Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Գլավան ով է, հայրիկ, — հարցրեց երեխան, որ ընթերցանությունը թողել ու նստել էր մեր կողքին:

Գլավա՞ն... — և Սահակը նայեց իմ երեսին, կարծես խնդրում էր, որ ես բացատրեմ:

Գլավան մի արնախում մարդ էր բալա ջան,— և խոսքը շարունակեց,— հիմա որ նեղն են, տեղները դառն է, արաղով են քեզ խաբում, իրենց մարդը հաշվում:

Էս խոսքին, տեսնեմ մի փափախ թռավ, ճրագը հանգեց:

Էն ո՞վ էր, ով չէր...

Որտե՛ղ...հազարի մեջ կիմացվի՞: Սերոբի ձենը լսեցի.— փափախս...բաց թողեք, թողեք ինձ...

Կրակ արինք, բայց ուշ էր:

Ժողովուրդի շատը ցրիվ էր եկել, որր ղալմաղալի ահից, որի զահլեն էր գնացել, որն էլ մհանա բռնեց ճրագի հանգչելը:

Սերոբ, էդ ո՞վ էր...

Չիմացա, հենց էն տեսա, որ փափախը գլխիցս առան, ճրագը հանգավ, մինն էլ բամփեց:

Բա ո՞վ էր կողքինդ:

Մերոնք էին:

Էդպես էլ չիմացվեց, թեև մի քանիսի վրա կարծիքավոր էինք:

Ի՞նչ երկարացնեմ: Էդ ձմեռ մեր գյուղը շատ բան տեսավ: Կոլեկտիվ էլ մտան, դուրս էլ եկան, շատ անասուն մորթեցին միսը շան փայ արին: Շատ էլ սխալ բաներ բռնեցին. ժողովուրդն իշխանությունից մի քիչ մրսեց:

Չիտանց Առստամը որտեղ նստեր, չախչախը հա կբաներ. թե ասում է վերի ուրգանների կոմունիստներն են լավը: Էս բոլորը գյուղի կուսակցականների գործն է, ձեռ-ոտի մարդկանց արածը:

Էլ ինչ պրավակացի, ի՛նչ տեսակ օյիններ...

Մի հորքուր ունեմ. ինձ բռնել էր, թե՝ ասա տեսնեմ կոլեկտիվի երեխան հո՞ր անունով պիտի գրվի, թե՞ մոր: Ես գլխի չէի. ասի ո՞նց թե մոր անունով, — թե՝ բա որ իրար խառնվեն, հերը ո՞նց պիտի իմացվի:

Սահակի կինը քթի տակ ծիծաղեց: Երևի նա էլ շատ էր լսել կուլակների տարածած լուրերը: Սահակը շարունակեց.

Զուր չեն ասել, թե խոսքը վախտին է գալիս: Թարսի նման էդ ժամանակները «Մաճկալն» էր, թե ո՜րը, տպել էր թե Մոսկով մեռելը էլ չեն թաղում, վառում են: Էդ էլ տարածվեց. լուն ուղտ շինեցին, թե կոլեկտիվը հիվանդներին, պառավներին պետք է վառի:

Խոսվածքությունը տներն ընկավ:

Էդ որ շատ ասում էին, թե կնանիքը չեն ուզում կոլեկտիվ գրվեն, չհավատաս: Մարդիկ տակից սովորացնում էին, թե էսպես կասեք: Թե չէ կնիկս ո՞րն է: Ես որ գնացի՝ կնիկս էլ կգա, երեխաս էլ: Հո բոլոր կանայք մարդաթող չպիտի մնան:

Բայց կանայք էլ կոլեկտիվի հակառակ ագիտագցի էին անում: Մինը հրես է՛... — և խոսքն ընդհատելով` Սահակը ձեռքը մեկնեց կնոջ կողմը:

Կատեգորսկի կերպով ինձ տուն չէր թողնում: Ասում էր՝ դու քո գլխին, ես՝ իմ:

Կինը գլուխն աթարի ծխի քուլաներից հեռացնելով նայեց մեզ:

Ինչ ճիշտ է, ախպեր, վախենում էի երեխորց մասով...Ասում էին, երեխորցը հավաքելու են տանեն ռուսացնեն: Ես էլ ասում էի՝ այ մարդ, մի՜ վռազի, կոլեկտիվ մտնողը թող մի ցամաք հաց ճարի, հետո հեշտ է:

Բա դու խորհրդային միջոցով չես առաջ եկե՞լ, — հարցրեց Սահակը:

Չեմ ուրանում:

Դե առաջաքաշ եղի՛ր, է՜:

Մենակ ես չէի հո: Մեր վարկային Սմբաթի կնիկը էն քարոզն էր տալիս կոլեկտիվի հակառակ ո՛ր...հալա մարդն էլ կուսակցական:

Զուռնեն մեղավոր չի, տիկն է մեղավոր: Մեզ հայտնի է ձեր քարոզիչն ով էր, — և դառնալով ինձ, զրույցը շարունակեց: — Ասենք մի կողմից էլ ժողովրդին մեղապարտել չի լինի: Տեսած բանը չէր, դժվար էր: Եկած բրիգադն էլ սխալ խոսքեր ասաց. մինը թե մսուր պիտի շինենք, էն մինը թե՝ մանկապարտեզ, քորփա երեխոցը պիտի չափով կաթ տա մանկապարտեզուհին:

Դրանից էլ մի պատմություն դուրս եկավ: Կնանիքը թե՝ մեր երեխեքը ոնց պահ տանք խորթ մորը: Քցում ենք մի քոլի տակ, արտը քաղհանում, զարթնում է, ծիծ ենք տալիս: Մեր կաթը թողենք թափի, մսուրի կաթ տա՞նք: Մեր երեխան, որ ժամով հաց կերավ, կմեռնի:

Տո ո՞րն ասեմ:

Էդ օրերը Բաննահենց երկու տունը գյուղից քշեցին: Ճիշտն ասած՝ ես դրանց քշելուն հակառակ էի: Ախպեր, ասի, առեք տունը, տեղը, բաղը, հողը, իրան մի խարաբա տվեք, թող մեր աչքի առաջն ապրեն: Թող տեսնեն, սիրտը դաղվի, ոնց որ դաղել են մեր սիրտը: Թող դարդից ցնդեն:

Չլսեցին. թե քո ասածը հակառակ է մեր ծրագրին, թե գայլը թողնում ես գառանոցում, որ մեկ-մեկ բռնի խեղդի՞: Ես էլ գնացի իմ ձեռքով նրանց քոչը բեռնեցի, ասի՝ չասեք, թե էյվազանց Սահակը կուլակի սրտիցն է խոսում:

Քշեցինք: Համա վերջն իմ ասածը կատարվեց: Քննություն արին, տեսան, որ սխալ ենք բռնել: Գարունքվա մի առավոտ նրանց քոչը էլ ետ եկավ: Հեռու էլ չէին գնացել. էս մոտերքը իրենց ձմեռանոցում սթարվել էին:

Էլի մեր զրույցին գանք:

Կոլեկտիվը որ շաղ եկավ, մնացինք քսան-երեսուն տուն: Մեր Գյալեն հենց առաջին օրերը գլուխն առել էր, կորել: Խաբարն եկավ, թե գետերումը քար է ջարդում ստանցու շինության համար:

Գարունը բացվեց: Նստեցինք, հաշիվ արինք, մեր աշխատանքի պլանը կազմեցինք, մի առավոտ էլ առաջինը մենք դուրս եկանք դաշտ:

Մի տեսակ էինք զգում մեզ: Էլի մեր հողերը, մեր ընկեր-հարևանները, բայց մենք էլ առաջվանը չէինք: Կարծես էն հողերն էլ ուրիշ տեսակ երևացին, թեև տեսքն էն էր, ինչ տեսել էինք մեր ծնվելու օրից:

Չեմ իմանում քեզ պատահել է, թե չէ, իմ գլխովն անցել է, որ ասում եմ: Գերությունից վերադարձա, հենց գյուղը աչքիս երևաց թե չէ, մնացի զարմացած: Ասեմ թե տուն էր քանդվել, — քանդված տուն չկար, թե տներն էին հնացել, — մի քանի տարում ինչքան պիտի հնանային հարյուր տարվա տները, որ աչքիս թվար:

Մի օր մնացի, ման եկա տեսած տեղերս, նոր գլխի ընկա, որ ես եմ փոխվել, և աչքիս է երևում:

Էդպես էլ առաջի գարունը:

Մեր հողերն են, անուններով ճանաչում ենք, գիտենք, որը ումն է, ինչ ուժ ունի, բայց էլի մի տեսակ էր թվում: Տղերքն էլ էին փոխվել:

Ուրեմն էլ ջրի կռիվ չպիտի տա՞նք...

Բա էդ ո՞նց կլինի, որ հարևանիս միջնակից մի ակոս չծրեմ իմ կուռը:

Էդպես հին սովորություն կա մեր գյուղերում: Շուտ վարոը մեկ էլ տեսար սահմանի միջնակից կեսը ցելեց. կռիվ, ղալմաղալՄերոնք դրա մասին էին ասում:

Վարն սկսեցինք: Լավ էր տրակտորը հասավ, թե չէ բաներս բուրդ էր: Լծկան քիչ ունեինք: Տրակտորը հասավ, թե չէ, մենք էլ գիշերը ցերեկ արինք, էնքան ցել սևացրինք, որ մնացել էին զարմացած:

Մենք էլ էինք զարմացել մեր արածի վրա: Եթե ջոկ-ջոկ վարեինք, դրա կիսի չափն էլ չէինք հասցնի: Ընկերովի աշխատանքն ուրիշ է, ուրիշ:

Մեր Գյալեի սերմը մնացել էր տափին: Նրա արտն էլ մեր հողերի սահմանին կպած էր: Մերը որ վերջացրինք, ասի եկեք մի լավություն անենք, Գյալեն հեչ, բայց երեխաներն են ափսոս: Էս նեղ մաջալին ով է նրա համար վար ու ցանք անելու:

Տրակտորը շուռ տվինք դրա հողի վրա: Մինչև կեսօր վարեցինք, ցանեցինք, հլա մի փութ սերմացու էլ մեր ձիու վրա դրած՝ ետ ուղարկեցինք տունը:

Կինը եկավ, շա՛տ, շատ շնորհակալ եղավ: Մեկ ուզեցի հասկացնեմ նրան, որ դիմում տա, մտնի կոլեկտիվ, մեկ էլ ասի, ով գիտի ինչ պրավակացի տարածեն գյուղում, թե կոլեկտիվը զոռով կնիկը մարդուց բաժանում է:

Չասածի:

Արտերը կանաչեց: Մի թամաշ էր ո՛ր...Ուրիշինը ծուռտիկ, մի տեղ սեյրակ, մի տեղ՝ թանձր, կորեկի կողքին գարի, միջնակների խոտը գարուց անցել էր: Իսկ մերը՝ միատեսակ, մաքուր ցորեն, ոչ միջնակ ունի, ոչ սահման կա, միահավասար կանաչել է:

Մի երեկո էսպես նստած խոսում էինք, տեսնեմ ըհը՜, ներս մտավ:

Ո՞վ,— հարցրի ես:

Գյալեն: Ներս մտավ, բարև տվեց: Հենց էդ էլ զարմացրեց ինձ, բարև տալը: Գյալեն որտեղ, բարև տալը որտեղ: Հարց ու փորձ արինք գործից, էդրոկայանի շինությունից: Լավ խաբարներ ասաց: Մեկ էլ թե՝ քեռու տղա, — ինձ էլ քեռու տղա է ասում, — դուրս արի, բան պիտի ասեմ:

Դուրս եկանք բակը:

Ի՞նչ կա, Գյալե...

Հե՛չ...Ասում եմ լավ եք արել, որ արտս խափան չեք թողել...

Բա ոնց:

Ես էլ էդ եմ ասում, — մի քիչ լռեց, մեկ էլ ձեռքը դրեց ուսիս, աղաչելով ասաց: — Քեռու տղա, ինձ էլ գրիր կոլեկտիվ...

Մնացի զարմացած: Աչքիս չէի հավատում: Էս մեր Գյալեն և էսպես խեղճացած, փոխված: Էնպես լացակումած ասեց, կարծես մի շատ դժվար, շատ ծանր բան սրտիցն ընկավ, թեթևացած:

Լա՛վ...էգուց արի տեսնենք:

Էլ տեսնել չկա: Այսուհետ էլ վերջ, — և ձեռքը թափ տվավ:

Ինչի՞ն վերջ, Գյալե:

Ամեն ինչին...Երկու ամիս է բերանս էն զահարից մի կաթ չեմ առել և չեմ առնի: Հիմա ես հասկացա, Սահակ, շատ բան իմացա...Դուռակ էի, — և ձեռքը խփեց ճակատին, — խելքս ինձանից առել էին:

Սահակի կինն էլ էր ուշադրությամբ լսում: Երևում էր, որ նրա պատմած մանրամասնությունները կնոջ համար էլ նորություն էին:

Լավ, — ասացի:

Դուք որ իմ սերմը տափին չեք թողել, էլ ձեզանից լավ ընկեր չունեմ...Քեռու տղա, շատ բան հասկացա, շա՛տ...

Նորից ասաց: Ի՛նչ մեղքս թաքցնեմ, մտքովս անցավ, թե էլի խմած կլինի: Ոտի վրա մի տեսակ պինդ չէր:

Էն մեռավ, քո տեսած Գյալեն մեռավ, թաղեցի քարի տակ: Էլ նա դուրս չի գա: Այ տե՛ս, — և նա ծոցից հանեց մի կապ թուղթ փող, — էնտեղ եմ աշխատել, հալալ քրտինքով, որ խմեի, ոչ փողն էր պակաս, ոչ խմիչքը: Բայց չեմ խմել... Եվ բոլորը տալիս եմ կոլեկտիվին: Էս էլ իմ փայը:

Պետք չէ, Գյալե...գնա տուն, հանգստացի: Տանը պակասը շատ է: Էգուց կգաս, կվերջացնենք:

Հա՜, էգուց: Անպատճառ էգուց:

Նա գնաց, մեկ էլ հետ եկավ և բոլորովին մոտեցավ: Քիչ էր մնում ճակատը տրաքեր ճակատիս:

Մի բան էլ եմ ասելու, քեռու տղա...

Ի՞նչ, Գյալե, — համ հարցրի, համ էլ մտքումս ասացի, որ խմած չի, որովհետև բերանից հոտ չէր գալիս:

Էդ անունը էլ մի տուր:

Կարծեցի գժվել է:

Գյալեն մեռավ, Գյալեին թաղել եմ քարի տակՀիմա ես Գալուստ եմ, ընկեր Գալուստ:

Եվ կրծքին պինդ խփեց, կարծես այդ նոր անունը ամենաթանկ պարծանքն էր:

Վերադարձա, մերոնց ասացի, որ ուզում է կոլեկտիվ մտնի: Մեկն ուրախացավ, մյուսը թե՝ չլինի սրա տակը բան կա, մի օյին, էն մեկէլը թև՝ բանվորների մեջ մի քանի ամիս մնացել է, շփվել, երևի համոզել են:

Մյուս օրն ընդունեցինք: Անունը որ ժողովին կարդացինք, ծափահարեցինք: Շատ ուրախացավ, անչափ: Ասաց թե ինձ որ ծափահարեցիք, այսուհետև մեռնեմ էլ դարդ չունեմ:

Նշանակեցինք բրիգադ:

Դու աշխարհքի բանը տես, թե մարդն ինչպես է փոխվում: Էն ծույլ, ղարաչի, հարբեցնող, չքավորության մեջ խեղդված Գյալեն մեր կոլեկտիվի ամենաեռանդով բրիգադն է: Ոչ մի խոսք, ոչ մի ծպուտ չի հանի, առավոտը լույսը չբացված գործին է, ուր էլ ուղարկես՝ կգնա, մի խոսքով՝ կարծես նոր մորուց ծնված է:

Նրա էդ փոխվելը անասելի օգնեց մեր կոլեկտիվին: Էնքան մեր օգուտի մասին չեն խոսում, ինչքան նրա մասին: Էս զարմանալի բանը պատահեց, ախպեր, մարդը դարձավ ուրիշ, բոլորովին ուրիշ:

Սահակի կինը մեզ կանչեց թեյի:

Ես քեզ երեկոյան նրան ցույց կտամ...Մուխանի հետ գնացել է էն կողմի հողերի վրա: Մի խոսեցրու, խոսեցրու, տես ինչեր է ասում:

Ի՞նչ է ասում, Սահակ: Չի ասում, թե առաջ ինչո՞ւ էր այդպես:

Ասում է, որ հարցնում են, ասում է: Սիրտս նեղվում էր, ասում է, չքավորությունը խեղդում էր ինձ, ես տեսնում էի, որ էսպես գլուխ չեմ հանելու, մենակ աշխատելուց սիրտս սևանում էր: Ես էլ ինձ տալիս էի ծուլության, հարբեցողության: Ասում էի աշխարհի հերն անիծած, ինչ ուզում է թող լինի, էսօր կամ, էգուց չկամ: Հիմա ինչպես խոր քնից զարթնած: Ես եմ փոխվել, և ամեն ինչ աչքիս փոխվել է...Ես էլ փոխվեցի որ գնացի ստանցու շինության վրա, որ կոլեկտիվը հիմնվեց: Ասում է, տնից որ նամակ եկավ, թե կոլեկտիվը մեր արտը վարել է, ցանել, ջանս մի տեսակ սարսռաց, ես ինքս ինձ մտածեցի, թե ինչ ճանապարհի վրա եմ, մտածեցի և ձեռք քաշեցի ծուլությունից, հարբեցողությունից: Եվ դարձա ուրիշ մարդ:

Բա, էսպես եղավ, էսպես զարմանալի բան եղավ մեր աչքի առաջը: Ու հիմա գնա հետը խոսի. լեզուն էլ էն չի, նստել վերկենալը: Շատ աշխատում է, լավ էլ ստանում է:

Առաջ եթե նրան մեկը ընկեր Գալուստ ասեր, ժողովուրդը կծիծաղեր: Հիմա նրան քչերն են Գյալե ասում: Էդ քչերն էլ նրա երեսին քաշվում են ասել, իրար մեջ են էդպես կանչում:

Հիմա նա Գալուստ է, ընկեր Գալուստ

Սահակի այս խոսքին կատարածուն ներքևից ձայն տվեց: Նախագահը դաշտից վերադարձել էր գրասենյակ:

Ես շտապով վեր կացա:

ԺՊՏՏՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԸ

1

Քաղաքի խուլ փողոցներից մեկով անցնում էր մի մարդ: Հնամաշ կարտուզը քամուց պահելու, նաև ականջները չսառեցնելու համար՝ մարդը կեղտոտ լաթով փաթաթել էր գլուխը, ծոպերը նապաստակի ականջների նման գլխավերևը ցցել:

Նա աշխատում էր ձեռքերն ավելի խոր կոխել կիսամուշտակի տաք թևերի մեջ: Մարդը թևին էր հագցրել կարկատած կողովը, որը նրա քայլերից ցնցվում էր, մուշտակի փեշին զարկում: Նրա կոշիկների հաստ մեխերը մետաղի ձայն էին հանում, երբ կոխում էր սառույցը, և խուլ՝ երբ ոտքը խրում էր փափուկ ձյունի մեջ:

Ու նա գնում էր՝ գլուխը կախ, ցրտից կծկվելով: Գնում էր հավասար քայլերով, չնայելով ո՛չ տներին, ո՛չ ծուռումուռ փողոցների լաբիրինթին: Երբ քամին ձյունի փոշի էր շպրտում նրա երեսին, մարդը մի վայրկյան կանգնում էր, շունչը պահում և ապա կուրծքը դուրս քցած ճեղքում բուքը:

Տրամվային հասնելիս նա հետ դարձավ, նայեց կամուրջի սև սիլուետին ու սյուներին, որոնց վրա ճոճվում էին ջարդված ճրագների երկաթյա լուսամփոփները:

Մարդը նայեց, կռացրեց գլուխը կրծքին ու քայլերն արագացրեց: Ու նա հիշեց սարսափելին, ամենից սարսափելին, որ տեսել էր իր կյանքում...

...Երբ Դենիկինը քաղաքը գրավեց, նա առավոտ կանուխ դարձյալ շտապում էր գործարան...կամուրջին հասավ. ձիավոր պատրուլները հետ ու առաջ էին գնում: Իսկ սյուներից ճոճվում էին դիակները...

Առաջին սյունից կախված էր մի կին, վիզը ձգած, կապտած, լեզուն կախ: Ու նա սարսափած հետ դարձավ, չկարողացավ կամուրջով անցնել: Երկու հոգի տանում էին փայտյա սանդուղքը...

Ու նա գնում էր, գնում էր դեպի գործարանը, և հիմար մի հարց բարավի նման ծակում էր նրա միտքը. «Մի՞թե այդքան սոսկալի ու մեծ լեզու ուներ այն կինը, որի ցրված մազերը պղնձի պես կարմիր էին...»:

2

...Հրապարակի ամենաբարձր տան պատշգամբից կախված հսկայական քարտեզի առաջ խռնվել էր ծով բազմություն: Կային ծեր ու երիտասարդ բանվորներ, արհեստավորներ, դռնապաններ: Տեղ-տեղ երևում էին շալով փաթաթված կանանց գլուխներ:

Քարտեզի հաստ քաթանի վրա սև շրջաններով նշանակված էին քաղաքները, քառակուսիներով՝ գործարանային ավանները, շախտերը, ավելի փոքր կետերով՝ գյուղերը:

Հարավային ռազմաճակատի քարտեզն էր, ու նրա լայնքով, ներքևի մասում, ձգվում էր սև, օձանման գիծը: Սպիտակների դիրքերն էին, որոնց դեմ առ դեմ դարձյալ ամբողջ ճակատով ձգվում էր կարմիր ժապավենը, մի տեղ ուղիղ գծով, մի տեղ՝ կոր, քաղաքի մոտ՝ օղակաձև:

Գծերը դողդողում էին, շարժվում, փոխվում՝ մեկ ձգվում, երկարում, մեկ գոգաձև դիրք ստանում, մեկ հետ քաշվում, թողնելով քաղաքներ, գյուղեր ու ավաններ:

Իբրև ձգված լարեր գծերը դողում էին: Այդ հասարակ քարտեզ չէր, այլ արյունահեղ ռազմաբեմը կենդանի պատկերը, որ յուրաքանչյուր ժամ փոխվում էր, համաձայն շտաբի զուսպ և համառոտ հեռախոսագրերի: Կարծես արյունով լի երակներ էին, ուռչում էին հուզմունքից, դողդողում ու նորից հանդարտում: Դողացող այդ երակների միջով վազում էր բազմահազար մարդկանց արյունը:

Սպիտակ բանակն արշավում էր: Երկու օր առաջ նրանց սև գիծը քարտեզի վրա հազիվ էր երևում: Իսկ այժմ արձանի պես քարացած բազմությունը նայում է սև գծի առաջանալուն: Ահա մի սև սլաք երևաց: Հարձակվում են շախտերի ռայոնի վրա...Մի ուրիշ սև սլաք ձգվում է դեպի մեր աջ թևի թիկունքը:

Սև գիծը մոտենում է իբրև մահվան օղակ: Բազմությանը թվում է, թե իր վզին է փաթաթվում այդ օղակը սառն ու սև օձի նման: Ու հիպնոսացած նայում է, նայում է ու չի զգում ո՛չ ցուրտ, ո՛չ քաղց, ո՛չ հոգնածություն:

Բուքր ձյուն է մաղում, ձյունի սյուները կատաղի պարով թռչկոտում են հրապարակում, բազմության գլխավերևը, սակայն ոչ ոք տեղից չի շարժվում: Ոմանք կուչ են գալիս, գլխարկներն ավելի խոր կոխում: Այդ մարդկանց հոգսն ու միտքը պիրկ ձգված կարմիր լարն է:

Ու խուլ մռնչում են, ինչպես ծովը փոթորկից առաջ: Կարմիր գիծը ձախ թևում կախվեց, թեքվեցնրա մի ծայրը կեռ է տալիս թշնամու թիկունքն անցնելու: — Ո՛ւհ, — լսվում է մի ձայն, մի խուլ հոգոց, որ և՜ հառաչ է, և՜ ուրախություն, և՜ կասկած, արդյո՞ք կհաջողվի:

Այն մարդն է, հնամաշ կարտուզը գլխին, կողովը թևից կախ: Բազմությունը ճեղքելով նա մոտեցել է քարտեզին, մոտեցել է ու սառած աչքերը չի կարողանում պոկի դողացող գծերից:

Քարացած լռության մեջ մի ձայն հանկարծ որոտաց պատշգամբից.

Պրոլետարնե՛ր...էլ ինչի՞ ենք սպասում...Վրանգելի սև օղակը մոտենում է մեր քաղաքին: Ընկավ Մելիտոպոլը, մենք հաց չենք ունենա...Դոնբասը կառնի՝ կսառչենք մենք էլ, մեր գործարաններն էլ...Պետք է ջարդել կատաղած բարոնին, պետք է ծովը շպրտել նրան...էլ ինչո՞ւ ենք սպասում...Պրոլետարնե՛ր...իզե՛ն...

Ու նրա որոտն արձագանքեց փողոցներում: Վիթխարի տներն ասես ցնցվեցին: Բազմությունն ալեծուփ ծովի նման հետ-հետ քաշվեց: «Իզե՛ն, իզե՛ն», պոռթկաց կոչը...

Ո՞վ էր, որ առաջինն եղավ և կռվի կանչեց: Ելք ստացավ այն զայրույթը, որ եռում էր, ինչպես գոլորշին փակ կաթսայում:

Մարդը ժպտաց: Պարզ ու հասարակ ասաց նա, որի սիլուետը պատշգամբի վրա հազիվ էր երևում: Ճշմարիտ ասաց նա:

Միշո՛ւտկա, դու է՞լ ես եկել, — հարցրեց մարդը մի տղայի, որ թույլ բազուկներով սրան-նրան հրելով աշխատում էր դուրս գալու բազմության միջից ու տուն վազելու: Տղան ուրախացած մոտեցավ հորը:

Միասին գնանք տուն, հա՛, — ասաց նա հոր թևից կախվելով: Այդ րոպեին մեկը կանչեց. «Դեպի կայարան...ցեյխհաուզների մոտ...»:

Միշո՛ւտկա...դու մենակ գնա: Սա էլ հետդ տար, — ու մեկնեց կողովը, — վաղվա հացն է...Մորդ ասա, որ ես մերոնց հետ գնացի:

Տղան մնաց տեղը կանգնած: Ու երբ հայրը կռացավ, գրկեց նրան, ճակատը համբուրեց, նա զգաց մախորկայի ծանր հոտը, որ միշտ գալիս էր հոր բերանից, շրթունքներից: Բեղերը ծակծկեցին տղայի այտը: Աչքերն արցունքով լցվել էին. ինքը մենակ պիտի գնա տուն...

Հայրը մի քիչ հեռացավ ու նորից ձայն տվավ: Տղան վազեց: Հայրը արձակեց գլխի շորը ու փաթաթելով որդու վիզն ու ականջները, ասաց.

Դե վազի՜, որ չմրսես...

Մարդիկ լուռ գնում էին: Ստվերներ՝ խումբ-խումբ, առանձին: Մեկը զիլ ձայնով սկսեց ծանոթ երգը: Մյուսները ձայնակցեցին: Երգի ռիթմը չափ տվեց քայլերին: Բնազդը մոտեցրեց իրար: Ցրված խմբերը միաձուլվեցին և համաչափ օրորվելով, կորան խավարի մեջ:

Մարդը գնում էր բազմության հետ: Գնում էր, հանդարտ ժպտում ու քթի տակ ձայնակցում երգին: Ցուրտ չէր զգում նա, ո՛չ քաղց, ո՛չ հոգս:

Վիթխարի տներն ասես կուչ էին եկել, ներս քաշվել: Հրապարակը դատարկվեց: Միայն գազազած քամին վայրենի հռնդյունով մեկ առկայծող խարույկների վրա էր հարձակվում, ձյունի վրա կայծ ու կրակ ցրում, մեկ վզզալով կորչում սառած փողոցներում:

Գիշերային լռության մեջ, քնած քաղաքում լսվեց հեռվի ռմբակոծության խուլ արձագանքը: Քարտեզի վրա կարմիր գիծը ձգվում էր, իբրև պողպատյա լար. . . . . . .

3

Ինչքան էլ բնությունն աշխատեց այդ օրերում մարդկանց ներս քշել, բայց և այնպես տոնին բազմությունը փողոց դուրս եկավ, և անհամար ոտքերի տակ փողոցների ձյունախառն ցեխը տրորվեց ու սեղմվեց սալաքարերին:

Ձյունաբեր ամպերը կախվել էին քաղաքի վրա, նրանցից ավելի հանդուգներն իջնում էին ցած և խխունջի նման լիզում բազմահարկ տների կտուրները, գործարանների ծխնելույզների գագաթները:

Սակայն օդանավերի երամը վեր սլացավ, կորավ ամպերի մեջ, ապա երկար օձաշարանով պտույտներ գործեց քաղաքի վրա: Ամպերը ձյունի փաթիլներ տեղացին, օդանավերը՝ գույնզգույն թերթեր:

Երբեմն ձյունի մի փաթիլ քնքշությամբ նստում էր թերթիկի վրա և իջնում: Իսկ ներքևում՝ հազարավոր ձեռքեր որսում էին թերթերը, մանուկներն ուրախ ճիչով թաթիկները մեկնում էին: Ու ձյունի փաթիլը նստում էր նրանց տաք թաթերին, մի վայրկյանում փշրվում, հալվում...

Երկու օր քաղաքը պատրաստվում էր այդ տոնին: Պսակներ էին հյուսում, վիթխարի պլակատներ նկարում, էլեկտրական ճրագներից գունավոր շղթաներ հյուսում, զուգում-զարդարում գործարանների դռները, տների պատշգամբները, փողոցների խաչաձև անկյուններում հաղթական կամարներ կապում:

Մարդիկ էլ էին մաքրվում, հարդարում, լվանում, կարկատում, պատրաստվում: Բոլոր նրանք, որոնք սպասում էին այդ օրերին, ցանկանում էին և՜ մաքուր լինել, և՜ պարզ, կարծես այդ հսկա քաղաքը մի ընտանիք էր, տոնը՝ արդեն միս ու արյուն դարձած օր:

Ու շարժվեց բազմությունը...Շարժվեցին սեղմ շարքերով՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդներ: Դրոշակների ծովը հանդարտ ծփում էր, փայլփլում էին կարմիրի վրա ոսկի տառերը: Քայլում էին գործարանները, երկաթուղին, բանակը, դպրոցները, հիմնարկները, բոլորը, բոլորը...

Մի քանի տեղ մարդիկ իրենց ուսերի վրա էին տանում փոքրերին ու ցույց էին տալիս հրապարակները, փողոցները... Ահա ընդարձակ հրապարակը, որտեղից առաջին թնդանոթը որոտաց տարիներ առաջ, ցրտաշունչ ձմեռվա մի գիշեր...

Տե՛ս, տե՛ս, բալիկ, ա՛յ նա է՛...Մնում է...ու դեռ շատ կմնա, էնքա՛ն, որ դու մեծանաս, — ասաց մի հայր:

Կալանատունը բարձրացնում է կարմիր դրոշը, իբրև վիթխարի նավի կայմ...մարդիկ չեն երևում, իսկ բարձր ձողին քսվելով բարձրանում է կարմիր դրոշը, բարձրանում է ու քամուց փռփռում:

Թնդաց մի նվագախումբ, նրան արձագանքեց երկրորդը, երրորդը, և արձագանքը գնաց փողոցներով, հրապարակներով, բազմահազար մարդկանց գլուխների ծովի վրայով, գնաց ու դիպավ անհամար դրոշների, և իբր նիրհած եղեգնուտ, օրորվեց բազմությունը: Որոտացին փողերը, թմբուկները, ամբողջ քաղաքը վերածվեց մի պողպատյա ռիթմի:

Պահակներն արձանացել էին մայթերի վրա, փողոցների անկյունում: Երբեմն զգուշությամբ սլում էր մի ավտո, կանգնում մարդկանց ալիքին ճանապարհ տալու, և ապա սրտնեղած ծռվում ամայի փողոցը՝ զարտուղի ճանապարհով տեղ հասնելու: Ձիավոր պահակները մե՛րթ հսկում էին, մե՛րթ էլ ձիերի տեսքով հմայված, հետ ու առաջ անցնում: Ձիերն էլ էին կարծես զգում, որ իրենք էլ մասնակից են հաղթանակի այդ զորահանդեսին, որ իրենց հայրերն էլ կռվել են ստեպներում, անտառներում, և իրենց մեջքին նստել են հերոսներ:

Մարդիկ, որոնք դուրս էին մնացել շարքերից, նայում էին պատշգամբներից, պատուհանների հետևից, դռների արանքով: Մի հիվանդ դեռ վաղ առավոտյան բարձը դրել էր պատուհանին և ժամերով սպասում էր՝ երթը տեսնելու: Անսահման ուրախ էր նա, հիվանդ այդ երիտասարդը և մոռացած այն, ինչ ասել էր բժիշկը ճակատը չէր հեռացնում սառը պատուհանից:

Մամռոտած, երեսի մաշկը ծալ-ծալ մի կին վուալը մինչև քիթը վեր քաշած, նայեց երկար և կռացավ կողքին կանգնած պառավի ականջին.

Կարծես ոչինչ, չէ՞...

Այո, — ասաց նա ու լռեց:

Կուռ շարքերով քայլում են կոմունարները, և նրանց դոփյունից փողոցի գրանիտը զրնգում է որպես պողպատ, ու մեղմ ձայնակցում են փակաղակները, ռիթմով դիպչում պղնձյա կոճակներին: Բոց կա աչքերում, բարձր են գլուխները և քայլքը՝ վստահ: Պողպատյա հալոցք է հոսում և ոչ մարդկային զանգված: Իսկ ձյունաթույր ամպերի մեղմ փայլը խաղում էր սրածայր սվինների վրա:

Երթի առաջին խմբերը հրապարակը հասան: Ու հանկարծ, ինչպես որոտը, թնդաց հուժկու «հուռռան»...Ծովն է այդպես մռնչում և ոչ թե մարդը: Հին, խարխլած տներն ասես դողացին...Աղավնիները պտույտ արին եկեղեցու գմբեթի շուրջը, իսկ վուալով տիկինը թեթև ցնցվեց, թիկնեց ամուսնու ուսին:

Քայլում էր ծովացած բազմությունը, որոտում էին հազարաբերան հուռռաները, պղնձյա փողերը հնչեցնում էին հաղթական մարշ:

Այդպես մինչև մութն ընկներ...Ու դեռ գնում էին:

Մթնում թնդանոթն ավետեց պատմական ժամը: Վիթխարի քաղաքի հազարավոր գործարանների շչակներ միանգամից ձայնակցեցին՝ հուժկու սարսռեցնող սուլոցներով մեկը՝ բամբ, մյուսը՝ թավ, երրորդը՝ զիլ: Ռակետները հրե օձերի նման ճեղքեցին ամպերը՝ վերից գունավոր անձրև թափելով:

Ամպերը խտղտում էին, աշխատում դանդաղ սահելով պահվել երկնակամարի մութ խորշերում, որպես գիշերահավ:

Հրապարակի վրա վիթխարի տան ամբողջ ճակատը հրավառ էր: Այդ մի հսկա քարտեզ էր, որի առաջ ծովացած բազմության վրա լուսարձակները կաթնագույն լույս էին մաղում: Գունավոր ճրագներով նշանակված էին քաղաքները, գործարանները, կարմիր գծերով՝ ճանապարհները, կապույտ՝ ջրանցքները, պղնձագույն՝ հանքերը: Երբեմն մարում էին ճրագները, և մթության միջից դուրս էին թռչում հրե տառեր, շարվում կողք-կողքի: Մի խուլ մռռոց, ինչպես քամին ծովի վրա, անցնում էր հրապարակով: Կարդում էին գրերն ու թվերը...

Այդ հաղթանակների մատյանն էր, տասներկու տարվա գրքի էջերը, քայլ առ քայլ, սայթաքելով, մագլցելով անցած հաղթության ուղին:

Ու մեկ էլ լույսերը ողողում էրն քարտեզը, ամայի ստեպների մի խորշը կարմրին էր տալիս, և հառնում էր կարմիր թիվը:

Այստեղ պիտի լինի Մագնիտստրոյը...

Ու նորից թվեր, նորից կտրուկ բառեր, պարզ և անպաճույճ:

Վոլգան միանում է Դոնին, — և կարմիր հալոցքի նման մի երակ սլաքի նման ձգվում էր, ջրերը թափում ընդարձակ ծովը:

Բազմության մեջ մի մարդ, ինչպես բյուրերը, հարյուր հազարները, աչքը չէր հեռացնում քարտեզից: Փաթաթվել էր մուշտակի մեջ, ոտքերը վեր ու վար էր անում...որովհետև ծերացել էր նա, խոնավությունից մրմռում էր աջ սրունքի հնացած սպին:

Նա աչքը չէր հեռացնում վիթխարի քարտեզից, և երբ լույսերը մի վայրկյան հանգչում էին, նրա աչքի առաջ կախվում էր մի այլ քարտեզ, որի վրա կարմիր գիծը դողում էր իբրև պիրկ ձգված լար...

Բուքը խոլական պար էր խաղում մթնած հրապարակում և ձյուն շպրտում խարույկների շուրջ հավաքված մարդկանց երեսին: Լույսերը նորից էին ողողում հրապարակը, տները: Ու մարդը ժպտում էր՝ հանդարտ, խաղաղ...

Ի՛նչ լավ կլինի, — ասաց մեկը:

Եթե՛ լինի, — կամաց արձագանքեց մյուս երիտասարդը:

Կլինի՛, — վճռական ասաց մարդը և իր ծանր թաթով մեղմ զարկեց երիտասարդի թիկունքին: Նրանք իրար երեսի նայեցին: Ու երկրորդը գլուխը կրծքին խոնարհեց:

Կլինի՝ ասում եմ,— կրկնեց մարդը ու անհայտացավ բազմության մեջ:

Հաստատ ու դանդաղ քայլերով նա մոտենում էր ակումբի հրավառ մուտքին, որի բաց դռներից, իբր առատության եղջյուր, պղնձյա փողերը հնչեցնում էին հաղթության երգը:

Քայլում էր իր մտքերի հետ ու ժպտում՝ աշխատանքի մարդու իմաստուն ժպիտով...

ԿԱՂՆՈՒ ԳԵՐԱՆԸ

Ինձ շատ է պատահել գյուղերը ման գալ: Շատ էլ պատմություններ եմ լսել իմ պատահած գյուղերում, շատերը մոռացել եմ, բայց մի զրույց մինչև հիմա չարխի նման պտտվում է գլխիս մեջ: Ես խոստացել եմ «գազեթ քցել» Սիմոն ամուն և նրա զրույցը, կատարել նրա սրտի փափագը:

Հուր հավիտյան քեզ պարտական կմնամ, — խնդրել է Սիմոն ամին: Հիմա գրում եմ, բայց չգիտեմ նա ողջ է, որպեսզի նրան կարդան իմ գրածը, թե թաղել են հոր կողքին՝ հին գերեզմանատանը: Եթե այդպես է, թող այս զրույցը պայծառ պահի նրա և հոր հիշատակը, ինչպես «Արյուն աղբյուրի» ուստան անմահացրել է յուր աշակերտինը:

Բայց դառնանք զրույցին:

Էս վերջին տարին սարի արոտները չափում էինք, բաժանում գյուղերի վրա: Աշխատանքը ծանր էր, էս սարում մի կուրգան, էն բլուրի գլխին մի նշան, իջիր, բարձրացիր, սահմանները բացատրի: Լավ սարեր են՝ բա՛րձր, կատարները ամպերից վեր: Երբեմն ամպը կոխում էր, ձորերը լցնում սպիտակ քուլաներով, ոչ գյուղ էր երևում, ոչ անտառ, ոչ ճանապարհ:

Ամպերից բարձր արև էր, ամառվա պայծառ երկինք, իսկ ներքևը՝ մութ ամպ: Մեր աշխատանքը խանգարվում էր, սպասում էինք մինչև ամպերը ճանապարհ տան դիմացի արոտները տեսնելու: Եթե անձրև գար, իջնում էինք ներքևը, գյուղերը:

Էդպես մի երեկո հոգնած իջնում էինք: Քիչ անց սկսվեց Օվենի անտառը: Անտառ, ի՛նչ անտառ...Թեև օր կար, բայց մթնել էր անտառում, և մեր ձիերը փռնչալով դժվար էին տեսնում և հոտոտում բարակ արահետը:

Անտառից դուրս եկանք, շների հաչոցի ձայն եկավ: Գյուղը փոսի մեջ էր:

Ծարավ չե՞ք, — հարցրեց մեր ձիապանը, որ նույն գյուղացի էր, և կռացավ ջրի վրա:

— «Արյուն աղբյուրի» ջուր ենք ասում սրան...

Աղբյուրի շատ անուններ էի լսել, բայց այդպիսի անուն չէի լսել: Հետաքրքրվեցի, բայց ձիապանը չկարողացավ բացատրել:

Մի քիչ էլ իջանք, մեր առաջ ցցվեց մի ավերակ: Ոչ վանք էր, ոչ բերդ: Ավելի նման էր աշտարակի:

Բեգի ամարաթն է, — իմ հարցին պատասխանեց ձիապանը, — «Արյուն աղբյուրը» նրա հայաթումն է...

Երևացին առաջին տները, որոնք կուչ էին եկել ավերակ շենքի շուրջը: Որքան ցածր էին գյուղի տները, այնքան ամարաթն ավելի բարձր էր: Դարեր շարունակ ամարաթի տերերը ճնշել, արյունլվա էին արել գյուղը, որի տները կիսով չափ մտել էին հողի մեջ, ինչպես քարը ծանրության տակ, և այդ ծանրությունը եղել էր ամարաթը:

Մեզ բաժանեցին տների վրա: Լավ էր, որ տներում դեռ արթուն էին:

Սիմոն ամի՛... — կանչեց կատարածուն: Ներսից մեկը ձայն տվեց:

Ղոնաղ եմ բերել... — ասաց կատարածուն: Մեկը ճրագը ձեռքին դուրս եկավ, դարպասը բացեց, և գնացի մի գիշեր հյուր լինելու անծանոթ մի մարդու, որ իմ առաջ դուռը բաց արեց, դողացող ձեռքին ճրագը:

Այդ անծանոթը Սիմոն ամին էր:

Սենյակը նոր էր: Պատուհաններից մեկը նույնիսկ շրջանակ չուներ, իսկ մյուսը ՝ապակու փոխարեն թղթել էին «Մաճկալ»-ի թերթերով: Ամուր շինած սենյակ էր, վրայի գերանները մաքուր տաշած: Միայն մեջտեղի գերանը, որից կախված էր ճրագը, ռանդած չէր: Կլեպից երևում էր կաղնի լինելը: Միջի այդ գերանի վրա ուռուցք կար, որ լինում է, երբ ծառը հիվանդանում է կամ թե կացնով խփում են, խփած տեղը պռոշի նման հաստանում է:

Next page