Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Կարծես քիչ էր, որ տան հատակը հող էր, այլև, — տունը գետնափոր էր. հերիք չէր, որ դռնակը նեղ էր, այլև ներս մտնելուց պետք է կռանայիր և կիսամթնում դեռ պիտի տրորեիր աչքերդ, մինչև թոնրածխի և ինչ-որ գաղջ բորբոսնահոտի մեջ տեսնեիր պատերը, ապա «կահ-կարասին» — ամեն ինչ հողի գույն, մաշված և կարկատած: Այդ տների մասին էին ասում, թե՝ վառես, խանձահոտ չի գա...

Աշնան մի ցուրտ օր մտա Ջավոյի տունը: Նրա մասին պատմել էին, որ համատարածի ձմեռը «խչմար է վերցրել», — մի արտահայտություն, որով դաշտի գյուղերում այժմ հեգնում են այն ձմեռը կոլեկտիվն այպանողներին: Նաև հետաքրքիր էր տեսնել չքավորությունը «դասական վիճակում»:

Որովհետև աթոռ չկար և ոչ էլ նստարան կար, — մնում էր տեղավորվել թոնրի պռունկին՝ խսիրի վրա և ոտքերը կախել թոնրի մեջ:

Երկար կլինի պատմել մեր զրույցը: Ջավոն շատ բան պատմեց և՜ հնից, և՜ նորից, — բայց ամենից խոր իմ հիշողության մեջ տպավորվեց նրա պատասխանն իմ հարցին.

Ջավո, կառավարությունը, որ քեզ ասի ինչ ուզես կտանք՝ ի՞նչ կուզես

Մի շքած, սարքած օթախ՝ բարձր բալկոնով...Էլ զատ չեմ ուզի...Ինձ թող նոր օթախից տանեն թաղեն:

Բաց դռնից նայում էի դուրս: Նայում էի այն «հորիզոնին», որ երևում էր Ջավոյի տան ներսից, և նույնն էր երևում տան բակից. հարևանի խուլ պատը, — ուրիշ ոչինչ չէր երևում: Մի մեռած պատ հիսուն տարի փակել է նրա հորիզոնը: Ես մտաբերում էին Լոնդոնի այն բանվորուհուն, որին հարցրել են, թե որտեղ է Անգլիան և նա պատասխանել է. «...Ենթադրում եմ, որ այդպիսի երկիր երևի գոյություն ունի, բայց մինչև այժմ դրա մասին ոչինչ չեմ լսել...»:

Եվ ինչի՞ մասին կարելի է լսել, եթե հիսուն տարի ապրես այդ տանը, աչքերիդ առաջ նույն պատը, ուսերիդ վրա՝ նույն հոգսը...

2

Դեռ այն ցուրտ աշունքին, երբ թոնրի առաջ Ջավոն պատմում էր իր կյանքը, նրա խոր հառաչի հետ դուրս թռան նաև հետևյալ բառերը.

Նոր օթախ որ ունեցա, պիտի վառեմ, մոխիր անեմ էս զնդանը...

Ճշմարիտ, որ տուն չէր, այլ խավար զնդան էր, բայց ճշմարի՞տ էր նրա ցանկությունը՝ մոխիր անել և քամուն տալ հենց, օրինակ, այն խսիրը, որ փռված էր թոնրի պռունկին և որի վրա նստել էինք ես և ինքը: Ճշմարի՞տ ցանկություն էր այդ, թե դառնության ճիչ:

Այս նոյեմբերի 24-ին Արշալույս գյուղում Ջավոն խարույկ էր վառել:

Արդեն գիշեր էր, և կրակի լույսով կարմրավուն էին երևվում հին տան պատերը և այն պատը, որ հիսուն տարի նրա տան առաջը փակել էր, և չէին երևում ո՛չ լեռները, ո՛չ լայն դաշտը, այլ միայն երևում էր երկնքի մի պատառը, ինչպես բանտի պատուհանից:

Ջավո մայրիկ, էս ի՞նչ էր, — և մեկը շամփուրով կրակից հանում է մի այրվող փալաս:

Էն իմ բարձի երեսն էր

Ջավո, հապա է՞ս ինչ էր, — և բարձրացնում է նոր լաթ, ասելով, — ինչքան էլ ծանր է...

Վրան հազար կարկատան կա...

Ջավո, սրա վրա կակո՞ւղ էիր քնում, — և մի ուրիշը ոտքով դեպի կրակն է հրում թաղիքի կտորը:

Մեջը հազար լու կար, — և բարձր ծիծաղում են. մեկը ձեռքի ճրագից նավթ է թափում մի հնամաշ գլխարկի վրա, որ Ջավոն հանում է պատի ճեղքից:

Հարութի փոստը, Հարութի փոստը...

Քսան տարի գլխին էր: Ինքը մեռավ, սա մնաց, — և հնամաշ գլխարկը նետում են կրակի մեջ:

Մի ուրիշը վերցնում է կավե կոծկած պտուկը, — բայց Ջավոն խլում է նրա ձեռքից, ինքն է ուզում փշրել, զարկում է գետնով, պտուկը չի ջարդվում:

Հին է, երեսը պինդ է, — և երկրորդն է զարկում, բայց դարձյալ չի կոտրվում պտուկը, որ ով գիտի քանի սերունդի ձեռք է մաշել, եղել է օջախի «հարստությունը», ճաքել է՝ կոծկել են, ջուր են կրել, վարժվել են այնպես, որ այդ չնչին իրը դարձել է տան հարազատը:

Երրորդ անգամ պտուկը Ջավոյի որդին է առնում, մոտենում է սալ քարին, բարձրացնում և այնպես թափով է զարկում, որ փշուր-փշուր զրնգում են բեկորները:

Ջարդի՛, իմ ջիգյարը վառեց, — ասում է Ջավոն: Մյուսները ծիծաղում են, բայց Ջավոյի դեմքը մռայլվում է: Նա մտազբաղ է. կարծես մի բան է հիշում, մտքով այստեղ չի, — նայում է խարույկին, բայց հիշողության մեջ ուրիշ կրակներ են...ծեծե՞լ են նրան, երբ Ջավոն հարս էր և կավե պտուկի ունկը դեռ մնում էր, — լա՞ց է եղել, — մի ինչ-որ ծանր հիշողություն փշրվում է նրա հոգու մեջ:

Կանչում են, թե՝ Ջավո՛, թող գերանները վառենք: Իսկ գերանները՝ ծուռ, որդնակեր, — դողում են, երբ պարողների դոփյունից գետինը թնդում է:

Ձմեռս հապա ի՞նչ պիտի վառեմ...

Ջավո, պիտի վառե՞ս բոլորը...

Հապա ի՞նչ. առաջ-առաջ էս դուռը պիտի վառեմ, — և դուռը խուլ ճռնչում է, դուռը երգում է գուցե վերջին անգամ:

Ինչ-որ բան է կատարվում Ջավոյի հետ. նա մերթ ինքը երգում և պարում է և նրա երկար ստվերը թրթռում է պատերի վրա, մերթ պարողների շարքից դուրս է գալիս և ձեռքերը կրծքին ծալած նայում է կրակին: Նայում է դառն կսկիծով. կարծես ուզում է հիշողության մեջ տպավորել պատկերն այն աղքատ իրերի, որ նրա տունն էր, «տնամեջը», նրա անբաժան ընկերը հիսուն տարի:

Նրա հոգու մեջ հրդեհվում էր մի ուրիշ խարույկ. սև ծխի նման բարդ-բարդ հեռանում էր կարիքը, քաղցի ահը. այրվում էր կեղտը, հոգսը, վախը և բոցերի մեջ թրծվում էր նորոգ ոգին:

Ախ իմ կորած հիսուն տարի...

Ջավո մայրիկ, կգա՞ս, թաքուն լա՞ց կլինես օջախիդ վրա:

Սև մնա:

Էլ ինչ սև մնա, որ ահա մոխիրը քամուն տվիր...

3

Երթը հին տնից դեպի նորը նման էր հարսանիքի:

Ջավոն կարծես նորահարս էր, որին տանում էին լապտերների լույսով և ցնծության աղաղակներով: Կարծես հիսուն տարի գետնափոր զնդանում Ջավոն շղթայված էր անուրախ կյանքի սյունին, և ահա փշրել են դուռը, այրել են հին զնդանը և նրան տանում են:

Ջավո՛, հիմա քեզ մի մարդ է պետք, — կատակում է մի ընկեր, որին նույնպես թվում է, թե Ջավոն նորահարս է:

Օխտը աշխօրով մի մարդ կառնեմ...

Էդ ի՞նչ էժան է մարդը, Ջավո:

Մարդ կա, որ մի աշխօր էլ չարժի, գիտե՞ս,,.

Սարդը թանկ է, կնիկն է էժան:

Հիմա կնիկ չկա, ականջներիդ բամբակը հանիր...հիմա կնիկ չկա, հասկացա՞ր, — և Ջավոն մի քանի անգամ է կրկնում այդ խոսքը: Ուզում է ասել, որ հիմա չկա անխոս, խեղճ, վիզը ծռած գեղջկուհին, որ «կնիկ» էր, որ ձայն չուներ և ճնշված, արհամարհված «կինարմատ» էր:

Մտնում ենք Ջավոյի նոր տունը: Մտնում ենք, բայց չենք կռանում և չենք իջնում գետնի խորքը, այլ նոր սանդուղքով բարձրանում ենք պատշգամբը: Ջավոն սանդուղքի գլխից կանչում է բազմության.

Այ դուք բարով, հազար բարով եկաք...

Ահա սրահը, նոր սենյակը՝ Ջավոյի երազը: Զույգ լուսամուտները նայում են փողոցի վրա: Պատերը նոր են սպիտակացրել, և սենյակում դեռ մնում է գաջի թաց հոտը: Իրերը նոր են՝ վառարանը, սեղանը, մահճակալը: Ջավոն մոտենում է վառարանին:

Շնորհավոր, Ջավո մայրիկ...կարա՞ս վառես:

Նստեք, հաց բերեմ, գինի բերեմ...Շեն մնա իմ հարյուր ութսուն աշխօրը...

Նոր տունը Ջավոն նվեր է ստացել: Նրան նվիրել է կոլեկտիվը՝ անձնուրաց աշխատանքի համար: Այստեղ առաջ կոլեկտիվի գրասենյակն էր:

Ջավո, զանգ տուր Երևան:

Ես կշվարեմ...Զանգ տամ ի՞նչ ասեմ:

Ասա՝ խոսում են Ջավոյի բնակարանից...

Եվ այդ խոսքով ասվում է ամեն ինչ:

Խոսում են Ջավոյի բնակարանից...Ի՞նչ պիտի ասեին երեք տարի առաջ, և ի՞նչ բնակարան կար, և ինչպե՞ս պիտի խոսեր, վերջապես ո՞վ էր Ջավոն, ո՞վ գիտեր նրան: Նրա բնակարանում հառաչում էին, այնտեղ ցուրտ էր, խավար էր, Ջավոյի տանը մրսում էին:

Խոսում են Ջավոյի բնակարանից...Եթե հնար լիներ այդ գիշեր նրա հեռախոսը միացնելու լայնահաղորդ կենտրոնին, կմոտենար ինքը՝ Ջավոն և ուրախ ձայնով ամբողջ աշխարհին կասեր.

Ես եմ խոսում, Ջավոն...Մենք ենք տվել բամբակի ամենաբարձր բերքը Հայաստանում...Ես գոհ եմ, ես հարուստ եմ, և եթե հարյուր մարդ գա, առատ սեղան բաց կանեմ և կասեմ բարով, հազար բարով եկաք իմ նոր տունը:

Ապա կհնչեն տանը հավաքված բազմության ուրախ աղմուկը, ծիծաղը, նրանց հանաքները, նրանց երգերը: Եվ բարձրաձայն կլսվի Ջավոյի կանչը սանդուղքի գլխից, երբ լապտերը ձեռքին ընդունում էր առաջին հյուրերին:

Շեն մնա Ստալինը, — էս ամենը նա տվեց...

Նրա պատշգամբից աստղալույսով երևում էր դաշտը մինչև հեռվի ձյունոտ լեռները: Այլևս չկար համր պատը, խեղճության խավար պատը: Այստեղից Ջավոյի աչքերը կտեսնեն ընդարձակ հորիզոն, մինչև անեզր հեռուն:

Այդ էի մտածում նաև այն պարզ և համեստ մարդկանց մասին, որոնք կոչվում են ռայոնի ընկերներ: Նրանցից երկուսը ներկա էին՝ խարույկից մինչև նոր տունը, և Ջավոն նրանց նստեցրեց սեղանի գլխավերևը: Նրանք քաշվել էին մի կողմ, երբ ահագին կանչերով գյուղացիները բորբոքում էին Ջավոյի խարույկը, պարում էին կանայք, պարում էր և Ջավոն: Նրանցից մեկը Ջավոյին հանդարտ սովորեցնում էր, թե ինչպես օգտվել հեռախոսից: Սովորեցնում էր նույն համառ համբերությամբ, ինչպես համոզել էր, որ «խչմար անելով» Ջավոն դեռ երկար կմնար գետնահարկ նկուղում, — սովորեցրել էր, որ համայնական քրտնաջան աշխատանքը բերում է երջանկություն աշխատավորին:

Նրանք առաջինը բարձրացան նոր տան սանդուղքով: Նրանց հետքերով բարձրացան երեկվա գյուղացիները՝ Արշալույսի կոլտնտեսության այսօրվա հերոսները: Եվ նոր տանը նրանց առաջին խոսքը եղավ գարնան ցանքի և նոր բերքի մասին:

Մի անհաղթ բանակ, երկաթե մարդկանց մի նոր ցեղ, գետնի խավարից հանել է աղքատ և ոտնահարված մարդուն, առաջնորդում է անդուլ և անկանգ, բարձրացնում է վեր և ինչքան բարձրանում, այնքան հզորանում է թափը, այնքան պայծառ է շողշողում մեր վազը:

Ա. ԲԱԿՈՒՆՑ

ՆԱԽԱՇԱՎԻՂ

Առակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբունեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերայ կոչի

Ա

«Վա՛յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարով: Քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել: Ապա ուրեմն այս գրքով կխոսեմ ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կմնամ ձեր մեջ», — այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանա գիրք»:

Այս և այլ այսպիսի վերնագրերով հայտնի ձեռագրերը մինչև XVII դարն անընդհատ փոփոխվել են և ապա քարացել՝ երբ Ամստերդամում 1668 թվին տպագրվել է հայ առակների առաջին ժողովածուն՝ «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» վերնագրով:

Ո՞վ էր Վարդան Այգեկցին կամ Այգեցին, որին հետնորդները տարբերելու համար XIII դարի մյուս Վարդաններից, անվանել են Մեծ Վարդան: Դժբախտաբար, շատ թերի են տեղեկությունները նրա կյանքի և գործունեության մասին, և այն, ինչ որ հայտնի է, մեծ մասամբ քաղված է նրա քարոզներից և թղթերից:

Ստույգ հայտնի չէ նրա ծննդյան թվականը: Հիշատակարանների մեջ այն ժամանակ սովորություն չէր նշանակել ծննդյան թվականը: Իր քարոզների մեջ մի քանի անգամ նա հիշատակում է իր ծննդավայրը՝ Մարաթը կամ Մարաթոն, որ Հալեպի մերձակա մի ավան էր և էր այն ժամանակի սիրիական հայ գաղութներից մեկը: Ուրեմն, եթե ծննդավայրի անունով կոչելու լինենք Վարդանին, ապա նրան պետք է անվանել Վարդան ՄարաթեցիՎարդան...որ ի Մարաթայ», ինչպես ինքն է գրել): Սակայն հայտնի փաստ է, որ հաճախ վանականներն իրենց կոչում էին ոչ թե ծննդավայրի, այլ այն վանքին կամ մենաստաններին կից դպրոցի անունով, որտեղ նրանք հռչակվել էին: Այդ ձևով էլ Մարաթեցին հռչակվում է Այգեկցի կամ Այգեցի, ի հիշատակ այն անապատի, ուր քաշվում է նա և ապրում մինչև մահ:

Վարդանը Մարաթից տեղափոխվում է Կիլիկիայի Արքակաղնի վանքը, որ աթոռանիստ վայր էր և նշանավոր էր իր դպրոցով, որտեղ հենց այդ ժամանակ բորբոքվել էր պայքարը Արևմուտքի և Արևելքի կողմնակիցների միջև: Հզորանում էր Ռուբինյան հարստությունը Կիլիկիայում: Քաղաքները ծաղկում էին. արևմուտքից բազմազգի վաճառականներ արտահանում և ներմուծում էին հարուստ ապրանքներ: Քաղաքները ճոխ վաճառանոցներ էին և շահաստաններ: Առևտրի հետ ծաղկում էր պերճությունը և շռայլությունը մի կողմից, մյուս կողմից, տնանկները և աղքատները կազմում էին այնպիսի թիվ, որոնց ոտնահարվող իրավունքների պաշտպանության մասին խոսում է հենց ինքը Վարդանը: Քաղաքների հարստացման հետ միասին փոխվում էին նաև Կիլիկիայի հայերի, առաջին հերթին վաճառականների, բարքերը և լեզուն: Այսպես կոչված արևելքցիների պայքարն ընդդեմ արևմուտքից եկող հոսանքի, դասային շահերի քաղաքական պաշտպանությունից բացի, նպատակ ուներ նաև անաղարտ պահել հայ լեզուն և հայ եկեղեցին, որի հիմքերը խարխլում էին հենց այդ վաճառականները:

Արքակաղնի վանքում ուսանելուց հետո Վարդանն իբրև քարոզիչ հաստատվում է Կիլիկիայի Դլուկ քաղաքում: Նրա արտասանած քարոզները վկայում են, որ Մարաթեցին հարել է արևելցիների բանակին, այսինքն նրանց, որոնք իզուր ջանում էին պատվար կանգնել նոր հոսանքի դեմ: Այսպես, Վարդանը եկեղեցու բեմից հանդիմանում է քաղաքում ապրող կանանց, որոնք «սիրում են զուգվել և զարդարել աչքերը և երեսը զանազան դեղերով ի գայթակղություն պատանիների»: Նա խոսում է այն կանանց մասին, որոնք «չար դեղերով իրենց զրկում են ծնելու կարողությունից և այդ սովորեցնում են նաև ուրիշներին»: Նա դժոխքի դատաստանով է սպառնում նրանց, որոնք շահով դրամ են տալիս, զրկում են տնանկին և մշակին, խաբում են կշեռքի մեջ, կաթի մեջ ջուր են խառնում և առհասարակ խարդախ մարդիկ են: Նրան՝ իբրև խոստովանահոր, Դլուկի բնակիչները հավանորեն գաղտնի պատմել են նաև ավելի ծանր մեղքեր: Եվ տարիներ հետո այդ մասին է ակնարկում Վարդանը՝ անապատի մեջ հիշելով վաղեմի Դլուկը: «Ես, ո՛վ իմ որդիներ, մանկությունից մինչև ծերություն շրջեցի աշխարհում և տեսա բազմաթիվ մեղքեր և ավելի շատ գաղտնաբար լսեցի»:

Դլուկում նրան հալածում են: Արդյոք նրա՞նք էին հալածում, որոնց յուր քարոզներով խարազանում էր Վարդանը, թե կար այլ պատճառ. այդ մասին ոչինչ չի ավանդում ոչ ինքը և ոչ մի այլ ժամանակակից: Նա միայն դառնությամբ գրում է. «Վա՛յ նրան, ում իշխան կամ առաջնորդ կկարգեն այս չար և դաժան ժամանակ»:

Ապաստանելով Ամիթ քաղաքում և այնտեղ ևս խաղաղություն չգտնելով, Վարդանը որոշում է թողնել «աշխարհը» և անապատ քաշվել: Կիլիկյան հայ իշխան Պաղտինի օժանդակությամբ նա հեռանում է Սև լեռան կողմերը՝ Անտիոքի մոտ, որտեղ ապրում էին քրձազգեստ և մենակյաց անապատականները: Նա տեղավորվում է Այգեկ կամ Այգի կոչված վայրում, և այնտեղից էլ մնում է Այգեկցի կամ Այգեցի կոչումը: Հավանական է, որ այդ Այգեկը մի վանք էր և այգի՝ մրգաբեր ծառերով, որ մշակել էին հենց իրենք՝ անապատականները:

Պաղտին իշխանին ուղղած թղթի մեջ Այգեցին իր մասին հետևյալն է գրում. «Եվ ես ողորմելի Վարդանս գիտուններից տգետս...այս տառերը գրեցի Պաղտին իշխանի խնդրով...որովհետև մեր բնիկ ժառանգությունից հալածական եղանք և եկանք Այգեկ...և հայոց թվականն էր ՈԿԱ (1212) և հայոց թագավորն էր Լևոնն Ռուբինյանց Կիլիկիայում»:

Սակայն անապատում ևս նա խաղաղություն չի գտնում: «Դլուկից եկանք Այգեկի սուրբ ուխտը, — գրում է Վարդանը, — և երեք տարի անց երկու անգամ պատահեց, որ ես և ուխտի երկու գլխավոր եղբայրներ նստեցինք և բամբասեցինք վանահորը և նրա բարեկամին»: Բայց այդ հասարակ բամբասանք չէր, որով անապատականները փարատում էին իրենց ձանձրույթը: Այդ պայքար էր՝ ուղղված վանահոր, ավելի ճիշտ՝ Այգեկում տիրող բարքերի դեմ: Բանն այն է, որ անապատականներն ապրում էին փարթամ կյանքով, ունեին այգի և արտ, և ճգնելու փոխարեն գիշերն աղաղակներով փախցնում էին վայրի գազաններին և ցերեկը պարսաքար էին արձակում թռչունների վրա, որպեսզի պաշտպանեն պտուղները և խաղողի ողկույզները: «Եվ այս ամենի վրա ավելանում է մեծագույն կորուստ, որովհետև վեճը և կռիվը, նախանձը և մախանքը չի պակասում, սա ի՜մն է և այն քո՜նն է (ասում են անապատականները): Եվ այն ժամանակ այդ մենակյացի կյանք չէ, այլ աշխարհականի»: Ինքը՝ Վարդանը գլխավորում է պայքարն այդ բարքերի դեմ: «Երկու տարի է, որ սատանան մեր մեջ նախանձ սերմանեց և վեճ և աղաղակ մրգաբեր ծառերի համար: Եվ մենք մեծ պատերազմի և տրտմության մեջ էինք այս երկու տարին և չկարողացանք ելք գտնել»: Բայց «ելքը» ատնում են, և հավանորեն ինքը Վարդանն է ցույց տալիս ելքը: Մի կիրակի անապատականները հավաքվում են և տապարներն առնելով կտրատում են մրգաբեր ծառերը՝ գժտության աղբյուր թզենիները և ընկուզենիները, սերկևիլի և արքակաղնի ծառերը: «Եվ ես մեղավորս քաջալերում էի իմ եղբայրներին, թե մի երկնչեք, որովհետև այս վարձք է և ոչ դատապարտություն, պարծանք է անապատիս և ոչ նախատինք»:

1220 թվին Վարդան Այգեցին հայտնվում է Դրազարկի վանքում: Այդտեղ է դրել նա յուր առակը՝ «Վասն տասն վաճառականաց, որ են մարդիկ» և առակի մեկնությունը: Այդ մասին ինքը հետևյալն է պատմում. «Ես, ողորմելի Վարդան Մարաթեցիս, այս մենավոր խուցի մեջ, աստվածաբնակ ուխտի սահմաններում, որ կոչվում է Դրազարկ, կամեցա տասը առակավոր բանով ձևացնել վաճառականներին և այն ութ որոգայթը, որ կա նրանց առաջ...Եվ շատ օրեր աշխատեցի և բազում անգամ սկսեցի և չհաջողվեց և տրտմելով վարանեցի և ստույգ իմացա, որ իմ բազմաթիվ անօրենությունները խավարեցրին իմ միտքը և փակեցին իմ շրթունքները և կապեցին լեզուս...»: Բայց և այնպես ավարտում է յուր աշխատությունը, որ ուղղված էր ոխակալության, լեզվագարության, որովայնամոլության, զրկանքի, շնության, կախարդության և անզղջության դեմ:

Այգեցու մահվան թվականը հայտնի չէ: Նա հիշատակում է «խուժադուժ և անծանոթ ազգի» մուտքը Հայաստան: Խոսքը վերաբերում է մոնղոլներին, որոնք Հայաստան մտան 1220-ի սկզբներին: Ինքն իր մասին գրում է, որ «ծերությունը և երկարատև ցավերը կուրացրին իմ միտքը և իմ աչքերը»: Եթե ընդունենք, որ նա իրոք ապրել է մինչև «զառանցյալ և գարշելի» ալևորությունը, ինչպես ինքն է գրում, ապա ուրեմն հիմք կա ասելու, որ նա 1220-ական թվականներին չի մեռել, այլ ավելի ուշ: Ըստ Ն. Մառի՝ Այգեցին XIII դարի 10-ական թվականներին դեռ ապրում էր:

Եվ մինչև խորին ծերություն Այգեցին խրատել է և բարոյախոսել, մարտնչել և խարազանել երբեմն եկեղեցիներում, երբեմն քաղաքի հրապարակներում և երբեմն առաքելով թղթեր և առակախառն քարոզներ, միտ դնելով այն, որ «անպետք կայծաքարը և աննշան երկաթը պարգևում են հուր՝ ի սպաս մարդկային կյանքի»:

Բ

Մեզանում Վարդան Այգեցին առաջինը չէ, որ հորինել է առակներ: Նրանից առաջ արդեն հայտնի էր Մխիթար Գոշը, որը իրավամբ կարող է համարվել հայրը հայ առակաբանության: Հայտնի է, որ XI դարում դպրոցներում ավանդում էին առանձին առարկա՝ «առասպելավարժություն» անվան տակ: Հայ մատենագիրներից ոմանք ոչ միայն հաստատում են առակների և ժողովրդական զրույցների գոյությունը դեռևս վաղնջական ժամանակ, այլև ոմանք, թերևս, ակամա մեջ են բերում այն զրույցները, «Որ ի գռեհիկս պատմի առակեալ», ինչպես օրինակ, Գր. Մագիստրոսը, որը պատմում է արտուտի առակը: Ոմանք՝ ինչպես Անանիա Իմաստասերը, Հովհան Օձնեցին, Հովհան Մանդակունին և ուրիշները սիրել են «օրինակով» խոսել, մի ձև, որ այնքան մեծ վարպետությամբ կիրառել է Վարդան Այգեցին:

Հայտնի է և այն, որ հայ հին պատմիչները և առհասարակ եկեղեցին չեն սիրել և հալածել են ժողովրդական զրույցները, որոնց թվում նաև հեքիաթը և առակը և երգը: Ներսես Շնորհալու մասին Կիրակոս Գանձակեցին գրում է. «Զի այնպէս էին կամք սրբոյն, զի հնար իցէ ոչ ոք խօսեսցի ի խօսս աշխարհականս, բա՜ց ի գրոց, ոչ ի գինարբուս և ոչ յայլ ուրախութիւնս: Վասն այնորիկ արար նա երգս և ուսոյց այնոցիկ, որ պահէին զբերդն. զի փոխանակ վայրապար ձայնից, զայն ասասցեն‡‡»: Բերդի զինվորները «ստորին» լեզվով պատմում էին «անառակ» զրույցներ: Այդպես էին նաև ռամիկները և վաճառականները գինարբուքի, այլ ուրախության և առհասարակ իրենց առօրյայի մեջ: Բայց այդպես էին նաև եկեղեցու դպիրները և հոգևորականների ստորին խավը, որ գումարվում էր ռամիկների որդիներից: Հետևաբար, նրանց ավելի ախորժելի էին «վայրապար» զրույցները՝ պարզ լեզվով, քան խրթին և ճոռոմ ճարտասանությունը, տրամախոսությունը և աստվածաբանական գիտելիքները: Գերազանցապես այդ խավից էին նաև այն՝ երբեմն անանուն գրիչները, որոնք դժվար տքնությամբ բազմացնում էին ձեռագրերը:

Եթե Ներսես Շնորհալին հնար էր որոնում, որպեսզի այլևս ոչ ոք խոսի «աշխարհի» լեզվով կամ գեղջուկ բարբառով, ապա միակողմանի կլիներ այդ փաստը բացատրել միայն իբրև ձգտում վերջ տալու «ստորին» հայերենին: Կարելի է ենթադրել, որ զինվորները «վայրապար» խոսում էին բարբառով, որը հայերեն չէր, և ահա Շնորհալին նպատակ է դնում այնպիսիներին լեզու սովորեցնել և ինքը հեղինակում է առակներ և հանելուկներ, որ գրված են ոչ թե խրթին գրաբարով, այլ պարզ հայերեն:

Ահա, օրինակ, Շնորհալու մի հանելուկը նռան մասին.

Է նա կանաչ կոճակ բոլոր,
Անապակ գինով լցած տկճոր.
Կարմիր մեղուք ի ներս ադուոր,
Եեղբայր դու կեր զինչ մեղրի ծոր:

Ուրեմն հայ հին դպրության մեջ նոր չէր ոչ առակը և ոչ բարոյախոսությունն առհասարակ: Կային եկեղեցական քարոզիչներ, որոնք խոսել և գրել էին «օրինակով»: Եթե դպրոցներում ավանդում էին «առասպելավարժությունն» իբրև առանձին առարկա, ապա կարելի է ենթադրել, որ գոյություն են ունեցել նաև դասագրքեր կամ առասպելների և առակների ժողովածուներ՝ իբրև նյութ դասավանդման: Եթե ավելացնենք և այն, որ Եզոպոսի առակները շատ վաղուց ծանոթ էին հայերին, ինչպես և «Վոլպիանու փիլիսոփային» (ըստ Թոմա Արծրունու) առակները, ապա կարելի է ասել, որ Վարդանի առակների ժողովածուից առաջ եղել են առակների այլ ժողովածուներ, որոնք հետագայում կամ խառնվել են Վարդանի առակագրքերին և կամ եթե շարունակել են առանձին մնալ, ապա վերակոչվել են Վարդանի անունով: Նույնիսկ հայ կենդանական վեպի որոշ տարրեր մտել են «Վարդանգրքերի» մեջ, և հետագա սերունդները շարունակել են Վարդան Այգեցուն վերագրել առակների ժողովածուների մեծ մասը:

«Եթե նույնիսկ պարզվի, — գրում է Ն. Մառը, — որ որևէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա: Վարդանը, որ ստեղծողն էր առակախառն քարոզի նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման՝ բարոյախոսական նպատակով: Որքան էլ պարզ լինեն ձևերը, որոնցով առասպելները և հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ ձևերն իբրև կիրառող առայժմ մենք ճանաչում ենք Վարդանին, և հենց նրա այլաբանությունները կարող են համարվել հայերի գրական այդ սեռի լավագույն օրինակները: Հետևաբար, առակները, որոնք Վարդանի ժողովածուների հիմնական շերտն են կազմում, ամբողջովին և հավիտյան կմնան կապված Վարդանի անվան, թեկուզ նրանցից մեկի կամ երկուսի վրա ուրիշ, ավելի հին հեղինակներ ունենան որևէ իրավունք»:

Մեզ այստեղ չի զբաղեցնում այն խնդիրը, թե Վարդանին վերագրված մոտ չորս հարյուր առակներից և մանրավեպերից քանիսն են Վարդանի բուն գործը և քանիսը հավելված են հետագայում, ինչպես և չենք զբաղվի առհասարակ առակների նշանակության քննությամբ: Բոլոր առակագիրներից և պատմիչներից առաջ առակը հորինել և պատմել է ինքը ժողովուրդը, և այդ տեսակետից երկրորդական նշանակություն ունի առակագրի անձնավորության խնդիրը:

Վարդան Այգեցու նշանակությունը մեծ է ամենից առաջ իբրև առակներ ժողովող և առակները մեկնության հետ միասին ճաշակով և վարպետությամբ ամբողջացնող հեղինակ: Ահա Այգեցին կամենում է խարազանել ցանկասեր մարմինը և վեր հանել հոգին, իբրև մարդու բուն էություն: Կձանձրանար ունկնդիրը, եթե նա Ավետարանից մի նախադասություն բնաբան ընդունելով, հյուսեր քարոզը: Այգեցին դրա փոխարեն գործ է ածում պարզ զրույցի ձևը, ինչպես կյանք տեսած մի ծերունի կխրատեր որդուն, և ասում է. «Եզը մի լծիր էշի հետ. եզը որոճող է և էշը՝ ոչ: Այդպես հոգին անջատ է մարմնից, որովհետև հոգին իմաստուն է և մարմինը ցանկասեր»:

Բերենք մի այլ օրինակ Վարդանի առակախառն քարոզներից. «Մի մարդ ուներ չորս էշ, երեքը՝ երիտասարդ և ուժով և մեկը՝ պառավ և վատուժ: Եվ տերը երեքին չէր բեռնում, այլ խնամում էր և դարմանում. իսկ պառավ էշին ծանր էր բեռնում և ընկավ պառավ էշը և այլևս չկարողացավ տանել ծանր բեռ: Այսպես մարդս չորս ժամանակ ունի՝ տղայություն, երիտասարդություն, կատարյալ հասակ և ծերություն: Այն երեք հասակն, որ զորավոր են, մարդ չէ կամենում բառնալ բեռով, այլ պարարում և գիրացնում է ուտելով և ըմպելով և ամեն ծանր բեռ բառնում է ծերացած մարմնի վրա»:

Վարդան Այգեցու այս և այս կարգի առակները բնորոշ են իրենց կատարյալ և ամբողջական արվեստով: Հետագայում առակները փոփոխության են ենթարկվել, մշակվել են՝ բերանացի պատմվելով, ապա տարբեր գրիչների ձեռքով գրի են առնվել, յուրաքանչյուր անգամ կրելով ժամանակի և պատմողի կնիքը: Այդպես առաջացել են առակների փոփոխակները, որոնք տարբերվում են և՜ մեկնությամբ, և՛ բովանդակությամբ, և՜ լեզվով:

Որքան էլ կրոնա-բարոյական մեկնաբանությամբ Այգեկցին ծանրաբեռնել է առակը, այնուհանդերձ նրա ստեղծագործությունը «աշխարհիկ» արվեստ է և ոչ հոգևոր: Նա մեկն է այն գագաթներից, որոնց վրայով է անցնում միջնադարյան հայ քաղաքային մշակույթի սահմանագիծը: Եթե Այգեցու առակներն ազատենք բարոյախոսական կցաններից, ապա կմնան զվարթ և սրամիտ պատմություններ, երբեմն ուղղված հենց եկեղեցու և ֆեոդալների դեմ,-առակներ և իմաստուն մանրավեպեր, որ սիրելի էին միջնադարյան հայ վաճառականին և գյուղացուն: Նպատակ դնելով քարոզել հայ եկեղեցու հավատո հանգանակը քաղաքներում և գյուղերում, ամրապնդելու համար այդ եկեղեցու հիմքերը, որոնց խարխլում էր միջնադարյան քաղաքը, — Այգեցին քարոզը մատչելի դարձնելու համար լիաբուռն օգտվել է ժամանակի ժողովրդական բանահյուսությունից, վերամշակել է այն ըստ իր նպատակադրման, և այսպիսով գրի են առնվել բազմաթիվ անգիր զրույցներ: Առակախառն քարոզների հետ գրականության մեջ խուժել է առակը և մանրավեպը, իսկ վերջիններս իրենց հետ բերել են նաև ժողովրդական լեզու և ոճ, և այսպիսով սկսել է ձևավորվել միջնադարյան հայ «աշխարհիկ» արձակը:

Սակայն այդ արձակը հետագա դարերում չծավալվեց և չդարձավ ամբողջական գործ: Այսպես չամբողջացավ նաև հայ ժողովրդական վեպը, ինչպես և միջնադարյան հայ բանաստեղծության առանձին գոհարները չկապեցին ո՛չ թագ, ո՛չ պսակ:

Բայց և այնպես Վարդան Այգեցին կառուցող վարպետներից է այն հիմքի, որի վրա պետք է բարձրանար միջնադարյան հայ արձակի շենքը: Եվ եթե հետագա «անբարի և խավարայնի» ժամանակներում այդ շենքը չբարձրացավ, այնուհանդերձ, հիմքը վկայում է կառուցողների, նաև Վարդան Այգեցու մեծ վարպետությունը:

Գ

Մի քանի խոսք այս հրատարակության մասին:

Արդեն ասացինք, որ 1668 թ. Ամստերդամում լույս է տեսել առակների առաջին ժողովածուն «Աղվեսագիրք» վերնագրով: Երկրորդ անգամ տպագրվել է Մարսելում 1676-ին, երրորդը՝ 1683 թ. դարձյալ Մարսելում և չորրորդը Լիվոռնոյում՝ 1698 թվին: Այսպիսով, XVII դարի երկրորդ կեսին չորս անգամ տպագրվել են առակների ժողովածուները: Ըստ Ն. Մառի բացատրության, առաջին հրատարակիչը, ծանոթ լինելով եվրոպական լեզուների, կամեցել է առակների ժողովածուն նմանեցնել այդ ազգերի նույնանուն գրքերին, օրինակ, «Fuchsbuch»-ին և անվանել է «Աղվեսագիրք»: Ի դեպ. Ն. Մառը խորին ուսումնասիրությամբ հաստատել է, որ արաբական «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերենից, Վարդանի առակների մի որևէ ժողովածուից:

Ի նկատի ունենալով, որ այս հրատարակության մեջ կան և բուն Վարդան Այգեցու առակներ, ինչպես և այլ առակներ և մանրավեպեր, որ կան Վարդանի կամ Վարդանին վերագրած առակների ձեռագիր և տպագիր ժողովածուների մեջ, մենք ևս պահպանեցինք արդեն ընդունված «Աղվեսագիրք» անունը:

Տեքստի, ինչպես և ծանոթագրությունների համար հիմք ընդունելով Ն. Մառի եռահատոր աշխատությունը, «Ժողովածոյք առակաց Վարդանայ», որն աննման կոթող է միջնադարյան հայ արձակի, — մենք հաճախ գերադասել ենք առակների այն վարիանտները, որոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությանբ ավելի հարուստ: Առակների մեկնաբանությունները չենք բերել, համարելով հնացած ավելորդաբանություն: Համարյա անփոփոխ են վերնագրերը: Բացի այդ, աշխատել ենք ըստ կարելույն պահել բնագրի ոճը, միաժամանակ նպատակ դնելով նյութը մատչելի դարձնել ընթերցողների լայն խավերին:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵՑԻ

ԱՂՎԵՍԱԳԻՐՔ

ԳԱՐՈԻ ՀԱՇԻՎ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. «Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»:

Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս. քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, սոսկում ես. մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:

Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ո՛վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ էր տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթն քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի»:

Следующая страница