Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Հենց ուզում էի հարցնել Սիմոն ամուն, թե ինչո՞ւ բոլոր գերանները տաշած են, միայն միջի գերանն է անտաշ, երբ ինքր գլխի ընկավ, ասաց.

Հիմա կասես, թե Սիմոն ամին անշնորհք մարդ է, հը՞ ...էսքան սարքել է, էն մի գերանում խռովել: Է՛...

Սիմոն ամին էնպես ծոր տալով ասաց, որ իմ հետաքրքրությունն ավելի շարժեց:

Սիմոն ամի, էն ի՞նչ տուն է գյուղից վերև:

Բեգերի ամարաթն էր... Էս մեր սաղ մհալը՝ հայ-թուրք նրանց ճորտերն էին: Ծմակ, հող, ջուր նրանցն էր:

Ջուր ասելուց մտաբերեցի «Արյուն աղբյուրը»:

Էդ ինչո՞ւ են «Արյուն աղբյուր» ասում, Սիմոն ամի...

Պա՛հ, էդ անունն էլ ես իմացել...

Ընթրեցինք: Սփռոցը հավաքեցինք: Սիմոն ամին թե՝ հոգնած կլինես, տեղերը քցեն: Բայց ես խնդրեցի, որ նա ինձ աղբյուրի պատմությունն անի, և Սիմոն ամին այսպես սկսեց.

Ասացի, որ հողերը, հողի վրա էլ ինչ կա, բոլորը բեգերինն էր: Ճանապարհին ջուրը անցկացած կլինես...Մեր խմելու ջուրը էդ է: Ներքևի թաղում մի երկու աղբյուր կա, նրանք անհամ ջրեր են: Վաղ ժամանակները էս ամարաթը չկար: Բեգերը ապրում էին Բարգուշատում, ամառը գալիս էին մեր սարերը: Իլդրիմ բեյի հայրը, շան փայ դառնա նա, ոնց որ դառավ, անասելի չար մարդ էր: Օխտն օր, օխտը քիշեր մարդ նրա արածները նստի պատմի, չի վերջացնի:

Հա՜, էդ անիրավը ամարաթը որ շինում է, էդ մեր աղբյուրի ջուրը ուզում է կտրի, տանի իր հայաթը: Ո՞վ էր կարող ձեն հանի...Ժողովուրդ է հավաքում, ֆահլա հանում, քյունգերով բերում մինչև տան կողքը:

Ուստեքը քար են տաշում աղբյուրի համար, քարի ավազաններ են շինում...Բանի ժամանակը ուստայի աշակերտը չյաքյուճը ղրաղ է շպրտում, թե ես մատս կտրեմ, էս հարամ գործին չեմ խառնվի:

Բեգը լռում է, ուստայի աշակերտին բերել տալիս: Ասում է, դու քանի՞ գլխանի ես, որ իմ հրամանին հակառակ ես կանգնում: Մին է ասում, երկու, ուստի աշակերտը ասածից հետ չի կենում: Բեգը կատաղում է:

Դո՞ւ ես ասել, որ մատդ կկտրես, հա՞:

Ե՜ս եմ ասել

Էդ խոսքն է ասում թե չէ, վրա են տալիս կապոտում, քցում գետնին, բեգը թուրը քաշում է, դրա աջ ձեռքի մատը կտրում:

Ո՞նց թե, — զարմացած հարցրի ես, — Սիմոն ամի, ախր

Էլ ի՞նչ ախր, ա՛յ որդի, — գլուխն օրորելով շարունակեց Սիմոն ամին, — քեզ հաստատ պատմություն եմ անումԵս մշակին հաց տանող երեխա էի, մատը կտրած աշակերտին էնպես եմ հիշում, ոնց որ էսօրը: Հրե աչքիս առաջ:

Նա ձեռքը մեկնեց, կարծես, իրոք, մեր առաջ կանգնած էր մատից արյուն ծորացող՝ վարպետի աշակերտը:

Էս խաբարը որ հասնում է նրա ուստային, — լռության մեջ շարունակեց Սիմոն ամին, — գնում է աշակերտին բերում: Ասում է, դու գլուխդ կախ աշխատի, աշխարհն էսպես փակ չի մնա, մի օրից մի օր էս թարս փակած դռները կբացվեն, մեզ էլ մի լույս կծագի: Ասում է էս իմաստուն խոսքը, ոնց հիմա ես եմ քեզ ասումԼուս դառնա նրա հիշատակը...Էն վաղի ժամանակներն ո՞վ կիմանար, թե օր է գալու, որ չի լինելու ո՛չ բեգ, ո՛չ թավադ:

Հա, վարպետի խոսքերին գանք: Ասում է՝ ես էնպես հիշատակ թողնեմ, որ մնա, քանի էս աղբյուրի ջուրը մնա: Շեն բնակավայր տեղ է, ծարավ մարդիկ կգան-կխմեն, քեզ ու ինձ կհիշեն ու չեն ասի, թե խան ու բեգ է եղել աշխարհում:

Ուստան բերում է աղբյուրի ճակատը տաշովի քարով շարում: Որ վերջանում է, աշունք է լինում, բեգը քոչում է արանը, ուստին պատվիրում՝ մինչև հետ գալը իստակ, մաքուր սարքի: Ուստան բերում է աղբյուրի ճակատին փորում աշակերտի ձեռքը, մի մատը կտրած: Էդ կտրած մատի տեղն էլ հագցնում է ջրի ծորակը:

Դու աշխարհի բանը տես, — ժպտալով երեսը իմ կողմը դարձրեց Սիմոն ամին, — էդ ձմեռ էլ բեգը արանում որսի է գնում, գնում է ու շան փայ լինումԱսում են կատաղած ջանավարի բերանն է ընկնում, մեծ պատառը ականջն է լինում: Խաբարը մեզ գարունքը հասավ: Արանքն անցավ մի տարի, թե երկու, լավ չեմ հիշում, — վաղուց անցկացած բան է, — տեղը նրա ջահել տղան եկավ, Իլդրիմ բեյը...Նրա վերջն էլ փուչ եղավ, — դանդաղ վերջացրեց Սիմոն ամին և կարծես ինքն իրեն ավելացրեց.

Էդ վերջերքս էր, թագավորը թախտից ընկնելու տարին...Էն էլ մեզ շատ խաչեց, խաչահանեց...Հերս նրա ձեռքից չկորա՞վ, — և խոր հոգոց քաշեց: Ապա դառնալով կնոջը, ասաց.

Ա՛յ պառավ, բա չես ասում մեր ղոնաղը բեզարած կլինի...Ես էլ խոսքով եմ քցել:

Պառավը ձեռքը մեկնեց անկողնուն: Բայց իմ քունը խանգարել էր նրա պատմածը: Թեև առավոտյան կանուխ պիտի գնայի, բայց երևի էլ առիթ չէր լինի այդ գյուղը գալու: Ուստի ես Սիմոն ամուն խնդրեցի, որ հոր պատմությունն էլ անի: Սիմոն ամին նորից հիշեցրեց իմ հոգնածությունը:

Չէ՜, Սիմոն ամի, պատմի...Ես գազեթ եմ քցելու քո ասածը

Այս խոսքին պառավը նույնպես հետաքրքրվեց և մի քիչ մոտեցավ մեզ:

Ո՞նց թե, — զարմացավ Սիմոն ամին, ապա համեստ ավելացրեց: — Ա՛յ որդի, ի՞նչ գազեթի բան է...Անգլիայից, Մոսկովից, ուրիշ տերություններից գրեք, թե չէ էս իմ խակ առակը ի՞նչ գազեթի բան է:

Շատ պետք է...

Կտպե՞ն, — ուրախացած հարցրեց նա:

Կտպեն:

Սիմոն ամին տեղը շտկեց և շարունակեց:

Իլդրիմ բեյն էլ հոր ճանապարհով գնաց: Խուլ երկի՛ր, մո՛ւթ մարդիկ: Ո՞վ էր օրենքից հասկանում: Օրենքն էլ նրա կողմը, արդարությունն էլ:

Էդ ճանապարհով, որ եկել ես, ծմակում մի քանի թալա տեղեր կան, առավոտ լուռով կտեսնես: «Արյուն աղբյուր»-ի ջուրը տակովն է գնում: Էդ տեղերը շատ հնուց մերն էր. կորեկ էինք ցանում, գարի, հազար-հազար դժվարությամբ: Էնու ծմակն էր գալիս կոխում, էնու ծմակի գազանները: Կորեկը որ հասներ, գիշեր-ցերեկ կողքին կրակ արած պահում էինք, մինչև հավաքելը:

Բեգերը էդ հողը վեճի քցեցին: Մենք մի կողմը, նրանք՝ մյուս: Դես քաշեցինք, դեն քաշեցինք, վերջը չեղավ: Գործը տվինք սուդի, սուդից՝ պրակուրորի, նրանից՝ սենատ: Էնա պատրաստվել էինք մինչի Պետրպոլկ մարդ ուղարկել, որ կռիվն ընկավ: Կռիվը որ ընկավ, շատը զոռով, խնդիրքով, կաշառքով մեր հողերը մեր ձեռքին պահեցինք, մինչի հեղափոխությունը:

Շատ ուրիշն էր Իլդրիմ բեյը: Հային շատ էր սիրում, քան թուրքին: Նրանց գլխին էն աղու կրակն էր թափում, որ անասելի: Հայերեն էնպես կխոսեր, որ հայից չէիր ջոկի: Գյուղացու լեզվով կխոսեր, վարժապետի լեզվով կխոսեր, որ ասեիր գնա եկեղեցում քարոզ տուր, վարդապետից չէիր զանազանի:

Էս հողերի համար մենք Թիֆլիս մի հայտնի ադվակատ էինք բռնել: Մեզանից երեք հոգի գնացել էին նրան հանգամանքները պատմել: Էդ ադվակատը մեր մարդկանց հույս էր տվել, հետ ուղարկել: Մենք էլ վերջի կոպեկներս, եղած-չեղածը հավաքել ենք տվել նրան, որ սենատումը մեր գործը տանի:

Դատից մի քանի օր առաջ էդ ադվակատի տունն է գալիս մի ճղոտված գյուղացի, մոթալ փափախը գլխին: Ադվակատը նրան հարցնում է, թե ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, թե ասում է էն հողի վեճի համար եմ եկել, էս հետ գյուղացիք ինձ են ուղարկել, որ իմանամ, թե գործը ոնց են վճռելու: Ադվակատը դրան հանգստացնում է, թե էսպես, էսպես օրենքից եմ խոսելու, սա եմ ասելու, էս թուղթն եմ ցույց տալու: Էս շինացին ասում է, թե՝ ախր լսել ենք, որ Իլդրիմ բեյը էս խոսքն է ուզում ասի դատի ժամանակ: Բա որ նա ասի, դու ի՞նչ կպատասխանես: Ադվակատն էլ ասում է, թե ես էլ էսպես կպատասխանեմ: Վերջը նրան բոլորովին հանգստացնում է, օրենքները ցույց տալիս, գործի որպիսությունը պատմում, ճամփու դնում: Գնալուց առաջ էս շինացին նորիք է խնդրում թե՝ գյուղացիք մեղք են, ընկնում է ոտքերը, թե քո հույսով են, դու մի ճար անես, ազատես նրանց բեգի ձեռքից:

Շինացին փափախը դնում է գլուխք, դուրս գնում:

Մի շաբաթ հետո դատարանը նստում է: Մի կողմը մեր ադվակատը, թղթերը, օրինագիրքը առաջը: Էն մի կողմը դեռ մարդ չի լինում: Մին էլ, որ քննությունը սկսվում է, խոսքը տալիս են մեր ադվակատին: Ըհը, առաջը կանգնում է Իլդրիմ բեյը՝ կարգին, սարքին հագնված:

Էստեղ ադվակատը գլխի է ընկնում, որ էն խեղճ շինականը հենց ինքը՝ բեգն է եղել, որ թաքուն եկել էր բոլոր գաղտնիքները իմացել:

Գլխի են ընկնում, էլ ո՛րտեղ...դատարանը նստած, ամեն մարդ իրեն տեղը: — Սա շշմում է. խոսքը խառնում, էլ չի կարողանում օրենքներն ասի, մեկ-երկուսն ասում է, Իլդրիմ բեյը նրան հակառակ տասներկուսն է ասում, գործը տանում:

Մենք մնացինք քոռ ու փոշման, համ խայտառակ եղանք, համ մեր ծախսը ջուրն ընկավ: Էլի չխրատվեցինք, թարսի ձին նստել ենք: Գործը էն է տալիս էինք Պետրպոլկ, որ կռիվն ընկավ:

Բա վերջն ի՞նչ եղավ:

Վերջը հեղափոխությունը բերեց: Հեղափոխությունը որ ընկավ, դա էլ մտավ իսպալկոմի անդամ: Էն առաջին ամիսները իսպալկոմի կեսը բեգ ու չինովնիկներ էր: Մենք էլ զարմացել էինք, ախպե՜ր, թե թագավորը թախտից ընկել է, էս մեր թագավորներն ինչո՞ւ են գործի մեջ: Իսպալկոմը մի կենտ անդամ ուներ, ինքը ռաշպար: Խոսք է լինում հողերի մասին, թե գյուղացիք պահանջում են հողերը հետ տան: Իլդրիմ բեյը հայերեն հարցնում է մի վարժապետի, թե օրենքով հիմա հողը գյուղացիների՞ն է հասնում: Վարժապետը հա է ասում, սա սուս ու փուս վեր է կենում ժողովից դուրս գալիս: Մին էլ վազ են տալիս, թե հասեք, որ Իլդրիմ բեյի սիրտը ճաքեց, մեռավ...Շեմքի առաջին սառած ընկնում է, ոնց անհոգի քարը:

Էսպես եղավ նրա վերջը: Թե գազեթ ես քցելու, է՛ս էլ գրի, — դարձավ ինձ Սիմոն ամին: — Էդպես կորավ անիրավը, և իմ հոր խոսքն էլ կատարվեց, թող լույս դառնա նրա հիշատակը:

Ի՞նչ խոսք, Սիմոն ամի...

Հերս, ա՜յ որդի, մի չոբան, բռի մարդ էրԳոմեշը, որ ցեխում նստեր՝ պոզերից կքաշեր, կհաներ, էդքան ուժ կար կռներումը: Գութանը շալակում էր, սարը տանում, ու զնջիլները կռանը փաթաթում, ինչպես թելի կտորը: Մի օր ծմակը վար անելուց գութանի մաճը կոտրում է: Բանի վատ ժամանակը, որ մի սհաթը մի տարի արժե: Տեսել ես էլի, մեր սարերը, որ մին թխպեց, քառասուն օր արևի երես չենք տեսնի: Հա՛, հերս կացինը վեր է առնում, աչք ման ածելով գնում է, որ մաճի համար ծառ գտնի: Երկու անգամ կացինը վեր է հատում մի շիմշատ կաղնու, ըհը՛, առաջը կտրում է բեգի մեշաբաշին (անտառապահը), նրա հետևից բեգն իր մարդկանցով: Որսատեղից գալուց են լինում: Հերս խնդրում է, աղաչանք անում, չի համոզվում: Կացինն առնում են, իրեն էլ առաջ արած քշում: Հերս էլ չի համբերում, էդտեղ բեգի երեսին ասում է, թե ես մեռած՝ իմ երեխան կենդանի, էս ծառը մե՜րը պիտի լինի:

Շատ չարչարանք քաշեց խեղճը: Բեգի աչքիցն ընկավ, էլ կոռ, էլ բեգյար, էլ անիրավություն չմնաց թափեց մեր տան գլխին: Էն աժդահա մարդը մաշվեց, մաքառվեց, անկողին մտավ: Մեռնելուց ինձ, թե՝ պարտական մնաս, եթե տեղդ հեշտանալուց էն ծառը չբերես տուն: Աչքերը փակեց և էլ չբացեց:

Տարիներ անցկացավ, գետով շատ ջուր գնաց: Ես հասակ առա, էն կաղնին հաստացավ, դառավ ահագին: Ինչքան կողքով անց էի կենում, հերս կանգնում էր աչքիս առաջը, սիրտս պղտորվում էր: Ասում էի կտրեմ, վեր թափեմ սաղ ծմակը, բեգի ամարաթը, վախենում էի խմորակեր մանրերը մնան կրակի մեջ:

Էն ծառի անունը մնաց Մանուչարի կաղնի, հորս անունով: Կաղնու կտրած տեղը հաստացել, պռոշ էր կապել: Էլի վերջը մեր արածը եղավ:

Ինչպե՞ս, — հարցրի ես:

Ա՛յ տես, — և Սիմոն ամին գլուխը վեր բարձրացրեց, մատը մեկնեց միջի գերանին, որից կախված էր ճրագը:

Էս էն գերանն է...Քառասուն տարի համբերեցի: Շեն մնա սովետական կառավարությունը: Առաջին տարին եկան մեզ մոտ փայտ տվին, որ տուն չունեցողը տուն շինի, ինձ էլ տվին...Սաղ գյուղը խնդրեց, որ հորս գերանն ինձ տան: Գնացինք բերինքՄի ուրախություն էր, ո՛ր...

Սիմոն ամին հոգնել էր: Տնեցիք բոլորը քնել էին: Միայն պառավն էր ննջում: Ես նայեցի գերանին և հասկացա, թե ինչու Սիմոն ամին գերանը չի ռանդել:

Քնեցինք: Առավոտյան կանուխ ճանապարհ ընկանք դեպի սարերը, աշխատանքը շարունակելու: Հրաժեշտ տվի բոլորին: Սիմոն ամին եկավ ճանապարհ քցելու մինչև «Արյուն աղբյուրը»:

Զարմացած նայում էի հին վարպետի գործին: Կտրած մատի տեղը փայտե ծորակն էր: Թվում էր, ծորակից կաթկթում է ուստայի աշակերտի արյունը:

Իսկ դիմացն ամարաթի ավերակներն էին: Այդտեղ ապրել է արյունռուշտ բեգը:

Ես շնորհակալությամբ սեղմեցի Սիմոն ամու ձեռքը և թեքվեցի արահետով դեպի անտառը:

Այնուհետև էլ առիթ չի եղել ոչ այն գյուղը գնալու, ոչ էլ տեսնելու Սիմոն ամուն:

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԸՆԿՈԻԶԵՆԻՆԵՐԸ

1919 թվի ձմեռը Շուղանց քարատակը, որ հիսուն տարուց ավելի հարդանոց էր, նորից դարձավ գյուղի հավաքատեղին: Ծերունիները պատմում էին, որ նույնիսկ Օսմանլուի մեծ կռվի տարին այդքան մարդ չէր հավաքվում այդ քարանձավի մեջ: Շուղանց քարատակն այժմ օդա չէր, ինչպես հիսուն տարի առաջ, այլ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ինչպես անվանում էր Բալթա Թիվին, որը Բաքվում խոհարար էր եղել և հետը գյուղ էր բերել արծաթ գդալներ, ճենապակե գավաթներ և ափսեներ, որոնց մեջ նրա ընտանիքն ուտում էր ձավարով հիլաթ, անխեն շորվա և խաշած ոսպ՝ այլ անունով աղքատի փլավ:

Քարանձավի այդ բոլոր անունները՝ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ունեին իրենց հիմքը: Շուղանց նախկին հարդանոցում պատերազմական գործի հանճարեղ ղեկավարներ կային, որոնք քարայրի հատակին չիբուխի կոթով խազում էին լեռնաշղթաներ, ձորեր և խոր գետեր, ապա այդ խազերի ցանցում տեղավորում էին շողշողուն քարեր, որ փոխարինում էին Նժդեհի ձիավոր խմբերին, պղնձադրամ՝ Դալի Ղարդաշի տղաների տեղ, ճաքած կոճակ՝ Կտետ կապիտանի զորամասի կամ, ինչպես անվանում էին՝ «տրեխավոր բատալիոնի» տեղ: Աթա ապոր բռնոթամանը միշտ նշանակում էր Խանկար փաշայի դիվիզիան, իսկ նրա հոնի կորիզներից «տեր ողորմյան», մուսավաթի բանակն էր: Երբ Աթա ապերը գրպանից հանում էր «տեր ողորմյան» և փռում մի խազի վրա, միշտ նույն խոսքն էր ասում.

Ա քեզ մատաղ, էս մեր թուրքերը հինչ են ուզում մեր ձորերից...Ախր հի՞նչ կա էս ցամաք ձորերում:

Եվ այդ խոսքերից հետո սկսվում էր զինվորական խորհուրդը, որին մասնակցում էին Աթա ապերը, Քոլուն Բադին, Չետանց Վանեսը և Ջանջալ Մանդուն Կլիբոն, խորհրդական ունենալով զինվորների, որոնք արևմտյան ֆրոնտումգերմանու փռոնթ», — ինչպես ասում էր Աթա ապերը) թողել էին ոտքը կամ թևը: Այդ խորհուրդն էր քարատակը դարձրել շտաբ, որի աշխատանքներին, եթե կարելի է այդպես ասել, երբեմն մասնակցում էին ուրիշները, երբ նոր լուր էին ստանում իրական ռազմաճակատից և կամ եթե Աթա ապերը կռվի էր բռնվում Չետանց Վանեսի հետ, և քարանձավի մեջ ահարկու որոտում էր նրա ձայնը.

Ես իմ հոր տղան չլինեմ, եթե Խանլար փաշայի զորքը Դրնգանի ձորով անց կենա...Գայլի սիրտ կերած պիտի լինես, որ արևով մտնես էն ձորը: Ինչո՞ւ, չես հիշում.— և Աթա ապերը բոթում էր ջրաղացպանին, որը տեղը տաքացրել և ննջում էր, ինչպես եթե աղմկող ջրաղացում լիներ, իր հին ջրաղացում, որի դուռն ինչքան ժամանակ է փակ էր, որովհետև ով մի պարկ կորեկ ուներ, գերադասում էր սանդի մեջ ծեծել, — չե՞ս հիշում Դրնգանի ձորը, — և Աթա ապերը բոթում էր ալևոր ջրաղացպանին, որը չէր հիշում Դրնգանի ձորը, այլ հիշում էր միայն ջրաղացի ընկուզենիները...

Աթա ապերը, ընդհատելով ռազմական խորհրդածությունները պատմում էր, թե ինչպես մի տարի ինքը և ջրաղացպանն ուլարած տղաներ էին, ուլերը տարան Դրնգանի կողմերը, ուլերը մտան Դրնգանի ձորը...

Ի՛նչ ձոր, ի՛նչ ահի ձոր...

Իրիկունը, օղորմի իրեն, Օհան ապերը (Աթա ապոր պապը), որ տեսավ ուլերից երկուսը չկան, դանակը դրեց սև ուլի վզին, ասաց. «Էնքան ուլը որ Դրնգանի ձորից հանել եք, դուք էլ ողջում տուն եք եկել, էս մի ուլն էլ ձեզ մատաղ...»: Հիմա ասում ես, թե Խանլար փաշան...

Եվ Չետանց Վանեսը պարտվելով լռում էր, լռում էին նաև շտաբի մյուս անդամները և միայն ջրաղացպանը, որ Աթա ապոր մանկության ընկերն էր, երկա՛-երկար հորանջում էր, քաղցր և բարակ ձայնով, կարծես շտաբի հարևանը չէր, այլ ամառվա շոգին քնել էր ընկուզենիների ստվերում և զարթնելով միտք էր անում նորի՞ց քնի, թե վեր կենա նայի ջրաղացի զամբին

Այդպես էր այն ռազմական խորհուրդը, որի պատճառով Շուղանց հին քարանձավը կոչվում էր շտաբ: Իսկ եթե կոչում էին նաև բազար, չպետք է կարծել, թե Մելքումովներն իրենց մաղազան կողպել էին և ապրանքը դարսել քարանձավի խոռոչներում: Ճշմարիտ է, 1919 թվի ձմեռը և դեռևս նույն թվի գարնանը Մելքումովները փակել էին խանութը, բայց ապրանքը նրանք հակերով դարսել էին խոր մառաններում և դեզի համար գյուղացիներին վաճառում էին մի չերթ շաքար, երկու խան արշին կտավ պատանքի և մի վարդ թաշկինակ նորահարսի համար: Որովհետև ինչքան էլ կյանքը դժվար էր, և շատերը կիսաքաղց էին օրը մթնեցնում, — այնուամենայնիվ հիվանդի սիրտը շաքարով թեյ էր ուզում, ննջեցյալին սովորություն էր պատանքով թաղել, իսկ եթե աղջիկ էին ամուսնացնում, նորահարսին վարդ թաշկինակ ընծայելն անհրաժեշտ էր, ինչպես հարսանիքի զուռնա նաղարան:

Բայց և այնպես Շուղանց քարատակը նաև բազար էր: Քարատակի մարդիկ կռվի լուրերի հետ իրար էին հաղորդում ցորենի, կաշվի, աղի, նավթի և շաքարի մազանդան, — թեև նրանց մեծ մասը ոչ գնորդ էր և ոչ վաճառող: Միայն երբեմն փոխանակում էին Նորսի գինին, որ անհայտ է, թե ինչ կերպ, նույնիսկ ռազմադաշտով անց էին կացնում ճարպիկ գինեվաճառները, որոնք լավ գիտեին, թե աշխարհում ավելի շատ խմող ուժ կա, քան կռվող: Նորսի գինին և Քարահունջի «ջեջան» Շուղանց քարատակում մինչև անգամ փոխանակում էին ավանակի փորքաշի հետ:

Եվ այդ պատահում էր այսպես:

Դալի Ղարդաշի տղաները հանդից տանում էին մի որևէ Մանգասարի զառամյալ էշը, որի նոր փորքաշը տերը պահել էր ջահել էշ գնելու հույսով: Բայց ահա խորտակվում էր նրա հույսը, քանի որ ժամանակն ահեղ էր, և այնպիսի ժամանակ էր, երբ շատ հույսեր էին խորտակվում: Սակայն գալիս էր անխուսափելին: Մանգասարի կինը ծնում էր մի սպիտակ երես տղա՝ «քոլիշ», ինչպես Զանգեզուրում ասում են այն աստղով մանուկներին, որոնք անարատ սպիտակ են, ինչպես գառան վեգը:

Ծնվում էր Մանգասարի «քոլիշ» տղան և հետը բերում էր անխուսափելին՝ կնունքը: Եվ էշի նոր փորքաշը նա հանում էր ծալքատեղից, փոխարենը տուն էր բերում մի փարչ նորսի գինի:

Այս և այսպիսի առևտուր էին անում քարատակի բազարում ամենքի ներկայությամբ, և երբեմն մի բահի կոթի վրա քարանձավում աղմուկը զրնգում էր, կարծես Աթա ապերը Չետանց Վանեսին լեզվակոխ էր արել Խանլար փաշայի զորքի և Դրնգանի ահավոր ձորի համար:

Իսկ եթե ոմանց համար քարատակը նաև կլուբ էր, ապա այդ ոմանց մեջ առաջինը Բալթա Թիվին էր, որը և հեղինակն էր քարատակի այդ անվան: Բալթա Թիվին ամենևին չէր խառնվում զինվորական խորհրդի կամ Աթա ապոր շտաբի նիստերին: Նա այն կարծիքին էր, որ այդ ահագին պատերազմը մի ոչինչ բան էր, միաժամանակ համամիտ էր, որ Դրնգանի ձորը Խանլար փաշայի ճաշը չի: Նրա կարծիքով ռուսները շուտով պիտի սուփրան քցեն, և այն ժամանակ ամեն ազգ իր գդալից կուտի: Դրանով էլ վերջանում էր Բալթա Թիվու և նրա համախոհների վերաբերմունքը Շուղանց քարատակում արծարծվող քաղաքական խնդիրներին:

Սակայն նրանք բերել էին այնպիսի սովորություն, որ քարանձավը երբեք չէր տեսել նաև հիսուն տարի առաջ, երբ դեռ հարդանոց չէր, այլ Շուղանց նշանավոր տոհմի օդան էր:

Բալթա Թիվու խումբը թուղթ էր խաղում: Քարատակի ժխորի մեջ մի կողմից հնչում էին ռազմական վեճերը, մյուս կողմն առևտուր էր անում, երրորդ անկյունում ոչ վիճում էին և ոչ առևտուր էին անում, այլ դալլաք Իսոն Ալուն թրով թրատում էր Գլդան Գոդու վեսուտըև պատմում էր Զնդան Ավթանդիլի կռիվներից, — քարատակի ժխորի մեջ լսվում էին և այսպիսի բացականչություններ.

Շամաթայ բալթայ...Պրիբոր չտա՛ս...Էս փոսիկի բիբին, էս էլ կավալերը...Խռա՛փ, բաջօղլի: Չերվոննի տետ դյուշան տրեզ...Ինքն էլ իսկական պերսոն... — Եվ հանկարծ Բալթա Թիվին հաջողակ խաղաթղթերը զարկում էր գետնով, ամբողջ քարատակը լռում էր, և խոր լռության մեջ հնչում էր. միայն նրա կանչը.

Խռա՜փ, բաջօղլի...

Անդարդը հո պոզավոր չի, — մեղմ հանդիմանում էր Աթա ապերը, և բոլորը լսում էին նրա խոսքը, և լսողը հասկանում էր, թե ով է անդարդը:

Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: Մեծ մասի համար Շուղանց երբեմնի հարդանոցը տաք անկյուն էր, որտեղ կարելի էր մի առ ժամանակ մոռանալ տան հոգսը, կարելի էր մի բարի լուր լսել և ապրել հույսով, թե շուտով կվերջանա տեր Նորընծայի ասած «աշխարհավեր պատերազմը» և մանգաղներն այլևս չեն ժանգոտի: Այդ մեծ մասը երբեմն մասնակցում էր զինվորական խորհրդին, եթե օրվա լուրը շատ կարևոր էր, — և այդ ժամանակ քարատակում ոչ բազար էին անում և ոչ թուղթ էին խաղում: Իսկ երբեմն մի պարկ կորեկի և կես փութ աղի փոխանակումը դառնում էր ամենքի մտահոգության առարկա, երբեմն էլ նույնիսկ Չետանց Վանեսը նայում էր Բալթա Թիվու օյիններին...

Քարատակ եկողների մեջ միայն մի մարդ կարող էր ընդհատել նույնիսկ զինվորական խորհուրդի նիստը: Այդ մարդը Նիազանց Անդրին էր, գյուղի սրախոսը, որի պատմությունները մինչև այժմ ասում են, թեև այլևս չկա այդ քաղցրախոս լեզուն: Անդրին մտնում էր, ողջունելով «աստծու ծեծած խեղճերին».

Հը՜, Աթա ապեր, Ղարսը առա՞ք, թե տվիք...Սպասի ես թիլիպոնով խոսեմ տեսնեմ հի՞նչ կա աշխարհում...— և արձակում էր այծեմազ պարանը, որ գոտու փոխարեն փաթաթած էր մեջքին, պարանի փայտե կեռը հագցնում էր քարատակի դռան ունկին.

Հը, ցենտրալնի, ա՛յ ցենտրալնի, դավայ Բաքու...Բարիշնա ջան, Բաքու, դա՞, Բաքու...Հը՞, Բաքու: Ա՛յ Բաքու, ախր մարխի ծխում կոտորվեցինք, բա հի՞նչ ես ասում...Արա, ո՛ւր ա պանիրը: Պանրի երես ենք տեսնո՞ւմ: Որ ագռավի ծերտ ենք տեսնում, վրա ենք տալիս...Ղարդաշ, այ ղարդաշ, բա երբ ես խռիկ տալի էն Խանլարին: Հը՞, գնում է անգլիացու վրա: Ո՞նց թե, Անգլիայի ճանապարհը հո մեր ձորերով չի: Մենք խռիկ տվինք մեր բաժին անգլիացուն§ ...Հա, քեզ մատաղ, ղարդաշ Հուսեյին, Իվանին բեր, բեր է՛ սարու ռուսին: Էնքան շլորի տերև քաշեցի, լյարդս սևացավ: Հա՜, քե ղուրբան, հաց կլինի, նավթ կլինի, շաքար կլինի: Հրեն, Անա զիզին տկլոր է, ամաչում է աղբյուրը գնա: ...Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ով կա...մարդ-մուրդ մնա՞ց, թև բոլորն իրար կերան: Դրովի զորքը գալիս է Զանգեզո՞ւր...Քո շունը լինեմ, Րևան, էդ կրակը մեզանից հեռու պահի: Խումբի տղերքը մեզ կերան, Մանգասարի էշը փալանով կերան, արտերը կանաչ կերան, մի խակ տանձի համար տեր նորընծայի...տանձը կերան...

Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն էր ծիծաղում և ուրախության արցունքը գլոր-գլոր ընկնում էր նրա սպիտակ միրուքի վրա: Այս և այն կողմից բացականչում էին.

Այ թե հա՛...

Դամդ լինի, Անդրի, — և նույնիսկ Բալթա Թիվին, խաղը թողնելով, ասում էր.

Ցիրկի կլովուն կլինի, երևելի կլովուն...

Իսկ նիազանց Անդրին ծիծաղի աղմուկի մեջ շարունակում էր «հեռախոսել».

Րևան, քանդվես դու, որ քանդեցիր մեզ...Ամեն մի շանորդի երկաթի կտորը քամակից կախել է, ժողովուրդի գլխին կամիսար է դառել: Զինվոր տո՜ւր, հաց տո՜ւր, եղ տո՜ւր, ձավար տո՜ւր, — էլ չմնաց է՛, չմնաց, մենակ սևացած օճորքը մնաց և մեր հարսի... — և նա այնպիսի խոսք էր ասում, որ Աթա ապերը նրան անվանում էր «շեթ անամոթ», իսկ քարանձավում նորից հնչում էր ժողովուրդի ծիծաղը:

Բայց ի՛նչ ուրախություն էր, երբ Նիազանց Անդրին ներս էր մտնում սազը մեջքին: Այդ ժամանակ ամեն զրույց վերջանում էր, և այնպես լուռ էին լսում, որ նույնիսկ Աթա ապերը գետնից չեր վերցնում բռնոթամանը, ո՜չ նրա համար, որ կմոռանար Խանլար փաշայի բանակատեղը, այլ որովհետև բռնոթի քաշելուց հետո Աթա ապերն այնպես էր սաբր գալիս, այնպես աղմուկով էր սաբր գալիս, որ մինչև անգամ փոստի տրակտով անցնողները լսում էին նրա փռշտալը, ինչպես եթե մի քերծ փլվեր:

Եվ ամենքը լուռ լսում էին Նիազանց Անդրու նվագը....Երեխաները, որոնք մեծերի ահուց մուտք չունեին Շուղանց քարատակը, հավաքվում էին դրսում, դռնամուտից լսում էին այդ նվագը և զարմանում էին, թե ի՞նչ կա Նիազանց Անդրու ճռթռած, կոշտ և կոպիտ մատների մեջ, ի՞նչ զորություն կա, որ այդպես լացացնում է մարդկանց:

Այդ երգերը հիմա չկան, և լավ է, որ հիմա այդպես չեն նվագում: Գուցե թե մի հեռավոր գյուղում դեռևս մեկը սազ է նվագում, բայց ոչ այդ սազն է Անդրու սազի նման, և ոչ նրա նվագը: Երբ քարատակում Անդրին նվագում էր, մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր ասում, մյուսի աչքերի առաջ հառնում էին լեռներն աշունքին, երբ քոչն արդեն գնացել է, ցուրտ ամպերը լիզում են ուրթի տեղերը, հիշում էր օջախի քարը, որի մոտ ամառը լուսնկա գիշերով կրակ է արել մի շարմաղ աղջիկ...Նա այդ էր հիշում, իսկ նրա կողքին նստողը միտք էր անում, թե ե՞րբ կբացվի իր կյանքի փակ դուռը, տաշտում ե՞րբ հաց կլինի, երեխաները մերկ չեն լինի, ծառ կտնկի, ծառը պտուղ կտա, և երբ հասնի արդար ծերության, իր տնկած ծառի ստվերում կնստի գոհ և երջանիկ:

Երբ Անդրին այլևս չէր նվագում և արդեն սազը կոխում էր պարկի մեջ, — դեռ ոչ ոք ձայն չէր հանում, կարծես ամենքն ուզում էին լսել մինչև վերջին հնչյունը, որ արդեն պոկվել էր լարերից և քարանձավում թրթռում էր, ինչպես արևից զարթնած ոսկե թիթեռ: Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք չէին խոսում, երբ Անդրին, սազը պարկի մեջ տեղավորելուց հետո, ասում էր.

Ինչո՞ւ եք լռել, ա՛յ սրտամեռ խեղճեր...

Միայն այդ ժամանակ ոմանք հառաչում էին, կարծես զարթնում էին խոր քնից, ծխելով թեժացնում էին չիբուխների սառած կրակը, իսկ ով քարատակն էր եկել կաշվե ձողով, շարունակում էր քերել տրեխացու կաշին: Չետանց Վանեսը գրպանից հանում էր ղավր, ահագին պողպատը զարկում էր կայծքարին, իսկ Աթա ապերն առնում էր բռնոթամանը...

Ծաղկես դու, Անդրի...Երեխայի նման մեզ մղկտացրիր...Զորանաս, մեջլիսներում մշտական զա՛.. աար...դաա՛ա, — և պատահում էր այն, որ փոստի տրակտով անցնողները կարծում էին, թե քերծ փլվեց:

Այդ ամենից հետո Բալթա Թիվին դարձյալ շարունակում էր թղթախաղը: Իսկ մյուսները հավաքվում էին Աթա ապոր շուրջը և ծայր էին առնում այնպիսի զրույցներ, որոնց լսողը կմտածեր, թե 1919 թվի ձմեռը չէ, այլ շատ վաղ ժամանակ, և գյուղում ոչ կոմիսար կա, ոչ ֆրոնտ կա և ոչ սովի ահ, այլ քարանձավների դարն է, դուրսը ցուրտ ձմեռ է, մութ խավար, — մարդիկ մտել են այդ թաքստոցը և կրակի շուրջը բոլորած պատմում են որսից, գազաններից, քաջքերից, որոնք բնակվում են հենց այդպիսի քարատակներում, կարող են պարել, զուռնա փչել, մթնում կարող են մենակ մարդուն խաբել և քարափից քցել ձորը...

2

Մտավ 1920 քիվը, ձմեռը զոռեց, և սովը սաստկացավ:

Թեև Խանլար փաշայի զորքը նահանջել էր, սակայն հաղթանակն ուրախություն չբերեց: Կարծես այդ պատերազմը, որի վախճանին քաղաքում թափոր և զորահանդես եղավ, և գինի խմեցին հաղթողների պատվին, — կարծես այդ կռիվը եղել էր յոթ սարերից այն կողմ մի աշխարհում, որի միայն անունն էին լսել քարատակի մարդիկ:

Հաց չկա՜ր, — ցամաք հաց, գարեհաց և նույնիսկ կորեկի բլիթ չկար: Իսկ ձյունը գալիս էր, և գարնան ոչ մի նշան չէր երևում: Այդպիսի ձյուն Աթա ապերն իր կյանքում չէր տեսել: Իզուր տեր Նորընծան ամեն օր գուշակում էր «բարեխառնություն օդի և ջերմություն ջրի»: Ցերեկը ձյունը դադարում էր, երևում էր սառն արևը, և նոր ձյունի ցոլքն ընկնում էր ժայռերի լանջին: Մարդիկ հազիվ էին մաքրում դուռ ու բակ և ցրտին կուչ գալով մի կերպ արահետ էին բացում դեպի հարևանի տունը, երբ գորշ ամպերը նորից էին կախվում. սկսվում էր ձյունը, լեռնային երկրի ձյունը, որ իջնում է անընդմեջ, — այն սպիտակ ձյունը, որ փայլում է աստղերի լույսով և թվում է, թե ձյունը կաթկթում է ցուրտ աստղերից:

Ահավոր ձմեռ էր՝ դաշտերից ծտերը փախչում էին դեպի հարդանոցները, նապաստակները գիշերով թաքնվում էին դեզերի մեջ, և գայլերը պտտվում էին տաք գոմերի շուրջը, և նույնիսկ նրանցից հանդուգնը գիշերով վազում էր գյուղի միջով իր ետևից ձյունամրրիկի նման բարձրացնելով շների կաղկանձը:

Ոչ դիրք էր մնացել, ոչ դիրքապահ զորք: Այդպիսի ձմեռը Սուլթան Մուրադի բանակն էլ չէր անցնի Զանգեզուրի լեռներով:

Աթա ապոր շտաբն այլևս չկար: Պղնձե բռնոթամանը նա այլևս գետնին չէր դնում, որովհետև բազմաթիվ ձեռքեր մեկնվում էին նրա կողմը, մանավանդ Քալանթար Բեդին թաթն այնպես էր կոխում, կարծես Աթա ապոր բռնոթամանը վայրի մեղրաբուն էր: Միայն նրա ձեռքին հոնի «տեր ողորմյան» էր: Կորիզները գլորերով Աթա ապերը գուշակում էր, թե երբ պիտի բացվի լավ օրը, և վերջին կորիզը միշտ ընկնում էր աստծու անվան և ապագան մնում էր մութ: Աթա ապերը լռում էր և եթե խոսեր, միայն ջրաղացպանին կասեր.

Էլի փառք, որ շառի վրա չեկավ...

Следующая страница