Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Ի՞նչ են քաշում...

Լևոնը կանգնել էր քարի վրա և հետաքրքիր նայում էր: Գոմեշները դանդաղ էին շարժվում: Խավարի մեջ այնպես էր երևում, կարծես վերջ չունի նրանց շարքը, և մի ահռելի ծանրություն գետնի մթին խորքից գոմեշները քաշում են լույս աշխարհ, քաշում են և դեռ ծայրը չեն հանել:

Լևոնը մի քանի քայլ արեց: Մի խումբ երիտասարդներ վազեցին գոմեշների վրա: Մի քանիսը մոտեցան առաջին անիվներին. Վերջին անիվները բավական հեռու էին: Նրանք առաջին անիվների հետ միացված էին հաստ գերաններով, որոնց վրա մի վիթխարի և տարօրինակ բեռ էր, որ մշուշի մեջ աղոտ էր երևում: Կարծես փոքր շոգեմեքենա էր, ջարդված խողովակով:

Արտա՛շ, քար դիր տակը, քա՛ր...

Սպասի գոմեշները նաֆաս առնեն

Ի՜նչ էլ ցեխ է

Սրանց ցեխը մերից շատ է, — ասաց մեկը, որ հենվել էր գոմեշին:

Ի՞նչ է էդ, ընկերնե՛ր,— հարցրեց Լևոնը:

Սև «հաց», ընկե՛ր, — պատասխանեց նա, որ կանգնել էր առաջի լուծի կողքին:

Արտա՛շ, մի հարցրու տեղըԳուցե իմանա,-մթնից կանչեց մի երիտասարդ:

Առաջին կանգնողը՝ Արտաշը, Լևոնից հարցրեց, թև ո՞րտեղ են հանձնում հավաքած մետաղը: Լևոնը հիշեց իրենց պահեստի մոտ մի կիսավեր շենք, որտեղ կիտված էին ժանգոտած մետաղի կտորներ:

Շրջաբերական են ուղարկում, ալարում են շնորհքով գրեն տեղը,-հանդիմանեց Արտաշը:

Երիտասարդները Ախտայի շրջանի գյուղերից մեկի կոմերիտականներն էին: Տարիներ շարունակ նրանց գյուղի ներքևն ընկած էր եղել այդ հնադարյան ձևի կատոկը, որի չորս կողմը գարնանը խոտ էր կանաչում, և հովվի շները շոգից նեղվելով թաքնվում էին ներսը:

Ընկած էր եղել, ժանգոտվել էր, ծանրությունից մի քիչ թաղվել հողի մեջ: Կոմերիտականները մեծ դժվարությամբ հանել էին, դրել գերանների վրա և նույնպիսի դժվարությամբ, ցեխ կոխոտելով, հրելով գոմեշներին և աղմկելով՝ իջեցրել էին քաղաք:

Արտա՛շ, տեղն իմացա՞ր, — կանչեց նույն ձայնը: Մթնից կանչողը ծիծաղեց: Նա ինչ-որ բան ասաց, բայց չլսվեց:

Բաց կլինի՞ էնտեղ...

Տո դե սպասի է, — ընդհատեց Արտաշը, որ ոգևորված պատմում էր իրենց կրած դժվարությունները:

Երկու հարյուր փութ կլինի, — և երեսը դարձրեց դեպի հետ:

Երեք չես ասում, — վրա բերեց մի ուրիշը:

Գոմեշների շնչառությունը հանդարտվում էր: Հոգնած կենդանիները ոտները փոխնեփոխ բարձրացնում էին: Նրանք մինչև կուրծքը ցեխի մեջ էին: Կարծես ճեղքել էին ցեխի հեղեղը:

Արտաշն էլ էր ցեխոտված: Այտի վրա պարզ երևում էր ցեխի չորացած շիթը: Մթնից նորից կանչեցին, թե իմացա՞վ պահեստի մասին:

Իմացա՜, բայց պարզ չի...

Դե հա՜... Գոմեշները սառան:

Այդ կանչին բոլորը շարժվեցին: Ոմանք բարձրացրին մտրակները գոմեշների վրա, ոմանք վազեցին՝ անիվները հրելու...

Դեսը հա՜, դեսը...

Հը՛, հը՛

Մարալին, Մարալին...

Մարալ հա՜ ...

Գոմեշները ձգվեցին, շղթան զրնգաց, անիվները ճռնչացին: Լսվեց մի խոր տնքոց: Տնքացին մարդիկ, անասունները, և առաջին անիվները գլորվեցին: Լևոնի ձեռքերը խրվել էին անիվի ճաղերի ցեխին: Նա մյուսների հետ մի կողմ քաշվեց, երբ անիվները դուրս ելան ցեխից:

Շարժվեցին գոմեշները...

Արտաշի հետ փողոցի մեջտեղով մտազբաղ գնում էր Լևոնը, գնում էր ցույց տալու պահեստի տեղը, գնում էր Արտաշի հետ խոսելով և, երբ գոմեշները դժվարանում էին քաշել, նա հետ էր գալիս անիվը հրելու:

Ո՛չ ցեխ կար, ո՛չ անորոշ կսկիծ...

* * *

Մաջիտա մայրիկը առավոտ կանուխ զարմացած նայում էր Լևոնի շինելին, որից գիշերը ջուր էր կաթկթել հատակին:

Էս կանգար չամուռ... Դյո՞ր ի կնացե գիշերը մեր տղեն:

Եվ գլուխը խորհրդավոր շարժեց:

Դուրսը արև էր, ինչպես նա գուշակել էր: Արևի ճառագայթները պատուհանից ներս էին ընկել և խաղում էին գորգի վարդերի և նուռերի հետ:

Լևոնը խորը քնի մեջ էր: Թախտի առաջ ցեխոտ սապոգներն էին: Նա ուշ էր վերադարձել ու չէր հանվել: Վերարկուն էր քաշել վրան:

Երբ գորգի վարդերի վրայով ցած սահեր արևը և խաղար նրա ունքերի և արտևանունքների հետ, Լևոնը պիտի զարթներ և պիտի սկսվեր աշխատանքի առօրյան:

ՍՊԻՏԱԿ ՁԻՆ

1

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, — խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում: Երկար ու կերկեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը: Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

Քո փառքր շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, — մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապաիի զանգերն ավետում էին անանձնական անդորր:

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ-կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը:

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղոզանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները: Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը:

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները: Եկեղեցի չէր գնում. ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի: Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները. և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից:

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը հետ քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ հետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը:

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, — արձանացան և զարմացած իրար նայեցին: Ահ կար նրանց աչքերում: Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում:

Է-հե՜-հե՜յ, — ալիք-ալիք դիզվեց ձայնը. — ժողովո՜ւրդ... Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ... Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը, է-հե՜-հե՜յ...

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց:

Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ո՞ւր կորան նրանց վերջին թավ ելևէջները: Դուռը դժգոհ վրա դրեց, և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց պառավ շան նման:

Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր...

Երբ Շարմաղ բիբին եկավ, տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, — Սիմոնը խոր հառաչով, կարծես ինքն իրեն, ասաց.

Էսօր Մինասի տղան էր պատմում... Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ...

Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում, — հորը դարձավ անդրանիկ աղջիկը` ութ տարեկան Շողերը:

Ես ի՞մ, — ուսերը վեր քաշեց հայրը, — կռիվ ա, բալա ջան... Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում: Ժողովուրդ տո՛ւր... Թագավորի հրաման ա:

Փո՛ւ, փո՛ւ...

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե՞ պաղեցնում էր տաք ապուրը: Մայրը սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

Մեր Ցոլակը չափումը կգա՞, — բայց Սիմոնը, որ անակնկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը:

Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ: Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը: Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն:

Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա, — ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը: Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը Սիմոնի մանկության տարիներին:

Հակառակի պես հայվանն էլ ջանով ա, — ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով, — տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի: Հալբաթ էսպես պիտի լիներ...

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղնոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն:

Դարպասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև: Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին:

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց.

Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո...

Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան: Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը:

Հը՞, բոյը կարճ չի՞, նանի... Չափումը թե չգա, — դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

Ես ի՞մ, այ որդի...

Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի... Չէ՛, չեն տանի, — հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով:

Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե՞ աղոտ հույսի ակնկալություն:

2

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ: Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց: Սիմոնը խղճահարվեց. նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը: Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ: Սիմոնը խուրձր մսուրը դրեց և, երբ ձին մռութը կոխեց մեջը, — ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը:

Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը: Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին: Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին: Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց և դուռը դրեց:

Երեխաները քնել էին: Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները: Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ: Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը:

Խրճիթի հին դուռը ճռռաց, պառավը ասեղը թողնելով՝ անհանգիստ հարցրեց.

Հաստա՞տ ա...

Բա հո սուտ չի

Ի՞նչ են ասում:

Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն... — և դարձավ մորը. — նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու:

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու:

Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը: Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ:

Դուրսը աստղալույս գիշեր էր:

Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները, և կրակների հետ լռում էին ձայները: Ներքևը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը: Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը:

Սիմոնը նստել էր դարպասի քարին, և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին: Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը: Իսկ ա՞յժմ... Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին:

Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն:

Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի, — նորից հիշեց Սիմոնը:

3

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց: Հարեվան բակերում ճրագներ էին շարժվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս:

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը: Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել:

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ չէր լսել մոր խոսքին և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին:

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին: Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն:

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց: Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց

Ջա՜ն, — ու սրբեց արցունքը:

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն: Ցոլակի տաք ռունգերից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը:

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լինի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և, եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն: Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

Սիմոն, բա չպրծա՞ր...

Եկա՛, եկա՛:

Եվ Ցոլակի սանձը քաշեց: Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով:

Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր. լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը: Փողոցին չհասած, մայրը չռեց Երեմի ձայնը.

Ապի՜, ապի՜...

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը: Բայց ուշ էր: Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների:

Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ: Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի ետևը:

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:

4

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին: Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը տերը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնաղի ողբ են երգում գյուղի կանայք:

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ: Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ:

Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը: Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և հասել էր մինչև ձիու գավակը:

Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց.

Ես աստծու քոռ հավատն անիծեմ... Ի՜մ աչքս էսպես արեց: Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի:

Մի քանիսը ծիծաղեցին: Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա.

Անդա՛րդ հեյվան...

Հրեն Հիբանի ձիուն տեսեք, — շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը, — կասես ղազախի ձի լինի: Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի...

Ի՞նչ պակաս կավալեր ա, — ձայն տվավ մեկը: — Էն օրը Քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած:

Մի տեսեք է՜... Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել: Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության, — խոսքը փոխեց դարբնի տղան:

Ա, քիչ յավա-յավա խոսիր, է՜յ... — կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար. — տերտերը հիվանդ տեղով կարող ա՞ ձի նստի:

Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜, — կծու հեգնեց մի ուրիշը:

Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ: Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին:

Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից... Լավ չի գրում. ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Մինչև անգամ չոլ դուրս գալն էլ ա երկյուղալի...

Իմ հորեղբոր Սիմոնն էլ ա գրել: Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ: Մի տեսակ անուն են ասում... Էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ: Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա:

Նրա ի՞նչն ա որ...

Ոտիցն ա կպել: Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա:

Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա, — դարձավ նրան դարբնի տղան: Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից և գավառակային ավանից այն կողմը չէր եղել:

Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.

Անհամ անհամի տղա...

Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին:

Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով...

Երկու բեռ գարի...

Էդ էլ չես առնի:

Դե գոնե գինը տային:

Տային էլ, որտեղից ես ձի առնում: Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու...

Այ տղա, էս հո կարգին զորք ենք, — և դարբնի տղան բարձր կանչեց.

Սլուշա՛յ... Ափիցեր Աքել Շուղունցով...

Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն:

Աքել ամիս նեղանալ չի... Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել, — ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց:

Թամամ հաշիվ... Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին...

Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը... Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի: Նա հո քո հավասարը չի՞, — ասաց Գիլանց Մուքին:

Մի հաշիվ չի՞... Էս գլխից հենց նրա ձին են տանելու, — ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով:

Ոնց չէ, — առարկեց Իվանը, — քո Ցոլակը առաջի նոմերը կհանի, նրանը չէԹող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի, — ձայնը տխուր մեղմացրեց Իվանը:

Սիմոնը վրդովվեց:

Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են... Նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել: Ես ի՞նչ եմ տվել...

Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի, — ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքը վրա

5

Արևը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու: Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքև ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ և բաց արին ճանապարհի պաշարը:

Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե և այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից և օրվա չարիքներից,-այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ և սովորական առօրյայի հունով:

Կարծես հունձի ժամանակն էր, և ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը: Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը: Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից, և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը:

Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել: Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին:

Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը:

Բարի լույս բացվի մեզ վրա և մեզ նման չարքաշ մշակների վրա... Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից: Ողջություն լինի և արդար լիություն: Դու մեր սրտովն անես,-և ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց:

Սիմոնը լուռ էր: Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ և դանդաղ կրծում: Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից: Գյուղի ձիերի հետ արածում էր և Ցոլակը:

Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը: Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում: Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզ կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն: Ցոլակին կտանեն, և հնձած արտում խուրձերը անձրևից կսևանան...

Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ... Թե չե՝ նրանից կարճը չկա...

Սիմոն, հրե՜ն, — հանկարծ կանչեց դարբնի տղան, և Սիմոնը ցնցվեց:

Նա գլուխը հետ դարձրեց:

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները: Փոշի չէր բարձրանում գետնից, և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ:

Արևը դեմից էր և արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը: Ձիավորը ձիու հետ միաձույլ էր, և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնն մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

Գյուղացիների զրույցը դադարեց: Բոլորը նայում էին նրա կողմը: Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն:

Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:

Այ ձի... Հազար մանեթ գին ունի:

Տերն էլ պակաս փող չունի:

Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի, — ասաց դարբնի տղան:

Նրա վրա ամենաքաշը գեներալ կնստի...

Վրան նստողն էլ գեներալ է:

Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը: Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա: Ձին կարմիր ռունգերը փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում:

Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա, — շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը:

Սհաթին չեմ նայելՄինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ: Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց...

Դարբնի տղան կամաց վրա բերեց.

Տո՛ւր ինձ, ես կպահեմ:

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց. սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ, և տիրոջ խոսքը մնաց կիսատ:

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը:

Հրեղեն ձի սրան կասե՜ն...

Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան:

6

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, — ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը:

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը: Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար: Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա, և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բադերը գիշերում են նրա մռայլ խորաններում:

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները, — ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգերով շնչում է թարմ արյան հոտը:

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին: Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչյուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպհս գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով:

Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից:

Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ: Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից: Կային և իրար կապած ձիերի խմբեր: Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից: Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը:

Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում: Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակը իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի: Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրեր:

Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայհրոցն ու բղավոցը: Հայ, թուրք իրար էին խառնվել: Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունը քշել քաղաք:

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները: Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով: Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր: Եվ բոլորի աչքերն ուղղված էին սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը:

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը: Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում:

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ.

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում: Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր:

Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա, և, ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ: Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը: Ապա տանուտերը կանչում էր նրան, և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը, — և այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոջ ազգանունը:

Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու: Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան՝ ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց:

Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.

Հը, շա՞տ են տանում...

Էլ մի ասեք, զուլում ա...

Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում:

Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի... Թե չէ՝ բոյը հաշիվ չի...

Սիմոնի ոտները թուլացան:

Մինչև այդ խոսակցությունը նա դեռ մի աղոտ հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր: Այժմ այդ էլ ցնդեց: Նա հուսահատ մոտեցավ ձիուն:

Ցոլա՜կ, — և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից: Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը: Սիմոնը հարդով լի պարկը, կոխեց նրա գլուխը:

Ցոլակ... Գնում ես էլի

Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ: Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար: Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո` մենք...

Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց:

Էդ ո՞ւր, Սիմոն, — ձայն տվավ Սաքու տղան:

Տանեմ գետը... Կաթնաղբյուրից ջուր չխմեց:

Այդպես փախչում են սարսափից: Այդպես փախչում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին: Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը:

Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն: Կարծես նրա հետևից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները, և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը:

Следующая страница