Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉՔԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Խորհրդային տնտեսության կառավարիչը խոսում էր մշակների հետ, երբ մոտակա գյուղի չքավոր գյուղացիների պատգամավորներն ու գյուղատնտեսը ներս մտան:

Գյուղատնտեսը մի կողմ քաշեց կառավարչին ու բացատրեց գործի դրությունը:

Հա՛, բանն էսպես է. հիմի էս մարդկանց հույսը քեզ վրա է, պիտի մի ճար անես:

Գիտե՞ք ինչ կա, — ասաց կառավարիչը, — տեսնում եմ, որ թունդ նեղն եք ընկել. բայց ո՞նց անենք, երկու տրակտոր ունենք. մեկը մեզ համար հարկավոր է, մյուսն էլ փչացել է:

Դանելն առաջ ընկավ.

Ընկե՛ր ջան, որ էսօր քո դուռն ենք եկել, իմացի՛ր, որ տեղներս շատ նեղ է, պետք է մեր կուլակներից մեզ ազատեք. էն է` ատամները սրած սպասում են, որ մեզ գզեն: Հատուկ խնդրում ենք մեզ վրա քաղցր աչք ունենաք:

Ընկեր Ոսկան, էս մեր փչացած տրակտորը պիտի նորոգենք, իրենց տանք: Հիմի քեզ վրա է, ինչ ուզում ես արա, հնարքով լինի, թե հրաշքով՝ պիտի էս մարդկանց տրակտոր տաս: Իսկ դուք, ընկերներ, հո լսեցի՞ք. մի շաբաթից հետո կգաք ու կտանեք տրակտորը:

Շնորհակալ ենք, մնաք բարով:

Գյուղի պատգամավորները ճանապարհվեցին դեպի գյուղ...

Մի շաբաթից հետո գյուղում ձայն ընկավ տրակտորի գալու մասին. Էլ մարդ չմնաց, դուրս եկավ թամաշա անելու: Սկսած գյուղի ծայրի ջրաղացից մինչև կոոպերատիվի հրապարակը տրակտորն անցնում էր անընդհատ «կեցցեների» ուղեկցությամբ:

ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Այնքան ոտքեր, այնքան անիվ ցամաք այս անապատը երբեք չեն կոխել: Հողերը մունջ են եղել, անբերք, և միայն վայրի կապառի փշոտ թփերն են խոր խրել իրենց ջլուտ արմատները: Հռնդացել է անտիրական քամին, ավազի շեղջակույտերը շիկացել են, և անապատի աբորիգենը՝ գորշ օձը, լիզել է կապառի դառը պտուղը:

Գուցե գլորվել է մոլորված մի սայլ, անիվներն ակոսներ են գծել ու քամին ավրել է ակոսների ծիրը: Մարդը երկյուղով է անցել դեպի հեռվի կավե հյուղերը և երգել է մենակ մարդու տխուր երգը:

Հետո երկաթ գծերը կտրել են անջուր տափարակը, իրարից շատ հեռու շարել ստանցիոն տնակները՝ իրար նման, որպես երկու մունդիր: Եղել է քարե ջրամբար, պերրոնի առաջ դեղնած ակացի, տխուր զանգեր և գնացքը կարոտով ուղեկցող սլաքավար: Եվ երբ թափառել է քամին, ավազով ծեծել տնակները, կայարանի կենվորները նույնպիսի երկյուղ են ապրել, ինչպես կավե հյուղերի բնիկները:

Այս տափարակներում ջարդվել է «հայոց եռագույնը», և սարսափահար մի ամբոխ, կոխկրտելով դիակներ, խուճապի մատնված փախել է, ինչպես նախիրը հրդեհից, փախել է հրկիզելով, ավերելով, ցամաք անապատում դեգերել են գաղթականներ, ծարավից նեղված խմել են աղուտի ջրերը, մայրը փորփրել է դառնահամ արմտիք, և փոսերի մեջ, անջուր հեղեղատներում մնացել են մանուկների կմախքներ՝ սպիտա՛կ, մարմար ոսկորներ, որոնց կույտերը ֆոսֆորյա լույով առկայծել են ամայության մեջ, երբ տափարակի վրա խոնարհվել է աստղազարդ գիշերը:

Իսկ տափարակը մնում էր մունջ, անմարդաբնակ, մինչև այն օրը, երբ բարձրացավ կարմիր աստղը Արարատյան դաշտում, երբ այնքա՛ն ոտքեր, այնքան երկաթ անիվներ ակոսեցին, տրորեցին, և կապույտ բրեզենտավոր մարդիկ առաջին անգամ իջեցրին քլունգները նոր քաղաքի հիմքերի համար:

Լուսաբացին ելան բարձին սայլերը, ֆուրգոնները, զարդարեցին ձիերի ճակատը ուռենու թարմ ճյուղերով, կարմիր փնջեր հյուսեցին ձիերի բաշին, մեքենաները յուղեցին, — գյուղերից, կոլխոզներից ծայր առավ տոնական թափորը՝ անմիջական, անթումբ բամբակի դաշտերի միջով, բարդիների արանքով սայլերի ճանապարհով, խճուղով դեպի Սարդարապատ: Շարժվեցին մերձարաքսյան գյուղերից, շարժվեցին երգելով, թմբուկով, նվագով...

Այս տափարակով երբեք այսքան առույգ, այսպես զվարթ ու հաղթական բանակ չէր անցել:

Նրանք չունեն արնոտված, գնդակներից խանձված դրոշներ, և ոչ մի ասեղնագործ գազան չի փողփողում դրոշների վրա: Ուռենու անտաշ ձողեր են՝ ծայրին վճիտ կարմիրը, դրոշակակիրը զենք ու զրահ չունի. արևառ մարդ է, քամուց, անձրևից ծեծված: Ու քայլում է, գլուխը բարձր, ձողն ուսին: Քամին խաղում է դրոշակի հետ, բաց գլխի մազերի հետ: Քայլում է հոսանքի դեմ. որպես նոր առաջնորդ, հողի մարդկանց կոփված բրիգադիր:

Ոչ ամրոց են ավերել, ոչ հրկիզել են քաղաքներ: Այս բանակը պայքարել է բամբակի անկախության համար, փշրել է դիմադրության թմբեր, պողպատյա խոփերով քանդել է հին կապիտալիստական հողատիրության ամբարտակը և որպես վարար հեղեղ ճեղքել է նոր հուն: Նրանց մկաններով է սևացել անծայրածիր դաշտը, ուր բամբակի անեզր մարգերը հերոսական աշխատանքի, արիության ու պատվո էջեր են:

Փչում է հողմը թաց շնչով, բարդիներից կաթկթում է գիշերվա ցողը: Այն ժամն է, երբ ջինջ օդում բուրում է ճամփի եզրի փշատենին, երբ թանձր ճահճուտում արածում են արագիլները, խոնարհում գլուխները, իբրև թե ընթերցում են, ապա վեր բարձրանում և մի ոտքի վրա արձանացած դիտում չտեսնված երթը:

Ահա միացան երկու ճանապարհ, երկուսն էլ սևացած սայլերով, ֆուրգոններով, մեքենաներով: Ողջունում են, կանչում, իրար են նետում ուռենու ճյուղերը, և հարյուրավոր աղջիկներ սայլերի վրա երգում են «Մանանի երգը»: Փչում է հողմը, խաղում են մազերը, և իբրև կայծեր թրթռում են մազերի գունավոր ժապավենները:

Ինչքան մոտենում են կայարանին, այնքան ավելի շատ են միանում այդ վտակները, ձգվում է նրանց շղթան օձապտույտ, ոլոր-մոլոր, ինչպես պառկել է խճուղին: Կարծես ճանապարհ չի, այլ գետի սպիտակ հուն. ահա առաջին ալիքները իրար հրելով գալիս են՝ թմբուկներով, պղնձյա փողերով: Ու չի երևում վերջը, հեռու է վերջը. սևին է տալիս, ինչպես Արազի առափնյա բարդիների շարքը:

Հոսանքը կանգ առավ կայարանի առաջ:

Գունդերը, բրիգադները իրենց դրոշակներով, իրենց երբերով անցան գիծը, իսկ ֆուրգոնները, սայլերը, մեքենաները ծռվեցին ձախ, պտույտ անելու, որպեսզի կարգով շար ընկնեն շրջանակի վրա: Իսկ մարդկային ալիքները լցնում են տափարակը, որ եզերված է կիոսկների, սպիտակ վրանների, փայտաշեն ծածկոցների և դրոշակազարդ սյուների շրջանակով:

Գալիս են, գալիս հազարներ, գալիս են ու ցրվում դեպի կիոսկները, վրանները: Ահա մի ամբողջ մսուր՝ իր սարքով, ահա փայտաշեն մի տնակ՝ ճակատին գունավոր պլակատ այն մասին, որ 33 թվին ռայոնում անգրագետ մարդ չպիտի լինի: Մանտյորները շտապում են, դեռ բոլոր սյուներից ռուպորները չեն կախված, այնինչ բազմությունը կուտակվում է, ամբիոնից արդեն երգում են և խումբ-խումբ հավաքվում են սյուների շուրջը:

Շրջանակի կենտրոնում մեքենաներն են՝ տրակտորները, շարքացանները, ինչպես հեծյալ գնդի ձիերը զորահանդեսի ժամանակ: Հեծվորները մոտերքումն են, նրանցից յուրաքանչյուրի աչքը մեքենայի կողմն է:

Բոլորը ճանաչում են տրակտորները, գիտեն ով է տեղ բռնում: Հարցրու ո՞րն է «Արտաշի տրակտորը», և քեզ կոլխոզնիկը ցույց կտա աստղաձև շար ընկած տրակտորների արանքում այն տրակտորը և դեռ մի քանի խոսք էլ կասի Արտաշի մասին, նրա վարը կպատմի, նրա «հունարը»: Նրանք գիտեն տրակտորները, գիտեն Կորմիկի շարքացանը, և եթե աղջիկները բանեցնում են վիթխարի կալսիչը, այդ դեռ հետաքրքիր է, որովհետև «մեր Աշխենը» համարձակ չի մոտենում արագ դարձող փոկերին:

Արևը բարձրանում է, շոգ է: Վրանների տակ, ծածկոցների ստվերում արդեն տեղեր են գրավում: Թիկն եմ տալիս մի գերանի և նայում եմ անցնող բազմության ոտքերին: Երբ համրում եմ մինչև 58-ը, մտքումս ասում եմ՝ մի «տրեխավոր» և ապա նորից եմ շարունակում հաշվելը: Ո՞ւր կորան տրեխները: Սապոգներ են, բոթեր, նույնիսկ դեղին կոշիկներ, իսկ կանանց ոտքին՝ բարձրակրունկ տուֆլիներ: Հազվագյուտ չեն մետաքս գուլպաները, սպիտակ, նոր հարթուկած բատիստը, վզին՝ կաշնե: Համարյա բոլորը մաքուր ածելած երեսով են, ծոցում երևում է մատիտի մետաղյա գլուխը: Ես ուշադրությամբ եմ դիտում կողքիս վրանը, միայն մեկն է սպիտակ միրուքով. նա գլուխը դրել է թևի վրա ու ննջում է: Մնացածը երիտասարդներ են, տղամարդիկ:

Տեղավորվում են ընտանիքով: Ինձ մոտ նստել է մեկը, երկու երեխայի հետ: Շորերը մաքուր են, շալվարի ծալքը մատնում է այն, որ զգեստը նոր է սնդուկից հանել: Խոսեցնում եմ. նախկին գաղթական է, բարբառի հետքը դեռ մնում է: Նա փաթաթում է ծխախոտ, արծաթյա «կութին» մեկնում է ինձ և ծուխը պնչերից հանելով ասում.

Անուշ պյանի ռադիոնը...

Իսկ ռադիոն կախված էր մեր գլխավերևը, վրանի գագաթից: Վրանի տակ նստողների վրա նա մաղում է ուրախ երգ, ինչպես գարնան ջերմ անձրևը: Ապա դադարում է:

Միջում երկու հրոպե, — կրկնում է հարևանս և ապա երեխաների փոքրիկ ճակատից կոշտացած ձեռքերով սրբում քրտինքը:

Ականջիս հասնում է մի ուրիշ խմբի խոսակցություն: Նյութը նոր կոմբինատի հիմնադրամն է: Խոսում են խմելու ջրի մասին, մեկը Երևանից է ուզում ջուրը բերեն, մյուսը Ալագյազի աղբյուրներից:

Էդ ջուրն էլ որ բերինք, Զակավկազի մեջ էսպես քաղաք չի լինի...

Դահի լավ կապրենք, — վրա է բերում երկրորդը և ավելացնում, — էս բոլորը կոլխոզի վրա էլավ...

Զվարթ աղջկա զրնգան ձայնը թրթռում է սյունից սյուն, վրանից վրան: Տարիքով մի մարդ իր զարմանքն է հայտնում, որ Երևանից երգը այսքան պարզ է լսում:

Տո հուստո՞ւց ա Երևան, — ծիծաղում է մեկը և մատը մեկնում դեպի ամբիոնը: Այ տեսմեր Շողոն է, Աբեթնակի աղջիկը:

Մարդը չռում է աչքերը կրկնապատիկ զարմանքով:

Հետո սուլում է գնացքը, թնդում է նվագախումբը: Գալիս են Լենինականի գելեդացիան, տեքստիլը, նրանք, որոնք բամբակի սպիտակ քուլաները դարձնում են ծաղկավոր չիթ, հենց այս չիթը, որ փռփռում է աղջիկների հագին:

Գալիս է մի ուրիշ գնացք՝ հարավից. Նախիջևանից: Իրար հետևից փոշեթաթախ ավտոները իբրև գորշ թռչուններ հավաքվում են, շար ընկնում:

Բազմությունը խռնվում է: Հազարամյա ավազն է խշշում ոտքերի տակ, կապարի թոփերը տրորում են նրանք, որոնք սյուների տակ, վրանների առաջ կլոր պարի ընդարձակ օղակներ են կազմել և թռչում են, օրորվում թմբուկի զարկով:

Մի անկյունը հիշեցնում է գյուղական տոնավաճառ: Թափել են մրգեր՝ կողովներով, պարկերով: Եռուզեռը բանկոոպի կրպակների առջև է. պայթում են մեկը մյուսի ետևից արզնու, գարեջրի շշերի խցանները, երբեմն էլ շշերը: Խմում են տեղն ու տեղը շշերից, բռնով, գավաթներով: Ոմանք կրծում են սառույցի թափանցիկ փշրանքներ, ոմանք էլ դեպի վրանների ստվերում տեղավորված կանանց ու երեխաների խմբերն են կրում գարեջուր, արզնի, լիմոնադ:

Իսկ վրանների հետև մի այլ կյանք է: Հանդիպել են իրար երիտասարդ տղա ու աղջիկ: Մի զույգ տարուբեր գնում են գալիս, կիզող արևի տակ, մի ուրիշը՝ ստվեր է արել թերթերով, երրորդը՝ ավելի հեռուն է գնում, հեռվի կապույտը, ուր տափարակը լեռնանում է և հասնում մինչև Ալագյազի փեշերը: Աղջիկը փրցնում է փշոտ թուփերից մի ճյուղ, մեկ մեկ փետում տերևները և երևի չի զգում, որ փշերը ծակծկում են մատները:

Ուրախության մի ալիք անցավ վրանից վրան, խմբից խումբ: Օտարոտի տարազով, զոլ զոլ շորերով, քոլոզներով ստուդիան է եկել, «Առյուծ Մհերի» թմբուկով: Բազմությունը փլվում է նրանց կողմը, անանցանելի մի պատնեշ օղակում է նրանց, լռում են գյուղական դհոլները, ամբողջ դաշտում թնդում է միայն ստուդիայի թմբուկը:

Հանկարծ ռուպորները ազդարարեցին միտինգի սկիզբը: Զինվորական նվագախմբի հաղթական հնչյունները խլացրին թմբուկի դղրդոցը, շողշողացին պղնձի լայներախ փողերը և բազմության գլուխն անցած փողահարները մոտեցան ամբիոնին:

Ընկերներ: Այսօր, Սարդարապատի ռայոնի կոլխոզնիկները տալիս են ռապորտ բամբակի ֆրոնտի հաղթանակների մասին: Փշրելով դասակարգային թշնամու դիմադրությունը...լենինյան կուսակցության ղեկավարությամբ...դեպի նորանոր հաղթանակներ...

Մենք խոսք ենք տալիս կատարելու և գերակատարելու 53 հազար հեկտար բամբակի պլանը...Մեր հակառակորդները՝ կուլակը, դաշնակը փորձում են պայթեցնել մեր կոլխոզները: Նրանք անկյունից կրակում են մեր ակտիվ մարտիկների վրա, նրանք հրկիզում են...բայց մենք կփշրենք նրանց ոտնձգությունները...

Ծափերի տարափը հողմի նման փրցնում է ռադիոյի բառերը: Ալեկոծվում է բազմությունը: Մի խումբ բարձր աղաղակում է՝ ուռռա, և ինչպես որոտը՝ այդ կանչին արձագանքում են նորանոր խմբեր, ապա խուլ արձագանքը գնում է հալվելու հեռվում:

Խոսում է երկրորդը, երրորդը: Ռադիոն նմանեցնում է ձայները, նրբին ելևէջները ջնջում: Այնպես է թվում, կարծես խոսողը մեկն է, մի հրամանատար, որ բանակի ցնծության աղաղակների տակ հաղորդում է տրոֆեյների մասին:

Հետո հանկարծ տիրում է խոր լռություն: Չի շարժվում ոչինչ, ոչ ոք չի խոսում: Լսելի է, թե ինչպես են ծփում դրոշակները:

Կարդում են կոլխոզնիկների հանդիսավոր երդումը, նոր հաղթանակների մրցականչը, ուղղված բոլոր կոլխոզնիկներին՝ մինչև Մուղանի տափարակը, մինչև չքնաղ Աբխազիան, մինչև Ալպյան սարահարթները: Ու գնում է այդ կանչը ռադիո ալիքների հետ «մինչև Հելեսպոնտ, մինչև ծովը Վրկանա»...

Աղաղակները, ծափերը, ուռաները, փողերի հաղթական երգը միախառնվում են իրար, և բազմության ցնծությունը ելք է ստանում»:

...Բարդիների ստվերները երկարում են, սյուները գետնի վրա գծում են երկարաձիգ ակոսներ:

Վրանների հետևը թարմ հողի թմբեր են: Ելնում են վեր նրանք, որոնք բարձր ազդարարեցին, որ այդ օրն արարատյան հին տափարակում, հազարամյա մունջ հողերի վրա հիմնադրվում է սոցիալիստական նոր քաղաք:

Դաշտերի վրա իջնում է երեկոն...Վերադառնում են ֆուրգոնները, մեքենաները: Կոլխոզնիկները վերադառնում են ծանրախոհ, նոր հաղթանակների հոգսով: Եվ լայնածավալ դաշտի վրա, ինչպես առատ անձրև, մաղում է աղջիկների հնչեղ երգը:

ԳՅՈՒՂԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՏԵՏՐԱԿԻՑ

Մութն ընկնելիս՝ մեկ-մեկ գալիս են գյուղխորհրդի անդամները:

Դե՛, սկսենք, — հայտնում է ընկերս, որ ամբողջ օրը ոտքով շրջել է գյուղի դաշտերը, մեկ առ մեկ ցուցակ կազմել ցանած ցորենի ու բամբակի հերկի:

Նիստն սկսվեց: Նախագահում է գյուղխորհրդի նախագահը՝ Պողոսը:

Մեր նպատակն է ստուգել հողերի տարածությունը, հաշվել ազատ հողերը, տնտեսությունների թիվը և ըստ այդ տվյալների՝ տնտեսությունների վրա բաշխել 275 հեկտարը: Տվյալներ պիտի քաղեինք հողամատյանից, այսպես կոչված «լրացուցիչ ցուցակից», Պողոսի դավթարից, որ չգիտեմ ինչու ծոցումն էր պահում, և...մնացածների հիշողություններից:

Լիտր առ լիտր հաշվում ենք ցորենը բազմաթիվ և բազմանուն տեղերում. «Ներքին չայիր», «Ճամփի տակ», «Խարաբեք», «Ցուրտ հողեր», «Ղամշկուտ», «Բարսեղի տափ» և հազար ու մի անուններ, որոնք կազմում են Քյոթանլվի հողերի քարտեզը: Հողամատյանը կազմել են 1923 թ.: Նրանից հետո փոփոխություններ են եղել, մեռել են, ծխեր են հանգել, բաժանվել են, ծնվել են, վերաբնակիչներ են եկել: Եվ ծխերի փոփոխության հետ էլ փոփոխվել է հողամատյանը: «Ղամշկուտի» 9 լիտրը, որ մատյանում գրված է Սահակ Էյվազյանի անունով, այժմ դերձակ Համոյի ձեռքին է: Իսկ Համոն 27 թվին է գյուղ եկել, ճշգրիտ հայտնի չի, թե քանի շունչ է:

Եվ նման բյուր փոփոխություններ՝ ջնջում, ավելացում: Մեր ընտրած միջոցը խիստ դժվար էր, բայց միակը: Միայն այդ կերպ կարելի է ստույգ որոշել, թե ո՜վ և ինչքա՜ն պիտի բամբակ ցանի:

Եվ ինչ տարօրինակ, չլսված, շատ անգամ անհասկանալի անունների ենք հանդիպում... «Կակտոս Ռուփյան»...«Ղանդիոս Սհակյան» կամ, ինչպես գյուղում են ասում, թոփալ Ղանդո: «Պիոն Խաչատրյան»...Այրի կին է, ունի երեք տղա՝ 16, 10 և 7 տարեկան, անունները Մանթաշով (մեծը), Լիազոր (ծնվել է 19 թ., երբ Դաշնակցության պարենավորման լիազորները գազազել էին) և Լենտրոշա: Մեծի անվան արտահնչումը շրջապատը ձևակերպել է «Մանթաշ», իսկ ցուցակում մնացել է հինը:

Դրա անունն էլ պիտի փոխվի, — տրտնջում է Պողոսը, կարծես անհաշիվ հոգսի ու պարտականության շարքում այդ էլ իր տեղն ունի: — Գաղափարի պակասությունիցն է...Պիոնին քանի անգամ ասի՝ խառնի՜ կարմիր կնունքին, թող էթա...

Տո, անունն ի՜նչ նշան: Ասա ինքը նոր ծրագրով շարժվի, — պատասխանում է մյուսը:

Գարեգին Ռվազյան, — կարդում եմ: — Ցորենը քանի՞ հեկտար է...

Անսպասելի կերպով տիրում է, ինչպես ասում են, գերեզմանային լռություն: Լսելի է, թե ինչպես լամպի պատրույգը ծծում է նավթը:

Էդտեղ մի քիչ սպասի, — դանդաղ ասում է մեկը, որին դռան մոտ թիկնելու պատճառով, մինչ այդ չէինք նկատել: Եվ առաջ է գալիս, ծխախոտը սեղանի ծայրին դնում ու սառնասրտությամբ, ինչպես դատավճիռն են կարդում, բառերը հատ-հատ արտասանում.

Սա որ կա, մեր գյուղի ամենապերվի կուլակն ա...Մինչև անգամ ես կարող եմ ասել, որ էվելի մեծ մասշտաբի կհարմարի: Դրո՞ւստ ա, թե չէ, ընկերներ, — դիմում է նա: Եվ 10-15 հոգի միանգամից արձագանքում են.

Դրուստ ա...

Իսկ նա ոգևորված շարունակում է.

— «Ներքին չայիրը» ցորեն ա. «ճամփի տակը» ցորեն ա, — էդ 65 լիտր...Էն որ հիմա կարդացիք, էն Պիոն Խաչատրյանի հողերը կիսու ցանել է ցորեն...Փօկի «Բարսեղի տափը» կիսու ցանել է ցորեն...Դե քցի չոտքը, տես 120 լիտրը թամամեց, ինքն էլ 3 նաֆար: Ուրեմն թե պիտի Երևանու բազարումը փութն օխտը մանեթով ծախի: Հա, էն Կոլոյի հողը ցորեն ա...Էլ ո՞րն ասեմ: Ինքն էլ պատերի տակը նստած սրան-նրան ծաղրի տակ ա քցում, թե չքավորի կնկա ջանը դուրս գա չանաք անելով: Էդպիսի հակահոգին ա...բաս:

Եվ նորից քաշվում է տեղը:

Մյուսներն արտահայտվեցին: Առաջինի ասածը կարծես շեշտակի հարված էր: Լեզուները բացվեց. կարծես ավելի կողմնորոշվեցին, նույնիսկ մեկը պահանջեց, որ արդեն ընթերցած ցուցակը վերանայվի:

Տո նրա արարքը մինչի լուս պատմես, չի վերջանա...էն ի՛նչ աղվեսն ա, գիտո՞ւմ ես...Նրա պոլի տակը քանդես, հավատա, որ էս րոպեին էլ ոսկի կգտնես: Դուք ոնց եք ճանաչում նրան...

Շարունակում ենք ընթերցումը:

Մկրտիչ Աստվածատրյան, — կարդում եմ ցուցակը:

Էս ո՞վ է, — հարցնում է Պողոսը:

Մկրտիչ Սարգսյան կլինի, — ուղղում է «անարխիստը»:

Նա էլ կա, — պատասխանում եմ և սպասում, որ մարդիկ մոտենան ու գտնեն:

Առաջին դեպքը չի: Ոմանք հոր անունով են գրված, ոմանք՝ պապի, ոմանք էլ՝ պապերի պապի: Մի եղբայրը հոր անունով է, մյուսը՝ պապի: Կանայք կան՝ հայրական ազգանունով, այնինչ նրանք ամուսնացել են, ազգանունը փոխել: Եվ ընդհակառակը. առաջին ամուսնության ազգանունը այժմ չկա, քանի որ երկրորդ անգամ է ամուսնացել: Ազգանվան փոփոխությունը կախված է եղել և գրողից: Եվ վերջապես, ինչպես Քյոթանլվում, այնպես էլ բոլոր գյուղերում, իսկական անվան հետ ոմանք ունեն և՛ ավելորդ անուն, և՛ ազգանուն: Քսան րոպե մենք կորցրինք, մինչև կարողացանք ստուգել, թե ով է Գևորգ Օհանյանը: Բանից դուրս եկավ, որ նրան կոչում են «Ծուռ բոշա»:

Հը՞, գտա՞ք, — հարցնում եմ:

Տո, ջանըմ, էդպես մարդ չկա մեր գեղում...

Խաչոյենց թազա փեսեն չլինի՞, մոտ գալով հարցնում է մեկը:

Տո, չէ՜...նա որտեղի՞ց Աստվածատրյան

Էհե՛յ,— բղավում է դռան մոտ կանգնածը,— Ասոյի Մկրեն է, Մկրեն...

Պողոսը ձեռքը ճակատին է խփում.

Վայ, Մկրե՛ ...ո՛նց էի մոռացել

Արդեն հոգնել են, մի քանի հոգի կիսամթում, գլուխները սեղանին, մուշ-մուշ քնել են: Ճրագում նավթը հատնում է, բայց պիտի ցուցակները կազմել, ստուգումը վերջացնել, որպեսզի վաղը որոշենք, թե ո՜վ ինչքա՜ն պիտի բամբակ ցանի:

Շարունակում ենք ցուցակի ստուգումը:

Հանկարծ դուռը թափով բացում են, դուռը չրխկոցով կպչում է պատին ու հետ գալիս: Քնածները զարթնում են:

Էս ի՞նչ ժողով ա,— գոռում է աչքերն արնոտ մեկը, գզգզված, ծվենները կախ շինելս ուսին: Եվ առաջանում է. — ձեզ ո՞վ է կանչել…. Էս ի՞նչ եք անում:

Հազիվ է ոտների վրա կանգնում: Սեթոն ուզում է մոտենալ: Արգելում ենք:

Հին ռեժիմի ժամանակն ա՞, հը՞, խոսեք, է՛...

Սեթոն չի կարողանում զսպել իրեն: Հարբածը փորձում է խփել նրան: Պողոսը տեղից վեր է թռչում: Ներս է մտնում երկրորդը ու բարակ, ներքին սարսափից կետ-կետ ձայնով բոռում է.

Մեզ մորթեցի՛ք...Մեզ մորթեցի՛ք… — գոռում է ու ասես ինքն էլ իր ձայնից վախեցած, քարացած նայում է մեզ:

Ինկերնե՛ր և քաղաքացիներ...Չքավոր գյուղացինե՛ր...Ես ձե՛ր...Չքավորներ և ինկերնե՛ր...

Առաջին հարբածին մի կերպ դուրս են անում: Իսկ երկրորդն ինքն է գնում և մրթմրթում.

Ինկերնե՛ր...և չքավորնե՛ր...

Դուրս ենք գալիս բակը: Մի քանի ստվեր իսկույն պահվում են եկեղեցու պատի հետևում: Կտուրի վրայով թփթփալով մեկը վազեց և թռավ ներքև: Նա երևի ընկավ փափուկ աղբակույտի վրա, որովհետև ընկնելու ձայնը չլսվեց:

Լա՛վ, գնա՛նք...

Տեսա՞ք, որ ասում էի կդժգոհե՛ն, — վրա է բերում մեկը: Նա չի կարողանում իր ներքին հրճվանքը զսպել: Նրանք այն երկուսը, որ ներս մտան, զարմանալի նման էին իրար: Երկուսն էլ նիհար, մաշված, երկուսն էլ պատառոտված շինելով, մեկը կեպին գլխին, մյուսը՝ աղտոտ թաշկինակով: Առաջինի մի կողքը ցեխոտ էր. երևի ընկել էր փողոցում:

Ո՞ւմ մոտ են եղել, — հարցնում է Պողոսը իր հարևանին:

Իբր թե չե՞ս իմանում, — կշտամբում է հարևանը:

Լա՛վ, հետո կպարզենք...Առայժմ պատահածի արձանագրությունը կազմի...

Շրա՛խկ, — և փշրվում է մի պատուհան, ապակին զրնգում է:

Խրճիթն էր, — կանչում է Սեթոն ու դուրս թռնում:

Մոտակա տներում շները հաչում են: Հեռվից լսվում է սուլոցի ձայն: Մութն է: Ճրագը Պողոսի ձեռքին դողում է: Մոտենում ենք խրճիթին: Ջարդել են պատուհանը. ապակու կտորտանքը թափված են գետնին, ներսը: Չթրծած աղյուսի կտոր է ընկած պատի տակ: Քար չի երևում: Գուցե փայտով են խփել կամ բռունցքով:

Թե մի կպարզեմ՝ ո՛վ է՛ր... — զայրանում է Պողոսը:

Մի ամիս չկա շուշեքի քցելուն, — ասում է մեկը և տնտղում մյուս ապակիները: — Էս մեկն էլ ճաքել է...

Էդ կար...էդ քցելուց էդպես եղավ...

Քիչ հետո նորից ենք շարունակում աշխատանքը: Էլ ոչ ոք չի քնում: Այդ պատահարը սրում է նրանց միտքն էլ, լսողությունն էլ: Ավելի արագ ենք թերթում մատյանը, մարդկանց ավելի հեշտ ենք ճանաչում:

Մոտ 200 հեկտար «տեղ» արդեն արել ենք...Աքլորները կանչում են: Միայն պատրույգի նավթն է վառվում: Խաչիկը հավաքում է մատյանները, մեր ցուցակները, և դուրս ենք գալիս գյուղխորհրդից:

* * *

Մութն է: Իսկ Սեթոն գնաց ու չեկավ:

Կոմսոմոլի շաբաթօրյակը...

Երեկոյան Խաչիկն ամեն ինչ կազմակերպել էր: Հայտնի էին ջոկերը, ղեկավարները. յուրաքանչյուր ջոկ գիտեր, թե ո՜ր չքավորի բամբակի ցողունները պիտի հավաքի, ո՜ւր պիտի թափեն աղբն ու մոխիրը: Առաջին երթն էր, որին պիտի հաջորդեր ավելի հզորը, ավելի բազմամարդը: Այն եռուզեռը, որ նկատելի էր ու սկսել էր ալիքի նման բարձրանալ, առաջին ելքն էր գտնում այդ պարզ, անպաճույճ թափորով:

Գնացին երգելով, կատակներով, գնացին՝ տղա ու աղջիկ, հանաքով ու ծիծաղով: Գնացին և իրենց հետ տարան մի խումբ «անկուս» պատանիների, մեծահասակ պիոներների, դպրոցի աշակերտների: Մի քանի երեխաներ, ցեխը կոխ տալով, վազում էին երթի հետևից:

Առավոտյան դեմ գյուղ եկավ մի «Ֆորձոն» էլ: Եկավ ու խոփերը բարձրացրած, բազեի նման սլաց փողոցով. նրա ծանրությունից փայտե կամուրջն օրորվեց, բենզինի ու նավթի ծուխ շպրտեց աթարի դեզերին, ցեխե պատերին ու սլացավ դեպի չիմանը, ուր երկու տրակտոր պտտվում էին իրար հետևից ընդարձակ տափարակում, պտտվում, ինչպես հիպպոդրոմում ձիերը և սև ակոսներ էին գծում:

Մի տրակտոր էլ: Այդ նշանակում է՝ օրը մեկ ու կես հեկտար ցել: Եթե տասն օր արև անի՝ 15 հեկտար: Բայց մենք երկուսն էլ ունենք: Ու պիտի նորերը գան, մի ամբողջ կալոն, պիտի գա ծանր «Կելսը», որի լայներախ խոփերը ամենակարծր հողն էլ թեթև են շրջում:

Պիտի գա տրակտորների կալոնը, «Ֆորձոն»-ներ ու ծանր «Կելսը». սակայն արև է ու դեռ չկան: Իսկ յուրաքանչյուր օրը վճռական նշանակություն ունի մեր պլանի համար: Եթե հանկարծ ձյունի, հողերը կմնան խոպան, գարնանը չենք հասցնի և՜ վարը, և՜ ցանքը:

Հարկավոր է գութաններն էլ հանել:

Մոտենում ենք գյուղխորհրդրն: Հավաքված խոսում են նրանք, ովքեր երեկ կային: Նոր դեմքեր էլ կան: Արդեն տեղեկացել են մեր աշխատանքի մասին: Գյուղխորհրդի անդամներն են պատմել, կոմերիտականներն են ագիտացիա արել տներում, իրենց բարեկամներին ու ծնողներին համոզել, որ բամբակի կոնտրակտ կնքեն:

Ուրեմն մեզ էլ պրծում չկա, էլի, — ասում է Պողոսը, գրպանից հաց հանելով:

Նրա աշխատանքը շատ է: Գետափի ամրացման համար ամեն օր պիտի 20-25 բանվոր տա, պիտի տեղավորի տրակտորիստներին, գյուղական ճանապարհների և կամուրջների նորոգման գործին պիտի հետևի և սովորական կարգով Քյոթանլվի պես վեց գյուղի առօրյային ընթացք տա:

Պողոսն անլվա է, ոտքերը բոպիկ: Ցեխոտ չուստի վրա կախվել են վարտիքի կապերը:

Դուք սկսեք, մի ես տեսնեմ ինչ արեց կատարածուն...

Եվ չուստերը շլոփ-շլոփ քաշ տալով, գնաց կոոպերատիվի կողմը:

Բակը մտավ երիտասարդ մի աղջիկ, հնամաշ վերարկուն ուսերին. նրան հետևում էր մի ծեր կին: Երբ շրջվեցինք նրա կողմը, աղջիկն ամաչեց, կարմրեց: Նա կաղում էր. գուցե դրա համար կաս-կարմիր եղավ նրա երեսը: Ապա մոտեցավ ու, գլուխը վեր բարձրացնելով, շեշտակի նայեց մեզ:

Սրան էլ գրե՜ք...Սրա նման մեր գյուղում բամբակ ցանող չկա...

Հրանուշ, մեռնես դու...Էս էլ քանի՛ հոգու բերիր:

Չորսը, — պատասխանեց նա ու հանդիմանական շեշտով ասաց.

Բա ամոթ չի՞, որ շրջանի մեջ ամեն տեղ մեր գյուղի վատությունից են խոսում:

Նրա աչքերը բոցկլտացին: Աղջիկը ձեռքերը խրել էր վերարկուի գրպանը, կարծես ձեռքում մի ինչ-որ բան էր պահել:

Զգացի, որ առանձին մի բան է ուզում ասել, գուցե թուղթ է գրպանում: Ընկերս հասկացավ ու բակում կանգնածների հետ ներս մտավ «կանցելարը»: Պառավն էլ գնաց:

Սեթոն տրակտորի մոտ սպասում է ձեզ...

Գյուղից դուրս, կամուրջի մոտ, մի փոքրիկ տնակից՝ դեմ հանդիման ելավ Հրանուշը: Զարմացա: Ի՞նչպես էր նա այդքան ճանապարհը կտրել ինձանից շուտ:

Սեթոն հրես կգա...ներս մտեք, — ասաց նա:

Այդ «ներսը» նոր ու փոքրիկ խրճիթ էր, եղեգնածածկ կտուրով: Մի կին կռացել էր օրորոցի վրա: Օջախի մոտ չոքել էր մի 45 տարեկան տղա: Ներս մտնելիս նա նայեց ինձ և էլի առաջվա դիրքն ընդունեց: Խրճիթի կահկարասին պարզ էր, բայց մաքուր: Հասարակ թախտի վրա փռված էր նոր գործած կարպետը: Այդ տունը, փոքրիկ բակը, շատ նման էր այն հնձաններին, որ հազվագյուտ չեն ընդարձակ այգիներում:

Էս իմ քույրս է, — ասաց Հրանուշը, թախտին նստելով: Նրա շարժ ու ձևի մեջ անսահման պարզություն կար և համարձակություն: Նա խոսում էր, ինչպես հին ծանոթի հետ: Եվ առաջին խոսքից իր ուրախությունը հայտնեց, որ մենք «պինդ ենք բռնացրել»:

Որտեղի՞ց իմացար...

Խաչիկն էլ ասաց, Սեթոն էլ:

Դու կոմերիտակա՞ն ես:

28 թվից...

Ինչո՞ւ շաբաթօրյակին չես գնացել, — հարցրի և հանկարծ հիշելով նրա կաղ լինելը, իսկույն իւոսքս դարձրի.

Սեթոն ե՞րբ է էս օթախը շինել...

Մի տարի չկա, — պատասխանեց Հրանուշը: Նա կարմրել էր, ինչպես բակը մտնելուց:

Տիրեց լռություն: Ես ուզում էի մի կերպ նրան սիրաշահել, բայց հենց այդ րոպեին Սեթոն ներս մտավ:

Հրանուշ, չայնիկը դնեիր էլի օջախում, — և դառնալով ինձ, — բարի լուս...

Հրանուշը վեր կացավ:

Ես թեյ խմել եմ, Սեթո՛:

Դու խմել ես, ե՜ս չեմ խմել, — ծիծաղելով ասաց նա, պսպղացին առողջ ատամների զույգ սպիտակ շարքերը: — Դի՛ր, ախչի... — ու կնոջը դառնալով, ասաց. — Ուտելու բան չկա՞...

Կինը կռացած տեղն սկսեց արագ օրորել երեխային:

Սեթո՛, կանչե՞լ ես ինձ...

Հա, Հրանո՜ւշ, հայաթի դուռը դիր:

Ու մոտիկ նստելով, ասաց.

Գիտե՞ս, ես իրիկունը խի դռան մոտն էի կանգնել:

Չէ՛:

Ես գլխի էի, որ էդպես մի բան պիտի լինի...Դե, օտար չես, քեզ կարելի յա ասել: Էն Ռվազյանը, որ ասում էինք իրիկունը, նա էստեղի հակաների գլխավորն ա...Ժողովում շատ բան չէր կարելի ասել...Դու տեհա՞ր, որ նրա անունը տալուց, քարտուղարը մի տեսակ ռանգը փոխեց:

Աչքիս չընկավ:

Հա, էդպես եղավ...Իմ տեղը մութն էր, ձերը լույս: Լամպը ձեր առաջին էր, կարող ա, որ չտեսնայիր: Ես իմանում էի, որ գալու են, համա ուզում էի իմ աչքով տենայի...որ դուրս եկանք եկեղեցու մոտ, շվաք տեհա՞ր:

Տեսա:

Էն հենց ինքն էր:

Ո՞վ,

Ռվազի թոռն, ո՞վ...

Սեթո՛, գուցե ս՞խալ ես...— Սեթոն պռոշը ծպացրեց, գլուխն օրորեց:

Ինչ որ քեզ ասում եմ, հաշվի, թե աչքովդ ես տեհել...Ես հավատարիմ մարդ ունեմ...

Որտե՞ղ:

Նրանց միջին: Էն նմուտում խաբարը կբերի:

Ո՞վ է:

Նրա բատրակը՝ Կոլոն: Ինքը եզիդի յա, համա հայերեն ինձանից լավ ա իմանում: Դուք հլա չեկած, ես արդեն իմանում էի, որ գալու եք...Քո անումդ չէի իմանում, համա Խաչիկին, մեկ էլ էն գյուղատնտեսին գիտեի:

Հետաքրքրությունս արդեն փոխվում էր զարմանքի: Հրանուշը կռացել էր օջախի վրա, նայում էր սևացած թեյամանին:

Դուք որ շրջանումն եք եղել, նա էլ է էնտեղ եղել...Իրիկունը կանչել է մի քանի հոգի:

Շատվո՞ր են:

Մեր գյուղում 45 հոգի են...Ուրիշ տեղից էլ են գալի: Մի եզիդի շեյխ կա, նա ամիսը երկու ոտք գալիս ա...Բուրդ ա բերում, պանիր, ոչխար...Նրանք աշնա են:

Գիտեմ, գիտեմ

Ոնց որ ես ու դու, — Սեթոն նորից ժպտաց: — Հա, Կոլոն լավ չի լսել, բայց ասում ա՝ շատ են խոսել, մինչի աքլորականչը համարյա թե նստել են:

Էն ո՞վ քար խփեց պատուհանին, — անհամբեր հարցրի ես:

Ինքը:

Ռվազյա՞նը:

Հա:

Բա ի՞նչ իմացար:

Էդ խոսքին եմ գալի: Երեկ կանչում ա բողազից խեղճ մի քանի մարդու. մինը մեր Սհակին. — ինձ էլ ազգական ա հաշվում, մինն էն Գաբոյի տղին, էն որ առաջինը մտավ, ուզեց էլ ինձ խփի...

Ո՞վ, Սեթ, — սրտնեղած հարցրեց Հրանուշը:

Գաբոյի տղան...

Կանչում ա, թե գոմի կտուրը քանդված ա, օգնեք, որ սարքեմ. դրանց լավ խմացնում ա...Որ տաքանում են, թե՝ շրջանից մարդիկ են եկել, չքավորների տները գրում են: Ո՞նց թե՝ ես դրանց ըսենցը, ընենցը...Մեր Սհակն էլ շաշ ա, կատարը տաքացավ թե չէ, էլ լեզուն չի պահի: Գալիս են, որ խանգարեն...վերջը տեհար ինքդ: Իսկ իրանք հեռու են կանգնում...Մենք որ ներս ենք մտնում, ինքը մոտենում ա, շուշեն ջարդում: Քարով չի խփել, ձեռքի փետովը...

Քեզ ո՞վ ասաց:

Կոլոն, ո՞վ: Մինը շվացրեցլսեցի՞ր:

Հա:

Էն Կոլոն էր: — Ուրեմն թե՝ զարթուն եմ, էլի...

Նրա սովորցրած խոսքերը քեզ ո՞վ ասաց, Սեթո:

Ինքը, Սհակը...Ես որ դուրս եկա, վազի դեպի կամուրջը: Ասի՝ աչքովս տեսնեմ: Տեսա...Կոլոյի քեչեն էլ քցել էր ուսին: Սհակը պատի տակ մեկնվել էր...Ես եմ նրան տուն տարել: Մի լաց էր լինում, ո՛ր, — ու քահ-քահ ծիծաղեց: — Գոռում ա տանը՝ «ինկերներ և չքավորներ»...Գոռում ա ու կրծքին խփում:

Следующая страница