Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Մի գիշեր, երբ Աթա ապերը մենակ նստած հիշում էր իր ճանաչ թուրքերին, որոնց երրորդ տարին էր չէր տեսել և ոչինչ չէր լսել նրանց մասին՝ ո՞վ է մեռել, ո՞վ է մնում, — միտք էր անում, թե օրերը երբ տաքանան, պատերազմ էլ լինի, պիտի գնա Գետամեջերը, որտեղ մեծ ու փոքր նրան ճանաչում են, — և մի ձիաբեռ բրինձ կբերի, — մի այդպիսի գիշեր շունը հանկարծ կոխեց: Մարդահաչ էր: Աթա ապերը ականջ արեց. ոտնաձայնը լսվեց բակից, շունն ավելի սաստիկ հաչեց, և մինչև Աթա ապերը ներսից կանչեր, դուռը ծեծեցին:

Ներս մտավ մի մարդ, ոտքից մինչև գլուխը սպիտակ:

Նա դուռն իր ետևից իսկույն ծածկեց, որովհետև քամին ձյունը ներս էր շպրտում: Աթա ապերը զարմացած նայում էր անծանոթին, որը ոտքերը գետնին զարկելով թափ էր տալիս ձյունը:

Չճանաչեցի՞ր, — հարցրեց ներս մտնողը:

Օրուջ քիրվա՛, — և ծերունին նրան գրկած մոտեցրեց օջախին:

Ներս մտնողը Շոթանանի թուրքերից էր: Աթա ապոր և նրա գյուղն անջատված էին բարձր լեռնաշղթայով, որ ազգամիջյան կռիվների վայրն էր:

Նրանք հին «քիրվաներ» էին: Հայերի և թուրքերի մեջ բարեկամության այդ ձևը հին էր, այնքան հին, որքան հին էր նրանց երկիրը: Գուցե թե դաշնի այդ ձևը գալիս է այն ժամանակներից, երբ լեռնցի խաշնարածները և դաշտի երկրագործները բարեկամ դարձան, համոզվելով, որ լեռն ու դաշտը մի մայր երկիր են: Նրանք բարեկամացան և այդպիսով աշխարհում հիմնվեց առաջին եղբայրությունը ոչ ըստ արյան: «Քիրվան» եղբայր էր, թանկագին հյուր էր, նա կսկծում էր քիրվայի անբախտության համար և ուրախանում էր նրա ուրախությամբ:

Աթա ապերը աչքերին չէր հավատում:

Էս ո՞նց, էս ձյուն ձմեռը ո՞նց անցար կրակի սա՞մանը… — Աթա ապերը երեք տարի նրան չէր տեսել, — երեխաներն ինչպե՞ս են, Ջավահիր բաջին ինչպե՞ս է

Դու ողջ մնաս, շատ-շատ սալամ են ուղարկել:

Ախր ո՞նց եկար, Օրուջ:

Աթա քիրվա, քո անունը տվեցի եկա:

Ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով

Սարի ճանապարհովԵրկու օր եկա: Գիշերը մնացի կոտրած քարվանսարայում:

Էլ ո՞նց ես:

Դո՞ւք ոնց եք, Աթա քիրվա...

Վեր է՛, այ պառավ, վե՛րՄի տես ո՛վ է եկել, — և պառավը մթնում ճրագ արեց, ապա աչքերը տրորելով մոտեցավ, — Օրուջ քիրվան է՛...Բա չէի ասում էլի խաղաղություն կլինի, էլի բարին կմնա:

Ճշմարիտ խոսք է, Աթա քիրվա, այս ամենը կանցնի և սեր բարեկամությունը կմնա, — Օրուջը գրպանից չիբուխը հանեց, ապա հանեց և մի փոքր կապոց, — Ջավահիր քույրդ է ուղարկել...

Աթա ապերը երեխայի նման ուրախացավ:

Այ պառավ, մի տես է՛, մի տես ինչ բռնոթի է ուղարկելԱյ շեն կենա Ջավահիրը: Ոնց էլ չի մոռանում...Պառավ, դե կրակը խառնի, տես ինչ կա չկա ... Օրուջը սոված կլինի:

Աթա ապերն այդ խոսքն իզուր ասաց: Պառավն արդեն կրակը խառնում էր...

Աթա քիրվա, մի ասա տեսնեմ ո՛նց եք, եղբայրդ ոնց է, ձերոնք ոնց են...Ինչպե՞ս եք ապրում:

Է, ոնց ենք ապրում, Օրուջ, — Աթա ապերն ուզեց գանգատվի, բայց ժամանակը չհամարեց և միայն ասաց. — էս դժար ժամանակ որ ողջ ենք, էլի՜ փառք ալլահին...

Փառք ալլահին, Աթա քիրվա, թող մեր սև օրը սա լինի:

Եվ Օրուջն սկսեց պատմել այն դառնությունները, որ երեք տարի շարունակ նրանք կրել էին լեռնաշղթայի մյուս երեսին: Այդ դառնությունների նույն շարանն էր՝ նույն կռիվը, նույն բռնությունները, սովը, իրար նման, ինչպես լեռնաշղթայի երկու կողերը:

Հապա Գետամեջերում բրինձ բան... — զգույշ հարցրեց ծերունին:

Ո՞րտեղից, և ո՛վ է աղքատին բրինձ տվել...Բրինձը հավաքել են զորքի համար, ուղտերով տարել են Բաքու, լցրել են այնպիսի հորեր, որ ա՛յ, — և Օրուջը ձեռքով ցույց տվեց այնքան խոր, ասես բրինձը լցրել են ծովի խորքը:

Խե՛ղճ ժողովուրդ, — Աթա ապերը հայացքը դարձրեց կրակին:

Պառավը սուփրի վրա դրեց մի աման պեքի, մածուն և կորեկի հացի երկու բլիթ: Նրանք լուռ էին: Կրակն ուրախ աղմկում էր, ինչպես աղբյուր:

Էս սուփրան ինձ ու քեզ, Օրուջ, ուրախ շատ է տեսել, էս անգամ էլ ուրախ սրտով ուտենք, — և Աթա ապերը մի կտոր հաց կտրեց:

Ինչ ալլահ, ինշալլահ, — և նրանք ուրախ սրտով կերան պարզ ընթրիքը:

Ապա երկու հին բարեկամները քնեցին օջախի առաջ` մեջք մեջքի, ինչպես հովիվ ժամանակ շատ անգամ քնել էին:

Առավոտյան Օրուջն ասաց, որ մութն ընկնելուց ուզում է տուն վերադառնալ: Աթա ապերն առարկեց: Օրուջն ասաց, որ տնից անհանգիստ է:

Ջավահիր քրոջդ հիվանդ եմ թողել... — և լռելուց հետո հանկարծ ասես սիրտ առնելով, թուրքը դիմեց իր բարեկամին.

Աթա քիրվա, ախր...Ես բանի եմ եկել...Ես քո անունդ տվել եմ եկել...

Աթա ապերը ուզեց խոսք ասի, բայց Օրուջը վրա բերեց.

Աթա քիրվա, ի սեր աստծո, մի ճար...Սովից մեռանք...Ջավահիր քրոջդ անկողնում պառկած եմ թողել: Չեմ իմանում ողջ կգտնեմ նրան, թե մեռած...Նա ասաց, ա՛յ մարդ, աշխարհում թե մի մարդ մեզ ճար անի, Աթա քիրվան կանի...Հիմա տեսնում եմ, որ դու էլ դառը տեղ...

Օրուջ, կաց, — և Աթա ապերը վեր կացավ դեպի տան անկյունը: Պառավը հասկացավ, երկու քայլ հետևեց նրան և կանգնեց:

Բաց արա պարկդ, Օրուջ, — Աթա ապերը ետ եկավ թևի տակ կորեկով պարկը, — սա է մեր հույսը, մեր հացը...

Ծերունին պարկի կորեկը կիսեց, պառավին պատվիրեց մի քիչ ձավար բերել, մի բուռ չորաթան և նույնիսկ կորեկի երկու բլիթ կոխեց պարկի մեջ, ասելով, թե ճանապարհին նա կուտի:

Աթա ապերը միայն խնդրեց, որ եթե իր հարևաններից տունը մարդ գա և Օրուջին հարցնի Գետամեջերի մասին, թող Օրուջը նրանց ասի, որ թուրքերի գյուղերում շատ բրինձ կա, ցորենի արտերը ծփում են և շուտով այնտեղ գարին կհնձեն:

Մենք ձեր հույսովն ենք ապրում, Օրուջ քիրվա, այդպես ասա, որ նրանք հույսով ապրեն, որ գոնե մեռնողը հեշտ մեռնի...

Եվ այդ օրն ով որ եկավ Աթա ապոր տունը տեսնելու նրա հին ճանաչին, — բոլորին Օրուջը պատմեց, որ երբ ձյուները վեր կենան և այլևս պատերազմ չլինի, ճանապարհները կբացվեն և քանի-քանի ուղտեր հարավից կբերեն բրնիձ, ցորեն և մինչև անգամ թուզ կբերեն: Մեկն ասաց.

Օրուջ քիրվա, դու առաջին կռունկն ես...Դու որ եկել ես, մենք համարում ենք, թե բրինձ էլ ունենք, ցորեն էլ ունենք, մինչև անգամ թուզ էլ ունենք:

Միայն Նիազանց Անդրին սրախոսեց.

Երբ քարվանը գա, Օրուջ քիրվա, իմ զուռնային մի պիպիչ†† կուղարկես...

Երեկոյան մթնով, Աթա ապերն իր բարեկամին ճանապարհ դրեց, շատ-շատ բարևներ ուղարկեց Ջավահիր քրոջը, նրանց ազգականներին և Գետամեջերի իր հին ծանոթներին:

Աթա ապերը Օրուջին պարգևեց իր մաշված ձեռնոցները, որովհետև նա պիտի սարովն անցներ և վերջին րոպեին, երբ թուրքն արդեն շեմքի մոտ էր, նրա գրպաններն ընկույզով լցրեց.

Երեխաներին կտաս, երեխաներին...

7

Օրուջ քիրվան ի՞նչպես ընկավ քաղաք և քաղաքի բանտը, — մինչև հիմա էլ անհայտ է: Նրան գյուղի մո՞տ էին բռնել, թե՞ ձորում հանդիպել էր զինվորական պահակների, որոնք հսկում էին ճանապարհների վրա և իջնում էին ձորերը:

Ապրիլի կեսերին գյուղի կոմիսարը Աթա ապորը կանչեց, հարցեց, թե ո՞վ էր այն թուրքը, որ եղել էր նրա տանը, մենա՞կ էր, թե ուրիշ մարդ էլ կար, ի՞նչ էր ասում և ո՞ւր գնաց: Աթա ապերը դեռ չգիտեր, որ իր քիրվան տուն չի ընկել և հասել է քաղաքի բանտը:

Մի խեղճ մարդ էր, պարոն կոմիսար, — պատասխանել էր Աթա ապերը. — հետը ոչ ոք չկար, և ինչ պիտի ասի մի մարդ, որ տանը հաց չունի և էս ցրտին անցել է սարը...Նա ինչ գիտի և կամ ես ի՞նչ գիտեմ, պարոն կոմիսար: Էս ձորերում ի՞նչ կա, որ մարդ ինչ իմանա: Թե սով ես ասում, նրանք մեզանից խեղճ, մենք նրանցից...

Իսկ դու չգիտե՞ս, որ թշնամու երկրից գաղտնի անցնողը կամ լրտես է, կամ

Ի՛նչ թշնամու երկիր, ինչ լրտես...Կարելի է որ դու չես իմանում, պարոն կոմիսար, բայց արար աշխարհն իմանում է, որ Օրուջն իմ քիրվան է, նրա տունն իմ տունն է...

Տարիքիդ եմ խնայում, ծերուկ, թե չէ քեզ հետ ուրիշ լեզվով կխոսեի:

Ուրիշ լեզու չեմ իմանում, պարոն կոմիսար, ես քեզ մատաղ, էս է իմ լեզուն:

Հինգ օրից հետո Աթա ապորը կանչել էին քաղաք, և միայն այդտեղ էր նա իմացել, որ իր քիրվային կալանավորել են: Ինչքան խնդրեց, աղաչեց, ծանոթների դիմեց, որ միջնորդ լինեն, բայց բան չեղավ:

Դեռ եթե քեզ չենք պատժում, շնորհակալ եղիր, — և հետախուզական բաժնում նրան դուռն էին ցույց տվել:

Աթա ապեր, մութ գործ է, էս գործին դու մի խառնվիր, — խորհուրդ էին տվել քաղաքում:

Աստված, երկինք, գետինք, ճրագի նման արդար մարդ է իմ քիրվան, նրանում մեղք չկա՛, չկա՛, — և Աթա ապերն արտասվել էր:

Շատ ժամանակ անցավ, այնքան, որ պատահական ականատեսն առանց երկյուղի կարող էր պատմել այն, ինչի մասին եթե յուր ժամանակ ծպտուն հաներ, գլուխը մահու կտար: Այդ պատահական ականատեսը՝ Մինասի տղա Ստեփանը, որի այգին գտնվում է Սորանի ձորում, այսպես է պատմել.

Մայիսի 4-ի երեկոյան դեմ ես գնացել էի մեր բաղի քանդված պատը նորոգեմ...Մութը որ ընկավ, ասի աչքս մի քիչ փակեմ, մինչև լուսնյակը դուրս գա, լուսնյակով բանս վերջացնեմ: Շատ էի քնել, թե քիչ, մեկ էլ քնիս մեջ ձայներ եմ լսում...Արթնացա, ասի էս ի՞նչ մարդիկ են մտել բաղը: Ուզեցի կանչեմ, մեկ էլ մի քանի հրացանավոր տեսա, որ պատի տակով կամաց գնում էին: Էլ չկանչեցի. ասի ո՛վ գիտե ինչ մարդիկ են...Տապ արի մնացի: Չեմ իմանում նրանք ինչո՞ւ պատի տակ կանգնեցին: Մեկը ռուսերեն մի քանի խոսք ասաց. հենց մենակ էն հասկացա, որ ասեց «սկարեյ, սկարեյ», ուրեմն թե շուտ արեք...էն առաջին տարիները, ղազախը որ եկել էր, ես նրանց ձիերի համար խոտ էի հարում. էդ խոսքն էն ժամանակից գիտեմ: Որ «սկարեյ» ասաց, միտք արի, թե սրանք փախած զինվորներ են, ասի կանչեմ, ինձ ինչ պիտի անեն որ...գուցե ճանապարհը մոլորել են, ճանապարհը ցույց կտայի...Չեմ իմանում Սորանի ձորում եղել եք, թե չէԹե եղել եք, պետք է տեսած լինեք, որ մեր բաղի տակով ճանապարհը գնում է խանդակի վրա: Էլ էն կողմը բաղ չկա...Իսկ խանդակի միջով վերևի ճանապարհն է...Հա՛, մեկ էլ էն տեսնեմ, որ հետևից էլ են զինվորներ գալիս...Էս որ տեսա, ասի դաշնակցականի զինվորը փախչում է: Հիմա նրանք պատի տակով են գնում, ես էլ պատի էն մի երեսով փորսող տալով գնում եմ...Նրանք էլ եկան կանգնեցին: Մին էլ լսեմ, որ մի հալևոր տնքում է: Էստեղ սրտումս կասկած մտավ: Ասի բան կա: Գլուխս մոտեցրի պատին...Էն հալևորը խոսում էր, զինվորներն էլ հեռու կանգնած են: Էն առաջի մարդիկ էլ ձորում քանդում են: Հալևորը թուրքերեն ասաց. «Ալլա՛հ, ողորմությանդ մեռնեմ...Թե ես ավազակ եմ, բա ձեզ ինչո՞ւ են բերել: Թե հայերը թուրքի են սպանում, ախր դուք էլ հայ եք, բա ձեզ ինչո՞ւ են սպանում»: Մթնում մի ջահել հալևորին ասաց. «Օրուջ քիրվա, ոչ մենք ենք ավազակ. ոչ դու, քեզ էլ մեզ էլ սպանում են, որովհետև մենք պատերազմ չենք ուզում»: «Ա՜յ որդի, ախր ե՛ս ով, պատերազմն ով...Ես մի խեղճ, աղքատ...Լա՛վ, ասենք ես պառավ եմ, կյանքս ապրել եմ՝ ես հե՛չ, բա ձեզ նման ջահելներին ինչո՞ւ են սպանում...Ասենք թուրք եմ, բա ձեզ նման հայերին ինչո՞ւ են սպանում...»: Էն կողմից մի ջահել թե՝ «Ա՛ հայր, մենք էն քո ասած հայերից չենք, մենք նոր հայեր ենք…»: «Ափսո՛ս, ափսոս ձեր որբերին, ձեր հայրերին, ա՛յ որդիներ...»: Էդ խոսքին ձորից ռուսերեն կանչեցին. նրանց առաջ արին տարան...Էսքան ժամանակ ինչ պատմում եմ, էդքան ժամանակ չէր քաշել արանքը, որ ձորից հալևորը թուրքերեն կանչեց. «Ինձ թաղեք իմ էս ջահել տղաների հետ»: Մինն էլ հայերեն կանչեց. «Կեցցե կոմունիստը, կեցցե հեղափոխությունը, կեցցե...»: Բայց էն ռուսերեն խոսողը հրաման ավեց, հարացանները կրակեցին: Էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպուտ: Մենակ ոնց որ թե հող էին լցնում: Էլ ես բան չիմացա. էդպես մնացի պատին կպած, չիմացա ոնց հետ գնացին: Մեկ էլ տեսնեմ արևը տվեց. քլունգն առա ներքևի ճանապարհով գնացի տուն: Մեր բաղի պատն էլ էնպես թերի մնաց...

Մինասի տղա Ստեփանի պատմածը ճշմարտանման է: Նա խառնել է միայն ամսաթիվը. գնդակահարությունը եղել է ոչ թե մայիսի 4-ին, այլ 27-ին, ինչպես հայտնի է անում Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարության կից ռազմադաշտային դատարանի որոշումից և նրան կցված հետևյալ ակտից.

«Սույն որոշմամբ գնդակահարության դատապարտված 2-րդ վաշտի զինվորներ Ռուբեն Հայրիյանցի և Տիգրան Թոխունցի կոմունիստական քայքայիչ աշխատանքի համար և թուրք Օրուջի՝ Շոթանան գյուղից, լրտեսության համար, — վճիռն ի կատար է ածված 1920 թվի մայիսի 27-ին և նույն օրը դիակները հանձնված են հողին...»:

Մի տարի հետո, Սորանի ձորում, ճանապարհից դուրս ծլեցին մի թուփ ընկուզենիներ: Մինասի տղա Ստեփանի ասելով կարծես հողի տակ մի բուռ ընկույզ էին թաղել...Ձորով անցնող նախիրը տրորել էր այդ տունկերը և միայն երկու ընկուզենի դիմացել էին անասունների ավերածության:

Սրանք հիմա ահագին ծառեր են և ստվեր են գցում ճանապարհի վրա, և պատահում է, որ ճանապարհով անցնողը նստում է նրանց ստվերում: Այն ժամանակ Մինասի տղան ցանկապատի ետևից զրույցի է մտնում անցորդի հետ, հարցնում է ո՞վ է, ուր է գնում և եթե անցորդը չգիտե, թե ինչ ընկուզենիներ են, Մինասի տղան պատմում է, ինչպես հին զրույց.

Մեր գյուղում կար մի Աթա ապեր...ողորմի նրան: Էն խառը տարին մի թուրք, անունը Օրուջ...

Եվ նրա զրույցի հետ աղմկում են եղբայրության ընկուզենիները, ասես նրանք լրացնում են այն, որ չես պատմի ոչ մի լեզվով և չես գրի ոչ մի գրչով...

«ՇՅԱՐՔ ԳԱՓՈՒՍԻ»

Լուսաբաց է:

Գնացքը դանդաղ կանգ է առնում կայարանի առաջ: Հին Նախիջևանն է, կիսավեր կայարանը, որի մի մասը նորոգել են, ներկել, մի քիլ սարք ու կարգել:

Ներս եմ մտնում կայարան:

Բեռնակիրների քնատ դեմքեր, մի քանի պաշտոնյաներ: Դահլիճում, բուֆետի տերը կոլոլված կարպետի մեջ, քնած է դեռ սեղանի վրա:

Բակից կառապանը ձեն է տալիս.

Մի հոգի էլ...

Մոտենում եմ. կոտրատած լինեյկայի վրա տեղավորվել են յոթ հոգի, ես ութերորդն եմ: Կառք քիչ կա, ճամփորդների բաժինը լինեյկան է:

Անցնում ենք աղյուսի գործարանի մոտով. չեն աշխատում, կիսավեր դրության մեջ են:

Ահա և քաղաքի ծայրը, կամարակապ աղբյուրը և պղտոր գետը, որ վշշալով գլորվում է դեպի ջաղացները, ոռոգում դաշտը և խառնվում Արազին:

Ուղեկիցներս կառապանին իրենց իջնելու վայրի անունն են տալիս: Ես ծանոթ չունեմ և ուզում եմ իջնել մեյդանում:

Մի քանի ծուռ ու մուռ փողոցներով անցնելուց հետո, իջնում եմ մեյդանում: Խանութները դեռ գոց են:

Քայլերս ուղղում եմ դեպի քաղաքի վերին մասը: Նախիջևանում եղել եմ ես մի քանի անգամ, պատերազմից առաջ: Քաղաքի մի խոշոր մասը խանութներ էին: Նախիջևանը առուտուրական կենտրոն էր Զանգեզուրի, Օրդուբաթի, Մակվա և այլ շրջանների համար:

Հիմա չկա առաջվա եռ ու զեռը:

Պատերազմը ավերել, սրբել է շատ բան. հիշում եմ դաշնակ-մուսավաթյան անիծյալ օրերը:

Մի քանի տեղ նորոգման հետքեր կան: Պետական հիմնարկներ են գլխավոր փողոցի վրա, գույնզգույն ցուցանակներով:

Ինչո՞ւ արևելքն այդքան վառ գույներ է սիրում, նույնիսկ ցուցանակները կանաչ գույնի են, կապ-կապույտ, կարմիր ու դեղին:

Անցնում եմ մի խոշոր շենքի մոտով, ուր տեղավորված է աղահանքերի գլխավոր վարչությունը, Նախիջևանի գյուղատնտեսական բանկն ու «Նախիթթիֆագը» (կոոպերատիվների միությունը):

Մի քիչ դենը սիրուն, կոկլիկ հրապարակ է, աղյուսի, կիրի և գաջի կույտերով: Նորոգում են, նոր տներ են շինում: Հրապարակի ճակատին ժողկոմխորհրդի սպիտակ շենքն է, որ շատ դուրեկան է շրջապատի մոխրագույն ֆոնի վրա: Բակում սիրուն ծաղկանոց, միակը ամբողջ քաղաքում, ինչպես իմացա ես հետո:

Ժողկոմխորհրդի շենքի կողքին մի այլ շենք, ավելի սիրուն, արևելյան նիշերով, ճակատը բրգաձև ուռուցքներով, նեղ ու երկարաձիգ պատուհաններով: Շենքն արդեն ավարտված է, միջին մասն են պատրաստում: Նախիջևանի խաներից մեկն է շինել այդ շենքը մեչիտի համար, թերի է մնացել: Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո մեչիտի շենքը վեր է ածվել ակումբ-գրադարանի:

Մոտենում եմ բանվորներին. չնայած որ կանուխ է դեռ, բայց աշխատանքն արդեն սկսված է: Մի խումբ բանվորներ ցեխ են խառնում հարդի հետ, աղյուս պատրաստում: Ալևոր մի բաննահ, քթի տակ մի երգ մռմռալով պատ է շարում:

Էս շենքը Աբաս խանի տղան էր ուզում շինել, հիմա տեսնում ես աստղը ճակատին, — ասում է ինձ բաննահ ծերուկը, ցեխոտ մատն ուղղելով դեպի շենքի ճակատը:

Կարմիր աստղը նախկին մեչիտի ճիշտ ճակատին:

Ծերուկը պատմեց ինձ, որ երբ կառավարությունը որոշում է շենքը ակումբի վերածել, սեյիդ Ղասում անունով մի մոլեռանդ հավատացյալ գիշերով ծածուկ մտնում է ներս, կրակ անում շենքի մեջ և սկսում բարձրաձայն աղոթել: Մյուս օրը քաղաքում լուր է տարածվում, թե մարգարեն իջել է մեչիտի մեջ և հայտնել սեյիդ Ղասումին, որ այդ մեչիտը «սուրբ» է. իհարկե «հրաշքը» պարզվում է, և սեյիդին ուղարկում են ուղղիչ տուն:

Այդ փոքրիկ հրապարակը քաղաքի ամենից սիրուն մասն է: Հրապարակից տարբեր ուղղությամբ փողոցներ են սկսվում: Հիմա շտկում են, դար ու փոս լեցնում, պատերը կոկում, սվաղում: Եթե այդպես թափով տարվի աշխատանքը, մի քանի տարուց հետո Նախիջևանը կդառնա մի սիրուն քաղաք:

Հրապարակի դիմաց այգին է, որի մոտով անցնում է սրընթաց, պղտոր գետակը, Նախիջևանի «Նեղոսը», որ իջնում է սարերից, արգավանդ տիղմ բերում և առատաձեռն փռում հարթավայրի վրա:

Բաժանվում եմ ալևոր բաննահից և դանդաղ քայլերով իջնում դեպի հրապարակ: Կանուխ է դեռ, հիմնարկները բաց չեն:

Ահա և բազարը, նեղլիկ փողոցների մի լաբիրինթոս, փոքրիկ կրպակներ՝ մսավաճառի կողքին դարբին, հացթուխի կողքին՝ կոշկակար: Ապրանքները շարել են խանութի առաջ. ներսում քիչ բան կա:

Էժանություն է, յուղ ու պանիրորքան ասես: Առուտուրը իրար մեջ «ղռանի» հաշվով է, իսկ նորեկի կամ անծանոթ մեկի հետ՝ չերվոնեցով: Մի բան եք ուզում, նայում է նախ, մտածում, թե ի՞նչ ասի — «ղռա՞ն», թե «չերվոն»: Իրենց ծանոթ մարդկանց հետ ղռանով են խոսում ու կես ծածուկ բռի մեջ դնում ղռան կամ թուման: Առնում ու ծախում են ամեն ինչ. նպարավաճառը պղնձե ամաններ է առնում, նավթ ծախողը՝ գորգ ու կերպաս, որ հետո հարմար դեպքում կամ թանկ ծախի, կամ արտահանի Իրան: Առևտրական կապը Իրանի հետ շատ է ուժեղ. քարավաններ կան, որոնք հատուկ այդ գործով են պարապում և բերում ու տանում են, ինչ որ ձեռնտու է՝ պղինձ ու ճոթեղեն, կաշի ու միրգ և այլն:

Չայխանե եմ մտնում. աթոռներ չկան. տեղավորվում եմ գորգի վրա: Այցելուներ շատ ունի չայխանեն. նա և բորսա է, և հանդիպումների վայր, և լուրերի կայան: Երկու ջահել հազիվ են հասցնում թեյ տալ: Մոտենում է մեկը:

Մի բաժակ թեյ, — ասում եմ:

Քո՞ շաքարով, — հարցնում է տղան:

Ընդունված է այստեղ մի կտոր շաքար դնել գրպանում և օրը մի քանի անգամ մտնել չայխանե:

Նայում են ինձ հետաքրքիր: Ինձ զարմացնում է վարդերի առատությունը: Համարյա ամեն սեղանի վրա մի փունջ վարդ կա: Երևանում դեռ չկա, իսկ այստեղ յուրաքանչյուր ոք իր պարտիզում բացված վարդ ունի:

Գորգերի վրա ծալապատիկ նստած են, խոսում են, թեյ խմում, ծխում կամ ղայլան քաշում: Իմ գլխավերև կախված է ընկ. Կալինինի նկարը, ներքև՝ եվրոպական պատերազմի մի քարտեզ, որի վրա ճանճի աղտոտությունից ճերմակ տեղ համարյա չի մնացել:

Ներս մտավ ճպռոտ աչքերով, փսլնքոտ, պատառոտած աբան ուսերին, աղտոտ չալման գլխին փաթաթած մի մարդ, «սելյամ» տվավ և նստեց անկյունում: Երևում էր, որ շրջապատողները պատկառում են նրանից: Կողքիս նստողը շշուկով ասաց ինձ, որ եկողը «իմաստուն սեյիդն» է:

Միտս ընկավ ծերուկ բաննահի պատմածը սեյիդ Ղասումի մասին: Գուցե «նա ինքն է թագավոր փառաց»: Չգիտեմ ո՞վ Բաքվի թուրքական թերթում մի հոդված էր զետեղել չայխանեների մասին: Հոդվածագիրը շատ տեղին էր նկատել, որ չայխանեները ոչ միայն քաղաքական ասեկոսեների վայր են, այլև մի տեսակ «կլուբ» ուղղափառ հավատացյալների համար:

Դուրս եմ գալիս փողոց:

Մանուկների մի խումբ անցնում է շուկայով: Դպրոցական տղերք են, գրքերը թևի տակ. կանգնեցին մի խանութի առաջ, ուր արկղների մեջ դարսած է զանազան շաքարեղեն, կողքին էլ վանդակի մեջ մի կաքավ: Նայեցին ու անցան:

Ճամփա տվեք, ճամփա՛, — հանկարծ ետևից լսեցի մի խրոխտ ձայն: Նեղլիկ փողոցներում ժողովուրդը քաշվեց մեկդի: Լսվեց թմբուկի ձայն ու երևաց կարմիր դրոշը, ամրացրած մի ձողի: Դրոշի ետևից ջահել մարդկանց մի ամբողջ շարան, որ քայլում էր հսկա թմբուկի զարկերի տակ:

Շարուրի զինվորացուներն են, գնում են զինվ. կոմիսարիատ ներկայանալու: Արևից սևացած ռանչպարներ, շատերը քաղաք չտեսած, զարմանքով նայում են շրջապատին, աշխատում շարքից դուրս չգալ և իրենց կեցվածքին զինվորական ձև տալ: Մի քանիսն էլ չուխաները մեջքին են կապել այնպես, ինչպես զինվորն է կապում շինելը: Յուրաքանչյուրի կրծքին կախված է կարմիր ժապավեն: Զինվորացուների ետևից գնում է մանուկների, թամաշա սիրող անձանց մի ամբողջ խումբ, որ աշխատում է ետ չմնալ: Ես էլ եմ խառնվում նրանց ու մի քանի րոպեից հետո թափորի հետ միասին հասնում զինվ. կոմիսարիատ:

Հավաքվում է ահագին բազմություն: Ահա և նվագախումբը: Ինձ ասացին, որ ընդամենը 15 օր է, ինչ կազմակերպել են նվագախումբ, որի ղեկավարը զանգեզուրցի մի եռանդուն տղա է:

Զինվ. կոմիսարիատի պատշգամբից դիմավորում են զինվորացուներին, ողջույնի խոսք են ասում զանազան ընկերներ: Զինվորացուների կողմից պատշգամբ է բարձրանում մեկը և խոստանում պաշտպանել բանվորի ու գյուղացու շահը:

Մեզ Նիկոլայը սալդաթ չէր տանում, որ մութ մնանք, ուրիշ քաղաքներ չտեսնենք: Հիմա «Ղըրմըզը օրդուն» (Կարմիր բանակը) մեր սիրելի մայրն է, համ ուսում պիտի առնենք, համ էլ սովորենք պաշտպանել մեր երկիրը վտանգներից, թեկուզ այդ վտանգը Արազի մյուս ափի խան ու բեկերից լինի:

Ծափահարում են, «յաշասըն» կանչում, գդակները օդի մեջ նետում, նորից կանչում «ուռռա՛»: Նվագախումբը «Ինտերնացիոնալ» է նվագում. դեռ նոր են սովորել, նվագը մի քիչ խառն է, արևելյան շեշտով:

Միտինգը վերջացավ, զինվորացուների շարքերն անցան դեպի զորանոցները: Ժողովուրդը ցրվել սկսեց: Բոբիկ ոտքերով, կուրծքը բաց երկու պատանի, հազիվ 15 տարեկան, մոտեցան ինձ, ճերմակ թղթի մի կտոր ձեռքերին:

Խնդիր գրի, որ մեզ ընդունեն Կարմիր բանակում կամավոր:

Ջահելների աչքերի մեջ կրակ ու եռանդ կա. հենց այստեղ դիմում եմ գրում. առնում են ու վազում դեպի զորանոց:

* * *

Արևն արդեն նեղում է:

Փողոցում անց ու դարձը պակասում է, մարդիկ ստվերոտ մի տեղ են փնտրում, որ մի քիչ շունչ առնեն, մինչև հովն ընկնի:

Գործ. կոմ. շենքի առաջ նստոտել են մի քանի հոգի: Ներս եմ մտնում: Հենց միջանցքում գետնի վրա ծալապատիկ նստել է մեկը և գրում է: Նրա կողքին նստել են մի քանի գյուղացի, որոնցից մեկը գրողին թելադրում է իրենց դիմումը:

Միջանցքում անց ու դարձ են անում սպասողներ: Այստեղ ամեն ինչ հասարակ է ու պարզ: Փոքր է երկիրը, պաշտոնյաների թիվը քիչ, բոլորն էլ ճանաչում են իրար, հիմնարկները համարյա իրար կից: Մի երկու ժամում կարելի է բոլոր հիմնարկներում լինել, տեսնել բոլորին, ուզած տեղեկությունն առնել ժող. կոմ. խորհրդի նախագահից մինչև հասարակ գործավարը: Պաշտոնյաների մեծ մասը տեղացիներ են, որոնց հականե հանվանե ճանաչում են գյուղացիք: Շատ անգամ հենց տեղն ու տեղը որոշում է կատարվում և խնդրին սպառողական լուծում տրվում:

Տալիս են ինձ թվական տվյալներ գավառի դրության մասին: Ամեն տեղ շինարար աշխատանք, դպրոցներ են բացվել, խրճիթ-ընթերցարան, ճանապարհներ են նորոգվում, կազմակերպվել է գյուղատնտեսական վարկի գործը, կոոպերացիան դանդաղ, բայց աջող գրավում է գյուղական շուկան և դուրս վռնդում չարչուն ու վաշխառուին: Այս տարի բամբակը ցանվել է որոշվածից ավելի:

Եթե Ժամանակին վարկ ստանայինք, մեկին երկու ավել կցանեինք, որովհետև անցյալ տարի գյուղացիք տեսան բամբակի օգուտը, — ասում են ինձ:

Հատուկ ուշադրություն է դարձված բժշկա-սանիտարական գործին: Մի քանի կարևոր կենտրոններում մտցված են բժշկական կայաններ: Գյուղացիք իրենք ընդառաջ են գնում իշխանության շինարար աշխատանքին, տրամադրում շենքեր, բանվորներ, հաճախ ծախսի մի մասը վերցնում իրենց վրա:

Շինարար աշխատանքի մասին գիտեն և Արազի մյուս ափին ապրող խեղճ ու կրակ գյուղացիք, որոնք դարերից ի վեր տքնում են, աշխատում անդուլ և իրենց ամբողջ վաստակը խան ու սարդարի տալիս: Հողային հարցի աջող և արագ լուծումը, բեգական հողերի գրավումն ու հողահավասարեցումը լավագույն ագիտացիոն ազդակներ են այդ չարքաշ գյուղացիների համար, որոնք Արազի մյուս ափից կարոտով են նայում, թե ինչպես հալալ և ազատ ապրում է Նախիջևանի գյուղացին առանց բեգի ու խանի:

Շատ է պատահում, որ մյուս ափից փախչում են և գալիս բնակվում Նախիջևանի շրջակայքում, դառնում խորհրդային քաղաքացիներ:

Նախիջևանի շրջանը հարստանալու բոլոր պայմաններն ունի:

Հողը բերրի, կլիման նպաստավոր բարձր կուլտուրաներ մշակելու համար, հողի սակավություն չկա, հռչակավոր աղահանքերը խոշոր եկամուտ են տալիս, Պարսկաստանի հարևանությունը թույլ է տալիս արտահանման և ներմուծման:

Անցնում եմ դեպի քաղաքի ծայրամասը: Ավերակ տներ, համարյա ամեն քայլափոխի հողակույտեր աջ ու ձախ: Ջարդված աղյուսների կույտերի վրա աչքիս են ընկնում հին փալասներ, փռված արևի տակ: Մոտենում եմ մի խորշի. երևում է, որ գետնափոր տներում մարդ է ապրում: Կուզե-կուզ իջնում եմ սանդուղքներով: Գետնափոր սենյակի մեջ ապրում է մի ամբողջ ընտանիք. մի քանի աման, մի կուժ, մի երկու փալաս և իրենց վրա եղած ցնցոտիները՝ ահա նրանց սեփականությունը:

Նախկին բնիկներ են, որ ազգամիջյան կռիվների ժամանակ գաղթել են, թալանվել, հրմա նորից վերադարձել են ավերակները շենացնելու:

Անցնում եմ առաջ. ականջիս է հասնում մեքենայի անիվի ձայնը: Մոտենում եմ մի փոքր շինության, նայում եմ պատուհանից ներս:

Տպարանն է:

Ներս եմ մտնում ուրախ, որ այդ քանդված տների մեջ տեսա կենդանի մի անկյուն, ուր աշխատանք կա, աղմուկ ու երգ: Տեղական թերթի խմբագրատունն է՝ «Շյարք Գափուսի» (Արևելքի դռներ):

Ավելի հարմար անուն չկա թերթի համար: Իրոք որ Նախիջևանը Արևելքի դռներից մեկն է: Թերթը երեկոյան պիտի լույս տեսնի, շտապ երեսներն են կապում, որ հասցնեն: Օրաթերթ չէ, աշխատակից քիչ կա, գրելու ժամանակ չունեն: Բայց թերթն արդեն իր թղթակիցների խումբն ունի, ճանապարհը հարթված է, նույնիսկ հեռավոր գյուղերում է ստացվում:

Գրաշարներից մեկին հարցնում եմ նոր տառերի մասին.

Ե՞րբ պիտի լինի, — լսել ենք դրա մասին, բայց դեռ չենք տեսել: Մի քիչ մոլլաները կնեղանան, բայց հուպ կտանք, — ասում է նա և ծիծաղում:

Լատինական շրիֆտ դեռ չկա: Նոր միայն ստեղծվել է մի հանձնաժողով այդ նպատակով: Հարց ու փորձ եմ անում թերթի տիրաժի մասին:

Մեկ-մեկ տալիս ենք ուղտապաններին, Արազի մյուս ափն են անցկացնում մեր թերթից մի քանի հատ: Էս էլ մեր կանտրաբանտը, — ժպտալով ասում է գրաշարներից մեկը:

Հարցնում են դրսի աշխարհից: Մեկը բավական զարգացած, ինքնուս տղա է: Երբեմն թերթում հոդվածներ է տալիս:

Լրագրի հին համարներից մի քանի օրինակ նվիրում են ինձ, ցույց տալիս կարևոր հոդվածները:

Էս էլ մեր Մեհտու գրածն է քյաբինի դեմ:

Մեհտին գրաշար է, Հակակրոնական պրոպագանդայի ակտիվ մասնակից, սեյիդ ու մոլլայի թունդ հակառակորդ:

Հեռանում եմ այդ կուլտուրական անկյունից, ուր մի քանի հոգի ռումբեր են պատրաստում՝ Արևելքի սեյիդ ու խանի մեչիտն ու քյոշքը պայթեցնելու:

Հոգնած իջնում եմ կայարան: Ցերեկվա տպավորությունները խռնվել են գլխիս մեջ, աչքիս առաջ է փոքրիկ շինությունը քանդված տների թաղում, ուր մի քանի հոգի շարում են «Շյարք Գափուստ»-ի փոքրիկ համարները, իսկ մեքենան ժիր ու աղմուկով տպում է, դարսում սուր սլաքները կարմիր, որոնք տարածվում են Արևելքի դռներից այն կողմ՝ Արազից դեն, ուր կամաց-կամաց զարթնում է Իրանի չարքաշ ռանչպարը:

Միտս ընկան շարուրցի նորակոչ զինվորի խոսքերը, թե`

Սովորենք պաշտպանել մեր երկիրը վտանգներից, թեկուզ այդ վտանգը Արազի մյուս ափի խան ու բեգերից լինի:

ԳՍՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Ա)

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

1

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ են իմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանեն ժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով և ման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Следующая страница