Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Բաղար էլ չկար: Ոչ առնելու բան կար, ոչ ծախելու: Միայն Բալթա Թիվին էր աննկուն: Քարատակում որքան ավելի խոսում էին հացի մասին, նրա խումբն ավելի համարձակ էր խաղում: Արդեն խաղում նա տարել էր Մելքումավների մաղազան, Կատարի Խաչի ուռիները, տեր նորընծայի ջորին, մինչև անգամ Կուտուռուզ Սաքոյի Բոզար շունն էլ տարել էր և խաղը մեծացնելով տեղափոխվել էր Բաքու և մեկը մյուսի ետևից տանում էր Լիանոզովների նավթահորերը:

Երբեմն մեկը քարատակում հառաչում էր թոքերը կտրատելով և այնպես խոր, որ հարևանը նրան էր նայում, կարծես այդ հառաչի հետ դուրս էր թռել հառաչողի շունչը:

Իսոն ասում էր էգուց եզը պիտի մորթի, — լռության մեջ լսվում էր մի ձայն:

Իսո՛ն...

Ասում են եզը պիտի մորթի...- և ասողը նայում էր հարևանին, աչքերով հարցնում էր, թե եթե Իսոն եզը մորթի, ի՞նչ կլինի:

Իսոյին ինչ...Եզ էլ կմորթի, գոմեշ էլ կմորթի: Իսոն կանի:

Դու ինչո՞ւ չես մորթում...Քո տավարն Իսոյից շատ, մի բեռ գարի էլ ավել, — անհայտ է, թե ինչու, առաջինի վրա հարձակվում էր մի ուրիշը, որը քարանձավի մթնում մինչ այդ չէր երևում: Նա Իսոյի ազգակա՞նն էր և առաջինի թշնամի՞ն, թե՞ բաժին էր ակնկալում Իսոյի մորթելիք եզից, — մութ էր և միայն ներկաները մտաբերում էին, որ խոսողի փոքր երեխան երեք օր է կապտած ընկած է, և, ինչպես կանայք էին ասել, մնացել է երեխայի կաշին և ոսկորը:

Ա՛յ ժողովուրդ, ես պակաս խոսք հո չասացի, որ էն մարդը տեղն էրվեց...

Էս քո մտքինը լավ գիտեմ, — և մթնից դուրս էր գալիս դեղնած երեսով մի մարդ, որի նույնպես կաշին և ոսկորն էր մնացել:

Մտքինդ լավ գիտեմ...Եզներդ ուղարկել ես աներոջդ տունը, երեխեքդ կուշտ, էգուց էլ վար ես գնալու ուրախ-ուրախ, իսկ Իսոն ձեռքը ծոցում պիտի մնա, — նրա աչքերը վառվում էին մթնի մեջ, — պա՜հի, պինդ պահի, քո երեխի արյունն իմից կարմիր է, չէ՛...

Ներկաներն ուզում են նրան հանգստացնել: Նրանք գիտեն, որ խոսողն այն խեղճ մարդը չէ, այլ սովից գազազած նրա ոգին: Իսկ նա բորբոքվելով հետզհետե բարձրացնում է ձայնը, հայհոյում՝ անհայտ է, թե ում մեռել-կենդան և ձայնը մինչև վերջ խզելով դուրս է թռչում, կարծես քարից իրեն քցեց անդունդը:

Այդպիսի ժամանակ մարդիկ քարատակում լռում էին, և նույնիսկ Բալթա Թիվին այլևս չէր խաղում: Մարդիկ իրար էին նայում. նրանց դեմքերը համր էին և մռայլ, ինչպես քարանձավի պատերը:

Աթա ապերը առաջինն էր խոսում.

Ժողովուրդ, հապա էն խելագարն ո՞վ էր, մեր տղան չէ՞րՈւրեմն թողնենք, որ նրա երեխան մեռնի: Ուրեմն մենք մեռած պիտի լինենք, որ մեր երեխան սովից մեռնի:

Ինչ անենք, է՛, Աթա ապեր, ինչ անենք...

Ում տանը մի բուռ կորեկ կա, թող նրա տունը կրակ ընկնի...

Լավն էն չէր, որ սրով կոտորվեինք:

Մենք սրով չենք կոտորվել, սովից էլ չենք կոտորվի, ուրեմն արար աշխարհը պիտի մթնի, որ մենք սովից կոտորվենք: Առաջ էլ է սով եղել, պատերազմ է եղել, — ինչպե՞ս են ապրել մեր պապերը: Օղորմի իրեն, իմ Օհան պապին, մի պինդ սովի ժամանակ գալիս է տեսնում ժողովուրդը տավարի նման արածում է, իրա հերն էլ ցորենի հորը բաց է արել, թաջիրներին ցորեն է ծախում՝ սոմարը մի աբասի: Մահակը վեր է առնում իմ Օհան պապին, թաջիրներին տո՜ւր թե կտաս, էն օրն է քցում, որ եկած ճանապարհը մոռանում են:

Այ թե հա՛...

Օղորմի Օհան պապին, — սրտի խորքից գոհ կանչում էր ունկնդիրներից մեկը, կարծես անհայտ թաջիրները նրա թշնամիներն են, և ինքն էլ մասնակցել է ծեծին:

Հա , Օհան պապին ցորենը ետ է ածում հորերի մեջ և հորն ասում է՝ վե՜ր կաց, հիմա ես պիտի չափեմ: Նստում է հորի բերանին, ժողովուրդին կանչում է, որին մի կոտ, որին երկու, լցնում է պարկերը, թե շահով, կարգով ետ կբերեք, երբ ունենաք:

Ա՛յ արդար դատաստան...

Առաջ էլ է սով եղել, հապա ո՞նց են արել...

Ո՞ւր է հիմա Օհան պապի, ո՛ւր էն ժամանակի հորերըԱշխարհի վերջն եկել է, Աթա, զուր հենց մենք ենք չարչարվում, — ասում էր Չիտանց Վանեսը, որը շտաբի անդամ եղած ժամանակ էլ կարծում էր, թե Խանլար փաշան Դրնգանի ձորով կանցնի և այդ անխուսափելի համարելով առաջարկել էր գյուղը վաղօրոք տեղահանել Մեղրաքերծի անտառը:

Հորեր շա՛տ...դու հանելն ասա, Աթամի...

1920 թվի սկզբին դիրքերից տուն էին վերադարձել այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության կանոնավոր զորամասեր, վերադարձել էին նաև նրանք, որոնք պարտադիր զինվորական ծառայության մեջ չէին, այլ Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարի առաջին հրամանին պարտավոր էին «իրենց հացով և ջրով» բարձրանալ լեռները և դիրք պահել գյուղերին մոտիկ: Նրանց մեծ մասը արևմտյան ֆրոնտում մասնակցել էին այնպիսի պատերազմների, որոնց համեմատությամբ տեղական կռիվները սոսկ «գլխացավանք» էին: Առաջիններից էր կազմված «տրեխավոր բատլայիոնը», իսկ երկրորդներն ունեին իրենց յուրահատուկ կարգը, որ նմանվում էր քրդական աշիրեթին. «բառկալո**», և բոլորը բարձում էին քոչը, այսինքն մի քանի օրվա պաշար մեջքերին բարձրանում էին լեռները:

Այդ զինվորներից ոմանք երևում էին նաև Շուղանց քարատակում, թեև նրանք գերադասում էին հավաքվել ընկերներից մեկի տանը, այդ տունը վերածելով զորանոցի: Քարատակ մտնելով նրանք բերում էին ոչ միայն շինելի և սապոգների հոտ, այլև մասնակցում էին գյուղացիների զրույցին, և Աթա ապերն զգում էր, որ նրանց հետ դժվար է գլուխ դնել:

Աթա ապերը զգաստացավ, երբ Անդոն, այդ զինվորներից մեկը և հենց Աթա ապոր եղբորորդին, ասաց.

Հորեր շատ, դու հանող ասա, Աթամի...

Այ տղա, ե՛… — Եվ Աթա ապերը ձայնը բարձրացրեց, որովհետև հակառակորդն իր արյունն էր,— ես գլխի եմ, թե ուր ես ծռում, համա առաջդ քար կա...Կամաց, վեր կընկնես...

Աթամի, թե հորի բերանի քարն ես ասում, կգլորեմ Սանդ աղբյուրի ձորը: Թե չէ ուրիշ քար չկա:

Մի քանիսը ծիծաղեցին Անդոյի այլիմաստ պատասխանի վրա: Նրանք հասկացան, որ Անդոն ակնարկում է եղբայր Մելքումովների հորերը, քանի որ Սանդ աղբյուրի ձորը նրանց տան առաջն էր:

Քեզ ո՞վ է էդպես խրատել...Ուրեմն Մելքումովների ցորենը դո՞ւ ես աշխատել: Դու խնձորին լոլո էիր ասում. որ նրանք մաղազա բաց արին, ցորենատեր, փողատեր եղան: Հիմա ասում ես...

Աթամի, ախր Օհան պապի հորերը չկա է՛...

Օհան պապին չկա, ողջ մնա շենը: Հապա էսքան մարդ մի Օհան պապի չարժի՞:

Շատ էլ արժի, հաց տուր է, հա՛ց...

Եվ քարատակում սկսվում էր սուր վեճը, «կռաժմունք»-ը, ինչպես ասում է աշխարհի չար ու բարուց հեռու ջաղացպանը: Անդոն մի կողմից, Աթա ապերը մյուս և երկուսին էլ միանում էին կողմնակիցներ, վեճն այնպես էր թնդում, որ հեռվից լսողը կկարծեր, թե երկու գյուղի միջև ջրի կռիվ է, և ահա ուր որ է պիտի տրաքեն մահակները:

Վեճի թունդ ժամանակ Աթա ապերը սկսում էր հայհոյել Անդոյի քեռիներին, որոնց կողմն էր քաշել Անդոն, իսկ նրանք՝ Անդոյի քեռիները, Աթա ապոր ասելով, քարվան կտրողներ են: Նա հայհոյում էր Անդոյին ճանապարհից ծռողներին, նրա խրատիչներին՝ մեծից մինչև փոքրը, ապա շուռ էր գալիս Անդոյի պաշտպաններից մեկի կողմը, ներկում էր նրա յոթ պորտը, անվանելով բակլայի գող, մատաղ ուտող, մաղ ծախող բոշա և էլ ինչեր չէր ասում Աթա ապերը, երբ գազազում էր և սկսում էր հակառակորդին հայհոյել:

Աթամի, եկել է, եկել...Հրեն դռանը կանգնած, — և Անդոն նայեց դռան կողմը: Եվ նրանք, որոնք չհասկացան Անդոյի հնարը, բոլորը նայեցին դեպի դուռը:

Ո՞վ է դռանը կանգնած, — և Աթա ապերն էլ նայեց դեպի դուռը:

Ժողովրդի թշնամիների հոգեառը, — և Անդոն իսկույն թաքնվեց հարևանի հետևը, որովհետև Աթա ապերը գլխի ընկնելով, որ Անդոն իրեն կապ գցեց, ձեռքը մեկնեց մահակին:

Ժողովուրդը քրքջաց:

Անդո տղա, հալբաթ ձեռքս կընկնես...Հո չեմ վախելու քո խշտիկից: Ես իսկի Ալխազով պրիստավից չեմ վախեցել: Կամիսարին ասեմ էդ փափուկ տեղերիդ մի տասը ճիպոտ տա, որ իմանաս, թե ճանապարհը որն է...Աչքերդ հենց պատրաստի վրան է: Աշխատեք է՛, դուք էլ աշխատեք, Մելքումովների նման դիզեք: Էս էլ դառավ էն բունթի տարին: Մի քանի ջահել եկան ժողովուրդին խելքահան արին, իրար մսի քցեցին, — հետո էլ թողին փախան: Չէ՜, ճանապարհն էդ չի...

Ասա է, խոսքդ ասա, Աթա ապեր, — և ծերունին հանդարտվում էր:

Իմ խոսքս նա է, որ էլի մենք իրարի ցավ կիմանանք: Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդուն մարդ դարձնողը: Էն էլ որ չլինի, գետը թող քշի տանի մարդուն: Էն որ կռունկը թուխպի մեջ ցրիվ է գալիս, լսե՞լ եք ոնց են իրար կանչում, ու մինն էլ է չի կորչում: Ուրեմն մենք էն երկնային թռչունի չափ էլ չկա՛նք...Իրար ձեռք բռնեցեք, մինչի դուրս գանք էս դժվար տարին: Իմ խոսքս սա է...

Եվ Աթա ապերը տուն էր գնում, առնում էր մի բուռ ձավար, մաշ, չորաթան, — ինչից որ տանը ճարվեր, շատ անգամ թոռներից ծածուկ, ուղարկում էր այն տունը, որտեղ մի երեխա կապտած նվում էր և նման էր չոր պարկի, որի մեջ ոսկորներ են լցրել:

Այն դժվար ձմեռը Աթա ապերը ձյունի մեջ գլորվելով բարձրանում էր հին եկեղեցու թաղը, նա երևում էր Միջին մահլայում, գնում էր այն աղքատ թաղը, որ հայտնի էր Մոխրաթաղ անունով: Նա դրացիներին համոզում էր իրար օգնել, ստիպում էր, հանդիմանում էր հրապարակով և ավելի հաճախ հուսադրում էր.

Հրե հա՛...Մեղրաքերծը կարմրեց: Էսօր վերին թաղում ասում էին, որ Եղցաքար ձյուն չկա: Դիմացեք հա՛, ձեզ մատաղ, շատը գնացել է, մնացել է քիչը: Եղցաքարում որ ձյուն չկա, ուրեմն էսօր-էգուց Միջնառի հանդերը կբացվեն, Եզնարածի առվի տակ դաղձ կլինի, ի՛նչ դաղձ...Քիչ է մնացել, Աթա ապերը ձեզ մատաղ: Մանր-մունրին մի կերպ արեք, դուք էլ գոտիներդ պնդացրեք...Դուք որ քարից կակուղ ամեն ինչ էլ ուտեք, կապրեք, ձեր ոսկորը պինդ է: Երեխաներին նայեք...Էսօր-էգուց ճանապարհները կբացվեն, էշերը առաջ կանենք, կգնանք Բարկուշատ, է՛, Աթա ապերը ճանանչ թուրքեր ունի, որ ամեն մինը մի խան, մի սուլթան: Հիմա հարյուր ուղտաբեռ բրինձ են դարսել...

Մայրերը լսում էին նրան, լսում էին և հոգսի տակ կքած հայրերը, և թեև ապրելը ծանր էր, բայց էլի Աթա ապերը հույս էր կամ ինչպես ասում էին «ցորեն լեզու էր, որ նման էր ցորեն հացի»:

3

Մարտի վերջին երեք օր արև արեց: Արեգուտնի ձորերում ձյունը հալվեց, Եզնարածի առուն բացվեց, և երևացին մուգ կանաչ դաղձի առաջին թփերը:

Բայց հենց այդ երեք օրում մեկը մյուսի հետևից մեռան հինգ երեխա, որից երկուսը մի տնից էին: Գյուղի համար այդ ամենածանր օրն էր: Պատահել էր, որ կայծակը խփել էր ոչխարի հոտին, և հոտի կեսը այրվել էր, — պատահել էր, որ արև կեսօրին հանկարծ հեղեղը սրբել էր հասած արտերը և մինչև անգամ հնձվորին էր խեղդել. տարի էր եղել, որ նախիրի մեջ սև ցավը հունձ էր արել և ինչպես հնձվորի աչքից վրիպած հասկեր, ամբողջ գյուղում մնացել էին մի քանի նիհար երինջ, — բայց որ սովից երեխա էր մեռնում այդ ավելի էր պատուհասից:

Ամբողջ գյուղը հավաքվեց դժբախտ տան բակը: Երբ տնից հանեցին զույգ դագաղները երեսները բաց, — մարտի արևն օծեց, և ոսկեփայլ շողացին մանուկների դեղնած արտևանունքները: Տանը սուգ բարձրացավ: Թշվառ մայրը ձեռքերը շեմքից դուրս արած կանչում էր. «Ո՛ւր եք տանում, իմ ձագերին ո՞ւր եք տանում…»: Կանչում էր ձեռքերը դեպի արեվը, կարծես արևին աղերսում էր կյանք տալ սառած մանուկներին:

Այն լեռնային երկրի սովորության համաձայն դիակին ուղեկցում էին միայն տղամարդիկ: Կանայք մնացին տանը ողբ ասելու նոր և հին մեռելների համար, որոնք ննջել էին ով գիտե որ տարին: Իսկ թաղման թափորը դանդաղ բարձրանում էր դեպի ժայռերը, դեպի գյուղի հինավուրց գերեզմանատունը:

Աթա ապոր սիրտը լցվել էր: Նա այն լեռնցի ծերունիներից էր, որոնք իրենց կյանքում շատ անգամ են նայել մահի երեսին, կոխ են բռնել գայլի հետ, գիշերը մենակ գնացել են մութ անտառներով, գիշերել են ձորի արխաջներում, տեսել են թրատված և արնաշաղախ դիակ, — և ոչ լաց են եղել, ոչ հառաչել են: Բայց մի փոքր երեխայի լաց կարող է նրանց հուզել:

Աթա ապերն այդ լեռնցի ծերունիներից էր, և երբ թափորը գյուղից դուրս եկավ, հանկարծ նրա սիրտը փլվեց, և ծերունին սկսեց ողբ ասել: Լսե՞լ եք դուք լեռնցիների ողբը, ո՛չ այն ողբը, որ կանայք են ասում, շար ընկնելով պատի տակ կամ գերեզմանի շուրջը: Նրանք բարակ ձայնով են երգում և ինչքան ողբան, այնքան բորբոքվում է սուգը և ոչ վերջ կա, ոչ հոգու հանգիստ: Այդպես են ողբում լեռնցի կանայք, և լսելով նրանց, թվում է, թե մոլորվել եք մի անտակ ձորում և ուր էլ գնաք բարձր ժայռեր են և փրկության դուռ չկա: Բայց այդպես չեն ողբում լե՜ռնցի տղամարդիկ և այդպիսի ողբ չասաց Աթա ապերը: Նա սկսեց խոր ձայներից, հանդարտ, ինչպես հողմի առաջին ալիքը, որ անցնում է անտառի վրայով և արտերի վրայով, երբ ծփում են խոտերը, և լորը դեռ չգիտե. որ ահա ձագերի վրա կթափվի սև կարկուտ: Աթա ապերը խոր սկսեց, ինչպես հորովելի սկիզբը, ապա բարձրացավ, կեռմաններով ոլոր-մոլոր բարձրացավ, և ինչքան բարձրացավ, հզորացրեց ձայնը և վերջում, ինչպես սևակնած երկնքի որոտ, դղրդացրեց և արձագանքը դրնգալով գնաց մինչև Մեղրաքերծ, մինչև Զինգիլա քարերը գնաց, և յոթ անգամ Պղնձաքարը դրնգաց:

Այդ ողբ չէր, այլ ահարկու բողոք կապույտ երկնքին, բողոք, որին ձայնակցում էր ձմեռվա քնից զարթնող բնությունը և քարե արծիվը, որ երգի աղմուկից դուրս էր թռել, — քարե արծխվն իր թևերի վրա տնում էր մարդու բողոքը մահի դեմ:

Գերեզմանատնից Աթա ապերը գնաց Խուռուփի ձորը, որտեղ արևաճակատ ավազահողերն արևից տաքացել, և ձյունը հալչում էր: Ձորում մարդ չկար: Տաք էր. Աթա ապերը գնաց ձյուների վրայով, սև ավազահողերով գնաց, կոխելով կածանը, որ տեղ-տեղ բացվել էր և նստեց գետափի քարին:

Խատուտիկ ջրածտերը քարից-քար թռչելով որսում էին մժեղներ: Մի ագռավ ձյունի վրա կտցահարում էր չորացած տանձը: Հերվա մասուրները կարմրին էին տալիս, իսկ մոշի տերևները կարծես նոր էին կանաչել:

Փա՛ռք քեզ, որ ամեն բան կարգին սարքել ես, մինչև անգամ մժեղին էլ անտես չես արել... — Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը` աստուծո՞, որ ապրում էր Խուռուփի ձորի արխաջում, — հին թթենո՞ւ հետ, որի փչակում գուցե ապրում է այն ոգին, որ Աթա ապոր նման սպիտակամորուս ծերունի է և տրեխներ է հագնում և մինչև անգամ արխալուղի գրպանում պղնձե բռնոթաման ունի: Ու՞մ հետ էր խոսում Աթա ապերը,-ինքն էլ չգիտեր, բայց խոսում էր, որովհետև չէր կարելի գարնանամուտի արևին լինել Խուռուփի խաղաղ ձորում, լսել ջրի ձայնը, այն խորհրդավոր ձայները, որ հնչում են քարանձավներում, — տեսնել ձորը խոր լռության մեջ և չխոսել:

Մա՞հ էիր բաժանում, — արժանի մարդու տայիր...Հրեն Գիչունց պառավը երկու տարի աղատ-պաղատում է հոգին առնես...Հապա դու կո՞ւյր էիր, քո ձեռքն ի՞նչպես բարձրացավ անմեղ փոքրերի վրա: Հիմա ես ի՞նչ պատասխան տամ խալխին: Առաջից սուր, ետևից սով. ձեռքդ պարանի ես քցում, օձ է դառնում: Ու՞ր պիտի գնա էս ժողովուրդը. վերևից կամիսարն է մեր գլխին կրակ թափում, ներքևից էս կրակն է մեզ խորովում: Ասա է՛, ասա...

Ջրածտերն ուրախ ճկում էին, խաղացնելով պոչը: Ուրիշ ծառից թռավ մի ագռավ և առաջինից խլեց նրա ուտելիքը: Ապա երկուսն էլ թևերին արած թռան ծառերի խորքը: Եվ ուրիշ էլ ձայն չկար, բացի այն խորհրդավոր ձայները, որ գալիս էին Խուռուփի քարանձավներից:

Աթա ապերն սկսեց ձորով բարձրանալ: Ձորի արևկող լանջերին ձյուն չկար: Երևում էին աշնանացան գարու արտերը, փոքր այնքան, որ թթենու ստվերը ծածկում էր արտը:

Աթա ապերը կանգնեց մի արտի եզրին:

Երբ պիտի հասնես...Ախր մի տնից զույգ դագաղ հանեցինք...

Նա դուրս եկավ բլուրի գագաթը: Վերևը դեռ թանձր ձյուն էր: Աթա ապերը շրջվեց և այդպես էլ կանգնած մնաց, կարծես այն, ինչ նրա աչքին ընկավ, ծերունին տեսնում էր առաջին անգամ:

Հեռվում գետահովտի վրա փռվել էր քաղաքը: Թիթեղյա կտուրները մայրամուտի արևից փայլփլում էին, և այդ փայլը տարածվում էր հեռու, ընդարձակելով քաղաքի սահմանները: Այդ փայլուն դաշտում, ինչպես ցորենի դեղին շեղջ, երևում էր եկեղեցու ոսկեզօծ գմբեթը: Եվ ուրիշ ոչինչ չէր երևում, և չէր որոշվում մի առանձին ձայն այն խուլ աղմուկի մեջ, որ փայլի հետ միասին քաղաքն արձակում էր դեպի հեռուները: Մարդկա՞նց աղմուկ էր, դարբնոցների՞ց էր գալիս, թե փողոցներով անցնում էին բեռնած ֆուրգոններ, — չէր լինում որոշել, ինչպես և չէր կարելի համատարած փայլի մեջ նշմարել մի որևէ տանիք:

Աթա ապերը նայեց, խոր նայեց և արագ քայլերով իջավ գյուղի վրա: Նա նման էր անտառաբնակ եղջերուի, որ մոլորվելով դուրս է եկել անտառից, աչքն ընկել է օտարոտի մի բանի, որ շլացնում է և հմայում է և ահ է ներշնչում նրան, և եղջերուն կանգնած միտք է անում՝ ի՞նչ է այդ, թակարդ, բարեկամ, թե՞ դարանամուտ որսորդ...Միտք է անում և իրեն գցում է ծանոթ թավուտները:

4

Իսկ գյուղում այդ ժամանակ իրարանցում էր:

Մի խումբ զինվորներ գերեզմանատնից վերադառնալով, գյուղացիների գլուխն անցած գնացել էին դեպի Մելքումովների բարձր դարպասը: Նրանք պահանջել էին կոմիսարին և տեղեկանալով, որ կոմիսարը բացակա է, աղմկելով ներս էին մտել: Մելքումովների մեծ եղբայրը ամբոխից ահաբեկված մի բառ անգամ չէր կարողացել ասել: Նրան կիսամեռ ներս էր տարել նրա եղբայրը: Նրանց կանայք և երեխաները վայնասուն էին բարձրացրել, իսկ ամբոխից գոռացել էին.

Հորերը բաց արեք...Մերոնք սովից կոտորվում են...

Ես հոր չունեմ,— պատշգամբից բղավել էր Մելքումովների փոքր եղբայրը, — եթե այս երիտասարդները չգիտեն, դուք հո գիտեք, — և նա մի քանիսին մատով ցույց էր տվել, նրանց անուններն ասել էր և այսպիսով երկպառակել էր բազմությունը: Նրանք, որոնց նա անուններով կանչել էր, ներքևից բղավել էին, որ այդ գործում խառը չեն և եկել են հաց խնդրելու իբրև բարեկամներ: Այդ խոսքից գազազել էին մյուսները, և զինվորներից մեկը Կուտուռուզ Սաքոյի երեսին թքել էր:

Թող հորերը բաց անեն, թող բաց անեն, — ներսից ասել էր մեծ եղբայրը, իսկ ամբոխն ինքնագլուխ հարձակվել էր հորերի վրա, որոնցից երկուսի բերանին Մելքումովները խոտ էին դարսել:

Սակայն չորրորդ հորն էին բացել և չորսի մեջ էլ մի հատիկ չկար: Մի հորը լիքն էր բրդի պարկերով, այն երկու հորը, որի վրա խոտ էին դիզել, բերնե-բերան լցված էր պղնձե կաթսաներով, փարչերով, կժերով և ուրիշ պղինձներով: Իսկ չորրորդ հորը՝ ամենից մեծը, դատարկ էր և երբ մեկը կռացավ հորի վրա և բղավեց «հաց չկա՛, չկա՛», — հորն արձագանքեց՝ «կա՛ ...կա՛ ...»:

Դատարկ հորերից սիրտ առնելով նրանք, որոնք հայտնել էին, թե իբրև բարեկամ են եկել, — սկսեցին հանդիմանել նախաձեռնողներին: Կուտուռուզ Սաքոն բղավում էր այնքան բարձր, ասես կամենում էր, որ Մելքումովները տնից լսեն նրա խոսքը.

Չկա՛, չկա՛...Այ մարդիկ, բա դուք հա՞յ չեք: Ուրեմն սրանք մեզ թշնամի են, որ հաց ունենան և թողնեն, որ մենք սովից կոտորվենք...

Ասում են, որ այն զինվորը հենց այդ խոսքից հետո է թքել Կուտուռուզ Սաքոյի երեսին:

Հորերի դատարկ լինելը շատերին հուսահատեցրեց: Մի մասն իսկույն ցրվեց տները, անիծելով այն ժամը, երբ խառնվեց տաք գլուխ երիտասարդներին: Բակում մնացին զինվորների խումբը և գյուղացիներից նրանք, որոնց պարագլուխը Կուտուռուզ Սաքոն էր: Ջինվորները պահանջում էին ցույց տալ իսկական հորերը. նույնիսկ մեկն սպառնաց տունը հրդեհել, իսկ Մելքումովների փոքր եղբայրը միայն կրկնում էր, որ այլ ուրիշ հոր չկա, որ իրենք էլ քաղաքից են հաց բերել: Ավելի համոզելու համար նա պատշգամբից զինվորների կողմը նետեց բանալիների կապը և բղավեց.

Բաց արեք տարեք, ինչ ուզենաք, բայց հաց չկա...

Անդոն բանալիների կապը հետ շպրտեց և նրանից ավելի հզոր կանչեց.

Քեզ լինի քո մաղազան...Մենք աղքատի պղինձը կողոպտող ավազակներ չենք:

Անդոյի այդ խոսքից կարող էր բռնկվել ավելին, քան խոսքի կռիվն էր, բայց այդ ժամանակ ներս թափվեցին զինվորների կանայք և մայրերը, որոնք մինչ այդ մեռելատանը դառնալի ողբում էին մանուկների մահը: Նրանք ներս թափվեցին, ինչպես սագերի վախեցած երամ, աղմկեցին, կախ ընկան իրենց որդիներից և ամուսիններից, աղերսեցին, լաց եղան, իսկ Անդոյի մայրը ճչաց.

Անդո, խեղճ եմ, արյուն մի անի, — և գրկեց որդուն:

Կանայք նրանց դուրս տարան:

Աթա ապերը գյուղին մոտեցավ այն ժամանակ, երբ գյուղացիները կտուրների վրա փոքրաթիվ խմբերով աղմկում էին: Ամբոխն, ինչպես պղտոր հեղեղ, բաժանվել էր մանր ճյուղերի. մի տեղ արդեն հանդարտել էր, մի ուրիշ տեղ առվակը նույն աղմուկով շառաչում էր, մի երրորդը գնում էր վճիռ, և ոչ ոք չէր ասի, թե նրա սկիզբը եղել է պղտոր հեղեղը:

Աթա ապերը մոտեցավ զինվորների խմբին: Նրան արդեն պատմել էին դեպքը:

Անդո, — և ծերունին բարձրացրեց փեշը, — իմ բաժին ցորենը տա՛ս, — ապա խիստ ասաց, — ծռի էդ ճանապարհից. ա՛յ ջահել, Աթամին հին մարդ է, գիտի ինչ է ասում...

Անդոն ոչինչ չպատասխանեց, և զինվորներից ոչ ոք ոչ մի բառ չասաց:

Աթա ապերն սկսեց պատմել, թե Խուռուփի ձորում գարիներն արդեն երկու մատ բարձրացել են, թե ամբողջ ձորում համարյա ձյուն չկա, և եթե այդպես արև անի, Խուռուփի ձորի գարիները շուտ կհասնեն, շատ շուտ...

Երբ ծերունին խոսքը վերջացրեց, զինվորները դարձյալ լուռ մնացին: Այնպիսի քար լռություն էր, որ Աթա ապերը զարմացած աչքերով նայեց Անդոյին, նրա ընկերներին, կարծես այդ մարդիկ հանկարծ օտար թվացին Աթա ապորը, ինչպես ուրիշ ազգի մարդիկ, որոնք չեն հասկանում նրա լեզուն, — և ինքն էլ օտարական է ու մոլորելով ճանապարհն ընկել է այս անծանոթ գյուղը:

Ծերունին նայեց չորս կողմը, կարծես ուզում էր ստուգել, թե իրոք այդ մարդիկ իրենց գյուղից են և գյուղն այն ծանոթ գյուղն է՝ Շուղանց քարատակով, Նովավոր աղբյուրով և հին ջրաղացով գյուղը:

Աթա ապերը տեսավ եկեղեցու պատի տակ նստած գյուղացիներին և շտապեց նրանց պատմի ձորի գարիների մասին...

5

Մարտի հետ վերջացան այն արև օրերը, որ Աթա ապոր հույսն էին: Ապրիլն եկավ պառավի ցրտով: Ամպերից թափվում էին թեփի նման բյուրեղներ:

Ապրիլի սկզբին գյուղերից հետ կանչեցին զինվորներին: Կոմիսարը ցուցակ հանձնեց նրանց ավագին և Անդոյին նայելով ասաց. «Պարապ մնալուց բուղա էիք դառել, պոզահարում էիք անմեղ մարդկանց: Գնացեք ձեզ ֆրոնտում ցույց տվեք:

Նորից լուրեր էին տարածվում, որ մուսավաթը Ղարաբաղում զորք է կուտակել և գարնան հետ ձորերում պիտի որոտային թնդանոթները: «Դե միանգամից կոտորվենք վերջանանք, է՛», — ասում էին Շուղանց քարատակի մարդիկ, և նույնիսկ Բալթա Թիվին այլևս թուղթ չէր խաղում, որովհետև արդեն սաղ աշխարհը տարել էր:

Շուղանց քարատակը դատարկվում էր: Ոմանք գյուղ-եգյուղ շրջում էին մի կտոր հացի հոգսով. ոմանք գութանի սարքն էին նորոգում, որովհետև ինչքան էլ սովը զորեր, նրանք այնուամենայնիվ պիտի սերմեին աշնան ցելը, թեկուզ թնդանոթի կրակի տակ:

Առաջիկա պատերազմով ոչ ոք այլևս չէր հետաքրքրվում: Քարատակում նույնիսկ այնպիսի խոսքեր էին ասում, որ մինչև այդ ոչ ոք չէր ասել: Նիազանց Անդրին սպառնում էր Մեղրաքերծի գլխին կախել իր ղադաք ոտնաշորը, իբրև սպիտակ դրոշ. «Կանաչ մատուռը վկա, որ պիտի թուրքանամ...Պիտի թուրքանամ, որ ականջներս հանգստանան: Իմ գեշի անունը կդնեմ Ասմար, չարսավը գլխին կքաշեմ, կդառնա նորահարս: Էլ ոչ բերանի սեպերը կտեսնեմ, ոչ չեչաքար երեսը: Կդառնա հյուրի-փերի...»: Նա այդ ասում էր բոլորովին լուրջ, և չէր իմացվում, դառն հեգնա՞նք էր նրա ասածը, թե ճշմարիտ ցանկություն:

Ծերունիների հմայքը հալչում էր: Նրանց լսում էին, երբ պատմում էին շատ հին օրերից, երբ այնքան ցորեն կար, որ մոռանում էին հորերի թիվը և նույնիսկ մի սաստիկ ձմեռ իբր թե ցորենը ձյուների վրա շաղ են տվել թռչունների համար:

Նրանց այդ ժամանակ էին լսում, իսկ մնացած ժամանակ քարատակում աղմկում էին այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության զորամասեր և առաջին հրամանին պարտավոր էին դիրքերը բարձրանալ «իրենց հացով և ջրով»:

Էսօր հարսը ասաց, որ տանը մնացել է չորս հաց...

Հիմա որ պատրոնը տանեմ մոլլա-ղասումեցի թուրքերի մեջ հացով փոխեմ, պիտի ասեն ազգի դավաճան էր... Մինչև լույս էն փոքրը սովից չքնեց:

Փոքր ասեցիր, հիշեցի, — ասում էր մի ուրիշը, — տասն օր է մեր Խաչոյի երդից ծուխ չի բարձրանում: Չեմ իմանում մեռած են, թե ապրում են...

Երեկ տեսա...Ոտքերն ուռած գնում էր: Ասում էր հարսի ճակատանոցը տանում եմ գարով փոխեմ:

Ասա մինչի հիմա ինչո՞ւ ես պահել ճակատանոցը:

Դե ինչ աներ: Եզը ջրօրհնեքից առաջ մորթեց, երեք ոչխարը Սայու Սիմոնին ծախեց, խոտ ու դարմանը ծախեց. Խուռուփի ձորում մի քանի թթենի ուներ, ծախեց, հիմա էլ հարսի ճակատանոցն է ծախում...

Դու էդ մի ասա: Դու ասա, թե ճակատանոցի փողերն էլ որ կերան, վաղն ինչ պիտի ուտեն...

Խաչոն մինչի հունձը չի ապրի: Երեկ որ տեսա, ասես գետինը պատռել, մեջից մեռել էին հանել:

Էլ կա էդպես, միայն Խաչոն չի

Եվ պատմում էին ընտանիքների մասին, որոնք կերել էին մինչև վերջին փալասը և անկողին չունենալով քնում էին հարդի մեջ: Պատմում էին տների մասին, որոնց եթե կրակ տայիր, խանձահոտ չէր բարձրանա, որովհետև տան մեջ այրվելու բան չկար: Եվ դեպք էր լինում, որ մեկը լսելով պատմում էր, թե իբր հարևան գյուղում կատվի միս են կերել, բայց հենց այդ էլ սահմանն էր: Նույնիսկ նրանք, որոնք սովամահից էին պատմում, — նույնիսկ այդպիսիները, անհայտ է ինչու, հարձակվում էին այդ լուրը հաղորդողի վրա, նրան հանդիմանում էին սուտ լուրի համար, և բոլորն էին վկայում, թե հարևան գյուղում խեղդամահ կլինեն, քարով կգցեն իրենց, բայց այդպիսի անառակ բան չեն անի:

Աթա ապերը գալիս էր տուն, և քունը չէր տանում: Պառավը մի կտոր կորեկ հաց էր մեկնում նրան, բայց ծերունին այդ էլ չէր ուտում, խաբելով, թե տեր Նորընծայի տանը ոսպով ճաշ է կերել: Եվ երկա՛ր, շատ երկար, մինչև աքլորականչ, երբեմն մինչև լուսո մոտ, երբ արդեն ճռնչում էր հարևանի դուռը, — Աթա ապերը նստում էր օջախի առաջ, իրենց հին տանը, որի պատերն այնպես էին սևացել և կրակի լույսով այնպես էին փայլում, ասես պատերը ձյութած էին:

Օջախի առաջ Աթա ապերը միտք էր անում հին օրերից մինչև ներկան. նրան թվում էր, թե իր ամբողջ կյանքը եղել է մի արև ճանապարհ ծաղիկների մեջ, սառն աղբյուրների երկրում, որտեղ լեռնալանջին կարմրում է մորին, ձորերում մոշը և երբ կովերը տուն են գալիս, կաթը ցողի նման կաթկթում է ծաղիկների վրա...

Նրան այդպես էր թվում, և երբ մտքով գնում էր Ցուրտ աղբյուր, ման էր գալիս Շահ յուրդի տախտերում՝ աչքերի առաջ Ցուրտ աղբյուրը գլգլում էր ոչ այնպես, ինչպես առաջ...Առաջ աղբյուրը ծաղիկների մեջ չէր երևում, հիմա չորս կողմը փուշ է, և Ցուրտ աղբյուրը վարար չի: Եթե այսպես գնա քսան տարի, հիսուն տարի, — Ցուրտ աղբյուրը մի օր կցամաքի, և մի մարդ չի մնա, որ վկայի, թե այս ամայի առապարում երբեմն (կար մի զանգակ աղբյուր. Շահյուրդի տախտերում ձին ձիավորով կկորչեր, այնքան խոտը բարձր էր...Հիմա այն տախտերը վարում են, հեղեղատի ձորակները հետզհետե խորանում են, և ով գիտի ուր կհասնի այսպես:

Աթա ապերը երբ ուզում էր հասնել մինչև ակունքը, որտեղից ջուրը պղտորվեց, — գտնել սաբաբին, որից սկսվեց Ցուրտ աղբյուրի ցամաքելը, և այլևս չկար առաջվա փարթամ խոտը, — Աթա ապերը պտտվում էր գետահովտի շուրջը, որտեղ փռված ընկած էր քաղաքը: Ամեն ինչ այնտեղից եկավ: Իբրև ժայռ այդ ակունքի մոտ երևում էր ինքը՝ Օհան պապին, որ ասում էր, թե հացը եթե կշեռք տեսավ, արտերը կչորանան: Եվ ինքը Օհան պապին էր գուշակել մի մեծ պատերազմ և սով, մի ահավոր ժամանակ, երբ հայրը որդուն կուրանա, աղբյուրները կցամաքեն, գետնի շարժ կլինի և կվերջանա երկաթի թագավորությունը:

Ապա մտքով ետ էր գալիս մինչև գյուղի խառնակ առօրյան: Մելքումովների մաղազան նա համարում էր քաղաքի կտորը, սահմանանիշ այն ձողը, որից այն կողմ արգելված էր վարել: Գալիս կանգնում էր այդ սահմանում, որտեղից ջուրը շրջել էին ուրիշ առվով, և այն հին ջուրը կորչում էր խոր ձորերում: Աթա ապերը հասնում էր այդ սահմանին և մոլորված կանգնում էր.

Աթա, ալևորել ես, — ինքն իրեն խոսում էր ծերունին, — շատ ես ապրել, Աթա...Դու էն ժամանակ պիտի մեռնեիր, երբ ոչ կռիվ կար, ոչ սով կար: Աչքերդ լիության մեջ կփակեիր և հիմա երկնքից քաղցր կնայեիր հողի երեսին չարչարվող մարդու որդուն...Հայը որն է, թուրքը որն է, դաշնակցականը որն է, մուսավաթը որն է, -դու չէիր իմանա: Դու միայն կիմանայիր, որ աշխարհում թողել ես ցուրտ աղբյուրներ, ծաղկած սարեր և ախպեր մարդիկ...Շա՛տ ես ապրել Աթա...

6

Следующая страница