Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որ Աթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

Էս ընկեր Իվանի ձին է

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավ անցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձև տալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսք էր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլանայերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ...(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցալ տարվա աերոպլանը:

2

Խաղաղ և իր քեֆին ապրում է այս փոքրիկ քաղաքը, որ գրպանի քարտեզի վրա չի էլ նշանակված թեկուզ որպես միջակետ: Կարծես դիտմամբ հեռացել է այս անկյունը խուլ, որ իրեն չխանգարեն, շատ եռ ու զեռով, ժխորի աղմուկով իրեն չնեղացնեն:

Ապրում է իր քեֆին, կատարում է այն ամենը, ինչ հարկ է, աշխատում է նմանվել մեծ քաղաքներին և օրինակ դառնալ շրջակա գյուղերի համար: Փոքրիկ այդ քաղաքը գավառի կենտրոնն է, նրան են նայում հարյուրավոր գյուղեր՝ թառած լեռան կատարին, խոր ձորերի մեջ ընկած գյուղեր:

Դրսի աշխարհի հետ ունեցած կապը փոստն է, որ գալիս է անկանոն, բեռը կես ճամփին թողնում, որ հետո վերադառնա բերի. կապը ծուռ ու մուռ խճուղին է, որ լղար եզան պես կողքի ճաղերն է ցցել, կապը՝ հեռագրի մի բարակ թելն է, որ անցնում է տասնյակ վերստեր անմարդաբնակ սարերով, կտրում հավիտյան ձյունապատ լեռների կատարներ, իջնում անդնդախոր ձորեր և հասնում հեռավոր երկաթուղուն: Շատ հաճախ է գիծը կտրվում. ձյան հյուսեր, սարի քամի, փոթորիկ պոկում են սյունը տեղից: Սարերով անցնելիս մեկ էլ հանկարծ հանդիպում ես հեռագրասյուների ուղիղ շարքին ու բարակ երկաթալարին, որ կանչում է ասես հուսակտուր ու խեղճ՝ մեծ քաղաքին հաղորդում, որ այնտեղ, երկաթուղուց հարյուրավոր Վերստեր հեռու, լեռներով փակված մի գետահովտի վրա անհոգ ընկած գավառական փոքրիկ քաղաքում ևս կա մոլեկուլյար աշխատանք, այնտեղ էլ են շինում, այնտեղ էլ է բաբախում թեկուզ մի երակ, որ տանում է դեպի սիրտը՝ լայնարձակ Միությունը Խորհրդային: Մարդ այնպես խղճահարվում է, երբ ձյունապատ լեռան գլխին՝ ժխորից հեռու, հանկարծ լսում է, թե ինչպես նվվում են երկաթի թելերը հեռագրի, ինքդ էլ ուզում ես կանչես, որ մեծ ճամփով անցնող գնացքը մի օր էլ շուռ տա ուղին իր և մխրճվի քնած լեռնապարն այս, լեռները վախենան, բազմանան գործարանները, խաղաղ ու հանդարտ գետահովիտում այս վառվեն հսկա լապտերները քաղաքի:

Ամեն ինչ դանդաղ է, խաղաղ գավառական այս խուլ անկյունում: Շտապելու հարկ չկա. կենտրոնից հեռու լինելը, մարդաշատ քաղաքի կարիքներին անհաղորդ լինելը ստեղծում է անհրաժեշտ միջավայր, ուր առատորեն զարգանում է գավառացու մտավոր կարճությունը, նրա մեղկ և կենդանական կյանքը, որկրամոլ և թուլամորթ լինելը: Կատարյալ քաղքենի, օրինապաշտ, պինդ փարած հնօրյա ադաթին՝ նավասարդին ու ձմռան երկար գիշերների զրույցներին:

3

Լեզո՛ւն, կենդանի խոսքը այս խուլ անկյունում...

Յոթ տարի է անցել Հոկտեմբերից, և դեռ մարդիկ կան՝ հին պիսարներ, որոնք հայերենը համարում են գյուղացու լեզու, անվայել «իրենց» շրջանի համար: Քա՜րը գլխին, թող համարեն. բայց զայրանում ես, երբ ժողովում են այդ ասում, և մեշչանական տիղմի մեջ սնված, չինովնիկի մունդիրի տակ աճած մի էքս-գործավար, որ այսօր մատենավար է սոսկական, — և անգամ թեկուզ Խորաշխի վերստուգիչ հանձնաժողովի,— զայրանում ես, (երբ ընդհանուր ժողովում ձայն է խնդրում և խոսում...ռուսերեն, երբ լսողների կեսից ավելին իրենց քաղաքից ուրիշ քաղաք չեն գնացել):

Եվ այն էլ ի՛նչ ռուսերեն...

Իր ելույթը պատճառաբանում է ազատ ցանկությամբ և մայրենի լեզու չիմանալով, այնինչ ստում է, հորինում:

Այդ Կարապետ Հախնազարիչը թեկուզ սոսկ մատենավար է, բայց նրանից շատ բան է կախված: Իրեն այնպես է դրել մանավանդ եկող-գնացող գյուղացիների մոտ, որ կասես վարիչն ինքն է, չափազանց պատասխանատու մի պաշտոնյա:

Մարդու խելք չի հասնում, երբ քննում է մեր խուլ անկյան «անքննելի» բաները: Ասես մի մեծ հեղեղից փախել և կորած, մոլորած այս մժեղ քաղաքում հանգիստ են առել նրանք, մրուրը հնի, ոտից ցգլուխ կեղծիք, կաշառք և ցածություն:

Իրեն պատասխանատու չի համարում և ոչ մի դեպքում: Եթե մեղադրես, կարդարանա հազար տեսակ, իսկ առիթը չի փախցնի «իր բազմանդամ ընտանիքի» համար մի կատեգորիա էլ ավել կորզելու, չնայած աշխատանքն էլ մի զատ չի, կես կատեգորիա արժե:

Նա ջուխտ ոտով ու կենտ գլխով անցյալի մեջ է թաղված, սիրով (իհարկե ծածուկ) է պատմում սրան-նրան, թե այսինչ պրիստավի ժամանակ իրենք ոնց կերան, ոնց «մեծավորը» մատը թափ տվեց և գյուղացիք խոնարհվեցին: Ինչ խոսք, որ ներկա կարգերին հավան չի. անկետա լեցնելիս էլ «համակրող» գրելիս նայում է չորս կողմը, և տասն անգամ գույնը թռչում է, էլի գալիս:

Կարապետ Հախնազարիչը առիթը չի փախցնում կծելու, չնայած գիտե և քսվել, պոչը թափ տալ: Եթե նա վերաստուգիչի անդամ է, այդ որոշ «պալիտիկա» է, իր ակտիվ լինելն է ուզում ցույց տալ, գուցե մի օր պետք գա: Եվ անհաշտ հակառակորդ է նորին, իսկ պետական լեզուն հո նրա աչքի փուշն է: Որ մորթես, նա չի ասի երբեք «գործկոմ», այլ անպատճառ՝ «իսպալկոմ»: Հայերեն խոսելիս էլ խառնում է այնքան ռուսերեն, որ շիլաճաշ է դուրս գալիս՝ անհամ, անհոտ:

4

Մեր փոքրիկ քաղաքում ուշադրության արժանի բան դեռ շատ կա:

Ինչպես ամեն քաղաք, մերն էլ ունի բուլվար ու հրապարակ: Ճիշտ է, մեր բուլվարում նստարան չկա, բայց լավ յոնջա է բուսնում՝ պառկիր կանաչի վրա ինչքան քեֆդ ուզի:

Շատ անգամ՝ մանավանդ գարնան, կարելի է տեսնել բուլվարի մի անկյունում նստած քաղաքի նախկին «հայրերին» (այժմ պարապ, հոգեպահուստով ապրող) անուշ զրույց անելիս: Բուլվարի մյուս անկյունում մի գյուղացի իր էշն է թողել կանաչ ուտելու, ինքն էլ դինջանում է կողքին:

«Հայրերի» խումբը ուշադրություն է գրավում: Առաջ հարուստ էին, խանութատեր. մեկը մի քարվանսարա ուներ, մյուսը՝ բաղ ու հող, տոկոսով տված փող: Հիմա չկա, բայց մրմուռը կա, զայրույթը մնում է: Նրանք երդվյալ հակահեղափոխականներ են, չնայած որ նրանց ուժը տկար է, խոսքերը ծիծաղ հարուցող:

Բայց մարդիկ ապրում են քաղաքականորեն, դեռ չեն մեռել: Նրանք սնվում են...պրովոկացիայով, իրենց հնարած լուրերով, սրանից-նրանից թերատ լսած ու հասկացած խոսքերով: Հերիք է, որ մի լուր իմացան. մեկը ծաղկեցնում է, մյուսը եզրակացության հանգում, մեկէլը ապացուցում, որ «սրանք» երկար կյանք չունեն:

Յոթ Հոկտեմբեր է անցել, Եվրոպան իրար է անցել՝ Խորհրդային Միությունը շուտ ճանաչելու, իսկ փոքրիկ մեր քաղաքում (որ քարտեզի վրա լվի ծերտի չափ էլ չէ) դեռ համառում են և հավատում «սպիտակ ձիավորին», հակահեղափոխության սուրբ Գևորգին, որ պիտի գա...Ավան ապոր՝ բանկում թողած մանեթները ետ տալու:

Կարապետ Հախնազարիչը գործն ավարտելուց հետո շտապում է նրանց մոտ, հավաքվում են և զրուցում, հուսադրում ու հորինում: Կարապետ Հախնազարիչը լուրջ հայտնում է, որ այսօր վռազ ժողով են հրավիրել նրանք, մի բան կա երևի:

Երևի մի բան կա...

Մրմռում է խումբը ցմահ հակահեղափոխության, և հույսը, իբրև ձմռան անզոր արև, մի անգամ էլ շողում է նրանց պառավ դեմքերին...

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Բ)

1

Ձմռան էն թունդ ցրտերն են այժմ: Ցուրտ քամին ասես ուզում է մարդու մարմինը ծակել ու թափ անցնել: Ձեռներդ կապտում են ցրտից: Երջանիկ ես, եթե մի օջախի մոտ կարող ես մեկնվել կամ թոնիրի մեջ ոտներդ կախել ու տաքանալ:

Անօգ մի կին, վարձու աշխատանքով ապրող՝ ջրկիր, լվացարար, թե տան ծառա, անօգ մի կին ամեն օր կուժն ուսին՝ այս ցուրտ ձմռան բոկոտն անցնում է մեր փողոցով՝ «խանումի» համար ջուր է տանում:

Կրունկները սառել են, ճաքճքել, դարձել հաստ պադոշ՝ անզգա, առանց նյարդի: Այդ ավելցուկ մսի կտորներով մարմինն իրեն պաշտպանում է ձմռան ցրտից: Համարյա կիսամերկ է, ուռած, կապտած մարմնով: «Խանումը» նրան իր տան ներքնահարկում մի անկյուն է տվել ապրելու. դրա փոխարեն ծառայում է, ջուր բերում, լվացք անում:

Ամուսինը հաշմանդամ է, կինն է նրան պահում: Երեք ամիս աշխատելուց հետո նա կարողացել է չորս արշին բյազի արժեք ետ գցել: Մնացել է շիվար, չգիտե իր մերկությո՞ւնը ծածկի այդ չորս արշինով, թե՞ բարուր պատրաստի մանուկի համար, որ մուշ-մուշ քնել է կիսամերկ մոր արգանդում և չի զգում, թե մայրը ձմռան ցրտին «խանումի» համար ջուր է բերում:

Իբանիյեսը իր գրքերից մեկում շատ սիրուն նկարագրում է Մադրիդի աղքատներին, որոնք ապրում են քաղաքից դուրս և աղբակույտերը փորփորում մի բան գտնելու հուսով: Նրան եմ հիշում և նրա աղքատներին, երբ տեսնում եմ ձմռան ցրտին բոբիկ ոտքերով «խանումի» համար ջուր տանող կնոջ:

2

Գյուղը շա՞տ է փոխվել:

Հին կապերը թուլացել են, տեղ-տեղ մի թեթև հարվածի են սպասում, որ իսպառ վերանան: «Ամբողջ աշխարհն եկավ մեր առաջով անց կացավ», — պարծենկոտ ասում է ամեն մի թեկուզ փոքր գյուղ, որ ձիու հանգիստ ճանապարհ էլ չունի:

Մի չնչին օրինակ. ամեն ինչի հետ փոխվում է և գյուղացու տարազը: Առաջ չուխան էր ու մոթալ փափախը, բայց հիմա կեպկա էլ են դնում, շլյապա էլ: Ֆրենչն ու գալիֆեն մեր պապենական չուխայի հետ այժմ գյուղում կռիվ ունեն: Երիտասարդությունը «փրենջ» է ուզում. ի՞նչ խոսք, որ գյուղի դերձակները «փրենջը» ըստ իրենց «հայացնում» են: Մեր գյուղերում իսպառ վերացել է հին տարազով հարս գնալու սովորույթը, հինգ տարուց ավելի է մի դեպք չի եղել, որ «բերանը» ծածկած հարս տանեն:

Նոր կենցաղը գյուղում դեռ թույլ նվաճումներ է անում, սակայն գյուղն արդեն հակված է նորին: Հեղափոխական-կնունքը կամ, ինչպես գյուղում են ասում «կոմսոմոլի մկրտություն»-ը անցյալ տարի ավելի քիչ կողմնակից ուներ, քան այս տարի: Անկուսակցական գյուղացին էլ է տանում իր մանուկին կոմսոմոլի «տերտերի» մոտ:

Այդ բանն առանց «շերտավորման» ու պայքարի չի լինում: Գյուղի պառավ կանայք, որոնք հարս ունեն և թոռներ և որոնք ավանդապաշտ են ու հնի փեշից պինդ բռնած, — արգելում են, որ հարսները «կոմսոմոլի կնունքին» տանեն իրենց մանուկին:

Աման, մեր օջախը միք հարամի:

Վերիշեն գյուղում կոմսոմոլի կնունքին այս տարի հարսները քիչ չեն կռվել պառավների հետ: Շատերը ծածուկ են տարել իրենց երեխաներին նոր ձևով մկրտելու: Մի այսպիսի դեպք է պատահել այս տարի այդ գյուղում. ծիծաղաշարժ է, բայց խիստ բնորոշ:

Մի կին որոշում է ինչպես էլ լինի իր մանուկին նոր ձևով կնքել: Երբ լուր է առնում, թե գյուղում արդեն նոր կնունք կա, ուզում է տանի: Սկեսուրը վրա է հասնում և արգելում. ահագին աղմուկ, աղաղակ: Հարսը համոզվելու է ձևացնում ու մի քիչ անց մանուկի հետ ծլկվում: Բայց կնունքն արդեն վերջացած է լինում: Ճանապարհին մարագի մոտ նա հանդիպում է մկրտություն կազմակերպողներին, դիմում է նրանց և խնդրում է իր մանկան էլ կնքել: Եվ հենց մարագի մոտ, փողոցում, կնքում են մանուկին:

Մեր գյուղերում դեռ շատ են նրանք, ծնոտն ու բերանը սպիտակ լաթի կտորով ծածկած, խոսելիս՝ ամաչկոտ ու անհամարձակ, սկեսրոջ և ամուսնու կրկնակի ահի տակ մեծացած մունջ հարսեր: Սակայն քիչ չեն և շրջապատի խավարին հաղթել կամեցող և «քաղաքի» կնոջ պես՝ «քաղաքավարի» ապրել ցանկացող գեղջկուհիներ:

3

Բռունը մի փոքրիկ գյուղ է, բլուրի արևկող լանջին: Ամեն անգամ, երբ լսում եմ գյուղում տարվելիք աշխատանքի մասին, միտս եմ բերում այդ փոքրիկ գյուղը՝ բլուրի լանջին:

Այս ձմռան էր, գյուղ-ժողով կար: Կիսամութ, ծխով լցված մի սենյակում գյուղացիք իրար կողքի ծալապատիկ նստոտել են գետնին, նստարան չկա: Սեղանի վրա պլպլում է սև նավթի ճրագը և մրով սենյակը լցնում: Սենյակում էլ նստելու տեղ չկա. այդպես լավ է, տաք է լինում, խոնավ գետնին ոտքերդ չեն պաղում:

Հընգերնե՛ր, խնդրեմ նախ և առաջ տուվեցեք մին նախագահ...

Գյուղխորհուրդն է. ուրեմն ժողովը սկսված է համարվում.

Արուսյակից հարմար նախագահ չկա, — ձայնեց մեկը, հետո երկրորդը և այդ ձայնը դարձավ մի կատարյալ օվացիա:

Քվեարկությունն ավելորդ է արդեն:

Առաջին անգամ ես այդտեղ տեսա կնոջ՝ գյուղի համայնական ժողովի նախագահ: Ի՞նչ ծածկեմ, առաջին պահ տարակուսանք ունեի և թեթև կասկած ժողովի աջողության մասին: Բայց ժողովից հետո ես ինձ հանդիմանում էի կասկածիս համար:

Հետո գյուղացիք ինձ շատ բան պատմեցին ընկերոջ մասին: Նա դպրոցի միակ ուսուցիչն է, ակտիվ մասնակցություն ունի գյուղի անց ու դարձին, կոոպերատիվին ու նոր դպրոցի շինության: Աշխատում է գյուղում կազմակերպել լիկկայան, որի միակ դասատուն ինքն է լինելու: Գյուղացիք պատմում էին, որ ընկ. Արուսյակը ոչ միայն պարապում է դպրոցի երեխաների հետ, այլև հոգս է տանում նրանց առողջապահության, դեղ է ձեռք բերում չքավոր աշակերտության համար: Դեպք է եղել, երբ ինքն է դեղ պատրաստել աշակերտների մեջ տարածված «քոսի» դեմ:

Առավոտից մինչև արևամուտ դաս է տալիս. բա նրա գլուխը չի՞ ցավում էդքան աշխատանքից...

Հիշեցի մի հին պատմություն՝ «Խորհրդավոր միանձնուհի», բայց ընկեր Արուսյակը «միանձնուհի» չէ, այլ մի անխոնջ մշակ, որի կարևոր աշխատանքն արժանի է հիշատակման ու խրախուսանքի:

Եվ ամեն անգամ, երբ մտաբերում եմ Բռունը՝ բլուրի արևկող լանջին, սիրտս անկեղծ ուրախությամբ է լեցվում, որ մենք այսօր համեստ աշխատավորուհիներ ունենք, ցրված մեր հեռավոր գյուղերում, որոնք մի-մի քլունգ առած անդադար փորում են հիմքերը գյուղական խավարի:

4

Մեծ քաղաքներում պոետներ շատ կան, որոնք հորինում են «Երկաթե երգեր», գրում «Վուլկան» ու «Տիտան», մի խոսքով մի ամբողջ «Հրաբխոպոեզիա»: Իսկ ո՞վ է գրել այն մասին, որ Հերիքնազը այժմ դելեգատկա է, նա, որ երկու տարի առաջ չգիտեր ոչ գրել, ոչ կարդալ ու մինչ այդ իր օրում գրքի երես չէր տեսել:

Հերիքնազն այժմ էլի առաջվա պես է ապրում՝ սրա-նրա տան խմոր է հունցում, բուրդ լվանում, ջուր է բերում կամ լվացք անում: Ժամանակ չունի շատ պարապելու, երեխաների հոգսն ու կարիքը շատ է: Դրա համար էլ նա օրընդմեջ է հաճախում ետկեսօրյա դպրոց, մի օր աշխատում է՝ երկու օրվա համար: Ու դասերը սերտում է փոքրիկ ճրագի աղոտ լույսի տակ, երեխաներին քնեցնելուց հետո միայն:

Անցյալ օրը դասի ժամանակ, — պատմում է ետկեսօրյա դպրոցի մի դասատու, — դուռը կամացուկ բացվեց ու դասարան մտավ մի թմբլիկ մանուկ՝ ուռած թշերով, ոտնամանի մեկը ձեռքին: Ներս մտավ ու զարմացած սկսեց նայել մեզ. իր տեսածը նրա համար օտարոտի էր: Մանուկը նայեց մի քիչ, պռոշ արեց, որ լա, երբ հանկարծ աշակերտուհիներից մեկը «վույ քոռանամ» ասեց ու արագ մոտեցավ մանուկին: Հերիքնազն էր, մայրը մանկան:

Ես այս պատկերը չեմ մոռանա. նստել է Հերիքնազը նստարանին, մանուկը գրկին: Մի ձեռքով երեխան է գրկել, մյուսով գրատախտակից թվաբանության խնդիրն է ընդօրինակում իր տետրակում: Երբ նրան կանչեցի գրատախտակի մոտ խնդիրը լուծելու, փոքրիկն էլ հետն եկավ, մոր փեշից բռնած: Մայրը խնդիր է լուծում, իսկ մանուկն աչքերը չռած մերթ մորն է նայում, մերթ ինձ...

* * *

Քույրեր են՝ նա, որ դեռ ցուրտ ձմռան բոկոտն ջուր է տանում «խանումին» և նա, որ մանուկը գրկած գրատախտակի մոտ խնդիր է լուծում: Քույրեր են՝ և նա, որ արևածագից մինչև արևամուտ դաս է տալիս դպրոցում, և ամաչկոտ հարսը գյուղի, որ ուզում է նոր ձևով կնքել իր մանկան, թեկուզ փողոցում, մարագի մոտ:

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱ ՄԱԿԱՆԻ (Գ)

Բանակումբի դահլիճում նստելու տեղ չկա: Խորհուրդների համագումարն է: Եկել են հեռու գյուղերից, քերծի գլխին թառած արծիվի բներից, ծմակների խորքում ընկած շեներից: Եկել են՝ որը ոտով, որը ձիով: Եկել են գործի, պակաս պռատի մասին խոսելու, թե ոնց անենք, որ ավելի լավ լինի:

Դահլիճն անզարդ է, պետք էլ չի, որ սիրուն լինի: Անելիք շատ կա, մարդու աչքին էլ չի ընկնում, թե ինչու զարդարված չի:

Բեմի վրա տեղավորվել է նախագահությունը: Մակիչ ամին էլ է այնտեղ, գլխով հազար անցք անցած Մակիչ ամին: Լուռ լսում է գործկոմի զեկուցումը մի տարվա աշխատանքի մասին: Լսում է գլուխը կախ, ուշադիր, ասես լարել է ուղեղն իր՝ հետևելու զեկուցման, արդյո՞ք ամեն ինչ ասաց, պակաս բան չմնա՞ց:

Զեկուցումը վերջացավ: Խոսում են իրար ետևից կարճ ու նաղդի մասին, ինչ որ հնարավոր է. խոսում են ազատ, իրենց մայրենի լեզվով (տեղական բարբառով): Մի գյուղում կոոպերատիվ չկա, մի տեղ «փոնթի» (ֆոնդ) հողը քիչ է, դպրոցի շենքն է թերատ մնացել:

Ուշադիր լսում է Մակիչ ամին, ասես հետևում է, թե մեկն ու մեկը կասի՞ այն, ինչ ինքն է մտածում: Չէ՜, պետք է խոսի:

Ու դեռ միտքը չպարզած, ներողություն է խնդրում, որ իր կորեկի պատմությունն է անելու: Փութ ու կես կորեկ է ցանել, բայց ուրիշը հնձել է ու տարել: Գյուղի խորհուրդն այդ չի արգելել, որովհետւև իր իրավունքից վեր է համարել: Մակիչ ամին դատարանի էլ չի դիմել. փութ ու կես կորեկի համար դատարան գնալն էլ մի բան չի: Ուրեմն հարկավոր է գյուղի խորհուրդին ավելի իրավունք տալ, — եզրակացնում է Մակիչ ամին:

Համագումարը աղմկահույզ ծափերով է ընդունում Մակիչ ամու ասածը կուլակի մասին:

Ո՞վ է կուլակը:

Էն մարդը, որ խոտհարքը չի ջրել, բայց հարում ա, ով որ չի վարում, չի ցանում, բայց հնձում ա, նա ամենամեծ կուլակն ա:

Էս ի՞նչ ա իմ հագիս (շորերն է ցույց տալիս), բայց տես որտեղ եմ կանգնած: Դեռ էդ հերիք չի, պակաս-պռատի մասին էլ եմ ասում: Կեցցե՛ մեր կառավարությունը...

Մակիչ ամին իր խոսքն ավարտեց, սրտինն ասեց ու նստեց տեղում: Եվ համագումարը միաձայն որոշեց գյուղխորհուրդներին իրավունք տալ 5 ռուբլու սահմաններում վճռել տեղում քրեական և քաղաքացիական գործերը:

2

Սարերն ամայի, անկենդան:

Գարնան սկիզբն էր: Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր, իսկ Սիմոն ամին պատմում էր, թե արտերը «խեյբատ» են, քարոտ ու հող, թե իրենք «բարահեր» (պարարտ) վարելահող չունեն:

Սիմոն ամին՝ չարքաշ ու ռամիկ, քար ու քոլի հետ ամբողջ տարին կռիվ է տալիս, մի քիչ հաց ու թազան ունենալու համար: Մեր գյուղերում հազար ու մի Սիմոն ամի ամեն լուսաբացի լարում են մկանները բազուկների՝ քարից, հողից մի բան պոկում, մի բան ստեղծում:

Մեր շենում հինգ տարուց ավել մաճ բռնել դժվար ա: Հողը «խեյբատ» ա, հոշուտ, տակը մեծ քարեր կան, գութանը դեմ ա առնում մեկ էլ, ու վա՛յ մաճկալին:

Ուրիշ տեղ եզները մանուկներ են քշում, մեզ մոտ տղամարդիկ: Պատահում է, որ ցնցումից մաճկալն ընկնում է, կամ եզն է սայթաքում:

Դժար ա...Մենք էլ ենք ջարդվում, եզինքն էլ:

Ինքն էլ, եզն էլ:

Սիմոն ամին ջահել ժամանակ շատ է վարել, հիմա պառավել է, կաշին ծալ-ծալ կախվել է կզակի տակ:

Հերու էր, — շարունակում է Սիմոն ամին, — Ղլեչուն Մադին վար անելիս խոփը հողին դեմ առավ բիրդան, Մադին ընկավ գութանի վրա, գութանը նրա փորը ճղեց:

Մադին արնակոլոլ ընկավ հենց իր քաշած ակոսի մեջ: Տունը անտեր է՝ կինը և երեք երեխան: Հաց չունեն, աշխատող չունեն: Հիմա Մադու դռներից էլ չեն կանչելու, թե

Եզները հանե՛ք, էգուց վար ա...

Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր: Սիմոն ամին՝ փշրված ու պառավ մի եզ, էլի պատմում էր, թե մաճ բռնելը ինչքան դժվար է...

3

Ուզուն մեշեն կուսական մի անտառ է, որ տասնյակ վերստ երկարություն ունի: Մինչև այժմ էլ շատ տեղեր կան անտառում՝ մնացած անաղարտ, ուր ոչ մի անգամ կացին չեն շարժել, ոչ մի ծառ չեն կտրել:

Լուսնկա գիշերով անցնում ենք Ուզուն մեջով: Ես եմ, Դիլան դային՝ վաթսունամյա մի ծերունի և մի ուրիշ գյուղացի: Ձյունը փայլում է լուսնի լուսի տակ, հաստաբուն կաղնիներն ասես քարացած հսկումի մեջ են:

Է՛, էս ճանապարհով հազար անգամ եմ անցել...Հրես մեռնելու եմ, համա աչքս մեշին կարոտ մնաց:

Օրեր տեսած, կյանքում եփված մարդ է Դիլան դային: Ու պատմում է, թե առաջ հենց այդ ճանապարհով ստրաժնիկի առաջն ընկած ոնց է վազել մինչև քաղաք՝ ամբողջ քառասուն վերստ:

Ես ոտով, ինքն ասլան ձիու վրա: Քրտինքից շապիկս մեջքիս էր կպել: Որսկան շան պես լեզուս կախ արած առաջին վազ էի տալիս: Որ մի քիչ ետանում էի, պլետով էր տալիս: Հիմա ո՛ւր, էն ժամանակն ուր...

Ձիերը փռռացնում են: Ճանապարհ շատ ենք անցել, հոգնել են:

Էս դատը հաստատ մնա, լավ դատ ա, համա մի բանի հավան չեմ, — ասում է Դիլան դային ու ջորին պահում ծառի մոտ, մի ճյուղ կտրում, որ ջորուն քշի:

Ասում է, թե ինչին հավան չի:

Մեր շենում մի քանի ջահել-ջուհուլ կա: Նրանք ինձ տեսնելիս բարի օր են ասում, ես էլ «աստծու բարին» ասելիս նեղանում են, էլ խոսում չեն ինձ հետ, թե ինչ ա՝ աստված չկա:

Դիլան դային խոսում է դանդաղ, իր տարիքին համեմատ:

Բա ես որ ասում եմ աստված կա, ես տեսե՞լ եմ: Լսել եմ էլի, ոնց որ լսել եմ, թե սա կաղնի ծառ ա: Նա ինչո՞ւ պետք ա իմ բարևից նեղանա: Տեսնանք արդյոք էդ մինը գրվա՞ծ ա կամինիստի ծրագիրում:

Իր միտքն ավելի է պարզում, թե իր «միջուկը» փտած է, էսպես էլ մեռնելու է, բայց սիրտը չկոտրեն, ասած «աստծու բարին» ընդունեն:

Համաձայնվում եմ նրա հետ: Դիլան դայու բարևը պիտի ընդունել, ինչպես էլ ասի: Նա արդեն անուղղելի է, թող այդպես էլ ասի:

Սոված են, տես ոնց են կանչում է՛, — ասաց մյուս գյուղացին:

Գայլեր էին, ոռնոցը ձորից էր գալիս: Ձմռան պարզկա գիշերին ոռնոցն արձագանք էր տալիս ձորերում և մի խուլ աղմուկ ասես լեցվում էր Ուզուն մեշայի թավուտներում: Ակամա զարզանդ ես զգում:

Բան չկա. հրես գեղին մոտենում ենք, — սիրտ է տալիս Դիլան դային:

Ձիերն ասես հասկանում են մեզ և քայլերը մի քիչ արագացնում: Մի քիչ էլ, և շների հաչոցը լսելի եղավ: Գյուղը հեռու չէր:

* * *

Հոգնել ենք ճանապարհից ու մի կուշտ պանիր-հաց ուտելուց հետո իսկույն պառկում ենք: Սենյակի անկյունում բուխարին է. կրակը մերթ լուսավորում է ամբողջ սենյակը, մերթ հանդարտում: Փայտն առատ է և աժան, գյուղն անտառի մեջ է, վառում են ուզածի չափ:

Դիլան դային էլի իր պատմությունն է անում: «Արմենտուրքի» (Արմենտորգ) մասին է պատմում: Շատ գոհ է, որ իրենց շրջանում ժողդատարան են բացել: Էլ առաջվա պես ամեն հասարակ գործի հարմար կարիք չկա քաղաք գնալու:

Ինչ-որ գործ ունի դատարանում և համոզված է, որ դատը հօգուտ իրեն են վճռելու:

Շունչս շատ, ապրուստս քիչ, ուրեմն ես չունևոր եմ էլի, — եզրակացնում է նա:

Խոսքերն էլ մի տեսակ են, դեռ լեզուն չի ընտելացել նոր բառերի: Այդ երևույթն ընդհանուր է մեր գյուղերում: Խրթին բառն աշխատում են գեղավարի դարձնել ու ստացվում է մի տեսակ հայերեն: Դիլան դային իր գործի մասին պատմելիս, ասաց,

Անհարի ա (անհնարին), որ հնարապետության (հանրապետության) տված գործը ժողով դատարանը (ժողդատարանը) կարճատի:

Նոր կենցաղի հետ ստեղծվում է նոր լեզու, նոր բառեր: Շատ անգամ գյուղերում կարելի է լսել այսպիսի խոսք, թե «ընկերներ, օրակարգերը պրծավ» կամ մի այլ բնորոշ գեղավար դարձվածք:

Նինջը հաղթում է ինձ: Կիսաքուն վիճակում ականջիս է հասնում թառի ձայն: Մեկը երգում է դիմացի տան՝ ծոր տալով ու զգացված.

Ավտամաբիլը ցոլա՛ց ու գնաց...

* * *

Առավոտ կանուխ հավաքվում ենք դպրոցում: Հարց ու փորձ են անում, իրենց հոգսերից պատմում: Մեկը հարցնում է նույնիսկ...Դոուեսի ծրագրի մասին: Է՛, որտեղից որտեղ. Դոուես ու Զեյվա...

Գյուղի ներքև դպրոցի շենքն է, մի փառահեղ շինություն, որ դեռ պատրաստ չի: Երկու տարի է գյուղն աշխատում է վրան, այս տարի մեջն էլ կպատրաստեն.

Առաջ ուզում էինք մի փոքր շենք շինել, բայցմեկ էլ պլանը փոխեցինք: Էս նորը լավ է:

Դասը սկսվում է: Աշակերտները չեն գրում, միայն կարդում են, որովհետև նստարան չկա: Նոր են շինում: Նստոտել են տախտակների վրա հիսունաչափ մանուկներ՝ կարմրաթուշ ու կայտառ, մեկը մյուսից ժիր է:

Այդ առաջին խմբակն է: Նրան հաջորդում է երկրորդը: Պարապմունքները տևում են մինչև երեկո, իսկ երեկոյան մեծահասակ անգրագետներն են պարապում:

Մեզ էլ էսպես, որ կարդացնեին, հիմա մենք էլ մարդու շարքում կլինեինք, — սրտանց և շատ անկեղծ ասում է մեկը գյուղացիներից:

Ընկեր Լենինն ասել ա, որ մինչի երեք տարին երկրագունտի բոլոր մարդիկ պետք ա գրագետ լինեն: Եթե շատ չկարան, գոնյա իրենց անունը պետք ա ձեռք քաշեն, — պատասխանում է նրան մի ուրիշը, որ «գերմանու պլեն» է եղել:

Գյուղը մի քիչ ծաղկեցնում է պատգամը լենինյան, բայց իմաստն ու ոգին ճիշտ է ըմբռնել:

Խոսում ենք գյուղի պակաս-պռատից: Նավթը թանկ արժե մի ֆունտ նավթին տալիս են 3 ֆունտ ցորեն: Կոոպերատիվ դեռ չունեն: Բաքվի հայրենակցական միությունն իր աջակցությունն է ցույց տալիս. նոր դպրոցի կառուցման մեջ նա մեծ աշխատանք է թափել:

Քիչ անց ճանապարհվում եմ մի ուրիշ գյուղ: Դիլան դային ճանապարհ է գցում ինձ:

Տեսա՞ր ուսումնարանը, — հարցնում է, — պալատ ա, խանի պալատ

Ու մի բան էլ դեռ ավելի:

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈԻՄ (Ա)

Ցածլիկ առաստաղով մի ընդարձակ սենյակ է Սիսիանի շրջգործկոմի «կանցիլարը»: Սանդուղքները ծուռ ու դիք, բարձրանալիս պիտի կռանաս, թե չէ՝ գլուխդ առաստաղին ես զարկելու:

Արտասովոր աղմուկ է, գնում են, գալիս: Գյուղխորհուրդների հերթական համագումարն է եկել են հայ, թուրք, մալական, շրջանի 37 գյուղից:

Ժամի 12-ն է արդեն: Սպասում են ամենից հեռու գյուղերի պատգամավորներին, որ նիստն սկսեն:

Զանգ չունեն: Մեկը կանչում է բարձրաձայն.

Դե, ընկերներ, նստեցեք: Մելիք, էն սկամին մոտ քաշի, թող նստեն:

Մի կերպ տեղավորվում են, որոնք ոտքի վրա են, դռան մոտ:

Նախագահը հայտարարում է, որ այսօրվա օրակարգի խնդիրներն են լինելու գյուղատնտեսական և դպրոցական, հետո շինարարական աշխատանքները: Տեղերից պիտի զեկուցեն.

Ուրիշ հարցեր կա՞ն:

Դե դրանից էլ լավ հարցե՛ր, — ձայնում է մեկը:

Հաղթանդամ, թխադեմ մի տղամարդ, տեղական շալից գալիֆեն հագին, զինվորական կոշտ սապոգներով մոտենում է սեղանին: Շրջգործկոմի նախագահն է: Նայում է ընկերներին, ժպտում ու հնամաշ շինելի ջեբից հանում մի փոքր թուղթ:

Երկու ամսում շոշափել ենք 408 հարց, մեծ մասամբ կրթական և շինարարական: Դեպի կառավարության հասցեին սերտ վերաբերմունք ա. շրջանում տիրված ա խաղաղ աշխատանք: Մենակ մի գողություն ա եղել, էն էլ գողերը, հուսով ենք, որ կը բռնենք: Դե, կուշտ ենք, սերմի պակաս չունենք: Էդ էլ մեր տնտեսական դրության մասին:

Նայած որ էս տարվա ցանքսերի 20 պրոցենտը ցրտից վտանգի ճանկերում ա գտնվում, հողբաժանում ամեն տեղ չի եղել: Թյուրիմացություն ընդմիշտ էլ եղել ա: Ես կարող եմ մատնաշնչել մի քանի թյուրիմացություն հողերի վերաբերյալ, բայց մեր կամիսիան կը որոշի այդ գյուղերի սահմանները: Հողը չափելումը գյուղում լավ մասնագետ չկան:

Կանգ է առնում մի պահ, մտքերը ժողովում: Ուզում է շրջանի դրությունը նկարագրել ճիշտ, իր պարզ ու անպաճույճ լեզվով:

Սիսիանում բավական շին. աշխատանք ա տարվել, պետք է գնահատենք: Առաջ էնպես ճանապարհներ կային, որ էշ էլ չէր գնում, հիմա գյուղացիք շինել են, շատ տեղ արաբա էլ ա անցնում: Առաջ գետով անցնելիս պետք ա ոտքերդ հանեիր, հիմա լավ կամուրջներ կան: Շուտով հեռախոսական գիծ են անցկացնելու: Գյուղարանք կա, որ դպրոցի ֆունթամենտը դրել են, և 22 թվին 12 դպրոց ունեինք, էս տարի 26, 1800 աշակերտ, 19 լիկկայան և 700 էլ սովորող: Սա էլ պակաս աշխատանք չի:

Չի հպարտանում: Ասես՝ ուզում է ասել, թե դեռ որտե՛ղ ենք, ինչե՛ր պիտի անենք: Ձայնը հաստատ, խոսքերը որոշ, ասես ամեն խոսքին պատասխանատու է զգում:

Կոոպերատիվն առաջ վախճան դրության մեջ էր, և ժողովուրդի մասսային քիչ էր օգնում: Հիմա շրշանային կոոպերատիվ ունենք, և էդ կոոպերատիվդ առողջ հիմքերի վրա ա դրվում: Որպես բանկը (շրջանում վարկ. ընկերության բանկ են ասում) ևս տալիս ա սերմացու և եզ, միջակ և չքավոր գյուղացու համար: Բանկը տվել ա ութ հազար ռուբլու օգնություն: Փօկը շրջանումս մի տեսակ դրության մեջ ա: Վերջին ժամանակներս գյուղացիք անդամագրվում են Փօկի շուրջը, և Փօկը դառնում ա հետաքրքիր:

Next page