Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Կյանքը էսպես ա: Մեր միլիցիան օգնել ա գյուղի խորհրդին, և ոչ մի թյուրմացության առաջ չենք եղել տուրքերը գանձելու մեջ: Մենք, ճիշտ ա, մի քիչ ուշացել ենք, բայց տուրքը գանձվել ա:

Մի քանի խոսք ևս կավելացնեմ ենթաբաժինների մասին, որի մեջ ա Զագսը: Շրջանիս գյուղացիության 90 տոկոսը կապված ա Զագսի շուրջը: Հոգևորական իշխանություն գոյություն չունի, և Ջագսի աշխատանքները լավ են գնում: Մի կարևոր խնդիր էլ Պետապն ա: Պետք ա գյուղերում հասկացնել նրա մասին:

Նոր պատգամավորներ են գալիս: Ընդմիջում են. զեկուցողը դադար է առնում և դառնում է մեկին՝ «Էն օթախում նստարան կա, բերեք նստեք», հետո էլի շարունակում է.

Գոնյա պետք ա մեծ աշխատանք տանենք Պետապի մասին: Դե սրանով էլ իմ զեկուցումս պրծավ:

Հարցեր են տալիս, թե հեռախոսի սյուները որտեղից պիտի բերեն, թե թերի մնացած դպրոցական նոր շենքերը ե՞րբ պիտի պատրաստեն: Զեկուցողը պատասխանում է հարցերին ու հանկարծ մի բան է մտաբերում:

Հա, մոռացա ասել, որ մենք գյուղխորհրդի աշխատանքները կանոնավորել ենք: Այ, Լծենը հիմա լավ ա աշխատում. առաջ մի քիչ թույլ էր:

Էլի հարցնում են, թե ո՞նց անենք, որ գյուղերում անչափահասներին չամուսնացնեն:

Դրա դեմ օրենքը տուգանք ա առնում և գրանցման չենք ենթարկում: Բայց դե էլի ապրում են ծածուկ, մինչև չափահաս դառնան (ոմանք ժպտում են): Դե դեպք ա եղել, որ քննել ենք, աղջկանը կամ տղին ասել ենք, թե սպասեք, ասում են՝ թե բանը բանից արդեն անց ա կացել, էլ ի՞նչ սպասենք (ծիծաղում են):

Ես նրանով եմ իմանում, որ դպրոցը լավ է, որ հիմիկ գարունք ա, բայց էլ առաջվա պես երախոցը դպրոցից չեն հանում և ուղարկում տավարը կամ վարը, — ասում է մի գյուղացի: Նրան ի՞նչ, թե ըստ էության չեն խոսում: Միտք էր, եկավ, պիտի ասի, ու տեղից առաջարկում է ամեն ջանք թափել, որպեսզի դպրոց չունեցող գյուղացիներն էս երկու տարին դպրոց ունենան:

Մեկը բանաձև է առաջարկում՝ շրջգործկոմի գործունեությունը հաստատել:

Կարճ ա գրած, է՛, դուք հետո մաքուրը կգրեք:

Զեկուցում է Բռնակոթ գյուղի ներկայացուցիչը գյուղի խորհրդի աշխատանքների մասին:

Ունեցել ա 10 նիստ, շոշափած ա 45 հարց. էս երկու ամսում հասարակության ժողով 5 անգամ ա եղել: Ունենք 2061 շունչ, արական էլ, իգական էլ: Բաքվում ունենք 381 բանվոր, գյուղում կա 560 հատ լծկան եզ, 1428 ոչխար, 33 ավանակ (ոմանք ծիծաղում են, մեկը տեղից ձայնում է՝ «մին էլ ասա»): Գյուղում կա Փօկ, 65 գութան: Գյուղում ունի դպրոց, որտեղ հաճախում են 157 (տեղից հարցնում են՝ «ի՞նչ», «աշակե՜րտ, ի՞նչ» ժպտալով պատասխանում է զեկուցողը): Հետո սեկցիաները, — կուլտուրական աշխատում է լավ: Էս 2 ամսում գյուղում ծնվել է 17 երեխա, մեռել են 7 (մի պատգամավոր տեղից՝ «Մեր գյուղում էս տարի հլա մեռնող չի եղել»): Չորս ճանապարհ ենք շինել, 400 մարդ ա աշխատել: Կապերատիրն ունի 175 անդամ: Լիկկայանը առայժմս լավ ա:

Հարցեր են տալիս.

Ի՞նչքան տուրք եք տվել:

80 տոկոս տվել ենք, 20-ը մնում ա:

Դաշտային աշխատանքների պատճառով աշակերտները դպրոցից չեն հակասո՞ւմ (երևի ուզում էր ասի պակասում):

Չէ՜, չեն հակասում, — պատասխանում է:

Մի դուռը բաց արեք, օդը փոխվի, — ասում է նախագահը:

Դուռը բացում են. ցածլիկ սենյակը ավելի է լուսավորվում: Դուրսը գարնան արևոտ օր է, ու հեռվից կանաչին են տալիս արտերը:

Կզեկուցի Անգեղակոթն իր արածի մասին:

Կազմը բաղկացած է 38 հոգուց, ունեցել է 12 հատ նիստ, 7 հասարակական ժողով: Խորհուրդը 13 օրվա մեջ շինել ա մի մեծ ճանապարհ, աշխատել ա 1400 բանվոր: Որ կարելի ա ասել առաջ էդ ճանապարհով ուլախ չէր գնում, հիմա փոշտ էլ կգնա: Ծառատունկը բաղում տնկել ա 120 հատ, շինել ա 13 նստարան, պետք ա 25 հատ էլ շինի: Փօկն ունի 96 փութ ցորեն: Երեսուն տարի ա մեր հողը չի բաժանվել: Էս տարի խորհուրդը որոշել ա գավառից բերել 7 հատ հողաբաժին, որ էս տարի հողի բողոքը միանգամից վերջանա:

Խրճիթ-ընթերցարանում պարապմունք լինում ա, գալիս են կուսակցական և գյուղացի ընկերներ: Գողություն չկա: ՄՈՊՐ-ի անդամ 35 հոգի, Պետապի հարկը գրում են: Էլ էնպես հարց չունիմ:

Գյուղում կա՞ առողջապահական սեկցիա, — հարցնում է մեկը:

Կա՜, — պատասխանում է:

Ի՞նչ աշխատանք ա տանում:

Դե պարզ ա ի՜նչ պիտի անի: Ծրագիրը իրագործում ա:

Հարցնում են, թե նախզինակոչները լիկկայան հաճախե՞լ են, թե ոչ, կոոպերատիվն ի՞նչպես է աշխատում և այլ բազմաթիվ հարցեր, որոնցով այսօր մեր գյուղն է զբաղված:

Ավագ, էն կուլան մի դես տուր, -խնդրում է մեկը: Պաղ ջրով լի կուլան ձեռքե ձեռք է անցնում:

Խոսք է տրվում Ախլաթյան գյուղի նախագահ Կոնսուլին: Զարմացա, երբ այդ անունը լսեցի: Եվ ի՜նչ տեսակ ավել անուն չեն հնարում մեր գյուղերում:

Ցեխոտ պալտոն ուսին, մտրակը ձեռքին մոտենում է Կոնսուլը սեղանին:

Կոնսուլ, վիզդ ինչո՞ւ ես կապել:

Չիբան ա, — խռպոտ ձայնով պատասխանում է նա ու սկսում պատմել արած աշխատանքի մասին: Դարձյալ դպրոց, կամուրջ, ճանապարհ: Գյուղում բոլորն էլ կոոպերատիվի անդամ են: 500 արշին տախտակ են քաշել նոր դպրոցի համար, քար են կտրել: Բաքվի բանվորներն օգնում են, ուղարկել են տետրակներ, գիրք, փող, ապակի: Կոնսուլը հայտնում է, որ գյուղը որոշել է ավելի սերտ կապվել քաղաքի բանվորների հետ:

Կոնսուլից հետո խոսում է մի ալևոր գյուղացի, որի գլխին դրած զինվորական հնացած գլխարկը չի սազում նրա պատկառելի միրուքին: Առաջարկում է, որ խորհրդի անդամները գյուղացոց հասկացնեն, թե երեխաներին դպրոցից չի կարելի հանել:

Էսօր եթե նա հինգ փութի կամ հինգ գառան համար նա իրեն երեխային կույր ա թողնում ուսումի կողմից, մի քանի տարի հետո նա հինգ հարյուր փութի վնաս ա քաշելու:

Կոնսուլը պպզել է գետնին, ծնոտը հենել է ձեռքին և աչքերը ճպճպացնելով նայում է մեկ սրան, մեկ նրան:

Հարցնում են, թե լիկկայանում ի՞նչ են սովորել:

Ես վարժապետ չեմ, որ իմանամ: Լիկկայանը գնացողը գիր չգիտե, դե նա էնտեղ գրագիտություն պիտի սովորի, էլ ուրիշ ի՞նչ պիտի անի:

Էլի խոսում են, պատմում արածի, պակաս-պռատի մասին: Համագումարը ասես մի նահապետական գերդաստան է, որ վաղվա աշխատանքն է բաժանում, թե ո՜վ է հանդ գնալու, ո՜վ հունձի, ո՜վ կալի:

Մի թուրք գյուղացի նախագահին է հարցնում թե՝

Բըզըմ դարալարդա հա՞վախ օլաջայ բջիջլար:

«Մեր ձորերում ե՞րբ են բջիջներ լինելու». հեռու ձորերում դեռ թույլ են աշխատում, բայց այդ ձորերում էլ շուտով «բջիջլար օլաջայ»:

* * *

Արևը թեքվում է արդեն:

Պատուհանի ճեղքից շողերի մի խուրձ դիմացի պատին է ընկել, ասես շոյում է ընկ. Մյասնիկյանի պատկերը, որի շուրջ մեկը դաշտի ծաղիկներից փնջեր է շարել, խնամքով ու գորովով: Ասես ժպտում է մայր մտնող արևի շողերի միջից և ուրախ է, որ «մահվան կռիվ է հայտարարված հայ գյուղի տգիտության և աղքատության»…

ԲԻՉԱՆԱԳ

Սիսիանից Նախիջևան տանող ճանապարհն անցնում է Սալվարթուի լեռներով: Վեց ժամ անընդհատ պիտի բարձրանալ և ապա իջնել:

Ու վերև, գագաթից բացվում է մի հսկա տեսարան: Հեռվում կապույտ մշուշի մեջ երևում են Ղարադաղի ժայռերը, ավելի մոտ անտառոտ Ղափանը գանգուր մորթու պես փռվել է բլուրների վրա, իսկ արևմուտքում՝ Նախիջևանի հարթավայրը բերրի:

Հունիսին Սալվարթուի վրա դեռ ձյուն է լինում: Զուլալ առուները քչքչում են կայտառ, ծաղիկները գույնզգույն, կանաչ ֆոնի վրա, ասես գորգեր են փռած:

Ձմեռն է սոսկալի: Սիսիանի գյուղացին գիտե ինչ ասել է ձմռան բուքին Նախիջևանի սարն անցնել. քանի՛ հոգի են բքախեղդ եղել, ձի ու չարվադար մնացել ձյունի հաստ շերտերի տակ մինչև գարուն, մինչև հալոցքը ձյունի:

Լուսաբացը հեռու է դեռ: Վայրէջքն է սկսվում: Նեղ կածանն անցնում է փոքրիկ մացառուտների միջով: Քանի իջնում ենք, այնքան մացառուտը խտանում է ու վերջում դառնում անտառ:

Որ մեշին հասնենք, տաք կլինի, — ասում է չարվադար Աբոն, որն իր գլխի մազի համրանքի չափ գնացել-եկել է այդ ճանապարհով ու գիտե ամեն քար ու քոլ:

Ցուրտ քամի է փչում, բայց ինչքան ներքև ենք իջնում, այնքան օդն ավելի տաքանում է: Աբոն փորձված է, ձիու կողքից է քայլում: Այդպես ավելի լավ է պաշտպանվել ցրտից:

Մեզ հանդիպում է մի մեծ քարվան: Արմենտորգի ապրանքն են փոխադրում: Հարցնում են, թե սարում հո ցուրտ չի: Աբոն գիտե բոլորին, ճանաչում է, ով որ գյուղից է:

Իջնում ենք նեղ կածանով: Մեկը ներքևից բարկացած կանչում է ձիուն, հայհոյում: Հավասարվում ենք: Ծանր բեռան տակ ձին չոքել է, չի կարողանում վեր կենալ:

Թամահդ մի քիչ պակաս արա, էլի՜, բա էդ ձին էդքանը կտանի՞, որ բեռնել ես, — կանչում է Աբոն և մոտենում:

Օգնում ենք: Բեռը նորից բարձում է ու ճանապարհը շարունակում:

Էհ, սրանք չարվադար ե՞ն: Հե՛յ գիտի ժամանակ: Էնպես ադաթ կար առաջ, որ եթե չարվադարը ճանապարհին իր ընկերոջ թողներ, էլ նրա հետ ոչ ոք ճանապարհ չէր գնա: Թողել են բեռը վեր ընկած, իրենք գնացել, — տրտնջում է Աբոն:

Հասանք հա: Հրեն Բիչանագի ծուխն երևաց:

Ձորից ծուխ էր բարձրանում:

Բիչանագում առաջ մալական էր ապրում: Գյուղը կոչվում էր Կարմալինովկա: Պատերազմի տարիներում մալականները քոչել են ուրիշ գավառներ, որը՝ Շամախի, որը՝ Դիլիջան, որն էլ Ռուսաստան: Գյուղում այժմ թուրքեր են բնակվում:

Բիչանագը Նախիջևանի սահմաններումն է: Կտրված լինելով կենտրոնից և ընկած հեռու ձորում, Բիչանագն առաջ էլ իր ուրույն կյանքով էր ապրում: Այժմ էլ շարունակվում է այդ դրությունը:

Բիչանագում ոչ մի կազմակերպություն չկա. չկա կոոպերատիվ, դպրոց: Գյուղում կուսակցական մարդ չկա: Առանձին գյուղխորհուրդ չունեն: Նայում են Շահբուզ գյուղին, որ 20 վերստի վրա է: Հողաշինարարական աշխատանք ամենեվին չի տարված:

Գյուղում զանազան վեճեր լինելու դեպքում այս կամ այն ախսախկալն է վճիռ տալիս, համաձայն ադաթի ու հին սովորության:

Սեյիդ ամու մոտ մի լավ չայ խմենք, — ասում է Աբոն:

Ձիերից իջնում ենք: Սեյիդ ամին բարևում է մեզ մի առանձին ախորժով և պես-պես շարժ ու ձևով ներս կանչում:

Նրա խրճիթը մալականի մի հին տուն է: Նոր կենվորը փոխել է ըստ ճաշակի: Տան անկյունում դեռ մնացել է ռուսական վառարանի մի մասը, որի վրա դարսած է աթար:

Թոնիրը թեժացրել են: Մուխն ու ալավը իրար են խառնվել: Սեյիդ ամու ամբողջ ընտանիքը բոլորել է թոնրի շուրջ: Ետ են քաշվում, մեզ էլ տեղ տալիս:

Սարից եք եկել, մրսած կլինեք, — ասում է Սեյիդ ամին:

Թոնրի վրա մի խաչափառ երկաթ ձգված, վրան ապուրով լի մի կաթսա: Սեյիդ ամու պառավ կինը, չորացած ձեռքով՝ խառնում է ապուրը: Աչքիս այնպես է երևում, կարծես մխից սևացած շերեփն էլ կնոջ ձեռքի շարունակությունն է, և կինը ապուրը ձեռքով է խառնում:

Թոնրի շուրջը շարվել են երեք կիսամերկ մանուկներ՝ անլվա, ճպռոտ աչքերով: Նրանցից ամենափոքրը դժգոհ մռմռում է քթի տակ. հաց է ուզում:

Եղբորս երեխաներն են, ես եմ պահում, — ասում է Սեյիդը:

Աբոն արդեն ձիերը տեղավորել է:

Սեյիդ, մի լավ չայ գցի մեզ համար:

Գլխիս վրա: — Ու ձայն տվավ:

Անկյունից, ասես թաքստոցից, դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ, սամավարն առավ ու դուրս գնաց:

Նորապսակ է Սեյիդը. էս երեխան նրա թազա կնիկն է, — կամացուկ ասաց Աբոն: — Հինգ կնիկ է առել, չեն դիմացել, մեռել են, հիմա էլ էս երեխին է բերել:

Ներս մտավ մի երիտասարդ, որ անդամալույծի էր նման, ոտքերը զոռով էր քարշ տալիս ու խոսելիս էլ բերանը ծռմռատում:

Սեյիդի տղան էլ էս է. հոր մեռնելուց հետո նա պիտի նրա տեղն անցնի: Էդպես է օրենքը, — բացատրում էր Աբոն:

Ապուրն արդեն եփվեց: Պառավ կինը հողե ամանների մեջ լեցրեց ապուրից, տվավ երեխաներին, մի կտոր էլ գարու բոքոն: Փոքրիկը, որ մռմռում էր քթի տակ, ի՛նչ ախորժով էր ուտում տաք ապուրն ու գարու բոքոնը, ծպացնում շրթունքով ու գդալից ծլծլացնում կիսաբաց կրծքին, մերկ ոտքերին:

Էհ ո՞նց ես, Սեյիդ ամի, — հարցնում է Աբոն: Սեյիդն աստծուն փառք է տալիս, գոհ է ապրուստից:

Մի բանից էր դժգոհում. որ ուժը պակասում է, ծերությունը հաղթել էր: Խոսում էր դանդաղ, ծոր տալով, կարծես աղոթք էր անում: Ժողովուրդն իրեն լավ է նայում, գյուղի գործերից շատերն իր ձեռքով են անցնում:

Մանկամարդ կինը սամավարը բերեց, բաժակները շարեց և էլի քաշվեց անկյուն:

Թեյ եմ առաջարկում Սեյիդին: Իրենք շաքար չունեն, շատ վաղուց է, ինչ բերանը շաքար չի դրել: Հրաժարվում է:

Դուք անուշ արեք:

Աբոն ինձ կամացուկ ասում է, որ Սեյիդը շատ մոլեռանդ է, «հարամ» մարդու շաքար կամ հաց չի գործածի:

Նորից առաջարկեցի: Ես էլ, ընկերս էլ, Աբոն էլ, կարծես խոսք մեկ էինք արել, որ Սեյիդին չայ տանք:

Վերջում համաձայնվեց, առավ իմ բաժակը, տվավ կնոջը և կարգադրեց, որ...14 անգամ լվա: Հետո խմեց:

Չոքել էր գետնին ուղտի պես, բաժակը բռնել էր ձեռքին, ոնց որ քահանան սկիհն է բռնում, մի կում էր անում, տնքում, լեզվով շաքարը բերանում խաղացնում ու մեկ-մեկ էլ ազատ ձեռքով միրուքը սղալում:

Բաժակը լվալուց հետո «հարամն» այնպես էր հալածվել, որ Սեյիդը թեյից ետ կենալու միտք չուներ: Բաժակներն իրար ետևից դատարկում էր, առանց տեղից շարժվելու: Ասես մտքում դրել էր սամավարը դատարկել:

Էն ո՞նց ես ասում, Սեյիդ, թե աստված հեռու պահի մին...Էն ոնց է, մի ասա, Սեյիդ ամի, — դիմեց Աբոն նրան ու ծածուկ էլ մեզ աչքով արավ:

Եվ առանձին պատկառանքով ու վեհությամբ (երևի այդպիսի դեմք ուներ Մովսեսը Սինայի պատգամները բերելու ժամանակ) Սեյիդ ամին միրուքը սղալելով ու փոքրիկ, փոս ընկած աչքերը կկոցելով, ասաց.

Ալլահը թող մարդուն հեռու պահի նախ բեկի բանտարկությունից, հետո կնոջ խարդավանքից և վերջում էլ

Նա արաբերեն էր ասում: Այդ երրորդ պատգամը վերաբերում էր Սեյիդի «հանդերձյալ» կյանքին: «Ըստ օրինաց» նրան բարձր տեղ թաղել, որ նրա հոգին ավելի մոտ լինի երկնքին:

Հետո նամազն էր, ավելի շուտ նամազի դասը: Որդին բերանը ծռմռելով կրկնում էր հոր ասած խոսքերը արագ, կատարում էր այն, ինչ հայրն էր անում:

Մենք լռել էինք: Տնեցիք անշարժ նստել էին: Միայն փոքրիկն էր, որ ապուրը կերել էր և փորը կուշտ՝ քորում էր ետևի փափուկ մսերն ու նայում աղոթողներին:

Նամազը վերջացավ: Աբոն ձիերը հանեց գոմից. բակում՝ դիմացի սենյակից լսեցինք կուփիչի հավասար զարկերի ձայն:

Սենյակի ներսում, գերանների վրա կարպետի հենք էր ամրացված, որի դիմաց նստել էր մի աղջիկ: Նա նուրբ ու բարակ մատներով գույնզգույն թելեր էր հագցնում հինածին և կարպետ գործում:

Մեզ որ տեսավ, գլուխը կախեց, գլխի շալն ավելի քաշեց, որ երեսը չտեսնենք: Լղարիկ, բարակիրան մի աղջիկ է:

Սեյիդի աղջիկն է, մայրը հերու մեռավ, — ականջիս փսփսաց Աբոն:

Աղջիկն իր օժիտն էր գործում: Սեյիդն ասաց, որ շուտով քյաբինը կտրելու է:

Տեսնես ի՜նչ քավթառ մարմին պիտի գրկի այս փոքրիկին, ո՜ր ծերունու չորացած շրթունքները պիտի համբուրեն սրան, — զայրացած ասաց ընկերս ու դուրս եկավ:

Ես էլ դուրս եկա սենյակից: Դռան մոտ ետ նայեցի, աղջիկն էլ նայեց: Ու այնպե՛ս ծով խեղճություն, անտերունչ գառան վիշտ կար նրա աչքերում:

Հանկարծ լեզու առներ կարպետը գունավոր ու պատմեր, թե ինչ մտքեր է հյուսել աղջիկը հենքին, ինչպես ծանր հառաչել է կուփիչի զրնգան ձայնի հետ ու ինչպես նրա բարակ, դեղին մատները ամեն մի թելի հետ մի ծանր միտք են կապել կարպետին:

* * *

Մեր ճանապարհը շարունակեցինք Ղզլ-Բողազի ձորով, որի երկու կողմում տձև ապառաժներ և ահռելի քարակույտեր են: Ճանապարհի հետ, ձորով, կեռ ու մեռ հոսում է մի փոքրիկ վտակ, որ հետո կորչում է Նախիջևանի տափարակում:

Է՛, էն քաղաքի լուսավորությունը երբ է հասնելու էս մեր ձորերին, — լռությունը խախտելով ասաց չարվադար Աբոն: Ու վրա բերեց. — էս մեկը լավ ադաթ չի: Ախր ի՞նչ կյանք պիտի քաշի էն փոքր երեխան:

Ետ նայեցի Բիչանագին:

Տան կտուրի վրա պահապան արագիլի պես կանգնել էր Սեյիդ ամին, ձեռքերը կողքին. հեռվից ռուսերեն «ֆ» տառի էր նման:

Մի քիչ էլ ու ճանապարհը ծռվեց, Բիչանագն է՛լ չէր երեվում:

Ճանապարհն ասես վերջ չպիտի ունենար: Աջ ու ձախ ժայռեր, որոնց վրա, ոնց որ քյոսա մարդու բեղ, բուսել էին հատ ու կտոր թփեր, գորշ, մոխրագույն:

Վայրի բադերի մի երամ կռնչյունով անախորժ՝ սլացավ գետն ի վեր:

Սրանց տեղ որ այրոպլան գա, էն ժամանակ ամեն ինչ լավ կլինի, — ասաց Աբոն:

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Գ)

Ուլու չայի ձախ ափին ընկած է Թազա գյուղը, որ հարյուր տարվա անցյալ ունի: Խոյեցի են, լեզուն չի զանազանվում իգդիրցու լեզվից: Տեղացիք նրանց «կլլան» են ասում:

Սիսիանում մի քանի «կլլան» գյուղեր կան, որոնք մինչև այժմ էլ, հարազատորեն պահել են իրանց բերած տարազն ու ադաթը:

Գյուղը ցավեր շատ ունի, բայց Թազա գյուղի հոգսը եզակի է:

Մի տեղ լինե՛ր, քոչեինք, — ասում են գյուղացիք մասնավոր զրույցի ժամանակ, հասարակական ժողովում, ամեն պատեհ առթիվ:

Մեր գեղի տեղը ժաժ է գալիս, տես, էս տները փքվել են: Մարդ է մնում փլվածի տակ, ապրանք է փչանում:

Գյուղատեղն անհարմար է: Վերի սարում մի փոքր լճակ կա, որից աղբյուրներ են սկսվում, անցնում գեղի տակով ու քերում հողի ստորին փափուկ շերտը: Ու հանկարծ տնատեղը նստում է, պատերը ճաքճաքում են: Կամ մի ուրիշ տեղ գետինը բարձրանում է, հարևան տներն իրարից հեռացնում:

Տան պատերի վրա կարելի է տեսնել մեծ ճեղքվածքներ: Գյուղի վերին թաղը քոչել է մի քիչ ներքև, չնայած որ այդ տեղն էլ ենթակա է «ժաժքի»:

Դպրոցի երկու պատն էլ ծռվել են ու ճեղքվել:

Այս տարի պարապել ենք միշտ էլ վտանգի տակ, — ասում է ուսուցիչը:

Մի ուրիշ ցավ էլ ունեն: Գյուղի կողքին էլ ընկած է մի ձորակ, որի բերանը հենց գյուղի գլխին է վերջանում: Գարնան հեղեղի ժամանակ սելավը երդիկից է ներս թափվում:

Հերու գարնան մի տուն ջրով լցվել էր: Խմորի տաշտը շոգենավի պես լողում էր: Մի երեխա էլ ջրախեղդ եղավ, չկարողացանք ազատել, — պատմում է մի գյուղացի ու նորից կրկնում.

Մի տեղ լինե՛ր, քոչեինք:

Ուրիշ ցավ էլ ունեն: Գաղթելուց հետո, մինչև այժմ, 90 տարվա ընթացքում գյուղը չի աճում:

Այժմ էլ այնքան շունչ կա, որքան գաղթելուց հետո: Գյուղի ծննդյան մատյանում մեծ տոկոս է կազմում մանուկների մահացումը:

Շատ հաճախ լինում են վիժումներ կամ ծնվում են մեռած: Գյուղացիք այդ վերագրում են ջրին, որ բխում է ծծմբի հանքերից և անդուրեկան համ ունի:

Թազա գյուղը վատառողջ է:

Դեղնած, կանուխ թառամած դեմքեր, վաղահաս ծերացած կանայք և մանուկներ՝ վտիտ, ռախիտից տառապող, կեղտի մեջ: Փողոցներում աղբ ու ցեխաջուր, տներն անկարգ, իրար վրա կուտակված, հողաշեն խրճիթներում միշտ էլ կիսախավար, խոնավության ու բորբոսի հոտ:

Հասկանում ես, թե ինչո՜ւ են ասում.

Մի տե՛ղ լիներ, քոչեինք:

* * *

Ալելուն Սիսիանի հետամնաց գյուղերից մեկն է: Եվ իզուր չէ, որ «Մաճկալի» խմբագրությունն ընկ. Մյասնիկյանի նվիրած տասը թերթից մի օրինակը Ալելու գյուղին է ուղարկում:

Կեղտոտ է գյուղը, փողոցները ծուռ ու մուռ, տներն անհամաչափ, մեկի կտուրը փողոցին հավասար, մյուսինը՝ բարդու բարձրության:

Արևի տակ աղբակույտերն են նեխվում, ու փողոցում, շվաք անկյունում ծուլորեն մեկնվել է որոշ տարիք անցուծ մասը, գյուղի ալևորը, որ էլ հանդ չի գնում, հորանջում է, ծոր տալով՝ «Հե՛յ գիդի ջահելություն» ասում ու պատմում մովրովի օրերից:

Մեկը կաշի է քերում ապակու փշրանքով, մեկէլը թաց ցողունից կթոցներ է գործում, մի ուրիշը՝ թազբեհ է քաշում, թոնթորում ինքն իրեն և դժգոհ՝ աներես ճանճերին քշում:

Միայն անցյալ տարի են դպրոց շինել, բայց շատ անհաջող, շենքի տակը խոնավ է, դիրքն անհարմար, պատուհանները նեղլիկ:

Ձմռան օրերին մենք ցերեկով ճրագ ենք վառում կամ դռները բաց թողնում, որ լույս լինի, — գանգատվում էր ուսուցիչը:

Ծախս են արել, հեռու տեղից քար ու գերան բերել, գեղովի աշխատանք թափել ու ղեկավար չլինելու պատճառով, այդպիսի շենք կառուցել:

Դպրոցից զատ կուլտուրական ուրիշ օջախ չկա գյուղում: Խրճիթ-ընթերցարանն ուսուցչի բնակարանն է:

Պետապի մի երկու պլակատ, մի աերոպլանի նկար, որը գլխիվայր են փակցրել պատին: Մի քանի փոշեպատ գրքույկներ, «Բամբակի չոռը», «Քաղվածքներ և որոշումներ», «Աշխատանքի պաշտպանությունը քաղաքում» և էլ ուրիշ ոչինչ: Ահա խրճիթ-ընթերցարանի գրականությունը:

Լրագիր կանոնավոր չեն ստանում: Մինչև հասնում է Ալելու, սրա-նրա ձեռքին անհայտանում է կամ ով գիտե, փոստի ո՛ր գրասենյակում ամիսներով ընկնում: Մայիս ամսվա ընթացքում «Խ. Հստացել է միայն հինգ օրինակ:

Գրագետ քիչ կա, մատների վրա կարելի է հաշվել: Մի համախոսական գրելու դեպքում մի քանի հոգի «Վասն անգրագիտության» ստորագրում են ամբողջ գյուղի տեղակ:

Երիտասարդ սերունդը մի քիչ ուշադիր է, ավելի եռանդուն, բայց անգրագիտության վերացման աշխատանքը հարկավոր եռանդով չէ տարված:

Դպրոցական տարիք ունեցող երեխաների մի երրորդն է հաճախում դպրոց: Մի քանի աղջիկ են սովորում, այն էլ առաջին խմբակում:

Գրաճանաչ լինելուց հետո ծնողները նրանց հանում են դպրոցից՝ մարդու տալիս:

Փոքրահասակների ամուսնությունն «անշեղ» է կատարվում:

Դե հլա սովորութ ա, էլի, վերջապես չի լինում ժխտել, — ժպտալով ասում էր խորհրդի նախագահը:

Հենց այդ նույն օրը մի դեպք էր եղել: Տասներկու տարեկան մի աղջիկ են առնում: Նախագահն արգելում է և տուգանք նշանակում: Գյուղացին տուգանքը տալիս է, բայց էլի աղջիկն առնում իր տղին:

Ահա քո շտրափը, էլ հո չես կարա մի խոսք ասի, — ասում է, զուռնեն փչում է «տարանինան»:

Կոոպերատիվ չկա: Կենտրոնից հեռու է, ապրանք դժվար են ստանում, կոոպերատիվի գաղափարը դեռ հանրացած չէ, նախաձեռնող էլ չի եղել:

Չարչիներն են, որ խմբերով պարբերաբար գալիս են Նախիջևանից ու ապրանք բերում: Ինչ խոսք, որ քերթում են, մի տուփ լուցկին 2 գրվանքա ցորենով են տալիս: Հավաքում են յուղ, պանիր, ոչխար ու նորից վերադառնում Նախիջևան:

Ձմռան երկար գիշերներին ուսուցիչը մի խումբ աշակերտների հետ հրատարակել է պատի լրագիր:

Գարնան սկզբին աշակերտների մեծ մասը դպրոց չի հաճախել դաշտում աշխատելու համար: Թերթն էլ փակվել է մինչև աշուն:

Մեկը մի ոտանավոր է գրել, որ վերջանում է հետևյալ տողերով:

«Ամուր հիմքերով տարածենք լենինիզմ, հիմնովին տապալենք խավար կրոնիզմ»: № 2-ում խոշոր տառերով մի կոչ է գրված, որտեղ ասված է այսպես.

«Ընկեր գյուղացինե՛ր, ստիպե՛ք, որ ձեր երեխաները տանը դաստիարակվեն մարքսիզմի հոգով»:

Ու մի քիչ հետո՝

«Մեր դպրոցի աշակերտությունը գտել է, որ մարզանքը մարդկության կյանքում ամենաառաջին տեղն է բռնում»:

Մի կիսատ պոեմձոն կա, ուր հեղինակն ամպագոռգոռ լեզվով Ալելուի պսպղուն աստղերին հրամայում է չքանալ անհետ, որովհետև «ավելի փայլուն են մտքերը Իլյիչի»:

Շատ զգացված շարադրել է մի աշակերտ իր մտքերը Լենինի մահվան տարեդարձի առթիվ:

«Համաշխարհային պրոլետարիատի հանճարեղ արծիվը, թռավ մեզանից: Խելքի, կամքի, գործի ծովը չորացավ»:

Մի ուրիշ համարում խմբագրությունը դիմում է Ասատուրին և ասում՝

Ասատո՜ւր, թող զուռնեդ և հետևիր կոմունիզմին...

* * *

Այս տարվա երաշտը տեղ-տեղ խանձել է արտերը: Բերքը հերվա չափ չի լինելու: Գյուղացին մտահոգ է, և համայնքի ժողովին Չեմբերլենի մասին էլ որ խոսեն, էլի նա իր կորեկի մասին է ասելու:

Նրա հանդն ու տավարն է այն առանցքը, որի շուրջը պտույտ է գալիս գյուղացու դանդաղաշարժ միտքը:

Գյուղը դեռ մութ է: Ալելուն էլ մութ գյուղերից է, չնայած որ «Նոր պայթում» լրագիր ունի ու մի տարեկան ուսումնարան:

Եթե կայուն ժողով է, գեղամիջում մեկ-մեկ հավաքվում են, ու եկողն անպատճառ պիտի մոտենա քեզ, ձեռքդ սեղմի, հալդ հարցնի, թեկուզ առաջին անգամ է տեսնում:

Ամռան զով գիշեր է: Լուսնյակի շողքն անձև ստվերներ է կախել, աթարի դեզերը ձիգ ու սրածայր են երևում: Նստոտել են գետնին գերանի ու քարի վրա:

Լսում են ու հետո բացվում են, մտքի կծիկը ետ տալիս:

Ինչքան խայտաբղետ, կարծիքները, հոգսերը զանազան: Քաղաքի երես տեսածն ու ջահելը ավելի շուտ է հասկանում:

Մի ուրիշը, որ օրն ի բուն վար ու ցանքսի հետ է, որի միտքը խոպան է, հերվա հարոս արտի պես, տեղով մի ադաթ, քարացած սովորույթ, նորին դեմ է, քաղաքին կասկածով է նայում:

Մեզ ագրամոն հարկավոր չի:

Գյուղատնտես չի ուզում: Դեռ ավելին. կասկածում է, որ «ագրամոնը» կարող է իրան օգուտ տալ:

Թե որ ագրանովը մեզ նման գեղացի ա, ի՞նչ պիտի ասի. նրա ասածը ես շուտուց գիտեմ, թե որ նրա իմացածը սովորովի ա, իսկի զատ չի կարա տալ, ուզում ա տեղով մի կրակ էլ դառնա:

Համոզում եմ: Խամ արջառի պես լուծին չի մոտիկանում, կանգնած տեղից մի քայլ առաջանալ չի ուզում:

Այս տարի երաշտ է եղել: Ու խուլ գյուղերում գյուղացիք էլի «ճոլի» են ման ածել, մատաղ հավաքել, խաչերին ոչխար մատաղ արել: Մատաղը կերել են, ու մի կաթ անձրև էլ լի կաթեր: Վաղուց մոռացված մի սովորույթ այս տարի երաշտի հետ հարություն է առել: Մի հեթանոս սովորույթ, ով գիտե, ո՜ր դարից մնացած:

Հավաքվում են մի խումբ կանայք, տղամարդու շորեր հագնում, եզան տեղ լծվում գութանին մի քանի զույգ, մի պառավ նան էլ մաճն է բռնում:

Գետն են «վարում», գետի ափի ավազուտը կամ աղբյուրի մոտ: Վարում են, անեծքներ կարդում, «չարը խափանում»: Ու եթե գիշերով հանկարծ մի քիչ անձրևեց, գեղը մաճկալ նանին սրբոց կարգն է դասում:

* * *

Մազրան հեռվից գեղեցիկ է երևում: Կարմիր կավից ցեխապատ խրճիթները կանաչ մարգերի վրա մի առանձին գրավչություն ունեն:

Մազրան Նախիջևանի սարերի ստորոտին է, մի բարձր բլուրի գագաթին թառած:

Էլի նույն արևկող մարդիկ, գեղամիջում զրույց անող ալեվորներ:

Հա՛, տերտեր, էն ո՞ր առաջնորդն էր որ...

Ու տերտերը պատասխանում է, թե էն ո՜ր առաջնորդն էր, որ մի սինի փլավը միանգամից էր ուտում:

Մազրան հնուց դպրոց ունի: Երկու ուսուցիչ հերթով պարապում են շատ անգամ մինչև երեկո, բայց էլի չեն հասցնում:

Կոոպերատիվն ապրանք չունի: 21 թ. ծծմբոտ լուցկիների մի կիտուկ, մի քանի կտոր սապոն, թեյի պնակներ, ձիու պայտ ու մի քիչ էլ տեղական ծխախոտ:

Լուցկիները գյուղացիք ձրի էլ չեն առնում, դե լավն էլ չունենք, — ասում էր կոոպերատիվի գործակատարը, որը խանութի հովում կարդում էր Շիրվանզադեի ժողովածուն:

Նախագահը շաբաթօրյակ է կազմել դպրոցի փլած պատը շինելու: Տունը մի ֆահլա պիտի տա: Հավաքում է ցուցակի համաձայն, աշխատանքը բաժանում ու ճամփու դնում: Հարցնում եմ գյուղի դրության, խորհրդի աշխատանքների մասին:

Դե գեղ ա, էլի, կառավարում ենք, — ուսերը շարժելով ասաց նա ու մի քիչ հետո ավելացրեց, — չէ, հիմա էնքան էլ հակայություն չկա:

ՍԱՐԱԼՈՒ

Գյազբելը Զանգեզուրի բարձր սարերից մեկն է: Ամռան շոգին, երբ ներքև՝ ձորում արևն անխիղճ խանձում է, ու արտերը դեղնին են տալիս, Գյազբելի գագաթին ու լանջերին տեղ-տեղ դեռ ձյուն կա, ու կանաչ մարգերում՝ գույնզգույն ծաղիկների գորգեր:

Սարի լանջին, մի քիչ փոս ընկած տեղերում, օբաներ են, արանից սար բարձրացած քոչվորների վրանները` խմբերով կամ հատ-հատ, սառնորակ աղբյուրի մոտ, կանաչի վրա:

Սարալուի յուրդերն են:

Գյազբելին ղուրբան, մենք հո առանց նրան կկոտորվենք, — ասում էր մի չոբան ու պատմում, թե «դաշնակլար»-ը երբ փակել էր ճանապարհները ու էլ սար չէին բարձրանում, ամռան շոգին ժողովուրդը կոտորվում էր, ոչխարը սատկոտում: Օձն ու կարիճը մի կողմից, արանի մոծակը մյուս կողմից հանգիստ չէին տալիս:

Սարալունքրդեր են, մի ամբողջ համայնք, նահապետական վարք ու բարքով, «պատվավոր» խաշնարած: Մի քանի գյուղեր են՝ Քյուրդստանի հարավային մասից: Գարունը բացվելու հետ քոչի ծայրը բացվում է: Չորս օր ու գիշեր գալիս են անվերջ ու Գյազբելին հասնում, սառնորակ աղբյուրներից մի կուշտ խմում:

Առաջին օրերը ջերմն անպակաս է լինում: Կլիմայի զգալի փոփոխումը իրենն անում է: Բայց հետո վարժվում են սարի օդին:

* * *

Մի ուրույն կյանք կա յուրդերում, դարերով ստեղծված վարք ու բարք, որ ասես մազաչափ անգամ չի փոխվել:

Ահա չոբանը, թաղիքի յափունջին ուսերին, մի ահագին, գլուխը երկաթապատ մահակ ձեռքին, կանգնել է երկու մեծ քարերի միջև և ոչխարն է համարում:

Ուզում եմ մոտենալ, արգելում են: Չոբանը թույլ չի տալիս, որ ուրիշ մի օքմին «աղայի» ոչխարներին մոտենա:

Եթե դագանակով չտա, շներին կարող է «քըս» տալ, — ասում են:

Ոչխարը սուրուներով է, գալիս են և մեկ-մեկ անցնում երկու քարի արանքով, իսկ չոբանը մահակի ծայրով անցնող ոչխարների մեջքին է խփում և ինչ-որ մի բան ասում:

Չի համրում, նա մինչև հարյուրը դժվար թե կարողանա ուղիղ հաշվել, — ասում են ինձ:

Նշաններով է համարում: Ամեն մի ոչխար մի նշան ունի՝ մեկի դմակը կախ է, մյուսի ականջն է կտրած, երրորդի գլխին սպիտակ նշան կա և այլն: Ու ամբողջ հոտը նա այդ նշաններով ստուգում է և իմանում, թե ճակատը դամղած ոչխարը չկա:

Համրանքի մի հին ձև է, գուցե ավելի հին, քան փայտի վրա խաչեր քաշելը: Եվ ինչ հիշողություն ու վարժություն է պետք, որ հինգ հարյուր ոչխարի միջից մեկը պակասելու դեպքում իմանա:

Չոբան կա, որ տարիներով գյուղի երես չի տեսնում:

Ամառը սարերում, ձմեռը հարավի տաք հովիտներում: Ինձ մի հովիվ ցույց տվին, — աժդահա մի տղամարդ, — որ քսան տարուց ավել է տաք կերակուր չէր կերել:

Следующая страница