Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Հին անտառից ոչինչ չի մնացել, ավանդությունից բացի: Այնտեղ, ուր այժմ մի զույգ լղար եզ ծանր կամն է քաշում, կամի վրա նստած ծերունին շոգ օրին միտն է բերում պապի պատմածը կալատեղի և այն օրերի մասին, երբ Գյունեյի լանջերին խիտ անտառ էր, ձորում շամբուտներ, որտեղ վարազ էին որսում մելիքները:

Այժմ լերկ են լանջերը, արևը խանձել է ժայռերի մամուռը, անտառի հետ անհետացել են ծառերի ստվերում բսնող խոտերը, կուրացել են աղբյուրները, որոնց երակներն անտառի խոնավությունն էին ծծում և ջուրը ցայտում քարի ճեղքերից:

Հյումբաթի ձորում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած: Տարիների հետ պառավել է գյուղը, ուժասպառ եղել տարիքն առած ծերունու պես: Դրա համար էլ այնքան շատ են ավերակները, դուռը հողով ծածկած գոմեր, որոնց մսուրում քանի տասնյակ տարի ոչ մի հորթ դարման չի կրծել:

Ահա երբեմնի փողոցը... Ամեն գարնան վերից իջնող հեղեղը մի քիչ խորացրել է հունը, տարիների ընթացքում դարձրել խորխորատ: Կամ արակապ աղբյուրի մի պատը փլվել է, քարե խողովակից իզուր է ջուր ծլլում, որովհետև և ոչ մի մարդ չի կռանում խողովակից ջուր խմելու: Հեղեղը փորել է տան հիմքերը, կրապատը կախվել է խորխորատի վրա: Մի տարի, երկու-երեք ձյունաշատ ձմեռ, գարնան արագ հալոցք, վարար հեղեղի մի զարկ, և կփլվի խարխուլ պատը:

Աղբյուրի կողքին հին ձիթհանքն է: Մելիքներն են շինել և ստիպել, որ շրջակա գյուղերից կտավատ հավաքեն ձեթ քաշելու: Ձիթհանքի թանձր պատերն են մնացել և կլոր քարը, որ դարձրել են գոմեշները, գիշեր-ցերեկ պտույտ տվել, քարի տակ տրորել բոված կտավատը:

Հիմա էլ ժայռի գլխին մնում են Մելիք-Բախտամի ամարաթի բարձր պատերը, նրա բանտը, մելիքի ախոռները, մուտքը սրբատաշ քարերից և գեղեցիկ քանդակներով: Կա մատուռի պես մի շենք, ծաղկանկար քանդակներով, հատակը սալքար, դիմացի պատին՝ ժանգոտ երկաթի օղ: Մատուռի պես այդ շենքում Մելիք-Բախտամի ձին կերել է ռամիկի մատներով մեկ-մեկ ընտրած ոսկեհատ գարի և Իրանից, քարվանով բերած քիշմիշ:

Հյումբաթի ձորով գետ է անցնում, որի մյուս ափին այգեստանների մեջ, գունավոր կտուրներով փոքրիկ քաղաքի տներն են: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում ոչ կռիվ է եղել և ոչ էլ կոտորած: Այն ժամանակ, երբ քաղաքի տեղը շամբուտ էր և անտառ, ձորի բոլոր տներից ծուխ էր բարձրանում: Եվ երբ առաջին մովրովը հրամայեց տափարակի վրա կառուցեք սպիտակ քարե զորանոցը, Հյումբաթի ձորի աստղը թեքվեց:

Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, ով ոսկի ուներ, և, երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին նոր տների հիմքը:

Այսպես առաջացան քաղաքի տները: Եվ ուղտերը, որոնք Քիրմանի շալ բարձած, ծանր հակերի տակ տնքալլով չոքում էին Հյումբաթի ձորի հրապարակում՝ փոքրիկ կրպակների առաջ, իրենց գլուխները սպիտակ զորանոցի կողմը դարձրին և շամբուտները կոխելով մտան քաղաքի առաջին փողոցը:

Այդ օրից սկսվեց և Հյումբաթի ձորի արնաքամ լինելը, որովհետև քաղաքը նստում էր կոկորդին, տները փռվում էին ամենալավ հողերի վրա, աղբյուրի ակունքից ամենից առաջ ջուր էր խմում քաղաքը:

Հյումբաթի ձորի հին կրպակները հիմա էլ մնում են, կիսով չափ խանգարված, պատերը խարխուլ, կտուրների վրա կանեփի փարթամ թփեր: Նեղլիկ փողոցներում, ուր աջ ու ձախ հին խանութների հետքերն են, մելիքների շուկան, հիմա անցուդարձը քիչ է: Լծից բեզարած մի եզ գործից դառնալիս գուցե վիզը քսի կրպակի սուր անկյունաքարին, վիզը քորի այնտեղ, ուր գունավոր շալի հոտը բուրում էր, որպես Իրանի սաբզա:

Սպիտակ զորանոցն այն ապահով վայրն էր, դեպի ուր մելիքների ջրաղացի ճամփով գնում էին կրպակների տերերը, քաղաքում մեծ խանութներ բացում, խանութների փեղկերը ներկում, ոսկետառ ցուցանակներ կախում և ոսկիները հողե կճուճների մեջ դարսելու փոխարեն պահ տալիս բանկին:

Վաղուց արդեն համարձակ մի սովդաքյար բացել էր մեծ քաղաքները տանող ճանապարհը և առաջին ապրանքի հետ ուրախ լուր էր բերել Մորոզովից ու Ցինդելից: Վերջին մելիքները հագան Մոսկվայից բերած գուլպաներ, և նրանց ջրակալած աչքերը տեսան, թե ինչպես կամարակապ ախոռում ձմռան գիշերին վրնջում է ձին, գարու մեջ փնտրում Մելիք-Բախտամի քիշմիշը:

Բերդի քարերը մեկ-մեկ ընկան, երբ տափարակի վրա բարձրացան սպիտակ զորանոցի պատերը: Մելիքների բանտում սարդը ոստայն հյուսեց, ժանգը դեղին սերմեր մաղեց բանտի երկաթ բանալիների վրա: Մելիք-Բախտամի վերջին ժառանգը մեռավ հեռու մի քաղաքում, որպես ռուսական գնդի հրամանատար:

Հյումբաթի ձորի ժայռերը տեսան, թե ինչպես գունավոր գորգերը հանեցին քարանձավներից, շալակով տարան և փոխարենը քաղաքից ստացան նավթ, շաքար: Գորգերն ուրիշ քաղաքներ ուղարկեցին: Ոչխարները քչացան, ձորում ապրողներին մնաց քաղաքում ձեռք բերել բո՛ւրդն էլ, նե՛րկն էլ և գարնանը պատրաստի գորգեր տալ բրդի տերերին:

Թվաց, թե այդ օրից տորքի երկաթներն այլ կերպ զնգացին, և երբ ձմռան գիշերով սպիտակահեր մի կին ձորի աղջիկներին հին նախշերն էր սովորեցնում, — ձմռան գիշերին ճրագի պատրույգի հետ մխում էր պառավի սիրտը, երբ հիշում էր չքնաղ գորգերը, որ տարան:

Քաղաքը մեծացավ: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում մնացին հացթուխներ, գզրար կանայք, լվացարարներ, գորգագործ պառավներ, անտառից շալակով ուրիշի համար ցախ բերող մարդիկ, սրա-նրա դռանը օրահացի աշխատող աղջիկներ և մանուկներ, որոնց ամենամեծ հրճվանքը քաղաքում օրնիբուն լվացք անող մոր վերադարձն էր, գոգնոցի ծալքում պահած համեղ պատառը:

Այսպես հալվեց ձորի գյուղի աստղը:

* * *

Մելիքների ջաղացի գլխից մեկ մեկ կարելի է համրել երեք թաղի տները, ավերակները, տեսնել, թե ինչպես դանդաղ քայլերով մի էշ բարձրանում է կածանով, հետևից տերը բզում է, կանչում և կածանի դժվար տեղը հրում էշին, օգնում բարձրանալու:

Գետի ափին կանայք ցորեն էին լվանում աշնան արևոտ մի օր, երբ երեք թաղն էլ քարափից դիտելուց հետո, իջանք ձորը:

Խաղաղություն կար ավերակներում, կրպակներում, ձիթհանքում, ջուրն իզուր ծլլացող աղբյուրում: Ամեն տարի մի քար է ընկել պատից, մահը թեթև է թվացել, բողոք չի եղել, ոչ մի թաղ չի տեսել հրդեհ, գերանները փտել են առանց մխալու, քարերը չեն շիկնել կրակից, և նստել է մամուռը: Մի կրպակի դուռ գոց էր այնպես, ասես սովդաքյար տերը ճաշի էր գնացել կամ գերեզմանօրհնեքի:

Ման եկանք գյուղում, տեսանք շեն տները՝ հատ ու կենտ, պառավ լնդերի դեղնած ատամների պես: Հարևանի ավերակ տունը դարձրել են գոմ ու մարագ: Այնքան շատ են պարապ, կիսախարխուլ տները, դարպասը գոց, ծանր կողպեքները վրան: Թվում է, թե հանդ են գնացել, ներսից ձայն չի լսվում, տան առաջ, դարպասի քարերի ճեղքում բուսել է խոտը:

Մի քանի կտուրների վրա դդում կար շարած, տեղ-տեղ արևի տակ փռել էին գունավոր լաթեր: Մի հին ու մեծ տան միակ պատուհանի քարին, արևի տակ, պամիդոր էին շարել: Եվ միակ ապացույցը, որ կարող էր համոզել, թե այդ տանն ապրողներ կան, պատուհանի կիսակարմիր պամիդորն էր:

Թեև քաղաքը հեռու չէր, եկած ճանապարհը մեզ ծանոթ, բայց և այնպես ուրիշ աշխարհ թվաց Հյումբաթի ձորի այդ անկյունը, որի բնիկները կարծես ուրիշ ցեղի մարդիկ էին: Եվ միակ հարցը, որ դառնում էր մեր գլխի մեջ, մի «ինչու» է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում այս քարերի տակ, ինչո՞ւ չեն հեռացել մի ուրիշ, հարմար տեղ: Հանկարծ եթե ժայռերից մեկն ընկնի կամ մի քար գլորվի վերևից:

Բակում խաղացող երեխաները մեզ տեսան, զարմացած խաղը թողին: Երբ մեզնից մեկը ջուր ուզեց, ջուր բերող երեխայի անունը հարցրեց, թվաց, թե նա ջուր չէր ուզում, այլ ստուգում էր, թե արդյոք այդ երեխան մեզ նմա՞ն է խոսում:

Որ տան կտուրին դդում եք տեսնում, ուրեմն էնտեղ ապրում են, — ասաց բնիկներից մեկը, որ կամրջի գլխին միացել էր մեզ: — Երեկոյան էլ կրակներով կիմանաք: Քանի ճրագ են վառում, էնքան էլ տուն կա: Մնացածը արջաբներ են:

Երեկոն հաստատեց այդ: Մութի հետ հատ ու կենտ ճրագներ վառվեցին: Մութը չասեց մեր արջաբներում կենողների մասին, բայց մանրիկ լույսերի թարթոցը կամացուկ պատմում էր, որ Հյումբաթի ձորում քսան ճրագ կա: Միջին մահլայի գետափի մասն է ողջ, Գյունեյ թաղի ծայրը: Մնացածն ավերակ տներ են ու մութի մեջ խառնվում են ժայռերին, և չի լինում որոշել՝ ո՞րն է ժայռ և որը երբեմնի բնակավայր:

Մեկ մեկ հավաքվում էին հեռու թաղերից, ներս մտնում ընդարձակ սրահը, տեղ բռնում փայտե նստարանների վրա: Երբ գզիրը մի անգամ էլ պտույտ արեց փողոցներում բարձր կանչով, շներն այս ու այն կողմից ձայն տվին ու հանդարտեցին. գզիրի հետ մի քանի հոգի եկան հեռու քարանձավներից: Սրահի կիսամութում փափախները մակաղած ոչխարի պես էին, չիբուխների կրակները՝ խոտերի մեջ լույս տվող բզեզներ:

Խոսքը հողի մասին էր, հարմար մի տեղ նոր գյուղ հիմնելու մասին: Երևի շատ հնում, երբ վաչկատուն ցեղերը երկրե-երկիր էին գաղթում, նոր աշխարհներ գրավում, այդ աշխարհի մասին հազար առասպել բերնեբերան էր անցնում և ոգևորում անցնելու դժվար կիրճեր, սար ու ձոր, անջուր ավազուտներ:

Նոր գյուղի խնդիրը Հյումբաթի ձորի համար երջանիկ աշխարհի առասպելի պես էր, նրանք իրենց հանդերի անուններն էին տալիս, մեկի ջուրը գովում, մյուսի խոտը:

Մենակ էս ձորից դուրս գանք...

Փափախների տակ պսպղում էին աչքերը, որպես չիբուխի կրակներ, երբ մեկը ծանոթ բանտի նկարագիրն էր անում և ուրվագծում վաղվա գյուղը, լայն ճանապարհը և ճանապարհի նման ազատ կյանքը:

Երբ ուշ գիշերին ծխից մթնած սրահում նախագահը քվեարկության դրեց նոր գյուղատեղը փոխադրվելու հարցը, ճրագի թույլ լույսի տակ բարձր մեկնած ձեռքերի ետև մի պահ չերևացին փափախները, թվաց, թե հսկա մի մարմին բյուր ձեռքեր է պարզել դեպի սևացած օճորքը:

Ճրագը թարթում էր լույսի հետ և տաքություն տալիս: Ճրագի հետ վաղվա հույսը ջերմություն էր սփռել սրահում: Եվ ուրախ աղմուկով դուրս եկան: Այսպես էր սկսում իր չուն վաչկատուն ցեղը անցած դարերում:

Սանդուղքի գլխին Գյունեյ թաղից մի ալևոր մոտեցավ մեզ:

Մի ոտս գերեզմանումն է. ես կարող է չտեսնեմ էն նոր տեղը, բայց տարեք... Գնացե՛ք Հյումբաթի ձորի դժոխքից:

Սանդուղքի գլխից մի պահ նայեցի, թե ինչպես մահակով քարերը շոշափելով ծերունին կորավ մութի մեջ: Լսելի էր, թե ինչպես նա մահակի ծայրով զարկում էր քարերին, ճանապարհը փնտրում:

Կրակները չէին երևում: Մութի մեջ հազիվ էին նշմարվում գյուղի գլխի ժայռերը, մելիքների ամարաթի պատերը: Ժայռերը թանձր ստվեր էին կախել գյուղի վրա, ամարաթը թվում էր որպես կանգուն դղյակ, որի խավար խուցերում գուցե շրջում է Մելիք-Բախտամը, որպես ուրվական...

ՏԻԳՐԱՆՈԻՀԻ

Տնտեսությունը պլանով վարելու համար ձմռան մի գիշեր Վասիլը մտքում դրեց օրագրի պես մի բան պահել, նշանակել եզան վարն ու կերը, ինչքա՛ն հաց են ուտում ամեն ամիս, քանի՛ խուրձ խոտ է հարկավոր իր երկու կովին, ե՛րբ է ծնելու կովը, քա՛նի ձու է քաղաք տանում ծախելու և այլն:

Ապագա հեռանկարների մասին մի քիչ մտածելուց հետո Վասիլը շուռ եկավ կողքին և, գլուխը բարձի վրա հարմար տեղավորելով, քնեց այն խոր ու հանգիստ քնով, որպիսին երևի ունենում է նավի կապիտանը, փոթորկից հետո նավի սարք ու կարգը դիտելով, մինչև խաղաղ նավահանգիստը:

Վասիլի տնտեսության միակ ճեղքը հարևանի պարտքն էր, և այդ ճեղքից հազար ու մի անախորժություն էր ներս մտնում, վրդովում նավի կանոնավոր ընթացքը, ճոճում, ուղղությունը կորցնում, ահ ու սարսափ տարածում նավաստիների՝ մոր, կնոջ, քրոջ ու երեխաների մեջ:

Այդ գիշեր, երբ ձմռան քամին ոռնում էր այնպես, ինչպես հազար պարտատեր միաբերան կոռնային, Վասիլի գլխում ծագած միտքը՝ օրագիր և հաշիվ պահելու մասին, անշուշտ ներքին և անքակտելի կապ ուներ պարտքի անխուսափելի հատուցման հետ: Ամենայն հավանականությամբ բարձի վրա գլուխը հարմար տեղավորելուց առաջ, նրա գլխում ծագել է և երկրորդ միտքը՝ նավի ճեղքը Տիգրանուհով ծածկելու մասին:

Նրա օրագիրը հին, թերթերի ծայրերը մաշած երազահանի լուսանցքների վրա է գրած և կազմի կողին: Վասիլն ամեն օր չի գրել: Երևում է, որ գարնան սկզբին, երբ առավոտից մինչև իրիկուն քրտնել են ինքը, գոմեշը և տան անդամները, ժամանակ չի եղել ամեն օր գրելու: Մատենագիրը բավականացել է միայն շաբաթվա կարևոր դեպքերն արձանագրելով լուսանցքի վրա, մինչև քունը հաղթեր: Իսկ գարնան սկզբին միշտ էլ քունն է հաղթել, և երկու-երեք բառ գրելուց հետո գրիչն ընկել է ձեռքից, նույնիսկ միտքը կիսատ թողնելով:

Վասիլի օրագիրը սկսվում է տան անդամների ցուցակով, որ, ըստ երևույթին, կազմված է հաջորդ առավոտյան ուտելուց հետո, քանի որ թերթի անկյունում Վասիլի բութ մատի հետքը կա, թաթախված ինչ-որ պղտոր և մի քիչ էլ յուղոտ հեղուկի մեջ:

Ըստ այդ ցուցակի նավի վրա ութ մարդ էր՝ ինքը, մայրը, կինը, չորս երեխան և Տիգրանուհին: Անունների դիմաց տան անդամների տարիքն է և այն կապը, որ ունի տան անդամը Վասիլի հետ: Այսպես՝ «Տիգրանաւհի, քույր, 16 տարեկան»: Վասիլի կենդանի ինվենտարը երկու կով է, մի գոմեշ, ութ հավ: Կովերն ու գոմեշր անուններով են, առանց տարիքի և տան անդամների ցուցակին անմիջապես կցած: «Տիգրանուհի, քույր, 16 տարեկան» և հետո «Ծաղիկ կով»:

Որովհետև Վասիլը գեղագիտական նպատակի հետամուտ չի եղել, օրագրից չի կարելի որոշել, թե ինչպես էին Տիգրանուհու մազերը՝ սև, թե շեկ, աչքերը կապույտ էին, թե թուխ: Միակ հիշողությունը նրա արտաքինի, մասին գրված է մայիսի 6-ին. «Տիգրանուհու համար առա դեյրա»: Դիմացը նշանակված է գինը, որից երևում է, որ կտորը հասարակ չիթ է եղել:

Կա մի ուրիշ հիշատակություն, առանց ամսաթվի. «Տիգրանուհու համար չուստը չառա»: Երազահանի այդ երեսին տպված է հետևյալը. «կոշիկ կամ տրեխ տեսանելն մեծ կորուստ է, երազն յոթն օրն կատարի»: Կարելի է ենթադրել Տիգրանուհու տխրությունը չուստեր չունենալու համար, և թե ինչպիսի երազ է թվացել մի զույգ չուստը: Ստույգ է, որ Տիգրանուհին բոբիկ ոտքերով է գնացել քաղհանի, ինչպես նշանակել է Վասիլը մի քանի օր հետո:

Վասիլը շատ օրեր մանրամասն է գրել: Օրինակ, հունիս 11-ին նշանակել է. «մայրս գնացել էր իր եղբոր որդու տունը ղոնաղ 4 օրով: Վարսենիկը (կինս) զբաղված էր տանը մանր գործերով: Կովը տվավ 12 գրվանքա կաթ, Ծաղիկը՝ ոչ: Տիգրանուհին գնացել էր ջաղաց ալյուր աղալու, բայց նոբաթ չլինելու պատճառով եկավ տուն: Չէր աշխատում գոմեշը, հանգստանալու համար գնացել էր դաշտն արածելու: Եկավ անձրև: Բադալի տղան տվեց իր պարտքըկես կոտ ցորեն: Առա մի բահի կոթ: Եվս մի շաբաթում հավերը 12 ձու ածեցին, որից 5-ը ծախեցինք, ընդամենը 10 կոպեկ»:

Ամբողջ օրագրի մեջ հունիս 11-ը նշանավոր է երկարապատում և մանրամասն լինելով: Խոսելով ապահովագրման թերթիկի մասին, որ երևի նույն օրն է ստացել, Վասիլն ավելորդ չի համարել հետևյալ խորհրդածությունն անել. «կառավարության կողմից եկավ շրջիկ և խոսեց ապահովագրման մասին նաև բուրժուական կողմանից: Ժողովուրդը բոլորը հասկացան միաբերան, կեցցեք դուք միություն»:

Անցյալ տարվա օրացույցով հունիսի 11-ին կիրակի էր: Ըստ երևույթին այդ կիրակին Վասիլն անմահացրել է գինով և երեկոյան դեմ փիլիսոփայել «միության» և «բուրժուական կողմանից»: Մի քանի օր հետո, հունիսի 16-ին Վասիլը գրել է. «Տիգրանուհին անորոշ աշխատանք էր անում: Գաղթականը տարավ կես կոտ ցորեն գինու դիմաց»:

Այդ ամսին Վասիլն առաջին անգամ հիշատակում է պարտքը: Գրելով, որ թրթուրն ուտում է կաղամբի տերևները, Վասիլն ավելացնում է. «պարտքից դուրս եկանք տասը մանեթ Տիգրանուհու աշխատանքի դիմաց, ևս տվի 12 մանեթ փողով»:

Տիգրանուհու մասին տեղեկությունները հուլիսին կցկտուր են: Երևում է, որ ամբողջ ամսվա ընթացքոււմ աղջիկն աշխատել է եղբոր պարտքի դիմաց: «Տիգրանուհին քաղհան էր անում հարևանի բոստանը պարտքի դիմաց»: «Առա եղան մի հատ: Տիգրանուհին լոբի էր քաղում պարտքի կողմից: Առա ծամոն վերքի համար: Փոր եմ արել, հետո գնացի ցախ բերելու: Ծաղիկը ցամաքեց անհայտ պատճառից»:

Հուլիսի վերջին նա գրել է. «Տիգրանուհին գնաց վերին արտը խուրձի, պարտքի դիմաց: Եվս տվի ձեռաց 3 մանեթ»: Թե ի՞նչ խուրձ է վերին արտում և ի՞նչ աշխատանք է արել Տիգրանուհին այդ արտում, — պարզ չի երևվում: Նույն օրը Վասիլը գրել է. «Վարսենիկը հիվանդ է. Տիգրանուհին եկավ ոտքին վերք: Առա ծամոն վերքի համար»:

Վարսենիկի հիվանդությունը վերջացել է հաջորդ օրվա լուսաբացին: Վասիլը գրել է. «ծնվեց ինձ ևս մի աղջիկ»: Եվ ուրիշ ոչինչ: Այդ ամբողջ շաբաթը նա մի նախադասություն է նշանակել. «պարտքից մնաց քառասուն»:

Աղջիկն ըստ երևույթին մի շաբաթից ավել չի ապրել: «Գիշերս մահացավ նորածինն առանցի անունը դնելու», — գրել է Վասիլը: Հին երազահանը նույն երեսի վրա, Վասիլի գրածից մի քիչ ներքև ասում է. «երազն բարի է և կատարվի ավուրն», իսկ Վասիլը դիմացը նշանակել է. «առա կաղին երեխաների համար 16 կոպեկ, ևս նավթ, գրվանքում մի կոպեկ պակաս, գումարով 30 կոպեկ»:

Տիգրանուհու մասին հետագայում եղած հիշումները միշտ էլ «պարտքի դիմաց» են կամ «պարտքի կողմանից»: Նա բուրդ է լվանում, կալ է կալսում, լոբի է քաղում բոստանում: Ինչ-ինչ նկատառումով Վասիլը կարեվոր է համարել օգոստոս 21-ին նշանակել, որ այդ օրը Տիգրանուհին չի աշխատել, «ոտքը մտել է փուշ»:

Օգոստոսը Վասիլի տարեգրության մեջ նշանավոր է դրամական հաշիվներով: Համարյա ամեն երեսի գրել է փոքրիկ հաշիվներ՝ օրվա ծախսը. «հնձվորին մի օր ներքի արտում մի մանեթ 60 կոպեկ», «Մանուչարից առա գերանդի, պարտք մնացի 60 կոպեկ», «ջրվորներին մի փութ ցորեն»:

Վասիլի մատյանում Տիգրանուհու չուստերի մասին մի անգամ էլ հիշատակված է օգոստոսի վերջին: Թեև Վասիլը օրագիրը շարունակել է մինչև տարվա վերջը, սակայն շատ քիչ են հիշատակումներ Տիգրանուհու և նրա չուստերի մասին:

Վերջապես Վասիլը գնում է մի զույգ չուստ, սակայն Տիգրանուհու անունով գնած չուստերը դառնում են Վարսենիկի սեփականություն, իբրև. թե նրա ոտքին մեծ լինելու պատճառով: Այդ առթիվ շատ մակերեսային դատողություն է արել Վասիլը, մոտավորապես այն ձևով, թե աշխարհը փուչ է, լավությունն էլ է կորչում, վատությունն էլ:

Չենթադրե՞լ արդյոք, որ ընդհարում է եղել Վարսենիկի և Տիգրանուհու միջև չուստերի համար, մեկը լաց է եղել, նորից բոբիկ ոտքերովառի ծամոն վերքի համար»), արտը գնացել «պարտքի դիմաց», մյուսը չուստերը պահել է հայրական տնից բերած սնդուկի մեջ: Ինչպե՞ս հասկանալ Վասիլի գրածն այն մասին, թե «Տիգրանուհին խռովեց, զոռով բերեցինք կալատեղից»:

Սեպտեմբերին ծնում է Վասիլի երկրորդ կովը.

Այդ օրը նա ուրիշ բան չի արձանագրել: Սեպտեմբեր ամսվա նշանավոր դեպքերից է և խոտի հաշիվը: Անցյալ տարի ցանած առվույտը երկու անգամ հարելուց հետո Վասիլը շատ մանրամասն ելք ու մուտքի հաշիվ է կազմել: Եվ մուտքը գերազանցել էմաքուր եկամուտ խոտի կողմանից»):

Մի շաբաթ հետո ստացած գարու մասին գրելիս, հանկարծ մի՞տն է ընկել Տիգրանուհին, թե գարու հաշիվն անելիս տանը վայնասուն է ընկել, ձեռքը դողացել է, ծածկել է երազահանը, վեր կացել: Ինչպե՞ս է եղել, այդ ամենևին հայտնի չէ: Գրված է միայն հետևյալը.

«Տիգրանուհին մահացավ առանցի կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք. եղավ ծախս ութը մանեթ փողով, ևս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 70 կոպեկ: Նաև առի երկու մոմ»:

Տիգրանուհու մասին էլ ուրիշ ոչինչ: Տասնվեց տարի ապրեց, աշխատեց, մահացավ նույնպես հանկարծ, ինչպես այն նորածինը, որի մասին հուլիսի վերջերին հայրը գրել է՝ «Գիշերս մահացավ նորածինն առանցի անունը դնելու»:

Օրագրում Տիգրանուհու մահվան առթիվ ուրիշ մանրամասնություն չկա: Վասիլը երազահանի այդ երեսն էլ շրջել է նույն բութ մատով, որի կնիքը կա երազահանի շատ երեսների վրա:

Հաջորդ երեսը, որ գրվել է երկու օր հետո սկսվում է այսպես.

Պարտքից մնաց տասնչորս...

ԵՎ ԲԱՏՐԱԿԸ ԹՈՒՅԼ ՏՎԱՎ ԻՐԵՆ...

Սրապը տավարը տեղավորեց, դավթարը կռնատակն առավ և գնաց կանցելար:

Սրա՛պ, ճրագը վա՞ռ թողնեմ, — հարցրեց մալրը, ասեղի ծայրով պատրույգը վեր հանելով:

Կարող ա ետանամ, գործս շատ ա էս գիշեր:

Մի քիչ հետո մայրը ճրագը հանգցրեց, մտավ վերմակի տակ, կամաց կսկծալով, որ Սրապի գործը շատ է, աչքերը գիրը կտանի:

Կանցելարում Սրապը ճրագը վառեց և կռնատակի դավթարը բաց արեց: Անգիր գիտեր Մրոցում ով ինչ ունի, քանի՞ մանեթ հարկ է ընկել, գյուղում ի՞նչ է պատահել հերու, մեկէլ տարին, հունիսին, հուլիսին:

Սրապը սպիտակ թղթի վրա սկսեց շարել. «գյուղումս գոյություն ունի փօկ և խորհրդի պատուհանները քցված են. կա և սանիտարական սեկցի 6 անդամով, որից մարդ հինգ հատ և մի կին»:

Մի քիչ էլ մտածեց, նայեց կանցելարի սևացած օճորքին, աչք ածեց չորս կողմ, ասես պատերի քարերի վրա փնտրում էր գրելիքը: Ունքերը իրար հավաքեց և շարունակեց.

«Գյուղս ունի ելից և մտից մատյաններ և գրությունները մտնում են և դուրս են գալիս՝ ինչպես կարգն է»:

Վերջակետից հետո մի երկու անգամ ծոծրակը քորեց, թաթախեց թանաքը, մի սատկած ճանճ ընկավ գրչի ծայրին, մատով ճանճը դեն գցեց և հերսոտած գրեց.

«Նաև գյուղումս հակախորհրդային հեղափոխականներ չկան»:

Էլ ուրիշ շատ բան գրեց Սրապը, գրեց, որ մի կրահոր են շինել, որ անասունների մեջ հիվանդություն չի եղել, քերծից երկու եզ է գլորվել, գողություն չի եղել, գրեց, որ «գյուղս աստիճանաբար լավանում է» :

Կավե ճրագի պատրույգը վառվում էր, լույսը մերթ աղոտանում էր, մերթ զորանում, պատերի վրա ճրագից ստվերներ էին թրթռում:

Սրապը կանցելարի մտից մատյանի մեջ մտցրեց և «շրջաբերական միլպետից ամուսնացողների մասին կյանքի մեջ կիրառելու, նաև աղվեսի մորթին թանկ ծախելու մասին», հետո դուրս եկավ, նստեց կանցելարի դռանը:

Տներում ճրագ չկար, հոգնած մրափով քնել էր գյուղը: Մրոցը՝ հեռու ձորում ընկած, կուչ էր եկել քերծերի տակ, տապ արել: Գյուղի ներքի ծայրում մի շուն կաղկանձում էր:

Նայում էր Սրապը քնած Մրոցին, հովը ծեծում էր բաց կուրծքը, և Սրապը լիաթոք շնչում էր ամռան գիշերվա զովությունը: Դուրս եկավ, որ ամբողջ գյուղում միայն ինքն է արթուն, գրում է գյուղի մասին, և ճրագը կանցելարի պատուհանից անթարթ աչքի պես նայում է գյուղին:

* * *

Սրապը ներս մտավ, գրածը կարդաց, հանգ արեց ճրագը հանգցնի, բայց միտն ընկավ Դավթի բատրակը և օրվա զրույցները նրա մասին:

Գրե՞լ թե ոչ: Կիմանան, Մրոցը մատի փաթաթան կշինեն, իսկ թե չգրի, վայ թե երեսովը տան, որ գյուղում եղածը ծածկել է և չի գրել:

Դավթի բատրակը՝ Տիկոն, բոյը կարճ, բրդոտ, ոնց որ սարի արջ: Խոսելիս գլուխը կախում էր, աչքերը գետին գցում, խոսքի կեսը կուլ տալիս: Տիկոն փոքրուց չոբան էր: Գյուղում նրան տեսնելիս տնազ էին անում:

Տիկոն ուլի հետ ա ծիծ կերել, — ասում Էին, ծիծաղում: Տիկոն էլ էր ծիծաղում: Իբրև թե Տիկոյին մայրը չի ծիծ տվել, այլ մի պառավ այծ:

Գուցե Տիկոյի մասին գյուղում ուրիշ խոսք ու զրույց չլիներ, բացի այդ հանաքից, որ հազար անգամ էին ասել, եթե Տիկոն չաներ այն, ինչի մասին գյուղում խոսում էին:

Տեսա՜ր ինչ արեց Տիկոն...

Էն բրդոտ քոթոթը...

Տիկոն էլ գյուղում չի երևա՜,-ասում էին ընկերները:

Երկու օր առաջ Տիկոն թողել էր տիրոջ տունը, ոչխարը՝ փարախում, մահակն առել ու լուսաբացին դուրս էր եկել գյուղից:

Երեկոյան Սրապին իմաց էին տվել, որ Տիկոն չկա, և Դավթի ոչխարըր ուրիշն է տարել: Սրապը մարդ էր ուղարկել Տիկոյին փնտրելու, մարդը վերադարձել էր առանց հետքը գտնելու:

Տեսնես սարն անցավ ո՜ւր գնաց...

Սրապը մթնով գնացել էր Դավթի տունը, հարցնելու, թե ի՞նչ է եղել:

Մանո՛ւշ, պետք ա բոլորն ասես, թե չէ վրադ պրատակոլ կկազմեմ, վերջը դու գիտես, — սպառնացել էր Սրապը, բայց սպառնալիքը չէր օգնել:

Մանուշը մի գլուխ լաց էր եղել, երդվել, որ սուտ լուր է, թշնամու սարքած, որ Տիկոն այդ գիշեր գոմումն էլ չի քնել, ոչխարի փարախումն է եղել:

Սրապը տեսել էր, որ հնար չկա,— չի ասում:

Դու գիտես, Մանուշ, Դավիթի պատասխանը կտաս: Ես իմ քննությունը վերջացրի:

Ասել և տնից դուրս էր եկել:

Բայց գյուղում ուրիշ բան էին պատմում: Հարևան կանայք փսփսում էին, պառավները չանչ էին անում դեպի Մանուշը:

Ցեղդ լիրբ ա, Մանուշ, — ասում էին նրանք չանչ անելիս:

Ո՞վ էր իմացել, ո՞վ էր տեսել այդ բոլորը, — Սրապը այնպես էլ չիմացավ: Երբ նրան հայտնեցին, թե գյուղում այդպիսի բան է պատահել, Սրապը նախ չհավատաց:

Տիկոն չի անի, նամուսով տղա է, — ասաց: Բայց լուրն ավելի էր տարածվում: Առավոտ կանուխ ջրի գնացած կանայք վկայում էին, որ տեսել են Տիկոյին Մանուշի տնից դուրս գալիս, չոբաններն ուրիշ բան էին ասում, թե Մանուշը Տիկոյի պաշարում միշտ յուղ ու պանիր էր դնում, գուլպա է գործել նրա համար, թե Տիկոն սարում ասել է.

Այ մի Դավիթը գնար քաղաք, ես էլ փարախում չէի քնի:

Փողոցում մի քանի ալևոր մարդիկ Սրապին հանդիմանել էին, թե Մրոցն իր օրում այդպիսի բան չի տեսել:

Մեր գյուղի իշխանն էլ դու ես, — ասացին, — կտրի՛: Միանգամից կտրի արմատը, որ էլ չժառանգի, գյուղս չվարակի...

Կանեմ, ապեր, կանեմ, քանի ես կամ, գյուղումս պետք է լրբությունը ջնջվի, — հայտարարեց Սրապն ալևորներին և մտքում որոշեց անելիքը:

Հենց այդ երեկոյան էր, որ նա գնաց Մանուշի մոտ՝ քննության: Երբ սպառնաց և տեսավ, որ սպառնալիքն էլ չի օգնում, դուրս եկավ:

Ճանապարհին Սրապը հիշեց, թե ինչքան գեղեցիկ է Մանուշը և մի պահ զարմացավ, կարծես նրան առաջին անգամն էր տեսնում:

Անիրավիդ աղջիկը քաշած պատկեր ա, էլի՛, — մտածեց Սրապը և քայլերն ավելի արագացրեց.

Հապա թե Դավիթն իմանա...

* * *

Սրապը երբ մտավ կանցելար, ուզեց ճրագը հանգցնի, միտն ընկավ Տիկոն, Մանուշը, գյուղի զրույցը: Պե՞տք է հայտնել, թե ոչ:

Մեկ էլ մտածեց Սրապը, մոտեցավ գրածին, գրիչը թաթախեց և սկսեց գրել շրջմիլպետին.

«Սույնը տարվա հունձին գյուղիցս բացակայում է Դավիթ Խաչիեյանցը, որն որ գնում է և գյուղումս մնում է Դավիթի կնիկ Մանուշը, նաև նրանց բատրակը»:

Մինչ այստեղ Սրապը գրեց առանց դադար առնելու: Գրչի ծայրով վեր հանեց ճրագի պատրույգը, քունքը քորեց և շարունակեց գրել.

«Եվ Մանուշն ուրբաթ գիշերը մնում է մենակ, որն որ քնում է իր սենյակում: Եվ Մանուշը գոմից կանչում է բատրակ Տիկոյին և ասում, որ ինքը վախենում է մենակ քնելու, և քնում են միասին»:

Սրապն ուզեց հերիք համարի գրածը, բայց նորից կարդաց և ավելացրեց.

«Եվ բատրակը թույլ տվավ իրեն մինչև այն աստիճան...»:

* * *

Երբ դավթարը կռան տակ Սրապը քնած Մրոցի փողոցներով գնում էր դեպի տուն, ճամփին միտք անելով, — նրան այնպես էր թվում, թե մի ծանր քար գլորվել է իր խղճից: Զեկուցման մեջ ասված է այն ամենը, ինչ որ պատահել է գյուղում:

Սենյակի մթնում տրեխները հանելիս մի անգամ էլ Սրապի միտն ընկավ Մանուշը, և ինքն իրեն ասաց.

Անիրավիդ աղջիկը քաշած պատկեր ա, էլի՛ ...

ՄՈՒՐՈՅԻ «ԶՐՈՒՅՑ»-Ը

Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք: Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը: Ներքև փռված էր Արազդայանի տափարակից մինչև Անի կայարանը հասնող ընդարձակ տափարակը, գյուղերն ու քաղաքները, որ ցամաք դաշտում կանաչ պարտեզների էին նման, երկաթուղու սպիտակ կայարանները, անբաժան ակացիաներով ու բարդիներով:

Ես և ընկերս նստել էինք քարին, հիացմունքով դաշտին էինք նայում և փորձում գտնել ծանոթ գյուղերը: Արևը կախ էր ընկել մայրամուտի կողմը: Սարից զով քամի էր փչում, ողջ դաշտը ողողված էր արևի լույսով, և արծաթի հալոցքի նման պսպղում էր ոչ միայն Արաքսի օձանման հոսանքը, այլև մի քանի փոքրիկ լճակներ ու գյուղական առուներ:

Մեր ետևը Մաղդան էր՝ տափարակ կտուրներով նոր տներ կանաչների մեջ: Երկու կին կտուրի վրա ցորեն էին քամում: Օդը ջինջ էր և թափանցիկ. արևի տակ փայլփլում էին ցորենի քիստերն ու թեփը, երբ ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղում էին և օրորվում:

Մեզնից մի քիչ հեռու արտերն էին: Ոտքերը վեր քշտած մի մարդ ջուր էր անում: Լսում էինք, թե ինչպես էր բահը զրնգում, երբ խրվում էր ավազոտ հողում: Ձորակից երգի ձայն էր լսվում.

Կռունկն իջել է գյոլին
Յարս ման կգա չոլին

Երգը մերթ ընդհատվում էր. մերթ շարունակվում: Ընկերոջս հետաքրքրությունը շարժեց այդ:

Ի՞նչ անելիս կլինի էն երգողը, — հարցրեց նա: Ես փորձեցի երգի ընդմիջումներից որոշել, բայց չկարողացա: Ընկերս չհամբերեց, մի քայլ արեց ու նայեց ձորակի կողմը:

Հնձվոր է, — կանչեց նա: — Հենց որ կռանում է, լռում է...

Մեր գլխավերևը՝ բլրակի ետևից, լսվեց մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜...»: Մեկը սուլեց: Ետ նայեցինք: Ոչխարի հոտը բլուրից իջնում էր: Մի այծ բարձրացել էր քարի գլուխն ու տմբտմբացնում էր միրուքը: Բլրակի գլխին կանգնել էր հովիվը՝ մահակին կռթնած: Կանգնել էր արձանի նման ու նայում էր մեզ: Երևում էր, որ նա վաղուց է տեսել մեզ: Ապա սկսեց իջնել: Հեռվից արդեն նկատելի էր, որ նա կաղում է:

Ես կաղ չոբան կյանքումս չեմ տեսել, — ծիծաղեց ընկերս:

Հովվի հագին տեղական, թևերը կտրած «փոթ» էր, մորթը դեպի դուրս: Պայուսակը ցնցվում էր, երբ նա քարից քար էր թռնում:

Տեսնես էս սարի գլխին նա մեր օրերից ի՞նչ գիտե, — ասաց ընկերս ու ափսոսանքով ավելացրեց. — շվին չեմ տեսնում, թե ունեցել էր՝ փչել կտայինք...

Հովիվը մոտեցավ:

Բարի տեսանք, — ասաց և գամփռին սաստեց: Շունը նստեց:

Անունդ ի՞նչ է, — հարցրեց ընկերս:

Մուրո՛:

Следующая страница