Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Մյուս օրը, երեկոյան դեմ նրանք Դվին մտան: Դավիթը սպասում էր տաժանելի չարչարանքների և խոնավ ու մութ բանտի, բայց շատ զարմացավ, երբ ետ արին չվանները` թողնելով միայն երկաթե շղթաները և մի մաքուր սենյակ տանելով` պատվական ճաշ հրամցրին:

Այս ճաշը դեռ ուտենք, հետո տեսնենք, թե ի՞նչ է դուրս գալիս: Բայց այս ընդունելությունը լավ նշան չէ, — մռմռաց ինքն իրեն Դավիթը: Այնքան դուր եկավ ճաշը, որ քիչ մնաց ամաններն էլ հետը ուտեր:

Անցավ մի քանի օր, և ահա նրա սենյակի դուռը բացելով ներս մտավ մի մարդ՝ սպիտակ չալմայով: Այցելուն մոտեցավ Դավթին և նստելով նրա մոտ՝ ասաց.

Ողջո՛ւյն քաջին. մեծ սպարապետ Յուսուֆը, լսելով քո քաջությունները, հիացած է մնացել: Թող ալլահը ավելի ուժ և կարողություն տա բազուկներիդ: Բայց դու թո՛ղ քո պիղծ հավատը և ընդունիր Մուհամմեդի սուրբ ու ճշմարիտ կրոնը, և այն ժամանակ Յուսուֆը աչքի լույսի պես կպահի քեզ ու մեծամեծ ընծաներ կտա:

Հա՛, հա՛, հա՛մի քրքիջ արձակեց Դավիթը, — ա՛յ թե ինչի համար էր Յուսուֆն ինձ պատիվներ տալիս, իսկ ես այնքան հիմար էի, որ այդ չէի էլ մտածում:

Բարկության ներկը անցավ մոլլայի դեմքով, բայց նա զսպեց իրեն:

Գյավուրնե՜ր, մինչև ե՞րբ պետք է մոլորված մնաք և չճանաչեք ճշմարիտ հավատը, մի՞թե չեք տեսնում ձեր երկրի ավերմունքը, ժողովրդի տառապանքը, որ կրկին այդպես համառում եք:

Մոլլա՜, լավ կլինի այստեղից պոչդ հավաքես և գնաս, եթե չես ուզում, որ փորիդ աքացի տամ: Գնա, հայտնի Յուսուֆին՝ ինչ անելու է, թող անի, ես նրանցից չեմ, որ մահից վախենամ և ընդունեմ ձեր պիղծ հավատը:

Մոլլան, նզովելով Դավթին, դուրս գնաց սենյակից: Նույն երեկոյան նրան ձգեցին մութ ու խոնավ բանտը՝ երկու օրը մի անգամ տալով ցամաք հաց ու ջուր: Բայց Դավիթը չէր հուսահատվում: Նա պատրաստվում էր ընդունելու ամեն տեսակ չարչարանք, հիշում էր Սմբատ արքայի տանջանքները, երկնային պսակը և ավելի ոգևորվում:

Անցավ մի քանի ամիս, և նա դեռ տանջվում էր բանտի մեջ: Եվ ամեն անգամ, երբ գալիս էին յուր մոտ Յուսուֆի ուղարկած մարդիկ, որոնք խոստանում էին մեծամեծ պարգևներ՝ միայն թե հավատը ուրանա, կոպտությամբ ետ էր մղում նրանց: Բայց բանտի խոնավությունը և սննդի պակասությունը ազդում էին նրա առողջության վրա, օր ավուր այդ աժդահա մարդը հալվում էր ու մաշվում:

Տարան մի անգամ էլ Յուսուֆ սպարապետի մոտ, որ գրկեց քաջին, ոսկի և իշխանություն խոստացավ նրան, եթե հավատը ուրանա, բայց Դավիթը կրկին անդրդվելի մնաց: Յուսուֆը բարկացավ և հրամայեց մյուս գերիների հետ գլխատել նաև նրան: Դավիթը վերադարձավ բանտ այն հույսով, որ վաղը առավոտյան կարժանանա նահատակության պսակին:

Բայց գիշերը շատ երկար էր տևում, անցնում էր ժամանակը դանդաղ ինչպես հավիտենականություն: Դավիթն արթուն էր և սպասում էր արշալույսին, բայց բանտի միակ լուսանցքը դեռ չէր լուսավորվում աղոտ լույսով, խավար էր շուրջը, խավար էր նրա սրտի մեջ, կսկիծը, վիշտը, տառապանքը, դառն ու անմխիթար հիշողությունները մորմոքում էին նրա հոգին...

Եվ հանկարծ խորին լռության մեջ նա մի սուր ձայն է լսում, որ փշաքաղում է նրա մարմինը: Նա գլուխը վեր է բարձրացնում: Երկաթապատ բաց պատուհանից լսվում է գորտի սուր կռկռոցը, որ մոտենալով պատուհանին, յուր վերջին ողբն է կարդում: Դավիթը սարսռում է և երանի տալիս գորտին, որ այնպես ուրախ կռկռում էր: Նա սիրում էր այդ գորտին, որ այնպես հաճախ յուր նվագներն էր սարքում և յուր վերջին ժամերը մխիթարում: Բայց շուտով գորտն էլ լռեց, ու կրկին տիրեց լռությունը: Ա՛խ, ուր է թե շուտ լուսանար: Նա ծունկ չոքեց և աղոթել սկսեց: Ահա բանտի դռները բացվեցին, և երևաց դահիճը: Սառնասրտությամբ նայեց նա դահճին և հետևեց նրան: Երբ հասավ այն հրապարակին ուր պիտի կատարվեր յուր գլխատումը, սոսկալի պատկերը ցնցեց նրա ուղեղը: Քառասուն, թե հիսուն հոգի մարդ, կին, աղջիկ, ռամիկ թե իշխան, պինդ շղթաներով կապած բոլորաձև մի շրջան էին կազմել, որոնց գլխներին, վայրենի գազանների նման պտտվում էին դահիճները` մերկ սրերը ձեռքներին:

Զարհուրանքը պատեց նրան, երբ տեսավ գերյալների գունատ և սոսկումով պատած դեմքերը, իսկ այդ գերիների մեջ յուր կրտսեր եղբորը` Գուրգենին: Երկու եղբայրների հայացքները հանդիպեցին իրար, և նրանք վրա վազելով փորձեցին գրկել միմյանց: Դահիճները, Յուսուֆի հրամանով, սկսեցին իրենց գործը: Շրջանում կանգնողներից մեկի արյունաթաթախ գլուխը վայր գլորվեց, վերջին անգամ բաց ու խուփ եղան սպանվածի աչքերը և հետո հառվեցին դատապարտյալների վրա:

Սոսկումը և զարհուրանքը փշաքաղեցին խեղճ գերյալներին, որոնք մեկ-մեկ ընկնում էին ցած և օրհնելով աստծուն ավանդում հոգիները... Հերթը հասավ Դավթին:

Ուրացիր քո պիղծ հավատը և ազատիր քեզ, — կրկնեց Յուսուֆը:

Ո՜չ, չեմ ուրանա հավատս, ես քրիստոնյա եմ:

Յուսուֆը նշան տվեց, և դահիճը մոտեցավ Դավթին սա վերջին անգամ նայեց յուր եղբորը և նկատելով նրա մահվան գունատությունը, երկյուղ կրեց, թե նա կթուլանա յուր հավատից, ուստի դիմելով նրան, ասաց.

Եղբա՛յր իմ, զոհիր քեզ Քրիստոսի սիրույն, ինչպես նա զոհեց յուր կյանքը մեզ համար:

Գուրգենը առաջ ընկավ և ներկայացրեց վիզը դահճին:

Դահիճը կտրեց նրա վիզը և քիչ հետո Դավթին գլխատեց: Ընկավ քաջի գլուխը առանց մի ձայն, մի տրտունջ հանելու...16

ԻԶ

Ինչ էր անում այդ միջոցին հայոց Հովհաննես կաթողիկոսը, որ կարող էր մեծ դեր խաղալ յուր ահագին ազդեցությամբ:

Նա անդադար փոփոխում էր յուր տեղը և վերջին ժամանակները գտնվում էր վրաց երկրում, Ատրներսեհի հովանավորության ներքո և այնտեղից ողբում ազգի թշվառությունը: Մի երեկո նրան հայտնեցին, թե Բագրևանդի սուրբ Գրիգոր վանքի վանահայրը ցանկանում է տեսնել իրեն:

Կաթողիկոսը հրամայեց ընդունել նրան:

Ներս մտավ Մարտիրոս հայրը և ծունկ չոքելով կաթողիկոսի առաջ` համբուրեց աջը:

Վեր կաց, ծերունի՜, և պատմիր, թե ի՞նչ լուր ունիս դու կարոտ հայրենիքից և թե ի՞նչը բերեց քեզ ինձ մոտ:

Մարտիրոս հայրը վեր կացավ և սկսեց պատմել այն թշվառությունները, որոնց ենթակա էր եղել ազգը, ապա համարձակ դիմելով կաթողիկոսին ասաց.

Ազգը ձեզ, վեհափա՛ռ տեր, և Աշոտ Երկաթի՜ն է կարոտ: Աշոտ Երկաթը միայնակ է և ձեր օգնության է կարոտ, դուք միայն գլուխ պիտի կանգնեք, կոնդակներ ուղարկեք ամեն կողմ և ոգևորեք ազգը: Ձեր պարտքն է ազգի մեջ ցրիվ տված ուժերը միացնել. հոգևոր գլուխը դո՜ւք եք, դո՜ւք պիտի քարոզեք նրանց միություն և համերաշխություն, ապա թե ոչ` ազգը կորած է. կկորչի ազգը, կկորչի և կաթողիկոսությունը: Մեր թշնամիները հողի համար չեն կռվում, այլ կրոնի, հավատի համար, այդ է արաբաց ջանքը: Մեր թշնամիները շատ լավ գիտեն, որ եթե մենք կրոնով միանանք արաբներին կամ հույներին, մեր երկիրն էլ նրանցը կդառնա:

Պետք է հիշենք հինգերորդ դարը, այդ կրոնական պատերազմը, որ Վարդան Մամիկոնյանը յուր քաջերով մղեց Հազկերտի դեմ: Հինգերորդ դարում պարսիկներն էին աշխատում մեր հավատը խախտել, իսկ այժմ` արաբներն ու հույները: Հինգերորդ դարում էլ ունեինք դավաճաններ՝ Վասակներ և Մերուժաններ, այժմ էլ ունենք Գագիկներ և Աշոտներ... Հինգերորդ դարում էլ ունեինք քաջ զորապետ, ինչպիսին` երևելին Վարդանն էր, այժմ էլ ունենք Աշոտ Երկաթ, օրինական թագավոր, որ շվարել մնացել է և երկնքից է օգնություն սպասում: Այժմ մեզ միայն մի բան է պակասում, որ նմանվենք ճիշտ հինգերորդ դարին, այդ Ղևոնդ երեցի պակասությունն է, որ չկա մեր մեջ: Ու՞ր է այժմ Ղևոնդը, որ յուր անուշաբույր քարոզներով ոգևորի մեզչկա նա: Դու՜ք վեհափա՛ռ տեր, որ գլուխ եք կանգնած հոգևորականության, ձեր անձնական օրինակով պիտի ոգևորեք ազգը, որ նա չկորչի, նա ձե՜զ է սպասում...

Կաթողիկոսը լուռ լսում էր նրան: Վերջացրեց վանահայրը, իսկ կաթողիկոսը դեռ լսում էր. նա կարծում էր, թե դեռ հայր Մարտիրոսը խոսում է և յուր հոգվո մեջ թողնում մի-մի սուր սլաք: Հիրավի կաթողիկոսի հոգու մեջ բացվեցին հին-հին վերքեր և հուզեցին թշվառ ծերունուն... Այդ րոպեին նա ազգի ցավերով էր ցավում, նրա տառապանքներով տառապում, բայց միևնույն ժամանակ զգում էր, որ բավական չէ միմիայն լալ, ողբալ, հարկավոր է նաև ցավերին դարման անել, վերքերը բուժել: Մարտիրոս հոր խոսքերը սուր սլաքի նման ցցվեցին իր սրտում և, դիմելով նրան, ասաց դողդոջուն ձայնով.

Այո՜, ծերուկ, ես գլուխ եմ կանգնած ազգի, բայց մինչև օրս միայն ցավերով եմ անցկացրել օրերս: Գնա, որդի՛, դու էլ մտիր ժողովրդի մեջ և քարոզիր նրանց, ոգևորիր նրանց երկնային լույսով, իսկ ես, ինչքան թույլ կտան իմ տկար ուժերը, կընկնեմ նախարարների ոտքերը, կաղաչեմ, կպաղատեմ և կհաշտեցնեմ նրանց իրար հետ, որ պաշտպանեն օրինական թագավորին:

Մարտիրոս հայրը դուրս եկավ կաթողիկոսի սենյակից գոհ սրտով և համարյա վազելով դեպի յուր օթևանը, դարձավ ծառային և ասաց ուրախ-ուրախ.

Ծառո՜ւկ, շտապով պատրաստիր ձիերը, մենք իսկույն պետք է ճանապարհ ընկնենք:

Ի՞նչ կա, հա՜յր սուրբ, որ այդպես շտապում եք, հարկավոր է մի փոքր հանգստանալ, — պատասխանեց ծառան զարմացած նրա այլայլված և ոգևորված դեմքը դիտելով:

Պետք է շտապել, որդի՜ս, պետք է շտապել, մենք շատ գործ ունենք կատարելու, ժամանակը շատ սուղ է:

Ծառուկը գլուխը քորեց և լուռ գնաց ձիերը պատրաստելու:

Կարճ ժամանակից հետո նրանք իրենց երեսները դեպի Արշարունիք դարձրած մտախոհ առաջ էին գնում:

Ի՞նչ էր մտածում Տեր-Մարտիրոսը, հայտնի չէ, միայն թե ամեն մի գյուղում երկար կանգ էր առնում, քարոզներ խոսում, ոգևորում և նրանց միջից զենք բանեցնող երիտասարդներից խմբեր կազմելով, կարգում էր նրանց վրա մի-մի մեծավոր և ապա շարունակում ճանապարհը...

ԻԷ

Ցուրտ ձմեռը վրա հասավ: Փչեցին սառը քամիներ, սար ու ձոր ձյունով ծածկեցին և սառցե հաստ կեղևով պատեցին Հայաստանը: Բուքը սկսեց ձյան հետ խաղալ՝ պար բռնելով և անախորժ ոռնալով... Վատ էր այդ ժամանակ խեղճ տառապյալ ժողովրդի դրությունը, որ հենց նոր էր շունչ քաշել սովի ձեռքից և այժմ ցուրտ սառնամանիքի դեմ էր կռվում:

Առավոտ էր: Արևը նոր էր դուրս եկել և յուր ճառագայթները սփռել սպիտակ տարածության վրա:

Այդ միջոցին Արշարունիք գավառից դեպի Շիրակ տանող ճանապարհին երևացին մոտ երկու հարյուր հետիոտն ուղևորներ, որոնք չնայած ցրտի սաստկության, ուրախ զրույց անելով իրար հետ, առաջ էին գնում: Կորովի և քաջ տղամարդիկ էին դրանք, բայց ամենքն էլ գյուղական պարզ հագուստներով և մորթե ահագին գլխարկներով: Նրանք ամենքը զինված էին զանազան տեսակ զենքերով, նրանցից ոմանք սրեր, ոմանք էլ երկայն նիզակներ ունեին: Նրանց առջևից գնում էր ոտքից գլուխ զինված մի հաղթանդամ երիտասարդ, որ շարունակ խոսում էր յուր հետ քայլող ծեր հոգևորականի հետ:

Հա՜յր սուրբ, ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է արդյոք կաթողիկոսը հաշտեցնել մեր իշխաններին և նրանցից միացյալ ուժ կազմել, — հարցրեց խմբի առաջնորդը կողքից գնացող հոգևորականին, որ մեզ ծանոթ վանահայր Մարտիրոսն էր:

Ես հույս ունիմ, իշխա՜ն, — պատասխանեց Մարտիրոս հայրը, — մեծ է աստծո զորությունը, կգա ժամանակ, երբ նրանք կհասկանան իրենց բռնած կորստաբեր դիրքը և կմիանան: Մեզ մի մարդ էր հարկավոր, որ այդ բանին գլուխ կանգներ, քարոզեր միություն, և այդ մարդը կաթողիկոսն է: Նա մեծ բան կարող է անել, եթե գործ դնի յուր բոլոր ճարտարությունը:

Դժվա՛ր: Այն դիրքը, որ այժմ բռնել են, և այն լարված հարաբերությունը, որ նախարարներն ունեն իրար հետ, համարյա թե անկարելի են անում միությունը:

Ինչո՞ւ չպիտի միանան, քանի որ այդ իրենց շահն է պահանջում: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ եթե չմիանան, այն ժամանակ արտաքին թշնամին մեկ-մեկ կոչնչացնի նրանց:

Եսականությունը և անձնասիրությունը այն աստիճան զարգացած է նրանց մեջ, որ նրանք այդ մասին ամենևին հոգս չեն անում: Նրանց միակ մտածմունքն այն է, որ իրենք հանգիստ լինեն, որսի գնան, քեֆ անեն և իրար ոտքի տակ փորելով՝ իրար ձեռքից հողերը հափշտակեն:

Ո՞ր մեկ օրինակը ասեմ քեզ: Գագիկ Արծրունին, որ բռնությամբ թագավորությունը հափշտակեց, այժմ ո՞վ գիտե, թե ինչ է մտածում: Աշոտ սպարապետը՝ Աշոտ Երկաթի հորեղբոր որդին, որ նստած է Դվին` Յուսուֆի մոտ, հարմար ժամանակի է սպասում, որ հափշտակի օրինական գահը: Եվ վերջապես Գուգարաց, Տայոց, Սյունաց և հազար ու մի մանր-մունր իշխաններ, որոնք չեն ուզում ճանաչել Աշոտ Երկաթին: Ի՞նչ պիտի լինի Աշոտ Երկաթի դրությունը, եթե դրանք կրկին շարունակեն իրար դեմ և Աշոտ Երկաթի դեմ զինվել:

Ի՞նչ պիտի լինիոչի՛նչ. թող շարունակեն մինչև որ իրենց պատիժը կստանան: Թող Աշոտ Երկաթի կողմը ժողովուրդը լինի, ահա այս կտրիճները, որոնց մեջն է ուժը,— ասաց Մարտիրոսը և ցույց տվեց իրենց հետևող խմբին:

Շատ լավ ես ասում, հա՜յր սուրբ, իսկ եթե նրանք սկսեն և դրանց արգելք դնել, այն ժամանակ ի՞նչ դուրս կգա միայն Այրարատյան երկրի մի բուռ ժողովրդով, որ առանց այն էլ հլու հպատակ է Աշոտ Երկաթին:

Իսկ ի՞նչ ենք շինում մենք, կաթողիկոսը: Մենք մեր տերունական խաչով ոտքի կկանգնեցնենք ամբողջ ազգը և ճանաչել կտանք օրինական թագավորին, այն ժամանակ վա՛յ իշխաններին, վա՛յ մատնիչներին, — պատասխանեց Մարտիրոս հայրը: Եվ երկուսն էլ լուռ կացան:

Օրն արդեն թեքվել էր, երբ նրանք հասան մի գյուղ, որի գետնափոր խրճիթները հազիվ էին երևում ձյան տակից: Նրանք կանգ առան: Հենց այդ միջոցին խրճիթներից դուրս թափվեցին մարդիկ, որոնք լուռ կանգնեցին իշխանի և Մարտիրոս հոր շուրջը:

Հը՛: Որդի՜ք ինչպե՞ս եք, — հարցրեց Մարտիրոս հայրը:

Գոհություն աստծո, լավ ենք, հա՜յր սուրբ, և մեր տղաներն էլ պատրաստ են ձեր հրամանը կատարելու, — ասաց գյուղացիներից մեկը, որ ըստ երևույթին գյուղի մեծը պիտի լիներ:

Շատ բարի, շատ լավ, հրամայիր թող գան, միանան այս կտրիճների հետ:

Տղա՜յք, գնացեք, մի փոքր հանգստացեք և ապա պետք է ճանապարհներս շարունակենք, — ասաց իշխանը դիմելով յուր խմբին, իսկ ինքը հայր սուրբի հետ ուղղվեց դեպի գյուղի մեծավորի տունը: Դեռ մի քանի քայլ չարած նրանց հանդիպեց երեսուն մարդուց բաղկացած մի խումբ, որոնք տեսնելով հայր սուրբին, ակնածությամբ գլուխները մերկացրին:

Ապրեք, զավակնե՜րս, այժմ գնացեք մի փոքր հանգստացեք մինչև որ ձեզ հրաման կտան մեզ հետ ճանապարհ ընկնելու, — ասաց Մարտիրոս հայրը այդ խմբին, որը եկել էր միանալու նրանց և ապա դառնալով դեպի գյուղի մեծավորը, ասաց.

Ապրե՜ս, լավ խումբ ես պատրաստել:

Նրանք մտան խրճիթ և սկսեցին համեստ ճաշը վայելել: Խոսակցության նյութը Աշոտ Երկաթն էր, որին օգնության էին գնում նրանք: Հանկարծ գյուղացիներից մեկը ներս ընկավ և լեղապատառ կանչեց.

Հա՜յր սուրբ, մենք կորանք, հեռու, գյուղի սահմանում երևում են ձիավոր մարդիկ, վախենում եմ, որ Յուսուֆի գունդը լինի:

Մի՜ վախենաք, որդի՜ք, — ասաց հայր սուրբը, այժմ այստեղ երկու հարյուրից ավելի զինված մարդ ունենք, սրանք չորս հարյուր Յուսուֆի զինվորներ արժեն:

Ապա իշխանն ու Մարտիրոս հայրը դուրս եկան և սկսեցին դիտել:

Հեռու, գյուղի հորիզոնում, սպիտակ ձյան վրա մի քանի կետեր էին երևում, որոնք արագությամբ դեպի գյուղն էին շարժվում: Կասկած չկար, որ դրանք ձիավորներ են, որոնցից մի քանիսը առաջ էին ընկել, կարծես շուտ հասնելու գյուղը, իսկ մի մեծ սև կետ հետևիցն էր գալիս:

Է՛, հոգ չէ, — ասաց իշխանը, երբ նրանց խմբի քանակությունն աչքով որոշեց, — հարկավոր է միայն մեր տղայոցը խումբ-խումբ տեղավորել խրճիթներում և լուռ սպասել, երբ նրանք միամիտ ներս կխուժեն իրենց ասպատակությունն սկսելու, այն ժամանակ մենք կկտրենք նրանց գլուխները:

Խմբին պատվերներ տվին, իսկ իշխանը քսան մարդով մի խրճիթում թաքնվեց, որ հանկարծակի հարձակվելով նրանց վրա՝ պակասն էլ ինքը լրացնի:

Գյուղը լուռ էր: Արաբաց խումբը մոտենում էր: Նրանց ձիերը քափ ու քրտինք էին կտրել: Մերկ սրերը հանած նրանք մտան գյուղ: Գյուղի մեռելությունը արաբաց հրոսակներին զարմանք պատճառեց: Մի խումբ շներ միայն հալածում էին նրանց, ոչ մի մարդ չէր երևում:

Անհավատները բոլորն էլ կոտորվել են, — ասաց մի վայրենի դեմքով մարդ, որ ըստ երևույթին խմբի մեծավորն էր:

Տղե՜րք, իջեք ձիերից և դուրս քաշեցեք հայերին հավաբներից, — դարձավ նա խմբին և ինքը իջնելով ձիուց հանդիպակաց խրճիթը դիմեց, որի դուռը փակ գտավ:

Մի ակնթարթում խումբը ցրիվ եկավ գյուղի մեջ և ամեն մեկն աշխատում էր շուտ մտնել խրճիթները և ավարի լավ պատառները ինքը վերցնել:

Հանկարծ ամեն կողմից լսվեցին վայնասունի, ճիչի և հայհոյանքի ձայներ, և քիչ հետո արաբաց խումբը դեպի յուր ձիերն էր վազում: Բայց հենց այդ միջոցին վրա հասավ Գևորգ իշխանը և յուր կտրիճներով սկսեց նրանց ճանապարհը կապել: Արաբները կռվում էին հերոսաբար, բայց նրանց փրկություն չկար: Դուրս թափվեցին նաև հայոց մնացած խմբերը: Չանցավ կարճ ժամանակ, և երեք հարյուրի չափ ընտիր ձիեր և այդչափ էլ զենք ու զրահ մնաց հայ կտրիճների ձեռքին, որոնք ուրախությունից խելքներն էին կորցրել: Աստված ինքը հասցրեց նրանց ձիեր և զենք, որոնց այնքան կարոտ էին:

Արևն արդեն մայր էր մտնում, ուստի ուշ լինելու պատճառով խումբը որոշեց գիշերը գյուղում անցկացնել, լավ հանգստանալ, կազդուրվել և ապա առավոտյան կրկին ճանապարհը շարունակել:

Բայց երբ լուսացավ, թանձր մշուշը պատել էր ամբողջ գյուղը, մի քանի քայլի վրա ոչինչ չէր երևում: Չնայած մառախուղին` խումբը ձիեր հեծած, կազմ և պատրաստ էր ճանապարհ ընկնելու: Երբ դուրս եկան իշխանը և հայր սուրբը` խումբը վերցրեց գլխարկները:

Մարտիրոս հայրը նայեց այդ քաջերին և ժպտաց: Մառախուղի մեջ ծածանվում էր կարմիր դրոշը` Բագրատունյաց խաչանիշ նշանով: Ապա նա պահպանիչ ասաց, և խումբը շուտով անհետացավ թանձր մշուշի մեջ...

Գյուղի մեծ ու փոքրը, կանայք ու ծերերը երկար ժամանակ դեռ նայում էին նրանց ետևից և օրհնում նրանց ճանապարհը: Նրանք դեռ հեռվից, մառախուղի մեջ, տեսնում էին ծածանվող դրոշակը, որ այնպես սիրուն սազ էր գալիս այդ փոքրիկ խմբին:

Աջն ու խաչը ձեզ պահապան, — կրկնեցին գյուղացիները, երբ անհետացան նրանց աչքից խումբն ու դրոշակը, և ապա ամեն մարդ յուր խրճիթը մտավ:

Այդ ժամանակ սկսեց ձյունը, Հայաստանի խոշոր և փաթիլ-փաթիլ եկող ձյունը:

ԻԸ

Գագիկ Արծրունին դժգոհ էր յուր վիճակից: Նախիջևան քաղաքը առնելով նրա սիրտը չէր գոհացել: Նա ուրիշ մտադրություններ ուներ յուր երկրի սահմանները ընդարձակելու և երկիրը ապահովելու համար, բայց այդ իրեն չէր հաջողվում: Յուսուֆի հրոսակները ողողում էին նաև Վասպուրականը և ոչ մի րոպե հանգստություն չէին տալիս նրան, ու ստիպված նա էլ Աշոտ Երկաթի նման լեռներն ու ամրոցներն էր քաշվում և հանկարծակի հարձակվում թշնամու գնդերի վրա:

Այդ տեսակ երերուն դրության մեջ էր Գագիկ Արծրունին, երբ Հովհաննես կաթողիկոսից օրհնության կոնդակ ստացավ, ուր կաթողիկոսը հրավիրում էր նրան գնալ Տարոն, նախարարների ժողովին ներկա գտնվելու և ազգի դրության մասին խորհրդակցելու:

Գագիկը մերժեց այդ հրավերը, քանի որ ինքը, Վասպուրականի թագավոր լինելով, նախ՝ ոչ ոքից կախում չուներ և երկրորդ այդ ժողովում իրեն համար ոչ մի շահ չէր տեսնում: Նա չէր սիրում Բագրատունյաց ցեղը, և կույր նախանձը խեղդում էր նրան: Ամեն կերպ նա ջանում էր նսեմացնել այդ ցեղը, հավատացած լինելով, որ եթե ընկնեին Բագրատունիք, Արծրունյաց ցեղը պիտի գլուխ կանգներ և ձեռք գցեր Հայաստանի թագավորական գահը: Նա հավատացած էր, որ Բագրատունյաց ցեղն է յուր արգելքը, հետևապես Աշոտ Երկաթի դեմ պիտի դարձնե այդ հարվածը, բայց յուր այդ զայրույթն ու նախանձը ոչ մի կերպ չէր արտահայտում, որպեսզի աչքի չընկնի և այդպիսով գործը չփչացնի: Նա գործում էր Աշոտ Երկաթի դեմ, բայց շատ զգույշ և շրջանկատ. արտաքուստ շատ լավ հարաբերություններ ուներ Աշոտ Երկաթի հետ, թեև ո՜չ նրան էր թողնում յուր գործերին խառնվելու և ո՜չ ինքն էր նրան մի բանում օգնում, իսկ թե ի՞նչ էր գործում վարագույրի տակ, այդ ոչ ոք չգիտեր:

Մի գիշեր Գագիկ Արծրունին քաշվեց յուր շքեղ սենյակներից մեկը, երկար ժամանակ զրույց էր անում Ռշտունյաց և Անձևացյաց իշխանների հետ, որոնք ճրագի աղոտ լուսավորության տակ մի խորհրդավոր տպավորություն էին թողնում:

Լսո՞ւմ եք, իշխաննե՜ր, — ասում էր Գագիկ Արծրունին, համարյա շշնջյունով, — ես վախենում եմ Աշոտ Երկաթից, նրան պետք է մեջտեղից վերացնել. ամեն հնարք, ամեն միջոց պետք է գործ դնել, որ նա բռնվի և Յուսուֆի ձեռքն ընկնի:

Ինչպե՞ս անենք, այդ մի փոքր դժվար է: Եթե նրա կյանքի դեմ դավադրություն լարեինք, հեշտ էր, բայց նրան Յուսուֆի ձեռքը գցելը մի փոքր դժվար է, — ասաց Ռշտունյաց իշխանը, որ մի քառասուն և հինգ տարեկան խորամանկ մարդ էր:

Չէ՛, պետք չէ նրա կյանքին ձեռք տալ, այդ մեր գործը չէ, հարկավոր է զգույշ կենալ: Մեր գլխավոր ջանքն այն պիտի լինի, որ նա Յուսուֆի ձեռքն ընկնի: Իսկ թե Յուսուֆն ինչ կանի նրան, այդ ամենի համար պարզ է:

Ես կարծում եմ, որ մեր արքան շատ լավ է ասում, — ասաց Անձևացյաց իշխանը, — եթե մեզանից մեկը ձեռք բարձրացնի, ազգը գլխի կրնկնի, և կասկածը այսպես թե այնպես Արծրունյաց ցեղի վրա կընկնի: Միակ միջոցն այն է, որ մենք աշխատենք Աշոտ Երկաթին Յուսուֆի ձեռքը գցել...

Բայց ինչպե՞ս, — ընդհատեց Ռշտունյաց իշխանը:

Ինչպե՞ս, շատ պարզ: Հայտնի է, որ Յուսուֆն ընկած է նաև Վասպուրականի թագավորության հետ: Մենք պետք է ներկայանանք Յուսուֆին իբր Գագիկ արքայից հալածվածներ և պաշտպանություն խնդրենք: Յուսուֆը, կասկած չկա, որ մեզ սիրով կընդունի, և այն ժամանակ հեշտ է նրանց խմբի գլուխ անցնելը և Աշոտ Երկաթին հալածելը, — պատասխանեց Անձևացյաց իշխանը:

Ապրե՜ս, — ասաց Գագիկը՝ ձեռքը Անձևացյաց իշխանի ուսին խփելով, — լավ միտք հղացրիր իմ մեջ, դրանից ավելի լավ ճանապարհ անկարելի է գտնել:

Ճիշտ որ լավ է, — համաձայնեց նաև Ռշտունյաց իշխանը:

Այո՜, շատ լավ է: Ուրեմն վճռված բան է, հենց վաղը առավոտյան դուք երկուսով ճանապարհ կընկնեք Դվին և կներկայանաք Յուսուֆին: Այնտեղ ձեր գլխավոր ջանքը պիտի լինի արաբաց գնդի գլուխն անցնել և արշավել Աշոտ Երկաթի վրա: Իսկ հետո, երբ լավ կապեր կհաստատեք սպարապետի հետ, ձեր գլխավոր ջանքը պիտի լինի ոչնչացնել Վասպուրականի լարված հարաբերությունը: Դուք Յուսուֆին կհայտնեք, որ ես ամենևին միտք չունեմ նրա դեմ ապստամբելու և թե պատրաստ եմ հարկը կանոնավորապես նրան հասցնելու, եթե ինձ հանգիստ թողնի:

Իշխանները ոտքի ելան:

Հա՜, իմ քա՜ջ իշխաններ, իմացեք, որ սա միայն երեքիս մեջ խորին գաղտնիք է և այդ գաղտնիքը ոչ ոք չպիտի իմանա: Չվհատվեք, ամեն բանի դիմեցեք, ձեռք առեք ամեն միջոց և հաջողեցրեք գործը:

Միամիտ եղիր, արքա՜:

Ուրեմն բարի ճանապարհ, — ասաց Գագիկը և գրկելով համբուրեց նրանց ու ճանապարհ դրեց մինչև պալատից դուրս: Նա ներս եկավ և սկսեց շրջել սենյակում: Ամբողջ պալատը խոր քուն էր մտել, ո՜չ մի ձայն չէր լսվում, բացի լճի ծփանքից, որ մեղմ, բայց հավասարաչափ ծեծում էր Վանի ժայռերը:

Միամիտ շրջում էր Գագիկը սենյակում և զանազան ծրագրեր կազմում, եզրակացություն հանում, ինքն իրեն տխրում, ուրախանում, հրճվում և սարսափում՝ առանց նկատելու, թե ինչպես երկու վառ աչքեր հետևում են իրեն և դիտում յուր հոգու այլայլությունը:

Գագիկ Արծրունու գաղտնիքը երեք անձնավորության մեջ չէր ամփոփված, այլ՝ չորս:

ԻԹ

Մարտիրոս հոր հեռանալուց հետո, Հովհաննես կաթողիկոսը մի փոքր ժամանակ անշարժ մնաց, կարծես դյութված լիներ, ապա ոտքի կանգնեց և սկսեց շրջել ընդարձակ դահլիճում: Բուռն մտքերը նրան հանգստություն չէին տալիս: Նա մտքերի ծովն էր ընկել, որից չէր կարողանում դուրս գալ: Երկար, շատ երկար մտածում էր նա, իր անելիքը կշռում, ցածր ու բարձր անում, մինչև որ հասավ գիշերը, և նա խոնջացած մահիճ մտավ, որ գոնե փոքր-ինչ հանգստանա և ազատվի յուր հոգու վրդովմունքից: Բայց գիշերն էլ հանգիստ չտվեց նրան, զարհուրելի պատկերները շփոթում էին կաթողիկոսի հոգին: Մտքերը բուռն ալիքների, վիշապների նման բարձրացնում էին իրենց գլուխները, իրար վրա հարձակվում, ջարդում, փշրում և ապա նորից հարձակվում...

Տխուր էր կաթողիկոսի հոգին, և դառն էին նրա մտքերը, որոնք հետզհետե ավելի էին դառնանում: Նա ճանաչում էր հայ նախարարներին, գիտեր նրանց հոգին, նրանց անմիաբանությունն ու եսասիրությունը և ավելի էր հուսահատվում... Ի՞նչ պիտի աներ. միակ ելքը, միակ փրկությունը դա էր, յուր բոլոր ճիգը պիտի թափեր նախարարներին Աշոտ Երկաթի հետ հաշտեցնելու ու միացնելու համար, ապա թե ոչ՝ ազգը կորած էր: Ուստի նա կանգ առավ այն մտքի վրա, որ նախ հաշտեցնի Վրաց, Աղվանաց և Ափխազաց իշխաններին և ապա Տարոնի մեջ, այնտեղ, ուր գտնվում է մուրազատու սուրբ Կարապետի վանքը, նախարարների ժողով հրավիրի:

Ու հոգևոր տերը քուն մտավ փայփայած այդ մտքով՝ հաջողությունը աստծո վրա դնելով:

Արևի անդրանիկ ճառագայթները նոր էին դուրս եկել, երբ զարթնեց ազգի հովիվը, աղոթեց աստծուն և հենց պատրաստվում էր ներկայանալ վրաց Ատրներսեհ թագավորին, երբ հայտնեցին, թե հունաց կայսրից թուղթ է բերված իրեն: Ի՞նչ թուղթ էր դա, նոր թշվառությո՞ւն, թե՞ ուրախություն էր բերում, թե՞ հույները Հայաստանի թշվառությունը տեսնելով` նորից արծարծում էին հին առակները՝ կրոնական միության խնդիրը: Դողդոջուն ձեռքերով բաց արավ թուղթը և կարդաց հունաց Կոստանդին Պերփերուժեն կայսեր կողմից գրած պատրիարքի գրությունը.

«...Սրա հետ միասին թուղթ ուղարկեցինք Ատրներսեհին և Ափխազաց Գուրգենին, խրատելով նրանց, որ լսեն ձեր խրատները, մոռանան իրենց գժտությունները և միմյանց հետ սիրով ու միաբան լինին: Ձեր պարտքն է բերանե-բերան, թղթով, պատգամավորներով, եպիսկոպոսներով և քահանաներով աշխատել, որ չար հակառակությունը վերանա ձեր միջից և այդպիսով, միաբան և միախորհուրդ լինելով, չարությունը այլևս չկարողանա ապականել ձեր աշխարհը: Եթե դուք այդպիսով միանաք, այն ժամանակ մեր ինքնակալ թագավորն էլ, անհրաժեշտության դեպքում, կուղարկե բազմաթիվ զորք, իբրև ձեզ օգնական...»:

Ուրախացավ կաթողիկոսը կարդալով այդ թուղթը և շտապով ներկայացավ Ատրներսեհին, որը խոսք տվեց նրան դադարեցնել յուր թշնամությունը հայոց հետ և օգնել նրանց Յուսուֆի դեմ:

Գոհ սրտով բաժանվեց կաթողիկոսը Ատրներսեհից և ինքը վերադարձավ Հայաստան, Տարոն գավառը, որտեղից պատգամներ ուղարկեց ամեն կողմ, որ գան հավաքվեն հայ իշխաններն ու նախարարները:

Քայց ի՞նչ շահեց կաթողիկոսը այդ ժողովից: Ոչի՜նչ: Նախարարներից ոմանք չներկայացան ժողովին, իսկ ոմանք, իրար դեմ կրկին հակաճառելով, բաժանվեցին միմյանցից առանց մի ելքի գալու:

Վհատվեց կաթողիկոսը և դառնացած սրտով նամակ ուղարկեց Հունաց կայսեր` նկարագրելով ազգի տառապյալ դրությունը, նախարարների անմիաբանությունը և օգնություն խնդրեց նրանից: Կարճ ժամանակ անցավ, և թղթի պատասխանն ստացվեց, որով Հունաց կայսրը իրեն և Աշոտ Երկաթին Կոստանդնուպոլիս էր հրավիրում՝ խոստանալով նրան շատ բարիքներ և օգնական զորք:

Կաթողիկոսը, հրավիրման այդ թուղթը ստանալով, յուր գնալը մերժեց զանազան պատրվակներով, վախենալով, որ եթե ինքը գնա Կ. Պոլիս, կրկին կրոնական միության խնդիր կարծարծվի. ուստի ճանապարհ ընկավ Տարոնից դեպի Շիրակ՝ Աշոտ Երկաթի մոտ, որ խորհուրդ տա նրան ընդունելու հունաց հրավերը:

Լ

Հեղինեն հոր սարսափելի գաղտնիքը իմանալուց հետո սաստիկ անհանգիստ էր: Ի՞նչ էր անում հայրը` մի սոսկալի դավադրություն, որով իրենց ամբողջ ցեղը պիտի մատներ դարեդար անեծքի և դավաճանի կոչմանը: Եվ ինչո՞վ կարելի էր այդ արատը վերացնել իրենցից, կրկին ոչնչով: Հեղինեի զգայուն և փափուկ սիրտը կսկծում էր, երբ միտն էր բերում այն գիշերվա գաղտնի խորհուրդը, և նա միջոցներ էր որոնում հոր ծրագիրը խորտակելու: Օրավուր հայրը ատելի էր դառնում, որդիական պարտավորությունները լռում էին նրա մեջ, և տիրապետում էր հոգում ազնվության ու ճշմարտության զգացմունքը: Մի կողմում կանգնած էր հայրը, իր գգվողն ու սիրողը` յուր վատ և զազրելի արարքներով, բայց որին բնության օրենքի համաձայն պարտավոր էր սիրել և հարգել, մյուս կողմում Աշոտ Երկաթն էր, օրինական թագավորը, իսկ հանձին նրա և ամբողջ ազգը:

Այստեղ տուժում էր միայն մի անձ, որ կուրացած էր փառամոլությամբ, իսկ այնտեղ` ազգը... Ինքը կանգնած էր երկուսի մեջ. երկուսն էլ ուժեղ էին, երկուսն էլ սիրելի, ո՞րին ավելի գերակշռություն տա, հո՞րը, որին պարտավոր էր սիրել, թե՞ ազգին...

Ավելի լավ չէ՞ր լինի, եթե ինքը լռեր, հեռու քաշվեր այդ խարդավանքներից և յուր կանացի գործերին նայեր, քան թե տանը հոր դեմ լրտեսությամբ պարապեր...

Նրա ի՞նչ գործն էր, եթե կսպանվեր Աշոտ Երկաթը, կխորտակվեր ազգը, կոչնչանար ամբողջ Հայաստանը, հո ինքը հանգիստ կլիներ. գոհ յուր վիճակից, շքեղ պալատներում ճեմելիս` շրջապատված հոր փաղաքշանքներով...

Օ՛ , նա չէր ուզում անձնական հանգստություն, նրա երակներում կարծես չէր հոսում հոր արյունը, հոգու մեջ տիրապետում էր ազգի սերը, ճշմարտությունն ու արդարությունը... Նա ընտանիքը` հորը, մորը և ամեն հանգստություն զոհում էր ազգին, որի համար պատրաստ էր ամեն զոհողության: Ազգն էր նրա հայրն էլ, մայրն էլ, հանգստությունն էլ. երբ նա տառապում էր, ինքն էլ պիտի տառապեր, նրա հետ ուրախանար, նրա հետ տխրեր... Ահա թե ինչ էր մտածում նա, երբ մյուս օրն ևեթ կանչել տվեց յուր մոտ Տեր-Սահակին, որի հավատարմության մասին կասկած անգամ չուներ:

Երբ Տեր-Սահակը ներս մտավ նրա առանձնասենյակը, Հեղինեի երեսին գույն չկար, ամբողջ գիշերներ անքուն էր մնացել:

Ի՞նչ կա, աղջի՜կս, ինչո՞ւ այդպես այլայլված ես, — հարցրեց Տեր-Սահակը:

Օ՛ , տեր հայր, հոգիս մաշվում է. երբեմն այնպես եմ վրդովվում, որ քիչ է մնում ինձ ծովը գցեմ և վերջ դնեմ իմ տանջալից կյանքին:

Ի՞նչ է պատահել, աղջի՛կս, ասա՛, հայտնի՛ր, ես պատրաստ եմ քո բոլոր վշտերն սփոփել:

Ո՛չ, տե՛ր հայր, ո՛չ, իմ վշտերը չեն սփոփվի, մինչև որ հայրս ձեռք չվերցնի յուր ստոր արարքներից:

Next page