Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Բացվում էր գարունը, և գոմերում տավարը տաքից նեղվում էր, անհանգստության նշաններ էր ցույց տալիս, շուտ-շուտ դռան կողմը նայում և բառաչում լիաթոք: Մոզիները գիժ և արջառները խամ ջրի տանելիս թռչկոտում էին ձյունի վրա, պոզահարում իրար: Բուղաները չաղ, մսոտ ազդրերով, իրենց թաց ռունգերով գարնան տաք օդում դուրեկան հոտ էին որսում, բառաչում և ոտքերով ջլապինդ կիսահալ գետինը փորում:

Անհանգիստ էր և Պետին:

Տաքը նրան էլ էր նեղում, ավելի շատ էր քորում մարմինը և շուտ-շուտ նայում Այու սարին: Սարը նրա նշանն էր: Գարնան արևը հալցնում էր ձյունը Այու սարի, և կողերը քարոտ սևին էին տալիս:

Երբեմն գյուղի մոտակա հանդն էր գնում, ոտով ձյունը դեսուդեն հրում և տեսնում, որ նոր ծլող բեղի պես կանաչ խոտը ցցվել է ձյունի տակ:

Կենդանական մի հաճույք էր ապրում Պետին գարնան սկզբին: Ձյունաջրի առվակների պես նրա երակներում արյունն ավելի էր եռում և ծիծաղում էր, կոկորդային ձայներ հանում: Այդպես ախորժով վրնջում է ձին, երբ ախոռը ոսկեհատ գարի են լցնում:

Պետին գարնան պատրաստություն էր տեսնում , տրեխներն էր կարակատում, պարկի քուղերն էր ամրացնում, ուսին քցելու հնամաշ կարպետն էր փռում արևի տակ:

Պետին կարպետն արևին է տվել, — ասում էին գյուղացիք, և այդ նշան էր, որ մի քանի օր հետո տավարը հանդ է գնալու:

Հոգատար մոր պես Պետին գոմից գոմ էր գնում, դիտողություն անում կովատիրոջ, որ այս կովին շատ կեր տա կամ գոմը տաք պահի: Եթե մեկը կովի ծնելու ժամանակն էր ուզում իմանալ, պետուն էր հարցնում, թե կովը երբ է բուղով եկել:

Պետին գիտեր, թե այս հորթը որ բուղից է, կամ այս կովը դժվար է ծնում: Կովը ծնելիս նա անպատճառ պիտի գլխավերևը կանգներ, օգներ կովատիրոջ:

Եվ երբ լորձունքոտ հորթը թաց կոպերը հազիվ էր կարողանում շարժել, Պետին էր մաժում քիթ ու պռունգ կամ կովին շոյում:

Ջան, հեյվանը շատ տանջանք ա քաշել... Համատես է, էս էն ալա բուղի հորթն ա հա՜:

Կովը ծնելուց տան տերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով կամ խոստանում էր կալին մի կոտ ցորեն: Պատահում էր, որ կովը հանդին էր ծնում: Նախիրը բերելիս Պետին հորթը ուսին էր դնում և նախիրն առաջ արած գյուղ մտնում: Այսպիսի օրերին ժպիտն անպակաս էր նրա դեմքին: Գիտեր, որ բարիք է շալակին տանում և ուրախություն կովատիրոջ համար:

Նախիրը հանդ տանելուց մի քանի օր առաջ նա իմաց էր տալիս, որ պատրաստվեն: Եվ ինչքան շատ նորություններ էր պատմում առաջին օրերին, երբ գյուղ էր վերադառնում: Ձյունը հալվել էր, և ձյունի տակ մի կմախք կար ցցված: Պետին մոտենում էր, նայում և որոշում, թե այդ այն ոչխարն էր, որ ձմեռը գայլը գյուղից տարավ:

Օրերն ավելի էին տաքանում, կանաչը բոյ էր քաշում, բացվում էին ծաղիկները` կապույտ, դեղին, կարմիր, հազար բզեզ ու թիթեռ էին թռչում, մասուրի թփերի վրա ծիտն էր բույն հյուսում, և նախիրը փնչոցով արածում էր խոտը համեղ:

Պետու համար գարունը երջանիկ օրեր էր բերում: Տարիներ շարունակ նույն հանդում ու սարում տավար պահելով` նա այնքան էր վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ:

Երբեմն երբ նրա աչքին էր ընկնում մի շքեղ բզեզ կամ թիթեռ գունավոր թևերով կամ դիտում էր, թե ինչպես են մրջյունները աշխատում հերվա բունը սարքելու,— Պետին գլուխը երերում էր և ինքն իրեն խոսում.

Փառքդ շա՜տ, ա՛յ աստված, որ էսպես հրաշք բաներ ես ստեղծել...

* * *

Մի ամառ էլ տավարի մեջ ցավ երևաց: Ագին ծաղիկ մի կով առավոտ նախիրը քշելիս միշտ ետանում էր մյուսներից, կանգնում ճամփի կիսին, թնչում: Պետին զայրացավ, մահակով մի անգամ խփեց, բայց մինչև սարի տակը կովը չկարողացավ գնալ:

Պետին տեսավ, թե ինչպես կովի ոտքերը դողացին, չոքեց փնչոցով և էլ վեր չկացավ: Քթածակերից արնախառն թարախ էր գալիս, փորն ուռել էր, և հիվանդ կովը, որի ջուխտ աչքերում մի կսկիծ կար, նայում էր Պետուն:

Պետին շիվարել էր:

Ի՞նչ եղավ սրան, յոնջա տված չլինե՞ն...

Դանակը հանեց, որ արյուն առնի, ականջի ծայրերից պատռեց մի քիչ: Կովը ցավից գլուծը ձգեց, փորձեց կանգնել, բայց ոտքերը դողացին: Տաք արյան շիթերը ցալքուն տվին կանաչի վրա, բայց հետո արյունը լերդացավ, իսկ կովը չլավացավ:

Պետին գնաց, որ ջուր խմի մոտակա աղբյուրից, ցրված նախիրը հավաքի ձորի մոտ: Եվ երբ վերադարձավ, կովն արդեն սատկել էր: Արնախառը թարախը քթից թափվել էր, լեզուն կապտել, սառել ատամների արանքում, փորն էլ ուռել էր` ձգված թմբուկի պես:

Պետին նոր գլխի ընկավ, որ «սև ցավ» է: Երեկոյան գյուղում էլ ուրիշ խոսելիք չկար: Բոլորի դեմքին էլ տխրություն կար. հարցնում էին իրար, թե որտեղից կարող էր ցավը պատահած լինի, շուտ-շուտ նավթի ճրագներով գոմ էին գնում, նայում ապրանքին:

Ասես սառը ջուր էին մաղել Պետու գլխին: Իրեն կորցրել էր, շիվարել: Մտքով հազար ու մի բան էր անցնում, թե ինչու համար ցավը պատահեց:

Զառի աքիրն էլ մի կողմից էր կրակին յուղ ածում.

Պետի, ցավը տվովի ա, փորձանք ա լինելու գեղում:

Եվ Պետին ավելի էր մտածում «փորձանքի» համար, բայց ավելի շուտ վախենում էր բժշկից, որ տարիներ առաջ մի անգամ էլ էր եկել գյուղը, տավարի ցավի ժամանակ:

Մյուս օրը երկու կով էլ սատկեց: Լուր եկավ, թե հարևան գյուղում էլ է կով սատկել: Իսկ երեկոյան դեմ գզիրը կտուրներից ձեն էր տալիս, որ վաղը քաղաքից տավարի բժիշկ է գալու:

Պետին մեջքը դեմ էր արել գոմի դռան, հենվել մահակին, գզիրին էր լսում: Միտն ընկավ Զառի աքոր խոսքը, թե`

Պետի, գեղի վրա փորձանք ա գալու:

Այդ իրիկուն նա բերանը մի պատառ էլ չդրավ: Կոլոլվեց կարպետի մեջ և պառկեց հերվա չոր խոտի վրա: Առավոտյան Պետին մոլորվածի պես էր: Նրա կյանքի սովորական ընթացքը խանգարել էր հանկարծակի երևացած ցավը: Օրվա այդ ժամին նա շատ քիչ էր գյուղում եղել և անվարժ էր իրեն զգում, ման էր գալիս գոմից գոմ, ապրանքին էր նայում: Իսկ ապրանքը գոմերի առաջ կապոտած բառաչում էր սարի կանաչ խոտի համար: Եվ տավարի ամեն մի բառաչը ցավ էր ազդում Պետու սրտին:

Օրը ճաշ էր դարձել, երբ երկու պահակի հետ բժիշկը գյուղ եկավ: Պետին տեսավ նրան ձիու վրա, պսպղան ակնոցները աչքին, փայլուն կակարդը ճերմակ գլխարկի վրա:

Պետին տեսավ և ճանաչեց նրան:

Տավարը հանեցին գյուղի վերև, մի ընդարձակ կալ, կապոտեցին առաջուց պատրաստած բիհերից: Տավարը նեղվում էր շոգից, բառաչում էր սարի կանաչի համար, իսկ տավարատերերը գլուխները կախ, ձեռները ծոցին կանգնել էին, ամենքն իրենց տավարի մոտ:

Եկավ և բժիշկը, պահակներին ուղարկեց, որ գոմերում փնտրեն, թե չկա՞ թաքցրած ապրանք: Եվ պահակները որսի շան հոտառությամբ գոմերն ընկան:

Նրանցից մեկը, որ կես արշին բերան ուներ, մեկի գոմի դուռը բաց անելիս աչքին ընկավ չաղ աքլորը, աղբում քուջուջ անելիս: Տեսավ աքլորին, կես արշինանոց բերանը ջրակալեց և թրով աքլորի մի թևը պոկեց, արնակոլոլ աքլորը խուրջինի մեջ կոխեց:

Տան տերը կանչեց, աղաչեց, բայց նա սպառնաց, թե բժշկին կասի, որ ապրանքը փախցրել է ուրիշ գյուղ, սպառնաց և ահարկու բռունցքը մօտեցրեց գյուղացու քթին:

Մի գոմում գտան թաքցրած մի կով, դարմանով լի քթոցների ետև: Աղքատ մի տան միակ կովն էր, որ թաքցրել էին գոմի մութում բժշկի վախից:

Ամբողջ գյուղը հավաքել էր գյուղի վերև, տավարի մոտ:

Երբ պահակները վերադարձան գոմից հանած կովը առաջ արած, բժիշկը ակնոցների ետևից հերսոտ աչքերով նայեց գյուղացիներին և ինչ-որ բան ասաց, մատն էլ թափ տվավ:

Չարանում ա, որ ապրանք են թաքցրել,-ասաց մեկը:

Հետո սկսվեց քննությունը, որին սրտաարոփ սպասում էին գյուղացիք: Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար և կասկած, թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ: Էլ պրծում չկար այն ժամանակ:

Բժիշկը սկսեց ծայրից: Մոտենում էր ամեն մի տավարի, նայում լեզվին, աչքերին, փոչի տակին, ձեռքով նշան էր անում պահակին, առողջը հիվանդից ջոկելու:

Պետին էլ էր այնտեղ: Կանգնել էր հեռուն, նայում էր բժշկին,կովերին, գյուղացոց: Ժխորի մեջ, ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Իրիկնադեմին քննությունը վերջացավ: Տասներկու կով հիվանդ էին: Վառելուց բացի փրկության ուրիշ միջոց չկար:

Եվ պահակները շտապեցնում էին գյուղացոց, որոնք փոսեր էին փորում հիվանդ տավարը վառելու:

Շատերը լալիս էին: Հորթերը բակերում բառաչում էին, բառաչում էին և կովերը, ցավ կար և նրանց սրտում, որոնք բահ ու քլունգով արագ փորում էին խոր փոսեր:

Բժիշկն էր մենակ խաղաղ. սովորական բան էր նրա համար:

Երբ փոսերը պատրաստվեցին, հիվանդ կովերին քշեցին փոսերի մոտ: Պահակներից նա, որ կես արշինանոց բերան ուներ, կացնի բութ ծայրով խփում էր կենդանու ճակատին, շշմում էր կենդանին անասելի ցավից, բառաչում և գլորվում փոսի մեջ:

Հետո սև նավթ թափեցին և խոտի խուրձեր, վառեցին նավթն էլ, խոտն էլ: Մութի մեջ վառվում էին խարյուկները, ճենճերահոտ էր բարձրանում, իսկ քամին նավթի ու խանձված մսի հոտը փչում էր հեռու, դեպի սարերը, ուր կանաչի վրա գիշերվա ցողն էր կաթում:

Բակում բառաչում էին հորթերը մինչև ուշ գիշեր, սուգ էր իջել գյուղի վրա:

Պետին անխոս, ցավը սրտում կանգնել էր վառվող խարույկների առաջ, միտն էր բերում սև կովը, որ կուրծքը կախ էր միշտ, և հանդից գալիս յուղոտ կաթը ծլլում էր:

Երբ խարույկները հանգան, Պետին շիվար ետ դարձավ, կոլոլվեց կարպետի մեջ, պառկեց հերվա չոր խոտի վրա:

Որբ մնացած հորթերը բառաչում էին, և հերվա խուրձը գլխի տակ, հնացած կարպետի տակ Պետին լալիս էր անօգ մնացած մանկան պես:

* * *

Մյուս առավոտ տավարը տանելիս Պետին սիրտ չարավ կալերի կողմը նայելու, գլուխը կախ անցավ: Աղբյուրի մոտ Զառի աքիրն էր, որ կովը բերել էր նախիրին խառնելու: Եվ Պետին առաջվա պես նրան չասաց, թե`

Հեյվանը մեղք ա, քիչ կթի:

Բայց Զառի աքիրը տնքալով իր խոսքն ասաց, որ`

Փորձանք ա գալու գեղի գլխին:

Առաջին օրերը շատ ծանր անցան: Պետին չէր կարողանում մտահան անի կրակով վառած տավարը: Սիրտը մղկտում էր, նեղանում էր իրենից, երբ մտաբերում էր, թե ինչպես ինքը հիվանդ կովին սարի տակ մահակով մի անգամ խփեց:

Ժամանակն անցավ, ժամանակի հետ էլ գյուղը մոռացավ կորուստն իր: Ձմեռը եկավ: Էլի առաջվա պես Պետին գոմերումն էր, ծանրած կովերին էր նայում, պարապությունից նեղվում և ձմռան վերջին նայում, թե երբ են երևալու Այու սարի դուրս ցցված կողերը:

Ձմեռն անցնում էր, հալոցքի հետ խոտ էր կանաչում, կանաչի հետ ջահելանում էր Պետին, եռում էր արյունը: Բայց մտքից հանել էր կաղլիկ, մի ձեռքը չորացած պառավ աղջկան:

Զառի աքիրն էլ մեռել էր, և էլ ոչ ոք նրան չէր ասում, թե`

Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած, հորդ ամարաթը շինիր:

Պետին մերվել էր նախիրին, ընտելացել: Նախիրից դուրս ուրիշ գործ չուներ նա, մտքերը նախիրից չէին հեռանում, սարերից դենը չէին գնում:

Միայն երբեմն, ամռան պարզկա լուսաբացին, երբ օդը մաքուր է, ապակու պես թափանցիկ, երբ հեռավոր սարերի գագաթները պարզ երևում են կապույտ հորիզոնում, նախիրն Այու սարի փեշերին արածացնելիս Պետին նստում էր մի բարձր քարի վրա և դիտում հեռուն, դաշտն անծայր, որի մեջտեղ կանաչ այգիների մեջ թաղված էր քաղաքը հեռավոր:

Մի անգամ էր եղել այնտեղ, երազի պես էր հիշում քաղաքը հեռու, ասես չէր էլ տեսել, լսել էր հեքիաթի հետ, ձմռան երկար գիշերներին:

Նախիրը տուն քշելիս մի իրիկուն էլ նա գյուղում անսովոր իրարանցում տեսավ: Ամռան իրիկուն էր, հնձից, հարից տուն դարձած գյուղացիք խոսում էին խումբ-խումբ:

Փողոցով անցնելիս Պետին լսեց, որ մեկն ասաց, թե`

Այ անդարդ մարդ, սալդաթ էլ չի գնալու:

Պատերազմ էր հայտարարված, գյուղը զինվոր պիտի տար:

Աշխատանքի խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետև ընկած այդ գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտե: Բայց այդ օրն գյուղն անտես թելերով կապված զգաց իրեն, և մի բռունցք, զինված բռունցք հարված էր պատրաստում գյուղի համար:

Գյուղից զինվոր տարան:

Առաջին ամիսներում ասես ուրախություն կար: Զինվորների առաջին խումբը դհոլ-զուռնով ճամփա ընկավ, բայց հետո գարնան ծիծեռնակի պես երևացին կռնատ տղերք, փայտե ոտքեր: Գերությունից նամակներ եկան, օտար և անսովոր խոսքեր եկան հեռու քաղաքներից զինվորների նամակների հետ, և գյուղը կերպարանքը փոխեց: Դհոլ-զուռնով էլ զինվոր չէին ճամփու դնում, լաց եղող շատ կար, գյուղում այրի մնացած հարսերի հըամարքը ավելանում էր:

Ամեն ինչ գյուղում տակնուվրա էր եղել: Օրերը տարի էր դարձել, աղքատությունը ավելանում, հացի գինը բարձրանում, շաքարը դառնում հիվանդի դեղ:

Եվ ասես վերջ չէր լինելու:

Պետին գլուխը քաշ իր գործին էր: Գյուղում ասես նրան չէին էլ նկատում, առաջվա հանաքները չկար, սարում ծնած հորթը տուն բերելիս տան տերն առաջվա պես չէր ուրախանում:

Պետի՛, մի խաբար բեր է՜, էդպես մի խեր խաբար բեր գերմանու պլենից:

Պետին ուսերը թոթվում էր, անխոս հեռանում: Վարձն էլ էր քչացել, առաջվա պես հաց չէին տալիս, շատերն էին փող տալիս հացի տեղ, թղթի փողեր, որի համարքը Պետին չգիտեր:

Հին շոր ոչ ոք չէր տալիս, շատերն էին հնացած շորեր հագնում: Պետին ինքն էր գոմում, ճրագի լույսի տակ ասեղը թելում, չուխի հերվա կարկատանը բրդի թելով նորից կարում: Հնացել էր ուսի կարպետը, և ոչ ոք չէր մտածում Պետուն մի նոր կարպետ տալու: Պաշարի մեջ շատ անգամ էր միայն չոր հաց լինում, յուղն ու պանիրը գյուղը ոսկու հաշվով էր ծախում: Առաջվա առատ ու լի օրերը չքացել էին:

Եվ երբ Պետին նախիրի հետ բարձրանում էր Այու սարի փեշերը, միտն էր բերում Զառի աքոր խոսքը.

Փորձանք ա գալու, Պետի՛...

Միտն էր բերում, նայում քաղաքին, միտքը դանդաղաշարժ ծայրը ծայրին չէր հասցնում, մի ափի չէր հանգում:

Ձմեռը եկավ: Նախիրը գոմերում էր, բայց առաջվա պես չէր: Օրեր էր պատահում, որ սոված էր մնում, աշխատում էր գոմերում, բայց հացի չէին կանչում: Ինքն էլ ամաչում էր հաց ուզի:

Նստում էր գոմի տաք անկյունում, լսում, թե ինչպես են որոճում կովերը, ուտելու պահանջ զգում:

Եվ մի հին միտք, որպես մանուկ օրերի հիշողություն, ելնում էր գլխի մեջ, շարժվում կանաչ թրթուրի պես: Այդ հին օրերի ծածուկ միտքն էր, տուն ունենալու, օջախ շինելու ցանկությունը զուսպ, որ ծնվում էր առաջ, երբ կուշտ էր, և երակների մեջ եռում էր արյունը:

Ժպտում էր ինքն իրեն: Ծաղկատար դեմքի վրա ժպիտը փայլում էր մի պահ, հտո լուծվում, անէանում: Կռանում էր գլուխը, հառում էր աչքերը մի կետի, միտք անում երկար, մինչև քունը հաղթեր:

* * *

Գյուղում մի օր էլ լուր տարածվեց, թե ազատություն է ընկել, զորքը տուն է գալու, թագավոր չկա, կռիվ չկա:

Տեսակ-տեսակ մարդիկ եկան գյուղ, հազար ու մի խոսք ասացին, ժողովներ արին: Բայց այդ բոլորից գյուղը միայն հասկացավ այն. որ դրությունը ծանրանում է, նոր փորձանքներ են պահված օրերում գալիք:

Զինվորները վերադառնում էին գիշերով, զենքով, առանց հրացանի. ծածկվում էին ցերեկով մարագներում, մոտակա սարն էին փախչում, երբ լսում էին, թե մարդ է գալու գյուղ ժողովի, նոր զորքի:

Աշուն էր, երբ լուր բերին, թե մոտակա շրջանում հայ, թուրք խառնվել են իրար, գյուղեր են կրակում, երկուստեք խմբերը դարձել են հրձիգներ վայրագ, արյունն են ոթում արանքում գյուղերի:

Գյուղում զենքը մահակից շատացավ: Գնդացիրներ կային, խոսում էին թնդանոթի մասին: Երեխաները զենքից էին խոսում, հատ ու կենտ կրակոցները սովորական էին դարձել:

Զենքի հետ կողոպուտն էլ շատացավ: Գյուղում ապահով չէր: Քնելուց առաջ տան դռների կապերը ավելի էին պնդացնում: Գողություն կար այգիներում, գյուղը հին հաշիվներ էր մաքրում և հրկիզում հարևանի արտը, տասը տարի սրտում պահած վրեժը հանում:

Համարյա ամեն իրիկուն դիրքապահներ էին շրջում գյուղի չորս կողմ: Նոր մարդիկ էին եկել` խմբապետ, վաշտապետ, որոնք լավ սենյակներում էին ապրում, յուղ ու հավ պահանջում, հեռանում գյուղից մի քանի օրով և թալանով վերադարռնում:

Գյուղը կծկվել էր, վախից կուչ եկել: Բայց և կերուխում կար հարուստ տներում, ուր հրամանատարը հարբած կրակում էր տասնոցից պատուհանից դուրս, օդի մեջ: Սոսկում էին ազդում գյուղի վրա գնդակները` թեժ արճիճ, որ վզզում էին ձմռան ցուրտ օդում: Կես քուն, կես արթուն գյուղի հսկումի մեջ էր, մինչև լուսաբաց ականջը ահազանգի պատրաստ:

Տավարն էր, որ տաք գոմերում փնչոցով որոճում էր առաջվա պես, ծծկեր մանուկներն էին, որոնք անգետ, անբան մուշ-մուշ քնում էին օրորոցի տաք պարուրների մեջ:

Պետին գյուղի գործերին չէր խառնվում: Ժողով չէր գնում. հարցնող չկար, մարդատեղ չէին դնում: Առաջվա պես գոմերում էր գիշերում, տավարի հետ կամ մարագի դարմանի մեջ:

Շնչագրում էին գյուղը, ցուցակներ կազմում, տասնյակների բաժանում: Եվ ամեն անգամ, երբ գյուղացիք հարցնում էին, թե էլ ով մանց ցուցակ մտցնելու, մեկը հանաքով պիտի ասեր.

Բա Պետին:

Մյուսները պիտի ծիծաղեին, ջահելները սրախոսեին, թե Պետին լավ թնդանոթ կնետի կամ հրաման կտա, և մեկն ու մեկն էլ հանկարծ, խոսքի մեջ, պիտի ասեր.

Հանաքը դեն, Պետին աչքիս շատ ա այլակերպ:

Պետին այլակերպ էր դարձել: Նա քաշվել էր, կծկվել, շատ քիչ էր խոսում, շատ քիչ էր երևում մարդամեջ: Ասես ծերացել էր. աչքերը փոս էին ընկել, ճակատի կնճիռները շատացել: Քայլելիս գլուխը կախ էր պահում, մի բան փնտրողի պես:

Եվ երբ խոսքը պետու վրա գար, առաջարկ էր լինում Պետուն մի չուխա տալ կամ կարպետ:

Էն ի՜նչ ա հալը, գաղթականը նրանից լավ ա:

Բայց գյուղն իր ցավերն ուներ, Պետու մասին հոգալու ժամանակ չկար:

Ձմեռն անցավ, հալոցքի հետ Այու սարի կողերն էլ բացվեցին, Պետին էլ ժիրացավ:

Կանաչը հերվա չոր խոտի տակ ծլել էր արդեն, գետինը ձմռան ամբարած խոնավությունն էր գոլորշիացնում: Կաթում էին կտուրները, ցեխ էր փողոցներում, դուրեկան էր ջերմությունը գարնան արևի:

Պետին նախիրը հանդ տարավ: Այս անգամ մահակի հետ նա հրացան էլ ուներ:

Իր օրում հրացանից չէր կրակել, նա իսկի ձեռք էլ չէր տվել: Պետին շատ ուզեց հրացան չառնի, բայց ստիպեցին: Վաշտապետը հերսոտեց, ոտը գետնին խփեց, պետին էլ վախից տապ արավ, համաձայնեց: Գյուղը վախ ուներ, թե կարող էին տավարը սարից փախցնել:

Ծիծաղում էին, երբ մի քանի ջահել սովորեցնում էին Պետուն հրացան բանեցնել: Պետին վախվխելով ձեռք տվավ հրացանին, ձեռքը ետ քաշեց, կարծես կրակ էր, այրեց: Եվ հրացանը մահակի պես ձեռքն առած` ամեն օր նախիրը սարն էր տանում:

Իր մտքում նա ավելորդ էր համարում հրացան առնել: Սարում նրան բոլորն էլ գիտեին. քանի՜ ուրիշ հովիվ է եկել, միասին աղբյուրի մոտ հաց են կերել:

Պետին խոր համոզում ուներ, թե իր ճանաչը երբեք չի կրակի, տավարի չի մոտենա:

Շատ անգամ էլ, երբ հրացանի ծանրությունը նեղացնում էր նրան, գյուղից հեռանալուց հետո մի քարի տակ պահում էր հրացանը և գյուղ դառնալիս էլի հանում, ձեռքին բռնում:

Երեխաները ծիծաղում էին նրա վրա. —

Պետի՛, քանի՞ մարդ ես սպանել:

Պետի՛, բա զորքդ ու՞ր ա

Երբեմն Պետուն թվում էր, թե վաշտապետը դիտմամբ է զենք տվել, որ ծաղր անեն, ծիծիաղեն: Այդ մտքից նեղանում էր, կոտրվում և քաշվում գոմի մի անկյուն, որ մարդ չտեսնի:

Լուսաբացին, երբ Պետին աղբյուրի մոտ երեսն էր լվանում, իսկ կովերը հավաքվում էին աղբյուրի մոտ, Պետուն ասացին, որ ինքը սարում դիրքեր փորի: Նախիրն այդ օր գյուղում պիտի մնար:

Պետին շփոթմունքից մոռացավ երեսը փափախով սրբել: Ջուրը ծլլում էր դեմքից: Մի պահ մտածեց, ուզեց հրաժարվի, բայց հիշեց, որ վաշտապետը ոտը էլի գետնով կտա:

Եվ մյուսների հետ ինքն էլ գնաց Այու սարի լանջին դիրքեր փորելու:

Գարնան ամպոտ օր էր: Անձրևը մաղում էր մեղմ, խոնավության մեջ կար գարնան ծաղիկների, կանաչ խոտի բուրմունք:

Պետին հացը մի քարի տակ դրեց և տասնապետի ցույց տված տեղը սկսեց փորել: Բավական հեռու մի ուրիշն էր փորում, նրա կողքին երրորդը, և այսպես գարնան ամպոտ մի օր, Այու սարի ծաղկոտ լանջի վրա երևացին խրամատի գոտիներ:

Փորում էր Պետին անվարժ շարժումներով, և քրտինքը սնդիկի հատիկների պես գլորվում էր նրա ծաղկատար ճակատից:

Ամպերը մեկ էլ ետ քաշվեցին, գարնան արևը երևաց ամպի տակից, և բուրմունքն ավելի շատացավ: Պետին թիկն տվեց մի քարի, նստեց հանգստանալու:

Հեռվում, այգիների մեջ թաղված քաղաքը դաշտի վրա օազիսի նման էր երևում:

Պետու ականջին հասավ կովի բառաչի ձայն, որ գյուղի կողմից էր գալիս: Նա նայեց, բառաչի ձայնը մեկ էլ լսվեց:

Ջա՛ն, մարալ. սոված ես մնացել,-ասեց ինքն իրեն և մտքում դրեց տավարն առավոտ կանուխ Այու սարիկողմը քշելու, ուր խոտը համեղ էր ու առատ:

Թիկնել էր քարին, նայում էր դիմացի բլուրներին: Արևի շողերի տակ ինչ-որ վեհություն կար Պետու չարքաշ, պղնձագույն դեմքին, փոս ընկած աչքերում անհուն բարություն կար և միամիտ սեր դեպի խոտը, կովը, ծաղկած սարերը:

Դիմացի բլուրի ետևից լսվեդ հատուկենտ կրակոցի ձայն, Պետին ձգվեց հասակով մի, լսողությունը լարեց:

Եվ հանկարծ ընկավ խրամատի մեջ, ընկավ երեսնիվար, թաց հողի վրա: Այդպես ընկնում է խոտը կիսաչոր, երբ գերանդին սլլալով կտրում է ներքևից: Պատահական գնդա՞կ էր, թե դարանակալի խելագար ցանկություն, որ շիկացած արճճի հետ թռավ հեռվից, շաղ տվավ Պետու գանգը կանաչ խոտերի վրա:

Երբ տասնապետը եկավ խրամատին նայելու, տեսավ Պետուն` ընկած երեսնիվայր: Նոր փորած հողը ծծել էր արյունը կարմիր:

Խրամատի մի անկյունում էլ թաղեցին նրան:

Գյուղը հոգս շատ ուներ, լաց չեղավ Պետու համար: Տավարն էր, որ առավոտյան բառաչում էր գոմում, սարի կանաչին կարոտ:

Իսկ գիշերվա անձրևը սրբեց, լվաց խոտերից կաթիլները Պետու արյան

* * *

Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, ուր կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ: Փարթամ կանաչի տակ փտում են ոսկորները Պետու:

Ծիրանի տափ

Թեկուզ անունը Ծիրանի տափ է, բայց և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: Գետի ափին, քարաժայռերի ճեղքերում մացառներ կան, քրքրված ցախավելի պես դիք-դիք ցցված: Ծիրանի տափի առավելությունը քամիներից պաշտպանված լինելն է և ջրի մոտիկությունը: Սարում, երբ գարնան սկզբին բորան է լինում, անձրևախառն քամի, չոբանը ոչխարը դեպի ձորն է քշում և պատսպարան տալիս լերկ Ծիրանի տափի ժայռերի ետև: Այծերը մացառներ են կրծում: Ոչխարը` գլուխը իրար շեքի մեջ` որոճում է: Հոտի մեջ և ոչ մի ոչխար բորան օրերեին գլուխը վեր չի հանի.

Ծիրանի տափը հիշատակելու արժանի ոչինչ չէր ունենա, եթե նա երկու գյուղի` Միրի և Մրոցի միջև անվերջ շարունակվող կռիվների, խոսք ու զրույցի առարկա չդառնար, եթե նրա համար տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մահակներով կռիվ չտային երկու հարևան գյուղերը` Մրոցն ու Միրը:

Երկու գյուղն էլ գետի ձախ ափին են ընկած, Մրոցը վերև, իսկ Միրը` ներքև:

Մրոցն ու Միրը հավասար ծխեր ունեն, և առաջներում, երբ մահակներով կռիվ էին տալիս Ծիրանի տափի համար, այնպես էր պատահում, որ մի տարի Մրոցն էր հաղթում, հաջորդ տարին` Միրը կամ երկուսն էլ ջարդված վերադառնում էին, որովհետև Ծիրանի տափի համար համարյա հավասար թվով մահակներ էին զարկվում երկուստեք:

Մրոցն էլ էր այծ ու ոչխար պահում, Միրն էլ, վերին գյուղումն էլ կար եկեղեցի, ներքևի գյուղում էլ: Շատ անգամ միաժամանակ էին բացվում ուշունցի պարկերը: Վերևի գյուղում, պատի տակ նստոտած ալևորներից ոմանք հոնի կարմիր փայտերը մեկնում էին Միրի կողմը, հայհոյում.

Միրն էլ շեն ա՞ , վառես խանձահոտ չի գա: Մեր աղբաջրումն են նրանք խմոր հունցում...

Գուցե հենց այդ ժամանակ Միրի ալևորներն էլ էին անիծում վերի գյուղերին և ջահելների սրտում պապենական ոխը թեժ պահում: Բայց նրանք առիթ չունեին ասելու, թե Մրոցը վառես` խանձահոտ չի գա, թե նրանք աղբաջրով են խմոր հունցում, որովհետև Միրում երեխան էլ գիտեր, թե գետը վերից է գալիս, անցնում է Մրոցի կողքով, սրբում գետի մոտ կիտած աղբակույտերն ու մոխրանոցները և լվանում գետի միջով անցնող կովերի, եզների, ձիերի սմբակներն ու կճղակները: Միրի հարս ու աղջիկ այդ ավելի լավ գիտեին, դրա համար էլ լուսաբացից վազում էին գետը` ջուր առնելու, մինչև ջրի պղտորվելը:

Միրի երեխաներն էլ գիտեին, որ գետը վերևից է գալիս, բայց հարկավոր էր մի քիչ հասակ առնեին և հասկանային, թե ինչու իրենց ալևորները վերի գյուղի հասցեին չէին ասում.

Վառես, խանձահոտ չի գա...

Մրոցն էլ այծ ու ոչխար էր պահում, Միրն էլ, բայց Մրոցում այնպիսի մարդիկ կային, որոնք ամբողջ Միրի չափ ոչխար ունեին: Կարելի էր առավոտ կանուխ գետից ջուր վերցնելով խմել նույնպիսի մաքուր և սառը ջուր, ինչպիսի վերի գյուղն էր խմում, բայց Միրը վերի գյուղի չափ կով չէր պահում: Երբ Միրի լղար կովերը քարերի արանքում բուսած չոր խոտերն էին պոկում, Մրոցի կովերի լիք կուրծքը թաղվում էր կանաչ խոտերի մեջ, պտուկները քսվում էին ծաղիկների թերթերին, և ծաղկափոշի էր նստում վերի գյուղի կովերի կուրծքին:

Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը կապ ունի սարի կանաչի հետ: Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը:

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը` մացառների վրա տերև:

* * *

Ոչ ոք չէր հիշում` ոչ Մրոցում և ոչ էլ Միրում, թե երբ ծագեց առաջին թշնամությունը Ծիրանի տափի համար:

Եթե Մրոցին էին հարցնում, հազար ու մի պատմություն էին անում, թե իրենցն է Ծիրանի տափը, «ինջիների» ձեռքով քաշած պլան ունեն, թղթեր կան:

Էս է, ես իմ ձեռքերով եմ էնտեղ կուրգանի քարերը սահմանի վրա շարել

Իմ միտս է, որ հորս ոչխարը գիշերն էլ էր Ծիրանի տափում մնում:

Միրի սահմանը ծիրանի տափից էլ շատ դենն աԷն մեր հայրական հողն ա

Իհարկե, Մրոցը միայն ադյ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին: Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է: Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին. բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատ նրա ասածին: Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն է՛լ ավելի լայնացնելու մասին:

Բայց վեճը շատ խոսելը և բարձր կանչելը չէր որոշում: Չինովնիկի գնալուց հետո Մրոցում շշուկով և շատ ծածուկ իրար մեջ հավաքում էին այն գումարը, որի մասին գիշերվա կերուխումի ժամանակ ակնարկել էր քաղաքից եկած «մեծավորը» և ավելացրել.

Ձեր օգտի համար եմ ասում, դուք գիտեք, մանակ ինձ համար չեմ ուզում:

Չինովնիկը Միր էլ էր գնում: Ներքի գյուղն աշխատում էր ավելի ճոխ ընդունել նրան, սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր, մի տնից մաքուր բարձ, մյուսից` գյուղի միակ լավ կարպետը, տունը զարդարում, հարսերի վրա բարկանում, որ փոշի չանեն, ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս տանում:

Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում, մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին:

Միրում էլ էին բարձր ձայնով կանչում, աղմկում, նրանք գիտեին, թե ինչ են ասել վերի գյուղում, հերքում էին «պլանի» պատմությունը, մեկը մոտենում էր, իր ճղած գլուխը ցույց տալիս, պատմում, թե ինչպես են Մրոցի գյուղացիք մահակով խփել, մյուսը` հարևաններին բոթելով երեխային էր առաջ հրում, բաց անում ոտքը և շան կծած վերքերը ցույց տալիս:

Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային , որ «մեծավորը» ավելի լավ տեսնի: Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ:

Զարմանքն էլ չէր, եթե մյուս օրը, Մրոցի աչքից անտես պահելու համար, Միրից մի քանի հոգի, գիշերվա կարպետը թաղիքի մեջ փաթաթած տանում էին քաղաք, չինովնիկի տունը: Միրում էլ էին շշուկով ինքնատուրք նշանակում, կարպետի գինը տալիս տիրոջը, որ հարս ու աղջիկ ձմռան գիշերներին գունավոր թելերից մի նոր կարպետ գործեն և պատմեն հնօրյա չարքերից:

Next page