Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Նրանք միս եփելու մի առանձին ձև ունեն: Ոչխարը մորթում են, մաշկում, միսն ու դմակը խանչալով մանրացնում, լցնում նույն մորթու մեջ և թաղում հողի տակ: Հողով ծածկելուց հետո վրան կրակ են անում, աթար դարսում և իրենք հեռանում:

Երկու օրից հետո վերադառնում են և հողի տակ թաղած մորթին հանում, եփած միսն ուտում:

Անչափ հավատարիմ են: Իրենց հոտն ապահով պահելու համար ամեն ինչ կանեն:

«Աղան» էլ օգտագործում է նրանց: Ամբողջ տարին չոբանը ոչխարի հետ է լինում՝ անձրևի, կարկուտի տակ թրջվում, այրվում և դրա փոխարեն տարվա վերջում ստանում մի երկու ոչխար:

* * *

Վրաններն ենք վերադառնում: Իրար ձեն են տալիս, թե քաղաքից մարդ է եկել: Ու գալիս են սարի գագաթից, ձորերից, լանջերից, մոթալ փափախներով, թխադեմ, բարձրախոս և խանչալից անբաժան սարալուեցիք:

Մեկը հողի պակասությունից է գանգատվում, մյուսը թե՝ ոչխարը սատկոտում է, երրորդը տուրքերի մասին է հարցնում:

Վեճեր միշտ էլ լինում են. երբեմն բանը հասնում է դագանակի կամ խանչալի: Եվ ախսախկալն է, որ դատ է անում, մի կողմին համոզում, երկրորդ կողմին հանդիմանում, մի կերպ հաշտեցնում:

Չեն ուզում, որ բանը հասնի դատարանին: Այդ նախ ծախսի հետ է կապված, հետո՝ հնամյա ադաթը ոտնակոխ անել է նշանակում:

Ջանըմ, հիմա լավ է, ամեն բան հեշտացել է, — ասում է հինայած մորուքով մի ծերունի, որի հանդեպ մյուսները մի խորին պատկառանք են տածում:

Ու սկսվում է «շուրա հուքումաթի» գովասանքը: Իհարկե, այժմ լավ է, բայց հնից մնացած շողոքորթ ձևերը ոսկրացել են: Բեկն ու պրիստավը նրանց սովորեցրել են մանվածապատ դարձվածքներ, երկմիտ խոսքեր, ակնարկներ, զգույշ և առատ գովասանք, շարբաթած անուշ խոսքերով:

Եվ այդ ալևորը պատմում է հին մի դեպք, թե ինչպես հարևանը կացնով տալիս է ու նրա գոմեշի պոչը կտրում:

Երկու տարի գործը դատարանում քաշքշում են, գնում է գալիս, մի գոմշի գին էլ կաշառք տալիս:

Վերջը դատ են անում:

Է, «փադիշահի» օրենք, դատավորը ռուս, ես էլ մի անլեզու հայվան: Մի Ալիշ բեյ կար, մեր Սարալուի բեկերից: Էն էլ դիլբանջ էր (թարգման): Դատավորը խոսեց, ասեց, Ալիշ բեյի վրա «չորտ-չորտ» արեց ու վեր կացավ գնաց:

Հիմա Ալիշ բեյը ոնց էկարմրել:

Հարցնում եմ նրան, թե բանն ինչումն է: Ալիշ բեյը թե՝

Էս անտեր միլլաթը ոչ գոմեշ ունի, ոչ կացին: Ես ռուսերեն ո՞նց ասեմ, թե գոմեշի պոչը կացնով կտրեց: Հերսոտեց, գնաց...Հապա, էսպես բաներ:

Ու դանդաղ շոյում է իր հինայած փառահեղ միրուքը, իսկ մյուսները ծիծաղում են:

* * *

Ծալապատիկ նստոտել ենք վրանի տակ:

Մի երիտասարդ կին, մանուկը մեջքին կապած, ներս ու դուրս է անում, օջախն է վառում: Սկեսուրը հիվանդ պառկած է վրանի մի անկյունում:

Ներս է մտնում մի պառավ, ձեռքին հողե գավաթ, կանաչավուն հեղուկով լեցված: Պառավը հեքիմն է ամբողջ յուրդերի: Մի բան լինելու դեպքում նրան են կանչում: Ամեն ցավի դեղ ունի. խոտ է քաղում, եփում, ջուրը հիվանդին խմեցնում կամ ինչ-որ մածուցիկ նյութ շինում և փետուրով քսում վերքի վրա:

Հիվանդը, որ տաքության մեջ էր, վեր ելավ, նստեց անկողնու մեջ, նայեց գավաթին ու զզվանքով ասաց.

Անա, զահրումար է...

Բայց խմեց, խմեց մինչև վերջին կաթիլը, հետո զզվանքից էլ թափահարեց, ընկավ կեղտոտ բարձի վրա: Քիչ հետո՝ գունատվեց, քաթան դարձավ, աչքերը գլուխն ընկան, մարելու պես եղավ:

Իսկ հեքիմ պառավը պպզել էր հիվանդի սնարի մոտ, անթարթ նայում էր հիվանդի դեմքին, ասես այնտեղ կարդում էր գաղտնի մի թալիսման, որոնց իմաստը արևելքի հեքիմներին է հայտնի:

Իսկ հարսը օջախի մոտ հաց թխելու պատրաստություն էր տեսնում: Երևի այդպես էր հաց թխում և մարդը հնում, երբ առաջին անգամ կրակին վարժվեց: Եվ ոչ մի գործիք, ոչ մի թոնիր: Մի փայտյա տաշտակի մեջ խմոր էր արել, որից գունդեր էր պոկում, ձեռքերի մեջ տափակեցնում և գցում մոխրի վրա կամ օջախի քարից փակցնում: Ճիշտ այդպես մեր գյուղերում ջրաղացպանն է բաղարջ թխում: Հետո մոխրաթաթախ բլիթները դարսեց իրար վրա ու դրեց վրանի մի անկյունում, ուր կանաչը աճել էր փարթամորեն:

Թեյ բերին: Ծաղկավոր պնակներ, բաժակները նախշուն: Ինչքան գունեղ և վառ ճաշակ ունի արևելքն ալեհեր: Շաքարը՝ սպիտակ տեղ չեր մնացել: Կինը մի քանի փալասի մեջ էր փաթաթել և սանդուղում պահել ազիզ օրվա համար:

Սար տեղ է, շաքար դժվար է ճարվում, — ասում են նրանք:

Չարչիներն են առուտուր անում, նրանք են քոչվորին ապրանք տալիս: Ամեն մեկը մի փոքրիկ պարկ ուսին՝ միջին լուցկի, սապոն և ուլունք, ասեղ ու շաքար, պտտվում են սարեսար և օբաներում իրենց ապրանքը յուղ ու պանրով փոխում: Մի տուփ լուցկին մի գրվանքա պանրով են առնում: Ամբողջ ապրանքը սպառելուց հետո, յուղ ու պանիրը ծախում են մոտակա գյուղում կամ քաղաք են տանում, ծախում, պարկը նոր ապրանքով լեցված էլի յուրդերի ճամփան բռնում:

Թեյ ենք խմում: Ծպպացնում են, շաքարի մի փոքրիկ կտոր բերանում լեզվով խաղացնում ու ամեն կումից հետո տնքում: Ի՛նչ ախորժակով են խմում և կարագի ահագին կտորներ կուլ տալիս, մոխրոտ բլիթը ծամում: Մի անգամ կուլ տված կարագը քաղաքում մի ընտանիքի օրեկան բաժինն է:

Իզուր է որոնել գրավիչ մի կողմ յուրդերում, Գյազբելի գլխին:

Մենակ սարն է կանաչ, օդը անարատ, թարմ կաթի պես և աղբյուրը պաղջուր: Իսկ ինքը սարվորը՝ տգետ բնության արհավիրքին ենթակա, հիվանդանալիս՝ զահրումար խմող, ցեխի ու կեղտի մեջ, քաղաքի բարիքից զուրկ:

* * *

Մայուն է, որ լսվում է:

Անվարժ մարդուն թվում է, թե ձորը ոչխարով լեցվեց, քարերն էլ են մայում:

Ճաշվա կիթն է: Ոչխարը սարից իջել է, գառն ու ոչխարը խառնվել են իրար:

Սկեսուրը տնքալով՝ հարսին պատվիրում է շտապել, թե չէ գառները կծծեն: Ու կինը ջահել, մանուկը շալակին, շարժումներով վարժ, կթում է, ամանը դատարկում, նորից կթում: Թարմ կաթը փրփուր է տալիս, յուղի կաթիլները ոսկու ավազի պես լողում են կաթի երեսին: Կինը կաթը քամում է մի կեղտոտ փալասի կտորով, մրից սևացած կաթսայի մեջ:

Ամեն ինչ պապենական ձևով է դեռ, և այդքան աշխատանքն ու առատ բարիքը կորչում է իզուր: Մի քիչ յուղ են ստանալու, մնացածը թան է, շներն են լակելու:

Տեսնո՞ւմ ես էն չոբանին, — ասում է կողքիս նստած մեկը, մատը դեպի առաջ մեկնելով.

Մարդան-բեյն է, երկու հազար ոչխարատեր:

Նայում եմ ու չեմ հավատում, թե այդ գզգզված կարպետի մեջ կոլոլված կարճ ու բրդոտ չոբանը, աթարի դեզի պես սրածայր մի փափախ գլխին, որ սուլոցով ոչխարներին մի կողմ է քշում, թե նա երկու հազար ոչխար ունի:

Մարդան-բեյը մեզ տեսնելուն պես մոտեցավ «սելամ» տվավ ու կռթնեց մահակին: Կատարյալ չոբան, որի գլուխն ով գիտե քանի տարի է տաք ջուր չի տեսել և ոչ էլ սապոն, որ իր սուր դանակով և՛ ոչխար է մաշկում, և՛ երես է ածիլում, որ լուցկի չունի, այլ կայծաքար ու մի կեռ պողպատ էլ կողքից կախ:

Ուրիշ ապրանք էլ ունի` ձի, կով, ուղտ: Վեց տղա ունի, վեցն էլ ամուսնացած: Իհարկե կարող է հովիվ վարձել, բայց իր ապրանքն ինքն է ուզում պահել:

Կռթնել է մահակին, ոտքերը չռել, մկրատի բաց բերանի պես, ու մի ձեռքով էլ ետևի փափուկ մասերն է քորում այնպես, ինչպես եզն է քսում վիզը մի ծառի կամ քարի և քորում ախորժով:

Փորձում եմ խոսել նրա հետ, բայց նրա ուշքը ոչխարի կողմն է. տեսավ, որ կիթը վերջացել է, իսկույն շտապեց դեպի այն կողմը:

Այնքան շատ կարկատան կար Մարդան-բեյի շալե շալվարի վրա...

* * *

Իրիկուն է դառնում:

Արևի շողերը ամպի ճերմակ քուլաներն են ներկում՝ մեկ կարմրագույն, մեկ նարնջագույն:

Ցուրտ է: Առանց յափունջու վրանի տակ նստել չի լինում:

Արանից մեկն եկել է, պատմում է գյուղից: Հունձն արդեն սկսվել է այնտեղ, շոգ է անտանելի: Բերքի մասին են հարցնում:

Եկվորը պատասխանում է ընդհանուր առմամբ, բայց ամեն մեկն աշխատում է իր արտից տեղեկություն իմանալ: Եվ հարցեր է, որ տալիս են:

Դե, էգուց կանուխ պիտի գնանք:

Հինայած մորուքով ծերունին է, ոո Ալիշ-բեյի դիլբանջ լինելուց էր պատմել:

Եվ որոշում են լուսաբացին ճանապարհ ընկնել: Տղամարդիկ պիտի գնան, հունձն անեն և էլի ետ գան:

Այնտեղ գյուղում մարդ չի մնացել:

Շոգին դիմանալ չի լինում: Դռները շատ անգամ թողնում են բաց և իրենք սար քոչում: Գյուղում թողնում են մի քանի պահապան, որոնք արագիլի նման, կտուրների վրա, իրենց համար բարձր տեղ են շինում՝ մոծակից ու կարիճից անվտանգ լինելու:

Վաղը պիտի գնան, հնձեն արտերը, խուրձերը թողնեն արտում ու վերադառնան: Կալը ուշ են կասում, աշունքվա մոտ, սարից իջնելու ժամանակ:

Իմ տանտերն էլ է պատրաստություն տեսնում: Սրաքարն ու մանգաղն է հազրում, տրեխի ծակ տեղերն է կարկատում: Իսկ հիվանդ սկեսուրը հարսին պատվիրում է ճամփի համար պաշար շինել:

Մութ է արդեն:

Օբաների առաջ խարույկներ են վառվել: Մի տեղ իրիկվա ընթրիք են եփում, մի ուրիշ տեղ սարից մի քոչվոր է թրջած շորերը չորացնում:

Խարույկները թեժանում են, երբ մի կապ չոր ցախ են գցում... բոցը բարձրանում է, կայծեր են թռչում վեր, պսպղում մութի մեջ ու հանգում:

Խարույկի շուրջը նստոտել են, խոսում են բարձրաձայն, մեկը զիլ ձայնով նախիրից ետ մնացած կովին է ետ կանչում: Եվ ձորերը թնդում են նրա ձայնից:

Աղմուկը հանդարտվում է, խարույկների կրակը թուլանում, մերթ էլի բռնկվում: Շներն են հաչում. կլանչում է մեկն այս ձորից, մյուսը ոռնում է զիլ, և երկյուղ է ազդում, անմեկնելի մի զարզանդ: Կոլոլվում եմ յափունջուս մեջ ու թիկն տալիս:

Քիչ անց, սարի ետևից, արծաթ սինու պես, կոլոր լուսնյակի պռունկն է երևում, ասես մի անտես ձեռք սարի ետևից բարձրացնում է նրան:

Խաղաղ է յուրդերում: Շներն էլ չեն հաչում: Վրանի առաջ կովերը մուշ-մուշ որոճում են: Ձորակից լսվում է բայաթու մի մեղմ ձայն, որ թրթռալով հանգում է օդի խաղաղ ոլորտում:

ԿՅՈՐԱ

(Գյուղի տպավորություններ)

Քերծերի մեջ պահված մի գյուղ է Կյորան՝ սրածայր ժայռերով, քարանձավներով շրջապատված, գետնափոր տներով, ուր արևի շողերի մի խուրձ է թափանցում փոքրիկ հերդիկից և հազիվ է լուսավորում քարայրի ներսը:

Ծնկներդ դողում են ու ցավում, մինչև նեղ կածանով Կյորա կիջնես:

Ինչպես են ապրում, ինչո՞ւ այս խորխորատից դուրս չեն եկել,— պատրաստվում ես հարցնելու հանդիպած գյուղացուն:

Իրենք էլ են բեզարել:

Ոչ մի շինարար աշխատանք չենք ուզում կատարել, — ասում են գյուղացիք:

Ղզլբաշի ժամանակ Կյորան «պենդոտ» (բերդ) է եղել: Մեր պապերը դրա համար են հավաքվել էստեղ,— ասում էր մի ալևոր:

Հիմա փուչ տեղ է, էստեղ ապրել չի լինի:

«Պենդոտի» ավերակները մինչև այժմ էլ կան: Ձորի երկու ափին բարձր ժայռերի մեջ թաքստոցներ և անցքեր կան, որտեղից կրակել են ղզլբաշի ժամանակ: Այդ ամրոցում գյուղացիք հիմա խոտ են դարսում:

Կյորան աղքատ է, անչափ աղքատ: Յոթանասուն ծուխն ունի մի ձի և մի ջորի: Ամենից ունևոր գյուղացին ունի 20 ոչխար, 2 կով, մի կամ երկու լծկան և մի էշ: 25 տուն լծկան ու կթան չունեն:

Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում:

Աղքատներն ամառը հասկաքաղ են անում, մի փոքր հարցով սրա-նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կամ թե հարևան գյուղերում մշակ վարձվում: 20 տուն գաղթել է Բաքու և աշխատում է նավթահորերում: Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում և գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն.

Դպրոց չունեն: Եկող տարվա համար որոշել են մի սենյակ պատրաստել: Նստարանների վարձը Բաքվի միությունն է խոստացել տալ:

Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան, — ասում են գյուղացիք:

Իրենց գյուղից մեկին ուղարկել են Բաքու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի: Հիմա էլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կկարողանա քննություն տալ:

Աղքատ ենք, համա գիտակից, — մի առանձին հպարտությամբ ասում է ընկեր Արամայիսը՝ բջջի քարտուղարը:

Գյուղում կա 60 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միությունը 45 անդամ ունի: Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են:

Նոր կենցաղն սկսել է տիրապետել, — ասում է ընկեր Արամայիսը և պատմում է, թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ: Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենք մինչև լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստում և առավոտյան մեծ շուքով թաղում:

Հողը պակաս է, տեղը քարոտ:

Հողային խնդիրը խճճված է:

Այս տարի ցանքսերը երաշտից ու ձմռան ցրտերից վնասվել են. մուկն էլ մի կողմից է վնասել:

Հույս են դրել այգիների վրա, գուցե մի բան ստացվի: Այգիներում էլ հիվանդություններ են տարածվել, իսկ գյուղացիք՝ բժշկության ձևերին անծանոթ են:

Էս Կյորում ապրելով մի լայն օրի հասնելու չենք, — ասում է մի գյուղացի, որ եկել էր մեզնից նոր լուր իմ անալու: Գյուղը ջուր էլ չունի:

Դարերի ընթացքում որքա՛ն աշխատել են ջրի փոքրիկ առվակները քերծից քերծ տանելու: Մի տեղ ժայռն են ծակել մի քանի սաժեն երկարությամբ, մի այլ տեղ հսկա թմբեր շիինել կամ նավեր անցկացրել, որոնք լարախաղի պարանի պևս ձգվում են մի քերծի գլխից դեպի մյուսը: Եվ ինչպիսի վտանգավոր ձևով են մաքրում այդ նավերը կամ ժայռեր պայթեցնում նոր առու անցկացնելու: Պատահել է, որ նավի գլխից մարդիկ ձորի անդունդն են ընկել: Սարի գլխին մի տափարակ տեղ կա, գյուղի համար շատ հարմար, և ահա որոշել են ամբողջ գյուղով ձորից դուրս գալ և այդ տափարակում նոր գյուղ հիմնել, սակայն որոշումն անկատար է մնացել, միջոց չունեն:

Էս հեռու ձորին ո՞վ է օգնում, — ասում են, — օգնություն որ լինի, մենք էստեղ չենք ապրի:

Վտանգավոր էլ է: Շատ անգամ ժայռերը փլվում են, մարդ ու անասուն տակովն անում: Քանի՛ գլուխ անասուն է գլորվել նեղ կածանից դեպի անդունդը: Հենց հիմա էլ գյուղի վերևում մի ահռելի ժայռ կա, որը ճաքել է և մոտ է փլելու: Եթե դինամիտ լինի, վտանգը կարելի է կանխել:

Մի քանի տարի շարունակ գյուղը դաշտում ջրի ակունք է փնտրել: Դաշտում էլ ջուր չկա: Գութանավորին էշով են ջուր տանում:

Ջրորսների այդ բազմությունը շատ տեղեր է փորել, ջուր գտնելու հույսով: Եվ գյուղում որքան են ուրախացել, երբ մի գեղեցիկ օր, հողի երեսին խոնավ շերտը վարելուց հետո, կանոնավոր առու է գոյացել: Փրկության ուղին գտել են, ելք են ստեղծել, բայց միջոց չունեն նոր գյուղ հիմնելու:

Ջրորսները հիմա էլ շարունակում են ջրի ակունք փնտրել լերկ ժայռերի մոտ, ամռան կիզիչ արևի տակ:

* * *

Աղբյուրի մոտ հանգստանում ենք: Կին ու աղջիկ ջրի են գալիս: Մեզ տեսնելիս մի քիչ շփոթվում են, ոմանք երեսը կիսով չափ ծածկում: Լսում եմ ինչպես միմյանց հարցնում են, թե ովքեր են սրանք:

Ամոթ չլինի հարցնեի ո՞րտեղացի եք, — դառնում է մեզ մի տարիքավոր կին, կուժը աղբրի տակ դնելով:

Ես պատասխանում եմ, ու մի քիչ անց՝ էլի հարցնում է, այս անգամ՝ թե ինչու ենք եկել:

Նանի՛, եկել ենք բաղերին ճար խփենք, — ասում է մի կոմսոմոլ:

Նանին չի հավատում, թե այգիները դեղ սրսկելով կարելի է բուժել:

Նայում է մեզ, մեր գործիքներին ու ծոր տալով ասում.

Է՛, դրանով բան չի լինի: Ցավը տվովի է, ինչ կարող եք անել:

«Տվովի» ասելիս, գլուխը դեպի երկինք է բարձրացնում, ինչպես հավը ջուր խմելիս:

Նանին գնաց ու քիչ հետո մի փոքրիկ տղայի թևից բռնած հետ եկավ:

Կարա՞ք սրան մի ճար արեք, մինուճարս է, — ասեց ու փոքրիկի շապիկը վեր քաշեց: Երեխայի պորտի տակ մի մեծ ուռուցք կար, որից նա շատ էր նեղվում:

Ասում եմ, որ բժիշկի մոտ տանի:

Բա դուք մի ճար չունե՞ք, — նորից է հարցնում ու զղջալով հետ դառնում:

Աղբյուրին է մոտենում մի պատանի, ծաղկատար դեմքով, ծաղկից կուրացած աչքերով: Փայտով գետինը շոշափելով՝ նա հասնում է աղբյուրին, մի կուշտ խմում է ու էլի հեռանում:

Կույր է, գիշերն էլ մենակ հանդ է գնում, եզները պահում: Տան միակ աշխատավորն է, — ասում է գզիրը, որ երկու ժամ գյուղում ման գալուց հետո հազիվ կարողացել է մի լղար էշ գտնել, դեղորայքն ու գործիքներն այգիները տանելու համար:

Ճանապարհ ենք ընկնում: Այգիները չորս վերստ հեռու են: Պետք է բարձրանալ սարն ի վեր, իջնել, նորից վեր ելնել ու այսպես մի քանի անգամ:

Որոտում է, անձրև է գալու, շտապում ենք: Գզիրը բզում է էշին և մերթ ընդ մերթ հետևից հրում:

Մի տուն է պահում է՛, ութ շունչ էս քուռակին են նայում, — ասում է և սրածայր մահակով կրկին բզում:

Անձրևը կաթկաթում է և հանկարծ փոխվում կարկտի:

Տասը րոպե չանցած՝ գետինն սպիտակին է տալիս: Կարկտին հաջորդում է անձրևը, վարար անձրև, ասես դույլերով են ջուր թափում:

Գզիրը ավելի է բզում, նզովում, «վաշ» անում, որ կարկուտն արտերին վնասեց, որ հեղեղ է լինելու և նորից ու նորից հրում, բզում իշին:

Այգիները դեռ հեռու են, որոշում ենք վերադառնալ: Մեր եկած ճանապարհն անճանաչելի էր դառել: Ամեն քայլի վրա մանր վտակներ, պղտոր անձրևաջուր ու սրընթաց գետակներ, որ շառաչով, ահագին քարեր տանելով թավալգլոր իջնում էին սարի լանջով:

Ցեխ է, սայթաքում ենք: Շորերս սպունգի պես անձրև է ծծել:

Արագացնում ենք մեր քայլերը:

Վայրէջքն ավելի հեշտ է: Աղբյուրի մոտ, ձորի միջով, մի ահագին գետ է անցնում:

Մի կերպ քարերի վրայով ցատկում ենք վազում ու մտնում առաջին պատահած գոմը:

Գզիրը տոնից տուն է ընկնում՝ փոխնորդ շորեր հավաքելու: Մեկից մի բլուզ, մյուսից՝ տրեխ, երրորդից շապիկ է բերում մեզ:

Մի տան լավ շորեր կար, չտվին, — ասում է գզիրը, — Բաքվից են բերել, ազիզ են պահում:

Անձրևը չի դադարում:

Հավաքվում ենք «կանցելարը», որ ներքնահարկ մի սենյակ է:

Հեղեղը փոքրիկ լճակներ է գոյացրել կանցելարի հողե հատակի վրա:

Գզիրը ցախ է բերում, հենց կանցելարում էլ կրակ անում: Տաքանում ենք: Գյուղացիք մեկ-մեկ հավաքվում են:

Բոլորն էլ բոբիկ, թրջված, ոմանք մի հնամաշ կարպետ ուսերին: Խռնվում են կրակի շուրջը:

Խոսքը հեղեղի մասին է: Մի տեղ հեղեղը արտն է սրբել, տարել, մի ուրիշ տեղ այգում կարասներն են ջարդվել, ոչխար է ընկել հեղեղի բերանը, ջաղացի առուն է քանդվել:

Դրանց էշը ջրի մեջ տաշեղի նման վեր ու վար էր անում, — հայտնում է մեկը:

Մի քանի օր առաջ արտերը երաշտից խանձվում էին, հիմա էլ հեղեղն է վնասել:

Էդ լավ եղավ, որ թրջվեցիք, — ասում է մեզ մի ալեվոր, — գյուղացու հալն իմացե՛ք:

Խորհրդի նախագահը գանգատվում է, որ մկների դեմ պայքարն ուշացնում են: Ինքն այդ մասին վաղուց է հայտնել շրջգործկոմին:

Հետո պարզվեց, որ մկների մասին ուղարկված դիմումը շրջգործկոմի գրասենյակից հողբաձին է հասել...տաս օրվա ընթացքում, այնինչ երկուսի միջև միայն մի արշինանոց պատ կա, դռներն էլ իրար կից են:

* * *

Կանցելարում կրակը թեժացնում ենք:

Բաքվից նոր եկած մի բանվոր, որ հանդում թրջվել ու ցեխոտվել է, մոտենում է կրակին:

Է՛հ, տասը տարի քաղաքում չարչարվես, մի քանի օր գյուղում չապրես: Էս ինչ հալ է՛...

Սկսում է Բաքուն գովել:

Ութ ժամ աշխատի, եկ տանը քնի՛ր, ինչքան ուզես:

Կուչ ենք եկել կրակի շուրջը: Բոցը կարմիր լեզվակներով լիզում է ցախերն ու լուսավորում ներքնահարկ կանցելարը: Անձրևը չի դադարում:

Դուրսը մութ է արդեն: Քամուց խշշում են դարավոր ընկուզենիները, իսկ ձորերում հեղեղն է վշշում, ահագին քարեր իր երախի մեջ առած: Մթի հետ զարզանդ է իջնում գյուղի վրա:

Մոթալ փափախի տակ, չիբուխին զոռ տալով, մի միտք են անում գյուղացիք.

Ինչքա՛ն վնաս տվեց հեղեղն այսօր...

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈԻՄ (Դ)

Գյուղը դեռ հնի փեշը բաց չի թողել, էլի ծածուկ, թե ափաշկարա գյուղի զորբան աշխատում է զավթել սրա կամ նրա այգին, արտը, կալն ու մարագը: Աղբերամեջ հողը բաժինք անելիս մեծ եղբայրը շատ հաճախ էլի չաղ բաժին է ստանում, երբեմնի «մեծահարկը», որ մեր գյուղերում դեռ մոռացված չէ:

Հողային հանձնաժողովները շատ գործեր են քննում, մեկը մյուսից բնորոշ գյուղի ներկա իրադարձի, ներքին աշխարհի տեսակետից:

Ահա մեկը, «մեծ տեգրը», որ բռնություն է գործ դրել և ուժով գրավել իր եղբոր այրի կնոջ կալ ու մարագը: Տիրապետել է, փլած պատը նորոգել, մի քանի վկաներ հավաքել, հաստատելու, որ այդ կալն ու մարագը դեռ «Օհան քյոխվի ժամանակից իրեն հայրենիքն էր»:

Ահա և ամաչկոտ տեգրակինը, որ հանձնաժողովի առաշ էլ քաշվելով է խոսում, շուտ-շուտ շալի տուտը քաշացնում, ձեռքերով, մատներով զանազան նշաններ անում և հասկացնում, որ մեծ տեգրը խաբել է նրան սովի տարին:

Ահա մի ուրիշ եղբայր, որ իրեն բաժին ընկած հողամասում նոր տան պատն այնպես է շարել, որ արևի լույսից զրկել է հին տանն ապրող մորն ու եղբորը:

Ընկե՜ր դատավոր, նամության մեջ կոտորվում ենք, ասի՝ պատը մի քիչ դես քաշի, — լացակումած խնդրում է:

Հնար չկա, լինիլ չի, — ասում է մյուս եղբայրը և ասածի վրա կանգնում:

Ահա մի նիհարավուն պատանի, չոբան, երբեմնի գերդաստանի միակ ժառանգը, մի քիչ խելապակաս, խոսելիս՝ փսլինքը շաղ է տալիս: Խաբել են, հայրական հողը մի քանի փութ կորեկով առել: Կորեկը կերել է, հիմա «ղաբալան» (պայմանագիրը) էլ է հետ տալիս, կերած կորեկն էլ: Ահա «ղաբալան»:

«Մենք Խնձորեսկ գյուղացի Փարսադան Թոխսանց և այրի կին Ագյուլ Թոխսանց որպես որբի խնամատար հանգուցյալ Սհակ Թոխսանցի ծախեցինք նույն որբին պատկանյալ Կուրաթին գետ անվանյալ տեղի ջրովի հողից մի մասը քեզ համագյուղացի Արսեն Ջանունցիդ վրա, որի սահմանները հետևյալն են»:

Թվում է սահմանները, մանրամասն. «Շաբունցի հողամասի պատի տակին մեկ կապույտ քարից ուղիղ կտրի մինչև պատի տակի մեծ բոլսովի լափռի ծառն» և այլն, և այլն: Սահմանները թվելուց հետո ավելացնում է.

«Այս վերոհիշյալ հողամասն իր հիշած սահմաններով ծախեցինք քեզ Արսեն Ջանունցիդ վրա գումարով հարյուր հինգ մանեթ ոսկի փողով, որի գումարը ստացինք լիովին այս ծախած հողամասը որպես քո սեփականություն իրավունք ունիս տիրապետելու որդուց որդի ազգե ազգ եթե լինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից ընդդեմ այն ղաբալուս մենք խնամատարներս լինենք պատասխանատու օրենքով սույն ծախած հողամասի ճանապարհը լինի որբերի հողամասով»:

Հարյուր հինգ մանեթ ոսկի չի ստացել, այլ 3 փութ ցորեն, մի փ. բրինձ և տասնվեց փութ կորեկ: Գրված է այդչափ, որ «եթե լինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից ընդեմ այն ղաբալուս» — չկարենան ասել, թե աժան է ծախված:

Ղաբալի տակ ստորագրել են տասը վկա, իսկ գյուղխորհուրդն ավելացրել է.

«Ուղիղ իմանալով սույն ղաբալաս հաստատեցինք Խնձորեսկի Գործկոմի նախագահության կազմ»:

Հողհանձնաժողովը, սակայն, «ուղիղ չիմացավ սույն ղաբալան» և լուծարքի ենթարկեց:

* * *

Մի ուրիշ կալվածագիր, որ ասորական՝ երկրներ ավերող, քաղաքներ գրավող և քարե քանդակների վրա արքայական սնապարծությամբ այդ արշավանքների մասին պատմող թագավորի ոճն ունի, իր նզովքով հանդերձ: Այս անգամ «ղաբալա» չի, այլ կալվածագիր, գրված համարյա թե «երկաթագիր», հինավուրց «պատիվներով», սղումներով: Սկսվում է այսպես:

«Ես, ներքո ստորագրող որ եմ Զանգեզուր գավառի Ալի ղուլիշեն գյուղի բնակչուհիՆնախշուն Պատրապետյանս այսու վաճառել եմ իմ Քյումբաթի ձոր անվանյալ տեղում գտնվող թութի այգիս ընդքեզ համագյուղացի մեր Գալուստ Ավագիմյանիդ որի դիմաց ըստացի քեզնից ութանասուն փութ ցորեն այդ գումարը ըստացի այսօրվանից լիովին և հետ այսու իրավունք ունիս տիրապետելու վերև հիշված այգուն որդոց որդի: Այգու սահմանները սոքա են»:

Դարձյալ մանրամասն թվում է սահմանները՝ «հարավակողմից մինչև մեծ քարը, էնտեղից կտրի անցնի», — իսկ և իսկ երկու տերության սահմանագիծ: Հետո վերջում ասում է.

«Այսուհետ դու հանդիսանում ես այդ բաղին տեր ու տիրական, եթե այդ բաղի վերաբերյալ որևիցե մեկս ազգական բարեկամներից մեկն ու մեկը խոսելու լինի խոսքը լինի անընդունակ և պատասխանատու լինի օրենքի առաջ ոչ ոքի իրավունք չի տրվում ձեռնամուխ լինելու վերև հիշված այգուն բացի քեզանից և քո որդկերանքից գուցե թե ես Նախշունս փոշմանելի լինեմ և հետ դարձնեմ բաղը պարտավորվում եմ մեկ հարյուր ռուբլի ոսկի տալ իսկ եթե ես Գալուստս փոշմանեցի և ուզեցա վերադարձնել զրկվում եմ իմ տված ութանասուն փութ ցորենից կալվածագիրը գրված է Նախշուն Պատրապետյանի համոզմունքով»:

Կալվածագիրը Նախշունի «համոզմունքով» գրելուց հետո «մեր Գալուստը դառնում է տեր ու տիրական», սակայն «ազգական բարեկամներից մեկը խոսում է օրենքի առաջ», և նրա խոսքը լինում է «ընդունակ», «մեր Գալուստը» զրկվում է «որդոց որդի ազգե ազգ տեր և տիրական լինելուց»: Գործի քննությունը պարզում է, որ «մեր Գալուստը» ութանասուն փութ ցորեն չի տվել, իսկ գյուղխորհուրդը հաստատում է, որ «Գալուստը գյուղիս գործկոմից ծածուկ առել ա Նախշունի բաղը»:

Քննությունը շարունակվում է, դատ է կատարվում, որին որպես արձագանք գյուղխորհուրդը վերջին անգամ գրում է, թե «Նախշունը իր այգին վերադարձրել ա Գալուստից և էլ չի ծախել իսկ ինքը գնացել ա Բաքու»:

Եվ «մեր Գալուստը» չկարողացավ «որդոց որդի ազգե ազգ» «տեր ու տիրականի» պես «տիրապետելու» Նախշունի այգուն:

* * *

Բայց գյուղում ափաշկարա ուրիշ ավելի կարևոր երևույթներ են տեղի ունենում:

Քար ու քերծի տակ դարեր շարունակ կուչ գալուց, կածաններով, ձորերի բաշով վերուվար անելուց, գետնափոր անձավներում ապրելուց գյուղը բեզարել է, էլ չի ուզում: Գյուղում մեծից մինչև փոքրը մի միտք են անում. «նոր գյուղատեղը ձևել ինջիների ձեռքով և ինջիները պիտի ճանապարհն այնպես վերցնի արաբա բանելու համար»:

Ահա ինչ են ուզում այն գյուղերը, որոնք ձորերի մեջ են, ժայռերի կատարին, մթին ծմակների ետև, հարմար ճանապարհներից զուրկ, եզան արաբի կարոտ:

Տասնյակ գյուղեր ունենք այդպես, որոնք համախոսական թերթեր են կազմում, ժողովներ անում, նոր գյուղատեղը որոշում: Մի քիչ վարկ և տեղահան կլինի հին գյուղը՝ ձորի գլխին կթողնի մամռոտած քարերով եկեղեցին խանգարված և սարահարթում կփռվի շեն ու արձակ, ուղիղ փողոցներով, կոկիկ տներով:

Ահա ինչ են գրում համախոսական թերթում.

«Հավաքվելով հասարակության ժողովարանը նախագահությամբ գյուղի Գործկոմի առ այն թե առաջին հարցն է գյուղը ամբողջությամբ տեղափոխել դաշտը վերանորոգել նոր գյուղ բնակություն հաստատելու թե հասարակությանս և թե օրենքին հայտնի է գյուղը միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին ամեն կերպ անհարմար որպես գյուղ միանգամից անունթունակ է հասարակության»:

Դրա համար էլ ստորագրում են «սեփական ստորագրությամբ» և հետո նորից ավելացնում, որ հին գյուղը «միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին և միանգամից անընդունակ հասարակության»:

Իսկ «ընդունակ» տեղ նրանք կստանան:

ԽՈՏ

Երբ «Կատարի խաչի» բարձունքից նայում եք ներքև, խոր ձորին, որի միջով արծաթե գոտու պես ձգված հոսում է Որոտան գետը և պսպղին տալիս այգիների մութ կանաչի մեջ, երբ նայում եք ձորին ու գետին, որի երկու ափերը վայրի ընկուզենիներ են բուսած՝ հաստարմատ, դարավոր, իսկ քիչ վերև, ժայռի ծերպերին, գյուղերն են թառել. ամեն մեկը ցինի մի բուն, — չեք ուզում հեռանալ «Կատարի խաչից», նեղլիկ կածանով իջնել ներքև:

Չու, չու, — լսվում է ընդհատ մի ձայն քերծերի ետևից:

Էշը բարձրանում է զառիվերով, ականջները լոշ շարժում, և նստողի երկար ոտքերն էլ մորթած հավի վզի պես կախվել են մինչև գետին:

Հարցնում եմ Որոտանի մասին:

Մի շահու էլ օգուտ չի տալիս, — ասում է և էշը պահում. — եղած չեղած մեզ համար մի հաշիվ ա...հալա տարին մի քանի գլուխ ապրանք ա ռեխ գցում, տանում...

Իսկ եթե բետոնի հունի մեջ դնես, բանգին երկաթե շլյուզներ կախես, շառաչելով թափի, ջուր տա լանջերի ցամաք մացառուտին, քանի միլիոն շահու օգուտ կտա...

Ապերը կարծես միտքս հասկանում է և ասում, որ այդ էլ կլինի:

Հաստատ մնա էս կառավարությունը: Ոսկին դիր գլխիդ ման եկ. մեկէլ օրը իմ մի աջառս կորել էր, գնացի Բարկուշատի ձորում գտա: Բա ես կարող էի առաջ Բարկուշատ գնա՞լ:

Նայում եմ ճամփի գլխին ցցված ժայռերին, որոնք մի թեթև, ցնցումի են պատրաստ, որ պոկվեն, գլորվեն ներքև:

Վախիլ մի՛, բան չի լինի, — ասում է էշավորը, ոտներով էշի փորին խփում:

Ամեն տարի չի վեր ընկնում, էնպես, պատահում ա...Հերու մի քերծ պոկվեց, լավ էր եկավ մի մարագի դեմ առավ, թե չէ գյուղի կեսը կջարդեր, ոնց որ հնձանի խավող...

Ապերն իր ճանապարհն է շարունակում, ես՝ իմ: Իջնում եմ զառիվարով, աչքս վեր ցցված ժայռերին, որոնք կախվել են ճանապարհի վրա, կռացել:

Ամեն տարի հեղեղը փորում է հիմքը, մաշում, և ժայռերն ավելի են թեքվում:

Մի քիչ ներքև արդեն ընկուզենիներ են բուսած քարերի, ժայռերի արանքում:

Մագիլների պես խրել են արմատները փխրուն ավազահողի մեջ, քարերը տեղահան արել:

Ագռավներն են, որ ընկույզը կտցահարելիս կորցրել են, ընկույզը քարի տակ է ընկել, խոնավություն ծծել ու ծլել:

Մի մարդ, փեշը լիքը քար, ժայռի գլխից քար է շպրտում ընկուզենուն, իսկ ագռավները կռնչոցով պտույտ են անում հարևան ծառերի շուրջը:

Շատ խելոք ա ագռավը, — ասում է նա: — Ընկուզը կտուցին թռնում է բարձր, վերից գցում քարի վրա, ջարդում և ապա թռնում՝ ուտելու:

Next page