Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Ճրագը ձեռքին մայրը մոտեցավ Ռուշանի վերմակը շտկի, ամեն օրվա պես: Ռուշանը քնաթաթախ աչքերը բաց արեց ու ծոր տվեց...

Հիմա հո չեմ գը-նո՛ւմ...որ մեծանամ, էն ժամանա՛...

Մայրը կռացավ, ճակատը համբուրեց ու ականջին շշնջաց.

Բա ես՞, բալիկ...

Դու ապորը մոտ մնա.. էնքան համա... — խոսքը թերի մնաց, աչքերը փակվեցին:

Մայրը մի պահ նայեց նրան: Ճրագը ձեռքում դողում էր: Երեխան քնի մեջ ժպտաց: Եվ անլուծելի առեղծված դարձավ այդ ժպիտը մոր համար:

Զանին ճրագը հանգցրեց:

ՎՃԻՌԸ

Այն սենյակը, որի դռան փակցրած ազդն արգելում է առանց զեկուցման ներս մտնել, փակ է միայն կիրակի և տոն օրերը: Իսկ շոգ ժամանակ դուռը առավոտից մինչև երեկո բաց է: Երկար է ու նեղլիկ, առաստաղը ցածր, տեղ-տեղ ծեփը թափված: Դիմացի պատի մոտ դրված են փայտե հասարակ մաշված աթոռներ: Մինչև դուռը խիտ շարված են չռանդած նստարանները:

Մի թեթև շուք էր տալիս առաստաղից կախված փարթամ կանթեղը, պղնձյա մոմակալներով, որոնք միացված էին ապակյա ուլունքների շղթաներով: Այդ կանթեղը գործածության պիտանի չէր և չէր մերվում սենյակի ընդհանուր տեսքին: Մնացել էր հնուց, և իբրև անգործադրելի ինչ, թողել էին տեղը:

Այդպես է շրջանային ժողդատարանի սենյակը, ուր այն առավոտ, երբ քննվելու էր սովորական գործերից մեկը և արձակվելու վճիռ, ինչպես պատշաճ է օրենքի ոգուն, — այն առավոտ փայտյա նստարանների վրա տեղավորվել էին մի քանի հոգի և մինչև դատավորների գալը իրար հետ զրուցում էին:

Առաջին ներս մտնողը դատարանի քարտուղարն եղավ, ձողի նման բարակ մի մարդ: Նրա փոքրիկ գլուխն անշարժ միացված էր իրանին, այնպես որ աջ ու ձախ նայելուց ամբողջ իրանն էր դարձնում, ինչպես բուկուռուցքով հիվանդը:

Ոտքի՛, — ասաց քարտուղարը և տեղում մեխվեց: Մի կին կանգնելուց թաշկինակը քցեց:

Քարտուղարը առաջներում հաշտարար դատարանի գրագիր է եղել: Նրա համար ամենից հաճելին այն հրամանն է, որ արձակում է ինքը, երբ դատավորները գալիս են և կամ թե նախագահը կարդում է վճիռը: Այդ րոպեին նրա դեմքն արտահայտում է խորին պատկառանք նույնիսկ դեպի այն պաուզան, որ ունենում է դատավորը վճռի ընթերցման ժամանակ: Ասում են, որ ինչքան էլ երկար տևի ընթեցումը, նա աչքը չի թարթում:

Աղլուխդ վերցրո՜ւ, — կամաց ասաց քարտուղարն առաջին շարքում կանգնած կնոջը ու դատավորների հետ միաժամանակ նստեց աթոռին:

Քննվում է գործ թիվ 224...ըատ հայցի Մարիամ...ընդդեմ քաղաքացի Տոնական... — կարդաց նախագահը և դարձավ քարտուղարին, — ծանուցագրերը հանձնվա՞ծ են: — Վերջինս գլխով արեց:

Նախագահը հանդարտ ձայնով սկսեց պատմել գործի հանգամանքները: Աջ կողմը նստած ատենակալը մատիտը զարկում էր ճակատին, կարծես դատավորի պատմածը մեխի նման նստեցնում էր գլխի մեջ:

Բաց պատուհանից երևում էր ցուցանակի մի անկյունը, վրան գրված՝ «...ես» — ի՞նչ ասել է, — մտածում էր նա: Ի՞նչ ցուցանակ է: Ինչքան էլ վիզը ձգում էր, չէր կարողանում երկու տառից ավելին կարդալ: Վերջապես չհամբերեց, կանգնեց, ձեռքը մեկնեց ջրամանին և աչքի տակով կարդաց. «շրջանային սոբես»...

Զարմանալի մարդ է Սեթոն, — մտածեց ատենակալը, — գրասենյակը տեղափոխել է, վիվեսկան թողել, ու նորից սկսեց մատիտը խփել ճակատին:

Հարցաքննությունը սկսվեց:

Տոնականը դո՞ւք եք, — հարցրեց նախագահը: Քարտուղարը թեքեց ամբողջ իրանը, մեկին ձեռքով արեց:

Մենք ենք, հա՛... — չստերը հատակին քսելով, մանրիկ քայլերով սեղանին մոտեցավ կարճահասակ, նիհար մի մարդ: Ամեն ինչ նրա հագին փոքրիկ էր, իր հասակի համեմատ: Բարակ գոտին մեջքն այնպես էր սեղմել, ինչպես տասը տարեկան աղջկա մեջքը:

Ի՞նչ կասեք...

Դե ի՞նչ ասեմ, ընկեր դատարան, բոլոր հանգամանքներիս էլ ծանոթ կլինեք, — ու վիզը խեղճ-խեղճ ծռեց: — Ամոթ էլ եմ համարել վկա բերել, նրա համար, որ արար աշխարհքին է հայտնի իմ եղելությունը...Ես խնդրում եմ, որ արդարությունը պաշտպանեք, իմ մեղավորությունը երեսովս տաք...Եթե որ մի օտար դատավոր լիներ, կասեի հանգամանքներիս անծանոթ է.. Ինչքան չլինի Հոռոմսի հորքիրը ձեզ պատմած կլինի իմ գլխով անցկացածը: Ինչու, քեզ էլ հայտնի կլինի, հարևանությունը որ օրվա համար կլինի:

Դահլիճում մեկը փռթկացրեց: Քարտուղարը վտանգ կասկածող արագիլի նման վիզը ձգեց:

Գործի էությունը պատմի, — սաստեց նախագահը և իսկույն փոշմանեց իր խստության համար:

Տոնականը փշաքաղվեց, ոտները փոխնիփոխ յրեց, աչքերը գետնին քցելով, շարունակեց.

Էությունն էն է, որ երկինք գետինք վկա, ես ինձանում մեղավորություն չեմ գտնում: Էն տարին, որ ուզում էր գնա, խնդրեցի, աղաչեցի, ասի՝ էդ անվայել գործը մի անի...Հոռոմսի հոքիրն էլ պախարակեց, — դատավորը ձեռքը զանգակին տարավ, բայց հետ քաշեց:

Չլսեց: Սովի էն նեղ վախտը երկու երեխան երեսիս թողեց...Մի ամիս չքաշեց, աղջիկս սաթիլջամ ստացավ...Է՛հ, կտրվի անկնիկ տունը: Մի օր էս հարևանը, մի օր էն մինը...Շնորհակալ եմ Հոռոմսի հորքուրից...Շատ դեղ ու դարման արեց, դե ինչ արած, ճակատագիր էր...Գործիս միջին զագսից դրա մասին թուղթ եմ բերել...

Կինը փղձկաց, երեսը ծածկեց գոգնոցով: Տոնականը փոշմանած իր խոսքից, դառնությամբ հանդիմանեց նրան.

Էս օրն էի լաց լինում է՛, Մարիամ, — և ինքն էլ հուզվեց, կնոջ անունն ասելուց, ձայնը դոզաց:

Քաղաքացի Տոնական...Մասնավոր խոսակցությունով մի ընդհատեք... Շարունակե՜ք...

Հա՛, էն խոսքն էի ասում, որ...

Նախագահի համար էլ օտարոտի էր նրան անվանել «քաղաքացի Տոնական»: Ամբողջ շրջանը հայ ու թուրք, մեծ ու փոքր նրան ճանաչում և կանչում էին նալբանդ Տոնո: Հրապարակի թթենու տակ նրա տեղն էր: Օրնիբուն գլուխը քաշ աշխատում էր, փոքրիկ զնդանի վրա նալ տափակացնում, ծակոտում, ծուռը հարթում, մեծը փոքրացնում, մեխի ծայրը սրում: Ծառին խրած ցցերից նալերի շարանուկներն էին կախած, ձիու նալը ջոկ, եղանը՝ ջոկ: Իսկ մեխը փայտե արկղների մեջ էր, դարձյալ ըստ տեսակների՝ մաշինի տափակ մեխ, տեղական մեխ:

Նրա համար տոն ու կիրակի չկար: Մինչև մութն ընկնելը զըրնգ հա՜ զըրնգ զարկում էր նալին ու մեխին: Եթե անձրև լիներ կամ ձյուն գար, Տոնոն զնդանը տեղափոխումէր դիամցի իջևանատան դարպասի տակ և կոտրած մանղալի կրակը թեժ անելով դարձյալ աշխատում, երբեմն ձեռքերը կրակի վրա պահելով: Օրվա որ ժամանակն էլ լիներ, ինչպիսի ձի բերեին, — այդ փոքրիկ ու վտիտ մարդն առանց վախի կռանում էր սմբակի վրա, նույնիսկ երբ ձին ուժ էր անում աքացի տալու:

Տաք ու դուրեկան լռության մեջ Տոնականը հանդարտ ձայնով շարունակեց իր պատմությունը, կարծես լսողները պատի տակ արևկող արած իր ընկեր հարևաններն էին: Իսկ ատենակալը մտածում էր, թե ինչպես կարելի է օգտագործել առաստաղից կախված կանթեղը:

Վեր կացավ գնաց, — շարունակեց Տոնոն, — անց կացավ մի տարի: Դիմացա, ասի ինչքան չլինի մայր է, սիրտ կանի, կգա երեխու վրա...Մի օր էլ խաբարը Գյանջու կողմերից եկավ, թե էն, ասելն էլ ամոթ է, սիրեկանին բաց է թողել, մի զինվոր տղի հետ գնացել է Բաքու...Կարելի է ճանաչեք Առուշանենց Անդոնին...Նրա ձեռքով մի նամակ ուղարկեցի...Էն տարին ճանապարհները նոր-նոր բացվում էին:

Տաք հովը բաց պատուհանից ներս էր բերում այն անորոշ աղմուկը, որ հատուկ է գարնան պայծառ օրին, աղմուկ, որ առաջանում է թռչունների ճռվողյունից, սարերում հերկող գյուղացիների հորովելից, այգիներում հող քանդող մշակների երգերից և էլ ո՞վ գիտե, ինչպիսի ձայների խառնուրդից:

Մի իշամեղու թևերն արևի տակ փայլփլեցնելով, բզզալով ներս մտավ, պտույտներ արեց, թևով դիպավ կանթեղի ապակյա շղթաներին և ուլունքներից բարակ փոշի մաղեց ու տեսնելով, որ իր տեղը չի, դժգոհ դուրս թռավ նույն պատուհանից:

Աջ կողմը նստած ատենակալն աչքի տակով հետևեց իշամեղվին, տեսավ կանթեղն ու զարմացած նայեց խորը, հետաքնին հայացքով, կարծես կանթեղից դարձյալ հարցնում էր, թե ինչո՞ւ է կախված:

Անդոնին էլ ապսպարեցի, թե կտանես կտաս, իմ կողմից էլ կասես, թե ես էլի առաջվանն եմ, իմ ջուրն ես, իմ արխովը գնա, աբուռդ հավաքի, արի..Էլ պատասխան չստացա...Հա՜, հոգի ունեմ տալու, սուտը չեմ կարող ասի, Անդոնն ուրիշով ինձ ապսպրել էր, թե թող հույսը կտրի, հեռու ձեր երեսից, եթե ամոթ չլինի ասել, Բաքվա քաղաքում Մարիամը անառակի մինն է...

Լեզո՜ւդ, — ճչաց և օձից խայթվածի նման ցնցվեց կինը, որ մինչ այդ արցունքները սրբել ու որդուն գրկած, աչքն առանց թարթելու նայում էր գետնին: Քարտուղարը զայրացած նայեց նրան:

Քաղաքացի Տոնական, չափավորեք ձեր խոսքերը, — հանդիմանեց նախագահը:

Ես ներողություն, եթե օրենքին ընդունակ չի, չեմ ասի...Հա, դե ես էլ նամուս ունեմ, արհեստ ունեմ, օրվա հացի պակասությունը չեմ քաշում: Շատ միտք արի, ընկեր-հարևանից խորհուրդ հարցրի: Շնորհակալ եմ, Հոռոմսի հորքուրն էլ ասաց, թե մեղք ես, նրանից էլ քեզ հույս չկա, կարող ես, գլխիդ ճարը տես: Մեղքս ինչ պահեմ, տեսա, որ տունը առանց կնիկարմատի յոլա չի գնում: Երեխես ուրիշի դռանը, ես էն ծառի տակին, տաք կերակուրի կարոտ...գնացի, ամոթ չլինի ասել, վերին գյուղից մի որբևայրի բերի...Է՜հ, լավ, վատ կառավարվում ենք:

Իսկ նա երեխային ի՞նչպես էր նայում, — հարցրեց ատենակալը:

Թակում էր, — տեղից կանչեց տղան:

Քեզ խոսք չի հասնում, փոքրիկ, — միջամտեց նախագահը:

Դե առանց էդ էլ չի լինի...Ինչքան չլինի խորթ մայր է...Հալալ մորը հարցրեք՝ չի՞ թակել: Ես էլ հո մեռած չեմ...Տուն գալուց մշտական տեղեկանում էի, թե երեխին ոնց է պահել... — և ձայնը ցածրացնելով շարունակեց.

Հարևաններից էլ էի հարցուփորձ անում, թե ձեռքի կողմանից ո՞նց է, հո հարամ չի...Հա, աչքս երեխի վրան էր: Ջեբս դատարկ տուն եկած չկամ: Իսկի էլ որ չի եղել, մի խնձոր էլ տարել եմ, ասել եմ անմեր երեխա է, սիրտն առնեմ: Ուսումնարան եմ տվել, ասել եմ ժառանգս է, ես կեղտի, թրիքի մեջ եմ ապրել, թող նա լավ օրի հասնի...

Մարիամին դո՞ւ ես կանչել, — հարցրեց նախագահը:

Կանչելը չի եղել, համա սուտ չեմ ասի, եկողով լսել էի, որ երեխի կարոտը շատ է քաշումԱսի նա էլ ջիգյար է, էսքան տարի է արանքովն անցել, թող գա տեսնի: Իմ սիրտն էլ հովություն կլինի, աչքս ընկնի աչքին, հենց մի կարճ խոսք ասեմ, թե կշտացա՞ր էս աշխարհից, հիմա ո՞ւմ օրն է լավ, ի՞մը թե քոնը...Էդպես մի խուսք ասել էի...Երկու շաբաթ առաջ, իրիկունը մթնած, տեսնեմ ըհը՛, մի կապոց կռնատակին դռնովս մտավ...Դուրս անեի, էգուց հազար բան կասեին: Ասի լավն էն է մեռելս իմ հողում թաղեմ, էս կեղտը քուչեն չածեմ...հազար մարդ, հազար խոսք: Երեխան էլ շատ լաց եղավ, ես էլ, ինքն էլ...

Շոր-բան բերե՞լ է երեխայի համար:

Գրքեր է բերել, մի ջուխտ չաքմա, ային-օյին:

Պատկոմի շորեր, — տեղից վրա բերեց տղան: Նախագահը նորից զանգահարեց:

Էսպես մի օր, երկու օր, — շարունակեց նալբանդը: — Երեխի համար ասում էի համբերեմ: Չորս օր հետո, թե՝ գիտես ի՞նչ կա, Տոնո, ես քո տանը մնացողը չեմ, համա երեխեն ինձ կպատկանի, եկել եմ տանեմ: Ոնց որ ծանր քարը գլխիս քցեն...Ո՞նց թե, ես ծառ տնկեմ, պահեմ, չարչարվեմ, դու գաս պտուղը քաղե՞ս...Էդ ո՞ր օրենքին է ընդունակ: Ես մեկ ասի, նա՝ երկու. վերջը տունը դառավ կռվատեղ: Երեխան էլ չեմ իմանում ոնց հեղափոխվեց...Էսպես վերջն էլ գործս ընկավ ձեզ: Հիմա իմ հույսը դուք եք, ընկեր դատարան. խղճի մտոք էս գործը քննեք, թե արդար եմ, թողեք իմ ժառանգը իմ տանը մնա: Միևնույն է, այսուհետև ինձ ոչ ժառանգ կլինի, ոչ մի հուսատեղ: Ես հալից ընկել եմ, շատ ապրեմ տասը տարի: Զնդանին խփելուցն եմ իմանում, որ կռներիս ուժը առաջվանը չի:

Իսկ տան գույքը բաժանե՞լ եք, թե ոչ, — հարցրեց նախագահը:

Հագի շորերը, ինչ որ հոր տնից բերել էր, բոլորը հետը տարավ...Որ ասես մի մեխ էլ չեմ վերցրել:

Դո՜ւք ինչ կասեք:

Մարիամը նրա հակոտնյան էր: Իզուր չէին ասում, թե նա փեշի տակ երկու Տոնո կպահեր: Նրա դեմքն ավելի առնական էր, քան կանացի: Եվ այդ կնճռոտ, ծալքերով ակոսած երեսի վրա զարմանալի կարմիր էին մսոտ շրթունքները: Նրա մուգ կապույտ աչքերը համապատասխան չէին կոշտացած, զրկանքից ու կարիքից թորշոմած դեմքին:

Կինը հանդարտ մոտեցավ սեղանին: Տղան մոր փեշից բռնած հետևեց նրան: Քարտուղարը աչքերը խոժոռեց տղայի վրա, գլխով նշան արեց, որ հեռանա, բայց նա մնաց տեղը:

Ես միայն էն կասեմ, որ դրա տանը օր չեմ տեսել: Սոված չեմ եղել, բայց լավ օր էլ չեմ տեսել:

Եվ աչքերը գետնին գցած, շարունակեց պատմելը, կարծես խոսում էր ինքն իր հետ:

Թե ինչից պատահեց բոլորը, ավելորդ է պատմելը: Նա իր ճանապարհով, ես իմ: — Ու հանկարծ գլուխը բարձրացրեց, մի վայրկյան նայեց դատավորներին, դառնությամբ ասաց.

Անցած տարիներս եմ ափսոսում...

Կնոջ կապույտ աչքերը փոքրացան, դառնության ժպիտը ծռմռոտեց շրթունքները, և մի պահ ակնապիշ նայեց դատարանին, կարծես նրանցից էր պահանջում այն տարիները, որ անիմաստ կորան:

Մի՞տդ է, որ հիվանդ էիր, գնացի սարից շալակով սառույց բերի՞, — լռությունը խախտեց Տոնոն ու նայեց հասարակության, ասես ստուգում էր իր խոսքի ազդեցությունը:

Նախագահը զանգահարեց:

Միտս է,— շարունակեց կինը, — բերել ես, չեմ ուրանում: Բայց դու ինձ պահել ես ոնց որ ղափազի ղուշը: Ոտս կապած էր, ինչ արած, որ շաքար ու նաբաթ էիր տալի: Դրանից էր, որ թողի տունս էլ, երեխաներիս էլ, գլուխս առա կորա: Սիրտս մղկտում էր, որ երեխեքս միտս էի բերում: Համա որ քաշածս էր աչքիս առաջ գալի, ուզում էի էլ հեռու գնամ: Ես իմ կին հալովս, ինչքան մարդ եմ տեսել, ինչեր եմ լսել: Նեղ օրեր շատ եմ քաշել, բայց շնորհակալ եմ ընկերներից, բանվորներից և իմ դասակարգի մարդկանցից: Ինչպես մի կույր մարդու աչքեր բաց անեն, նոր էնպես էլ ես աշխարհքը տեսա: Հիմա Բալախանու կանտորումը ուբորչիք եմ, իմ ժալովնը երկուսիս հերիք է: Ինձ նման կնանիք շա՛տ...Ընկեր դատավոր, էս էլ լավ հայտնի է, թե ինչ թիվ ենք ապրում...Եվ ես ինքս որպես դիլեգատկա լավ եմ իմանում պարտեյնի որոշը էս մասին: Երանի թե էս ազատությունը կանուխ եկած լիներ:

Մարիամը շունչ քաշեց: Տոնոն զարմացած և ներքին երկյուղով նայում էր կնոջ այլայլված դեմքին: Նա անճանաչելի էր դարձել: Ո՞րտեղից գիտեր այդ խոսքերը: Ինչքա՛ն խեղճ խոսեց ինքը...«Տարավ գործը...», մտքում վճռեց նա:

Հիմա երեխիս ապագայի համար եմ մտածում, — և հաստատակամ մարդու վճռականությամբ Մարիամը մի քայլ ևս մոտեցավ դատավորների սեղանին:

Ուզում եմ իմ որդին մարդ դառնա, շփվի նոր սերնդի հետը, նստի վեր կենա քաղաքումը, բանվորական շրջանի մասսաներումը: Կարելի է, թե ես լավ չեմ հասկացնում իմ միտքս, մութն եմ ասում, բայց սրտինս էն է, որ իմ տղան հոր ճանապարհով չգնա, էնպես մի գործ բռնի, որ հիշվի, չասեն, թե զուր ապրեց էս նոր ազատությունով: Նրանից բաժին չեմ ուզում, շնորհակալ եմ ինչքան պահել է...

Ուրեմն դուք ընդունո՞ւմ եք, որ նա խնամել է ձեր որդուն, — ընդհատեց նախագահը:

Ընդունում եմ, որ պահել է, բայց որ գաղափարի կողմից մութն է: Հիմա էլ ես եմ ուզում նրան պահել: Ես նրան ամենապերվի նվիրված գիտակից մարդը կդարձնեմ: Մի սրան էլ հարցրեք, թե որի մոտ է ուզում... — ցույց տվավ տղային մայրը:

Ես նրա մոտ մնալ չե՜մ, — սերտածի նման կրկնեց տղան:

Դատարանը որտեղ վճռեց, էնտեղ էլ կմնաս, — սաստեց նախագահը:

Քուչումը կմնամ, էլ էն տունը չեմ գնա:

Միլիցիայով կտանենք:

Կփախնեմ, — ասաց տղան, որ մոր փեշը բաց էր թողել ու առաջացել դեպի սեղանը:

Քարտուղարը զայրույթից անհանգստանում էր: Նա արագ-արագ, ամբողջ իրանով մե՜կ նախագահի կողմն էր դառնում, մեկ՝ երեխայի: Ունքերը մե՜կ իրար էին հավաքվում, մե՜կ բացվում:

Կարճատև հարցաքննությունից հետո քարտուղարը հայտարարեց.

Դատարանը գնում է խորհրդակցության:

Դե վճռի, որ նրա մոտ մնա՛մ, տես քարը որտեղիցդ կտամ, — կանչեց տղան:

Նախագահն ու ատենակալները իրար նայեցին և անցան մյուս սենյակը:

Ընդմիջումի ժամանակ քարտուղարը ազատություն տալով իր փրփրած զայրույթին, սկսեց Մարիամին հանդիմանել, որ տղային անխրատ է պահել, երես է տվել:

Էդպես էլ լակո՛տ...դու գիտե՞ս Օրենսգիրքը ինչ է ասում դատարանում անկարգ պահողների մասին

Քսան րոպեյից հետո նախագահը վճիռը կարդաց:

Հանունժողդատարանը քննելով գործ թիվ 244 ըստ հայցի քաղ. Մարիամ...ընդդեմ...և ծանոթանալով գործի իրական տվյալների հետ, որոշեց ի նկատի ունենավավ, որ պատասխանող քաղ. Տոնական...տարիներ շարունակ խնամել է երեխային որպես օրինական հայր...որ Մարիամը հեռացել է իր հոժար կամքով...որ չի ապացուցվում անչափահաս որդուն վատ խնամելը և ի նկատի ունենալով քաղՏոնական...բարելավ նյութական դրությունը...մերժել Մարիամի հայցն ընդդեմ...և որդուն թողնել հոր ծխի կազմի մեջ: Վճիռը վերջնական է և ենթակա...

Շնորհակալ եմ, — շշնջաց Տոնոն:

Մայր ու որդի իրար նայեցին: Իսկ քարտուղարը առանց աչքը ճպելու նայում էր պատին և սպասում, որ դատավորը սկսի հաջորդ գործի քննությունը:

* * *

Երկու օր անց հրապարակում, փոշոտ ու քրքրված ավտոբուսի շուրջը խռնվել էին կանայք, տղամարդիկ, երեխաներ: Նրանց մի մասը ճանապարհվում էր, մյուսը՝ հավաքվել էր հրաժեշտ տալու:

Շտապ-շտապ խոսում էին, պատվերներ տալիս, ապսպրում խոսքեր, որ գնացողը տեղ հասնելուց մի ուրիշին պիտի ասեր, և խոսքը կիսատ թողած հարցնում էր, թե ինչպե՞ս են իրերը դարսել, բան հո չե՞ն մոռացել:

Շոֆերը ներս ու դուրս էր անում, հաճախ հարցնում. «չեկա՞վ տո էն շան...»: Գնահատականը վերաբերում էր ուղևորներից մեկին, որ ավտոբուսը նստելուց հետո հիշել էր մի բան և վազել տուն՝ «էս րոպեիս» վերադառնալու համար:

Այ քեզ քաղաքավարություն, — թոնթորաց շոֆերը, — և ներս մտավ պանդոկը՝ կիսատ թողած բաժակը դատարկելու:

Հրաժեշտ տվողների մեջ էր և նալբանդ Տոնոն: Աղմուկի մեջ նա էլ էր փորձում իր խոսքը լսեցնելու: Երբեմն ոտքը դնում էր անիվի վրա, բարձրանում, մի բան ասում, ապա նորից իջնում:

Ավտոբուսում նստել էր Մարիամը, կողքին՝ տղան: Հայտնի չէ, թե ի՞նչ պատահեց այդ երկու օրում: Միայն Հոռոմսի-հորքիրն ինքն իր ոտով երեք, թե չորս անգամ գնացել էր նրանց տուն: Վերջին երեկո պառավը ծիծաղելով որդուն ասել էր.

Տեսա՛ր, որ իմ ասածն արին:

Ո՞նց թե, — զարմացած հարցրել էր որդին, հացի պատառը բերանը:

Է՛է, նրան Մարիամ կասեն, — պատասխանել էր մայրը, — նրա զակոնը քո դավթարում գրված չի...

Տեղ հասնելուց շուտ խաբարն ուղարկի...

Դե յալլա հա՛, — կանչեց շոֆերը:

Վերջին ուղևորն արդեն տեղավորվել էր: Ավտոբուսը զգուշությամբ հետ գլորվեց: Տոնոն գրպանից հանելով արծաթ դրամը, վազեց հետ ու ձեռքը մեկնեց.

Մարիամ, երեխին ճանապարհին ծիրան...

Ու վերջին խոսքը չլսվեց ավտոբուսի աղմուկից: Մեքենան գռռոցով գլորվեց փողոցի դարուփոսով, հետքից թողնելով խանձված բենզինի հոտ ու թանձր ծուխ:

Տոնոն կանգնեց, մինչև մեքենան ծռվեց դեպի կամուրջը: Մյուսներն էլ մեկ-մեկ ցրվեցին, ամեն մարդ իր տունը, իր գործին:

...Ամիսը մեկ-երկու անգամ փոստի ցրիչը Տոնոյին է հանձնում նույն չափի կապույտ ծրարներ, հասցեն գրված տղայի անվարժ ձեռքով: Հեռավոր քաղաքից Մարիամը նրան ուրախ լուրեր է ուղարկում:

Եվ խոստանում է նրան էլ կանչել, «երբ որ նոր տներումն օթաղն ստանանք...»:

ՀԵՐՈՍ ՆՈՔԱՐԸ

Ուրախ աղմուկով թափվում էր գարնան առաջին անձրևը: Ծանր կաթիլները պատուհանի ապակիներին էին զարկում, թմբկահարում թիթեղյա կտուրները, կարծես ավետում էին, որ դաշտերի համար բերել են առատություն և հարուստ բերք:

Տաք ու խոնավ քամին մերթ փրցնում էր կաթիլների մի խուրձ և շպրտում մինչև պատշգամբի խորքը, մերթ ծառս լինում դեպի մթնկա երկինքը և թափով խփում էլեկտրական լամպերին:

Չե՞ս մրսի, Դանե՛լ, — ասացի ընկերոջս, — ուզում ես ներս մտնենք...

Հանկարծ շողշողաց արծաթագույն կայծակը, կարծես մեկը լախտ նետեց մթնի մեջ, և ապա ամեհի գոռոցով ամպերը պայթեցին: Առաջին որոտից զրնգացին պատուհանի ապակիները: Կայծակը փայլատակեց մի անգամ էլ, բոցն ընկավ պատուհանի ապակիներին, ես տեսա իմ ընկերոջ գունատ դեմքը: Նա աչքերը փակել էր, կարծես նիրհում էր:

Լավ է, — ասաց ու մեղմ ժպտաց:

Համառ մարդ է իմ ընկերը: Ինձ մնում էր վերարկուն նրա ուսերին քցել և պատուհանի փեղկը կիսախուփ անել, որպեսզի քամին չհասներ նրան:

Գիտե՞ս առաջին անձրևը ինձ ինչ է հիշեցնում, — և չսպասելով պատասխանիս, շարունակեց.

Մի թուրք ընկերոջ: Էսօր ցերեկով էլ մտաբերեցի նրան...Դու էն ասա, թեյը հո չի՞ սառել...

Ձեռքս մեկնեցի թեյամանին:

Լցնե՞մ:

Լցրու: Գրող մարդ ես, էս պատմությունը լավ լսիր, որ կարողանաս պատմածիս նման գրել, թե չէ...

Նա չշարունակեց իր «թե չէ»-ն, որովհետև հայտնի էր ինձ նրա վերաբերմունքն ու պահանջը գրքի հանդեպ: Ընկերս մեկն է նրանցից, որոնք գրքից պահանջում են մերկ ճշմարտություն հասարակ մարդկանց հոգսերի, նրանց առօրյայի և մղած պայքարի մասին:

Մի ժամանակ ես նրան գրքեր էի մատակարարում, ինչպես ինքն էր ասում՝ «շեֆություն էի վերցրել»: Բայց իմ առաջարկած գրքերի մեծ մասը հետ էր վերադարձնում անբավական դժգոհությամբ: Միակ գիրքը որ երկու անգամ կարդացել էր և նույնիսկ եղունգով նշան արել լուսանցքների վրա՝ Ջոն Ռիդի «Տասը օրն» էր

Էլի էսպես նստել էինք դուրսըԱնձրև էրէս ոնց շուտ թռան է՛ էն տարիները: Բայց սպասի գլխից պատմեմ: Նորաշենցի Դավիթին ճանաչում ես, չէ՞:

Ջրային բաժնի

Հա՛: Էն հիմա է էնպես լցվել: Էսօր տեսա, ասացի՝ մեր տղա, փորիդ մակարդակը բարձրանում է...Հա՜: Էն ժամանակ լղա՛ր, կարճիկ մարդ էր, ճղոտված, մի ոտքին տրեխ, մեկինը տելեֆոնի թելով կապված սապոգ:

Խոր աշունք էր: Արև էր անում ցերեկը, իսկ գիշերները ջրերը սառչում էին: Մի առավոտ ինձ գավհեղկոմից շտապ պահանջեցին: Էն ժամանակ հիմիկվա պես չէր, որ մի տեղ ուղարկելուց դիսկուսիա բաց անեն: Հրամանը հրաման էր: Մենք էլ էնպես էինք վարժվել էդ դիսցիպլինին, որ ասես հենց քսան տարվա զինվոր էինք:

Մի ժամ չանցած ճանապաիհ ընկա: Գավառն էլ երեքչորս ամսվա խորհրդայնացած էր: Բայց ծմակներում թաքնված մնում էին մի քանի վաշտապետ մավզերիստներ: Նժդեհը թառել էր Խուստուփի գլխին: Ղափանի կողմը ֆրոնտը դեռ մնում էր:

Որտեղ էլ գնայինք, գիշեր լիներ թե ցերեկ, հրացանը կար հո՛ կար: Էնպես էլ վարժվել էինք էն անտերին, որ քնաթաթախ էլ զարթեցնեին, ձեռքներս մեկնում էինք հրացանին:

Եկա հեղկոմ: Արամն էր նախագահը: Մի կարտուզ գլխին, ճղոտված շինելը ուսերին քցած, կռացել էր թղթերի վրա: Նա հենց սեղանի վրա էլ քնում էր: Ինձ որ տեսավ, թե Դանել, գիտե՞ս ես քեզ ինչու եմ կանչել:

Որ ասես, կիմանամ...

Այ էս թռուցիկները պիտի նրանց գյուղերում ցրես: Դու գիտես...էս էլ քեզ մանդատ, որ ֆրոնտն անց կենաս...Նորաշենցի Դավիթն էլ քեզ հետ կգա, նա էն կողմերին ծանոթ է:

Աչքս քցեցի թռուցիկների կապոցին:

Հը՞, ճակատդ քորեցիր է՞, — հարցրեց Արամը:

Էս ո՞նց տանեմ, որ չփչանա:

Սումկաների մեջ լցրեք...Դե շուտ: Քեզանից բացի էլ հարմարը չկա:

Մարդ ինչքան էլ ասի, թե գովասանք չի սիրում, չհավատաս: Էդ խոսքն ասեց թե չէ, մանդատը ստացա: Երկու ժամից հետո ես ու Դավիթը ճանապարհ ընկանք, ամեն մեկիս շալակին փութ ու կես ծանրություն, չհաշված մեր հրացանները, հացն ու շաքարը, որ ստացել էինք բրիգադի չխաուզից:

Հիմա բարձրանում ենք կարճ ճանապարհով: Էնպես ենք որոշել, որ ճանապարհին մեզ ոչ ոք չտեսնի:

Պլանը էդպես էինք քաշել: Դու Ջուխտակ քարի ճանապարհով անցած կա՛ս...

Ո՛չ: — Օգտվելով նրա հարցից ես ուզում էի հիշեցնել, որ թեյը սառել է, բայց նա շարունակեց:

Էդ մի դժվար ճանապարհ է, անասելի դժվար: Էն որ հեքիաթի մեջ ասում են յոթ սար ու ձոր, — իսկը մեր ճանապարհն էր: Էն էլ ի՞նչ սա՛ր, ինչ ձոր...Արևը թեք էր ընկել, երբ բարձրացանք Բոլոր խութի կատարը: Քարի տակ նստեցինք: Դավիթը թութունի ամանը հանեց: — Թուղթ չունե՞ս...

Չէ...

Բա ո՞նց պիտի լինի մեր հալը...— Երկու օրվա ճանապարհ կա... — հարցրեց նա:

Իրար երեսի նայեցինք: Շատ էլ ծխել ենք ուզում, թոքերս քերվում են:

Այս ասելուց իմ ընկերը բնազդաբար ձեռքը մեկնեց սեղանի ծխախոտին, վառեց և խոր ծծեց: Լուցկու լույսի տակ մի վայրկյան փայլփլեց նրա նշաձև աչքերը:

Ու շարունակեց:

Մի քիչ մնացել էինք, մեկ էլ թե՝ Դանե՛լ:

Հը՞...

Ի՞նչ կլինի որ

Ի՞նչը:

Ղրաղից մի քիչ կտրենք...Հո վաժնի թուղթ չի որ, անգրած տեղից եմ ասում է՛...

Ա, հաշված կլինե՛ն...Պատասխանատուր ենք:

Էլի հաշիվը թող մնա, հո գրածը չեմ ասում...Ղրաղից, մի մատը տեղ:

Մինը քո սումկից, մինը իմ, — որոշեցի ես: Էն րոպեին թռուցիկի կողքերից բարակ զոլով պոկեցինք սպիտակ թուղթը...

Ծխախոտը բերանիս, մեկ էլ աչքս ընկավ Դավիթի ոտքին: Բութ մատի արանքից արյունը կաթում էր, ճանապարհի սուր քարերը քերծել էին նրա բաց մատները:

Ասեիր, կարկատել տայինք, էլի՛...

Էնպես վռազեցի, տնաշեն, բանկան էլ մնաց հեղկոմի հայաթը...Ուզում էի մի գրվանքա նավթ տանեի տունը:

Վեր կացանք: Ձորում երևացին Քարափորի մարագները, մի քիչ հետո ներքևից լսվեց շան հաչոցի ձայն: Խոր աշնան կարճ օրը մթնում էր, սարի ստվերը հասել էր ձորի մյուս կողմը:

Դավիթ:

Հե՛...

Գիշերս ո՞րտեղ մնա՛նք, — հարցրի նրան:

Տավարածի տղի մոտ չգնա՛նք...

Տավարածի տղան Քարափորի լիազորն էր: Նա մեզ հետ մասնակցել էր կռվին, բայց իրենց գյուղի սահմանին հասել էինք թե չէ, մնացել էր գյուղում:

Երկուսով խորհրդակցեցինք և որոշեցինք մթնով մտնել գյուղը և ծեգը չբացված ճանապարհը շարունակել: Որպեսզի տավարածի տղան էլ չիմանար մեր նպատակը, որոշեցինք գյուղի ծայրի մարագներից մեկում թռուցիկները պահել և էնպես գյուղ մտնել:

Մութը կոխած մոտեցանք գյուղին: Թռուցիկները խոր թաղեցինք դարմանի մեջ, տավարածի տղան կաշի և փոկ բերեց Դավիթի տրեխը կարկատելու, բայց դեպքերն էնպես իրարով անցան, որ մեր թռուցիկները մինչև վերջ էլ մնացին մարագում:

Անձրևը բարակում է...հը՞, — հարցրեց ընկերս:

Հանդարտ է գալիս:

Փակի՛ր, ցրտում է, — խնդրեց նա և ձայնը ցածրացնելով շարունակեց:

Լուսադեմին տրաքոցը սկսվեց...Դուրս թռանք փողոցը, տեսանք հարայն ընկել է: Դիմացի քարափից գնդակները կարկուտի նման թափվում են: Մի սպիտակ ձիավոր դուրս եկավ անտառից, ձին քշեց դեպի ձորը: Մեղրեցի Սմբատի խումբը ձորի բերանը կտրել էր: Դավիթ, թռի մարագների կողմը: Էն նեղ մաջալին էլ մարագի կապոցը միտքս ընկավ: Տավարածի տղան գլուխը չկորցրեց: Գերեզմանուտը բռնեք, — էնպես գոռաց, որ ես ասեմ՝ նրանք էլ լսեցին: Վեց-յոթ հոգով վազեցինք դեպի գերեզմանուտը: Հենց էդ րոպեին թոփը սարի հետևից տրաքեց, գվվալով անցկացավ մեր գլխով ու ա՛ռ հա՝ քարափի դոշին: Էնպես պայթեց, որ ասես էն քարափները փուլ եկան, ձորը լցրին: Մի կես սահաթ դաշնակները կորան: Որ թնդանոթը չտրաքեց, ձորում որոտաց, էնպես մի «ջա՛ն» ասինք, կասես սնարյադը մեր սրտիցը թռավ:

Սիրտ արինք: Հիմա Դավիթը կանգնել է, թե՝ եկեք վրա քշենք...Հենց էդ խոսքին, տեսնենք գյուղի վերևից մերոնք կուզեկուզ քաշանում են, որը ոտով, որը ձիու վրա, որն էլ ձին հետևից քաշելով: Դու մի ասա, մենք նահանջում ենք...Հետո իմացանք, որ երեկոյան դեմ դաշնակները մի քանի տեղից հանկարծ վրա են տվել: Սմբատի խումբն էլ կտրել է նահանջի ճանապարհը:

Ի՞նչ երկարացնեմ, նահանջեցինք: Եվ էն էլ անկանոն...Առհասարակ նահանջը լավ չի, բայց մերը վատից էլ վատ էր: Քարափորից դուրս եկանք թե չէ, տրաքոցը նորից սկսվեց:

Մեր ձիավորների ատրյադը նրանց հետ կռվի է բռնվում, երկու անգամ նրանց գյուղը ձեռքե ձեռք է անցնում:

Երեկոյան դեմ գետն անցանք: Մութ, ցուրտ, ցեխ: Հակառակի պես մի անձրև էլ սկսվել է, թրջվել ենք, ջուր դառել: Կես գիշերին շտաբից հրաման եկավ, որ շարունակենք ճանապարհը, մինչև Բարկուշատի գետերը, այսինքն անցնենք Ադրբեջան:

Հենց էն գիշեր էլ տեղեկացանք, որ նահանջել ենք ամբողջ ճակատով, թողել ենք և քաղաքը: Բայց էդ եղավ մեր վերջին նահանջը:

Ընկերս վերարկուի մեջ ամուր փաթաթվեց, երեսը դարձրեց դեպի փողոցը: Էլեկտրական լամպերը քամուց մեղմ օրորվում էին, և նրանց ցոլքը տարուբեր էր լինում գուբերում հավաքված անձրևաջրի մեջ: Մի քիչ շունչ առնելուց հետո շարունակեց, երեսը դարձյալ դեպի մութը, կարծես մի ուրիշի հետ էր խոսում:

Ամբողջ ձմեռ մնացինք գետերում: Համարյա ամեն օր սպասում էինք հարձակման հրամանին: Բայց հրամանը ուշանում էր: Երբեմն կցկտուր տեղեկություններ Էինք ստանում մեր գյուղերից, գավառից: Մեր ընկերների մի մասը մնացել էին թշնամու թիկունքում: Ոմանք չէին ուզեցել նահանջել, ոմանց էլ կարգադրված էր մնալու գյուղերում: Եղան վախկոտներ, որոնք հրացանը շպրտեցին բիլեթի հետ միասին:

Գարնան դեմ մի քանի անգամ խաբար ստացանք, որ մեր ընկերներից մի քանիսին սպանել են, ոմանց աքսորել: Մեզանից շատերի ընտանիքներին էին նեղում: Դավիթը հանգիստ չուներ: Քանի՛ անգամ խնդրեց, որ թույլ տան ֆրոնտով անցնի գյուղ գնա և էլի գա: Շատ էր մտածում տանեցիների մասին:

Ես էլ էի անհանգիստ: Մեր գյուղի բջիջի կեսից ավելին չէր կարողացել դուրս գա: Ամեն օր ընկերներս աչքիս առաջն էին:

Վերջապես մի օր մեր շտաբը հրաման ստացավ կազմ ու պատրաստ լինելու: Տեղեկացրին, որ հարձակումը շուտով պիտի լինի:

Մեր ռոտան տեղավորվել էր Սարվանլար գյուղում: Էնպես էլ մեզ ընդունում ու պահում էին, որ չեմ կարող ասեղ: Թուրքերն էլ էին սոված, բայց շատերը, ինչպես ասում են, եղբոր նման իրենց բաժինը մեզ հետ կիսում էին:

Ես ու Դավիթը մի թուրքի տան էինք ապրում՝ Թեմուրի տանը: Աղքատ, որ անասելի: Տունը վառեիր խանձահոտ չէր լինի: Մեր ձորերում քանի տարի նոքարություն էր արել, հայերեն էնպես էր խոսում, որ լսողը հայից չէր ջոկի:

Следующая страница