Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Մենք որ Սարվանլար գնացինք, տեսավ թե չէ, ճանաչեց, փաթաթվեց մեր վզով, լաց եղավ: Հետո էլ աչքերը սրբելով, թե՝ ես էլ եմ բայլշևիկ, ասենք՝ բիլեթ չունիմ: Ճիշտն ասած մենք էլ շատ էինք օգնում նրան: Պայոկն ստանում էինք, կինը մի բան էր եփում, ամբողջ տնով միասին ուտում էինք:

Մեր ձորերի շատ մարդկանց ճանաչում էր: Առաջին օրից արդեն նա տեղեկացավ, թե մեր բջիջում ո՞վ կա, ովքեր են մնացել, գյուղում, ո՞վ է դաշնակցականների հետ: Ես մինչև այժմ էլ հիշում եմ նրա խոսքը. երբ մեկ-մեկ թվեցի մեր տղաների անունները, Բեգարանց Սիմոնի անունը տալիս Թեմուրը թե՝ նա կեղծ բայլշևիկ է, չհավատաս: Զարմանալին էն է, որ էդ մարդու ասածը ճիշտ դուրս եկավ, թեև նա Սիմոնին կուսակցության մեջ եղած ժամանակ չէր տեսել: Էդ էն Սիմոնն է, որ 25 թ. պարզվեց, թե նա դաշնակների ագենտն է:

Հա, գանք մեր պատմության: Էդ օրը ես տեղեկացել էի, որ շտաբից հրաման կա հարձակվելու: Ուրախ-ուրախ եկա տուն, տեսնեմ Դավիթն ու Թեմուրը բոստանում աշխատում են: Էս Դավիթն էլ ինչպես էր ոգևորվաձ Թեմուրի բոստանով, կարծես իր ցանածը ինքը պիտի ուտեր:

Խաբարը երբ նրանց հայտնեցի, Դավիթն ուրախացած լոք-լոք արեց, գիժի նման բահը մի կողմը քցեց, Թեմուրին խտտեց ու վեր-վեր հանեց: Թեմուրը թե՝ ես էլ եմ ձեր հետ գալու: Մենք նրան կանուխ էինք խոսք տվել, մի քանի անգամ էլ մեզ հետ գնացել էր բջիջի ժոզովների: Ինչքա՛ն ուրախացավ, երբ խոսք տվինք նրան կուսակցության մեջ անցկացնելու:

Ես ձեզ հասցնեմ ձեր գյուղը, ինձ էնտեղ ընդունեք, որ իմ ճանանչ մարդիկ լսեն նոքար Թեմուրի բայլշևիկ դառնալը:

Եվ ոգևորված շարունակում էր.

Բիլեթը դնեմ ծոցս, գնամ էն Սիմոն բիձի կտրին կանգնեմ, մի բերան ասեմ նաինսաֆ հարամզադա, հախվերան էիր հա՞, մի տես ո՞վ է դեմդ...Էդքանն ասեի, աշխարհքի հարստության վրա չէի թքիլ...

Սիմոն բեյը վերին գյուղի քյոխվան էր, հարուստ և ազդեցիկ մարդ: Վերջին տարին Թեմուրը նրա ոչխարն էր պահել, և բեյը վարձը լրիվ չտալով նրան ձմեռվա ցրտին դուրս էր շպրտել:

Էնքան ժամանակ, ինչքան քեզ պատմում եմ, — հանկարծ երեսն իմ կողմը դարձրեց ընկերս, — այ էսքան ժամանակ չի քաշել խաբարը բերելուց, երբ մեզ կանչեցին մոտակա գյուղը, որտեղ գտնվում էր շտաբը, մեր պատասխանատու ընկերները, մի խոսքով մեր կենտրոնը:

Բոլորս գնացինք: Թեմուրն էլ եկավ: Ճանապարհին հանաքներ էինք անում, Թեմուրին նշանակում ռևտրիբունալի նախագահ, Դավիթն էլ կանվոյով բերում է Սիմոն բեյին, տավարածի տղան «կամանդիր» էր, ինչպես ինքն էր ասում այդ օրերին, երբ մենք ժամանակ անցկացնելու համար խոսում էինք վերադարձից հետո մեր անելիքների մասին:

Ժողով եղավ: Ընկեր Արամը խոսեց միջազգային դրության մասին, մեզ ոգևորեց: Խոսեց մի ռուս աղջիկ, նա էլ ղազախի շորեր էր հագնում: Ես էլ ռուսերենից բոբիկ եմ, բայց էն ժամանակ բոլորովին խեղճ էի: Լավ չէինք հասկանում, բայց մեր սրտիցն էր խոսում, համ էլ աչք-ունքից երևում էր, որ կրակոտ հեղափոխական է:

Մեր մի մասին կանչեցին առանձին, շտաբից մեկը եկավ, թե հարկավոր է, որ մի քանի հոգի էդ գիշեր կամ էգուց անց կենան մեր ու դաշնակների գծով, մտնեն նրանց թիկունքը: Գնացողներին հանձնարարվում էր նախ՝ եթե կարողանային հետ գալ, տեղեկություններ բերել թշնամու ուժի մասին և ապա մեր պադպոլնի ընկերներին տեղեկացնել, որ շուտով հարձակման ենք անցնելու, պատրաստվեն գոնե իրենց փրկելու նահանջող դաշնակների գազանություններից:

Պահանջվում էր երեք հոգի: Երեքն էլ տարբեր ուղղությամբ պիտի գնային, զանազան շրջաններ: Նրանցից մեկը պիտի գնար ձորերը և պիտի աշխատեր մեր գյուղի ընկերներից մեկնումեկին հանձնելու գաղտնի նամակը: Այդքանն անելուց նա, եթե հաջողացներ, պիտի վերադառնար, եթե ոչ՝ պիտի միանար մերոնց և կամ աշխատեր գլուխը մի կերպ պրծացներ:

Գնացողը գնում էր դեպի մահ: Եթե նրան հաջողվեր թշնամու ֆրոնտից անցնելը, ապա նա իրեն վտանգից դեռ ազատված չէր կարող համարել:

Հայտարարությունից հետո մի քանի րոպե տիրեց խոր լռություն: Ապա զանազան տեղերից վեր կացան, մոտեցան սեղանին: Ես տեսա Դավիթի ոգևորված աչքերը ու ձեռքը վեր բարձրացրած. սրան-նրան բոթելով, բարձր բղավելով՝ «մեկը ես, ես» առաջ անցավ: Ես էլ մոտեցա սեղանին, տեսնեմ Թեմուրը բոլորից առաջ է կանգնել, գլուխը բաց, վիզը ձգել և աշխատում է նախագահի աչքն ընկնել:

Թեմուր...

Ես եմ գնալու, ես... — ասաց և բռունցքը զարկեց կրծքին:

Չէ, դու մնա, տունդ...

Թեմուր բայլշևիկ չի՞, Թեմուր փափախ չի ծածկո՞ւմ...

Ցանկություն էին հայտնել ութ հոգի: Այդ ութին էլ հավաքեցին առանձին, որպեսզի մեզանից երեքը ջոկեն և գնացողներին բացատրեն անելիքը:

Ինչե՛ր արեց, ինչե՛ր արեց Թեմուրը...Նա մի գլուխ կրկնում էր ասածը.

Թեմուր բայլշևիկ չի՞...Հայ-թուրք մեկ չի՞ ...

Էն ընկերը, որին շտաբից հանձնարարել էին էդ գործը, փորձեց Թեմուրին հետ ուղարկել: Կհավատա՞ս, եթե ասեմ, որ ոտքերին փաթաթվեց և աղաչեց, աղաչեց, որ իրեն ուղարկեն:

Թեմուրն ի՞նչ ունի...Մի բոստան, ցանել պրծել եմ: Մի օղլուշաղ, մի տղա...Թեմուր լավ ինկեր ունի: Թեմուր ղոչաղ սիրտ ունի: Էնպես հայերեն խոսի Թեմուր, որ հայի տերտեր չի խոսի...Մի շաբաթ տանեմ իմ քիրվա Գալուստին տամ թուղթ, էլի էստեղ եմ:

Գալուստը մեր գյուղի պադպոլնի բջիջի ղեկավարն էր: Թեմուրը նրան առանձնապես ճանաչում էր իր նոքար ժամանակից: Մինչև էդ շատ անգամ ենք նրա բերանից լսել, որ Գալուստի հերը՝ ջաղացպան Անդրին Թեմուրի համար հալալ հորից ավելի հարազատ է եղել:

Եվ ի՞նչ կասես...Երեքից մեկը Թեմուլրն եղավ, մյուսը Դավիթը, երրորդն էլ ոտը կաղ մի ընկեր: Նա էս վերջի տարիներս մահացավ:

Վերադարձին ես ու Դավիթն ինչքան փորձեցինք նրան հետ պահել, չեղավ: Պատմում էինք, թե ի՞նչ դրության մեջ են գյուղերը, դաշնակներն ամեն տեղ լրտեսներ ունեն, կիմանան, որ թուրք է, ավելի կկասկածեն: Վերջապես կինն ու տղան կմնային անօգնական, եթե մի փորձանք պատահեր: Սակայն ոչինչ չազդեց նրա վրա, ո՛չ խնդիր, ո՛չ բացատրություն:

Ես իմ քիրվաների մոտ ղոնաղ եմ գնում...Դժվարը ֆրոնտ անցնի Թեմուր...ոչխարի հետ շատ եմ ման եկել ձորեր: Շներն էլ գիտեն, ճանաչում են Թեմուրին:

Անց կացած պատմություն է, — տեղը շտկվելով ասաց ընկերս, — կարող եմ քեզ ասել: Իմ մտքինս ուրիշ էր: Ես ուրիշ բանից վախ ունեի: Մտածում էի, որ գաղտնի գրությունը նա չի կարող հասցնի, կկորցնի և կամ թե մերոնք կկասկածեն և չեն մոտենա նրան, — մի խոսքով ինքն անփորձանք կմնա, որովհետև եթե ֆրոնտն անցներ, մեր ձորի գյուղերում նրան ձեռ տվող չէր լինի, թե դրսից եկած մավզերիստ -բանի ձեռք չընկներ, — ինքն անփորձ կմնար, բայց մերոնք ժամանակին տեղյակ չէին լինի և ո՞վ գիտե...

Սրա համար էր կասկածս: Մերոնցից թաքուն մյուս օրը եկա Արամին պատմեցի, նա էլ թե՝ ով որ էլ գնա, ենթակա է նույնպիսի վտանգի ու փորձանքի:

Թեմուրը գնալու էր ձորերը, Դավիթը՝ Ղափանի կողմերը: Նրանք հենց մեր առաջին դիրքերում արդեն պիտի բաժանվեին, մեկը դեպի հարավ, մյուսը հյուսիս-արևմուտք:

Թեմուրը ճանապարհին մեզ խնդրել էր, որ տանը ոչ ոքի չասենք իրենց հեռանալը: Նա և՛ չէր ուզում, որ կինն արտասվի, և՛ ուզում էր գաղտնապահ լինի հենց առաջին օրը, ինչպես պատվիրել էին շտաբում:

Մի օր հետո հեռացան Սարվանլարից: Թեմուրը տնեցոց ասել էր, որ գնում է Բարկուշատի կողմն աշխատանքի: Շտաբում խնդրել էինք, և չէին մերժել մի քիչ կրուպա, շաքար, ձեթ, մի հին շինել և ուրիշ մանր իրեր տալու Թեմուրին, որով ընտանիքը պիտի կառավարվի մինչև նրա վերադարձը:

Ես ոչ Դավիթի գնալը տեսա, ոչ մյուս ընկերոջ: Չգիտեմ էլ, թե նրանք ի՞նչ շորով, ի՞նչ պատրվակով անցան սահմանը: Մեզանից էլ գաղտնի պահեցին նրանց գնալը:

Թեմուրը գնալուց առաջ տեսնվեց ինձ հետ: Մի փոքրիկ խուրջին էին տվել ուսը, մեջը մի քանի կտոր սապոն, ասեղ, թել, կոճակ և չարչու մանրուք: Նա ձորի գյուղերում հարկ եղած դեպքում երևալու էր իբրև չարչի:

Ճիշտն ասած, իր փոխած հագուստով, ուրիշ փափախով, որ ներս մտավ, մի րոպե ես էլ նրան չճանաչեցի: Մի բան, որ շատ ուրախացրեց Թեմուրին: Ես ուզեցի իմանամ, թե որտեղ է պահել գաղտնի նամակը, որ պիտի հանձներ Գալուստին, բայց Թեմուրը ժպտալով գլուխը թափահարեց:

Կբախշես ինձ, որ էդ չասեմ...ինձ էդպես է հրամայել ինկեր կամանդիրը...

Ես էլ՜ չփորձեցի տեղեկանամ, միայն մի քանի անհրաժեշտ խորհուրդներ տվի, թե ո՜ր ճանապարհով կարող է մոտենալ մեր գյուղին, ումնի՛ց շատ կասկածի, որի՜ տանը կարող է գիշերել: Հրաժեշտ տալով խնդրեցի, որ եթե մորս տեսնի, մի կերպ հասկացնի, որ ողջ եմ:

Դռան մոտ փաթաթվեց վզովս: Ա՛յ էսպես անձրև էր եկել, ինչպես էսօր...Աստղալուս էր: Էնտեղ գարունը շուտ է բացվում, տաք երկիր է, ինչպես որ մայիսը մտնելուց արդեն գարիները դեղնում են:

Արխային կաց...Տասը օր չի քաշի, Թեմուր էստեղ թազա խաբարի հետ...

Ուրեմն, տասը օր էստեղ ենք...

Վա՛յ, — ասաց ու բերանը փակեց: Երևի այդ մասին նրան շտաբում ասել էին:

Ուրիշներին չեմ ասի, — սիրտ տվի նրան, — սալամաթ գաս...

Էսպես անձրև էր դալիս էն գիշերը, երբ Թեմուրը գնաց խուրջինը ուսին, մի երկա՛ր, չոբանի մահակ ձեռքին:

Տասն օրից ավելի տևեց, մինչև սկսվեց հարձակումը: Մեր զորամասը սպասում էր 84-րդ բրիգադայի առաջ շարժվելուն: Նրանք մեզնից հյուսիս էին և ամբողջ ճակատով պիտի խփեին թշնամու գլխավոր ուժին, որպեսզի մենք նահանջի ճանապարհը կտրենք:

Գնացողներից ոչ մի լուր: Առանց էդ էլ վերջին ամիսն, ինչպես ասում են՝ թռչունն իր թևով էլ չէր կարող անցնի նրանց ու մեր գծերի վյրայով: Մեր ռազվեդչիկները տեղեկություն էին բերում, որ նոր ուժեր են հավաքվում, ձիավոր խմբեր են երևացել: Մի քանի տեղ խոր խրամատներ են սարքում: Մի խոսքով վերջին կռվին էինք պատրաստվում մենք էլ, նրանք էլ:

Մի երեկո հանկարծ հրաման ստացանք, որ մութը, չընկած դուրս ենք գալու ուղիղ դեպի ճակատ: Ճաշի մոտերքը Թեմուրի կինը տղայի ձեռքից բռնած եկել էր ինձ մոտ: Չգիտեմ նրան ասող էր եղել, թե ինքն էր կասկածում, — բայց չէր հավատում, որ Թեմուրը գնացել է Բարկուշատ վաստակի: Չէր հավատում, բայց չգիտեր էլ, թե ո՞ւր է գնացել: Նա ինձ մոտ մի անգամ էլ էր եկել, ես նրան հանգստացրել էի, տղային կարտուզ էի տվել, մի մահրամա, մի քիչ շաքար, ալյուր: Թեմուրը գնալուց ինձ հանձնել էր մի կտոր սապոն այն մանրուքից, որ զորամասի պահեստից էին տվել նրան: Հանձնել էր սապոնը, որ իրենց տուն ուղարկեի:

Սիմոն բեյից որ հախս առնեմ, գինը կտամ, — ծիծաղելով ասաց նա:

Այդ օրն էլ միամտացրի կնոջը, խոսք տվի անմիջապես Թեմուրից խաբար եթե առնեմ, իմաց տամ: Եվ ես իմ խոստումս կատարեցի:

Մութը չընկած մեր զորամասը ճանապարհվեց: Ձիավորները առաջ էին գնացել: Կես գիշերին մեր թնդանոթները որոտացին մի անգամ: Որոտացին թշնամուն սարսափեցնելու համար, և ինչպես արձագանքը ձորից ձոր դրնգաց, էնպես էլ սարսափը գնաց հասավ մինչև նրանց վերջին զինվորը:

Լուսը մութից չէր բաժանվել, երբ մենք առաջին գրոհին գնացինք: Երբեք չեմ մոռանա էդ լուսաբացը: Մթնով էինք գետն անցել, թրջվել էինք, անձրև էր գալիս, ինչպես նահանջի գիշերը, Բայց էս արդեն գարնան տաք անձրև էր: Մեր ոտները խոտերի շաղից թացացել էր, մասրենու թփերը մեզ վրա ցող էին կաթեցնում, իսկ մենք կուզեկուզ, էս թփի տակ կուչ գալով, էն քարի տակ պառկելով հա բարձրանում էինք բլուրները, իջնում, նորից բարձրանում ավելի մեծ բլուր, մինչև լուսաբացին հասանք համարյա թշնամու առաջին դիրքերին: Էդտեղ էր, որ թնդանոթները կրակ թափեցին, և մենք առաջին գրոհին դիմեցինք:

Երբեք չեմ մոռանա էդ լուսաբացը...Ու մեկ էլ էստեղ հիշողությունս կտրվում է, ինչպես թրով ճեղքած, էդպես էլ եղել էր իսկականում: Ես աչքս բաց եմ անում, նայում եմ, նայում եմ, էս մեր հին տան օճորքն է, մեր երդիկը, երկնքի կապույտ կտորը և արևի սյունը էդ կապույտ կտորից մինչև մեր թոնրի քարը: Ես աչքերս ավելի եմ մեծացնում և տեսնում եմ երդիկի պենձիկը, կոտրած կարասի կարմիր պռունգը, որ պղնձի նման արևի տակ շողշողում է:

Ուժ եմ անում և հիշում եմ ձիու կարմիր մռութը համարյա կրծքիս և սուր ցավ գլխիս: Էլ ուրիշ ոչինչ: Ես մինչև հիմա էլ հիշում եմ այդ ձիու մռութը: Երեի ձին էլ չկա, բայց եթե լիներ, հազար ձիու մեջ ես կջոկեի էն ձիուն, որ քշում էր ինձ վրա:

Էն նույն առավոտ առաջին գրոհին վիրավորվել էի գլխից: Թրի հարված էի ստացել, ոտնակոխ էի եղել: Մենք վաղուց էինք հաղթել, երբ ես ուշքի եկա, և աչքիս ընկավ մեր հին տան կարմիր պենձիկը:

Ինձ ուշաթափ վիճակում բերել էին մեր գյուղը, մեր տունը: Դուռը ճռռում է ... Մայրս կռանում է ճակատիս վրա, ես ուզում եմ խոսել, բայց չեմ կարողանում: Հետո մի ուրիշն է գալիս, մի տղամարդ շինելն ուսին: Նա ինձ է նայում: Ես լսում եմ նրա հարցը.

Ո՞նց է, նանի...

Իմ նանը նայում է ինձ: Թևս ծանր է, բայց ես մի քիչ բարձրացնում եմ, և Գալուստը, մեր պադպոլնի բջջի ղեկավարը, սեղմում է իմ ձեռքը:

Իսկ Դավիթը, հետո նա...Թեմուրը, Սարվանլարի փոքրիկ տնակը, տղան՝ զինվորական կարտուզը գլխին:

Թեմուրը, — շշնջում եմ ես, ձեռքով հարցնում, թե ի՞նչ եղավ:

Ի՞նչ ասաց, — իրար են հարցնում Գալուստն ու նանը:

Եվ էլ չեմ կարողանում իմ հարցը կրկնել:

Ընկերս լռում է: Նա ձեռքը մոտեցնում է ծխատուփին, տրորում է պապիրոսը, տրորում է մատների ծայրով:

Իսկ Թեմո՞ւրը, — անհամբեր հարցնում եմ ես:

Թեմուրը...Ես քեզ Անդրի ամու պատմածն ասեմ, լսիր...Երկու օրից հետո ես արդեն կարողանում էի ավելի հանգիստ խոսել, այսինքն՝ առանց հոգնելու մի քանի խոսք իրար կապել: Անդրի ամին ներս մտավ, էլի առաջվա նման ալրաթաթախ, պատառոտած քուրքն ուսին:

Ջաղացպանը ծոր տալով, թե լուսադեմին մի պարկ գարի էի վրա քցել, շեմքին նստած չախմախը քարին էի տալիս, մեկ էլ տեյնեմ մասրոցի տակից մեկը կուզեկուզ իրեն քցեց ջաղացը: Թութունի քիսան ձեռքիցս ընկավ...Թե՝ Անդրի ամի, վախենաս ոչ, Թեմուրն եմ..Ա Թեմուր, դու ըստե՛ղ...Թե` էլ վախտ չի, ինձ մատնող է եղել...Էս տրեխի տակի կարկատանը պոկի միջինը շուտ հասցրու Գալուստին: Ասելն ու տրեխի հանելը մին եղավ...

Տրեխը քցեց թե չէ, տեսնեմ կամուրջի գլխից մեկը կանչեց՝ կանգնի, շան որդի ...Սիմոն բեյի փոքր ախպերը մավզերը ձեռքին վրա քշեց դեպի ջաղացի դուռը: Այ քե մատաղ, անմեղ է. խեղճ է...Թե՝ ասա, ինչ էր անում ըստեղ...Ես էլ վախլությունից ասի բերել էր տրեխը կարկատեմ, այ հրես, թե հավատում չես՝ օբիսկություն արա...Էս, ես, էս էլ նրա տրեխը, էս էլ ինքը:

Տրեխը մեկնեցի իրեն, յումրուղով տվեց քցեց ջաղացի պուճախը: Էն խեղճին թե՝ առաջ ընկի: Էն էլ սփրթնել էր, ալրից սիպտակել: Բեղի տակին ծիծաղեց, թե՝ էնքան տարի դու առուտուր ևս արել, հիմա էլ ես եմ չարչի: Աչքերը ոլորեց իմ կողմը, ունքերին ձիգ տվեց, ես նոր գլխի ընկա տրեխի հանգամանքը:

Թեմուրին տարան: Կամուրջը անց չէին կացրել, տեսնեմ մեր պառավը քաշանում է դեպի աղբյուրը: Տրեխի թայը առա վազ տվի: Հիմա մնացել եմ երկու կրակի մեջ: Չեմ իմանում տրեխը Գալուստին հասցնեմ, թե էն բեչարի հետեվից գնամ:

Պառավը տեսավ: Էն խեղճն էլ մնում է կամուրջի գլխին կանգնած: Թեմուրը բարով է տալիս, թե նանի, բա չե՞ս ճանաչում, խեղճը վախլությունից, թե ամաչելուց ձայն չի հանում: Տրեխը տվի պառավին, թե հասցրու մարագը, Գալուստը օխտն օր էր դարմանի մեջ էր քնում, ասա կարկատանը քանդի, տակը ամանաթ կա: Ես վազ տվի գյուղամեջ, դես ընկա, դեն ընկա, մի քանի ինձ նման հալ ու ոտից ընկածը հավաքվեցին, գնացինք նրանց մեծավորի մոտ, թե էսպես, էսպես, դա մեր տանը մեծացած, մեր աղ ու հացը կերած տղա է, խեղճ, անշառ, վերջապես գլուխներովս պատասխանատու ենք, թե դրանում մի մեղք կա,,— չէ՜ հո չէ: Չլսեց. թե սրան ես կուղարկեմ ամենամեծի մոտ, թող դազ նանի անի:

Տարան: Էն խեղճն էլ թե՝ Անդրի ամի դարդ մի անի, թող տանեն: Ջուր ուզեց մի գավաթ, պառավն էլ հացը մացը շինեց ճանապարհի համար: Երկու ձիավորն առաջն արած տարան...

Էն էր, որ տարան: Ձիավորները տեղացի չէին, որպեսզի նրանցից իմանային եղելությունը: Նրանք նույն երեկոյան վերադարձել էին և Անդրի ամուն պատասխանել, որ բանտարկյալին հանձնել են քաղաքի կամենդանտին:

Տասն օրից հետո մերոնք մտել էին գյուղը: Պադպոլնի բջիջն ահագին գործ էր կատարել դաշնակներին թիկունքից խփելու: Գյուղը գրավելուց հետո Գալուստը հարցուփորձ էր արել Թեմուրի մասին, եղել էր քաղաքում, — չկար ու չկար: Լուր էր տարածվել, թե ձիավորները նրա խուրջինն ու մանրուքը վերցրել են, նրան բաց թողել:

Մի խոսք՝ ես արդեն ոտքի վրա էի, ֆրոնտս արդեն վերջացել էր, երբ Գալուստը բերեց Թեմուրի պատառոտված տրեխը, գաղտնի նամակը, որ խնամքով կարված էր եղել կարկատանի տակ:

Նամակն էինք կարդում, երբ մեր գյուղացի որսորդ Սամսոնը մոտեցավ մեզ: Նրա գոտուց երկու աղավնի էր կախված, մի կաքավ:

Վեր ես կացե՞լ...Նանի, աչքդ լույս, — կանչեց մորս: — Էս կաքավը խորովի, թող ջանը պնդանա:

Ասաց և կաքավը քցեց մորս գոգնոցը:

Դանել, մի բան եմ տեսել էսօր ախր...

Ի՞նչ:

Մեր էն թղկի ծմակում մի մեյիդ կա, ամա ցրիվ տված է, համ էլ կանուխվա բան է... — և չսպասելով մեր հարցին, տրեխը խլեց Գալուստի ձեռքից:

Վա՛յ...էս նրանն է, Գալուստ...Սենց մինն էլ հրեն հագին, մի ոտն էլ բոբիկ...Կարմիր էլ կապեր են, իսկը սրա նման...Ջանավարը ցրիվ է տվել, բայց տրեխը դեռ ոտին է...

Գալուստը նայեց աչքերիս:

Ընկերս լռեց: Ապա նայեց ինձ այնպես, ինչպես տարիներ առաջ Գալուստն է նայել նրա աչքերին:

Քիչ հետո պատշգամբից ես տեսա նրա բարձր, մի քիչ կորացած սիլուետը: Նա գնում էր ծանրախոհ մարդու հաստատ քայլերով, և նրա քայլերի ձայնը արձագանքում էր լուռ փողոցում: Իսկ էլեկտրական լամպերը ասես իրենց ցոլքով հիացած, ճոճվում էին առվակների զվարթ ջրերում:

ՏՊԱՐԱՆԻ «ՊԱՊԱՇԱՆ»

1

Ամենքն էլ ճանաչում էին գրաշար Դանելին կամ, ինչպես ասում էին՝ «տպարանի պապաշային»: Քսան տարուց ավելի բանվորություն էր արել, միշտ տառերի արկղի վրա կռացած, երկաթե վերստակը ձեռքին:

Շարել էր գրքեր, անհամար կոչեր, լրագիր ու ամսաթերթեր: Տարիների աշխատանքից մի քիչ կռացել էր, գլուխը կրծքին խոնարհել: Տառերի արճիճը, տպարանի մուրը ծծվել էին մաշկի տակ, և նրա երեսը, ձեռքերը արճիճի գույն էին ստացել:

Մինչև մահս էսպես մրոտ եմ մնալու...որ մեռա, կսիպտակեմ, — կատակով ասում էր նա տպարանի նոր բանվորներին, ցույց տալով ոսկրոտ մատները:

Պապաշան քիչ էր խոսում: Նրանից կարգապահը և աշխատասերը տպարանում չկար: Նույնիսկ տան կենվորները գիտեին նրա կարգապահ լինելը. հենց որ Դանելը տնից դուրս էր գալիս տպարան գնալու, բակի երեխաներն էլ գիտեին, որ ժամի 8-ից պակաս է 15 րոպե:

Ծեր գրաշարը երբեմն ուրախ տրամադրությամբ էր ներս մտնում տպարանի ընդարձակ դահլիճը, ուր շարվեշար տեղավորված էին տառերի արկղները:

Էսօր պապաշան զվարթ է, -ասում էին գրաշարներն իրար:

Նրա զվարթ լինելը հայտնի էր և նրանից, որ այդ ժամերին ծեր գրաշարը և՛ շարում էր, և՛ ինքն իրեն դնդնում միալար, շատերին անծանոթ մի երգ:

Իսկ եթե պապաշան զվարթ էր, ապա ուրեմն ընդմիջումի ժամանակ, երբ գրաշարները հավաքվում են նախաճաշի, նա պատմելու էր հետաքրքիր մի արկած հին «խազեինի» կյանքից, իր երիտասարդության օրերի «խաղերից և օյիններից»:

Բայց ամենից հետաքրքիրը և ծիծաղելին նրա շարած գրքերի վերնագրերի անգիր ասելն էր: Ինչքան գիրք էր շարել, ինչքան բրոշյուր, — բոլորի վերնագրերն էլ հիշում էր և կապում իրար այնպես, որ ստացվում էր խառնաշփոթ, բայց և ծիծաղելի նախադասություն:

Այսպես էր տպարանի պապաշան, ընկերասեր, երբեմն լռակյաց, երբեմն զվարթ, բայց առավոտ ութից մինչև ճաշ տառերի արկղի վրա կռացած:

2

Երեկոյան տպարանի կարմիր անկյունը լեփ լեցուն էր:

Ժողովը դեռ չէր սկսվել: Գրաշարները, տպագրիչները, նրանց կանայք խումբ-խումբ խռնվել էին միջանցքում, և դահլիճում, պատերի տակ: Մի մեծ խումբ էլ, երկար սեղանի շուրջը հավաքված, տաք-տաք վիճում էր:

Նրանց վեճի առարկան տպարանի նոր շենքի առաջ եղած ավազի և խիճի կույտերն էին, որ մնացել էին շենքերը շինելուց հետո: Մի թեթև քամի լինելուց փոշին բաց պատուհանով ներս էր լցվում: Գանգատվում էին մանավանդ առաջին հարկում տեղավորված տպագրիչները:

Թող փոքրիկ պարտեզ տնկեն, օդը մաքուր կլինի, փոշուց էլ կազատվենք, — կանչում էր տպագրիչներից մեկը, որի կարճահասակ լինելը խանգարում էր նրան սեղանի մոտ նստած ընկերոջը տեսնելու:

Պետք է մանկապարտեզ էլ բաց անել, — վրա բերեց մի կին, — երեխաները փողոցում են ամբողջ օրը:

Արդեն բավական բազմություն էր հավաքվել: Տեղկոմի նախագահը հայտարարեց, որ «հարյուր տոկոսով» ներկա են, եթե չհաշվենք հանգստյան տուն գնացածներին և հիվանդներին:

Ուրեմն ժողովը բաց արա, — ձայն տվին մի քանի հոգի:

Տեղկոմի նախագահը զանգ տվեց:

Շուտ արեք, ընկերներ, նստեք...Մի քիչ նեղվածք է, ոչինչ, Սեդրակ...տեղ տուր՝ պապաշան նստի...

Արի՛, պապաշա:

Մեզ մոտ արի... — կանչեցին այս ու այն կողմից: Դանելը ժպիտն երեսին կուչ եկավ նստարանի ծայրին: Նա այդ երեկո էլ զվարթ տրամադրություն ուներ:

Ընկերներ, ընդհանուր ժողովը հայտարարում ենք բացված...խոսքը ընկեր Խաչիկյանինն է, որն որ ձեզ մանրամասն կհասկացնի բանի հանգամանքը: Ուրեմն լսողություն:

Ընկեր Խաչիկյանը հանձնաժողովի կողմից ուղարկված էր քաղխորհրդի համար տպարանի կոլեկտիվից պատգամավոր ընտրելու:

Նա պարզ և հասկանալի սկսեց պատմել, թե ինչո՞ւ համար է քաղխորհուրդը, ո՞վքեր են մասնակցում նրա ընտրության:

Ընկերոջ զեկուցումից պարզվեց, որ քաղխորհրդի անդամը պիտի աշխատի խորհրդի սեկցիաներից մեկն ու մեկում: Նա պարտավոր է հաշիվ տալու իր ընտրողներին, լսելու նրանց պահանջները:

Չէ՛, մանկապարտեզն ստացանք, — ընդհատեց մեկը:

Քաղխորհուրդն ունի առողջապահական, կրթական, կոմունալ, ֆինանսական և նման սեկցիաներ: Պետք է ընտրել աշխատասեր, գիտակից և բանվորների շահը պաշտպանող ընկերոջ:

Մի ժամից զեկուցումը վերջացավ: Մոտ կես ժամ էլ տևեց հարցերը: Նախագահը վերջում հայտարարեց.

Այժմս, ընկերներ, տվեք համապատասխան թեկնածու...Ըստ օրենքի մենք պետք է տանք երկու պատգամավոր...Առարկություն չկա՞, որ մեկը կին լինի...

Չէ՜, չէ՜...Չկա:

Ուրեմն տվեք անունները...

Պապաշայից լավը չկա… — կանչեց մի տպագրիչ:

Պապաշան, պապաշան... — ձայնակցեցին մյուսները:

Բարձրացավ աղմուկ: Ծափահարեցին: Մի քանի հոգի ծեր գրաշարի թևերից բռնած մոտեցրին սեղանին:

Պապաշան մի բերան կանչում էր.

Ուրիշին, ուրիշին...Ես հե՛չ...

Ուրիշին չենք ուզում, — բղավեցին երիտասարդ գրաշարները:

Դանելը ինչքան հակառակեց՝ չեղավ ու չեղավ:

Ընկերներ, ես լավ խոսալ չգիտեմ...

Մեզ գործ անող է պետք... — կանչեցին տպագրիչները:

Եվ միաձայն պապաշան ու կազմատան հավաքարար Մարիամն ընտրվեցին քաղխորհրդի պատգամավոր...

3

Տպարանի շրջապատը երկու տարում անճանաչելի դարձավ:

Ընտրությունից մի ամիս չանցած, քաղաքի գումակը մաքրեց ավազի ու խիճի կույտը: Երիտասարդները մի տոն օր բարակ լորենիներ տնկեցին շենքի չորս բոլորը: Քաղխորհրդի ծաղկանոցից տունկեր բերին և զարդարեցին փոքրիկ պարտեզը:

Պապաշան օրն ի բուն աշխատում էր: Նրա պահանջով էլեկտրական լույսերը հասցրին խուլ փողոցներից մեկի ծայրը: Նոր շենքի առաջ քաղխորհուրդը ջրի ծորակ սարքեց:

Այժմ գարունը բացվելուց տերևակալում են լորենիները, ծաղկանոցի ծաղիկները բույր են տալիս բաց պատուհանների ետևն աշխատող հարյուրավոր մարդկանց, որոնք շարում են գրքեր, թերթեր, շարում են, տպում, կազմում:

Գարնան հետ գալիս են սարյակները, ճռվողյունով ներս մտնում, պտույտներ անում կտուրի տակ: Ծառերի տակ ուրախ վազվզում են տպարանի մանկապարտեզի երեխաները:

Փայտե նստարաններ կան ծառերի տակ: Նրանց վրա ընդմիջումի ժամերին հանգստանում են գրաշարները: Նրանց հետ հանգստանում է և ծերունի Դանելը, որ արդեն կենսաթոշակ է ստանում երկարամյա աշխատանքի համար, էլ չի շարում գիրք ու լրագրեր, սակայն ամեն օր գալիս է տպարանի պարտեզը:

Գալիս է, նստում փայտե նստարանին, լսում սարյակների ճռվողյունը, մանուկների ուրախ կանչերը և զվարթ երգում է՝ մեղմ, դողդոջ ձայնով...

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ԱԿՈՒՄԲԻ ՍՐԱՀԸ

Շչակը սուլեց հանգստի ժամը:

Գործարանի բաժանմունքներից, ցեխերից և արհեստանոցներից բանվորների խմբերը դիմեցին դեպի ակումբի սրահը, որի բաց պատուհաններից մեղմ զովը ներս էր մտնում և ճոճում սրահի լայնքով կախած կարմիր պլակատները:

Մինչև կես գիշեր կոմերիտականների մի խումբ աշխատել էր ներսը: Նրանք պատերից կախել էին հարվածային բրիգադիրների նկարները, պատրաստել էին բազմաթիվ լոզունգներ արդֆինպլանի կատարման, գործալքումների, սոցիալիստական մրցության և հարվածայինների մասին:

Զարդարել էին բեմը, որի ճակատին խոշոր տառերով գրել էին՝ «Փառքի և արիության հերոսները»: Ապա թվել էին այն բրիգադները, որոնք կատարել և գերակատարել էին պլանը:

Բեմի դիմացը, մուտքի ամբողջ պատը սև շրջանակի մեջ էր առնված: Այստեղ կախված էին նրանց նկարները, որոնք ավելի շատ բրակ էին տալիս, որոնք կեղծ հարվածային էին: Չէին խնայել հարբեցողներին, գործը լքողներին, ծույլերին:

Դռան վերևը «կոմերիտական» Բալոյի նկարն էր: Նա մեքենան թողել է անտեր և վազում է ծտի հետևից, որ ներս է մտել բաց պատուհանից: Նրա կողքին վարպետ Անդրեյի նկարն է. Անդրեյը լողում է օղու վիթխարի շշի մեջ:

Համա՛ կկատաղի հա՛ վարպետը, — ասաց կոմերիտներից մեկը, որ նստել էր պատուհանին և անքնությունից հոգնած աչքերով նայում էր դուրս, ակումբին մոտեցող խմբերին:

Տեղն է. թող չխմի, — պատասխանեց մյուսը:

Ա՛յ Անդրեյը, — մատը մեկնեց պատուհանին նստած երիտասարդը: Նրանք մոտեցան պատուհանին: Բայց այդ րոպեին դուռը բացվեց և մանարանի ցեխից մի խումբ երիտասարդ բանվորներ ներս մտան:

Հինգ րոպեից հետո դահլիճում նստելու տեղ չկար: Ուշացողները կանգնում էին դռների մոտ, պատուհանների տակ: Բաց դռնից երևում էին բազմաթիվ գլուխներ: Այդ՝ դուրսը տախտակների կույտի վրա տեղավորվածներն էին:

Մինչև ժողովի սկսվելը բանվորները դիտում էին պատերից քաշ արած նկարները և պլակատները:

Այ թե լա՛վ են նախշել հա՛...

Թամամ Մոսկվա է, — ասաց մի բանվոր, որ նոր էր վերադարձել Մոսկվայից: Նա մասնակցել էր տեքստիլ բանվորների խորհրդակցության:

Էն մռութը տես, էն մռութը, — ծիծաղելով մատը մեկնեց մի ուրիշ բանվոր: Պատից կախել էին մի դիմանկար. երևում էր, որ մարդը գիշերը թունդ հարբել էր, ընկել ցեխի մեջ: Նկարի վրա մարդու երեսին դեռ մնում էին ցեխի հետքերը: Մազերը գզգզված էին, գդակը ծուռ: Ձախ աչքի տակ նկարել էին ընկույզի չափ ուռուցք:

Մեր վարպետին են լա՛վ թրջել, — վրա բերեց մի ուրիշը, որ տառերը կապելով վերջացրել էր լոզունգի ընթերցումը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ է ՊԱՏՎԻ ԵՎ

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ

Նախագահի զանգը ընդհատեց սկսված խոսակցությունը վարպետ Անդրեյի մասին: Տիրեց խոր լռություն: Դուրսը եղածները ավելի մոտեցան պատուհանին:

Ժողովն սկսվեց:

2. ԶԵԿՈԻՑՈԻՄԸ

Զեկուցում էր մանարանի ցեխի վարիչը:

Ուրեմն, ընկերներ, այսպիսով հարվածային բրիգադներից դուրս են մնացել միայն 6 հոգի, որ ամբողջ բանվորության չնչին տոկոսն է կազմում, կարող ենք ասել, ընկերներ, որ մեր ցեխը հարյուր տոկոսով հարվածային է...

Բուռն ծափահարություններն ընդհատեցին նրան:

Վերջին շարքերից մի խումբ երիտասարդներ բղավեցին «հուռռա՛...», այդ հուժկու կանչը ալիքի նման հասավ մինչև առաջին շարքերը, մինչև բեմը, որի վրա էլ խիտ նստոտել էին: Առաստաղից կախված կարմիր կտորները, որոնց վրա լոզունգներ էին, մեղմ ծփացին ծափահարությունների որոտից: Կարծես վերևը ճոճվում էին բազմաթիվ կարմիր դրոշներ:

Բրակի տոկոսը այսպիսով իջել է. ևս բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը: Առաջ ունենում էինք պարապ դազգյահներ, այժմ քսան դազգյահից մեկը պարապ չի մնում: Թույլ տվեք, ընկերներ, բերեմ մի օրինակ մեր գործարանի հարվածայինների աշխատանքից...Խոսքի օրինակ մեր կոմերիտների հարվածային բրիգադները: Ձեզ հայտնի է, որ նրանք կոմուն են կազմել և աշխատում են կոմունայի հիմունքով, փոխադարձաբար միմյանց օգնում են, աշխատավարձը բաժանում են հավասար: Եվ ահա, ընկերներ, նրանք արտադրությունը բարձրացրել են 40 տոկոսով...

Կեցց՜ն հարվածային կոմերիտները,— բացականչեցին այս ու այն կողմից:

Բայց, ընկերներ, նրանք սոցմրցման պայմանագիր են կապել Ալավերդու1 հանքի կոմերիտների հարվածային արտելի հետ: Նրանք մեզ ուղարկել են իրենց հաջողությունները: Արտելը 3 հերթի է աշխատում, մերոնք էլ հունվար և փետրվար ամիսների պլանը նրանք կատարել են 150 տոկոսով, մերոնք այստեղ մի քիչ նահանջել են...

Առաջին շարքում ժպտացին, Կոմերիտներից մեկը, որ հարվածյին կոմունի անդամ էր, տեղրից բղավեց, թե սխալ են հաշվել իրենց տոկոսը:

Շուտով, շուտով, — մեղմ առաջարկեց նախագահը, — սպասի էդ հարցն էլ կքննենք...

Ընկերներ, ես դեռ չվերջացրի...Մարտ ամսում նահանջել է Ալավերդու հարվածային արտելը, իսկ մերոնք նորից են առաջ անցել...

Ծափահարությունների և բացականչությունների հորդ աղմուկը նորից ընդհատեց զեկուցողի խոսքը:

Նրանք մարտ ամսվա պլանը վերջացրել են ամսի 25-ին, իսկ մերոնք 15-ին...

Այ թե հա՛, — ուրախ բացականչեց մի ծեր բանվոր: Նրա սիրտը կոտրվել էր, երբ լսել էր զեկուցողի խոսքը մերոնց «նահանջի» մասին.

Ախր լինելու բան չի, որ Ալավերդին մերոնց առաջը կտրի: Մերոնք ուրիշ են, ուրիշ... — շշնջաց նա հարևանի ականջին:

Ապա նա գլուխը դարձրեց դեպի ետ: Նրա աչքն ընկավ իր որդու կոմերիտ Վաղոյի քրտինքից և աշխատանքից կարմրած դեմքին: Վաղոն էլ էր հարվածային կոմունի մեջ: Որդին չնկատեց հոր հայացքը, նրա լարված ուշադրությունը բեմի կողմն էր:

Ինչպիսի՛ հպարտությամբ և ջերմ գորովով էր նայում ծերունի հայրը կոմերիտ որդուն: Ո՛վ գիտի, ինչ մտքեր զարթնեցին նրա հիշողության խորքում:

Следующая страница