Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Ժողովվեցե՛ք, իմ նախարարնե՜ր, հավատարիմ իշխաններ և քաջ զինվորներ, հայրենիքը վտանգի մեջ է և ձեզ է սպասում: Հասեք, օգնեցեք, թե չէ ստրկության շղթաները ամուր կկապեն նրան և դուք կտնքաք դարերով նրա ծանր լծի տակ: Է՛յ, ո՞վ կա այդտեղ, տվեք սուրս, հնչեցրեք պատերազմական փողերը և շարժվեցեք առաջ, ձեր թագավորն է ձեզ առաջնորդում, թող կորչե՛ն թշնամիները, — ասաց Գագիկը և ինքն իրեն պատերազմի դաշտում կարծելով` ուզում էր առաջ գնալ, բայց տեսնելով, որ յուր սուրը մեջքից չէ կախված, հուսահատական մի ճիչ արձակեց և կանչեց.

Լևոնի՛կ, Լևոնի՛կ:

Լևոնիկը, որ միշտ անբաժան էր Գագիկից, հետևել էր յուր թագավորին աքսորանքումն էլ և այն ժամանակ, երբ Գագիկը «Լևոնիկ» էր կանչում, նա խրճիթի առաջ նստած, գլուխը ձեռքերի մեջ դրած, խոր մտածմունքի մեջ էր ընկղմված: Նա շատ անգամ էր տեսել թագավորին մտքերի մեջ ընկղմված և չէր ուզեցել խանգարել նրա մտքերը, այս անգամ էլ նա թողել էր թագավորին մտքերի ծովն ընկղմվել առանց աչքից թողնելու նրան, բայց երբ լսեց յուր անունը, երբ իմացավ, որ թագավորը իրեն է կանչում, մի ակնթարթում վեր թռավ և մի քանի քայլ անելով հասավ թագավորին:

Ի՞նչ է, տե՜ր արքա, — ասաց Լևոնիկը:

Լևոնի՛կ, Լևոնի՛կ, — ասում էր Գագիկը` բարկությունից դողալով:

Ի՞նչ է, տե՜ր, ես այստեղ եմ:

Ո՞ւր է իմ սուրը, սո՜ւրը...

Լևոնիկը պահ մի ոչինչ չպատասխանեց, բայց նրա սիրտը այնպես կսկծաց, որ նրա աչքերում երկու զույգ արցունքներ երևացին և ընկան ավազին:

Սուրս, Լևոնի՛կ, — կանչեց Գագիկը կրկին մի այնպիսի հառաչանքով, որ կարծես սրտի խորքերից էր դուրս գալիս:

Չկա, թագավո՜ր...

Ի՞նչպես... թագավորը առանց սրի՞: Բայց ո՞ւր են նախարարներս, իշխաններս, իմ քաջ զինվորները

Չկան, տե՜ր...

Իսկ որտե՞ղ ենք մենք: Այս ի՞նչ ջրեր են, որ մեզ շրջապատել են, այս ի՞նչ երկինք է, որ մեզ ծածկում է, օդը, ջուրը, հողը, որտե՞ղ ենք, Լևոնի՜կ, ասա, ո՞ւր ենք...

Աքսորանքում, տե՜ր իմ, աքսորանքում:

Հայոց թագավորը աքսորանքո՞ւմ... հա՛, հա՛, հա՜, — մի տեսակ քրքիջ արձակեց Գագիկը, որը նման էր այն տեսակ հուսահատական քրքիջի, երբ մարդը, գիտակցական աշխարհը թողնելով, մի քայլ է անում դեպի զառանցական աշխարհը: Վիշտը սոսկալի կերպով ճնշում էր Գագիկի սիրտը և դրանք` վշտի այդ անողորմ հառաչանքներն էին, որ դուրս էին թռչում Գագիկի սրտից: Լևոնիկը վրա վազեց և գրկեց յուր թագավորին: Նա այս անգամ վախեցավ Գագիկի դեմքի արտահայտությունից: Գագիկը կարող էր խելքը թռցնել, բայց զուր էր Լևոնիկի երկյուղը: Գագիկը Լևոնիկի գրկին միայն խուլ հառաչանքներ էր արձակում, և այդ հառաչանքները կամաց-կամաց թեթևացնում էին նրա սրտի կսկիծը, հոգվո խորին վրդովմունքը

ԺԹ

ԱՆԻԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ

Մինչդեռ Գագիկը Բոսֆորի ամայի կղզում, հայրենիքը հիշելով, սրտից թառանչներ էր արձակում, այդ միջոցին հայոց կաթողիկոսը և Վեստ Սարգիսը պարապ նստած չէին:

Գիշեր էր: Կաթողիկոսի մոտ ժողովված էին Վեստ Սարգիսը յուր համախոհ իշխաններով և մի քանի չիք Կիրակոսի նման հոգևորականներով: Ժողովին նախագահում էր ինքը սրբազնասուրբ Հայրապետը, որը նստած էր գահին և խորասուզվել էր մտքերի մեջ: Հանկարծ նա սթափվում է, բարձրանում նստած տեղից և հանում ծոցից Քրիստոսի արյունով գրված երդման գիրը և հանդիսավոր կերպով ասում.

Վսեմաշո՜ւք տյարք, ահա մեր երդման թուղթը: Բայց հարկավոր չէ, որ մենք մեր երդումը դրժենք: Այդ մահացու մեղք է, հոգույն սրբո հայհոյություն: Մենք ուխտել ենք, պետք է մեր ուխտը սրբությամբ կատարենք, պետք է մեռնենք եկեղեցվո և ազգի շահերի համար, պետք է նահատակվենք և քաղաքը հանձնենք յուր օրինավոր տիրոջը: Ամենքդ գիտեք, որ Գագիկը թագավոր չէ և ոչ էլ ամբողջ ազգի հաճությամբ է գահ բարձրացել, այլ ծածուկ, միայն Պահլավունիների ընտրությամբ, ուստի և նա չէ թագավորանիստ Անի քաղաքի օրինավոր տերը:

Այո՛, շատ ճիշտ է, վեհափառ տեր, — ասաց Վեստ Սարգիսը: — Այդ հո բերան չէ, այլ ճշմարիտ աստծո տաճար, որից միայն արդարություն է բխում:

Արդեն ամբողջ ազգը միաձայն հավանությամբ քեզ էր հավատացել արքունի գանձը, տե՜ր իշխան, որ քեզ թագավորեցնեին, եթե Պահլավունիները խորամանկությամբ մեջ չբերեին այդ կաթնակերին, — մի տեսակ հաճոյական ձևերով ասացին մի քանիսը նրա համախոհներից:

Այսպես թե այնպես` վերջապես մենք մեր երդումը պիտի կատարենք: Կտակը մահից հետո հաստատուն է: Լուսահոգի Հովհաննես թագավորը Անին յուր շրջակայքով կտակել է ժառանգություն կայսեր, որ այժմ հանդիսանում է օրինավոր տերը: Բացի այդ, մեր ընդհանուր ազգի շահն էլ պահանջում է, որ Անին հանձնենք օրհնաբանյալ կայսրին, որով թե մենք պարտական չենք մնա աստծո ահեղ ատյանի առաջ մեր երդումը կատարելով և թե կապրենք խաղաղությամբ արքայից արքայի հզոր հովանավորության ներքո:

Հետևաբար մեզ հարկավոր է այժմ այդ բանի համար մտածել, մի նոր երդման թուղթ գրել և Անվո բանալիների հետ միասին ուղարկել կայսեր:

Առաջարկությունն ընդունվեց: Գրվեցավ նոր երդման թուղթը և Անվո բանալիների հետ միասին ուղարկվեց հոռոմոց կայսեր: Անգութ և անիրավ մարդիկ, նրանք չմտածեցին, որ դրանով հիմնովին քայքայեցին Հայաստանի պետության հիմքերը և խլեցին այն անկախությունը, որ դարերից ի վեր պահպանում էին: Ի՛նչ փույթ նրանց, թե Հայաստանի ինքնուրույնությունը պիտի խախտվեր, թե դարերից ի վեր սուրբ ավանդը պիտի խորտակվեր կամ մեր նախնյաց արյունով պահպանած երկիրը պիտի ուրիշները վայելեին: Բավական էր, որ տիրանենգ իշխանները մեծ պատիվների էին սպասում: Հայոց կաթողիկոսը, կուրացած փայլուն ոսկիներից, արժանավոր վարձատրություն էր ակնկալում, իսկ դավաճան Վեստ Սարգիսը Հայաստանի գահն էր երազում:

Հունաց կայսրը, երբ իշխանների երդման թուղթը և Անիի բանալիները տեսավ, ուրախացավ, հրճվեց ու կանչելով իրեն մոտ թշվառ Գագիկին, ցույց տվեց նրան Անիի քառասուն բանալիները ու հեգնորեն ասաց.

Տես, Գագի՜կ, հայոց թագավոր, ահա քո իշխանները Անին ինձ են տալիս, իսկ դու ի՞նչ ես ասում:

Գագիկը մեկ գունատվեց, մեկ վառվեցավ կրակի պես. կայծակներ թռան նրա աչքերից, նրա սիրտը հուզվեց, խորին ցավից կսկծաց ու նա դառնացած կանչեց.

Դատ արասցե աստված ընդ իս և ընդ դավաճանողքն իմ:

Վերջացած է, Գագի՜կ, Անին այլևս քեզ չէ պատկանում, զուր մի մտածիր այդ քաղաքի վրա, որ արդեն հունաց մեծազոր կայսերն է պատկանում: Եվ ես, իբրև ողորմած կայսր տալիս եմ քեզ Կապադովկիայի Պիզու քաղաքը: Ապրիր նրա մեջ հանգիստ և այլևս մի մտածիր Անիի վրա:

Բայց մի՞թե դու իրավամբ կառնես այդ քաղաքը, մի՞թե դա արդարություն է, կա՜յսր:

Վերջացած է, համաձայնիր և՜ դու, քանի որ քո իշխանները և կաթողիկոսը համաձայն են:

Ո՜չ և ո՜չ: Բագրատունի Գագիկը երբեք չի տա յուր համաձայնությունը, իսկ եթե իմ իշխանները ինձ դավաճանեցին, թող իմ և հետնորդներիս արյունը լինի նրանց վրա, — ասաց Գագիկը և հուսահատ դուրս եկավ հունաց կայսեր պալատից: Դուրս եկավ և այնուհետև էլ չտեսավ յուր սիրած հայրենիքը: Յուր իշխաններից դավաճանած, հունաց զորությունից ընկճված նա ստիպվեցավ գնալ (1045 թ.) Պիզու քաղաք, իսկ Պարակաման ներքինին և հունաց զորավարը Հայաստան ուղարկվեցան մի բանակով Անիին տիրանալու:

Պարակաման ներքինու դեպի Անի արշավելու լուրը Անի հասնելով արդեն դղրդացրել էր անեցիների սիրտը: Նրանք զգում էին, որ Անիի գլխին այժմ կուտակվում են խիստ սպառնալից ամպեր, որոնց հետևանքը շատ ծանր պիտի լիներ իրենց համար: Թագավորը չկար, նա տնքում էր հեռու աքսորանքի մեջ, իսկ իրենք մնացել են մոլորված: Բայց մեռած չէր ծերունի Վահրամը: Նրա սիրտն էլ թունդ առավ, երբ լսեց հունաց բանակի մոտենալը և աչքերը վրեժխնդրության բոցով լցված պատրաստվեց դիմադրել նրանց և յուր կյանքը դնել Անիի պարիսպների տակ:

Խո՛ր, շատ խոր կսկծաց ծերունի Վահրամի սիրտը, երբ իմացավ Գագիկի աքսորվելը: Նա վաղուց գիտեր այդ, վաղուց նա զգուշացնում էր Գագիկին պատրաստված դարաններից, բայց նա չլսեց իրեն, այլ տիրանենգ վեստ Սարգսի խոսքով վեր կացավ գնաց Կ. Պոլիս այլևս չվերադառնալու պայմանով:

Եվ նա էլ չի վերադառնա, այդ զգում էր Վահրամը, իսկ նրա չվերադառնալով կործանվում էր Հայաստանը, կործանվում սիրուն ու շեն Անին

Ո՛հ, տե՜ր, մի՜ թողնիր Հայաստանը կործանվելու, մի դառնացնի ծերությանս վերջին օրերը, որպեսզի ես գոնե չտեսնեմ Անիի կործանումը... Հայաստանը օրհասի մեջ է, տե՜ր փրկիր նրան, խորտակիր թշնամիներին և դավաճաններին, — ասաց Վահրամը և նրա աչքերում արտասուքներ երևացին, նա դառնապես լաց եղավ: Լաց եղավ խորին կսկիծով, հիշելով, որ Հայաստանը կործանվում է յուր իսկ զավակների ձեռքով, որ Անին ոչնչանում է, նույն իսկ հայ իշխանների ձեռքով:

Օ՛հ... եթե դավաճան հայ իշխանները չլինեին, եթե մատնիչները մեզանից չլինեին, Անին չէր կործանվի... մեր թշնամիները հենց մեր միջից են, ահա սոսկալի բանը... — Վահրամի խոսքը կիսատ մնաց: Դրսից լսվեցան խառնիճաղանճ ձայներ: Վահրամը ետ քաշեց վարագույրը և դուրս նայեց: Դուրսը` մայր եկեղեցու շուրջը խռնված էր ամբոխը, որը քանի գնում այնքան ավելի ու ավելի էր ստվարանում: Վահրամը հասկացավ քաղաքացվոց այդ խռնումը: Նա զգաց, որ քաղաքացիք էլ զգում են իրենց անել դրությունը և Անիին մոտեցող վտանգը: Հենց այդ միջոցին էր, որ յուր սենյակի վարագույրները ետ քաշվեցան և այնտեղ երևաց Խենթը: Վահրամը ետ նայեց:

Իշխա՜ն, — ասաց Խենթը, — հունաց բանակը երևաց:

Այդ սպասում էինք, Խենթ, և նրանք շուտով չեն տիրի Անիին: Դռները փակ են, իսկ զորքերը` կազմ ու պատրաստ: Բայց դու ինձ այն ասա, այս ի՞նչ իրարանցում է քաղաքացվոց մեջ, մի՞թե նրանք արդեն հուսահատվել են:

Ո՜չ, իշխան, քաղաքացիք էլ զգալով մոտեցող վտանգը զենք են առել ու պատրաստվում են մեռնելու Անիի պարիսպների տակ: Նրանք խնդրում են առաջնորդել իրենց դեպի կռիվ:

Ապրին քաղաքացիք, այդպես էլ պետք է: Ես կկարգադրեմ ինչ որ պետք է. մեր զորքերը քաղաքացոց հետ միասին լավ դաս կտան հույներին:

«Կեցցե՛ Գագիկը, կեցցե՛ Վահրամը», — լսվեցավ հանկարծ քաղաքացվոց գոռ ձայնը և դղրդացրեց Վահրամ իշխանի պալատի կամարները:

Լսո՞ւմ ես, իշխա՜ն, քաղաքացիք կեցցե են կանչում և քեզ հրավիրում առաջնորդելու:

Լավ, Խե՜նթ, միայն դու ինձ այն ասա, թե ի՞նչ են անում Վեստ Սարգսյանք, արդյոք ուրա՞խ են հունաց բանակի մոտենալովը:

Խիստ ուրախ, տե՜ր, արտաքուստ ոչինչ չեն ասում, իսկ ներքուստ ուրախ են և կարծես հող են պատրաստում նրանց համար:

Ինչպե՜ս... նրանք համարձակվո՞ւմ են:

Այո, իշխա՜ն, ես նկատեցի, որ ինչ-որ մի խումբ պղտորում է քաղաքացվոց միտքը և տրամադրում Անին առանց կռվի հույներին հանձնելու:

Այդ չի հաջողվի նրանց: Ես վաղն ևեթ ջարդ կտամ հույներին և կփախցնեմ Անիի պարիսպներից շատ հեռու:

Պետք է շտապել, տե՜ր, թե չէ Վեստ Սարգսյանք խիստ զորացել են: Հունական ոսկիները շլացրել են շատ իշխանների աչքերը:

Վահրամը լռեց: Դառն կսկիծը կրկին կրծեց նրա սիրտը: Նա հասկանում էր, որ Խենթը ճիշտ է ասում, որ Հայաստանը զոհվում է հենց այդ դավաճան իշխաններից:

Կանչիր այս երեկո բոլոր մեր իշխաններին, — ասաց Վահրամը մի փոքր լռելուց հետո, — այս երեկո մենք խորհուրդ կունենանք, իսկ դու կրկին մտիր քաղաքացիների մեջ և պատրաստիր նրանց իրենց հայրենիքը պաշտպանելու: Դու ժողովրդի մարդ ես, ժողովրդի ցավին բալասան կարող է դնել միայն ժողովրդի մարդը, և այդ քո գործն է, գնա, տերը թող քեզ հետ լինի:

Խենթը յուր գործը գիտի, տե՜ր, — ասաց Խենթը և գլուխ տալով Վահրամին` հեռացավ:

Ապրես դու, Ներսե՜ս, — ասաց Վահրամը նրա ետևից:

Մինչ Վահրամը յուր զորքերն էր պատրաստում և քաղաքացիներից գնդեր կազմում, հունաց բանակը արդեն պաշարել էր Անին և սպառնում էր քարուքանդ անել քաղաքը, եթե հոժարակամ չեն հանձնի իրեն: Բայց նրանց սպառնալիքը ոչինչ ներգործություն չէր ունենում: Քաղաքացիք և Վահրամյանք իրենց հայրենիքը պաշտպանելու սիրով վառված հանկարծակի բանալով Անիի դռները մի զորեղ հարձակում արին հունաց բանակի վրա և նրան ջարդ ու փշուր անելով, նորից փախցրին Անիի պարիսպներից: Հաղթությունը կատարյալ էր, և Պարակաման հույն զորավարը գլխիկոր ուզում էր ետ դառնալ դեպի Հունաստան, երբ հանկարծ նկատեց, որ քաղաքացիք ինչ-որ իրարանցման մեջ են ընկել: Պարակամանը ետ նայեց և մատը կծեց: Նա վաղուց սպասում էր այդ նշանին:

Մինչդեռ քաղաքացիք և Վահրամյանք անձնազոհությամբ կռվում էին հունաց բանակի դեմ, այդ միջոցին Վեստ Սարգսյանք քնած չէին: Կռվի ամենատաք ժամանակ մի խումբ քաղաքացիք սկսեցին գոռալ, թե կռիվը պետք է դադարեցնել, որովհետև Գագիկը հրաժարվել է թագավորությունից և թե նա այլևս չի վերադառնալու:

Քաղաքացիք շփոթված կանգ առան: Կռիվը դադարեց, իսկ Պարակամանը ետ կանչվեց Անիին տեր լինելու:

Այսպիսով մատնությունը յուր դերը կատարեց և հաղթեց, իսկ տարաբախտ Հայաստանը այդ ժամանակից հետո հունաց մի գավառ դարձավ:

Անին լցվեց հունական զորքերով, իսկ անեցիների և Վահրամյանների սրտերը լցվեցան խորին թախիծով: Նրանք զգացին, որ Անիի հետ միասին մեռավ ամբողջ Հայաստանը և մեռավ մատնությամբ, դավաճանությամբ և այն էլ ում ձեռքով` յուր որդոց ձեռքով:

Սոսկալի՛ հիշատակ

Ի

ԹՈՒՅՆ ԵՎ ՍՈՒՐ

Ամեն բան վերջացած էր:

Անին այլևս հայերին չէր պատկանում, այլ հույներին:

Հովհաննես-Սմբատ թագավորի կտակը կատարված էր: Թուլացած էին Վահրամյանք, և հրճվում էր Վեստ Սարգիսը յուր այդ հաղթության վրա: Վերջապես նա կարող է ժառանգել այդ գահը: Հոգ չէ, թե միևնույն ժամանակ հունաց ստրուկը կլինի:

Անին գրավելուց հետո Վեստ Սարգիսը և Պարակաման զորավարը մի գիշեր խիստ մտերմական խոսակցության մեջ էին:

Իշխա՛ն, — ասում էր Պարակաման զորավարը, — քո իղձերն արդեն կատարվում են և դու կստանաս կայսրից քեզ խոստացած Հայաստանի գահը, միայն թե դեռ թշնամիներ շատ ունիս, պետք է ոչնչացնել նրանց:

Այո՛, տե՜ր, թշնամիներ շատ ունեմ, խիստ շատ, — պատասխանեց Վեստ Սարգիսը:

Եվ այդ թշնամիներդ հայ իշխաններն են, — ասաց Պարակամանը և մի խորամանկ հայացք գցեց Վեստ Սարգսի դեմքին, կարծես թե ուզում էր իմանալ նրա հոգու գաղտնիքը:

Այո, հայ իշխանները, — կրկնեց Վեստ Սարգիսը մտամոլոր:

Իսկ շա՞տ են այդ քո հակառակորդ իշխանները:

Խիստ շատ, միայն Վահրամյանք` երեսունի չափ:

Հը՛մ. դրանց վրա պիտի ավելացնել մի ուրիշ երեսուն, — կրկնեց խորամանկ ժպիտով Պարակամանը:

Ինչո՞ւ:

Որպեսզի գահդ ապահով լինի և հաղթությունդ` կատարյալ, — ասաց հեգնորեն Պարակամանը:

Այդ կայսեր ողորմած կամքն է, — պատասխանեց Վեստ Սարգիսը առանց հասկանալու Պարակամանի հեգնական ձևը:

Ուրեմն ինչպե՞ս վերացնենք այդ արգելքները, — ասաց Պարակամանը փոքր լռությունից հետո:

Վերացնելը շատ հեշտ է, տե՜ր, միայն թե քո աջակցությունը լինի:

Ինչպե՞ս:

Երկու ճանապարհ կա դրանց ոչնչացնելու:

Որո՞նք են այդ ճանապարհները:

Թույնը և սուրը: Մի քանիսին` թույնը, իսկ մյուսներին սուրը պիտի ոչնչացնի, այդ է իմ կարծիքը, դրանով միայն կհանգստանա իմ սիրտը, — ասաց Վեստ Սարգիսը սառնորեն:

«Զզվելի մարդ», — ասաց իր մտքում Պարակաման հույն զորավարը` զարմանալով, որ յուր առաջ կանգնած է մի հայ իշխան, որ աշխատում է ոչնչացնել յուրայիններին:

Նա այդ տեսակ դավաճանի դեռ չէր պատահել, թեև յուր մտքում ուրախանում էր, որ գտել է մի մարդ, որը յուր մտքերի իրագործմանն է նպաստում: Չէ՞ որ հունաց գլխավոր նպատակը հայերին լոկ հպատակության մեջ պահելը չէր, այլ ավելի նրանց ազգությունը ջնջելն ու հունաց մեջ ձուլելն էր: Իսկ Վեստ Սարգիսը հենց այդ նպատակի իրագործմանն էր նպաստում, առանց հասկանալու, որ յուր երազած գահը չի ստանա հույներից:

Լավ, համաձայն եմ, մի քանիսին` թույն, մյուսներին` սուր: Թույնով դո՜ւ պիտի ոչնչացնես, իսկ սրով` ես, — ասաց Պարակամանը:

Փոքր լռությունից հետո Պարակամանը նորից հարցրեց.

Իսկ ունի՞ս դու մի մարդ, որ կարողանա այդ բանը գլուխ բերել առանց աղմուկի:

Ունեմ, տե՜ր, ես ունեմ մի հավատարիմ մարդ, որ կարող է հարյուր իշխան թունավորել:

Լավ, այդ քեզ եմ թողնում: Իսկ դու ինձ այն ասա, Վահրամ իշխանին և յուր որդի Գրիգոր Մագիստրոսին ո՞ր մահով պիտի սպանես, — հարցրեց Պարակամանը:

Սրով, իշխա՜ն, դրանց անհարմար է թույնով սպանել: Բացի դրանից, ծեր աղվեսը շատ զգույշ է պահում իրեն:

Լավ, դրանց ինձ թող: Ես դրանց կուղարկեմ կռվի դաշտ, և հենց այնտեղ կստանան իրենց մահը:

Պարակամանը հեռացավ: Վեստ Սարգիսը, միայնակ մնալով գլուխը ձեռքերի մեջ բռնեց և սկսեց անց ու դարձ անել յուր շքեղ պալատում, ապա հանկարծ կանգ առավ և ծափ տվեց: Ծափի վրա երկու սպասավորներ վազեցին և լուռ կանգնեցին դռների մոտ:

Կանչեցեք այստեղ Եղոյին, — ասաց Վեստ Սարգիսը առանց ծառաներին նայելու:

Ծառաները դուրս գնացին և կարճ ժամանակից հետո ներս մտավ Եղոն:

Վեստ Սարգիսը բռնեց նրա ձեռքերից և նստեցնելով գահավորակի վրա, նորից ետ դարձավ, զգուշությամբ փակեց դռները և իջեցնելով վարագույրները` կրկին մոտեցավ Եղոյին:

Եղոն մտազբաղ իշխանին էր նայում:

Եղո՜, ես քեզ ծանր գործ պիտի հանձնեմ և հույս ունեմ գլուխ կբերես:

Պատրաստ եմ, տե՜ր, — ասաց մռայլված Եղոն:

Լավ, լսիր, Եղո՜, մեր գործերը հաջող են գնում, խիստ հաջող, շուտով Վահրամ իշխանն էլ չի լինի և դու էլ կստանաս քո Լուսիկին:

Ինչպե՞ս, իշխա՜ն, մի՞թե այդ ճշմարիտ է:

Ճշմարիտ է լույսի պես, բայց դու անգործ չպիտի նստես:

Ես ի՞նչ պիտի անեմ:

Դու պետք է մահ ցանես, հասկանո՞ւմ ես:

Ինչպե՞ս...

Շատ պարզ: Ինչ որ մենք սրով չկարողացանք, դու պիտի թույնով կատարես, իսկ մնացածներին մենք սրով կվերջացնենք:

Ինչպե՞սես պիտի թունավորեմ և ո՞ւմ:

Մեր հակառակորդներին, հայ իշխաններին:

Եղոն մի քանի վայրկյան լուռ կացավ: Այդ վայրկյանին նրա դեմքը երբեմն գունատվում էր, երբեմն շառագունվում: Երևում էր, որ մի միտք տանջում էր, որ նա ինչ-որ բան էր ուզում ասել Վեստ Սարգսին, սակայն չէր վստահում:

Վեստ Սարգիսը նկատեց նրա այլայլմունքը: Նա զգաց, որ Եղոն երերվում է, տատանվում: Նա հասկացավ, որ պետք է խրախուսել Եղոյին, ուստի, դառնալով նրան, ասաց.

Անպիտան Վահրամյանք մեզ շատ տանջեցին, բայց վերջը ընկճվեցին: Չկա այլևս Գագիկը, իսկ Վահրամյանք, ինչպես դու տեսնում ես, այնքան թուլացել են, որ հազիվ նկատելի է նրանց գոյությունը: Բայց որպեսզի դրանց գոյությունը իսպառ կտրվի, որպեսզի դրանց ծուխը իսպառ մարի աշխարհի երեսից, մի վերջին հարված էլ պիտի հասցնել, իսկ այդ վերջին հարվածը լինելու է սուրը և թույնը: Մի տեղ սուր, մյուս տեղ` թույն: Հունաց Պարակաման զորավարը սրով պիտի կտրի դրանց հետքը, իսկ ես թույնով պիտի կարճացնեմ դրանց կյանքը: Թույնը և սուրը զորավոր միջոցներ են Վահրամյանների ծուխը մարելու համար: Վերջացնելով նրանց` վերացած կլինի վերջին արգելքը, և այն ժամանակ Վեստ Սարգիսը կդնի յուր գլխին Հայաստանի թագըիսկ դու, Եղո՜, կստանաս Հայաստանի թագավորից առատ վարձատրություն

Բայց, տե՜ր, մի՞թե բավական չեն այնքան զոհերը, որոնք մեր ձեռքով մահ ստացան: Նրանց հոգիները կհալածեն մեզ

Վեստ Սարգիսը, Եղոյի խոսքերը լսելով, ցնցվեցավ: Մի վայրկյան նրա դեմքի վրա անցավ մահվան գունատությունը և վայրկյանաբար նրա մտքով անցան այն զոհերը, այն վատությունները, որոնք նա գործել էր: Քիչ մնաց նրա աչքերը մթնեին և գլուխը պտտվեր, բայց զսպեց իրեն, հավաքեց իր սառնասրտությունը ու դառնալով Եղոյին` ասաց.

Խենթ ես, Եղո՜, խենթ, մի՞թե կարծում ես, թե մեռելները հարություն կառնեն և կհալածեն մեզ: Մի՞թե դու հավատում ես, թե բացի այս աշխարհից գոյություն ունի նաև մի ուրիշ աշխարհ... Չէ, սուտ է բոլորը, մարդիկ մեռնելուց հետո ոչնչանում են թե՜ մարմնով և թե՜ հոգով: Սուտ է, որ ասում են, թե մեռնելուց հետո մարդկանց հոգին գնում է ուրիշ աշխարհ, թե նրանք ներկայանում են աստծո ահեղ դատաստանին

Բայց իշխա՜ն, ես լսել եմ, որ մեռելները մինչև անգամ հարություն են առնում գիշերները և...

Սուտ է, Եղո՜, բոլորը սուտ է, — ընդհատեց նրան իշխանը, գցելով Եղոյի վրա մի այնպիսի հայացք, որից նա սարսռեց ու իսկույն լռեց:

Լսիր, շարունակեց Վեստ Սարգիսը,— ինչ որ քեզ պատվիրում եմ` ճշտությամբ պիտի կատարես: Վահրամ իշխանի ամենամտերիմ իշխաններից հինգին դու պիտի թունավորես և ուղարկես մյուս աշխարհ: Դրանով դու կհարթես թե՜ քո և թե՜ իմ ճանապարհը:

Լսում եմ, իշխա՜ն,— պատասխանեց Եղոն սառն կերպով:

Ամենից առաջ դու կթունավորես Մոկաց իշխան Ատոմին, հետո` Մանաճիհր իշխանին, ապա` Գնունուն և Մանազին, իսկ վերջը Թլպաղտո բերդի իշխան Թորոսի որդուն` Ստեփանիկին

Ստեփանիկի՞ն... Լուսիկի նշանածին ասաց Եղոն և ուրախությունից վեր թռավ:

Այո, Ստեփանիկին, տեսնո՞ւմ ես, ես քեզ համար էլ եմ մտածում: Սպանելով Ստեփանիկին` քո ճանապարհը կհարթվի:

Այո, իշխա՜ն, իմ ճանապարհը կհարթվի, բայց Վահրամ իշխանը կրկին արգելք կլինի:

Դրա մասին մի՜ մտածի:

Ինչպե՞ս:

Դրա և Հարպիկի հոգսը Պարակաման իշխանն է հանձն առել:

Ինչպե՞ս, իշխա՜ն:

Նա դրանց այնպիսի կողմեր կուղարկի, որտեղից այլևս չեն վերադառնա: Սուրը դրանց կյանքը այնպես կկարճացնե, որ իրենք հայերն էլ չեն իմանա, թե ինչպես և որտեղ ընկան դոքա: Շուտով մեր հակառակորդ իշխանները իրենց զորքերով կցրվեն երկրի զանազան կողմերը և կամ կոչնչանան պատերազմներում, կամ անհետ կկորչեն: Իրանց մասին հոգս կքաշի ինքը` Պարակաման իշխանը:

Ես պատրաստ եմ, իշխա՜ն, կատարելու քո հրամանը, միայն հայտնիր ինձ, թե ե՞րբ և որտե՞ղ պիտի կատարել, — ասաց Եղոն:

Իմ ձեռքով պատրաստած թույնը կստանաս ինձնից: Այդ թույնը ներգործում է դանդաղ, բայց անվրեպ մահ է պատճառում ճաշակողին: Ասեմ քեզ: Մի քանի օրից հետո Մանաճիհր իշխանի տանը հրավերք կկատարվի: Այդտեղ կլինեն Վահրամյան իշխաններից շատերը, ի միջի այլոց և այդ իշխանները: Դու պիտի թույնը թափես հենց այդ իշխանների կերակրների մեջ առանց վրիպելու, առանց մեկի կերակուրը մյուսի հետ խառնելու: Հասկանո՞ւմ ես:

Այո, իշխա՜ն, հասկանում եմ:

Դե գնա, նշանակած օրը արի թույնը ստանալու, իսկ մնացածը քո գործն է:

Եղոն վեր կացավ և դուրս գնաց` մի քսակ ոսկի պարգև ստանալով:

Արյան փրկանքը առաջուց ստացավ, այնպես, ինչպես Հուդան երեսուն դահեկան ստացավ յուր տիրոջը Հիսուսին մատնելու...

ԻԱ

ՍՐՏԻ ԿՍԿԻԾՆԵՐ

Լուսիկը Խենթի ձեռքով ազատվելուց հետո գտնվում էր Վահրամի պալատում, նրա դուստր Գոհարիկի հետ միասին: Երկուսը միասին ապրելով` երջանիկ էին համարում իրենց, իրար հետ խոսում, ծիծաղում էին, բայց այդ ծիծաղը, այդ ժպիտը դառն էր և կեղծ: Ինչ-որ անհայտ վիշտ, ինչ-որ անտեսանելի որդ կրծում էր երկուսի սիրտն էլ և թույլ չէր տալիս նրանցից ոչ մեկին լիասիրտ ժպտալ, ազատ ծիծաղել և ուրախանալ: Կարծես ինչ-որ ծանր, սև ճիվաղ նստել էր երկուսի սրտումն էլ և յուր անգութ ճնշումով ուզում էր թառամեցնել մատաղ կյանքերը: Եվ վարդի նորաբողբոջ կոկոնները կարծես թառամում էին, չորանում, ճլորումԱրդյոք ի՞նչն էր ճնշում մատաղ սրտերին... ի՞նչ պիտի պատահեր նրանց հետ, քանի որ նրանք ծլել էին ապրելու և աշխարհը վայելելու համար:

Ո՛հ, դառն է, խիստ դառն, երբ մատաղ սրտերից կսկիծներ են դուրս թռչում, երբ անուշահոտ վարդը դեռ չբացված սկսում է թառամել...

Բայց ի՞նչ վիշտ ունեին Գոհարիկն ու Լուսիկը: Մի՞թե նրանք վախենում էին, որ չեն արժանանա իրենց մուրազին: Ոչ. քանի որ Վահրամ իշխանը խոստանում էր նրանց շատ շուտով միացնելու իրենց սրտի սիրածների հետ: Հարպիկն ու Ստեփանիկը դեռ կենդանի էին և սրտատրոփ սպասում էին, որ ս. պսակի խորհուրդն ընդմիշտ կապեր այդ սրտերին, բայց չարաբաստիկ հանգամանքները` Անիի գրավումը, Գագիկի հեռանալը Անիից և հույների մուտք գործելը արգելք էին լինում: Սակայն սպասելը վերջ ունի, Վահրամ իշխանը վճռել էր կարճ ժամանակում պսակել դրանց և ահա այդ առթիվ էլ այսօր Մանաճիհր իշխանի մոտ հացկերույթ էր պատրաստած, ուր ներկա էին նաև Հարպիկն ու Ստեփանիկը:

Եվ ահա մինչդեռ Հարպիկն ու Ստեփանիկը Մանաճիհրի մոտ ուրախանում էին, երկու օրիորդ էլ Վահրամի պալատից դուրս էին նայում ու դիտում էին հեռուն, Անիի կանաչապատ բլուրները, ուր բնությունը ուրախ ժպտում էր և ուր թռչունները ճռվողում էին իրենց քաղցրաձայն դայլայլիկները...

Սակայն երկու օրիորդներն էլ մռայլ էին ու գունատ, երկուսն էլ` լուռ և մտահույզ:

Հեռվում բնությունը սիրուն էր և սքանչելի:

Լուսի՜կ, ի՛նչ հրաշալի է Անին, ի՛նչ սքանչելի է բնությունը, — լռությունն ընդհատեց Գոհարիկը: Բայց Լուսիկը կարծես չլսեց: Նա դեռ գտնվում էր մի տեսակ ապշության մեջ, երբ մարդու հոգին, թողնելով իրական աշխարհը, ցնորքների մեջ է ընկնում:

Լուսի՜կ, մի՞թե չես լսում ինձ, — կրկնեց Գոհարիկը:

Ի՞նչ է, քույրի՜կ, — պատասխանեց Լուսիկը` դեռ ապուշ կտրած աչքերով նայելով Գոհարիկին:

Ես ասում եմ` հրաշալի է բնությունը, սքանչելի է Անին:

Հա, Անին սքանչելի է, ի՛նչ հոգ, էլ մերը չէ, էլ մեզ համար չէ ժպտում բնությունը, էլ մեզ համար ապաստարան չէ սիրուն Անին, ա՛խ, սիրուն Անին... ամեն բան կորավ մեզ համար:

Ինչպե՞ս, Լուսի՜կ, ինչպե՞ս ամեն բան կորավ, դու շատ շուտ ես հուսահատվում:

Հուսահատվո՞ւմ... բայց, քույրի՜կ, մի՞թե պետք չէ հուսահատվել, երբ մարդուն յուր ծննդավայրից են քշում:

Մեզ ոչ ոք չի կարող քշել, զուր մի՜ հուսահատվիր, — ասաց Գոհարիկը` ինքը յուր խոսքերին չհավատալով:

Մի՜ աշխատիր ինձ խրախուսել, Գոհարի՜կ, քանի որ քո սրտի մեջ ավելի դառն վշտեր կան, քան իմ... մի՞թե մոռանում ես հորդ, ծերունի Վահրամին, թե ինչպես նա անքուն գիշերներ է անցնում և միշտ լալիս է, լալիս է և հառաչանքներ է արձակում... Ինչի՞ համար, եթե ոչ մեր սիրուն Անիի համար, որ նենգությամբ հափշտակեցին մեզանից հույները և այդ բավական չէ, այժմ Պարակաման զորավարը ինչեր չէ անում:

Ի՞նչ է անում:

Նա հայ իշխաններին ցրում է զանազան կողմեր և մեր քաղաքները հույն զորքերով լցնում:

Ճիշտ է, Լուսի՜կ, ճիշտ է, ա՛խ, արդյոք ի՞նչ պիտի լինի սրա վերջը, — ասաց Գոհարիկը` հոգոց հանելով:

Ի՞նչ պիտի լինի... Մի՞թե պարզ չէ: Անիի մահը Հայաստանի մահն է նշանակում, կմեռնի Անին` կմեռնի և Հայաստանը:

Բայց մի՞թե այդ չեն տեսնում մեր իշխանները:

Ո՞վ, Վեստ Սարգի՞սը... Անիծյա՜լ լինի նա, ինքն է, որ Հայաստանի կործանման ճանապարհն է հարթում:

Տե՛ս, տե՛ս, Լուսի՜կ, ահա կարծես Վեստ Սարգիսն է անցնում, — ասաց Գոհարիկը ցույց տալով դեպի դուրս, ուր հիրավի անցնում էր Վեստ Սարգիսը մի քանի իշխանների հետ:

Այո, նա ինքն է, բայց ինչպե՛ս մռայլ է նրա դեմքը, սարսափելի է դեմքի արտահայտությունը... ինքը դժոխքը կսարսափի դրա դեմքից և ես դողում եմ, — ասաց Լուսիկը և հիրավի ցնցվեց:

Գոհարիկը բռնեց նրա ձեռքը և նստեցրեց գահավորակին: Հենց այդ միջոցին էր, որ նաժիշտը ներս մտավ ու հայտնեց, որ Ստեփանիկը ցանկանում է տեսնել օրիորդներին: Լուսիկի սիրտը տրոփեց: Նա ոտքի կանգնեց և ուղղվեցավ, իսկ Գոհարիկը, դիմելով նաժիշտին, հրամայեց ընդունել Ստեփանիկին:

Ստեփանիկը ներս մտավ, ողջունեց օրիորդներին ու համբուրեց նրանց ձեռքերը, ապա կանգ առավ առանց մի բառ արտասանելու: Նրա դեմքը այլայլված էր, աչքերը մի անսովոր կրակով լցված, արդյոք ի՞նչ էր նշանակում այդ: Օրիորդները երբեք նրան այդ դրության մեջ չէին տեսել:

Նրանք զարմացած իրար նայեցին:

Նստեցեք, իշխա՜ն, — ասաց Գոհարիկը:

Այո, պետք է նստել, հանգստանալ, ծնկներս դողում են և սիրտս... — ասաց Ստեփանիկը և նստելով գահավորակին լուռ կացավ, առանց խոսքը շարունակելու:

Ի՞նչ է սիրտդ, իշխա՜ն, դու խրախճանքից ես գալիս, ինչպե՞ս անցրիր Մանաճիհր իշխանի մոտ, — ասաց Լուսիկը` դիմելով Ստեփանիկին և աչքը չհեռացնելով նրանից:

Նա զգում էր, որ Ստեփանիկի հետ ինչ-որ օտարոտի բան է կատարվում, բայց ի՞նչչէր կարողանում հասկանալ: Նրա դեմքի այլայլմունքը գինու շոգիներին էր վերագրում:

Օ՛, օրիորդ, ուրախացանք, ուրախացանք, բայց սիրտս լաց է լինում: Մի՞թե կարող ենք մենք ուրախանալ ներկա հանգամանքներում: Մի՞թե Ստեփանիկի սիրտը կարող է ուրախանալ: Չէ՞ որ նա այժմ լալիս է, լալիս է` ո՞վ գիտե ինչի համար... ինձ անհասկանալի է, օրիո՜րդ, խրախճանքի հենց կեսից սիրտս հանկարծ տխրեց, արտասուքներն իրենք դուրս բխեցին աչքերիցս, և դառն կսկիծները անողորմ կերպով քաղեցին սիրտս, հոգիս կարծես ասելիս լիներ, թե ես պիտի մեռնեմ, թե ես այլևս չպիտի տեսնեմ իմ Լուսիկին ու շտապեցի վերջին անգամ նրան տեսնելու... ների՜ր ինձ, — ասաց Ստեփանիկը և ծունկ չոքելով օրիորդի առաջ, համբույրներով սկսեց թրջել նրա մեկնած ձեռքը:

Ի՞նչ ես անում, իշխա՜ն, զգաստացիր, ամոթ է քեզ նման կորովի երիտասարդին մահվան վրա խոսելը:

Ստեփանիկը շառագունեց: Նա վեր թռավ տեղից և կրկին նստեց գահավորակին: Ապա լուռ գլուխը ձեռքերի մեջ առավ:

Օրիորդները շփոթված իրար էին նայում, երբ Ստեփանիկը բարձրացրեց գլուխը և ինքն էլ նայեց օրիորդներին:

Գոհարիկն ու Լուսիկը զարհուրելով նայեցին նրա երեսին:

Ստեփանիկի դեմքը մեռելի գույն էր ստացել, շրթունքները կապտել էին, իսկ աչքերը ակնակապիճներից դուրս թռել:

Սիրտս կսկծում է, օրիո՜րդ, ես մեռնում եմ, մնա՛ս բարև, մի՞թե չես հասկանում` ի՞նչ է նշանակում սրտի կսկիծներ ունենալ... օ՛, նա սարսափելի է, զարհուրելի է... բայց Ստեփանիկը չի վախենում մահից... Լուսի՜կ, ո՞ւր ես...

Վերջին անգամ համբուրեմ... մնա՛ս բարև... ինձ մի՜ մոռանա, գերեզմանիս վրա վարդեր փռիր, խունկ ու մոմ վառի... որ անուշահոտ բուրմունք տարածվի շուրջս... ա՛ խ...

Ստեփանիկը լռեց, նա վայր պիտի ընկներ, երբ վրա հասան օրիորդները և բռնեցին նրան: Այդ ժամանակ սենյակի մեջ լցվեցան ծառաներ, Գոհարիկի մայր Շուշանը և վերջը ներս եկավ ծերունի Վահրամ իշխանը:

Հա՜յր, օգնիր Ստեփանիկին,— ասաց Գոհարիկը դողդոջուն ձայնով:

Վահրամ իշխանը մոտեցավ Ստեփանիկին և սառած մնաց:

Նա ամեն բան հասկացավ: Ստեփանիկի բերանից փրփուր էր դուրս գալիս և աչքերը կատաղի էին:

Հեռացեք այստեղից, — դարձավ նա օրիորդներին, իսկ ինքը ծառաների օգնությամբ պառկեցրեց Ստեփանիկին գահավորակի վրա:

Ի՞նչ է, հա՜յր, մի՞թե նա մեռնում է, — ասաց Լուսիկը և ծունկ չոքեց Ստեփանիկի առաջ:

Next page