէ՞ որ ինքը րոպե առ րոպե սպասում էր, որ ահա Գագիկը յուր գնդով գրոհ կտա միջնաբերդի վրա և կսկսի յուր դեմ պատերազմը: Մի՞թե այս երազ էր, մի՞թե այս ցնորք էր...

Ողջո՛ւյն հայոց իշխանին, — ասաց Գագիկը և մի այնպիսի հայացք գցեց Վեստ Սարգսի վրա, որ վերջինիս աչքերը մթնեցան և գլուխը սկսեց պտտվել: Նա զգում էր, որ ինքը հաղթվում է պատանու վեհ հայացքից, որ յուր անհողդողդ կամքը ընկճվում է Գագիկ Բ. հայոց թագավորից: Մի քանի րոպե Վեստ Սարգիսը չէր կարողանում աչքերը վեր բարձրացնել և հանցավորի նման լուռ կանգնած էր Գագիկի առաջ:

Նրա դեմքը երբեմն գունատվում և երբեմն կարմրում էր: Հանկարծ նա ինքն իրեն ժողովեց և նայեց Գագիկին...

Աստված իմ, ի՞նչ հրաշալի դեմք, ի՛նչ վեհ նայվածք ուներ հայոց թագավորը, որի առաջ ընկճվեց Վեստ Սարգիսը և հանկարծ, ընկնելով Գագիկի ոտքերի տակ, կանչեց.

Թագավո՜ր, ներիր ինձ, ես մեղավոր չեմ, ես իմ ամբողջ էությամբ նվիրված եմ թե՜ քեզ և թե՜ հայրենիքիս:

Գագիկը մի վայրկյան նայեց յուր ոտքերի տակ թավալվող իշխանին, որ արտասվալից աչքերով թողություն էր խնդրում իրենից և ապա, բարձրացնելով Վեստ Սարգսին, ասաց.

Վեր կաց, իշխա՜ն, ես ներում եմ քեզ և հավատում, որ դու քո թագավորին և քո Հայրենիքին չես դավաճանի:

Թող երկնքի բարկությունը գլխիս թափվի, եթե դավաճանեմ քեզ և հայրենիքիս, — ասաց Վեստ Սարգիսը և տերության գանձերը հանձնեց Գագիկին, իսկ ինքը, հեռանալով Անիից, գնաց յուր սեփական Սուրմառուի բերդաքաղաքը:

ԺԳ

ԽԵՆԹԸ ԱԶԱՏՈՒՄ է ԼՈՒՍԻԿԻՆ

Անիի պարիսպների տակ հայերի փառավոր հաղթությունից հետո, Խենթը յուր երկար փայտը ձեռքն առած մտահույզ անցնում էր Անիի փողոցներով, երբ մեկը թևից քաշեց: Խենթը ետ նայեց և ապուշի նման աչքերը հառեց նրան:

Հը, ի՞նչ ես իսկական խենթի նման նայում, մի՞թե ինձ չես ճանաչում, — ասաց այդ մարդը:

Ա՛խ, ներիր, ես մտքերի մեջ ընկղմված չճանաչեցի քեզ, բայց, ասա, ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ հրաման է ուղարկել Գոհարիկը:

Դու իսկույն պիտի տեսնես Գոհարիկին: Նա կարևոր լուրեր ունի քեզ հաղորդելու, միայն պիտի աշխատես, ամեն զգուշություն պիտի ձեռք առնես, որ քեզ այնտեղ ոչ ոք չնկատի:

Լավ, դու գնա, — ասաց Խենթը:

Երբ խոսակիցը հեռացավ, Խենթը շուրջը նայեց և փողոցի ամայությունը տեսնելով, շտապ քայլերով առաջ անցավ դեպի Վահրամի պալատը: Այդտեղ նա կանգ առավ և զարմացած դեպի իշխանի պալատի դուռը նայեց, ուր մեկ-մեկ ներս էին մտնում իշխանները: Երևում էր, որ Վահրամ իշխանը այդ երեկո խորհուրդ ուներ, բայց թե ի՞նչ խորհուրդ և ի՞նչի համար, այդ հայտնի չէր Խենթին և նրա բոլորովին հոգն էլ չէր իմանալու:

Իմ իշխանը կրկին խորհուրդ ունի, ո՞վ գիտե էլ ինչ չարություններ է արել Վեստ Սարգիսը: Սակայն այդ իշխանի գործն է, իսկ իմ գործն է միայն Լուսիկիս գտնել, որը չկա ու չկա: Ա՛խ, եթե ես իմանայի նրա տեղը, այն ժամանակ նրան հեշտ էր ազատելը: Անիրավ Վեստ Սարգիսը շատ շուտ իմացավ, որ ես նրա տեղը գտել եմ և իր պալատի ներքնատնից հեռացրեց նրան ով գիտե ո՞ւրԲայց անցնենք առաջ, տեսնենք ի՞նչ է ասում Գոհարիկը, — մտածեց Խենթը և շրջելով Վահրամի պալատի գլխավոր մուտքի ետևը` գաղտնի դռնով ներս մտավ պալատ, որի սենյակներից մեկում գլուխը ձեռքերի մեջ դրած, մտահույզ նստած էր Գոհարիկը:

Երբ Գոհարիկը տեսավ Խենթին, ուրախացած դիմեց նրան.

Ներսե՛ս, իմ Ներսե՛ս, վերջապես եկար դու:

Ես միշտ պատրաստ եմ կյանքս զոհելու քեզ համար, իշխանուհի՜, հրամայիր:

Ես գիտեմ, Ներսե՜ս, թե ինչ դժվարություններ դու հանձն ես առել, բայց մեր կորուստը դեռ չգտնվեց:

Ա՛խ, իշխանուհի՜, գիշեր-ցերեկ Լուսիկի վրա եմ մտածում, բայց նրա հետքն անգամ չեմ գտնումՕ՛, եթե իմանայի, թե նա ո՞ւր է...

Ինձ հայտնի է, սիրելի՜ Ներսես, և հենց դրա համար էլ շտապով կանչեցի քեզ: Դու պիտի շտապես ազատել նրան:

Մի՞թե այդ ճշմարիտ է և դու գիտես նրա տեղը, մի՞թե նա կենդանի է, — ասաց Խենթը, և նրա աչքերից ուրախության կայծեր թռան:

Այո՛, նա կենդանի է, բայց մաշվում է խոնավ ու ցուրտ բանտի մեջ: Դու պիտի հասնես շուտով և ամեն հնար գործ դնես նրան ազատելու:

Ո՞ւր է նա, իշխանուհի՜, ես իսկույն կթռչեմ այնտեղ: Ա՛խ, եթե նրա հայրը կենդանի լիներ և գոնե մի անգամ տեսներ յուր Լուսիկին:

Ո՞ւմ հայրը, — հարցրեց Գոհարիկը սարսափահար:

Լուսիկի հայրը, իշխանուհի՜, դարբին Ղևոնդը էլ չկա:

Ի՞նչպես թե չկա, ի՞նչ պատահեց նրան:

Քեզ արդեն հայտնի էր, որ նա վշտին չկարողանալով դիմանալ` խելագարվել էր: Այնուհետև միշտ Լուսիկին ձայն տալով շրջում էր փողոցներում և երբ տեղի ունեցավ հունաց ջարդը, նրան Անիից դուրս, դիակների մեջ սպանված գտանք, բայց թե ո՞վ էր նրան սպանել, հայտնի չէ,— ասաց Խենթը` արտասուքը սրբելով:

Խե՛ղճ ծերուկ, — պատասխանեց Գոհարիկը հուզված:

Բայց թողնենք այդ, օրիո՜րդ, ցավելով ոչինչ չենք օգնի, հայտնիր թե որտե՞ղ է Լուսիկը:

Լուսիկը գտնվում է Սուրմառուի բերդում, Վեստ Սարգսի բանտերից մեկում:

Ինչպե՞ս, այժմ նրան Սուրմառու են տարել, իբրև ապահով տեղ, հա՛... բայց դա էժան չի նստի Վեստ Սարգսին:

Բայց լսիր, Ներսե՜ս, քեզ հայտնի է, որ այժմ Վեստ Սարգիսը Անիումն է: Որպեսզի մենակ չչարչարվես Լուսիկին ազատելու համար, ես դրա ճարն էլ եմ մտածել:

Ի՞նչպես, իշխանուհի՜, — հարցրեց Խենթը և ապուշ-ապուշ օրիորդին նայեց: Այդ բոլորը Խենթը երազ էր կարծում:

Նա չէր հավատում, որ Լուսիկը կենդանի է, և եթե կենդանի է, այդպես հեշտությամբ չի կարելի նրան ազատել Սև Մարդու իշխանությունից, ինչպես օրիորդն ասում է: Չէ՞ որ Սև Մարդը երկաթե ճիրաններ ունի...

Դու պիտի գնաս Սուրմառու և ներկայանաս այնտեղի իշխանին, որպես Վեստ Սարգսից ուղարկված մարդ:

Բայց նրանք ինձ չեն հավատա:

Կհավատան: Ահա, տեսնո՞ւմ ես այս նամակը, լավ նայիր, սա կնքված է Վեստ Սարգսի կնիքով և երբ ներկայացնես, նրանք քեզ կհավատան, ներս կթողնեն ու, բացի դրանից, պահանջդ կկատարեն. այս նամակի մեջ գրված է, որ Լուսիկին անմիջապես քեզ հանձնեն:

Իսկ ո՞րտեղից ձեռք ձգեցիր Սև Մարդու կնիքը, — հետաքրքրվեց Խենթը, որ ուրախությունից քիչ էր մնացել խելքը թռցներ:

Այս կնիքը կեղծ է, բայց այնքա՛ն նման, որ իսկականից չի ջոկվի:

Տուր ինձ, դու կատարյալ հրեշտակ ես և թող տերը պահպանե քեզ, — ասաց Խենթը և առնելով նամակը` ծոցը դրեց:

Բայց զգույշ, շատ զգույշ պիտի լինես, Ներսե՜ս, և խենթության նշան անգամ չպիտի ցույց տաս: Դու ամեն կերպ պիտի խուսափես, որ քեզ չմատնես, թե չէ դու էլ, Լուսիկն էլ կորած եք հավիտյան:

Այդ իմ գործն է, իշխանուհի՜,— ասաց Խենթը և վեր կացավ:

Չմոռանաս, որ Լուսիկին ազատելուն պես սենյակս բերես, նա այստեղ կմնա մինչև Ստեփանիկի գալը:

Այո՛, Խենթը այդ խոստանում է, նա կտեսնի յուր եղբոր աղջկա հարսանիքը, — ասաց Խենթը և խոր գլուխ տալով դուրս գնաց սենյակից:

Աստված տա այդպես լինի, — ասաց Գոհարիկը և նրա աչքերը լցվեցին արտասուքներով:

Խե՛ղճ Գոհարիկ. նրա սիրտն էլ էր տրոփում, նրա հոգին էլ էր սպասում Հարպիկին, սակայն չարաբաստիկ հանգամանքները հեռացնում էին սրտերը և արգելք լինում նրանց միացմանը...

Խենթը, Գոհարիկի սենյակից դուրս գալով, շտապ քայլերով հեռացավ: Մութը նոր էր իջնում, երբ նա յուր շորն ու կերպարանքը փոխած, նժույգ նստած, գնում էր դեպի Սուրմառուի բերդաքաղաքը: Նա անհամբերությամբ մտրակում էր ձիուն, թեև խեղճ կենդանին սլանում էր որքան ուժ ուներ, իսկ Խենթը դեռ կարծում էր, որ ձին շատ կամաց է գնում: Երբ Խենթը բավականին հեռացավ Անիից, հանկարծ ձիու ընթացքը դանդաղեցրեց և սկսեց յուր անելիքի մասին մտածել: Ամեն բանի, ամեն միջոցի ճարն ուներ, հնարքը գիտեր, միայն մի բան նրան երկյուղ էր ազդում ու սարսափեցնում և այդ բանը Լուսիկին տեսնելու րոպեն էր, երբ Լուսիկը իրեն ճանաչելուն պես ճիչ կարձակի և կփաթաթվի յուր վզով, այդ ժամանակ ամեն ինչ կպարզվի և անշուշտ կասկածի տակ կընկնի թե՜ ինքը և թե՜ յուր բերած նամակը... Ինչպե՞ս անի, ինչպե՞ս հասկացնի Լուսիկին, որ նա զգույշ մնա, ձայն-ծպտուն չհանի, երբ իրեն տեսնի... Ահա այդ բաները վրդովում էին Խենթին և հուզում նրա մտքերը:

Է՛հ, ինչ լինում է թող լինի, տերը ինձ օգնական կլինի, — ասաց Խենթը և առաջ գնաց: Եվ երբ մի քանի օրից հետո մտավ Սուրմառուի բերդաքաղաքը, նրա սիրտը թունդ առավ, բայց իրեն զսպեց և ներկայանալով բերդաքաղաքի իշխանին` նամակը հանձնեց նրան:

Սուրմառուի բերդաքաղաքը պատկանում էր Վեստ Սարգսին, ուր նա նեղ ժամանակները ապաստան էր գտնում: Այստեղ նա յուր նման մի ժանտ, անպիտան մարդու տեղակալ էր կարգել, այնպես, որ երբ Խենթը նամակը նրան հանձնեց, նա մի խոր, թափանցող հայացք գցեց Խենթի վրա և ապա առավ նամակը:

Խենթը յուր դեմքի և ոչ մի մկանունքը չշարժեց, այլ անհոգ կերպով դիտում էր Սուրմառուի բերդի իշխանին:

Երբ իշխանը կարդաց նամակը, դարձավ դեպի Խենթը և ասաց.

Դու ե՞րբ ես ուզում վերադառնալ:

Վաղը, լույսը բացվելուն պես, — պատասխանեց Խենթը:

Լավ, ես կհանձնեմ քեզ Լուսիկին, բայց զարմանում եմ, թե ինչո՞ւ իշխանը Եղոյի փոխարեն քեզ է ուղարկել:

Եղոյին ուղարկեց հունաց հրամանատարի մոտ խիստ կարևոր գործի համար, — ասաց Խենթը առանց կարմրելու:

Հա, երևի շատ կարևոր գործ է եղել, թե չէ նա կգար Լուսիկի համար: Գիտե՞ս` Եղոն Լուսիկի սիրուց գժված է և գիշեր-ցերեկ քուն չունի և մինչև հիմա Լուսիկի հետ մի բան կպատահեր, եթե Եղոն չլիներ:

Եվ Վեստ Սարգիսն էլ Լուսիկին Եղոյի համար է Անի բերել տալիս, որպեսզի վերադառնալուն պես պսակի նրա հետ, թե չէ Եղոն հանձնառու չէր լինում հունաց հրամանատարի մոտ գնալու:

Հա, երևի այդպիսի բան է եղել: Բայց արի դու հանգստացիր, — ասաց իշխանը և Խենթին ներս տարավ:

Խենթը կերավ, խմեց, կշտացավ, բայց գործը դեռ չէր վերջացրել. նա մի ամբողջ գիշեր ուներ մինչև Լուսիկին տեսնելը և այդ գիշերը զուր չպիտի անցկացներ, պետք էր իմաց տալ Լուսիկին, որ նա զգույշ մնա իրեն տեսնելու ժամանակ, և այդ բանն էլ շուտ գլուխ բերեց: Խենթը շուտով իմացավ նրա տեղը և կես-գիշերին զգույշ մոտեցավ նրա պատուհանին: Լուսիկը նրա ձայնը լսելուն պես սարսռեց, դողդողաց. նա չէր հավատում, թե Խենթն է, բայց Խենթը ամեն բան զզուշացրեց և հայտնելով յուր գալու պատճառը` հանգիստ սրտով յուր սենյակը քաշվեց ու սպասեց լուսանալուն:

Next page