Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

3. ԼՍԱՐԱՆԸ

Դահլիճի խորքում պատի տակ կուչ էր եկել վարպետ Անդրեյը: Նա միայն մի անգամ իր գլուխը բարձրացրել և նայել էր ծաղրանկարին:

Անպիտաններ, ո՜նց էլ սարքել ե՛ն, — մրթմրթաց քթի տակ:

Մինչև նախագահի զանգահարելը՝ կողքին նստողները ուրախ կատակներ էին անում նրա հետ:

Գիշերը ոնց պիտի մնա բոթլի մեջ...

Դու ասա էս աժդահա ջամդաքը ոնց են մտցրել բոթուլը:

Խմողի մաշտաբ ուրիշ է:

Սակայն վարպետը ոչ մի ուշադրություն չէր դարձնում այդ սրախոսություններին: Գլուխը ղժժում էր երեկվա խմած օղուց:

Երբ զեկուցումն սկսվեց, խոսակցությունները դադարեցին, հանգիստ թողին Վարպետ Անդրեյին:

Եվ գլուխը դարձրեց դեպի ծաղրանկարը: Նա աչքի պոչով էր դիտում, որպեսզի կողքին նստողները չնկատեն, թե ինքը հետաքրքրվում է պատից կախած նկարով:

Հենց այդ րոպեին նրա ականջին հասավ մանարանի ցեխի վարիչի խոսքը, թե բոլորը հարվածային են հայտարարել իրանց, բացի վեց հոգուց...Նրանք չնչին տոկոս են կազմում...

Ծափահարություններից խառնվել էին նրա մտքերը:

Երբ զեկուցողը շարունակեց իր խոսքը, վարպետը էլի նույն միտքն էր անում. «Չնչին տոկոս են...Ես քսան տարվա վարպետ չնչին եմ, անպետք թելի կտոր»: Նա մտքում մի քանի անգամ կրկնեց «չնչին» խոսքը. և ամեն անգամ կարծես այդ բառը նոր իմաստ էր ստանում:

Էդպես են ասում, որ ես էլ հարբում եմ...Թե չէ ի՞նչու պտի խմեմ, — արդարացրեց ինքն իրեն:

Սակայն մի ներքին ձայն հակառակը պնդեց և գնալով, այդ ներքին ձայնը հաղթեց: Նա մտաբերեց իր բոլոր ընկերներին: Ահա նրանց մի մասը բեմ է բարձրանում: Նրանք աշխատանքի հերոսներ են, այսօր պիտի պարգևատրեն նրանց:

Ահա Ջանոն, ալեխառն, ինչպես ինքը: Ամիսներ շարունակ դազգյահի վրա կռացած դիտում էր, ուսումնասիրում, կարծես առաջին անգամն էր տեսնում դազգյահը: Ցեխում լուր էին տարածել, որ Ջանոն նոր մաշին է հնարում. առաջինը դարձյալ ինքը ծիծաղեց:

Քեզանից ինջիներ չի դուրս գա...Արի, արի գնանք. — և ցուցամատը խփեց կոկորդին, — մենք հե՛չ, մեր բանը պրծել է...

Իսկ Ջանոն լուռ նայեց, ապա գլուխը քարշ արեց:

Այդ հայացքի մեջ և՛ հանդիմանություն կար, և՛ զայրույթ:

Եվ Անդրեյը ոտները քարշ տալով գնաց դեպի օղու խանութը:

Իսկապես Ջանոն հնարեց մի նոր դաղգյահ, ավելի ճիշտ, եղածը փոփոխեց, ավելի լավացրեց: Գյուտարար Ջանոյի և նրա դազգյահի մասին թերթերը գրեցին, ինժեներներ եկան, կազմվեց հանձնաժողով, քննեցին և որոշեցին, որ Ջանոյի գյուտը շատ արժեքավոր է:

Ահա Ջանոն նստել է բեմի վրա, մի անկյունում, գլուխը քարշ, կարծես դարձյալ մտածում է դազգյահի մասին:

Որտեղից որտե՛ղ... — դառնությամբ մտածեց Անդրեյը, — միասին եկանք գործարան...Այժմ նա աշխատանքի հերոս է, իսկ ես՝ չնչին տոկոս...

4. ՎԱՐՊԵՏ ԱՆԴՐԵՅԸ

Զեկուցումը վերջացել էր:

Նախագահը կարդում էր առաջին հարվածային բրիգադի կատարած աշխատանքը և ֆաբկոմի որոշումը նրանց պարգևատրելու մասին:

Կեցցեն առաջին հարվածայինները, — աղմուկից և ծափահարություններից թնդաց դահլիճը: Բեմի վրա պատի նման կանգնել են առաջին բրիգադի հարվածայինները, դահլիճը ծափահարում էր, իսկ նրանք գլխարկները թևի տակ, կանգնել էին. ոմանք հուզմունքից կարմրել էին, ոմանք գլուխները մի կողմի վրա դարձրել: Նախկին կարմիր բանակային Սեթը ուղիղ ձգվել էր, ինչպես զորահանդեսի ժամանակ:

Վարպետ Անդրեյի հետ մի զարմանալի բան կատարվեց: Երբ առաջին ծափերը պայթեցին, նա տեղից կիսով չափ բարձրացավ, ինքն էլ սկսեց ծափահարել նախ թույլ, ապա ուժգին: Ծափի աղմուկը մեղմանում էր, բայց նրա բազուկները չէին հոգնում: Նրա ծափից վարակվում էին և մյուսները, նորից էր թնդում աղմուկը:

Ապա հոգնած տեղը նստեց: Ձեռքերը կարմրել էին ու դողում էին:

Կարդացին գյուտարար Ջանոյի անունը: Նորից ծափեր, նորից աղմուկ:

Վարպետ Անդրեյը ոգևորված գդակը վեր շպրտեց: Մի քանիսը հետևեցին նրա օրինակին:

Այդ էլ դուր եկավ վարպետ Անդրեյին: Ինքը շարունակում էր ծափահարելը, և ծափերի մեղմացած թափը նորից էր թնդում: Ինքը գլխարկը ճոճեց, մյուսները հետևեցին: Մի մեղմ ուրախություն ծփաց ներսը, ինչպես ծովի թեթև կոհակները:

Չէ՜, նա էլ չպիտի խմի. նա չի ուզում, որ իրեն համարեն «չնչին տոկոս»: Նա պտի գնա մյուսների հետ հավասար քայլերով, նա հետ չի մնա իր ընկերներից:

Վարպետ Անդրեյը աչքերը կիսախուփ արեց. կարծես ննջում էր: Նա մտքի առաջ հետ էր տալիս իր անցած տարիների գիրքը, կարծես փնտրում նշանավոր մի էջ, մի գլուխ, մի դեպք, որից հետո տարիները գնացին ուրիշ ճանապարհով:

Գտավ: Այդ դեպքը գտավ:

Սիրտը դառնությամբ էր լցված, զայրույթը նրան մղեց դեպի օղու խանութը: Հետո ավելի հաճախ էր գնում: Եվ վարժվեց: Վարպետը գլուխը վեր հանեց: Արդեն ցրվում էին, ժողովը վերջացել էր:

Վարպետը գլխարկը թևի տակ դուրս եկավ: Դռան մոտ նա հանդիպեց Ջանոյին: Վարպետը մի րոպե կանգնեց. Ջանոն ժպտաց:

Եվ հին ընկերները լուռ սեղմեցին իրար ձեռք:

Վարպետ Անդրեյը տեսավ մանարանի ցեխի վարիչին: Քայլերը արագացրեց, հասավ նրան: Վարիչը բարևեց.

Հը, վարպե՞տ...

Ես...ինձ էլ գրեք հարվածային... Ես չեմ ուզում, — բայց նրա ձայնը դողաց և չկարողացավ խոսքը շարունակել և ասել, որ չի ուզում դուրս մնալ շարքերից:

Ես այդպես էլ գիտեի, վարպե՛տ...

Գործարանի սուլիչները ճչացին, աշխատանքն սկսվեց:

ԿՈՄՍՈՄՈԼԻ ՓՈԿԵՐՈՎ

Նախագահը գրությունը կարդաց, գլուխը դարձրեց դեպի պատուհանը, մի րոպե նայեց, — կարծես առաջին անգամն էր տեսնում ձյունի հորդ փաթիլները և ապա նորից աչքերը հառեց թղթին:

Ներս մտավ կատարածու Ենոքը և շեմքում ոտքերը պինդ դոփեց՝ ձյունը թափվելու համար:

Չի վերջանում, էլի՛... — տրտնջաց Ենոքը և սառած ձեռքերով գրկեց վառարանի տաք խողովակը, — էսքան էլ ձյո՞ւն...

Ենոքի տրտունջը տեղին էր: Չորրորդ օրն էր, որ թափվում էր ձյունը և չէր դադարում: Սար ու ձոր ծածկվել էին ձյունի հաստ շերտով, տները կիսով չափ թաղվել էին ձյունի մեջ: Ո՛չ ճանապարհ էր երևում, ո՛չ առու, ո՛չ ձորակ:

Ի՞նչպես անենք, Ենոք, — հարցրեց նախագահը: Կատարածուն հանկարծակիի եկավ և ապա գլխի ընկնելով, որ հարցը ձյունի մասին է, վառարանի խողովակը պինդ գրկելով ասաց.

Փետը բերենք լցնենք, թող զիլ տաքանա, մենք էլ չորս բոլորը նստենք...

Բա սա՞, — և թուղթը մեկնեց:

Ենոքը մի քայլ մոտեցավ: Նա վախեցավ, նրա մտքովն անցավ, որ երևի շտապ գրություն է ստացվել, և պատախանն ինքը պիտի տանի այդ ցուրտ օրն:

Էդ ի՞նչ է, — կամաց հարցրեց Ենոքը:

Երկաթուղու կայարանիցն են գրել, — դանդաղ պատասխանեց նախագահը և կարծես միաժամանակ մտածում էր, թե ինչպես ելքը գտնի. — մաշինեքը եկել են, սերմազտիչները...Չորս օր է ստանցումն ընկած են, որ չբերենք, համ պենիա ենք տանելու, համ էլ մեր գործն է ետ ընկնում:

Ենոքը թեթև շունչ քաշեց: Ճշմարիտ է՝ գործն ավելի մեծ էր, բայց անմիջապես իրեն չէր վերաբերվում: Ու նա կռացավ, մի քանի կտոր փայտ էլ քցեց վառարանը:

Բա՜, Ենոք...Էսպես բաներ...

Պենի հարցը դժվար է, մնացածը հեչ...

Նախագահը վրդովվեց.

Ո՞նց թե հեչ:

Ասում եմ՝ մաշին է, ճանապարհը կբացվի, կբերենք...

Էն ժամանակ գարուն կլինի, վարը կընկնի, էլ երբ պիտի սերմացուն զտենք, Ենոք...Էսօր էգուց պիտի բերվի մաշինեքը:

Էս եղանակի՞ն, — զարմացած հարցրեց Ենոքը:

Հա՜, հենց էս եղանակին, — կտրուկ պատասխանեց նախագահը:

Եվ, քիչ լռելուց հետո, ձայնը ցածրացնելով ասաց.

Գնա կանչի՜ր Սմբատին...Եթե Լևոնը տանն է, նրան էլ ձայն տուր:

Կատարածուն փայտը վերցրեց և դժկամ հեռացավ տաք սենյակից:

2

Իսկ ձյունը հա գալիս էր: Ձմեռվա այն ժամանակն էր, երբ ինչպես ասում են, օձը բնում կսառչի:

Բայց ինչպես էլ լիներ, մեքենաները պիտի կայարանից բերեին, թե չէ՝ սերմազտման պլանը չէր կատարվի, ուրեմն և սերմացուն հնար չէր լինի ժամանակին ախտահանելու: Գարունը պիտի բացվեր, և իսկույն սկսվելու էր վարը, ժամանակ չէր լինելու սերմացուն զտելու:

Ահա ինչու, երբ ներս մտավ կոմսոմոլի բջիջի քարտուղար Սմբատը, և նախագահը նրան հայտնեց գրության մասին, նա մի րոպե մտածելուց հետո՝ ասաց.

Պետք է բերենք...

Ենոքը զարմանքից գլուխը բարձրացրեց: Նրա դեմքը արտահայտում էր և՛ կասկած, և՛ զարմանք: Կարծես ուզում էր ասել՝ գժվե՞լ են նրանք, որ չեն նայում եղանակին: Բայց այդ ժամանակ ներս մտավ Լևոնը. ու Ենոքը՝ իր պարտականությունը կատարած համարելով՝ գերադասեց չխառնվել նրանց խոսակցությանը:

Լևո՛ն, կոլխոզի համար էլ է, — ասաց նախագահը և գրությունը մեկնեց նրան: Լևոնը կարդաց, թուղթը դրեց սեղանին և ճակատը տրորելով պատասխանեց.

,— Էդպես է...Ճիշտ է, բայց...

Էլ բայց-մայց չկա, — իսկույն վրա բերեց նախագահը:

Լևոնը նեղացած նայեց նրա կողմը:

Էդպես ես միշտ, չես թողնում խոսքս վերջացնեմ...

Կոլեկտիվի նախագահը դանդաղ էր խոսում: Ինչքան էլ դիմացինը արագախոս լիներ, մտքերը կարճ ու կտրուկ ասեր, նա ծնոտը պիտի շարժեր դանդա՛ղ:

Դե ասա, հը՞:

Ասելս էն է, որ ճիշտ է՝ եղանակն էսպես է, ինչպես որ ներկայումս է, բայց որ խոր մտածում եմ, տեսնում եմ, որ պիտի սերմազտիչը բերվի:

Դե ասա, էլի՜, — անհամբեր կրկնեց նախագահը, — էլ ինչ ես սարո՜վ, քարով ընկել:

Ինչպե՞ս... — և լռեց, — պետք է մի հնար մտածենք, էլի՜...

Սմբատը տեղից վեր կացավ:

Հնար ես ասեմ...Սահնակի պես բան կշինենք, տանենք վրան պնդացնենք, քաշ տանք...

Եզներո՞վ... — հարցրեց նախագահը:

Սար ու ձոր ձյունով լցված՝ եզ կբանի՞ ...Բոլորը կխրվեն, ոտները սոթ կտա, կջարդվեն հեյվանները, — ավելացրեց Լևոնը:

Ենոքը, որ մինչ այդ զարմանքով և հետաքրքրությամբ էր լսում նրանց խոսակցությունը, փայտը ձեռքից վայր գցեց, երբ լսեց Սմբատի առաջարկը սերմազտիչները կայարանից գյուղ բերելու մասին:

Ամենից անհավատալին այդ էր:

3

Կայարանի ծառայողներն էլ զարմացան, երբ լույսը նոր բացված ներս մտավ գյուղացիների մի խումբ: Նրանց մեծ մասը կլոլված էր բրդե վերարկուների մեջ, գլուխը փաթաթած տաք շալով. երևում էին միայն աչքերն ու քթի հետևի մասը: Տաք գոլորշին սառել և փոքրիկ ասեղներ էր դարձել շալից կախված: Ոմանք ուղտի բրդից փափուկ ձեռնոցներ ունեին: Նրանց մեծ մասը երիտասարդներ էին, միայն մի քանի հասակավորներ կային, որոնց թվում մեկը մի երկար ձող ձեռքին քայլում էր խմբի առջևից, ձողը խրում այս ու այնտեղ՝ սառած ձյունի հաստությունը և խորությունը որոշելու:

Հենց այդպես էլ ձյունաթաթախ խմբով ներս մտան հերթապահի սենյակը:

Սմբատը մեկնեց գրությունը: Հերթապահը կարդաց, տեղից վեր կացավ, ու գնացին կայարանի հետևը, որտեղ ծածկոցի տակ, մի անկյունում փայտե Վանդակի մեջ նրանց սերմազտիչներն էին դարսված: Գիշերվա բուքը առատ ձյուն էր լցրել մեքենաների ներսը:

Էլ մի՜ կանգնեք, — ասաց մեկը, որի գլխին մաշված կոմունարկա էր. — ձյունը մաքրե՜ք...կտաքանաք:

Կոմերիտականների մի խումբ մոտեցավ մեքենաներին: Կես ժամ չանցած մեքենաները հանեցին փայտե վանդակից, մաքրեցին և պարաններով պինդ կապեցին հենց այն տախտակներին, որոնցից շինված էր վանդակը:

Նրանք կառուցել էին սահնակի պես մի բան:

Լևոն, ա՜ռ փայտը, — և կոմունարկայով մարդը, որ ինքը նախագահն էր, փայտը մեկնեց նրան. — դու կգնաս առջևից...Տես որ փափուկ տեղեր չլինեն, չխրվենք: Սմբա՜տ, դու վերջին մեքենայի հետ կլինես: — Ապա դառնալով մյուսներին՝ ուրախ բացականչեց, — տաքանանք, հը՞...Դե՛, ձեզ տեսնեմ, կոմսոմոլի անունը գետնով չտաք...

Ու փոկերը, պարանները հագցրին մեքենայի ոտքերից, սահնակի տախտակներից, շարվեցին մեքենայի կողքին, իրենց ուսերին քաշելով փոկի ծայրերը:

Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք...

Ճռռացին տախտակները, սառած ձյունը, թափորը շարժվեց դեպի գյուղը սպիտակ բլուրների լանջով, ձյունով լցված ձորակների վրայով:

Կայարանի հերթապահը պերրոնի վրա կանգնած դիտում էր նրանց: Քանի հեռանում, այնքան փոքրանում էին: Կարծես մրջյունների երկու խումբ էր, որ գլորելով իրենց բունն էին տանում մի վիթխարի որս:

Քամին դադարել էր: Եթե ամպերը չլինեին, սառը փայլով կշողար ձմռան ցուրտ արևը:

Կտանե՛ն, — ուրախացավ հերթապահը, երբ առաջին մեքենան հասավ բլուրի գագաթը, — նրանց մերը չմեռնի... հերո՛ս են, հերո՛ս...

Մեքենաները չքացան նրա աչքից:

Նրանք բլուրից սահելով իջան սարահարթի վրա, որից այն կողմը սկսվում էր նոր վերելք, նոր բլուրներ, ապա միայն պիտի երևար գյուղը:

Քրտինք էր կաթում երիտասարդ ճակատներից: Ամեն անգամ, երբ ճիգ էին անում, գոլորշին քուլաներով էր բարձրանում: Ոմանք արձակել էին վերարկուների կոճանները, ավելի հեշտ շնչելու համար:

Երկրորդ մեքենան առաջինից հետ չէր մնում: Երբեմն բոլորը միանում էին և մեկ-մեկ անցկացնում նեղ տեղերից, ոմանք քաշում էին, իսկ մնացածները հրում ձեռքերով, ուսով, կրծքով:

Թարմ ձյունի վրա մարդկային բազմաթիվ ոտնատեղերի հետ մնում էին մեքենաների հետքերը՝ իբրև լայն ակոսներ:

Առաջին անգամն էր մեքենան բարձրանում դեպի գյուղը:

4

Բազմություն էր հավաքվել ծածկոցի տակ, որտեղ տեղավորել էին մեքենաները: Գյուղացիներից շատերը առաջին անգամն էին տեսնում սերմազտիչը: Ճիշտ է, գյուղին չհասած, երբ տեղեկացրել էին, որ մեքենաները կոմսոմոլները բերում էին, շատերն էին գնացել առաջ և օգնել բերելու, բայց հրելու ժամանակ նրանք լավ չէին դիտել մեքենաները:

Ապրի Սմբատը, — ասաց մի կին, — կռներս կդինջանա...

Էլ խախալ չկա՛...Օրը հարյուր փութ էլ լցնես, կմաքրի...

Հարյուր փո՛ւթ, — ծոր տվեց կինը:

Երբեմն մեքենաներին էր մոտենում կոմերիտականներից որևէ մեկը: Նա հաճույքով էր պատասխանում հարևանների հարցերին, թե ինչպես բերեցին մեքենան, որ շուռ չեկավ, ձյունը շատ էր: Նրանք իրար հետ վիճում էին, թե քանի փութ կլինի մեքենան. սակայն վիճողների երկու կողմն էլ գովում էին կոմերիտականների հերոսական աշխատանքը:

Զորանա մեր կոմսոմոլը...

Իսկ գյուղխորհրդի գրասենյակում Սմբատը, նախագահը, Լևոնը և մի քանի երիտասարդներ հաշվում էին սերմացուն, որոշում սերմազտման հերթերը, նշանակում հսկիչներ, որոնց պատասխանատվությամբ օր ու գիշեր պիտի աշխատեին մեքենաները:

Ենոքը թեժացնում էր վառարանը և նրանց լսում խոր հավատով:

«ԸՆԿԵՐ ԳԱԼՈՒՍՏԸ»

Մինչև նախագահը դաշտից վերադառնար խորհրդի գրասենյակը, Էյվազանց Սահակը առաջարկեց գնալ իրենց տուն:

Ես Մուխանի երիշը գիտեմԵրկու սհաթից անջախ հասնի:

Սահակին ես վաղուց գիտեմ: Խորհրդայնացումից հետո, երբ առաջին անգամ նրանց գյուղը վիկի սերմ տարանք փորձելու, ոչ ոք չմոտեցավ: Միայն Սահակը սիրտ արեց, իր հողամասը տվեց: Սիրտ արեց և իր լայն սրտի չափ էլ առատ բերք հավաքեց: Հիմա էդ խոտը նրանց գյուղում տարածվել է. շատերը վիկ չեն ասում, այլ է Էյվազանց Սահակի խոտ:

Նա եղել է Գերմանիայում գերի: Շատ բաներ է տեսել, շատ երկրներ ոտնատակ տվել, տեսել է, թե ուրիշ կողմերում ինչպես են ապրում գյուղացիները և հենց վերադարձել է իրենց գյուղը, հիասթափվել է:

Բայց թողնենք, որ ինքն ասի էն խոսքերը, ինչ որ ասել է գյուղ գալու առաջին տարին:

Մեր հողերը ոսկի են, մենք չենք հասկանում նրանց լեզուն: Մի սոմար որ սերմում ենք, հինգը հավաքում, էդ հո հաշվում ենք առատություն, իսկ եթե բանը հաջողվեց, և վեց սոմար ստացանք, բերքը գլխակեր է, սրա մեջ փորձանք կա, կռիվ, պատերազմ պիտի լինի: Այ թե ինչ են ասում, եթե մի քիչ լավ բերք են ստանում: Ինչո՞ւ, ախպեր. ինչո՞ւ իմ տեսած տեղերը սոմարին տասն էլ են ստանում, տասնհինգ էլՄեր գյուղում որ մաճկալին հարցնես, կասի, թե հողի լեզուն էնպես է հասկանում, որ էլ դենը չկա: Բայց եկ տես, որ նա հողը վարում է էնպես, ինչպես իր պապերը և նրանց պապերը:

Էսպես խոսքեր էր ասել Սահակը գյուղացիներին. որը համաձայնել էր նրան, որը կասկածել, մեծ մասն էլ ասել՝ թե Սահակի ասածը գերմանու հողում կլինի, մերում՝ ոչ:

Ինչո՞ւ, — բարկանում էր Սահակը:

Էնպես: Էդ էլ մեր երկրի շնորհքն էՄինչև հիմա, որ չենք տեսել, այսուհետ էլ, Սահակ, տեսնենք սավետական կառավարությունը ինչ շնորհք ցույց կտա:

Էդ տարին էլ տարել էի վիկի սերմը: Հետո երկու շարքացան ուղարկեցինք, վերջը՝ սերմզտիչը: Էս մեքենաները տեղ արին, որ տրակտոր մտնի:

Սահակին էդ առիթով էի ճանաչել: Մենք իրար հասկանում էինք: Մի քանի անգամ նա էր եկել ինձ մոտ. էն կողմերը լինելուց ես աշխատում էի ինձ գցել էն գյուղը, Սահակին տեսնել: Երբեմն հուսահատվում էր, դառնացած գանգատվում, թե բան չի դուրս գալու, էսպես խավար ապրել են, էդպես էլ խավարի մեջ կկորչեն:

Նրան համոզում էի, հուսադրում: Էն առաջին տարիները գյուղում դեռ բջիջ չկար: Միակ կուսակցականը Միխայելն էր, որ և՜ նախագահ էր, և՜ հողբաժին, և՜ զագսի գործերն էր տանում, և՜ սերմացու բաժանում:

Մի տարի հետո նորերն եկան, հոտաղ, բատրակ երիտասարդներ մտան կոմսոմոլի մեջ, բջիջը մեծացավ, աշխատանքները շատացան: Էդ տարիներում մի կարգին դպրոց շինեցին, քանդված, խափան ճանապարհներ կային՝ նորոգեցին, մեծացրին: Ամեն տարի գյուղ գնալուց նկատում էի, որ մի բան էլ են ավելացրել, նոր սերունդը կամաց կամաց դուրս էր գալիս և իրեն հետ տանում գյուղի ամենալավ տարրը դեպի նոր կյանք, նոր գյուղ:

Երեք տարի առաջ մի փոքրիկ կոլեկտիվ էին կազմել: Սահակն էլ էր մեջը: Ինչպես ասում են՝ իրար բռնելով, իրար օգնելով, դժվարություններ հաղթելով, ուժեղ աշխատանք էին տանում նոր կյանք, կոլեկտիվ կյանք ստեղծելու:

Վերջի տարիները Սահակին չէի տեսել: Հեռվից հեռու լսում էի նրանց աշխատանքը, երբեմն էլ «Մաճկալում» պատահում էի թղթակցությունների, գրված նրանց գյուղից, նրանց կոլեկտիվից:

Էս գարնանը գործս ընկավ նրանց կողմերը: Խորհուրդի դռան առաջ կանգնել էի, մեկ էլ տեսնեմ ներքի ճանապարհով դեպի ինձ է գալիս Սահակը: Քեֆ հալ հարցրեց և տեղեկանալով, որ կատարածուն ուղարկել եմ նախագահի ետևից, նեղացավ, որ իրենց տունը չեմ գնացել:

Ինչ է, կոլեկտիվ ենք մտել, գուցե կարծես, թե ղոնաղ չենք ընդունում...Արի՜, արի գնանք հիմա առաջվանից սրտաբաց կընդունեմ:

Նրա տունը գյուղի ծայրին է: Վերջին տարիները նոր տնատեղեր այդ մասում են բաժանել: Արդեն կառուցված են 10-20 նոր տուն, պլանով, լայն փողոցի երկու կողմը:

Մենք ներս մտանք սրահը: Գերանի վրա նրա երեխան նստել էր, գլուխը կախել գրքի վրա: Մեզ տեսնելուց նա վեր կացավ, ապա տեղը փոխեց և շարունակեց ընթերցանությունը: Սահակի կինը արևի տակ չորացնում էր մանր, դեղին սերմեր, որ փռել էր առանձին թերթերի վրա:

Էս ի՞նչ է, Սահակ, — զարմացած հարցրի ես: Սերմերն անծանոթ էին:

Սա դեղին յոնջի սերմեր են: Խալխը ցանում է, յոնջից շատ բերք ստանում, մեր տեղը սրան ասում են իշու յոնջա: Հերու սերմացու եմ հավաքել: Էս տարի ապառաժ տեղերը պիտի ցանեմ...լավ խոտ կլինի՛, — և մատների մեջ տրորեց տաքացած սերմերը:

Սահակ, էլի էն բաները չես մոռացե՞լ... — հարցրի ես: «Էն բաները» օտար երկրներում տեսած արդյունավետ բույսերն ու մեքենաներն էին:

— «Էն բաների» ժամանակը հենց հիմա է...Էնպես խոտեր ցանի կոլեկտիվը: Էս ապառաժները դարձնի ծաղկած դրախտ:

Հա՜ , դու էդպես ասա...Մատներս տարավ էս անտերը, — դժգոհեց կինը, մեկնելով ձեռքը, որի մատները ծակծկել էր չոր ցողունը:

Անխե՜լք, դու էլ փալասի մեջ փաթաթած տրորի, — պատասխանեց Սահակը, — վե՜ր, վեր բան-ման շինի...

Սահակ, կուշանանք...

Մուխանի երիշը ես գիտեմ...Արևը չթեքվի, չի գալու: Էն վերի հանդում նոր հողեր են ձևում: — Եվ կոճղը տակը դնելով, շարունակեց կնոջ թերի աշխատանքը:

Իզուր աշխատանք է, բայց ինչ արած...

Ի՞նչը, — հարցրի ես: Կարծեցի, թե խոսքը սերմերի մասին է:

Մուխանի արածը: Կոլեկտիվը վերի հանդումն էլ հող ունի, արանքումը անհատական հողեր են...Հիմա նրանց ուրիշ տեղ են տալիս...Ասա վաղ թե ուշ մտնելու ենք կոլեկտիվ, էլ ինչո՞ւ զուր աշխատանք եք անել տալիս:

Սահակը լռեց: Նա ճաքճքած, եղունգները ճոթռած մատներով մեկ-մեկ ջոկում, դեն էր գցում մոլախոտի փշոտ սերմերը: Ապա գլուխը բարձրացնելով նայեց ինձ.

Այ, էսպես է հիմա...Ջոկում ենք, խախալում...դժվար է, ինչ արած...Հեշտ բան չկա: Հազար տարվա տեսածը շուռ է գալիս, փոխվում, իհարկե, սրտները մի քիչ կպղտորվի: Բայց էդ էլ իմացիր, որ ջուրը մինչև չպղտորվի, չի պարզվի: Հիմա ջուրը զուլալվում է...

Մեր զրույցը դարձավ կոլեկտիվի շուրջը:

Նոր-նոր տեսնում են կոլեկտիվի օգուտը: Քանի տեսնում են, էնքան շատ են գալիս, սիրտները տաքանում է: Էս քանի օրը տասը դիմում ընդունեցինք: Առավոտս գնացել էի Նռնաձորի բաղերը. առու էինք հանում: Վերջացրինք, գալիս էի, Չետանց Առստամ ենք ասում, հերու ձմեռը ձենը գլուխն էր գցել, գոռում էր կոլեկտիվի հակառակ, հա՛, Առստամը առաջս կտրեց, թե խոսք եմ ասելու: Ես գլխի ընկա մտքինը:

Սահակի կինը օջախի առաջ չոքած՝ գլուխը դարձրել էր մեր կողմը: Նա տեղից կանչեց.

Բալքի ուզում է կոլեկտիվ մտնի...

Հենց քո ասածն է:

Չընդունեք, նրան չընդունեք: Նա որ էնքան հակառակ էր:

Ո՞նց չընդունենք, — հեգնեց Սահակը: — Հիսուն տարի չոբանություն արած մարդուն ո՞նց չես ընդունի: Կամքի վրա չի՞: Գյալեն էլ էր հակառակ. հիմա տեսնում ես: — Եվ դարձավ ինձ.

Գյալեին դու էլ պիտի ճանաչես...Էն տարին, որ շարքացանը բերել էինք, քեզ խաբեց, թե ինքը կսերմի: Հետո հարբած եկավ կռիվ քցեց: Նա էլ շատ հակառակ խոսեց, բրիգադը որ եկավ մեզ մոտ, էն օյինը դրեց մեր գլուխը: Որ ասել են աղքատ եմ, հպարտ եմ, մեր Գյալեի համար են ասել: Ներքի գյուղում, որ հարսանիք լիներ, ինքը էստեղ կտուրի վրա պար կգար...

Երեխան գիրքը թողած, ծիծաղից փռթկացրեց էս խոսքի վրա: Սահակը չնկատեց և շարունակեց:

Հավատ, ընկերություն, տղամարդի խոսք, — բոլորը կտար մի ստաքան արաղի: Էնքան էլ ծո՛ւյլ, որ շահի թամբալը նրա մոտ ոչինչ: Խմած որ չլիներ, պատի շվաքում կքներ...Մի առակ են ասում, թե վաղ ժամանակները, երբ փահլևանները գյուղերը ման էին գալիս, օյիններով իրենց ապրուստը հավաքում, մի մարդ է գալիս մեր գյուղը, էն ժամանակ մելիք էր նստում, էդ մարդը մելիքին ասում է՝ ինձ կամ մի բեռ ցորեն տուր, կամ գյուղից մի մարդ դուրս բեր, որ ինձ ղանիմ լինի, հետս հավասար քնի: Ո՞վ կլինի, ով չլինի ասում են Շիբանանց տնից մեկը կա, որ առավոտից մինչի իրիկուն ուռու տակը քնում է. թե հաղթեց, նա կհաղթի: Կանչում են էս մարդուն, բերում փահլևանի առաջը, մելիքն ասում է, թե քեզ ղանիմ սա կլինի: Գնում են ուռու տակը: Էս փահլևանը բոյով մի մեկնվում է, որ քնի, մեկնվում է ասում՝ «Յա իլ վադասի», այսինքն՝ թե մի տարի ժամանակով: Էդքան պիտի քնի. էս Շիբանանց թամբալը կողքը քորում է, պինդ օրոշտում, էրի մեկնվում և ասում՝ «Յա ախրի ղամանի», այսինքն՝ մինչև աշխարհի վերջը: Էս փահլևանը վեր է կենում փախչում, թե ես սրա հետ չեմ կարող քնել:

Թեև առակ է, բայց մեր Գյալեն քեզ օրինակ: Օխտն օր, օխտը գիշեր կքներ: Այ խմելուն ինչ եմ ասել. մի կպրոն արաղ կխմի, թե էս պատը հարբեց, նա էլ կհարբի: Որ իրեն հարցնում էինք, թե դու ինչ ես՝ չքավոր ես, միջակ ես, ասում է, ես աշխատավոր պյանից եմ:

Ինքն էլ շատախոս, ղարաչի, որ հարբեց, ինչ լեզվին գա, կասի: Բաննահենց խալխը նրան շինել էր ձեռքի ղուշ, արաղ էին տալիս, կատարը տաքացնում, բաց թողնում մեզ վրա:

Բալշևիկը որ գալիս էր, էն առավոտը տեսնեմ Գյալեն քյանդիրով կապկպոտել էր թվանքը, ուսը քցել: Տկլո՛ր, մի ոտին տրեխ, մինը բոբիկ...Ո՞ւր Գյալե. բալշևիկը գալիս է, գնում եմ կռիվ տամ: Ասի քարեքար մի ընկնի, բալշևիկի դեմ թող Բաննահենք գնան: Եթիմներդ մեղք են, ա՛յ անխելք: Քամով են քցել, քեզ խաբել են: Մի սհաթ չէր քաշել էս խոսքից՝ տեսնեմ ներքևի ճանապարհով բալշևիկի զորքը բարձրանում է: Սարի կողմից դաշնակները կրակում էին, բայց գնդակները գյուղի տներին էլ չէին հասնում: Գյալեն քաշվեց տունը: Հետո իմանամ, որ Բաննահենք նրա խելքումը նստացրել են, թե բալշևիկները գալիս են չքավորներին կոտորեն: Հալել են լցրել գլուխը, թունդ էլ խմացրել:

Հերու ձմեռ էլ նա էդպես արեց: Կոլեկտիվի բրիգադը որ եկավ, գյուղացիք ձագ տված մեղրաճանճի նման հավաքվեցին: Էնպես մարդ էլ եկավ, որ մի ոտը գերեզմանումն էր, քուրսու տակից չէր դուրս գա: Մեկը մեկի վրա լցվել էր, տեղ դադար չկար:

Ո՛ւ, էն ինչ օր էր, — ասաց կինը:

Մի հին ղարադամ էինք հավաքվել, էլի շատը դուրսն էր: Բաննահենց խալխը առանձին էին: Բրիգադը ընկեր Ներսեսն էր, մի ժամանակ հողբաժնի վարիչ էր: Ժողովը սկսեց, խոսեց, բացատրեց: Հարցեր էին տալիս. դե անծանոթ բան, էն էլ կոլեկտիվի պես: Մինը թե, որ կոլեկտիվ մտնեմ, էգուց իմ տանը ձավար չի լինելու, էն մինը թե՝ երեխա ունեմ, նրա դարդն եմ քաշում, թե չէ կոլեկտիվ կմտնեմ, էն մյուսն էլ թոքախտությունը պատճառ բռնեց: Մեր գեղը Բոզի անունով մի դալլաք կա. եկավ՝ լաց, աղաչանք, պաղատանք, թե կինս մի կողմից է ապստամբել դեմս, մի կողմից էլ մասսայի ձեռիցն եմ մնում կրակի մեջ, մի տեղ ցույց տվեք կորչեմ գնամ, էսքան տարի հալալ հարազատ հակված եմ եղել դեպի Խորհրդային իշխանությունը:

Էդպես խոսում էին տատանողական դրության մեջ, սարի խոտի նման որտեղից քամին փչում էր, էն կողմն էին կռանում: Էպես էլ կար, որ դիմումը ծոցից հանում էր, որ սեղանի վրա դնի, մեկ էլ նայում էր հարևանին, դիմումը նորից ծոցը դնում: Մի քանիսն էլ թե՝ ախպեր, հերիք է ինչքան խուլ ապրեցինք, էս կառավարության փեշիցը բռնած գնալու ենք, որ ծովն էլ թափվի, կթափվենք:

Կոլեկտիվի մասով ես խոսեցի, մեր Միխայելը խոսեց, վարկային Սմբաթը, կոմսոմոլ Սերոբ, մի Նավո անունով բատրակ ունենք, ինքն էլ մշեցի, նա խոսեց, էլ հիմա չեմ հիշում բոլորին: Մենք կողմ էինք, մի խալխը հակառակ, Բաննահենք էլ նրանց գլխավորը, մի մասն էլ արանքն էր, սպասում էր, թե որ կողմը կհաղթի:

Մեկ էլ Գյալեն ղալմաղալը քցեց: Էն տեսանք, որ քոռ մոշահավի պես թևերն իրար տալով առաջ ընկավ, գոռաց.

Մի հարց, ընկերներ...

Հարցերը վերջացել են, Գյալե...

Թող ասի, թող, — կանչեց Բաննահենց խալխը:

Ես գլխի էի, որ լակել է. արաղի հոտը փչում էր, ոնց որ կուպրից: Թիկունքին կանգնել եմ, էն է հա մի խառնակչություն աներ, տակս պիտի կոխեի:

Գյալեն թե՝ ընկեր բրիգադ, դե որ էդպես հավասարություն է, Երևանի ինջիներները, կամիսարները բերեք թող ինձ հետ հավասար աշխատեն: Էն կռնիցը կանչեցին՝ «ա՛յ ճշմարիտ խոսքը», մենք էլ՝ «ի՛նչ էլ աշխատող ես...»: Մի քանիսը ծիծաղեցին:

Ես ասի ընկեր բրիգադը պատասխանը լավ չի տա, համա չէ, ընկեր Ներսեսը գաղափարի կողմանից շատ զրինգ է: Նա թե՝ ընկեր, էդ ինջիները, որ էդրոկայանը շինի լա՞վ է, թե կոլեկտիվի եզինքը պահի: Գյալեն տազ արեց, ես կանչեցի.

Հարկե, էդրոկայանը...Հրեն մեր գետի վրա էլ են ստանցի շինում:

Ստանցին լուսավորություն է, — իմ հետևից կանչեց մեր Անդրեասի տղան:

Բա էդ խոսքն ինչո՞ւ ես ասում, ընկեր ջան:

Գյալեն տաքացավ:

Բա ոնց չասեմ, ե՞ս եմ մտնում կոլեկտիվ, թե դու: Պիտի ասեմ, բա ո՞նց. հողս, բաղս ձեռիցս տամ, մեջտեղը տկլոր կանգնե՞մ: Էն վախտը տեղդ էլ չեմ իմանա, որ գամ ասեմ, ընկեր, էս ի՞նչ արիր:

Էդ ե՞րբ ես բաղատեր դառել, Գյալե...

Հարցը ես իմանալով տվի: Ճանապարհի տակը Նռնաձոր ենք ասում, չեմ իմանում տեսել ես թե չէ: Էդ ձորումը էն առաջի տարիները կոկլիկ բաղ տվինք Գյալեին: Լքյալ գույք էր. առաջներումը էլի Բաննահենց ազգն էր տիրապետում: Էդ հարցը իմանալով տվի, որ էն խումբը կատաղի:

Էդ է, որ բաղ ես տվել, կոլեկտիվ չի մտնում է՛, — էն կռնիցը պատասխանեցին, — փորը տաքացել է, սիրտը մուլքի վրա մրմռում է:

Էս խոսքին տեսնեմ Չետանց Առստամը «հեռի, հեռի՛» ասելով քունջիցը առաջ եկավ, չոբանավարի մահակը մեկնեց թե.

Ես իմ հոգիս, Գյալեն ուղիղությունը խոսեց կոլեկտիրի մասով: Այ խալխը, — և երեսը շրջեց դեպի ժողովուրդը, — էլի էն մեր հողն ու ջուրը չի՞: Որ կոլեկտիր դառանք, հողը հո ավելանալու չի՞. ծմակը հո մեզ չեն տալու: Էնքան տարի գիշեր-ցերեկ վրան արյուն քրտինք ենք թափել, օրը մի ժում հաց կերել, ի՞նչ ենք դատել, որ հիմա կոլեկտիվը դատի. էն էլ աշխատանքը սհաթով, ես ի՞նչ իմանամ կնիժկայով, չեկով...

Տրակտոր ենք բերում է՛ , Առստամ ապեր, տրակտորի մաշին...

Ընկերովի լավ կաշխատենք, — էս ու էն կողմից վրա տվինք:

Ասացի, որ մեր գյուղում մշեցի մի բատրակ կա, անունը Նավո: Դա Առստամին էն խոսքերն ասաց, որ մի փութ մեղրով չի ուտվի: Նրա մերն էլ խոսեց, Հերքո պառավը: Արմացք բան էր. էսքան տարի ո՞վ էր տեսել, որ Հերքո պառավը ժողով գա:

Խազեյնի ձեռք տանջվիր եմ, ջնջվիր եմ: Իմ ջիգյար դաղուկ է: Ցամաք հաց կիտար, փշուրըմ շոռ: Մենք լե հոգի ենք, չէ՞...

Վերջը, թե՝ էդ կուլակությունը ջնջենք, կոլեկտիվ հիմնենք: Շատ լավ խոսեց մշեցի պառավը:

Գյալեն տակից գլխից սկսեց դուրս տալ: Ընկեր Ներսեսի հետ մի բարակ երիտասարդ էլ էր եկել: Շատ քաղցր վարվեցողություն ուներ: Գյուլեն հիմա էլ շուռ տվեց նրա վրա:

Անունդ դրել ես ծառայող, կալոշ հագել, փափուկ պալտո, ինձ ճանապարհ ես ցույց տալիս: Շեն մնաս, ախպեր, ինչո՞ւ ես նեղություն քաշում: Ես քեզ չեմ հասկանում. ֆրանսերեն ես խոսում, ֆարսերեն: Քո ասածը չեմ հասկանում:

Է՛դ Բաննահենց արաղն է խոսում, դու չես խոսողը:

Հենց վարկային Սմբաթի ձենն իմցա: Մեկ էլ ժողովը իրար խառնվեց: Մի խումբ հուջրյում արեց ընկերների վրա. մինը գոռում է «քշեք», մինը՝ «չենք ուզում», մի ուրիշ խումբ՝ «կեցցե կոլեկտիվը».

Ես Գյալեի յախիցը բռնեցի:

Էդ արաղը որ լակել ես, էլի ձեր իշխանության էրեսիցն է...թե ո՞նց: Չոռ ու ցավ ոնց: Դու Գյալեն լինես, նրանք քո Բաննահենց ազգը, սոված սատկիիր քեզ մի պատառ հաց չէին տա, քեզ մարդու տեղ չէին դնի: Մոռացե՞լ ես, որ նրանք գլավիցը քաշ մարդու հետ նստել վեր կենալ լայեղ չէին համարում:

Следующая страница