Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Քիչ հետո արդեն գյուղն է, Խոտը, թաղված այգիների մեջ, տները գորշ խորանարդներ անկարգ, խառնիխուռն, փողոցները ծուռ ու նեղլիկ, փողոցներում աղբ, ընկույզի կճեպներ, խաղողի չոփեր:

* * *

Ընկեր, կարելի՞ ա նվիրել ձեր անունները. — դիմում է մի երիտասարդ, կարմրաթուշ, կարճլիկ: Բատրակ է, հարցմունք ունի: Իր և տիրոջ մեջ անհամաձայնություն կա: Աշունքացել է: Շուտով լիկկայան է բացվելու, իսկ իրեն առաջարկում են խոզերը տանել անտառի ձմեռանոցում պահել:

Նա էնպես մի դիփ ա, մին անհայտ ա, որ եթե ձեռքերս էլ մոմ անեմ, նրա առաջ վառեմ, էլի ոխը սրտում պիտի պահի:

Քիչ հետո էլ խոզատերն է գալիս, խառնվում է մեր զրույցին և թոնթորում, թե նա ինչպես է խոզերը թողել, գանգատի եկել:

Կոնգարեսը որ որոշում ա դրել, ուրեմն որ բատրակը լավ աշխատի, ես էլ նրան լավ հաց տամ, լավ փող տամ:

Լսել է կոնգարեսի մասին, տեղյակ է, իր շահին աչքաբաց: Խոսելիս մեջքին է ընկնում, փորը ցցում, նայում կողքին կանգնած հարևաններին, ասածին հավանություն ստանալու հուսով: Եվ խոսելիս թափահարում է իրեն, զրնգում է արծաթ գոտին:

Կառավարության հարկ տալի՞ս եմ, — հարցնում է և ինքն էլ իսկույն պատասխանում, — տալիս եմ: Դե ինձ հրաման տուր հարստանամ, ինչքան ուզում ես տուրք տամ...

Բայց վերջում համաձայնվում է բատրակին ձմեռը լիկկայան ուղարկել: Հեռանալուց հետո գզիրն է կամացուկ ասում նրա մասին.

Էս տարի տուրքը պակաս ա, մեծ-մեծ խոսում ա...Մի տեսնեիր հերու ոնց էր խեղճացել, համ էլ կատարը կեծ էր...

Դե հիմիկուց դեն էլ էդ ա, անտեր գինին խմում են, կատարնին կեծացնում, դատաստաննին քաղցրացնում, — ավելացնում է մի ուրիշը, շաշված մոլորված աչքերով:

Նրա «դատաստանն» էլ դառը չէր:

Գրասենյակը՝ խոնավ, մութ, հողե հատակ, մի քանի գերաններ պատերի տակ շարած: Սեղանի վրա ընկած և խունացած թերթերով չափաբերական մատյանը հին, կազմը մաշած, տեղ-տեղ բորբոսնած:

Խոտում, ուր սևենի խաղողը փաթաթվում է բարձր ծառերին, ուր հնձաններում սևենի խաղողից քաղցրահամ գինին են ստանում և խմում փթերով, հողի մեծ գավաթներով, ուր «առաջներում մեծամեծ չինովնիկները գալիս էին, լակում»: Խոտում՝ առաջներում մի տեր Անդրիաս է եղել, որ մեռել է, հիշողություն թողել չափաբերական մատյանը կիսամաշ, թունդ հարբողի համբավ և խարխուլ եկեղեցի, որի դուռը փակ է մնացել նրա մահից հետո: Հիմա մի ինվալիդ տղա կա, որ երբեմն բանում է եկեղեցու դուռը, ապրում հուսով, որ հազարափրկիչը ոտը կուղղի:

Բայց հազարափրկիչը մի շահու օգուտ չի տալիս:

Թերթում եմ չափաբերականը, 80-ական թվերն են, մանրամասն գրած, «յաղագս ծնելոց և դավանության», «յաղագս ննջեցելոց և պատճառք մահվան», սյունակներ «յաղագս ննջեցելոց», որոնց դիմաց տեր Անդրիասը խնամքով գրել է «պատճառ մահվան» — կարմրուկ, ծաղիկ: Հարյուրներով են մեռել տասնյակ տարիներ առաջ, երբ պրիստավ կար, քյոխվա ու տեր Անդրիաս, մեռել են ծաղկից, կարմրուկից, որպես աշնան ճանճեր, իսկ տեր Անդրիասը թաղել է օրական երեքին, չորսին, խմել սևենի գինին «ննջեցելոց հիշատակ» և չափաբերականում նշանակել՝ «ի հանգըստարան առհասարակ գերեզմանատան է թաղյալ»:

Այդպես ապրել է տեր Անդրիասը, խմել, «պատճառ մահվան» գրել՝ «փորացավոց», «փորձանքից», «մեծամահից», մինչև որ դաշնակների օրերն են եկել, սով ու տիֆ, և ալևոր տերտերը, որ էլ գինի չէր ճարում խմելու՝ պատճառ մահվան է գրել «դիփոց», «գնդակից», «խփված» և լուսանցքում ավելացրել «հակառակ օրինաց»:

Մի օր էլ ինքն է մեռել, և նույն մատյանում ժամի տիրացուն գրել է. «Տեր Անդրիաս հանգյավ ի տեր»:

* * *

Երեկոյան ներկայացում կա: Գզիրը՝ կենդանի աֆիշա, կտուրներից կանչում է զիլ «թատրոն կա, այ ժողովուրդ»:

Քիչ հետո մեկ-մեկ հավաքվում են, ամենից շուտ երեխաներն են գալիս և դռան արանքից ներս նայում, թե ինչպես են բեմը սարքում:

Ամեն բանը լավ ա, մենակ ծմակն (անտառը) ա պինդ: Էդ էլ որ մի կանոնի գա, էլ ուրիշ պահանջմունք չունենք, — ասում է գյուղխորհրդի նախագահը:

Գյուղի դիմաց անտառներ կան, արոտատեղ չունեն, տավարն անտառի ձմեռանոցներում են պահում:

Գյուղում մի ուրիշ «թյուրիմացություն» է եղել, որի առթիվ նախագահն արձանագրություն է կազմել:

«Առաքել Թյունանյանը գնալով իր այգին ջրելու և նույնպես առաջարկված է եղել, որ Շողեր Հայրապետյանը ջուր տանի Թյունանյանի այգովը և Առաքելն արգելք է հանդիսանում Շողերին ջուրը կապելու իր այգովը և կանչելով թե՝ ինչո՞ւ ես ջուրդ կապել իմ այգովը և Շողերը վերադառնում է գյուղ և ասում է, որ Առաքելն իր այգուց կանչել է, ինձ՝ Շողերին տարել, որ ուժով բռնաբարի, այդ դեպքումը եղել են շրջակայքում երեք հոգի 15 քայլի վրա և ոչինչ չեն ցույց տալիս Շողերի մասին...»:

Գնանք, տեսնենք մեր տղերքն ինչ դերեր են կատարում, ո՞նց են թատրոն տալիս, — առաջարկում է մեկը:

Թատրոնի շենքը գյուղխորհրդի կողքին է, մի հին կամարակապ սենյակ, նեղ և երկար, փոքրիկ պատուհանով: Սենյակի վերի մասը հարմարեցրել են բեմի համար, բեմի պատերը ցախերով է գործած, ցեխով պատած:

Անկյունում պատի մեջ մի փոքր անցք կա, որի ետևից հուշարարն է հուշում:

Դերակատարները գյուղխորհրդի անդամներն են, կոմսոմոլներ, գյուղացիք: Հինգ պիես գիտեն, շատ անգամ են ներկայացրել, ամեն մարդ իր դերն անգիր գիտե:

Ընկերներ, հլա մի քիչ նստեցեք, մինչև բեմը սարքենք...

Նստոտում են տախտակների վրա՝ առաջին կարգերում տղամարդիկ, հետո կանայք, իսկ դռան մոտ երեխաները, գզիրն է կարգը պահպանում:

Բեմի առաջ դհոլ են խփում, թառ ածում, պար գալիս, իսկ բեմի վրա վռազ աշխատանք են տանում, դռներից վարագույրներ կախում, շորերը փոխում: Գաջով ներկած ցեխապատի վրա կարմիր ներկով մեկը նկարել է ծառեր, երկու Մասիսն, ուրիշ նախշեր:

Վարագույրը բացվում է, դհոլն էլ չեն խփում: Բեմից մեկը խոսում է նորակոչիկների մասին, որոնք վաղը ճանապարհվում են բանակ:

Մենք էս թատրոնն ի պատիվ նրանց ենք տալիս...

Խոսքը վերջացնելուց հետո հեռանում է, որպեսզի բեմի ետևում չուխան հանի, ուրիշ փափախ դնի և մասնակցի ներկայացման:

Մի կոմսոմոլ տղա կնոջ դեր է տանում, բոլորն անգրիմ են, շատ անգամ տեղական բարբառն են գործածում. «Տորթ»-ը հնչում է «Տորթն»-ի, որ շրջակա գյուղերից է:

Բայց և այնպես հանդիսականների անկեղծ և սրտանց ծիծաղը ձեզ էլ է վարակում: Եվ ոչ ոքի աչքին չի ընկնում այն, որ դերասանները տրեխով են, շալե շալվարով ու խաղում են «բուրժուազի» դեր:

Ուշ գիշերին ներկայացումը վերջանում է:

Թատրոնը պրծավ, — ազդարարում է գզիրը: Ցրվում են տները նեղլիկ քարոտ փողոցներով, հանգչում են ճրագները, և մի խոր մրափ իջնում է բեզարած գյուղի վրա:

Թատրոնում դեռ ճրագ կա, մի խումբ ջահելներ խոսում են նոր ներկայացման մասին, դերերն են բաժանում, արած սխալները շտկում: Եվ երբ հանգչում է վերջին ճրագը, ցրվելիս՝ նորակոչիկներից մեկն ասում է դերակատարներին.

Ընկերնե՛ր, ձեր տված էս օրվա պատիվը մենք հուր հավիտյան մտահան չենք անի:

ՄԵՐ ԳՅՈԻՂԵՐՈԻՄ (Ե)

Դուման է սարերում, խոնավություն է կաթում ամպերից, ցուրտ է, ցեխ: Քամին քշում է քուչաները ամպի, մի պահ բացում ձորերը խոր, սարի անտառապատ լանջերը, հետո հանդարտում, և ամպերը, լորձունքոտ խխունջի պես, շարժվում են, լիզում սարի փեշերը, էլի ձորը լցնում ամպի սպիտակ քուլաներով:

Եվ երբ քաշվում են ամպերը, ներքև՝ ձորում երևում է գյուղը՝ քարակույտերի պես, տները՝ տափակ կտուրով, իրար վրա, մեկի բակը մյուսին կտուր: Դեղնել են ծառերը, եզները այգիների ցանկապատն են քարուքանդ անում և, վարից պրծած, ծառերի չոր տերևներն ուտում:

Վայրէջքը՝ լայն ու կոկիկ ճանապարհով է: Նոր են շինել, հինգ հազարի չափ բանող ձեռք է աշխատել, տասնյակ կապեր են դինամիտով պայթեցրել, քարապատ արել, սալել, սայլի ճանապարհ շինել: Բայց գյուղը սայլ չունի դեռ:

Իջնում եմ. ձին՝ վարժ քարոտ ճամփին, գլուխը կախ հետևում է ինձ: Քիչ հետո հասնում եմ պառավին, որ բոբիկ ոտքերով, էշն առաջ արած, իջնում է ճամփով: Հալ է հարցնում, նպատակը գնալուս: Գլուխը երերաց, խոր թառանչ քաշեց նանին, մեռած որդու մասին պատմեց:

Վանիս մեռավ, հեղափոխության գործերին գլուխը զոհ տվավ: Էն ժամանակ, որ իմ Վանին բալշևիկ էր, էս ձորերում մինն էլ հասկանում չէր հեղափոխության գործերից: Մեռավ, ինձ էս օրին թողեց...

Նանին լացակումեց, ձայնը դողաց պինդ ձգած լարի պես: Հետո արցունքը կուլ տալով կամացուկ ասաց.

Մահ բաժանողի կռները կոտրի, բա ինձ թողաց, նրան տարա՞վ...

Էշը, դատարկ կողովները մեջքին, իջնում էր վայրէջքով: Պառավը, — բոբիկ, ոտքի կաշին ճաքճքաւծ, կոշտացած, — տնքալով էշն էր քշում և շարունակում թոնթորալ ինքն իրեն: Նա իր Վանու գերեզմանի տեղն էլ չգիտեր, չէր տեսել ու միշտ միտք էր անում, թե ինչու է ապրում դեռ:

* * *

Գյուղամիջում, կալի քարերին, նստոտել են գյուղացիք: Խոսակցությունը դադարում է, երբ մոտենում եմ նրանց: Մեկը նրանցից մոտենում է, ձեռք տալիս: Նախագահն է:

Գնանք, մի քիչ հանգստացի, — ասում է, ուղեկցում դեպի տուն:

Ծխից սևացած պատերի վրա գույնզգույն պլակատներ, լրագրի պատկերազարդ հավելվածներ, անկյունում սեղանն է, վրան մատյաններ, գրքեր:

Կանցելար չունենք, մեր տանն եմ պահում դավթարները, — ասում է և պատուհանից ձեն տալիս գզիրին, որ իմաց տա, թե ժողով է լինելու:

Հարցնում եմ գյուղից:

Գյուղ ա էլի, կառավարում ենք...Մի քիչ դժվար ա, շտրաֆի իրավունք չկա, դե թակել չի կարելի, մի քիչ դժվար ա...

Եթե մեկը մյուսից մի խուրձ է գողանում կամ արտն է անարդար վարում, տուժողը գանգատվում է, և խորհուրդը եթե չի կարողանում տուժողին բավարարել, ելքի միակ ճանապարհը դեպի ժողդատարան է տանում: Իսկ այդ կապված է ծախքի հետ, գնալու գալու հետ:

Զրույցի վրա ներս է մտնում մի երեխա, քիթ մռութը մրոտ, փափախի փոստը ծակ:

Անդրի դայի, մեր չալ հավը էն ա Շաբանենց գոմում դուսաղ. տալիս չեն...

Լավ, Մաթին (գզիրը) կը գա, կուղարկեմ: — Երեխան հեռանում է, իսկ նախագահը, որ տրեխների քանդած թելն էր կապում, դարձավ ինձ, թե՝

Աչքը հենց քյասիբի հավին է տեսնում, անխիղճ...

Եվ կուշտ հայհոյեց, դինջացավ:

Բա մի ուժդ չլինի երեք օրով նրան գոմում նստեցնես...

Ներս է մտնում մի ուրիշ գյուղացի, սպիտակամազ, երբեմնի «ախսախկալ».

Ընկեր, ախր մի գանգատ ունեմ...

Զո՜ւր ա, զուր գանգատդ, — ասում է նրան գյուղխորհրդի նախագահը:

Հա, հենց դու մի գլուխ զուր ասի. տեսնենք ընկերն ինչ ա խորհուրդ տեսնում...

Հին վեճ է. մինչև այժմ տասն անգամ գանգատ տված կը լինի հողբաժին, խորհրդին: Մերժել են, բայց այդ մտքի հետ չի հաշտվում:

Ոնց թե, բա ես հալալ դատած փող եմ տվել ժամանակին:

Հողի վեճ է. տասնյակ տարիներ առաջ հող է գնել հարևանից, նոր հողաբաժանման ժամանակ հաշվի չեն առել պայմանագիրը՝ հին, խունացած, պատռոտած:

«Միամտության թուղթ հորինեցավ 1888 ամին...», այսպես է սկսվում պայմանագիրը. «ութ մանեթ թղթադրամով» մի դեսյատին հող է գնել, պայման կապել, հիմա հողաբաժանման ժամանակ հաշվի չեն առնում:

Զուր ա գանգատդ, ապեր, քեզ նոր հող կը տան, — ասում եմ. իսկ նա աչքերը չռած նայում է ինձ, շրթունքները շարժում: Հենվել է փայտին, դողում է ձեռքը, դողում է ձեռքին պահած «թուղթը միամտության»:

Բացատրում եմ, թե ինչու է գանգատը զուր: Լսեց, կանգնեց մի քիչ, հեռացավ անխոս: Իմ խոսքս էլ էր իզուր նրա համար:

Եկող տարի էլի էդ թուղթը պիտի նշանց տա...Ռամիկ ժողովուրդ ա: Բայց ջահել դասակարգը շրջված ա...

Նոր սերունդը սովորելու ծարավ է, ժողովներին միշտ գալիս է, ավելի աչքաբաց է, նորին հարմարվող:

Քեզ օրինակ ասեմ այ հենց մեր Մաթին, գզիրը:

Մաթին զորակոչի է ենթարկվել, ազատել են. Մաթին բողոքել է, չեն լսել: Եվ մտքում մեխել է ամուր՝ փախչել բանակ, կամավոր գնալ:

Ճանապարհից ենք ետ տվել: Բայց միտքն էլի ծուռ ա: Ուշքը էն ա Կարմիր բանակում:

Գնում ենք ժողովի: Ցեխ է փողոցներում, խրվում ենք ցեխի մեջ, աշխատում չոր տեղով գնալ:

Ընկեր, բա ծմակի (անտառի) մասին...Գազեթում գրված էր, որ թույլ են տալու: Մեր ժողովուրդը դրա մասին շատ ա հետաքրքիր:

Ասում է և ճարպիկ ոստյունով մի քարից մյուսի վրա ցատկում:

Եվ ժողովին էլ անտառն է խոսակցության առարկան. լրագրում գրված է, կարդացել են, ուրախացել, բայց անտառապահը առաջվա պես խիստ է, ասում է, որ հրաման դեռ չի ստացել:

Մի ուրիշ գանգատ: Կոոպերատիվ ունեն, բայց փող չկա ապրանք գնելու: Մթերք՝ ինչքան ասես, բայց կոոպերատիվը դրամով է առուտուր անում, մթերք չի վերցնում՝ յուղ, պանիր, ցորեն: Տեղում պահանջ չկա, ամեն մարդ էլ իր պաշարն ունի, իսկ ավելցուկը սպառելու տեղ չկա:

Եթե ցորենն ընդունեն, սաղ գյուղով կոոպերատիվի անդամ կգրվենք:

Կոոպերատիվն էլ ընդունած մթերքում վնաս է արել: Ցորնի գներն իջել են, ձեռնտու չի համարում մթերք հավաքել:

Մինչև քաղաք տանեմ, փութին տասը կոպեկ քրեհ եմ տալու, բա մեր օգուտը ինչո՞ւմն ա, — վիճում է վարչության՝ նախագահը նրանց հետ, որոնք մթերք են առաջարկում:

Լավ, դու բյազը կապերատիրում ցից ես արել, իմ ցորենն էլ չես առնում: Բա ես ի՞նչ անեմ, բյազիդ նայեմ, կշտանա՞մ...

Վեճը երկար է տևում: Վերջում համաձայնության են գալիս մթերքը հանձնել քաղաքում, շուկայի գնով:

Ծմակի հարցն էլ որ էսպես վերջանար, մեր փափախը ծուռ կը դնեինք...

Տուրքի մասին են խոսում: Դժգոհ չեն: Շատերը հարկաթերթ ստանալուց երկմտել են, դիմել խորհրդին, թե ինչու է քիչ, գուցե սխալ լինի: Ստուգել են, տեսել, որ սխալ չի, այդքան էլ պիտի լիներ: Եվ քեֆ ու զուռնով են տուրքերը գանձում, շատերը միանգամից են մտցնում:

* * *

Գնանք դպրոցը տեսնելու, — առաջարկում է ընկեր Անդրին:

Գյուղում հերու դպրոց չկար, հիմա հարյուր աշակերտ ունեն, տեղ չկա: Մեկը աչքացավոտ, մի հին, կեղտոտ գոգնոց է փաթաթել փափախին, աչքերը ծածկել, — հնամաշ չուխով մի գյուղացի կանգնել է դպրոցի դռան առաջ:

Վե կալ, վարժապետ, մեղք ա, սրան էլ վե կալ, — խնդրում է, չորս տակ ծալած մի թուղթ ուղղելով ուսուցչին: Հոր մոտ կանգնել է որդին, բոբիկ, պորտը բաց: Փսլինք է քթի տակ, տղան սրբում է թևով և վայր սլլող շալվարը ձգում:

Տեղ չկա, Հաբուդ ապեր: Երկուսին ընդունել եմ ձեր տնից, էլ տեղ չկա, նստարան չկա...

Վնաս չունի, թող կանգնի, Հո չի մեռնի...

Էլի է խնդրում, դիմումը զոռով ուսուցչի ձեռքին դնում և հեռանում: Որդին մնում է: Եվ հեռվից Հաբուդ ապերը նորից է կանչում:

Վե կալ վարժապետ, քե մատաղ...

Ուսուցիչը շիվար է:

Ընդունեմ, տեսնում եք տեղ չկա, չընդունեմ, լսեցի՞ք ինչ ասեց Հաբուդ ամին:

Դիմումն եմ կարդում, ուղղած «ուսումնարանի տեսուչին»: Հարուդ ամին է խնդրում որդուն ընդունեն, «որ ինձ նման չմնա անկիրթ»:

Դպրոցը երկու սենյակից է. մի հին, կիսավեր տուն, նեղլիկ պատուհաններով: Մի կերպ հարմարեցրել են, սվաղել, ապակու տեղ թուղթ փակցրել պատուհաններին: Նստարան դեռ չունեն, երկար տախտակներ են, քարերի վրա շարքով դարսած:

Էս հեչ, — ասում է մի գյուղացի, — եկող տարի նոր դպրոց ենք շինելու:

Գնում ենք նոր դպրոցի տեղր նայելու: Քար ու ավազ են բերել, քարերը պայթեցրել, տեղը հարթել: Անտառում հարյուր գերան ունեն, կլպած, տաշած: Դպրոցի տեղը մի քիչ հեռու է գյուղից:

Ոչինչ, ժամանակով իլիստրիկի ճրագ էլ կը բերենք, ճանապարհին ֆանարներ կը կախենք, լույս կը լինի...

Տուն ենք դառնում: Մթնում է, դրսում՝ դուման է սարերում, խոնավություն է կաթում սարերից, ցուրտ է, փողոցներում՝ ցեխ:

Շարվում ենք շուրջը թեժ թոնրի: Կրակը ճարճատյունով լափում է գերանները չոր, հրի լեզուները թռնում են վեր, կայծերը մի պահ սենյակի կիսամութն են լուսավորում, որպես «իլիստրիիկի» ճրագներ...

ԼԾԵՆ

Ճամփի լայնքը քառորդ մետր, այծի ճամփա, քերծերի վրայով: Այնքա՛ն տրեխ, սմբակ ու կճղակ է թակել քարերին, փորել, արահետ արել: Ներքև՝ Որոտանը փրփրած, պղնձագույն ժայռերի մեջ ոռնում է, քարերը կրծում, բայց փլվում են ժայռերը վերի, թափվում ձորի մեջ:

Կածանը Լծենի ցաքուտների միջով իջնում է դեպի գետը, տեղ-տեղ անցնում փայտե կապերի վրայով և իջնում դեպի Որոտանի միակ անցքը, հետո զառիվայրով օձապտույտ ձգվում է բարձր, դեպի փեշերը անտառապատ սարերի:

Երբ ձյուն է լինում, սառչում է անցքը, կապերը պնդանում են, գյուղը օրերով կտրվում է դրսից, կածանով գնացնող եկող չի լինում:

Լծենը հարյուր տարի առաջ Խոյից գաղթել է, եկել ապառաժի գլխին թառել: Հինգ տուն են եղել, հիմա վաթսունից անց է: Անտառները կտրատել են, ծառերը արմատահան արել: տեղը կորեկ, հաճար վարել, շալակով հող կրել, թափել քարերի վրա, բոստանատեղ սարքել: Ներքև` ձորում, Որոտանի ափին, ժայռերի ճեղքերում ծառեր են տնկել՝ ընկուզենի, բալ:

Գյուղի տեղը դառն է, քամու բերան, բաղ ու բարահիր հողից զուրկ: Եթե սարալանջը վարելիս մաճկալը մաճն է բռնում, մեկն էլ մաճկալին է պահում, որ չգլորվի ներքև:

Գերդաստաններ կան քսան շնչով, նահապետական վարք ու բարքով: Իրար ազգ ու բարեկամ են, հարսանիքին՝ ամբողջ գյուղով պիտի լինեն, ուտեն, խմեն:

Շատ քիչ է դրսից մարդ գալիս Լծեն: Ո՞վ է գլխից ձեռք վեր կալել քերծերի վրայով ժամերով գնալ, ցաքուտի միջով Որոտանի դժար անցը կտրել:

Երբ հարս ու աղջիկ կժերն ուսին իրիկվա ջրի համար աղբյուրի առաջ հերթի էին կանգնել, հոգնած բեզարած գյուղ մտանք:

* * *

Լծենի դպրոցը մի սենյակ ունի, մի խմբակ: Եթե գյուղում ժողով է լինում (իսկ Լծենում ժողով քիչ է լինում), դպրոցի սենյակում են հավաքվում:

Երեկոյան ժողովը հողերի հավասարման համար է: Գուցե ոչ մի գյուղում հողն այնքան թանկ չէ գյուղացու համար, որքան Լծենում: Կես օրավար վարելահողի վրա տասնյակ տարիներ մի գերդաստան քրտինք է թափել, քարը ջոկել, ծառն արմատով հանել, ամեն գարնան արտի եզերքին բսնող թփերը կտրատել, կոխ կպել մաճի հետ, մինչև ցել անի:

Էս հողերում երախտիք շատ է թափել մեր գյուղբ: Հիմա շատացել ենք, հողը չի հերիքում, — ասում է մի ալևոր, և չնայած, որ նախագահը նկատում է, թե հերթով խոսի, նա էլի շարունակում է.

Իմ միտս է, որ մեր գյուղում թավչի (տուրք) անելիս տասնչորս տուն կար, հիմա վաթսունը անց ա:

Մի ուրիշն է խոսում.

Մենք գեղով մի արմատ ենք, մի ցեղ ենք: Հաստատ մնա սովետական իշխանը, սապոնը կա, շաքարը ճարվում ա, դե հիմա էլ պետք ա հողերը բաժին անենք, շատացել ենք:

Թեպետ բարքը նահապետական է, և ծերերը աշխատում են գյուղը հաշտ ու միաբան ներկայացնել, բայց հողերի մասին խոսելիս շահերն աններդաշնակ են, հակառակությունը՝ շատ: Հողաբաժանում դեռ չի եղել. նա, ով փափուկ բարահիր ունի, խոտատեղ և ջրովի, նա լուռ է, եղած դրության հետ հաշտ: Նա, ով մեռել թաղելու տեղ էլ չունի, ում բաժինը մի փութ կորեկի տեղ է, այնքան է պինդ կպած հողահավասարման, որքան փշատ թուփը՝ Լծենի հողին:

Գիշերը կես է դառնում, ժողովը դեռ վերջ չունի: Գյուղի ամբողջ ներքինը, այն՝ ինչ առաջին ակնարկից չես տեսնում, գյուղի առօրյան պարզվում է, մերկանում, որպես վահրոտ մարմին, պլոկված կաշիով, կոշտուկներով, մի տեղ ճարպոտ, մսակալած, մի տեղ կաշի ու ոսկոր:

Ահա մի ընտանիք, որ գյուղի ծխամատյանում նահապետական գերդաստան է հիշվում, պապ ու թոռնով, չորս հարսով, սկեսուրով պառավ, — ժողովում փոքր եղբայրը, որ ինվալիդ է գերմանու կռվի, ինվալիդը կռնատ մի ձեռքով կուրծքն է ծեծում և ետևի շարքից բղավում.

Մեծ աղբերս ինձ ճնշում ա, նրա ձեռքին օր չեմ քաշում:

Պատմում է, թե ինչպես մեծ եղբայրը հին տան միակ սենյակի անկյունում պատ է քաշել, մի հավաբուն շինել, տրվել ինվալիդ եղբորը: Տունը ոչ դուռ ունի, ոչ պատուհան, փշրված պատի ճեղքով են ներս ու դուրս անում:

Էդ հարկավոր չի, էդ ժողովի բան չի, — սաստում է մի ալևոր, իսկ ինվալիդը ավելի է զայրանում, ձայնը բարձրացնում և փորձում ավելի առաջ գալ:

Պիտի ասեմ, էս ժողովում պիտի ասեմ, որ բոլորն էլ իմանան: Ես հող չունեմ, տնատեղ չունեմ. ես իմ աղբոր եսիրն եմ, նրա տան ծառան, բա հիմիկվա օրենքը էդ վեր կունի՞...

Մեծ աղբերը աչքերը ոլորում է, սպառնալից նայում նրան: Մոտին կանգնած մի ծերունի նրա թևից քաշում է, հրամայում լռել:

Ինվալիդը աղմկում է, ուրիշներն են խառնվում, նախագահը փորձում է կարգ պահել, չի լինում:

Մեղադրում են իրար: Մի ճղոտված, մսերը բաց լծենցի գոռում է դռան մոտ կանգնած գյուղացու երեսին:

Տուր է, ջրովուդ կեսը տուր ինձ, բա քեզ չորս կով լինի, դու խոտ էլ ծախես, ինձ մինն էլ չլիեի՞, տուր, որ ապրեմ. .. Գերասիմը (ինվալիդը) ճշմարիտ խոսք ա ասում, ի՞նչ եք վրա թափվում:

Ապա ետ է դառնում, նայում սենյակի կիսամութում նստած հարևաններին և ասում.

Սո՞ւտ եմ ասում, այ ժողովուրդ...Մի գեղում մի քանի տուն ճնշում ա էլի, խի՞ չեք խոսում, պապանձվել եք, որ էգուց պատերի տակ փսփսաք...

Մի քանի հոգի կանչում են.

Դուզ խոսք ա, ճչմարիտն էդ ա:

Գերասիմը ավելի է ոգևարվում.

Դե մի տուր, ժողովի գիրքը բեր, էն որ գրել ես, թե ի գիտություն, տուր ընկերն էլ կարդա, իմանա ի գիտությունը որն ա...

Նախագահը ուզում է կոծկի, թե այդ հին բան է, ժողովին չի վերաբերում, բայց Գերասիմը համառ է: Թերթում եմ գյուղի խորհրդի մատյանը.

«Լսեցին. Ընկ. Ավագը զեկուցում տվավ, որ Գերասիմը, որն որ հանդում վար անելիս ուշքը գնաց»:

«Որոշեցին. Ընդունեցինք ի գիտություն»:

Բա ես ընկնավոր ե՞մ, որ վար անելիս ուշքս գնա: Աղբերս ա թակել, այ ասում եմ, էդ ա ի գիտությունը... — կանչում է Գերասիմը:

Աղբերը փորձում է վրա հարձակվել, պահում են, հետո զոռով ժողովից դուրս անում: Սաստում են Գերասիմին, թե լեզուդ հավաք արա, գեղը խայտառակ մի անի:

Ժողովը տևում է մինչև աքլորականչ: Որոշումը կտրուկ է, հաստատ. հողերը բաժանել, չունևորին կալ ու մարագի տեղ տալ: Գերասիմին ընտրում են հեղկոմի անդամ:

* * *

Լուսաբացին գյուղից դուրս եկանք: Գերեզմանատան մոտ Գերասիմն ու ճղոտված, մսերը բաց լծենցին սպասում էին մեզ: Մոտեցան, բարի լուս տվին, Գերասիմը թե՝

Կարճ ասեմ. մեզ տնատեղ շուտ հասցրեք, հողերը բաժին արեք, թե չէ մեզ կխեղդեն:

Ճղոտվածը չխոսեց: Պռոշները կապտել էին...

ԱՐՄԱՇ

Տափարակի հողերը տեղ-տեղ ճերմակին են տալիս, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել:

Շորաքյաթ հողեր են, ոռոգման կարոտ: Շուտով ջուրը կլինի, հողն սպունգի պես կծծի ջուրը, հողը կփափկանա, և այնտեղ, ուր այժմ փշեր են բուսել և ուղտի խոտ, կլինի բամբակ, արևի տակ կլցվեն ողկույզները խաղողի, ցորենն առատ բերք կտա:

Ավերակ գյուղեր են, քանդված ցեխապատեր: Առանց ծածկ, առանց դուռ ու լուսամուտ: Տարիներ առաջ տափարակի վրայով մահվան թաթառ է անցել և հրդեհել տները: Գյուղերի մոտ շամբուտները շատացել են, հասել գյուղին: Եղեգնուտն իր մեջ է առել շատ ավերակներ:

Տափարակի վրա վրաններ կան, տեղ-տեղ՝ հատ-հատ, տեղ-տեղ՝ խմբով: Դեղնագույն վրանների տակ ապրում են նրանք, որոնց ոտքերը տարագրության հազար վերստեր և շատ սահմաններ են կտրել, տեսել են ծովեր, անցել են ծովեր: Երբեմնի մշակներ են սրանք, հողի մարդիկ, որոնք ճամփան կորցրած երամի պես թռել են, հազար մղոն անցել և իջել տափարակի վրա, վրաններ զարկել:

Գարունքին վար ու ցանքս են արել, այժմ տներ են կառուցում. նոր գյուղեր են հիմնվում: Արմաշն այդ գյուղերից է, գյուղ՝ վրանների տակ, վրանների մոտ ավերակ տներ: Քանդում են ավերակները, կառուցում նոր տներ: Տունը պատրաստ լինելուց հետո մի ընտանիք թողնում է վրանը, տեղավորվում նոր տանը:

Վրանները լայն են և երկար: Մի քանի ընտանիք միասին են ապրում, մի վրանի տակ: Վրանի մի անկյունում օրորոցի մեջ երեխան է քնած, կողքին մայրը նստել, հետը քերած սերմերն է ջոկում, որ վաղը ցանի ստացած հողում: Վրանի առաջ վազվզում են երեխաները, մի պառավ կին ցեխից հավաբուն է շինում, հենց վրանի մոտ:

Մի ծեր մարդ, որի հագին տեսած երկրներից մի-մի կտոր շոր կա, հույն զինվորի շինելից մինչև ամերիկյան շլյապը, երեք սպիտակ գառնուկների խոտ է տալիս: Նստել է գառնուկների մոտ, նայում է նրանց և ուրախ է անսահման, որ կյանքի արևմուտին մի անգամ էլ դառներն իր քաղած խոտը կերան:

Վրանների մոտ գերաններ կան թափված: Տաշում են, սարքում, մի տեղ աղյուս են պատրաստում, մի ուրիշ տեղ քար են տաշում, ավերակ տները քանդում են, որ ավերակների տեղ աղյուսն աղյուսի վրա նոր տներ կառուցեն, նոր Արմաշ, և դադրած, տարիների տարագրությունից բեզարած մարմինները հանգստանան:

* * *

Տրակտորները հերկում են վաղուց չվարած արտերը, որտեղ եղեգն է բուսել և ուղտի խոտ, անմշակ մնալուց հողը շորաքյաթ է դարձել, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել: Տրակտորներ շատ կան, հերկում են լուսաբացից մինչև արևմուտը, վայրի խոտերն արմատահան են լինում, արևի տակ սևին են տալիս պարարտ ցելեր:

Թխսկան դնող պառավը, որ ցեխից հավաբուն է շինել, թիթեղյա տաշտի մեջ ծխախոտի սերմ է ցանել, իր հետ հեռուներից բերած ծխախոտի սերմ: Ծլել են սերմերը, պառավն անհամբեր է, շուտ-շուտ գնում է մոտակա ցելին նայում, թե ե՞րբ պիտի մարգեր կապեն, որ ինքը ցանած սածիլը տնկի:

Ուշի ընկանք, — ասում է, — թեզ գայինք նե, հիմակ տուն ու տեղնիս հազիր կընեինք:

Եվ ինչքան անհամբեր է տուն ու տեղ հազիր անելու, ի՞նչպես է դիմացել տարիներ մինչև այսօր, երբ մյուսները գերաններն են տաշում, աղյուս են թրծում, երբ պառավը գիտե արդեն իր ապագա տան տեղը:

Վրանի մոտ մի փոքր տեղ պառավը փորել է բահով, երկու մարգ արել:

Աստեղ աղվոր սխտոր կըլլա, — ասում է, ծիծաղում: Խոպան հողը չգիտեր, որ Կավալայից, Սիրիայի, ավազուտներից ծովերի վրայով մի օր մի պառավ պիտի գա սխտոր ցանելու: Կասկածում էր և պառավը, թե պիտի ուտի՞ իր ցանած սխտորն օրերից մի օր:

Վրանների մոտ տրակտորներ կան ընկած, բանած եզան նման ասես հանգստանում են շվաքում:

Գանգուր մազերով մի տղա ուլի նման ցատկոտում է տրակտորի վրա, մի ուրիշը փայտի կտորներից տուն է շինել, վազում է վրանից բերանով ջուր բերում, ցեխ անում, տրակտորի շվաքում շինած տան կտուրը ցեխելու:

Խոսեցնում եմ գանգուր մազերով տղային, անունն եմ հարցնում:

Ան հայերեն չհասկնար, — ասում է տրակտորի շվաքում տուն շինող երեխան: Տաճկերեն եմ հարցնում:

Ժիրայր, — ասում է. մայրը ձայն է տայիս վրանից, որ ջրի սայլը եկել է արդեն, թող ջրի գնա: Ժիրայրը թռնում է գնդակի պես:

Խմելու ջուրը հեռվից են բերում: Երբ Արմաշում էլ վրաններ չեն լինի, պառավը կշտանա սխտորից, սպիտակ գառնուկները մեծանան և ծնեն, երբ Արմաշը գյուղ դառնա, սարի աղբյուրից ջուրը խողովակներով կբերվի մինչև գյուղ:

Ջրի սայլի մոտ հերթի են կանգնում: Ամեն մեկի ձեռքին մի տեսակ ջրաման կա: Ահա մեկը, որ բենզինի դատարկ բակը հարմարեցրել է ջրամանի, մյուսը՝ Յուվայի կավե կուժ ունի, երրորդը՝ փայտե փոքրիկ տակառ, երկար շղթայով, չորրորդը՝ պղնձե սափոր:

Ջրի սայլի մոտ հերթի են կանգնել, ինչպես մեր գյուղերում աղբյուրի մոտ: Էլի այն զրույցները կան՝ ջրի մոտ՝ մի ջահել կին, ուրիշ վրանում ապրող իր բարեկամ կնոջից խորհուրդ է հարցնում.

Տղաս կարմրուկ է հանել, — ասում է:

Տաք պահե, փայտ չունես նե, եկե տար, — ասում է բարեկամ կինը, սափորը մոտեցնում ջրի տակառի ծորակին:

* * *

Արևը թեքվում է, իրիկունը հով է բերում, հովի հետ մի սառնություն է իջնում աղանձված դաշտերի վրա:

Վրանների առաջ իրիկվա կրակներն են վառվում: Ասես եկվորներ չեն, այլ սար բարձրացած գյուղացիք: Եթե իրիկվա հետ հանդից նախիրը գար, բառաչեին կովերը, կուրծքը լի լիզեին հորթերին, եթե նախիրի հետ աղմուկ գար արոտներից հեռավոր, շները հաչեին իրիկվա դեմ, կթվար այնպես, թե վրանների տակ ապրողները նորեկներ չեն՝ տարագրությունից բեզարած, այլ սարվորներ:

Վար ու ցանքսից վերադառնում են գյուղացիք, տրակտորներն աղմկում են մոտակա հողերում, կիսատ մնացած տեղերում: Տրակտորներն, ասես, հսկա թռչուններ են, պողպատ թևերով, իջել են եղեգնուտի մեջ, կռնչում են քնելուց առաջ և պառկում փափուկ բներում:

Հովին նստել են կրակի մոտ, հանդից են խոսում, վար ու ցանքսից: Թուրքեր կան, հարևան գյուղերից են, օգնում են նրանց, վար ու ցանքսին մասնակցում:

Նրանք տեղացի են, գիտեն, թե բամբակը ե՜րբ պիտի ցանել, գարին քանի՜ անգամ պիտի ջրել, ո՜ր հողում ցորենը լավ բերք կտա: Հովին նստել են կրակի շուրջ, զրույց են անում:

Հեյդար, դու ինձի ան ըսե, գարին սեյրակ ցանե՞նք նե, թե ղալին, — հարցնում է մեկը և իսկույն ավելացնում.

Մեր տեղն ըլլայինք ես գիտցածս կընեի, համա աս հողերուն վալադ (ծանոթ) չեմ:

Հեյդարը պատմում է, թե ինչո՞ւ պիտի խիտ ցանել, թե Արմաշի հողերում ինչո՜ւ է խիտ ցանածը բերք տալիս: Պատմում է, կարծես թե մի էպոսից անգիր կտորներ է ասում, դարերի փորձով ստուգված կանոններ գարու, բամբակի մշակության մասին:

Ծըգարա մը վառե, Հեյդա՛ր, — ասում է մեկը և ծխախոտի քիսեն մեկնում նրան:

Հեյդարը ծխում է, գովում ծխախոտի համն ու հոտը: Հարցնում է, թե ո՞ր երկրում են մշակում:

Աս թութունի սերմը հետս բերած եմ, — ասում է ծգարա տվողը, — պիտի ցանեմ ես...

Հեյդարը հարցնում է, թե Արմաշի հողերում կբուսնի՞ այդ ծխախոտը:

Հելբեթ (իհարկե) կբուսնի...մինակ թե լեզուն գիտենալու է, — ասում է և Հեյդարին բացատրում, թե ի՜նչպես են ծխախոտ մշակում:

Խոսք է ընկնում մոծակի մասին: Պատմում է, որ իրենց այրած տեղերը՝

Ասկից շատ շոգ էր, մենք շոգին կդիմանանք:

Следующая страница