Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Այնուհետև Մարտիրոս վանահայրը կրկին մտավ ժողովրդի մեջ խմբեր կազմելու, իսկ Աշոտ Երկաթը հույսը օտար ուժի վրա դրած` ուղևորվեց Կ. Պոլիս...

Ի՞նչ պիտի լիներ Հայաստանի դրությունը

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա

Չորս կողմը ամայություն էր... Ո՛չ մի կենդանի արարած չէր երևում, ո՛չ մի շարժում չկար այն ճանապարհին, որով անցնում էր Մարտիրոս վանահայրը յուր ծառայի հետ: Շուրջը փռված էին ամայի լեռներ ու ձորեր, որոնք, ծածկված լինելով ձյան թանձր ծածկոցով, մի տեսակ վհատություն էին բերում ճանապարհորդների սրտին: Այդ դաշտերում և ձորերում շարժվում էր միայն սառը քամին, յուր երգը երգում և ապա թռչում հեռո՜ւ-հեռո՜ւ... Երկինքն էլ ծածկված էր գորշ ու մթին ամպերով, որը լացացնելու չափ թախիծ էր բերում ծերունի վանահոր սրտին: Ձյունի բյուրեղները երբեմն-երբեմն ընկնում էին նրա ալեզարդ մորուքին և խճճվելով այնտեղ` թաքնվում, կուչ գալիս և ապա կաթիլներ դառնալով ընկնում ցած...

Տխուր էր Մարտիրոս հայրը, տխուր էր նրա ծառա Ծառուկը, որ մորթե տաք մուշտակի մեջ կոլոլված, դողում էր ցրտի սաստկությունից: Երկուսի դեմքերն էլ մթագնած էին. Ծառուկը տաք օթևան և հանգիստ էր երազում, այնինչ ծերունի վանահոր համար ցուրտն ու սառնամանիքը կարծես գոյություն չունեին: Նրա միտքը բոլորովին ուրիշ բանով էր զբաղված, որ այլայլում էր նրա հոգին և վրդովում սիրտը:

Նա սաստիկ հուզված էր: Վերջին դեպքերը` Աշոտ Երկաթի Կ. Պոլիս գնալը, կաթողիկոսի անհոգությունը և դավաճանների արձակվելը նրա հոգու վրա խոր տպավորություն էին թողել, որոնք ինչպես մի սուր սլաք ցցվել էին նրա սրտի մեջ`

բանալով այնտեղ խոր ու անբուժելի վերք...

Ի՞նչ պիտի լինի Հայաստանի դրությունը, — մտածում էր նա, — ո՞վ պիտի հոգա անպաշտպան ժողովրդի մասին, երբ նրա մարմնավոր և հոգևոր գլուխները հեռացած են նրանից: Պարզ է, որ նա կրկին պիտի տնքա, չարչարվի, տանջվի, ոտնատակ լինի և հարստահարվի զանազան բախտախնդիր իշխաններից և արտաքին թշնամիներից: Հայաստանը մի այգի է անուշահամ պտուղներով և գեղեցիկ ծաղիկներով. նրա դռները թեև բաց էին, բայց ո՛չ ոք չէր համարձակվում մտնել ու ոտնատակ տալ մարգերը և կոտրատել ծառերը, որովհետև վախենում էին այգեպանից: Այդ այգեպանին մենք գտել էինք, նա քաջ և արի էր, և ամենքը երկնչում էին նրանից: Բայց նա այլևս չկա. թողեց յուր այգին անտեր ու անօգնական և գնաց, որ ուրիշ երկրից ջուր բերի յուր այգին ջրելու, առանց հասկանալու, թե օտար ջուրը յուր այգին չի ջրի, թույն կա այդ ջրի մեջ: Նա ականջ չդրեց մինչև անգամ իմ խոսքերին, թե մինչև յուր վերադառնալը եղած ծառերն էլ կկոտրատվեն և յուր սիրուն այգու հետքերը միայն կմնան, և այն ժամանակ օտարի ջրով թող ջրի յուր ամայի այգու սեպացած քարերը... Երկա՛թ, Երկա՛թ... զո՛ւր քո երկաթե բազուկներիդ համար օտարի փայտյա հենարանն ես խնդրում, այն շուտ կխորտակվի, կփշրվի, այնինչ քո երկաթե բազուկներդ կժանգոտվեն և պետք չեն գա գործածելու... Մի քանի օր է, ինչ հեռացել է Աշոտ Երկաթը, այնինչ Հայաստանի զանազան անկյուններից արդեն լսվում են տրտունջներ: Օձերն իրենց գլուխներն են բարձրացնում և լավ պատառներ որոնում: Գագիկ Արծրունին դարաններ է պատրաստում, իսկ չարանենգ Յուսուֆը արքայական գահի համար փոխանորդ պտրում: Աշոտ սպարապետը` Աշոտ Երկաթի հորեղբոր որդին, վաղուց է կարոտ այդ գահին, և Յուսուֆը վաղուց հարմար առիթի է ման գալիս հայերի դեմ հայ զենքով կռվելու: Երկու թագավոր ունենք, երրորդն էլ է պակաս և այդ երրորդը Աշոտ սպարապետն է, Յուսուֆի ձեռքի կույր գործիքը... Աշո՜տ, Աշո՜տ, տեր և տիրական թշվառացած ժողովրդի, դարձի՛ր, դարձի՜ր այդ ճանապարհից, ժողովուրդը քեզ է կանչում, Մարտիրոս վանահոր սիրտը քեզ է սպասում...

Մութն արդեն ընկնում էր: Հեռու լեռներն արդեն թաքնվում էին խավարի մեջ, և ցուրտը հետզհետե զգալի էր դառնում, այնինչ Մարտիրոս վանահայրը մտքերի մեջ ընկղմված այդ չէր նկատում և յուր ձիու ընթացքը չէր արագացնում:

Ծառուկը անհամբերությունից ճաքում էր: Նա մի անգամ առաջ եկավ, որպեսզի ասի Մարտիրոս հորը, որ ձիուն շտապեցնի, բայց նկատելով, որ նա ինչ-որ փնթփնթում է քթի տակ, չհամարձակվեց խանգարել նրան: Վերջապես ծառայի համբերությունը հատավ: Վճռաբար նա առաջ քշեց ձին և նայեց վանահոր դեմքին: Այդ դեմքը այլայլված էր, բայց պատկառելի տպավորություն էր թողնում: Մի քանի վայրկյան լուռ մնաց ծառան և սկսեց դիտել նրա դեմքի այլայլությունը, ապա ցած, հազիվ լսելի ձայնով ասաց.

Հա՛յր սուրբ:

Մարտիրոս հայրը չլսեց նրան: Նա դեռ ինքն իր հետ էր խոսում:

Հա՛յր սուրբ, արդեն մթնում է, հարկավոր է շտապել, — ասաց ծառան նորից:

Դավաճաննե՛ր... ահա թե ովքեր են մեր տունը քանդում և մնում են անպատիժ...

Հա՛յր սուրբ, մթնում է...

Ի՞նչ է, որդյա՛կ, — ասաց վանահայրը և սուր, թափանցող հայացքը ուղղեց դեպի ծառան, որը չդիմանալով նրան, իջեցրեց աչքերը:

Ճանապարհ շատ ունենք, հա՛յր սուրբ, և ցուրտն էլ սաստկանում է: Պետք է մի փոքր շտապել:

Հա՜ , Ծառո՛ւկ, ճշմարիտ է, պետք է շտապել, ապա թե ոչ գայլերի կերակուր կդառնանք:

Երկուսն էլ ձիերին մտրակելով առաջ անցան:

Դու վախենո՞ւմ ես գայլերից, — դարձավ Մարտիրոս հայրը ծառային` մի փոքր լռությունից հետո:

Ե՞ս, հա՛յր սուրբ... Ե՞րբ եք տեսել, որ ես մի բանից վախենամ:

Իսկ եթե մի խումբ արաբներ վրա տան` կրկի՞ն չես վախենա:

Ո՛չ: Ես մահից չեմ վախենում, բայց առաջ նրանցից մի հնգին կսպանեմ և հետո կմեռնեմ:

Ապրես, Ծառո՛ւկ, ես վախկոտներին չեմ սիրում: Աստված էլ չի սիրում վախկոտներին: Վախկոտությունը մահու չափ հանցանք է: Նա, ով վախենում է թշնամիներից, ավելի լավ է չապրի: Ներկա, ժամանակում անզորներն ու վախկոտները ոտնատակ են լինում զորավորներից և հանդուգններից: Պետք է քաջ լինել և ապա հանգիստ ապրել:

Նրանք կրկին լուռ առաջ անցան: Այդ ժամանակ հեռվում` լեռան քամակին, կիսախավարի մեջ երևաց մի վանքի պարիսպ:

Հա՛յր սուրբ, վանքը երևում է:

Հա՜, տեսնում եմ, վերջապես մի փոքր կհանգստանանք, թե՛ մենք, թե՛ մեր խեղճ ձիերը:

Մի փոքր հետո ճանապարհորդները վանք մտան, ուր Մարտիրոս վանահայրը առանձնացավ վանքի վանահոր խուցը, այնինչ Ծառուկը մեկնվեց վառած կրակի մոտ և սկսեց յուր զրույցը վանքի ծառաների հետ: Նա շատ էր սիրում տաք օջախը և քաղցր զրույցը: Մի փոքր առաջ կերած ցուրտը բոլորովին մոռացել էր Ծառուկը կրակի բարերար ազդեցության տակ:

Ո՞վ է այդ ծերունի մարդը, — հարցնում էր Ծառուկին վանքի ծառաներից մեկը, շարունակ քորելով մեջքը և սրելով յուր քոսա բեղերը:

Օ՜, մի՞թե չեք ճանաչում, դա ամբողջ Հայաստանի մեջ սուրբ և զորավոր մարդ է, — պատասխանեց Ծառուկը, առանձին նշանակություն տալով յուր խոսքերին:

Ինչպե՞ս, ուրեմն մեր Սահակ սրբազանից էլ մե՞ծ է,— հարցրեց քոսա ծառան` սուր հայացք նետելով Ծառուկի վրա:

Իհարկե, ձեր Սահակ սրբազանը ի՞նչ է դրա առաջ: Իմ հայր սուրբը կաթողիկոսից էլ բարձր է:

Է՛, ի՜նչ մեծ մարդ է եղել...

Իհարկե մեծ է: Ամբողջ արաբաց գունդը դողում է դրանից, մի՞թե լսած չեք Մարտիրոս վանահոր անունը:

Չէ, որտեղի՞ց կլինեմ լսած:

Դե՛, փայտ բեր, ցուրտ է, ես ճանապարհից նոր եմ եկել, մի՞թե չես տեսնում, որ օջախը հանգչում է, — ավելացրեց Ծառուկը հրամայաբար, երբ նկատեց յուր խոսքերի ազդեցությունը:

Այս րոպեիս, ղուրբա՛ն, — ասաց ծառան և դուրս գնալով մի քանի փայտ բերեց և կրակը չաղացրեց: Ծառուկի քունը տանում էր, այնինչ վանքի ծառան պատճառ էր փնտրում նորից խոսակցություն բանալու:

Երևի շա՞տ հեռու տեղից եք գալիս, — հարցրեց նա;

Օ՜, էլ մի՛ ասա, ամբողջ երեք օր ճանապարհ ենք գալիս:

Իսկ ի՞նչն է ստիպում ձեզ այդպես վռազ ճանապարհ գալու, մի՞թե Սահակ սրբազանի մոտ խիստ կարևոր գործ ունեիք:

Ծառուկը, ինչպես էլեկտրականությունից ցնցված, վեր թռավ տեղից և ուղղակի իրեն խոսակցի աչքերը դիտեց: Ըստ երևույթին վատ տպավորություն թողեց նրա վրա, որ հոնքերը կիտելով կարճ կտրեց.

Է՜ , բարեկա՛մ, դրանով մենք շատ հեռու կերթանք, ավելի լավ է ինձ համար ընթրիք բերես, ես հոգնած եմ և քնել եմ ուզում:

Քոսա ծառան նկատեց, որ էլ նրանից ոչինչ չի իմանա, ուստի ընթրիքը բերեց դրեց Ծառուկի առաջ և քայլերն ուղղեց դեպի վանահոր խուցը` մի գիրկ փայտ ներս տանելով:

Կարճ ժամանակից հետո Ծառուկը, ընթրիքն անելով, մեկնվեց կրակի մոտ և անուշ քնի մեջ ընկղմվեց. եթե աշխարհն էլ տանեին, չէր իմանա:

Բ

Վանքը, ուր իջավ Մարտիրոս հայրը, գտնվում էր Բյուրական ամրոցում, որ շինել էր Հովհաննես կաթողիկոսը կոփածո քարերով և ուր փակակալ էր Լուսավորչի դռան Սահակ անունով մի եպիսկոպոս: Սահակը թխադեմ, բայց լիքը մարդ էր: Լայն թիկունքը և ուժեղ բազուկները տալիս էին նրան մի առանձին հաղթանդամ տեսք: Միջին հասակի էր նա, մոտ 4045 տարեկան, միշտ ուրախ, զվարթ, իսկ բնավորությամբ` կատակասեր: Գեթ արտաքուստ իրեն ցույց էր տալիս շատ զվարճասեր և ո՛չ մի բանի վրա չմտածող, այնպես որ շրջակա գյուղացիները նրան «հանաքչի սրբազան» անունն էին տվել և սաստիկ համակրում ու սիրում էին:

Արդարև, Սահակ սրբազանը յուր պարզ բնավորությամբ գրավել էր շրջակա գյուղացոց համակրությունը: Իսկ եթե թափանցեինք նրա հոգու խորքը, կտեսնեինք, որ հոգին կատակ չէր անում, չէր ծիծաղում, չէր ժպտում, ինչպես արտաքուստ, այլ ընդհակառակը, հոգին պատած էր այն տեսակ տխուր և սրտամաշ մտքերով, որ լացացնելու չափ կսկծացնում էր իրեն: Խաբուսիկ և կեղծ էին Սահակ սրբազանի կատակներն ու ժպիտները: Նա արտաքուստ այդ դիրքն էր ընդունել միմիայն գյուղացոց համակրությունն ու սերը վայելելու, որի մեջ և հաջողություն ուն՜եր: Իսկ իրեն հենց այդ էր պետք: Ուրիշ բանի նա կարոտ չէր:

Երբ Մարտիրոս վանահայրը մտավ նրա խուցը, նա մտազբաղ նստած էր և առաջը թափված էին զանազան թղթի կտորներ, որոնց մեկ-մեկ վերցնում էր, ջոկում, աչքի անցնում և ինքն իրեն մտածում: Ճրագի աղոտ լուսավորությունը ընկել էր նրա կլոր և լիքը երեսին, որ այդ ժամանակ խիստ դժգույն էր: Այդ միջոցին նրա լուրջ դեմքից անհետացել էր ժպիտը, և հայացքը ներկայացնում էր խոր ու ծանրակշիռ գործերով զբաղվող մարդու հայացք:

Վերջապե՜ս... — ասաց նա, տեսնելով Մարտիրոս հորը, — վերջապես եկար, իսկ ես քո մասին անհանգստանում էի:

Ինձ համար ի՞նչ կարիք կար անհանգստանալու, սրբազա՛ն, ես ծեր եմ և ուժասպառ, իմ օրերը համարված են, և ես շատ շուտ գերեզման կմտնեմ:

Վա՜հ, Մարտիրոս հայր, ի՞նչ ես ասում, մի՞թե գերեզմանը իրավունք ունի քեզ նման սուրբ մարդուն կլանելու:

Կատարյալ իրավունք ունի, ինչպես և ամեն մարդու:

Չէ՛, ես իրավունք չեմ տալիս, դեռ հարկավոր ես, շա՛տ հարկավոր, երբ որ ժամանակը կգա, ես քեզ կհայտնեմ:

Վա՜հ, լավ է, մահվան իրավո՞ւնքն էլ ես ուզում ձեռքդ գցել, — պատասխանեց Մարտիրոս հայրը, և մի դառն ժպիտ անցավ նրա դեմքի վրայով:

Իհարկե, իհարկե. աստված քեզ վրա իրավունք չունի, դու մերն ես և հարկավոր ես մեզ: Ես հոգեհան հրեշտակի թևերը կկտրատեմ, եթե քեզ մոտենա:

Սրբազա՛ն, երևում է, որ դու հանաք անելով էլ պետք է մեռնես:

Իհարկե, դրանից ավելի ի՞նչ պիտի տանենք այս փուչ աշխարհից: Բայց կատակները մի կողմ թողնենք, արի բարձրացիր նստիր ահա այս բարձի վրա, հոգնած կլինես:

Մարտիրոս վանահայրը յուր ձմեռվա քուրքը մի կողմ գցեց, ծալապատիկ նստեց թախտին և լուռ դեպի ճրագի աղոտ լուսավորությունը նայեց: Երկուսն էլ կարճ ժամանակով լուռ Էին:

Ի՞նչ տեղեկություններ ես ժողովել, սրբազա՛ն հայր,— լռությունն ընդհատելով հարցրեց Մարտիրոս հայրը:

Տեղեկություններ շատ ունեմ, բայց, դժբախտաբար, ուրախ ոչինչ չկա, ամեն բան դեպի վատն է գնում:

Ինչպե՞ս, մի՞թե մեր ծրագրերն էլ են քանդվում, — հարցրեց Մարտիրոս հայրը և կիսով չափ բարձրացավ տեղից:

Չէ՛, խոսքս մեր ծրագրերի մասին չէ, ընդհակառակը, մեծ ծրագրերն առաջ են գնում խիստ լավ: Ամեն մի վանքում պատրաստություններ են տեսնում, խմբեր են կազմում: Մեր գործակալները շատ լավ են գործում, բայց Աշոտ Երկաթի Կ. Պոլիս գնալով գործը կանգ է առել. զանազան բախտախնդիր իշխաններ արգելք են լինում դրան և ժողովրդին գրգռում Աշոտ Երկաթի դեմ:

Որքան էլ ցավալի է, բայց այդպես է: Այդ իշխաններին պետք է վերջ դնել դրանք հայի տունը քանդեցին, բայց ի՞նչ ասես, որ Աշոտ Երկաթը արհամարհում է դրանց և դավաճան իշխաններին յուր ձեռքից բաց թողնում:

Մի՞թե այդ քո ներկայությամբ էր:

Ես ներկա էի, բայց խեղդեցի իմ մեջ բարկության բոցը: Ռշտունյաց և Անձևացյաց իշխաններին իմ ձեռքով հանձնեցի նրան, որոնք դավադրություններ էին լարել նրա կյանքի դեմ, բայց նա արձակեց նրանց: Ժողովուրդը ուզում էր պատառ-պատառ անել, բայց ես ազատեցի նրանց` բարձր պահելով թագավորի խոսքը և ներողամտությունը:

Սպասիր, հա՛յր Մարտիրոս, ահա կարդա այս նամակը և տես, թե ի՞նչ են գրում այդ ձեր ազատած իշխանների մասին, — ասաց Սահակ սրբազանը և վերցնելով սեղանի վրա փռված նամակներից մեկը, հանձնեց Մարտիրոս հորը: Վանահայրը ուշադրությամբ կարդաց նամակը և մահվան գունատությունը պատեց նրա ճերմակ դեմքը: Բարկությամբ դեն շպրտեց թուղթը, վեր կացավ տեղից և սկսեց արագ-արագ շրջել սենյակում:

Դավաճաննե՛ր, անպիտաննե՛ր, լրբե՜րԵս գիտեի, ես ճանաչում էի դրանցԱ՛խ, սխալվեց Աշոտ Երկաթը, պետք էր դրանց տեղն ու տեղը կախել և ոչ թե ազատել:

Տեսնո՞ւմ ես, ի՞նչ սոսկալի դավադրություն են կազմում Աշոտ Երկաթի դեմ և ո՞ւմ են իրենց ձեռքի գործիք դարձնումնրանց, ովքեր երախտիք ունեն Աշոտ Երկաթից, որոնք նրա աղն ու հացն են ուտում: Այժմ Գուգարաց իշխաններին` Վասակ և Աշոտ Գնթունիներին են ուզում ձեռք գցել և ապստամբեցնել օրինական թագավորի դեմ: Տեսնո՞ւմ եք, թե այդ ձեր ազատած իշխանները ի՞նչ են անում:

Արծրունյաց Գագիկի բաներն են դրանք. նա է այս բոլոր դավադրությանց կենտրոնը և մեր ամբողջ ջանքը այդ դավադրությանց խորտակման մեջ պիտի լինի: Ի՞նչ եղավ, ե՞րբ պիտի գա Սահակ քահանան:

Վաղը, երեկոյան դեմ կհավաքվեն Սահակ Արծրունյաց քահանան, Գևորգ Մարզպետունին և Բասյանց գավառի իշխանը:

Թող գա՛ն, պետք է սպասել դրանց, պետք է տեղեկություն ժողովել Տեր Սահակից, թե արդյոք էլ ինչե՞ր է ծրագրում ատելի Գագիկ Արծրունին:

Անպատճա՛ռ: Մեր գլխավոր երկյուղը Վասպուրականից է: Դա զորավոր ախոյան է, որից պիտի զգույշ լինել:

Բայց Տարոնից խիստ լավ տեղեկություններ են ստացված, այնտեղ արդեն պատրաստի մի գունդ ունենք, մոտ 400 մարդուց բաղկացած:

Ապրի՛ Գևորգ իշխանը, այդ նրա շնորհքն է:

Այդ ժամանակ վանքի դուռը ծեծեցին: Նրանք երկուսն էլ լսեցին և հետաքրքրությամբ սպասում Էին, թե ո՞վ պիտի լինի, որ այդպես կես-գիշերին դուռը ծեծում է: Սահակ սրբազանը շտապով դուրս գնաց և հրամայեց դուռը բանալ, երբ նկատեց մի ձիավոր` կանգնած վանքի դռանը:

Ձյունը քուլա-քուլա փրթում էր, և ձիավորը ամբողջապես կոլոլված էր ձյան մեջ: Նա շտապով ներս մտավ վանքի գավիթը և արագությամբ ցած թռչելով ձիուց, ուղղակի դեպի սրբազանը դիմեց, որ դեռ ապուշ կտրած նայում է նրան, առանց ճանաչելու ուշացած ճանապարհորդին:

Ողջո՜ւյն, սրբազա՛ն հայր, — ասաց ճանապարհորդը և սովոր մարդու նման ուղղակի դիմեց դեպի սրբազանի խուցը:

Սրբազանը մեքենաբար ներս մտավ և երբ ճրագի աղոտ լույսի տակ դիտեց նրա դեմքի գծագրությունը` քա՜հ-քա՜հ մի քրքիջ արձակեց:

Վա՜հ, Տե՛ր-Սահակ, ես քեզ բոլորովին չճանաչեցի. ձյունից այնքան ես ճերմակել, որ հարյուր տարեկան զառամյալ ծեր կարծեցի: Բարո՜վ, հազա՛ր բարի ես եկել, բայց մենք քեզ այսօր չէինք սպասում, — ասաց սրբազանը:

Եկողը, որ Արծրունյաց տան քահանա Տեր-Սահակն էր, մոտենալով նախ Մարտիրոս վանահոր աջը համբուրեց, ապա սկսեց թափ տալ յուր վրայի ձյունը և շորերից սառույցները պոկել:

Մեռա՜, ամբողջ գիշեր ճանապարհ էի գալիս, — ասաց նա:

Հը՛, երևի կարևոր լուր ունես, որ այդպես շտապով ճանապարհորդել ես:

Առայժմ միայն մի ուրախալի լուր կասեմ, իսկ մնացածը կթողնեմ վաղվան: Ես հոգնած եմ, ննջել եմ ուզում: Յուսուֆը վերջապես հանգիստ թողեց Գագիկին և յուր զորքերով Ատրպատական քաշվեց: Այժմ Հայաստանը մի փոքր շունչ կառնի, եթե դավաճան և քսու իշխանները գլուխ չբարձրացնեն:

Յուսուֆը այնքան վտանգավոր չէ, որքան դավաճանները, — նկատեց Մարտիրոս հայրը լուրջ կերպով, — բայց այժմ գնա հանգստացիր, վաղը կմտածենք այդ մասին:

Սահակ սրբազանը և Տեր-Սահակը դուրս գնացին, թողնելով Մարտիրոս հորը միայնակ, որը դեռ երկար ժամանակ արթուն էր, մինչև որ հոգնածությունը հաղթեց նրան, և նա քուն մտավ: Ժողովրդի հայրը ննջում էր... բայց խիստ վրդովալից և անհանգիստ էր այդ քունը, որը կարճ ժամանակ, տևեց, և նա իսկույն վեր թռավ: Օրը բացվել էր, և արևի անդրանիկ ճառագայթներից պսպղում էր ձյունը:

Նույն օրը հասավ, և Գևորգ Մարզպետունի իշխանը յուր փոքրաթիվ ձիավորներով, որոնց սովորություն ուներ միշտ յուր հետը վերցնելու և հարկավոր դեպքերում նեղելու արաբներին: Շուտով այդ չորս անձինք` երեք հոգևորական և մի աշխարհական, խորհրդի նստեցին, որը շատ երկար տևեց: Չորսն էլ տխուր էին, ուրախության ո՛չ մի նշույլ չէր երևում նրանց դեմքերին: Ապագան մութ ու անորոշ էր: Կատակասեր սրբազանն էլ մոռացել էր յուր կատակները և ընկել մտածության ծովը:

Չէ՛, շատ անմխիթար է հայի ապագան, — լռությունը ընդհատեց Մարտիրոս վանահայրը` դառնալով խորհրդակիցներին, — բայց մենք ամենևին չպիտի ընկճվենք, չպիտի հուսահատվենք: Ի՞նչ անենք, թե օր-օրի վրա խռովությունները ավելանում են և դավաճանների թիվը շատանում է: Մենք մեր պարտքը պիտի կատարենք, որպեսզի ամոթով չմնանք մեր խղճի առաջ: Էլ ի՞նչ հայ ենք, որ հայի նեղ ժամանակը պետք չգանք, մեր կյանքը չզոհենք նրան: Ի՞նչ անենք, որ Արծրունյաց Գագիկը, փառասիրական ձգտումներից դրդված, դիմում է ամեն միջոցի, ձգտում է իմ և Գևորգի կյանքն էլ վերացնելու: Թող մեռնենք, թող սպանել տա մեզ, եթե պետք է մեր կյանքը նրան, ինչ վնաս, մեր տեղը ուրիշները դուրս կգան, իսկ դրանց տեղը դարձյալ ուրիշներ... Կրկնում եմ, մենք պիտի ճգնենք վերացնել արգելքները և ծառայել ժողովրդին ու օրինական թագավորին: Այդ պարտքը սուրբ է, և այն սրբությամբ էլ պիտի կատարենք: Թող Գևորգ իշխանը զենքով հալածե թշնամիներին, իսկ մենք խոսքով: Մեր պարտքը պիտի լինի խրախուսել ժողովրդին, դրանցից փոքրիկ գնդեր կազմել և այդ գնդերը հանձնել իշխանի հրամանատարությանը, որի պարտքն էլ պիտի լինի օգնել Աշոտ Երկաթին:

Բայց, հա՛յր սուրբ, մեր հաջողությունը շատ դանդաղ է առաջ գնում, — ավելացրեց Տեր-Սահակը, — Վասպուրականում ո՛չ մի գործ առաջ չի գնում, այնտեղ լուրջ կերպով հսկում է Գագիկը և հոտն էլ առել է, ես վախենում եմ Հեղինեի վիճակից:

Ճիշտ, ի՞նչ է անում Հեղինեն, երկար ժամանակ է նրանից լուր չի ստացվել,— հարցրեց սրբազանը:

Լսելով հոր տմարդի գործերը` ապրում է ախ ու վախով: Ազնիվ, հայրենասեր աղջիկ է, բայց ցավում եմ, որ վերջը վատ է լինելու:

Ինչո՞ւ:

Շատ պարզ: Վաղ թե ուշ հայրը լսելու է նրա արարքները, և այն ժամանակ մութ բանտերը և տանջանքները նրա համար անխուսափելի են:

Պետք է ազատել նրան հոր ճիրաններից,— ավելացրեց Գևորգ իշխանը, որ մինչ այդ լուռ էր:

Հը՛, ի՞նչ է, հո դուր չի՞ գալիս քեզ Արծրունյաց օրիորդը, — հարցրեց սրբազանը, որի վրա ամենքը ծիծաղեցին:

Է՛հ, սրբազա՛ն հայր, այսպիսի ժամանակ մեզ շատ բան է դուր գալիս, բայց ուշադրություն չենք դարձնում:

Չէ՛, ի՞նչ կա որ, մի այնպիսի՛ հարսանիք կանենք, որ քեֆդ գա, դեռ հարսանիքումդ էլ պար կգամ:

Բայց հանաքը մի կողմ, սրբազա՛ն, նա ամեն կերպ ուզում է փախուստ տալ Վասպուրականից, — ավելացրեց Տեր-Սահակը:

Թող գա՛, այդ մի սոսկալի հարված կլինի դավաճանին: Բացի դրանից, թող այս գործում խառնվեն նաև օրիորդները: Դու, Սահա՛կ հայր, պատրաստվիր դրան, իսկ ես և Գևորգ իշխանը շուտով կազատենք նրան: Մենք չենք թողնի, որ անմեղ զոհը տանջվի Գագիկի ճիրաններում, — ասաց Մարտիրոս հայրը: Եվ ապա, զանազան ծրագրեր կազմելուց և կարգադրություններ անելուց հետո, մյուս օրն ևեթ ցրվեցին զանազան կողմեր` թողնելով Սահակ սրբազանին Բյուրական ամրոցում կրկին միայնակ:

Գ

Ռշտունյաց և Անձևացյաց իշխանները, ազատվելով կապանքից, շտապով ներկայացան Գագիկ արքային և ամեն մանրամասնություն պատմեցին: Գագիկը զայրացավ, բարկության ներկն անցավ նրա դեմքի վրայով, և նա կատաղած կանչեց.

Լա՜վ, Աշոտ Երկաթը կրկին չի պրծնի իմ ձեռքից, եթե նույնիսկ ամբողջ Բյուզանդիոնի բանակն էլ հետը բերի: Այժմ ես կդիմեմ այնպիսի միջոցի, որի դեմ չի կարող կանգնել ո՛չ մի զորություն:

Ի՞նչ միջոցի, — հարցրեց Անձևացյաց իշխանը` խորամանկ աչքերը հառելով Գագիկ Արծրունուն:

Այն տեսակ միջոցի, որով խռովություն կձգեմ հայոց բոլոր իշխանների մեջ: Ես կհարուցանեմ նրա դեմ յուր սիրելի իշխաններին, եղբորն անգամ կգրգռենք յուր դեմ և նրա գահը հանձնել կտամ Աշոտ սպարապետին, որ վաղուց ձգտում է դրան. իսկ այն անզգամներին` զառամյալ ծերունուն և Գևորգ իշխանին կհրամայեմ մաս-մաս կտրատել, որ համարձակվում են իմ դեմ գործել:

Այո՛, լավ միտք է, դրանից լավ միջոց չի կարելի ձեռնարկել... Օ, եթե դա հաջողվի, այն ժամանակ սիրտս հանգստացած կլինի, ապա թե ոչ այն անպատվությունը, որ Աշոտ Երկաթը հասցրեց մեզ` մոռանալ չի կարելի:

Բայց զարմանալի բան է, կարծես Մարտիրոս վանահայրը տեղեկություն ուներ մեր որոգայթի մասին, որ այնպես հանկարծակի օգնության հասավ: Ուրիշ կերպ չի կարելի բացատրել, թե չէ նա երբեք այդպիսի խմբով ման չի գալիս և բացի դրանից, չէր էլ համարձակվի մեզ վրա հարձակում գործել, — նկատեց Անձևացյաց իշխանը փոքր լռությունից հետո:

Ես էլ նույն կարծիքին եմ, արքա՛, — պատասխանեց Ռշտունյաց իշխանը` դիմելով Գագիկին, — որ մեր ամեն մի քայլափոխը լրտեսվում է ու հաղորդվում է Մարտիրոս հորը, և մեր հակառակորդները շատ լավ գիտեն, թե մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ մտածում: Եվ եթե Աշոտ Երկաթը արտաքուստ լավ հարաբերության մեջ է Վասպուրականի հետ, ապա դա պիտի վերագրել միայն նրան, որ բացահայտ կերպով չի ուզում թշնամանալ քեզ հետ:

Ո՛չ, իշխաններ, դուք սխալվում եք, ո՛չ մի մարդկային արարած չի կարող լրտեսել մեր խոսակցությունը, իսկ եթե Գևորգ իշխանը և Մարտիրոս հայրը նրան օգնության հասան, դա մի դիպված պետք է համարել և ուրիշ ոչինչ:

Ոչ, տեր իմ, մեզ լրտեսում են, գուցե և հենց այս րոպեիս: Պետք է գտնել այդ լրտեսին և պատմել: Շուտափույթ պետք է ոչնչացնել նրան, Գևորգ Իշխանին և Մարտիրոս հորը, որոնք ինչ-որ բան են պատրաստում, որը պիտի տակնուվրա անի մեր բոլոր ծրագրերը:

Գագիկը ուսերը թոթափեց և ընկավ մտածության մեջ: Մի տեսակ կասկած անցավ նրա մտքով, որն ստիպեց նրա հոգին այլայլելու, բայց շուտով էլ զսպեց իրեն և ապա դառնալով իշխաններին, ասաց.

Թողնե՛նք այդ: Լրտեսները իրենց արժանավոր պատիժը կստանան, բայց հարկավոր է նաև մեր գործը առաջ տանել: Լուր է պտտվում, որ Աշոտ Երկաթը Բյուզանդիոնում մեծ ընդունելության է արժանացել և թագով ու ոսկեհուռ զգեստներով վարձատրվել: Վաղ թե ուշ նա հունական զորքերով դառնալու է Հայաստան, և այն ժամանակ ամեն ինչ կերպարանափոխվելու է: Պետք չէ այս ժամանակը կորցնել, քանի նա Հայրենիքում չի, ապա թե ոչ հետո շատ դժվարին կլինի առաջն առնել: Ես շատ անհանգիստ ես: Պետք է շտապել որոմն ցանելու, որ այն հասունանա այն ժամանակ, երբ Աշոտ Երկաթը Հայաստան կգա: Դու, Ատո՛մ իշխան, վաղօրոք պետք է գլուխ բերես մի դժվարին գործ: Ես քեզ վրա մեծ հույս ունեմ, դու լեզվով ճարտար ես և հոգով արի: Դու պիտի մտնես Հայաստան և առատությամբ որոմն ցանես: Պիտի ջանաս ապստամբեցնել Աշոտ Երկաթի դեմ Գուգարաց վերակացուներին` Վասակ և Աշոտ Գնթունիներին, Աբխազաց Գուրգենին և եթե կարող ես նաև Աշոտ Երկաթի եղբորը` Աբասին: Ճարտար լեզուն օձին բնից կհանի, և ես վսաահ եմ քեզ վրա: Իսկ գալով Ռշտունյաց իշխանին, սրա պարտքը պիտի լինի ներկայանալ Յուսուֆին և ամեն ջանք թափել, որ Աշոտ սպարապետը գահ նստի Աշոտ Երկաթի տեղ, և այն ժամանակ խռովության քարը, գլորված կլինի, իսկ այդ պղտոր ջրի մեջ մենք մեր որսը կանենք, մեր գործերը` առաջ կտանենք, — ասաց Գագիկը և ապա սկսեց շրջել սենյակում:

Այնուհետև երկար խորհրդակցում էին Հայաստանի այս երեք որոմն ցանողները: Եվ ապա Գագիկը, նամակներ պատրաստելով զանազան իշխանների անունով, դրանք հանձնեց Ռշտունյաց ու Անձևացյաց իշխաններին և ճանապարհ ձգեց պալատից:

Երբ իշխանները հեռացան, Գագիկը մի տեսակ ծանր մտատանջության մեջ ընկավ: Նրա հոգին սաստիկ խռովված ու այլայլված էր, և խորին թախիծը կրծում էր սիրտը: Այդ միջոցին բացվեց յուր առանձնարանի դուռը և շեմքում երևաց դուստրը` Հեղինեն:

Գագիկը վեր թռավ տեղից և վազեվազ դեպի աղջիկը գնաց: Նա ուզեց գրկել նրան, փայփայել, որպեսզի մոռանա յուր վիշտը, սրտի և հոգու այլայլությունը, բայց սառածի նման կանգ առավ, և հոգին ավելի այլայլվեց, ավելի վրդովվեց, երբ նկատեց աղջկա տխուր, դալկացած դեմքը: Հեղինեի աչքերում երևում էին դեռ չցամաքած արցունքներ և միևնույն ժամանակ` մի տեսակ ոգևորության փայլ, որոնք վճռականություն էին արտահայտում:

Ի՞նչ կա, աղջի՛կս, դու տխուր ես և աչքերդ արտասուքով լի են, ի՞նչ է պատահել քեզ, — ասաց Գագիկը և ուզեց գրկել Հեղինեին, փայփայել նրան, համբուրել սիրուն աչքերը: Գագիկի հոգին լի էր խարդավանքով, դավադրություններով և շփոթություններով և յուր այդ ալեծուփ հոգին ուզում էր խաղաղեցնել կուսական անմեղության առաջ: Հայրական սիրտը կարոտ էր դրան, կարոտ էր որդիական այն անարատ սիրույն, որի առաջ մոռացվում են աշխարհային զազրելի և գծուծ գործերը:

Հեռո՛ւ ինձանից, — կանչեց Հեղինեն հրելով հորը, երբ նա ուզում էր գրկել իրեն և մի այնպիսի մոլեգին հայացք ուղղեց Գագիկի վրա, որ նա` Վասպուրականի արքան, սարսռեցավ և մի տեսակ սառը դող անցավ մարմնով:

Մի քանի քայլ ետ-ետ գնաց Գագիկը և մեխվածի նման կանգ առավ, առանց հասկանալու, թե ի՞նչ է կատարվում շուրջը և որտե՞ղ է գտնվում:

Ահա այն լրտեսը, որին դուք որոնում էիք, որին ուզում էիք պատժել, կախաղան բարձրացնել, այն ե՛ս եմ, Արծրունյաց Գագիկ թագավորի աղջիկը` Հեղինեն, բռնեցեք նրան և գործադրեք ձեր տանջանքները:

Գագիկը մի քանի րոպե ցնորվածի նման նայեց աղջկան, մի խորին ա՜խ քաշեց, սիրտը բռնեց, որը կարծես խոցվեց մահաբեր սրով և դառն կերպով ասաց.

Աղջի՛կս, Հեղինե՛... վա՛յ ինձ, նա ցնորվել է... Է՛յ, ո՞վ կա այդտեղ, — ասաց Գագիկը և ծափ տվեց:

Ծափի վրա ներս վազեցին երկու սպասավոր:

Չէ՛, հա՛յր, ես ցնորված չեմ, զուր դու իմ հոգու այլայլմունքը նկատելով ինձ ցնորվածի տեղ ես ընդունում: Ես կրկին հայտնում եմ, որ ե՛ս եմ այն լրտեսը, որ տեղեկություններ է տալիս Բագրևանդի վանահորը և Աշոտ Երկաթին: Բռնեցե՛ք ինձ, հրամայեցեք սպանել, որ վերջ դրվեն իմ տանջանքներին. ապա թե ոչ ես այլևս չեմ կարող տանել իմ հոր ստոր դավաճանությունները

Կատաղության փրփուրը անցավ Գագիկի դեմքին, աչքերը արյունով լցվեցան և զարհուրելի կերպով դուրս թռան ակնակապիճներից, մազերը փշաքաղվեցան, և բարկությունից դողացող ձեռքերը դեպի յուր սրի երախակալը տարավ:

Լռի՜ր, լռի՜ր, Հեղինե՛, ապա թե ոչ` չգիտեմ ի՞նչ կանեմ քեզ: Է՛յ, դուրս տարեք սրան, — դիմեց Գագիկը սպասավորներին, որոնք շփոթված կանգնել Էին դռների մոտ:

Չեմ լռի, և քանի շունչս բերանումս է, ես կբողոքեմ քո ստոր արարմունքի դեմ... Ամո՛թ մեր ցեղին, ամո՛թ Վասպուրականին, որ Մեհրուժանով չբավականանալով, այժմ Գագիկ էլ է ծնել...

Չե՞ք լսում, — դարձավ կրկին Գագիկը դեպի սպասավորները` խեղդված ձայնով և հազիվ շունչ քաշելով, — հեռացրե՛ք սրան այստեղից այս րոպեիս:

Սպասավորները դուրս տարան Հեղինեին: Գագիկը սենյակում մնաց միայնակ: Վայրենի հայացքով նա չորս կողմն էր նայում. նրա կուրծքը արագ բարձրանում ու իջնում էր, իսկ դեմքը դարձել էր ահարկու: Մի տեսակ անորոշ և անհասկանալի բառեր էին երբեմն դուրս թռչում նրա բերանից: Մի փոքր հետո նա գլուխը բռնեց. կարծես փախչելիս լիներ յուր մարմնից, անջատվում, ջլատվում և սլանում էր հեռո՜ւ- հեռո՜ւ կամ կարծես թե հրդեհ լիներ յուր գլխում, որ լափվում էր բոցերով: Հիրավի, նրա գլուխը այրվում էր: Ժանտ բոցերը լափում էին նրա ուղեղը: Այնտեղ դադարել էր դատողությունը, հատել մտքերի պաշարը և տիրել ամայությունն ու չորությունը: Ոչի՛նչ, ոչի՛նչ կարծես չկար նրա գանգի մեջ, որը մի պահ առաջ որոգայթներ էր լարում, դավաճանության ծրագրեր կազմում... Ո՞ւր գնացին դրանք, ի՞նչ եղան... Օ՜, մի հարված, և ամեն ինչ ոչնչացվեց, ամեն բան կերպարանափոխվեց. բայց մինչև ե՞րբ... Կանցնի փոթորիկը, գարշ մտքերը նորից տեղ կբռնեն նրա մտքում, և ամեն բան առաջվա շավղով կընթանա... Այժմ նա շփոթված է, այլայլված, ինքն էլ չի իմանում, թե ո՞րտեղ է և ի՞նչ է անում: Գիտակցությունը հեռացել է նրանից` տեղի տալով հոգեկան բուռն վրդովմունքին... Հանկարծ Գագիկը գլուխը վեր բարձրացրեց, կրկին չորս կողմը նայեց, և դառն արցունքները երևացին նրա աչքերում... Այդ արցունքները սոսկալի կերպով կրծում էին նրա սիրտը: Նա ամենաթշվառ մարդն էր աշխարհիս երեսին... Մի փոքր ժամանակ անց նրա ջղերը հանդարտվեցին, գիտակցությունը տեղն եկավ և հրամայեց Հեղինեին ներս բերել: Խրոխտ և վայրենի էր նրա կերպարանքը այժմ: Առաջվա վրդովմունքը անցել էր` տեղի տալով անտարբեր սառնությանը:

Հեղինեն կանգնած էր այդ անտարբեր սառնության առաջ այնքա՜ն հանգիստ, այնքա՜ն խաղաղ, որ հոր սառնասրտությունը հաղթվելու վրա էր:

Երկուսն էլ լուռ էին, երկուսն էլ մտասույզ: Զորավորի դեմ կանգնած էր անզորը: Արդարության և վեհության դեմ` անարդարությունը և կեղտոտությունը... Արդյոք ո՞վ պիտի հաղթեր...

Մի փոքր ժամանակ նայեց Գագիկը յուր աղջկան և ապա իջեցրեց յուր հայացքը գետին` չդիմացավ նրա քնքուշ, անմեղության տիպար հայացքին: Իջավ Գագիկի խրոխտ տեսքը, բարկության բոցը հանգավ նրա սրտում և աչքերում երևացին արտասուքի կաթիլներ... Ինչե՞ր անցան այդ վայրկյանին Վասպուրականի արքայի մտքով, հայտնի չէր, միայն թե նա չդիմացավ մի թույլ արարածի հայացքին և մոտենալով աղջկան` բռնեց նրա ձեռքերը:

Next page